14.09.2011

Հայ դիվանագետները կրկին «ոսկե ձու» են ածել...


90-ական թվականների սկզբներին Արցախի քաղաքական գործիչներից մեկը մեկնել էր Ուրուգվայ։ Հարավամերիկյան այդ երկրից վերադառնալուն պես, մի ոտքը դեռ նոր էր դրել գետնին, բայց արդեն աջ ու ձախ հայտարարություններ էր անում եւ հարցազրույցներ տալիս, թե մոտակա օրերին Ուրուգվայը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ հայտարարությունն աշխարհով մեկ տարածվելուց հետո դժվար չէր կռահել, որ նման բան չի լինելու։ Առաջին հերթին թեկուզ այն պատճառով, որ այդ լուրը լսելուն պես Ադրբեջանի իշխանությունները, նրանց դիվանագետներն անմիջապես հակաքայլեր են ձեռնարկելու եւ «վնասազերծելու» հարավամերիկյան այդ հանրապետությանը...

Թե հայ քաղաքական գործիչն էր ցանկալին իրականության տեղ ընդունել, թե հակառակորդն էր իրոք խափանել Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությունը, փաստն այն է, որ քաղաքական գործչի այդ հայտարարությունից շուրջ 20 տարի է անցել, սակայն Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ չճանաչված, այն դեպքում, երբ Ղարաբաղյան շարժումից տարիներ հետո անկախության դրոշ պարզած մի շարք երկրներ արդեն ճանաչվել են այլ պետությունների, այդ թվում՝ գերտերությունների կողմից։

Վերջին օրերին հայկական մամուլում կրկին սկսեցին լուրեր շրջանառվել առ այն, որ «սեպտեմբերի 9-ին անակնկալ հայտարարություն է կատարել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն», այն է՝ ելույթ ունենալով Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված Ուրուգվայի խորհրդարանական համաժողովի ժամանակ, Ալմագրոն մասնավորապես ասել է, թե «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը», հետո ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը»։

Ձնագնդի պես գլորվելով մեծացող ու տարածվող այս լրատվությունը կարդալով, անմիջապես հիշեցի 90-ական թվականների սկզբի հայ «դիվանագետին» ու հասկացա, որ պատմությունը կրկնվում է։ Դրանում հատկապես համոզվեցի, երբ տեսնում եմ, թե ինչպես են հայ քաղաքական գործիչներն, իրար հերթ չտալով, աջ ու ձախ մեկնաբանություններ անում այդ կապակցությամբ։ Այն էլ՝ որպես կատարված, ավարտված իրողության մասին։ Անգամ կարծիքներ հնչեցին, թե Ուրուգվային, ամենայն հավանականությամբ, հետեւելու են այլ պետություններ։ Նույնիսկ վկայակոչեցին 1915 թ. Ուրուգվայի կողմից աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը եւ այլն։

Քաղաքական գործիչներից ոմանք ավելի հեռու գնացին՝ հաշվելով, որ Ուրուգվայի կողմից ԼՂՀ-ն ճանաչելն արդեն իրողություն է ու մեր գրպանում է, փորձում են «սեփականաշնորհել» այն, հայտարարելով, թե ի շնորհիվ Ուրուգվայում ապրող հայ համայնքի, նրանց լոբբինգի արդյունք է դա։ Կարծես մի հպարտանալու բան է, երբ արդար որոշման հանգում են ոչ թե սեփական համոզվածության ու սկզբունքների, այլ այլոց կողմից արված լոբբինգի շնորհիվ...

Ուրուգվայի կողմից Արցախի պետականությունը «ճանաչելուց» 2 օր հետո Regnum-ում նյութ տպագրվեց «Ուրուգվայի ԱԳՆ-ն հերքել է ԼՂՀ-ն ճանաչելու տեղեկատվությունը» վերնագրով, որտեղ ասվում է, թե Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը կապվել է Ուրուգվայի ԱԳՆ-ի հետ եւ, ինչպես հաղորդում է aze.az-ը, Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ռ. Կարրերասը հերքել է դա, «միանշանակ հաստատելով, որ իր երկիրը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով»։

Չգիտեմ, գուցե թե հնարավոր է, որ Ուրուգվայն իրոք ճանաչի Արցախի պետականությունը (չնայած դրանում շատ լուրջ կասկածում եմ), սակայն ինձ մի այլ խնդիր է հետաքրքրում, որ շատ նման է ոսկե ձու ածող հավի պատմությանը։ Երբ սնապարծ հավիկն իր լույս աշխարհ բերելիք «ոսկե ձվի» գովքն է անում ու բոլորն այդ հրաշք ձվից են խոսում, աղվեսը թաքուն մտնում է հավաբուն, իր գործը տեսնում, դունչը լիզելով, դուրս գալիս ու հայտնում. «Ի՞նչ եք փչում, էստեղ ոչ հավ կա, ոչ էլ ոսկե ձու...»։

Երկոտանի թռչուններից վերադառնանք երկոտանի մեր հերոսներին, ովքեր դեռ «ձու չածած», սիրում են աշխարհով մեկ տարածել, թե՝ ահա-ահա մի չտեսնված-չլսված «ոսկե ձու» ենք լույս աշխարհ բերելու... Մի՞թե դիվանագիտական արտակարգ իմաստություն է պահանջվում սովորելու-հասկանալու դարերի խորքից եկող մի պարզ ճշմարտություն. «Գետը չհասած, փողքերը վեր չեն քաշի...»։ Թե՞ մեր դիվանագիտությունը շարունակում է ապացուցել, որ գետնաքարշ եղել է, գետնաքարշ էլ մնացել է։ Եվ դեռ բոլորիս ջգրու՝ այդպես էլ մնալու է...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий