- Պարոն, թույլ կտաք այստեղ նստել։
Շունն անտարբեր նայեց իմ կողմն ու հանգիստ ասաց.
- Խնդրեմ, նստեք։
- Այդ կարողանու՞մ ես խոսել,- զարմացած հարցրի։
- Խնդրում եմ ինձ դուք-ով դիմել։
- Շատ բարի,- ասացի,- բայց որտե՞ղ եք խոսել սովորել։
- Չնայած վիրավորական ու անտակտ հարց է, բայց կպատասխանեմ։ Ճիշտ է, Քեմբրիջ, հումանիտար կամ պոլիտեխնիկ չենք ավարտել, բայց ինչու՞ չպիտի կարողանանք խոսել։ Երբ ձեզնից մեկը հաչում է, ինչու՞ նրան չեք հարցնում` էդ որտե՞ղ ես հաչել սովորել։
- Դե, ուրեմն ներող եղեք անտակտ հարցիս համար,- ասացի։
- Ներում եմ, բայց ձեր լրագրողների մեծ մասն անասուն են։
- Չեմ ժխտում, համաձայն եմ,- ասացի,- իսկ ինչու՞ եք այդպես կարծում։
- Ամեն դուրսպրծուկի միկրոֆոն են դեմ տալիս, կարծիք են հարցնում, կամերա-բանով նկարում են, ամեն դեբիլի վաժնի դեմք են սարքում, բայց մեկը չմոտեցավ ինձ` ինտերվյու վերցնելու։
- Բայց ինչի՞ մասին հարցնեն։
-Թեկուզ սոցիալական, քաղաքական հարցերի շուրջ կարծիքս իմանան։
- Ոնց երևում է, հետաքրքիր զրուցակից եք։
- Մերսի,- պատասխանեց անծանոթ շունը։- Ծխախոտ չունե՞ք։
- Չէ, ես չեմ ծխում։
- Ես էլ չեմ ծխում, բայց երբեմն պատահում է, որ մի բաժակ սուրճից հետո ծխել եմ ուզում,- ասաց զրուցակիցս։
- Արդեն չեմ զարմանա, եթե ասեք, որ դուք էլ եք ուզում մասնակցել խոհրդարանական ընտրություններին։
- Իսկ ինչու՞ ոչ։ Այդպես էլ կա։ Ինչու՞ չպիտի մենք` շներս էլ մինիստր նշանակվենք, պատգամավոր դառնանք, վարչապետ կամ երկրի նախագահ ընտրվենք։
- Ահա թե ինչ,- նրա այդ պատասխանից զարմանքս կրկնապատկվեց։- Եվ ի՞նչ եք որոշել։
- Մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին։
- Եթե նախագահ ընտրվեք, կարո՞ղ եք երկիր ղեկավարել,- հարցրի։
- Երիցս ավելի լավ, քան ձերոնք են ղեկավարում։
- Բայց դե նրանք մարդ են։
- Որ ես էլ շուն եմ, նշանակում է ձեր էդ մարդանման կենդանիներից պակա՞ս եմ,- իմ խոսքից վիրավորված, ակնհայտ դժգոհությամբ պստասխանեց շունը։- նրանց կրկին վերընտրում եք, երբ նույնիսկ իրենց անասունների պես են պահում։
- Համաձայն եմ,- ասացի։
Այդ պահին նկատելով ծխսխոտը բերնին մի երիտասարդի, մոտեցա և ծխախոտ խնդրեցի։ Այն վառեցի և զրուցակցիս մոտենալով, մեկնեցի նրան։
- Խնդրեմ, պարոն շուն։
- Մերսի,- ծխախոտն ատամների տակ սեղմելով, ծուխ բաց թողեց ու ասաց,- ընդհանապես ինձ Չալո են անվանում։
- Շատ բարի, պարոն Չալո,- ասացի,- արդեն համոզվում եմ, որ դուք մերոնցից ոչ պակաս երկիր կղեկավարեք։
- Գիտեմ, իրավացի եք, բայց պիտի խոստովանեմ, որ ձերոնք խոզի պես են ղեկավարում։
- Համամիտ եմ,- ասացի,- բայց ի՞նչն է ստիպում, որ դուք էլ եք ուզում երկրի ղեկավար դառնալ։
- Ես էլ եմ ուզում մարդավարի ապրել` հարստանալ, քեֆ անել, ձրի հանգստանալ առողջարաններում, մեկնել արտասահմաններ, աշխարհ տեսնել, գեղեցիկ սեռի հետ զվարճանալ ու հայտնի աստղերի հետ սելֆի անել...
- Բայց, ախր դուք շուն եք, ձեր ինչի՞ն է պետք մարդավարի ապրելը։
- Երբ ձերոնք շան պես են իրենց պահում, շնավարի են ապրում, ինչու՞ նրանց չեք հարցնում, թե ինչու՞ են շնավարի ապրում,- ծխի քուլաներ բաց թողնելով ինձ վրա, պատասխանեց զրուցակիցս։- Ի դեպ, չեք ասի, թե ժամը քանիսն է։
Նայեցի ժամացույցիս ու ասացի`
- 18. 45...
- Շատ մերսի,- ծխախոտը մոտիկ աղբարկղ նետելով, պատասխանեց Չալոն,- ժամը 7-ին կարևոր հանդիպում ունեմ, պիտի գնամ։ Ցե'...
- Ցե', ցտեսություն,- պատասխանեցի ու հիշեցի, որ արդեն տուն վերադառնալու ժամանակն է։
Իսկ շունը որքան շատ էր հեռանում, կարծես այնքան ավելի էր նմանվում մարդու...