21.10.2023

Հեքիաթի և իրականության միջև

Տարիներ առաջ, դեռևս մինչև գերագույն հրեշի կողմից խաբեությամբ իշխանություն զավթելը, երբ Արցախն ուներ մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ես գիտեի, որ գալու է այս օրը, որովհետև ՀՀ-ի և Արցախի իշխանությունների գործունեությունը միտված էր դրան։ Քանդելով, ավերելով ու հատկապես երկիր թալանելով պետություն չեն կառուցում, և սովորաբար նորմալ երկրներում թալանչիներն ու զանազան պարազիտները ոչ թե երկրի ղեկին են լինում, այլ բանտում։

Ու քայլ առ քայլ մոտեցրինք և եկավ այդ օրը։ Արևմտյան Հայաստանի ճակատագրին արժանացավ նաև պատմական Հայաստանի տասերորդ նահանգը` Արցախը, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածը, որ ներկայիս ՀՀ-ի արևելյան դարպասն էր։

Այս ամենը կատարվեց անկախական կոչված ժամանակահատվածում հերթով իրար փոխարինող ապազգային իշխանությունների, նույնքան ապազգային ու տականք ընդդիմության և ժողովրդի մասնակցությամբ կամ անտարբերության պայմաններում։ Որովհետև կեղծիքի, ստի, անօրինությամբ փչած, ուռճացրած փուչիկը ի վերջո մի օր պայթում է։ Ու պայթեց։ Ու կրկին ցեղասպանություն, արտագաղթ, հազարավոր խեղված ճակատագրեր և հայրենիքի կորուստ։

Այս ամենի պատճառները շատ-շատ են, իսկ ամենագլխավորը, որ մեկ դար առաջ ակնարկել էր մեծն Թումանյանը` որովհետև մենք «ներսից ենք փչացած»։ Մենք ոչ միայն տարրական հարգանք չունենք ՀՈՂԻ, սեփական երկրի հանդեպ, այլև մեզ համար խորթ են լավի, գեղեցիկի գնահատումը, մեծահոգությունը, երախտագիտությունը, արժանապատվության զգացումը։ Փոխարենը մեր արժեհամակարգում առաջին տեղերում են կեղծիքը, խաբեությունը, նախանձը, երախտամոռությունը, ցանկացած տականքության պաշտամունքը, որոնք համազգային դարձած տգիտության պայմաններում ուղղակի սարսափելի կործանարար վերջաբանի են հասցնում։

Մենք ատում ենք ճշմարտությունը, որովհետև այդ «անտերը» միշտ դառն է լինում։ Փոխարենը սիրում ու պաշտում ենք գեղեցիկ սուտը, շքեղ հանդերձավորված կեղծիքը։ Չենք ուզում տեսնել մեզ ոչ հաճո դաժան իրականությունը, աչքներս փակում, երազների գիրկն ենք ընկնում ու մեզ խաբում վարդագույն պատրանքներով ու քաղցր, հրաշապատում հեքիաթներով, որտեղ շուտով ազատագրելու ենք Մուշն ու Սասունը և Ստամբուլն «արյան ծով» ենք սարքելու...

Նիկոլի պայմանավորվսծ պատերազմից հետո մեր գեներալներից մեկը հայտարարում էր, որ շուտով մերն են լինելու Շուշին ու Հադրութը` թքած ունենալով, որ դրա նախադրյալները զրո են։ Այսօր էլ նույնատիպ հեքիաթներ են հնչում Արցախը կրկին ետ բերելու մասին և, ցավոք, մարդիկ հենց նման ստերն են սիրում, իրենց տրամադրում, որ այդպես էլ լինելու է։ Մոլեռանդ հավատացյալներն էլ դրան գումարում են` աստված շուտով պատժելու է մեր թշնամուն։

Իսկ այս ամենի, վարդագույն ցնորքների ու հեքիաթների փոխարեն մեր դիմաց դաժան ու ծանր իրակսնությունն է` զոհասեղանին դրված Սյունիքով, Գեղարքունիքով ու ընդհանրսպես ողջ Հսյաստանը կորցնելու փաստով։ Երևանի սրճարաններում ծխի քուլաներ թռցնող ջահելների սրճի բաժակներում սև մրուրն անգամ վարդագույն է երևում, իսկ Սյունիքն իր ճակատագրով շատ հեռու, ինչպես մի ժամանակ Արցախն էր շատ հեռու ու իշխողն այն էր, որ մայր կկվի պես այն կարելի էր նետել աղվես-թշնամու բերսնը, որպեսզի «լավ ապրենք»։ Դե, ի՞նչ կա որ` Սյունիքն էլ կտան, Ջերմուկն ու մյուս բնակավայրերն էլ կտան, որպեսզի ազգ ու ժողովրդից բնակչություն, ամբոխ, բոշա դարձած մարդակույտը «լավ ապրի»` չհասկանալով ու չցանկանալով տեսնել, որ վաղն ինքն է դառնալու թշնամու բերանը նետված «կկվի ձագը»։

«Հրապարակ» օրաթերթ

Комментариев нет:

Отправить комментарий