30.09.2011

Մարիետա Բադալյանին կամ՝ եթե ուզում եք գտնել ձեր բարեկամներին, մտեք Facebook...


Մոտ 12 տարի առաջ մանրապատում էի գրել՝ նվիրված հիանալի արվեստագետ ու անկրկնելի երգչուհի Մարիետա Բադալյանին։ Այն 1999 թվականին տպագրվել էր «Իրավունք» թերթում։ Հետո նույն թերթի թղթակիցներից մեկի շնորհիվ գտա երգչուհու հեռախոսահամարն ու ստացա նրա կողմից ինձ նվիրած ձայներիզը։ Պարզվել է, որ նա արդեն կարդացել էր այդ ստեղծագործությունը։ Հետո հայաստանյան թերթերից մեկում կարդացի, որ երգչուհին մինչ այդ եղել է ԱՄՆ-ում, որտեղ, փաստորեն, չարաչար խաբել են իրեն... Ցավալի է, իհարկե, բայց ուրախ էի, որ տաղանդաշատ երգչուհին կրկին իր հայրենիքում է։

Երբ հեռախոսով կապվեցի հետը, Մարիետան հայտնեց, որ շուտով իր մենահամերգն է լինելու, ավելի շուտ՝ իրեն նվիրված երեկո է լինելու, որը նաև ցուցադրվելու է հայաստանյան հեռուստատեսությամբ։ Երգչուհին ինձ էլ հրավիրեց ներկա գտնվելու այդ երեկոյին։ Ցավոք, ինչ-ինչ պատճառներով չկարողացա մեկնել Երևան։ Մարիետա Բադալյանին նվիրված միջոցառումը դիտեցի հեռուստատեսությամբ...

Տարիներ անցան։ Երկար ժամանակ երգչուհու մասին լուր չունեի։ Փորձեցի կապվել հեռախոսով, խոսափողի մյուս ծայրից պատասխանեցին, որ երգչուհին այնտեղ չի ապրում։ Ասացին նաև, որ տեղեկություն չունեն, թե հիմա որտեղ է նա։ Այս անգամ «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանին խնդրեցի իր թղթակիցների միջոցով ինչ-որ բան իմանալ երգչուհու մասին։ Արմինեն ասաց, որ իրեն էլ է հետաքրքրում դա և կփորձի մի բան պարզել... Չգիտեմ, իմ գործընկերները ևս չկարողացա՞ն «հայտնաբերել» երգչուհուն, թե՞ լրագրողական ծանր առօրեան, դեռ որպես «վրադիր» էլ թերթի նկատմամբ իշխանավորների կողմից պարբերաբար սարքվող դատական ներկայացում-քաշքշուկները նրանց հնարավորություն չտվեցին կատարելու իմ խնդրանքը...

Ժամանակ անցավ։ Ընկերներս շարունակ խորհուրդ էին տալիս, որ ես էլ սեփական էջ բացեմ Facebook-ում։ Արդեն երեք տարի է իմ խմբագրած «Նոր էջ» թերթի կայքն էի բացել, հետո էլ՝ սեփական բլոգ-կայքեր ունեի, որոնք խլում էին «համակարգչային ժամանակիս» մի զգալի մասը... Բայց մի օր էլ ավելի շատ հետաքրքրասիրությունից էջ բացեցի Facebook-ում... Երկրորդ թե երրորդ օրը այդ սոցիալական ցանցում «հանդիպեցի» իմ լավ բարեկամին ու ընկերոջը՝ Սարգիս Հացպանյանին... Բայց դա այլ պատմություն է...

Սարգիսին գտնելու ուրախությունից դեռ ուշքի չեկած, Facebook-ում իմ մի հրապարակման տակ հանկարծ նկատեցի Մարիետա Բադալյանի փոքրիկ գրությունը. «Վարդգես, ես չեմ մոռացել իմ մասին գրած քո հիանալի տողերը... Հիմա կարող եմ շնորհակալություն հայտնել»... Աչքերիս չհավատալով, անմիջապես պատասխանեցի. «Մարիետա, անչափ ուրախ եմ, որ դու կաս, որ քո անկրկնելի արվեստը ապրում է»...

Կրկին ձեռքս առա իմ գրքերից մեկում տպագրված Մարիետային նվիրած մանրապատումն ու զգացի, որ այս պահին ավելի լավ բան չեմ կարող գրել... Այն տպագրվելուց 12 տարի է անցել։ Շատ բան է մոռացվել այդ 12 տարում։ Ինձ թվում է, սակայն, որ այս տողերը կարող էին գրված լինել նաև երեկ կամ այսօր։ Այն ոչ միայն մարդուն վեհացնող Արվեստի, այլև մարդուն հավատազրկող, հոգեպես ոչնչացնող այսօրվա մեր իրականության մասին է նաև։ Ահա այդ մանրապատումը.

ՊԱՏՐԱՆՔ

Ամեն ինչից հոգնած ու ձանձրացած, մի օր եկա տուն, մեկնվեցի բազմոցին և, հենց այնպես, հին սովորությամբ, սեղմեցի ռադիոընդունիչի կոճակը։ Նույն պահին, այն է, ուզում էի կրկին սեղմել կոճակը և ազատել ինձ քաղաքական ճամարտակություններից, կուսակցական լեզվակռիվներից ու գերժամանակակից երաժշտական աղմուկից, բայց ձեռքս մնաց օդում...
Աշխարհից ու ամեն ինչից վերացած, քաղաքակրթությունից, նիստերի դահլիճներից, շուկաներից ու երկրային ամեն ինչից շատ վեր, մեր երազների մոռացված աշխարհում ինչ-որ տեղ, չնաշխարհիկ մի ձայն երգում էր, թե՞ այդ հեռու՜-հեռու եդեմական մի երկրում սար ու ձորերի միջով մեղմ ու հանդարտ կուսական մի աղբյուր էր կարկաչում.

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն, անու՜շ, անու՜շ,
Անրջայի՜ն, թեթևասա՜հ,
Ամպ ու հովերն անու՜շ, անու՜շ...

Աստված իմ, սա ի՜նչ հրաշք է։ Իսկույն մոռացա հոգնություն ու ձանձրույթ։ Աշխարհը նորից գեղեցկացավ ու պայծառացավ։ Կրկին ինձ պատկերացան մանկության ու պատանեկության անհոգ օրերն իմ՝ վառվռուն ու լուսեղեն երազներով լի։ Մանկության ու երազների իմ բարձրաբերձ լեռներում եմ դարձյալ։ Օդը՝ սառն ու մաքուր, երկինքը՝ կապու՜յտ-կապույտ, աշխարհը՝ լուսե հեքիաթ։ Մեղմ հովից թեթև շրշում են ծառ ու ծաղիկ, թռչուններն ուրախ գեղգեղում են անուշ...

Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային...

Աշխարհը միանգամից այլափոխվեց. շուրջբոլոր լույս ու սեր է ճառագում։  Ասես աղքատ ու թշվառ այն երկիրը չէ այս, որտեղ մարդիկ ոչ շատ վաղուց ունեին հավատ ու երազներ։ Ասես աշխարհում չեն եղել պատերազմ ու վիշտ, ոտնահարված և կոխկրտված մարդկային իրավունքներ ու երազանքներ, բռնաբարված հույս ու մորթված հավատ, անարդարություն ու արյուն...

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում ժամերն անու՜շ, անու՜շ,
Շվին փչեց հովիվն ահա¬
Աղջիկն ու սերն անու՜շ, անու՜շ...

Որքա՜ն լավ է... Այնքա՜ն ազնիվ ու մաքուր է ամեն ինչ։ Երկնի լազուրում, թևերը լայն տարածած, հպարտ ու վես ճախրում է երազների կապույտ թռչունն իմ։ Ահա ես կանգնած եմ բա՜րձր-բարձր մի սարի կատարին և մանկական իմ զնգուն ձայնով շեփորում եմ. ես սիրում եմ քեզ՝ կյանք, ես սիրում եմ ձեզ՝ լեռներ, ես սիրում եմ ամենքիդ, սիրու՜մ եմ, սիրու՜մ...
...Երգն ավարտվեց։ Երազների և անցած լուսեղեն օրերի հեքիաթային երկրից նորից հիմնահարցերի, շուկա-բազարային հարաբերությունների ու հետընթաց այս առաջընթացի աշխարհն ընկա։ Հրաշք հեքիաթը մեղմիկ մարեց։ Ոսկե ձկնիկը կրկին սահեց երազների ու հեքիաթների արևավառ աշխարհը...

   ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ք. Ստեփանակերտ

Комментариев нет:

Отправка комментария