ՀՈԴՎԱԾՆԵՐ. 3 («Հրապարակ»)

Հոդվածներ և այլ նյութեր՝ տպագրված «Հրապարակ» թերթում
(2009 թ. փետրվար – 2010 թ. հոկտեմբեր)



ՄԻԱՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Փետրվարը հայ ժողովրդի համար կապված է խռովահույզ օրերի հուշերի հետ։ Ոմանք ցավով են հիշում այդ օրերը, որովհետեւ 1988-ի փետրվարյան օրերին՝ ազգային զարթոնքին ու վերելքին, ազատագրական պատերազմում ձեռք բերած հաղթանակին հետեւեց ազգային վայրէջքը։ Նրանք, ովքեր ամուսին ու զավակ են կորցրել պատերազմում, խորին կսկիծով են հիշում փետրվարյան օրերը։ Նրանք, ովքեր իշխանության են եկել 1988-ից հետո, ոչ թե կորցրել են, այլ` գտել, փետրվարը միանգամայն դրական զգացումներ է արթնացնում նրանց մեջ։

Իսկ 1988-ի փետրվարին ամեն ինչ միանշանակ էր, հաստատակամ եւ անբեկանելի՝ միացում, եւ վե՛րջ։ Հետագա ամիսներին եւս կարգախոսն անփոփոխ էր։ Արցախը Հայաստանին վերամիավորել էին պահանջում թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում։ Բայց, քանի որ հայկական դիվանագիտությունն ու քաղաքական միտքը դարեր ի վեր չեն կարողանում կայանալ եւ մշտապես կաղում են, այս անգամ էլ կեսճանապարհին միտքը փոխեցին եւ ուղղություն վերցրին դիպի «Արցախի անկախություն»։ Այսօր տարբեր կերպ են մեկնաբանում դրա «խորհուրդը»։ Օրինակ՝ այդ քայլով մենք արդեն կատարել ենք մեր փոխզիջումը եւ այլեւս ոչինչ չունենք զիջելու Ադրբեջանին։ Ոմանք գտնում են, որ այդպես էր պահանջում ժամանակը, անկախությունը դեպի միացում տանող ամենակարճ ճանապարհն է։ Բայց չփորձենք երկար-բարակ վիճարկել, թե ինչու այդպես եղավ։ Գնացքն արդեն մեկնել է։ Ուղղակի քսանամյա հեռվից փորձենք հասկանալ, թե այսօր Արցախում որ ճանապարհն են նախընտրելի համարում։

Չնայած մեծ շուքով կամ անշուք (նայած հանգամանքներին) անկախության տոներ ենք նշում, վերջին 5-6 տարիներին Ղարաբաղում անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն, հարցման մասնակիցների 60 տոկոսից ավելին նախապատվությունը տալիս է միացմանը՝ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն։ Ստեփանակերտի մամուլի ակումբի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն (մեր ձեռքի տակ է արդյունքներն ամփոփող գիրքը), հատկապես ԼՂՀ շրջաններում բնակչության գերակշիռ մասը նախապատվությունը տալիս է Արցախը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն։ «Մենք պայքարել ենք Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Մայր Հայաստանի կազմի մեջ մտնելու համար»,- ընդհանուր առմամբ այսպես են մտածում շարքային ղարաբաղցիները։

Բայց, այնուամենայնիվ, 1991-ի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով Արցախն «այո» է ասել Ղարաբաղի անկախությանը։ Պատճառներից ներկայացնեմ երկուսը։ Նախ՝ շատ-շատերն այն կարծիքին էին (նրանց այդպես են բացատրել), որ անկախությունը կարճատեւ պահ է, ընդհանուր նպատակը «միացումն» է։ Եւ ամենակարեւորը՝ քվեարկության թերթիկում պարզապես խոսք չկար Հայաստանի հետ վերամիավորման մասին։ Պարզ է, որ «Ադրբեջա՞ն, թե՞ անկախություն» հարցադրմանը Ղարաբաղում ապրող յուրաքանչյուր հայ նախապատվությունը պիտի տար անկախությանը։

Այսօր ԼՂՀ անկախության գաղափարը պաշտպանողների թիվը նույնպես մեծ է։ Ովքե՞ր են նրանք։ Հիմնականում բոլոր նրանք, ովքեր իրենց պաշտոնական աթոռներով պարտական են հենց նորանկախ ԼՂՀ-ին, նրանք, ովքեր ոչնչից դարձել են ամեն ինչ։ Նրանք, ովքեր լրջորեն կարծում են, թե Երեւանի մի թաղամասին հավասար համեստ բնակչությամբ, քայքայված տնտեսությամբ, ուռճացված պետական ապարատով եւ շրջափակված մի երկրում կարելի է անկախ պետություն կառուցել։
Բոլոր դեպքերում, ինչ էլ լինի, անկախ նրանից` արցախցին գերադասում է միացումը, թե անկախությունը, ետդարձի մասին երբեք չի կարող խոսք լինել։ Ղարաբաղցու համար Ադրբեջանը վաղուց մոռացված պատմություն է, դառը եւ ցավոտ հիշողություն։
7.02.09



ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԿԱԴՐԱՅԻՆ ԽԱՂԵՐ

Կադրային հարցը եղել եւ մնում է հայկական պետությունների աքիլեսյան գարշապարը։ Այդպես է Հայաստանում, այդպես է նաեւ Արցախում։ Առավելապես բարձր ու պատասխանատու պաշտոններ են ստանում մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային որակներով, բարոյական եւ այլ հատկանիշներով բացարձակապես անհամատեղելի են այդ պաշտոններին, հակացուցված են զբաղեցրած պաշտոններին։

ԼՂՀ երկրորդ նախագահ Ա. Ղուկասյանի գահակալության տարիներին նախարարական պորտֆելներ ու այլ պատասխանատու պաշտոններ էին ստանում նրա նախկին ընկերական շրջապատի մարդիկ, կադրերին նա ընտրում էր ծանոթ բարեկամներից (ոչ ազգակցական առումով. բարեբախտաբար, ազգակցական շրջապատն այնքան էլ մեծ չէր)։ Ա. Ղուկասյանի պաշտոնավարությունից հետո զգալի փոփոխություններ կատարվեցին կառավարման համակարգում։ Բացի ֆինանսների նախարարությունից, մնացած բոլոր նախարարություններում ու գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարվեցին։

Ամենազավեշտականը, սակայն, կրթության եւ մշակույթի ոլորտն է։ Ելնելով Արցախի համեստ հնարավորությունից, այդ երկու ոլորտները սկզբում կազմում էին մի նախարարություն։ Հետո, երբ անհրաժեշտություն ծագեց մեկին շտապ բարձր պաշտոն տրամադրել, կրթությունն ու մշակույթն առանձնացրին եւ նորաստեղծ նախարարության ղեկը հանձնեցին «նորեկին»։ Իսկ երբ երկրի ղեկավարության համար օրակարգային խնդիր էր դառնում կրթության կամ մշակույթի նախարարից ազատվելը, նպատակահարմարության պատրվակով շտապ որոշում են կայացնում, կրթությունն ու մշակույթը միացնում եւ անցանկալի նախարարին թողնում «խաղից դուրս»։

ԼՂՀ նոր նախագահ Բակո Սահակյանը նպատակահարմար գտավ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կրկին բաժանել։ Սակայն, ամենակարեւորը՝ իրոք կադրային լուրջ փոփոխություններ եղան։ Խնդիրն այն չէ, թե նորանշանակները որքան են արհեստավարժ նախորդների համեմատությամբ։ Մարդիկ միշտ էլ գնահատում են կադրային «օդափոխությունը», նախկիններն էլ համոզվում են, որ այս արեւի տակ հավերժական ոչինչ չկա։

Նախկին նախագահի օրոք քիչ չէր խոսվում պետական-կառավարման ապարատի ուռճացվածության մասին։ Այդ առումով նոր նախագահից հակառակ գործողություններ էին սպասում։ Սպասելիքները, ցավոք, առայժմ չեն արդարանում։ Դեռ ավելին. նախկին նախագահի «կադրերը», ազատվելով զբաղեցրած պաշտոններից, տեղավորվեցին այլ պաշտոններում։ Այս ամենը հիշեցնում է երթուղային միկրոավտոբուսներում տարածված երեւույթը. մի կերպ տեղավորված, իրար կպած ուղեւորները սպասում են, որ մոտակա կանգառում մի քանիսը կիջնեն, եւ տեղ կազատվի։ Հաջորդ կանգառում ոչ միայն ոչ ոք չի իջնում, այլեւ մեքենա են բարձրանում մի քանի նոր ուղեւորներ եւս։ Թե այդքանը ոնց են տեղավորվում, անհասկանալի է։

Խոսել կադրային հարցի մասին, բայց շրջանցել մերօրյա կադրային քաղաքականության ամենատարածված եղանակը՝ «ռակիրովկան» (փոխատեղումները), ճիշտ չի լինի։ Այսօր էլ ռակիրովկան «օրակարգային է» Արցախում։ Երկու բարձր պաշտոնյայի վերցնում ու... գումարելիների տեղերը փոխում են։ Եւ արդյունքում գումարը չի փոխվում։ Ըստ երեւույթին՝ մերօրյա կադրերն այնքան «ունիվերսալ են», որ նրանց կարելի է նշանակել մասնագիտության եւ նրանց ունակությունների հետ չնչին աղերս անգամ չունեցող պաշտոններում, եւ նրանք մշտապես իրենց զգում են ինչպես ձուկը՝ ջրում։
Ցավն այն է, որ հասարակության կյանքում այդպես էլ շոշափելի արդյունքներ չեն արձանագրվում։
12.02.09



ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ՑԵԽԱՋՐԻ ՀԱՄԱՐ

Ջրի հարցը արցախցիների կարեւորագույն հիմնախնդիրներից մեկն է։ Այն առավել սրությամբ զգացվում է Ստեփանակերտում։ Մի քանի օրից հետո, օրացույցի համաձայն, գարուն է։ Հնարավոր է՝ իրական գարունը մի քիչ ուշանա. անքննելի են գործերն Աստծո թե տարերքի։ Սակայն, վաղ թե ուշ, գարնանային անձրեւները հատկապես ստեփանակերտցիներին կրկին հիշեցնելու են, որ ջրի հարցը դեռ լուծված չէ։ Քանզի հենց գարնան անձրեւներից հետո է սկսվում Ղարաբաղի մայրաքաղաքաբնակների ծորակից գորշասեւ ինչ-որ հեղուկ թափվել, որի համար նրանք կանոնավոր վարձ են մուծում, ջրի վարձ։ Եւ գարնան գետերի քշած-բերած այդ հեղուկն արդեն քանի՜ տարի է ստեփանակերտցիները խմում են, թեյ, սուրճ ու կերակուր պատրաստում դրանից... Հիշեցնենք, որ Ստեփանակերտ մտնող ջրատարները ջուր են ստանում Տրակետ եւ Ղայբալու գետերից։

Զավեշտն այն է, որ դրանից մի քանի ամիս հետո՝ ամռան տապին, մարդիկ երանի են տալու այդ ցեխաջրին, քանզի ամռանը դա էլ չեն ունենալու եւ դույլերն առած, փողոցից փողոց են ընկնելու՝ ջուր գտնելու հույսով։
Քաղաքակիրթ երկրներում քաղաքացիների առողջությանը վնաս պատճառելու համար անմիջապես դատի կտային քաղաքային կամ իրավասու բարձր իշխանություններին։ Սակայն Արցախում համբերատար ցեխ են խմում եւ ընտրությունից ընտրություն քվեարկում նրանց օգտին, ովքեր իրենց նախընտրական ծրագրերում չեն մոռանում նշել, որ կարճ ժամկետում լուծելու են ստեփանակերտցիների ջրի հարցը։

Դեռեւս տասնամյակ առաջ ԼՂՀ կառավարությունը խոստացել էր կարճ ժամանակում ոչ միայն ջրաչափեր տեղադրել, այլեւ շուրջօրյա ջրամատակարարում իրականացնել մայրաքաղաքում։
Տարիներն անցել են, սակայն ջրի հարցն այդպես էլ չի լուծվել։ Ուղղակի ապշել կարելի է, թե ինչպես լեռնային մի երկրում, որտեղ հարյուրավոր կամ հազարավոր աղբյուրներ կան, ընդամենը 45-50 հազար բնակչություն ունեցող մի քաղաքում, որ մայրաքաղաք է կոչվում, չի լուծվում ջրի հարցը։
Ստեփանակերտի նոր քաղաքապետը եւս նախընտրական խոստումներում չի շրջանցել «ջրի հարցը»։ Դեռ պարզ չէ, թե հաջորդ գարնանն ինչ գույնի ջուր են խմելու Ստեփանակերտում, սակայն այսօր ոչ ոք չի կասկածում, որ այս գարնանը եւս ցեխաջուր են խմելու։ Դեռ ավելին՝ դրա համար կանոնավոր «ջրի վարձ» են վճարելու։
27 Փետրվար



ԻՆՉՈՒ ԱՐՁԱԳԱՆՔ ՉԵՂԱՎ ԱՐՑԱԽԻՑ

Մարտի 1-ի դեպքերից հետո Երեւանում արցախյան արձագանքներ չեղան։ Ընդդիմադիր շատ գործիչներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ տարակուսանքի մեջ էին։ Արցախցի իրենց ընկերների, զինակիցների լռությունն անհասկանալի էր, չէր տեղավորվում տրամաբանության սահմաններում։ Հրապարակային դժգոհություններ էլ հնչեցին։
Երեւանից, Ազատության հրապարակից ղարաբաղցիների լռությունն անհասկանալի ու դավաճանության երանգավորում ուներ։

Իսկ Արցախում ինչպե՞ս էին նայում մարտիմեկյան ողբերգական իրադարձություններին։ Ժողովրդի գերակշիռ մասը, դյուրահավատները այդ դեպքերի մասին պատկերացում ունեին միայն երեւանյան հեռուստաալիքներով շարունակ պտտվող «վայրենի ամբոխի» կողմից իրականացված հրկիզումների, խանութների թալանի տեսարաններից, «ամբոխ», որ փորձում էր երկրում «հեղաշրջում իրականացնել եւ ծախել Ղարաբաղը»։ Հայաստանյան հեռուստատեսությունը, ընդհանուր առմամբ, այսպես էր ներկայացնում մարտիմեկյան դեպքերը։ Եթե ավելացնենք նաեւ, որ Ղարաբաղում այն կարծիքն է շրջանառվում, թե «մերոնք»՝ ղարաբաղյան ծագումով զույգն է միայն պաշտպանում Արցախի դատը, պատկերն ավելի պարզ կդառնա։

Իսկ մյուսնե՞րը՝ հրապարակ դուրս եկածների արցախցի ընկերները, զինակիցները, պարզապես ընդդիմության կողմնակիցները... Նրանց մի մասը, որ զենքը ձեռքին հայրենիք է պաշտպանել, այսօր գրեթե մոռացված է եւ ընտանիքի բազում հոգսերից հոգնած ու խեղճացած։ Նրանց մի այլ մասն էլ, որ ավելի վաղ, տարիներ առաջ ժողովրդավարական բարեփոխումների հույսեր էր փայփայում, բայց տեղի իշխանությունների կողմից «անկյուն էր քշվել», եւ նույն այդ մայրհայաստանյան իրենց ավագ ընկերներից ու բարեկամներից այդպես էլ ոչ մի կարեկցանք ու աջակցություն չեղավ, դեռ ավելին՝ երեւանյան այդ ընկերներից ոմանք հրապարակավ ողջունում էին ղուկասյանական «ժողովրդավարական բարեփոխումները», այժմ չեն թաքցնում իրենց վիրավորանքն ու հիասթափությունը նրանցից, ընդդիմադիր մամուլից, որ հիմնականում առաջնորդվում է «Ղարաբաղի ներքին կյանքի մասին` կամ միայն լավը, կամ՝ ոչինչ» սկզբունքով։ «Երեւանյան ընդդիմադիր կոչվող թերթերն անգամ պաշտպանում են մեր տականքներին,- հիասթափված ասաց իմ զրուցակիցներից մեկը,- ես ինչո՞ւ պիտի պաշտպանեմ իրենց»։ Ստացվում է, որ մեր օրերում Ղարաբաղն ու ղարաբաղցիներին Երեւանում հիշում են միայն այն ժամանակ, երբ պետք է իրենց։

Մոտավորապես այսպիսին են ղարաբաղյան տրամադրությունները մարտիմեկյան ողբերգության նկատմամբ։ Ինչ էլ լինի, ինչպիսին էլ լինեն այդ տրամադրությունները, Արցախում հազիվ թե գտնվի բարեկիրթ մի ընտանիք, որ իր հարգանքն ու ցավակցությունը չհայտնի մարտիմեկյան անմեղ զոհերի հարազատներին ու բարեկամներին։
28 Փետրվար



Արցախում դեռ դժգոհ են «Ղարաբաղ-Տելեկոմից»

Չնայած «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ղեկավարի բարեգործական ձեռնարկներին, հանրությանը ներկայացվող, իրենց լեզվով ասած, «նորույթներին», Արցախում հիմնականում այդպես էլ չեն ուզում դա ընդունել որպես բարեգործություն։ Օրերս հայտնի դարձավ, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը մարտի 1-ից բջջային կապի վարձավճարների հետ կապված նոր փոփոխություններ է կատարել՝ հօգուտ բաժանորդի։ Բջջայինի րոպեավճարը նախկին 44-ի փոխարեն սահմանվել է 40 դրամ։ Բաժանորդային համարի միացման համար նախկին 8 հազար դրամի եւ դրան գումարած 5 հազար դրամ դեպոզիտի փոխարեն մարտի 1-ից բնակիչները վճարելու են 2 հազար դրամ (դեպոզիտի գումարը մնում է նույնը)։ Յուրաքանչյուր ամիս, արցախցիների ասած, «հենց այնպես» բաժանորդից գանձվող 2 հազար դրամի փոխարեն սահմանվել է նոր ամսավճար՝ հազար երկու հարյուր դրամի չափով։

Այս փոփոխությունները չնայած ղարաբաղցիների կողմից ընդունվեցին ուրախությամբ, սակայն, այնուամենայնիվ, բաժանորդների դժգոհությունը դեռ մնում է։ Իմ զրուցակիցներից մեկն այսպես բացատրեց. «Ամսական մեկ ժամ խոսելու համար րոպեավճարի փոփոխությունից շահում եմ 240 դրամ, բայց, միեւնույն է, նա շարունակում է ինձնից` բաժանորդից, 2 հազար թե հազար երկու հարյուր դրամ աբսուրդ հարկ վերցնել...»։ Մի այլ ղարաբաղցու ասելով, 35 հազար արցախցիներ, որոնք ցանկանում էին օգտվել բջջայինի ծառայությունից, արդեն 13 հազար դրամ են մուծել եւ բաժանորդահամար վերցրել։ Մնացել են միայն թոշակառուները եւ սակավակարող այն մարդիկ, որոնք առանց բջջայինի էլ խրված են բազում հոգսերի մեջ, եւ նրանց գլխավերեւում շարունակ կախված է օրվա հացի խնդիրը։

Իմ զրուցակիցների մեծ մասը մնում է այն կարծիքին, որ «Ղարաբաղ Տելեկոմը» եթե իրոք ցանկանում է հօգուտ արցախցի բաժանորդի մի լավ բան անել, ապա պետք է հրաժարվի բաժանորդից 2 հազար դրամ պարտադիր ամսավճար գանձելուց։
Հիշեցնենք, որ «Ղարաբաղ Տելեկոմի» գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը միաժամանակ հայաստանյան երկրորդ օպերատոր «Վիվա Սելի» ղեկավարն է։
4 Մարտ



ԴԱՎԱՆԱՆՔԱՅԻՆ ԿՐՔԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

Վերջերս ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, ըստ որի` կրոնական կազմակերպությունները գրանցվում են պետռեգիստրի կողմից՝ բաժնի փորձագիտական դրական եզրակացությունն ստանալուց հետո։ Եւ ահա, վերջերս ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժինը փորձագիտական բացասական եզրակացություն է տվել «ԼՂՀ Ավետարանի հավատքի քրիստոնյաների »Արթնության կրակ եկեղեցի« կրոնական կազմակերպությանը եւ զրկել պետական գրանցում ստանալու հնարավորությունից։

Կառավարության վերոհիշյալ բաժնի վարիչ Ա. Սարգսյանը դա բացատրում է նրանով, որ այդ կրոնական համայնքի սպասավորները հավատացյալների նկատմամբ կիրառում են հոգեբանական ազդեցության այնպիսի մեթոդներ, որոնք հակասում են ԼՂՀ Սահմանադրությանը։ »Արթնության կրակի« դավանանքում նշված է, որ ավանդական սովորությունները, »որոնք հիմնային վարդապետության արժեքավորում չունեն«, ենթակա են ընթացիկ փոփոխման։ Տվյալ դրույթով այդ կրոնական կազմակերպության ներկայացուցիչներն իրենց են վերապահում հայկական ավանդական սովորությունների փոփոխումը` դրանով իսկ խախտելով »Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին« ԼՂՀ օրենքի հոդված 3-ի 2-րդ կետը»,- ասաց Ա. Սարգսյանը։

«Արթնության կրակի» հոգեւոր հովիվ Լեւոն Սարդարյանը նամակով դիմել է ԼՂՀ կառավարության աշխատակազմին` խնդրելով վերանայել փորձագիտական եզրակացությունը։ «Չէ որ կրոնական կազմակերպությունների գործունեությունն ուղղորդված է հասարակության բարոյական դաստիարակությանը,- գրել է Սարդարյանը,- իսկ նման վերաբերմունքը՝ ուղղված մեզ, գործնականում կարող է հարվածել քաղաքացիական հասարակություն կերտող մեր երկրի ժողովրդավարական հիմքերին եւ նրա միջազգային հեղինակությանը»։

Ա. Սարգսյանը միանգամայն այլ բացատրություն ունի. «ԼՂՀ ո՞ր օրենքում է գրված, որ ցանկացած կրոնական կազմակերպություն իրավունք ունի զբաղվելու հասարակության բարոյական դաստիարակությամբ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ կրոնական համայնքի չգրանցումը կարող է հարվածել քաղաքացիական հասարակություն կերտող մեր երկրի ժողովրդավարական հիմքերին ու նրա միջազգային հեղինակությանը, ապա հոգեւոր հովիվը եթե իրոք մտահոգված է ոչ թե իր 350 անդամանոց համայնքի, այլ Արցախի ճակատագրով, իր գործողություններով պետք է չվնասի ԼՂՀ միջազգային հեղինակությանը»։

Ապա ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչը շարունակեց. «Այն երկրներում, որտեղ նմանատիպ կրոնական համայնքները պետական գրանցում չունեն, միթե ժողովրդավարական չեն կամ իրենց հեղինակության մասին չեն մտածում։ Հուսով եմ, որ Արցախում գործող բոլոր կրոնական կազմակերպությունները, անկախ նրանից` պետական գրանցում կստանան, թե ոչ, համայնքային, անձնական շահը կստորադասեն ազգայինին ու պետականին։ Մենք հայեր ենք եւ պարտավոր ենք առաջին հերթին մտածելու ազգի գոյապահպանության մասին»։
Ոմանք գտնում են, որ երկար տարիների բարձիթողի վիճակից հետո վերջապես Արցախում օրինական պայքար է սկսվում փոքրիկ երկրամասը հեղեղած աղանդավորական կազմակերպությունների դեմ։



Արցախում եւս հիմնական օրինախախտներն իշխանություններն են

Ղարաբաղում հաճախակի խախտվող օրենքների թվում առաջատարներից մեկը թերեւս «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքն է։ Չնայած, ասենք, Ստեփանակերտում մի քանի շենքերի ճակատից «Լեզվի տեսչությունը հիշեցնում է, որ ԼՂՀ-ում պետական լեզուն հայերենն է», այնուամենայնիվ, այդ շենքերի հարեւանությամբ կամ բազում այլ շենքերի վրա փակցված զանազան ցուցանակներ շարունակում են խեղաթյուրել մայրենին։ Փոքրիկ լեռնաշխարհը լցված տարբեր ՓԲԸ-ների ու ՍՊԸ-ների տերերն ինչպիսի անվանումներ ասես, որ չեն հայտնաբերում եւ դրանցով զարդարում առեւտրական ու այլ կարգի իրենց օբյեկտները՝ «Բոգինիա», «Ալբերտիկ», «Գայան», «Ժեմչուգ», «Թու լիփս», «Տյուլպան», «Հոլստեն» եւ այլն։ Հայերեն տառերով գրում են անվանումներ, որոնք ուղղակի զվարճացնում են շատ թե քիչ գրագետ հաճախորդներին։

Հեռուստաալիքներով ցուցադրվող տեղական գովազդային հոլովակների մի մասը հրամցվում է ոչ հայերեն, օտար լեզվով։ Այդ հոլովակներից կարելի է պատկերացում կազմել դրանց պատվիրատուների ինտելեկտի ու ճաշակի մասին։ Իսկ քանի որ գովազդային հոլովակներ հիմնականում պատվիրում են նրանք, ովքեր նման շռայլության համար «լրացուցիչ փող» ու հնարավորություն ունեն կամ, այլ կերպ ասած, մոտ հարաբերություններ ունեն իշխանությունների հետ, կարելի է ենթադրել, թե «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքին ինչպես են վերաբերվում իշխանությունները։

Ամենապարզ ու ամենաթարմ օրինակը. օրերս Ղարաբաղի քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանի՝ ուսանողների, ապագա քաղաքաշինարարների հետ ունեցած հանդիպման մասին տեւական հաղորդում ցուցադրվեց Արցախի Հանրային հեռուստատեսությամբ։ Հանդիպման ողջ ընթացքում նախարարը խոսում էր միայն ռուսերենով, հայերենով տրված հարցերին պատասխանում էր օտար ռուսերենով, որը լեզվի մասին Ղարաբաղի օրենքի խախտում է համարվում։ Ըստ երեւույթին, նախարարին եւ այսօր իշխանական բուրգում հայտնված շատերին թվում է, թե խելոք երեւալու առաջին պայմանն օտար լեզվի իմացությամբ հանրությանը զարմացնելն է։ Օրենքը խախտել էր նաեւ տեղական հեռուստատեսությունը` Արցախի թիվ 1 քաղաքաշինարարի «մարգարիտները» հրամցնելով օտար լեզվով։

Այնպես որ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում օրենքի հիմնական խախտողները հենց իշխանավորներն են։
28 Մարտ



Ղարաբաղում ներքաղաքական փոփոխություններ չեն սպասվում

Հայաստանում ներքաղաքական վերջին մեծ իրադարձությունը՝ պայմանավորված կոալիցիայից Դաշնակցության դուրս գալով, կարծես թե փոփոխություններ էր ենթադրում նաեւ ղարաբաղյան ներքաղաքական դաշտում։ Սակայն՝ դա միայն առաջին հայացքից, քանզի, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում տարբեր քաղաքական ուժերի, կուսակցությունների, այդ թվում՝ Դաշնակցության դժգոհությունը հենց ՀՀ իշխանություններից է։

Արցախի ղեկավարությունը, համենայնդեպս, առայժմ մեղք չունի, որ հայաստանյան ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում միայն «ավտոգոլեր» են գրանցվում։ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը վերջերս հայտարարել է, որ «Հայկական դիվանագիտության մեջ նահանջ է արձանագրվել», իսկ թուրքական կողմի մեկ տարվա աշխատանքի արդյունքը, Դ. Իշխանյանի կարծիքով, հենց Կարսի պայմանագրի փաթաթումն է Հայաստանի վզին։

«Այսօրվա քաղաքական շահարկումների մեջ կարծես թե տիրապետող է դառնում այն միտքը, որ հայ-թուրքական սահմանի բացումն իբր շատ ավելի պետք է հայերին»,- սա էլ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքն է։ Ասել է թե՝ Ղարաբաղում եւս այնքան էլ շատ չեն հիացած Հայաստանի առնվազն վերջին մեկամյա արտաքին քաղաքական գործունեությունից։ Իսկ ինչ վերաբերում է կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու հետ կապված ղարաբաղյան ներքաղաքական կարծեցյալ շարունակությանը, ապա դա բացառվում է ոչ միայն այն պատճառով, որ ԼՂՀ իշխանությունները չեն կարող կիսել ՀՀ իշխանությունների պատասխանատվությունը, այլեւ այն պատճառով, որ ՀՅԴ-ի՝ կոալիցիայի մաս կազմելը կապ չուներ Արցախի ներքաղաքական կյանքում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ունեցած դերի հետ։

Այդպես էր վերջին առնվազն տասը տարում, երբ Հայաստանում դաշնակցականներն հիմնականում իշխանության մաս էին կազմում, Ղարաբաղի նախկին իշխանությունների օրոք տեղի դաշնակցականները առավելապես ընդդիմադիր կեցվածք ունեին։ Մյուս կողմից՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն վերջին նախագահական ընտրություններում պաշտպանել էր Բակո Սահակյանի թեկնածությունը, որի գործունեությունից, թվում է, դեռ չի դժգոհում։ Գոնե հրապարակայնորեն չի դժգոհել։ Ասել է թե՝ մոտ ապագայում Ղարաբաղում հազիվ թե ներքաղաքական մեծ տեղաշարժեր լինեն։ Թե՛ հանրության, թե՛ քաղաքական կուսակցությունների ուշադրության առարկան այս պահին հայաստանյան ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներն են։



ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ՝ «ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ»

Այսօր, նայելով Ստեփանակերտի դատարկ նստելատեղերով կենտրոնական մարզադաշտին, դժվարությամբ ես պատկերացնում, որ 20-30 տարի առաջ այնտեղ վարպետ թիմեր էին խաղում, իսկ տրիբունաները լեփ-լեցուն էին բազմահազար մարզասերներով։
Այդ ամենն այսօր հեռավոր անցյալ է թվում, մոռացված երազ։ Մինչդեռ այդ տարիներին Արցախի թիմի կազմում խաղում էին կաշվե գնդակի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են ԽՍՀՄ չեմպիոն եւ ֆուտբոլի գավաթակիր Հովհաննես Զանազանյանը, Սուրեն Մարտիրոսյանը, սպորտի վարպետներ եւ ճանաչված ֆուտբոլիստներ Ռազմիկ Պետրոսյանը, Գագիկ Ծատրյանը, Կառլեն Սիմոնյանը, Բենիամին Բաբայանը, Վալերի Հայրիյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Վլադիմիր Պետրոսյանը, Սլավա Գաբրիելյանը, Լեոնիդ Հովհաննիսյանը, Վարուժան Բաբայանը, Պողոս Գալստյանը եւ այլք։

1977 թվականին արցախյան ֆուտբոլի նվիրյալ` սպորտի վարպետ Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ «Ղարաբաղ» թիմը դարձավ Ադրբեջանի չեմպիոն։ Այդ թվականից «Ղարաբաղը» մասնակցում էր ԽՍՀՄ վարպետ թիմերի երկրորդ խմբի առաջնությանը։ 1979 թվականին գրավել է 3-րդ, 1981-ին՝ 4-րդ տեղը։ 88-ին սկսվեց Արցախյան շարժումը, մարզահրապարակներից, շինհարթակներից, գործարաններից ու գյուղական դաշտերից ժողովուրդը տեղափոխվեց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ։ Սկսվեց Արցախի ազգային-ազատագրական գոյապայքարը։ Սպորտը, ֆուտբոլը մնացին երկրորդ, երրորդ պլանում ու մոռացվեցին։ Հասկանալի պատճառներով, մեր թիմին թույլ չէին տալիս խաղեր անցկացնել սեփական հարկի տակ։

1992-ին, պատերազմի տարիներին, ԼՂՀ պաշտպանության բանակին կից ստեղծվել է բանակի մարզական ակումբ՝ ԲՄԱ «Երազանք» անվամբ։ Թիմի պետ է նշանակվել Կառլեն Սիմոնյանը, գլխավոր մարզիչ՝ Էդիկ Բաղդասարյանը։ Ակումբի ստեղծմանը մեծապես օժանդակել է Սամվել Բաբայանը, ֆինանսական կարիքներն ամբողջությամբ հոգում էր ԼՂՀ պաշտպանության բանակը։ 2001 թվականին «Ղարաբաղ» թիմը դարձել է 2-րդ համահայկական խաղերի չեմպիոն։ Մինչեւ 1999 թվականը ղարաբաղյան ֆուտբոլային ակումբները մասնակցել են ՀՀ բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնություններին, իսկ «Երազանք» թիմը՝ ՀՀ պատանիների խմբի առաջնությանը։

ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի եւ հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հարաբերությունների սրման պատճառով բանակն այլեւս չի ֆինանսավորել ակումբին։ 2002-ից ակումբի նոր հովանավորներ` շվեյցարահայ Հրաչ Կապրիելյանի, Վարդան Սրմաքեշի եւ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի միջեւ վեճեր ու ինտրիգներ են սկսվում։ Հակասությունները շարունակվեցին մինչեւ 2006 թվականը։ Արդյունքում՝ 2003-ին արցախյան ոչ մի թիմ չի մասնակցել ՀՀ առաջնություններին։ 2007-ին ՀՀ ֆուտբոլի առաջնություններին մասնակցում էր միայն պատանեկան մի թիմ, որն էլ 4-րդ համահայկական խաղերում դարձել է չեմպիոն։ Այդ թվականից առայսօր Հայաստանում ղարաբաղյան ֆուտբոլը ներկայացնում է միայն պատանեկան այդ թիմը։

Սույն թվականին ստեղծվել է ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կազմ։ Դիմում է ներկայացվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային՝ առաջին խմբի եւ պատանեկան խմբի առաջնություններին մասնակցելու համար։ Թիմը մեկնել է Արարատ քաղաք՝ ուսումնամարզական հավաքի, անցկացրել նախապատրաստական խաղեր։ Ետ վերադառնալուց հետո պարզվել է, որ ակումբը չի մասնակցելու ՀՀ առաջնությանը։ Փոխարենը` մասնակցելու է Արցախի առաջնությանը։

Այստեղ ավարտվում է ղարաբաղյան Մեծ ֆուտբոլի պատմությունը։ Փաստորեն, այն արդեն ավարտվել էր 2002-ին, սակայն անտարբերության եւ անհոգության ծովում խեղդվողի պես փորձում էր կառչել ինչ-որ բանից ու ափ դուրս գալ։ Արդյունքում՝ այսօր ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն՝ ոչինչ։ Խոսքը ղարաբաղյան ֆուտբոլի մասին է։ Եւ ոչ միայն ֆուտբոլի...

«Մենք ծանր ու դաժան պատերազմ ապրեցինք, ազատագրեցինք մեր երկիրն ու այսօր պետություն ենք կառուցում։ Սակայն, ցավոք, շատ ու շատ հարցերում մենք ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ենք ապրում։ Այդ թվում՝ հատկապես ֆուտբոլային կյանքում... »,- այս տողերի հեղինակը արցախյան ֆուտբոլի վարպետ Ռազմիկ Պետրոսյանն է։

Ցավալի է, բայց փաստ, որ, ապրելով Ադրբեջանի բռնատիրության տակ, մենք ունեինք ֆուտբոլ (ինչպես ունեինք մշակույթ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն եւ այլն), եւ այն շարունակում էր ծաղկում ապրել։ Այսօր Ադրբեջանն այլեւս «խաղից դուրս է» մեզ համար։ Այսօր մենք ունենք նորանկախ մեր պետությունը։ Աբսուրդ է, բայց այսօր մեր անկախ երկրում «խաղից դուրս» վիճակում է հայտնվել ֆուտբոլը։ 1992-ից ի վեր արցախյան ֆուտբոլային ակումբները հայաստանյան առաջնություններին մասնակցում էին «տնփեսայի» կարգավիճակով։ Այդ թվականից Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում այլեւս վարպետ թիմերի ֆուտբոլային հանդիպումներ չեն կայանում։

Այս ամենին նպաստել են նաեւ ՀՀ իշխանությունները՝ իրենց թիմերին իրավունք չտալով հյուրընկալվելու Արցախում։ «Միջազգային հանրությունն ու Ադրբեջանը շատ խիստ կնեղանան, չէ որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ»,- թերեւս այսկերպ են մեկնաբանում իրենց պարտվողական, ամոթալի դիրքորոշումը... անգամ ղարաբաղյան ֆուտբոլի հարցում։ Մինչդեռ Աղդամ ու Ղարաբաղ չունեցող Ադրբեջանը վաղուց ֆուտբոլային ակումբ ունի՝ «Ղարաբաղ-Աղդամ» անվամբ, որը մասնակցել է ԱՊՀ երկրների չեմպիոնների առաջնությանը եւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերին։

Իսկ 40 տարի առաջ Ադրբեջանի կազմում գտնվող Արցախի ֆուտբոլային թիմը հանդիպումներ էր ունենում փաստորեն, այսօրվա իրողությամբ, արտասահմանյան պետությունների՝ Ռուսաստանի, մերձբալթյան եւ այլ երկրների վարպետ թիմերի հետ, 1992-ից այդ հանդիպումների շրջանակը նեղացավ, դարձավ միայն Հայաստանի առաջնություն, իսկ այսօրվա դրությամբ մասնակցելու է միայն, այսպես կոչված, Ղարաբաղի ֆուտբոլի առաջնությանը։ Ասել է թե՝ թաղային մակարդակի խաղերի։ Կառլեն Սիմոնյանն ասում է, որ վերեւում պատճառաբանում են, թե ֆինանսական հնարավորությունները սուղ են։ «Ֆինանսական հնարավորություններ չկան` թող կրճատեն իրենց սպասարկող »մերսեդեսների« ու »ջիպերի« թիվը, կրճատեն արտասահմանյան ուղեւորությունները»,- ասում է Կ. Սիմոնյանը։

Համոզված եմ՝ եթե վերջին 15 տարում կարողանայինք Արցախում «Ղարաբաղ» անվամբ մի կարգին թիմ ստեղծել (ինչպես ժամանակին մեր թիմն էր՝ հայ ֆուտբոլի աստղեր Հովհ. Զանազանյանով եւ Սուրեն Մարտիրոսյանով) եւ դիվանագիտորեն ճանապարհ բացեինք դեպի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերը, ապա այն մեր երկրի միջազգային ճանաչման համար շատ ու շատ ավելին կաներ, քան այսօր անում են աշխարհի տարբեր քաղաքներում գլուխ պահող մեր, այսպես կոչված, ներկայացուցիչներն ու բազում այլ անգործ չինովնիկները՝ միասին վերցրած։ Եւ դա շատ ավելի էժան կնստեր մեր երկրի վրա։
Մնաս բարով, ղարաբաղյան ֆուտբոլ...



Ջինն արդեն դուրս է եկել շշից

«Ժամանակն է, որ ԼՂՀ իշխանությունները պատասխանատվության ենթարկեն Հայաստանի Հանրապետությանը, որը հանդես է գալիս որպես բանակցային կողմ՝ առանց ԼՂՀ համաձայնության... Երբեւէ չի եղել գրավոր համաձայնություն, որ ՀՀ-ն հանդես գա ԼՂՀ-ի փոխարեն։ Ընդհակառակը, Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին՝ որպես սուբյեկտ»,- օրերս ԱԺ նիստում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, պատգամավոր Վիտալի Բալասանյանը։ Թերեւս սա միայն Վ. Բալասանյանի կարծիքը չէ։ Արցախում բոլորն էլ գիտեն, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել հենց ծագումով ղարաբաղցի ՀՀ ղեկավարների կողմից։

«Ժողովրդի առաջ պատասխանատու է ոչ միայն Արցախի Հանրապետության ներկայիս նախագահը, այլեւ ՀՀ բոլոր նախագահները,- ասում է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺԿ խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանը։- Ժողովուրդն այսօր զգում է, որ վտանգված է այս 20 տարիների մեր ամենագլխավոր ձեռքբերումը՝ Հայաստան-սփյուռք-Արցախ եռամիասնությունը... Իհարկե, մեզ մտահոգում է Արցախի հարցը, բայց մենք Արցախի հիմնախնդիրը միշտ ընկալել ենք որպես Հայ դատի բաղկացուցիչ մաս։ Եւ այդ մասերից մեկը վտանգելով՝ մենք Հայ դատի գաղափարն ենք վտանգում...»։

Ղարաբաղում վերջապես հասկացել են, որ պետական մեր նավը ողջ թափով ընթանում է «Տիտանիկի» կուրսով... Ստեփանակերտում եւս դժգոհության ալիք է սկսվել ՀՀ իշխանություններից, որի ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում գնդակի կարգավիճակում է հայտնվել ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։

«Առանց մեզ ընդունված ոչ մի փաստաթուղթ, ոչ մի որոշում չենք ընդունելու,- ԱԺ վերջին նիստում հայտնել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։- Ունենք պետություն, Սահմանադրություն եւ սեփական շահեր, որոնք պետք է բոլորս միասին պաշտպանենք եւ որոնցով պետք է առաջնորդվենք»։ Դժգոհությունները ՀՀ իշխանություններից նոր չեն սկսվել։ Ղարաբաղում ժամանակին դեմ են արտահայտվել մադրիդյան սկզբունքներին, սակայն Հայաստանի իշխանությունները բանակցություններում առաջնորդվում են հենց դրանցով։ Նրանց թողտվությամբ վաճառքի առարկա են դարձրել ազատագրված տարածքները, որոնք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ։

Վ. Բալասանյանը գտնում է, որ դրանով ամեն կերպ փորձ է արվում անտեսել եւ վտանգի տակ դնել ԼՂՀ պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը։ Այնուհետեւ երկու տասնյակ պատգամավորներ հանդես եկան արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ ներկայացնելով քննարկվելիք հայտարարության նախագիծը։ Մեր տեղեկություններով՝ այնտեղ նշված է, որ ղարաբաղյան կողմը չի կարող պարտավորություն ստանձնել առանց իր մասնակցության ձեռք բերված ցանկացած պայմանավորվածության կամ համաձայնագրի համար։ Ղարաբաղը ոչ մեկին չի լիազորել՝ ներկայացնելու իր շահերը։ Ժամանակն է, որ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջեւ կնքվի ռազմավարական գործընկերության մասին միջպետական պայմանագիր։

Ըստ երեւույթին, մոտալուտ փոթորկի նշանները լրջորեն տագնապ են առաջացրել բարձր առանձնասենյակներում, որից հետո սկսվել է «պտուտակները ձգելու» գործընթացը։ Արդյունքում՝ պատգամավորների առավել իշխանամետ մասը՝ «Հայրենիք» խմբակցության եւ «Արցախատուն» պատգամավորական խմբի անդամները, որոշել է առայժմ ընթացք չտալ որոշմանը։ Պատճառաբանություններն անորոշ են եւ տարբեր։ Սակայն պարզ է, որ նրանք ինքնուրույն չեն կայացրել ժամանակավոր «զինադադարի» որոշումը։

Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից դժգոհություն են հայտնել նաեւ Ղարաբաղի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ՝ օրերս հանդես գալով հայտարարությամբ։ «Ժխտելով ԼՂՀ եւ սփյուռքի իրավունքը Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մեջ՝ ՀՀ ղեկավարությունը դրանով իսկ ժխտում է իր իրավունքը՝ մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին...»,- ասված է հայտարարության մեջ։

Ստեփանակերտում իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ «մեր իշխանությունները երբեք չեն գնա նրան, որ թուրքերի հետ Ղարաբաղի հարց քննարկեն, բայց մենք մտել ենք մի այնպիսի գործընթացի մեջ, որի վրա ազդեցությունն ու վերահսկողությունն արդեն կորցրել ենք...»։ Ղարաբաղում ջինն արդեն դուրս է եկել շշից եւ ՀՀ ղեկավարներին անամպ երկինք չի խոստանում, քանզի ԼՂՀ նախագահը հաճախ է շեշտում, որ «Արցախի դիրքորոշումը ոչ մի կետով չի փոխվել...», այդ թվում՝ ազատագրված տարածքների հարցում։



Արժեզրկում, մարդկանց «ինֆլյացիա»

Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա եւ Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ պետական բարձրագույն պարգեւներ շնորհվեցին բազմաթիվ անձանց։ Պաշտպանության կազմակերպման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) պարգեւատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով, նրան շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումը։ Դեռ պատերազմական տարիներից ժողովրդի կողմից «հերոսի» կոչում վաստակած, սիրված եւ հարգված Կոմանդոսն Արցախյան պատերազմից մեկեւկես տասնամյակ հետո ստացավ այն, ինչ վաստակել էր։ «Արիության համար», «Մարտական ծառայություն» եւ «Շուշիի ազատագրման համար» մեդալներով պարգեւատրվել է 671 հոգի (53-ը՝ հետմահու)։ Բարձր պարգեւ՝ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ շնորհվեց կանադահայ բարեկամիս՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին։

Երկակի զգացումներ են պատել ինձ։ Մի կողմից՝ ուրախ եմ, անկեղծորեն ուզում եմ շնորհավորել Արցախի մեծ բարեկամին, որը՝ մեր լեռնաշխարհից հազարավոր կիլոմետրեր հեռու, օտար մի երկրում, առողջական պրոբլեմները մի կողմ դրած, հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում է Արցախին օգնելու համար, բարեգործական բազում ծրագրեր է կյանքի կոչել, այժմ էլ նրա նախաձեռնությամբ նոր, հարմարավետ կրթօջախներ են ստեղծվում մեր երկրամասի տարբեր բնակավայրերում։

Մյուս կողմից՝ ախր ինչպե՞ս շնորհավորես, երբ վերջին 15 տարում այդ մեդալից հաջողացրել են ձեռք գցել մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքում ոչ միայն մի բարի գործ չեն կատարել այս երկրի համար, այլեւ տզրուկի պես միայն ուրիշների վաստակն են սեփականել, իրենց, ընտանիքի ու մերձավորների համար փափուկ աթոռներ ձեռք գցել։ Մի այլ հարց. արդեն քանի՜ տարի արտերկրի մեր հայրենակիցներն իրենց սեփական դրամապանակից միջոցներ են նվիրում Արցախին, բարեգործական զանազան ծրագրեր իրականացնում։ Ու ոչ ոք չի հարցնում. իսկ մերոնք, տեղացի մեր մեծահարուստներն ինչո՞վ են զբաղված։

Այս մեկեւկես տասնամյակում նրանցից շատերն ավելի մեծ կարողության տեր են դարձել, քան օտար ափերից մեր երկրին օգնող շատ շատերը։ Նրանք վիթխարի կարողության տեր են դարձել մեր աղքատ երկրում։ Նրանց մի մասը, բառիս բուն իմաստով, ինչպես Ռուբեն Հախվերդյանը կասեր, կազնոկրատներ են, պետության, ժողովրդի ունեցվածքին զանազան ստոր ճանապարհով տեր դարձած սրիկաներ։

Մեր գործարարներից մի ձեռքի մատների վրա կարելի է թվարկել նրանց, որոնք ոչ միայն բիզնեսմեն են՝ հայկական ընկալմամբ, այլեւ Մարդ, եւ որոնց համար բարեգործությունը կենսակերպ է։
Այս ենք մենք։ Եւ աշխարհում մեզնից բացի ոչ ոք մեղք չունի, որ մենք այսպիսին ենք։
14 Մայիս


Հանրահայտ առակի սայլը եւ Ղարաբաղը

Մինչ Ղարաբաղի ղեկավարներն «ինստրուկտաժի» համար գտնվում էին Երեւանում, հերթական անգամ Ստեփանակերտ է ժամանել Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի նախկին ներկայացուցիչ, ռուսաստանցի դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ Պարզ է, որ ռուս դիվանագետի այցի նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն է։ Կարծես թե բոլորը՝ թե մոսկվաներում եւ թե եւրոպաներում ու ամերիկաներում, շահագրգռված են ղարաբաղա-ադրբեջանական (մեր վայ-դիվանագետներն այն դարձրել են հայ-ադրբեջանական) հակամարտության կարգավորման խնդրով, սակայն հարց է, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ է հասկանում կարգավորում ասելով եւ ինչպես է պատկերացնում հարցի լուծումը։ Վլադիմիր Կազիմիրովը եւս բացառություն չէ։ Նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ, բնականաբար, հարցին մոտենում է իր երկրի շահերի դիտանկյունից։

Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Վ. Կազիմիրովը որոշակի կարեւորություն տվեց մոսկովյան (մայնդորֆյան) հռչակագրի ստորագրմանը՝ գտնելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հրատապության պատճառն անցյալ տարվա օգոստոսին Սահակաշվիլու կատարած քայլն է, ինչպես նաեւ մոսկովյան (մայնդորֆյան) հռչակագրի ստորագրումը։

Նա հայերիս բացատրեց, որ պատերազմը շատ վատ բան է, եւ այն «ավելի է խորացնելու երկու ժողովուրդների թշնամությունը»։ Այսպես կոչված, միջազգային հանրությունը, ըստ Կազիմիրովի, չպիտի թույլ տա, որ ռազմական գործողությունները վերսկսվեն։ Թե ինչպես պիտի թույլ չտա՝ դա այնքան էլ պարզ չէ, որովհետեւ նույն այդ խաղաղասեր միջազգային հանրությունը թույլ տվեց, որ ԱՄՆ-ն ռմբահարի Բելգրադը, սերբերին Կոսովոյից քշեն եւ այնտեղ նոր պետություն ստեղծեն, Իրաքում իբր միջուկային զենք գտնելու համար այդ երկիրը դարձնեն սոդոմ-գոմոր եւ այլն։

Այնպես որ, Վլադիմիր Կազիմիրովն այս անգամ էլ ձեռնունայն չէր եկել Արցախ. իր հետ բերել էր հայերիս համար երկար սպասված «կարգավորման բանալին»։ Այն է՝ Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների հանձնման եւ փախստականների վերադարձի հարցերը թող մի քիչ սպասեն, ամենակարեւորը երկու ազգերի՝ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ խաղաղություն հաստատելն է։ Կարծես թե մենք վաղուց տվել ենք մեր համաձայնությունը «տարածքները հանձնելու եւ փախստականների վերադարձի» վերաբերյալ, մնում է կարգավիճակի հարցն էլ մի կողմ թողնենք եւ մտածենք երկու ազգերի միջեւ «խաղաղության աղավնիներ» բաց թողնելու մասին։ Այդ ընթացքում նա հիշեցրեց նաեւ, որ «օկուպացիան պատերազմի արդյունք է»։

Այս ամենը, Վլադիմիր Կազիմիրովի «կողմերին խաղաղության պարտադրման գաղափարով», հիշեցնում է հանրահայտ «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը», այն տարբերությամբ, որ այս անգամ սայլը շարժելուն լծվել են նաեւ աղվեսը, շնագայլը եւ այլք։



Գոհ են «տելեկոմից»

ԼՂՀ կառավարության օրերս կայացած նիստի ժամանակ տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ չնայած «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը շարունակում է աջ ու ձախ, այսպես ասած, բարեգործական ծրագրեր իրականացնել Ղարաբաղում եւ իշխանական շրջանակներում բարեգործի «ծիրանի» է հաջողացրել իր համար, նրա ղեկավարած ընկերության հանդեպ հասարակության դժգոհությունը միանգամայն տեղին է։ Այսպես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ցուցանիշներով Արցախը մի քանի անգամ ետ է մնում Հայաստանից։ Բնակչության համակարգչային հագեցվածությունն Արցախում կազմում է 10 տոկոս, իսկ բնակչության՝ ինտերնետային կապով ապահովվածությունը՝ 8 տոկոս։

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի եւ սակագների մասին բազմիցս դժգոհություններ են հնչել ղարաբաղյան մամուլում։ Չնայած ՂՏ-ն վերջերս իջեցրել է բջջային կապի ծառայության սակագները, սակայն դա բաժանորդներին չի գոհացնում. այն դարձյալ զգալիորեն բարձր է Հայաստանում գործող գներից։ Դժգոհությունը մեծ է նաեւ կապի որակից։ Ինտերնետային կապը շատ թույլ է։ Կապի այդ տեսակից օգտվողներն այն կարծիքի են, որ «Ղարաբաղ տելեկոմը» դիտմամբ է այդպես անում, որ հաճախորդներն ավելի երկար ժամանակ տրամադրեն ինտերնետային ծառայությանը, որպեսզի ավելի շատ գումար մտնի իր գրպանը։

Ասել է թե՝ «բարեգործը», մեղմ ասած, շատ վատ է կատարում իր անմիջական պարտականությունները, սակայն Ղարաբաղի իշխանություններին ոչ այնքան ՂՏ-ի մատուցած ծառայությունների որակն է հետաքրքրում, որքան նրա մուծած գումարները պետբյուջե։ Հիշեցնենք, որ Ղարաբաղում կապի միակ օպերատորը «Ղարաբաղ տելեկոմն» է, որը նաեւ երկրորդ ամենախոշոր հարկատուն է Արցախում։ Իսկ ինչ մնում է ՂՏ-ի բարեգործական ձեռնարկներին, ապա ժողովուրդն ամենեւին դա բարեգործություն չի համարում, քանզի անորակ ծառայությունների դիմաց ՂՏ-ն ժողովրդից հսկայական գումարներ է կորզում եւ դրա չնչին տոկոսից մատուցած ծառայությունները ներկայացնում է որպես բարեգործություն։ Շատերի կարծիքով, ՂՏ-ի ղեկավարը ոչ այնքան բարեգործի է նման, որքան սովորական հարկահավաքի, որն իր հավաքած հարկերից գրոշներ է նետում նրանց, ումից հարկեր է գանձել։

Բ. Բաբայանը գտնում է, որ կապի անորակության պատճառն այն է, որ կապի ոլորտում կա ընդամենը մեկ օպերատոր։ «Երկրորդ օպերատորի մուտքը Ղարաբաղ մրցակցություն կապահովի, ինչն էլ իր հերթին կբարձրացնի կապի որակը, ինչպես Հայաստանում է»,- գտնում է նախարարը։ ԼՂՀ վարչապետի կարծիքով՝ երկրորդ օպերատորի մուտքն ապահովելու համար չկան համապատասխան իրավական հիմքեր, ուստի՝ պետք է առաջին հերթին աշխատել գործող միակ օպերատորի հետ։ Այս խոսքերից հստակ երեւում է, որ, ի տարբերություն շարքային քաղաքացիների, Ղարաբաղի իշխանությունները գոհ են ՂՏ-ի «հարկահավաքի» գործունեությունից։



ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 28-ին կրկին չժամանեցին Ղարաբաղ։ Նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ չկայացավ։ Պատճառաբանությունը դարձյալ նույնն է՝ եղանակային անբարենպաստ պայմաններ։

Գուցե ինչ-որ տեղ ոմանք վրդովվել կամ ուրախացել են այն փաստից, որ համանախագահները Ղարաբաղ չեն մեկնել, սակայն Արցախում ընդհանուր կարծիքը համանախագահների եւ, ընդհանրապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ քամահրական է։ Ղարաբաղի ղեկավարությանը գուցե թե որոշ չափով վիրավորել է համանախագահների հետ զրուցելու հնարավորությունից զրկվելը, որովհետեւ նրանց հետ հանդիպումները, թեկուզ քողարկված ձեւով, նշանակում են ղարաբաղյան կողմի ընդունում, Ղարաբաղ պետության ճանաչում։ Մնացյալին՝ շարքային արցախցի թե միջին պաշտոնյա, բացարձակապես չի հետաքրքրում Մինսկի խմբի ու նրա համանախագահների գործունեությունը։ «Ուզում են գան, ուզում են չգան...», «Նրանց ոչ գալն է մեզ հետաքրքրում, ոչ գնալը...», «Նրանց գալ-չգալուց ինձ համար ոչինչ չի փոխվում...»,- այսօրինակ պատասխաններ ստացա իմ զրուցակիցներից։

Իսկապես, այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Ղարաբաղում ոչ միայն չեն հետաքրքրվում, այսպես կոչված, միջնորդների «խաղաղարարական առաքելությամբ», այլեւ Ադրբեջանի «նույն քաշային» կատեգորիայի պաշտոնատար անձանց հետ Հայաստանի նախագահի կամ ՀՀ արտգործնախարարի բազմասերիանոց հանդիպումներով։ Ղարաբաղի արտգործնախարարը, ԱԺ հանձնաժողովների նախագահները մեկ անգամ չէ, որ շեշտել են՝ «Մադրիդյան սկզբունքները Ղարաբաղի համար անընդունելի են», մինչդեռ բանակցությունները տարվում են հենց այդ սկզբունքներով։ Պատահական չէ, որ Ղարաբաղում վերջերս ուժեղացել է դժգոհությունը ղարաբաղյան ծագումով ՀՀ երկու բարձր պաշտոնյաներից։ Ընդհուպ շրջանառվում են կարծիքներ, որ նրանց պետք է պատասխանատվության ենթարկել՝ Արցախի անունից բանակցություններ վարելու համար, քանզի Ղարաբաղը նրանց նման բան չի լիազորել...

«Հետքին» տված հարցազրույցում ԼՂՀ նախագահի խորհրդական, ԱԺ պատգամավոր եւ նախկին զորահրամանատար Վիտալի Բալասանյանն առաջարկում է փոխել բանակցությունների ֆորմատը։ Փոխարենը՝ ԱՄՆ-ի եւ Եւրոպայի միջնորդությամբ հարկ է պայմանագիր կնքեն պայթյունավտանգ Կովկասում խաղաղություն հաստատելու մասին։ Եւ դա պետք է անեն կովկասյան պետությունները, հարեւանները եւ Կովկասով շահագրգիռ երկրները՝ Հայաստանը, Ղարաբաղը (որպես պարտադրված պատերազմի կողմ), Ադրբեջանը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ՌԴ-ն եւ Թուրքիան։

Հետաքրքիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն արհամարհանքով են վերաբերվում թե՛ Ղարաբաղում, թե՛ Ադրբեջանում։ Միայն Հայաստանի ղեկավարությունն է կառչել ՄԽ ձեւաչափն անփոփոխ պահելու գաղափարից։
30 Մայիս


Իրո՞ք «ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել»...

Մեծ հայրենականից ի վեր խորհրդային տարիներին սերտած այս խոսքերն առայսօր կրկնում ենք։ Արցախյան պատերազմից հետո այս խոսքերն ավելի հաճախակի ենք օգտագործում` որպես սովորական մի կարգախոս, անզգացմունք, անգիր արածի պես։ Ինչպես, ասենք, «ազատ ու անկախ Հայաստան», «ժողովրդավարություն» եւ այլն։ Ստեփանակերտի Բաղրամյան փողոցի հարեւանությամբ գտնվող պուրակում ավելի քան տասնամյակ առաջ տեղադրել են ԽՍՀՄ հերոս, մարշալ, ծագումով արցախցի Հովհաննես Բաղրամյանի արձանը։ Հուշակոթողը, սակայն, առայսօր անավարտ է, նրա ծննդյան 100-ամյակին անգամ այդպես էլ չբացվեց ավանդական արձանը։ Մի քանի տարի առաջ արձանի ետնամասում եռանդով սկսեցին ինչ-որ մետաղներ զոդել, բետոնե ինչ-որ խոյանք կցմցել, որ կարծես պիտի դառնար կամար, սակայն կարճ ժամանակ հետո կիսատ թողեցին...

Անավարտ հուշակոթողի առաջին պլանում մեծ զորավարի համեստ կիսարձանն է, երկրորդ պլանում՝ մի զույգ վեր ցցված մետաղաձողեր։ Թաղամասի բնակիչները կեսլուրջ-կեսկատակ ասում են. «Նախատեսված գումարները կերել են, աշխատանքը կիսատ թողել։ Հետո նորից են հիշել Բաղրամյանին, կրկին փող են դուրս գրել, մի քանի երկաթի կտոր կցմցել, գումարները դարձյալ գրպանել ու գնացել...»։ Բաղրամյանի անունը կրող այս փողոցով, զորավարի կիսատ կոթողի մոտով ամեն տարի առնվազն 10 անգամ բարձրաստիճան պաշտոնյաներն ու արցախցիները շքերթով գնում են դեպի հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ հայրենականի, Արցախյան պատերազմի նահատակների շիրիմներին։ Իսկ Բաղրամյանն ու նրա արցախցի զինակիցները սպասում են։ Դեռեւս խորհրդային տարիներին նրանց հիշատակին կանգնեցված համեստ հուշակոթողների վրայի քանդակները վերջին տարիներին չքացել են, իսկ անունները՝ անընթեռնելի դարձել...

Արցախյան պատերազմի նահատակների ընտանիքները, պատերազմի հաշմանդամների մեծ մասը ոչ թե ապրում, այլ պարզապես գոյություն են պահպանում։ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»... Մի՛ ստեք, ի սեր Աստծո։ Ի սեր հազարավոր մեր նահատակների, մի՛ խաբեք մեզ եւ ձեզ։ Մեր կարճ հիշողությունը, մեր մեղքերը չփաթաթենք նոր եւ գալիք սերնդի վզին...
18 Հունիս



2010 թ.


Նրանց համար «թասիբի» հարց է, մեզ համար` հայրենիքի խնդիր

Հարցազրույց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ ԱԺ երկու գումարման պատգամավոր Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

- Վերջերս ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այլեւ համանախագահող երկրների նախագահներն են հայտարարություններ անում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որոնց հիմքում ընկած են Մադրիդյան սկզբունքները՝ ազատագրված տարածքները հանձնելու պահանջով։ Արցախն արդյո՞ք պատրաստվում է այդ տարածքները զիջել հակառակորդին։

- Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւն իրենց խորհդարանում ասել է. «Ղարաբաղը մեր մյուս տարածքների հետ համեմատած քարքարոտ, անջրդի եւ հողագործության համար ոչ պիտանի տարածք է, բայց ազատագրումն արժանապատվության հարց է» (ասել է թե՝ «թասիբի» հարց է)։ Իսկ մեզ՝ հայերիս համար մեր տարածքները, այդ թվում՝ ազատագրված հողերը, կազմում են մեր հայրենիքը։ Ցավալի է, որ մի շարք պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ դեռ շարունակում են Քաշաթաղի շրջանը դիտել որպես «միջանցք», այն էլ՝ Լաչինի միջանցք։ Պարզապես նման մարդկանց խորհուրդ կտայի մտաբերել իրենց ծննդավայրը կամ անվանադիր նախնիների բնօրրանը եւ պատկերացնել, որ ինչ-որ տարօրինակ մարդիկ այդ բնակավայրը կոչում են ոչ թե գյուղ, ավան կամ քաղաք, այլ միջանցք…

- Մեր քաղաքական գործիչներից մեկն ասել է, որ կան տարածքներ, որոնք երբեք հնարավոր չէ վերադարձնել, եւ այդպիսի տարածքներից մեկը Քարվաճառի շրջանն է, որովհետեւ այնտեղ են գտնվում Արցախի ջրային պաշարները… Որքանո՞վ եք ընդունելի համարում նման տեսակետը։

- Ես էլ եմ նման տեսակետներ լսել եւ ապշել։ Ստացվում է, որ այդ կամ մի այլ շրջան մենք չպիտի հանձնենք, ոչ թե նրա համար, որ դրանք ազատագրված հայկական հողեր են, դրան հավելած՝ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն եւ այլն, այլեւ որովհետեւ այնտեղ ջրային պաշարներ կամ օգտակար հանածոներ կան։ Բանից պարզվում է, որ եթե Քարվաճառի շրջանն ամբողջովին անապատ լիներ, ապա առանց մի խոսքի կարելի՞ է հանձնել թշնամուն…

- ՀՀ որոշ քաղաքական գործիչներ հաճախ այն միտքն են հայտնում, որ ազատագրված տարածքներից մեկ կամ առավելագույնը հինգ շրջան կարելի է փոխզիջման կարգով հանձնել թշնամուն։ Ինչպե՞ս եք ընդունում դա։ Օրինակ, օրերս քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասել է. «Ես, օրինակ, մեծ հաճույքով կվերադարձնեի մի գյուղ՝ Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկը, սակայն մի պայմանով, որ այդտեղ վերադառնան ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ընտանիքները»։

- Ընդհանրապես ազատագրված հողերը հանձնելու մասին հայկական կողմից առավել շատ խոսում են նրանք, ովքեր Արցախում չեն ապրում, այդ հողերի ազատագրման հետ անգամ հեռավոր առնչություն չունեն եւ չեն պատկերացնում, թե ինչ է լինելու դրանից հետո։ Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկը «մեծ հաճույքով վերադարձնելու» օրինակը՝ թեկուզ հայ եւ ադրբեջանցի ընտանիքների վերադարձի պայմանով, ցույց է տալիս հայ դիվանագիտության իրականությունից կտրված լինելը։ Եթե կան մարդիկ, որ առայսօր դասեր չեն քաղել մեր ժողովրդի պատմությունից եւ լավ չգիտեն մեր հակառակորդի բնույթը, թող կրկին կարդան Թումանյանի «Չարի վերջը»։ Աղվեսը (մեր դեպքում՝ թուրքը) երբեք չի կշտանում, երկրորդը, երրորդն է պահանջում։ Այսօր, երբ մեր քաղաքագետները միամտորեն քննարկում են, թե ինչ «փոխզիջեն», հակառակորդը պահանջում է բոլորը…

Ինչ վերաբերում է «փախստականների վերադարձի», այսպես կոչված, սկզբունքին, դա անիրական խնդիր է, էլ չեմ ասում, որ այն իրականացնելն ավելի պայթյունավտանգ հետեւանքներ կունենա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քանի՞ ֆրանսիացու ընտանիք է հետ վերադարձել Գերմանիա՝ նախկին բնակության վայրը, եւ հակառակը, քանի՞ գերմանական ընտանիք է Ֆրանսիա վերադարձել։ Պատմության մեջ նման փաստ չկա։

- Բայց հայկական կողմից ու Արցախի անունից այսօր շարունակում են բանակցությունները, իսկ բանակցասեղանին դրված փաստաթղթերում առաջին հարցը վերաբերում է տարածքները հանձնելուն…

- ԼՂՀ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է. «Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»։ Այսինքն, ավելի պարզ ասած՝ ազատագրված տարածքները մեր հայրենի հողերն են եւ մեր ամբողջական հայրենիքի անբաժան մասը։ Համոզված եմ, որ Սահմանադրության պահանջի խախտումը, ում կողմից էլ այն կատարվի, խստագույնս պատժվելու է օրենքով եւ ոչ միայն…
ՀՈՒԼԻՍ 13


Ժողովուրդն այլեւս չի ուզում խաբվել

Հուլիսի 12-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։ Հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, քննարկվել են ընկերության կողմից Արցախում իրականացվող ներդրումային քաղաքականությանը, սակագների վերանայմանը, ինչպես նաեւ սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերին վերաբերող հարցեր։

Այնուհետեւ կառավարության նիստերի դահլիճում հրավիրվել է ԼՂՀ վարչապետի եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը։ Ամենայն հավանականությամբ, վերոհիշյալ հանդիպման համար առիթ է հանդիսացել վերջերս Արցախում սկիզբ առած ակցիան՝ ընդդեմ ՂՏ-ի կողմից սահմանված բարձր գների եւ սպասարկման ցածր մակարդակի, որ սկսվել է Facebook սոցիալական կայքում «Stop թալանին» անվանմամբ քաղաքացիական նախաձեռնությամբ։ Այնտեղ զետեղվել էր նաեւ ծաղրանկար, որտեղ ՀՀ եւ Արցախի քարտեզի մեջտեղում կանգնած էր Ռալֆ Յիրիկյանը՝ Հայաստանում «Viva cell»-ի բաժանորդների համար հրեշտակի, իսկ Արցախում «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդների համար՝ սատանայի տեսքով։ Կայքում բազմաթիվ արձագանքներ են տպագրվել թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Դրան Ստեփանակերտում հետեւել է «Տելեկոմի» աշխատակիցների բողոքի ցույցը՝ ի պաշտպանություն Ռալֆ Յիրիկյանի։

«Ղարաբաղ Տելեկոմի» անվան շուրջ սկսված այս աղմուկն անհանգստացրել է նաեւ Արցախի իշխանություններին։ Արդյունքում՝ իշխանությունները հանդիպել են «Տելեկոմի» գործադիր տնօրենին, այնուհետեւ կայացել է վերոհիշյալ մամլո ասուլիսը։ 10 տարվա ընթացքում ընկերության կողմից Արցախում կատարված աշխատանքի համար վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռալֆ Յիրիկյանին, նշելով, որ 2002թ. իր գործունեությունից մինչ այսօր «Ղարաբաղ Տելեկոմը» կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման համար պայմանագրով նախատեսված 15 մլն.-ի փոխարեն ներդրել է 38 մլն. դոլար։ Նա նշել է, որ այդ ամենով հանդերձ, «Ժամանակակից չափանիշներին հասնելու համար անելիքներ դեռ շատ կան», որի վկայությունը ընկերության մատուցած ծառայությունների, մասնավորապես ինտերնետ կապի ցածր որակի, բջջային հեռախոսակապի սակագների վերաբերյալ վերջերս հանրության կողմից հնչեցված դժգոհություններն են։

Ռ. Յիրիկյանը, ամփոփելով կապի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը, նշել է, որ նախատեսվում է բարելավել քաղաքային կապը, լարայինից անցնել ոչ լարային կապի, արդիականացնել ընկերության սարքավորումները, ստեղծել նոր կայաններ։ Նա նշել է նաեւ, որ սակագնի կտրուկ իջեցումները բացասաբար են ազդելու սպասարկման որակի վրա, սակայն առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն։ Ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքների, Յիրիկյանն աել է, որ ինքը ՂՏ-ի բաժնետեր չէ, այլ ընդամենը պաշտոնյա է, որ հասարակական հիմունքներով կատարում է 830 աշխատող ունեցող ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները։

Ասուլիսի ընթացքում խոսվել է նաեւ այն մասին, որ պատերազմ տեսած արցախցին, հատկապես առողջական խնդիրներ ունեցող կենսաթոշակառուները, որ բջջային հեռախոս իրենց մոտ պահում են միայն նրա համար, որ փողոցում իրենց վատ զգալիս կարողանան կապվել տնեցիների հետ, եւ ողջ ամսվա ընթացքում նրանց րոպեավճարը կազմում է ընդամենը 70-100 դրամ, ստիպված են լինում լրացուցիչ մուծել նաեւ 1200 դրամ այսպես ասած՝ բաժանորդավճար, այն դեպքում, երբ բաժանորդաքարտ վերցնելիս արդեն մուծել են 8 հազար դրամ։

Ասուլիսում պարզվեց, որ 140 հազար բնակչություն ունեցող Արցախում «Տելեկոմն» ունի բջջային ծառայությունից օգտվող 60 հազար բաժանորդ, որից 50 հազարն օգտվում է հետվճարային, մնացյալը՝ կանխավճարային համակարգից։ Ասել է թե՝ 50 հազար բաժանորդ յուրաքանչյուր ամիս, րոպեավճարից բացի, որպես բաժանորդավճար, հենց այնպես ՂՏ-ի գրպանն է դնում 60 մլն. դրամ (1 տարվա կտրվածքով՝ 720 մլն. դրամ)։ Ակնհայտորեն երեւում էր, որ Յիրիկյանի համար անսպասելի էր «Տելեկոմի» դեմ սկսված դժգոհությունների այս ալիքը։ Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո նա խոստացել է հաճախակի հանդիպել նրանց եւ պարզաբանել հանրությանը հուզող խնդիրները։
ՀՈՒԼԻՍ 13


Ալմաթիի հանդիպումից Արցախում սպասելիքներ չկան

Ալմաթիում հուլիսի 16-17-ին կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնգակողմ հանդիպման նախօրեին որոշեցինք լսել Արցախի քաղաքական գործիչների, պաշտոնյաների եւ փորձագետների կարծիքը։ Ընդհանրապես, յուրաքանչյուր այսպիսի հանդիպումից առաջ հայաստանյան լրագրողները փորձում են պարզել, թե Ստեփանակերտն ինչ սպասելիքներ ունի այդ հանդիպումներից, եւ, բնականաբար, այդ հանդիպումներից հետո էլ` թե Արցախում ինչ են մտածում այդ կապակցությամբ։ Հայաստանցիները չեն ուզում հասկանալ, որ Արցախում ընդհանրապես ոչինչ չեն մտածում այդ հանդիպման մասին, այնպես, ինչպես երկու, երեք կամ հինգ տարի առաջ ոչինչ չէին մտածում արդեն պատմության գիրկն անցած նախորդ բոլոր հանդիպումների մասին։

Դրա պատճառները շատ են եւ տարբեր՝ Արցախի ժողովուրդը, անգամ բազմաթիվ պաշտոնյաներ, շատ քիչ են տեղեկացված։ Լավագույն դեպքում գիտեն այն, ինչ մատուցում են հայաստանյան եւ տեղական պաշտոնական ԶԼՄ-ները։ Բայց սա ընդամենը երկրորդական պատճառ է։ Նրանց այդ հանդիպումները պարզապես չեն հետաքրքրում արցախցիներին։ Դա լավ է թե վատ՝ միանգամյան այլ հարց է, եւ դրա պատճառները նույնպես շատ են։ Օրինակ, ինձ եւ իմ գաղափարակիցներին ղարաբաղյան խնդրի կարգավորման անվան տակ տարվող այդ հանդիպումները չեն հետաքրքրում առաջին հերթին այն պատճառով, որ դրանք պարապ ժամանց են, ոչ մի առնչություն չունեն խնդրի իրական կարգավորման հետ։

Ինքնասիրության խնդիր էլ կա. անձամբ ես եւ հարյուրավոր իմ ընկերներն ու բարեկամները ՀՀ-ում ոչ մեկին չենք լիազորել որոշելու մեր երկրի ճակատագիրը։ Մեր երկիրը եւս ՀՀ այս կամ այն ղեկավարին չի լիազորել որոշելու Արցախի ճակատագիրը։ Համոզված եմ, որ ցանկության դեպքում անգամ այդ պարոնները չեն կարող ստորագրել փաստաթուղթ, որ անընդունելի լինի Արցախի համար։ Բայց ոչ այն պատճառով, որ դա կլինի Արցախի վերջի սկիզբը, այլ դա կլինի իրենց՝ ստորագրողների վերջը։

Անշուշտ, ցանկալի է, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցող այդ պարոնները դիլետանտ չլինեին, որքա՜ն լավ կլիներ, որ հայ դիվանագիտությունը երկչոտ ու գետնաքարշ չլիներ, բարձրագույն պաշտոնյաները նախ մտածեին երկրի, ապա հետո միայն իրենց աթոռի ու գրպանի մասին։ Մյուս կողմից՝ կցանկանայի, որ Արցախի քաղաքական վերնախավը զարգացումներին նայեր ոչ դիտորդի կարգավիճակով, հանդես գար հաղթող երկրին վայել կոշտ հայտարարություններով… Բայց, ցավոք, այսօր ունենք այն, ինչ ունենք…

Այնուամենայնիվ, խոսքերիս ճշտությունը ստուգելու համար փորձեցի լսել իմ հայրենակիցներից մի քանիսի կարծիքը Ալմաթիում կայանալիք վերոհիշյալ հանդիպման վերաբերյալ։

Ա. Գրիգորյան (50-ն անց մանկավարժ) – Մի տասը տարի կլինի, այդ մարդիկ հանդիպում են։ Ռոբերտ Քոչարյանն էր հանդիպում, զրուցում Հեյդար Ալիեւի հետ։ Մի բան փոխեցի՞ն։ Նրանցից հետո սրանք՝ Սարգսյանն ու Ալիեւի տղան են հանդիպում։ Նրանցից հետո ուրիշներն են հանդիպելու… Մի բան ասեմ՝ քանի մենք թույլ ենք, թուրքը միշտ աչք է ունենալու մեր հողի վրա։ Էդ հանդիպումների փոխարեն թող աշխատատեղ բացեն, երկիրը հզորացնեն, պայմաններ ստեղծեն, որ արտագաղթածները ետ գան…

Կարինե (3-րդ կուրսի ուսանողուհի) – Այդ հանդիպման մասին չգիտեի։ Մեր հարցն են քննարկելո՞ւ։ Հնգակողմ հանդիպո՞ւմ է… Արդեն Ղարաբաղն է՞լ է մասնակցելու… Չէ՞… Առանց մեզ նորից ուզում են մեր հարցը լուծե՞ն… Չգիտեմ, իմ կարծիքով՝ բան չի ստացվելու։

Արմեն Հարությունյան (35 տարեկան, նախկին ազատամարտիկ) – Ես ռեալիստ մարդ եմ։ Ընդունում եմ այն, ինչ կա, ինչ տեսնում եմ… Արդեն մի 20 տարի կա, չէ՞, որ մենք պետություն ունենք, պատերազմում հաղթել ենք, նորից նախագահ ենք ընտրել, վերջերս նորից պատգամավորներ ենք ընտրել… Չեմ հասկանում, էդ Ալմաթիում ի՞նչ պիտի որոշեն… Մի բան էլ՝ ուրիշնե՞րը պիտի իմ երեխաների, ընտանիքի, իմ երկրի հարցը լուծեն։ Երբ թուրքերն ավերում էին Ստեփանակերտը, սպանում խաղաղ մարդկանց, էդ «հարց լուծողները» որտե՞ղ էին, ինչո՞ւ ծպուտ չէին հանում։

Ալմաթիում կայանալիք վերոհիշյալ հանդիպման մասին փորձեցի լսել նաեւ ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության ղեկավար, քաղաքագետ Դավիթ Բաբայանի կարծիքը։ «Այդ հանդիպումից նոր բան չեմ սպասում,- ասաց նա,- դրա հավանականությունը շատ քիչ է, հատկապես Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից հետո, որ իբր Ղարաբաղը չի կարող լինել անկախ պետություն եւ այլն, լուրջ չէ նոր ինչ-որ դրական տեղաշարժ սպասել Ալմաթիի հանդիպումից»։
ՀՈՒԼԻՍ 16


Ստեփանակերտը շարունակում են «սալիկապատել»

Եռօրյա անձրեւներից հետո Արցախում կրկին շոգեր են սկսվել։ Քաղաքական, այսինքն՝ ներքաղաքական դաշտում կարծես թե հանգիստ է, սակայն, չնայած ամառային տապին, Արցախում, հատկապես Ստեփանակերտում, չեն դադարում շինարարական աշխատանքները։

Մայրաքաղաքի կենտրոնում, Ստեփան Շահումյանի արձանը շրջապատող կլոր պուրակում, որը տասնամյակներ շարունակ ստեփանակերտցիների, հատկապես թոշակառուների սիրած վայրն էր, ամբողջ թափով շինարարական աշխատանքներ են գնում։ Քարուքանդ է արվել համեմատաբար ավելի վաղ սարքված սալահատակը, ոչնչացվել է կանաչ զանգվածի մի մասը։ «Մեր հանգստի համար մնացած փոքրիկ այս հողակտորն էլ խլեցին,- տխուր ասում են թոշակառուները,- ողջ քաղաքում այլեւս հարմար մի տեղ չկա, որ նստենք-հանգստանանք, զրուցենք իրար հետ։ Ինչ է, քաղաքը լցված բարերո՞ւմ պիտի գնանք վայելենք մեր հանգիստը… Փողի ավելցուկ ունե՞ն՝ թող գնան քաղաքի կիսաքանդ ու քարուքանդ մյուս հատվածները գեղեցկացնեն…»։

Ղարաբաղը հեղեղվել է չգիտես ինչ արժանիքների եւ որ ծառայության համար մեդալներ ու շքանշաններ ստացած «հերոսներով», շարունակ «էլիտար» շենքեր ու դղյակներ են հառնում Ստեփանակերտում, Արցախի երբեմնի կանաչապատ ու համեստ մայրաքաղաքն օրեցօր լցվում է քարերով ու սալահատակով, սալիկապատվում են անգամ շենքերը (ստեփանակերտցիները կատակով ասում են՝ էսպես եթե շարունակվի, մի օր հերթը տանիքներին ու շենքերի պատուհաններին է հասնելու…), բայց ահա, տասնամյակից ավելի է՝ մեծանուն հայորդի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանային համալիրը շարունակում է մնալ խայտառակ վիճակում։ Մեծ զորավարի 100-ամյակին անգամ հարկ չհամարեցին ավարտել աշխատանքներն ու հուշակոթողի հանդիսավոր բացման արարողություն կատարել, երկիրը «հնարավորություն չունի» իրական հերոսի արձանի զույգ կողմերում անճոռնի ցցված մետաղաձողերը փոխարինել քարե կամարով։

Եթե այսօր հրաշքով կենդանանար Մեծ զորավարն ու ժամաներ Ստեփանակերտ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի շուքով կդիմավորեին նրան… Բայց, ցավոք, նա կենդանի չէ եւ հայրենի երկրում սեփական բիզնես չունի…

Արցախի նախկին վարչապետի՝ «վերաբնակիչների համար բյուջեում փող չկա» արտահայտությունն այսօր թեւավոր խոսք է դարձել։ Կենսաթոշակի հարց է թե սոցիալական խնդիր՝ բյուջեում փող չկա, Արցախն աղքատ երկիր է։ Իսկ ահա, ծառայողական թանկարժեք ավտոմեքենաների, Ազգային ժողովի եւ կառավարության նոր շենք կառուցելու, շինածը քանդելու եւ տեղը նորը շինելու համար փող մշտապես «գտնվում» է։
ՀՈՒԼԻՍ 22


Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն շնորհեք

Հարավային Օսիան եւ Աբխազիան Ռուսաստանի կողմից որպես անկախ պետություն ճանաչվելուց հետո մեզ համար կարծես թե հնարավորություն էր ստեղծվել առաջ տանելու Արցախի անկախության ճանաչման գործընթացը։ Սակայն պարզվեց, որ Օսիան ու Աբխազիան «նախադեպ չեն», ինչպես մինչ այդ «նախադեպ չի եղել» Կոսովոն։

ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Հաագայի միջազգային դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշումը, որով Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը համարվել է միջազգային օրենքներին չհակասող, հայաստանյան եւ արտասահմանյան վերլուծաբաններին նոր առիթ է տվել կրկին «հիշելու» Ղարաբաղը։ Քաղաքագետներն ու փորձագետները իրարամերժ կարծիքներ են հայտնում՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի այս կամ այն նորմը։ Այս անգամ էլ Արեւմուտքը մեզ պատասխանում է, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար։ Մենք էլ հլու-հնազանդ կրկնում ենք՝ ղարաբաղյան խնդրի լուծումը միայն, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների ուղեծրում է։ Ցավոք, ոչ մի փորձ չենք ձեռնարկում այդ անիծյալ «սկզբունքների» աքցաններից ազատվելու համար, այն դեպքում, երբ դրանք ոչ մի լավ բան չեն խոստանում թե՛ Արցախին, թե՛ ընդհանրապես Հայաստանին։

Կարծում ենք չէր խանգարի, որ փորձեինք օգտվել նաեւ հենց «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից», որը, ինչպես հայտնի է, հանդիսանում է միջազգային իրավունքի անկյունաքարերից մեկը։ Ի դեպ, ԼՂՀ-ն իր պետականակերտման ճանապարհին, դեռ 1993 թվականի փետրվարին, միացել է Հռչակագրին, որի հոդված 2-ում նշված է. «Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որեւէ խտրության՝ հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որեւէ այլ կարգավիճակի վրա։ Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնակառավարվող կամ ինքնիշխանության որեւէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը»։

Ստացվում է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված Հռչակագրի հոդված 2-ը ԼՂՀ բոլոր քաղաքացիներին առանձին-առանձին, անհատապես եւ տեսականորեն հնարավորություն է տալիս օգտվելու մարդու եւ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքներից, բայց նույն այդ ՄԱԿ-ի անդամ երկրները մեզ հայտնում են, որ… «Կոսովոն չի կարող նախադեպ հանդիսանալ»։ Հետաքրքիրն այն է, որ ՄԱԿ-ի անդամ 7 տասնյակ երկրներ ճանաչել են մի երկրի ու ժողովրդի անկախություն, որ «ինքնորոշվել է» ուրիշի (Սերբիայի) տարածքում, մինչդեռ Արցախն անկախություն է հռչակել հենց սեփական պատմական հայրենիքում։

Անշուշտ, մեզ համար նորություն չեն գերտերությունների կամ, այսպես կոչված, միջազգային հանրության կողմից օգտագործվող երկակի ստանդարտները, սահմանված արդարության, հավասարության եւ եղբայրության բանաձեւերը, որոնք գիտականորեն կամ տրամաբանորեն հնարավոր չէ վերծանել եւ մանավանդ՝ համարժեքորեն կիրարկել։ Հակառակորդը հնարավոր եւ անհնարին ամեն ինչ անում է Ղարաբաղն ազատագրված տարածքներով «ետ բերելու» համար։ Այդ գործին լծված է ողջ Ադրբեջանը՝ դիմադիր թե ընդդիմադիր, թե՛ պետական դիվանագիտությունը, թե՛ ոչ պաշտոնական քարոզչությունը։

Իրենց «ճշմարտությունն» աշխարհի վզին փաթաթելու համար օր ու գիշեր կրկնում են միեւնույն երգը՝ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։ Ցավն այն է, որ սուտն ու կեղծիքը երբ շարունակ պնդում են, շատերը սկսում են հավատալ դրան։ Այս պայքարում մեր հարեւանները պահանջում են առավելագույնը, որպեսզի կարողանան հնարավորինս մեծ «պատառ» ստանալ, իսկ մենք շարունակ ինչ-որ փոխզիջումներից ենք խոսում, նույնիսկ պատրաստակամորեն ներկայացնում մեր կողմից կատարվելիք զիջումների ցուցակը, որի առաջին կետում ազատագրված հողերն են։ Այնպես որ, աչքի առաջ ունենալով հակառակորդի մարտավարությունը, կարծում ենք չէր խանգարի, որ մենք օգտագործեինք նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վերոհիշյալ հոդվածը, որովհետեւ, ի վերջո, այս պայքարը մեր գոյատեւման համար է։

Ի դեպ, ցավալի է, որ «Միացման» գաղափարն աստիճանաբար դուրս է մղվում հասարակության գիտակցությունից։ Մանավանդ նոր սերունդը, որին կարելի է որակել որպես «անկախության սերունդ», հեռացել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի բուն գաղափարից, իսկ ԼՂՀ անկախության ջատագովները համբերությամբ սպասում են «աբխազական», «հարավ-օսեթական» կամ «կոսովյան» նախադեպերի, որ… բավարարվեն մեկ-երկու անատամ հայտարարություններով։

Հատկապես հիմա, երբ հակառակորդի եւ հայ դիվանագիտության ջանքերով Ղարաբաղի խնդիրը միջազգային հանրությանը ներկայացվել է որպես տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, համոզված ենք, որ միակ եւ ճիշտ ճանապարհը Արցախի միացումն է Հայաստանին։ Դրա համար կան բոլոր իրավական հիմքերը՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ նիստի 1991թ. դեկտեմբերի 1-ի որոշումը եւ ՀՀ Անկախության մասին հռչակագիրը։ «Միացման» առաջին քայլը կարող է լինել ՀՀ եւ ԼՂՀ «Քաղաքացիության մասին» օրենքներում երկքաղաքացիության մասին դրույթների հստակեցումը եւ չափահաս արցախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը, իսկ հաջորդ քայլը՝ վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Արցախի Հանրապետությունում։

Դրա համար կան բոլոր իրավական հիմքերը՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ նիստի 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը եւ ՀՀ Անկախության մասին հռչակագիրը։
Մեր սպասողական, կրավորական կեցվածքը տանում է դեպի կործանում։

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ երկու գումարման պատգամավոր)

Վարդգես ՕՎՅԱՆ (գրող, հրապարակախոս)
ՕԳՈՍՏՈՍ 7



Ղարաբաղյան պատերազմի տերը ժողովուրդն է
(Մտորումներ գրքի շնորհանդեսից հետո)

Արցախի պատմության նորագույն շրջանի մասին գիրք գրելը մեզանում նորություն չէ։ Վերջին 10-15 տարում բազմաթիվ գրքեր են տպագրվել, որոնց հեղինակների գերակշիռ մասը հնարավորինս խեղաթյուրել է թե՛ իր նկարագրած իրադարձությունները, թե՛ այն քաղաքական անձանց իրական կերպարը, որոնց «տեղադրել է» իր գրքում։ Որոշ քաղաքական գործիչներ էլ, չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հաջողացնելով, չբավարարվելով իրենց կենսագրությունը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, ամեն կերպ փորձում են Արցախի պատմության նորագույն ժամանակահատվածը մտցնել սեփական կենսագրության մեջ։

Հազիվ մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն գրքերը, որ անաչառ տալիս են Ղարաբաղի պատերազմական շրջանի իրական պատկերը, ճշմարտացի լուսաբանում են շատերիս հիշողության մեջ դեռ թարմ իրադարձությունները։ Վերջերս Երեւանում նոր գիրք է լույս տեսել Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարի մի փոքր ժամանակահատվածի մասին՝ «Լեռնային Ղարաբաղ. պատերազմ եւ քաղաքականություն (1990-93 թթ.)» վերնագրով, որի հեղինակը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայաստանյան կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն է։ Գիրքը լույս է տեսել ռուսերեն լեզվով։

Մանվել Սարգսյանի սույն գիրքն այն եզակիներից է, որի հեղինակն անկողմնակալ ու անաչառ ներկայացրել է մի ժամանակահատված, որն իր անմիջական ազդեցությունն է թողել Հայաստանի ներկայիս քաղաքական վիճակի վրա։ Իր ասելով, նա ձգտել է վերլուծել քաղաքական համակարգի ձեւավորումն ու զարգացումը Հայաստանում եւ ԼՂՀ-ում, թե ինչպես է պատերազմն ազդել ներքին հարաբերությունների վրա։ «Այսօր քաղաքական դաշտում առկա բազմաթիվ արատավոր երեւույթներ սկիզբ են առել հենց 1990-93 թվականներին»,- գտնում է Մ. Սարգսյանը։
Գրքին կից հեղինակը տվել է 1990-93 թթ. հասարակական-քաղաքական նշանակության բոլոր իրադարձությունների ժամանակագրությունը։

Ստեփանակերտի մամուլի ակումբում օգոստոսի 10-ին կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ, խոսելով գրքում նկարագրվող ժամանակահատվածի մասին, հեղինակն ասաց, որ պատերազմի ողջ ընթացքում պայքար էր ընթանում Ղարաբաղում իշխանության համար։ Հակամարտությունը մի կողմից եղել է ՀՅԴ-ի, մյուս կողմից՝ հայաստանյան իշխանությունների միջեւ, հանձին ՀՀՇ-ի։

Խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ Արցախում, ի հակակշիռ ՀՅԴ-ի, Լեւոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց Ռոբերտ Քոչարյանին։ Հատկապես երբ 1992 թ. հունվարին Արցախում տեղի ունեցան առաջին ընտրությունները, ՀՅԴ-ն հաղթանակ տարավ, եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։

«Ինձ շատ են հարցրել, թե ով է Ղարաբաղյան պատերազմի տերը, որին պատասխանել եմ՝ ժողովուրդը,- ասաց Մանվել Սարգսյանը։- Մնացյալը կային թե չկային՝ նշանակություն չունեն։ Նրանք չլինեին, ուրիշները կլինեին… Այս մեկը չլիներ, մի ուրիշը կլիներ… Այդ տարիներին իշխանությունների յուրաքանչյուր որոշում կայացվում էր ժողովրդի կամքով։ Իրավիճակի տերն այն ժամանակ ժողովուրդն էր…»։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե Արցախը կարո՞ղ է հետ վերադարձնել գործոնի իր դերը, քաղաքագետը պատասխանեց, որ Ղարաբաղից Երեւան գալով, Քոչարյանն իր հետեւում՝ Արցախում, ոչինչ չի թողել։ Ինքն էր ներկայացնում Ղարաբաղը։ Այդ ժամանակահատվածում Սամվել Բաբայանը փորձեց ստեղծել ռազմաքաղաքական համակարգ, բայց այն վերացրին։ «Այսօր Ղարաբաղը քաղաքական ուժ չէ։ Ղարաբաղը պիտի ինչ-որ բան անի, որ քաղաքական ուժ դառնա։ Բայց դեռ այստեղ ոչինչ չկա, ասելիք չկա»,- հավելեց նա։

Արցախի՝ քաղաքական ուժ դառնալու մասին ինչպե՞ս կարող է խոսք լինել, երբ Կոսովոյի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշման կապակցությամբ Ստեփանակերտում սպասվող սովորական մի հանրահավաքն անգամ վախեցան կայացնել, երբ Արցախի արտգործնախարարությունը վերոնշյալի կապակցությամբ հայտարարություն տարածեց, որը սկսվում է քաղաքական ուժերի հայտարարությունից վերցված նախադասությամբ…

Երեւի թե իրավացի է Արցախի հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը, երբ վերջերս հայտնել է՝ թող մեր իշխանությունները զբաղվեն երկրի տնտեսական եւ այլ խնդիրներով, իսկ մենք՝ քաղաքական… Եվ այդպես էլ կա. առայժմ տեղական իշխանությունները զբաղվում են տնտեսական, բիզնեսի եւ այլ հույժ կարեւոր «համազգային» խնդիրներով։
Մանվել Սարգսյանը միանգամայն ճիշտ է՝ «Ղարաբաղյան պատերազմի տերը ժողովուրդն է»։ Ցավն այն է, սակայն, որ այդ նույն պատերազմում հաղթանակ տարած ժողովրդի արյամբ կերտված պետության տերերն այլ են։ Պետությունը սեփականաշնորհված է։
ՕԳՈՍՏՈՍ 11


Արցախցիները` պատերազմի վերսկսման հավանականության մասին

Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու մասին խոսում են ամենուր՝ թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում, եւ թե Հայաստանում։ Արցախում առայժմ այդ մասին բարձրաձայն չեն խոսում։ Այսինքն՝ այդ թեման դուրս է տեղի լրատվամիջոցների քննարկումից։ Բայց մարդիկ այդ մասին երբեմն խոսում են, քննարկում, ծանրութեթեւ անում դրա հավանական-անհավանական լինելը։ »Հնարավո՞ր եք համարում պատերազմի վերսկսումը։ Պատերազմի դեպքում ինչպիսի՞ն է լինելու, այսպես կոչված, միջազգային հանրության, հատկապես Ռուսաստանի պահվածքը, եւ պատերազմի ինչպիսի՞ ավարտ եք կանխատեսում»։ Այս հարցերն ենք ուղղել Արցախի տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներին, ԼՂՀ պաշտպանական բանակի սպայակազմի ներկայացուցիչներին ու ճանաչված մտավորականներին։

Գագիկ Պետրոսյան (ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ) – Պատերազմի վերսկսման հարցը միշտ օրակարգում է։ Դժվար է ճշգրիտ գուշակել, թե այն երբ կսկսվի, բայց մենք միշտ պատրաստ պիտի լինենք դրան։ Հատկապես երբ Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս ամենեւին չի թաքցնում այդ ձեւով «խնդրի լուծումը»։ Ռուսաստանի պարագայում դժվար է ասել, թե պատերազմի դեպքում ինչպիսի պահվածք կունենա, իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, բազմաթիվ երկրներ կսկսեն ճանաչել մեր անկախությունը։ Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի դեմ, նկատի ունենալով, որ այսօր օրակարգում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նոր պայմանագրի ստորագրումը, հնարավոր է Ռուսաստանը ռազմական աջակցություն ցույց տա Հայաստանին։ Ինչ վերաբերում է պատերազմի վերջաբանը գուշակելուն, նկատի ունենալով, որ նախորդ պատերազմում Ադրբեջանը շատ ավելի զորեղ էր մեզնից, բայց ջախջախիչ պարտություն կրեց, միաժամանակ հաշվի առնելով մեր ռազմական ու պաշտպանական պոտենցիալը, հակառակորդը մեծ կորուստներ է կրելու, այդ թվում՝ հնարավոր է կրկին տարածքներ կորցնի։

Հրանտ Մելքումյան (ԼՂՀ կոմկուսի ղեկավար) – Պատերազմի վերսկսման վտանգը մեծ է, ըստ իս, դրա հավանականությունը մոտավորապես 80 տոկոս է։ Պատերազմի դեպքում միջազգային հանրությունը որդեգրելու է դիտորդի կարգավիճակ, իսկ Ռուսաստանի օգնությունը բավականին ուշացումով է լինելու՝ երբ ամեն ինչ վերջացած լինի։ Ընդհանրապես, գտնում եմ, որ Ռուսաստանի վրա չպիտի հույս դնել։ Նա մեզ օգնում է միայն այն դեպքում, երբ իրեն պետք է լինում։ Եթե Ադրբեջանը նախահարձակ լինի, շատ է տուժելու։ Կորուստները մեծ են լինելու եւ երկուստեք։ Պատերազմն ավարտվելու է նրանով, որ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվելու է։ Դրա նախաձեռնողը լինելու է Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, նա աղմուկ է բարձրացնելու, բայց չի կարողանալու խանգարել Արցախի ճանաչման գործընթացին։ Նրա ձայնը լսելի չի լինելու, որովհետեւ Թուրքիան խնդիրներ ունի թե՛ Կիպրոսի հետ կապված եւ հատկապես թե՛ Եվրամիություն ընդունվելու հետ կապված։

Սենոր Հասրաթյան (ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ) – Պատերազմի վերսկսումը հնարավոր եմ համարում։ Միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի վերաբերմունքը եւ պահվածքը լինելու են ոչ միանշանակ։ Սակայն պատերազմը միանշանակ ավարտվելու է մեր հաղթանակով։

Մասիս Մայիլյան (ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար) – Հաշվի առնելով վերջին մեկեւկես տարում տարածաշրջանում կուտակված ռազմական պոտենցիալը, Եթե Ադրբեջանը ռազմական ավանտյուրա սկսի, կարելի է հստակ գուշակել, որ այն չի սահմանափակվելու Արցախի տարածքով։ Կարծում եմ՝ Ռուսաստանը չի միջամտելու պատերազմական գործողություններին, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները չեն պաշտպանելու Ղարաբաղը։ Մենք հույսներս պիտի դնենք միայն մեր սեփական ուժերի, մեր բանակի եւ Հայաստանի օգնության վրա։ Բայց, նկատի ունենալով, որ ռուսական ռազմաբազաները պաշտպանում են Հայաստանի սահմանները, Հայաստանը հնարավորություն կունենա իր զինուժը կենտրոնացնելու արեւելյան ուղղություններում։

Կարեն Օհանջանյան («Հելսինկյան նախաձեռնություն 92″ կոմիտեի ղարաբաղյան գրասենյակի համակարգող, իրավապաշտպան) - Պատերազմի վերսկսման վտանգն իրոք շատ մեծ է։ Նկատի ունենալով հարավօսական, բալկանյան եւ մյուս պատերազմների փորձը, կարելի է գուշակել, որ միջազգային հանրությունը մեկ-մեկուկես ամիս քննարկելու է այն, բայց այդպես էլ կոնկրետ ոչ մի քայլ չի ձեռնարկելու։ Ռուսաստանը չի միջամտելու, բավարարվելու է պատերազմող կողմերին ուղղված՝ պատերազմը դադարեցնելու կոչերով։ Նոր պատերազմը ոչինչ չի փոխելու. ստատուս-քվոն պահպանվելու է, բայց երկուստեք մեծ կորուստներ են լինելու։ Մեզ մոտ մեծանալու է հիասթափությունը։

Աշոտ Սարգսյան (ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչ) – Ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանն իրոք պատրաստվում է պատերազմի, բայց երբ պատերազմը սկսվի, հայության մեծամասնությունն անակնկալի կգա։ Ուստի, պատերազմ սկսելը կամ չսկսելը, եթե կարելի է այսպես ասել, Ադրբեջանի ժողովրդի իրավունքն է, իսկ հաղթելը՝ հայության պարտականությունը։ Ուսումնասիրելով պատերազմների ծագման դրդապատճառները, դժվար չէ համոզվել, որ դրանք հիմնականում գործարքների արդյունք են։ Պատերազմում շահում են գործարքի մեջ մտած կողմերը, պարտվում պատերազմող կողմերը, անկախ այն բանից, թե ռազմի դաշտում ով է հաղթում։ Սա զուտ իմ անձնական տեսակետն է։ Այս տեսանկյունից դիտարկելու դեպքում, կարծում եմ, հասկանալի պետք է լինի միջազգային հանրության (իմա՝ գերտերությունների եւ միջազգային որոշ կազմակերպությունների ու մասնավորապես Ռուսաստանի) դիրքորոշումը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմ սկսելու պարագայում։ Պատերազմի դեպքում, համոզված եմ, հայությունը տոնելու է իր երկրորդ հաղթանակը ազերիների դեմ եւ ազատագրելու է նաեւ պատմական Ուտիքը։

Սիրվարդ Մարգարյան (ՊԲ սպա, զինվորական լրագրող) – Կարծում եմ՝ պատերազմի վերսկսման հավանականությունը շատ քիչ է։ Չնայած հակառակորդից, հատկապես հիվանդ երեւակայություն ու հոգեկանի հետ կապված խնդիրներով ղեկավար ունեցող հակառակորդից ամեն ինչ սպասելի է։ Միջազգային հանրության հետ հույսեր չեմ կապում։ Հիշենք բոլորիս հիշողության մեջ դեռեւս թարմ 1990-94 թվականները. նրանք մեզ «նկատեցին» միայն այն ժամանակ, երբ թշնամուց մաքրել էինք մեր երկիրն ու ազատագրել մեր հողերի մի մասը։ Ռուսաստանը մեծ խնդիրներ ունի իր երկրի ներսում եւ եթե այստեղ սեփական շահ չունենա, չի միջամտելու պատերազմին։ Հանդիպելով, զրուցելով պատերազմի բազմաթիվ վետերանների ու ՊԲ զինվորների հետ, համոզված եմ, որ սա երեւի թե մեր վերջին ճակատամարտն է լինելու, եւ մենք հաղթելու ենք։

Գագիկ Բաղունց (Արցախի մտավորականների միության նախագահ) – Պատերազմի վերսկսումը քիչ հավանական եմ համարում։ Եթե նոր պատերազմ սանձազերծվի, կարծում եմ, այն շատ կարճատեւ է լինելու։ Միջազգային հանրության վերաբերմունքը կախված է լինելու բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ պատերազմի ընթացքից… Քանի որ Ադրբեջանը հիմնական ռազմավարական դաշնակից է ընտրել Թուրքիային, Ռուսաստանը Հայաստանի միջոցով մեզ օգնելու է։ Ըստ իս, պատերազմն ավարտվելու է նրանով, որ գերտերությունները կանգնելու են միջանկյալ լուծման, այսպես ասած, մետաստաբիլ մի կարգավիճակի վրա…

Ալեքսանդր Համբարձումյան (ճարտարապետ) – Պատերազմի վերսկսումը հավանական է։ Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու, խաղաղության կոչեր են անելու, իսկ Ռուսաստանը նաեւ զենք է վաճառելու պատերազմող կողմերին։ Այդ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, հնարավոր է նաեւ նոր տարածքներ գրավենք։ Բայց մեծ զոհեր ենք ունենալու։

Արթուր Գրիգորյան (ԼՂՀ ՊԲ սպա) – Այս պահին պատերազմի վերսկսման վտանգ չեմ տեսնում։ Աշխարհին, գերտերություններին այսօր ձեռնտու չէ կովկասյան տարածաշրջանում պատերազմի վերսկսումը։ Իսկ պատերազմ սկսվելու դեպքում, որքան էլ հակառակորդը հոխորտա իր հզորության ու ռազմական ոլորտին ուղղված միլիոնների մասին, մենք հաղթելու ենք։
ՕԳՈՍՏՈՍ 20


«Կիկոսի մահը» Yerevaklur-ով

Օրերս Yerevaklur-ում, այսպես կոչված, հոդվածաշար կարդացի` «Ադրբեջանը վերսկսեց պատերազմը» խորագրով, որտեղ, իրենց ասելով, զետեղվել են մտացածին իրավիճակներ, որը «կօգնի ավելի լավ պատկերացնել ՀՀ անելիքները պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում»։ Հեղինակ Զոհրապ Եգանյանի պատմելով, ս.թ. ապրիլի 24-ի գիշերը «Ադրբեջանն առանց պատերազմ հայտարարելու անցել է մասշտաբային հարձակման… Ստեփանակերտը կրել է հսկայական կորուստներ, մարդիկ պատսպարվել են նկուղներում, անջատվել է էլեկտրամատակարարումը… Չճշտված տվյալներով՝ հիմնահատակ ավերվել է ԼՂՀ նախագահի նստավայրը, ԱԺ շենքը եւ ՊՆ-ն…»։ Բայց սա բոլորը չէ։ «Ադրբեջանական ռազմական ինքնաթիռներն անցել են նաեւ ՀՀ օդային սահմանները… ռմբակոծել Երեւանի տարածքում գտնվող մի շարք ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ հեռուստատեսային աշտարակը… Հայաստանում խուճապ է, երկրի ներսում եւ արտաքին աշխարհի հետ կապ գրեթե չկա։ Հայ օլիգարխներից շատերը իրենց ընտանիքների հետ միասին անցել են Վրաստան կամ Իրան…»։

Արցախյան շարժման սկզբնական տարիներին Անար անունով ադրբեջանցի նշանավոր մի շանորդի ասել է, թե հայերը մազոխիստ են։ Բազմիցս համոզվել եմ, որ նա իրավացի է։ Ցավոք, իրավացի է։ Ուրիշ էլ ո՞վ կարող է այսպիսի քստմնելի իրավիճակ երկնել եւ դնել ինտերնետային կայքում, մոգոնելով, թե այն «կօգնի ավելի լավ պատկերացնել ՀՀ անելիքները պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում»։ Եթե վերոհիշյալ զառանցանքի մեջ կա մի դրվագ, որ կասկած չի հարուցում, դա օլիգարխների մասին հատվածն է…

Շատ հնարավոր է, որ պատերազմական գործողությունների ժամանակ, հատկապես սկզբում, մեծ կորուստներ ունենանք՝ թե՛ մարդկային, թե՛ տարածքային, բայց դեռ պատերազմ չսկսված, մազոխիստական երեւակայությամբ «Կիկոսի մահը» նկարագրե՞ս. դա չի տեղավորվում առողջ բանականության սահմաններում։ Հակառակորդները մարտից առաջ սովորաբար միանգամայն այլ կերպ են վարվում։ Օրինակ՝ բռնցքամարտիկների մեծ մասը մամուլում աջ ու ձախ հոխորտում է հակառակորդին ոչնչացնելու, «բմբուլները քամուն տալու» մասին, այսպես ասած, հոգեբանական գրոհով փորձելով նախապես ահ ներշնչել ախոյանին։ Եվ հաճախ դա հաջողվում է նրանց…

Բայց, որ մարտից առաջ մեկը վերցնի ու իր սեփական ջախջախումը նկարագրի, իբր թե դրանից դասեր քաղելու միտումով, իմ երկրային կյանքում առաջին անգամ եմ նման «ռազմավարական քայլ» տեսնում։ Ակամայից հիշեցի ահաբեկիչների կողմից ամերիկյան հանրահայտ առեւտրատնտեսական երկու երկնաքերների պայթեցման մասին սեպտեմբերի 11-ից առաջ նկարահանված կինոնկարներից մեկը… Կոպիտ է հնչում՝ Ամերիկան հնձեց այն, ինչ ցանել էր…

Անկասկած, մեծ է պատերազմի վերսկսման հավանականությունը, բայց այդ մեծ հավանականության համար ես բացարձակապես չեմ մեղադրում հակառակորդին։ Բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, քարոզչական եւ այլն, նա հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում է կորցրածը, խորհրդային կայսրության շնորհիվ զավթածը կրկին ետ վերադարձնելու համար։ Դա այդ ազգի բնույթն է՝ զավթել, գողանալ, խաբել, կոտորել ոչ հավատակիցներին, հատկապես հայերիս, որ դարեր ի վեր սիրով ու մի առանձին հպարտությամբ մեզ տեղավորել ենք զոհի կարգավիճակում… Արցախյան ազատամարտն այդ «կարգավիճակից» դուրս գալու առաջին մեծ պոռթկումը եղավ, սակայն բնածին ապաշնորհ ու ողորմելի հայ դիվանագիտությունն ամեն ինչ անում է մեզ «ի շրջանս յուր» վերադարձնելու համար… Ու ցավն այն է, որ հասարակությունը կարծես դեմ չէ դրան, գենետիկորեն հարմարվել է դրան։ Վերոհիշյալ հոդվածաշար կոչվածում չկա ազգ, պետություն, կա միայն զոհ, եւ այդ զոհը դարձյալ մենք ենք, ինչպես 20-րդ դարավերջին Սումգայիթում, Բաքվում, 1915-ին եւ դարեր առաջ, դարեր շարունակ…

Ասել է թե՝ պատերազմի վերսկսման հնարավորության մեծ տոկոսի եւ ղարաբաղյան խնդրի հետ կապված ողջ շիլաշփոթի ամենամեծ մեղավորը հայերս ենք՝ մեր գետնաքարշ դիվանագիտությամբ, տհաս ղեկավարությամբ ու ստրկամիտ, մազոխիստ հասարակությամբ, հանուն մի կտոր հացի ու սեփական շահի ներսից ինքներս մեզ խժռելու, ոչնչացնելու դարավոր սովորույթով։

21-րդ դարն էլ եկավ, ոչ մի դաս չքաղեցինք բազմադարյա մեր պատմության դառը փորձից։ Շարունակում ենք ճակատագրական, ազգակործան նույն սխալները, դրանց գումարելով նորերը, որի արդյունքում շարունակ ընտրություն ենք կատարում ոչ թե լավի եւ վատի միջեւ, այլ վատի եւ վատթարագույնի, ու մշտապես ընտրում վատթարագույնը…
Իսկ հերոսներ՝ որքան ուզեք, այդ առումով մրցակից չունենք։ Այլեւս ես ոչ մեկին «հիմար» կամ «ապուշ» չեմ անվանում, թեկուզ 100 տոկոսով հիմար ու ապուշ լինեն։ Աստված նրանց հետ։ Մի օր նրանք էլ մեդալ ու շքանշան կստանան, եւ միայն ես կմնամ վատամարդ…
ՕԳՈՍՏՈՍ 25


Արցախ, հետ թե առաջ, բայց կյանքը շարունակվում է

Չնայած շոգ ամառն Արցախի պետպաշտոնյաներին ծանր ու հոգեմաշ աշխատանքից ձերբազատվելու հնարավորություն է ընձեռել՝ ոմանք արձակուրդ են վերցրել եւ այսուայնտեղ մեկնել՝ հանգստանալու, ոմանք ամառային հանգիստն անցկացրել են աշխատասենյակում ննջելով, սակայն դրանից չի կարելի ենթադրել, թե ամառվա տապից կյանքն Արցախում ժամանակավորապես դադարել է։ Չնայած ընդունված է հարսանիքի ամիսներ համարել օգոստոս-սեպտեմբերը, այդուհանդերձ ողջ ամառվա ընթացքում Ստեփանակերտում չէին դադարում հարսանեկան ավտոշարասյան զիլ ազդականչերը։

Միայն Ստեփանակերտում արդեն գրանցվել է 260 ամուսնություն։ Բայց զգալի թիվ են կազմում նաեւ չգրանցված ամուսնությունները։ Արցախի հանրապետական ՔԿԱԳ-ի աշխատակից Իսկուհի անունով մի աղջիկ մեզ տրամադրեց ս. թ. եւ անցյալ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ գրանցված ամուսնությունների թիվը։

2010 թվականի առաջին 7 ամսում Ստեփանակերտում գրանցվել է 192 ամուսնություն (2009-ին՝ 122), Ասկերանում՝ 43 (28), Մարտակերտում՝ 53 (42), Մարտունիում՝ 43 (46), Հադրութում՝ 31 (24), Քաշաթաղում՝ 60 (56), Շուշիում՝ 10 (5), Շահումյանում՝ հունիսի դրությամբ 12 (8)։ Ընդհանուր առմամբ, հիշյալ ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 444 ամուսնություն (նախորդ տարում՝ 331)։

Հանդիսությունների տներն աշխատում են ողջ ծանրաբեռնվածությամբ։ Ասում են՝ սերը սահմաններ չի ճանաչում։ Ամառվա տապը եւս խոչընդոտ չէ սիրող զույգերի հանդիսավոր միացման արարողության համար։ Ստեփանակերտի փողոցներով իրար հաջորդելով անցնող հարսանեկան ավտոշարասյուները վկայում են, որ կյանքը շարունակվում է, արեւը թեկուզ հուր թափի վերեւից։

Հին բարի ժամանակների ավանդական զուռնա-դհոլին այսօր փոխարինել են էլեկտրական հոսանքով աշխատող երաժշտական նոր գործիքներ՝ մագնիտոֆոնի ու բարձրախոսների պարտադիր ներկայությամբ։ Նոր սազանդարներն այնպես են կլկլացնում, որ դժվար է հասկանալ՝ հայերե՞ն են երգում, թուրքերե՞ն, ռուսերե՞ն, թե՞ աֆրիկյան անծանոթ մի լեզվով։ Երգացանկը, այսպես ասած՝ երաժշտական ռեպերտուարը, առանց բացառության, ռաբիս է։ Հայկական ժողովրդական երգն անգամ այնպես են ռաբիս-կլկլոցով գեղգեղում, որ Կոմիտասն էլ չի կռահի, որ իր լսածը հայկական է։ Սեղանապետն էլ հո նախկին թամադան չէ, միկրոֆոն-խոսափողն այնպես է բռնում, որ կարծես էստրադային աստղ լինի…

Հարսանեկան ավտոշարասյունը զիլ ազդականչերով սուրում է փողոցներով եւ ուղղություն վերցնում դեպի «Մենք ենք, մեր սարերը», այսինքն՝ ղարաբաղցիների հանրահայտ «պապ ու տատի» հուշակոթողը։ Նորապսակներն այստեղ լուսանկարվում են իրենց մտերիմների ու բարեկամների հետ եւ հարսնաշորի պես արդեն պարտադիր դարձած տեսախցիկավոր տղայի ուղեկցությամբ տեղավորվում ավտոմեքենաներում ու ավտոների ամեն կարգի խլացուցիչ ազդականչերով շարժվում դեպի մայրաքաղաքի հակառակ ծայրը։ Նույն այդ ազդականչերով այժմ էլ գնում են Հուշահամալիր, իրենց ասելով՝ նահատակների հիշատակը հարգելու, իսկ իրականում՝ այնտեղ եւս լուսանկարվելու եւ իրենց ամուսնական արարողությունը տեսագրելու համար։

Ավտոշարասյան ոռնոցով առավելապես աչքի են ընկնում խոշոր տրամաչափի չինովնիկների, տեղի օլիգարխների եւ միկրոօլիգարխների զավակների ամուսնությունները։ Ամուսնական արարողության այս հատվածը միանգամայն այլ կերպ են մեկնաբանում հատկապես Հուշահամալիրի հարեւանությամբ փողոցի բնակիչներն ու Արցախյան պատերազմում զավակ կորցրած ծնողները։ Հարսանեկան ավտոշարասյան ոռնաձայն մեկնելը դեպի Հուշահամալիր ընկալում են որպես վիրավորանք նահատակների հիշատակին։ Շքեղ «ջիպ» ու «մերսեդեսների» հետեւից ինչ հայհոյանքներ ու անեծքներ ասես, որ չեն նետում, բացառություն չանելով անգամ նորապսակներին…
Իսկ կյանքը շարունակվում է՝ ժամանակ չունենալով գլուխ կոտրել այդ հարցի վրա՝ առաջ է շարժվո՞ւմ, թե՞ հետ։
ՕԳՈՍՏՈՍ 27


ԼՂՀ ճանաչումը չպիտի «միայնակ կրակոցի» պես հնչի

Ղարաբաղյան խնդիրն օրերս դարձյալ ուշադրության կենտրոնում էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին տարածաշրջան եւ հանդիպումներ ունեցան Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի նախագահների հետ։ Իսկ մինչ այդ Ադրբեջանն ու Հայաստանը աշխատանքներ էին տանում սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի հետ կապված։ Բանաձեւ, որտեղ խոսվում է ադրբեջանցի փախստականների վերադարձի, ինչպես նաեւ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» մշակույթի հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին։ Եվ համանախագահների այցից անմիջապես հետո Ադրբեջանն իր իսկ ներկայացրած բանաձեւի նախագիծը հանեց քննարկումից ու քվեարկությունից՝ խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգ։ Զուգադիպությո՞ւն է դա, թե՞ համանախագահների այցն իրոք առնչություն ունի բանաձեւը քննարկումից հանելու հետ։

ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի կարծիքով, համանախագահների այս այցի քննարկման առարկան թերեւս կապված է եղել վերոհիշյալ բանաձեւի հետ, որի մասին է վկայում բանաձեւը ՄԱԿ-ի նստաշրջանի օրակարգից հետ կանչելը։ Մյուս կողմից, նա գտնում է, որ բանաձեւն օրակարգից հանելու համար որոշակի աշխատանք է կատարել նաեւ հայ դիվանագիտությունը։

Ադրբեջանը վերջերս շատ է խոսում իր ասած՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքների», ազերի փախստականների վերադարձի մասին։ Արցախցի քաղաքագետի խոսքով՝ արդեն հայտնի է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաջորդ այցը կապված կլինի ազատագրված տարածքներում հումանիտար իրավիճակի ուսումնասիրման հետ։ «Եթե այդ այցը, որը միանշանակ Ադրբեջանի պահանջով է, տեղի ունենա, հայկական կողմը պիտի հասնի նրան, որ ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը նմանատիպ ուսումնասիրություններ կատարի նաեւ Ադրբեջանի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանում, ներառյալ Գետաշենի ենթաշրջանը, եւ Մարտակերտի հյուսիս-արեւելյան եւ Մարտունու արեւելյան շրջաններում»,- հավելեց նա։

«Ժառանգություն» կուսակցության կողմից հերթական անգամ Արցախի ճանաչման հարցը ՀՀ ԱԺ օրակարգ մտցնելու կապակցությամբ Մասիս Մայիլյանն ասաց, թե լավ է, որ ԼՂՀ ճանաչման հարցը շարունակ ուշադրության կենտրոնում է պահվում, չնայած գտնում է, որ հնարավոր է այս անգամ եւս այն մերժվի։

«ԼՂՀ պետության ճանաչումը, ինչպես նախկինում ասվել է, չպետք է «միայնակ կրակոցի» նման հնչի, Հայաստանը ճանաչի մեզ եւ վերջ։ Այլ Հայաստանը, Արցախը, սփյուռքի լոբբիստական կառույցները պետք է Լեռնային Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ նպատակաուղղված մեծ աշխատանք տանեն, հող նախապատրաստեն, որպեսզի «առաջին կրակոցին» հետեւի երկրորդը, երրորդը… Այսինքն, որպեսզի Հայաստանի օրինակով աշխարհի մի շարք երկրներ եւս ընդունեն ԼՂՀ անկախությունը ճանաչելու համապատասխան որոշում,- ասաց նախկին փոխարտգործնախարարը։- Արցախի անկախության ճանաչումն ինքնանպատակ չէ։ Դա իրական միջոց է՝ ապահովելու Արցախի եւ տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունը»։

Մ. Մայիլյանը հավելեց նաեւ, որ այդ մեխանիզմը հստակ գործեց Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պարագայում։ Հատկապես Կոսովոյի հետ կապված հստակ աշխատանք կատարեցին, եւ այսօր աշխարհի 7 տասնյակ երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ճանաչել են այդ երկրի անկախությունը։

Իսկ Հայաստանն ու Արցախը մեկուկես տասնամյակից ավելի է, ժամանակ առ ժամանակ խոսում են Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու մասին։ Արցախի նախագահն օրերս հայտնեց, որ «ԼՂՀ իշխանությունների համար ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը գերագույն նպատակ է, որին ուղղվելու են բոլոր ջանքերը»։ Ցավոք, առայժմ հայտնի չէ, թե երբ են փորձելու մի փոքր քայլ անել այդ «գերագույն նպատակին» հասնելու ուղղությամբ։
ՍԵՊՏԵՄԲԵՐ 13


Առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ լուծել հակամարտությունը

Սեպտեմբերի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որին մասնակցում էին խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ, վերլուծաբաններ ու փորձագետներ, քննարկվել է «Հարավային Կովկասի ռազմաքաղաքական նոր իրողությունները եւ այդ համատեքստում ղարաբաղյան կարգավորման շուրջ հնարավոր զարգացումները» հարցը։ Արցախի քաղաքական ուժերի տեսակետները ներկայացրել են Արթուր Թովմասյանը (ԱԺ նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք»), Դավիթ Իշխանյանը (ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ), Հրանտ Մելքումյանը (Արցախի կոմկուսի ղեկավար), Վահրամ Աթանեսյանը (ԱԺԿ), ելույթ են ունեցել պատգամավորներ Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ղազարյանը, քաղաքական վերլուծաբաններ Հրաչյա Արզումանյանը եւ Դավիթ Բաբայանը, ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։

Իշխող տեսակետը եղել է այն, որ ԼՂՀ-ն պարտադիր պետք է մասնակցի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում տարվող բանակցային գործընթացին, քանզի հենց Արցախն է հակամարտության կողմերից մեկը։ Նշվել է, որ առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի կամքն ու իշխանությունների դիրքորոշումը, հնարավոր չէ հասնել խնդրի վերջնական եւ արդարացի լուծման։ Վերոհիշյալ նիստից հետո զրուցեցի նիստի մասնակիցներից մի քանիսի հետ։ Հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունների վերջերս նկատվող փոփոխությունն անհանգստության տեղիք է տալիս, եւ, բնականաբար, անհրաժեշտ է, որ Արցախը վերանայի իր աշխարհաքաղաքական հայեցակարգը՝ տարածաշրջանային մեզ համար անբարենպաստ մարտահրավերներին դիմակայելու համար։ Քաղաքագետի ասելով, հատկապես մտահոգիչ է, որ դեկտեմբերին Աստանայում սպասվելիք հանդիպումից առաջ միջնորդները փորձում են ընդհանուր հայտարարի բերել բանակցային գործընթացում ընդունված իրողությունները, որը մեր օգտին չէ։ «Ընդհանրապես այն, ինչ Մադրիդյան սկզբունքների տեսքով առաջարկվում է մեզ, մեր օգտին չէ,- հավելեց Վ. Աթանեսյանը,- եւ մենք պիտի հստակ կողմնորոշվենք՝ ընդունո՞ւմ ենք այս կարգավորումը, թե՞ ոչ»։

Քաղաքագետ Դավիթ Բաբայանը գտնում է, որ Կոսովոյի խնդրի հետ կապված Հաագայի միջազգային դատարանի որոշումն ու նոր զարգացումները, հատկապես Հյուսիսային Սուդանի հետ կապված, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտնել է, թե Հյուսիսային Սուդանում անցկացվելիք հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել նորաստեղծ այդ պետության անկախությունը, իրավական տեսակետից Արցախի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում։

Արցախի կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանն էլ կարծում է, որ վիճակը մեզ համար շարունակում է մնալ պայթյունավտանգ. «Մեր ռազմավարական դաշնակից կոչվող Ռուսաստանը շարունակում է երկդիմի քաղաքականություն վարել տարածաշրջանում։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լիովին հասկանում են, որ Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, բայց, այդուհանդերձ, շարունակում են անլուրջ քաղաքականություն վարել ղարաբաղյան խնդրում։ Նրանք գիտեն, որ ճշմարտությունը մեկն է լինում, բայց վերցրեք, ասենք, նրանց վերջին հայտարարությունները՝ կապված Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերաբար խախտման ու դիվերսիաներ կազմակերպելու հետ։ Հայտարարության մեջ ամեն ինչ համահարթեցված է, չի երեւում, թե ով է շարունակ խախտում պայմանավորվածությունը»։

Հ. Մելքումյանի կարծիքով, մենք միշտ ուշանում ենք։ Հայաստանյան որոշ քաղաքագետներ գտնում են, որ եթե Ադրբեջանը պատերազմ վերսկսի, Հայաստանը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը։ Մինչդեռ ամենեւին պետք չէ անընդհատ սպասել, որ հակառակորդը ինչ-որ բան ձեռնարկի, որպեսզի հայերս պատասխանենք։ «Հայաստանն այսօր էլ կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ խնդրի լուծման ամենաարդյունավետ եղանակն այն է, որ Ղարաբաղը, որպես հակամարտող կողմ, մասնակցի բանակցություններին, իսկ Հայաստանը դուրս գա բանակցություններից։ Հայաստանն ու սփյուռքը Արցախի համար միայն անվտանգության երաշխավոր պիտի լինեն»,- եզրափակեց նա։
ՍԵՊՏԵՄԲԵՐ 14


ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արցախյան «բրիֆինգը»

Արցախի շուրջ գտնվող վեց շրջաններում «հումանիտար ուսումնասիրություններ» կատարելուց հետո Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտի ծայրամասում գտնվող «Նաիրի» հյուրանոցի (իրենք հյուրընկալվել են այդտեղ) բակում, ԵԱՀԿ ՄԽ առաքելության իրենց տեղափոխող ավտոմեքենայի դիմաց կարճ «բրիֆինգ» տվեցին արցախցի լրագրողների համար։ Բեռնար Ֆասիեն ասաց, որ նման առաքելություն առաջին անգամ է իրականացվում եւ այն ավելի շատ իրենց՝ համանախագահներին է անհրաժեշտ, որպեսզի իրավիճակն ավելի լավ պատկերացնեն։

Նա հայտնեց, որ համանախագահներից ինքը միակն է, որը 2005 թվականին հնարավորություն է ունեցել այցելել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներ։ Իր «եզակիության» փաստը պարոն Ֆասիեն բացատրեց նրանով, որ ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահները փոխվել են, ու իր նոր գործընկերները մինչ այս հնարավորություն չեն ունեցել լինել այդ շրջաններում եւ պատկերացում կազմել տեղի իրավիճակի մասին։ Նա հավելեց նաեւ, որ իրենց երեք օգնականներից միայն ռուսաստանցի համանախագահի օգնականն է հնարավորություն ունեցել այցելել այդ տարածքներ։

Ֆրանսիացի համանախագահի խոսքերից պարզվեց, որ, բացի իրենց «եռյակից» ու երեք օգնականներից, նպատակահարմար էին գտել հրավիրել նաեւ երեք փորձագետների, որպեսզի իրենց օգնեն՝ քննարկելու իրավիճակը վերոհիշյալ շրջաններում։ Ֆասիեն հայտնեց, որ նրանցից երկուսը ներկայացնում են ՄԱԿ-ի փախստականների հարցերի գծով գլխավոր կոմիսարի ժնեւյան «շտաբ-կվարտիրան»։ Չնայած մամուլում բազմիցս նշվել էր, որ «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում» նման ուսումնասիրություններ կատարելու նախաձեռնության հեղինակը Բաքուն է, Ֆասիեն դա այսպես ներկայացրեց. «Մենք գտանք, որ մեր լիարժեք ընդհանուր աշխատանքի համար անհրաժեշտ է այցելել այդ շրջաններ եւ մանրակրկիտ ուսումնասիրել իրավիճակը։

Եվ դրա համար մենք բոլոր կողմերին առաջարկ ենք ներկայացրել նման առաքելություն իրականացնելու համար… եւ ուրախ ենք, որ դրա համար համաձայնություն է ձեռք բերվել»։ Բ. Ֆասիեի ասելով, իրենց նպատակն է՝ գնահատել հումանիտար այն խնդիրները, որ ունեն այնտեղ ապրող մարդիկ։ «Մենք այցելել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջաններից 6-ը եւ վաղը (հոկտեմբերի 12-ին՝ հեղ.) կավարտենք մեր առաքելությունը՝ այցելելով նաեւ Քելբաջար»,- հավելեց նա։ Ֆրանսիացու կարճ ելույթից հետո համանախագահները պատասխանեցին լրագրողների հարցերին։

Այն հարցին, որ մտավախություն կա, թե այս առաքելությունն ավելի կշիկացնի կրքերը, որի մասին ակնարկել են Արցախի հասարակական կազմակերպությունները՝ առաքելության մասնակիցներին ուղղված դիմումի մեջ, Ռոբերտ Բրադկեն պատասխանեց, որ իրենք մտադիր են «այցելել բոլոր այն շրջանները, որտեղ հակամարտություն է եղել, եւ այն շրջանները, որոնք կապ ունեն» միջնորդների աշխատանքի հետ։ «Մենք պետք է հասկանանք իրավիճակն այդ շրջաններում,- ասաց նա,- եւ լսենք այնտեղ ապրող մարդկանց ձայնը։ Եվ, ինչպես ասաց պարոն Ֆասիեն, սա առաջին նման առաքելությունն է, բայց ոչ վերջինը»։

Ամերիկացի համանախագահը չմանրամասնեց, չհայտնեց, թե խոսքը կոնկրետ որ շրջանների մասին է, միայն հավելեց, որ կայցելեն այն տարածքներ, «որոնց վրա ազդել է հակամարտությունը»։ Ապա ավելացրեց. «Մենք մտադիր ենք այցելել նաեւ այն շրջանները, որոնք հակամարտության բոլոր կողմերի համար հետաքրքրություն են ներկայացնում»։ Բրադկեի ասածներին այս անգամ միացավ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ու լրագրողներին «շատ խնդրեց» իրենց խոսքերը չմեկնաբանել որպես «կողմերից մեկի հետաքրքրության շրջանակներում արվող ինչ-որ բան», հավելելով, որ իրենք միջնորդներ են եւ գործում են անկախ եւ «այն, ինչին ձգտում են՝ խաղաղության հասնելն է»։

Ֆասիեն հայտնեց, որ առաքելությունը լրիվ չի ավարտվել, որովհետեւ դեռեւս պիտի այցելեն նաեւ մեկ շրջան եւս՝ նկատի ունենալով Քելբաջար-Քարվաճառը, մոռանալով, որ իր ամերիկացի գործընկերը՝ իր բառերով ասած՝ Բոբ Բրադկեն, մի քանի րոպե առաջ ակնարկել էր նաեւ այն շրջանների մասին, «որոնք հակամարտության բոլոր կողմերի համար հետաքրքրություն են ներկայացնում»։ «Այն բանից հետո, երբ մենք կայցելենք նաեւ 7-րդ շրջան, զգալի աշխատանք պիտի կատարենք՝ ստացած ինֆորմացիան համախմբենք, ուսումնասիրենք, վերլուծենք եւ համապատասխան կարծիք ձեւավորենք»։ Ապա հայտնեց, որ երբ նման ընդհանուր տեսակետ մշակեն, առաջին հերթին այն ներկայացնելու են կողմերին։

Ադրբեջանցիների կողմից առեւանգված հայ հովվի սպանության կապակցությամբ Իգոր Պոպովն ասաց, որ այդ դեպքի մասին լսել են բառացիորեն տարածաշրջան այցելելուց առաջ։ «Դա մեզ վրա էմոցիոնալ մեծ ազդեցություն է ունեցել, մենք շոկի մեջ էինք,- հավելեց նա։- Մենք ցավակցում ենք այդ երիտասարդի հարազատներին ու բարեկամներին եւ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն նրա ճակատագրի հանդեպ»։ Ռուսաստանցի համանախագահը գտնում է, որ այդ միջադեպը պիտի քննվի ամենայն մանրամասնությամբ, միջազգային համապատասխան կառույցները, ավելի կոնկրետ՝ Կարմիր խաչը, պիտի ներգրավվի քննությանը։

Համանախագահները հայտնեցին, որ հաջորդ այցը Ստեփանակերտ կկայանա տարեվերջին, իսկ Քելբաջար այցելելուց հետո իրենք Երեւան են մեկնելու մյուս՝ Սեւանի ուղղությամբ ճանապարհով։
ՀՈԿՏԵՄԲԵՐ 12


Դարձյալ նամակ «ռուսաց թագավորին»

Արցախի քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Ազատ հայրենիք» կուսակցության, Արցախի ժողովրդավարական կուսակցության, ՀՅԴ Արցախի կազմակերպության, ԼՂ կոմունիստական կուսակցության, հասարակական կազմակերպությունների ու միությունների անունից օրերս նամակ է հղվել ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին եւ Մինսկի խմբի համանախագահներին, որը նույն օրը փոխանցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին։

Այն գրելու առիթը, նամակագիրների խոսքերով, «այս օրերին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ԵԱՀԿ դաշտային առաքելության իրականացումն է եւ դրա հետ կապված՝ մեր երկրի հանրային-քաղաքական կյանքում շրջանառվող կարծիքներն ու մտահոգությունները»։ Նամակում մասնավորապես գրված է. «Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչությանը, ԵԱՀԿ առաքելության նպատակն է։

Եթե իրականում խնդիրը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում՝ ԼՂՀ տարածքում»։ Այնուհետեւ նամակագիրները պատմում են Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի արձանագրության մասին, որով «մարզային լայն ինքնավարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավաենթակայությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին է հանձնվել…

Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ խտրական վերաբերմունքի, էթնիկական վերջին զտումների մասին, որոնք ԼՂ-ում, նրան հարակից հայաբնակ Շահումյանի շրջանում եւ Գետաշենի ենթաշրջանում ռազմական ուժի բիրտ կիրառմամբ իրականացվել են 1991-92թթ., ինչի հետեւանքով ավելի քան 50 հազար հայեր հայրենազրկվել են» եւ այլն։

ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին եւ Մինսկի խմբի համանախագահներին հիշեցնում են, որ «Լեռնային Ղարաբաղի հայաթափման խնդիրը մշտապես եղել է Ադրբեջանի պետական քաղաքականության օրակարգում», որի պատճառով արցախցիները լքել են հայրենի բնօրրանը, ու «ներկայում աշխարհի ամենատարբեր երկրներում ապրում են ծագումով ԼՂ-ից շուրջ մեկ միլիոն հայեր» եւ այլն։

Վերջում նամակագիրները հայտնում են, որ «ստեղծված իրավիճակում, երբ ղարաբաղյան կողմը զրկված է բանակցային գործընթացին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում հետեւանքների համար նորից պատասխանատու են լինելու Ադրբեջանը եւ խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած կառույցը։
Ուստի ակնկալում ենք, որ ձեր հետագա միջնորդական ջանքերը ոչ թե կքաջալերեն նոր արյունահեղության մոլուցքով տառապող Ադրբեջանի հիվանդ երեւակայությանը, այլ կսթափեցնեն նրան եւ կնպաստեն քաղաքակիրթ երկխոսության միջավայրի ձեւավորմանն ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը»։

Անկասկած ողջունելի է, որ Արցախի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու միությունները արձագանքում են Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությամբ ամրագրված տարածքներում ԵԱՀԿ ՄԽ առաքելության կողմից Ադրբեջանի պարտադրանքով, այսպես ասած, «հումանիտար վիճակի ուսումնասիրություններ» կատարելու փաստին, այն դեպքում, երբ հակառակորդի կողմից բռնազավթված արցախյան տարածքներում նմանօրինակ «դաշտային առաքելություններ» չեն կատարվում։

Ուղղակի անհասկանալի է, թե ինչու նամակը հղել են ԵԱՀԿ գործող նախագահին ու Մինսկի խմբի համանախագահներին։ Չէ որ ԼՂ խնդրին առնչվող քաղաքական զարգացումներին շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուր ոք գիտե, որ առանց հայկական կողմի համաձայնության ԵԱՀԿ-ն չէր կարող նման ուսումնասիրություններ անցկացնել այդ տարածքներում։

Ասել է թե՝ նամակը պիտի ուղղեին հենց հայ ղեկավարությանը եւ պահանջեին օրենքով սահմանված 15 (առավելագույնը՝ 30) օրում պատասխանել։ Պատասխանել նաեւ այն հարցին, թե ինչու հայկական մամուլում երեւան եկած դժգոհություններից հետո են միայն վախվորած պահանջում նման «ուսումնասիրություններ» անցկացնել նաեւ Ադրբեջանի կողմից զավթված հայկական տարածքներում։ Կանատ Սաուդաբաեւին ու Մինսկի խմբի համանախագահներին կարող էին ուղարկել միայն հայ բարձրագույն ղեկավարությանն ուղղված նամակի պատճենը։ Կարծես թե մեզանում արդեն ավանդույթ է դարձել «ռուսաց թագավորին» նամակներ հղելը։
ՀՈԿՏԵՄԲԵՐ 13