11.11.2013

ԹԱՄԱԴԱՅՈՒԹՅՈՒՆ ԹԱՄԱԴԱՅՈՒԹՅԱՆՑ


Վաղինակ Սաքսաֆոնիչը մեր քաղաքի ամենանշանավոր թամադան է։ Ժամանակակիցները վկայում են, որ Վաղինակ Սաքսաֆոնիչի ծննդյան օրը՝ գիշերվա ուղիղ ժամը երեքն անց կեսին, երբ լույս է տեսել ապագա մեծ թամադայի գլուխը՝ երկու կողմերից կափարիչների պես դուրս ցցված ականջներով, գյուղի բոլոր աքաղաղները կոկորդներով մեկ շեփորել են փոքրիկի գալուստը, և տատմեր Հռիփսիմեն անսխալ գուշակել է. «Էս լածիրակը կամ նշանավոր մարդ է դառնալու, կամ նշանավոր ավազակ»։

Վաղինակ Սաքսաֆոնիչը որոշեց նշանավոր մարդ դառնալ, և երբ չորս տարեկանում վճռեց ընդմիշտ վերջ տալ իր չորեքթաթ գործունեությանն ու կանգնել հետևի վերջավորությունների վրա, զուռնաչի Սաքսաֆոնի բոլոր կորած փողկապները սկսեցին հայտնաբերվել փոքրիկ Վաղոյի վզին։ Ու հայրը վերջնականապես հասկացավ, որ որդին առնվազն խանութի վարիչ է դառնալու։ Իսկ Վաղինակ Սաքսաֆոնիչը այդ տարիներին անընդհատ շտապում էր մեծ երևալ և հոր փողկապները թաքուն կապում էր ոչ միայն գիշերները, քնած ժամանակ, այլև դպրոցում էլ մայկայի տակից միշտ վզից կախված էին լինում առնվազն երկու զույգ փողկապներ...

Եվ հիմա, եթե որևէ միամիտ մեր քաղաքացիներին հարցնի, թե ո՞վ է Վաղինակ Սաքսաֆոնիչը, ապա կրակոցի պես անմիջապես կթնդա պատասխանը՝ մեր թամադան։ Մեր քաղաքը հպարտանալու շատ բան ունի, բայց, իրոք, մի ուրիշ համ ու հոտ ունեն Վաղինակ Սաքսաֆոնիչի կենացները։

Նա սեղանի շուրջ իրեն զգում է ինչպես արծիվն երկնքում։ Տարիներ շարունակ Վաղինակ Սաքսաֆոնիչը երազել է մարդկանցից բարձր կանգնելու ու նրանց ղեկավարելու մասին և մի օր էլ ըմբռնել է, որ այդ հնարավորությունն իրեն հատկապես թամադայությունը կընձեռի. թամադայի բարձրությունից նա տիրոջ պես իշխում է սեղանի շուրջ ձգված մարդկային ամբոխի վրա...

Ճիշտ է, Վաղինակ Սաքսաֆոնիչը ոչ մի լեզվի կանոնավոր չի տիրապետում, բայց դա հենց նրա առավելությունն է, որովհետև սեղանավորների ռուսախոս մասին թվում է, թե նա հայերեն է խոսում, իսկ հայախոսները գտնում են, թե նա ռուսերեն է ճառում։ Ու ամենևին էլ կարևոր չէ, թե նա ինչ է ասում. պետք է տեսնել, թե ինչպես է ասում։ Թամադայությունը Վաղինակ Սաքսաֆոնիչի համար զբաղմունք չէ։ Դա մասնագիտություն է։ Նրա համար ոչ մի նշանակություն չունի՝ ձեռքին օղու, գինու կամ կոնյակի բաժա՞կ է, թե՞ հանքային ջրի, լիմոնադի, թեյի կամ մածնի... Միայն թե այդ բաժակը դատարկ չլինի և սեղանի շուրջ թեկուզև երկու մարդ լինի։ Մնացածը Վաղինակ Սաքսաֆոնիչի համար տեխնիկայի գործ է, և նա այնպիսի վարպետությամբ է կատարում իր գործը, որ սեղանի շուրջ նստածները բերանները լայն բացած, ասես մեծ թամադայի խոսքերը որսում են բերանով։

Վաղինակ Սաքսաֆանիչի թամադայական ճառը հնարավոր չէ թղթի վրա գրանցել, ինչպես հնարավոր չէ ձեռքով շոշափել զանգերի ղողանջն ու ծառերի մեղմ սոսափյունը կամ դաշնամուրի փառահեղ ակորդները...
Վաղինակ Սաքսաֆոնիչը համեստորեն խոստովանում է, որ իր նշանավոր ճառը դեռևս չի ասել, սակայն անպայման կասի... Բայց, ավա՜ղ, մի օր էլ Վաղինակ Սաքսաֆոնիչը կողմնացույցի սլաքի պես հորիզոնական ձգվեց հյուսիս-հարավային ուղղությամբ ու մարդիկ առաջին անգամ նկատեցին, որ նրա շուրթերն այլևս չեն շարժվում, իսկ աջ ձեռքն այլևս չի գրկել անբաժան բաժակը։

Ականատեսների մի խումբ խոստովանում է, որ գերեզմանի լռության մեջ, երբ բոլորը հարգանքով խոնարհվել էին մեծ թամադայի աճյունի առաջ, ինչ-որ մեկն ասել է, որ հանգուցյալի հիշատակին հրաժեշտի խոսքի համար խոսքը տրվում է Վաղինակ Սաքսաֆոնիչին, ու հանկարծ լսվել է հանգուցյալի կենդանի ձայնը, որովհետև մեծ թամադան նախօրոք մի քանի տարի առաջ ձայնագրել էր իր հրաժեշտի ճառը...

Ականատեսների մի այլ խումբ էլ երդվում է, որ այնտեղ ոչ մի մագնիտոֆոն ու ձայնագրություն էլ չի եղել, և Վաղինակ Սաքսաֆոնիչը մեռելադեմ բարձրացրել է իր փայտե ապաստանից, փողկապը վայելչագեղորեն ուղղել, հրաժեշտի ճառ ասել ու հանգիստ պառկել իր տեղը...

Թերևս այստեղ կարելի լիներ վերջակետ դնել, բայց վերջերս նոր վկաներ են երևան եկել և գտնում են, որ ոչ մի Վաղինակ Սաքսաֆոնիչ էլ չի եղել, որ իբր նման մարդ կա, բայց անունը Վաղինակ Սաքսաֆոնիչ չէ...
Ու հիմա դժվար է ասել, թե ովքեր են ճիշտ. առաջիննե՞րը, երկրորդնե՞րը, թե... Իսկ գուցե բոլորն էլ ճի՞շտ են...

1989 թ.

Комментариев нет:

Отправить комментарий