31.05.2011

Իսկ կոտրած տաշտակը դեռ մնում է

Կադրային հարցը եղել և մնում է հայկական պետությունների աքիլեսյան գարշապարը: Այդպես է Հայաստանում, այդպես՝ նաև Արցախում: Առավելապես բարձր ու պատասխանատու պաշտոններ են ստանում մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային որակներով, բարոյական և այլ հատկանիշներով բացարձակապես անհամատեղելի են այդ պաշտոններին, հակացուցված են զբաղեցրած պաշտոններին...

ԼՂՀ երկրորդ նախագահ Ա. Ղուկասյանի պաշտոնավարությունից հետո զգալի փոփոխություններ կատարվեցին կառավարական համակարգում: Գրեթե բոլոր նախարարություններում ու գերատեսչություններում կադրային փոփոխություններ են կատարվել: Նախկին նախագահի օրոք քիչ չէր խոսվում պետական-կառավարական ապարատի ուռճացվածության մասին: Այդ առումով՝ նոր նախագահից հակառակ գործողություններ են սպասում: Մինչդեռ հաճախ նախկին նախագահի «կադրերը», ազատվելով զբաղեցրած պաշտոններից, հաջողությամբ տեղավորվում են այլ «փափուկ» պաշտոններում: Այս ամենը հիշեցնում է երթուղային միկրոավտոբուսներում տարածված երևույթը. մի կերպ տեղավորված, իրար կպած ուղևորները սպասում են, որ մոտակա կանգառում մի քանիսը կիջնեն և տեղ կազատվի: Հաջորդ կանգառում ոչ միայն ոչ ոք չի իջնում, այլև մեքենա են բարձրանում մի քանի նոր ուղևորներ ևս: Թե այդքանը ոնց են տեղավորվում, անհասկանալի է:

Պետական ուռճացված ապարատի յուրաքանչյուր միջին տրամաչափի ղեկավարի որդին կամ դուստրը, խնամին կամ սիրուհին պարտադիր աշխատում է հարևան նախարարությունում: Պետական ապարատն իրենից ներկայացնում է մի մեծ տուն, որտեղ բոլորը «յուրային» են:

Հայկական կադրային քաղաքականության ամենաբնորոշ, ամենատարածված երևույթներից մեկը «ռակիրովկան» է: Երկու բարձր պաշտոնյայի վերցնում ու... գումարելիների տեղերը փոխում են: Եվ արդյունքում՝ գումարը չի փոխվում: Ըստ երևույթին՝ մերօրյա կադրերն այնքան «ունիվերսալ են», որ նրանց կարելի է նշանակել մասնագիտության և նրանց ունակությունների հետ չնչին աղերս անգամ չունեցող պաշտոններում, և նրանք մշտապես իրենց զգում են ինչպես ձուկը ջրում:

Հանդիպումներից մեկի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ որոշ պաշտոնյաներ «իրենց պաշտոնը դիտում են որպես սեփականություն, ինչը նույնպես խոչընդոտ է հանդիսանում մի շարք խնդիրների լուծման գործում»: Նա նշել է նաև, որ որոշ պաշտոնյաներ մարդկանց աշխատանքի են ընդունում միայն «ծանոթ-բարեկամի» սկզբունքով: Ըստ իս, ցավն այն է, որ «ծանոթ-բարեկամի» սկզբունքով ոչ միայն աշխատանքի են ընդունում, այլև մինչևիսկ նոր հաստիք են ստեղծում այդ «կադրերի» համար:

Մեզ մոտ սիրում են կրկնել՝ կադրային ջարդ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, ցանկա՛լի է, որ լինի: Պե՛տք է լինի: Ու ամենից առաջ այն պիտի լինի ոչ միայն բարձր, այլև միջին օղակներում, որտեղ տարիներ շարունակ «քուջուջ են անում» կադրեր, որոնց միակ կարողությունը, բան ու գործը քուջուջ անելն է՝ ամենաուղիղ և փոխաբերական իմաստներով:
Եթե ուզում ենք կյանքը փոխել դեպի լավը, ապա առաջին հերթին պիտի դեն նետել «կոտրած տաշտակը»:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Ի ԴԵՊ. Չգիտեմ, Աստծո ստեղծած առաջին մարդը կարևո՞ր անձ էր, թե՞ անկարևոր։ Եվ, ընդհանրապես, Ադամ ու Եվայից սերված առաջին երկոտանիները կարևո՞ր անձնավորություն էին, թե՞ անկարևոր։ Սակայն հազարամյակներ հետո մարդիկ բաժանվեցին երկու խմբի՝ կարևոր անձինք և անկարևոր անձինք։ Կարևորների խմբի մեջ մտնում են, անշուշտ, փող և իշխանություն ունեցողները։ Մնացյալը, որ ժողովուրդ է անվանվում և ոչինչ չունի, կազմում է մարդկության անկարևոր կեսը։

Առաջինները շատ բարձր բազկաթոռներ ու պաշտոններ են զբաղեցնում, օգտվում են լայնածավալ իրավունքներից, օրենքներ են սարքում ու օրենքներ շրջանցում, անկարևոր մարդիկ են դատում ու դատապարտում, սպանում ու անպատիժ մնում և այլն։ Կենդանության օրոք սրանք իրենց համար արձաններ ու կիսանդրիներ են պատվիրում, նրանց մասին փաստագրական և գեղարվեստական գրքեր ու կինոնկարներ են սարքվում, ձոներգեր ու քայլերգեր են նվիրում նրանց։

Շատ կարևոր այդ մարդկանց շուրջ, նրանց աթոռ-բազկաթոռների շուրջ վխտում են շատ մարդիկ, ովքեր իրենց կարևոր անձ են ներկայացնում։ Սրանք, ճիշտ է, առաջինների համեմատ պակաս կարևոր են, բայց թեթևակի «եղանակափոխությունների» ժամանակ սրանցից ոմանք, առավել ճարպիկները, կարող են հայտնվել շատ կարևոր անձերի աթոռներին...

Այժմ անցնենք անկարևորներին։ Դա ժողովուրդն է և ընդհանրապես իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, քանի դեռ առջևում ընտրություններ ու պատերազմ չկա, քանի դեռ Հայրենիքը վտանգի մեջ չէ և չի զգում նրա կարիքը։ Նրանք այնքան անկարևոր են, որ նույնիսկ իմաստ չունի երկար խոսել նրանց մասին...

Комментариев нет:

Отправить комментарий