30.12.2023

Նոր տարուն մեկ օր մնաց` ձեն ծպտուն չկա

Տեւական ժամանակ է զանազան  քաղաքական դեմքեր, հայտնի ու անհայտ գործիչներ, հատուկ ու հասարակ քաղաքացիներ բաց ու փակ նամակներ են հղում Սամվել Շահրամանյանին, խնդրում չեղարկել Արցախը լուծարելու մասին իր ստորագրած թղթի կտորը։ Անգամ Արցախի Ազգային Ժողովի պատգամավորներին են դիմել, հետները հանդիպել, զրուցել, բացատրել, որ գոնե իրենք` «ժողովրդի ընտրյալները» ձայն ու ծպտուն հանեն։

Սակայն, ոնց երևում է, Նոր տարուն մի օր մնացած, թե Շահրամանյանի, թե Արցախի երեսփոխանների կողմից ձեն-ձուն չկա։ Առաջինի` Շահրամանյանի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Նրան չեմ ճանաչում, նրան ոչ իրական կյանքում եմ տեսել, ոչ երազում։ Գաղափար չունեմ, թե նա ով է, ինչու եկավ, ինչու ստորագրեց և ինչու հրապարակավ ձայն չի հանում։ Արցախի ԱԺ-ի հարցում ամեն ինչ պարզ է։ Այս մարդկանց մի քանի հոգու կազմած ցուցակներով բերել են, անունները դրել պատգամավոր եւ բացատրել, որ ինչ ասեն, պիտի կատարեն։ Բայց քանի որ նրանց կոնկրետ բան չեն ասում, նրանք էլ կոնկրետ որեւէ բան չեն անում։ Ընդամենը պարտաճանաչ աշխատավարձ են ստացել, ինչ-որ որոշումներ կայացրել, անատամ հայտարարություններ արել, որոնք այդպես էլ ոչ մեկին պետք չեկան։ Անգամ ձայն չհանեցին, երբ պայմանավորված պատերազմով նրանց հայրենի երկրի 75 տոկոսը նվիերցին թշնամուն, ձայն չեն հանում նաեւ հիմա, երբ իրենց ողջ երկիրն են նույն պայմանավորվածությամբ հանձնել Ադրբեջանին։ Նրանք` Արցախի ԱԺ կոչվածն այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց վերջին երեք տարում կատարված հրեշությանն Արցախի հանդեպ։ Ընդամենը մեկ-երկու պատգամավոր ամբիոնից գերագույն մեղավորի անուն հնչեցրին, ու վերջ։

Արցախը լուծարելու մասին թղթի կտորը չեղարկելը կամ չչեղարկելը, թե ինչ է տալու Արցախին ու արցախցիներին, դժվար է ասել։ Փաստն այն է, որ Արցախն արդեն չկա, ծախված է։ Ալիեւ կրտսերն սյնտեղ ժամանակ առ ժամանակ ինքնազմայլված «քյանդիրբազություններ» է անում ու իրեն առնվազն Նապոլեոն Բոնապարտ երեւակայում։

Ցավն այլ է ու ցավն այն է, որ Արցախի կորուստը բացի շարքային արցախցիներից ու մի բուռ հայաստանցիներից, ոչ մեկին չի հուզում` ոչ հայ հին կամ նախկին իշխանավորներին, ոչ ռուսին, ոչ ամերիկացուն ու անգլիացուն, ոչ ճապոնացուն ու սինգապուրցուն։

Բայց ցավոք Արցախն իրոք ափսոս էր, ու ափսոս են հազարավոր շարքային արցախցիները, որոնց ճակատագրի վրա պարզապես թքել են ու դեն նետել։

«Հրապարակ օրաթերթ»

26.12.2023

Արցախը տանք, որ լավ ապրենք

Բոլոր ազգերը եզակի են եւ յուրահատուկ։ Նրանցից յուրաքանչյուրն իր առավելություններն ու իր թուլություններն ունի` պայմանավորված ազգային սովորույթ-ավանդույթներով ու մենթալիտետով։

Հայերս բացառություն չենք ու տարբերվում ենք մյուս ազգերից։ Բայց մենք գերազանցապես տարբերվում ենք այնպիսի հարցերում, որն աբսուրդ է, անտրամաբանական, հակագիտական ու անգամ հակամարդկային է։

Օրինակ, որեւէ ազգում նման «մտքի թռիչք» չեք գտնի` «Արցախը տանք, որ լավ ապրենք»։ Այսինքն իր հայրենակիցների, ազգակիցների մի մասին ստորաբար դավաճանի, զոհաբերի, որպեսզի ինքը լավ ապրի։ Կամ խոստովանի, որ ինքը մի լավ օրում չէր, դրան գումարվել է այն, որ հարեւանը ավտոմեքենա է գնել...

Բայց մեզ յուրահատուկ մի այլ հարցի մասին կիսվեմ։ Նկատի ունեմ օտարամոլությունը, սեփական արժեքների վրա թքած ունենալն ու ուրիշինը, օտարինը պաշտելը։

Այսպիսի հայտնի խոսք կա` «Չկա մարգարե իր հայրենիքում» (Нет пророка в своем отечестве), բայց սա մեզանում պայմանավորված է ոչ միայն սովորական անտարբերությամբ ու իր հայրենակցին չնկատելով կամ չհասկանալով, այլ մեզ հատուկ այլ պատճառներով` նախանձով, էգոիզմով, անհանդուրժողությամբ, չարամտությամբ ու չարակամությամբ (սա ո՞վ է, որ...)։

Մեր ժամանակների մեծ հայերից մեկը, տաղանդավոր գիտնական ու քաղաքագետ Արա Հարությունյանի անունը շատերը չեն լսել, նրան չեն ճանաչում։ Նրա բազմաթիվ աշխատությունների, հարյուրավոր հոդվածների, գրքերի հանդեպ մեզանում որեւէ հետաքրքրություն չկա, այն պատճառով, որ նա հայ է, մեր հայրենակիցն է եւ «նա ո՞վ ա, որ»...

Արա Հարությունյանի անունով զետեղված գրառումները, մտքերը երիցս, բազմիցս ավելի քիչ արձագանքներ են ստանում, քան` երբ դրանք ներկայացված են լինում օտարահունչ անծանոթ անվամբ։ 

Մեզանում անձնանունների ստվար մասը հայկական չէ, այլ ազգերից, հատկսպես անգլոսաքսերից է վերցված։ Համլետ-ների եւ Օֆելիա-ների քանակով թերեւս աշխարհում առաջին տեղում ենք։ Կարծես Շեքսպիրին ու նրա հերոսներին հայերս ավելի ենք սիրում, քան Շեքսպիր ծնած ազգը։

Իմ հին հին ստեղծագործություններից մեկը ժամանակին թերթում տպագրել էի իմ անուն-ազգանվանը մոտ օտարահունչ, անգլիականին նման անվամբ։ Ու ավելի մեծ արձագանք ստացավ իմ այդ նովելը, քան եթե տպագրած լինեի իմ անվամբ։

Այսինքն` մեզանում կարևորում են ոչ այնքան կամ ոչ միայն արտահայտած միտքը, խոսքը, այլ, թե ով է դա ասողը։

Մեզանում հարգվում, անվերապահորեն ընդունվում, արժեւորվում է ոչ թե մարդը, նրա կատարածը, նրա ստեղծածը, այլ` թե ով է նա, եւ նա անպայման պետք է անծանոթ, օտար լինի։

«Հրապարակ օրաթերթ»

25.12.2023

Ես ամաչում եմ ասել, որ գրող եմ

Սովորաբար երբ մեկին հարցնում են մասնագիտությունը, զբաղմունքը, օրինակ, էլեկտրիկն ասում է` ես էլեկտրիկ եմ, կոշկակարն ասում է կոշկակար եմ, ջութակահարը` ջութակահար եմ, ֆիզիկոսը` ֆիզիկոս եմ, հողագործը` հողագործ եմ, քարտաշը` քարտաշ եմ, մանկավարժը` մանկավարժ եմ կամ ուսուցիչ եմ եւ այլն։ 

Ես ամաչում եմ ասել, որ գրող եմ։ Երկու պատճառ կա։ Առաջինը` Շեքսպիրը, Սերվանտեսը, Բայրոնը, Պուշկինը, Թումանյանն էլ են գրող, բայց հարյուրավոր այդ գրական հսկաներից, գրական աստվածներից հետո ես ո՞նց ասեմ, որ գրող եմ։ Երկրորդ` վերջերս դրան զուգահեռ միանգամայն հակառակ մի այլ խնդիր է ծագել. այս վերջին երեք տասնամյակում մեր գրողներն այնքան են իջեցրել գրողի նշաձողը, այնքան են արժեզրկել գրողի վեհ կոչումը, որ ամաչում եմ ասել` գրող եմ։

Քույրս միշտ այսպես է ինձ ներկսյացնում` եղբայրս է, լրագրող է։ Հարցնում եմ` ինչու՞ ես այդպես անում, պատասխանում է` նախ բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ ունես գրած, որ բազմաթիվ լրագրողների երազանքն է, երկրորդ` գրողներին մեզանում արդեն չեն սիրում, մի տեսակ պնակալեզություն, վախկոտություն է ասոցացնում...

Ցավոք, չեմ կարողանում հակաճառել, որովհետև ինքս էլ գիտեմ դա։ Ամենաթարմ օրինակն է բերում. տեսնելով, որ վերջին մեր խայտառակությունների պատճառի հարցում արցախցի պոետը սար ու ձոր է ընկնում, մեղադրում, պատճառ բերում «համաշխարհային փոթորիկները», լրագրողը, որ որպես մարդ ու քաղաքացի առնվազն տասը գլուխ բարձր է վերջինից, ստիպված հարցն ավելի կոնկրետ է դնում` Արցախի հայաթափման գործում ո՞վ է կատարվածի առաջին պատասխանատուն ու մեղավորը։

Ու ի՞նչ է պատասխանում պոետը` մեղավորը մենք ենք, որ բզկտվել ենք, հետո մասնատվել, երկու մասի բաժանվել` Հայաստան ու Արցախ, եւ մեր բաժան-բաժան լինելուց թշնամին օգտվել է...

Ու ոչ մի խոսք իրական ու գլխավոր մեղավորի մասին, ոչ մի ծպտուն պայմանավորված պատերազմի ու պետական դավաճանության մասին։ Եթե խնդրես, աղաչես, նույնիսկ սպանես էլ նա անգամ որպես տասերորդական մեղավորի, պատասխանատուի երբեք չի տա թշնամու շահեր սպասարկող ճիվաղի անունը։ Եվ ոչ միայն նա։ Հարյուրավոր գրող կոչեցյալներ նույնն են, որովհետեւ վախն ու ստրկամտությունն է նստած մեջները, իշխանություններից մի կրծքանշան, մեդալ ստանալու, մի աման ապուր հաջողացնելու մասին են միայն մտածում ու երազում...

Արդեն քանի՜-քանի տարի է ես սոցիալական ցանցում, իմ էջում իմ ոչ մի պատմվածք ու նովել չեմ տեղադրում։ Մտածում եմ` երկիր ենք կորցնում, ցեղասպանություններից չենք ձերբազատվում, որպես ազգ ենք արդեն վերանում, ու ի՞նչ գրականություն, ինչո՞ւ գեղարվեստական, քողարկված, փոխաբերական, այլաբանական լեզվով փորձել ասելիքը տեղ հասցնել, երբ անգամ պարզ գրածդ տեղ չի հասնում։ Ու ստիպված, փոխանակ իմ սիրելի գրականությամբ, արվեստով զբաղվելու, քաղաքական թեմաներով գրառումներ եմ անում, հոդվածներ գրում։ Ու զավեշտն այն է, որ մանր-մունր, երբեմն ոչ էական գրառումներիս հարյուրներով արձագանքում են, իսկ ահա հոդվածի տեսքով հիմնական ասելիքիս հազիվ մեկ-երկու տասնյակ մտերիմ ընկերներ են արձագանքում։ 

Ու շարունակ այս միտքն է ծառանում իմ առջև` էլ ինչո՞ւ եմ տանջվում, հոդվածներ գրում, ո՞ւմ համար եմ գրում, երբ անգամ մեր ժամանակների հայ մեծ գիտնական, տաղանդավոր ընկերոջս` Արա Հարությունյանի փայլուն հոդվածներին առավելագույնը մի քանի տասնյակ մտերիմ, խելացի ու արժանապատիվ ընկերներն են միայն արձագանքում...

Հենրիկ Սենկեւիչի հանրահայտ վեպում պատմության ճամփաբաժանում հայտնված մարդուն հարցնում են` «Յո՞ երթաս»։ Պետականությունն արդեն փաստացի կորցրած, մեր երկիրը տարածք ու կռվախնձոր դարձրած, աշխարհի քարտեզից որպես պետություն ու ազգ ջնջվող հայերս «Յո՞ երթաս» հարցի պատրաստի ու հստակ պատասխանն ազգովի ունենք` գրողի ծոցը։ Սա արդեն ողբերգություն է։

«Հրապարակ օրաթերթ»

24.12.2023

Այդ երկրները թքեցին անգամ իրենց ստեղծած կառույցի վրա

Արցախի զանազան բարձր կամ միջին տրամաչափի պաշտոնյաներ խելացի տեսք ընդունած, պարբերաբար հայտարարում են, որ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ) կազմավորվել, ստեղծվել է համաժողովրդական հանրաքվեով` Արցախի ժողովրդի միասնական կամարտահայտությամբ։ Ուստի որեւէ մեկը, որեւէ պաշտոնյա, որեւէ անհատ իրավունք չունի ժողովրդի կամքին ու ցանկությանը հակառակ լուծարել Արցախի Հանրապետությունը։ Որպես ասվածի հիմնավորում բոլորը վկայակոչում են Արցախի սահմանադրությունը։ Արցախի ԱԺ պատգամավորներն էլ այս «իմաստուն» փաստարկը փափուկ բարձի պես գրկած, հանգիստ քնած են, ինչպես քնած են եղել տարիներ շարունակ` առանց գնահատական տալու 2020-ի պայմանավորված պատերազմից ի վեր Արցախի դեմ կատարվող ստորություններին ու հրեշություններին, առանց մեղավորների, պատասխանատուների անուններ տալու։

Ցանկացած երկրի սահմանադրություն, այսպես ասած, ներքին սպառման համար է, որի նպատակը տվյալ երկրի ներքին կյանքի կարգավորումն է` այդ երկրի օրենքներով։

Աշխարհի համար այդ սահմանադրությունները զրո արժեք ունեն ու աշխարհը թքած ունի, թե ինչ է գրված դրանց մեջ։ Երբ որեւէ երկրում մի ինչ-որ արտառոց բան է կատարվում, ապա հարեւան եւ մյուս պետությունները դա չեն քննարկում տվյալ երկրի սահմանադրության հոդվածներով, այլ իրենք իրենց արժեհամակարգի դիրքերից են վերլուծում, գնահատականներ տալիս։

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, Պուտինը ակնհայտորեն ձգտում է խուսափել նոր ճակատ բացելուց։ Հատկսպես պայթյունավտանգ կովկասյան տարածաշրջանում։ Անգամ ռեւերանսներ է անում մի ինչ-որ արեւելյան բռնակալ Ալիեւի առաջ, որը պատիվ չի բերում իրեն։ Նիկոլի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը դա այդ երկու երկրների միջպետական խնդիրների տիրույթներին առնչվող հարց է, բայց երբ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին պատերազմ սկսեց Արցախի դեմ եւ պարզապես օրը ցերեկով զավթեց այն, Պուտինի խաղաղապահներն ընդամենը դիտորդի դերում էին ու բնավ չխոչընդոտեցին։ Իսկ Պուտինը դա պատճառաբանեց որպես Ադրբեջանի սուվերեն տարածքի խնդիր, վկայակոչելով Նիկոլի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը։ Նույն կերպ վարվեցին մյուս բոլոր երկրները, թքած ունենսլով, որ մինչ այդ Արցախյան խնդրի կարգավորման համար հատուկ ստեղծել էին ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը տարիներ շարունակ զբաղվում էր արցախյան խնդրի կարգավորման հարցերով։ Ասել է թե` իրենց ազգային-պետական շահերից ելնելով, բոլոր երկրները թքեցին անգամ իրենց ստեղծած կառույցի` Մինսկի խմբի վրա ու նետեցին պատմության աղբանոց։

Եվ Արցախը մաս առ մաս ու ամբողջությամբ հանձնվեց, ծախվեց Արցախի հետ որևէ կապ չունեցող մի արարածի ստորագրությամբ, որն ինքը թքած ունի բոլոր սահմանադրությունների վրա ու անգամ իր երկրկի սահմանադրության բազմաթիվ հոդվածներ է խախտել ու ոտքերը վրան մաքրել։ Իսկ աշխարհն ընդունել է նրա ստորագրությունը, այլ ոչ թե ինչ-որ սահմանադրությունների գեղեցիկ հոդվածներ։

Այնպես որ` հեքիաթներ հնարելու փոխարեն, հատկապես Արցախի ԱԺ պատգամավորները թող արթնանան լեթարգիական քնից եւ լրջորեն մտածեն ու գործեն։ Այլապես ստացվում է, որ նրանք եւս լուռ մասնակցում են սեփական երկրի դե յուրե եւ դե ֆակտո վերացմանը։

Արցախի լրիվ հայաթափումից առայսօր Արցախի ԱԺ պատգամավորների ձայնը դեռ չի լսվել։ Դեռևս քնած են կամ գուցե վաղուց արդեն չկան։

«Հրապարակ օրաթերթ»

Ի՞նչ է բերեզու 2024-ը արցախցիներին

Նախկինում, երբ դեռեւս ռոմանտիկա կար, առջեւում վարդագույն ապագան էր ծիկրակում, ասում էինք` մի տարի էլ կանցնի պատմության գիրկը։ Արցախցիներս հիմա գեղեցիկ, շքեղ լեզվով խոսելու ոչ տրամադրություն ունենք, ոչ էլ ցանկություն։ Մեզ համար երբ վաղուց ռոմանտիկան փոխարինվել է ծանր ու դաժան իրականությամբ եւ անորոշ, անհույս ու անգույն ապագայով, ստիպված ենք այս կերպ ասել` մի տարի էլ կանցնի գրողի ծոցը։

Ի՞նչ է մեզ` արցախցիներիս տվել 2023 թվականը։ Միայն անորոշ, անհույս օրերի շարան, սպասումներ, սպասումներ, ֆիզիկական գոյության համար մաքառումներ ու պայքար, սովահարության անվերջ օրերի շարան, հայրենակիցների կողմից անտարբերություն ու թիկունքից հարվածներ։ Եվ, վերջապես, մեծագույն աղետ` հայրենի օջախի, սեփական տան եւ ողջ ունեցվածքի, հայրենիքի ու ապրածդ մի ողջ կյանքի կորուստ եւ` զոհեր, զոհեր, զոհեր...

Հայրենի օջախի, հայրենիքի կորուստը մեզ պատկերանում էր միայն հեռավոր 1915 թ. Մեծ եղեռնի տեսքով` այդ մասին վավերագրություններով ու բազում տխուր, ծանր պատմություններով։ Ու երբեք մտքներովս չէր անցնում, որ այս անգամ «ուղտը չոքելու է» մեր դռանը։ Եվ այս անգամ մեր` հայերիս ողբերգության հիմնակսն պատճառը հայրենի տականքն է լինելու` թշնամու գործակալների ու թշնամու շահեր սպասարկող, նրա հաջողություններով երջանկացող ճիվաղների տեսքով ու մեծագույն ստահակի գլխավորությամբ։

Դեռ երեք տարի առաջ` 2020 թ. թշնամու հետ պայմանավորված պատերազմից, կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ ստորագրելուց հետո մեզանում որոշ պաշտոնյաներ ինքնավստահ ու համոզված հայտարարում էին, որ շուտով Շուշին, Հադրութը մերն են լինելու։ Այսօր էլ, երբ այլեւս չկա Արցախը, ծախել, նվիրել են թշնամուն, մեզանում դարձյալ հայտարարություններ են հնչում կրկին Արցախ վերադառնալու, մի քանի հազարամյա պատնության ընթացքում առաջին անգամ հայաթափված մեր Արցախ-հայրենիքը կրկին շենացնելու մասին։

Չեմ ուզում հայտարարություն անել դրան հավատալ-չհավատալու մասին, դրա իրակսն կամ անիրական լինելու մասին։ Ընդամենը պատմությունից գիտեմ, որ թշնամին, թուրքը որտեղ ոտքը դնում է, այլեւս ոչ մի գնով կես քայլ անգամ ետ չի գնում։ Նրա կեսհազարամյա պատմության ընթացքում մենք ընդամենը մի անգամ ենք դարավոր ոսոխից հող գրավել, հող ազատագրել, եւ դա եղել է Արցախյան պատերազմում։ Ու սյդ եզակի ու մեծ հաղթանակը մենք երեք տասնսմյակում մսխել ենք ու դարձրել խայտառակ պարտություն եւ հայրենիքի կորուստ։

Արցախցիներս հիմա Հայաստանում ենք, ավելի կոնկրետ ու արցախցիներիս լեզվով ասած` նիկոլյան Հայաստանում, որը բացարձակապես ոչ մի նմանություն, ոչ մի ընդհանրություն չունի մեր պատկերացրած, մեր երազների Հայաստանի հետ։ Զավեշտն ու ցավն այն է, որ անգամ թշնամին է դա հասկանում, եւ Հայոց հինավուրց երկրից մազապուրծ փրկված այս հողակտորը դիվանագիտորեն ու հեռահար նպատակներով անվանում է Արեւմտյան Ադրբեջան։

Արդյո՞ք այս հողն արցախցիներիս համար հայրենիք է դառնալու կամ փոխարինելու է Արցախին։ Ծանր ու դժվար հարց է, ու ես չեմ համարձակվում 120 հազար արցախցիների անունից պատասխանել այդ հարցին։ Ընդամենը կարող եմ փաստել, որ հազարավոր արցախցիներ արդեն հեռացել են ռուսաստաններ, եվրոպաներ ու ամերիկաներ։ Հազարավորներն էլ ասում են, որ իրենք էլ են մեկնելու...

Արցախցիները, որ մինչ այդ հայրենի երկրում հանգիստ ու անտարբեր անցնում էին անծանոթ հայրենակցի կողքով, այսօր Երեւանում, Շիրակում, Լոռիում կամ Գեղարքունիքում իրար հանդիպելիս, տխուր ու երջանիկ ժպտում են, ուրախանում, որ հայրենիքից մի թանկ բան, մի մասունք գտան... Ընկերներս ժամանակ առ ժամանակ զանգում են, որպիսություն հարցնում ու տխուր ասում` ոչ մի նորություն, ոչ մի լավ բան չկա, ուղղակի ցանկացա հարազատ ձայն լսել...

Գուցե կորստի մեծ ցավն է պատճառը, որ ամեն մի փոքր կամ մեծ միջադեպ ու իրողություն արցախցուն ծանր հիասթափություն ու վիշտ է պատճառում, դժգոհելու առիթներ տալիս։ Օգնություն ստանալու նպստակով հավաքված արցախցիները զրուցում են իրենց բազում հոգս ու ցավերից, այդ թվում` բնակարանների եռակի, քառակի բարձր գներից, ու մի ուսուցիչ տխուր ասում է` իրենք երկրի ղեկավար ու իշխանություններ են ընտրել, որոնք մեր երկիրը ծախել են, մեզ անտուն փախստական դարձրել, եւ հիմա իրենց բնակարանները աստղաբախշական գներով մեզ` դժբախտներիս վարձակալության են տալիս։ Դժգոհում են հատկապես պետական աջակցության խնդիրներից, ոմանք ասում են, որ միայն առանձին անհատներ, մասնավորները, զանազան կազմակերպություններն են հնարավորինս օգնում, իսկ պետությունը համակարգիչնռրով, ինտերնետով ինչ-որ թղթաբանություններ են լրացնել տալիս, ամիսներով սպասեցնում, որպեսզի հաստատեն կամ մերժեն տալիք ֆինանսական աջակցությունն ու կենսաթոշակը...

Հազիվ թե գտնվի մի արցախցի, որ փաստի 2023-ից ստացած ուրախության, փոքրիկ մի ձեռքբերման մասին, երբ աչքի առաջ միայն անդառնալի կորուստ է միայն եւ մեծ ցավ։

Ի՞նչ է բերելու 2024-ը արցախցիներին։ Առջեւում լավատեսության նշույլներ չեն երեւում, բայց, միեւնույն է, ոչ միայն արցախցիները, այլեւ ողջ հայությունն ազգային բնույթին, սովորությանը համաձայն, շարունակելու են սպասել եւ հուսալ...

Իսկ հրաշքներ, սովորաբար լինում են, բայց գերազանցապես` հեքիաթներում։

Գալդ բարի լինի, Ամանոր, թող 2024-ին Երկիր մոլորակի մակերեւույթից ու հատկապես Հայոց երկրից ընդմիշտ չքվի, գրողի ծոցը կորչի Չարիքը։

«Հրապարակ օրաթերթ»

22.12.2023

Գիժը և մենք

 Հայտնի առած-ասացվածքն ասում է` «գիժը քար գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել»։ Ու այստեղ խնդիրը գիժը չէ, այլ, այսպես կոչված, խելոքները, որոնք հանգիստ նստած, սպասում են, որ իրենց բոլորի աչքի առաջ մի ինչ-որ գիժ, մի ինչ-որ դուրսպրծուկ ու խեղկատակ հայտնվի եւ բոլոր խելոքներին ի տես, քար գլորի ձորը։ Փոխանակ բռնեն ու այդ գիժ կենդանուն, այդ ստահակին հենց իրենք գլորեն ձորը։

Բայց, ցավոք, գիժը կա, ապրում է ու իր «գժություններն» անում, որը հազարավոր մարդկանց կյանք է արժենում, հարյուր հազարավորներին տնավեր, գաղթական դարձնում, միլիոնավոր մարդկանց ճակատագրեր խեղում ու նրանց կյանքը հաշմում։

Արցախցիների հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը պարզ է` քողարկված կամ բացահայտ թշնամական։ Ցավոք իրենց վերաբերմունքով այնքան էլ չեն տարբերվում շարքային պաշտոնյաներից շատերը. տուն, ունեցվածք, հայրենիք, մի ողջ կյանք կորցրած արցախցիները սրանց կողմից ընկալվում են ոչ թե որպես տարրական մարդկայինից զրկված, աջակցության ու տարրական նորմալ վերաբերմունքի կարոտ մարդիկ, այլ որպես իրենց նմանների, որոնք Արցախից ազատվել են, Արցախը հանձվել-ծախվել է, որպեսզի իրենք հայրենիքը լքեն, բռնատեղահանվեն ու Հայաստանում ՀՀ քաղաքացիների հետ լավ, ուրախ ու երջանիկ ապրեն, իսկ քարտեզից վերացող Հայաստանն էլ դառնա «խաղաղության խաչմերուկ»։

Մի կերպ աշխատանք գտած, հեռավոր գյուղում մի քանի դասաժամ ձեռք բերած արցախցի ուսուցչին պարտադրում են մասնակցել իրենց ժողովներին ու բոլոր միջոցառումներին եւ զարմանում են, որ վերջիններս չեն ցանկանում ներկայանալ Ամանորի կերուխումերին ու մի տեսակ «տարօրինակ» են պահում իրենց։ 

Ու սրանք բացարձակապես չեն հասկանում, որ սեփական տուն ու օջախ ունենալու տարրական մարդկայինից զրկված, իրենց հոգս ու ցավերին բազում նոր հոգս ու խնդիրներ ավելացրած այդ մարդիկ ստորության, դավաճանության, թշնամու հետ պայմանավորված հրեշության զոհ են, որոնք այսօր կարոտ են մարդկային նորմալ վերաբերմունքի ու աջակցության։

Ոչ հարգելիներս, գոնե մի կտոր մարդկային չկա՞ ձեր մեջ։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ նաև ձեր մեղքով ամեն ինչից զրկված, բռնագաղթված, փախստական դարձած հազար ու մի հոգսի, խնդիրների լաբիրինթոսում խճճված արցախցի դարդ ու ցավը ձեր ժողովները, ձեր տխմար թղթաբանություններն ու կերուխումերը չեն։ Նրանց աչքի առաջ ցուցադրաբար դուք Ամանորի քեֆի, ցնծության եք պատրաստվում` չհասկանալով, թքած ունենալով, որ հարյուր հազարից ավելի ձեր հայրենակիցներ դեռ ողբում են կորսված հայրենիքում սառը հողում հանգչող իրենց զավակների համար, որ հազարավոր մարդիկ ամեն օր ու ժամ պայքարում են իրենց երեխաների օրվա հացի եւ կյանքի համար։

Մարդիկ, կտոր մը մարդ եղեք, գրողը տանի։

20.12.2023

Հոր նամակը որդուն

Այս նամակը քեզ է ուղղված, այս տողերը գրելիս միայն քո մասին էի մտածում և միայն քո պատկերն էր իմ առջև։ Բայց նամակն ավարտելուց հետո, երբ կարդացի այն, մտածեցի, որ հազարավոր ծնողներ կարող են այսպիսի կամ երիցս ավելի գեղեցիկ պատգամ հղել իրենց զավակին։ Հազարավոր հայրեր հաստատ շարունակ մտածում են այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում կամ չեն հասցնում այն գրել։ Եվ ես որոշեցի միայն քեզ ուղղված այս նամակը վերնագրել՝ «Հոր նամակը որդուն»։

«Ես ուզում եմ կյանքում գտնես այն, ինչ ես չեմ կարողացել գտնել։ Հեռավոր ճամփորդության համար վերցնես այն ամենը, ինչ ես մոռացել եմ վերցնել։ Ես ուզում եմ, որդիս, որ դու լինես իմ ամենալավ շարունակությունը և շարունակելին...»,- այս տողերը գրել է հայրս, քո պապը, որին դու չես տեսել։ Այս տողերն ուղղված են ինձ։ Այս մի քանի տողով նա ամեն ինչ ասել է։

Բայց ես ստիպված եմ ավելի երկար գրել, որովհետև երբ ես ծնվել ու մեծացել եմ, կարծես թե լույսն ավելի շատ էր, քան խավարը, իսկ դու ծնվել ու մեծանում ես այնպիսի ժամանակներում, երբ Լույսի այնքա՜ն պակաս կա։

Զավակս, կյանքը մեծագույն պարգև է՝ շնորհված մարդուն և բոլոր ոչ բանական արարածներին։ Բայց այն մի անվերջ պայքար է։ Սրիկաները սկզբում գործում են «իրենց տունը պահելու» անվան տակ, ապա՝ իրենց մերձավորների, իրենց շրջապատի և վերջապես իրենց ոհմակի համար։ Ռոմանտիկներն ու խենթերը պայքարում են իրենց հայրենակիցների և ընդհանրապես մարդկության երջանկության համար։ Իսկ հազարավոր, միլիոնավոր մարդիկ պարզապես իրենց համար ապրում են, նույնքան մարդիկ էլ գոյատևում են ՝ ջուրն ընկած տաշեղի պես օրորվում ու սպասում, թե իրենց որտեղ կնետի կյանքի ալիքը։

Ես ցանկանում եմ, որ դու որտեղ էլ լինես, ինչ էլ պատահի, քո շրջապատում միշտ Լույս ու Ջերմություն տարածես։ 

Դու ապրում ես այնպիսի ժամանակներում, երբ դպրոցի մասին շատ թյուր և սխալ պատկերացում կա երեխաների մեջ։ Դպրոցն ամենևին պատիժ չէ, այլ գեղեցիկ և կարևոր մի հաստատություն, որտեղ Սովորում են, Գիտելիք են ձեռք բերում և աստիճանաբար սկսում ճանաչել աշխարհը։ Եթե դու չճանաչես աշխարհը, ապա չես ճանաչելու և չես հասկանալու այն մարդկանց, ովքեր ապրում են այդ աշխարհում՝ քո շրջապատում և քեզնից միլիոնավոր մղոններ հեռու։ 

Հենց դպրոցական նստարանից դու պիտի սովորես գնահատել քո Ժամանակը, որ ամենաթանկն է և երբեք կորցրածը ետ չի բերում։ Աշակերտները սիրում են ուսուցիչներին «պատժել»՝ չսովորելով կամ ձևանալով, որ սովորում են։ Բայց դրանով նրանք իրենց են պատժում, սովորելու համար իրենց ընձեռած ժամանակն են սխալ տնօրինում, պարզապես քամուն տալիս։ Դա նույնն է թե՝մարդ ժամերով գտնվի անվճար ճոխ ճաշարանում, բայց այնտեղից սոված դուրս գա՝ իբր դրանով պատժելով ճաշարանի աշխատողներին։ Իսկ կյանքի պայքարում քեզ այնքա՜ն  անհրաժեշտ է լինելու դպրոցական տարիներին ձեռք բերած Գիտելիքը։

Հիմա աշխարհում դու ունես քո աշխարհը, որ այնքա՜ն գեղեցիկ, լուսավոր ու պայծառ է իրական աշխարհից, որտեղ դու ապրում ես քո հարազատների, հասակակիցների և ընկերների հետ...

Ընկերների մասին։ Միշտ ձգտիր քեզ շրջապատել ազնիվ, գաղափարակից, անշահախնդիր, հավատարիմ ընկերներով, և դու էլ նրանց հանդեպ եղիր այդպիսին։ Ընտանիքից հետո ընկերները մարդու երկրորդ մեծագույն  հարստությունն են։ Առանց ընկերների մարդը նմանվում է անտառից մեկուսացած միայնակ ծառի։ Անգամ միայնակ հզոր կաղնին է տապալվում ուժեղ քամիներից ու հողմից, իսկ անտառում՝ իրենց նման ծառերով շրջապատված ամենանվաստ ծառերն անգամ կանգուն են մնում։

Զավակս, ես ցանկանում եմ, որ դու միշտ կարողանաս տեսնել և գնահատել Գեղեցիկը, անկախ նրանից այն բնության մե՞ջ է, թե՞ մարդու մեջ, մարդու արտաքի՞նն է այդ գեղեցիկը, թե՞ այն նրա ներսում է։ Դա քեզ օգնելու է տարբերել Տգեղը, Այլանդակը, որ հաճախ հանդես է գալիս գեղեցիկ հանդերձանքով։ Դրանով դու կսովորես ճանաչել նաև ինքդ քեզ և հասկանալ, որ բոլոր դատավորներից ամենաանաչառը նա է, որ քո մեջ է։

Դու ծնվել ես այնպիսի դարում, երբ հնարավոր է աշխարհը ղեկավարել համակարգիչ-կոմպյուտերով, երբ Երկիր մոլորակը պատված է համաշխարհային սարդոստայնով՝ ինտերնետով։ Դրանք աներևակայելի մտքի թռիչքի արդյունք են և հրաշք։ Սական դրանք կարող են չարիքի վերածվել, եթե դու դառնաս դրանց գերին՝ վտանգելով քո առողջությունը...

Չեմ կասկածում, որ այս նամակը կարդալով, դու հասկանալու ես ինձ։ Իսկ ավելի խորը դու հասկանալու ես այս տողերը տարիներ հետո, թերևս երբ ես չեմ լինի, երբ կեսգիշերին նայես լուսնի աղոտ լույսի տակ երևացող քնած մանուկների անմեղ դեմքերին, լսես նրանց հանգիստ ու խաղաղ շնչառությունը, քեզ անսահման երջանիկ զգաս ու հասկանաս, որ նրանք քո մեծագույն հարստությունն են...

Դեռ մի ամբողջ կյանք կա քո առջև, դեռ այնքա՜ն բան ես տեսնելու և սովորելու։

Իրոք ծանր ու դաժան ժամանակներում ես ծնվել ու մեծացել։ Այնպիսի ժամանակներում, երբ շատ դժվար է ՄԱՐԴ լինել։ Երբ ոչ միայն մարդու կյանքն է վտանգված, այլ տիեզերքի այն շատ աննշան, բայց եզակի ու հրաշք մասնիկ-հատվածը, որ կոչվում է Երկիր մոլորակ։ Այնքա՜ն բան կա քեզ ասելու, բայց շատ ու շատ չասված բաներ դու ինքդ կիմանաս ու կսովորես քո ողջ կյանքում։ Իսկ հիմա ընդամենը մաղթում եմ քեզ` թող քո գլխավերևում միշտ պայծառ ու անամպ երկինք լինի, զավակս, քո առջև՝ կանաչ ճանապարհ։

«Հրապարակ օրաթերթ»

15.12.2023

Հայ գիտնականներ, աուու, ո՞ւր եք, ձեն հանեք...

Այսօր մեզանում ամենատարածված հարցն է` ինչու՞ այսպես թույլ, անկամ ու խեղճ դարձանք։

Իրականում Մեծ եղեռնից մի դար առաջ էլ ու դրանից շատ առաջ էլ մեզանում նույն խեղճությունն էր։ Այդ ժամանակաշրջանների դպիր ու գրողների, դասականների երկերում նկարագրված կյանքից ակնհայտ խեղճություն է ծորում, ու գլխավոր պատճառը հաստատ պետականություն չունենալը չէր, որովհետև, ասենք, չեչենները, նրանց հարևան լեռնական ազգ ու ցեղերը, այսօր աշխարհի տերը դարձած հրեաները երբեք պետություն չեն ունեցել։ Վերջիններս երկրորդ համաշխարհայինի տարիներին ցեղասպանվել են ու ավելի սփռվել աշխարհով մեկ։ Շամիլի ժամանակներից ի վեր չեչեններին ու մյուս լեռնականներին պարբերաբար հալածել են, աքսորել, սիբիրներ են քշել, վերջին անկախական շրջանում տևական ժամանակ հսկա Ռուսիան կռվում էր մի բուռ չեչենների դեմ, երկուստեք մեծ կորուստներ էին կրում, բայց այսքանից հետո այդ ազգ ու ժողովուրդները ոչ թե խեղճացել, կոտրվել, մեզ պես ստրկամիտ են դարձել, այլ ավելի պինդ ու հաստատակամ են դարձել։ Չեչենները ռուսական պետության մեջ փաստորեն իրենց պետությունն ունեն, հրեաներն այսօր և պետություն են ստեղծել անապատում, և աշխարհի տերերից են...

Մենք շարունակ շեշտում ենք, թե Սովետը, ռուսներն են Ադրբեջանը ստեղծել, բայց մոռանում ենք, որ այդ նույն Սովետը նաև Հայաստան է ստեղծել` գավառական, կիսավեր, աղքատ ու հետամնաց այս տարածքում։

Իսկ այն, որ երբեք պետություն չունեցող ու հիմնականում քոչվոր և ոչխար արածեցնող ազերներն այսօր պետություն ունեն, արդեն պետսկան մտածողության կրող են դարձել, իսկ մենք մսխել, փոշիացրել ենք մեր պետակսնությունը և վերացման «կուրս» վերցրել, ապացուցում է, որ հազարամյակ պետություն, պետականություն չունենալը բացարձակապես որոշից չէ։ Ի վերջո անապատներում ուղտերի քարավաններով ճամփորդող արաբները, որ երբևէ պետության մասին լսած չկային, այդ նույն անապատները ծաղկեցրել են, պետություններ են ստեղծել ու աշխարհ են զարմացնում իրենց դուբայներով։

Այնպես որ հազարամյակ շարունակ պետություն չունենալը բացարձակապես կապ չունի, դա հնարել են մերօրյա իշխանիկները` արդարացնելու իրենց սրիկայություններն ու անօրինությունները` բա չգիտե՞ք, որ Մոսկվան մի օրում չի կառուցվել։ 

Ու երեսուն տարում ոչ Մոսկվայի մակետ, ոչ գոնե մի գյուղ կամ գործարան չեն կառուցել։ 

Նույն այս իշխանիկ-սրիկաների հայրերն ու պապերն են հնարել` «անփոխարինելի մարդ չկա»։ Իսկապե՞ս։ Եթե Շեքսպիրը, Մոցարտը, Նյուտոնը, Դոստոեւսկին, Թումանյանը ծնված չլինեին, պողոսների միջից նրանց փոխարինող հանճարնե՞ր են ծնվելու։ Ուղղակի այդ տխմարությամբ տգետները, դուրսպրծուկները ցանկացել են իրենց հավասարեցնել մեծերին, հանճարներին։ Բայց սա այլ թեմա է։

Երբ միջին վիճակագրական քաղաքացին անտարբեր է, անհույս է, ի վիճակի չէ հասկանալու, որ իրեն ու իր երկիրը վերացնում են, դա թերեւս հասկանալի է։ Բայց երբ երկրի գիտնականները, ակադեմիկոսներն են «խոր ընդհատակում», ձեն ու ծպտուն չի լսվում նրանցից, դա արդեն ոչ միայն անհեթեթ մի բան է, այլեւ խայտառակություն է։ Մի ողջ հազարամյակ պետականություն ունենալ-չունենալն այստեղ կապ չունի։

Երբ աչքիդ առաջ հարյուրավոր պետությունների փորձը կա, որոնցից շատերը հարյուր տարի առաջ գաղափար չունեին, թե ինչ ասել է պետություն, բացարձակապես զրո նշանակություն ունի «մի հազարամյակ պետություն չունենալու» մասին հեքիաթ-պատճառաբանությունը։

Համոզված եմ, որ մեր խեղճության, ողորմելիության պատճառներն իրոք շատ խորն են ու հիմնականում մեր մենթալիտետի, մեր հոգեկերտվածքի, մեր արժեհամակարգի, մեր ազգային բնույթի մեջ են։ Ու սա շատ լուրջ թեմա է։ Հայ գիտնականներ, աուու՜, ո՞ւր եք, ձեն հանեք։ Հեքիաթներ եք հնարում մեր 50-հազարամյա պատմության, աշխարհի քաղաքակիրթ ազգերը հայից սերվելու մասին, ձեն հանեք եւ բացատրեք, թե ինչպես է Հռոմին հասակակից Էրեբունի-Երեւան ունեցող ազգը վերածվել բնակչության, ապա ամբոխ ու ժեխի, իր ծնած, աճեցրած մի բուռ տականքի ստրուկը դարձել ու հայտնվել նախնադարում։

«Հրապարակ օրաթերթ»

Նրանք իրենց երկրի տերն են, մենք տերեր ու կուռքեր ենք հնարում, ծնկաչոք երկրպագում

Համացանցում երեւի շատերին հանդիպած կլինեն կլիպներ, տեսագրություններ, որոնցում փոքրիկներն աներեւակայելի տրյուկներ են անում։

Հատկապես Յութուբը լեցուն է նման վիդեոներով, նաև ընկերս է հաճախ նման տեսագրություններ տեղադրում ֆեյսբուքյան իր էջում, որոնք նկարված են արտերկրում, հատկապես ԱՄՆ-ում։ Այդ վիդեոներում ապշած նայում ես, թե 3-4 տարեկան երեխան` աղջիկ թե տղա, ինչպիսի բարդ, վտանգավոր տրյուկներ է անում։ Ցանկացած տարիքի, հատկսպես ջահելներն ինչ վտանգավոր վարժություններ, համարներ են կատարում։ 

Բավական է մի փոքր, աննշան սխալ, նրանք ջարդուփշուր կլինեն, կջնջխեն գլուխները։ Փոքրիկները սքեյբորդով այնպիսի կրկեսային համար են ցուցադրում` օդում գլխապտույտ օղակներ գծելով, սարսափազդու սալտոներով, որ արյունը երակներումդ սառչում է։ Հսկայական բարձրությունից յանկիները նետվում են ջուրը, փչովի հագուստ-թևերով բարձունքից ցատկում ու մեծ արագությամբ ժառերի, կիրճերի միջով հրթիռի պես սուրալով թռչում։ Ու այնպիսի բազմազան տրյուկներ են կատարում այդ խենթ, խելառ ու «կյանքից զզված» ամերիկացիները, որ երազում ամգամ մեզանում ոչ ոք երբեք չէր երևակայի, առավել ևս` երբեք չէր համարձակվի կատարել։

Նայում եմ ու մտածում, որ մենք և նրանք առաջին հերթին հենց սրանով ենք տարբերվում, այլ ոչ նրանով, որ աշխարհում առաջինն ենք քրիստոնեություն ընդունել պետականորեն, հինգ հազար տարի առաջ տրեխ հնարել, երբ այդ ամերիկացիների իզ ու թոզն անգամ չկար մոլորակի վրա։ Իսկ ահա այսօր նրանք իրենց կյանքը վտանգելով, աներևակայելի ռիսկով ու համարձակորեն այնպիսի բաներ են անում, որ մենք ոչ մի գնով չենք կատարի։ 

Ու նրանք արտերկրում նաև տեղում սատկացնում են իրենց վիրավորողին, իրենց նվաստացնել փորձողին, իրենց հարազատին սպանած ճիվաղին։ Քացու տակ են տալիս խաբեբային, կաշառակեր պատգամավորին կամ նախարարին գլխիվայր գցում աղբարկղն ու երբեք հազարներով չեն վանկարկում` «ոստիկանը մերն է»։ Նրանց գեներալը պլաստիկ շիշ չի նետում երկրի թշնամուն պաշտպանողի ու ծառայողի վրա, այլ նրանց երկրում երբ շարքային քաղաքացին նկատում է, որ դատավորը փորձում է արդարացնել հանցագործին, ինքն է գյուլլում ու սատկացնում ճիվաղին։ Իսկ դատավորը հասկանում է, որ եթե մի անգամ էլ փորձի սրիկայություն անել, հաջորդ գնդակն իր ճակատին են արձակելու։ 

Նրանք հրեշին սատկացնում են, իսկ մենք հրեշին երկրպագում ենք։ Նրանց տղամարդը, քաղաքացին գլուխը բարձր ու հպարտ քայլում է փողոցով, պատրաստ իր արժանապատվության վրա քար նետող ցանկացածին իր դատարանով կամ հենց ինքը պատժելու, իսկ մեզանում հայ տղամարդիկ գոգնոց կապած, հեռուստաէկրաններից ճաշ եփել են սովորեցնում։ Նրանց քաղաքացիներին խաբելով, ձեռ առնելով չեն ասում «հպարտ քաղաքացիներ», այլ նրանցից յուրաքանչյուրն ինքը հպարտ է ու իր արժանապատվության վրա քար գցողին պատասխանում ի ինչպես հարկն է, ինչպես հատուկ է տղամարդուն։

Եվ նրանք հզոր, զարգացած, արժանապատիվ պետություններ ունեն, իսկ մենք մսխել ենք մեր ազգային հարստությունները, ավերել մեր երկիրը, ծախծխում ենք հայրենիքը, ոչնչսցնում պետականությունն ու վերանում։

Պատճառները, մեր դժբախտությունների, ողբերգությունների, մեր ողորմելիության պատճառները շատ-շատ են` սկսած տգիտությունից մինչ ստրկամտություն, բայց նաև նրանում է մեր մեծ ցավը, որ մեզանում ծնված օրից մեր ծնողներից, պապերից, ապուպապերից ներարկված վախ կա, հնազանդություն, այսպես ասած, ճակատագրի հանդեպ, հույսը ոչ թե սեփական բազկի, խելքի ու հնարամտության վրա են դնում, այլ աստծուն, աղոթում, որ փրկիչներ ուղարկեն, որ գան մեր հարցերը լուծեն, մեզ պաշտպսնեն։ Մեզանում տերեր ու կուռքեր են հնարում ու ծնկաչոք նրանց երկրպագում։ Ազգիդ սերուցքը վերացրածի, հազարավոր երիտասարդների արեւ խավարացնողի, ծնողի միակ որդուն հողում դնողի ձեռքը նույն այդ ծնողը համբուրում է եւ աղոթում, որ նա երկար ապրի։ Հնազանդորեն դիտում են, թե ինչպես են իրենց վերացնում։

Աշխարհը վաղուց ծառից իջել, զարգանում է, ոմանք այլ ազգեր, երկրներ, աշխարհներ ու տիեզերք են նվաճել, իսկ մենք կրկին ծառ ենք բարձրացել ու 21-րդ դարում ապրում ենք մեր նախնադարում ու ստրկատիրական միջնադարում։ Նրանք մարդ են դարձել ի վերջո, մենք` սեփական շվաքից անգամ խրտնող, բայց պոռոտախոսությամբ սարեր շուռ տվող, իրար կրծող, իրար նախանձող, իրար հոշոտող ու հայրենիք ծախող չմարդ, գրողը տանի։

«Հրապարակ օրաթերթ»

09.12.2023

Բակոն է այդ երախտամոռներին նախարար, փոխնախարար, շրջվարչակազմի ղեկավար սարքել

Բակո Սահակյանի իշխանության տարիներին մոտ երկու տարի անգործ եմ եղել։ Այդ տարիներին ու դրանից հետո «Նոր էջ» անվամբ հասարակական-քաղաքական թերթ էի հրատարակում ու անվճար տարածում։ Թե ինչպես էի տուն, ընտանիք պահում, գուշակել միայն կարելի է։

Դպրոցական տարիներից գիտեինք իրար։ Բակոն նրա մականունն էր։ Անունը Բահատուր էր։ Զուգահեռ դասարաններում էինք սովորում։ 

Մինչ նախագահ դառնալը, երբ Արցախի ԱԱԾ պետն էր դեռ, ինքն էր ցանկացել, որ հանդիպենք։ Քաղաքականությունից ու այլ հարցերից զրուցել ենք, բայց այդ օրերին դեռեւս չգիտեի, որ Արկադի Ղուկասյանից հետո ինքն է Արցախի նախագահը դառնալու։ Այդ հարցերը պաշտոնական Երեւանում էին որոշում։

Մի քանի անգամ հանդիպել ենք նաև երբ Բակոն Արցախի ղեկավարն էր։ Դարձյալ քաղաքականությունից ու տարբեր խնդիրներից էինք զրուցել։ Հիշում եմ, որ այդ հանդիպումներից մեկի ժամանակ, 2011 թվականին էր, ես ակնարկել էի ԵԱԽՎ ամբիոնից Սերժիկի ելույթն ու ասել, որ էշություններ է դուրս տվել, ինչպե՞ս թե Ադրբեջանն իր ժողովրդին պատերազմի է պատրաստում, մենք` խաղաղության։ Ասել էի, որ այդ մասին արդեն գրել եմ իմ խմբագրած թերթում` որպես խմբագրական 

Բակոն փորձել է պաշտպանել իր շեֆին, ասելով, որ այլ ենթատեքստ կա, շատերը ճիշտ չեն հասկացել։ Հակադարձել եմ, որ հենց այդպես էլ ասել է ու շատ էլ ճիշտ հասկացել են բոլորը։ Մեր հանդիպումների ժամանակ մեկ-երկու անգամ էլ քննադատել եմ նրա` Բակոյի կադրային քաղաքականությունը, մի քանի կոնկրետ անուններ նշել։ Զարմացած տեսքից հասկացել էի, որ մինչ այդ իրեն նման բան ասող չի եղել...

Բայց այլ բան եմ ուզում ասել։ Այսքանը հիշեցի, որպեսզի պարզ լինի, որ Բակո Սահակյանի հետ հաստատ ոչ ջերմ, բայց նաեւ ոչ թշնամական, սովորական հարաբերություններ ունեի։ Ու չնայած նրա իշխանության օրոք անձնապես տուժել եմ, երկու տարի անգործ էի մնացել, երբ մինչ այդ հենց իշխանություններից էին ինձ զանգում, աշխատանք, հանրապետսկան թերթի խմբագրի կամ ԿԳՄՍ փեխնախարարի պաշտոն առաջարկում ու ես մերժում էի։ Բակոյի եւ մյուսների վարած քաղաքականությունից, սխսլներից տուժել է նաև մեր երկիրը։ Իսկ ահա շատ ու շատ սրիկաներ, տականքներ շահել են և ոչնչից ամեն ինչ դարձել։ Վերջիններս այլ երկրներում լավագույն դեպքում ինչ-որ հիմնարկների միջին օղակներում սովորական աշխատող կարող էին լինել, ոմանք` ավելի համեստ պաշտոններում։ Բայց Բակոն նրանց նախարար, փոխնախարար ու շրջվարչակազմի ղեկավար էր դարձրել, վարչության պետերի ու զանազան փափուկ աթոռների նստեցրել։

Ես իմ գրառումներում ու տպագրած հոդվածում գրել եմ, որ ցավում եմ Բակոյի և մյուսների համար, որովհետև թշնամին, ազերին նրանց բանտարկել է, որովհետև հայ են, արցախցի են և Արցախի ղեկավարներն են եղել։ Այս տողերը գրելիս էլ իրոք ցավում եմ Բակոյի համար։ Իսկ ահա այն սրիկաները, ստահակները, որոնք Բակո Սահակյանի օրոք բարձր պաշտոններում էին հայտնվել, նախարարներ ու բարձրաստիճան կարեւոր դեմքեր էին դարձել, փողատեր, մի քանի բնակարանատեր էին դարձել, այսօր հայրենասիրական փուչիկներ են թռցնում ֆեյսբուքյան իրենց էջերում, բայց առայսօր բառ անգամ չեն գրել, ոչ մի ցավ չեն զգացել Բակոյի և մյուս ղեկավարների համար։ Մարդկանց համար, որոնք իրենց` այդ միջակություններին ու ոչնչություններին բարձր պաշտոններ էին նվիրել, և որոնք նրանց են պարտական ախոռից պալատներում հայտնվելու համար։

Կրկնում եմ` ցավում եմ Բակոյի և թշնամու բանտերում հայտնված մյուս բոլոր մեր հայրենակիցների համար, իսկ ահա ակնարկածս երախտամոռ, սրիկա ու տականք շանորդիների վրա թքած ունեմ, որոնք այսօր ֆեյսբուքում թառած, հոգսերի բեռից մտախոհ դասականի տեսքով նկարված, իրենց առնվազն Պլատոն ու Շեքսպիր երևակայելով, հայրենասիրական փուչիկներ են օդ թռցնում կորսված «դրախտային քաղցրաբույր» հայրենիքի մասին և լայքեր հավաքում։ Հենց այս սրիկաների մեղքով է նաեւ, որ պարարտ հող է ստեղծվել, որպեսզի իշխանության գան շատ ավելի ապազգային, ծախու եւ հրեշ իշխանություններ, քան նախկիններն էին։

«Հրապարակ օրաթերթ»

08.12.2023

Մտավորական մի ընկերոջ

Գրում ես օրուգիշեր, բառեր ես նկարում, բառեր շարում բառերի հետեւից, բառեր դարսում բառերի վրա` սիրուն, ճռճռան բառեր։ Գրում ես օրուգիշեր, բայց ոչ նրա համար, որ այդ բառերն իրոք քո սրտից են պոռթկում, այլ որովհետեւ քո այդ սարքած բառերիդ համար հոնորար են վճարում քեզ։ Դու փող ես սարքում այդ բառերից, որովհետեւ այլ կերպ չես կարող դու փող աշխատել։

Գրում ու գրում ես, ինքդ հիանում քո գրածով, ինքդ քեզ մեծարում քո գրածներում ու հավատում, որ իրոք մեծ ես, տաղանդ ու հանճար ես, եւ արդեն դասական ես դու։ Նաեւ սիրուն փիլիսոփայել ես սովորել, սիրուն տեսքով նկարվել եւ սիրուն ճառել եթերներից ու ամբիոններից։

Եվ արդեն խորհուրդներ ու դասեր ես տալիս մարդկանց։

Ապրելու, պայքարելու դասեր ես տալիս, եւ իրականում քեզ չճանաչողները հաճախ հավատում են քեզ։

Բայց դու քո ողջ կյանքում երբեք չես պայքարել։ Երբեք չես եղել պայքարողների շարքերում։ Չէ, այնուամենայնիվ, պայքարել ես։ Պայքարել ես վեր բարձրանալու, ավելի փափուկ ու գրավիչ աթոռներ գրավելու համար։ Ու դրա համար շողոքորթել, քծնել ես քեզնից վերերին, սողացել նրանց առաջ։ Ու այդպես տարեցտարի դու վեր ես բարձրացել, ավելի փողաբեր աթոռներ գրավել ու շարունակել բառեր նկարել թղթերի վրա եւ եթերները լցնել սիրուն, ճռճռան, պաթոսով լի բարձրագոչ բառակույտերով ու ինքդ քեզ հոնորարներ գրել։ Քեզ շրջապատել ես միջակություններով ու ոչնչություններով, որպեսզի նրանք ծափահարեն քեզ, հենարան դառնան ավելի վեր ելնելու համար ու նրանց մեջ դու ավելի բարձր երևաս` ինչպես սնամեջ եղեգը` թուփ ու մացառների մեջ։

Քո ողջ կյանքում դու միշտ կանգնել ես ծանր նժարների վրա։ Հիշում ես հաստատ պոետի խոսքը, ու թերեւս ինքդ էլ ես հաճախ ցիտել` «Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի, կանգնած է այնտեղ նա երկյուղալի», չնկատելով, ցույց չտալով կամ չհասկանալով, որ դա հենց քո մասին է։

Քո ողջ կյանքում դու միշտ պայքարել ես պայքարողների դեմ։ Բամբասել, զրպարտել ես նրանց, քանզի նրանք քո կուռքերի դեմ, քեզ նմանների շնորհիվ բարձր աթոռներ գրաված ստահակների դեմ էին պայքարում։ Անխոնջ ու կտրիճ էիր այդ պայքարում, որովհետեւ հզոր վերեւներն էին թիկունքդ, դու նրանց պես սրիկա ես, նյութապաշտ ու փառասեր շանորդի։

Ու կարդալով այս տողերը, դու շան պես կռահելու ես, հասկանալու ես, որ քո մասին եմ գրել։ Բայց դա դու երբեք ցույց չես տալու։ Հոգուդ խորքում ատելու, հայհոյելու ես ինձ, սակայն, փողոցում հանդիպելով, «բարեկամաբար» ժպտալու ես ու անցնես, որովհետեւ իրականում ողորմելի ու վախկոտ ես դու եւ քո ողջ կյանքն այդպես ես ապրել` կեղծելով, հրեշտակ ձեւանալով ու տականքի պես։

«Հրապարակ օրաթերթ»

04.12.2023

Արցախ. վերջին օրեր

Շատ դժվար է, ծանր է գրել Արցախի վերջին օրերի մասին։ Դա ոչ միայն մեր հայրենիքի մահը, վախճանն էր, այլ իրականում մեր համազգային կործանումն էր։

«Հակաահաբեկչական օպերացիա» անվան տակ թշնամին հարձակվելով Արցախի վրա, չնայած ենթադրում էր արդեն, բայց վերջնականապես համոզվել էր, որ աշխարհի վեջը չէ, ավելին` Արևմուտքը դեմ չէ, ռուսն է խանգարելու մտադրություն չունի։ Եվ զավթիչը սկսեց առաջ շարժվել` իրար հետեւից գրավելով մինչ այդ պայմանավորված պատերազմում զավթած Արցախից մնացած փոքրաթիվ բնակավայրերը։

Արցախն ուներ թշնամու համեմատ բազմիցս նվազ ու հիմնականում դարն ապրած զինտեխնիկա եւ սահմանափակ քանակությամբ զինամթերք, որով, լավագույն դեպքում, կարող էր մի քանի օր պաշտպանվել` մեծ զոհերի գնով։ Իսկ դրսից բացարձակապես օգնության նշույլ չկար։ Դա ակնհայտ երեւում էր մոտ մեկ տարի ձգվող շրջափսկումից, պաշարումից։ Ավելին` իր անվտանգության երբեմնի երաշխավորը բացահայտ սպասարկում էր թշնամու շահերը։ 

Ադրբեջանի կողմից զավթած բնակավայրերից հազարավոր արցախցիներ էին մազապուրծ եկել, լցվել մայրաքաղաք Ստեփանակերտ։ Շատ բնակավայրեր մնացել էին թշնամու օղակում` կրկնակի շրջափակված։

Արցախի Վերածննդի հրապարակը լիքն էր գաղթականներով` ոմանք հասցրել էին իրենց հետ գոնե մի ճամպրուկ վերցնել, իսկ շատերը սովորական մի հագուստով էին ու ստեփանակերտյան վերջին գիշերներն անցկացնում էին սառը, ցուրտ ու անտանիք` սպասվող արհավիրքից ասես խեղճացած, ինքն էլ կատարվածից շշմած հրապարակում...

Ստեփանակերտի ծայրամասերում, նաեւ որոշ թաղամասերում էր թշնամին։ Հրապարակում հավաքված գաղթականներին միացան նաեւ այդ թաղամասերի բնակիչները։

Օղակն օրեցօր սեղմվում էր։ Քաղաքի ներքեւի հատվածով ընկերոջս տուն գնալիս, Մազե կամրջից քիչ վերեւում տեսա այնտեղ դիրքավորված ադրբեջանցիների։ Իսկ դեպի Հայաստան տանող մայրուղին խցանված էր հազարավոր մարդատար ավտոմեքենաներով։ Ովքեր սեփական ավտոմեքենա ունեին, վառելիք ու հնարավորություն ունեին, շտապում էին երեխաներով, ընտանիքով դուրս գալ դժոխքից։

Ցավալի է, բայց այդ օրերին մեր հայրենիքն իրոք վերածվել էր դժոխքի` երկարատեւ շրջափակումից, քաղցից, սովից հյուծված, հուսահատ, անճարակ հազարավոր արցախցիներ մտածում էին թշնամու աքցանից ինչ-որ կերպ գոնե իրենց երեխաներին դուրս բերելու մասին...

Հայրենի գյուղից մազապուրծ փախած ու Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում բաց երկնքի տակ օրեր լուսացնող մարդկանց ծանր ապրումները, երբ ազերիները չորս կողմից պաշարել էին Ստեփանակերտը, քաղաքի ծայրամասերում էին արդեն, անգամ նրանց տեսել էին Ղարաբաղ Տելեկոմի շենքի մոտ, երբեմնի պայծառ, լուսավոր, գեղեցիկ Ստեփանակերտն իրոք դժոխք էր դարձրել։

Արցախում ապրող, աշխատող շատ ու շատ հայաստանցիների ավտոմեքենաները մնացել էին Արցախում։ Նրանք զանգում էին իրենց ծանոթ ու անծանոթներին և աղաչում 10 լիտր բենզին գտնել և այդ ավտոմեքենաներով իրենց ընտանիքներով Արցախից դուրս գալ` դուրս բերելով նաև իրենց ավտոմեքենան։ Մի աղջիկ լացակումած ասում էր, որ նոր, թանկարժեք ավտոմեքենան Ստեփանակերտում է։ Ասում էր` մի ավտովարորդ գտեք, թող ձեզ դուրս բերի Արցախից։ Գոնե մինչև Հայաստանի սահման հասցրեք, փոխարենը ձեզ մեծ գումար կտամ...

Իսկ Արցախում արդեն ավտովարորդ չէր մնացել, իրենց ավտոմեքենաներով ու ընտանիքներով արդեն դուրս էին եկել Ստեփանակերտից, ու այդ ավտոների շարասյունը կիլոմետրեր էր ձգվում...

Երևաններում հանգիստ նստած, մուննաթով ու դժգոհ ոմանք ասում են` արցախցիներն իրենց տանկերը, հրանոթները թողել են ազերիներին։ 

Սրանց կարծիքով` սահմանափակ արկերը, զինամթերքները սպառած, որևէ տեղից, որևէ մեկից օգնություն չստացող, թշնամու բազմիցս ուժեղ ու ժամանակակից զինտեխնիկայով հագեցած բանակի դեմ մեն-մենակ մնացած մի բուռ արցախցիները պետք է դատարկ տանկերն ու անզինամթերք մնացած մյուս տեխնիկան քշեին, բերեին Հայաստան կամ քաջաբար գերվեին թշնամուն...

Ու սա այլեւս զարմանալի չէ. ստի, կեղծիքի, ծուռ հայելիների աշխարհում, իրականության խեղման միջավայրում ճշմարտությունը տեղ չունի։

2.

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մնացել էին այն արցախցիները, որոնք սեփական ավտոմեքենա չունեին, նաեւ տարբեր բնակավայրերից մայրաքաղաք եկած մարդիկ, ովքեր դատարկաձեռն են դուրս եկել հայրենի գյուղից կամ կարողացել են իրենց հետ վերցնել մի փոքրիկ ճամպրուկ` վերջին պահին այնտեղ խցկած մեկ-երկու հագուստով կամ այդ պահին, երբ թշնամին արդեն իրենց գյուղի մոտ էր, կարողացել են, հասցրել են վերցնել իրենց հետ եւ դուրս գալ հայրենի գյուղից։

Հրապարակի տխրությունը, ստեղծված վիճակի ծանրությունը ցրում էին երեխաները, որոնցից շատերը դեռեւս լրիվ չէին հասկանում, թե ինչու են հայտնվել այդտեղ` բազմաթիվ մարդկանց մեջ։ Այդտեղ բազմաթիվ այլ երեխաներ կային եւ աշխույժ խաղում էին իրար հետ, վազվզում, հեծանիվ քշում։

Հրապարակը մի հսկա կայարան էր հիշեցնում, որտեղ հավաքված հազարավոր մարդիկ սպասում էին փրկարար գնացքին, որն ուշանում էր, չէր գալիս։

Վերջին երկու օրը ես էլ էի հրապարակում։ Մտահոգությունս առաջին հերթին երեխաներն էին։ Մտածում էի` գոնե նրանց կարողանամ ուղարկել Հայաստան։ Նաեւ մի քանի շաբաթ առաջ ինսուլտ տարած մորս վիճակն էր շատ մտահոգում, որովհետեւ շատ թույլ էր եւ միայն մեր օգնությամբ էր շարժվում։

Մինչ այդ, երբ դեռեւս տանն էինք, քաղաքի Կրկժան թաղամասից թշնամու կողմից կրակահերթերի ձայներ էինք լսում։ Դա այնքան չէր ազդում երեխաներիս, աղջիկներիս վրա, որքան որոշ մարդկանց խուճսպային ձայները` թուրքերը մոտենում են։

Ստիպված էի ընտանիքս տեղափոխել Ստեփանակերտի հակառակ ծայրը` իմ լավագույն ընկերներից մեկի` համակուրսեցի, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանի տուն, որն առաջին հարկում էր ապրում, ու հիվանդ մայրիկիս տեղափոխելու համար այնտեղ երիցս հարմար էր։

Այդ ծանր օրերին Արթուրը մեզ շատ օգնեց։ Հնարավորության չափ մենք էլ իրեն էինք օգնում, որովհետեւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը,  պաշարումը շարունակվում էր, քաղցը, սովը, հացի անվերջ հերթերը դարձել էին սովորական, առօրեական մի բան։ Օրվա մեծ մասը մարդիկ հացի հերթերում էին անցկացնում` շնչին 200 գրամ հաց գնելու հույսով, եւ դա միշտ չէր հաջողվում։

Վերջին օրերին ամեն օր հանդիպում էի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, որին գիտեմ դեռև 1990-ականներից։ Իր աշխատասենյակում կամ դրսում երկար զրուցում էինք։ Դավիթը, Գագիկ Բաղունցը, Դավիթ Մելքումյանը, Գեղամ Ստեփանյանը Արցախի Աժ պատգամավորներից միայն իրենք էին մնացել ժողովրդի հետ։ Գագիկը ոտքի վրա հազիվ էր կանգնում։ Դրսում ժամերով զրուցում էր մարդկանց հետ, հույս տալիս, բացատրում, որ անպայման բոլորին դուրս են բերելու։ Նույն բանը բացատրում էր հարյուրավոր մարդկանց։ 

Հեռախոսային կապը Հայաստանի հետ հիմնականում խափանված էր, մարդիկ անհանգստանում էին հատկսպես իրենց երեխաների պատճառով...

Հետո երբ կադրերում տեսա ազերիների կողմից առևանգված, Բաքու տարված Դավիթ Իշխանյանին, սարսափելի ցավ զգացի։  Խորապես ցավում եմ Ռուբեն Վարդանյանի համար։ Մարդ, որ իրակսնում ողբերգական կերպար է։ Նա Արցախ էր եկել իր հնարավորություններով Արցախին օգնելու համար` բացարձակապես չհասկսնալով, որ ռուսաստաններից, եվրոպաներից հայկական միջավայր գալով, իրականում հայտնվել է դժոխքում։ Նա չէր պատկերացնում, որ սա սյլեւս այն երկիրը, այն աշխարհը չէ, որ լքել էր երիտասարդ տարիներին եւ արտերկրում իր խելքի, իր գիտելիքների, իր տաղանդի շնորհիվ մեծ կարողության տեր դարձել։ Նա չգիտեր, որ այստեղ իշխողն անբարոն է, անօրինությունը, անմարդկայինը։ Ու պատահակսն չէ, որ թուրքին, թշնամուն հավասար, անգամ վերջինիս գերազանցելով, այդ մարդու դեմ պայքարի դուրս եկավ հենց հայ տականքը, նախանձ քաղքենին, իշխանությունների պատվերով վայրահաչող ստահակը։ Հատկապես Հայաստանից խեղճ մարդու հասցեին լրատվամիջոցներն ու համացանցը հեղեղում էին ստոր բամբասանքներով, զրպարտություններով ու հայհոյանքներով։ Ցավում էի նաև Բաքու տարված նրանց համար, որոնց պատճառով էր նաև կորսվել Արցախը, որովհետև նրանց բանտարկել են, ոչ թե կատարած անօրինությունների համար, այլ որովհետև հայ են, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Բայց նրանք ոչ թե հանցագործ, եղեռնագործ ազերիներին, ոչ թե ոխերիմ թշնամուն, այլ իրենց հայրենակիցներին պիտի պատասխան տան իրենց արածի կամ չարածի համար։ Իսկ Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Իշխանյանի համար խորապես ցավում եմ, որովհետև նրանք իրենց ազնվությամբ, բարոյականությամբ, մարդկայնությամբ տարբերվում են Արցախի երեք ղեկավարներից։ Տարբերվում են հատկապես շատ ու շատ հին եւ նոր այն բարձրաստիճաններից, որոնք Երեւանում են։

3.

Այդ օրերին հիմնականում գյուղերից դատարկաձեռն Ստեփանակերտ եկած շատերը մտնում էին արդեն Հայաստան մեկնած եւ տերերից լքված, ջարդված ապակիներով խանութներն ու փորձում հարմար մի հագուստ գտնել իրենց համար։ Մի կին տխուր պատմեւմ էր, որ թեթեւսկի ջարդված, սուր ծայրերը ցից ապսկիներով մի խանութի մոտ վաղուց քրքրված, շարքից դուրս եկած կոշիկներով 7-8 տարեկան մի երեխա է տեսել, որը նսյում էր խանութում դարսած մանկական կոշիկներին։ Այդ կնոջը տեսնելով, խեղճ-խեղճ ասաց, որ ոտքերը մրսոոմ են, կոշիկ չունի, կարելի՞ է մտնի, մի զույգ վերցնի։

«Նայեցի ջարդված, սրածայր ապակիներով խանութի կողմը, վախեցա, որ երեխային հանկարծ մի բան կպատահի սրի պես ցից այդ ապակիներից ու փոքրիկին ասացի, որ չի կարելի, վտսնգավոր է,- պատմում էր կինը։- Անգամ ինքս չհամարձակվեցի կոտրել դրանք, որ խեղճ երեխան մտնի ներս ու մի զույգ կոշիկ վերցնի, որովհետեւ մտքովս երբռք չի անցել, որ կարող եմ խանութի ապակի կոտրել... Բայց էնքա՜ն եմ փոշմանում, որ այդպես չարեցի։ Այդ խեճ, նիհար, քրքրված կոշիկներով բալիկը շարունակ աչքիս առաջ է...»։

Իսկ ահա հագուստեղենի խանութներից մեկում տերը որսալով մոտով անցնող, թեթեւ հագնված գյուղաբնակ բարեկամիս հայացքը, ասաց` «Ներս մտիր ու հարմար տաք մի բան վերցրու»...

Շրջափակման, պաշարման այդ օրերին իմ ընկեր, պահեստազորի գնդապետ Սերգեյ Համբարձումյանն իր ավտոմեքենայով մի ողջ օր որոնել է ինձ, որպեսզի մեր ընտանիքին տրամադրի իր աճեցրած լոլիկ ու բանջարանոցային կուլտուրաներից։ 

Վերջին այդ օրերին հրապարակը լցված, Ազգային ժողովի եւ կառավարության շենքերի աշխատողներից լքված դատարկ սենյակներում տեղավորված մարդիկ ամեն օր, ամեն ժամ սպասում էին, որ Հայաստանից վերջապես ավտոբուսներ կգան եւ իրենց կտեղափոխեն։ Օրերն անցնում էին, իսկ դրանք չկան։ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը շարունակ փորձում էր կապվել հայաստանյան իշխանությունների հետ եւ պարզել, թե ինչու՞ են դրանք ուշանում, խնդրում էր, բացատրում, որ մարդիկ չեն դիմանում, սարսափելի վիճակ է...

Մարդիկ իրար հույս տալով, ինչ-որ պաշտոնյայից լսած խոսակցություններն էին տարածում` արդեն Գորիսից դուրս են եկել, արդեն անցել են ազերական անցակետը, մեծ, շքեղ ավտոբուսներ են, բոլորն ազատ տեղավորվելու են... Օրեր, ժամեր էին անցնում։ Այդ ավտոբուսներն արդեն վաղուց տեղ հասած պիտի լինիեին, բայց չկան ու չկան։

Սեպտեմբերի 28-ին վերջապես երեւացին բաղձալի ավտոբուսները։ Խոստացած 40-50-ի փոխարեն, ընդամենը երկու տասնյակ էին դրանք։ Ասում էին, որ մի մասն էլ շրջաններն են մեկնել` այնտեղ մնացած նարդկանց տեղափոխելու։ Այդ երկու տասնյակից ընդամենը մի քանիսն էին մեծ, երեսունից ավելի տեղանոց ավտոբուսներ։ Մյուսները երեւանյան երթուղային հին, դարն ապրած ավտոբուսներ էին, որ հարմարեցված էին միայն որպես ներքաղաքային տրանսպորտ։

Իրարանցում սկսեց, մարդիկ շտապում էին տեղ գրավել վերջապես հայտնված այդ ավտոբուսներում։ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը եւ դեռեւս Արցախը չլքած մի քանի պաշտոնյաները փորձում էին մարդկանց համոզել, որ բոլորին տեղափոխելու են, որ իրենք չեն լքելու Արցախը` մինչեւ վերջին արցախցին չտեղափոխվի։ Բացատրում էին, որ մինչ այդ գրանցած ցուցակով են տեղավորելու մարդկանց, որպեսզի ավելորդ խառնաշփոթ չլինի, այլապես ավելի է դժվարանալու գործը...

Գրանցած ցուցակներով, համարներով մարդիկ տեղավորվում էին, իրենց ճամպրուկներով փորձում նստելու տեղ գտնել։ Քանի որ բեռների համար համապատասխան բաժիններ չկային այդ ավտոբուսներում, իրենց ճամպրուկները մարդիկ լցնում էին ավտոբուսների միջնամասն, իրար վրա դարսում եւ վրան նստում...

Ուշ ժամին Հայաստանից ժամանած այդ առաջին շարասյունը ճանապարհվեց։

Հրապարակում մնացել էին հազար կամ քիչ ավելի արցախցիներ եւ մի մեծ սպասում...

Անհնար է նկարագրել մարդկանց վիճակն այդ վերջին օրը: Դարձյալ անհույս դեմքեր, հուսավառ շշնջոցներ` արդեն ճանապարհին են, Գորիսից դուրս են եկել...

Ժամերն անցնում էին, բայց ավտոբուսները դեռ չկան։ Դավիթ Իշխանյանին հարցնում եմ` ինչու՞ են ուշանում, ի՞նչ նորություն կա։ Պատասխանում է` ասում են, որ ավտովարորդների մի մասը վախենում է, հրաժարվեւմ են գալ...

Կրկին անցնում են ժամեր, օրն արդեն մթնել է։ 

Երեկոյան ժամը 10-11-սահմաններում վերջապես Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ մտան երկար սպասված մոտ վեց տասնյակ մեծ ու նախորդներից երիցս հարմարավետ ավտոբուսները....

Մոտավորապես 23:30-ին դուրս եկանք Ստեփանակերտից։ Արցախում մնացած մոտ 1000 արցախցիներով վերջինը հեռացանք մեր հայրենիքից։ Ընդմիշտ լքեցինք մեր երկիրը։ Մի քանի հազարամյակ հայեցի ապրող մեր երկիրն առաջին անգամ հայաթափվեց արցախատյաց, հայատյաց մի ճիվաղի ու հրեշի պատճառով և ողջ «հպարտ» հայության աչքի առաջ։

Հայրիկիս, կրտսեր քրոջս, տատ ու պապերիս և նախնիներիս գերեզմանները մնացին գերված ու ցավոք ընդմիշտ կորսված իմ հայրենիքում։ 21-րդ դարում մի նոր հայոց երկիր նվիրեցինք թշնամուն։

Ցավը, խայտառակությունը , ամոթը ծանր և դաժան խարանի պես դաջվեց մեր ազգի ճակատին։

Այդ օրվա իմ գրառումներից. «Ժամը 4-ն է։ Խոր գիշեր է։ Լիալուսին է։ Լուսնի արծաթագույն սկավառակը վերևից նայում է մեզ ու ինքն էլ չի հասկանում, թե ինչու այսպես արինք և ուր ենք գնում։ 

Մեր ավտոբուսը խավարը ճեղքելով, մոտ վեց տասնյակ այլ ավտոբուսների հետ մեզ` հայրենիք կորցրածներիս տանում է դեպ անորոշություն»...

4.

Ինչու՞ այսպես եղավ։ Այսպես եղավ, որովհետեւ երեք տասնամյակ շարունակ ՀՀ-ն ու Արցախը ղեկավարել են մարդիկ, որոնք պարզապես չպիտի լինեին այդ պաշտոններում։ Որոնք ձևուբովանդակությամբ ոչ միայն եսասեր, ագահ, ընչաքաղց են եղել, այլև` ինքնասիրությունից, արժանապատվությունից զուրկ, եւ որոնց մեջ իշխողը դատարկ սնապարծությունը, մեծամտությունն է եղել, և նրանք առյուծ ու վագր էին միայն բարձր պաշտոններում, երբ նստած էին բարձր աթոռների վրա։ Բավական էր նրանց տակից հանվեր աթոռը, նրանք բոլորը դարձան սովորական ողորմելի մարդուկներ։

Իսկ երբ բարձր պաշտոններում էին, այդ նրանք չէին ուժեղ, այլ այն աթոռները, որոնց վրա նստած էին ու շրջապատված օրվա հացի համար դիմացինին հոշոտելու պստրաստ հազարավոր ոստիկաններով։ 

Նրանք բոլորն իրար լրացնելով, թալանել են երկիրը, ավերել տնտեսությունն ու բոլոր կենսական նշանակության ոլորտները, մսխել մեր ունեցած բոլոր դրականը, որից հետո բավական էր նրանցից հետո հայտնվեր մի ավելի մեծ չարիք... և մի հարվածով պայթեց ստի ու կեղծիքի վրա հիմնված փուչիկը։

Ու ամենամեծ ցավն ինձ համար այն է, որ շատ վաղուց գիտեի, որ գալու է այս օրը։ Պարբերաբար գրում էի, իմ հնարավորություններով պայքարում ներքին տականքի դեմ, բայց պարտվեցի։ Անկուշտ, սոված, ընչաքաղց տականքը կործանեց և' մեզ, և' իրենց, և' մեր երկիրը։

Վարդգես Օվյան

«Հրապարակ» օրաթերթ