21.11.2023

Բան չեմ հասկանում, էս ի՞նչ արեցին երկիրս...

Ավտովարորդներից, հատկապես տաքսու վարորդներից կարելի է շատ բան պարզել հանրային տրամադրությունների, ազգաբնակչության վարք ու բարքի, դավանած արժեքների, առկա մեծ ու փոքր պրոբլեմների, ի վերջո, նաև ընդհանրսպես տվյալ պետության, երկրի մասին։

Հանգամանքների բերումով ավտովարորդների հետ ավելի շատ եմ շփվում, քան հանրության որևէ այլ խավի հետ։ Հաճախ իրենք են զրույց բացում, պատահում է, ես եմ խոսեցնում վերջիններիս։ Լինում են դեպքեր, չեմ ցանկանում ցույց տալ, որ արցախցի եմ, իսկ իմ գրականից իրենք չեն կռահում, որ տեղացի չեմ։ Երբեմն էլ չեմ թաքցնում արցախցի լինելս, որպեսզի իմանամ, թե ինչ են մտածում մեր մասին, մեզ հետ կատարվածի մասին։

Իմանալով, որ արցախցի եմ, տաքսու վարորդ Գևորգը զրույց բացեց` հայտարարելով, որ Արցախը նախկիններն են ծախել։

Թերևս ամենատարածված կարծիքն է դա, արդեն շատերից եմ անձամբ նման մեկնաբանություն լսել, որը վերևից հալած յուղի պես լցրել են մարդկանց գլուխները։

Պարզ օրինակով փորձեցի զրուցակցիս բացատրել. ասենք ես ձեր քաղաքապետն եմ, դու էլ պայքարում ես քաղաքապետ դառնալու համար։ Քեզ հայտնի է դառնում, որ ես արդեն քո քաղաքը ծախել եմ։ Դա իմանալով, կցանկանայի՞ր ինձ գահընկեց անել ու քաղաքապետ դառնալ։

Ավտովարորդն անմիջապես պատասխենեց` չէ, ոչ մի դեպքում։

Հարցրի` այդ դեպքում ինչու՞ է ներկայիս ղեկավարդ նախկինից աթոռը զավթել, երբ գիտեր, որ նախկիններն արդեն արել են իրենց սև գործը` Արցախը ծախել են, համաձայնել են Սյունիքը, Գեղարքունիքը, Ջերմուկը, Հայաստանի տարածքները հերթով տալ, ազերիներին բերել Հայաստան։ Ու որպեսզի զրուցակցիս մեջ այլ կասկածելի հարց չմնա, ասացի` նախկիններին ու ներկաներին պետք է պատասխանատվության ենթարկել, դատել ու պատժել, բայց ներկաներին երիցս ավելին է հասնում` ու ամենադաժան դատավճիռը։

Զրուցակիցս շվարած ասաց` «դե, եսի՞մ» ու տևական լռությունից հետո ոչ այն է որպես պատասխան, ոչ այն է ինքն իր հետ խոսելով, մի քանի անգամ ասաց` «Բան չեմ հասկանում, էս ի՞նչ արեցին երկիրս...»։

Հերթական տաքսիստ զրուցակիցս, ի տարբերություն մոտավորապես իմ տարիքի առաջին ավտովարորդի, ջահել է, ինձ որդի է սազում։ Նա խոստովանեց, որ դեռ չի իմանում, հստակ ինֆորմացիա չունի, թե ինչու այսպես եղավ, ով հանձնեց Արցախը, ով է գլխավոր մեղավորը։ 

Նա ասաց, որ Նիկոլին չի սիրում, ատում է, բոլոր առումներով նա անտանելի, վատ մարդ է իր համար, բայց ինքը նրան չհարգելու, նրան ատելու իր պստճառներն ունի, վսահ չէ, համոզված չէ, որ հենց նա է ծախել Արցախը։ 

Երիտասարդ մյուս տաքսիստ Հակոբն ասսց, որ ինքը գյումրեցի է, ուղևորներ է բերել Վանաձոր ու մի կես ժամ հետո նրանց պիտի Երևան տանի։ Իմ հարցին, թե գյումրեցիներն ինչպես են վերաբերվում ռուսներին, ռուսական ռազմաբազային, ասաց` տարբեր։ Հետո շարունակեց. «Շատերը կան, որ կցանկանային հենց վաղը ռազմաբազան հանել տալ, բայց նրանք չեն հասկանում, որ ռուսը գնա, թուրքն է գալու։ Էշ-էշ դուրս են տալիս, թե ամերիկացին, եվրոպացին, ֆրանսիացին գալու են մեզ պաշտպանեն... Տեսնում ենք, թե խախոլներին ոնց են պաշտպանում` զենք են տալիս, թե դուք ու ռուսներն իրար փրթեք...»։

Հայաստանի ներկայիս իշխանությունների մասին հարցրի, ասաց. «Հոպար, էդ հարցին կարճ պատասխանեմ` կուզին գերեզմանը կուղղի»...

Յանդեքս-ով, ինչպես ինքն է ասում, «տաքսավատ» անող հաջորդ զրուցակիցս վաթսունն անց, գեր տղամարդ է` տեսքով մոտավորապես Չերչիլի նման։ Ես փորձեցի զրույց բացել։ Կարծես չէր ուզում, զրուցելու ցանկություն չուներ, բայց երբ իմացավ, որ արցախցի եմ, ասաց. «Շատ վատ վարվեցին ղարաբաղցիների հետ։ Հազարավոր ջահելների տարան կոտորեցին, գերեզման դրեցին, թե էդ մենք չենք արել, մենք նե պրիչոմ, էդ նախկիններն են ձեր զավակներին սպանել, Ղարաբաղը նախկիններն արդեն հանձնել էին, բայց բանալիները չէին տվել»։

Լսում եմ ողջ օրը ղեկի առջև նստած այս մարդկանց ու ամեն անգամ մտածում` այս մարդիկ քաղաքականություն գիտեն, թե ոչ, իրենց դատողություններում ճիշտ են, թե սխալ, հավատում են իրենց երկրի իշխանություններին, թե ատում կամ անիծում, բայց այս մարդիկ իրենց ուղևորներին տանում, տեղ են հասցնում։ Իսկ ահա, երկրի ղեկի մոտ հայտնվել են մարդիկ, որոնք շարունակ վթարների ու աղետների են տանում հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդկանց, բայց դրա համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում, նրանց դատող ու պատժող չկա։ 

Վարդգես Օվյան

«Հրապարակ» օրաթերթ

Комментариев нет:

Отправить комментарий