03.06.2011

Հերոսական ժամանակներ

Հերոսը բարոյական հանճար է, սրտի հանճար,
և միշտ քաջաքաջ ու մահապատրաստ։
Գարեգին Նժդեհ


Երբ ասում ենք Հերոս, անմիջապես հիշում ենք, որ երեկ պատերազմ է եղել, ծանր ու դաժան պատերազմ, և սովորական մարդիկ՝ առավելապես արբունքահաս երիտասարդներ, ռազմի դաշտից վերադարձել են որպես հերոսներ։ Այդ հերոսներից շատերը վերադարձել են վահանի վրա։ Նրանցից ոչ մեկը հերոս դառնալու մտադրություն ու ցանկություն չի ունեցել։ Նրանք զենք են վերցրել հայրենի հողն ազատագրելու և պաշտպանելու համար միայն։ Նրանք ժամանակ չեն ունեցել հերոս դառնալու մասին մտածելու. դիմացը թշնամին էր, թիկունքում մայրը, որդին, քույրն ու սիրած կինը... Սակայն հետպատերազմյան ժամանակներն ու իրադարձությունները հակառակն ապացուցեցին։ Պարզվում է՝ առանց պատերազմի էլ կարելի է արցախյան պատերազմի հերոս դառնալ, պարգևատրվել մեդալներով ու շքանշաններով։

Մայիսինյան եռատոնի կապակցությամբ հերթական մեդալաշքանշանաբաժանումը կրկին ապացուցեց, որ վերջին տասնամյակում հասարակական-քաղաքական կյանքի ամենացավոտ երևույթներից մեկը դարձել է արժեքների արժեզրկումը, ընդհանուր համահարթեցումը։ Մարդիկ կատակով ասում են՝ պարգևատրվածների մեջ, բարեբախտաբար, կռվող տղաներ էլ կային։

Տասնամյակից ավելի է անցել մահաբեր պատերազմից։ Հարաբերական անդորր է սահմանի զույգ կողմերում, ռազմագործողություններ չկան առայժմ. (չհաշված հակառակորդի քարոզչական հզոր մեքենան, որ անդադար դիվանագիտական կրակահերթեր է սփռում բոլոր ուղղություններով)։ Քանի որ պատերազմական գործողություններ չկան, պարզ է, որ չեն կարող լինել նաև հերոսներ։ Խորհրդային ժամանակներում, իհարկե, խաղաղ երկնքի տակ էլ ծնվում էին հերոսներ, սակայն՝ աշխատանքի հերոսներ։ Բայց քանի որ աշխատանքի հերոս դառնալու համար նախ և առաջ պետք է լինի աշխատանք, որը մեր օրերում վաղուց դեֆիցիտ ապրանքի պես մի բան է դարձել, ուրեմն աշխատանքի հերոս դառնալու մասին հույսի նշույլ անգամ չի կարող լինել...

Պատերազմ չկա (առայժմ, բարեբախտաբար չկա, և տա Աստված, որ երբեք չլինի), աշխատանք չկա, բայց արի ու տես, որ մեր խաղաղ օրերում ավելի շատ հերոսներ են ծնվում, քան պատերազմական դաժան օրերին։ Հերոսանում են աջ ու ձախ։ Բացում ես ինչ-որ թերթ կամ գիրք և ապշում. պարզվում է, որ այսինչը, ոչ ավել, ոչ պակաս, հերոս է, իսկ դու, չիմանալով այդ, նրա հետ փողոցում խոսել ես՝ ինչպես ամենահետին ստահակի հետ։ Այնինչը ոչ միայն հերոս է, այլև հենց ինքն է սկսել Արցախյան շարժումը... Երրորդը՝ ռադիո-հեռուստաեթերներից հայտարարում է, որ հերոսը հենց ինքն է, դեռ ավելին՝ ազգի փրկիչ։

Մեկն աղմուկ-աղաղակով է իրեն հերոս հռչակում, մյուսը՝ թաքուն, անաղմուկ, երրորդը՝ աջ ու ձախ ինտրիգներ սարքելով և պղտոր ջրում ձուկ որսալով, հաջորդը՝ նախորդների վրա ցեխ շպրտելով, մի ուրիշը՝ կաշառելով, վեցերորդը՝ քծնելով ու շողոքորթելով, նույնիսկ սողալով կամ, պարզապես, իշխանական նստավայրերում ծանոթ-բարեկամներ գտնելով...

Մեկը կարծում է, թե հերոս դառնալու համար ամենակարևոր հատկությունը մեծ գլուխ ունենալն է, երկրորդի կարծիքով՝ լավ լսողությունն ու հոտառությունը, երրորդին թվում է, թե հերոս դառնալու համար անպայման պետք է բարեկամներ ունենալ իշխանական նստավայրերում...

Իսկ մենք, ցավոք, չգիտենք, որ նրանք հերոս են։ Դե, պարզ է, որ չէինք էլ կարող իմանալ. այն ծանր ու դժվարին տարիներին ո՞վ ժամանակ ուներ՝ շրջելու նկուղներն ու հարցազրույցներ կազմակերպելու նրանց հետ. բոլորի ուշադրությունն ուղղված էր ռազմի դաշտ, որտեղ կենաց ու մահու կռիվ էին մղում մեկի որդին ու հայրը, մյուսի ամուսինն ու եղբայրը, կամ բոլորը միասին... Որովհետև այնտեղ՝ մեր փոքրիկ հողակտորի ինչ-որ հատվածներում վճռվում էր երկրի լինել-չլինելու խնդիրը։

Եվ այսօր հերոսանում են մարդիկ, որոնց այն տարիներին ճրագով ու խոշորացույցով անգամ չէիր գտնի, հեռադիտակով նույնպես չէիր գտնի. անչափ շա՜տ էին հեռու՝ ծովային հետադիտակով անգամ տեսանելի լինելու համար։ Հետպատերազմյան այս հերոսների ստվարությունը առաջին հերթին վիրավորում է մեր հերոս նահատակների հիշատակը, նսեմացնում ու արժեզրկում նրանց թափած արյան գինը։

Ու ամենազավեշտականը, թերևս՝ ամենասարսափելին ոչ թե այն է, որ ծանր պատերազմում հաղթած մի ժողովուրդ այսքան վատ է ապրում, այլ այն, որ այսքան վատ ապրող փոքրիկ ժողովուրդն այսքան շատ հերոսներ ունի։ Հետպատերազմյա՜ն հերոսներ։ Շատ լավ և շատ շքեղ ապրող հերոսներ։

Գրեթե նույն վիճակն է նաև քաղաքացիական ոլորտում՝ արվեստի, գրականության, կրթության ու գիտության բնագավառներում։ Այսօր շքանշաններ ու մեդալներ են ստանում գրողներ ու գիտնականներ, որոնց վաղը ոչ ոք չի հիշելու։ Մրցանակներ են ստանում մարդիկ, որոնց գրքերը ոչ ոք չի կարդում, մարդիկ, ովքեր գրականության ու գիտության բնագավառում ոչ մի ներդրում չունեն։

Ու այսօր, պարզվում է, նրանք հերոսներ են, և հերոսանում են առանց ամոթի ու խղճի խայթի, հերոսանում են՝ առանց հասարակության կամքը հարցնելու։ Ոչ մեկը հարկ չի համարում հարցնել ժողովրդին, թե նա ի զորու է այդքան հերոսներ կրելու իր վտիտ ուսերին։ Ոչ ոք չի հարցնում նաև, թե այդ ինչու հերոսների թիվն ավելանում է, բայց ժողովուրդը, երեկվա զոհված զինվորի մայրը, կինն ու երեխան շարունակում են վատ ապրել...

Դրանք, հերոսացման մոլուցքով տառապող այդ հիվանդները, գուցե փորձեն մի ավելի օգտավետ գործով զբաղվել, իրենց ողջ ուժն ու եռանդը ուղղեն այլ բանի վրա։ Ասենք՝ հերոս դառնալու փոխարեն փորձեն նախ և առաջ Մարդ լինել, որը, կարծում եմ՝ ոչ պակաս կարևոր է։ Եվ հետո՝ ի՞նչ պարտադիր է, որ բոլորը հերոս դառնան։ Հերոսությունը փողոցում ընկած դատարկ բազկաթոռ չէ, որ ամեն պատահական անցորդ վրան բազմի...

Այն տպավորությունն է ստեղծվում, որ չինովնիկների ինչ-որ խավի ձեռնտու է արժեքների արժեզրկումը, արժեքների և ոչ արժեքների հավասարեցումը, համահարթեցումը, այսպես ասած՝ գազոնականացումը։ Մեր վաստակաշատ մտավորականներից մեկը կատակով ասում է. «Ծառերը կտրում, գազոն են դարձնում, որպեսզի թուփն իրեն ծառ երևակայի»։ Արդյունքում՝ խեղվում է մարդկանց հավատը, զինվորի, արվեստագետի ու գիտնականի հավատը։ Արցախյան պատերազմի հերոսն այսօր հոգու խորքում վիրավորված է զգում իրեն, որ իր մարտական շքանշաններից ու մեդալներից ստացել են նաև մարդիկ, ովքեր, մեղմ ասած, ամենևին արժանի չեն դրան։ Գրող ու գիտնականներն իրենց վիրավորված են զգում, որ պետականորեն խրախուսվում են գրչակներն ու վայ-գիտնականները...

«Երեկ հպարտանում էի իմ մեդալով, որ արյան գնով վաստակել եմ իմ ծառայությունների համար,- ասում է արցախյան պատերազմի վետերաններից մեկը,- իսկ այսօր այն ինձ համար դարձել է սովորական մի երկաթակտոր, որից ունեն նաև մարդիկ, ովքեր պատերազմն անց են կացրել իրենց նկուղներում»։

Վերջերս Ստեփանակերտում անցկացվեց հայկական երգի մրցույթ-փառատոն՝ «Ընծա» անվամբ, որին մասնակցում էին ԼՂՀ բարձրաստիճան այրեր, և վերջում նրանք թանկարժեք պարգևներ բաժանեցին երգիչ-երգչուհիների, ովքեր իրենց վարպետությամբ զիջում են այսօր իրենց գոյությունը մի կերպ պահող շատ ու շատ արվեստագետների։

Արցախցի չինովնիկը նախընտրում է մասնակցել կազինոների կամ բիլիարդի մրցումների բացման արարողությանը, քան ներկա գտնվել տեղական շնորհալի երգչի կամ ազգագրական համույթի ելույթներին։ Ստեփանակերտի մայր թատրոնը տասնամյակից ավելի է ղեկավարում է մի մարդ, որի ջանքերով արցախցի հանդիսատեսը վաղուց մոռացել է դեպի թատրոն տանող ճանապարհը։ Այդ «վաստակի» համար վերջերս նրան շնորհել են ԼՂՀ ժողովրդական արտիստի կոչում...

Լավատեսներն ասում են. «Ոչինչ, ամեն ինչ իր տեղը կընկնի, չէ՞ որ անցման շրջան է»։ Հոռետեսները հուսահատ թափ են տալիս ձեռքները, իսկ իրատեսներն ասում են. «Այս անցման շրջանը մի տեսակ կախարդական շրջան է դարձել, որից ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ»։

Էպիլոգ։ Երեկ փողոցում հանդիպեցի ծանոթ մի թոշակառուի։ Երբ հարցրի՝ ինչպես եք, տխուր պատասխանեց. «Պատերազմի, հրետակոծությունների ժամանակ ես կարծում էի, թե սարսափելի է մեռնելը, իսկ այժմ, երբ նայում եմ աչք ծակող դղյակներին և մոտերքում՝ աղբարկղերում մի կտոր հաց որոնող մուրացկաններին, մտածում եմ, որ սարսափելի է ապրելը»։

Комментариев нет:

Отправить комментарий