14.10.2023

Մակաբույծը

Մակաբույծների մասին գրելն այնքան էլ հաճելի զբաղմունք չէ։ Բայց դե, չգրելն էլ սխալ է, որովհետև եթե այդ չարիքի մասին չգրվի, դրա դեմ պայքար չմղվի, Երկիր մոլորակը ծածկվելու է նման մակաբույծներով և վերացնի գեղեցիկ ու վեհ ամեն բան 

Բայց այս անգամ ուզում եմ խոսել մարդ- մակաբույծի մասին։ Նրան պայմանական կարող ենք  կոչել ցանկացած անվամբ ու ազգանվամբ։ Ասենք` Արշամ Պարսամյան, Արման Թադևոսյան կամ Արմեն Թովմասյան և այլն։ Բայց ընտրենք սրանցից մեկը` երկրորդը կամ հենց վերջինը։

Ուրեմն այսպես։ Վերջին մոտ երկու տարում չճանաչված փոքրիկ մի երկրի քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար էր աշխատում սույն արարածը, որին անվանեցինք Արմեն Թովմասյան։ Այս գոյացությունը չէր սիրում այդ կառույցը, որի պետն էին նշանակել, իսկ աշխատողներին հիմնականում ատում էր։ Անշուշտ նա կարող էր հրաժարվել վերոհիշյալ հիմնարկը ղեկավարելու առաջարկից, բայց չէ, նրա նմանների համար կարեւորը պաշտոնն է, ո՞նց կարող էր հրաժարվել։ Նաեւ` այս երեք տասնամյակում այդ երկրում ո՞վ է բարձր պաշտոնից հրաժարվել, որ նա հրաժարվեր։ Դատարկ պահածոյատուփն անգամ երբ դնում են նախարարի աթոռին, անմիջապես իրեն համարում է անփոխարինելի նախարար։

Ի դեպ, անցյալ տարվա սկզբներից սույն «պարոնը» գտնվելով Երեւանում, ամիսներ շարունակ այդպես էլ իր համաձայնությունը չտվեց, որպեսզի բաժիններից մեկի վարիչի թափուր պաշտոնում, օրենքի համաձայն, որպես պաշտոնակատար նշանակեն այդ բաժնի երկու արժանի, պրոֆեսիոնալ աշխատողներից որեւէ մեկին, որը պաշարման մեջ գտնվող, հազար ու մի հոգսերի մեջ խրված լինելով, թեկուզ  մի չորս ամիս համեմատաբար բարձր աշխատավարձ կստանար...

Շարունակ պատճառաբանում էր, որ շուտով վերադառնալու է ու անձամբ լուծի այդ հարցը... 

Այդ ընթացքում, շրջափակված այդ երկրում ապրող բարեկամս, որ այդ երկրի ազատագրության համար մղված բազմաթիվ պատերազմների մասնակից էր, առանց վախենալու, «Կարմիր խաչի» ուղեկցությամբ թշնամու անօրեն անցակետով անցավ, եկավ Երեւան, սիրտը վիրահատեցին, ու կրկին հետ վերադարձավ։ Եվ ոչ միայն նա։ Բայց սույն «պարոնն» այդպես էլ չբարեհաճեց վերադառնալ հայրենի երկիր, որպեսզի իր աշխատողների հետ կիսի պաշարման ու սովի ողջ «հմայքը»...

Պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում, երբ «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով նա հայտնվել էր վերոհիշյալ հիմնարկի ղեկավարի աթոռին, այդպես էլ հարկ չհամարեց գոնե փոքրիկ մի էքսկուրս կատարել իր ղեկավարած հիմնարկով, բացել աշխատասենյակների դռներն ու ծանոթանալ, թե աշխատողները ոնց են տեղավորված, որ բաժին որտեղ է գտնվում, ով որտեղ է նստում, արդյո՞ք բոլորն ունեն աթոռներ, թե՞ կանգնսծ են աշխատում։ Գենե մի անգամ խորհրդակցություն չհրավիրեց, որպեսզի կոլեկտիվի հետ թեկուզ մի հարց քննարկի։ Թքած ուներ, որովհետեւ նրա համար կարեւորն իր պաշտոնն էր ու բարձր աշխատավարձը։

Ներհիմնարկային նրա ճամփորդությունը սահմանափակվում էր միայն պաշտոնական աշխատասենյակ-զուգարան երթուղով։ 

Ինչո՞ւ եմ գրում այս տողերը։ Հիշում եմ, թե նա ոնց էր քուն ու հանգիստը կորցրել, կոշիկների ծայրից մինչ ականջները կարմրատակել, երբ իր ղեկավարած հիմնարկի պատասխանատու աշխատողներից մեկն ու այլ հիմնարկում աշխատող նրա քաղծառայող մի այլ ընկեր կոլեկտիվ նամակ էին ստորագրել` ուղղված տարիներ շարունակ իրեն բարձր պաշտոններում տեղավորող պարոնին` իր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած աներևւակայելի մեծ աղետի համար անձնակսն պատասխանատվության կապակցությամբ։ 

Ո՜նց թե, նրա տիրոջ դեմ էին գրել։ Ո՞նց են համարձակվել` մտածում էր, որովհետեւ բոլորին իր արժեհամակարգով ու իր արշինով էր չափում, չիմանալով, որ կան մարդիկ, որոնք թքած ունեն իր տիրոջ ու ընդհանրապես բոլոր տերերի վրա, և նրանց համար գլխավորը ճշմարտությունն է, արդարությունը։

Այդ նամակից հետո շատ ջրեր են հոսել, ու նրան այնքա՜ն լավություններ արած պարոնը հայտնվել է թշնամու բանտում։ Վերոհիշյալ կոլեկտիվ նամակը ստորագրող երկու ընկերները, որ հիշյալ երկրի ղեկավարի պաշտոնավարման տարիներին տասնյակ հազարավորների պես միայն տուժել են ու հաստատ նա իրենց աչքի լույսը չէր, սոցիալական ցանցում ու մամուլում տարբեր առիթներով ակնարկել են, որ ցավում են թշնամու բանտում հայտնված  այդ պարոնի, մյուս անձանց ու հատկապես Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Իշխանյանի համար, որովհետևւ թշնամին նրանց կալանավորել է նրա համար, որ հայ են ու այդ երկրի բարձր պաշտոնյաներ։

Բայց ահա, սույն «պարոնն» այդպես էլ ձայն ու ծպտուն չհանեց, մի բառ անգամ չարտաբերեց ի պաշտպանություն իրեն այնքա՜ն լավություն արած ղեկավարի։

Ու ոչ միայն նա։ Այդպիսի մոլախոտերը ցավոք շատ-շատ են։ Թշնամու բանտում հայտնված վերոհիշյալ ղեկավարի շնորհիվ բարձր պաշտոններում հայտնված, ոչնչից ամեն ինչ դարձած մյուսների կողմից ևս նման ցավ չի զգացվել, գոնե մեկ բառով չեն հիշել, ափսոսանք չեն հայտնել անօրեն ձեւով ձերբակալված, թշնամու բանտում հայտնված այդ մարդկանց համար։

Այնպես որ, սույն արարածը միակ երախտամոռը չէ։ Այդ երկրի կադրերի ստվար մասը նրա նման են։

Հ.Գ. - Ինձ համար նշանակություն չունի ու բացարձակապես ինձ չի հետաքրքրում, թե այս տողերը սույն մակաբույծը կարդալո՞ւ է, թե՞ ոչ։ Այս ամենը ես գրել եմ, որպեսզի չիմացողները գոնե թեթեւ պատկերացում կազմեն այսպիսի մակաբույծբերի մասին, որպեսզի նրանք հասկանան, որ տարիներ շարունակ սրա պես «կադրերն» էին երկիր ղեկավարում, որի արդյունքում ի վերջո փոքրիկ այդ երկիրը կործանվեց։

Комментариев нет:

Отправить комментарий