27.11.2023

Ոչ միայն հայրենիք ենք կորցրել, այլեւ միլիարդավոր գումարներ

1988-ից մինչև 1992 թվականը, խաղաղ պայմաններում, ադրբեջանական վայրենությունների ու տեղահանությունների  պատճառով 400 հազար հայ սպանվելով, անարգվելով, թալանվելով ու փախչելով, արտաքսվել է Ադրբեջանից: Այդ ընթացքում 140 000 ադրբեջանցի ընդամենը մեկ պատահական զոհով, կազմակերպված լքել է Հայաստանը: 

Ըստ որում` հայերը տեղահանվել են հիմնականում քաղաքներից, իրենց բարեկարգ տներից ու բնակարաններից, իսկ ադրբեջանցիները՝ հայաստանյան իրենց հյուղակներից։ 

Անտեսելով արտաքսված հայերի ու տեղափոխված ազերների  ունեցվածքային կորուստների որակական տարբերությունը, և փաստը, որ արտաքսվող հայերն Ադրբեջանի քաղաքացիներն են եղել և իրենք ունեն նաև զուտ ադրբեջանական տարածքների հանդեպ սեփականության իրավունք, որը հարյուրավոր միլիարդների արժեք ունի, նշենք փոխհատուցման ենթակա միայն  բնակարանային գումարի արժեքը։ 

260 հազար հայերը կազմել են մոտ 65 հազար ընտանիք, որոնք ունեին 65 հազար տուն։ Մեկ տունը միջինը գնահատելով 100 հազար դոլար (որն ադրբեջանական միջինից 2 անգամ ցածր է), կստանանք, որ 65 հազար հայերի տները ներկս գներով արժեին 6,5 միլիարդ դոլար։ Հակահայ քաղաքականությունը վարել է Ադրբեջանը, հետևաբար այդ փողի պատասխանատուն ներկա ադրբեջանական իշխանությունն է։ 

Ներկա հայ իշխանավորների հակահայ ու պրոթուրքական քաղաքականության եւ կազմակերպված ռազմական պարտության պատճառով, հայաթափվեց և կորսվեց նաև մի քանի հազարամյա հայկական Արցախը։ 

Արցախի իշխանությունները տեսնելով ու հասկանալով, որ ՀՀ ներկայիս իշխանությունները վարում են ապազգային ու հատկապես հակաարցախյան քաղաքականություն, երեւանյան իշխանությունների պոչից կախվելու փոխարեն պետք է խելք ու քաջություն ունենային եւ ավելի վաղ, այս աղետից առաջ աշխարհի առաջ փոխհատուցման հարց բարձրացնեին` կանխազգալով, որ շուտով ազերները տիրանալու են ողջ Արցախին ու 120 հազար արցախցիների ունեցվածքին։ 

Արցախն ինքը տրիլիոնավոր դոլարների արժեք ունի, քանի որ Ղարաբաղով թուրքերը Թուրան են կերտելու։ Քանի որ հայ տղամարդը հիմա որպես տղամարդ կամ պարզապես մարդ իրեն դրսևորելու ու առավել ևս կռվելու եւ բանակցելու ունակություն չունի, արցախցիները պետք է պատրաստ լինեին ժամանակին լքել Արցախը` փողային փոխհատուցման դիմաց։ 

Այդ հիմքերով 120 հազար արցախցիներին հասնող 30 հազար տների արժեքը գնահատվում է առնվազն  3 միլիարդ դոլար։ 

Այս հարցով պետք է դիմեին աշխարհի  կառավարություններին ու ժողովուրդներին եւ Ալիեւից պահանջեին այդ գումարը։ Այդ օրերին նա հաստատ սիրահոժար կտար այդ փողը, քանի որ դեռեւս պատերազմով Արցախը զավթելու ռիսկը հաստատ չուներ։

Որպեսզի ավելի պարզ լինի ասվածը, այն ներկայացնեմ Շվեյցարիայի օրինակով, որը վերջերս քննարկել եմ գիտնական ընկերոջս հետ։

Շվեյցարիայում,  նույնիսկ ոչ քաղաքային նշանակության մեկ քառակուսի մետր հողն արժե մոտ 1000 շվեյցարական ֆրանկ, որը համարժեք է դոլարին։

Խորհրդային Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր պարամետրերով հավասար է Շվեյցարիային եւ ուներ 4,5 հազար քառ. կմ տարածք։ Այսինքն`  թուրքերն Արցախն իրենցով անելով, հայերից թալանել են 4500x1000000 կամ 4,5 միլիարդ քառակուսի մետր հող։ Մետրը հաշվենք միջինը 50 դոլար, կստացվի 220 միլիարդ դոլար։ Եթե Արցախը 120 հազար բնակիչ ուներ, ապա  ամեն արցախցուց ազերները խլել են մոտ 2 միլիոն դոլար։ 

Եթե այսպես շարունակվի, ու ակնհայտ է, որ այդպես էլ շարունակվում է, ապա վաղն էլ Հայաստանից են հայերին արտաքսելու։ Նախապես այդ հաշվարկն էլ անենք։

Հայաստանը Շվեյցարիա չէ, բայց  քանի որ Հայաստանն էլ Թուրանի կոկորդային հողն է լինելու` մեզանով է կայանալու այն, Հայաստանի հողն էլ շվեյցարականից ոչ պակաս, եթե ոչ ավել,  գին ունի։ Որպես Թուրանը կապող միակ օղակ, Հայաստանի հողը մոտավորապես համարժեք է լինելու, ասենք, Ջիբլարթարի պես կարևորագույն անցմանը՝ որպես ցամաքային Ջիբլարթար։ 

Հայաստանի տարածքը Արցախ-ԼՂԻՄ-ից մեծ է մոտ 7 անգամ, այսինքն Հայաստանի հողն էլ նույն համեստ հաշվարկներով կարժենա մոտ 1,5 տրիլիոն դոլար։ Եթե բնակչությունն էլ  ընդունենք 2 միլիոն, կստացվի, որ վաղը ամեն հայից խլելու են 750 հազար դոլար։

թուրքն արդեն 10 դար  ու մանավանդ վերջին 35 տարում շատ լավ գիտե, թե ինչ է անում, իսկ թե 10 միլիոնանոց հայությունն ինչ է անում, մի բառով կարելի է ասել` ոչինչ։

Այս հոդվածը գրելու պատճառը մարդկանց քնից արթնացնելն է, օդեղեն հեքիաթներից ու փրկիչների սպասելուց դաժան իրականություն վերադարձնելն է, որովհետեւ որքան էլ իրականությունից, ճշմարտությունից փախչես, վերջինս քեզ բռնելու եւ նստեցնելու է քո տեղը։ Խնդիրն այն է, որ այն հողի վրա լինի, ոչ թե հողի տակ։ 1915 թիվը, սումգայիթները, կիրովաբադ-բաքուն, երեկ էլ Արցախը պետք է մեր աչքի առաջ լինի ու վերջապես պիտի սովորենք դասեր քաղել մեր սխալներից։

«Հրապարակ» օրաթերթ


Комментариев нет:

Отправить комментарий