22.08.2012

ԹԱԼԱՆԸ՝ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ...

Արցախում «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները յուրաքանչյուր ամիս «խոսելավճարից» (րոպեավճար) բացի պարտադիր մուծում են 1200 դրամ բաժանորդավճար։ Նույնիսկ եթե մի ամբողջ տարի չօգտվեն բջջայինի ծառայությունից, այդ մեկ տարում ՂՏ-ին պիտի վճարեն 14.400 դրամ (12 x ամենամսյա 1200 դրամ)։
Մեր ընտանիքում բջջային հեռախոսից օգտվող երեք անդամներս մաքուր «խոսելավճարից» բացի ՂՏ-ին տարեկան լրացուցիչ վճարում ենք 43.200 դրամ...
Մենք, իհարկե բարեգործ չենք կոչվում։ Ինչպես բարեգործ չեն կոչվում արցախցի 30-35 հազար այն բաժանորդները, ովքեր լրացուցիչ ՂՏ-ի գրպանն են մտցնում տարեկան 14.400-ական դրամ... Այսինքն՝ 1 տարում ՂՏ-ն արցախցիներից հենց այնպես կորզում է ավելի քան 430 միլիոն դրամ։
Ի տարբերություն մեզ, մեր այդ գումարների մի մասով նվիրատվություններ անող ՂՏ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը (Հայաստանում «Վիվա Սել»-ի ղեկավարը) անվանվում է բարեգործ... Երևի մեծագույն հաճույք է ուրիշի փողերով նվիրատվություններ անելը։ Ինչպես թոշակառու հարևանս կասեր՝ «Ստի հերն անիծած, թե դա բարեգործություն է»...

07.08.2012

ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ

Կադրային քաղաքականությունը եղել և մնում է հայկական իշխանությունների «ամենաթույլ օղակը»։ Վերջին 20 տարում այդպես է թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո դեն նետեցինք ամեն ինչ։ Այդ թվում՝ գյուղական կոլեկտիվ տնտեսություններ, կրթական համակարգ, անգամ քարուքանդ արվեցին նախկին ձեռնարկությունները՝ փոխարենը կա՛մ դրսից ներմուծեցինք ինչ-որ տխմարություններ (հատկապես կրթական խայտառակ համակարգ), կա՛մ ոչինչ չստեղծեցինք։

Դեն նետեցինք նաև խորհրդային հայտնի կարգախոսը՝ «Կադրերն են որոշում ամեն ինչ»։ Մինչդեռ վերջին այս 20 տարում որքա՜ն լավ կլիներ շարունակ հիշեինք այդ հայտնի ճշմարտությունը։ Մեր օրերում «կադր» և «դատարկ պահածոյատուփ» հասկացություններն ինչ-որ տեղ նույնացվել են։ Դատարկ պահածոյատուփը կարելի է գցել աղբարկղ, կարելի է դնել, ասենք, սեղանի տակ, կարելի է դնել նաև սեղանի վրա կամ պարզապես նետել գրողի ծոցը։ Բայց որտեղ էլ որ լինի այն, մնում է նույն դատարկ պահածոյատուփը։

Մերօրյա կադրերը կարծես թե ներառել են նույն այդ ֆունկցիաները. նրանց կարելի է դնել (չեմ ասում՝ նշանակել, դա նրանց համար շատ վեհ է հնչում) ցանկացած պաշտոնում, անգամ եթե այդ ոլորտներն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Եվ այս 20 տարում հայկական իշխանություններն այդպես էլ վարվում են այդ «կադրերի» հետ՝ ուր (որտեղ) ասես դնում են։ Եվ նրանք նույն հաջողությամբ բոլոր ոլորտներում էլ «աշխատում են», աշխատավարձ են ստանում (հաճախ՝ շա՜տ բարձր)։ Բայց ես չեմ հիշում դեպք, որ այդ կադրերից գոնե մեկը ներողություն խնդրի ու ասի. «Կներեք, ախր դա իմ տեղը չէ, Մարկ Տվենի ասած՝ այդ ոլորտից ես այնքան եմ հասկանում, որքան կովը»...

ԼՂՀ նախագահական ընտրություններում վերընտրված նախագահ Բակո Սահակյանը շուրջ 20 տոկոս պակաս ձայն է ստացել, քան նախորդ՝ 2007 թ. ընտրություններում։ Այդ կապակցությամբ շրջանառվող ամենատարածված կարծիքն այն է, որ դրա հիմնական պատճառը կադրային քաղաքականությունն է։ Ակնհայտ է, որ Բ. Սահակյանը շատ ավելի ձայն կստանար, եթե նրա շրջապատում, անգամ վստահված անձանց մեջ չլինեին այնպիսի մարդիկ, ովքեր Արցախում, մեղմ ասած, բացարձակապես հեղինակություն չունեն։ Եթե ավելին չասենք։

Ու այդ մարդիկ վերջին 5 տարում միայնումիայն իրենց և իրենց մերձավորների անձնական խնդիրներն են լուծել, լիաբուռն օգտվել պետական միջոցներից ու հանգիստ խղճով բարձր  աշխատավարձ ստացել։ Նկատի ունեմ մարդկանց, ովքեր ամենուր շահարկում են նախագահի անունն ու հայտարարում՝ «Թուրս աջ էլ է կտրում, ձախ էլ...»։ Այսպիսի սուբյեկտների համար նշանակություն չունի, որ իրենք իրենց այլանդակ, անօրինական  գործողություններով ստվեր են գցում նախագահի անվան վրա։ Այսպիսիներին միայն մի հարց է հուզում՝ սեփական խնդիրների լուծումը։ Հիմնականում ահա այս կարգի «կադրերն» են ոչ միայն նախագահական ընտրություններում ձայների 20 տոկոս կորստի, այլև նախորդ տարիների բոլոր մեր թերացումների, չիրագործված ծրագրերի, խաթարված նախագծերի պատճառը...

Պարոնայք, իրոք փոխվել են ժամանակները, այլ բարքեր ու ավանդույթ դարձող այլանդակություններ են խուժել մեր կյանքն ու կենցաղը, բայց եկեք երբեմն ետ նայենք և հիշենք բաներ, որ այսօր այնքա՜ն պետք են մեզ։ Թեկուզ դաժանորեն մոռացված այս ճշմարտությունը. «Կադրերն են որոշում ամեն ինչ»...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

http://nor-ej.do.am/

ԵՎՐՈՊԱ. ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՐՈՆՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ... ԻՆՉՊԻՍԻ՜ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ. ՍՐԱՆՑ ՊԵՏԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂ ՉԿԱ՞...

Լուսանկարներում՝ բարձրաստիճան եվրոպացիները աշխատանքի են գնում հեծանիվներով։ Առաջին լուսանկարում Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, երկրորդում՝ Հոլանդիայի շատ բարձրաստիճան մի այլ պաշտոնյա։ Սկանդինավյան և եվրոպական այլ երկրներում բարձրաստիճան անձիք առիթից առիթ են օգտվում ծառայողական ավտոմեքենաներից։ Հիմնականում աշխատանքի են մեկնում շարքային քաղաքացիների պես՝ ավտոբուսով, մետրոյով կամ տաքսիով...
Հետաքրքիր է, զարգացած կոչվող այդ երկրների նախարարները, նահանգապետերը, քաղաքագլուխները և մյուս բոլոր մեծ գլուխները մի կարգին խորհրդական չունե՞ն սրանց հասկացնեն, որ նախարարը, քաղաքագլուխը, նահանգապետը և մյուս ավելի բարձր պետերը ղեկավար մարմին են, իշխանություն են, երկրի տեր ու տիրակալ են, իրավունք չունեն ինչ-որ շարքային քաղաքացիների պես հեծանվով, մետրոյով կամ քաղաքային այլ տրանսպորտով թռվռալու։ Բա ամոթ չէ՞, շարքային մարդիկ ի՞նչ կարծիք պիտի կազմեն նրանց մասին։ Էլ ո՞ր օրվա իշխանություն են, ո՞ր օրվա էլիտա են, որ շարքային մահկանացուների պես են իրենց պահում։ Գուցե սովորական քաղաքացիների պես ջրի, գազի, էլեկտրաէներգիայի, բնակտարածքի և բազում այլ վարձ ու հարկեր էլ մուծեն... Կամ գուցե շարքային ստեփանակերտցիներիս պես գետի անձրևախառը պղտոր խառնուրդ խմեն և այդ անպետքության դիմաց եռակի, քառակի բարձր «ջրավարձ» մուծեն...
Ու դեռ զարմանում են, որ իրենց երկրներում արտագաղթ չկա, «հացի խնդիր» չկա, կաշառակերության, գողության և զանազան այլ օրինազանցությունների համար ոչ թե ջիփ ու մերսեդես, այլ բանտ են նստում...
Է՜հ, աստված դրանց հետ։ Եվ դեռ ուզում ենք նմանվել քաղաքակիրթ կոչվող այդ հետամնաց ու աննամուս Եվրոպային։ Ու Աստված էլ դրանց հարստություն ու բարեկեցություն է տվել, իսկ մեզ՝ ընդամենը խելք...

ՈՒՍՏԱ ԿԱՐՈՅԻ «Օրագրից»
http://nor-ej.do.am/

02.08.2012

ԶԻՆՎՈՐԸ


Աշնան արևը սկսեց կամաց-կամաց խոնարհվել դեպի արևմուտք։ Զինվորը, հանգցնելով ծխախոտը, գետնից վերցրեց հին ուսապարկն ու շարունակեց ճանապարհը ամայի դաշտով։ Արդեն երկու ժամ քայլում է ամռան արևից այրված ճանապարհով։ Նորից սկսեց վերհիշել հայրենի գյուղը, իրենց տունը՝ գյուղի ծայրին։ Վերհիշեց կնոջ կլոր, գեղեցիկ դեմքն ու ժպիտը, որից այտերին զույգ փոսիկներ էին գոյանում, մազերը՝ շագանակագույն, երկա՜ր...

Տղան արդեն ութ տարեկան է։ Իսկ աղջնակին քիչ մնաց մոռանար։ Ցանկացավ վերհիշել փոքրիկի դեմքը, բայց չկարողացավ։ Նա ընդամենը երեք ամսական էր, մեծ տիկնիկի չափ, իսկ աչքերը կապույտ էին։ Կապո՞ւյտ , թե՞ կանաչ... Նա այդպես էլ չկարողացավ վերհիշել աղջկա դեմքն ու աչքերի գույնը և դրանից տխրեց. լավ չէ, որ հարազատ աղջկա աչքերի գույնը չի հիշում...

Արևը հավասարվում էր երկնքի և երկրի սահմանագծին, ու զինվորն ավելի արագացրեց քայլերը։ Ավերված գյուղի մոտով անցնելիս, հանդիպեց մի ծերունու։ Բարևեց, իսկ ծերունին գլուխն անորոշ տմբտմբացրեց։ Երբ մի քանի քայլ էր արել, լսեց նրա ձայնը.
- Զգույշ, դաշտը ականապատված է... Նրանք ամեն տեղ ականապատել են... Իսկ մերոնք ուշացան, ամեն ինչ վերջացած էր...

Զինվորն անվստահ ետ նայեց, ուզում էր ինչ-որ բան հարցնել։ Ծերունին արդեն մոռացած իր զրուցակցին, փայտի ծայրով գետինն էր փորփրում ու քթի տակ երգ դնդնում։ Զինվորը թափ տվեց ձեռքն ու շարունակեց ճանապարհը։ Պետք է շտապել, մթնում է։ Օդը սկսեց կամաց-կամաց սառչել։ Ինչ-որ տեղ երեխայի ձայն լսեց, ապա ամեն ինչ լռեց։ Հեռվում երևաց դաշտը։ Նա ետ նայեց. ծերունին այլևս չէր երևում։ Իջավ զառիվայրով, ու նրա առաջ կարծես անվերջ տարածված էր դաշտը։ Նա մի քանի քայլ արեց, անվստահորեն այս ու այն կողմ նայեց ու քիչ էլ առաջ շարժվեց։ Թվաց հեռվից ինչ-որ ձայն լսվեց։ Ետ նայեց, ոչ ոք չկար։ Սկսում եմ հիմարանալ, մտածեց զինվորը։ Իհարկե, ոչ մի ական էլ չկա։ Ծերունին հավանաբար խենթ է։ Նա նորից առաջ շարժվեց ու հանկարծ անշարժացավ։ Թվաց, թե իրենից կես քայլ առաջ հողը չափազանց փափուկ է, ու զգուշությամբ տեղ որոնեց ոտք դնելու համար։ Ո՛չ, ծերունին ճիշտ էր ասում, ինչո՞ւ պիտի ստեր։ Պետք է զգույշ լինել։ Կարծես մերոնց մասին էլ բան ասաց։ Ի՞նչ ասաց։ Նա չկարողացավ հիշել ու սկսեց տեղ որոնել հաջորդ քայլի համար։ Ձախ ոտքը կամաց իջեցրեց գետնին, մարմնի ծանրությունը տեղափոխեց ձախ ոտքին ու աջ ոտքով սկսեց շոշափել մոտակա թուփը։ Ոնց-որ անվնաս է, այո, հուսալի է այստեղ։ Մի երկու քայլ էլ առաջ շարժվեց ու հանկարծ խայթվածի պես ոտքը ետ քաշեց։ Թփի տակ ինչ որ բան էր սևին տալիս, և նա կամաց-կամաց շրջանցեց վտանգավոր թուփը։

Արևն արդեն հավասարվել էր հորիզոնի գծին, և սառը քամի էր փչում։ Զինվորը մտածեց, որ լավ կլինի ետ դառնա ու սարսափով նկատեց, որ մեն-մենակ գտնվում է դաշտի կենտրոնում։ Ետ դառնալը նույնպես վտանգավոր է, որքան առաջ շարժվելը։ Նա չէր կարող հիշել անցած ճանապարհը, ամեն մի թուփ։ Ետ նայեց, նույնիսկ մոռացել է, թե որտեղ է դրել իր վերջին քայլը։ Զինվորը կռացավ ու սկսեց ձեռքով զգուշորեն շոշափել գետինը։ Մի փոքր էլ առաջ շարժվեց։ Թփերն հազիվ էին ուրվագծվում։ Արևի սկավառակն արդեն թաքնվել էր հորիզոնից ներքև ինչ-որ տեղ։ Նա սկսեց մատներով զգուշորեն շոշափել թփերը, գետինը։ Մի վերջին հույսով ետ նայեց. ոչ մի կենդանի շունչ, ոչ մի ձայն։ Սատանան տանի, սա ի՞նչ գերեզմանային լռություն է։ Մի՞թե ամեն ինչ չի վերջացել։

Մատների տակ հողը չափից դուրս փափուկ էր։ Նա զգուշությամբ ետ քաշվեց ու սկսեց հսկա դաշտի մեջ հուսալի տեղ որոնել ոտքը դնելու համար։ Լրիվ մութ էր, և յուրաքանչյուր թուփ այժմ ավելի չարագուշակ տեսք ուներ։ Իսկ գուցե պառկած փորձի, այդպես, փորսուղ տալով ավելի պակաս վտանգավոր կլինի, ինքն ավելի թեթև կլինի։ Զգուշությամբ նստեց գետնին ու դանդաղորեն պառկեց փորի վրա։ Ձեռքով շոշափում էր թփերն ու հողը և դանդաղ առաջ սողում։ Մի քիչ էլ առաջ շարժվեց ու նրան թվաց, թե ոտքը ինչ-որ մետաղյա կարծրության է դեմ առել։ Մարմնով սառը դող անցավ։ Իսկ եթե ոտքը ականի վրա է՞... Ատամները պինդ սեղմեց, ոտքը դանդաղ վեր բարձրացրեց ու զգուշությամբ ետ քաշեց։ Ոչ, այսպես ավելի վտանգավոր է։ Այսպես իր հենման մակերեսն ավելի մեծ է, և ինքը չի կարող ամբողջ հողակտորը ստուգել։ Իսկ եթե ականը դրված լինի ուղիղ դեմքի տա՞կ... Զինվորը սարսափեց այդ մտքից։ Անցնել բազմաթիվ կրակների միջով, արհամարհելով վտանգն ու մահը, պատերազմի դաշտում հաղթել Չարին, և երբ, թվում է, ամեն ինչ վերջացած է, զոհվել հայրենի գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ամայի մի դաշտո՞ւմ,- նա զգուշորեն, կամաց բարձրացրեց ձեռքն ու թևքով սրբեց ճակատի քրտինքը,- գրողը տանի, մեկ անգամ չէ, որ մահն անցել է իմ կողքով, բայց սարսափելիորեն անհեթեթ է, նվաստացուցիչ է, մեռնել այսպես, անիմաստ ու դաժան՝ դավադիր ինչ-որ մի բուռ անշունչ երկաթակտորից...

Պետք է զգուշությամբ ոտքի կանգնել։ Նա կամաց-կամաց կծկվեց, կողքին մոտ շոշափեց հողը։ Կարծես պինդ է, կարելի է հենվել։ Աջ ոտքը կամաց ուղղեց ու դանդաղ վեր բարձրացավ։ Արևի վերջին շողերն էլ վաղուց չքացել էին հորիզոնից։ Օդն սառն էր ու այդ սառնության մեջ չարագուշակ բան կար կարծես։ Զինվորը կանգնել, մտածում էր։ Հանկարծ ինչ-որ բան հիշեց. ձեռքը կամաց-կամաց մտցրեց գրպանն ու հանեց լուցկու տուփը։ Լուցկուց աննշան լուսավորված թփերն ավելի վտանգավոր թվացին, իսկ հեռվում մութն ավելի խտացավ։ Նորից սկսեց խորհել։ Պետք է մի ելք գտնել։

* * *
Արևելքում գիշերվա կապույտը սկսեց կամաց-կամաց լուսավորվել։ Մի երկու ժամ հետո կապույտը վերածվեց բաց երկնագույնի, այնուհետև նարնջագույնի և շուտով հորիզոնի վրա սկսեց բարձրանալ արևի գունդը։ Օդը սառն ու մաքուր էր, և դաշտում չորացող խոտի հաճելի բույր կար։

Զինվորը բացեց աչքերն ու նայեց արևի վեր բարձրացող գնդին, որից ջերմություն ու հարազատություն էր բուրում։ Նա տրորեց աչքերն ու զարմացած շուրջը նայեց։ Որտե՞ղ է գտնվում։ Քնել է ամայի դաշտո՞ւմ։ Դժվարությամբ ոտքի կանգնեց։ Մարմնի մեջ աշնան սառնություն զգաց։ Հիշեց. դաշտը ականապատված է։ Իսկ գուցե այդ ամենը տեսել է երազո՞ւմ։ Զինվորը վերջնականապես իրեն հավաքեց ու սառնասրտորեն առաջ շարժվեց։ Մնաց 15-20 մետր։ Ատամները պինդ սեղմեց ու մի քանի քայլ էլ կատարեց։ Չպետք է շտապել։ Մի քանի քայլ էլ, և ամեն ինչ կմնա ետևում։

Զինվորը ոտքը բարձրացրեց առաջ շարժվելու համար ու անշարժացավ տեղում. մեկ-երկու քայլ առաջ մետաղափայլ երևաց։ Սարսռաց։ Նա զգուշությամբ սկսեց հարմար ու վստահելի տեղ որոնել հաջորդ քայլի համար։ Մնաց մի քանի մետր։ Դիմացը փոքրիկ ձորակն է ու վերևում՝ լեռնանցքը։ Զինվորը մտածեց, որ ավելի լավ կլինի մի ուժեղ ցատկով կտրի անցնի այդ անիծյալ երկու-երեք մետրը։ Ոտքերը ծնկամասում ծալեց և պատրաստվեց ցատկի։ Իսկ եթե ցատկի ուղիղ սատանայի վրա՞։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ ձորակը ևս ականապատված չէ։ Ո՛չ, չպետք է սխալվել։ Այնտեղ, դեպի ձախ կարծես ավելի հուսալի է։ Ու նա դանդաղ, շատ դանդաղ առաջ շարժվեց։

* * *
Արևն սկսեց ավելի ուժեղ տաքացնել։ Ձորակից քիչ վերև, լեռնանցքի ցանցառ թփերի մեջ, թիկունքով դեպի անցած ճանապարհը նստած, զինվորը ծխում էր՝ տարվելով ծանոթ պատկերներով։ Երբեմն մտածում էր, որ քիչ էր մնում կորչեր կես ճանապարհին, հարազատ գյուղի մոտ, երբ մի ժամ հետո պիտի տեսնի սիրելիներին։ Նա կրնկի տակ հանգցրեց ծխախոտը, ուսապարկը հարմար տեղավորեց մեջքին, շրջվեց՝ մի վերջին անգամ անցած ճանապարհին նայելու համար ու, ասես, քարացավ։

Ականապատված դաշտում վստահ քայլերով առաջ էր շարժվում մի տղամարդ։ Զինվորը բերանը բացեց, որ ճչա, զգուշացնի անծանոթին, սակայն այն, ինչ դուրս եկավ նրա բերանից, չէր կարելի ձայն անվանել... Իսկ ինչո՞ւ վախեցնել անծանոթին, մտածեց զինվորը։ Առանց պատահարի վստահորեն անցել է ճանապարհի կեսից ավելին։ Գուցե այդպես ավելի լավ է. հանգիստ ու ինքնավստահ անցնել մահվան միջով, չիմանալով նրա գոյության մասին։

Անծանոթն ավելի ու ավելի էր մոտենում։ Նա շունչը պահած սպասում էր։ Մինչև ձորակը մնացել է մի քանի քայլ։ Իսկ եթե մոտերքում հանկարծ պայթի՞... Զինվորը ձգվեց գետնի վրա ու ձեռքերով պինդ ծածկեց գլուխը։ Ժամանակը կարծես քարացել էր։ Վայրկյանը թվաց մի ամբողջ հավիտենություն։ Նա դանդաղորեն բարձրացրեց գլուխը. տղամարդը անցել ձորակը, վեր էր բարձրանում։ Զինվորը թևքով սրբեց դեմքի սառը քրտինքն ու կամաց ոտքի կանգնեց։ Տղամարդը տեղում անշարժացավ։ Նրա առաջ կանգնած էր հողագույն դեմքով, չռված աչքերով մի զինվոր...

* * *
Արևմուտքում ամպի քրքրված ծվեններ երևացին, և թույլ քամին դրանք քշում էր դեպի հյուսիս-արևելք։
- Դու անցել ես ականապատված դաշտով...
- Ի՞նչ դաշտ,- զարմացավ տղամարդը։
- Դաշտը ականապատված է... Այնտեղ մի ծերունի ասաց, որ ականապատել են դաշտը...
- Ահա թե ինչ։ Դաշտում ոչ մի ական էլ չկա, ես միշտ այստեղով եմ անցնում։ Ծերունին... Նա մի քիչ... Նրա բոլոր հարազատներին...
- Դաշտում ական չկա՞,- կմկմաց զինվորը։
- Նրա հարազատներին այրել են։ Բոլորին լցրել են ակումբի շենք և հրդեհել... Պետք է շտապել, ուր որ է անձրև կգա։

Թեթև քամի բարձրացավ։ Խանձված խոտի հոտ էր տարածվել։ Խանձահոտ դաշտի լռության միջով երկու տղամարդ են անցնում։ Զինվորը անորոշ նայում էր դիմացը՝ չորանալ սկսող խոտերին։ Լռությունը երբեմն խախտում էր նրա գոտուց կախված դատարկ տափաշիշը, որ դիպչելով զինվորական բաճկոնի կոճակին, թույլ ծլնգոց էր արձակում։
Խանձահոտ դաշտի լռության միջով երկու տղամարդ են անցնում։ Նա, որ զինվորի հագուստով է, երբեմն հանկարծակի անշարժանում էր, գունատվում ու, ընկերոջ թևը բռնելով, շշնջում. «Նայիր թփերի մեջ, այնտեղ ական կա»...
Հեռվում երևաց գյուղը։ Զինվորը շատ երկար նայեց։ Նա բերանում այրված հացի համ զգաց, և կոկորդում ծանր շարժվեց ադամախնձորը...


Տես նաև՝
http://vardgesovyan.blogspot.com/p/2.html