25.12.2023

Ես ամաչում եմ ասել, որ գրող եմ

Սովորաբար երբ մեկին հարցնում են մասնագիտությունը, զբաղմունքը, օրինակ, էլեկտրիկն ասում է` ես էլեկտրիկ եմ, կոշկակարն ասում է կոշկակար եմ, ջութակահարը` ջութակահար եմ, ֆիզիկոսը` ֆիզիկոս եմ, հողագործը` հողագործ եմ, քարտաշը` քարտաշ եմ, մանկավարժը` մանկավարժ եմ կամ ուսուցիչ եմ եւ այլն։ 

Ես ամաչում եմ ասել, որ գրող եմ։ Երկու պատճառ կա։ Առաջինը` Շեքսպիրը, Սերվանտեսը, Բայրոնը, Պուշկինը, Թումանյանն էլ են գրող, բայց հարյուրավոր այդ գրական հսկաներից, գրական աստվածներից հետո ես ո՞նց ասեմ, որ գրող եմ։ Երկրորդ` վերջերս դրան զուգահեռ միանգամայն հակառակ մի այլ խնդիր է ծագել. այս վերջին երեք տասնամյակում մեր գրողներն այնքան են իջեցրել գրողի նշաձողը, այնքան են արժեզրկել գրողի վեհ կոչումը, որ ամաչում եմ ասել` գրող եմ։

Քույրս միշտ այսպես է ինձ ներկսյացնում` եղբայրս է, լրագրող է։ Հարցնում եմ` ինչու՞ ես այդպես անում, պատասխանում է` նախ բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ ունես գրած, որ բազմաթիվ լրագրողների երազանքն է, երկրորդ` գրողներին մեզանում արդեն չեն սիրում, մի տեսակ պնակալեզություն, վախկոտություն է ասոցացնում...

Ցավոք, չեմ կարողանում հակաճառել, որովհետև ինքս էլ գիտեմ դա։ Ամենաթարմ օրինակն է բերում. տեսնելով, որ վերջին մեր խայտառակությունների պատճառի հարցում արցախցի պոետը սար ու ձոր է ընկնում, մեղադրում, պատճառ բերում «համաշխարհային փոթորիկները», լրագրողը, որ որպես մարդ ու քաղաքացի առնվազն տասը գլուխ բարձր է վերջինից, ստիպված հարցն ավելի կոնկրետ է դնում` Արցախի հայաթափման գործում ո՞վ է կատարվածի առաջին պատասխանատուն ու մեղավորը։

Ու ի՞նչ է պատասխանում պոետը` մեղավորը մենք ենք, որ բզկտվել ենք, հետո մասնատվել, երկու մասի բաժանվել` Հայաստան ու Արցախ, եւ մեր բաժան-բաժան լինելուց թշնամին օգտվել է...

Ու ոչ մի խոսք իրական ու գլխավոր մեղավորի մասին, ոչ մի ծպտուն պայմանավորված պատերազմի ու պետական դավաճանության մասին։ Եթե խնդրես, աղաչես, նույնիսկ սպանես էլ նա անգամ որպես տասերորդական մեղավորի, պատասխանատուի երբեք չի տա թշնամու շահեր սպասարկող ճիվաղի անունը։ Եվ ոչ միայն նա։ Հարյուրավոր գրող կոչեցյալներ նույնն են, որովհետեւ վախն ու ստրկամտությունն է նստած մեջները, իշխանություններից մի կրծքանշան, մեդալ ստանալու, մի աման ապուր հաջողացնելու մասին են միայն մտածում ու երազում...

Արդեն քանի՜-քանի տարի է ես սոցիալական ցանցում, իմ էջում իմ ոչ մի պատմվածք ու նովել չեմ տեղադրում։ Մտածում եմ` երկիր ենք կորցնում, ցեղասպանություններից չենք ձերբազատվում, որպես ազգ ենք արդեն վերանում, ու ի՞նչ գրականություն, ինչո՞ւ գեղարվեստական, քողարկված, փոխաբերական, այլաբանական լեզվով փորձել ասելիքը տեղ հասցնել, երբ անգամ պարզ գրածդ տեղ չի հասնում։ Ու ստիպված, փոխանակ իմ սիրելի գրականությամբ, արվեստով զբաղվելու, քաղաքական թեմաներով գրառումներ եմ անում, հոդվածներ գրում։ Ու զավեշտն այն է, որ մանր-մունր, երբեմն ոչ էական գրառումներիս հարյուրներով արձագանքում են, իսկ ահա հոդվածի տեսքով հիմնական ասելիքիս հազիվ մեկ-երկու տասնյակ մտերիմ ընկերներ են արձագանքում։ 

Ու շարունակ այս միտքն է ծառանում իմ առջև` էլ ինչո՞ւ եմ տանջվում, հոդվածներ գրում, ո՞ւմ համար եմ գրում, երբ անգամ մեր ժամանակների հայ մեծ գիտնական, տաղանդավոր ընկերոջս` Արա Հարությունյանի փայլուն հոդվածներին առավելագույնը մի քանի տասնյակ մտերիմ, խելացի ու արժանապատիվ ընկերներն են միայն արձագանքում...

Հենրիկ Սենկեւիչի հանրահայտ վեպում պատմության ճամփաբաժանում հայտնված մարդուն հարցնում են` «Յո՞ երթաս»։ Պետականությունն արդեն փաստացի կորցրած, մեր երկիրը տարածք ու կռվախնձոր դարձրած, աշխարհի քարտեզից որպես պետություն ու ազգ ջնջվող հայերս «Յո՞ երթաս» հարցի պատրաստի ու հստակ պատասխանն ազգովի ունենք` գրողի ծոցը։ Սա արդեն ողբերգություն է։

«Հրապարակ օրաթերթ»

Комментариев нет:

Отправить комментарий