Показаны сообщения с ярлыком Վարդգես Օվյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Վարդգես Օվյան. Показать все сообщения

25.12.2023

Ես ամաչում եմ ասել, որ գրող եմ

Սովորաբար երբ մեկին հարցնում են մասնագիտությունը, զբաղմունքը, օրինակ, էլեկտրիկն ասում է` ես էլեկտրիկ եմ, կոշկակարն ասում է կոշկակար եմ, ջութակահարը` ջութակահար եմ, ֆիզիկոսը` ֆիզիկոս եմ, հողագործը` հողագործ եմ, քարտաշը` քարտաշ եմ, մանկավարժը` մանկավարժ եմ կամ ուսուցիչ եմ եւ այլն։ 

Ես ամաչում եմ ասել, որ գրող եմ։ Երկու պատճառ կա։ Առաջինը` Շեքսպիրը, Սերվանտեսը, Բայրոնը, Պուշկինը, Թումանյանն էլ են գրող, բայց հարյուրավոր այդ գրական հսկաներից, գրական աստվածներից հետո ես ո՞նց ասեմ, որ գրող եմ։ Երկրորդ` վերջերս դրան զուգահեռ միանգամայն հակառակ մի այլ խնդիր է ծագել. այս վերջին երեք տասնամյակում մեր գրողներն այնքան են իջեցրել գրողի նշաձողը, այնքան են արժեզրկել գրողի վեհ կոչումը, որ ամաչում եմ ասել` գրող եմ։

Քույրս միշտ այսպես է ինձ ներկսյացնում` եղբայրս է, լրագրող է։ Հարցնում եմ` ինչու՞ ես այդպես անում, պատասխանում է` նախ բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ ունես գրած, որ բազմաթիվ լրագրողների երազանքն է, երկրորդ` գրողներին մեզանում արդեն չեն սիրում, մի տեսակ պնակալեզություն, վախկոտություն է ասոցացնում...

Ցավոք, չեմ կարողանում հակաճառել, որովհետև ինքս էլ գիտեմ դա։ Ամենաթարմ օրինակն է բերում. տեսնելով, որ վերջին մեր խայտառակությունների պատճառի հարցում արցախցի պոետը սար ու ձոր է ընկնում, մեղադրում, պատճառ բերում «համաշխարհային փոթորիկները», լրագրողը, որ որպես մարդ ու քաղաքացի առնվազն տասը գլուխ բարձր է վերջինից, ստիպված հարցն ավելի կոնկրետ է դնում` Արցախի հայաթափման գործում ո՞վ է կատարվածի առաջին պատասխանատուն ու մեղավորը։

Ու ի՞նչ է պատասխանում պոետը` մեղավորը մենք ենք, որ բզկտվել ենք, հետո մասնատվել, երկու մասի բաժանվել` Հայաստան ու Արցախ, եւ մեր բաժան-բաժան լինելուց թշնամին օգտվել է...

Ու ոչ մի խոսք իրական ու գլխավոր մեղավորի մասին, ոչ մի ծպտուն պայմանավորված պատերազմի ու պետական դավաճանության մասին։ Եթե խնդրես, աղաչես, նույնիսկ սպանես էլ նա անգամ որպես տասերորդական մեղավորի, պատասխանատուի երբեք չի տա թշնամու շահեր սպասարկող ճիվաղի անունը։ Եվ ոչ միայն նա։ Հարյուրավոր գրող կոչեցյալներ նույնն են, որովհետեւ վախն ու ստրկամտությունն է նստած մեջները, իշխանություններից մի կրծքանշան, մեդալ ստանալու, մի աման ապուր հաջողացնելու մասին են միայն մտածում ու երազում...

Արդեն քանի՜-քանի տարի է ես սոցիալական ցանցում, իմ էջում իմ ոչ մի պատմվածք ու նովել չեմ տեղադրում։ Մտածում եմ` երկիր ենք կորցնում, ցեղասպանություններից չենք ձերբազատվում, որպես ազգ ենք արդեն վերանում, ու ի՞նչ գրականություն, ինչո՞ւ գեղարվեստական, քողարկված, փոխաբերական, այլաբանական լեզվով փորձել ասելիքը տեղ հասցնել, երբ անգամ պարզ գրածդ տեղ չի հասնում։ Ու ստիպված, փոխանակ իմ սիրելի գրականությամբ, արվեստով զբաղվելու, քաղաքական թեմաներով գրառումներ եմ անում, հոդվածներ գրում։ Ու զավեշտն այն է, որ մանր-մունր, երբեմն ոչ էական գրառումներիս հարյուրներով արձագանքում են, իսկ ահա հոդվածի տեսքով հիմնական ասելիքիս հազիվ մեկ-երկու տասնյակ մտերիմ ընկերներ են արձագանքում։ 

Ու շարունակ այս միտքն է ծառանում իմ առջև` էլ ինչո՞ւ եմ տանջվում, հոդվածներ գրում, ո՞ւմ համար եմ գրում, երբ անգամ մեր ժամանակների հայ մեծ գիտնական, տաղանդավոր ընկերոջս` Արա Հարությունյանի փայլուն հոդվածներին առավելագույնը մի քանի տասնյակ մտերիմ, խելացի ու արժանապատիվ ընկերներն են միայն արձագանքում...

Հենրիկ Սենկեւիչի հանրահայտ վեպում պատմության ճամփաբաժանում հայտնված մարդուն հարցնում են` «Յո՞ երթաս»։ Պետականությունն արդեն փաստացի կորցրած, մեր երկիրը տարածք ու կռվախնձոր դարձրած, աշխարհի քարտեզից որպես պետություն ու ազգ ջնջվող հայերս «Յո՞ երթաս» հարցի պատրաստի ու հստակ պատասխանն ազգովի ունենք` գրողի ծոցը։ Սա արդեն ողբերգություն է։

«Հրապարակ օրաթերթ»

06.06.2018

Փոսի արքան


Կամ՝ Փոսում արշալույսները խաղաղ են

Մի քսան-երեսուն տարի առաջ շատ բան եմ պատկերացրել, ինքս ինձ համար կանխագուշակություններ արել, բայց մտքովս երբևէ չի անցել, որ Հայաստանը մի օր կդառնա աբսուրդի թատրոն։ Աբսուրդի թատրոն՝ բաց երկնքի տակ։ Որտեղ ծիծաղն ու լացը, զավեշտն ու ողբերգականն այնպես են միահյուսված, ասես երկորյակ եղբայրներ լինեն։ Բայց այս ամենը ավելի շատ ցավ է, ողբերգություն է, քան ծիծաղ։

Երբ փոքր եմ եղել, ինչ-որ քեռի ինձ հարցրել է՝ ինչ կստացվի, եթե լեռը գլխիվայր շուռ տանք։ Ես լուրջ-լուրջ սկսել էի մտածել ոչ թե «ինչ կստացվի»-ի մասին, այլ, թե ոնց կարելի է լեռը գլխիվայր շուռ տալ։ Այդ ի՞նչ հզոր տեխնիկա կամ բուլդոզեր-էքսկավատոր պիտի լինի, որ կարողանա լեռը գլխիվայր շուռ տալ։

Շատ տասնամյակներ հետո միայն ես տեսա այդ շուռ տված լեռը, որ արդեն այլևս լեռ չէր, այլ խոր ձոր։ Եվ մենք այդ ձորում ենք հիմա, այդ խոր ու ամենակուլ ձորում, որտեղ տրամաբանությունը, մտածողությունը, գիտությունը, գիտելիքն անելիք չունի։ Իշխողը աբսուրդն է, անտրամաբանությունը։ Որտեղ չկա թռիչք ու սլացք, որտեղ չեն ճախրում, քարշ են գալիս կամ սողում։ Որտեղ տականքը հերոս է, հրեշը՝ հարգանքի արժանի և ընդօրինակման օբյեկտ։ Այս աբսուրդի թատրոնը, կրկեսը, մանկապարտեզը, խոր ձորը կամ պարզապես Փոսը իմ հայրենիքն է՝ Հայաստանը։

*   *   *
Հայկական հեռուստատեսությամբ Նա է, հայկական պաշտոնական կամ ոչ պաշտոնական մամուլում Նա է, կայքերում Նա է։ Գազօջախը վառում ես, թվում է թե կրակի միջից քեզ է նայում Նա՝ մեզ պարտադրված Ճակատագիրը, մեր վզից կախվածը, «ճիտին պարտքը», գլխներիս նստածը, անփոխարինելին։ Մեր երազներում անգամ Նա է։ Չնայած ձորում, խոր փոսի մեջ ի՞նչ երազ։ Երազը գիշերն է լինում, խավարում երազ չկա, կյանք չկա, խավարում միայն Խավար է։

Ասում են, որ Նա ամեն ինչ դիտմամբ, նպատակաուղղված, մտածված ու նախապես գրված սցենարով է անում։ Ես ոչ մի փաստ չունեմ, որ նա իրոք դիտմամբ է ամեն ինչ անում։ Չեմ կարծում, ասենք, թե նա հատուկ նպատակով է վաստակավոր արտիստի կոչում տվել հայերեն թուրքաարաբական մուղամներ կլկլացնող մեկին կամ Խորենացու մեդալ կպցրել ինչ-որ աղջնակի դոշին, նման հարյուրավորների՝ շքանշան ու անգամ հերոսի կոչումներ նվիրել։

Կարծում եմ, նրա կատարած որևէ քայլում միտում չկա, երկիր կործանելու համար հատուկ գրված սցենար չկա։ Պարզապես Նա այն է, ինչ կա։ Նա դիտմամբ չի այնպես պարում, որ ոմանք հիանան իր պարով կամ ծիծաղեն։ Պարզապես նա այդպես է պարում։ Իր պարը դա է։ Նա շքանշան-մեդալներ է տալիս ինչ-որ կլկլացնողների, այսպես ասած, երգիչների, ոչ թե դիտմամբ, որ արժեզրկի, համահարթեցնի, գազոնացնի մեր Մշակույթը, այլ պարզապես նրա իմացած մշակույթը դա է, նրա լսած, նրա ընկալած երգը ռաբիսն է, արամասատրյաններն են նրա երգիչները։ Նա որքան էլ զոռ տա, իրենից դուրս գա, Կոմիտաս և Արամ Խաչատրյան չի ընկալելու, Մոցարտ ու Բեթհովեն չի հասկանալու, հնարավոր է լուրջ-լուրջ տեսք ընդունի և ցույց տա, որ լսում, ինքն էլ է հասկանում և նույնիսկ ավելի լավ է հասկանում, որովհետև ինքը Գլխավորն է, Շեֆն է, բայց մտքում ծիծաղելու է լսած երաժշտության վրա և ասի՝ էս ի՞նչ են ճստճստացնում ու մարդիկ ի՞նչ են գտել այդ «տըզ-վըզների» մեջ։

Նա դիտմամբ չի հերոսի կոչումներ բաժանում անտիհերոսներին։ Նրա պատկերացմամբ հերոսն այդ մարդիկ են, որովհետև եթե պետք է լինում՝ «նագլի» են, մատնացույց արածին՝ կարող են հոշոտել ու ոչնչացնել, եթե պետք լինի՝ կսողան իր առաջ, իրեն ատամներով կպաշտպանեն «ժողովուրդ» կոչված ամբոխից։ Մանկությունից, դպրոցական տարիներից նրա համար քաջը, ընդօրինակման առարկան այդպիսիք են եղել, հերոսի մասին պատկերացումները խաչվել են այդպիսի մարդկանց կերպարներում։ Նա չի կարողացել նմանվել նրանց, ուժը չի պատել, կարողությունները շատ համեստ են եղել, բայց միշտ պատկառանքով է նայել նրանց։ Եվ ահա, վերջապես նա հնարավորություն է ստացել դառնալ այդպիսին՝ իր կարծիքով, և ըստ արժանվույն գնահատելու վերջիններիս։ Այժմ ոչ միայն իրականացել են հերոսի մասին իր երազանքները, այլև ինքն արդեն դարձել է այդպիսին, իսկ այն նախկին «կրուտոյ տղերքն» այժմ իր բռան մեջ են։ Նրանց հետ կարող է վարվել ուզածի պես։ Ինքն հիմա բոլորից բարձր է, բոլորից ուժեղ է, բոլորից «կրուտոյ» է։ Իր երազների հերոսը հիմա ինքն է, չնայած ինքն էլ իր շեֆը կամ շեֆերն ունի, որոնց առջև այնպես է ծալվում, ինչպես մի ժամանակ իր նախանձը շարժող թաղային հեղինակություններն են այսօր ծալծլվում իր առաջ։

Ոչ, նա երբեք ինքնակամ չի հեռանալու, աթոռը կամավոր չի զիջելու որևէ մեկին, որովհետև նա շատ զրկանքներ է քաշել, անգամ նվաստացել, գլուխ խոնարհել ոմանց առաջ, բայց աստիճանաբար, քայլ առ քայլ մագլցել այն բուրգի գագաթը, որտեղից ղեկավարում է Փոսը։ Նա գիտե, հասկանում է, որ հեռանալով, աթոռը զիջելով, ինքը շատ բան է կորցնելու, իսկ գուցե՝ ամեն ինչ։ Փլվելու է իր երազների իրականություն դարձած բուրգը։ Նա հասկանում է, որ այդ բուրգի փլուզումից ինքը դառնալու է ոչինչ, դառնալու է մանկության, պատանեկության, ջահելության տարիների այն խեղճ երազողը։

Այո, նա խոստումներ է տալիս և մոռանում։ Այլ կերպ չի էլ կարող լինել։ Նա երբեք գլուխ չի կոտրել ինչ-որ գեղարվեստական կամ գիտական գրքերի վրա, նրան երբեք հասու չեն եղել, իր շրջապատում երբեք այնպիսի անհասկանալի բաներ չեն եղել, որոնց անունն է Վեհ ու Գեղեցիկ, Ազնվություն, Արդարամտություն, Բարոյականություն։ Փոխարենը իշխողը եղել է ստեղծված վիճակից չոր դուրս գալու ունակությունը, այդ վիճակն իր օգտին շրջելը՝ թեկուզ խոսք տալու և չկատարելու գնով։ Թեկուզ մի քանիսի վրայով կոխ տալով անցնելու միջոցով։ Կարևորը արդյունքն է։ Մնացյալի վրա՝ թքա՛ծ։

Եվ, վերջապես, նա թքած ունի, որ այլևս Լեռ չկա, որ այդ լեռը շրջված է, որ այդ շրջված լեռն այժմ Փոս է։ Այս Փոսն ի՛ր փոսն է, այս Փոսի արքան և կոմանդիրն ի՛նքն է։ Իր Փոսը նա ինքնակամ չի զիջելու որևէ մեկին։ Վատթարագույն դեպքում կարող է զիջել միայն իր ամենահարազատ-ամենահավատարիմ մարդուն՝ պայմանով, որ վարագույրի հետևից ինքը ղեկավարի Փոսը։

*   *   *
Գլխիվայր շուռ տված Լեռը կարո՞ղ է երբևէ հրաբուխ ժայթքել։ Չգիտեմ։ Բայց գիտեմ, որ դա կլինի ոչ թե կործանում, այլ փրկություն, նոր կյանքի սկիզբ։ Առայժմ այստեղ՝ Փոսում, արշալույսները խաղաղ ու հանգիստ են։ Բայց դե՝ Փոսի մեջ ի՞նչ արշալույս։


17.03.2015

Ապուշը

(ԿԱՄ՝ ԶՐՈՒՅՑ ԱՊՈՒՇԻ ՀԵՏ)


ԶՐՈՒՅՑ ԱՌԱՋԻՆ

- Բարև ձեզ։
- Բարև։
- Կարելի՞ է ձեզ հետ մի քիչ զրուցել։
- Իսկ ինչի՞ մասին։
- Գրականության, գրողների մասին։
- Խնդրեմ։ Բայց մինչ այդ գուցե սրբես քիթդ։
- Իսկ դա պարտադի՞ր է։
- Ցանկալի է։
- Ճիշտն ասած, մոտս թաշկինակ չկա։ Այդպիսի երկրորդական բաներ չեմ պահում։
- Բայց պետք է պահես։
- Ձերը մի րոպեով չե՞ք տա։
- Ի՞նչը, թաշկինա՞կը։
- Հա։
- Բայց օգտագործված է։
- Ինչ կա որ։ Թաշկինակը օգտագործելու համար է։
- Խնդրեմ։
- Շատ մերսի։
(Նա երկար քչփորեց քիթն ու թաշկինակս մեկնեց ինձ)։
- Թող մնա քեզ մոտ։ Քեզ եմ նվիրում։
- Մերսի։
- Գրականության մասին էիր ուզում զրուցել։
- Հա, ճիշտ է։ Չարենցի մասին էի ուզում զրուցել։ Էդ Չարենցին լավ էլ թարգմանել են։ Ո՞վ է թարգմանել։
- Չարենցը շատ լեզուներով է թարգմանվել։
- Շատի հետ գործ չունեմ, նրան ո՞վ է հայերեն թարգմանել։ Նայեցի, ոչ մի տեղ թարգմանողի անունը չկար։
- Չարենցը հայերեն էր գրում։
- Հա՞... Հաստա՞տ։ Բա որտե՞ղ է այդպես լավ սովորել հայերեն։
- Հայաստանում։ Նա հայ է։
- Հա՞յ է... Ա՜յ քեզ բան... Մտքովս չէր անցել։ Բա ինչո՞ւ ազգանունը «յան»-ով չի վերջանում։


ԶՐՈՒՅՑ ԵՐԿՐՈՐԴ

- «Գդակը պոպոզ, անունը Կիկոս...»։ Ո՞վ է գրել դա։
- Հովհաննես Թումանյանը։
- Լավ է գրել, ինձ շատ դուր եկավ։ Բայց այդ բանը չպիտի աներ։
- Ի՞նչը չպիտի աներ։
- Չպիտի թողներ, որ Կիկոսը ծառը բարձրանար։ Կամ կարող էր, չէ՞, այդ գրողը՝ Թումանյանը, վազել դրանց տնեցիների մոտ ու ասեր՝ ձեր լակոտը բարձրացել է ծառը, եկեք իջեցրեք, թե չէ ընկնելու է և վարի գնա... Դրանից բացի մնացածը շատ լավ է գրել, շատ ապրի։


ԶՐՈՒՅՑ ԵՐՐՈՐԴ

- Եթե ես լինեի երկրի պրեզիդենտը, բոլոր այդ գրողներին կամ բանտ կնստեցնեի, կամ կգնդակահարեի։
- Գրողների հանդեպ նոր մոտեցում չէ։ Այդպես վարվողներ եղել են արդեն։ Բայց մի կարևոր բան մոռացար։
- Ի՞նչը։
- Նրանց գրքերն այրելը։
- Հա, լավ հուշեցիք. գրքերն էլ կվառեի։
- Բայց ինչո՞ւ։ Գրողներն ի՞նչ են արել քեզ։
- Նրանք բոլորը գող են։
- Հաստա՞տ։
- Հաստա՛տ։
- Իսկ ի՞նչ են գողացել։
- Նրանց գրածները ինտեռնետում կան։ Այնտեղից գողացել, թռցրել են։
- Հա՞։
- Հաստա՛տ։
- Ահա՜ թե ինչ։ Բայց, այնուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ դու էլ ես ինտերնետ մտնում։
- Շատ մերսի։ Բայց առայժմ անձամբ չեմ եղել այնտեղ, դեռ միայն կոմպյուտերով եմ ինտեռնետ մտնում։ Բայց մի բանում սխալվել եմ. եթե ես էլ գրող դառնայի, ամենահարուստը կլինեի։
- Բայց դու դրա կարիքը չունես։
- Ինչո՞ւ։
- Առանց այդ էլ դու շատ հարուստ ես։
- Չէ, շատ փող չունեմ դեռ։ Ինձնից հարուստ մարդիկ շատ կան։
- Ես փողը նկատի չունեմ, այլ խելքը։
- Հա՜, էդ մի հարցում դուք լրիվ ճիշտ եք։


ԶՐՈՒՅՑ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՄ ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

- Գիտե՞ք ինչ եմ մտածում։
- Նախագահ դառնա՞լ։
- Դեռ չէ։ Որոշել եմ դեպուտատ դառնալ։ Ի՞նչ եք կարծում, կստացվի՞։
- Անպայման։ Քեզ պես շատերն են պատգամավոր դարձել։
- Գիտեմ։ Դրա համար եմ ասում։ Որ դեպուտատ դառնամ, հետո հեշտ կլինի մինիստր դառնալը։
- Իրավացի ես։
- Լավ մարդ եք։ Ինձ շատ դուր եկաք։ Որ մինիստր դառնամ, ձեզ համար մի լավ պաշտոն կհաջողացնեմ։ Չնայած, մեր մեջ ասած, էնքան քույր, եղբայր, բարեկամներ, ազգականներ ունեմ, որ բոլորին տեղավորելուց հետո կարող է ազատ տեղ չմնա ձեզ համար։
- Շնորհակալություն։ Քեզ պես ինտելեկտուալ մարդու ղեկավարությամբ աշխատելը մեծ պատիվ կլինի։
- Միայն դուք եք հասկանում դա, իսկ շատերն ինձ ապուշ են համարում։
- Երբ նախարար դառնաս, շատ են փոշմանելու։
- Ճիշտ է։ Հերթ են կանգնելու, որ ընդունեմ իրենց, իսկ ես քարտուղարուհուս հանձնարարելու եմ դրանց մի քանի օր շարունակ ասի՝ շեֆը խիստ զբաղված է, խորհրդակցություն է։
- Փայլուն գաղափար է։
- Գիտեմ։
- Կարծես էլի թաշկինակի կարիք է զգացվում։
- Հա, իրոք։ Բայց ինչո՞ւ եք ինձ հետ դու-ով խոսում։
- Որովհետև դեռ մինիստր չես դարձել։
- Ճիշտ է։ Մի պահ մոռացա... Ասացի, չէ՞, դուք լավ մարդ եք։ Չէ՜, ինչ էլ պատահի, ձեզ համար անպայման մի լավ պաշտոն եմ պահելու...

17 մարտի, 2015 թ.

30.09.2014

Երազում եմ, որ ամեն մարդ զբաղվի իր սիրած գործով


Մանկության տարիներին նկարում էի ուր և որտեղ պատահի՝ գրքերի շապիկների տակ՝ սկզբում և վերջում տեղադրված սպիտակ էջերին, մեր հին, անշուք տան պատերին կպցրած էժանագին «օբոյին», այն տարիներին հազիվ ձեռքս ընկնող դեղնասպիտակ թղթերի վրա և հորս նոթատետրերի դեռևս խոպան տարածքներում...

Մեր ազգուտակը կարծում էր, թե անպայման նկարիչ եմ դառնալու, ոմանց կարծիքով՝ անպայման ու հաստատ հայտնի նկարիչ, որովհետև տաղանդավոր հորս տղան եմ։ Այդպես էին կարծում մինչև այն օրը, երբ միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեցի Ստեփանակերտի մանկավարժականի բանասիրական, ավելի ճիշտ՝ հայոց լեզվի և գրականության բաժինը։

Գեղանկարչությունից բացի սիրում եմ նաև երաժշտություն, հատկապես դասական, հատկապես ազգային, ժողովրդական, երբեմն նաև՝ էստրադա, բայց ոչ երբեք ռաբիս, որից սարսափելի ալերգիա ունեմ դեռևս մանկության տարիներից, երբ հայտնվում էի ծանոթ-բարեկամների հարսանիքներում ու պարտադիր մեծ փորով երգիչների կլկլոցից սրտխառնուք էի զգում։

Սիրում եմ թատրոնը, կինոն։ Մանկությանս տարիներին հանրապետության ժողովրդական արտիստ, Հովհաննես Շիրազի մանկության ընկեր, ճանաչված ռեժիսոր Հովհաննես Կարապետյանը նույնիսկ փորձում էր ինձնից դերասան կերտել, բայց քանի որ այդ տարիներին աներևակայելի ամաչկոտ էի ու հազիվ հնարավոր լիներ ինձ դուրս բերել թեկուզ կիսադատարկ դահլիճի դեմ-դիմաց, ձեռ քաշեց իր մտադրությունից։

Լինելով բանասեր, ի տարբերություն աշխարհի բանասերների առնվազն 95 տոկոսի, մեծ հակում ունեմ դեպի ֆիզիկան ու տեխնիկական սարքավորումները՝ սկսած փոքրիկ ռադիոընդունիչից, մինչև հեռուստացույց։ Դեռ մանկության տարիներից ամեն ինչ քանդում էի, քանի որ ինձ աներևակայելի հետաքրքրում էր, թե ինչ կա այս կամ այն սարքավորման ներսում ու ինչպես են դրանք աշխատում։ Հիշում եմ, այն ժամանակ արդեն Արցախում ճանաչված ու սիրված գրող հայրս՝ Վազգեն Օվյանը, որ ֆուտբոլի ու հատկապես «Արարատի» մոլի երկրպագու էր, ինչպես ասում են, կրակն էր ընկել պարբերաբար փչացող, պատկառելի գեղեցիկ արկղ հիշեցնող մեր ռադիոընդունիչի ձեռքին, որով ֆուտբոլային ռեպորտաժներ էր լսում, ու արդեն բազմաթիվ վարպետներ էր հրավիրել՝ ռադիոընդունիչը կարգի բերելու, հերթական հիասթափությունից հետո ասաց՝ «Վարպետների սարքելուց հետո հազիվ մեկ-երկու շաբաթ է աշխատում, ոնց որ արդեն լրիվ անպետք է դարձել, վերցրու, ինչ ուզում ես՝ արա»։ Ես՝ յոթերորդ դասարանցիս, քաղաքի բոլոր հայտնի վարպետներից հետո գործի անցա և հորս անփոխարինելի ընկեր ռադիոն սարքեցի։ Ու այլևս այն չխափանվեց, մինչև հորս մահից տարիներ հետո մի օր հասկացանք, որ այն վաղուց իր դարն ապրել է, և անիմաստ է զոռով քարշ տալ 21-րդ դար։

Սիրում եմ նաև... Անկեղծ ասած շատ բան եմ սիրում, ու այդ «շատ բաների» մեջ անսահման մեծ ու անփոխարինելի տեղ է գրավում Գրականությունը։ Հատկապես 5-6-րդ դասարանից հրաշալի ընթերցող էի, իսկ 8-րդ դասարանում թերևս ավելի շատ գեղարվեստական գրքեր էի ընթերցել, քան լեզվի և գրականության շատ ու շատ ուսուցիչներ։ Ուսանողական տարիներին ես, որ դպրոցում դասերից երբեք փախած չկայի, սկսեցի պարբերաբար փախչել ձանձրալի ու անհետաքրքիր դասախոսություններից՝ գրքեր կարդալու համար, ու արդեն անսխալ գիտեի, թե մեր դասախոսներից ով է կարդացել իր կողմից դասավանդվող առարկայի այս կամ այն հեղինակի «վերլուծվող» գիրքը...

Ու մի օր էլ պարզեցի, որ գրիչը ձեռքիս շարժվում է, սկսում է ինչ-որ նախադասություններ գրել, որոնք վերջում դառնում էին երգիծական կամ զարմանալիորեն լուրջ պատմվածք ու նովել...

Այսքանն ինչո՞ւ հիշեցի։ Հա, միանգամայն այլ բան եմ ուզում ասել։ Արդեն մի քանի տարի է, ընկերներիս խորհրդով հայտնվել եմ Ֆեյսբուք կոչվող տարածքում և պարբերաբար գրառումներ եմ թողնում իմ էջում։ Ու ահա թե ինչ եմ նկատել. երբ, այսպես կոչված, քաղաքական գրառումներից հետո անցնում եմ գրականության ու ներկայացնում իմ ոչ ծավալուն գրական ստեղծագործություններից, դրանցից ավելի շատ ոգևորվում են արվեստ ու գրականության երկրպագու ֆեյսբուքյան իմ ընկերները, իսկ ընկերներիս մի մասը հաստատ դժգոհում է՝ պահո՜, բա դրա ժամանա՞կն է, երկիրը կործանվում է, անդունդի եզրին է, դու էլ գեղեցիկ պատմություններով ես տարվել...

Երբ կրկին անցնում եմ քաղաքական գրառումներիս, զգում եմ, որ այս անգամ էլ մտքում ինձնից դժգոհում են գրականության ու արվեստի երկրպագուները, որոնց մեջ Մոցարտը դեռ չի մեռել. «Ախր կարգին գրիչ ունես, ընթերցողներ ունես, ինչո՞ւ ես իզուր ժամանակդ վատնում էդ բաների վրա։ Գործ չունես դրանց հետ, թքի՛ր էդ բոլորի վրա և գրականությամբ զբաղվիր...»։

Ու ահա, ես ստիպված եմ բավարարել թե՛ մեկ, թե՛ մյուս իմ շատ սիրելի ընկերների, համախոհների, համակիրների կամ պարզապես ընթերցողների պահանջները՝ մերթ ներկայանալով որպես գրող, արձակագիր, մերթ նավարկելով ներքաղաքական ճահճուտի նեխահոտում, որովհետև չեմ կարող հանգիստ ու լուռ նստել, նովելներ գրել, չտեսնելուն տալով, որ մեր Նավն արդեն խորտակվում է...

Բայց, մեր մեջ ասած, հոգուս խորքում դեռևս երազում եմ այն օրը, երբ յուրաքանչյուրը կզբաղվի իր սիրած գործով։


ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝ Ես 5-6 տարեկան եմ։ Ինձ «բռնեցրել» են այն պահին, երբ դանակը ձեռքիս, պատրաստվում էի «նորոգել» խաղալիք ավտոմեքենան...

02.06.2014

Լուսանկար


Մի լուսանկար ունեմ։ Մեկ տարեկան եմ այդ նկարում և մեծ-մեծ, անմեղ աչքերով զարմացած նայում եմ աշխարհին։ Այդ նկարում ես չգիտեմ, թե ինչու են մարդիկ ապրում, թե ինչու են նրանք ծնվում, սիրում ու մեռնում։ Այդ նկարում ես չգիտեմ, թե որն է լավ և որն է վատ։ Ես մի տարեկան եմ այդ լուսանկարում, ու աշխարհն ինձ համար զարմանալիորեն գեղեցիկ, անհասկանալի ու հրաշք մի հեքիաթ է միայն։

Շատ տարիներ են անցել։ Երեք տասնյակից ավելի գարուններ են անցել իմ գլխավերևով և նույնքան ձմեռներ անցել իմ վրայով։ Արդեն մի քիչ հասկանում եմ, թե որն է լավ և որն է վատ այս աշխարհում։ Արդեն գիտեմ, թե ինչն է կարելի և ինչը չի կարելի, ու երբեմն փորձում եմ պարզել, թե «չի կարելին» ինչու շատերի համար չի կարելի, իսկ ոմանց համար կարելի է։
Վաղուց լուսանկարի այն փոքրիկը չեմ այլևս։ Սակայն մոռանալով, մեկ-մեկ աշխարհին շարունակում եմ նայել մեկամյա այն մանկան միամիտ, պարզ ու անմեղ աչքերով։ Մոռանալով, որ աշխարհում կա պատերազմ, տանկ ու ռումբեր, և մարդիկ ոչ միայն մահանում են, այլև սպանում են նրանց, մոռանալով, որ մարդիկ ոչ միայն սիրում, այլև ատում, նախանձում ու չարախոսում են, ես դարձյալ փորձում եմ մտածել, որ կյանքը զարմանահրաշ ու գեղեցիկ մի հեքիաթ է...

Այդ ամենը սակայն մի քանի ակնթարթ է տևում։ Հաջորդ պահին աջ ու ձախից, դիմացից ու թիկունքից տեղացող հարվածներից ես հազիվ եմ պահում ինձ, որ չընկնեմ։ «Երկրի վրա երազներով չես ապրի, և կյանքն ամենևին էլ հեքիաթ չէ լուսեղեն,- ականջներիս մեջ թնդում է իրականության երկրային ձայնը,- քեզ խաբում են՝ դու էլ խաբիր, խփում են քեզ՝ դու էլ խփիր, դու էլ սողա և զրպարտիր, կաշառք տուր և կաշառք վերցրու, ապրանք ու մարդ առ և ծախիր, որպեսզի կարողանաս ապրել...»։

Շատ տարիներ են անցել մանկական իմ այն լուսանկարի վրայով։ Այն լուսանկարի մանկիկը չեմ այլևս, և կյանքն ամենևին զարմանահրաշ հեքիաթ չէ ինձ համար։ Սակայն մեկ-մեկ երբ մոռանում ու դարձյալ սկսում եմ աշխարհին նայել այն մանկան պարզ ու անմեղ աչքերով և... նորից կրկնվում է պատմությունը նույն, ես մտածում եմ, որ ամեն ինչ, անգամ կյանքս կտայի, միայն թե աշխարհն այս այն մանկան զարմացած աչքերի մեջ քարացած զարմանահրաշ ու գեղեցիկ լուսե հեքիաթը լիներ...
                                                    Հուլիս, 1998 թ.

02.05.2014

Հին ու նոր պատմություն


կամ` երբ գիժը քար գլորեց ձորը


Մի հիմար, ավելի ճիշտ՝ ապուշի մեկը, քար գլորեց ձորը: Մինչ ազգի խելոքները հավաքված, մտածում էին, թե ձորից ոնց հանեն սրա գլորած քարը, այս խելառը երկրորդ քարը գլորեց: Նախորդից մեծ քար:

Ազգի խելոքները նորից սկսեցին գլուխ ջարդել, բայց արդեն ոչ թե մեկ, այլ երկու քարերը հանելու համար: Ու մինչ ազգի իմաստունները նորից հավաքված, ծանր ու մեծ մտածում են, սա երրորդ քարը գլորեց՝ նախորդներից ավելի խոշոր մի քար:

Ազգի խելոքները խուճապի մեջ են. ո՞նց հանեն այդ անիծյալ քարերը:

- Ուրիշ ելք չկա,- ասաց իմաստուններից մեկը,- եկեք հանրահավաք անենք, հետո կերևա…

- Ի՞նչ հանրահավաք,- խոսեց երկրորդ իմաստունը, – մի քանի անգամ արդեն արել ենք, բայց որևէ օգուտ չենք ստացել դրանից: Առաջարկում եմ հացադուլ անենք:

- Ոչ մի հանրահավաք, ոչ մի հացադուլ,- ասաց երրորդը:- Միակ ճանապարհը, միակ ելքը նամակ գրելն է: Դուք այստեղ որքան ուզում եք՝ մտածեք, ես գնացի: Գնում եմ նամակ գրեմ:

- Հռոմի պապի՞ն,- հարցրեց մեկը:

- ՄԱԿ-ի՞ն,- հարցրեց երկրորդը:

- Ոչ մեկին, ոչ մյուսին, Թագավորին,- ձեռքն հանդիսավոր ինչ-որ ուղղությամբ պարզելով, ասաց նամակագիրը, մյուսներից առանձնացավ, մի սալաքարի վրա նստեց ու հանեց նոթատետրը:

Իմաստուններից մեկը ձեռքը վեր պարզեց, բոլորը լռեցին:

- Մի՛ աղմկեք, տիկնայք ու պարոնայք,- ասաց նա, չնայած հավաքվածների մեջ միայն տղամարդիկ էին:- Մեր այս աղմուկով ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին: Հետևեք ինձ: Ես գիտեմ ինչ պիտի անենք:

 - Նախ ասա՝ ո՞ւր ես ուզում մեզ տանել, և ի՞նչ պիտի անենք,- հարցրին իմաստունները:

- Եկեք միասին գնանք աղոթենք…

Հավաքվածները սկսեցին դժգոհ աղմկել: Արդեն իրար ձայն չէին լսում: Կոպտում ու հայհոյում էին իրար, և չնկատեցին, թե որտեղից ու ինչպես իրենց առջև հայտնվեց բոլոր ժամանակների մեծագույն աշխարհակալը՝ Ալեքսանդր Մակեդոնացին:

Նա դանդաղ իր շորերից թափ տվեց հազարամյակների փոշին, հայացքով չափեց բոլորին ու հարցրեց.

- Տիարք, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք հավաքվել այս ձորի գլխին, ինչո՞ւ եք աղմկում:

- Մի հիմար, թանձրագույն ապուշի մեկը քարեր է գլորել ձորը, մտածում ենք, թե ինչպես հանենք,- միաձայն պատասխանեցին իմաստունները:

- Ահա թե ինչ,- Աշխարհակալը մի րոպե լռեց ու հարցրեց:- Տեսե՞լ եք, թե ես ինչպես եմ լուծել գորդյան հանգույցը:

- Չենք տեսել, բայց այդ մասին կարդացել ենք,- կրկին միաձայն պատասխանեցին իմաստունները:

- Այդ դեպքում ինչո՞ւ եք գլուխ ջարդում: Ամեն ինչ չափազանց պարզ ու հասարակ է: Պետք չի քարերը հանել: Բռնեք այդ հիմարին՝ քարերը գլորողին, ձեռ ու ոտերը կապեք և այստեղից՝ ձորի գլխից ուղարկեք իր գլորած քարերի հետևից:

*   *   *
Այստեղ պատմությունն ավարտվում է: Բայց մի խումբ ականատեսներ ասում են, որ պատմությունը շարունակություն ունի: Լսենք նրանց պատմածը.

Մինչ Մեծ զորավարը շրջվել, ուզում էր հեռանալ, իմաստուններից մեկը նրա հետևից ձայնել է.

- Աշխարհակալ, բայց նրան ո՞նց բռնենք:

Մեծն Մակեդոնացին դանդաղ շրջվել, արհամարհանքով ոտից գլուխ չափել է իմաստուններին ու ասել.

- Եթե դուք այդ օրին եք արդեն, ձեզ համար մի պահեստային տարբերակ կա,- նա կրկին արհամարհանքով չափել է բոլորին ու մատնացույց արել անդնդախոր ձորը: – Ինքներդ մեկնեք քարերի հետևից…

Աղբյուրը՝ Անալիտիկոն

26.04.2014

Մի անծանոթ աղջկա


Ստեփանակերտի երթուղային ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում վերջերս գրություններ են փակցրել՝ «Խնդրում ենք յուրաքանչյուրը մուծի միայն իր փոխարեն»։

Ամեն անգամ կարդալով այն, հիշում եմ այդ գրությունների երևան գալուց մի շաբաթ առաջ ավտոբուսում նստած անծանոթ այն աղջկան, որ իջնելուց առաջ շրջվեց ու ասաց. «Դուք չմուծեք...»։

Ինձնից երկու նստատեղ առաջ էր նստած նա, դեմքը չէի տեսնում։ Միայն հիշում եմ, որ մտքերով տարված էի, կանգառներից մեկում այդ աղջիկը շրջվեց ու, գեղեցիկ ժպիտը դեմքին, ասաց. «Դուք չմուծեք, ձեր տեղ ես մուծելու եմ»։ Մտածեցի, որ ինձնից առաջ կամ ետևում գտնվող մարդկանց է վերաբերվում։

Նայեցի՝ ինձնից առաջ նստատեղերը դատարկ էին։ Հետ նայեցի, մի տղամարդ էր միայն նստած։ Հարցրի՝ այն աղջիկը ձե՞զ էր դիմում։ Պատասխանեց. «Չէ, ես իրեն չեմ ճանաչում։ Կարծում եմ, ձեզ դիմեց...»։

Մի ակնթարթ տեսա այդ աղջկա ժպիտն ու հայացքը, բայց չէի ենթադրում, որ ինձ էր ուղղված։ Հետո միայն կասկածեցի, երբ ավտոբուսից իջել էր արդեն։ Ու այդպես էլ չհասցրի շնորհակալություն հայտնել։
Մինչև հիմա ցավում եմ դրա համար։ Ներիր, անծանոթ աղջիկ...

16.04.2014

Վշտի ծիծաղ


Եվ Վռամշապուհ արքայի ու Սահակ Պարթևի հրահանգով Մեսրոպ Մաշտոցն անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել Դանիել եպիսկոպոսի հետ, ապա եղել է Եդեսիայում, Ամիդում, այնտեղից ճանապարհվել Սամոսատ։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի, Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի հետ, այցելել է Եդեսիայի գրադարանը և 405 թ. ստեղծել հայոց գրերը։

Երբ վերադարձավ այնտեղից, նրան դիմավորելու դուրս եկած Վռամշապուհ արքան, բարձրաստիճան հոգևորականներն ու ժողովուրդը վերջինիս դեմքին խոր հիասթափություն տեսան։

- Ժողովուրդ հայոց, ավա՜ղ, ես այդպես էլ չկարողացա գտնել այն, ինչ փնտրում էի,- հուզաթաթավ ձայնով բարբառեց Մաշտոցը,- ոչ հայկական հինգաստղանի կոնյակը, ոչ ղարաբաղյան թթի օղին չօգնեցին. նրանք համառորեն չցանկացան ինձ տալ բաղձալի լատինատառ հայերենը։ Որքան խնդրեցի, աղաչեցի՝ չօգնեց։ Ասացին՝ հակակոռուպցիոն պայքարը մենք վաղուց ենք հաղթանակով պսակել, կաշառք-մաշառք մեզ մոտ չեն անցնի։ Ու ահա, փոխարենը ժամանակավոր գործածության համար բերել եմ հայերեն գրեր... Բայց մի՛ հուսահատվեք, մի կերպ յոլա գնացեք դրանցով, մինչև լուսավոր ժամանակներ կգան...

Եվ դժբախտ հայ ժողովուրդը դարեր շարունակ տքնեց այդ հայերեն գրերի վրա, հազարավոր էջ մագաղաթյա մատյաններ կազմեց, հետո սկսեց հարյուրավոր, հազարավոր գրքեր տպագրել այդ գրերով, թերթեր ու ամսագրեր հրատարակել, դպրոցականները կիլոմետրերով շպարգալկաներ գրեցին մեսրոպյան ժամանակավոր այդ գրերով, սիրահարները զգայացունց նամակներ հղեցին իրենց «սրտի հատորներին», մինչև 16 դար հետո, 20-րդ դարի վերջերին քարից հաց քամող բազմատաղանդ հայ ժողովուրդը գրեթե անվճար ձեռք բերեց երազած լատինատառ հայերեն գրերը...

Հայ ժողովրդի դարավոր երազանքներից գոնե մեկը վերջապես իրականացավ...

25.03.2014

Հիմար ռոմանտիկն ու ծաղիկը


Սքանչելի մի ծաղկաթուփ կար այդ զբոսայգում: Ամեն օր հարյուրավոր մարդիկ էին անցնում հրաշք այդ ծաղկաթփի մոտով ու հիանում նրա աստվածային գեղեցկությամբ։ Մարդկանց մեջ կար մեկը, հիմար մի ռոմանտիկ, որ հեռու մի տեղ կանգնած, խենթի պես աչքը չէր կտրում կարմրաթերթ ծաղիկներից։ Նա արդեն իր համար ընտրել էր ծաղիկներից մեկը, որ մյուսներից իր գեղեցկությամբ ամենևին չէր զանազանվում, բայց ռոմանտիկը հենց այդ ծաղիկն էր ընտրել իր համար, և նրան թվում էր, թե այն իր մեջ խտացնում է լավագույն այն ամենը, որ կան մյուս բոլոր ծաղիկների մեջ։

Այնուամենայնիվ, սովորական մի ծաղիկ էր դա, սակայն խենթ ռոմանտիկը կարծում էր, թե իր ծաղիկը բոլորից գեղեցիկն ու սքանչելին է։ Նա չէր համարձակվում մոտենալ ծաղկին, մտածելով, որ դա սրբապղծություն կլինի։ Հեռու-հեռվից նայում ու մտածում էր, որ անգամ նրանք, ովքեր շատ մոտիկից նայում են ծաղկին, երբեք սիրտ չեն անի նույնիսկ դիպչել իր գեղեցկուհուն։

Մի օր էլ ռոմանտիկին թվաց, թե անցորդներից մեկը, սովորական ու ոչնչով աչքի չընկնող մի տղամարդ, երբ անցնում էր իր ծաղկի մոտով, վերջինս գլուխը երկարեց և թերթիկներով մեղմիկ փաղաքշեց նրան։ Ռոմանտիկին թվաց, թե դա իր աչքին երևաց, և նա այլևս չմտածեց այդ մասին։ Հետո նա նույնը նկատեց նաև մի քանի օր հետո, և դարձյալ աչքերին չհավատաց, բայց, համենայն դեպս, իր «դիտակետից» մի քիչ ավելի մոտեցավ ծաղկաթփին։ Այդ օրը ոչինչ չնկատեց և մտքում հայհոյեց իրեն՝ կասկածամտության համար։

Հաջորդ օրը, երբ նա համեմատաբար ավելի մոտիկից հիանում էր իր ծաղկի գեղեցկությամբ, նկատեց, որ մի տիպ գլուխը երկարեց դեպի իր թագուհին: Վերջինս խոնարհվեց նրա վրա ու իր թերթիկները քսեց նրա դեմքին։
- Օ՜, ո՛չ, աստված իմ, չի կարող պատահել, այդպես չպիտի լինի,- շշմած բացականչեց ռոմանտիկը։

Հետո նա նկատեց, որ նույն բանը կրկնվեց նաև մի շքեղ անցորդի, հետո անշուք ու սովորական մի անցորդի, հետո այլ անցորդների հետ։ Իսկ մի օր էլ շիշը ձեռքին, կարմրած քթով մեկը թփից պոկեց ծաղիկն ու, ձեռքում խաղացնելով, գնաց։ Ռոմանտիկը տեսավ դա, և այնպիսի տեսք ուներ, ասես, ուր որ է, կընկնի...
Այդ օրը շուտ մթնեց ռոմանտիկի համար։

Երբ լույսը բացվեց, տարիքով մի անցորդ նկատեց թփերից մեկի մոտ մեկնված ռոմանտիկին ու քրթմնջաց.
- Անբանի մեկը...
- Ո՞ր գրողի տարած գրքի էջերից է դուրս պրծել տխմար այս ծաղրածուն,- բարկացավ փողկապավոր մի պարոն,- չի էլ ամաչում...
- Հարբեցող շան որդի,- քիչ հետո նետեց մի այլ անցորդ։

Հետո երբ արդեն շատերն էին նկատել ծաղկաթփի մոտ մեկնված ռոմանտիկին, բարձրահասակ ու լայնաթիկունք մեկը մոտեցավ, ոտքով շրջեց նրան ու ասաց.
- Ի՞նչ ես մեկնվել, ցնդած երազող, սա քեզ համար ծովափ չէ...
- Աստված իմ, նայեք նրա դեմքին, ախր նա մեռած է,- ճչաց մի կին։

Ոչ ոք չնկատեց, որ ռոմանտիկի գրպանից թղթի մի կտոր ընկավ, որի վրա գրված էր. «Մի հիմար ավել, մի հիմար պակաս, դրանից ոչինչ չի փոխվում աշխարհում...»։
Հետո քամին թղթի կտորը քշեց ու տարավ իր հետ...

Սեպտեմբեր, 1998թ.

18.03.2014

Զինադադարից առաջ


Այդ օրը ես որոշեցի գրել իմ ամենաուրախ պատմվածքը։ Նույնիսկ նախապես մտածել էի վերնագիրը. «Ես սիրում եմ քեզ, կյանք»։ Արդեն ես ճանաչում էի իմ հերոսին։ Ասես դիմացս նստած լիներ. ես պարզ ու հստակ տեսնում էի նրա պայծառ ու կենսուրախ դեմքը, վճիտ աչքերի փայլն ու բերանի անկյուններում գծագրվող ժպիտը։

Հետո թուղթ ու գրիչ վերցրի և սկսեցի պատմել նրա՝ իմ կենսախինդ հերոսի մասին։ Նա նոր էր վերադարձել Երևանից, որտեղ բարդ վիրահատություններից հետո, տասնյակ բեկորներ հանելով մարմնից, հրաշքով կյանքի էին կոչել նրան։ Եվ ահա, տևական բուժումներից հետո, վերջապես հայրենի քաղաքում է նա։ Պատերազմի ավարտին ընդամենը երկու ամիս էր մնացել։ Պատերազմ, որին մասնակցում էր տասնվեց տարեկանից և հասցրել էր մի քանի անգամ վիրավորվել։

Մի քանի օր առաջ է վերադարձել նա և դեռ կարգին չի ապաքինվել։ Ուրախ ու երջանիկ շրջում է փողոցներով, ուրախ, որ նորից հայրենիքում է, թեկուզ կիսավեր, բայց սիրելի իր քաղաքում, ուրախ, որ կրկին տեսնում է իր հայրենակիցներին...

Տուն վերադառնալիս, նա նկատեց գեղեցիկ մի աղջկա։ Մոտով անցնելիս, աչքով արեց և ժպտաց նրան։ Աղջիկը մեղմ ժպիտով պատասխանեց նրան։

Ես նույնպես ուրախ էի, որ կարծես ստացվում է իմ ամենաուրախ պատմվածքը։ Ես մտածում էի, որ հաջորդ օրը նա կրկին կհանդիպի աղջկան։ Այդպես էր կարծում նաև աղջիկը։ Ես մտովի փորձում էի պարզել, թե ինչ պիտի ասի աղջկան նորից հանդիպելիս, ես արդեն գծագրում էի երիտասարդի երջանիկ ապագան... Բայց...

Այն, ինչ կատարվեց հետո, ցնցեց ինձ։ Հաջորդ օրը, դեռ կարգին չապաքինված, երիտասարդը կրկին մեկնեց մարտական ընկերների մոտ։ Հետո... Զինադադարից մի օր առաջ նա սպանվեց...

Աստված իմ, ես գրեթե ավարտել էի իմ ամենալավատեսական պատմվածքը։ Սիրելիս, հարազատս, ինչո՞ւ այդպես արեցիր, ախր դու չպիտի մեռնեիր։ Հազիվ տասնինը տարի էիր ապրել այս աշխարհում, քո առջև դեռ մի ողջ կյանք կար...

Այդ օրը ես ուզում էի գրել իմ ամենաուրախ, կյանքի և սիրո մասին իմ ամենալավատեսական պատմվածքը...
1999 թ.

16.03.2014

Իմ մտապատկերում այդ ՀԱՅԱՍՏԱՆՆ է


Մարդու մեծագույն հարստությունն իր զավակներն են։ Ինձ համար՝ նույնպես։ Չնայած շատերը հարստություն ասելով, միանգամայն այլ բան նկատի ունեն։ Սակայն իմ ունեցած, իմ դավանած հարստությունը չեմ պատկերացնում առանց գրքերի։ Գուցե գրող, արվեստագետ հորիցս եմ ժառանգել գրքի հանդեպ պաշտամունքի հասնող այդ սերը, չգիտեմ, հստակ չեմ կարող ասել։

Շուրջ մեկ ամիս առաջ իմ լավ բարեկամ, լրագրող, գրող, տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր Հովհաննես Պապիկյանից գրքեր նվեր ստացա, այդ թվում՝ «Կարոտի ճամփաներ»-ը։ Այս տարվա իմ ամենաթանկ նվերներն են այդ գրքերը։

Ու մեկ ամիս է, չեմ կարողանում մի քանի տող գրել «Կարոտի ճամփաներ»-ից տպավորությանս մասին։ Գիրքն այդ մեր ԿՈՐՈՒՍՅԱԼ ԵՐԿՐԻ մասին է, Կարսի, չքնաղագեղ Անիի, Մուշի մասին։ Բառեր չեմ գտնում, կարծես այդ երկրի պես մնացել են սահմանի հակառակ կողմում։ Բառերի փոխարեն մնացել է Ցավը, դաժան, հոգեմաշ Ցավը...

«Հայի համար Անին սրբավայր է, մասունք. ամեն ընկած քար ու խոյակ հազարամյա պատմության խոսուն վկա է,- գրում է Հովհաննես Պապիկյանը։- Հայ ուխտավորը ժամերով է կանգնում եկեղեցու ամեն մի ընկած քարի, հրաշքով կանգուն մնացած մի ծիվ պատի մոտ, երեխա գուրգուրելու զգուշությամբ շոշափում վիմական արձանագրությունները, ճարտարապետական շքեղ բեկորները, նկարազարդ որմնամասերը, որ ընկած են երբեմնի շքեղաշեն եկեղեցիների պատերից»։

Գրքի Մուշի մասին էջերն եմ կարդում։ Բառեր չկան, աչքիս առաջ Հայոց պատմական երկիրն է՝ որդեկորույս ծնողի պես տխուր, հոգեմաշ ցավը հավետ սրտում։ «Իսկ երբ Մշո դաշտ մտանք, և վարորդը ձայներիզների ընտրություն էր կատարում, Մնացական Օհանյանը (նրան Հրաչ պապ էին ասում ընկերները - Վ.Օ.) կանխեց. «Սպասիր տղաս...»։

Ապա՝ «Երգելու պահին տեսնել էր պետք Հրաչ պապին՝ թաց աչքեր, երգի ռիթմի հետ օդում շրջաններ գծող հուզմունքից դողացող ձեռքեր, և ձայնը՝ կարոտից կերկերուն ու հուզական։
Նա այդ պահին իր կարոտն էր երգում, իր հայրիկի կարոտը, որ տարիներ շարունակ տղային ապսպրել էր. «Հենց ճամփեքը բացվեն, անպայման գնա մեր գյուղ... Կախովի կողպեքի բանալին կգտնես աջ կողմի մարդաբոյ բարձրության անկյունաքարի տակից։ Հետո էլի տեղը դիր, որ քո զավակներն էլ գնան, նրանք էլ թող իրենց զավակներին հորդորեն գնալ, մինչև մի օր...»։
Հոր ասած «մինչև մի օր»-ը դեռ կախման կետեր ունի»։

Ես ծնվել եմ Արցախում։ Հայրս, հորս հայրը, հորս պապը նույնպես ծնվել ու ապրել են Արցախում։ Պապիս պապն էլ ծնվել ու ապրել է այստեղ, նրա պապերն էլ։ Հազար տարի՞, երկու հազար տարի առաջ է՞լ են նրանք այստեղ, այս հողում ծնվել, ապրել ու հող դարձել, թե՞ Նարեկացուց շատ առաջ կամ նրանից հետո Վանից, Մուշից կամ Սասունից են եկել այստեղ ու կառուցել իրենց Տոհմածառը։ Կամ գուցե Մեծն Տիգրանի ժամանակ ու նրանից առաջ էլ Արցախը նրանց ծննդավայրն է եղել։ Չգիտեմ։

Բայց ամեն անգամ Հայաստան ասելիս, իմ մեջ պատկերանում է հենց այն Հայաստանը, որ այսօր պատմական Հայաստան ենք անվանում, Կորուսյալ երկիր կամ Արևմտյան Հայաստան։ Ու ինձ թվում է, թե իմ, իմ պապի, ապուպապի, նրանց ապուպապերի արմատները հենց այդ Հայաստանում են։ Նրանց ոտնահետքերը մնացել են Մուշի, Սասունի, Վանի, Անիի մոտերքում՝ մացառներով պատած, հազարամյա ճանապարհներին կամ նրանցից ձգվող արահետներին ու կածաններին...

Ծաղկածիծաղ Վանը կամ հրաշագեղ Անիից մնացած ավերակները երբեք չեմ տեսել։ Թերևս արդեն չեմ էլ տեսնելու։ Այդ Երկիրը տեսել եմ լուսանկարներում, վերջին տարիներին նկարած սիրողական ֆիլմերում միայն, բայց երեկ էլ, հիմա էլ, վաղն էլ Հայաստան ասելիս իմ մտապատկերում առաջին հերթին հայտնվելու է հենց այդ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ապա դրանից պոկված բեկորները՝ ՀՀ-ն, Արցախը...

Հետո մյուս դաժան Ցավն է սիրտ մաշում. իսկ ի՞նչ ենք անում հրաշքով մնացած, հրաշքով պահպանված, հազարավոր մեր հայրենակիցների արյան ու կյանքի գնով թշնամուց մաքրած այս փոքրիկ բեկորները պահելու համար...

«Անիին հարևան գյուղի փողոցներով անցնես՝ երեխաները ոտնատակ են ընկնում։ Ում որ դուր չի գալիս այս համեմատությունը, թող նստի Բաղրամյանից Թալին գնացող ավտոբուսը և նայի նույն Կարսի դաշտավայրի հարթությունն ունեցող «մեր կողմի» գյուղերի տներին. քանի՞ բաց դուռ և քանի՞ մարդ կտեսնի։ Եվ ավտոբուսի մեջ էլ թող փորձի մտաբերել Գյոթեի խոսքերը. «Գահերն ու թագավորությունների անկումը ինձ չեն հուզում. այրված գյուղական տունը՝ ահա իսկական ողբերգությունը»։ Մոռացվող գյուղի մարդազուրկ տունը արդյո՞ք այրված տուն չէ»,- ցավով խորհում է Հովհաննես Պապիկյանը։

Մայր Արաքսը Հայոց պատմական բնօրրանը՝ Երկիր Նաիրին, Մեծ Հայքը երկու մասի է բաժանել։ Չէ, ինքը չէ բաժանողը, իրեն պարզապես պարտադրաբար բաժին են թողել իր երկու հատվածների միջև հավերժ տառապյալի ծանր ու դաժան դերը։ Մի կողմում Հայոց Մեծ երկրի այն մասն է, որ Արևմտյան Հայաստան է կոչվում, և որտեղով «անցել է թուրքը», մյուս կողմում Հայոց Մեծ երկրի փոքրիկ մի հատվածն է՝ Արևելյան Հայաստան կամ Հայաստանի Հանրապետություն անվամբ, կողքին Արցախը՝ անորոշ ապագան ուսին...

Արաքսի այս կողմում մերօրյա տխուր իրողությունները չեմ ուզում պատճառ դառնան, որ հանկարծ վաղը գանգրահեր մի պատանի, կիսավեր իր տան առջև կանգնած, ցավով շշնջա. «Իսկ այստեղով անցել են հայ իշխանավորները...»։
Երանի՜ այդպես չլինի...

08.03.2014

Ոտնահետքեր


- Լյա՜, լյա-լյա-լյա՜,- երգում էր փոքրիկ մի աղջնակ։

Շուրջը 8-9 տարեկան երեխաներ են. պահմտոցի են խաղում։ Քիչ այն կողմ 11-12 տարեկան 5-6 տղա ֆուտբոլ են խաղում։ Իսկ երեքամյա այդ փոքրիկը մեն-մենակ նստել բակում թափված փոքրիկ մի ավազաթմբի մոտ, ավազի վրա տիկնիկ է սարքում ու երգում.
- Լյա՜, լյա-լյա-լյա՜...

Ասես չի նկատում ոչ մեկին։ Իր խաղով տարված, այնպես զնգուն ու գեղեցիկ է երգում, կարծես ողջ աշխարհում ինքն է միայն ու ավազի վրա սարքած իր տիկնիկը։
- Լյա՜, լյա-լյա-լյա՜...

Մարդիկ են գնում-գալիս։ Մեկը՝ շուկայից, մյուսը՝ աշխատանքից է վերադառնում, երրորդները նոր են տնից դուրս գալիս։ Իսկ փոքրիկ աղջնակն ավազաթմբի մոտ նստած, ոչ մեկին չի նկատում, տիկնիկ է սարքում և երգում.
- Լյա՜, լյա-լյա-լյա՜...

Շրջապատի աղմուկից և ամեն ինչից վերացած, այնպես ինքնամոռաց, այնպես զվարթ ու զնգուն է թնդացնում իր «Լյա՜, լյա-լյա-լյա՜»-ն, որ այդ պահին աշխարհում ամեն ինչ գեղեցիկ ու վեհ, ազնիվ ու մաքուր էր թվում։
- Լյա՜, լյա...

Փոքրիկի  ձայնը  հանկարծ  ընդհատվեց  երկրորդ «լյա»-ի վրա։ Աստված իմ. ի՞նչ պատահեց։ Վազեցի պատշգամբ։ Փոքրիկն անշարժ նստել ավազաթմբի մոտ, նայում էր բակով անցնող 12-13 տարեկան երկու տղայի հետևից։ Պարզ ու վճիտ աչիկներից արցունքի կաթիլներ էին գլորվում, իսկ ավազաթմբի վրա, ուր քիչ առաջ տիկնիկն էր, զույգ ոտնահետքեր էին մնացել...

Այդ րոպեին ես ամեն ինչ կտայի, որ այդ ոտնահետքերը միայն ավազի վրա լինեին մնացած...

Հուլիս, 1998 թ.

07.03.2014

Ձեզ ստրուկներ մի՛ դարձրեք, մարդի՛կ


Հարգելիներս, բարեկամներս, սիրելիներս, պաշտելիներս, թանկագիններս ու անգիններս, մի անգամ ևս թախանձագին խնդրում եմ, աղաչում եմ, եթե գրում եք հայերեն, ապա միայն՝ ՄԵՍՐՈՊԱՏԱՌ, ՀԱՅԱՏԱՌ։

Թող գրողի ծոցը կորչի «լատինատառ հայերեն» կոչվող անհեթեթությունը։ 21-րդ դարում եթե հայը չի կարողանում կամ չի ուզում իր համակարգչում հայագիր ծրագիր տեղադրել, նրա ոչ մի պատճառաբանություն ինձ չի հետաքրքրում։

Օտարի տառերով «հայերեն» շիլաշփոթ գրություններ անելը, մեղմ ասած կամ կոպիտ ասած, նույնն է թե՝ շարունակ օգտվես օտարի ափսեից։ Ինքնասիրություն ու հատկապես ազգային արժանապատվություն ունեցեք, հարգելիներս։ Այսուհետ ես ոչ հայատառ ոչ մի գրություն չեմ կարդալու։ Անգամ եթե գրողն իմ հարազատն է...

Մեր բոլոր դժբախտությունների ու ողբերգությունների մի ստվար մասը, ըստ իս, արդյունք է մայրենիից, արմատներից կտրվելուն։ Ամեն ինչ այնքա՜ն պարզ է։ Եթե հայը կամ հայկական ազգանուն կրողը կամ մարդ, ով գտնում է, որ իր երակներով հայի արյուն է հոսում, դարերով իրեն կտակված գրերի փոխարեն նախընտրում է օտարի գրերը, ապա մի գեղեցիկ օր էլ նա գտնում է, որ իր մայրենին կարող է փոխարինել մի այլ օտար լեզվով։ Այնուհետև ոչ պակաս գեղեցիկ մի օր նա քամհարանքով է վերաբերվում բոլոր նրանց, ովքեր «հետամնաց» հայերենի կրողներ են։

Մայրենի գրերին ու լեզվին դավաճանած մարդուն ոչինչ չի խանգարում իր զավակին, իր թոռանն ուղարկել ռուսական կամ այլ օտարալեզու դպրոց։ Նրա սերունդն արդեն սկսում է մտածել ոչ հայերեն, և հայկականն աստիճանաբար դուրս է մղվում նրա օջախից, նրա ընտանիքից, նրա բնավորությունից, նրա հոգուց...

Բայց սա ամենամեծ դժբախտությունը չէ։ Մարդ հրաժեշտ է տալիս իր ազգային արժանապատվությանը, ապա՝ ընդհանրապես իր արժանապատվությանը։ Իսկ եթե մարդ արժանապատվություն, ինքնասիրություն չունի, ապա նա սկսում է ենթարկվել իրենից ավելի ուժեղին, նա սկսում է իր համար տեր փնտրել, խնամակալ փնտրել, որովհետև նա արդեն ստրուկ դառնալու ճանապարհին է, եթե արդեն ստրուկ չէ։ Հետո նա ավելի մեծ տեր է փնտրում, որ պաշտպանի ոչ միայն իրեն, իր ընտանիքը, այլև իր բոլոր մերձավորներին ու ծանոթներին, ապա նաև բոլոր նրանց, ովքեր իր հետ նույն տարածքում են ապրում։ Ու հայտնվում են նոր տերեր՝ պյոտրառաջինների, ալեքսանդր-նիկոլայների կամ պուտինների տեսքով...

Ձեզ ստրուկներ մի՛ դարձրեք, մարդի՛կ, որովհետև դրանով դուք ստրկամտության եք դատապարտում նաև ձեր սերունդներին...

05.03.2014

Կարոտ


Գարուն է կրկին։ Հայրենի գյուղում եմ։ Շրջում եմ ծանոթ դաշտ ու անտառներում։ Հետո նստում եմ ծեր կաղնու տակ՝ հանգստանալու։

Թեթև հովից մեղմ խշշում են ծառերի տերևները։ Թռչուններն աշխույժ համերգ են սկսել ու այնպես գեղեցիկ են երգում, որ մոռանում ես քաղաքի քո բոլոր հոգսերը, մարդկանց ու մեքենաների աղմուկը, ծուխն ու փոշին...

Իմ մանկության հարազատ վայրերում եմ կրկին, և ամեն ինչ նույնն է կարծես. թիկունք-թիկունքի կապտականաչ լեռներ, այս կաղնին և նրա շուրջ մեղմօրոր խշշող այս ծառերը։ Նույնն են ասես թփերն այս կանաչ և անտառի երգիչներն այս գեղաձայն, որ ինքնամոռաց ու իրենց իսկ երգով զմայլված, դաշտ ու անտառ դարձրել են հսկա մի համերգասրահ։

Կանաչ խոտերի մեջ պառկած, ես երազում եմ կրկին, և կարծես ոչինչ չի փոխվել աշխարհում, և ես դեռևս 13-14 տարեկան մի տղեկ եմ դեռ։ Ամեն ինչ այնքա՜ն ազնիվ ու մաքուր է։ Կրկին լսում եմ տատիս ձայնը. «Ի՞նչ ես կորցրել այդ դաշտ ու լեռներում, ինչո՞ւ գյուղամեջ չես իջնում՝ ընկերներիդ հետ խաղալու...»։ Իսկ ես ձեռքս թափ եմ տալիս և իմ շուրջ ուրախ վնգստացող մեր շան ուղեկցությամբ դուրս գալիս գյուղից...

Կանաչ խոտերի մեջ պառկած, ես նայում եմ վեր՝ երկնի կապույտում թևերը լայն տարածած, ասես ջրերի վրա հանդարտ սահող բազեի թռիչքին։ Եվ այս բազեն էլ նույնն է ասես՝ իմ մանկության տարիների բազեն։

Իմ մանկության տարիների հեռվից ինձ կրկին թվում է, թե ես երբեք չեմ մահանալու, մահն ինձ համար բացառություն է անելու... Ես կրկին տեսնում եմ կապո՜ւյտ-կապույտ երազներն իմ և, թվում է, ձեռքս մեկնեմ՝ կբռնեմ...

Բայց հանկարծ սթափվում եմ մտքերից։ Շատ տարիներ են անցել մանկության իմ կապույտ երազներից։ Շատ բան է փոխվել աշխարհում։ Վաղուց կենդանի չեն իմ շատ հարազատներ ու բարեկամներ։ Եվ այլևս 13-14 տարեկան այն տղեկը չեմ...

Շա՜տ բան է փոխվել աշխարհում։ Չեն փոխվել միայն լեռ ու դաշտերն այս և այս լեռ ու դաշտերում թողած կապտա-կապույտ երազներն իմ... Մի օր ես էլ չեմ լինի, սակայն  լեռներն ու դաշտերն այս դարձյալ կլինեն։ Եվ այս լեռ ու դաշտերում կմնան որբացած երազներն իմ ու այլևս ոչ ոքի պետք չեն լինի...

                                      Հունիս, 1998 թ.

02.03.2014

Փոքրիկ պատմություն


Պուրակում բազում ծառ ու ծաղիկների մեջ վարդի մի գեղեցիկ թուփ կար։ Գեղեցիկ այդ վարդաթփի մեջ, սակայն, մեկն ավելի էր առանձնանում իր գրավչությամբ։ Այն կարծես իր մեջ խտացնում էր լավագույն այն ամենը, որ ունեին իր բոլոր քույր-վարդերը։

Մարդիկ անցնում էին վարդաթփի մոտով, զմայլված երկար նայում բնության հրաշքի ամենակատարյալ ստեղծագործությանը, որ ալվան իր թերթիկներով այնպես էր ժպտում անցորդներին, ասես նրա յուրաքանչյուր թերթիկի մեջ փոքրիկ արեգակներ էին ճաճանչում։

Մարդիկ անցնում էին սքանչելի վարդերի մոտով և հիանում։ Ոմանք երկյուղածությամբ մոտենում էին արևի տակ հուրհրատող ծաղիկներին, գեղեցիկ մի վարդ պոկում և, կրծքներին սեղմած, գոհ ու երջանիկ հեռանում։ Դրանից վարդաթուփն ամենևին չէր տուժում. այնքա՜ն շատ էին ալվան վարդ-քույրերը։

Ոչ ոք, սակայն, չէր համարձակվում մոտենալ իր գեղեցկությամբ բոլորից տարբերվող հրաշք ծաղկին։ Ո՞վ կհամարձակվեր դիպչել գեղանի թագուհուն։ Մարդիկ մինչևիսկ չէին համարձակվում նման բան մտածել։ Նման բան մտածելն անգամ սրբապղծություն էր թվում։

Հետո, երբ արեգակը կամաց-կամաց դեպ արևմուտք էր սահում, մարդկանց միջից դուրս եկավ հիմար ժպիտը դեմքին մեկը, մոտեցավ թփին, պոկեց հրաշք ծաղիկն ու, քրքջալով, հեռացավ՝ իր թիկունքում թողնելով անսպասելիությունից ու վիրավորանքից քար կտրած մարդկանց։ Հետո նա մի քանի անգամ հոտ քաշեց ծաղկից և մի կողմ նետեց այն...

Օրն ասես հանկարծ մթնեց։ Մյուս բոլոր վարդերն ու ծաղիկները չքնաղ ասես խամրեցին և տխուր կախեցին գլխիկներն իրենց...

Այդ օրը հրաշք մի ծաղիկ մեռավ։ Այդ օրը պուրակում գտնվող մարդկանց մեջ մի շատ մեծ ու թանկագին բան սպանվեց...
Փետրվար, 1998 թ.

28.02.2014

Աղքատ «թագավորը»


Սահակ Վահանյանը երբեմն այնպես էր շաղ տալիս վերջին կոպեկները, որ նրան ճանաչողները, ընկեր-բարեկամները կարծում էին, թե նա առնվազն երկու ավտոմեքենայի փող ունի։ Իսկ գուցե նաև՝ հարուստ պապից ժառանգություն մնացած ոսկու կարաս...

Նա այնպիսի արքայական արժանապատվությամբ էր քայլում քաղաքի փողոցներով, որ նրա հարստության մասին լեգենդներ էին պատմում ու, տեսնելով նրա շռայլությունը, շատերը նախանձում էին նրան։ Քաղաքում համարյա ոչ ոք չգիտեր, որ նա՝ մաթեմատիկայի հասարակ ուսուցիչը, իր համեստ աշխատավարձով ութ հոգուց կազմված ընտանիք է պահում։

Այնպես պատահեց, որ ուսմասվարի սխալ հաշվումների թե ինչ-որ թյուրիմացության պատճառով Սահակ Վահանյանը մի քանի ամիս ոչ մի կոպեկ չստացավ։ Ոչ ընկերների, ոչ բարեկամների մտքով չէր անցնում օգնել մաթեմատիկայի ուսուցչին։ Նրա տրամադրության ու թագավորական պահվածքի մեջ նվազագույն փոփոխություն անգամ չէր նկատվում, և մարդիկ երազում էլ չէին կարող մտածել, որ այդ մարդը հրաշքով է պահում իր ընտանիքը։

Հետո երեք ամսվա աշխատավարձը նա ստացավ մի օրում, և դասերից հետո, ճրթճրթան թղթադրամները գրպանում, հպարտ քայլերով շարժվեց դեպի վարսավիրանոց։ Երբ հարդարել էր ճերմակել սկսող մազերն ու ծանր-ծանր շարժվում էր դեպի դուռը, երիտասարդ վարսավիրը՝ տասռուբլանոցը ձեռքին, զարմացած կանչեց.
- Ախր սպասեցեք մանրը վերադարձնեմ...

Սահակ Վահանյանը հանդիսավոր շրջվեց դեպի վարսավիրը.
- Տղա՛ս, դա հենց ինքը մանրն է,- ասաց նա և վարսավիրների չռված աչքերն ու հաճախորդների լայն բացված բերանները թողած թիկունքում, արժանապատվությամբ դուրս եկավ վարսավիրանոցից։

Մարդիկ զարմացած նայում էին հեռացող ուսուցչի հետևից և ամենևին չգիտեին, որ շաբաթներ հետո աշխարհում թերևս ոչ ոք այնպես չի զգալու այդ «մանրի» կարիքը, ինչպես այդ հպարտ, ազնիվ ու տարօրինակ մարդը...

1987 թ.

23.02.2014

Հայրս


Մի օր մտածեցի, որ արդեն կարգին մեծ եմ ու կարող եմ հորս խորհուրդ տալ։ Ասացի՝ «Պապ, ախր ինչո՞ւ ես քո թշնամիներին ցույց տալիս, որ իրենց չես սիրում, ատում ես։ Ինչո՞ւ ես ամեն ինչ երեսներին ասում, ձեռ առնում ու դարձնում նրանց քո թշնամին»...

Շատ տարիներ են անցել։ 1987-ի այս օրը՝ փետրվարի 23-ին ծանր հիվանդությունից վախճանվեց հայրս և մնաց միայն ապրողներիս հուշ-հիշողություններում ու իր ստեղծագործություններում։ Եվ ահա, տարիներ հետո, հաճախ եմ մտածում, որ ես ևս չեմ հետևում իմ այն խորհրդին, որ տվել էի հորս։ Իմ բոլոր հակառակորդ-թշնամիները գիտեն, թե ինչ եմ մտածում իրենց մասին։ Գիտեն, որովհետև դա չեմ թաքցնում, չեմ կարողանում թաքցնել, չի ստացվում։ Դե, երևի իրավացի է ժողովուրդը՝ «Խնձորը ծառից հեռու չի ընկնում»։ Հաճախ՝ բարեբախտաբար, երբեմն՝ դժբախտաբար...

Մանկությանս տարիներին ինձ թվում էր, թե երգիծանքը ծնվել է հորս հետ։ Անսպառ էր նրա հումորը։ Ու այն շռայլել է տարբեր ժանրի իր բազում ստեղծագործություններում։ Նրա էպիգրամների, պամֆլետների «տակ ընկածներն» առայսօր զրպարտություններ են մոգոնում և, «Օվյան» ազգանունը լսելիս, ոռնում ինչպես շունը լուսնի վրա։

Հայրս նույնիսկ իրեն չէր խնայում՝ իր տարբեր երկերում։ Ժամանակին ինչ-որ խմբագրությունից խնդրել էին հորս ինքնակենսագրությունը։ Նստել, հումորով գրել էր այն և ուղարկել։ Մի քանի օր հետո զանգեցին, թե՝ «Այս ի՞նչ եք արել, մեր ողջ կոլեկտիվը շարունակ կարդում է ձեր ինքնակենսագրությունն ու քրքջում»...

Ահա այն՝ գրված տասնամյակներ առաջ.
Վազգեն ՕՎՅԱՆ: Ինքնակենսագրություն

18.02.2014

Այդ օրը


Ընկերս դարձյալ այդ աղջկա հետ էր։ Ինչ ծանոթացել էր նրան, շատ էր փոխվել։ Մինչ այդ ես կարծում էի, թե երբ սիրում են մեկին, ավելի ուրախ, ավելի երջանիկ են դառնում և սավառնում են վերևներում։ Ընկերս ոչ ուրախ էր, ոչ տխուր, բայց մի տեսակ այնպիսին էր դարձել, ինչպիսին երբեք չէր եղել։

Աղջիկը, ճիշտ է, գեղեցկուհի չէր, բայց բավականին հմայիչ էր։ Ես ուզում էի հարցնել այդ աղջկա մասին, բայց չգիտեի, թե ինչ հարցնեմ, իսկ ինքը դեռ ոչինչ չէր ուզում ասել։ Հանդիպում էին ոչ շատ հաճախ, բայց հանդիպում էին...
Վերջապես մի անգամ հարցրի աղջկա մասին։
- Է՜հ,- ասաց նա,- մի օր քեզ կասեմ։

Անցան օրեր, ամիսներ։ Նրանք շարունակում էին հանդիպել։ Երբեմն նա զանգում էր ընկերոջս, և նրանք ժամադրվում էին։ Սակայն լինում էին օրեր, երբ ընկերս, չգիտես ինչու, չէր ուզում տեսնել նրան և պատճառաբանում էր, թե կարևոր գործեր ունի, չնայած ոչ մի կարևոր գործ չէր ունենում։

Մի օր ընկերս զանգեց և ասաց, որ ուզում է անպայման տեսնել ինձ։ Տանը հյուրեր կային, և ես նրան ասացի, որ լավ կլինի վաղը հանդիպենք։ Մյուս օրը չկարողացա նրան գտնել։ Հետո, երբ գործուղումից վերադարձա, նրա մատին նշանի մատանի կար։

Անցավ մի ամիս։ Ես կարծում էի, թե այդ օրը նրա ամենաուրախ օրը պիտի լիներ։ Նվագախումբը պար պարի հետևից էր թնդացնում, թամադան հարսանքատնով մեկ քաղցր կենացներ էր սփռում, ամենքն ուրախ էին, բայց ընկերս այնպես էր նստել հարսնացուի կողքին, կարծես ամենևին իր հարսանիքը չէր, ասես փողոցով անցնելիս, իրեն բռնել էին ու նստեցրել այդ աղջկա կողքին։

Գրողը տանի, բայց ախր նրա հետ ինչ-որ բան է կատարվում, մտածեցի։ Հետո, երբ հյուրերի թիվը զգալիորեն նվազել էր, և նոր կենացներ ասելու համար թամադան ծուլանում էր տեղից բարձրանալ, ընկերս մոտեցավ ինձ և, մի կողմ քաշելով, ասաց.
- Այն օրը, հիշո՞ւմ ես, մի ամիս առաջ, որ զանգեցի, անպայման ուզում էի քեզ տեսնել...
- Ինչ-որ բա՞ն է պատահել...
- Քեզ շատ կարևոր բան պիտի ասեի։

- Հիմա ասա՛։
- Հիմա ուշ է,- նա տխուր ժպտաց,- արդեն ուշ է...
- Այնուամենայնիվ, ասա՛, ի՞նչ էիր ուզում ասել։
- Երբ նրա հետ եմ լինում, ասես հարբած լինեմ։ Երբ հեռանում եմ և մենակ եմ մնում, սթափվում եմ ու հասկանում, որ նա ինձնից շատ է հեռու և օտար...
- Հետո՞...
- Ես քեզ ուզում էի ասել, որ ինչ էլ լինի, թեկուզ քեզ կոպտեմ ու վիրավորեմ, երբեք չթողնես նրա հետ ամուսնանամ...

Մնացի ապշած։
- Կատակո՞ւմ ես,- հարցրի, բայց նա չլսեց, ձեռքը թափ տվեց և գնաց զբաղեցնելու իր տեղը հարսնացուի կողքին։

Փետրվար, 1999 թ.

17.02.2014

Կանգառում


Օրն արդեն մթնել էր։ Ավտոբուսի կանգառում 20-22 տարեկան երկու տղաներ ինչ-որ մեկի մասին զվարճալի պատմություններ են հիշում և բարձրաձայն ծիծաղում։ Նրանցից քիչ հեռու մոխրագույն բաճկոնով մոտ 30 տարեկան մի երիտասարդ էր կանգնած ու երբեմն նայում էր ձեռքի ժամացույցին։

Քիչ հետո կանգառում հայտնվեց չորրորդը՝ գեղեցիկ աչքերով, փոքր-ինչ սապատավոր քթով երիտասարդ մի աղջիկ։
- Հապա մի նրա քթին նայիր,- ընկերոջ կողքը բոթելով, բարձրաձայն ասաց տղաներից մեկը։
Երկրորդը աշխույժ քրքջաց ու դիմեց աղջկան.
- Քույրիկ, քիթդ պրակատով ինձ չես տա՞...

Աղջիկն ամոթից կարմրել էր և, թվում է, ուր որ է լաց կլինի։ Ասես միանգամից աշխարհը նրա համար դարձավ օտար և դաժան։ Մի պահ նա մտածեց ոտքով շարունակել ճանապարհը, բայց միայնակ ճանապարհ գնալու մտքից ավելի վախեցավ և շարունակեց կանգնած մնալ, որովհետև անսպասելիորեն իր մեջ կորցրել էր վստահությունը կիսաամայի այդ փողոցի և ողջ աշխարհի հանդեպ։

Նրանից քիչ հեռու կանգնած բաճկոնով երիտասարդի մեջ էլ ինչ-որ բան կատարվեց։ Սկզբում չէր ուզում հավատալ ականջներին, բայց տղաների նոր քրքիջը նրան վերադարձրեց կիսամութ քաղաքի այն հատվածը, որ կոչվում է կանգառ և ուր իրենից բացի ավտոբուսի են սպասում երկու երիտասարդ ու մի աղջիկ, և երիտասարդները լկտիորեն ծաղրում են աղջկան։
- Ինձ թվում է, որ դուք պիտի ներողություն խնդրեք այդ աղջկանից,- մոտենալով տղաներին, կամաց ասաց երիտասարդը։
- Իսկապե՞ս,- իր կողքին զգալով ընկերոջ ներկայությունը, ինքնավստահ ու ինքնագոհ տեսքով հարցրեց «պրակատով» քիթ խնդրող տղան։

- Չգիտեմ,- բաճկոնի գրպաններում պինդ սեղմելով բռունցքները, հանգիստ շարունակեց երիտասարդը,- ես հիմա, աղջկա ներկայությամբ ոչինչ չեմ անելու, բայց եթե դուք ներողություն չխնդրեք, երդվում եմ, վաղը, մյուս օրը կամ մի շաբաթ հետո, ինչ էլ լինի, որտեղ էլ լինեք, ես փնտրելու և գտնելու եմ ձեզ...

Այնուհետև ավտոբուսում և տանը աղջիկը հիշում էր, թե ինչպես տղաները ներողություն խնդրեցին, հետո ավտոբուս բարձրացավ միայն ինքը, և ոչ վաղը կամ մի շաբաթ հետո, ոչ մի տարի հետո ինքը երբեք չի իմանալու, թե ով էր կիսամութի մեջ կանգնած այն երիտասարդը, որի դեմքն այդպես էլ չտեսավ և այլևս չի կարողանալու շնորհակալություն հայտնել...

Աշնանային սովորական այդ օրը աղջիկը մտածում էր, որ ինքը այդ օրը ինչ-որ բան է կորցրել, միաժամանակ, ինչ-որ բան գտել, բայց դեռ չգիտեր, թե ինչ է կորցրել ու ինչ գտել և, ընդհանրապես, որն է ավելի մեծ՝ կորցրա՞ծը, թե՞ գտածը։
Փետրվար, 1999 թ.

10.02.2014

«Պոլե չուդես»

(պարոդիա) 

Թավ բեղերը սղալելով, ծափերի ուղեկցությամբ տաղավար է մտնում Լեոնիդ Յակուբովիչը և սկսում ներկայացնել խաղի մասնակիցներին: Վերջապես հասնում է երրորդ մասնակցին.
- Մեր երրորդ հյուրը եկել է հերոսական Լեռնային Ղարաբաղից... Հետաքրքիր է, այժմ որտե՞ղ է գտնվում այդ Ղարաբաղը...

- Արցախում, քե մատաղ,- անվրդով պատասխանում է 75-80 տարեկան արցախցի տատիկը:
- Հա՜, հիմա տեսնենք, թե ինչ եք բերել մեզ համար,- Յակուբովիչն աչքը գցում է արցախցի տատիկի պայուսակներին:

- Դատարկ չեմ եկել, ցավդ տանեմ, Արկադի Լեոնիդովիչ...
- Որքան գիտեմ, անձնագրումս գրված է՝ Լեոնիդ Արկադևիչ Յակուբովիչ...

- Հա, ես էլ էդ եմ ասում, Արկադի Լեոնիդովիչ Ակումբովիչ, քե մատաղ,- տատիկը պայուսակները բացում և սկսում է պարունակությունները մեկ-մեկ շարել սեղանին,- էս մեկը աղ դրած խիյար է, էս մին բանկան՝ ղարաբաղյան զկեռի կոմպոտ է... Սա ժենգալով հաց է... Արկադի Լեոնիդովիչ, ցավդ տանեմ, էս դոշակը անձամբ քեզ համար եմ կապել, պարսկական սիպտակ ղազի փետուրներից է... Էս մին բալոնը գյուլասի բաքմազ է, սա «Արցախ-ալկոյի»...
- Օղի՞ է,- Յակուբովիչն աշխուժանում է:

- Չէ, մատաղ ինիմ, մաքուր քացախ է...
- Բա արա՞ղը, թթի օղի՞ն...

Տատիկն առանց ուշադրություն դարձնելու, շարունակում է.
- Սա ողորմածհոգի պատրոնիս չիբուխն է: Մեռնելուց առաջ կտակել էր, որ իմ ձեռքով նվիրեմ քեզ...

Յակուբովիչը չիբուխն իսկույն խցկում է բերանը և ավելի փքված տեսք ընդունում.
- Բա թթի օղի՞ն...
- Էս մեկը կանաչ լոբի է, սա, ցավդ տանեմ, մեր Ղարաբաղի պես պինդ ճուղուպուր է, կացնով էլ չես կոտրի...
- Թթի օղի չեք բերե՞լ,- Յակուբովիչն անհանգիստ շարժումներ է անում:

Այդ պահին տատիկը պայուսակից հանում է մի պայտ:
- Դա ի՞նչ է,- զարմանքից աչքերը ճպճպացնելով, հարցնում է Յակուբովիչը,- դա ի՞նչ է...
- Քե մատաղ, ամուսինս խնդրել է, որ անձամբ քեզ տամ... Ղարաբաղյան նատուրալնի էշի նալ է... Բայց խեղճին թույլ չեն տվել սամալյոտ նստի...

- Ինչո՞ւ...
- Ասել են՝ պասպորտ չունի...

- 16 տարեկան չկա՞,- Յակուբովիչը փորձում է կատակել:
- Ցավդ տանեմ, ինչպե՞ս թե՝ 16 տարեկան չկա: Տոչնի քո տարիքին է, բեղերն էլ էդպես՝ ոնց մարինոս ոչխարի պոզեր... Բայց էդ զահրումար ռմբակոծությունների ժամանակ պասպորտը կորել է...

- Էշի՞...
- Ի՞նչ էշ, Արկադի Լեոնիդովիչ, քե մատաղ, խոսքը ամուսնուս մասին է, որ չեն թողել սամալյոտ նստի...

- Հա՜,- Յակուբովիչը հանգիստ շունչ է քաշում:- Բա թթի օղի չե՞ք բերել, արաղն ո՞ւր է...
- Էս էլ քեզ մաքուր թթի արաղ, մեր հայաթի շլորից ենք քաշել... 99 գրադուս է, քարի վրա ածես՝ կծակի...

- Չէ, չէ, ինչո՞ւ քարի վրա ածել,- Յակուբովիչն անմիջապես ձեռքից վերցնում է շիշն ու թափով գլխին քաշում, ապա, բերանը բաց դես ու դեն նայելով, շիշն իսկույն դնում է գրպանում,- մնացածը՝ տա՛նը... Եվ այսպես, 750 միավոր: Տառն եք ասո՞ւմ, թե՞ միանգամից բառը...
- Ի՞նչ բառ...

- Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը: Արդեն երեք տառ հայտնի է. սկսվում է Մ-ով, վերջին տառը Ա է...
- Քե մատաղ, Ակումբովիչ, կարելի՞ է մերոնց բարևեմ...

- Խնդրեմ:
Տատիկն աշխուժորեն ձեռքով բարևներ է հղում.
- Բարևում եմ զավակներիս՝ Գևորգին, Տիկոյին, Վանուշին, Մանուշին, հարսներիս՝ Գյուլվարդին, Զարվարդին, Ալվարդին, իմ թանկագին ամուսին Արտուշին, թոռնիկներիս՝ Սառային, Զառային, Մարային, Արտուրիկին, Լյովիկին, Արկադիկին, Գագոյին, Հակոյին, Բակոյին, մեր բոլոր հարևաններին, բարեկամներիս, մեր սիրելի իշխանություններին, կառավարությանը...

- Ղարաբաղում էլի մարդ մնա՞ց...
- Կեսը մնաց... Բարևե՞մ...

- Չէ, մնացածը հաջորդ տարի: Իսկ այժմ ուզո՞ւմ եք բառն ասել...
- Հա, քե մատաղ, ավելի լավ է միանգամից բառն ասեմ: Մեր մարդն ասել է՝ որ չհաղթես, չգաս...

- Եվ այսպես, հարգելի տատիկ, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը: Սկսվում է Մ-ով, վերջանում Ա-ով, երրորդ տառն էլ Ս է...
- Ստեփանակերտ...