- ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆ
- ԱՆՀԱՋՈՂԱԿԸ
- ՇՈԳ ՕՐ
- ԶԻՆՎՈՐԸ
- ԿԻՍԱՏ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐՍ,
ՏՂԱՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ
- ՏՂԱՆ ԵՎ ՈՍԿԵԶՕԾ ԱՐԿՂԻԿԸ
- ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԻՆ ՊԱՏՄՎԱԾՔ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆ
Մարդկանց ես բաժանում եմ երկու կարգի՝ պետ, որին ենթարկվում եմ բառիս ամենաընդարձակ իմաստով, և սովորական մահկանացուներ. դրանք ուսուցիչներ են, հավաքարարներ, ինժեներներ, բաժնի վարիչներ, ուսանողներ, ֆուտբոլիստներ և այլն, որոնց ես չեմ ենթարկվում, բայց ինձ համար հաճելի է գժվեցնել նրանց իմ գեղեցկությամբ։
Քարտուղարուհի։ Որքա՜ն ռոմանտիկա կա այս բառի մեջ, և դա ինքնին հասկանալի է, որովհետև աշխարհում գրեթե չկա մի պետ, որ հրաժարվի գեղեցիկ քարտուղարուհի ունենալու երազանքից կամ այդ երազանքն իրականություն դարձնելու հնարավորությունից։ Անհամեստություն չհամարվի, եթե ասեմ, որ ես ծնվել եմ հատկապես քարտուղարուհի լինելու համար։ Գեղեցկություն. սա կնոջ ամենազորեղ զենքն է։ Այդ հարցում բնությունը չափազանց առատաձեռն է գտնվել իմ նկատմամբ։ Բայց միայն գեղեցկությամբ հնարավոր չէ ծնկի բերել մարդկության մյուս կեսի՝ հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Ինչպես ավտոմեքենա ունենալը դեռևս շատ քիչ է հեռավոր ճամփորդության դուրս գալու համար։ Նախ պետք է ավտոմեքենա վարել սովորել։ Այսինքն՝ կինը պետք է կարողանա ոչ միայն ցույց տալ իր գեղեցկությունը, այլև իր գերազանցությունը բոլոր այն մահկանացուների հանդեպ, որոնք ստեղծված են կնոջը երկրպագելու և սիրերգեր գեղգեղալու համար։
Գեղեցկությունն իմ անձնագիրն է, իսկ «վարորդական» իրավունքը կամ դիպլոմը՝ ֆիզիկական և հոգևոր կատարելություններս ընդգծելու, տղամարդկանց փակ բերանները բացելու ու աչքները չռել տալու իմ արվեստը։
Ես չեմ ուզում ասել, թե որ հիմնարկությունում եմ աշխատում։ Դա ոչ մի նշանակություն չունի։ Յուրաքանչյուր հիմնարկություն ունի իր ղեկավարը, որին համառոտ անվանում են պետ կամ շեֆ, և քարտուղարուհին, որի գեղեցկության առաջ խոնարհվում են բոլորը, բայց այդ գեղեցկության լիիրավ տերը միայն մեկն է՝ պետը։
Իմ առաջին պետը՝ Առուշան Մարտինիչը, գործից համարյա գլուխ չէր հանում, բայց լավ ղեկավար էր։ Ասում են՝ իբր զուգարան գնալու համար էլ նա վերևներից թույլտվություն էր վերցնում, սակայն, այնուամենայնիվ, հիմնարկությունում բոլորը շողոքորթում էին, ասում, որ նրա նման պետ չկա, և նման սուրբ մարդու ձեռքի տակ աշխատելը մեծ պատիվ է իրենց համար։
Առուշան Մարտինիչը վաթսունն անց էր, բայց իրեն ամենևին չէր դասում նույնիսկ հիսնամյաների շարքը։
- Պրծավ, Սանասարի բանը բուրդ է, արդեն մեռելոց լինելու ժամանակն է,- ասում էր մեր հիմնարկության աշխատողներից մեկի մասին, որի հիսունը դեռ չէր լրացել։
- Ախր, Առուշան Մարտինիչ, նա դեռ ջահել է, նույնիսկ պապիկ էլ չի դարձել։
- Խե՜ղճ Սանասար,- ասում էր Առուշան Մարտինիչը, և բոլորը հասկանում էին, որ զրույցն արդեն ավարտված է։
Կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ամբիոններից ավելի շատ են խոսել, քան իրենց կանանց, ընկերների, բարեկամների և սիրուհիների հետ՝ միասին վերցրած։ Առուշան Մարտինիչը ամբիոններից չէր խոսում, նրա հոբբին հեռախոսն է։ Փողոցում նրան բարևում են, իսկ նա ձեռքը դեպի ականջն է տանում ու ասում՝ բարև։
Իմ պետի հետ կապող ներքին հեռախոսը զանգում է, միջին հաշվով, օրը հիսուն անգամ։
- Լսում եմ, Առուշան Մարտինիչ։
- Ալլոչկա, ո՞նց ես։
- Լավ եմ, Առուշան Մարտինիչ։
- Եկ ինձ մոտ։
Եթե մի ողջ հավիտենություն կանգնես Առուշան Մարտինիչի դիմաց, նա երբեք չի ասելու՝ նստիր։ Ես դա գիտեմ և նստում եմ առանց հրավերի սպասելու։ Հեռախոսով նա աշխույժ զրուցում է։ Հետո լսափողը ցած է դնում, նոր համար հավաքում։ Երբեմն այնպես է պատահում, որ նույն պահին հնչում է ներքին հեռախոսը։ Աջ ձեռքով բռնած լսափողը նա սեղմում է ձախ ականջին, ձախն էլ՝ աջ և, միաժամանակ, խոսում երկուսի հետ։ Այդ պահերին նա նմանվում է պարսատիկից նայող հրեշտակի։
Առուշան Մարտինիչը երբեմն մոռանում է ինձ և ժամերով խոսում ամենատարբեր «ընկերների» հետ։ Հետո հանկարծ նկատում է ինձ ու զարմացած հարցնում.
- Ալլոչկա, ի՞նչ է պատահել։
- Դուք ինձ կանչել եք, Առուշան Մարտինիչ։
- Մի քիչ զբաղված եմ, գնա, հեռախոսով կասեմ։
Մի քանի րոպե հետո հնչում է ներքին հեռախոսը։ Ես հասկանում եմ, որ Առուշան Մարտինիչը ոչինչ չունի ասելու։ Պարզապես նա սիրում է, անչափ շատ է սիրում հեռախոսով խոսել։ «Երանելի ժամերին» էլ, երբ Առուշան Մարտինիչի տրամադրությունն արտակարգ է լինում և ինձ իր մոտ է կանչում ու իրեն թույլ տալիս ինձ հետ կատակներ անել և զվարճանալ, հանկարծ կրկին բռնկվում է հեռախոսով զրուցելու անզուսպ ցանկությամբ։ Ինձ նստեցնում է իր ծնկներին, ես վերցնում եմ հեռախոսը, իսկ նա ասում է, թե ինչ համար հավաքեմ։ Ի դեպ, նա հեռախոսի գրքույկ չի օգտագործում։ Երբ սխալ հեռախոսազանգ է լինում, «ու՞մ եք ուզում», հարցնում է նա և հետո ասում, թե ինչ համարով պիտի զանգեն։
Առուշան Մարտինիչից հետո «գահը» ժառանգեց Համազասպ Դանիլիչը։ Կլիներ մոտ հիսունհինգ տարեկան։ Անչափ ժլատ է։ Նա հաճախ է չարաշահում իր դիրքային առավելությունները բառիս ամենաուղղակի և փոխաբերական իմաստներով։ Ոչ միայն մեր աշխատակիցներն էին ստրուկի վիճակում, այլ նաև ես։ Կարճ ժամանակում նրա համար սիրուհուց վերածվեցի հարճի։ Իսկ մի անգամ էլ ուղղակի ասաց.
- Քեզ այնպես ես պահում, կարծես ձրի ես ծառայում։ Քիչ եմ վճարո՞ւմ...
Նա նման է այն վաշխառուին, որին թթված ապուր են մատուցել, բայց նա ուտում է։ «Փող եմ տվել՝ պիտի վայելեմ». ահա նրա նշանաբանը։ Ես, իհարկե, նրա համար ոչ թե թթու, այլ համեղ կերակուր եմ, եթե ոչ ավելի, և նա գծուծի համառությամբ մինչև վերջ վայելում է ինձ։
Համազասպ Դանիլիչը հիմնարկությունը դարձրել էր իր անձնական տնամերձը։ Ինչ ուզում՝ անում էր։ Նրա ղեկավարության տարիներին ոչ ոք չգիտեր, թե ինքը ինչ է աշխատում։ Բաժնի վարիչները երբեմն աշխատում էին ցրիչի կամ տնտեսվարի, մեքենագրուհիները՝ բաժնի վարիչի կամ հավաքարարի հաստիքով։ Ես քարտուղարուհի էի մեքենագրուհու լրիվ և ավտովարորդի կես հաստիքով։
Համազասպ Դանիլիչը, բառիս ամենաիսկական իմաստով, ինձ խանդում էր։ Նա լսում էր իմ գրեթե բոլոր հեռախոսային զրույցները։ Աշխատանքից հետո ավտոմեքենայով անձամբ ինձ տուն էր տանում, որպեսզի հանկարծ... Մի անգամ էլ, երբ հեռախոսով ես խոսել էի ամուսնուս հետ, Համազասպ Դանիլիչը բռնակալի պես կանգնեց դիմացս։
- Ո՞վ էր։
- Ամուսինս։
- Ի՞նչ է, ուրեմն դու ինձ դավաճանո՞ւմ ես։
Եվ նա ստիպեց, որ ես բաժանվեմ ամուսնուցս։ Ի դեպ, ամուսինս այնքան էլ պետք չէր ինձ։ Մենք երեխա չունեինք և հետո՝ քարտուղարուհու համար ամուսինը, մեղմ ասած, սեղանի հինգերորդ ոտք է։
Իսկ պետիս հետ հարաբերություններս այնքան էլ լավ չէին։ Ես արդեն չէի կարողանում տանել թուրքական այդ սուլթանին և մի օր էլ ասացի.
- Քեզ համար էժանագին բազմո՞ց եմ, ի՞նչ է...
- Չե՞մ վճարում,- գծուծ հաշվապահի տոնով հարցրեց Համազասպ Դանիլիչը։- Լավ, որքա՞ն ես ուզում։
- Գումարած հիսուն։
- Պահո՜, ճստիկս, այդքան տեղակալս է ստանում։
- Հա՞, դե լավ, ցե՛։ Այսուհետև կգնաս տեղակալիդ հետ պառկես։
Համազասպ Դանիլիչն անմիջապես ստորագրեց ազատման դիմումս։ Նա այն ավանակներից է, որի համար գարու որակը ոչ մի նշանակություն չունի։ Միայն թե՝ էժան լինի։ Նա կարող է քարտուղարուհի նշանակել նույնիսկ ամենահետին հավաքարարին։
Նոր հիմնարկության թվով իմ երրորդ պետի հետ են կապված իմ կյանքի ամենաերջանիկ տարիները կամ, ինչպես բանաստեղծներն են ասում, աստեղային ժամերը։
Պետրոս Մանուկիչի համար ես ուղղակի օդի պես անհրաժեշտ էի։ Նա մոտ քառասուն տարեկան կլիներ, իսկ արտաքինին նայելիս, կարելի է կարծել, թե հաշմանդամի թոշակի ենթակա տնտեսվար է կամ սիրած կնոջից բաժանված ավտովարորդ։ Բայց նա ոչ տնտեսվար էր, ոչ էլ սիրածից բաժանված ավտովարորդ։ Պետրոս Մանուկիչը կամ, ինչպես աշխատակիցներն են ասում՝ Պետրուշկան, հիմնարկության պետ է։ Նա կին ու երեխաներ ունի, բայց բոլոր հարազատներին կորցրած որբի պես վիզը միշտ մի կողմի վրա թեքած է լինում և դեմքի այնպիսի արտահայտություն ունի, որ ամեն անգամ տեսնելիս ուզում եմ ցավակցել նրան։ Պետրուշկան գործից ամենևին գլուխ չի հանում և, ինչպես քիչ առաջ ասացի, ես նրա համար օդի պես անհրաժեշտ էի։
Մի ամիս հետո ես ոչ միայն գիտեի իմ պարտականությունները (քարտուղարուհու համար հիմնարկություններն ու պետերը փոխվում են, պարտականությունները՝ ոչ), այլև կռահեցի, թե ինչ է պահանջվում պետից։ Պետրոս Մանուկիչի ղեկավարության տարիներին, երբ քարտուղարուհի էի աշխատում նրա մոտ, ինձ անվանում էին Ալլա Սերգեևնա։ Սկզբում կատակով էին այդպես անվանում, հետո՝ հարգանքից ու նաև վախից, որովհետև ոչ թե Պետրուշկան, այլ ես էի ղեկավարում հիմնարկությունը։
Ժողովների ու գիտական սիմպոզիումների ժամանակ ես էի առաջարկություններ անում, տեսակետներ առաջ քաշում, իսկ Պետրոս Մանուկիչը վիզը ծռած, մերթ ինձ էր նայում, մերթ մյուսներին։
- Եթե հարցեր չկան, ժողովը համարենք փակ,- վերջում ասում եմ ես, Պետրուշկան կիսաթեք գլխով հավանության շարժում է անում, ու բոլորն էլ հասկանում են, որ այդ շարժումը նա կաներ նաև այն ժամանակ, եթե ես ասեի, թե երկրագունդը քառակուսի է։
Պետրոս Մանուկիչը պարզապես սխալմամբ է տղամարդ ծնվել։ Չնայած ես շատ եմ պարտական նրան, բայց պիտի խոստովանեմ, որ նա մի քիչ անողնաշար է ու շատ վախկոտ։ Մինչև պետ դառնալը, ասում են, նա զինվորագրվում էր գրեթե բոլոր դրոշներին, եթե դրանք մինչև անգամ հեռագրասյունից կախված կնոջ ներքնաշորեր լինեին։ Սկզբում նրան ոչ ոք չէր ենթարկվում, բայց երբ ես ստիպեցի մի երկուսին նկատողություն տալ, վերականգնվեց պետի և ստորադրյալների միջև եղած ավանդական «դիստանցիան»։
Պետրուշկան հաճախ է մասնակցում մեր աշխատակիցների նույնիսկ ամենահեռավոր ազգականների հուղարկավորություններին։ Նման դեպքերում նա իր շուրջն է հավաքում իր աշխատակցուհիներին ու հանգուցյալի վրա առատ արցունքներ հեղում։ Նա անչափ խռովկան է։ Աննշան առիթներով խռովում է իր աշխատակիցներից, փակվում առանձնասենյակում ու օրերով ինձնից բացի ոչ մեկի հետ չի խոսում։ Դուռը կողպում ենք ու զրուցում։ Որպես կին, իմ սեռին անհրաժեշտ շատ բաներ ես սովորել եմ Պետրուշկայից՝ մեր զրույցների ժամանակ։ Նա քաջատեղյակ է ոչ միայն ամենաժամանակակից թխվածքներ սարքելու տեխնիկային, այլև գիտե, թե ինչպես պիտի լվալ սպիտակեղենը, բրդե և մետաքսե շորերը։
Պետրուշկան պարբերաբար գործուղման է մեկնում։ Հաճախ էլ միասին ենք գնում։ Միության շատ ու շատ քաղաքներում նա եղել է, իսկ մի անգամ էլ արտասահմանում։ Այնտեղից ինձ համար օծանելիքներ ու ներքնաշորեր է բերում (նրա ճաշակին յուրաքանչյուր կին կնախանձեր)։ Գործուղումից վերադառնալու հաջորդ առավոտը նա կողպում է իր առանձնասենյակի դուռը և մի առանձին հաճույքով ինձ վրա փորձարկում արտասահմանից ու մեր երկրի տարբեր քաղաքներից գնած ներքնաշորերը։ Իսկապես զարմանալի նուրբ ճաշակ ունի Պետրոս Մանուկիչը։
- Սիրունիկս, գունավոր հեռուստացույցի ֆոնի վրա քեզ հատկապես սազում են երկնագույն կիսավարտիքն ու կրծկալը,- ասում է նա։
Պետրուշկայի ներկայությամբ ես երբեք չեմ զգում, որ սենյակում տղամարդ կա։ Սկզբում, երբ առաջին անգամ փորձարկել ստիպեց իր գնած ներքնաշորերը, ես կարծեցի, թե նա հոմո է։ Հետո հասկացա, որ ընդհանրապես նա ամեն ինչ է, բայց տղամարդ չէ։ Երբեմն կատակով նրան անվանում եմ «կանանց ներքնաշորերի կապիտան»։
Հաճախ էլ, երբ ստորագրելու համար նրա մոտ թղթեր եմ տանում, նա ասում է.
- Սիրունի՛կս, հիմա էլ առանց կիսավարտիքի ես ման գալի՞ս։
Նման պահերին ես թեթև կատաղությամբ փչում, վեր եմ թռցնում ճակատիս մազափունջը (գիտեմ, որ դա ինձ անչափ սազում է, իսկ Պետրուշկան ուղղակի գժվում է դրա համար), կրունկների վրա հետդարձ եմ կատարում ու նրբագեղորեն կոտրատվելով՝ շարժվում դեպի դուռը։ Մնացածը նա արդեն գիտե. հետո կկողպեմ դուռը, կկանգնեմ իր առաջ՝ զգեստս դիպցնելով իր քթին, կբարձրացնեմ կապույտ ու նարնջագույն պուտերով ամառային սպիտակ զգեստս ու կասեմ.
- Պետրոս Մանուկիչ, այդ ինչի՞ տեղ ես ինձ դնում...
Պետրուշկայից հետո հիմնարկության պետ նշանակվեց Գևորգ Վահանիչը։ Նա ամենաերիտասարդ պետն է, որ երբևէ ես տեսել եմ։ Ես նորից դարձա քարտուղարուհի Ալլոչկա։ Մինչև հիմա իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպիսին կարելի է համարել իմ և Գևորգ Վահանիչի հարաբերությունները։ Նա այնպես է նայում ինձ, կարծես ոչ թե գեղեցիկ ու անչափ հմայիչ կին է իր առջև կանգնած, այլ ամենասովորական մի խոհարար։ Կյանքում առաջին անգամ ես կասկածեցի իմ գեղեցկության ու տղամարդուն իմ առջև խոնարհվել տալու ուժի վրա։ Ես ինձ կորցրի։ Ձգտում եմ ամեն կերպ գրավել նրա ուշադրությունը։ Ավելի լայնացրի զգեստիս վերին կտրվածքը։ Թղթերը դնում եմ Գևորգ Վահանիչի սեղանին ու չափից ավելի խոնարհվում սեղանի վրա։ Եթե թղթերից գլուխը բարձրացնի... Թղթերից գլուխը բարձրացնում է, բայց ոչինչ չի նկատում։ Տեսնում է, բայց միաժամանակ չի տեսնում ինձ...
Վիրավորվել էր ոչ միայն իմ՝ կնոջ, այլև քարտուղարուհու արժանապատվությունը։ Էլ ինչո՞ւ եմ աշխատում։ Ճիշտ է, նա պետ է, բայց չէ՞ որ ես էլ քարտուղարուհի եմ։ Ուզում եմ նրան ատել, բայց չեմ կարողանում։ Հիմնարկությունում նրան հարգում են։ Ճիշտ է, շատերը ոչ թե հարգում, այլ, ըստ իս, ավելի շատ վախենում են Գևորգ Վահանիչից, որովհետև շատ խստապահանջ է։ Մի խոսքով, նրանք, ովքեր առաջներում գլուխ էին պահում, Գևորգ Վահանիչին չեն սիրում։
Վերևից մարդ է եկել։ Նման դեպքերում իմ նախկին պետերը խելքները թռցրած հավերի պես են լինում, իսկ սա կարծես ոչինչ էլ չի եղել և, ասում են, մինչև անգամ մի լավ հուպ է տվել վերևից եկածին։
Հետո... Հետո Գևորգ Վահանիչին իր դիմումի համաձայն ազատեցին։ Բայց ինչ-որ բան էր պատահել, որ ես մինչև օրս չեմ հասկանում։ Է՜հ, ինձ ինչ։ Նոր պետ են նշանակել։ Դեռ չենք տեսել նրան։ Եվ հիմա վաղվա համար ես այնպես եմ նախապատրաստում հագուստներս, ինչպես հարսնացուն հարսանքի նախօրյակին...
Սեպտեմբեր, 1987 թ.
ԱՆՀԱՋՈՂԱԿԸ
Չնայած մտավոր կարողություններս միջակից մի քիչ բարձր էին, բայց ես ուսման նկատմամբ ոչ մի հակում չունեի, ավելի ճիշտ, այդ տարիներին ուսումնական դասագրքերն ինձ հերթով հրապուրում էին, և ես մեղվի պես մերթ վերադառնում էի մեկին, մերթ մյուսին, առանձին թեմաներից «չորս» ու «հինգ» էի ստանում, իսկ միջնակարգն այդպես էլ ավարտեցի միջակ գնահատականներով։
Հայրս ասում էր, որ ես իր ստեղծած ամենաանհաջող ստեղծագործությունն եմ (ի դեպ, ինձնից բացի նա չորս արական և երկու իգական ստեղծագործություն էլ ուներ, որոնք արդեն ամուսնացել, գնացել էին, իսկ ես վերջինն էի) և երևի այն հեռավոր գիշերը ինքը հարբած է եղել։
Դպրոցի ավարտական երեկոյի հաջորդ առավոտը հայրս բռնեց թևատակերիցս (ես մի թեթև խմել էի) և նույն օրն էլ ինձ տեղավորեց էլեկտրալամպերի գործարանում։ Մինչև զորակոչվելը ես դարձա մեր արտադրամասի լավագույն աշխատողներից մեկը և երբ վերադարձա զինծառայությունից, մեր դիրեկտորն իմ հետևից հատուկ դեսպաններ ուղարկեց ու մի քանի օր հետո կրկին ծանոթ կոլեկտիվում էի։
Այդ ժամանակներում և դրանից առաջ էլ ես երբեք չէի ճաշակել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ և ո՛չ էլ վերջին սիրո քաղցրություններն ու դառնությունները, և մի օր էլ մտածեցի, որ ժամանակն է այդ հարցով լուրջ զբաղվելու։ Քանի որ ես լավ գիտեի իմ հնարավորությունների մոտակա և հեռակա սահմանները, ապա սիրո օբյեկտ դարձրի մի աղջկա, որը շատ հանգիստ կարող էր տեղավորվել իմ հնարավորությունների սահմաններում, և ոչ ոք չէր կարող ասել, թե ոտքերս վերմակիցս երկար եմ մեկնել կամ իմ ճիպոտը կտրել եմ Գանձասարի անտառներից։ Ես կարծում էի, թե իմ գեղեցկուհին մինչև աշխարհի ծայրը կվազի իմ հետևից, բայց նա մինչև մեր բակն էլ չվազեց և շուտով ինձ ստիպեց վազել իր հետևից։ Նա հարցը շատ կոնկրետ դրեց. ասաց, որ իմ գիտելիքներով ես չեմ կարող բավարարել ժամանակակից տեխնիկայի և ժամանակակից աղջկա պահանջները, ու մի քանի ամիս հետո ես ինքնակրթությամբ յուրացրի այն ամենը, ինչ չէի սովորել ամբողջ տասնամյակում։ Իսկ դրանից յոթ ամիս հետո մեր ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի տղաները խնդրում էին լուծել իրենց մասնագիտական հավասարումները։ Այդ ժամանակներում ես հասկացա, որ արդեն զգալիորեն բարձր եմ իմ ապագա հարսնացուից և մի գեղեցիկ օր նրան բացատրեցի, որ իր խղճուկ գիտելիքներով այլևս չի կարող բավարարել ժամանակակից ամուսնու պահանջները։
Նա ոտքերը մի քիչ գետնին զարկեց, ինձ մեղադրեց բազմաթիվ հանցագործությունների մեջ, խաչաձև քննադատության ենթարկեց ինձ ու տեսնելով, որ համեստորեն լռում եմ, խոստացավ ինձնից բիֆշտեքս սարքել։ Դրանից հետո նրա ծնողական երկսեռ կոլեկտիվը ժամանեց մեր տուն, մի փոքր սկանդալ սարքեց։ Ես հասկացա, որ նրանք նախօրոք իմ մատների չափով նշանի մատանիներ են գնել և հիմա չեն ուզում թափուր թողնել իրենց մատանիները։ Իսկ քիչ անց, երբ նրանք ասացին, որ սերը սուրբ գործ է և ամեն մի խաչագողի կերակուր չէ, և մի թեթև էլ ոտնահարեցին մեր ընտանիքի և բազմազավակ հորս արժանապատվությունները, հայրս, որ հազիվ հանդուրժում էր նրանց ներկայությունը մեր հարկի տակ, ձեռքը զարկեց սեղանին ու ասաց. «Ես ձեր սուրբ...»։ Հետո նա այնպես նախշազարդեց մեր ինքնակոչ խնամիների պապերին ու ապուպապերին, որ ես մի քիչ հպարտացա հորս բանաստեղծական հարուստ լեզվով։ Ի դեպ, ես ծնվել եմ աթեիստական ավանդույթներով հարուստ ընտանիքում։ Հորս պապը հավասար հաջողությամբ հայհոյում էր սրբերի թե՛ արական, թե՛ իգական կազմին։ Իսկ երբ մի անգամ պապս ծիածանի բոլոր գույներով օծում էր սուրբ մարիամներին ու սուրբ աննաներին, տատս նկատողություն արեց. «Գոնե այդ քածերին հանգիստ թողնեիր»։ Պապս ոչ միայն հանգիստ չթողեց, այլև նախապատմական Եվայից սկսեց ու հաջորդ երեկոյան արդեն հասել էր Եկատերինա Երկրորդին...
Եվ հիմա, լսելով հորս բարդ համադասական, բարդ ստորադասական և համաստորադաս նախադասությունները, ափսոսում եմ, որ չի կարելի այդ ամենը թղթի վրա գրել...
Իմ հաջորդ թագուհին, որին հանդիպեցի մեր քաղաքի միակ զբոսայգում, բավականին խելոք թվաց և ես որոշեցի, որ մեզնից ամուսնական հիանալի դուետ կստացվի, բայց իմ գեղեցկուհին աստիճանաբա հասկացրեց, որ ինքը մեներգիչ դառնալու համար է ծնվել ու ժամերով շաղակրատում էր սիրային նախկին արկածների, ծեծված ու դաշունահարված երկրպագուների մասին, և ես նրան հասկացրի, որ իր պատճառով, միևնույն է, երբեք մարդասպան չեմ դառնալու ու բարեկամաբար խորհուրդ տվեցի չքվել։ Ի դեպ, նա ինձ սովորեցրել էր, որ չարժե ամեն մի անպետքությունից ներողություն խնդրել, և ես այդ խելացի խորհուրդը կիրառեցի հենց իր նկատմամբ. երբ նա չռված աչքերով, ամերիկյան կինոաստղի պես ոտքը ոտքով գցած սպասում էր իմ «ներողությանը», ես նրա ձեռքից սառնասրտորեն վերցրի իմ գնած մեխակների փունջն ու տեղավորեցի մոտակա աղբարկղի մեջ, ինչպես ծաղկամանում, ասելով, որ այդպես ավելի գեղեցիկ է։ Հետո նա կատաղեց ու ասաց, որ իր եղբորը կասի և նա ինձ կկախի ամենամոտակա հեռագրասյունից։ Բայց, դժբախտաբար, նրա եղբորը այդպես բախտ չվիճակվեց ինձ կախել ոչ ամենամոտակա, ոչ էլ ամենահեռակա հեռագրասյունից, որովհետև երբ մի օր հասկացա, որ այդ եղբայրը արբանյակի պես պարբերական պտույտներ է տալիս իմ նոր գեղեցկուհու շուրջը, նրան այնպես լողացրի ամենամոտակա կոյուղու ջրերում, որ մոտ մի ամիս շարունակ ոչ մեկին չէր հաջողվում առանց քիթը բռնելու թեկուզ տասը մետր հեռավորությամբ մոտենալ նրան...
Հերթական թագուհիս ամենևին էլ մեներգիչ չէր։ Նա ոչ միայն երգել չգիտեր, այլև երաժշտական ամենատարրական լսողություն անգամ չուներ, բայց իրեն այնպես էր պահում, որ ես սիրերգեր ասեմ իր համար։ Ես ստիպված եղա իմ արիստոկրատուհուն ամենայն անկեղծությամբ խոստովանել, որ իր պատուհանի տակ սերենադ կերգեմ միայն մի պայմանով. որ ինքն էլ նույն այդ պատուհանի տակ կողքիս նստի, կիթառով նվագակցի ինձ և երբեմն էլ սիրահար գլուխս սեղմի իր կրծքին։ Նա պատուհանի տակ նստելն իր արժանապատվությունից շատ ցածր էր համարում, իսկ ես այնտեղ մենակ նստելու նվազագույն ցանկություն անգամ չունեի, և մենք ճանապարհի նույն կետում հետդարձ կատարեցինք ու շարժվեցինք նույն ճանապարհի տարբեր ուղղություններով. ես սերենադ շվշվացնելով, իսկ նա՝ վերև թռցրած հոնքերով ու թագուհու հպարտ քայլերով...
Մի անգամ էլ անծանոթ մի տղա մոտեցավ ինձ ու խեղճ-խեղճ խնդրեց, որ հանգիստ թողնեմ իր աղջկան, որովհետև իրենք անսահման շատ են սիրում իրար և ինքը չի կարող ապրել առանց այդ աղջկա։ Հավանաբար այդ հիմարին ձեռ առնելու համար էին ուղարկել ինձ մոտ, որովհետև երբ տեսա նրա «թագուհուն», կատաղած բղավեցի. «Ապու՛շ, ինձ ինչի՞ տեղ ես դրել։ Ինչո՞ւ այդպիսի վատ կարծիք ունես իմ ճաշակի մասին։ Քո այդ թռչնակի հետ ես մինչև անգամ շուկա էլ չեմ գնա»։
Երիտասարդը հասկացավ, որ իմ կողմից ոչ մի վտանգ չի սպառնվում իր ապագա կողակցին ու ապագա զավակների օրինավոր մորը, ներողություն խնդրեց, հետո շնորհակալություն հայտնեց, ուրախ-զվարթ ձեռքս սեղմեց և գնաց՝ երջանկությունից փայլելով ու ծղոտագույն բեղերը արևի տակ շողշողացնելով...
Իմ հինգերորդ գեղեցկուհին ամենահիմար աղջիկն էր, որ երբևէ ես տեսել եմ իմ երկրային կյանքում։ Նա սովորում էր մանկավարժական ինստիտուտում, շատ հիացած էր իր գեղեցկությամբ, բայց, դժբախտաբար, այնքան հիմար էր, որ երբեմն ես ամաչում էի հետը խոսել։ Իսկ ամենասարսափելին դա չէր, այլ այն, որ ինքը ոչ միայն չգիտեր, որ հիմար է, այլև ամենուր, որպես կատարյալ գեղեցկություն, հրապարակայնորեն ցուցադրում էր իր մտավոր թերությունները...
Մի օր էլ, երբ ես մեր շենքի մոտերքում թրևում էի իմ, չեմ հիշում, թե որերորդ գեղեցկուհու հետ, հայրս ասաց, որ եթե մի անգամ էլ ինձ բռնեցնի այդ «թխսկանի» հետ, ապա Քրիստոսի աղավնակերպ հոր և երկնային ու երկրային մյուս թռչունների անուններով հանդիսավոր երդվում է... (այստեղ ես կրկին անգամ համոզվեցի, թե ինչպիսի ճոխ ու ճկուն լեզու ունենք և ինչպիսի բանաստեղծ հայր ունեմ)։ Այնուհետև երբ ես մեր տուն էի հրավիրել իմ նորագույն գեղեցկուհուն, իսկ հորս ասելով՝ հերթական դատարկ պահածոյատուփը, նա՝ հայրս, ականջիս ասաց, որ դա ամենահիմար ցուցանմուշն է, որ ինքը երբևէ տեսել է։ Ես ասացի, որ ամենահիմարը չէ։ Հայրս խոստովանեց, որ ինքը ինձ չի հաշվել...
Իմ հաջորդ ընկերուհուն հանդիպեցի ինչ-որ երեկոյի ժամանակ։ «Ի՞նչ կարծիքի ես նրա մասին»,- հարցրի ընկերոջս։ «Շաշի մեկն է»,- իր կարծիքը մեկ նախադասությամբ ամբողջացրեց ընկերս։ Գրեթե նույն կարծիքին էին նաև իմ երկու ծանոթները։ Ես ենթադրեցի, որ թերևս նրանք սխալվում են, և ծանոթացա այդ աղջկա հետ։ Այնուհետև մեր մի քանի հանդիպումների ժամանակ վերջինս չորս-հինգ անգամ պատմեց իր ողջ կենսագրությունը՝ ամենայն մանրամասնությամբ։
Երբ հերթական անգամ պատմեց, թե ինչպես մանկության տարիներին եղբոր հետ պահմտոցի խաղալիս թաքնվել էր զգեստապահարանի վրա, որտեղից էլ գլխիվայր թրմփացել է հատակին, ես հարցրի. «Իսկ հատակը վնասվե՞լ է…»։ Նա այնպիսի զարմանքով նայեց ինձ, որ կարծեցի, թե վիրավորվել է։ Սակայն նա ծիծաղեց և ասաց, որ այդ օրը երբ զանգել են աշխատավայր ու հորն ասել, թե աղջիկդ պահարանի գլխից առանց պարաշյուտի վայրէջք է կատարել հատակին, նա նույնպես հարցրել է. «Իսկ հատակը վնասվե՞լ է…»։ «Հայրդ իմաստուն մարդ է»,- եզրափակեցի ես և վերջապես հասկացա, որ ընկերս ու ծանոթներս այդ չաչանակի հարցում ամենևին չեն սխալվել։ Ինձ թվում է, թե ինչ-որ ժամանակ նրա գլխի պարունակությունից մի շերեփ պարտք են վերցրել, բայց հետո մոռացել են վերադարձնել, կամ նա առնվազն երկու օր բաց գլխով մնացել է թունդ կարկտի տակ…
Կան աղջիկներ, որոնց երբ մի անգամ բարևում ենք, կարծում են, թե հաջորդ օրն իրենց ամուսնության առաջարկ պիտի անենք։ Այդպիսի մեկը կանոնավոր բարևում էր ինձ։ Ես նրան բարևում էի այնպես, ինչպես բարևում և պատասխանում էի իմ բոլոր ծանոթների բարևներին։ Իսկ սա ամեն օր սպասում էր, թե ուր որ է կխնդրեմ իր սիրասուն թաթիկը։ Հասկանալով, որ ամենևին նման մտադրություն չունեմ, նա դադարեցրեց ինձ բարևել և ցույց էր տալիս, որ ոչ միայն չի ճանաչում, այլև չի նկատում ինձ…
Սակայն ամենազավեշտականը սա չէր։ Հարևան շենքում մեկը կար։ Որպես ծանոթ, հետը մեկ-երկու բառ էի փոխանակել, որովհետև նրա ընկերուհին աշխատում էր այն նույն հիմնարկում, որտեղ աշխատում էր մի լավ աղջիկ, որին այդ օրերին մի քիչ սիրահարվել էի, բայց չէի համարձակվում մոտենալ նրան։ Հույս ունեի հարևան շենքի իմ այդ ծանոթուհու օգնությամբ թե միջնորդությամբ ինչ-որ բան ձեռնարկել։ Երբ մի օր սրան խնդրեցի մի քանի րոպեով հանդիպել, սկսեց այնպես կոտրատվել, որ իսկույն հիշեցի տարածված մի անեկդոտի բժշկականի ուսանողուհու պատմությունը… Այդ հիմարին այլևս ոչինչ չասացի. թող այդպես էլ կարծի, թե ուզում էի իրեն առաջարկություն անել…
Այդ ժամանակներում ես մի քիչ ձանձրացա իմ թագուհիներից և որոշեցի վերջ տալ որոնումներիս. հերիք է, թող հիմա էլ նրանք ինձ որոնեն։ Իսկ որոնողը չուշացավ։ Նա բանասիրական ֆակուլտետի վերջին կուրսի ուսանողուհի էր, ինձ համար բանաստեղծություններ էր արտասանում և ասում, որ մինչև մահ ինձ հավատարիմ կմնա։ Հետո, չգիտեմ որտեղից, նա վկաներ գտավ և ինձ քարշ տվեց զագս, ասելով, որ դիպլոմն ստանալուց հետո հարսանիք կանենք։ Այնուհետև ազատ դիպլոմ ստացավ ու ես այլևս չտեսա նրան...
Իսկ մի տարի հետո հայրս ասաց, որ ես պետք է վերջ տամ հիմարություններիս և մարդավարի ամուսնանամ։ Մի օր էլ նա իմ ննջասենյակի պատերից պոկեց իմ գեղեցկուհիների մեծադիր ու փոքրադիր լուսանկարները և նույն օրն էլ թևատակերիցս բռնած, հորեղբորս ու հաղթանդամ քեռիներիս թիկնապահությամբ ինձ տարավ խնամախոսության։ Աղջիկը մեր հեռավոր ազգականուհին էր, որին նույնիսկ երազում էլ չէի պատկերացրել իմ կողքին։ Այդ ժամանակ հիշեցի իմ մի ընկերոջը, որ պրիզմայավոր հեռադիտակով գիշերները աստղեր էր որոնում իրենց դիմացի շենքերի պատուհաններում ու վերջը ամուսնացավ ամենասովորական մի չղջիկի հետ։ Ես մի կերպ դուրս փախա ապագա խնամիներիս տնից, որոշելով, որ ավելի լավ կլինի նրանք հեռավոր ազգականներ էլ մնան, և հաջորդ օրը ամուսնացա մի աղջկա հետ, որին մինչ այդ ոչ մի տեղ չէի տեսել։ Իմ կնոջ՝ Մարինեի հետ չորս տարի ապրեցի։ Մեր համատեղ ամուսնական կյանքից սկզբում երկու արու զավակ ծնվեց։ Ասում էին, որ իմ ապուպապի ականջները մի տեսակ փոխուղղահայաց դիրք էին գրավում գլխի հետ և, ձիով գնալիս քամուց փռփռում էին զույգ դրոշների պես։ Իմ ապուպապից հետո մեր ցեղում այլևս չկրկնվեց ականջների նմանօրինակ դասավորությունը, իսկ ահա իմ արու զավակները որոշեցին նորից վերադառնալ ականջակազմության իմ ապուպապական ձևին։
Բազմազանության համար կինս մի զույգ աղջնակ էլ նվիրեց մեր գերդաստանին ու մի ապաշնորհ կինոդերասանի հետ փախավ Միջին Ասիա։
Երկրորդ կինս մեր զավակների ընդհանուր գումարը հասցրեց վեցի և, երբ ծնվեց յոթերորդը, հայրս նայեց փոքրիկի միանգամայն կանոնավոր ականջներին ու ասաց. «Տղա՛ս, ինն ամիս առաջ քեզ ոնց-որ փոխարինել են։ Այս ճուտիկի հեղինակը դու չես»։ Ես մի քիչ վիճեցի հորս հետ, բայց մի քանի ամիս հետո հայտնաբերեցի կնոջս ասպետին։ Նա մի քիչ արցունք թափեց, իսկ ես ասացի, որ կարիք չկա և, ավելի լավ կլինի, զռռալու փոխարեն գա իր նորահարսին ու որդուն փոխադրի իրենց տուն։
Երբ իմ երրորդ և չորրորդ ամուսնություններից հետո մեր հինգսենյականոց բնակարան-մանկապարտեզում աշխուժորեն վազվզում էին ամենատարբեր մեծության ու ամենատարբեր գույնի մազերով, բայց միանման Սահակյան ազգանվամբ ու միանման Հրանտ հայրանվամբ վեց զույգ արական և վեց զույգ իգական լոշտակ ականջիկներ, ես որոշեցի վերջ տալ ամուսնություններիս ու ծնողներիս հետ զբաղվել փոքրիկների դաստիարակությամբ։ Իսկ փոքրիկներս այնպիսի օյիններ էին սարքում մի ժամանակ խաղաղ համարվող մեր բնակարանում, որ շուտով ծնողներս ինձ խորհուրդ տվեցին մեկնել առողջարան։
Երբ երեկոները մեր լայնածավալ սեղանի շուրջ մենք նստում էինք ընթրիքի, ես նայում էի ամենատարբեր հասակի ու ամենատարբեր հերագույնի, բայց միանման տասներկու զույգ փոքրիկ լուսարձակ-ականջիկներին, և աշխարհն ինձ թվում էր այդ տասներկու զույգ ականջների պես գեղեցիկ ու ազնիվ։ Իսկ երբ գիշերները պառկում էինք քնելու, մայրս թաքուն հաշվում էր փոքրիկներին ու նոր միայն հանգիստ քնում։ Շուտով մորս գործը հեշտացավ, որովհետև ավագ որդիներս արդեն սովորում էին հինգերորդ դասարանում և այնքան էլ անտարբեր չէին մաթեմատիկական գիտությունների նկատմամբ։ Նրանք փոքրիկներին հավասար բաժանեցին իրար միջև և երբեմն նրանց բանակների միջև այնպիսի տուրուդմփոց էր սկսվում, որ ես ու ծնողներս հազիվ էինք կարողանում բաժանել նրանց...
Այնուամենայնիվ, ծնողներս ինձ ստիպեցին մեկնել առողջարան։ Մեկնում էի գնացքով։ Այստեղ ես հանդիպեցի նրան, ում տարիներ շարունակ երազել էի։ Ճիշտն ասած, վագոնախցում կիսամութ էր, և ես կարգին չէի տեսնում նրա դեմքը, բայց զգում էի, որ դա նա է, ում փնտրել եմ ուրիշների մեջ։ Ես պատմեցի իմ մասին, իսկ նա ասաց, որ չնայած շատ ենք ուշացել, բայց, այնուամենայնիվ, լավ է, որ վերջապես հանդիպել ենք և ոչ ոք չի կարող մեզ բաժանել։ Կայարաններից մեկում ես իջա գնացքից՝ ծաղիկներ գնելու։ Երբ ծաղիկները ձեռքիս վերադարձա, գնացքի կանգնած տեղը քամին թղթի կտորտանքներ էր թռցնում։ Մոտերքում ոչ մի ավտոմեքենա չկար։ Ես մի քիչ վազեցի երկաթգծերի միջով ու երբ մի ամիս հետո վերադարձա առողջարանից, հայրս ասաց, որ ինձ հեշտությամբ կարելի է երկտակ անցկացնել ասեղի անցքով...
Մի տարի փնտրեցի նրան։ Ես ինձ ատում էի այն բանի համար, որ շատ խոսելու փոխարեն, լավ կլիներ գոնե հարցնեի նրա հասցեն։
Անցավ մի տարի ևս, ու մի օր էլ ընկերս ինձ ծանոթացրեց իր բարեկամուհու հետ։ Նա երկար նայում էր իմ աչքերին ու թեթև ժպտում, իսկ ես մտածում էի, որ գնացքի իմ անծանոթուհուց հետո թե կա մեկը, որին կարող եմ սիրել, դա հենց այս կինն է։ Հետո որոշեցինք, որ մյուս օրը նա իր աղջկա հետ հյուր կգա մեզ։ Ծնողներիս նախապատրաստեցի այդ հանդիպմանը, տասներկու հրեշտակիկներիս մորս օգնությամբ կարգի բերեցի, իսկ հայրս ասաց, որ այս անգամ կարծես թե իսկապես սիրահարվել եմ։ Վերջապես հնչեց դռան զանգը։ Ես վազեցի դուռը բացելու։ Նա ուրախ ժպտում էր, իսկ նրա թիկունքից, շողշողացնելով իր ականջ-լուսարձակները, փոքրիկ թիթեռնիկի պես ինձ էր նայում մեկուկեսամյա մի փոքրիկ գեղեցկուհի...
Սեպտեմբեր, 1986 թ.
ՇՈԳ ՕՐ
Ողջ շրջակայքը շիկացել էր հունիսյան արևից։ Տանիքներից ու ասֆալտից թանձր գոլորշի էր բարձրանում։ Քաղաքի ծայրամասում, ձյութի ու փոշու հեղձուցիչ խառնուրդ արտաշնչող ճանապարհի եզրին, երկու միլիցիոներ են կանգնել և սպասում են Ստեփանակերտ մեկնող ավտոբուսին։
- Գուցե ուշացել ենք,- ասաց քսանչորս-քսանհինգ տարեկան գանգուր մազերով միլիցիոները։
- Չի կարող պատահել,- բարձրահասակը, որ տարիքով քիչ մեծ էր, շրջվեց քամու հակառակ ուղղությամբ ու ծխախոտ վառեց։- Թո՛ւհ, զզվելի շոգ է։
- Ավտոբուսում ավելի տաք կլինի։ Եթե մի երկու օր էլ մնայինք, կարող էինք քեռուս ընկերոջ «Մոսկվիչով» մեկնել։
- Կպլոկի։
- Չէ, կարծում եմ, փող չի վերցնի։
- Ավտոբուսով էլ կարող ենք ձրի մեկնել։
- Ինչպե՞ս։
- Ամենակարևորը՝ տպավորություն ստեղծել։ Եթե հաջողացնենք երկու սպեկուլյանտի վախեցնել, վարորդների վրա մեծ ազդեցություն կթողնի և, հաշվիր, տասնոցդ գրպանումդ մնաց։
- Ահա, գալիս է,- գանգրահերը վերցրեց ճամպրուկը։
Ճանապարհի թանձր գոլորշու միջով առաջ շարժվող «Իկարուսը» նման էր անվերջանալիորեն երկար պարանի վրայով սողացող գունագեղ թրթուրի։
Ավտոբուսը կանգ առավ։ Դուռը բացվեց և միլիցիոներները բարձրացան վեր, ուր ծխի և քրտինքի խեղդիչ հոտ էր տիրում։ Վերջերում ինչ-որ տեղ ազատ նստատեղեր կային, միլիցիոներները տեղավորվեցին և, ծխի սև ամպեր արձակելով, ավտոբուսն առաջ շարժվեց։
- Մինչև Ստեփանակերտ կխեղդվենք,- գանգրահեր միլիցիոներն ապակին ետ քաշեց ու վարագույրն իջեցրեց։
Ավտոբուսում երեսունից ավելի ուղևորներ կային։ Մեծ մասը քնել կամ ննջում էր, իսկ մնացածները զույգերով զրուցում էին, հորանջում կամ պարզապես պատուհանից դուրս էին նայում։ Միլիցիոներներից երկու նստատեղ առաջ տղաները թուղթ էին խաղում միջին տարիքի մի կնոջ և մսավաճառի ծավալներով ու փարթամ բեղերով նրա ամուսնու հետ։
Մյուս շարքում մի ծերունի, որի աջ թևը դատարկ էր, զրուցում էր պոլիտեխնիկական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի իր հարևանի հետ։ Ավելի առաջ՝ գունավոր ակնոցներով մի կին էր նստած տասներկուամյա որդու հետ և քնել էր ակնոցն աչքերին։
- Երբ մենք ներս մտանք, նկատեցի, որ հարևան շարքի չորս նստատեղ առաջ... այն, որ նստած էր ծերուկից և աղջկանից հետո, կապույտ վերնաշապիկով տիպը շտապով մի կողմ հրեց կողքի արկղը։ Կարծես բախտներս բերում է,- ընկերոջ ականջին կամաց շշնջաց բարձրահասակ միլիցիոները։
- Սկսե՞նք։
- Շտապելու կարիք չկա։ Կհասցնենք։
- Ինչո՞ւ ես ձեռքիդ թուղթը թաքցնում,- ասաց տղաներից մեկը։
- Ինչո՞ւ պիտի թաքցնեմ, տնաշեն,- պաշտպանվեց մսագործանման տղամարդը։- Այս զույգը ուսադիրներիդ համար եմ պահում, իսկ այս մեկը, որ ասում ես, թե թաքցնում եմ, տուզ կոզիրն է, ընկերոջդ համար մեդալացու է։
Կինն ուրախ քրքջաց։
- Մայորի ուսադիրներ են։
Առջևում նստած կարմիր մազերով կինն արթնացավ ու դժգոհ փնթփնթաց.
- Չեն էլ ամաչում, օրը ցերեկով թուղթ են խաղում, իսկ միլիցիոներները թույլ են տալիս։
- Հո փողով չեն խաղում, զբաղմունք է,- ասաց կողքին նստած տղամարդը։
- Լավ էլ զբաղմունք է։ Իսկ այդ կինը տղամարդկանցից ետ չի մնում։ Ո՜նց էլ լկտի կչկչում է... Ես գիտեմ, թե դա ինչ զբաղմունք է։
- Լսի՛ր, Շեքսպիրի ողբերգությունները հո դու չես գրել...
Առջևի նստատեղերից վանդականախշ վերնաշապիկով մի երիտասարդ վեր կացավ ու սկսեց հետաքրքրությամբ հետևել թղթախաղին։
- Այս տուզը քեզ՝ չեմպիոնի մեդալ։ Վալյա՛, դու էլ պագոնները կպցրու,- «մսագործի» դեմքը շողշողաց։
- Խնդրեմ, տղե՛րք, մարշալի ուսադիրներ են՝ սև յոթեր։
- Չէ, դրանք սերժանտի ուսադիրներ են,- ասաց վանդականախշ վերնաշապիկովը, իսկ տղաներից մեկը հետաքրքրությամբ նայեց միլիցիոներներին։
Բարձրահասակ միլիցիոները նստատեղից բարձրացավ ու շարժվեց առաջ։
- Ընկերնե՛ր, այդ արկղի մեջ ի՞նչ եք տանում։
- Ձուկ,- կապույտ վերնաշապիկով տղամարդը վարից վեր նայեց միլիցիոներին։
- Բացե՛ք արկղը։
- Ասացի՝ ձուկ։
- Չհասկացա՞ք,- գանգրահեր միլիցիոները կանգնեց բարձրահասակի կողքին։- Շու՛տ, բացեք արկղը։
- Հովի՛կ, տղերքը չեն հավատում, ցույց տուր,- կապույտ վերնաշապիկովը դիմեց ընկերոջը։
- Մենք քեզ համար տղերք չենք,- գանգրահերն ավելի սեղմվեց բարձրահասակին։
- Չլինի թե ուզում եք ապացուցել, որ աղջկերք եք,- կապույտ վերնաշապիկավորի ընկերը քթի տակ ժպտաց։
- Բացե՛ք արկղը,- կրկնեց բարձրահասակը։
- Հովի՛կ, ինչպես տեսնում ես, տղերքը, ներողություն, ընկեր միլիցիոներները ուզում են իրենց աչքերով տեսնել։ Խնդրեմ։
Նստատեղի տակից տղամարդիկ հանեցին արկղն ու դանակի ծայրով բարձրացրին կափարիչը։ Արկղի մեջ ցելոֆանե տոպրակը լիքն էր ձկներով ու սառցի կտորներով։
- Հիմա համոզվեցի՞ք,- կապույտ վերնաշապիկավորը նայեց բարձրահասակին։
- Որտեղի՞ց են սրանք,- բարձրահասակ միլիցիոները ոտքով մի կողմ հրեց կափարիչը։
- Սպեկուլյանտներ,- ասաց գանգրահերը։
- Ձեր ապրանքը բռնագրավված է։
- Դրանց այդպես էլ պետք է,- առջևից լսվեց կնոջ ճղճղան մի ձայն։- Իրենց ձկներով մեզ թալանում են։
- Ընկերուհի, իսկ ձեզ զոռով չենք ստիպում, թե ձուկ գնեք,- կապույտ վերնաշապիկով տղամարդու դեմքը զայրույթից կարմրել էր։
- Անաստվածներ, կիլոգրամն էլ երեք ռուբլով են տալիս։ Ուղղակի թալան է,- ասաց մի տղամարդ։
- Դեռ պիտի ուրախանաք, որ սպեկուլյացիայի համար չենք տուգանում,- բարձրահասակը մի կողմ հրեց արկղը։
- Հովի՛կ, իջնենք։ Է՜յ, վարորդ, ավտոդ կանգնեցրու, իջնում ենք,- կապույտ վերնաշապիկովը արհամարհանքով նայեց միլիցիոներներին,- բարի ախորժակ...
- Զգուշացնում ենք, եթե մի անգամ էլ բռնեցինք, չեք պրծնի,- ասաց գանգրահերը։
- Դե գնա՛, ես ձեր...
- Ի՞նչ։
- Հովի՛կ, գործ չունես, հոտած տիպեր են երևում...
Երբ ավտոբուսը կրկին առաջ շարժվեց, կանանցից մեկը ձեռքը մեկնեց դեպի արկղն ու երկու ձուկ հանեց։
- Կարծես իշխան է։ Մերոնք իշխան կերած չկան...
Ավտոբուսում աներևակայելի բան կատարվեց։ Իրար հրմշտելով, մարդիկ ձեռքները մտցնում էին արկղի մեջ ու ձգտում ինչքան հնարավոր է շատ ձուկ հանել։
- Սպասեք,- բարձրահասակ միլիցիոները ոտքով փակեց արկղը։- Մենք նրա համար չենք չարչարվել, որ երկու րոպեում քթներիս տակից ողջ ձուկը փախցնեք։ Մենք էլ մարդ ենք։
- Երեք հատ վերցրի,- կողքին նստած տղամարդու ականջին շշնջաց կարմիր մազերով կինը։
- Իսկ դա թղթախաղից էլ վատ է,- ասաց տղամարդը։
- Ի՞նչը։ Ձո՞ւկը,- զարմացավ կինը։
- Կարծես գազանանոցում լինեն,- տխուր ասաց պոլիտեխնիկականի ուսանողուհին,- աչքերիս չեմ հավատում։ Սարսափելի է, քեռի Սահակ։
- Այո, սարսափելի է, աղջիկս,- մտախոհ կրկնեց միթևանի ծերունին,- սարսափելի է...
Միլիցիոներները կափարիչը նորից մեխեցին, և արկղը դրին իրենց նստատեղերի տակ։
- Այսօր բախտներս բերեց։ Ահագին փախցրին, բայց էլի շատ մնաց։ Մի տասնհինգ կիլո կլինի։ Կկիսենք։
- Ըհը, լավ օր է,- պատասխանեց գանգրահերը։- Քո ասած տպավորությունը ստեղծեցինք. ձրի ճանապարհ և դրան գումարած՝ տասնհինգ կիլոգրամ թարմ ձուկ։ Մի քիչ էլ վարորդներին չտա՞նք։
- Չարժե։ Իրենք իրենց խալտուրայից մեզ տալի՞ս են։
Միթևանի ծերունին վեր կացավ ու շարժվեց առաջ։ Ավտովարորդի խցիկի մոտ կանգ առավ և շրջվեց դեպի ուղևորները։ Նրա դեմքը սաստիկ գունատ էր, իսկ ծնոտը թեթև դողում էր։
- Աջ թևիս մեջ ավելի քան հիսուն տարի առաջ ձեռք կար։ Իսկ այդ նույն ժամանակ, հիսուն տարի առաջ, հազարավոր, միլիոնավոր մարդիկ իրենց կյանքն են զոհել, որպեսզի Չարը չհաղթանակի։ Ես էլ եմ պայքարել Չարի դեմ և ընդամենը ձեռքս եմ զոհել, աջ ձեռքս։
- Ի՞նչ է ասում,- գունավոր ակնոցներով կինը ձգվեց դեպի առջևի նստատեղը։
- Հայրենականի իր քաջագործություններից ուզում է մի հերոսական դեպք պատմել,- ասաց կարճ խուզած մազերով ու ատլետի կազմվածքով մի տղա։
- Գուցե հիմարություններ եմ ասում, բայց քիչ առաջ մտածում էի, որ եթե հանկարծ ամեն ինչ նորից կրկնվեր, չէի ցանկանա ձեռքս նորից զոհել,- ծերունին ամբողջովին դողում էր։- Սակայն, ոչ։ Այստեղ, ավտոբուսում մոտ երեսուն-երեսունհինգ ուղևոր կա, և եթե Չարը նորից գլուխ բարձրացներ, ես մյուս ձեռքս էլ կզոհեի, որովհետև ձեր երեսուն-երեսունհինգ հոգու մեջ հինգ-վեց մարդ կա,- նա դողացող ձեռքը մեկնեց դեպի պոլիտեխնիկականի ուսանողուհին,- որովհետև ձեր մեջ այն ազնիվ ու սքանչելի աղջիկն էլ կա, և միայն նրա համար ես կյանքս էլ կզոհեմ...
Ավտովարորդը դանդաղեցրեց ավտոբուսի ընթացքը և երբեմն հետաքրքրությամբ հետ էր նայում։
- Ափսոսում եմ, որ ձեր այս բազմության մեջ ընդամենը հինգ-վեց մարդ կա։ Իսկ դուք,- ծերունին կատաղությամբ նայեց միլիցիոներների կողմը,- ձեր ուսադիրների վրա նույնիսկ թքել էլ չարժե։
- Մի քիչ կամաց,- բարձրահասակ միլիցիոները վեր կացավ տեղից։- Քեզ խելոք պահիր, թե չէ...
- Թե չէ ի՞նչ... օրենքի կարկատաններով ծպտված աղտեղություններ, ձեզ նմաններին տուգանային գումարտակ էին ուղարկում...
- Ձայնդ կտրիր, ցնդած բիձա...
Ամեն ինչ այնքան արագ ու անսպասելի կատարվեց, որ ավտովարորդի օգնականն էլ, չնայած շատ մոտ էր ծերունուն, չհասցրեց ժամանակին պահել նրան։ Հավասարակշռությունը կորցնելով, ծերունին գլուխը զարկեց մետաղե բռնակին ու ընկավ ավտոբուսի աստիճաններին։
Ավտովարորդը կտրուկ սեղմեց արգելակը, և մի քանի վայրկյան հետո ավտոբուսում ամեն ինչ իրար էր խառնվել։ Առջևի նստատեղերից մեկի թիկնակը մինչև վերջ իջեցրին ու ծերունուն պառկեցրին։
- Ոնց-որ չի շնչում,- ասաց ինչ-որ մեկը։
- Զարկերակը ստուգիր,- վանդականախշ վերնաշապիկով երիտասարդը մի կողմ հրեց մարդկանց։- Մի՛ խանգարեք, ի՞նչ եք ճանճերի պես բզզացնում, պատուհանը լրիվ բացեք։
- Կարծես թույլ խփում է սիրտը,- տղամարդկանցից մեկը կամաց իջեցրեց ծերունու միակ ձեռքը։
- Պետք է հիվանդանոց հասցնել,- ասաց ավտովարորդի օգնականը։- Ամենքդ անցեք ձեր տեղերը։
Պոլիտեխնիկականի ուսանողուհին երկու տղամարդկանց օգնությամբ սկսեց մաքրել ծերունու վերքը՝ ձախ քունքից վեր, ու զգուշությամբ վիրակապել։
Ավտոբուսն առաջ շարժվեց։
Բարձրահասակ միլիցիոները կանգնել էր ծերունու մոտ և կարծես շատ վաղուց մոռացել էր խոսելը։ Ուղևորները սկսեցին քննարկել պատահարը։
- Միլիցիոները խփեց,- կամաց ասաց ինչ-որ մեկը։
- Չէ, ինքը ընկավ, չէ՞ որ միթևանի է։ Կորցրեց հավասարակշռությունն ու ընկավ,- ասաց գունավոր ակնոցով կինը։
Միլիցիոները հանկարծ վերագտավ խոսելու ընդունակությունը.
- Մեղավորը ինքն է։ Մարդկանց վիրավորեց, իսկ ես ուզում էի ձեզ պաշտպանել։
- Մեղավորը ձուկն է,- ասաց կարմիր մազերով կինը։- Ամեն ինչ այդ անիծյալ ձկներից սկսեց։
- Այո, մեղավորը ձուկն է,- վանդականախշ վերնաշապիկով երիտասարդը արհամարհանքով նայեց խոսողի կողմը։- Մեղավորը ձուկն է, որովհետև խոսել չգիտե։ Ամենավերջին սրիկան կարող է խոսել, արդարանալ հրեշտակի նման, իսկ ձուկը միշտ լռում է։ Ձուկը չի կարող խոսել ու պաշտպանել իրեն, եթե մինչև անգամ անմեղ է։
Ավտոբուսում որոշ ժամանակ լռություն տիրեց։
- Ինչքա՞ն մնաց մինչև մոտակա հիվանդանոց,- հարցրեց ուսանողուհին։
- Մոտ երեք-չորս կիլոմետր,- պատասխանեց ավտովարորդի օգնականը։
- Ես մեղավոր չեմ, ինքը ընկավ,- միլիցիոների աչքերում սարսափ կար։
- Իհարկե, ինքը ընկավ,- լսվեց մյուս միլիցիոների ձայնը։- Դեռ սկանդալ էլ սարքեց ու վիրավորեց մեր միլիցիային։ Առնվազն տասնհինգ սուտկա հասնում է։
- Ձայնդ կտրիր, ճիճո՛ւ,- վանդականախշ վերնաշապիկով երիտասարդը չարությամբ նայեց գանգրահերին։- Իսկ ես կթքեմ տասնհինգ սուտկայիդ վրա, և առանց ափսոսալու, քեզ նման աղբը պատուհանից դուրս կնետեմ։
Բարձրահասակ միլիցիոները հանկարծ ոգևորվեց.
- Իսկ դուք, ընկերներ, ձկներից վերցրեք։ Մեզ երկուսն էլ հերիք է։
Գունավոր ակնոցով կինը վեր կացավ։
- Կարելի՞ է երկու հատ էլ վերցնեմ։
- Խնդրեմ, վերցրեք։ Աշո՛տ, արկղը մոտեցրու։
Գանգրահերը բացեց արկղի կափարիչը։
- Երեքը հերիք է,- գունավոր ակնոցով կինը վերադարձավ իր տեղը։
Տղաներից մեկը, որ մարշալի ուսադիրներ էր վաստակել թղթախաղում, զույգ ձկներով ձեռքի ցելոֆանե տոպրակը նետեց միլիցիոների ոտքերի մոտ։ Կանանցից մեկը, հետո մի քանիսն էլ «իրենց բաժին» ձուկը նետեցին արկղի մեջ, և ավտոբուսում կրկին լռություն տիրեց։
- Ընկերնե՛ր,- բարձրահասակ միլիցիոները գրպանից ինչ-որ թուղթ հանեց,- այստեղ ստորագրեցեք։ Բոլորդ էլ տեսաք, որ ինքն ընկավ։ Գրեցեք, որ մեղավորը ինքն էր։
Նա թուղթը մեկնեց կանանցից մեկին։
- Ես չեմ տեսել, բայց կստորագրեմ։
Բարձրահասակ միլիցիոները անվճռականորեն կանգնեց վանդականախշ վերնաշապիկով երիտասարդի մոտ։
- Հը, ինչո՞ւ ես ամաչում, տուր ստորագրեմ,- երիտասարդը վերցրեց թուղթը։- Բայց միայն մի պայմանով. երկու անգամ ծուղրուղու կանչիր։
Միլիցիոները նայում էր երիտասարդին ու կարծես ոչինչ չէր հասկանում։
- Կամ թող ընկերդ ավտոբուսի մի ծայրից չորեքթաթ սողա մյուս ծայրը։
- Ձեռ է առնում,- ասաց գանգրահեր միլիցիոները։
- Էհ, եթե չեք ուզում, չեմ ստորագրի։ Բայց եթե միտքներդ փոխեք՝ համեցեք ինձ մոտ։
Մի քանի հոգի էլ ստորագրեցին։
- Դուք էլ,- միլիցիոները թուղթն ու գրիչը մեկնեց վիրակապված ծերունու կողքին նստած ուսանողուհուն։
- Ի՞նչ։
- Ստորագրեցեք, գրեցեք, որ ինքն ընկավ։
Աղջիկը վերցրեց թուղթը, նայեց միլիցիոների աչքերին ու դանդաղ, շատ դանդաղ պատառոտեց այն։
Ավտոբուսն արդեն շարժվում էր քաղաքի փողոցներով։ Մինչև հիվանդանոց մնացել էր մի քանի հարյուր մետր։
Հունիս, 1986 թ
ԶԻՆՎՈՐԸ
Աշնան արևը սկսեց կամաց-կամաց խոնարհվել դեպի արևմուտք։ Զինվորը, հանգցնելով ծխախոտը, գետնից վերցրեց հին ուսապարկն ու շարունակեց ճանապարհը ամայի դաշտով։ Արդեն երկու ժամ քայլում է ամռան արևից այրված ճանապարհով։ Նորից սկսեց վերհիշել հայրենի գյուղը, իրենց տունը՝ գյուղի ծայրին։ Վերհիշեց կնոջ կլոր, գեղեցիկ դեմքն ու ժպիտը, որից այտերին զույգ փոսիկներ էին գոյանում, մազերը՝ շագանակագույն, երկա՜ր...
Տղան արդեն ութ տարեկան է։ Իսկ աղջնակին քիչ մնաց մոռանար։ Ցանկացավ վերհիշել փոքրիկի դեմքը, բայց չկարողացավ։ Նա ընդամենը երեք ամսական էր, մեծ տիկնիկի չափ, իսկ աչքերը կապույտ էին։ Կապո՞ւյտ , թե՞ կանաչ... Նա այդպես էլ չկարողացավ վերհիշել աղջկա դեմքն ու աչքերի գույնը և դրանից տխրեց. լավ չէ, որ հարազատ աղջկա աչքերի գույնը չի հիշում...
Արևը հավասարվում էր երկնքի և երկրի սահմանագծին, ու զինվորն ավելի արագացրեց քայլերը։ Ավերված գյուղի մոտով անցնելիս, հանդիպեց մի ծերունու։ Բարևեց, իսկ ծերունին գլուխն անորոշ տմբտմբացրեց։ Երբ մի քանի քայլ էր արել, լսեց նրա ձայնը.
- Զգույշ, դաշտը ականապատված է... Նրանք ամեն տեղ ականապատել են... Իսկ մերոնք ուշացան, ամեն ինչ վերջացած էր...
Զինվորն անվստահ ետ նայեց, ուզում էր ինչ-որ բան հարցնել։ Ծերունին արդեն մոռացած իր զրուցակցին, փայտի ծայրով գետինն էր փորփրում ու քթի տակ երգ դնդնում։ Զինվորը թափ տվեց ձեռքն ու շարունակեց ճանապարհը։ Պետք է շտապել, մթնում է։ Օդը սկսեց կամաց-կամաց սառչել։ Ինչ-որ տեղ երեխայի ձայն լսեց, ապա ամեն ինչ լռեց։ Հեռվում երևաց դաշտը։ Նա ետ նայեց. ծերունին այլևս չէր երևում։ Իջավ զառիվայրով, ու նրա առաջ կարծես անվերջ տարածված էր դաշտը։ Նա մի քանի քայլ արեց, անվստահորեն այս ու այն կողմ նայեց ու քիչ էլ առաջ շարժվեց։ Թվաց հեռվից ինչ-որ ձայն լսվեց։ Ետ նայեց, ոչ ոք չկար։ Սկսում եմ հիմարանալ, մտածեց զինվորը։ Իհարկե, ոչ մի ական էլ չկա։ Ծերունին հավանաբար խենթ է։ Նա նորից առաջ շարժվեց ու հանկարծ անշարժացավ։ Թվաց, թե իրենից կես քայլ առաջ հողը չափազանց փափուկ է, ու զգուշությամբ տեղ որոնեց ոտք դնելու համար։ Ո՛չ, ծերունին ճիշտ էր ասում, ինչո՞ւ պիտի ստեր։ Պետք է զգույշ լինել։ Կարծես մերոնց մասին էլ բան ասաց։ Ի՞նչ ասաց։ Նա չկարողացավ հիշել ու սկսեց տեղ որոնել հաջորդ քայլի համար։ Ձախ ոտքը կամաց իջեցրեց գետնին, մարմնի ծանրությունը տեղափոխեց ձախ ոտքին ու աջ ոտքով սկսեց շոշափել մոտակա թուփը։ Ոնց-որ անվնաս է, այո, հուսալի է այստեղ։ Մի երկու քայլ էլ առաջ շարժվեց ու հանկարծ խայթվածի պես ոտքը ետ քաշեց։ Թփի տակ ինչ որ բան էր սևին տալիս, և նա կամաց-կամաց շրջանցեց վտանգավոր թուփը։
Արևն արդեն հավասարվել էր հորիզոնի գծին, և սառը քամի էր փչում։ Զինվորը մտածեց, որ լավ կլինի ետ դառնա ու սարսափով նկատեց, որ մեն-մենակ գտնվում է դաշտի կենտրոնում։ Ետ դառնալը նույնպես վտանգավոր է, որքան առաջ շարժվելը։ Նա չէր կարող հիշել անցած ճանապարհը, ամեն մի թուփ։ Ետ նայեց, նույնիսկ մոռացել է, թե որտեղ է դրել իր վերջին քայլը։ Զինվորը կռացավ ու սկսեց ձեռքով զգուշորեն շոշափել գետինը։ Մի փոքր էլ առաջ շարժվեց։ Թփերն հազիվ էին ուրվագծվում։ Արևի սկավառակն արդեն թաքնվել էր հորիզոնից ներքև ինչ-որ տեղ։ Նա սկսեց մատներով զգուշորեն շոշափել թփերը, գետինը։ Մի վերջին հույսով ետ նայեց. ոչ մի կենդանի շունչ, ոչ մի ձայն։ Սատանան տանի, սա ի՞նչ գերեզմանային լռություն է։ Մի՞թե ամեն ինչ չի վերջացել։
Մատների տակ հողը չափից դուրս փափուկ էր։ Նա զգուշությամբ ետ քաշվեց ու սկսեց հսկա դաշտի մեջ հուսալի տեղ որոնել ոտքը դնելու համար։ Լրիվ մութ էր, և յուրաքանչյուր թուփ այժմ ավելի չարագուշակ տեսք ուներ։ Իսկ գուցե պառկած փորձի, այդպես, փորսուղ տալով ավելի պակաս վտանգավոր կլինի, ինքն ավելի թեթև կլինի։ Զգուշությամբ նստեց գետնին ու դանդաղորեն պառկեց փորի վրա։ Ձեռքով շոշափում էր թփերն ու հողը և դանդաղ առաջ սողում։ Մի քիչ էլ առաջ շարժվեց ու նրան թվաց, թե ոտքը ինչ-որ մետաղյա կարծրության է դեմ առել։ Մարմնով սառը դող անցավ։ Իսկ եթե ոտքը ականի վրա է՞... Ատամները պինդ սեղմեց, ոտքը դանդաղ վեր բարձրացրեց ու զգուշությամբ ետ քաշեց։ Ոչ, այսպես ավելի վտանգավոր է։ Այսպես իր հենման մակերեսն ավելի մեծ է, և ինքը չի կարող ամբողջ հողակտորը ստուգել։ Իսկ եթե ականը դրված լինի ուղիղ դեմքի տա՞կ... Զինվորը սարսափեց այդ մտքից։ Անցնել բազմաթիվ կրակների միջով, արհամարհելով վտանգն ու մահը, պատերազմի դաշտում հաղթել Չարին, և երբ, թվում է, ամեն ինչ վերջացած է, զոհվել հայրենի գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ամայի մի դաշտո՞ւմ,- նա զգուշորեն, կամաց բարձրացրեց ձեռքն ու թևքով սրբեց ճակատի քրտինքը,- գրողը տանի, մեկ անգամ չէ, որ մահն անցել է իմ կողքով, բայց սարսափելիորեն անհեթեթ է, նվաստացուցիչ է, մեռնել այսպես, անիմաստ ու դաժան՝ դավադիր ինչ-որ մի բուռ անշունչ երկաթակտորից...
Պետք է զգուշությամբ ոտքի կանգնել։ Նա կամաց-կամաց կծկվեց, կողքին մոտ շոշափեց հողը։ Կարծես պինդ է, կարելի է հենվել։ Աջ ոտքը կամաց ուղղեց ու դանդաղ վեր բարձրացավ։ Արևի վերջին շողերն էլ վաղուց չքացել էին հորիզոնից։ Օդն սառն էր ու այդ սառնության մեջ չարագուշակ բան կար կարծես։ Զինվորը կանգնել, մտածում էր։ Հանկարծ ինչ-որ բան հիշեց. ձեռքը կամաց-կամաց մտցրեց գրպանն ու հանեց լուցկու տուփը։ Լուցկուց աննշան լուսավորված թփերն ավելի վտանգավոր թվացին, իսկ հեռվում մութն ավելի խտացավ։ Նորից սկսեց խորհել։ Պետք է մի ելք գտնել։
* * *
Արևելքում գիշերվա կապույտը սկսեց կամաց-կամաց լուսավորվել։ Մի երկու ժամ հետո կապույտը վերածվեց բաց երկնագույնի, այնուհետև նարնջագույնի և շուտով հորիզոնի վրա սկսեց բարձրանալ արևի գունդը։ Օդը սառն ու մաքուր էր, և դաշտում չորացող խոտի հաճելի բույր կար։
Զինվորը բացեց աչքերն ու նայեց արևի վեր բարձրացող գնդին, որից ջերմություն ու հարազատություն էր բուրում։ Նա տրորեց աչքերն ու զարմացած շուրջը նայեց։ Որտե՞ղ է գտնվում։ Քնել է ամայի դաշտո՞ւմ։ Դժվարությամբ ոտքի կանգնեց։ Մարմնի մեջ աշնան սառնություն զգաց։ Հիշեց. դաշտը ականապատված է։ Իսկ գուցե այդ ամենը տեսել է երազո՞ւմ։ Զինվորը վերջնականապես իրեն հավաքեց ու սառնասրտորեն առաջ շարժվեց։ Մնաց 15-20 մետր։ Ատամները պինդ սեղմեց ու մի քանի քայլ էլ կատարեց։ Չպետք է շտապել։ Մի քանի քայլ էլ, և ամեն ինչ կմնա ետևում։
Զինվորը ոտքը բարձրացրեց առաջ շարժվելու համար ու անշարժացավ տեղում. մեկ-երկու քայլ առաջ մետաղափայլ երևաց։ Սարսռաց։ Նա զգուշությամբ սկսեց հարմար ու վստահելի տեղ որոնել հաջորդ քայլի համար։ Մնաց մի քանի մետր։ Դիմացը փոքրիկ ձորակն է ու վերևում՝ լեռնանցքը։ Զինվորը մտածեց, որ ավելի լավ կլինի մի ուժեղ ցատկով կտրի անցնի այդ անիծյալ երկու-երեք մետրը։ Ոտքերը ծնկամասում ծալեց և պատրաստվեց ցատկի։ Իսկ եթե ցատկի ուղիղ սատանայի վրա՞։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ ձորակը ևս ականապատված չէ։ Ո՛չ, չպետք է սխալվել։ Այնտեղ, դեպի ձախ կարծես ավելի հուսալի է։ Ու նա դանդաղ, շատ դանդաղ առաջ շարժվեց։
* * *
Արևն սկսեց ավելի ուժեղ տաքացնել։ Ձորակից քիչ վերև, լեռնանցքի ցանցառ թփերի մեջ, թիկունքով դեպի անցած ճանապարհը նստած, զինվորը ծխում էր՝ տարվելով ծանոթ պատկերներով։ Երբեմն մտածում էր, որ քիչ էր մնում կորչեր կես ճանապարհին, հարազատ գյուղի մոտ, երբ մի ժամ հետո պիտի տեսնի սիրելիներին։ Նա կրնկի տակ հանգցրեց ծխախոտը, ուսապարկը հարմար տեղավորեց մեջքին, շրջվեց՝ մի վերջին անգամ անցած ճանապարհին նայելու համար ու, ասես, քարացավ։
Ականապատված դաշտում վստահ քայլերով առաջ էր շարժվում մի տղամարդ։ Զինվորը բերանը բացեց, որ ճչա, զգուշացնի անծանոթին, սակայն այն, ինչ դուրս եկավ նրա բերանից, չէր կարելի ձայն անվանել... Իսկ ինչո՞ւ վախեցնել անծանոթին, մտածեց զինվորը։ Առանց պատահարի վստահորեն անցել է ճանապարհի կեսից ավելին։ Գուցե այդպես ավելի լավ է. հանգիստ ու ինքնավստահ անցնել մահվան միջով, չիմանալով նրա գոյության մասին։
Անծանոթն ավելի ու ավելի էր մոտենում։ Նա շունչը պահած սպասում էր։ Մինչև ձորակը մնացել է մի քանի քայլ։ Իսկ եթե մոտերքում հանկարծ պայթի՞... Զինվորը ձգվեց գետնի վրա ու ձեռքերով պինդ ծածկեց գլուխը։ Ժամանակը կարծես քարացել էր։ Վայրկյանը թվաց մի ամբողջ հավիտենություն։ Նա դանդաղորեն բարձրացրեց գլուխը. տղամարդը անցել ձորակը, վեր էր բարձրանում։ Զինվորը թևքով սրբեց դեմքի սառը քրտինքն ու կամաց ոտքի կանգնեց։ Տղամարդը տեղում անշարժացավ։ Նրա առաջ կանգնած էր հողագույն դեմքով, չռված աչքերով մի զինվոր...
* * *
Արևմուտքում ամպի քրքրված ծվեններ երևացին, և թույլ քամին դրանք քշում էր դեպի հյուսիս-արևելք։
- Դու անցել ես ականապատված դաշտով...
- Ի՞նչ դաշտ,- զարմացավ տղամարդը։
- Դաշտը ականապատված է... Այնտեղ մի ծերունի ասաց, որ ականապատել են դաշտը...
- Ահա թե ինչ։ Դաշտում ոչ մի ական էլ չկա, ես միշտ այստեղով եմ անցնում։ Ծերունին... Նա մի քիչ... Նրա բոլոր հարազատներին...
- Դաշտում ական չկա՞,- կմկմաց զինվորը։
- Նրա հարազատներին այրել են։ Բոլորին լցրել են ակումբի շենք և հրդեհել... Պետք է շտապել, ուր որ է անձրև կգա։
Թեթև քամի բարձրացավ։ Խանձված խոտի հոտ էր տարածվել։ Խանձահոտ դաշտի լռության միջով երկու տղամարդ են անցնում։ Զինվորը անորոշ նայում էր դիմացը՝ չորանալ սկսող խոտերին։ Լռությունը երբեմն խախտում էր նրա գոտուց կախված դատարկ տափաշիշը, որ դիպչելով զինվորական բաճկոնի կոճակին, թույլ ծլնգոց էր արձակում։
Խանձահոտ դաշտի լռության միջով երկու տղամարդ են անցնում։ Նա, որ զինվորի հագուստով է, երբեմն հանկարծակի անշարժանում էր, գունատվում ու, ընկերոջ թևը բռնելով, շշնջում. «Նայիր թփերի մեջ, այնտեղ ական կա»...
Հեռվում երևաց գյուղը։ Զինվորը շատ երկար նայեց։ Նա բերանում այրված հացի համ զգաց, և կոկորդում ծանր շարժվեց ադամախնձորը...
Նոյեմբեր, 1984 թ.
ԿԻՍԱՏ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐՍ, ՏՂԱՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ
Պատմվածքներս երբեմն տպագրվում էին պարբերական մամուլում և ընկերներս, բարեկամներս ու ծանոթներս հարցնում էին, թե կրճատե՞լ են, արդյոք, պատմվածքներիս վերջը։ Ես ասում էի, որ սկզբից ու մի քանի տեղ էլ միջնամասից կրճատել են, բայց վերջին չեն դիպչել։ Հետո ընկերներս, բարեկամներս ու ծանոթներս միահամուռ խոստովանում էին, որ պատմվածքներս կիսատ են, որովհետև դրանք այդպես չպիտի վերջանային։
Ես ամեն կերպ ձգտում էի պատմվածքներիս վերջի հետ ավելի զգույշ վարվել, բայց ամեն ինչ, ի դժբախտություն ինձ, իմ ընկերների, բարեկամների ու ծանոթների, կրկնվում էր աննշան փոփոխությամբ, և ես վաղուց հաշիվներս փակած կլինեի պատմվածքներիս հետ, եթե շա՜տ, աներևակայելիորեն շատ չսիրեի պատմվածքներ սարքելու արհեստը։ Աշխարհում ոչ մի ուժ չէր կարող ինձ ետ պահել այդ արհեստից. ոչ այն, որ տխուր պատմվածքներս հաճախ շփոթում էին երգիծական գրվածքներիս հետ ու ծիծաղում, և ոչ էլ այն, որ հաճախ պատմվածքներիս հերոսին նույնացնում էին ինձ հետ, որովհետև մեկ-մեկ սիրում եմ պատմել առաջին դեմքով։ Ես ստիպված եմ լինում ծանոթ ու անծանոթ ընթերցողներիս բացատրել, որ «Նշանավորը» և «Խեղկատակը» պատմվածքներիս գլխավոր հերոսը ես չեմ, ու ամեն անգամ սարսափով եմ նայում իմ «Անհաջողակը» պատմվածքին, որովհետև այնտեղ առաջին դեմքով պատմում եմ հետաքրքիր մի տիպի մասին, որ բազմիցս սիրահարվել, ամուսնացել ու ամուսնալուծվել է և երեխաների խայտաբղետ մի հավաքածու ունի։ Ես սարսափում եմ այն մտքից, որ ստիպված իմ այդ պատմվածքին պիտի կցեմ հատուկ ծանոթագրություն առ այն, որ այդ պատմվածքի հերոսը ես չեմ, որ ես ոչ միայն մարդավարի սիրահարված չկամ, այլև, դժբախտաբար, դեռևս չեմ հայտնաբերել երկրային այնպիսի մի գեղեցկուհի, որին սիրեի պատմվածքներիս ու պատմվածքներ սարքելու արհեստիս թեկուզև մեկ իններորդի չափ...
Հերոսներիս վերցնում եմ մեր ժամանակներից ու մեր շրջապատից։ Նրանց հետ հաճախ եմ հանդիպում կյանքում, երբեմն դեսից-դենից զրուցում հետները և թույլ տալիս՝ ծավալվեն, ինչքան կարող են։ Հետո նրանց անունները փոխում, անսահման ազատություն եմ տալիս ու այնուհետև գրիչը ձեռքիս՝ հետևում նրանց։ Եվ, խոստովանում եմ, հաճախ են նրանք ինձ զարմացնում։ Նրանք երբեմն այնպիսի բաներ են անում, որ ես ամենևին չեմ սպասում և զայրանում ու պատռում եմ ավարտուն պատմվածքներս։ Հետո հերոսներիս նորից ազատություն եմ տալիս ու հետևում նրանց, իսկ նրանք՝ հերոսներս, ամեն ինչ գրեթե նույնությամբ կրկնում են, և ես ապշում եմ դրանից։ «Մենախոսություն վերջին նստարանից» պատմվածքիս հերոսը վերջերս ձանձրանում էր դասախոսությանը։ Ես զգում էի, որ նա սխալմամբ է հայտնվել բարձրագույնի այդ ֆակուլտետում, չնայած երբեմն «գերազանցներ» ու գերազանցիկի թոշակ էր ստանում, և ցավակցում էի նրան։ Բայց երազում էլ չէի պատկերացնում, որ վերջին կուրսում նա հիմնավորապես կթքի դիպլոմի վրա ու կփախչի հայրենի գյուղ...
Ինձ թվում է, թե ես այդպես, այդ ձևով չէի վարվի։ Երևի սիրտ չէի անի։ Ինչպես նաև իմ մի այլ հերոսի՝ փոստատարի նման էլ չէի վարվի, որ ձմռան սառնամանիքին դուրս եկավ ավտոմեքենայից, որովհետև ավտովարորդը վատ մարդ էր։ Վարորդի մոտ նստած աղջկա նման էլ չէի վարվի, որ, ի զարմանս ինձ, միացավ փոստատարին, չնայած դրսում շատ ցուրտ էր...
Եվ հիմա ես նայում եմ պայուսակի վրա մատներով թմբկահարող տղային, որ քիչ առաջ կտրեց անցավ մայթը։ Չգիտեմ ինչու, այդ տղան ինձ դուր եկավ, և ես որոշեցի նրան դարձնել պատմվածքիս հերոսը։ Իսկ նա այդ չգիտեր։ Ես ցույց չտվեցի, որ փողոցի բազմության միջից հատկապես իրեն եմ հերոս ընտրել։ Մտքում ես մի քիչ ազատություն տվեցի նրան ու սկսեցի հետևել։ Նա շատ զվարթ տեսք ուներ և երբ, ուսից կախ պայուսակը ճոճելով, անցնում էր մայթը, ես վախեցա. հանկարծ մի բան չպատահի։ Նա հազիվ տասնհինգ-տասնվեց տարեկան լիներ, իր կողքով սլացող ավտոմեքենաներին գրեթե չէր նայում, և ես մի քիչ ափսոսացի, որ շատ եմ ազատություն տվել նրան։
Այդ ժամանակ նա բացեց հանրախանութի ծանր դուռն ու մտավ ներս։
- Ահա և ես,- աշխույժ ասաց տղան։
- Փախե՞լ ես,- հարցրեց երիտասարդ վաճառողուհին։
- Չէ, ինչ ես ասում։ Ֆիզիկայի ուսուցչուհին հիվանդ է, իսկ ես մի լավ սովորել էի։
- Բախտդ չի բերում։
- Երկրաչափությունը չէի սովորել և չհարցրին։ Ուրեմն կիսով չափ բախտս բերում է։ Իսկ երեկ հեռուստացույցով կինոն չնայեցի ֆիզիկայի պատճառով։ Լա՞վն էր։
- Սովորական,- ասաց աղջիկը։- Մայրիկին կասես, որ երևի ուշանամ մի քիչ։
- Ոչինչ, կսպասեմ, միասին կգնանք։
Գնորդներից մեկը, քունքերի մոտ հազիվ երևացող ճերմակով մի տղամարդ, կոպեկանոցով տկտկացրեց ցուցափեղկի վրա։
- Քեզ են ուզում։ Ինչո՞ւ ես պոստդ թողել,- ասաց տղան։
- Ձանձրացրին։ Արմե՛ն, մի տես ինչ է ուզում։
Տղան պայուսակը ցած դրեց և անցավ վաճառասեղանի հետևը։
- Ի՞նչ եք ուզում։
- Այն շագանակագույն կազմով ալբոմը տուր տեսնեմ։
- Այս մեկ՞ը, թե՞ սա...
- Ձախինը, որ յոթ ու հիսուն է։
- Խնդրեմ։ Սա լուսանկարների համար է,- ասաց տղան։
Ճերմակող մազերով գնորդը զարմացած նայեց տղային։
- Իսկապե՞ս, իսկ ես կարծում էի, թե մեջը բանաստեղծություններ գրելու համար է...
- Բայց դա այնքան էլ լավը չէ, չնայած թանկ է։ Այ սա էժան է, բայց լավն է։ Գույնն էլ է լավը։ Սրանից ես ունեմ։ Թղթերը թեթև նախշազարդած է երկնագույնով, և մեջն էլ միջադիր թերթիկներ կան, որ լուսանկարները իրար չկպչեն-փչանան։
- Տուր տեսնեմ,- ասաց տղամարդը։- Այո, իսկապես սա ավելի լավն է։
- Ընդամենը հինգ ու հիսուն արժե,- ասաց տղան ու վերցրեց թղթադրամը։
- Անահի՛տ, արի մանրիր։ Հինգ ու հիսուն։
Գանգրահերի բաժնում վաճառողուհին շրջվեց դեպի տղան։
- Ի՞նչ է պատահել։
- Եկ փողը մանրիր։ Ալբոմը գնում են։
Աղջիկը գանգրահեր վաճառողուհու մոտից դժգոհությամբ շարժվեց դեպի իր բաժինը։
- Հինգ ու հիսո՞ւն,- նա բացեց դրամարկղը, փողը հաշվեց ու մեկնեց գնորդին, իսկ տղան թղթով փաթաթեց ալբոմը։
- Շնորհակալությու՛ն, երիտասարդ,- գնորդը թևի տակ դրեց ալբոմն ու խառնվեց մարդկանց խմբերին։
- Արմե՛ն, իսկ սա ինչո՞ւ ես այստեղ դրել,- աղջիկը վաճառասեղանի վրայից վերցրեց շագանակագույն կազմով ալբոմը։
- Այդ մեկն էր ուզում գնել, բայց ես ասացի, որ լավ չէ, չնայած թանկ է։
- Էհ, ի՞նչ գործ ունես։ Եթե սա էր հավանել, ուրեմն թող սա էլ վերցներ։
- Բայց այն մեկն ավելի լավն է։ Չե՞ս հիշում, մայրիկը ծննդյանս օրը նրանից էր նվիրել։
Աղջիկը շագանակագույն ալբոմը նետեց դեպի դարակները։
- Սպասի՛ր, թերթերից մեկը ոնց-որ ծալվել է։
- Էհ, հետո՞, թող ծալվի, մեզ ի՞նչ։
- Չորս հատ ընդհանուր տետր և գունավոր մատիտներ,- յոթերորդ դասարանցի մի աղջիկ ցույց տվեց ցուցափեղկի տակ շարված առարկաները,- այ, սրանից։
- Խնդրեմ,- երիտասարդ վաճառողուհին նայեց դրամարկղի մեջ։- Սա էլ քեզ մանրը, բայց երեք կոպեկանոց չունեմ։
- Ոչինչ, փոխարենը կարելի է այս տետրը։ Երեք կոպեկ արժե,- ասաց տղան։
Անորոշ տարիքի մի կին ինքնահոս գնեց, վաճառողուհին փողը տվեց տղային։
- Արմեն, սա գցիր դրամարկղի մեջ։
Տղան բացեց դրամարկղը։
- Մեկ, երկու... Անահիտ, ախր դու չես նկատել, այստեղ չորս, չէ, հինգ հատ երեք կոպեկանոց կա։ Ակնոցներ պիտի պատվիրես, քույրիկս։
Աղջիկը նայեց եղբոր կողմն ու ծիծաղեց։ Ուրիշ գնորդներ չկային, և նա շարժվեց դեպի մյուս բաժինը, որտեղ գանգրահերն էր։ Հանկարծ նա սառեց տեղում։ Մարմնով թեթև դող անցավ։ Աչքերը հառեց հաճախորդների ոտքերի և հատակի միջև ինչ-որ կետի։ Այնտեղ ճմրթված մի թուղթ կար ընկած։ Կարծես մի ամբողջ հավիտենականություն տևեց մինչև աղջիկը կամաց դուրս եկավ վաճառասեղանի հետևից։
- Սա ո՞վ է գցել,- տղան ճմրթված հիսունանոցը բարձրացրեց գլխից վեր։- Մի տեսեք, թե ով է փող կորցրել։
Հաճախորդները շրջվեցին դեպի տղան։ Գանգուր մազերով կինը մետրն ու կապույտ կտորի ծայրը ձեռքին՝ անշարժացավ։ Երիտասարդ վաճառողուհին շփոթվել-կանգնել էր տղայի և վաճառասեղանների միջև ինչ-որ տեղ։ Մի քանի հաճախորդներ չխկոցով բացեցին դրամապանակներն ու պայուսակները։ Կարմիր մազերով ու կանաչավուն զգեստով մի կին պայուսակն էր բացել ու երբեմն աչքի տակով նայում էր մյուսներին։
- Կարծեմ, ինձ մոտ հիսունանոց պիտի լիներ,- անվստահ ասաց հաճախորդներից մեկը։
- Ես էլ եմ այդպես կարծում,- պատասխանեց տղամարդու մի ձայն։
- Շնորհակալություն, տղաս,- մարդկանց միջից անսպասելի դուրս եկավ մի ծերունի ու տղայի ձեռքից վերցրեց ճմրթված թղթադրամը։- Մեր օրերում հենց ազնվությունն է պակասում շատերին։ Շնորհակալություն։ Իսկ ես ահագին գնումներ պիտի անեի։
Առանց ուշադրություն դարձնելու մարդկանց ամբոխին, ծերունին դուրս եկավ հանրախանութից։
- Ես համոզված եմ, որ դա նրանը չէր։
- Ախր ո՞վ է ծերունուն փող վստահում, այն էլ հիսուն ռուբլի,- ասաց մի ուրիշ ձայն։
- Համենայն դեպս, մի բան պարզ է. մեզնից ոչ ոք փող չի կորցրել,- ասաց արևի ակնոցներով մի տղամարդ, նա, որ ասել էր՝ «Ես էլ եմ այդպես կարծում», և հանրախանութում կյանքը նորից սովորական հունի մեջ մտավ։
Տղան վերցրեց պայուսակն ու կախեց ուսից։
- Հիմա՛ր,- կամաց ասաց երիտասարդ վաճառողուհին,- ախր ինչո՞ւ վերցրիր։ Ես վաղուց էի նկատել...
- Դա նրա փողն էր...
- Ձայնդ գլուխդ էիր գցել։ Կարծես քեզ հենց ինքը՝ հրեշտակապետն էր ուղարկել։ Ձեր ֆիզիկոսը հենց այսօր պիտի հիվանդանա՞ր...
- Էհ,- տղան նյարդայնորեն շարժեց ձեռքը։
- Գնա՛ տուն։
- Քեզ ի՞նչ պատահեց։ Ասես դու ես կորցրել այդ թղթի կտորը։
- Լավ, արդեն ոչ մի նշանակություն չունի,- աղջիկն անցավ վաճառասեղանի հետևը։- Դու գնա տուն։
- Միասին կգնանք։
- Չէ, ես կուշանամ։ Ընկերուհիս է հրավիրել։
Տղան շարժվեց դեպի դուռը։
- Լավ եղբայր ունես,- ասաց հարևան բաժնի վաճառողուհին։
- Բայց բոլորովին չի սովորում։ Իսկ ես «չորս» ու «հինգեր» էի ստանում և գովասանագիր ունեմ,- ասաց աղջիկը։- Ես մինչև անգամ չգիտեմ, թե նա ինչպես է ապրելու։
Վաճառողուհի աղջիկն իսկապես ոչինչ չգիտեր։ Նա մտածում էր, որ այդ օրն ինքը եղբոր պատճառով հիսուն ռուբլի է կորցրել և բոլորովին չգիտեր, որ այդ նույն օրն եղբոր մեջ ինչ-որ մեծ, շատ մեծ ու թանկագին բան է փշրվել։
Տղան արդեն դուրս էր եկել հանրախանութից, և ես արագ շարժվեցի դեպի դուռը՝ վախենալով, որ հանկարծ կկորցնեմ նրան, և ընկերներս, բարեկամներս ու ծանոթներս ինձ նորից կմեղադրեն պատմվածքս կիսատ թողնելու համար։
Երբ դուրս եկա հանրախանութից, տղան չքացել էր։ Ես սկսեցի որոնել նրան, և հանկարծ ուշադրությունս գրավեց բարձրահասակ մի տղամարդ։ Նրա թագավորական պահվածքում անչափ արժանապատվություն կար, և ես չկարողացա հայացքս կտրել նրա թագավորական տեսքից։ Նրա կոշիկների գունաթափ շագանակագույնի մեջ անգամ ինչ-որ անըմբռնելի արժանապատվություն կար։
Կրպակից նա մի ամսագիր ու թերթեր վերցրեց և ձեռքը տարավ գրպանը։ Հետո նայեց ձեռքի կոպեկներին, ամսագիրն արժանապատվությամբ վերադարձրեց կրպակի վաճառող աղջկան ու, թերթերը կռնատակին, շարունակեց ճանապարհը։ Կրպակի վաճառող աղջիկը ոչինչ չնկատեց, բայց ես հասկացա, որ տղամարդու մոտ փողը չհերիքեց՝ ամսագրի համար։ Աղքատ թագավոր է, մտածեցի ես և որոշեցի հաջորդ պատմվածքս անպայման Աղքատ թագավորի մասին գրել...
Դեկտեմբեր, 1986 թ.
ՏՂԱՆ ԵՎ ՈՍԿԵԶՕԾ ԱՐԿՂԻԿԸ
Տղան սովորում էր չորրորդ կուրսում, աղջիկը՝ երկրորդ, բայց նա աղջկանից մեծ էր վեց տարով։ Նա վաղուց ավարտած կլիներ ինստիտուտը, եթե չլիներ պատերազմը, որ նրանից խլել էր հինգ, իսկ իր ասելով, մի հարյուր տարի։
Աղջկան ծանոթացել էր երկրորդ կուրսեցիների կազմակերպած երեկոյի ժամանակ։ Նրան պարի է հրավիրել, այնուհետև սկսել են հաճախակի հանդիպել։
Ձմռան մի երեկո, երբ նրանք զբոսնում էին քաղաքի ծայրամասում գտնվող, ասես բոլորից լքված ու մոռացված պուրակում, աղջիկն ասաց.
- Ես ուզում եմ, որ դու պատմես քո մասին։
- Է՜հ, ես շատ եմ պատմել իմ մասին։
- Չէ, դու միշտ ուրիշների մասին ես պատմել։ Քո մասին պատմիր։
- Չգիտեմ ինչ պատմեմ։
- Միևնույն է, դու լավ ես պատմում։ Ինչ ուզում ես, պատմիր։
- Ես քեզնից վեց տարով մեծ եմ։ Երբ ես վեց տարեկան եմ եղել, դու դեռ աշխարհում չկայիր։
- Երբ դու վեց տարեկան ես եղել, ես արդեն ինչ-որ տեղ կայի,- աղջիկը ծիծաղեց։- Ի դեպ, վեցն իմ սիրած թիվն է։
- Ասում են՝ վեցը սատանայական թիվ է։ Դու սատանա՞ ես...
- Երևի,- աղջիկը նորից ծիծաղեց,- իսկ դու հավատո՞ւմ ես աստծո և սատանայի գոյությանը։
- Իմ կարծիքով, աստված և սատանան մարդու մեջ են լինում։ Երկնքում ոչինչ չկա։ Մոլորակներ են միայն ու բազմաթիվ աստղեր, որոնց նայում են բանաստեղծներն ու ռոմանտիկները և երազում։
- Դու էլ ես երազո՞ւմ։
- Շատ վաղուց, մի հազար տարի առաջ, հիշում եմ, ես պառկում էի մեր բակում գտնվող խնձորենու տակ, ճյուղերի արանքից նայում կապու՜յտ-կապույտ երկնքին և երազում։ Ինձ թվում էր, թե երբ ես մեծանամ, իմ բոլոր երազանքները կսկսեն իրականանալ։ Հետո, երբ մեծացա և ավարտեցի դպրոցը, իմ ձեռքին զենք էր... Բայց իմ երազանքներում պատերազմ և զենք չկար։ Հետո... Ես չեմ ուզում այդ մասին պատմել...
- Չէ, պատմիր, հետո ի՞նչ էիր անում։
- Հետո կռվում էի... Բայց ավելի լավ է, դու պատմիր քո մասին։
- Է՜հ, հետաքրքիր բան չկա, իսկ ձերոնք ի՞նչ են անում։
- Ես ոչ ոք չունեմ, մայրս է միայն...
- Իսկ ես շատ հարազատներ ունեմ՝ հայր, մայր, երկու եղբայր և երկու քույր, եղբոր և քրոջ որդիներ...
- Դա շատ լավ է,- ասաց տղան։
- Ձանձրալի է։ Ամեն օր մեր տանը այնպիսի աղմուկ, վայնասուն է լինում, ասես կենդանաբանական այգի լինի...
- Ես սիրում եմ փոքրիկ երեխաներին։
- Բայց երբ նրանք աղմկում են, դառնում են անտանելի։ Երբեմն ուզում եմ մի լավ ծեծել նրանց։
- Իսկ դու չե՞ս մրսում,- հարցրեց տղան։
- Չէ։
- Ձեռքդ տուր, տեսնեմ,- նա բռնեց աղջկա ձեռքը,- բայց ձեռքդ սառն է, դու մրսում ես։
- Չէ, իսկապես ես չեմ մրսում։ Ձեռքերս միշտ սառն են լինում։
- Թող տաքացնեմ,- աղջկա ձեռքը տղան մտցրեց իր բաճկոնի գրպանը և ամուր սեղմեց։
- Այդպես ինձ համար լավ է,- ասաց աղջիկը։
- Ինձ համար էլ,- տղան մտածեց, որ կյանքում առաջին անգամ իր ափի մեջ աղջկա ձեռք կա՝ սառն ու փխրուն, անչափ հաճելի ու հարազատ։
Նրանք շարունակում են քայլել ոտքերի տակ հաճելիորեն ղրթղրթացող փափուկ ձյան վրայով, և չնայած ձմեռ էր, ցուրտ երեկո, աշխարհը թվում էր անսահման գեղեցիկ և կարծես շուրջբոլոր, չգիտես որտեղից, զարմանալիորեն տաք ու պայծառ այնպիսի մի լույս էր փայլատակում, որ աղջիկը մի քանի վայրկյան փակեց աչքերն ու մտածեց, որ երբեք իր մեջ այդքան ջերմություն չի եղել։
- Դու էլ փակիր աչքերդ,- ասաց աղջիկը։ Տղան փակեց աչքերը։- Իսկ հիմա կանգնիր, բայց աչքերդ չբացես։
Երկուսով կանգնեցին։ Իր դեմքին շատ մոտ տղան զգաց աղջկա շունչը։ Հետո շուրթերի վրա զգաց նրա բույրն ու նրան սեղմեց կրծքին։
Աղջկան տուն ուղեկցելուց հետո տղան մտածեց, որ ահա, վերջապես, իր կյանքում կատարվում է կարևոր մի բան, որին ինքը սպասել է մի ամբողջ հինգ, տասը կամ հարյուր տարի։
* * *
- Ես սիրում եմ գարունը,- ասաց տղան,- լսո՞ւմ ես թռչուններն ինչպես են երգում։ Աշխարհն ասես արթնացել է ձմռան տևական քնից։
- Այստեղ շատ լավ է։ Նայիր,- աղջիկը մատնացույց արեց ոչ հեռվում երևացող քաղաքը,- որքան մոտ է թվում։ Բայց մենք մի ժամվա ճանապարհ ենք անցել, չէ՞։
- Ըհը, մոտ մի ժամ կլինի, որ քաղաքից դուրս ենք եկել։
- Դու այստեղ էլի ես եղե՞լ։
- Շա՜տ։
- Ո՞ւմ հետ։
- Գեղեցիկ աղջիկների...
- Գիտեմ, որ ստում ես։
- Մենակ, երբեմն էլ՝ ընկերներով։
- Մենակ ի՞նչ էիր անում։
- Ինձ համար զբոսնում էի, ինչպես պուրակում, երբեմն բարձրանում այն բարձր սարը, իսկ երբ հոգնում էի, մեկնվում էի կանաչ խոտերի մեջ և, երկնքում ճախրող բազեի թռիչքը դիտելով, երազում։
- Ի՞նչ էիր երազում։
- Օ՜, շատ բան էի երազում։ Իմ երազներում դու էլ կայիր, չնայած այն ժամանակ ես քեզ դեռևս չէի ճանաչում։ Բայց դա շատ առաջ էր, մինչև պատերազմը։
- Համբուրիր ինձ,- կիսադեմով դեպի տղան, կապտականաչ հորիզոնի ուղղությամբ ինչ-որ տեղ նայելով, ասաց աղջիկը։
Տղան սկզբում շոյեց նրա վարսերը, թեթև շառագունած այտերը, դեմքը կամաց շրջեց դեպի իրեն և երկար, շատ երկար համբուրեց աղջկան։ Աղջիկը ողջ ուժով սեղմվեց նրան՝ զույգ ձեռքերով ամուր գրկելով տղային։
Կապույտ երկնքում մի բազե էր դանդաղ ճախրում՝ թևերը լայն տարածած։ Մի քանի մեծ պտույտներ անելով երկնի լազուրում, թևերը մի քանի անգամ թեթև թափահարեց և անհետացավ մոտակա սարի հետևում։ Ներքևի անտառակում թռչուններն ուրախ համերգ են սկսել։ Գարնան արեգակը կապտա-կաթնագույն երկնքում ավելի բարձր դիրք է գրավել։
Տղան նստել էր գետնին, աղջիկը պառկել էր՝ գլուխը տղայի ծնկներին։
- Ոնց-որ փոքրիկ երեխա լինես,- ասաց տղան։
- Ինձ համար մի բան պատմիր։
- Իսկ գուցե օրորոցային երգեմ, քնես։
- Չէ,- աղջիկը ծիծաղեց,- մի հեքիաթ պատմիր։
- Շատ վաղուց, մի հազար տարի առաջ, երբ փոքր էի, սիրում էի հեքիաթներ կարդալ։
- Մեկը պատմիր։
- Ի՞նչ պատմեմ,- տղան փորձեց ինչ-որ բան հիշել։- Մի փոքրիկ տղա է լինում...
- Փոքրիկ, այսինքն՝ քանի՞ տարեկան,- հարցրեց աղջիկը։
- Երևի մի 9-10 տարեկան։
- Չէ, շատ փոքր է, թող մի քիչ մեծ լինի։
- Լավ, 12 տարեկան։
- Թող ավելի մեծ լինի։
- Փոքրիկ սատանա, եթե խանգարես, չեմ պատմելու։
- Լավ,- աղջիկը ծիծաղեց,- այլևս չեմ ընդհատելու։
- Ուրեմն, փոքրիկ այդ տղան սիրում էր երազել և ամեն օր սպասել մի ինչ-որ լավ, շատ լավ բանի։ Նա չգիտեր, թե այդ լավ բանն ինչ է, բայց շարունակ սպասում էր մի լավ բանի։
Մի օր, երբ նա իր հոր հետ խանութ էր գնացել, այնտեղ ոսկեզօծ փոքրիկ մի արկղիկ տեսավ։ Նա ապշեց գեղեցիկ այդ արկղիկի փայլից և մտածեց մի օր անպայման գնել այն։ Ցուցափեղկի տակ գտնվող բոլոր իրերից ամենաթանկն այդ արկղիկն էր, և տղան սիրտ չարեց հորն ասել իր ցանկության մասին։ «Բայց մի օր հորս կասեմ, որ գնի»,- մտքում որոշեց տղան։ Սակայն այդ մի օրն այլևս չեկավ. հաջորդ օրը հայրը զոհվեց ավտովթարից... Հոր մահով տղայի երազներից շատ թանկագին մի բան հեռացավ...
Անցավ մի տարի։ Մայրը փող էր տալիս տղային՝ դպրոցում կարկանդակ ու թխվածք գնելու համար, բայց ամեն անգամ փողի կեսը նա պահում էր իր մոտ։ Տղան երբեմն գնում էր այդ խանութը, ստուգելու՝ ոսկեզօծ արկղիկն այնտե՞ղ է, թե՞ ոչ։ Եվ ամեն անգամ նա հրճվանքով տեսնում էր, որ այն դեռևս իր տեղում է։
Նա արդեն այնքան փող ուներ, որ կարող էր գնել ոսկեզօծ արկղիկը։ Ողջ գիշեր չքնեց... Էհե՜յ, սատանա, դու արդեն քնե՞լ ես...
- Չէ,- աղջիկը բացեց աչքերը,- լսում եմ, հետաքրքիր է, պատմիր։
- Ուրեմն, հաջորդ օրը դասերից հետո նա վազեց խանութ և գնեց երազած գեղեցիկ արկղիկը։ Այդ պահին նա իրեն զգում էր որպես աշխարհի ամենաերջանիկ մարդը... Նայիր, ներքևի կածանով երկու հոգի են գալիս մեր ուղղությամբ...
Աղջիկը նստեց և նայեց տղայի մատնացույց արած կողմը։
- Իսկ գուցե մեր դեկանն ու ռեկտորն են,- նա ծիծաղեց,- մեր հետևից են գալիս։
- Չէ, մեկը ռեկտորն է, մյուսը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը,- ասաց տղան, և երկուսով սկսեցին ծիծաղել,- բայց, ափսո՜ս, նրանք ուրիշ ուղղությամբ են գնում։ Գյուղացիներ են։
Երկինքն ավելի պարզ ու կապույտ էր։ Գարնան արեգակը շուրջբոլոր լցրել էր այդ օրվա համար պահած իր ողջ ջերմությունը։ Մոտակա սարի հետևից կրկին երևաց բազեն։ Այս անգամ արդեն մենակ չէր. քիչ հետո հայտնվեց երկրորդը։ Երկուսով սկսեցին դանդաղորեն սահել երկնքի կապույտ օվկիանում։
Նրանք հայտնվեցին փոքրիկ մի բլրի վրա։ Աղջիկը հագել էր տղայի բաճկոնը։
- Այստեղ օդն ավելի սառն ու մաքուր է,- ասաց նա։
- Մրսո՞ւմ ես։
- Չէ, քո բաճկոնով շատ տաք է։ Իսկ դու չես մրսո՞ւմ։
- Չէ։ Այն բարձր սարը տեսնո՞ւմ ես,- տղան ցույց տվեց երկու բլուրներից և ընդարձակ դաշտից այն կողմ վեհորեն հառնած սարը,- ինձ թվում է, թե հիմա մենք գտնվում ենք այդ սարի՝ Արևասարի գագաթին...
- Դու այնտեղ եղե՞լ ես։
- Մի հինգ-վեց անգամ։
- Այնտեղից ամեն ինչ երևո՞ւմ է,- հետաքրքրությամբ հարցրեց աղջիկը։
- Հա, այնտեղից երևում է նաև այդ սարից այն կողմ գտնվող ամեն ինչ... Եկող շաբաթ կուզե՞ս քեզ տանեմ այնտեղ։
- Վախենում եմ, հոգնեմ։
- Որ հոգնես, քեզ գրկած կտանեմ։
- Ինչպե՞ս։
- Այսպես,- նա գրկեց աղջկան և առավ ձեռքերի վրա։
- Ես ծանր եմ,- աղջիկը ծիծաղեց։
- Չէ՜ մի, հազիվ քսան կիլո լինես։ Ուրեմն՝ եկող շաբա՞թ...
- Իսկ դասե՞րը։
- Կփախչենք...
- Դու խելագար ես,- աղջիկը ծիծաղեց,- այս ամիս արդեն երեք անգամ դասերից փախել ենք։
- Չէ, ես խելագար չեմ, ես խենթ եմ...
- Դե, դրանք նույն բանն են,- աղջիկը ծիծաղեց։
- Ոչ, օրիորդ սատանա, դրանք միանգամայն տարբեր բաներ են,- ասաց տղան, և նրանք երկուսով ծիծաղեցին։- Դու ի՞նչ ես մտածում մեր ապագայի մասին։
- Եկ չխոսենք վաղվա, մյուս օրվա մասին,- աղջիկը մատներով քնքշորեն փակեց տղայի բերանը։- Թող ամեն ինչ ինքն իրեն լինի։ Միայն այսօրվա մասին խոսենք։ Մեր փախուստը չի՞ նկատվի...
- Թքա՛ծ, դա կարևոր չէ։ Իսկ այսօր քեզ համար լա՞վ է։
- Եթե վատ լիներ, հիմա ես քեզ հետ չէի լինի։
Այդ օրը տղային ինչ-որ բան դուր չեկավ, բայց նա աշխատեց չմտածել այդ մասին։
* * *
Մայիսյան արևոտ մի օր, երբ մինչև քննություններ մնացել էր մոտ երկու շաբաթ, նրանք երկուսով բարձրացան Արևասարի կատարը։
- Մենք բոլորից բարձր ենք,- աղջիկը երկու ձեռքով օղակ կազմեց բերանի շուրջ և ողջ ձայնով կանչեց.
- Էհե՜յ, լսո՞ւմ եք, մարդիկ, մենք բոլորից բարձր ենք, մենք բոլորից ուժեղ ենք...
Տղան կողքից նայում էր աղջկան ու նրա ուրախությանը և մեղմ ժպտում։
- Դու էլ բարձր կանչիր,- ասաց աղջիկը։
- Չեմ կարող, ես բաղաձայն եմ, դու լավ ես կանչում...
- Բայց նայիր, այն սարն ավելի բարձր է ու ավելի գեղեցիկ,- ասաց աղջիկը։
- Դա միայն թվում է,- ասաց տղան,- հեռվից ամեն ինչ գեղեցիկ է երևում։ Նրա կատարն էլ եմ բարձրացել։ Ամենևին գեղեցիկ չէ և Արևասարից բարձր չէ։
- Իսկապե՞ս... Արևասար... Շատ լավ անուն է... Ես գայլի պես սոված եմ։
- Ցելոֆանե տոպրակում ուտելիք կա,- տղան ժպտաց,- սեղանը դու ես պատրաստելու։
- Չէ, եկ միասին պատրաստենք։
- Դու անուղղելի ծույլ ես։
- Ե՞ս եմ ծույլը... Եվ ես՝ ծույլս, ոտքով բարձրացել եմ Արևասարի գագաթը...
- Ի՞նչ մեծ բան է,- տղան ծիծաղեց։ Նրան դուր էր գալիս աղջկան չարացնելը։- Կանայք հիմա տիեզերք են թռչում։
- Թռչո՛ւմ, բայց ո՛չ ոտքով,- աղջիկը հաղթական նայեց տղային։- Միևնույն է, սեղանը միասին ենք սարքելու... Ի՞նչ լավ է, տապակած հավի միս էլ կա։
- Իսկ գուցե նապաստակի միս է, լավ նայիր...
- Ուրեմն, քո նապաստակը թևեր էլ ունե՞ր...
- Գիտության և տեխնիկայի մեր դարում ի՞նչ մի զարմանալու բան է թևերով նապաստակը։
- Սա էլ երևի առյուծի պանիր է,- աղջիկը չարաճճի ժպտաց։
- Չէ, օրիորդ, մի քիչ սխալվեցիր, դա չինական վագրի պանիր է։
- Օհո՜, մենք մոզամբիկյան աղ դրած վարունգ էլ ունենք...
- Ի՜նչ... մոզամբիկյան աղ դրած վարո՞ւնգ,- տղան մեկնվեց խոտերի մեջ և սկսեց քրքջալ,- սատանա, դու հաղթեցիր։
- Մենք այդպես ենք,- հպարտ ասաց աղջիկը,- միշտ հաղթում ենք,- վերջակետեց նա և երկուսով սկսեցին ծիծաղել։
Օրն ավելի տաքացավ։ Արեգակն ասես գեղեցիկ ու վեհ հսկա ջահի պես կախված լիներ Արևասարի գլխին։ Թեթև զեփյուռից մեղմորեն խշշում են գաճաճ ծառերի տերևները։
- Իսկ գիտե՞ս, առաջ ես քեզ չէի նկատում։ Երևի շատ անգամ մենք անցել ենք իրար մոտով, բայց ես քեզ չեմ նկատել։ Մինչև այն երեկոն։
- Բայց ես քեզ գիտեի,- աղջիկը ծիծաղեց,- գիտեի, որ դու՝ դու ես։ Հիմա ես քեզ դո՞ւր եմ գալիս։
- Հիմա դու աշխարհում ամենաթանկն ես ինձ համար։
- Ես կարողանում եմ այնպես անել, որ տղամարդկանց դուր գամ,- աղջիկը խորամանկ ժպտաց։
- Չէ՜ մի, փչում ես, փոքրիկ սատանա, քեզ մի՛ երևակայիր։
- Այն երեկոյին ես ուզում էի, որ դու ինձ նկատես, և դու ինձ նկատեցիր։ Ես ցանկացել եմ, որ այսպես մենք միասին լինենք...
Տղան համբուրեց նրա շուրթերը, վիզը։ Աղջիկն աչքերը փակեց, գլուխը ետ գցեց, ավելի բացելով վիզն ու կուրծքը։ Հետո նրա զգեստը թեթև սահեց ավելի ու ավելի ցած և ընկավ կանաչ խոտերի վրա։
- Դու խենթ ես,- ասաց աղջիկը։
- Չէ, դա առաջ էր, այժմ ես թագավոր եմ։
- Իսկ ես՝ թագուհի՞...
- Չէ, դու իմ թագավորությունն ես։
- Ինչ լավ է,- աղջիկը ծիծաղեց,- բայց դու խենթ թագավոր ես և ուժեղ։ Ես սիրում եմ խենթ և ուժեղ տղամարդկանց...
Բազեի թռիչքի բարձրությունից ներքևում՝ Արևասարի կատարին, խոտերի մեջ երկու հոգի փոքրիկ երեխաների պես թավալվում էին և ուրախ կչկչում։
- Ես ուզում եմ շատ փող ունենալ,- ասաց աղջիկը։
- Հետո՞։
- Ես ուզում եմ հարուստ լինել, ամեն ինչ ունենալ և ոչ մի գործ չանել...
- Բայց դու կարգին ծույլ ես, փոքրիկ թռչնակ։
- Իսկ դու, ի դեպ, փոքրիկ տղայի հեքիաթը կիսատ ես թողել։
- Ի՞նչ փոքրիկ տղա։
- Այն փոքրիկ տղան, որ երազում էր ոսկեզօծ արկղիկ գնել...
- Հա՜... Որտե՞ղ եմ մնացել։
- Տղան արդեն բավականին փող էր կուտակել...
- Հա, վերջապես նա գնաց խանութ և գնեց ոսկեզօծ արկղիկը։ Նա հրճվանքով նայում էր արկղիկին, մատներով քնքշորեն շոյում և դեռևս չէր համարձակվում այն բացել։ Հասավ տուն, բայց դեռ արկղիկը չէր բացել։ Նա մտքում ենթադրություններ էր անում, թե ինչ կլինի արկղիկի մեջ։ Մերթ նրան թվում էր, թե այնտեղից կախարդական ջին է դուրս գալու՝ պատրաստ կատարելու իր բոլոր ցանկությունները, մերթ մտածում էր, որ այնտեղ կախարդական փայտիկ կա... Գիտե՞ս, հետաքրքիր բան մտածեցի,- տղան ցատկեց նստած տեղից,- փոքրիկս, վեր կաց, աչքերդ փակիր և ինձ հետ եկ։
Աղջիկն աչքերը փակեց և, տղայի ձեռքը բռնելով, հետևեց նրան։
- Բայց ո՞ւր ենք գնում,- հարցրեց նա։
- Գրողի ծոցը,- տղան ծիծաղեց,- աչքերդ դեռ չբացես, ես կասեմ երբ բացես, լա՞վ...
- Լավ։
Երբ նրանք հայտնվեցին տափակ մի քարաժայռի վրա, տղան ասաց.
- Հիմա բացիր աչքերդ։
Աղջիկն աչքերը բացեց, նայեց ներքև և ճչաց։
- Վախեցա՞ր, փոքրիկս,- տղան ծիծաղեց,- բայց ես պինդ բռնած եմ քո ձեռքից։
- Եկ մի քար գլորենք այստեղից,- ասաց աղջիկը։- Բայց եթե ես սայթաքեմ և ցած գլորվեմ, իմ հետևից կգա՞ս...
- Չգիտեմ, երևի այլևս չէի ցանկանա ապրել։
- Մի ուրիշին կգտնես,- աղջիկը չարաճճի ժպտաց։
- Ուրիշ ոչ ոք ինձ պետք չէ։
- Գիտես ի՞նչ եմ մտածում։
- Ի՞նչ։
- Ինձ թվում է, թե մի օր ես այնպիսի մի վատ բան եմ անելու քո հանդեպ, որ դու ինձ ատելու ես։
- Հիմարիկ, դա հնարավոր չէ։ Ինչպե՞ս կարող եմ քեզ ատել...
- Համբուրիր ինձ,- աղջիկն աչքերը փակեց և ձգվեց դեպի տղան։
Տղան համբուրեց նրան, առավ իր ձեռքերի վրա և ասաց.
- Բայց, ավելի լավ է, հեռանանք այս գրողի տարած անդունդից, թե չէ ուրախությունից կարող եմ քեզ նետել ներքև...
- Իսկ ես, այ այսպես, ամուր կգրկեմ քեզ, և մենք երկուսով կթռչենք ձորը...
- Բայց դա հետո, երբ ապրելուց ձանձրանանք։
- Ճիշտ է,- ասաց աղջիկը և ծիծաղեց։
* * *
Նրանք հանդիպեցին ինստիտուտի բակում, ցայտաղբյուրի մոտ։
- Երեկ ես քեզ շատ սպասեցի, բայց դու չեկար,- ասաց տղան։- Ինչո՞ւ չեկար։
Աղջիկը լուռ էր։
- Ինչ-որ բան է պատահե՞լ։
- Չգիտեմ ինչպես ասեմ... Բայց, խնդրում եմ, չբարկանաս ինձ վրա։
- Ասա՛։
- Մի քանի օր առաջ ես հանդիպեցի նրան...
- Ո՞ւմ։
- Իմ մասին ինչ ուզում ես, մտածիր...
- Ո՞ւմ ես հանդիպել...
- Նրան... Երեկ նրա հետ էի... Նա ավտոմեքենայով եկավ իմ հետևից...
Տղան զգաց, որ իր մեջ շատ մեծ մի բան փշրվեց։ Մի ակնթարթ նրան թվաց, թե աղջիկը կատակում է, բայց հետո հասկացավ, որ նա չի խաբում։ Նա մտածեց, որ ինքը խաբվել է շատ ավելի առաջ, և որ՝ երբ իր վրա կրակել են, ինքն այնպես վատ չի զգացել, ինչպես այդ պահին։ Բայց ոչինչ ցույց չտվեց և հարցրեց.
- Հետո՞...
- Ես գիտեմ, որ հիմա դու ինձ ատում ես,- ասաց աղջիկը։
- Ես քեզ չեմ ատում։
- Մենք կմնանք լավ բարեկամնե՞ր...
- Չգիտեմ։
- Դու ինքնասպան չես լինի, չէ՞։
- Չէ,- նա փորձեց կատակել,- ինքնասպանությունը հիմա մոդա չէ։ Սպանության ամենատարածված ձևը հիմա ուրիշին սպանելն է,- հետո մտածեց, որ հիմարություններ դուրս տվեց և, ընդհանրապես, ինքը միանգամայն այլ բան էր ուզում ասել։
- Գիտեմ, որ ես մեղավոր եմ,- ասաց աղջիկը։
- Չգիտեմ։ Իմ կարծիքով, դա այլևս նշանակություն չունի։
- Ես մեղավոր եմ։
- Ես երբեք արդարներ և մեղավորներ չեմ փնտրել։ Ես ավելի մեծ բան եմ փնտրել...
- Ինձ վրա չես չարանում, չէ՞,- հարցրեց աղջիկը։
- Չէ... Բայց ես ծարավ եմ, ուզում եմ ջուր խմել։
Երբ տղան մոտենում էր ցայտաղբյուրին, աղջիկն ասաց.
- Այն փոքրիկ տղան, ի վերջո, բացո՞ւմ է արկղիկը։
- Հա։
- Եվ ի՞նչ։
- Ոչինչ։ Արկղիկը դատարկ էր։
Տղան կռացավ ցայտաղբյուրի վրա։ Նրան թվում էր, թե աշխարհի ողջ ջուրն իրեն չի հերիքելու ծարավը հագեցնել։ Նա ուզում էր, որ մինչև իր ջուր խմելը, աղջիկը հեռանա, և ինքն այլևս երբեք չտեսնի նրան։
1995-1999թթ.
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԻՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Ամերիկյան կիսասնանկացած ֆերմեր Ջոն Սթյուբների քսանչորսամյա որդի Մայքլը հորն օգնում էր գյուղատնտեսական աշխատանքներում, լինում էր թռչնաբուծական ֆերմայում, իսկ ընդհանրապես օրվա մեծ մասն անց էր կացնում մերձակա փոքրիկ անտառակում։
Մայքլն ուներ ընկերներ, որոնք երբեմն այցելում են իրեն, քարշ տալիս զանազան զվարճությունների, որոնցից հետո Մայքլն իրեն փառավորապես ամայացած ու շատ տխուր էր զգում։ Իսկ ամենամտերիմ համարվող ընկերը՝ Թոմը, սպայական ուսադիրներով հրամաններ է շաղ տալիս Նահանգներում թե նահանգների սահմաններից հեռու ինչ-որ տեղ։ Երբեմն Մայքլը մտածում է, որ այդ ուսադիրները կարող էին ծանրանալ իր ուսերին և դրանից նրա սիրտը խառնում է։
Եվ հիմա, երբ ընկերները կրկին հրավիրել են խնջույքի, որին, իրենց ասելով, ներկա էին լինելու մայրաքաղաքներից եկած մոտ մի տասնյակ ջենթլմեն տղերք ու դեռևս կինոխցիկի երես չտեսած ապագա կինոաստղիկներ, Մայքլն իսկապես չգիտեր՝ գնա՞, թե՞ չգնա։ Թքա՛ծ, չեմ գնա, մտածեց նա, ու երբ չորս ժամ հետո ավտոմեքենայով սլանում էր տափաստանի խանձահոտի միջով ձգվող ու արևից պլպլացող ճանապարհով, մտածեց, որ միշտ այդպես է լինում. մի բան է որոշում և կատարում բոլորովին այլ բան։
Ընկերները՝ Սիդն ու Մարտինը, տարերքի մեջ էին։ Ինչպես միշտ, այս անգամ էլ զվարճությունների վայրը Մարտինենց «Դրախտ» կոչվող ամառանոցն էր։ Նրան ծանոթացրին մի դյուժին գեղեցկուհիների ու նույնքան էլ տղաների հետ, որոնցից մի քանիսը, չնայած ամառվա տոթին, արժանապատվությամբ փողկապ էին կրում։ Մայքլին խմբից-խումբ էին քարշ տալիս, ու մինչ նա հասցնում էր հասկանալ, թե ինչի մասին են շաղակրատում ոգևորված աղջիկներն ու տղամարդիկ, արդեն մի ուրիշ խումբ էր ընկնում, որտեղ բլբլացնում էին ջազի, պարերի և, աստված գիտե, թե ինչի մասին։
Վերջապես բոլորը տեղավորվեցին հսկա տաղավարում, կլոր սեղանների շուրջ և ամենուր սկսեց թևածել ափսեների, բաժակների ու պատառաքաղների չխկչխկոցը։ Մայքլը նստել էր ծղոտագույն մազերով մի երիտասարդի և երեք աղջկա հետ։ Աղջիկներից մեկը՝ կապուտաչյա մի գեղեցկուհի, անընդհատ իրեն էր նայում ու Մայքլը լիովին համոզված էր, որ մի քանի բաժակ դատարկելուց հետո սա իրեն անպայման քարշ կտա որևէ խուլ տեղ։ Ծղոտագույն մազերով տղան, որ երևի անհաջողակ բռնցքամարտիկներից է, սկսեց շաղակրատել իր հաղթարշավների ու արկածների մասին և, լսելով նրան, զարմանալ կարելի է, թե այդ ինչպես է պատահել, որ մինչև օրս չեմպիոն չի դարձել։
- Իսկ դուք կարո՞ղ եք բռնցքամարտել,- հարցրեց կապուտաչյան։
- Ես, ընդհանրապես, ծեծելու մարզարվեստին կողմնակից չեմ,- ասաց Մայքլը։
- Իսկ, ընդհանրապես, դուք ինչի՞ն եք կողմնակից։
- Խաղաղությանը։
- Ի՞նչ։ Հենրի՛, լսո՞ւմ ես, նա կողմնակից է խաղաղությանը։
Ծղոտագույն մազերովը՝ Հենրին, կարծես իրեն վատ զգաց։
- Իսկ դուք չեք գտնո՞ւմ, որ ծեծելը, համենայն դեպս, ավելի լավ է, քան ծեծվելը,- ասաց նա։
- Ձեր ձեռքերին նայելով կարելի է իսկույն կռահել, որ մարզաձևերից դուք նախընտրում եք շախմատը,- աչքերը վագրի պես շողշողացրեց կապուտաչյան։
Մայքլը նայեց իր դաստակին, որ զգալիորեն փոքր էր ծղոտագույն մազափնջերով տղայի դաստակից ու ոչինչ չասաց։
- Էդնա՛, արդեն սկսում ես ձանձրացնել,- ասաց աղջիկներից մեկը։
- Ազնիվ խոսք,- կապուտաչյան նայեց իր ձեռքերին,- ես կարող եմ ձեզ հետ հաջողությամբ ձեռնամարտել։
Մայքլը ափսոսաց, որ կապուտաչյան աղջիկ է։
- Էդնան տղամարդկանց մարզաձևերից մի քիչ գլուխ է հանում,- քմծիծաղեց ծղոտագույն մազերովը, ու Մայքլը մտածեց, որ աշխարհում ամենազզվելի բանը ռազմատենչ կանայք են երևի։
- Ափսոս, որ բռնցքամարտի ձեռնոցներ չկան։
- Էդնա՛, զզվեցրիր,- ասաց շագանակագույն մազերով աղջիկը, իսկ երիտասարդը ուրախ քրքջաց։
- Մա՛յք, Էդնան մի քանի անգամ տուրուդմփոցի մեջ է ընկել ու վատ չի գլուխ հանել։
Մայքլը մտածեց, որ դեռևս ոչ մեկին չի վիճակվել այսպես, օրը ցերեկով, ձեռ առնել իրեն։
- Լավ, եթե ուզում եք զվարճանալ, սկսենք,- ասաց նա։- Տասը մեկի դեմ։ Տասը անգամ դուք կհարվածեք դաստակիս, մի անգամ էլ ես։
- Դուք էլ տասը կամ տասնհինգ,- կապուտաչյան վիրավորված ձևացավ։- Այդպես անարդարացի կլինի։
- Ո՛չ, տասը մեկի դեմ,- կրկնեց Մայքլը։
- Վերջ տվեք, ինչե՞ր եք ասում,- ասաց շագանակագույն մազերով աղջիկը, իսկ մյուս աղջիկը աշխատեց լռեցնել նրան։ Ըստ երևույթին նրան դուր էր գալիս սպասվելիք խեղկատակությունը։
- Համաձայն եմ, տասը մեկի դեմ, բայց վախենում եմ՝ փոշմանեք,- ասաց կապուտաչյան և Մայքլը մտածեց, որ հաճույքով կհասցներ այդ սատանայի գեղեցիկ մռութիկին։
- Լեդիներ և ջենթլմեննե՛ր,- ծղոտագույն մազերով տղան հանդիսավոր ուղղեց փողկապը, գլուխը թափ տվեց ու հեռուստահաղորդավարի կեցվածքով հայտարարեց Էդնայի և Մայքլի մենամարտի մասին։
- Հիանալի է։
- Էդնայի հերթական սկանդալն է։
- Սեղաններից մեկն ազատեք,- ասաց տղամարդկանցից մեկը։
Բոլորը հավաքվեցին Մայքլի ու կապուտաչյայի շուրջը, իսկ մոտակա սեղաններից մեկը շտապ դատարկեցին։ Առաջարկը գրեթե բոլորին դուր էր եկել։
- Մա՛յք, մի լավ կջարդես դրան,- շշնջաց Մարտինը։- Հայտնի սկանդալիստ է, բայց դեռևս դրան ինչպես հարկն է չեն մշակել։
Էդնան արդեն պատրաստ դիրք էր գրավել սեղանի մոտ։
- Մա՛յք, իսկ դուք հանկարծ չփախչեք,- աշխույժ ծլվլաց աղջիկներից մեկը։
- Ավելի վատ, եթե փախչի,- ծղոտագույն մազերով տղան աչքով արեց աղջկան։- Ավելի վատ, համաշխարհային խայտառակություն կլինի,- նա քանդեց փողկապն ու հանեց պիջակը, կարծես պատրաստվում է բռնցքամարտել։
Մայքլը մոտեցավ սեղանին ու նրա վրա դրեց իր դաստակը։
- Ձախը դրեք, Մա՛յք,- կատակեց լայնաթիկունք մի երիտասարդ,- աջը հետո պետք կգա։
- Տղե՛րք, իսկ մոտերքում հիվանդանոց կա՞,- ասաց մի ուրիշը։
Մայքլը ծիծաղեց, բայց այդ կատակը և, ընդհանրապես, այն ամենը, ինչ կատարվում էր այդ րոպեին, նրա սրտովը չէր։ Նա աչքերով որոնեց ընկերոջը՝ Սիդին ու մոտ կանչեց։
- Սի՛դ, մի քանի կտոր աղյուսաքար գտիր։ Մարտինին ասա, ինքը կբերի։
- Հասկանալի է, Մա՛յք։
Էդնայի ամեն հարվածից հետո աղջիկներից մի քանիսը «ուֆ» էին անում ու նայում Մայքլի դեմքին։ Իր ամեն մի հարվածից հետո նրան էր նայում նաև Էդնան։ Իսկ Մայքլի դեմքը ոչինչ չէր արտահայտում, ու այդպես էլ ոչ ոք կարգին չգիտեր. նա ցավ զգո՞ւմ է, թե՞ ոչ։
Վերջին հարվածների ժամանակ Էդնայի նախկին աշխուժությունից հետք անգամ չէր մնացել։ Արդեն պարզ էր, որ այդ հարվածները ավելի շատ ցավ են պատճառում իրեն, քան տղային։
- Վե՛րջ, տա՛սը,- ասաց խումբը։
- Էդնա՛, պատրաստվի՛ր, ծեծվելու հերթը քոնն է,- բացականչեց ծղոտագույն մազերովը ու թևը վեր քաշեց, ասես ինքն է իրականացնելու այդ ծեծը։
Մայքլը ամբոխի մեջ գտավ Սիդին ու վերջինս թեթև գլխով արեց։
Քիչ հետո Մարտինը մի քանի աղյուսաքար իրար վրա դարսած, մոտեցավ սեղանին։ Մայքլը վերցրեց դրանք ու մինչ շուրջը քսփսում էին, թե ինչ է ուզում անել, նա հարմար տեղ որոնեց, աղյուսաքարերից երեքով կամրջակ սարքեց ու վրան մեկն էլ դրեց։
Բոլորն ուշադիր հետևում էին նրան։ Էդնան նույնպես նայում էր այդ ամենին, այդ ամենից վատ բան էր գուշակում, և նախկին չարաճճի ու վագրային աչքերում վախ կար։
Մայքլը կարծես երկար նայեց իր առջև շարված աղյուսաքարին, աջ ձեռքը վեր բարձրացրեց ու հաջորդ վայրկյանին աղջիկների վախեցած «ուֆ»-երին և տղամարդկանց հանդիսավոր լռությանը հաջորդեց կիսված աղյուսաքարերի խուլ դրխկոցը։
Տղամարդիկ ու կանայք նայում էին մերթ Մայքլին, մերթ Էդնային։
- Օրիո՛րդ, պատրա՞ստ եք,- Մայքլի ձայնը սառն էր։- Այս փոքրիկ վարժությունը կատարեցի հենց այնպես, մկաններս շարժելու համար։
Աղջկա կապույտ աչքերում անսահման սարսափ էր մնացել միայն։ Նա լուռ մոտեցավ ու սեղանին դրեց թեթև դողացող ձեռքը։
- Եթե վախենում եք, կարող եք չնայել,- Մայքլի ձայնից աղջիկը սարսռաց։
Էդնան դեմքը շրջեց։ Բոլորը նայում էին տղային, բայց նրանց աչքերում նախկին հետաքրքրասիրությանը փոխարինել էր վախը։ Աղջկա ձեռքը սկսեց ավելի դողալ։ Նա հազիվ էր զսպում լացը։
- Եթե տղամարդկանցից որևէ մեկը ցանկանում է, կարող է փոխարինել օրիորդին,- Մայքլը ոչինչ չտեսնող աչքերով նայեց շրջապատին։
Ամենայն պարզությամբ կարելի էր լսել քիչ հեռվում պտտվող մեղուների տզզոցը։
- Սպասում եմ,- ասաց Մայքլը ու նայեց ծղոտագույն մազերով տղային, որ մի քանի րոպե առաջ, ինչպես և բոլորը, շատ զվարթ տեսք ուներ։- Օրիո՛րդ, ինչպես տեսնում եք, փրկության հնարավորություն կար, բայց, դժբախտաբար, չիրականացավ։
- Ես համաձայն եմ։ Հարվածը ես կընդունեմ,- շրջապատում աղջկա ձայն լսվեց ու քիչ հետո հավաքվածների միջից դուրս եկավ շագանակագույն մազերով աղջիկը, որ քիչ առաջ Էդնայի, ծղոտագույն մազերով երիտասարդի ու մի ուրիշ աղջկա հետ նստած էր Մայքլի մոտ, միևնույն սեղանի շուրջ և դեմ էր կապուտաչյայի հիմար կատակներին։
Աղջիկը գեղեցիկ էր ու Մայքլը զարմացավ, որ նոր է նկատում նրա գեղեցկությունը։
- Դո՞ւք,- զարմացած հարցրեց Մայքլը։
- Այո՛։ Դու գնա՛, Էդնա՛։
Աղջիկը ձեռքը դրեց սեղանին։ Այդ ձեռքը Մայքլին թվաց շատ փոքրիկ ու անչափ քնքուշ։
- Լավ,- ասաց Մայքլը,- սկսենք։
Սիդը առաջ եկավ, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց Մայքլը նայեց նրան ու նա լուռ ետ քաշվեց։
Մարտինենց «Դրախտ» կոչվող ամառանոցի հսկա տաղավարում, ուր առնվազն քսանհինգ-երեսուն մարդ կար, լռություն էր տիրում։ Մարդիկ չէին համարձակվում շարժվել։ Աղջիկների թեթև շրջազգեստների շրշյունն անգամ ուշադրություն էր գրավում։ Էդնան մի կողմ էր քաշվել և գունատ դեմքով նույնպես նայում էր սեղանի մոտ կանգնած ընկերուհուն ու երիտասարդին։
Մայքլը բարձրացրեց ձեռքն ու շրջապատում կարծես մարդիկ դադարեցին շնչել։ Աղջկա դաստակի վրա մկանը թեթև դողաց։
- Ո՞վ է ուզում աղջկան փոխարինել,- մետաղյա ձայնով ասաց Մայքլը։
Սիդն ինչ-որ բան էր ուզում անել, բայց Մայքլը նրան կրկին հասկացրեց մի կողմ քաշվել։ Տղամարդիկ նայում էին աղջկան ու Մայքլին, և Մայքլը զարմացավ, որ բոլորն իրեն են նայում, բայց ինքը չի կարողանում որսալ նրանցից մեկնումեկի հայացքը։
- Ուրեմն ոչ-ոք չի ուզում օգնել աղջկան,- շրջապատում կարծես խոսելը մոռացել էին։- Այդ դեպքում ես կփոխարինեմ աղջկան։ Այնպիսի աղջկա, որի մեջ հարյուրից ավելի տղամարդու ջենթլմենություն կա։ Ես չեմ կարող ինքս ինձ հարվածել։ Թող տղամարդկանցից որևէ մեկը խփի։ Ո՞վ է ուզում։
- Իսկ դուք հետո կխփե՞ք,- հարցրեց լայնաթիկունք մի երիտասարդ։
- Չեմ խփի։ Այդ մի հարվածով այս հիմար խաղը կավարտենք։
- Լավ, ես համաձայն եմ,- ասաց լայնաթիկունքը։
- Դուք իսկական ջենթլմեն եք,- Մայքլը ծիծաղեց ու լայնաթիկունքը հասկացավ, որ իրեն ձեռ են առնում։
- Ջե՛կ, կամաց, հանկարծ սեղանը չջարդես,- ասաց ինչ-որ մեկը։
- Երկու ձեռքով խփիր, Ջե՛կ,- կատակեց աղջիկներից մեկը։
Լայնաթիկունքը մռայլվեց։ Կատակները նրա սրտովը չէին։ Նա բարձրացրեց ձեռքը և նրա դեմքից բոլորը հասկացան, որ խփելու է ամբողջ ուժով։
- Սպասե՛ք։
Լայնաթիկունքը զարմացած նայեց շագանակագույն մազերով աղջկան։
- Ես ուզում եմ փոխարինել։
- Ի՞նչ,- Մայքլը ոչինչ չէր հասկանում։
- Ես ուզում եմ ձեզ փոխարինել։
- Ի՞նձ։
- Ձեզ։
- Չեմ հասկանում, ինչո՞ւ։
- Ինչո՞ւ։ Իսկ դուք ինչո՞ւ եք փոխարինել ինձ։
- Համենայն դեպս, ես տղամարդ եմ։
- Այստեղ այլևս դա նշանակություն չունի։ Եվ հետո՝ հանգիստ մնացեք, Ջեկն այնքան ուժ չի ունենա ձեռքս ջարդելու։
Տաղավարում կրկին աշխուժություն տիրեց, բայց այդ ընդհանուր ուրախությունը հակառակ ազդեցություն գործեց Ջեկի վրա։
- Կտեսնենք,- ասաց նա, և նրա աչքերում չարություն կար։
Աղջիկը ձեռքը դրեց սեղանին։ Մայքլը կանգնել էր սեղանի և ամբոխի միջև ինչ-որ տեղ ու կարծես չէր հետաքրքրվում այն ամենով, ինչ պիտի կատարվեր։
- Կտեսնենք,- նորից ասաց լայնաթիկունքը։
- Խփիր, բայց եթե աղջկա դաստակին թեկուզ աննշան բան պատահի,- Մայքլը թիկունքով դարձել էր դեպի սեղանը։- Երևի հասկանում ես, թե ինչ եմ ուզում ասել...
- Դուք մաքուր չեք խաղում,- կատաղած ասաց լայնաթիկունքը։- Չէ՞ որ պայմանավորվել ենք, որ դուք չեք խփելու։
- Իսկ այդպիսի խաղ կա՞, որի կանոններով աղջկա ձեռք են ջարդում։ Մի՞թե դեռ չեք հասկացել, որ ես ոչ միայն աղջկա, այլև տղամարդու ձեռքի էլ չեմ խփելու։
- Մայքլը իսկապես քիչ առաջ ասել էր, որ ինքը չի սիրում ծեծելու մարզաձևերը,- ասաց ծղոտագույն մազերովը։
Լայնաթիկունքը մի կողմ քաշվեց։ Կատաղությունից նրա կզակը դողում էր։
- Ես քեզ կսովորեցնեմ, թե ինչպես են մեզ մոտ խաղում,- մրթմրթաց նա, բայց այլևս ոչ ոք չլսեց նրան։
- Երաժշտությո՛ւն,- բղավեց Մարտինը։
Տղամարդիկ ու կանայք աշխուժորեն սկսեցին ոտքերով թմբկահարել սալապատ գետինը։
- Մա՛յք, ես էլ էի կարծում, թե դու կխփես,- կամաց ասաց Սիդը, իսկ Մայքլը քմծիծաղեց միայն։
Հետո, երբ մեղմ երաժշտություն լսվեց, Մայքլը պարում էր շագանակագույն մազերով աղջկա հետ ու իմացավ, որ նրա անունը Ջեյն է։
Նա իրեն անսահման երջանիկ էր զգում աղջկա հետ։ Մայքլը աղջկան կարող էր ասել, որ ինքը շատ է օգնել ուրիշներին, բայց ոչ ոք երբեք չի մտածել իր մասին, որ իր մտերիմ ընկերը զինծառայության ժամանակ թաքուն կրակել է իր թիկունքին, որովհետև հրաման կար, որ երկուսից մեկին պիտի ուղարկեն սպայական դասընթացների, և հետո Թոմը լաց է եղել, ամեն ինչ խոստովանել, ու Մայքլը նրան չի մատնել։ Ու հետո ինքը չորս ամիս պառկել է հոսպիտալում։ Նա կարող էր աղջկան ասել, որ ինքը չար չէ, բայց երբեմն դաժան է լինում, երբ իրեն վիրավորում են։ Մայքլը կարող էր ասել, որ աղջիկը միակ մարդն է աշխարհում, որ այդպես իրեն փրկելու փորձ է արել։ Նա շատ բան կարող էր ասել, բայց ասաց միայն.
- Կցանկանայի՞ք միշտ ինձ հետ լինել։
Աղջիկը գլխով արեց ու ամուր սեղմեց տղայի թևը։
Այդ պահը նրանք համարում էին ամենաերջանիկը իրենց կյանքում, ապագայի մտովի ծրագրեր էին կազմում և երբեք չէին կարող իմանալ, որ նահանգային թերթի վերջին էջի վերջին սյունակի «Պատահարների անկյուն» խորագրի տակ երկու օր հետո կտպագրվի. «Երեկ N ռանչոյից երեք մղոն հեռավորության վրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են Մայքլ Սթյուբների և Ջեյն Միլլերի դիակները։ Սպանությունը կատարվել է 8,5 տրամաչափի ավտոմատ ատրճանակով։ Հանցագործները անհայտ են»։
Այդ պահին նրանք պարում էին մեղմ երաժշտության տակ, անսահման երջանիկ էին ու չգիտեին, որ այլևս միասին չեն պարելու և, առհասարակ, դա վերջին պարն է իրենց կյանքում։
1986 թ.