Մինչև 1976 թվականը շուրջ 10 տարի ընտանիքով՝ 5 հոգով, Ստեփանակերտի կենտրոնում երկսենյականոց բնակարանում էինք ապրում։ Մեր բնակարանին կից մեկսենյականոց կար, որի տերը Շուշիում տուն ուներ, և բացարձակապես այս միսենյականոցում չէր մնում։
Հորս առանձին աշխատասենյակ էր հասնում, վաղուց հերթագրված էինք նոր բնակարանի համար, բայց քանի որ մի տեսակ սովորել էինք մեր տանը, հիանալի հարևաններ ունեինք, հայրս կարողացավ վերևներին համոզել, որ այդ բնակարանի տիրոջը քաղաքի նորակառույց մի շենքից 2 սենյականոց հատկացնեն, իսկ մենք էլ այդ միսենյականոցի վրա դուռ կբացեինք ու դրանով մեր բնակհարցը լուծեինք...
Միսենյականոցի երիտասարդ տիրոջը հայրս հայտնեց, որ վերևներում համաձայնեցրել է՝ վերջինիս քաղաքի նորակառույցից երկսենյականոց տալու մասին։ Յոթերորդ երկնքում էր երիտասարդը. աչքերին չէր հավատում։ Ասաց՝ «Հորս հայտնեմ, նա էլ ուրախանա»։
Հաջորդ օրը Շուշիից եկավ հայրը։ Հայրս նրան բացատրեց, որ մենք էլ միսենյականոցի վրա դուռ ենք բացելու ու դա կդարձնենք իր աշխատասենյակը։
Սա նույնպես չէր հավատում, որ իր որդու միսենյականոցի (այդ շենքում սենյակներն այնքան խղճուկ ու անշուք էին, որ դեռևս 7-րդ դասարանում սովորելիս, ցատկելով մատներով դիպչում էի առաստաղին) փոխարեն 2 սենյականոց են տալու։ Երևում էր, որ շատ ուրախ էր, բայց հանկարծ մի տեսակ մտախոհ դարձավ, մի պահ լռեց և ասաց. «Չէ, համաձայն չեմ, դրանից ձեր պայմանները շատ են լավանալու»...
Այնուամենայնիվ, լավ է, որ չհամաձայնեց, որովհետև մի քանի տարի հետո նոր բնակարան ստացանք՝ լուսավոր 4 սենյակներով և բարձր առաստաղով։
Շատ տարիներ են անցել ու ամեն անգամ այս պատմությունը հիշելիս, մտածում եմ. մարդը կրկնակի շահում էր, անշուք մի հավաբնի փոխարեն 2 լուսավոր սենյակի տեր էր դառնում, բայց չուզեց, որովհետև որոշակիորեն բարելավվում էր նաև իր հայրենակցի վիճակը։ Նրա մեջ խոսում էր դարերի խորքից եկող հայի նախանձը...
Երևի թե աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ կա մարդու նախանձ տեսակից։ Բայց մեզ մոտ ոնց որ յուրաքանչյուր խաչմերուկում դա աչքի է զարնվում։ Ցավոք, մերն ուրիշ է...
Комментариев нет:
Отправить комментарий