10.02.2012

ՄԿՆԵՐԻ ՑԱՍՈՒՄԸ


Աշխատանքային օրվա ավարտից հետո մկները համերաշխ շարժվեցին դեպի Ժողովարան։ Ասացին՝ կարևոր ժողով կա, բացակա-մացակա չլինի, անհարգելի բացակայողներին աշխատանքից ազատելու են։ Ու ահա մկները մեծ ու փոքր խմբերով մոտենում են Ազգային խորհրդարանի շենքին։

Կես ժամից հետո դահլիճում ազատ տեղ չկար։
- Ասում են՝ ամերիկաներից կամ եվրոպաներից էլի հյուրեր կան, մեզ բերել-հավաքել են այստեղ, որ ծափ տանք դրանց,- կողքին նստածի ականջին փսփսաց մի մուկ։
- Չէ, կարծես այս անգամ դրսում արտասահմանյան ավտոներ չկային։ Երևի ուրիշ հարց կա,- պատասխանեց ակնոցով ընկերը։

Մի քանի վայրկյան հետո ամբիոնին մոտեցավ հույժ կարևոր ժողովները ղեկավարող մի աստիճանավոր, աջ թաթով դահլիճին հանգստացնելու, կարգի բերելու շարժումներ արեց և ասաց.
- Տիկնայք և պարոնայք, այսօր բոլորս հավաքվել ենք այստեղ, որպեսզի քննարկենք մեզ համար, մեր երկրի համար շատ կարևոր, կասեի՝ օրախնդիր մի հարց, որից հետո կկայացնենք նույնքան կարևոր մեր որոշումը։ Այժմ խոսքը տանք վաստակաշատ, բոլորիս կողմից հարգված ու սիրված պարոն Ջոջին։ Խնդրեմ, պարոն Ջոջ։

Ծափահարությունների ներքո ամբիոնին մոտեցավ մեջքից թեթև կորացած, արդեն ծերացած դեմքով, բայց տարիքին անհամապատասխան աշխույժ աչքերով մի մուկ, հենց ինքը՝ բոլորին հայտնի Ջոջ Մկոն։ Մինչ դահլիճը ոգևորված ծափահարում էր, Ջոջը գրպանից հանեց ակնոցը, թաշկինակով ապակիները մաքրեց, ապա այն հանգիստ տեղավորելով քթին, աչքերը մի թեթև կկոցած, նայեց դահլիճին։

- Հարգելի, սիրելի հայրենակիցներ,- սկսեց նա, իսկ դահլիճն անմիջապես լռեց։- Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու մեր ցեղի, մեր հինավուրց ազգի համար շատ կարևոր մի խնդիր՝ մեր լինելության, մեր կենաց խնդիրը։
Ջոջը հանգիստ սպասեց, մինչև ծափերից կրկին փոթորկվող դահլիճում լռություն տիրեց։
- Իմ խիզախ ու քաջ հայրենակիցներ, մինչև ե՞րբ տանենք այս մեծ անարգանքն ու անպատվությունը, որքա՞ն կարող ենք լռել՝ աչք փակելով ջահել ու ահել մեր հայրենակիցների անգութ սպանդի վրա։ Ամեն քայլափոխում դարավոր մեր թշնամին հետապնդում է մեզ, դարանակալում ու կատաղի ցատկով իր ճանկը գցում մեր անմեղ հայրենակիցներին՝ առանց սեռական խտրականության ու տարիքի, չխնայելով անգամ նոր-նոր լույս աշխարհ ելած մեր ճստիկներին...

Դահլիճն ալեկոծվեց.
- Այո՛, այո՛, այսպես այլևս հնարավոր չէ...
- Մա՛հ կատվին...
- Մռռա՛ն, թաթերդ հեռո՛ւ Մկստանից...
- Կորչի՛ Կատուն...
- Այդ բոլոր լրբերին կախե՛լ...
- Սատկացնել է պետք այդ գարշելիներին...
- Դրանց իզ ու թոզը պետք է կորցնել երկրի երեսից...

Ջոջը առջևի աջ թաթը բարձրացրեց, դահլիճն աստիճանաբար հանդարտվեց, ու բոլորը համակ ուշադրություն դարձած, աչքները չռած այնպես էին նայում հռետորին, ասես իրենց առջև երկնքից իջած մի հրեշտակ էր նա։

- Բոլորդ իրավացի եք, իմ պանծալի հայրենակիցներ։ Ձեր բոլորիդ բերանով խոսում էր հենց ինքը՝ արդարությունը, արդար վրեժի ցասումը։ Հանուն ոտնահարված արժանապատվության համազգային այս ճիչը թափանցեց մինչև հոգուս խորքը։ Այո՛, թշնամին պիտի վերանա, սիրելի մկներ, բայց, ցավոք, առայժմ դա շատ բարդ խնդիր է մեզ համար։ Մենք դեռևս բավարար ուժ և միջոցներ չունենք այդ անիրավին ոչնչացնելու համար։ Սակայն մենք կարող ենք այնպիսի մի խաղ խաղալ նրա գլխին, որ ընդմիշտ մոռանա մեր հայրենակիցների արյան քաղցր համը...

- Բայց ինչպե՞ս,- դահլիճից լսվեց անհամբեր մի ձայն։
- Ահա թե ինչպես,- Ջոջը կռացավ, իր ոտքերի մոտ գտնվող պայուսակը վերցրեց, հանդիսավոր բացեց, ապա նրա միջից հանեց ոսկեփայլ մի զանգ ու թափահարելով, ծլնգոցով լցրեց ողջ դահլիճը։- Ահա՛, հարազատներս, ահա այն հրաշքը, որ ընդմիշտ պիտի վերջ դնի Մռռանի բոլոր ոտնձգություններին։ Այսուհետ նա միայն երազում է մկան միս տեսնելու։ Այս զանգը մենք կկախենք Կատվի վզից, ու նրա ամենափոքր շարժումն անգամ զանգն իր ղողանջով լսելի կդարձնի մեզ, հայտնելով Թշնամու մոտենալը։

- Ճիշտ է, ճիշտ է,- դահլիճը ոգևորվեց ու ծափերի նոր ալիք սկիզբ առավ։
Երբ դահլիճը կրկին հանդարտվեց, Ջոջ Մկոն հանդիսավոր քորեց ծոծրակն ու ասաց.
- Ուրեմն ամեն ինչ որոշված-վճռված է, սիրելի հայրենակիցներ։ Այդպես էլ գիտեի։ Գիտեի, որ ձեր արդար ձայնով ու վճռականությամբ միահամուռ կընդունեք իմ առաջարկը։ Ընդամենը մնաց մի փոքր հարց. որոշենք, թե մեր քաջ ու կտրիճ զավակներից ո՞ւմ կվիճակվի իրականացնելու համազգային մեր որոշումը՝ Կատվի վզից զանգ կախելը։

Դահլիճում քար լռություն տիրեց։ Ջոջ Մկոյին թվաց, թե քայլերի ձայն է լսում. իր անվախ հայրենակիցներից արդեն մոտենում են իրեն՝ զանգը կախելու պատվին արժանանալու հույսով։ Նայեց աջ ձախ, անգամ գլուխը թեթև շրջեց ու հետ նայեց՝ մոտեցող չկար, բայց քայլերի ձայնը շարունակում էր նույն ուժգնությամբ լսվել...

Ջոջն հանկարծ գյուտ արածի պես նայեց դահլիճին ու թեթև ժպտաց բեղիկների տակ՝ գրողը տանի, ինչո՞ւ էն գլխից չհասկացավ. ախր դահլիճում այնպիսի լռություն է, որ իր սրտի ձայնն էր լսում։

- Քաջազուն իմ հայրենակիցներ, ես արդեն նախապես կազմել եմ այն դյուցազունների անունները, որոնցից պիտի ընտրենք զանգը կախողին։ Բայց նախքան ցուցակին դիմելը, ուզում եմ ինքներդ կամավոր ներկայանաք ու հայտնեք ձեր պատրաստակամությունը՝ իրականացնելու մեր մեծ ցեղի այս վեհագույն գործը,- շարունակեց հռետորը։
Դահլիճում կրկին քար լռություն էր տիրում, այնպիսի ծանր լռություն, ասես այնտեղ այլևս կենդանի շունչ չկար կամ բոլորը հանկարծ շունչները պահել են։

- Դե, հասկանում եմ ձեր լռությունը. համեստորեն չեք ուզում ինքներդ ձեզ առաջադրել այսպիսի համազգային գործի համար,- Ջոջը գրպանից ծալած մի թուղթ հանեց, հանգիստ բացեց ու ասաց,- այդ դեպքում ես ինքս կկարդամ այն քաջերի անունները, որոնցից պիտի ընտրենք ամենակտրիճին։ Եվ այսպես՝ առյուծասիրտ Բալո՛...

Դահլիճում բոլորի աչքերը սկսեցին որոնել Բալոյին։ Մի քանի վայրկյան հետո առջևի շարքերում նստած տեղից բարձրացավ ինքը՝ առյուծասիրտ Բալոն և խեղճ-խեղճ ասաց.
- Պարոն Ջոջ, դժբախտաբար այդ պատվավոր գործը ես չեմ կարող անել. երեկ տուն շտապելիս, սայթաքել, ընկել եմ և ծունկս վնասել։ Ցավից հազիվ եմ քայլում։
- Ոչինչ, սիրելիս, շտապ կազդուրվիր,- ասաց հռետորը,- դու մեր քաջարի ազգին դեռևս շատ պետք ես... Ցուցակում հաջորդը Ճստոն է։

Մինչ դահլիճում բոլորն աչքերով որոնում էին Ճստոյին, վերջին շարքերում տեղից բարձրացավ աչքերը ճպճպացնող մի մուկ և ասաց.
- Ինձ կներեք, այս անգամ դժբախտաբար ես էլ չեմ կարող ստանձնել այդ կարևոր գործը. կողակիցս հղի է, այս պահին ես եմ խնամում նրան ու ծեր զոքանչիս։

- Բան չկա, թանկագինս,- Ջոջը թուղթը մոտեցրեց աչքերին։- Ուրեմն տեսնենք ցուցակով ով է հաջորդը։ Ախր դա քաջասիրտ Մստոն է...
- Չէ՛, պարոն Ջոջ,- առաջին շարքից իսկույն լսվեց Մստոյի ձայնը,- արդեն մի քանի ամիս է շաքարս բարձր է ու անընդհատ պիտի բժիշկների հսկողության տակ լինեմ։

Ջոջ Մկոն հետո կարդաց Խուդոյի, Փստոյի, Չստոյի, Բտոյի, Մրտոյի, Հունտոյի, Ճտոյի և էլի մի տասնյակ անուններ։ Ու պարզվեց, որ մեկը խուլ է, մյուսը տեսողության խնդիր ունի՝ ակնաբույժի մոտ պիտի գնա, երրորդը դեռ սգի մեջ է՝ մի օր առաջ հարազատ եղբորն էր կորցրել Կատվի երախում, չորրորդն ասաց, թե գիտական թեզի վրա է աշխատում, հինգերորդի աջ երիկամում քար կա, վեցերորդը ի ծնե հարթաթաթ է, յոթերորդը...

Ու հանկարծ երբ ուզում էր կարդալ ցուցակում նախավերջին կտրիճի՝ Չատոյի անունը, վերջինս տեղից ելավ ու բղավեց.
- Ա՛յ ծեր աղվես, իսկ ինչո՞ւ ինքդ չես կատարում այդ համազգային վեհ գործը։ Տար ու ինքդ զանգը կախիր Կատվի վզից։

Հռետորը, որ այդ ընթացքում արդեն զայրույթից ու հուսահատությունից հազիվ էր ընթերցում ցուցակը և իրեն մի կերպ զսպում էր, հանկարծ գունատվեց, կատաղությունից դնովի ատամները ղրթղրթացրեց ու նետեց.
- Քո վախկոտ հերն էլ անիծած ու ձեր բոլորի՝ թուլամորթ փալասների հերն ու մերն էլ։ Գործ-մործ թողած, հանուն ձեզ նման տզզանների եկել, ազգային ծրագիր եմ ուզում կյանքի կոչել, համազգային խնդիր լուծել, դուք, ավանակի քուռակների պես տրտինգ եք տալիս ու զանգն իմ քթի՞ն դեմ անում։ Դե գնացեք կոտորվեք, աննամուս վախկոտեր։ Ձեր ողորմելի պատկերն այլևս չեմ ուզում տեսնել ու չեմ տեսնի։ Հեռավոր բարեկամներս արտասահմանյան վիզա են պատրաստել ինձ համար, երկու օր հետո մեկնում եմ։ Ուզում էի մեկնելուց առաջ մի լավ գործ անել ձեզ նման երախտամոռ վախկոտների համար...

Ջոջ Մկոն, սակայն, այդպես էլ չհասցրեց արտերկիր մեկնել։ Հաջորդ գիշեր մկները հրդեհել էին նրա տունը՝ կենդանի խորովելով Մեծ ճառասացին ու հռետորին։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Մեխը


Աշխարհի քարտեզի վրա հազիվ նշմարվող մի երկրում, որտեղ խոսքն ու գործը մշտապես հակասության մեջ են և պարբերաբար հաղթողը խոսքն է լինում, այս անգամ տոն է և համատարած ուրախություն։ Չէ, այս համընդհանուր ուրախության պատճառը պատերազմում կամ դիվանագիտական դաշտում ձեռք բերած բարոյական հաղթանակը չէ, այլ շատ ավելի լուրջ ու կարևոր մի իրադարձություն է, քան, ասենք, այդ երկրի ղեկավարի պարը հերթական մի հարսանիքում։ Փոքրիկ այդ երկրի մայրաքաղաքում վերջապես մի հզոր գործարան է կառուցվել՝ մեխի գործարան։

Գործարանի շուրջ հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ ժողովրդավարության մասին ցուցապաստառներով և իրենց երկրի ղեկավարների մեծադիր լուսանկարներով։ Իսկ քաղաքացիների շուրջ, մի տեսակ նրանց օղակած, ոստիկաններ էին շարվել, որոնց թիվը կրկնակի գերազանցում էր քաղաքացիների թվին։

Ժողովրդի մեջ շշնջոցներ լսվեցին՝ «նախագան գալիս է»։ Ոստիկանների արհեստավարժ գործողությունների շնորհիվ ամբոխը երկու մասի բաժանվեց և միջանցք բացեց։ Միջանցքի ողջ երկարությամբ, մինչև գործարանի դիմաց դրված ամբիոն, հատուկ այդ օրվա համար հարևան երկրից գնված գորգեր փռեցին։

Վերջապես երևաց Նորին գերազանցությունը։ Չէ, ինքն անձամբ չերևաց։ Երևացին թիկնապահները։ Երկշարք պահարանի պես շարված բարձրահասակ, լայնաթիկունք ու սափրագլուխ թիկնապահների միջով կարծես թե մեկը հպարտ շարժվում էր դեպի ամբիոն, ու դա պետք է որ «նախագան» լիներ։ Հավաքվածների առաջին շարքում՝ ամբիոնի դիմաց, հատուկ շարված էին լայն ժպտացող փողկապավոր մարդիկ, ովքեր անմիջապես «ուռա՜» վանկարկեցին, որին հետևեց ամբոխը։

Երկու գեղեցիկ աղջիկ ամբիոնի վրա դրեցին Նախագահի այդ հանդիսավոր օրվա ճառն ու մի բաժակ ջուր։

Ամբիոնին մոտենալով և ինքն իրենով հիացած շուրջը նայելով, Նորին գերազանցությունը սկսեց կարդալ։ Չնայած մինչ այդ մի քանի անգամ արդեն ընթերցել էր տեքստը, բայց հնարավորինս դանդաղ էր կարդում, որպեսզի հանկարծ չսխալվի։ Նա սկսեց հին ժամանակներից, երբ աշխարհում մարդիկ ծառի վրա էին, իսկ իրենց նախահայրերն ու նախամայրերը գետնի վրա արդեն թատրոն էին խաղում, իրենց դյուցազունները նետերով երկնքից աստղեր էին ցած գցում, ապա հասավ միջնադար ու ասաց, որ «Ռենեսանսը» իրենք են սկսել և առագաստանավերով արտահանել եվրոպական երկրներ։ Հետո երկար խոսեց իրենց ժողովրդավարական նվաճումների մասին ու վերջապես վայրէջք կատարեց օրվա թեմայի վրա։

- Հարգելի հայրենակիցներ, այս պայծառ օրը մենք ձեզ հետ միասին մի կարևոր իրադարձության մասնակիցն ենք։ Մեր փառապանծ գիտնականների և տաղանդաշատ մասնագետների ջանքերով մեր երկրում կառուցեցինք տարածաշրջանում ամենահզոր մեխի գործարանը,- կարդաց Նորին գերազանցությունը, ապա մի քանի րոպե սպասելով, որ ծափողջույններից դղրդացող տարածքը հանդարտվի, շարունակեց.- Այդ գործարանը նաև կունենա ռազմավարական վիթխարի նշանակություն, քանի որ մեր արտադրած մեխերը պատերազմի դաշտում մեր զինվորները կարող են օգտագործել որպես սառը զենք՝ սառնասրտորեն մխրճելով թշնամու, ներողություն՝ հակառակորդի մարմի ամենատարբեր մասերը։

Այս անգամ Նախագահն ավելի երկար սպասեց, որ ծափողջույններն ավարտվեն։ Այդ ընթացքում նա երկու բաժակ ջուր խմեց և սկսեց շատ երկար խոսել հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական առարկաներ մտցնելու կարևորության, այդ թվում՝ ռազմավարական նշանակության մասին։ Նա շեշտեց, որ մի շարք ուսումնական առարկաներ՝ գրականություն, մաթեմատիկա, ֆիզիկա և այլն, իրենց սպառել են, որովհետև համակարգչի դարում ինտերնետում ամեն ինչի մասին արդեն բազմաթիվ նյութեր կան, և բնականաբար վերոհիշյալ անպետք առարկաները պետք է հանել ուսումնական ծրագրից։ «Փոխարենը մեր երեխաներն այդ դասաժամերին ավելի խորը կուսումնասիրեն շախմատի գաղտնիքները,- ասաց նա,- իսկ նոր մտցված ուսումնական առարկաներն են՝ պարի ուսուցումն ու դոմինո խաղալը...

Այնուհետև Նախագահը գրպանից հանեց ոսկեզօծ մկրատն ու կտրեց գործարանի դիմաց ցցված երկու հեռագրասյուներից կապած կարմիր ժապավենը։ Ժողովուրդը ոգևորված սկսեց ծափահարել։
Այդ պահին հուժկու պայթյուն լսվեց։ Պարզ չէր՝ հսկա փուչի՞կ էր, թե՞ ավտոմեքենայի անվադող կամ մի այլ բան։ Գործարանի շուրջ այլևս մարդ չկար ու կարծես չէր էլ եղել, իսկ այնտեղ, երկու հեռագրասյուների մոտ ուր ամբիոնն էր դրված, մի մեխ էր գետնին ընկած։