Գարուն է կրկին։ Հայրենի գյուղում եմ։ Շրջում եմ ծանոթ դաշտ ու անտառներում։ Հետո նստում եմ ծեր կաղնու տակ՝ հանգստանալու։
Թեթև հովից մեղմ խշշում են ծառերի տերևները։ Թռչուններն աշխույժ համերգ են սկսել ու այնպես գեղեցիկ են երգում, որ մոռանում ես քաղաքի քո բոլոր հոգսերը, մարդկանց ու մեքենաների աղմուկը, ծուխն ու փոշին...
Իմ մանկության հարազատ վայրերում եմ կրկին, և ամեն ինչ նույնն է կարծես. թիկունք-թիկունքի կապտականաչ լեռներ, այս կաղնին և նրա շուրջ մեղմօրոր խշշող այս ծառերը։ Նույնն են ասես թփերն այս կանաչ և անտառի երգիչներն այս գեղաձայն, որ ինքնամոռաց ու իրենց իսկ երգով զմայլված, դաշտ ու անտառ դարձրել են հսկա մի համերգասրահ։
Կանաչ խոտերի մեջ պառկած, ես երազում եմ կրկին, և կարծես ոչինչ չի փոխվել աշխարհում, և ես դեռևս 13-14 տարեկան մի տղեկ եմ դեռ։ Ամեն ինչ այնքա՜ն ազնիվ ու մաքուր է։ Կրկին լսում եմ տատիս ձայնը. «Ի՞նչ ես կորցրել այդ դաշտ ու լեռներում, ինչո՞ւ գյուղամեջ չես իջնում՝ ընկերներիդ հետ խաղալու...»։ Իսկ ես ձեռքս թափ եմ տալիս և իմ շուրջ ուրախ վնգստացող մեր շան ուղեկցությամբ դուրս գալիս գյուղից...
Կանաչ խոտերի մեջ պառկած, ես նայում եմ վեր՝ երկնի կապույտում թևերը լայն տարածած, ասես ջրերի վրա հանդարտ սահող բազեի թռիչքին։ Եվ այս բազեն էլ նույնն է ասես՝ իմ մանկության տարիների բազեն։
Իմ մանկության տարիների հեռվից ինձ կրկին թվում է, թե ես երբեք չեմ մահանալու, մահն ինձ համար բացառություն է անելու... Ես կրկին տեսնում եմ կապո՜ւյտ-կապույտ երազներն իմ և, թվում է, ձեռքս մեկնեմ՝ կբռնեմ...
Բայց հանկարծ սթափվում եմ մտքերից։ Շատ տարիներ են անցել մանկության իմ կապույտ երազներից։ Շատ բան է փոխվել աշխարհում։ Վաղուց կենդանի չեն իմ շատ հարազատներ ու բարեկամներ։ Եվ այլևս 13-14 տարեկան այն տղեկը չեմ...
Շա՜տ բան է փոխվել աշխարհում։ Չեն փոխվել միայն լեռ ու դաշտերն այս և այս լեռ ու դաշտերում թողած կապտա-կապույտ երազներն իմ... Մի օր ես էլ չեմ լինի, սակայն լեռներն ու դաշտերն այս դարձյալ կլինեն։ Եվ այս լեռ ու դաշտերում կմնան որբացած երազներն իմ ու այլևս ոչ ոքի պետք չեն լինի...
Հունիս, 1998 թ.
Комментариев нет:
Отправить комментарий