10.02.2012

Մեխը


Աշխարհի քարտեզի վրա հազիվ նշմարվող մի երկրում, որտեղ խոսքն ու գործը մշտապես հակասության մեջ են և պարբերաբար հաղթողը խոսքն է լինում, այս անգամ տոն է և համատարած ուրախություն։ Չէ, այս համընդհանուր ուրախության պատճառը պատերազմում կամ դիվանագիտական դաշտում ձեռք բերած բարոյական հաղթանակը չէ, այլ շատ ավելի լուրջ ու կարևոր մի իրադարձություն է, քան, ասենք, այդ երկրի ղեկավարի պարը հերթական մի հարսանիքում։ Փոքրիկ այդ երկրի մայրաքաղաքում վերջապես մի հզոր գործարան է կառուցվել՝ մեխի գործարան։

Գործարանի շուրջ հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ ժողովրդավարության մասին ցուցապաստառներով և իրենց երկրի ղեկավարների մեծադիր լուսանկարներով։ Իսկ քաղաքացիների շուրջ, մի տեսակ նրանց օղակած, ոստիկաններ էին շարվել, որոնց թիվը կրկնակի գերազանցում էր քաղաքացիների թվին։

Ժողովրդի մեջ շշնջոցներ լսվեցին՝ «նախագան գալիս է»։ Ոստիկանների արհեստավարժ գործողությունների շնորհիվ ամբոխը երկու մասի բաժանվեց և միջանցք բացեց։ Միջանցքի ողջ երկարությամբ, մինչև գործարանի դիմաց դրված ամբիոն, հատուկ այդ օրվա համար հարևան երկրից գնված գորգեր փռեցին։

Վերջապես երևաց Նորին գերազանցությունը։ Չէ, ինքն անձամբ չերևաց։ Երևացին թիկնապահները։ Երկշարք պահարանի պես շարված բարձրահասակ, լայնաթիկունք ու սափրագլուխ թիկնապահների միջով կարծես թե մեկը հպարտ շարժվում էր դեպի ամբիոն, ու դա պետք է որ «նախագան» լիներ։ Հավաքվածների առաջին շարքում՝ ամբիոնի դիմաց, հատուկ շարված էին լայն ժպտացող փողկապավոր մարդիկ, ովքեր անմիջապես «ուռա՜» վանկարկեցին, որին հետևեց ամբոխը։

Երկու գեղեցիկ աղջիկ ամբիոնի վրա դրեցին Նախագահի այդ հանդիսավոր օրվա ճառն ու մի բաժակ ջուր։

Ամբիոնին մոտենալով և ինքն իրենով հիացած շուրջը նայելով, Նորին գերազանցությունը սկսեց կարդալ։ Չնայած մինչ այդ մի քանի անգամ արդեն ընթերցել էր տեքստը, բայց հնարավորինս դանդաղ էր կարդում, որպեսզի հանկարծ չսխալվի։ Նա սկսեց հին ժամանակներից, երբ աշխարհում մարդիկ ծառի վրա էին, իսկ իրենց նախահայրերն ու նախամայրերը գետնի վրա արդեն թատրոն էին խաղում, իրենց դյուցազունները նետերով երկնքից աստղեր էին ցած գցում, ապա հասավ միջնադար ու ասաց, որ «Ռենեսանսը» իրենք են սկսել և առագաստանավերով արտահանել եվրոպական երկրներ։ Հետո երկար խոսեց իրենց ժողովրդավարական նվաճումների մասին ու վերջապես վայրէջք կատարեց օրվա թեմայի վրա։

- Հարգելի հայրենակիցներ, այս պայծառ օրը մենք ձեզ հետ միասին մի կարևոր իրադարձության մասնակիցն ենք։ Մեր փառապանծ գիտնականների և տաղանդաշատ մասնագետների ջանքերով մեր երկրում կառուցեցինք տարածաշրջանում ամենահզոր մեխի գործարանը,- կարդաց Նորին գերազանցությունը, ապա մի քանի րոպե սպասելով, որ ծափողջույններից դղրդացող տարածքը հանդարտվի, շարունակեց.- Այդ գործարանը նաև կունենա ռազմավարական վիթխարի նշանակություն, քանի որ մեր արտադրած մեխերը պատերազմի դաշտում մեր զինվորները կարող են օգտագործել որպես սառը զենք՝ սառնասրտորեն մխրճելով թշնամու, ներողություն՝ հակառակորդի մարմի ամենատարբեր մասերը։

Այս անգամ Նախագահն ավելի երկար սպասեց, որ ծափողջույններն ավարտվեն։ Այդ ընթացքում նա երկու բաժակ ջուր խմեց և սկսեց շատ երկար խոսել հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական առարկաներ մտցնելու կարևորության, այդ թվում՝ ռազմավարական նշանակության մասին։ Նա շեշտեց, որ մի շարք ուսումնական առարկաներ՝ գրականություն, մաթեմատիկա, ֆիզիկա և այլն, իրենց սպառել են, որովհետև համակարգչի դարում ինտերնետում ամեն ինչի մասին արդեն բազմաթիվ նյութեր կան, և բնականաբար վերոհիշյալ անպետք առարկաները պետք է հանել ուսումնական ծրագրից։ «Փոխարենը մեր երեխաներն այդ դասաժամերին ավելի խորը կուսումնասիրեն շախմատի գաղտնիքները,- ասաց նա,- իսկ նոր մտցված ուսումնական առարկաներն են՝ պարի ուսուցումն ու դոմինո խաղալը...

Այնուհետև Նախագահը գրպանից հանեց ոսկեզօծ մկրատն ու կտրեց գործարանի դիմաց ցցված երկու հեռագրասյուներից կապած կարմիր ժապավենը։ Ժողովուրդը ոգևորված սկսեց ծափահարել։
Այդ պահին հուժկու պայթյուն լսվեց։ Պարզ չէր՝ հսկա փուչի՞կ էր, թե՞ ավտոմեքենայի անվադող կամ մի այլ բան։ Գործարանի շուրջ այլևս մարդ չկար ու կարծես չէր էլ եղել, իսկ այնտեղ, երկու հեռագրասյուների մոտ ուր ամբիոնն էր դրված, մի մեխ էր գետնին ընկած։

Комментариев нет:

Отправить комментарий