27.11.2023

Ոչ միայն հայրենիք ենք կորցրել, այլեւ միլիարդավոր գումարներ

1988-ից մինչև 1992 թվականը, խաղաղ պայմաններում, ադրբեջանական վայրենությունների ու տեղահանությունների  պատճառով 400 հազար հայ սպանվելով, անարգվելով, թալանվելով ու փախչելով, արտաքսվել է Ադրբեջանից: Այդ ընթացքում 140 000 ադրբեջանցի ընդամենը մեկ պատահական զոհով, կազմակերպված լքել է Հայաստանը: 

Ըստ որում` հայերը տեղահանվել են հիմնականում քաղաքներից, իրենց բարեկարգ տներից ու բնակարաններից, իսկ ադրբեջանցիները՝ հայաստանյան իրենց հյուղակներից։ 

Անտեսելով արտաքսված հայերի ու տեղափոխված ազերների  ունեցվածքային կորուստների որակական տարբերությունը, և փաստը, որ արտաքսվող հայերն Ադրբեջանի քաղաքացիներն են եղել և իրենք ունեն նաև զուտ ադրբեջանական տարածքների հանդեպ սեփականության իրավունք, որը հարյուրավոր միլիարդների արժեք ունի, նշենք փոխհատուցման ենթակա միայն  բնակարանային գումարի արժեքը։ 

260 հազար հայերը կազմել են մոտ 65 հազար ընտանիք, որոնք ունեին 65 հազար տուն։ Մեկ տունը միջինը գնահատելով 100 հազար դոլար (որն ադրբեջանական միջինից 2 անգամ ցածր է), կստանանք, որ 65 հազար հայերի տները ներկս գներով արժեին 6,5 միլիարդ դոլար։ Հակահայ քաղաքականությունը վարել է Ադրբեջանը, հետևաբար այդ փողի պատասխանատուն ներկա ադրբեջանական իշխանությունն է։ 

Ներկա հայ իշխանավորների հակահայ ու պրոթուրքական քաղաքականության եւ կազմակերպված ռազմական պարտության պատճառով, հայաթափվեց և կորսվեց նաև մի քանի հազարամյա հայկական Արցախը։ 

Արցախի իշխանությունները տեսնելով ու հասկանալով, որ ՀՀ ներկայիս իշխանությունները վարում են ապազգային ու հատկապես հակաարցախյան քաղաքականություն, երեւանյան իշխանությունների պոչից կախվելու փոխարեն պետք է խելք ու քաջություն ունենային եւ ավելի վաղ, այս աղետից առաջ աշխարհի առաջ փոխհատուցման հարց բարձրացնեին` կանխազգալով, որ շուտով ազերները տիրանալու են ողջ Արցախին ու 120 հազար արցախցիների ունեցվածքին։ 

Արցախն ինքը տրիլիոնավոր դոլարների արժեք ունի, քանի որ Ղարաբաղով թուրքերը Թուրան են կերտելու։ Քանի որ հայ տղամարդը հիմա որպես տղամարդ կամ պարզապես մարդ իրեն դրսևորելու ու առավել ևս կռվելու եւ բանակցելու ունակություն չունի, արցախցիները պետք է պատրաստ լինեին ժամանակին լքել Արցախը` փողային փոխհատուցման դիմաց։ 

Այդ հիմքերով 120 հազար արցախցիներին հասնող 30 հազար տների արժեքը գնահատվում է առնվազն  3 միլիարդ դոլար։ 

Այս հարցով պետք է դիմեին աշխարհի  կառավարություններին ու ժողովուրդներին եւ Ալիեւից պահանջեին այդ գումարը։ Այդ օրերին նա հաստատ սիրահոժար կտար այդ փողը, քանի որ դեռեւս պատերազմով Արցախը զավթելու ռիսկը հաստատ չուներ։

Որպեսզի ավելի պարզ լինի ասվածը, այն ներկայացնեմ Շվեյցարիայի օրինակով, որը վերջերս քննարկել եմ գիտնական ընկերոջս հետ։

Շվեյցարիայում,  նույնիսկ ոչ քաղաքային նշանակության մեկ քառակուսի մետր հողն արժե մոտ 1000 շվեյցարական ֆրանկ, որը համարժեք է դոլարին։

Խորհրդային Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր պարամետրերով հավասար է Շվեյցարիային եւ ուներ 4,5 հազար քառ. կմ տարածք։ Այսինքն`  թուրքերն Արցախն իրենցով անելով, հայերից թալանել են 4500x1000000 կամ 4,5 միլիարդ քառակուսի մետր հող։ Մետրը հաշվենք միջինը 50 դոլար, կստացվի 220 միլիարդ դոլար։ Եթե Արցախը 120 հազար բնակիչ ուներ, ապա  ամեն արցախցուց ազերները խլել են մոտ 2 միլիոն դոլար։ 

Եթե այսպես շարունակվի, ու ակնհայտ է, որ այդպես էլ շարունակվում է, ապա վաղն էլ Հայաստանից են հայերին արտաքսելու։ Նախապես այդ հաշվարկն էլ անենք։

Հայաստանը Շվեյցարիա չէ, բայց  քանի որ Հայաստանն էլ Թուրանի կոկորդային հողն է լինելու` մեզանով է կայանալու այն, Հայաստանի հողն էլ շվեյցարականից ոչ պակաս, եթե ոչ ավել,  գին ունի։ Որպես Թուրանը կապող միակ օղակ, Հայաստանի հողը մոտավորապես համարժեք է լինելու, ասենք, Ջիբլարթարի պես կարևորագույն անցմանը՝ որպես ցամաքային Ջիբլարթար։ 

Հայաստանի տարածքը Արցախ-ԼՂԻՄ-ից մեծ է մոտ 7 անգամ, այսինքն Հայաստանի հողն էլ նույն համեստ հաշվարկներով կարժենա մոտ 1,5 տրիլիոն դոլար։ Եթե բնակչությունն էլ  ընդունենք 2 միլիոն, կստացվի, որ վաղը ամեն հայից խլելու են 750 հազար դոլար։

թուրքն արդեն 10 դար  ու մանավանդ վերջին 35 տարում շատ լավ գիտե, թե ինչ է անում, իսկ թե 10 միլիոնանոց հայությունն ինչ է անում, մի բառով կարելի է ասել` ոչինչ։

Այս հոդվածը գրելու պատճառը մարդկանց քնից արթնացնելն է, օդեղեն հեքիաթներից ու փրկիչների սպասելուց դաժան իրականություն վերադարձնելն է, որովհետեւ որքան էլ իրականությունից, ճշմարտությունից փախչես, վերջինս քեզ բռնելու եւ նստեցնելու է քո տեղը։ Խնդիրն այն է, որ այն հողի վրա լինի, ոչ թե հողի տակ։ 1915 թիվը, սումգայիթները, կիրովաբադ-բաքուն, երեկ էլ Արցախը պետք է մեր աչքի առաջ լինի ու վերջապես պիտի սովորենք դասեր քաղել մեր սխալներից։

«Հրապարակ» օրաթերթ


25.11.2023

Ինչ զենք, ինչ պայքար` մենք խաղաղասեր ժողովուրդ ենք

Մեզանում կա կուռքի պաշտամունք, պաշտամունք առ Աստված ու հատկապես Փողի, նյութականի պաշտամունք եւ այլն։ Բայց ահա, հակառակորդներով ու թշնամիներով շրջապատված մեր երկրում չկա Զենքի պաշտամունք։ Ավելին՝ մեզանում զենքը մի տեսակ արհամարհված է, վտանգավոր եւ ավելորդ մի բան է համարվում։ Սովորական մի որսորդական հրացան ձեռքբերելու համար քաղաքացուց այնքան տեղեկանքներ ու բյուրոկրատական թղթիկներ են պահանջում, այնպիսի պայմաններ են ստեղծում, որ խեղճը փոշմանում է հրացան ձեռք բերելու համար, իսկ մյուսներն էլ, դա տեսնելով, ձգտում են հեռու մնալ այդ գլխացավանքից։

Տարբեր առիթներով գրել եմ, որ Արցախյան շարժման տարիներին գրած իմ առաջին հոդվածներից մեկը վերնագրված էր՝ «Հայի աստվածը Զենքն է», եւ այն տպագրվել էր արցախյան ու երեւանյան մամուլում։ Արցախյան պատերազմում մենք հաղթել ենք ոչ միայն մեր ոգու, քաջության, անկոտրում կամքի, այլեւ զենքի հանդեպ այդ ժամանակաշրջանում ստեղծված հարգալից, կասեի՝ պատկառալից վերաբերմունքի պատճառով։ Ովքեր կարողանում էին՝ հրացան, ավտոմատ, ինքնաշեն նռնակներ էին պատրաստում, մյուսները որտեղից հնարավոր է՝ զենքեր էին գնում, ձեռքբերում...

Պատերազմից հետո իշխանությունների ջանքերով զենքի հանդեպ վերաբերմունքը սկսեց փոխվել։ Սկիզբ առավ՝ ունեցած զենքերը, զինամթերքը հանձնելու օպերացիան։ Անշուշտ ոչ այն պատճառով, որ իշխանությունները մտահոգված էին ողբերգական պատահարների բազմապատկումից եւ ուզում էին սպսսվելիք «վտանգի» առաջն առնել։ Ոչ, նրանք հենց իրենք էին դրանից վախենում, բայց մյուս ձեռքով ատրճանակներ էին նվիրում իրենց շրջապատին՝ օլիգարխներին ու զանազան տականքներին։

Հիշո՞ւմ եք ինչպես էր վերնագրված  Լեւոն Տեր-Պետրոսյանի «նշանավոր» հոդվածը՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»։ Եվ շուրջ երեք տասնամյակ հայոց իշխանական վերնսխավը սեփական երկրում այն սերմերն էր ցանում, ըստ որի՝ եթե խաղաղություն ես ցանկանում, դրանով փակում ես պատերազմի ճանապարհը։ Հիշեք նաև Սերժիկ Սարգսյանի 2011 թ. ելույթը ԵԱԽԽՎ ամբիոնից՝ Հայաստանը «այս քսան տարիների ընթացքում» ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին՝ պատերազմի։ Ապա՝ «Ադրբեջանը առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետև նրանք իրոք իրենց ժողովրդին պատրաստել են և պատրաստում են պատերազմի»։ 

Ու հենց այդպես էլ եղավ, բայց ոչ միայն այն պատճառով, որ պայմանավորված պատերազմով Արցախը դավաճանաբար հանձնեցին, այլև արհամարհված ու օրվա իշխանությունների թեթև ձեռքով գրեթե կազմալուծված էր Զենք կրող գլխավոր գործոնը` բանակը։ Կալանավորում էին, գործեր ստեղծում նախկին հրամանատարների դեմ ու խնդիրն այն չէր` իրո՞ք մեղավոր են նրանք, թե՞ ոչ, այլ խնդիրն այս էր ռուս հայտնի գրական հերոսի ասած` А судьи кто... Ասել է թե`իսկ ովքե՞ր են նրանց դատողները։

Իրենց նժդեհական համարողներն անգամ թքած ունեին Նժդեհի հանրահայտ պատգամի վրա՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։ Բայց չէ՛, ի՞նչ պատերազմ, ի՞նչ զենք, մենք խաղաղասեր, մարդասեր ժողովուրդ ենք, ոչ մեկի հողին ու հացին աչք չենք դրել, մենք նախընտրում ենք 500-600 հոգով մի քանի ենիչերիի առաջն արած՝ մորթվել, քան այդ 500-600 հոգուց թեկուզ 20-30 հոգով հարձակվել ու սատկացնել մի քանի մարդասպանին։ 1915-ին հիմնականում այդ տխուր, ցավալի, ողբերգական եւ ամոթալի պատկերն էր։ Այսօր դրա ավելի ամոթալի ու խայտառակ պատկերն է` ենիչերիի դերում ազգի տականքն է։

Զենքի պաշտամունքը մեզ անհրաժեշտ է ոչ միայն արտաքին թշնամուց պաշտպանվելու համար, այլև հենց ներքին տականքին սանձելու համար, որպեսզի պարբերաբար չհոշոտեն քեզ ու քո երկիրը։ Որովհետեւ Զենքը ոչ միայն կրակում է, այլեւ դիմացի զենքին ստիպում է չկրակել։ Այսինքն՝ Զենքը ոչ միայն կրակելու հատկություն ունի, այլեւ հակառակորդին, դիմացինին ստիպում, պարտադրում է քեզ չհոշոտել, քեզ չսպանել։ Զենքը հակառակորդին ստիպում է հարգել քեզ ու ապրելու քո իրավունքը։

Այն նաեւ լավագույն միջոցն է ստրկամտության դեմ ու հենց զենքով են խաղաղություն հաստատում, այլ ոչ թե խաղաղություն մուրալով, թշնամու առաջ փալաս դառնալով ու պարբերսբար նրա կողմից ծաղրվելով։

Զենք բռնողը, զենքի տերն իր ուժերի հանդեպ վստահություն է ձեռք բերում, դիմացինից այլևս չի վախենում, հույսը չի դնում ուրիշների վրա եւ փրկիչների չի սպասում։ 

Վերջերս ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ Հայաստան արտագաղթած արցախցիներն իրենց հետ մեծ քանակությամբ զենք են բերել, ու պահանջում էին դրանք ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին։

Նախ, հետաքրքիր է, ամեն ինչ մանրակրկիտ ստուգող ժամանակակից սարքավորումներով պաշտպանված թշնամու անցակետով ինչպե՞ս են «մեծ քանակությամբ» զենք անցկացրել։ Երկրորդ` չէ՞ որ նրանց ստուգում էին նաեւ ՀՀ սահմանապահ հատվածում։ Երրորդ` այդ ինչպե՞ս պարզեցին այդ զենքի մեծաքանակ լինելը, եթե դրանք չեն տեսել ու առգրավել։

Այնպես որ` մեզանում շարունակում է իշխել զենքի հանդեպ վախը, սարսափը, որն ամենապարարտ հողն է ստրկամտության ու տվյալ երկրի կործանման համար։

«Հրապարակ» օրաթերթ

24.11.2023

Լավ քաղաք է Վանաձորը, բայց ես մեր Արցախն եմ ուզում

Զրուցում եմ Լոռու մարզում, ավելի կոնկրետ` Վանաձորում տեղավորված արցախցի բարեկամիս` վաթսունամյա  Հայկի հետ։ Հարցնում եմ` քաղաքի, մարդկանց մասին, իր ընտանիքի, պրոբլեմների մասին։

Ասում է` վերջից սկսեմ. հարցնում ես պրոբլեմների մասին։ Դե, դու ինքդ ինձնից լավ գիտես, թե ինչ ասել է ծննդավայր, տունուտեղ, հայրենիք կորցրած մարդ։ Նույնն է, ինչ ծառից կոպտորեն կտրած, մի կողմ նետած ճյուղի կտորը։ Բայց դե, ի՞նչ եմ ասում, ծառի ճյուղը հոգի չունի, գիտակցությունից զուրկ է, հիշողություն չունի, զգացմունք չունի, ցավ չի զգում...

Մի քանի րոպե լռում է ու շարունակում. Մանկությունս, երիտասարդությունս, այն ծեր թթենին, որի տակ հանդիպում էի սիրած էակի հետ, իմ ձեռքով տնկած մի քանի տասնյակ ծառերը, իմ ձեռքով կառուցած երկհարկանի տունը, ամեն ինչ, ինչ ունեի, ինչ ես էի ստեղծել իմ այս կոշտացած ձեռքերով, ինչ կառուցել էին իմ հայրը, պապերը, նրանց ապուպապերը, հարազատներիս գերեզմանները, իմ ապրած վաթսուն տարվա կյանքի, իմ հիշողությունների հետ մնացել է էնտեղ, ինձնից խլված իմ հայրենիքում...

Հետո նայում է ինձ, տխուր նայում է աչքերիս մեջ ու մեղավոր շշնջում` ներիր, քո մեծ ցավն էլ տակնուվրա արեցի... Հա, Վանաձորի, լոռեցի մեր հայրենակիցների մասին հարցրեցիր։ 

Կրկին լռում է, փորձում է մտքում շրջել ԱՅՆ մի էջը, ցավոտ, ողբերգական, դաժան էջն ու վերադառնում է այս, նոր իրականություն` լավ մարդիկ են։ Հանգիստ, բարեհոգի, ինչ-որ տեղ մեզ` արցախցիներիս նման, ինչ-որ տեղ մեզնից տարբեր...

Վանաձորում, որ էն տարիներին Կիրովական էինք ասում (ի դեպ, այստեղ էլ շատերը շարունսկում են Կիրովական ասել), մինչ այդ երբեք չեմ եղել։ 1988-ի կործանարար երկրաշարժից հետո երբ Արցախից ևս մի մեծ շարասյուն օգնության եկավ, այդ սարսափելի օրերին ես էլ էի կամավոր գրվել ու եկել։ Բայց Լենինականում էր մեր խումբը... Մղձավանջ էր դա։ Էդ օրերին Լենինական, կարծում եմ` նաև Կիրովական ու Սպիտակ այլևս  քաղաքներ չէին, այլ համատարած փլատակներ...

Հա, Վանաձորի մասին էիր հարցնում։ Դեռևս էն` սովետական տարիներից գիտեի, որ Հայաստանի երրորդ քաղաքն է` Երևանից ու Լենինական-Գյումրիից հետո։ Միշտ էլ այդպես էի կարծում` Ստեփանակերտից առնվազն կրկնակի մեծ ու թերևս ավելի սիրուն։ Բայց մեծ էր զարմանքս, երբ տեսա, որ ընդամենը միայն մեծ է, բայց ավելի սիրուն չէ։ Մի տեսակ խեղճ, գավառական` ոչ վատ իմաստով, ոնց որ անցյալ դարերի կեսերին մնացած սուսիկ-փուսիկ քաղաք է։

Ապշած էի, որ քսղաքային տրանսպորտը բացառապես հին, դարն ապրած գազել-ներից է կազմված։ Մեզ մոտ էդպիսի մեքենաները «սպիսատ» էին անում, արգելում էին օգտագործել որպես ներքաղաքային երթուղային տրանսպորտ։ Մեզ մոտ` Ստեփանակերտում հիմնականում մեծ, լուսավոր ավտոբուսներ էին աշխատում։ Նաև էստեղ էդ գազելների ավտովարորդներից շատերը հանգիստ ծխում են մեքենա վարելիս ու թերևս բոլորը ռաբիս են միացրած լինում։ Մեզ մոտ նման բան չկար...

- Կարծես միայն բացասականն ես տեսնում` ընդհատում եմ զրուցակցիս։

- Չէ, չէ, լավ, հրաշալի մարդիկ են։ Էնպես ստացվեց, որ մի քանի անգամ ուշ գիշերին շտապ օգնություն կանչեցինք։ Միայն բժիշկն էր` դեղորայքների ճամպրուկով։ Ու նրանք էլ գերազանց նաև սրսկում են։ Իսկ մեզ մոտ ո՞ր բժիշկը սրսկիչը ձեռը կառներ։ Դա միայն բուժքրոջ գործ է նրանց համար, ու պատիվ չի բերում բժշկին` ասեղ վերցնել ձեռը... 

Վերջին օրերին քաղաքի կենտրոնական հատվածից դուրս եկող ճանապարհն էին ասֆալտապատում։ Էնպես խնամքով ու որակով էին աշխատում, որ մերոնց հետ համեմատելի չէ։

- Հիմա էլ միայն գովեստներ ես անում,- կատակում եմ։

- Չէ, լավն էլ եմ նշում, վատն էլ։ Օրինակ, ինձ դուր չի գալիս, որ Վանաձորում քաղաքի փողոցային բոլոր լույսերը ժամը 12-ից հետո միշտ անջատում են։ Դուր չի գալիս, որ հաճախ են առանց զգուշացնելու բնակելի շենքերի, թաղամասերի լույսերն անջատում։ Քաղաքի այլ հատվածներում չգիտեմ ինչպես է, բայց մեր Տարոն թաղամասում ջուրը նույնպես երբեմն անջատում են` առանց բնակիչներին իմաց տալու կամ պարզապես կեղտոտ ցեխաջուր են բաց թողնում։

Իսկ ստեփանակերտում վերջին տարիներին համարյա ջրի պրոբլեմ չկար, չհաշված բլոկադայի օրերը։

Նորից դրականն սսեմ` էստեղ քաղաքում մարդիկ պարտաճանաչ հետևում են լուսաֆորներին` ճանապարհն անցնելիս։ Վանաձորցի ավտովարորդները նույնպես օրինապահ են էդ հարցում` ի տարբերություն մեզ։

Նաև էստեղ Ստեփանակերտի համեմատ ավելի ցուրտ է, իսկ Տարոնում նաև գլխարկդ գլխիցդ թռցնող քամիներ են...

Գիտես ինչ, իսկապես լավ քաղաք է Վանաձորը, նաև մարդիկ են լավ, ուրախությամբ միշտ կուզեի այստեղ հյուրընկալվել, բայց ես մեր Արցախն եմ ուզում, ինձնից խլված իմ կյանքն եմ ուզում։ Եվ ուզում եմ իմ հայրենիքը ծախողներն ամենադաժան մահով պատժվեն,- եզրափակեց բարեկամս ու շրջվեց, որպեսզի չտեսնեմ թաց աչքերը։

«Հրապարակ» օրաթերթ

21.11.2023

Բան չեմ հասկանում, էս ի՞նչ արեցին երկիրս...

Ավտովարորդներից, հատկապես տաքսու վարորդներից կարելի է շատ բան պարզել հանրային տրամադրությունների, ազգաբնակչության վարք ու բարքի, դավանած արժեքների, առկա մեծ ու փոքր պրոբլեմների, ի վերջո, նաև ընդհանրսպես տվյալ պետության, երկրի մասին։

Հանգամանքների բերումով ավտովարորդների հետ ավելի շատ եմ շփվում, քան հանրության որևէ այլ խավի հետ։ Հաճախ իրենք են զրույց բացում, պատահում է, ես եմ խոսեցնում վերջիններիս։ Լինում են դեպքեր, չեմ ցանկանում ցույց տալ, որ արցախցի եմ, իսկ իմ գրականից իրենք չեն կռահում, որ տեղացի չեմ։ Երբեմն էլ չեմ թաքցնում արցախցի լինելս, որպեսզի իմանամ, թե ինչ են մտածում մեր մասին, մեզ հետ կատարվածի մասին։

Իմանալով, որ արցախցի եմ, տաքսու վարորդ Գևորգը զրույց բացեց` հայտարարելով, որ Արցախը նախկիններն են ծախել։

Թերևս ամենատարածված կարծիքն է դա, արդեն շատերից եմ անձամբ նման մեկնաբանություն լսել, որը վերևից հալած յուղի պես լցրել են մարդկանց գլուխները։

Պարզ օրինակով փորձեցի զրուցակցիս բացատրել. ասենք ես ձեր քաղաքապետն եմ, դու էլ պայքարում ես քաղաքապետ դառնալու համար։ Քեզ հայտնի է դառնում, որ ես արդեն քո քաղաքը ծախել եմ։ Դա իմանալով, կցանկանայի՞ր ինձ գահընկեց անել ու քաղաքապետ դառնալ։

Ավտովարորդն անմիջապես պատասխենեց` չէ, ոչ մի դեպքում։

Հարցրի` այդ դեպքում ինչու՞ է ներկայիս ղեկավարդ նախկինից աթոռը զավթել, երբ գիտեր, որ նախկիններն արդեն արել են իրենց սև գործը` Արցախը ծախել են, համաձայնել են Սյունիքը, Գեղարքունիքը, Ջերմուկը, Հայաստանի տարածքները հերթով տալ, ազերիներին բերել Հայաստան։ Ու որպեսզի զրուցակցիս մեջ այլ կասկածելի հարց չմնա, ասացի` նախկիններին ու ներկաներին պետք է պատասխանատվության ենթարկել, դատել ու պատժել, բայց ներկաներին երիցս ավելին է հասնում` ու ամենադաժան դատավճիռը։

Զրուցակիցս շվարած ասաց` «դե, եսի՞մ» ու տևական լռությունից հետո ոչ այն է որպես պատասխան, ոչ այն է ինքն իր հետ խոսելով, մի քանի անգամ ասաց` «Բան չեմ հասկանում, էս ի՞նչ արեցին երկիրս...»։

Հերթական տաքսիստ զրուցակիցս, ի տարբերություն մոտավորապես իմ տարիքի առաջին ավտովարորդի, ջահել է, ինձ որդի է սազում։ Նա խոստովանեց, որ դեռ չի իմանում, հստակ ինֆորմացիա չունի, թե ինչու այսպես եղավ, ով հանձնեց Արցախը, ով է գլխավոր մեղավորը։ 

Նա ասաց, որ Նիկոլին չի սիրում, ատում է, բոլոր առումներով նա անտանելի, վատ մարդ է իր համար, բայց ինքը նրան չհարգելու, նրան ատելու իր պստճառներն ունի, վսահ չէ, համոզված չէ, որ հենց նա է ծախել Արցախը։ 

Երիտասարդ մյուս տաքսիստ Հակոբն ասսց, որ ինքը գյումրեցի է, ուղևորներ է բերել Վանաձոր ու մի կես ժամ հետո նրանց պիտի Երևան տանի։ Իմ հարցին, թե գյումրեցիներն ինչպես են վերաբերվում ռուսներին, ռուսական ռազմաբազային, ասաց` տարբեր։ Հետո շարունակեց. «Շատերը կան, որ կցանկանային հենց վաղը ռազմաբազան հանել տալ, բայց նրանք չեն հասկանում, որ ռուսը գնա, թուրքն է գալու։ Էշ-էշ դուրս են տալիս, թե ամերիկացին, եվրոպացին, ֆրանսիացին գալու են մեզ պաշտպանեն... Տեսնում ենք, թե խախոլներին ոնց են պաշտպանում` զենք են տալիս, թե դուք ու ռուսներն իրար փրթեք...»։

Հայաստանի ներկայիս իշխանությունների մասին հարցրի, ասաց. «Հոպար, էդ հարցին կարճ պատասխանեմ` կուզին գերեզմանը կուղղի»...

Յանդեքս-ով, ինչպես ինքն է ասում, «տաքսավատ» անող հաջորդ զրուցակիցս վաթսունն անց, գեր տղամարդ է` տեսքով մոտավորապես Չերչիլի նման։ Ես փորձեցի զրույց բացել։ Կարծես չէր ուզում, զրուցելու ցանկություն չուներ, բայց երբ իմացավ, որ արցախցի եմ, ասաց. «Շատ վատ վարվեցին ղարաբաղցիների հետ։ Հազարավոր ջահելների տարան կոտորեցին, գերեզման դրեցին, թե էդ մենք չենք արել, մենք նե պրիչոմ, էդ նախկիններն են ձեր զավակներին սպանել, Ղարաբաղը նախկիններն արդեն հանձնել էին, բայց բանալիները չէին տվել»։

Լսում եմ ողջ օրը ղեկի առջև նստած այս մարդկանց ու ամեն անգամ մտածում` այս մարդիկ քաղաքականություն գիտեն, թե ոչ, իրենց դատողություններում ճիշտ են, թե սխալ, հավատում են իրենց երկրի իշխանություններին, թե ատում կամ անիծում, բայց այս մարդիկ իրենց ուղևորներին տանում, տեղ են հասցնում։ Իսկ ահա, երկրի ղեկի մոտ հայտնվել են մարդիկ, որոնք շարունակ վթարների ու աղետների են տանում հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդկանց, բայց դրա համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում, նրանց դատող ու պատժող չկա։ 

Վարդգես Օվյան

«Հրապարակ» օրաթերթ

05.11.2023

Սրընթաց վայրէջքը շարունսկվում է

Սամվել Շահրամանյանը մի քանի օր առաջ հարցազրույցում ասաց, որ սեպտեմբերի 19-ին երբ թուրքերը հարձակման անցան, ինքը հասկացել է, որ մենք մեն-մենակ ենք։

Այսինքն` թշնամու կողմից հերթական պատերազմ սանձազերծելու օրը մարդը հասկացել է, երկրի փաստացի ղեկավարը գլխի է ընկել, որ մենք մենակ ենք։ Իսկ ես` ոչ քաղաքագետս, ոչ երկրի ղեկավարս, այդ պատերազմից մոտ 4-5 օր առաջ 2020 թ. նիկոլի պայմանավորված պատերազմից հետո մի բուռ դարձած Արցախի քարտեզով հոդված էի տեղադրել իմ էջում (որը տպագրվել էր նաև «Հրսպարակ» թերթում) ու հավելել` «Հիմա այս քարտեզի վրա համառոտ քննարկենք, թե որտեղ ենք գտնվում, ովքեր են մեր հարևանները, բարեկամները, դաշնակիցները, թշնամիները»։

Ներկայացնելով մեր բոլոր հարևան երկրների` Ադրբեջանի ու Թուրքիայի, Վրաստանի ու Հայաստանի, Իրանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Արևմուտքի վերաբերմունքը մեր հանդեպ, բացատրել էի, որ մենք չունենք բարեկամ, դաշնակից երկիր, չորս կողմից շրջապատված, պաշարված ենք թշնամիներով ու միայնակ ենք...

Հոդվածս այսպես էի եզրափակել.«Եվ մեզ համար հարցերի հարցն է` ի՞նչ է մեզ սպասում ու ի՞նչ կարող ենք անել, որ գոնե կարողանանք պաշտպանել ու փրկել արցախցիներին»։

Ի դեպ, Արա Հարությունյանը ոչ միայն ամիսներ առաջ, այլև անգամ տարիներ առաջ էր գրել, զգուշացրել սպասվող աղետի մասին։

Եթե մեր ղեկավար կոչվածներն այդ օրերին, հատկսպես դրանից ավելի վաղ ահազանգեին աշխարհով մեկ, որ մենք թշնամու կողմից շրջափսկված ու պաշարված ենք և հերթական անգամ ցեղասպանվելու վտանգի առաջ, ու պահանջեին մեզ հումանիտար միջանցք տրամադրել և մի քանի ամիս ժամանակ տալ, որպեսզի առանց անօրեն անցակետերի դուրս գանք Արցախից, իսկ Ադրբեջանից պահանջեինք փոխհատուցում` մեր հայրենի հողի դիմաց, ապա ոչ թե այսպես խայտառսկ ձևով, այլև երիցս ավելի արժանապատիվ կարտագաղթեինք մեր երկրից։

Սակայն նման բան չեղավ, որովհետև երեք տասնամյակ շարունակ մեզ ղեկավարում էին բառիս բուն իմաստով տգետ ու ընչաքաղց կարիերիստները, որոնք ոչ մի գաղափար չունեին քարտեզից, մեր աշխարհագրական դիրքից, մեր հանդեպ անխտիր բոլոր հարևանների վերաբերմունքից ու փոխարենը միայն հրաշալի գիտեին երկիր ավերելը, թալանելը և օրուգիշեր ժողովրդին կեղծիքով ու ստերով կերակրելը։

Ու եղավ այն, ինչ պիտի լիներ, քանի որ արդեն ստեղծվել էին իդեալական նպաստավոր պայմաններ` թուրքերի ու Արևմուտքի ջանքերով երկրի ղեկին հայտնվել էին բացահայտ թշնամու շահեր սպասարկող ապազգային տարրերը։

Երեսուն տարի թշնամին կոնկրետ գործ է արել, հզորացել, դիվանագիտական, տեղեկատվական դաշտերում ու բոլոր ոլորտներում նպատակաուղղված աշխատում էր, իսկ մեր քաղաքական գերագույն ոչնչություններից մեկը, որ իրեն նժդեհական էր ներկայացնում, եվրախորհրդարանի ամբիոնից 2011-ին ի լուր աշխարհի հայտարարում էր, թե Ադրբեջսնը պատերազմի է պատրաստվում, իսկ մենք մեր ժողովրդին խաղաղության ենք պատրաստում։ Ու մեկը չեղավ այդ տհաս, տգետ, ընչաքաղց արարածին ասեր` Նժդեհի գաղափարներից ու բարոյականությունից հազարավոր մղոն հեռու, բայց նժդեհականությունը քեզ համար դիմակ դարձրած մարդուկ, բա քո Նժդեհը չի՞ ասել` «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»...

Ու երեք տասնամնակ ահա այս կարգի բոլոր առումներով, ու հատկապես քաղաքականապես տգետ, դիլետանտ, սոված, ագահ, կարիերիստ, նավից պարահանդես ընկած արկածախնդիրներին ու բախտախնդիրներին ենք ղեկավարներ ընտրել, ու պարզ է, որ մի օր փուչիկը պիտի պայթեր։ Եվ պայթեց։

Ցավոք սրընթաց վայրէջքը, անկումը դեպ անդունդ շարունսկվում է։

«Հրապարակ» օրաթերթ