25.11.2023

Ինչ զենք, ինչ պայքար` մենք խաղաղասեր ժողովուրդ ենք

Մեզանում կա կուռքի պաշտամունք, պաշտամունք առ Աստված ու հատկապես Փողի, նյութականի պաշտամունք եւ այլն։ Բայց ահա, հակառակորդներով ու թշնամիներով շրջապատված մեր երկրում չկա Զենքի պաշտամունք։ Ավելին՝ մեզանում զենքը մի տեսակ արհամարհված է, վտանգավոր եւ ավելորդ մի բան է համարվում։ Սովորական մի որսորդական հրացան ձեռքբերելու համար քաղաքացուց այնքան տեղեկանքներ ու բյուրոկրատական թղթիկներ են պահանջում, այնպիսի պայմաններ են ստեղծում, որ խեղճը փոշմանում է հրացան ձեռք բերելու համար, իսկ մյուսներն էլ, դա տեսնելով, ձգտում են հեռու մնալ այդ գլխացավանքից։

Տարբեր առիթներով գրել եմ, որ Արցախյան շարժման տարիներին գրած իմ առաջին հոդվածներից մեկը վերնագրված էր՝ «Հայի աստվածը Զենքն է», եւ այն տպագրվել էր արցախյան ու երեւանյան մամուլում։ Արցախյան պատերազմում մենք հաղթել ենք ոչ միայն մեր ոգու, քաջության, անկոտրում կամքի, այլեւ զենքի հանդեպ այդ ժամանակաշրջանում ստեղծված հարգալից, կասեի՝ պատկառալից վերաբերմունքի պատճառով։ Ովքեր կարողանում էին՝ հրացան, ավտոմատ, ինքնաշեն նռնակներ էին պատրաստում, մյուսները որտեղից հնարավոր է՝ զենքեր էին գնում, ձեռքբերում...

Պատերազմից հետո իշխանությունների ջանքերով զենքի հանդեպ վերաբերմունքը սկսեց փոխվել։ Սկիզբ առավ՝ ունեցած զենքերը, զինամթերքը հանձնելու օպերացիան։ Անշուշտ ոչ այն պատճառով, որ իշխանությունները մտահոգված էին ողբերգական պատահարների բազմապատկումից եւ ուզում էին սպսսվելիք «վտանգի» առաջն առնել։ Ոչ, նրանք հենց իրենք էին դրանից վախենում, բայց մյուս ձեռքով ատրճանակներ էին նվիրում իրենց շրջապատին՝ օլիգարխներին ու զանազան տականքներին։

Հիշո՞ւմ եք ինչպես էր վերնագրված  Լեւոն Տեր-Պետրոսյանի «նշանավոր» հոդվածը՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»։ Եվ շուրջ երեք տասնամյակ հայոց իշխանական վերնսխավը սեփական երկրում այն սերմերն էր ցանում, ըստ որի՝ եթե խաղաղություն ես ցանկանում, դրանով փակում ես պատերազմի ճանապարհը։ Հիշեք նաև Սերժիկ Սարգսյանի 2011 թ. ելույթը ԵԱԽԽՎ ամբիոնից՝ Հայաստանը «այս քսան տարիների ընթացքում» ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին՝ պատերազմի։ Ապա՝ «Ադրբեջանը առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետև նրանք իրոք իրենց ժողովրդին պատրաստել են և պատրաստում են պատերազմի»։ 

Ու հենց այդպես էլ եղավ, բայց ոչ միայն այն պատճառով, որ պայմանավորված պատերազմով Արցախը դավաճանաբար հանձնեցին, այլև արհամարհված ու օրվա իշխանությունների թեթև ձեռքով գրեթե կազմալուծված էր Զենք կրող գլխավոր գործոնը` բանակը։ Կալանավորում էին, գործեր ստեղծում նախկին հրամանատարների դեմ ու խնդիրն այն չէր` իրո՞ք մեղավոր են նրանք, թե՞ ոչ, այլ խնդիրն այս էր ռուս հայտնի գրական հերոսի ասած` А судьи кто... Ասել է թե`իսկ ովքե՞ր են նրանց դատողները։

Իրենց նժդեհական համարողներն անգամ թքած ունեին Նժդեհի հանրահայտ պատգամի վրա՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։ Բայց չէ՛, ի՞նչ պատերազմ, ի՞նչ զենք, մենք խաղաղասեր, մարդասեր ժողովուրդ ենք, ոչ մեկի հողին ու հացին աչք չենք դրել, մենք նախընտրում ենք 500-600 հոգով մի քանի ենիչերիի առաջն արած՝ մորթվել, քան այդ 500-600 հոգուց թեկուզ 20-30 հոգով հարձակվել ու սատկացնել մի քանի մարդասպանին։ 1915-ին հիմնականում այդ տխուր, ցավալի, ողբերգական եւ ամոթալի պատկերն էր։ Այսօր դրա ավելի ամոթալի ու խայտառակ պատկերն է` ենիչերիի դերում ազգի տականքն է։

Զենքի պաշտամունքը մեզ անհրաժեշտ է ոչ միայն արտաքին թշնամուց պաշտպանվելու համար, այլև հենց ներքին տականքին սանձելու համար, որպեսզի պարբերաբար չհոշոտեն քեզ ու քո երկիրը։ Որովհետեւ Զենքը ոչ միայն կրակում է, այլեւ դիմացի զենքին ստիպում է չկրակել։ Այսինքն՝ Զենքը ոչ միայն կրակելու հատկություն ունի, այլեւ հակառակորդին, դիմացինին ստիպում, պարտադրում է քեզ չհոշոտել, քեզ չսպանել։ Զենքը հակառակորդին ստիպում է հարգել քեզ ու ապրելու քո իրավունքը։

Այն նաեւ լավագույն միջոցն է ստրկամտության դեմ ու հենց զենքով են խաղաղություն հաստատում, այլ ոչ թե խաղաղություն մուրալով, թշնամու առաջ փալաս դառնալով ու պարբերսբար նրա կողմից ծաղրվելով։

Զենք բռնողը, զենքի տերն իր ուժերի հանդեպ վստահություն է ձեռք բերում, դիմացինից այլևս չի վախենում, հույսը չի դնում ուրիշների վրա եւ փրկիչների չի սպասում։ 

Վերջերս ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ Հայաստան արտագաղթած արցախցիներն իրենց հետ մեծ քանակությամբ զենք են բերել, ու պահանջում էին դրանք ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին։

Նախ, հետաքրքիր է, ամեն ինչ մանրակրկիտ ստուգող ժամանակակից սարքավորումներով պաշտպանված թշնամու անցակետով ինչպե՞ս են «մեծ քանակությամբ» զենք անցկացրել։ Երկրորդ` չէ՞ որ նրանց ստուգում էին նաեւ ՀՀ սահմանապահ հատվածում։ Երրորդ` այդ ինչպե՞ս պարզեցին այդ զենքի մեծաքանակ լինելը, եթե դրանք չեն տեսել ու առգրավել։

Այնպես որ` մեզանում շարունակում է իշխել զենքի հանդեպ վախը, սարսափը, որն ամենապարարտ հողն է ստրկամտության ու տվյալ երկրի կործանման համար։

«Հրապարակ» օրաթերթ

Комментариев нет:

Отправить комментарий