06.06.2018

Փոսի արքան


Կամ՝ Փոսում արշալույսները խաղաղ են

Մի քսան-երեսուն տարի առաջ շատ բան եմ պատկերացրել, ինքս ինձ համար կանխագուշակություններ արել, բայց մտքովս երբևէ չի անցել, որ Հայաստանը մի օր կդառնա աբսուրդի թատրոն։ Աբսուրդի թատրոն՝ բաց երկնքի տակ։ Որտեղ ծիծաղն ու լացը, զավեշտն ու ողբերգականն այնպես են միահյուսված, ասես երկորյակ եղբայրներ լինեն։ Բայց այս ամենը ավելի շատ ցավ է, ողբերգություն է, քան ծիծաղ։

Երբ փոքր եմ եղել, ինչ-որ քեռի ինձ հարցրել է՝ ինչ կստացվի, եթե լեռը գլխիվայր շուռ տանք։ Ես լուրջ-լուրջ սկսել էի մտածել ոչ թե «ինչ կստացվի»-ի մասին, այլ, թե ոնց կարելի է լեռը գլխիվայր շուռ տալ։ Այդ ի՞նչ հզոր տեխնիկա կամ բուլդոզեր-էքսկավատոր պիտի լինի, որ կարողանա լեռը գլխիվայր շուռ տալ։

Շատ տասնամյակներ հետո միայն ես տեսա այդ շուռ տված լեռը, որ արդեն այլևս լեռ չէր, այլ խոր ձոր։ Եվ մենք այդ ձորում ենք հիմա, այդ խոր ու ամենակուլ ձորում, որտեղ տրամաբանությունը, մտածողությունը, գիտությունը, գիտելիքն անելիք չունի։ Իշխողը աբսուրդն է, անտրամաբանությունը։ Որտեղ չկա թռիչք ու սլացք, որտեղ չեն ճախրում, քարշ են գալիս կամ սողում։ Որտեղ տականքը հերոս է, հրեշը՝ հարգանքի արժանի և ընդօրինակման օբյեկտ։ Այս աբսուրդի թատրոնը, կրկեսը, մանկապարտեզը, խոր ձորը կամ պարզապես Փոսը իմ հայրենիքն է՝ Հայաստանը։

*   *   *
Հայկական հեռուստատեսությամբ Նա է, հայկական պաշտոնական կամ ոչ պաշտոնական մամուլում Նա է, կայքերում Նա է։ Գազօջախը վառում ես, թվում է թե կրակի միջից քեզ է նայում Նա՝ մեզ պարտադրված Ճակատագիրը, մեր վզից կախվածը, «ճիտին պարտքը», գլխներիս նստածը, անփոխարինելին։ Մեր երազներում անգամ Նա է։ Չնայած ձորում, խոր փոսի մեջ ի՞նչ երազ։ Երազը գիշերն է լինում, խավարում երազ չկա, կյանք չկա, խավարում միայն Խավար է։

Ասում են, որ Նա ամեն ինչ դիտմամբ, նպատակաուղղված, մտածված ու նախապես գրված սցենարով է անում։ Ես ոչ մի փաստ չունեմ, որ նա իրոք դիտմամբ է ամեն ինչ անում։ Չեմ կարծում, ասենք, թե նա հատուկ նպատակով է վաստակավոր արտիստի կոչում տվել հայերեն թուրքաարաբական մուղամներ կլկլացնող մեկին կամ Խորենացու մեդալ կպցրել ինչ-որ աղջնակի դոշին, նման հարյուրավորների՝ շքանշան ու անգամ հերոսի կոչումներ նվիրել։

Կարծում եմ, նրա կատարած որևէ քայլում միտում չկա, երկիր կործանելու համար հատուկ գրված սցենար չկա։ Պարզապես Նա այն է, ինչ կա։ Նա դիտմամբ չի այնպես պարում, որ ոմանք հիանան իր պարով կամ ծիծաղեն։ Պարզապես նա այդպես է պարում։ Իր պարը դա է։ Նա շքանշան-մեդալներ է տալիս ինչ-որ կլկլացնողների, այսպես ասած, երգիչների, ոչ թե դիտմամբ, որ արժեզրկի, համահարթեցնի, գազոնացնի մեր Մշակույթը, այլ պարզապես նրա իմացած մշակույթը դա է, նրա լսած, նրա ընկալած երգը ռաբիսն է, արամասատրյաններն են նրա երգիչները։ Նա որքան էլ զոռ տա, իրենից դուրս գա, Կոմիտաս և Արամ Խաչատրյան չի ընկալելու, Մոցարտ ու Բեթհովեն չի հասկանալու, հնարավոր է լուրջ-լուրջ տեսք ընդունի և ցույց տա, որ լսում, ինքն էլ է հասկանում և նույնիսկ ավելի լավ է հասկանում, որովհետև ինքը Գլխավորն է, Շեֆն է, բայց մտքում ծիծաղելու է լսած երաժշտության վրա և ասի՝ էս ի՞նչ են ճստճստացնում ու մարդիկ ի՞նչ են գտել այդ «տըզ-վըզների» մեջ։

Նա դիտմամբ չի հերոսի կոչումներ բաժանում անտիհերոսներին։ Նրա պատկերացմամբ հերոսն այդ մարդիկ են, որովհետև եթե պետք է լինում՝ «նագլի» են, մատնացույց արածին՝ կարող են հոշոտել ու ոչնչացնել, եթե պետք լինի՝ կսողան իր առաջ, իրեն ատամներով կպաշտպանեն «ժողովուրդ» կոչված ամբոխից։ Մանկությունից, դպրոցական տարիներից նրա համար քաջը, ընդօրինակման առարկան այդպիսիք են եղել, հերոսի մասին պատկերացումները խաչվել են այդպիսի մարդկանց կերպարներում։ Նա չի կարողացել նմանվել նրանց, ուժը չի պատել, կարողությունները շատ համեստ են եղել, բայց միշտ պատկառանքով է նայել նրանց։ Եվ ահա, վերջապես նա հնարավորություն է ստացել դառնալ այդպիսին՝ իր կարծիքով, և ըստ արժանվույն գնահատելու վերջիններիս։ Այժմ ոչ միայն իրականացել են հերոսի մասին իր երազանքները, այլև ինքն արդեն դարձել է այդպիսին, իսկ այն նախկին «կրուտոյ տղերքն» այժմ իր բռան մեջ են։ Նրանց հետ կարող է վարվել ուզածի պես։ Ինքն հիմա բոլորից բարձր է, բոլորից ուժեղ է, բոլորից «կրուտոյ» է։ Իր երազների հերոսը հիմա ինքն է, չնայած ինքն էլ իր շեֆը կամ շեֆերն ունի, որոնց առջև այնպես է ծալվում, ինչպես մի ժամանակ իր նախանձը շարժող թաղային հեղինակություններն են այսօր ծալծլվում իր առաջ։

Ոչ, նա երբեք ինքնակամ չի հեռանալու, աթոռը կամավոր չի զիջելու որևէ մեկին, որովհետև նա շատ զրկանքներ է քաշել, անգամ նվաստացել, գլուխ խոնարհել ոմանց առաջ, բայց աստիճանաբար, քայլ առ քայլ մագլցել այն բուրգի գագաթը, որտեղից ղեկավարում է Փոսը։ Նա գիտե, հասկանում է, որ հեռանալով, աթոռը զիջելով, ինքը շատ բան է կորցնելու, իսկ գուցե՝ ամեն ինչ։ Փլվելու է իր երազների իրականություն դարձած բուրգը։ Նա հասկանում է, որ այդ բուրգի փլուզումից ինքը դառնալու է ոչինչ, դառնալու է մանկության, պատանեկության, ջահելության տարիների այն խեղճ երազողը։

Այո, նա խոստումներ է տալիս և մոռանում։ Այլ կերպ չի էլ կարող լինել։ Նա երբեք գլուխ չի կոտրել ինչ-որ գեղարվեստական կամ գիտական գրքերի վրա, նրան երբեք հասու չեն եղել, իր շրջապատում երբեք այնպիսի անհասկանալի բաներ չեն եղել, որոնց անունն է Վեհ ու Գեղեցիկ, Ազնվություն, Արդարամտություն, Բարոյականություն։ Փոխարենը իշխողը եղել է ստեղծված վիճակից չոր դուրս գալու ունակությունը, այդ վիճակն իր օգտին շրջելը՝ թեկուզ խոսք տալու և չկատարելու գնով։ Թեկուզ մի քանիսի վրայով կոխ տալով անցնելու միջոցով։ Կարևորը արդյունքն է։ Մնացյալի վրա՝ թքա՛ծ։

Եվ, վերջապես, նա թքած ունի, որ այլևս Լեռ չկա, որ այդ լեռը շրջված է, որ այդ շրջված լեռն այժմ Փոս է։ Այս Փոսն ի՛ր փոսն է, այս Փոսի արքան և կոմանդիրն ի՛նքն է։ Իր Փոսը նա ինքնակամ չի զիջելու որևէ մեկին։ Վատթարագույն դեպքում կարող է զիջել միայն իր ամենահարազատ-ամենահավատարիմ մարդուն՝ պայմանով, որ վարագույրի հետևից ինքը ղեկավարի Փոսը։

*   *   *
Գլխիվայր շուռ տված Լեռը կարո՞ղ է երբևէ հրաբուխ ժայթքել։ Չգիտեմ։ Բայց գիտեմ, որ դա կլինի ոչ թե կործանում, այլ փրկություն, նոր կյանքի սկիզբ։ Առայժմ այստեղ՝ Փոսում, արշալույսները խաղաղ ու հանգիստ են։ Բայց դե՝ Փոսի մեջ ի՞նչ արշալույս։