08.08.2020

Հայկական հովվերգություն


Հովիվը, ներողություն, չոբանը ոչխարների հոտն առաջն արած, հանդ է քշում և ասում.
- Իմ լավ ոչխարներ, գիտեք, չէ՞, թե ես ինչպես եմ ձեզ բոլորիդ սիրում...
- Հա՜, հա՜,- ուրախ մայում է հոտը։

Չոբանն իր ծանր մահակն իջեցնում է հոտից մի փոքր շեղվել փորձող ոչխարի դմակին, ապա նրա մի տասնյակ բախտակցի մեջքն է դաղում և ասում.
- Գիտեք, չէ՞, որ քուն թե արթուն միշտ ձեր մասին եմ մտածում, սիրելի ոչխարներ։
- Մմաա՜, մմաա՜,- կրկին համերաշխ ձայնակցում են ոչխարներն ու, դմակները խաղացնելով, շարժվում առաջ։

Տոթը խեղդում է, մի քանի տասնյակ հանդուգն ոչխար անջատվում են հոտից և փորձում պատսպարվել մոտակա հսկա կաղնու տակ։ Չոբանը զայրացած բղավում է ոչխարների կողքով ծույլ-ծույլ շարժվող իր գամփռ շների վրա.
- Անպետք անիծյալնե՛ր, ձեզ ինչի՞ համար եմ կերակրում ու պահում, որ ամեն անգամ ինքս պիտի հուշեմ ձեր անելիքը։

Շներն անմիջապես կատաղի նետվեցին հոտից հեռացած ոչխարների վրա և մեկի վզից, մյուսի դմակից, երրորդի ազդրից կծած, քարշ տալով բերեցին ու խառնեցին հոտին...

Ողջ օրը նույն պատկերն էր և նույն քաղցր զրույցը՝ չոբանի ու իր սիրելի ոչխարների հետ.
- Սիրելի ոչխարներ, ձեզ ախր ո՜նց եմ պաշտում, ես ձեզնից մեկն եմ, դուք էլ՝ ինձնից մեկը...

Ոչխարները շարունակ համերաշխ մայում են և կամաց-կամաց շարժվում դեպի գյուղ։ Արևն արդեն իջնում է մոտակա սարի ետև։

Երբ գյուղ են հասնում, չոբանն իր ծանր մահակն իջեցնում է գառներից մեկի գլխին և փռում գետնին.
- Ձեր ցավը տանեմ, ոչխարներ ջան,- ասում է չոբանն ու կանչում զինվորական կտորից կարված իր լողազգեստը լվացաթոկից վերցնող կնոջը.- աղջի՛, Ուստիանա՛, եկ օգնիր, էս անուղեղ հայվանին քարշ տանք բակ։ Սիրտս գառան խաշլամա է ուզում... Վաղն էլ էն պոզերը ցցածին կպառկեցնեմ, արդեն չորս օր է խորոված ու լուլաքաբաբ չեմ կերել...
Երկու օր հետո չոբանն իր հոտն առաջն արած, այս անգամ այլ ուղղությամբ է նրանց քշում։ Նրանց քշում է դեպի շրջկենտրոն, դեպի սպանդանոց։

Ոչխարներն անվրդով ու հանգիստ առաջ են շարժվում՝ վերջին անգամ խաղացնելով իրենց դմակները։ Նրանք մտածում են... Դե, ոչխարներն ի՞նչ պիտի մտածեն։ Սիրելի տերը՝ Չոբանն իրենց փոխարեն մտածում է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Комментариев нет:

Отправка комментария