30.09.2011

Մարիետա Բադալյանին կամ՝ եթե ուզում եք գտնել ձեր բարեկամներին, մտեք Facebook...


Մոտ 12 տարի առաջ մանրապատում էի գրել՝ նվիրված հիանալի արվեստագետ ու անկրկնելի երգչուհի Մարիետա Բադալյանին։ Այն 1999 թվականին տպագրվել էր «Իրավունք» թերթում։ Հետո նույն թերթի թղթակիցներից մեկի շնորհիվ գտա երգչուհու հեռախոսահամարն ու ստացա նրա կողմից ինձ նվիրած ձայներիզը։ Պարզվել է, որ նա արդեն կարդացել էր այդ ստեղծագործությունը։ Հետո հայաստանյան թերթերից մեկում կարդացի, որ երգչուհին մինչ այդ եղել է ԱՄՆ-ում, որտեղ, փաստորեն, չարաչար խաբել են իրեն... Ցավալի է, իհարկե, բայց ուրախ էի, որ տաղանդաշատ երգչուհին կրկին իր հայրենիքում է։

Երբ հեռախոսով կապվեցի հետը, Մարիետան հայտնեց, որ շուտով իր մենահամերգն է լինելու, ավելի շուտ՝ իրեն նվիրված երեկո է լինելու, որը նաև ցուցադրվելու է հայաստանյան հեռուստատեսությամբ։ Երգչուհին ինձ էլ հրավիրեց ներկա գտնվելու այդ երեկոյին։ Ցավոք, ինչ-ինչ պատճառներով չկարողացա մեկնել Երևան։ Մարիետա Բադալյանին նվիրված միջոցառումը դիտեցի հեռուստատեսությամբ...

Տարիներ անցան։ Երկար ժամանակ երգչուհու մասին լուր չունեի։ Փորձեցի կապվել հեռախոսով, խոսափողի մյուս ծայրից պատասխանեցին, որ երգչուհին այնտեղ չի ապրում։ Ասացին նաև, որ տեղեկություն չունեն, թե հիմա որտեղ է նա։ Այս անգամ «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանին խնդրեցի իր թղթակիցների միջոցով ինչ-որ բան իմանալ երգչուհու մասին։ Արմինեն ասաց, որ իրեն էլ է հետաքրքրում դա և կփորձի մի բան պարզել... Չգիտեմ, իմ գործընկերները ևս չկարողացա՞ն «հայտնաբերել» երգչուհուն, թե՞ լրագրողական ծանր առօրեան, դեռ որպես «վրադիր» էլ թերթի նկատմամբ իշխանավորների կողմից պարբերաբար սարքվող դատական ներկայացում-քաշքշուկները նրանց հնարավորություն չտվեցին կատարելու իմ խնդրանքը...

Ժամանակ անցավ։ Ընկերներս շարունակ խորհուրդ էին տալիս, որ ես էլ սեփական էջ բացեմ Facebook-ում։ Արդեն երեք տարի է իմ խմբագրած «Նոր էջ» թերթի կայքն էի բացել, հետո էլ՝ սեփական բլոգ-կայքեր ունեի, որոնք խլում էին «համակարգչային ժամանակիս» մի զգալի մասը... Բայց մի օր էլ ավելի շատ հետաքրքրասիրությունից էջ բացեցի Facebook-ում... Երկրորդ թե երրորդ օրը այդ սոցիալական ցանցում «հանդիպեցի» իմ լավ բարեկամին ու ընկերոջը՝ Սարգիս Հացպանյանին... Բայց դա այլ պատմություն է...

Սարգիսին գտնելու ուրախությունից դեռ ուշքի չեկած, Facebook-ում իմ մի հրապարակման տակ հանկարծ նկատեցի Մարիետա Բադալյանի փոքրիկ գրությունը. «Վարդգես, ես չեմ մոռացել իմ մասին գրած քո հիանալի տողերը... Հիմա կարող եմ շնորհակալություն հայտնել»... Աչքերիս չհավատալով, անմիջապես պատասխանեցի. «Մարիետա, անչափ ուրախ եմ, որ դու կաս, որ քո անկրկնելի արվեստը ապրում է»...

Կրկին ձեռքս առա իմ գրքերից մեկում տպագրված Մարիետային նվիրած մանրապատումն ու զգացի, որ այս պահին ավելի լավ բան չեմ կարող գրել... Այն տպագրվելուց 12 տարի է անցել։ Շատ բան է մոռացվել այդ 12 տարում։ Ինձ թվում է, սակայն, որ այս տողերը կարող էին գրված լինել նաև երեկ կամ այսօր։ Այն ոչ միայն մարդուն վեհացնող Արվեստի, այլև մարդուն հավատազրկող, հոգեպես ոչնչացնող այսօրվա մեր իրականության մասին է նաև։ Ահա այդ մանրապատումը.

ՊԱՏՐԱՆՔ

Ամեն ինչից հոգնած ու ձանձրացած, մի օր եկա տուն, մեկնվեցի բազմոցին և, հենց այնպես, հին սովորությամբ, սեղմեցի ռադիոընդունիչի կոճակը։ Նույն պահին, այն է, ուզում էի կրկին սեղմել կոճակը և ազատել ինձ քաղաքական ճամարտակություններից, կուսակցական լեզվակռիվներից ու գերժամանակակից երաժշտական աղմուկից, բայց ձեռքս մնաց օդում...
Աշխարհից ու ամեն ինչից վերացած, քաղաքակրթությունից, նիստերի դահլիճներից, շուկաներից ու երկրային ամեն ինչից շատ վեր, մեր երազների մոռացված աշխարհում ինչ-որ տեղ, չնաշխարհիկ մի ձայն երգում էր, թե՞ այդ հեռու՜-հեռու եդեմական մի երկրում սար ու ձորերի միջով մեղմ ու հանդարտ կուսական մի աղբյուր էր կարկաչում.

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն, անու՜շ, անու՜շ,
Անրջայի՜ն, թեթևասա՜հ,
Ամպ ու հովերն անու՜շ, անու՜շ...

Աստված իմ, սա ի՜նչ հրաշք է։ Իսկույն մոռացա հոգնություն ու ձանձրույթ։ Աշխարհը նորից գեղեցկացավ ու պայծառացավ։ Կրկին ինձ պատկերացան մանկության ու պատանեկության անհոգ օրերն իմ՝ վառվռուն ու լուսեղեն երազներով լի։ Մանկության ու երազների իմ բարձրաբերձ լեռներում եմ դարձյալ։ Օդը՝ սառն ու մաքուր, երկինքը՝ կապու՜յտ-կապույտ, աշխարհը՝ լուսե հեքիաթ։ Մեղմ հովից թեթև շրշում են ծառ ու ծաղիկ, թռչուններն ուրախ գեղգեղում են անուշ...

Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային...

Աշխարհը միանգամից այլափոխվեց. շուրջբոլոր լույս ու սեր է ճառագում։  Ասես աղքատ ու թշվառ այն երկիրը չէ այս, որտեղ մարդիկ ոչ շատ վաղուց ունեին հավատ ու երազներ։ Ասես աշխարհում չեն եղել պատերազմ ու վիշտ, ոտնահարված և կոխկրտված մարդկային իրավունքներ ու երազանքներ, բռնաբարված հույս ու մորթված հավատ, անարդարություն ու արյուն...

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում ժամերն անու՜շ, անու՜շ,
Շվին փչեց հովիվն ահա¬
Աղջիկն ու սերն անու՜շ, անու՜շ...

Որքա՜ն լավ է... Այնքա՜ն ազնիվ ու մաքուր է ամեն ինչ։ Երկնի լազուրում, թևերը լայն տարածած, հպարտ ու վես ճախրում է երազների կապույտ թռչունն իմ։ Ահա ես կանգնած եմ բա՜րձր-բարձր մի սարի կատարին և մանկական իմ զնգուն ձայնով շեփորում եմ. ես սիրում եմ քեզ՝ կյանք, ես սիրում եմ ձեզ՝ լեռներ, ես սիրում եմ ամենքիդ, սիրու՜մ եմ, սիրու՜մ...
...Երգն ավարտվեց։ Երազների և անցած լուսեղեն օրերի հեքիաթային երկրից նորից հիմնահարցերի, շուկա-բազարային հարաբերությունների ու հետընթաց այս առաջընթացի աշխարհն ընկա։ Հրաշք հեքիաթը մեղմիկ մարեց։ Ոսկե ձկնիկը կրկին սահեց երազների ու հեքիաթների արևավառ աշխարհը...

   ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ք. Ստեփանակերտ

15.09.2011

«Մենք ենք, մեր սարերը» անմխիթար վիճակում չէ, այլ՝ խայտառակ»


Հայաստանյան լրատվամիջոցներում Արցախի խորհրդանիշը համարվող «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի խայտառակ վիճակի մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած լուրը կարդալուց մի քանի օր հետո NEWS.am-ում հանդիպեցի նոր նյութի, որտեղ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Ավագյանը հերքում է «Չենք լռելու»-ի տարածած լուրը։ «Նախ, համաձայն չեմ, որ հուշարձանն անմխիթար վիճակում է, երկրորդն էլ ամեն տարի համապատասխան գումարներ ենք հատկացնում հուշարձանի պահպանության, տարածքի բարեկարգման, լուսավորության եւ այլ աշխատանքների համար»,- ասել է նա։

Առաջին՝ «Մենք ենք, մեր սարերը» ձեռքի թաշկինակ չէ, որ դնես գրպանում ու հանգիստ հայտարարես, թե՝ այն մաքուր է, որովհետեւ մեր տանը լվացքի մեքենա կա... Երկրորդ՝ «Չենք լռելու»-ն հայտնել է կոթողի ոչ թե անմխիթար վիճակի մասին, այլ խայտառակ վիճակի մասին եւ, որպես ապացույց, իր տարածած լուրին կցել է տեսագրություն, որ թվագրված է՝ 12.09.2011։ Այսինքն՝ հուշարձանը նկարել է մի քանի օր առաջ։

Ես չգիտեմ, թե ամեն տարի «համապատասխան» ինչ գումարներ են հատկացնում «հուշարձանի պահպանության, տարածքի բարեկարգման, լուսավորության եւ այլ աշխատանքների համար» եւ այս պահին այդ գումարն ամենեւին ինձ չի հետաքրքրում։ Ես հստակ մի բան գիտեմ, այն է՝ Արցախի խորհրդանիշը, մեր մշակույթի կոթողներից մեկն այսօր անտիրության է մատնված։ Խոսքը տարբեր հիմարների կողմից արձանի վրա արված գրությունների ու փորագրությունների մասին չէ միայն, ովքեր իրենց ողորմելի անունը «դրոշմել» են հուշարձանի վրա՝ կարծելով, թե անմահանալու ամենակարճ ճանապարհը դա է։ Խոսքն այն մասին է, որ տեղ-տեղ հուշակոթողի քարերը ջարդված են կամ այլանդակորեն փորփրված, իսկ հուշարձանի վրա, ավելի կոնկրետ՝ խեղճ պապիկի գլխին արդեն քանի տարի է խոտ ու մոլախոտ է բուսնում...

Ինչ վերաբերում է «լուսավորությանը», իրոք այնտեղ արկղանման բաներ կան ընկած, որոնք վաղուց որպես լուսարձակ են ծառայել։ Իսկ հուշարձանի տարածքի «մաքրության» մասին ավելի լավ է չխոսենք...

Սա է իրողությունը։ Տխուր իրողությունը, եւ արցախցի յուրաքանչյուր պաշտոնյա կարող է ծառայողական իր ավտոմեքենայով 2-3 րոպեում մեկնել այնտեղ ու սեփական աչքերով տեսնել դա... Եվ ցավն այն է, որ արցախյան լրատվամիջոցներում այդ մասին քիչ չեն գրվել, սակայն «սայլը» մնացել է այնտեղ, որտեղ միշտ եղել է...

«Մենք ենք, մեր սարերը» այսօր ոչ միայն խորհրդանիշ է եւ մշակութային արժեք, այսօր այն ակամա դարձել է մի այլ երեւույթի քարեղեն վկայությունը, որ կոչվում է՝ «Մենք ենք, մեր պրոբլեմները»։ Տեսականորեն՝ հեշտ լուծելի, իրականում՝ անտիրության մատնած պրոբլեմները։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Նոր էջ» թերթի խմբագիր
Ստեփանակերտ

14.09.2011

Հայ դիվանագետները կրկին «ոսկե ձու» են ածել...


90-ական թվականների սկզբներին Արցախի քաղաքական գործիչներից մեկը մեկնել էր Ուրուգվայ։ Հարավամերիկյան այդ երկրից վերադառնալուն պես, մի ոտքը դեռ նոր էր դրել գետնին, բայց արդեն աջ ու ձախ հայտարարություններ էր անում եւ հարցազրույցներ տալիս, թե մոտակա օրերին Ուրուգվայը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ հայտարարությունն աշխարհով մեկ տարածվելուց հետո դժվար չէր կռահել, որ նման բան չի լինելու։ Առաջին հերթին թեկուզ այն պատճառով, որ այդ լուրը լսելուն պես Ադրբեջանի իշխանությունները, նրանց դիվանագետներն անմիջապես հակաքայլեր են ձեռնարկելու եւ «վնասազերծելու» հարավամերիկյան այդ հանրապետությանը...

Թե հայ քաղաքական գործիչն էր ցանկալին իրականության տեղ ընդունել, թե հակառակորդն էր իրոք խափանել Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությունը, փաստն այն է, որ քաղաքական գործչի այդ հայտարարությունից շուրջ 20 տարի է անցել, սակայն Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ չճանաչված, այն դեպքում, երբ Ղարաբաղյան շարժումից տարիներ հետո անկախության դրոշ պարզած մի շարք երկրներ արդեն ճանաչվել են այլ պետությունների, այդ թվում՝ գերտերությունների կողմից։

Վերջին օրերին հայկական մամուլում կրկին սկսեցին լուրեր շրջանառվել առ այն, որ «սեպտեմբերի 9-ին անակնկալ հայտարարություն է կատարել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն», այն է՝ ելույթ ունենալով Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված Ուրուգվայի խորհրդարանական համաժողովի ժամանակ, Ալմագրոն մասնավորապես ասել է, թե «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը», հետո ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը»։

Ձնագնդի պես գլորվելով մեծացող ու տարածվող այս լրատվությունը կարդալով, անմիջապես հիշեցի 90-ական թվականների սկզբի հայ «դիվանագետին» ու հասկացա, որ պատմությունը կրկնվում է։ Դրանում հատկապես համոզվեցի, երբ տեսնում եմ, թե ինչպես են հայ քաղաքական գործիչներն, իրար հերթ չտալով, աջ ու ձախ մեկնաբանություններ անում այդ կապակցությամբ։ Այն էլ՝ որպես կատարված, ավարտված իրողության մասին։ Անգամ կարծիքներ հնչեցին, թե Ուրուգվային, ամենայն հավանականությամբ, հետեւելու են այլ պետություններ։ Նույնիսկ վկայակոչեցին 1915 թ. Ուրուգվայի կողմից աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը եւ այլն։

Քաղաքական գործիչներից ոմանք ավելի հեռու գնացին՝ հաշվելով, որ Ուրուգվայի կողմից ԼՂՀ-ն ճանաչելն արդեն իրողություն է ու մեր գրպանում է, փորձում են «սեփականաշնորհել» այն, հայտարարելով, թե ի շնորհիվ Ուրուգվայում ապրող հայ համայնքի, նրանց լոբբինգի արդյունք է դա։ Կարծես մի հպարտանալու բան է, երբ արդար որոշման հանգում են ոչ թե սեփական համոզվածության ու սկզբունքների, այլ այլոց կողմից արված լոբբինգի շնորհիվ...

Ուրուգվայի կողմից Արցախի պետականությունը «ճանաչելուց» 2 օր հետո Regnum-ում նյութ տպագրվեց «Ուրուգվայի ԱԳՆ-ն հերքել է ԼՂՀ-ն ճանաչելու տեղեկատվությունը» վերնագրով, որտեղ ասվում է, թե Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը կապվել է Ուրուգվայի ԱԳՆ-ի հետ եւ, ինչպես հաղորդում է aze.az-ը, Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ռ. Կարրերասը հերքել է դա, «միանշանակ հաստատելով, որ իր երկիրը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով»։

Չգիտեմ, գուցե թե հնարավոր է, որ Ուրուգվայն իրոք ճանաչի Արցախի պետականությունը (չնայած դրանում շատ լուրջ կասկածում եմ), սակայն ինձ մի այլ խնդիր է հետաքրքրում, որ շատ նման է ոսկե ձու ածող հավի պատմությանը։ Երբ սնապարծ հավիկն իր լույս աշխարհ բերելիք «ոսկե ձվի» գովքն է անում ու բոլորն այդ հրաշք ձվից են խոսում, աղվեսը թաքուն մտնում է հավաբուն, իր գործը տեսնում, դունչը լիզելով, դուրս գալիս ու հայտնում. «Ի՞նչ եք փչում, էստեղ ոչ հավ կա, ոչ էլ ոսկե ձու...»։

Երկոտանի թռչուններից վերադառնանք երկոտանի մեր հերոսներին, ովքեր դեռ «ձու չածած», սիրում են աշխարհով մեկ տարածել, թե՝ ահա-ահա մի չտեսնված-չլսված «ոսկե ձու» ենք լույս աշխարհ բերելու... Մի՞թե դիվանագիտական արտակարգ իմաստություն է պահանջվում սովորելու-հասկանալու դարերի խորքից եկող մի պարզ ճշմարտություն. «Գետը չհասած, փողքերը վեր չեն քաշի...»։ Թե՞ մեր դիվանագիտությունը շարունակում է ապացուցել, որ գետնաքարշ եղել է, գետնաքարշ էլ մնացել է։ Եվ դեռ բոլորիս ջգրու՝ այդպես էլ մնալու է...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ