02.07.2017

Սև ու սպիտակ մտորումներ


Իմ շատ հարգելի ընկեր-բարեկամները հաճախ են ինձ խնդրում մեր իրականության, մերօրյա բարքերի դատապարտելի, այսպես ասած, «նեգատիվ» երևույթներից բացի գրել նաև մեր կյանքի լավ ու ընդօրինակելի երևույթների մասին։

Հարգելիներս, իշխանական հեռուստաալիքներն ու տպագիր և էլեկտրոնային թափոնը զօր ու գիշեր տնտեսական աճերի մասին են շեփորում։ Ու որքան ստվարանում է աղքատ բնակչության բանակը, նույնքան մեծանում են տնտեսական աճի տոկոսները։ Իմ հրատարակած թերթում ես ներկայացնում էի թե՛ սևը, թե՛ պեղելով հայտնաբերած սպիտակը։

Բայց ասենք թե գրեցի, որ սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց և իրենց երեխաների բերանից կտրում, փող են տնտեսում, գումարներ են հանգանակում և մեզ մոտ կրթօջախներ ու բազում այլ անհրաժեշտ օբյեկտներ հիմնում... Սակայն չեմ կարող միաժամանակ չհիշեցնել, որ այստեղ ապրում են հարյուրավոր գիշատիչներ, որոնց մեկ ամսվա թալանը երիցս, բազմիցս գերազանցում է սփյուռքի մեր ազնվագույն հայրենակիցների մեկ տարվա եկամուտը՝ միասին վերցրած։ Ինչպե՞ս չասեմ, որ թշնամին միայն սահմանի հակառակ կողմում չէ, և որ ներսի հրեշը երիցս վտանգավոր, ստոր ու նենգ է...

Այնպես որ, մեծն Թումանյանի ասած՝
«Էհ, մի՛ խոսեցնի, աստված կըսիրես,
Թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ...»։

Գողերը տարբեր են լինում։ Կա ձու գողացող, որ ինչպես հայտնի ասացվածքն է ուսուցանում, հետո ձի է գողանում։ Գիրք թռցնողներ էլ կան, որոնք ինչ-որ ցիտատ են մեջբերում, որ իբր գրքի գողը գող չէ։ Բայց իրականում գողությունը մնում է գողություն, անկախ նրանից գի՞րք ես թռցնում, թե՞ միրգ։ Կան գողեր, որ միայն հարուստներին են թալանում և այլն։ Ի դեպ, վերջիններին ես մի թեթև հարգում եմ...

Բայց, ըստ իս, ամենասարսափելին պաշտոնագողերն են։ Սրանք իրենց մեջ խտացնում են գողի ամենաստորակարգ հատկությունները։ Սրանք, ժողովրդի լեզվով ասած, մոր ծիծ կտրող են։ Վերջին 25-30 տարում Հայոց երկրում ձևավորվել է պաշտոնագողերի մի ստվար բանակ։ Ամենաստոր ճանապարհներով՝ խաբեությամբ, կաշառատվությամբ, ընտրակեղծարարությամբ, անգամ իրենց հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելով, սրանք այսօր տիրացել են, ավելի ճիշտ՝ բարձր աթոռներ են գողացել և իրենց երևակայում են «էլիտա»։ Մինչդեռ այս պաշտոնագողերի քոքը մինչև չկտրվի, ոչ միայն պետություն չենք դառնալու, այլև ուղիղ գծով սլանալու ենք անդունդ։ Ցավոք, առայժմ այդ ճանապարհին ենք...

Իմ ավագ ընկերն ու լավ բարեկամն է պատմում. «Խորհրդային տարիներին էր, երբ օդակարգավորիչները, օդորակիչները զարդարում էին միայն բարձր պաշտոնյաների աշխատասենյակները։ Մոսկվայում մի պրոֆեսորի դասաժամն էր։ Տոթ օր էր, ուսանողները ամառային թեթև հագուստներով էին, իսկ պրոֆեսորը՝ կոկիկ կոստյումով ու փողկապով։ Կուրսի ավագը ներողություն խնդրեց ու հարցրեց պրոֆեսորին.
- Շատ տոթ է, ինչո՞ւ ձեր պիջակը չեք հանում։
- Ձեր նկատմամբ ունեցած իմ հարգանքից,- ժպտալով պատասխանեց պրոֆեսորն ու շարունակեց դասախոսությունը»։

Հիշեցի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բոլորին ծանոթ ժիլետը։ Բայց այստեղ թերևս կարծիքները կարող են բաժանվել՝
Առաջին. դա անկուլտուրականություն է, ոչ հարգալից վերաբերմունք ներկաների հանդեպ,
Երկրորդ. այդ միջավայրին դա էլ է շատ։ Կարապետյանն այդ մարդկանց շատ հանգիստ կարող է ներկայանալ նաև մայկայով ու տրուսիկով...

Որքան էլ փորձենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, որքան էլ հեքիաթներ ու առասպելներ հյուսենք «հայի հետին խելքի» կամ «ներկա մտքի թռիչքների», մեր բազմահատոր արժանիքների մասին, սիրենք չափվել աշխարհի հզորների հետ՝ անգամ խորհուրդներ ու դասեր տալով նրանց, մոռանալով, որ նախ պիտի կարողանանք հասնել Մոզամբիկին կամ Փղոսկրի ափին, փաստն այն է, որ մենք մեր պարզամտությամբ, առավել հաճախ մանկան վերլուծական գիտելիքներով շարունակում ենք ետ մնալ բազմաթիվ նրանցից, ովքեր դեռ ծառի վրա էին, երբ մենք թատրոն ունեինք։ Մեզանում հարգի է ցուցամոլությունը, ցուցադրականությունը, ձև ու բովանդակությունից նախընտրում ենք ձևը, արտաքինը։

Մեր չափանիշներով մարդ կամ հերոս է կամ ոչինչ, գեներալ է կամ շարքային։ Միջին չկա։ Արցախյան պատերազմից հետո տեսեք քանի՜ գեներալներ են լույս աշխարհ եկել, քանի՜-քանի մեդալակիր-շքանշանակիր հերոսներ ունենք ու դեռ շարունակում են ծնվել, ինչպես սնկերը անձրևից հետո։ Մեկը որ սովորական մի լավ բան է անում, ասում ենք՝ հերոս է։ Ու հաջորդ օրը, երբ այդ «հերոսին» տեսնում ենք այնպիսին, ինչպիսին իրականում կա, մի հարվածով նրան գցում ենք այն նույն փչովի պատվանդանից, որի վրա մենք ինքներս ենք ցցել։ Չգիտեմ, գուցե այս ամենը գալիս է մեր միամտությունից, դարեր շարունակ այդպես էլ ինքներս մեզ և աշխարհը չճանաչելուց, պատրանքներով, սին հույսերով ապրելուց ու ցանկացած երևույթի խորքը տեսնելու անկարողությունից։ Չը-գի-տեմ։

Комментариев нет:

Отправить комментарий