24.02.2018

Հանգրվան, որից այն կողմ Չգոյությունն է


Երկու օր առաջ՝ փետրվարի 22-ին հայ-ադրբեջանական սահմանում թշնամու կրակոցից կրկին հայ զինվոր է զոհվել։ Եվ նորից նույն առօրեական-սովորական դարձած անտարբերությունն է մեզանում։ Կարծես հերթական անգամ սպանվող այդ երիտասարդը մեր հայրենակիցը, մեր ազգակիցը չէ և սահմանում նա մեր անվտանգությունն ու խաղաղությունը չէր պաշտպանում... Եվ մի որոշ ժամանակ ՖԲ չմտնելու իմ խոստումը ես կրկին խախտում եմ տխուր առիթով։

Մի քիչ հեռվից պիտի սկսեմ։ Ես ծնվել-մեծացել եմ պատմական Հայաստանի Արցախ նահանգում, այստեղ էլ հիմա ապրում եմ՝ իմ ընտանիքով։ Այն 60 տարիներին, երբ իմ լեռնաշխարհը Կրեմլը բռնակցել էր հարևան թշնամի և նորաստեղծ երկրին՝ Ադրբեջանին, այստեղ մենք շարունակում էինք ապրել մեր ազգային-հայկական ավանդույթներով, դրսից եկող մանր-մունր ոչ հայկական սովորույթ-նորաձևություններն ընդօրինակելով՝ ինչպես Հայաստանի բոլոր շրջաններում ու մարզերում։ Բայց մենք շարունակում էինք հայ մնալ մեր արցախյան հաստատակամության շնորհիվ՝ չնայած գրեթե ամեն քայլափոխում բացահայտ կամ քողարկված զգացվում էր թուրք-ադրբեջանցու ատելությունն ու թշնամանքը մեր հանդեպ։ Այդ տարիներին մենք թերևս ավելի հայ (ունեինք հարյուրավոր հայկական դպրոցներ, արվեստ, մշակույթ, զարգացած տնտեսություն) և ավելի մեծ հավատով էինք ապրում, քան այսօր՝ երբ Բաքվի և Մոսկվայի, ինչպես նաև երևանյան վախկոտ ու ծախու իշխանությունների քաղաքականության արդյունքում այս գեղեցիկ լեռնաշխարհը դարձել է խաղաքարտ։ Այդ տարիներին մեզ հայ պահողը Հայկական ՍՍՀ գոյությունն էր մեր կողքին՝ թեկուզ Արցախի ինքնավար մարզը չորս կողմից շրջապատված էր թուրք-ադրբեջանական բնակավայրերով։

Դեռ պատանեկության տարիներին մեր հարուստ գրադարանից ես արդեն գիտեի Հայ ժողովրդի պատմությունը՝ սկսած Խորենացուց և մյուս պատմիչներից, մինչև մեր օրերը։ Պատմության գրքերից Մեծ Հայքի և «Ծովից ծով Հայաստանի» բազմաթիվ քարտեզներ էի պահում, որտեղ Արցախը Հայաստանի անբաժան մաս էր։ Մենք ապրում էինք այն հույսով և երազանքով, որ մի օր մենք կրկին Հայաստան ենք դառնալու, որ մեր կողքին, մեր թիկունքում Հայաստանն է՝ Սասունցի Դավթի արձանով, կապուտաչյա Սևանով և, թեկուզ բանտված, բայց կարծես Երևանի հակառակ ծայրում, մեր կողքին գտնվող Մասիսներով, անկախ նրանից, որ Երևանում մի տեսակ զգուշավոր էին և, ասենք, վախենում էին տպագրել արցախցի գրողների գրքերը...
Ասել է թե՝ Արցախն ինձ և ինձ նման հազարավորների համար շարունակում էր լինել Հայաստան։ Այսօր էլ Արցախը Հայաստան է։ Սակայն այսօր արդեն չկա այն հավատն ու հույսը՝ մեր ապագայի հանդեպ, որ կար նույնիսկ ադրբեջանական բռնատիրության ժամանակներում։

Այսօր ես վախենում եմ իմ զավակների, իմ հարազատների, իմ հայրենակիցների ապագայի համար, քանզի այսօր այլև չկա այն Հայաստանը, որ հույս ու հավատ էր ներշնչում։ Պատերազմում հաղթող երկիրն այսօր խաղաղություն մուրողի, դիվանագիտական դաշտում պարտվողի, վախկոտի կերպարանքով ու կեցվածքով է ներկայանում աշխարհին։ Սահմանում պարբերաբար սպանվում են մեր զավակները, իսկ մենք տարին մեկ-երկու անգամ մեր «համարժեք պատասխանի» մասին դատարկ կրակոցներ ենք օդ արձակում, որին ոչ մենք ենք հավատում, ոչ թշնամին։ Բազմաթիվ առիթներ և հնարավորություններ եղան, երբ կարելի էր Երևանում դե ֆակտո լուծել Արցախի՝ Հայաստանին միացման հարցը և ընդմիշտ, գոնե մեր մասով փակել Արցախը խաղաքարտ դարձնելու դաժան խաղը։

Այդպես էր Արցախյան պատերազմի ողջ տարիներին, բայց Բիշքեկում խայտառակ ու նվաստացուցիչ պայմանագիր ստորագրվեց՝ մեր կողմից առանց որևէ պայմանի, կարծես մենք պարտվո՛ղ կողմն էինք։ Երևանը կարող էր իր քաղաքական ողորմելի դիրքորոշումը փոխել այն օրերին, երբ Եվրոպայի կենտրոնում թուրքը կացնահարեց քնած հայ սպային, կարող էր դա անել նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր մարդասպանին դափնիներով վերադարձրեց և նրան հերոս հռչակեց՝ ՀԱՅ սպանելու համար։ Երևանը դա կարող էր անել ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց չարեց, դարձյալ վախեցավ և Մոսկվայում հրադադարի պայմանագիր ստորագրեց այն պահին, երբ ազերիները խուճապի մեջ էին իրենց և Մոսկվայի պլանների ձախողումից, իսկ Արցախի տարածքից մի հատված մնացել էր նրանց ձեռքին։ Երևանն իր ստորաքարշ դիրքորոշումը կարող էր փոխել Երևանի և Զանգեզուրի մասին Ալիևի լպիրշ հայտարարություններից հետո՝ պետական մակարդակով պատասխան կոշտ հայտարարությամբ, բայց դարձյալ սահմանափակվեց սեփական երկրում մի բուռ դատարկ խոսքեր օդ կրակելով։

Այսօր երբ թշնամին, ոգևորված մեր իշխանությունների բացահայտ թուլությունից և վախկոտությունից, արդեն ոչ թե Արցախի, այլ ողջ Հայաստանի «ադրբեջանական» հող լինելու մասին հայտարարություններ է անում, պատմություն կեղծում և դրանք թարգմանաբար սփռում աշխարհով մեկ, Երևանում լուրջ-լուրջ զբաղված են իշխանությունը պահելու և վերարտադրելու «հույժ կարևոր» խնդրով։

Թերևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում սահմանադրություն փոխելու միակ նպատակը իշխանությունը պահելն էր։ Թույլ ու նալբանդյանական տիպի ամորֆ նոր նախագահ Արմեն Սարգսյանի ապագա «անգլիական թագուհու» ֆոնին փաստորեն ողջ երկրի իրական տեր Սերժ Սարգսյան վարչապետի մասին հնչող խոսակցությունները հստակ ցույց են տալիս, թե իրականում ում էր պետք Հայաստանի սահմանադրությունը փոխելը։

Ես՝ որպես հայ, մտահոգված իմ զավակների, իմ հարազատների և իմ հայրենակիցների ճակատագրով, գտնում եմ, որ Սարգսյանը ոչ միայն չպիտի լինի վարչապետ, այլև որպեսզի Հայաստանը լինի, նա չպիտի՛ լինի իշխանության մեջ։ Ասեմ, թե ինչու և ընդամենը մի քանի փաստ ներկայացնեմ.

- նրա ղեկավարության տարիներին սահմանում և զանազան պատճառներով սպանվել են հարյուրավոր, հազարավոր հայ երիտասարդ զինվորներ, հազարավոր տներում օջախի ճրագ է մարել,

- նրա ղեկավարության տարիներին երկրում երիցս աճել է անպատժելիությունը, Օրենքը մնացել է գրքերի էջերում՝ տեղը զիջելով բացահայտ ամենաթողությանը,

- Հայաստանում մշակույթ, տնտեսություն հասկացություններն այլևս պիտի օգտագործենք չակերտներում, որովհետև այսօր մշակույթի գործիչը արմենչիկներն են, տնտեսության խորհրդանիշը՝ մականունավոր տղաները,

- նրա գահակալության տարիներին սարսափելի չափերի է հասել արտագաղթը՝ վերջին 10 տարում, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանից արտագաղթել է 320 հազար մարդ։ Ասել է թե՝ մենք ավելի քան երկու Արցախ ենք կորցրել,

- Թուրքիայի հետ նրա «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մտել է փակուղի,

- նրա քաղաքականության արդյունքում երիցս ավելի է մեծացել պատերազմի վտանգը, որովհետև, վերջապես

- ոչ միայն Արցախը, այլև արդեն Հայաստանն է որպես պետություն զրկվել սուբյեկտայնությունից...

Հայի համար միշտ հարգի է եղել Տղամարդու խոսքը։ Արցախցու համար՝ առավել ևս։ Եթե մարդ ինչ-ինչ պահերի իրենից անկախ խոստանում է «երկնքից աստղեր իջեցնել», ապա պարտավոր է դա անել, այլապես հանրության աչքում նա այլևս չի դիտվի որպես տղամարդ։
2014 թ. ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը պարզ ու հստակ հայտարարել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

Իսկ այն պաշտոնյաները, որոնք ստորաքարշությամբ և երեսպաշտորեն հայտարարություններ են անում վերջինիս անփոխարինելիության մասին, ոչ միայն էժանագին ձեռնածուներ են, այլև դրանով ցույց են տալիս, որ թքած ունեն Հայաստանի և հայ ժողովրդի վրա և իրենց համար գերագույն արժեքը միայն պաշտոնն է։ Ես նույնիսկ չեմ մեղադրում ՀՀ ներկա կամ անցյալ նախագահներին։ Ավելի ճիշտ՝ նրանց չեմ համարում մեծագույն մեղավորը։ Ես ամենից առաջ մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր նախագահի շրջապատն են դարձել՝ ստացել բարձր պաշտոններ, իշխանական ճամբարներ և կուսակցություններ փոխելով, ճարպկորեն մի աթոռից մյուս բարձր աթոռը ցատկելով, իրենց փառասիրությամբ, ազգայինը, պետականը մշտապես սեփական-անձնականին զոհաբերելով, երկիրը հասցրել են մի հանգրվանի, որից այն կողմ Չգոյությունն է։ Հենց այդ մարդիկ են երկրի համար ամենավտանգավորը և հենց այդ մարդկանց պետք է մեկուսացնել հասարակությունից, որպեսզի ժողովրդավարական և ազատ երկիր կառուցելու հույս մնա քաղաքացու մեջ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆԻ
Ֆեյսբուքյան էջից

Комментариев нет:

Отправить комментарий