«ՆՈՐ ԷՋ» - 2009-2010

Թերթում Վարդգես Օվյանի հեղինակած նյութերը

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԽՈՍՔ ԱՌ ԸՆԹԵՐՑՈՂ

Ընթերցող բարեկամ, քո ձեռքին «Նոր էջի» անդրանիկ համարն է: Նախքան այն բացելը, անշուշտ, տարածված սովորության համաձայն, փորձելու ես ինչ-որ ձևով պարզել՝ իշխանամե՞տ է այն, թե՞ ընդդիմադիր: Միանգամից անկեղծորեն խոստովանենք, որ հաստատ իշխանամետ չէ: Թերևս ընդդիմադիր էլ չէ՝ եթե անգամ այդպիսի ցանկություն ունենա, քանզի մեզանում փաստորեն չկա ընդդիմություն և չկան ընդդիմադիր քաղաքական ուժեր: Ըստ երևույթին՝ մեզանում առնվազն վերջին տասնամյակում երբեք էլ ընդդիմություն չի եղել: Եթե եղած լիներ, ապա դրա հետքերն այսօր էլ կերևային, այն պարզ պատճառով, որ բնության մեջ ոչինչ անհետ չի կորչում:

«10-րդ նահանգն» ու «Դեմոն»՝ իրենց լրագրողական կազմով, փաստորեն միակ ընդդիմադիր խոսափողերն էին այս երկրում, որոնց շուրջ այդպես էլ չձևավորվեց ընդդիմություն՝ այդ բառի ամենաիսկական ու լայն իմաստով: Եվ դա ամենամեծ խնդիրն ու ցավն է, որ պիտի հուզի բոլորին՝ հասարակությանը, ժողովրդին, իշխանություններին, եթե վերջիններիս մտահոգության առարկան միայն սեփական դրամապանակը լցոնելը չէ, այլ Արցախ, Հայրենիք կոչված այս երկրի այսօրն ու ապագան...

«Դեմո» թերթի փակվելու փաստը տխրեցրել, մտահոգել է շատերին, ոմանք երևի թե մեծագույն ուրախություն են ապրել դրանից: Այդ վերջինները ոչ այնքան այդ թերթի հակառակորդներն են, որքան, մեծ հաշվով, մեր երկրի և մեր ժողովրդի թշնամիները: «Նոր էջը» հաստատ և երբեք նրանց թերթը չի լինելու:

Ուրեմն՝ ո՞վ ենք մենք, եթե իշխանամետ չենք, ընդդիմադիր չենք, քանզի վերջինիս համար պիտի լինի ընդդիմություն: Հեքիաթներում մի երրորդ ճանապարհ էլ է լինում, որ տանում է, կոմունիստների խոսքերով՝ լուսավոր ապագա: Բայց միայն հեքիաթներում: Քաղաքագետները գտնում են, որ կարելի է լինել նաև մի երրորդ ուժ: Իսկ մենք ոչ միայն փոքր ենք ՈՒԺ լինելու համար, այլև՝ նման ցանկություն չունենք: Մենք լրագրողներ ենք, գրողներ, արվեստագետներ, նաև քաղաքագետներ ու հասարակական գործիչներ: Եվ այս պահին մեր ձեռքից եթե մի բան գալիս է, դա այլախոհ լինելն է, ցանկացած հարցում սեփական կարծիք ու տեսակետ ունենալը: Միաժամանակ՝ մեր թերթի դռները բաց են բոլոր նրանց առջև, ովքեր իրենց համարում են այս երկրի տերը և անկեղծորեն ցավում են այսօրվա մեր բոլոր սխալների ու թերացումների համար:

Մենք կհանդիպենք յուրաքանչյուր ամիս, հուսով, որ մի օր կկարողանանք ավելի հաճախացնել հանդիպումների պարբերականությունը, լույստեսնել երկշաբաթաթերթի կարգավիճակով:

N1, 2009



ԿՈՐՑՆԵԼՈՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ՝
ՎԱՂԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՈՂՋ ԲՆՕՐՐԱՆԸ

Ղարաբաղն այսօր դարձրել են որբի գլուխ, որի վրա վարսավիրություն են սովորում: Եվ մեղքի ամենամեծ բաժինը հայ դիվանագետ-քաղաքագետներինն է, քանզի վարսավիրություն անելու առաջին օրինակը հենց նրանք են տվել: Հայկական կողմի նախաձեռնությամբ է ղարաբաղյան կողմը դուրս մնացել բանակցային գործընթացից, դառնալով ընդամենը տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նրա համաձայնությամբ է բանակցասեղանին հայտնվել ազատագրված տարածքները հանձնելու հարցը:

Մեկևկես տասնամյակ է անցել հրադադարից, հակամարտությունը ռազմի դաշտից տեղափոխվել է դիվանագիտական դաշտ, բայց այսօր հազիվ թե գտնվի բարձրաստիճան մի այր կամ քաղաքական գործիչ, որ հստակ պատասխանի, թե մենք ինչ ենք ուզում և որն է հակամարտության լուծման մեզ համար ընդունելի տարբերակը:

Վերացական դատողություններ կանեն՝ անվտանգության միջազգային երաշխիքներ (այսինքն՝ թղթե հավաստումներ), ցամաքային կապ Հայաստանի և Արցախի միջև և, իհարկե, ԼՂ կարգավիճակի հստակեցում: Դրա, այսինքն՝ մեր ավելի անորոշ գոյության համար դեռ պետք են «փոխզիջումներ», որ նշանակում է՝ մեր ունեցածի մի մասի վերադարձ հակառակորդին: Իսկ թե ինչ է «փոխզիջելու» Ադրբեջանը, դրա մասին ոչ մի խոսք: Հետաքրքիրն այն է, որ փոխզիջումների մասին հիմնականում խոսում է հայկական կողմը, և ինքն էլ առաջարկում զիջման ենթակա իր «ապրանքը»՝ ՀՈՂԸ:

Առայժմ խոսենք միայն ազատագրված տարածքների մասին: Շատ թե քիչ հայ ժողովրդի պատմություն իմացող յուրաքանչյուրը գիտե, որ այդ տարածքները պատմականորեն հայկական են: Մեր քաղաքագետների մի մասն այդ տարածքներին անվանում է «անվտանգության գոտի»: Այսինքն՝ այդ հողերը մեզ պետք են, որպեսզի հակառակորդն այն չօգտագործի որպես պլացդարմ՝ Արցախի վրա նոր հարձակում ձեռնարկելու և ռազմական ճանապարհով հարցը վերջնականապես իր օգտին լուծելու համար:

Մեր քաղաքագետների մյուս մասի համար դրանք ընդամենը սակարկման միջոցներ են: Այսինքն՝ տարածքները տանք Ադրբեջանին, որպեսզի վերջինս Ղարաբաղին «կարգավիճակ տա»: Ասել է թե՝ սովորական հավաստաթուղթ՝ ինչ-որ ազերիի ստորագրությամբ:

Վերջերս, համեմատաբար, ազգանպաստ դիրքորոշում ունեցող գործիչները սկսել են նոր առաջարկներ ներկայացնել. այդ տարածքները հենց այնպես չտալ, այլ միայն փոխանակման կարգով տալ Ադրբեջանին: Այսպես՝ Աղդամի շրջանը տանք՝ փոխարենը ետ ստանանք Շահումյանի շրջանը: Դա նույնն է թե՝ ռազմավարական երիցս կարևոր նշանակություն ունեցող հայկական մի տարածքը փոխանակենք սակավ ռազմավարական նշանակություն ունեցող հայկական այլ տարածքով:

Մարդ չգիտե՝ խնդա՞, թե՞ լա հայ դիվանագիտական մտքի առկայծումներից: Ասես գլուխները կորցրել են այդ «անտեր» տարածքների խնդրից: Այդ հողերն այնպես են մնացել հայ քաղաքագետների բկին, որ դրանից կրակն ընկած, մեր բարձրաստիճան այրերը արտասահմանյան զանազան պաշտոնյաների տանում, ցույց են այդ հողերն ու հպարտորեն հայտարարում, որ դրանք չեն վերաբնակեցնում: Մինչդեռ դրա համար, իրենց անգործունեության համար պիտի ամաչեին: Սակայն ամենաամոթալին ու անհեթեթը դա չէ, այլ այն, որ մի խումբ ազատամարտիկներ, մտավորականներ ու հասարակական գործիչներ փորձում են Հայաստանի շրջաններում բացատրական-քարոզչական ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն ազատագրված տարածքների, սակայն իշխանությունները, հայրենի ոստիկանությունը արգելում են այդ ամենը: Այսինքն՝ արգելափակում են հայրենասիրական ձգտումները: Այսինքն՝ ո՛չ հայրենասիրությանը: Խորենացին կարծես այսօրվա համար է ասել՝ ողբամ զքեզ, Հայոց աշխարհ...

Հայկական կողմի անգործությունից ու ձեռնբացությունից ոգևորված, միջնորդ պարոնները, խոսքները մեկ արած, մյուս կողմից են կռավում ազատագրված տարածքները վերադարձնելու մասին: Մի հարցնող լինի. պարոնայք «միջնորդներ», կարո՞ղ եք մատնացույց անել Երկիր մոլորակի մի այլ երկիր, որ իր դեմ պատերազմ սանձազերծած հակառակորդին հաղթելուց հետո իր տարածքների մի մասը վերադարձնի նրան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկը՝ Ռուսաստանը, երկրորդ աշխարհամարտում հաղթելով հակառակորդին, ինչո՞ւ սեփականել է իր հետ ցամաքային ոչ մի կապ չունեցող Կալինինգրադ-Քյոնիգսբերգը: 17 մլն քառ. կմ տարածք ունեցող նույն Ռուսաստանը, որի մեջ կարող է տեղավորվել 3 ԱՄՆ և 46 Ճապոնիա, ինչո՞ւ ոչ մի գնով չի ուզում տերերին՝ ճապոնացիներին հանձնել Կուրիլյան մի քանի փոքրիկ կղզիները, որոնք իր համար նույն նշանակություն ունեն, որքան ջրով լի դույլի մեջ նետած մի քանի կաթիլը, մինչդեռ դրանք փոքրիկ Ճապոնիայի համար կենսական մեծ նշանակություն ունեն:

Կամ նույն երկրորդ աշխարհամարտից հետո քանի ֆրանսիացի է պատերազմից հետո անմիջապես ետ վերադարձել Գերմանիա՝ նախկին բնակության վայրը: Մինչդեռ այսօր օրակարգային է համարվում ոչ միայն «չարաբաստիկ» հողերի վերադարձը, այլև ազերի փախստականների ետ վերադարձը, երբ հայ փախստականների մասին ոչ մի խոսք չի գնում: Ասես վերջիններս իսկի չեն եղել կամ մի տասերորդ կարգի մարդիկ են...

Ղարաբաղի խնդիրը սոսկ արցախցիների խնդիրը չէ: Այն համազգային խնդիր է: Այսօր ազատագրված տարածքները տալով՝ վաղը կորցնելու ենք Արցախը (թեկուզ ամենաազդեցիկ երկրների ստորագրությամբ միջազգային հավաստիքներ լինեն): Արցախի կորստով յաթաղանը շողշողալու է առաջին հերթին Մեղրիի և Սյունիքի գլխին... Թե՞ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի «ծովից ծով Հայաստանի» քարտեզը մեր գլխավերևից կախած, Երևանը դարձնենք քաղաք-պետություն:

Երևանյան սրճարաններում ղարաբաղյան խնդրի մասին դատողություններ անող որոշ դիվանագետներ հիշեցնում են Ակսել Բակունցի հանրահայտ պատմվածքի ծաղկի մեջ քնած բզեզին, որին «աշխարհը հոտավետ բուրաստան է թվում»...

N1, 2009



«Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» շարքից 

ՊԱՄՖԼԵՏ, ՈՐ «ՓՈԹՈՐԻԿ» Է ԱՌԱՋ ԲԵՐԵԼ 
ԼՂՀ ԳՄ «ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ» 

Ի պատասխան Արցախի ճանաչված և հարգված տասնյակ մտավորականների՝ «Ազգ» թերթի «Մշակույթ» հավելվածում և արցախյան թերթերում տպագրված «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում» նամակ-հոդվածի, ՀՀ ԳՄ մի քանի անդամներ, միության նախագահի գլխավորությամբ, «Գրական թերթ»-ում հապշտապ «հոդված» են գրել, որը ոճով, ձևակերպումներով չի տարբերվում ԼՂՀ ԳՄ-ի մամուլում տպագրված ստոր ու շինծու փաստարկներով սարքված զրպարտագրերից: Հոդվածի տակ «իրենց ստորագրությունն են դրել» նաև մարդիկ, ովքեր կամ անտեղյակ են Վազգեն Օվյանի գրական ժառանգությունից, կամ միանգամայն այլ կարծիք ունեն նրա անվան և գրական վաստակի մասին: Հ. Բեգլարյանը, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, հազվադեպ է տնից դուրս գալիս, վերջերս մեկնել է Դաշուշեն, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, որպես մեծագույն հարգանքի տուրք, համբուրել Վ. Օվյանի հուշաքարը, հանկարծ «ստորագրել է» ԳՄ նամակը: Բեգլարյանը եղբորս մոտ երդվել է բոլոր սրբություններով (իր բառերն են - Ն. Օ.), որ ինքը չի ստորագրել այդ նամակը:

Վերջապես ո՞ւմ է պետք այս շոուն: Ակնհայտ է, որ սա «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով սարքած ներկայացում է. Արցախի ԳՄ նախագահը տեղացի գրողների ստորագրություններով «Գրական թերթ»-ում վերջերս հրապարակավ «սատարել է» ՀՀ ԳՄ նախագահին և, ահա, վերջինս էլ նման ձևով վարձահատույց է լինում նրան՝ արտահայտելով իր աջակցությունը արցախցի կոլեգային (այս երևույթը մեզանում անվանում են «սատարախտ»), որի կազմակերպած արշավը՝ հետմահու ԼՂՀ բարձրագույն պարգևի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած գրող Վազգեն Օվյանի դեմ, ղարաբաղյան լուրջ և իրեն հարգող մտավորականության շրջանում այդպես էլ ոչ մի աջակցություն չի գտել, ընդհակառակը՝ «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում» նամակ-հոդվածի տպագրությունից հետո 70-ից ավելի մտավորականներ նույնպես իրենց ստորագրությունն են դրել այդ հոդվածի տակ:

Պարոնայք ԳՄ նախագահներ, ձեր աթոռներին կառչած մնալու համար ոտնատակ մի՛ տվեք ազնիվ մարդկանց անունն ու պատիվը, նրանց մի՛ խառնեք ձեր անձնական հաշիվներին: Ամո՛թ է: Դա պատիվ չի բերում մտավորականին: Իսկ որպեսզի ընթերցողը հասկանա, թե որն է այդ արշավի նպատակը, ստիպված եմ ներկայացնել «մի կաթիլ մեղրի» պատմության իրական պատճառը:

Արցախի գրական հասարակական կազմակերպության ղեկավարը վերջերս զրպարտչական աննախադեպ արշավ է ձեռնարկել Վազգեն Օվյանի անվան ու գրական ժառանգության դեմ: Բայց Վարդան Հակոբյանին (Սլավիկ Հակոբյան) ճանաչողներն այնքան միամիտ չեն, որպեսզի կարծեն, թե այսօր վերջինս քունն ու հանգիստը կորցրել է, որովհետև 50 տարի առաջ Վազգեն Օվյանն իր անդրանիկ գրքում Թևան Ստեփանյանին ներկայացրել է բացասական ու սարկաստիկ գծերով: Նախ՝ Վարդան Հակոբյանը լինելով, նշանավոր արցախագետ ու պատմաբան Շահեն Մկրտչյանի բնորոշմամբ՝ ԵՍԱԿԵՆՏՐՈՆ անձնավորություն, իրենից դուրս ոչինչ չի տեսնում և հազիվ թե հուզվի անգամ մոտիկ մարդկանց անձնական դարդուցավերից: Էլ ո՞ւր մնաց՝ այդպես պատեպատ խփվի հանուն մի մարդու, որը, մեղմ ասած, այնքան էլ բարի անուն չի թողել ղարաբաղցու հիշողության և վերջին 70 տարվա պատմագիտության մեջ: Այնպես որ, ռուսի ասած՝ «նե դա լամպոչկի»...

Եթե Հակոբյան Վարդանին առայսօր հանգիստ չի տալիս, դա այն պամֆլետն է, որ Վազգեն Օվյանը գրել է նրա մասին (նրա «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության պարոդիան է): Վերջինս կարող է 200 պասկվիլ մոգոնել հանգուցյալ գրողի դեմ և զետեղել պետական սուղ միջոցներով ֆինանսավորված իր շքեղակազմ հատորներում: Բայց, ի ցավ Հակոբյանի, դրանցից ոչ մեկն այնպես չի «կպնելու» Վազգեն Օվյանին, ինչպես նրա գրածը՝ իրեն: Ահա այդ պամֆլետը.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

25-30 տարի առաջ գրված այս պամֆլետ-պարոդիայի տպագրման օրվանից՝ 1992 թվականից Հակոբյանը կորցրել է հանգիստը, որովհետև ընդամենը 4 քառատողում խտացված է նրա իրական կերպարը, որի համար վերջինս «փոթորիկ» է բարձրացրել գրականության ու լրագրության բնագավառում չկայացած, սակայն զրպարտության ու կեղծարարության ասպարեզում անգերազանցելի գրչակներից կազմված իր մերձավոր շրջապատում, որը ինքն անվանում է «ԳՄ նախագահություն»:

Հակոբյանին լրջորեն մտահոգում է նաև Վազգեն Օվյանի ժողովրդականությունը: Դե, իհարկե, խորապես մտահոգիչ է. Օվյանը վախճանվել է երկու տասնամյակ առաջ, բայց, ինչպես գրված է Արցախի ճանաչված մտավորականների ստորագրությամբ հրապարակման մեջ, «ի տարբերություն որոշ «կենդանի մեռյալների», Վազգեն Օվյանը այսօր էլ ապրող հեղինակ է, նրան կարդում են, նրա հեղինակած բանաստեղծությունները՝ արտասանում: Եվ եթե դա հարուցում է ոմանց զայրույթը, ապա գրողը մեղք չունի. «ծանիր զքեզ»՝ ասում էին հները: Նշանակում է՝ ընթերցող հանրությունը ներկա գրական գորշությունից վեր է դասում անցյալի իրական արժեքները և իմաստ չունի «սուր ճոճել». ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում... Գրադարաններում այսօր փնտրում են Վազգեն Օվյանի գրքերը: Եվ դա այն դեպքում, երբ պետական միջոցներով տպագրված բազմաթիվ հաստափոր հատորների կողքից ուսանողությունն անցնում է հպարտ անտարբերությամբ» (տես՝ «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում», «Ազգ», 06.12.08):

Երբ Վազգեն Օվյանը գրում էր «Ղարաբաղի արծիվը», «Ամարասը», «Այս Ղարաբաղն է»-ն և բազմաթիվ հայրենաշունչ տողեր, երգիծական-սարկաստիկ երկեր էր գրում Լ. Բրեժնևի, Հ. Ալիևի, Բ. Կևորկովի, ադրբեջանական հայատյաց քաղաքականության դեմ («Նազար-նամե», «Կրկես», «Գորշ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Սև վեզիրը»…), «շքերթներից հոգնել էր արդեն ու ձանձրացել ճառերից դատարկ», Վ. Հակոբյանը ազգի դահիճներին՝ Հ. Ալիևին և Բ. Կևորկովին հաճոյանալու համար, ոգևորությամբ գովերգում էր «դարի մեծագործությունները»՝ «Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու շինարարությունն ու անասնապահական խոշոր համալիրի կառուցումը», երևի կարծելով, թե դեպի Պառնաս տանող ամենաուղիղ ճանապարհն անցնում է Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղով ու անասնապահական համալիրների դռներով: Երբ Վազգեն Օվյանը ի պատասխան հայատյաց Ռասուլ Ռզայի թունոտ մի զառանցանքի՝ «Սմբատ և Բաբեկ» էր գրում («Որքան ոռնաս, Ռասուլ Ռզա, Սմբատները միշտ ծնվել են ու կծնվեն...»), Վ. Հակոբյանը ազերի Վագիֆի մասին պոեմ էր երկնում...

Այդ օրերին Թևանի մերօրյա «դատապաշտպան» Վարդան Սարգիսիչի, իր իսկ բառերով ասած, ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ միտքը Բորիս Սարգիսիչից (որից, ի դեպ կորզել է ԳՄ բաժանմունքի ղեկավարի պաշտոնը), հայրենի և թուրք իշխանիկներից կեղեքվող իր հայրենակիցների հոգսերն ու ցավերը թողած, Ղարաբաղից «թռել», հասել էր կոմկուսին հրաժեշտ տված հեռավոր Չիլի և կիսում էր տիկին Ալիենդեի վիշտը: Դեռ ավելին՝ Հակոբյանը չտեսնելուն էր տալիս, որ Թևանն արդեն քանի տասնամյակ, աչքը ջուր կտրած, սպասում է իրեն՝ յուր «փաստաբանին»...

Երկու տասնամյակ առաջ մահացած գրողին «ոչնչացնելու» մոլուցքի մեջ Վ. Հակոբյանը կորցրել է ոչ միայն մտավորականին վայել էթիկան, այլև դատելու ունակությունը՝ ինքն իրեն հակասելով և իրեն գցելով ծիծաղելի վիճակի մեջ: Օվյանին մերթ մեղադրում է նրա համար, որ իբր վերջինս իր վիպակը գրել է Կևորկովի պատվերով՝ 1975 թ.-ին (վիպակը ամսագրում տպագրվել էր 1971 թ.-ին, գրքով՝ 1973-ին, երբ Կևորկովը դեռ չէր եկել Ղարաբաղ: Իսկ 1975 թ. Վ. Օվյանը Կևորկովի դեմ գրել է «Հուդային», «Բ. Կ.-ին», «Բասարական» բանաստեղծություններն ու տասնյակ պամֆլետներ), մերթ հայտարարում է, թե Օվյանը «չափածո հայհոյել է Կևորկովին»: Անհասկանալի է, թե ինչն է այդպես տանջում ԳՄ ղեկավարին. «Կևորկովի պատվերով գրե՞լը», թե՞ «Կևորկովին չափածո հայհոյելը»: Եթե մարդ մեկին հայհոյում է, էլ ինչո՞ւ պիտի միաժամանակ գրի նրա պատվերով...

Մյուս կողմից՝ մի ասող լինի Վ. Հակոբյանին՝ ուժդ չափածո չէր պատում, դու էլ արձակ «հայհոյեիր» ազգիդ դահճին: Ինչո՞ւ ծպտուն չէիր հանում: Թե՞ հայհոյանքիդ պարկը պինդ փակել էիր, որպեսզի հետագայում Արցախյան պատերազմից հետո քեզ հռչակեիր «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկը» և հայհոյեիր «Կևորկովին հայհոյողին»: Ինչո՞վ էիր զբաղված այդ տարիներին, ավելի կարևոր գործեր ունեի՞ր: Իսկ գո՞ւցե Հակոբյանն իրոք կարծում է, թե մեռել է ժողովրդի հիշողությունը, և մարդիկ մոռացել են, թե իրականում ով ինչով էր զբաղված թե՛ այդ տարիներին, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ, թե՛ հետո... Գո՞ւցե նրան թվում է, թե ժողովրդի հիշողությունը ևս կարելի է պատվերով «գրել տալ», կամ՝ գրել ու ժողովրդի ստորագրությունը դնել տակը…

Արշավանքի մի այլ պատճառ. նախանձի թույնը այնպես է կուրացրել Վ. Հ.-ին, որ նա Վ. Օվյանի հայրենասիրական գործերում անգամ չեղած ազգադավ շտրիխներ է տեսնում: Գիտե՞ք ինչու: Որովհետեւ Վ. Հ.-ն Ղարաբաղի մասին իրոք երգ չունի («Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին») եւ չի էլ ունենալու:

Ահա ԼՂՀ «ԳՄ նախագահության» ձեռնարկած արշավի և բարձրացրած աղմուկի ողջ իրական պատճառը, որի համար ԳՄ-ում թիվ մեկ մարտական տագնապ է հայտարարվել: Իսկապես որ շա՜տ հիմնավոր և օրախնդիր պատճառ է:

ՆԱՐԻՆԵ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
N1, 2009



ՏՈՂԵՐ ՕՐԱԳՐԻՑ 

Հպարտ ու վեհ կանգնած կաղնիների տապալումից սկսվում է նրա շուրջ տարածված գաճաճ թփերի ու մացառուտների «ոսկեդարը», միաժամանակ՝ ողջ անտառի միջնադարը:

Վատ մարդը կարող է լավ գիտնական լինել, բայց երբեք չի կարող լավ արվեստագետ լինել:

Տգետների հետ վիճելը և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է, որովհետև նրանք ոչինչ չեն կարողանում դուրս բերել քո խելացի և կշռադատված փաստարկների դեմ: Դժվար է, որովհետև, միևնույն է, դու ոչինչ չես կարողանում նրանց ապացուցել:

Կատուները վագրի թիկունքում երբ մլավում են վագրի վրա, ճիշտ է, իրենց վագր են զգում, բայց երբեք չեն կարող վագր դառնալ:
Կան գրողներ, որ չնայած հեռանում են կյանքից, բայց նրանց ստեղծագործություններն ապրում են: Մյուս կողմից՝ կան գրողներ, որ շարունակում են ապրել և մեռած գործեր ծնել...

Երբեմն ապշում եմ, տեսնելով, թե մեր այս փոքր ազգում որքան մեծ սրիկաներ կան, և որքա՜ն շատ են նրանք:

Մի շան. Քիչ հաչիր, որ քար չշպրտեն քեզ վրա:

Ձեռքերդ լվա հետո միայն խոսիր այլոց կոշիկների փոշու մասին:

Կարելի է ապրել գյուղում և լինել լավ քաղաքացի՝ այդ բառի բոլոր իմաստներով, միաժամանակ՝ քաղաքում ապրում են մարդիկ, ովքեր մինչ մահ մնում են գեղջուկ:

Անհամեստ, փառասեր ու ագահ մարդը երբեք չի կարող լավ բանաստեղծ լինել: Իսկ իշխանություններից ստացած բարձր պարգևներն ու շքեղ կոչումներն այնքան են դրությունը փրկում, որքան եթե զուգարանաթուղթը դնես ոսկեզօծ տոպրակի մեջ:

Կան գրողներ, որոնց մահից հետո էլ շարունակում են լույս տեսնել նրանց անտիպ ստեղծագործությունները: Կան նաև գրչակներ, ովքեր յուրաքանչյուր անգամ զուգարանից դուրս գալիս, վազում են հրատարակչություն:

Լեոնիդ Բրեժնևի մահով, ցավոք, չի ավարտվել պաշտոնական աթոռից հանդերձյալ կյանք ուղևորվելու վատ սովորույթը: Միշտ չէ, որ թամբի վրա մեռնելը գեղեցիկ է...

Թուղթ մրողի մի այլ տիպ կա, որ հաստափոր գրքեր ու հատորներ տպագրելով, կարծում է, թե ինքն արդեն դասական է, չհասկանալով, որ մինչև դասական դառնալը պետք է նախ գրող դառնալ:

Որոշ գրողներ իրենք էլ համոզված լիելով, որ մահից հետո հազիվ որևէ մեկը հիշի իրենց, ձգտում են մահկանացուն կնքելուց առաջ, գոնե կենդանության օրոք վայելել իրենց «անմահությունը», և գրադարակները համառորեն շարունակում են լցնել շքեղակազմ խոտանով, որոնք այդպես էլ ոչ ոք չի կարդում:

Կան շքեղակազմ հաստափոր գրքեր, որ կարելի է օգտագործել որպես շինանյութ՝ աղյուսի փոխարեն դնելով պատի մեջ: Դրանք ցեխով շաղախելու կարիք չկա, քանզի դրանց մեջը լի է ցեխով:
Մեզանում կան գրողներ, ովքեր կարողանում են փող արածել:
Մեծ գլուխ ունենալը դեռևս բավարար հիմք չի տալիս մեծ մարդ կոչվելու համար:

Խանութի գրադարակների վրա մնացած շքեղակազմ գրքեր կան, որ իսկույն կսպառվեին, եթե տպագրված լինեին մաքուր էջերով:
Երբ արվեստ ու գրականություն են խցկվում մարդիկ, որոնց համար արվեստն ու գրականությունն ընդամենը առևտրի ժանրեր են, դա նշանակում է, որ մեծն Արվեստում համաճարակ է սկսվում:

Գրականության համար ամենամեծ չարիքն այն է, երբ նախագահությունում հայտնվում են կոմերսանտն ու վաշխառուն:

Այլասերված ու փչացած գրող-արվեստագետը ոչ պակաս վտանգավոր է, քան գողերը, մարդասպաններն ու այլ կարգի հանցագործները, որովհետև նա ապականում, կործանում է ոչ թե մեկ կամ տասնյակ մարդկանց, այլ հազարավորների հոգիները:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Կարմիր ծաղկաթերթիկներ» գրքից
N1, 2009



«Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» շարքից 

ԵՍԱՅԱՆ ՌՈԲԵՐՏԻՆ՝ 50-ԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ 

Մագաղաթադեմ պոետն այս դեղնագույն
Բառեր է նկարում սմքած և անարյուն,
Փսխում է բառեր, շինում տող ու տաղեր,
Թղթեր աղտոտում, սարքում դեղնած «խաղեր»:

Գրում է, հա, գրում, սարդն այս վաչկատուն,
Թղթերն իր խտտած՝ վազում խմբագրատուն,
Գրում ու մրում է գրչակն այս դեղին,
Երկնածը վռազ տպում՝ տեղի ու անտեղի:

Տոն է, խնդություն, թե սուգ ազգային՝
Դեղնած մի ստիխ ունի պոետն այս թաղային:
Գողական կանտորի անդամն է ու հրետանին
Դեղին գրչակն այս նենգ ու ութոտանի:

Անտեր չէ սակայն պոետն այս բալագան,
Խելքից խեղճ տեր ունի՝ գող ու ինտրիգան,
Անունով է Սրա քնում կամ «դուրս գնում»,
Առավոտից իրիկուն՝ Սրա գովքն անում:

Կա, ահա, այսպիսի պոետ մի դեղներես,
Որդի պես գետնաքարշ և թունդ աներես:
Գրում ու մրում է գրչակն այս ենթակա,
Գրածից ոչ ինքն է գլուխ հանում,
Ոչ ընթերցողը՝ եթե կա:
N1, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԲՈՒՄԵՐԱՆԳ

Վերջերս, երբ մի զրույցի ժամանակ խոսք բացվեց նաև ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանին ձայնի իրավունքից զրկել-չզրկելու մասին, ծանոթներիցս մեկն ասաց. «Տարիներ առաջ հիվանդագին էի տանում մեր երկրի, Հայաստանի նկատմամբ ամենափոքր քննադատությունն անգամ, հայ մարզիկի պարտությունը ծանր պարտություն էր նաև ինձ համար։ Այսօր վեջս չէ, Հայաստանին կզրկե՞ն ձայնի իրավունքից, թե՞ ոչ, հիմա ինձ այլևս չի մտահոգում հայ ֆուտբոլիստների խայտառակ պարտությունը...»։

Այս խոսքերն ասում է մարդ, որ 1988-ից եղել է Ազատագրական պայքարի ակունքներում, մի քանի անգամ վիրավորվել, բայց կրկին վերադարձել է մարտական ընկերների մոտ՝ Հայրենիք պաշտպանելու։ Եվ ցավալին հենց դա է, նաև այն, որ այսօր այդկերպ են մտածում հարյուրավորները, եթե ոչ ավելին...
Երբեմն ինձ բռնեցնում եմ այն բանում, որ երեկ ինձ հուզող շատ հարցեր այժմ գրեթե չեն հետաքրքրում։ Այսօր ոտուգլուխ խախտվել է մեր արժեհամակարգը։ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակիս (անցյալ տարի երկու ամսում միայն ռուսական լրատվամիջոցներում տասնյակից ավելի հրապարակումներ ունեմ Արցախյան խնդրի մասին) երբ մեզանում իրեն բանաստեղծ համարող ինչ-որ ստահակ ապազգային ու հղփացած իր հոգևոր հոր բերանով ինձ անվանում է «ազերական լրտես», երբ այսօր ժողովրդի մուծած հարկերից գոյացած պետբյուջեից մեծ աշխատավարձ ստացող երեկվա ոչնչությունը նույն անբարո հղփացածի թիկունքից անպատվում է ադրբեջանական բռնապետության տարիներին Արցախը հայեցի պահող տեղական ռադիոյի կոլեկտիվի անդամներին, նրանց անվանելով «ազերական մոլի կոմունիստներ», և բոլորը լռում են - դա մտահոգիչ է։

Փափուկ աթոռներին բազմած շատերին գուցե թե ձեռնտու է այս անտարբերությունը, երբ հանրությանն ամենևին չի հետաքրքրում, թե ինչպես են փորձում կարգավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, որ հայ դիվանագետների թեթև ձեռքով դարձել է տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բայց նման անտարբերության պատճառով է լիովին հայաթափվել Նախիջևանը, նույն այդ անտարբերությունն էր Ադրբեջանի դաշնակիցը, երբ 70 տարի շարունակ Ղարաբաղը թուրքացնելու ծրագրեր էր իրականացնում։ Եվ Արցախը փրկվեց հենց անտարբերության ու տարիների քնից 88-ի փետրվարին արթնացած ժողովրդի Մեծ զարթոնքի շնորհիվ։

Այսօր, երբ Արցախի գլխին շարունակվում են սև ամպեր կուտակվել, և մարդիկ հանգիստ նիրհում են սեփական պատյանում - մտահոգիչը դա է։ Այդ անտարբերությունը պիտի մտահոգի ոչ միայն ինձ կամ մի քանիսին, այլև բոլորին, այդ թվում և ամենից առաջ՝ իշխանավորին։ Քանզի ասպարեզ նետված անտարբերության բումերանգը վաղը հարվածելու է նաև իրենց՝ այդ բումերանգը նետողներին։ Եվ դա արդեն կործանարար է լինելու բոլորիս համար, մեր երկրի ու ժողովրդի համար։

N2, 2009



ՓԵՏՐՎԱՐԻ 13 և փետրվարի 20

Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը կրում է «Փետրվարի 20» անունը։ Նոր սերունդը շատ հնարավոր է չիմանա, թե այդ ինչ փետրվարի 20 է, բայց, կարծում եմ, ավագ սերունդը պետք է որ հիշելիս լինի, թե ինչ է կատարվել 21 տարի առաջ՝ փետրվարյան այդ օրը։ ԼՂ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը որոշում է ընդունել՝ դիմել Ադր. ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ երագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին: Երևի թե այդ օրը արժանի է, որ բոլորը հիշեն։ Սակայն դա, արդյո՞ք, շրջադարձային այն օրն է, որից սկիզբ է առել Ազգային զարթոնքը։ Մինչ այդ ոչինչ չի՞ եղել...

Բարեբախտաբար, եղել է, այլապես հատկապես նոր սերնդին կարող է թվալ, թե փետրվարյան այդ օրը խորհրդային մեր պատգամավորները գրչի մի հարվածով, քվեարկության համար վեր պարզած ձեռքերով նախանշել են Արցախի նորագույն պատմության սկիզբը։ Այո, ամեն ինչ, իրոք, սկսվել է 1988-ի փետրվարից։ Բայց ոչ թե 20-ից, այլ փետրվարի 13-ից, երբ ղարաբաղցի ուսանողներից կազմված փոքրիկ մի խումբ Ստեփան Շահումյանի արձանով փոքրիկ կլոր պուրակից ցուցապաստառներով, Լենինի և որբաչովի լուսանկարներով շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ և սկսել վանկարկել՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»...

Ուսանողներին են միացել մի քանի տասնյակ անցորդներ, մարզկոմի շենքի հարևանությամբ գտնվող «Խորհրդային Ղարաբաղ» թերթի երիտասարդ լրագրողներ ու աշխատակիցներ...
Փետրվարի 13-ի սովորական այդ օրը ազդարարել է Արցախի ազատագրական պայքարի սկիզբը։ Այդ օրը, Հայաստանի հետ վերամիավորման մասին ցուցապաստառներով թե առանց ցուցապաստառների, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ են մտել ամենաքաջերն ու ամենահայրենասերները։ Այդ օրը կենտրոնական հրապարակում հավաքվածներին հարևան մայթերից նայող բոլորը չէ, որ համարձակություն ունեցան քայլ անել դեպի Հրապարակ, միանալ ցուցարարներին։ Շատ-շատերը տագնապած ու շոկի մեջ էին։ Մինչ այդ ստորագրահավաք եղել էր, հազարավորներն իրենց անուններն են գրել «Միացման» մասին նամակների տակ։ Սակայն այլ բան է նամակ ստորագրելը, այլ բան՝ Ձմեռային պալատի պես Ղարաբաղի սրտում ցցված մարզկոմի շենքի դիմաց ազգային հարցով ցույցի դուրս գալը։ Այդ օրը ղարաբաղցին, հայը մարտահրավեր նետեց իր մեջ նստած ստրուկին։

Հետաքրքիր մի պահ եղավ. մարզկոմի շենքի պատուհաններից չինովնիկներից մեկը բարձրախոսը դուրս հանեց և ցուցարարներին ասաց, որ ցույցը արտոնված չէ. «Ձեզնից 1-2 հոգի թող գան մարզկոմ՝ ձեր պահանջը ներկայացնելու, մյուսները ցրվե՛ք...»։
Ցուցարարները մնացին տարակուսած, չգիտեին ինչ անել։ Մի քանի ծանր վայրկյաններ անցան։ Հանկարծ ցուցարարների միջից բարձրաձայն հնչեց՝ «Դա ձևականությո՛ւն է»... Ցուցարարներն ասես ակնթարթորեն լիցքավորվեցին դրանից և սկսեցին վանկարկել. «Ձևականությո՛ւն է, ձևականությո՛ւն է», և նորից՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»...

Եվ սկսվե՜ց... Մի քանի տասնյակները դարձան հարյուրավորներ, հազարավորներ... Համազգային Զանգի ղողանջներն արձագանքվեցին Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, Սփյուռքի հայկական օջախներում։ Իսկ այն, ինչ կատարվեց փետրվարի 20-ին, դա Սկսվածի տրամաբանական շարունակությունն էր։ Պատգամավորներից ոմանց պարզապես բռնել և բերել էին՝ կայացնելու Այդ որոշումը։ Մարզգործկոմի շենքը շրջափակած 70-80 հազար մարդ պահանջում էր Այդ որոշումը։ Նրանց ելույթները լսում էին դրսում՝ 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Մի-ա-ցո՛ւմ», «Հա-յաս-տա՛ն» վանկարկելով։ Պատգամավորներն այլ ելք չունեին. նրանք պետք է թղթի վրա վավերացնեին այն որոշումը, որ արդեն կայացրել էր ժողովուրդը։

Այսօր, երբ այդ նստաշրջանում «բոցաշունչ» ելույթ ունեցողները փորձում են իրենց անունները կպցնել Արցախի ազատագրական պայքարի դրոշին, նման են հայտնի առակի եզան պոզին նստած ճանճին... Ու ցավն այն է, որ հենց այս կարգի «հերոսներն» են պատերազմից հետո մեդալներ ու շքանշաններ կորզում պետությունից։ Բանաստեղծի տասնամյակներ առաջ գրած խոսքերն այսօր էլ արդիական են. «Հերոսները շատացել են՝ պատվանդանները չեն հերիքում»։

Իսկ նրանցից շատերի անունները, ովքեր ազատագրական պայքարի առաջին իսկ օրից Ազատամարտի զոհասեղանին են դրել իրենց կյանքը, ցավոք, աստիճանաբար մոռացվում են... Փետրվարի 13-ը անգամ կարծես մոռացվում է արդեն։

Ահա թե որն է փետրվարի 20-ի և ՓԵՏՐՎԱՐԻ 13-ի տարբերությունը։ Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր 1988-ի փետրվարի 13-ի սովորական այդ օրը Ազատ ապրելու մարտահրավեր նետեցին Խորհրդային կայսրությանը և սկիզբը դրեցին Արցախի ազատագրական պայքարի։

N2, 2009



ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԸ

Արցախյան շարժման այն ժամանակաշրջանն էր, երբ «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» տերուտնօրինություն էին անում սաֆոնովյան «խաղաղարարներն» ու Պոլյանիչկոյի կազմկոմիտեն: Մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակն ու կառավարական շենքերի մերձակայքը շրջապատված էր խորհրդային ԲՏՐ-ներով և ռետինե մահակներով ու ավտոմատներով զինված զինվորներով: րեթե ամեն օր ձերբակալում էին «հայ էքստրեմիստների», քրեական գործեր հարուցում անմեղ մարդկանց դեմ:

«Խորհրդային Ղարաբաղ» օրաթերթի նախկին շենքը, որ գտնվում էր մարզկոմի շենքի մոտ, նույնպես խորհրդային «կտրիճների» վերահսկողության տակ էր: Խմբագրության աշխատողներիս բաց էին թողնում միայն զինվորական պարետ գեներալ Սաֆոնովի ստորագրությամբ վավերացված հատուկ անցագրերով:
Մի օր կազմկոմիտեին սպասարարկող միկրոավտոբուսը, ասես դիտմամբ, աչքի փուշի պես ցցվեց հենց խմբագրության շենքի դիմաց: Պոլյանիչկոյի թուրք և ռուս կազմկոմիտեականները դուրս եկան մեքենայից ու զինվորների ուղեկցությամբ շարժվեցին դեռևս Կևորկովի տիրապետության տարիներից ստեփանակերտցիների համար ատելի դարձած մարզկոմի շենքի ուղղությամբ:

15-20 րոպե հետո խմբագրության մի քանի աշխատողներով դուրս եկանք բակ՝ մաքուր օդ շնչելու: Մեր դիմաց կանգնած էր Ղարաբաղի դահիճներին սպասարկող ավտոմեքենան: Հանկարծ մեր մեջ հանդուգն մի միտք ծագեց, և հաշված վայրկյաններում երեք լրագրողներս՝ եղամ Բաղդասարյանը, Արամայիս արաքյանը և ես, հյուրանոցում աշխատող երկու թե երեք երիտասարդների հետ, ԲՏՐ-ների շուրջ կանգնած տասնյակ զինվորների, մարզկոմի շենքի պատուհաններից ցցված մի քանի ատելի գլուխների աչքի առաջ, շուռ տվեցինք միկրոավտոբուսը: Լսվեց ծանր մետաղազանգվածի խուլ դրխկոցը, որն ուղեկցվեց ապակիների ջարդուփշուր լինելու ձայնով: Ավտոմեքենայի բենզաբաքից թափվող վառելիքը առվակի պես սկսեց հոսել փողոցն ի վար: Մենք իսկույն շտապեցինք մեր աշխատատեղը...

Անցավ մի ժամ, երկու ժամ: Սաֆոնովի 15-20 զինվորներ եկան, ոտքի կանգնեցրին մեքենան և, մի ԲՏՐ-ի հետևից կապած, տարան: Անցավ մի քանի ժամ ևս: Աշխատանքային օրն ավարտվեց:
Անցավ մի օր, երկու օր, մի շաբաթ, մի ամիս... Ու զարմանալի բան. Պոլյանիչկո-Սաֆոնովի խամաճիկները, որ շարունակ առիթ էին փնտրում հայ «էքստրեմիստների» դեմ գործ սարքելու, ոչինչ չձեռնարկեցին իրենց քթի տակ, մեկ-երկու տասնյակ յուրայինների աչքի առաջ կատարված «դիվերսիայի» մասնակիցներին պատժելու համար: Այդ դեպքի օրերերին և դրանից հետո դեռ շատ ժամանակ սաֆոնովականների կողմից Արցախում շարունակվում էր անմեղ մարդկանց որսը:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
(«Կարմիր ծաղկաթերթիկներ» գրքից)
N2, 2009



«ՄԵԴԱԼԻ» ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ 
կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս 

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի... 
Պ. ՍԵՎԱԿ 

Իմ խորին համոզմամբ՝ եթե արվեստագետը, գրողը, հատկապես բանաստեղծը չի տեղավորվում մարդու և բարոյականության մասին համընդհանուր պատկերացումների շրջանակներում, անհնար է, որ նա լինի Արվեստագետ կամ Բանաստեղծ։ Որպես գրող սիրում ու հարգում եմ բոլոր նրանց, ովքեր նախ Մարդ ու Քաղաքացի են, ապա՝ Գրող ու Արվեստագետ։ Ուստի խոսելու եմ ոչ թե Վարդան Հակոբյան-բանաստեղծի մասին, այլ մի քանի դրվագով ներկայացնելու եմ Վարդան (Սլավիկ) Հակոբյան-մարդուն։

Սկսած կևորկովյան տարիներից նա իր համար «գրական» ճանապարհ է հարթում ոչ թե սեփական ստեղծագործություններով, այլ օրվա իշխանություններին իր հավատարմությունը հավաստելով և դրա դիմաց մի բան ստանալով։ Արդյունքում՝ բոլոր ղեկավարներից կորզել է առավելագույնը, ինչ հնարավոր է։ Նրա աշխատավայրում, գլխավերևում րիգոր Նարեկացու նկարի հարևանությամբ կախված էր Սամվել Բաբայանի մեծադիր լուսանկարը։ Կշեռքի նժարների փոփոխությունից հետո անմիջապես դարձավ Արկադի Ղուկասյանի «կողմնակիցը»։ Այսօր, երբ փոխվել է Արցախի նախագահը, անմիջապես «աստվածափոխ» է եղել նաև Վ.Հ.-ն։ Եթե վաղը իշխանափոխություն լինի, նա առաջիններից մեկն է հայտնելու իր հպատակությունը նոր իշխանությանը...

Բայց այդ մասին ավելի պատկերավոր է արտահայտվել նրա հայրենակից, հայտնի արցախագետ Շահեն Մկրտչյանը, որի նամակը պատճենահանված ու բազմացված կարելի է գտնել շատերի մոտ։ «...Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը: Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում: Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին,- գրում է Շ. Մկրտչյանը։- Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»:

Ավելացնենք, որ Վ. Հակոբյանը, չնայած պատկառելի տարիքին ու ազդեցիկ չափերին, այդպես էլ չսովորեց կանգնել սեփական ոտքերի վրա։ Մշտապես բռնում է երկրի ղեկավարության փեշերից կամ սեփականաշնորհված գրականագետների մեջքին նստած՝ փորձում գրականություն մտնել։ Իսկ իր հեղինակած զրպարտագրերն էլ տպագրում է ուրիշների ստորագրությամբ։

Ընդհանրապես, Վ.Հ.-ն անչափ շատ ունի թույլ ու խոցելի տեղեր, նույնիսկ ավելի շատ, որ կարող է բավարարել մի քանի հոգու։ Բայց նրա աքիլեսյան գարշապարը ՓՈՂՆ է, և դա հայտնի է բոլոր նրան ճանաչողներին։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ գրել են մամուլում։ Օրինակ՝ Արցախի գրողների միությունում ԼՂՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումների արդյունիքների մասին, որը երևակել է Վ.Հ.-ի կողմից իրականացված կոպիտ օրինախախտումներ, հրապարակվել է ոչ միայն «Ազատ Արցախ» հանրային թերթում ու տեղական այլ լրատվամիջոցներում, այլև հայաստանյան մամուլում, այդ թվում՝ «Իրավունք» թերթում՝ «Արցախի «գլխավոր գրողը» նաև գո՞ղ է» վերնագրով: Պարզ է, որ դրան հետևել է իշխանությունների «դոբրոն» ստացած, ԳՄ խոհանոցում վհակոբյանական նախաձեռնությամբ կազմված «հերքումը»։

Ստուգումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա տարածված տեղեկատվության համաձայն՝ միայն 2002 թվականին Վ.Հ.-ն 130 օր եղել է Երևանում՝ գործուղման մեջ և «գործուղման ծախսերի համար» ստացել է 400 հազար դրամ։ ԳՄ ղեկավարը պարբերաբար «րական ուրբաթ» անունը կրող միջոցառումներ է անցկացրել, որի դիմաց դուրս գրած գումարներն այնքան էլ չեն հարաբերվում համեստ այդ միջոցառման նեղ շրջանակներին: ԳՄ հասարակական կազմակերպության ղեկավարը սեփական հրամանով իր աշխատավարձը 50-ից դարձրել է 80 հազար, մինչդեռ մյուս աշխատողների աշխատավարձը մնացել էր նույնը (խոսքը 2002-ի մասին է)։

2005 թվականին երկու գրողի ստորագրությամբ (համահեղինակներից մեկը ես եմ) նամակ է հղվել ԼՂՀ գրական ջոկատի ղեկավար Վարդան Հակոբյանին, խնդրելով օրենքով սահմանված ժամանակում գրավոր պատասխանել վերոհիշյալ հարցերին.

ա) 1994-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն պետական բյուջեից որքա՞ն գումար է ստացել և ինչպե՞ս է տնօրինել այդ գումարը (յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ առանձին-առանձին)։
բ) 1988-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն որքա՞ն ֆինանսական և նյութական օգնություն է ստացել Հայաստանի և Սփյուռքի մեր բարեկամներից (նվիրատուների անունները և յուրաքանչյուրի օգնության չափը), ինչպե՞ս է տնօրինվել այդ օգնությունը (տես՝ «Դեմո», 15 հունվարի 2005 թ.)։ Սակայն ոչ օրենքով սահմանված ժամանակում, ոչ դրանից հետո նամակին պատասխան չի տրվել...

Զավեշտն այն է, որ վերջերս, Օվյանների դեմ ձեռնարկած զրպարտչական արշավի ժամանակ ԳՄ պաշտոնաթերթում Վ.Հ.-ն հանկարծ «հիշել է», որ «ոչ մի գրող ԳՄ-ի ու նրա ղեկավարության կողմից այնքան հովանավորության չի արժանացել երևի, որքան ինքը՝ գրողի որդին (այսինքն՝ ես - հեղ.), թե ստեղծագործական, թե կենցաղային-սոցիալական բնույթի ամենատարբեր խնդիրներում»։ Պարզ չէ, թե ինչու այդ մասին Վ.Հ.-ն հրապարակավ չի պատասխանել մեր դիմումին՝ 3 տարի առաջ, ի ցույց դնելով նաև «կենցաղային-սոցիալական բնույթի հովանավորության» դիմաց դրած իմ ստորագրությունները։ Թե՞ ԳՄ-ում նման «հովանավորությունները» վավերացնում են առանց ստորագրության՝ գեղական-գողական կարգով...

Արփագյադուկցի շատ համեստ կարողությունների տեր գյուղական վարժապետ Սարգիս Հակոբյանի մեծ ամբիցիաների տեր Սլավիկ որդին Ղարաբաղի գրական բաժանմունքի քարտուղար է նշանակվել հետաքրքիր հանգամանքներում։ Նախկին քարտուղարի պաշտոնանկությունից հետո մինչ գրողները քննարկում էին, թե ում թեկնածությունն առաջադրեն, Վ.Հ.-ն, որ այդ տարիներին աշխատում էր «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալի պաշտոնում, անմիջապես շտապել է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի մոտ և այնտեղից վերադարձել որպես գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար (ԳՄ բաժանմունքի քարտուղարի աշխատավարձն ավելի բարձր էր, քան խմբագրի տեղակալինը)։

Մի քանի տարի հետո, երբ բարձրացվել է վերոհիշյալ թերթի խմբագրի տեղակալների աշխատավարձը, ինչպես նաև՝ խմբագրի տեղակալի լրացուցիչ նոր հաստիք են ավելացրել, Վ.Հ.-ն որոշել է վերադառնալ նախկին աշխատանքին։ Ու դարձյալ շտապել է Կևորկովի մոտ՝ խմբագրի տեղակալ նշանակվելու «դոբրո» ստանալու։ Լավ ճանաչելով Վ.Հ.-ն, կոլեկտիվը, սակայն, չի ցանկացել ընդունել նրան։ Մարզկոմի քարտուղարը հանդիպելով խմբագրակազմի անսպասելի դիմադրությանը, հանձնարարել է խմբագրի տեղակալին ընտրել կոլեկտիվի անդամների քվեարկությամբ։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում գրեթե միաձայն ընտրվել է տեղակալի մյուս թեկնածու Ռաֆայել Մայիլյանը։ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը, որ այդ տարիներին հիշյալ թերթի ռուսական տարբերակի խմբագրի տեղակալն էր, Մայիլյանի օգտին քվեարկողների մեջ էր...

Մի հետաքրքիր փաստ ևս. 90-ական թվականներին ՀՀ և ԼՂՀ գրողների միության հասցեով կարիքավոր գրողների համար սփյուռքից նյութական օգնություն է ստացվել։ Ղարաբաղում 100-ական դոլար ստացող հինգ «չքավոր գրողներից» մեկը, «Արցախ» թերթի հավաստմամբ, եղել է Վարդան Հակոբյանը։ Ավելացնենք, որ մի քանի տարի հետո նա մասնավոր համալսարան է բացել, այնուհետև Ստեփանակերտի ավտոկայարանի մոտ դղյակ սարքել (լուսանկարը՝ 8-րդ էջում), արտասահմանյան թանկարժեք ավտմեքենա գնել, և այժմ նա Ղարաբաղի ու Հայաստանի ամենահարուստ գրողներից մեկն է, եթե ոչ՝ ամենահարուստը։

Այսօր առնվազն 4-5 պետական հանձնաժողովի ղեկավարն է. նա է որոշում, թե գրականության և արվեստի ո՞ր գործիչը պիտի պետական շքանշան ստանա, ո՞ր ստեղծագործությունները պիտի արժանանան պետական մրցանակի, ո՞ր գրողների հոբելյանները պիտի նշվեն, ո՞ր գրողի գրքերը պիտի տպագրվեն և այլն։ Մի հոգու համար շատ չէ՞ արդյոք... Երևի շատ չէ, որովհետև, վերջերս էլ ստանձնել է դատապարտյալների ներման հանձնաժողովի ղեկը։

Միաժամանակ՝ «Գրիգոր Նարեկացի» իր մասնավոր համալսարանի ռեկտորն է։ Ասենք նաև, որ Վ.Հ.-ն հաջողությամբ և մեծ սիրով ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը։ Այդ սերն այնքան փոխադարձ է, որ «րիգոր Նարեկացի» համալսարանը «հիմնադրվել է» հենց այն նույն հարկի տակ, որտեղ գրողների միությունն էր։ Անձնականն ու ոչ անձնականն այնքան միահյուս են, որ հնարավոր չէ իրարից զանազանել... Այդ համալսարանին կից գործում է նաև Վ.Հ.-ի մասնավոր ատամնաբուժարանը. ասում են՝ բժշկության այդ ճյուղը բավականին եկամտաբեր է։

Ես չեմ բաժանում նրանց կարծիքը, ովքեր ասում են՝ եթե Վ.Հ.-ն չլիներ ԳՄ նախագահ, ապա նրա անունը հազիվ թե անցներ իրենց թաղամասից այնկողմ, բայցև չեմ կարող ժխտել, որ ԳՄ-ն ծառայում է միայնումիայն մի նպատակի և մի մարդու՝ Վ.Հ.-ին։ Ես չգիտեմ, թե նա որքան է պետք այդ կազմակերպությանը, բայց, որ այն խիստ անհրաժեշտ է Վ.Հ.-ին, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այլապես նա 25 տարի պինդ չէր բռնի ԳՄ-ի ղեկը, և նրա անդամների թիվը չէր հասցնի մոտ 5 տասնյակի, որպեսզի ԳՄ նախագահի ընտրությունների ժամանակ մշտապես ունենա ձայների անհրաժեշտ «խմբաքանակ»։ Ի դեպ, Արցախում յուրաքանչյուր 2700 բնակչից մեկը ԼՂՀ ԳՄ անդամ է (Հայաստանում ԳՄ անդամ է մոտավորապես 10 000 բնակչից մեկը)։

Արցախյան մամուլում նշանավոր մտավորականների ստորագրությամբ վերջերս տպագրված նամակ-հոդվածում գրված է. «ԳՄ ղեկավարն այսօր ստանում է նախարարական, վարչության քարտուղարը՝ փոխնախարարական աշխատավարձ, բյուջեն ֆինանսավորում է «Եղիցի լույս» և «Պըլը Պուղի» պարբերականները, որոնք իրականում, բացի նոմենկլատուրային հեղինակների «ներքին գրաքննություն անցած» ստեղծագործություններից ու «հրապարակախոսական հոդվածներից», ուրիշ ոչինչ չեն տպագրում», և հոդվածի հեղինակները առաջարկում են «դադարեցնել ԼՂՀ գրողների միություն՝ անվանապես հասարակական, իրականում՝ նեղ կորպորատիվ կազմակերպությանը պետբյուջեից տրվող հատկացումները» («Ազգ», 06.12.08)։

Այս առթիվ ԳՄ խոհանոցում թխված հոդվածում ցինիզմով հայտարարել են. «...Իսկ ինչո՞ւ նրանց թվում է, թե ԳՄ վարչության նախագահը արժանի չէ, որպեսզի նախարարի չափ աշխատավարձ ստանա»։ Այստեղ են ասել՝ արջը երեք երգ գիտե, երեքն էլ՝ տանձի մասին (թե՞ փողի մասին)։ Իմիջիայլոց, ինչպես իր հեղինակած մյուս բոլոր հոդվածներում, այստեղ էլ ԳՄ-ն փայլել է յուր «գրագիտությամբ»՝ «նախարարի չափ աշխատավարձ» չի լինում, նախարարը փողի չափման միավոր չէ... Բայց, իրոք, ինչո՞ւ սովորական մի ՀԿ-ի ղեկավարը չպիտի նախարարի կամ նույնիսկ Նախագահի աշխատավարձ ստանա։ Հատկապես, երբ Վ. Հակոբյանն ամենուր հայտարարում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր բարեկամն է, ուստի իր «թուրը և՛ աջ է կտրում, և՛ ձախ»։ Անշուշտ, չմոռանալով ավելացնել, որ դատավոր իր որդուն դարձրել է ԼՂՀ ներկայացուցիչ Ֆրանսիայում, իսկ մյուս որդին դատախազ է...

ԼՂՀ սուղ միջոցներից Վ.Հ.-ն լիաբուռն օգտվում է նաև գրահրատարակչության միջոցով՝ հաստափոր ու շքեղակազմ գրքեր տպագրելով, դրան գումարած՝ «համեստ» հոնորար ստանալով։ Վերջին 5 տարում պետպատվերով նա տպագրել է 8 հաստափոր գիրք, որոնց համար ԼՂՀ պետական բյուջեն ծախսել է ավելի քան 7 մլն դրամ։ «Հոբելյանական» 5 հատորների ծավալը 200 մամուլից ավելի է (ի դեպ, Թումանյանի 100-ամյակի առթիվ տպագրված քառահատորն ընդամենը 80 մամուլ ծավալ ունի)։ Այնպես որ՝ համեստ հնարավորություններով նորանկախ մեր երկրի համար Վ.Հ.-ն չափազանց «թանկ հաճույք» է, միայն թե՝ առայժմ պարզ չէ, թե որն է նրա տվածը մեր երկրին ու ժողովրդին։

Վարդան Հակոբյանը նաև մե՜ծ հայրենասեր է։ Արցախյան շարժման ամենածանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, «հայրենասեր» գրողը երեք անգամ հսկայական գումար է (մոտ 1700 ռուբլի, այսինքն՝ այն տարիների պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար... Արցախյան շարժման և պատերազմի տարիներին Վ. Հակոբյանի «հայրենասիրության» մասին՝ մի այլ առիթով։ Դա այլ թեմա է։

Յուրաքանչյուր մահկանացու ունի մեծ ու փոքր թերություններ։ Դժվար է միանգամայն անթերի գրող ու արվեստագետ գտնել։ Սակայն աշխարհում ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այսպիսի «պոտենցիալով» հնարավոր է Բանաստեղծ լինել։ Մտավորականների վերոհիշյալ հոդվածում մի շատ կարևոր միտք կա. «գրական արժեքը ոչ թե պարտադրվում, այլ նվաճվում է»։
Առայժմ չակերտներն ավելի չբացենք։ Իր հեղինակած զրպարտագրերի և կեղծագրությունների տակ ուրիշների ստորագրությունը դնող Վարդան (Սլավիկ) Հակոբյանին հիշեցնեմ, որ հոդվածներս ես տպագրում եմ ի՛մ ստորագրությամբ։

N2, 2009



ՎԵՐՑՐԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ԵՎՍ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

Օրերս ԼՂՀ կառավարության և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է հուշագիր, ըստ որի՝ «ՂՏ»-ն պարտավորվում է 2009 թվականին 600 մլն դրամ հատկացնել Արցախի առողջապահության ոլորտին։ Նախատեսված գումարներով ծրագրվում է հիվանդանոցի նոր մասնաշենք կառուցել Քաշաթաղի շրջանում, շարունակել Մարտակերտի հիվանդանոցի շինարարությունը, վերազինել Ստեփանակերտի պրոթեզավորման կենտրոնը, հանրապետության բուժհիմնարկների համար ձեռք բերել նորագույն սարքավորումներ։

Ըստ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տնօրեն Ռալֆ Եիրիկյանի, ս. թ. նախատեսվում է բջջային կապի վարձավճարների նվազեցում։ Մարտի 1-ից այդ ոլորտում սակագները կիջեցվեն 10-30 տոկոսով։ Պետք է խոստովանել՝ Արցախի բջջային կապի ոլորտում սակագներն այնքան բարձր են, որ, չնայած «ՂՏ»-ի տնօրենի բարեգործական գործունեությանը, ղարաբաղյան մոտ 35 հազար բաժանորդների չնչին մասը կհամաձայնի Ռ. Եիրիկյանին բարեգործ համարել։

Բջջայինից օգտվող արցախցիներն առայսօր չգիտեն, թե րոպեավճարից բացի ինչու են յուրաքանչյուր ամիս աբսուրդ ամսավճար տալիս «Տելեկոմին», երբ բջջայինին բաժանորդագրվելու համար նախապես 13 հազար են վճարել։ Ստացվում է՝ եթե բաժանորդը հեռախոսը թողնի տանը և 1 կամ 3 ամսով մեկնի, ասենք, ռուսաստաններ կամ ամերիկաներ՝ հարազատի մոտ հանգստանալու, ապա վերադառնալուց «Տելեկոմին» պիտի վճարի 2000 կամ 6000 դրամ։ Ամեն տարի յուրաքանչյուր բաժանորդ, հենց այնպես, «ՂՏ»-ի գանձարան է մուծում 24 հազար դրամ, պարզ չէ՝ որպես հա՞րկ, տո՞ւրք, թե՞ բարեգործություն...

Պատահական չէ, որ արցախյան մամուլում հաճախ են կարծիքներ հնչում, որ Արցախի ժողովրդին կարելի է համարել «ՂՏ»-ի բարեգործությունների համահեղինակը, քանզի յուրաքանչյուր տարի բջջային բաժանորդները «ՂՏ»-ին են «նվիրաբերում» մոտ 1 մլրդ դրամ «բաժանորդահարկ», չհաշված իրական վարձավճարից գոյացած միլարդները։ Թե չէ՝ այս բարեգործությունը հիշեցնում է Րաֆֆու հանրահայտ վեպի մի պատմություն, երբ մեկի ավանակը գողանում, տանում-ներկում են և վաճառում տիրոջ վրա։
Անհասկանալի է, թե ինչու Ռալֆ Եիրիկյանը, որ միաժամանակ հայաստանյան երկրորդ օպերատոր «Վիվա Սելի» ղեկավարն է, չի ուզում բջջային-քարտային տարբերակը օգտագործել նաև Արցախում։ Չէ՞ որ այն շատ ավելի մատչելի կլինի շարքային բաժանորդին։ Ի դեպ, «Վիվա Սելի» ղեկավարն օրերս անուղղակի դժգոհություն է հայտնել Հայաստանում բջջային երրորդ օպերատոր մտցնելու կապակցությամբ։ Երանի այդպիսի մի նոր օպերատոր «հայտնվեր» նաև Արցախում և պատերազմ տեսած, հազար ու մի հոգս ունեցող ժողովրդին ազատեր ՂՏ-ի «բջջային հարկից»։

Ամեն դեպքում՝ առողջապահության ոլորտին նվիրաբերած գումարի համար ժողովուրդը պիտի շնորհակալություն հայտնի։ Բոլորը չէ, որ ժողովրդից վերցրածի թեկուզ ինչ-որ մասը վերադարձնում են ժողովրդին։ Կարծում եմ՝ այս ամենը տեղավորվում է մեր ժողովրդավարություն-դեմոկրատիայի սահմաններում։ Չէ՞ որ «ժողովրդավարությունը» մեզանում երբեմն այսպես են ստուգաբանում՝ ժողովրդին վարել («մեկի գլուխը վարել», Արցախում նշանակում է՝ մեկին խաբել)։
«Հրապարակ» օրաթերթ,
Երևան, 2.02.09

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Հեռախոսավարձը մուծելիս, ստանալով «վճարման անդորրագիրն» ու հեռազանգերի ցուցակը (վերջինիս համար պետք է լրացուցիչ 100 դրամ վճարել), հաճախորդը պարզապես չի կարողանում դրանք կարդալ՝ տպագրական ներկի բացակայության պատճառով։ Չենք կարծում, թե բարեգործական ծրագրեր իրագործողի համար դժվար է տպագրական ներկեր գնելու համար մի քանի գրոշ գտնելը։

N2, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ 

Մեր ժամանակներում այնքա՜ն բաներ կան, որ պիտի լինեին, բայց չկան։ Բացակայում են, դեֆիցիտ են։ Երբ ասում ենք՝ «սոցիալական», անմիջապես մտածում ենք, որ դրան հաջորդող բառը պիտի լինի՝ անարդարություն։ Ասել է թե՝ Արդարությունը բացակա է, չկա, դասի չի եկել, հիվանդ է կամ գուցե... Չէ, հուսանք, որ չի վախճանվել, այլ մնացել է կես ճանապարհին, դեռ տեղ չի հասել։ Վաղուց բացակա է նաև Հավատը (խոսքը կրոնի մասին չէ)։ Էլ չեմ խոսում մանր-մունր դեֆիցիտ բաների մասին։

Մեր ժամանակներում այնքա՜ն բաներ կան, որ պիտի լինեին, բայց չկան։ Բացակայում են, դեֆիցիտ են։ Երբ ասում ենք՝ «սոցիալական», անմիջապես մտածում ենք, որ դրան հաջորդող բառը պիտի լինի՝ անարդարություն։ Ասել է թե՝ Արդարությունը բացակա է, չկա, դասի չի եկել, հիվանդ է կամ գուցե... Չէ, հուսանք, որ չի վախճանվել, այլ մնացել է կես ճանապարհին, դեռ տեղ չի հասել։ Վաղուց բացակա է նաև Հավատը (խոսքը կրոնի մասին չէ)։ Էլ չեմ խոսում մանր-մունր դեֆիցիտ բաների մասին։

Այս անգամ ուզում եմ խոսել «դեֆիցիտ» մի այլ «ապրանքի»՝ Պատասխանատվության մասին, որի բացակայությունն է թերևս հիմնական պատճառը, որ այսօր բացակայում են Հավատն ու երկրի ամրության ու հզորության գրավական շատ այլ բաներ։ Ամենապարզ ու ամենահայտնի օրինակները բերենք։ Երեկվա մեր իշխանությունները գյուղացուց, հողագործից հողը վերցրել, «սեփականաշնորհում» օպերացիա են իրականացրել, որի արդյունքում՝ հիմնական հողատեր են դարձել ո՛չ հողի մշակները... Ի դեպ, մինչ այդ հողի խայտառակ առուծախ էր կատարվել Հայաստանում, և այնտեղից մեզ խորհուրդ էին տալիս՝ հաշվի առնելով պատերազմական գոտում գտնվելու հանգամանքը, Արցախում դեռևս ձեռնպահ մնալ հողը սեփականաշնորհելուց... Բայց սեփականաշնորհեցին, և դրա համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց...

Նախորդ նախագահը նոր վարչապետ նշանակելուց առաջ խորհրդավոր հայտնեց, որ նրա անունը դեռ չի տալու, սյուրպրիզ է անելու։ Շարքային մահկանացուներս ենթադրեցինք, որ առնվազն Աբել Աղանբեկյանը կամ տեղական նշանավոր ու բազմափորձ մեկ ուրիշն է նշանակվելու կառավարության գլուխ... Եվ Ղրիմից Ստեփանակերտ բերեցին Անուշավան Դանիելյանին՝ մի մարդու, որի գոյության մասին մեզանում ոչ ոք ոչինչ չգիտեր։ Սա էլ առաջին իսկ հարցազրույցներից մեկում ի լուր աշխարհի հայտնեց, որ խոստանում է 2010 թվականին ԼՂՀ բնակչությունը դարձնել 300 հազար։ Ըստ երևույթին, նա կարծում էր, որ երրորդ «սրոկ» էլ պիտի ղեկավարի ԼՂՀ կառավարությունը, որպեսզի... կրկնապատկի Արցախի բնակչությունը։

Արցախի բնակչությունը ոչ միայն չկրկնապատկվեց, այլև վերաբնակներից շատերը բռնեցին ետդարձի ճամփան։ Եվ դրա համար դարձյալ ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Ա. Դանիելյանը աղմուկով եկավ Արցախ, անաղմուկ գնաց։ Թե ինչու եկավ և ինչու գնաց, կամ՝ ինչու բերին և ինչու տարան՝ պարզ չէ։ Ոչ ոք պատասխան չտվեց դրա համար, անգամ՝ ներողություն չխնդրեց։ Իսկ անպատասխանատվությունից ամենաթողություն մի քայլ է։

Նախորդ իշխանությունների լուռ համաձայնությամբ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, դարձավ տարածքային վեճ, և դրա համար դարձյալ ոչ ոք պատասխան չտվեց։ Սարոյանի հերոսը կբացականչեր. «Էհե՜յ, ո՞վ կա այդտեղ...»։ Մենք, իհարկե, չենք բացականչում, որովհետև գիտենք, որ այնտեղ ոչ ոք չկա։

N3, 2009



ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

«Եվրատեսիլի» 2008-ի եզրափակիչ համերգից առաջ հայկական հանրային հեռուստատեսության տաղավարում հավաքված երիտասարդ երգիչների ներկայությամբ հաղորդավարն աշխարհասփյուռ հայ հեռուստադիտողներին խորհուրդ տվեց ձայն տալ, քվեարկել այն երգիչների օգտին, ովքեր չեն կարող Սիրուշոյի համար մրցակից լինել…

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի, եթե բոլոր երկրներն իրենց քաղաքացիներին նույնպես կոչ անեին ձայն տալ բացառապես անարժաններին, որպեսզի սեփական թեկնածուն առաջնակարգ տեղ գրավի։ Մրցանակային տեղում կհայտնվեն ապաշնորհները։ Եվ այս ամենը հանուն այն բանի, որպեսզի միջազգային սովորական մի շոուում, որ ոչ մի կապ չունի Արվեստի հետ, մրցանակային տեղ գրավի «հայկական» մի երգ, որը նույն Եվրատեսիլի նախորդ «հայկական» երգերի պես թիթեռնիկի կյանք կունենա։

Բայց սա ամենամեծ զավեշտաողբերգությունը չէ։ Ցավն այն է, որ հեռուստաեթերից մարդկանց սովորեցնում են խաբել, կեղծել։ Եվ ընտրության այս ձևը մեզանում կարող է դառնալ ավանդույթ։ Ինչպես հարևան երկու երկրներում արդեն ավանդույթ, ազգային սովորույթ է դարձել պատմությունը կեղծելը, հարևանի հոգևոր-մշակութային արժեքները թռցնելը, անգամ ուրիշի հողն ու երկիրը սեփականացնելը։

«ՆԷ»
N3, 2009



ԿԱՂԱՄԲԸ

Մեծի նրա չափանիշը ծավալն է, արտաքին չափսերն ու կշիռը: Մեծ ու ծանրակշիռ գրողը նրա կարծիքով նա է, ով առնվազն 120 կգ քաշ ունի և կարողանում է հաստափոր գրքեր տպագրել (200 էջանոց գրքերին նա «բրոշյուր» է անվանում), մեծ պաշտոնյան՝ ով մեծ ու բարձր աթոռի վրա է նստում և այլն:

Դեռ մանկությունից երազում էր «մեծ մարդ» դառնալ և հիմնովին նետվեց այդ գաղափարի մեջ: Ինչպես մեծն Օտյանը կասեր՝ ոչ թե գաղափարը մտավ նրա գլուխը, այլ նա ինքը մտավ գաղափարի մեջ։ Եվ գոմաղբի մեջ ընկած կարտոֆիլի պես սկսեց «աճել»: Արդեն 6-րդ դասարանում այդ ասպարեզում հասել էր զգալի նվաճումների. գլխի չափերով առաջին տեղն էր գրավում ոչ միայն համադասարանցիների մեջ, այլև ողջ դպրոցում, իսկ մի քանի տարի հետո՝ նաև քաղաքում:

Տարիներ անցան: Մեծացավ այն քաղաքը, որտեղ նա էր ապրում: Մեծացավ ու պարարտացավ նաև նրա գլուխը: Այլևս հնարավոր չէր տարբերել՝ որն է գլուխը, որը՝ նստուկը: Ինքն էլ էր հաճախ շփոթում, երբեմն գլխիվայր նստում՝ թյուրիմացության մեջ գցելով մարդկանց: Իսկ երջանիկ մի օր էլ հանկարծ պարզեց, որ ինքը ևս կարող է ծանրա-կշիռ գրքեր տպագրել: Ամեն տարի առնվազն 15-20 կիլոգրամ գիրք էր տպագրում: Տանն այլևս ազատ տեղ չէր մնացել:

- Այս տարի 24 կիլոգրամ գիրք եմ տպագրել,- մի անգամ հպարտությամբ հայտնեց ծանոթ-բարեկամներին,- դա 4 կիլոգրամով գերազանցում է նախորդ տարվա ռեկորդս: Եթե այսպես շարունակեմ, մի քանի տարի հետո ավելի մեծ եմ լինելու, քան Լերմոնտովն ու Մայակովսկին, Թումանյանն ու Տերյանը...

- Դու արդեն մեծ ես Բայրոնից, Պուշկինից, Իսահակյանից ու Չարենցից, դու հանճար ես,- սկսեցին ոգևորել նրա ճոխ սեղանի փշրանքներով գոյություն քարշ տվող մանկլավիկները:
- Գիտեմ,- համեստորեն խոստովանեց նա,- բայց այդ «հանճարն» արդեն ինձ վրա նեղ է գալիս։ Չեմ հասկանում, ինչո՞ւ մարդիկ մի ավելի մեծ կոչում չեն ստեղծում, ասենք՝ գերհանճար, ամենահանճար...

Իր նազիր-վեզիրներին հանձնարարեց, որ դպրոցներին հրահանգ ուղարկեն՝ գրական միջոցառումներում արտասանել միայն իր բանաստեղծությունները։ Հեռավոր մի գյուղի խարխուլ պահեստից կարտոֆիլ կշռելու հսկա մի կշեռք բերեց տուն, որով մեկ առ մեկ կշռում էր իր գրքերն ու ոգևորված ծափ զարկում. «Վերջին տասը տարում տպագրած իմ բոլոր գրքերը կշռել եմ: Ինձ հետ միասին 257 կիլո է: Ես արդեն անցել եմ հայրենի ու համաշխարհային շատ ու շատ մեծերից»...

Ամեն տարի խոշոր պլանով լուսանկարում էր խաշ գցելու ծավալներ ընդունած մեծ գլուխն ու հպարտությամբ զետեղում իր գրքերի վրա կամ, թանկագին մասունքների պես, իր մակագրությամբ, նվիրում ծանոթ-բարեկամներին:

Եվ մի օր մարդիկ նկատեցին, որ նրա գլխի տարբեր մասերից սկսել են ինչ-որ բաներ դուրս գալ: Սկզբում ոչինչ չէին հասկանում, իսկ ոմանք մինչև անգամ սկսեցին կատակներ անել՝ «Դդումի վրա պոզեր են բուսնում... Մեծ գլուխը երկունքի մեջ է...»։ Բայց կես տարի հետո նրանք զարմանքով նկատեցին, որ «մեծ մարդու» գլխի տեղը հսկա մի կաղամբ է աճել:

Զարմանահրաշ լուրը կայծակի արագությամբ սուրաց երկրով մեկ և տարածվեց ողջ աշխարհում: Մոլորակի տարբեր ծեգերից խոշոր գիտնականներ, հանրահայտ գյուղատնտեսներ եկան՝ իրենց աչքերով տեսնելու և պարզելու այդ հրաշքը: Բոլորը միաձայն խոստովանեցին, որ իրենց ողջ կյանքում այդպիսի խոշոր կաղամբ չեն տեսել: Նրանցից ոմանք այդ գլուխ-կաղամբից փոքրիկ թևիկներ կտրեցին և ուղարկեցին իրենց երկրների գիտահետազոտական ինստիտուտներին՝ լաբորատոր ստուգումների համար: Եվ երբ մի ծեր գյուղատնտես փորձում էր փոքրիկ կաղամբաթև կտրել իր երկրի համար, չգիտես որտեղից մի աղջնակ հայտնվեց ու թախանձագին ասաց.
- Քեռի Կաղամբ, մայրիկս խնդրել է, որ մի թև էլ մեզ տաս՝ տոլմա փաթաթելու համար...

Ծեր գյուղատնտեսն իր ձեռքի կաղամբաթևից մի փոքր կծեց՝ համը ստուգելու համար, բայց հանկարծ զզվանքով դեմքը ծամածռեց.
- Թո՛ւհ, ինչ զզվելի համ ունի։ Այս ճիվաղի մեջ որքան չարություն, մաղձ ու թույն կա՝ տվել է զազրելի գլխին և կաղամբ դարձրել...

Ու բոլոր հայտնի գիտնականները հիասթափված շուռ տվեցին գլուխներն ու հաջորդ օրը մեկնեցին իրենց երկրները: Սակայն այդ ամենը մարդ-կաղամբին ամենևին չանհանգստացրեց: Կարևորն ու տեսանելին ոչ թե բովանդակությունն է, այլ ձևը, արտաքինը: Թող որ անհամ ու գարշելի է, բայց իր կաղամբն ամենամեծն է աշխարհում:
Նա հասել էր իր նպատակին: Նա արդեն «մեծ» էր:

N3, 2009



ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Որոշ չինովնիկների. Ձեր տեղը մի քար դրեք, գնացեք տուն։ Ժողովուրդը քարի հետ ավելի մեծ հույսեր է կապում՝ «Տաշած քարը գետնին չի մնա»։

Որոշ երթուղային վարորդների. Ուղևորներ «հավաքելու» նպատակով կանգառներում քիչ ցցվեք։ Մտածեք այն ուղևորների մասին, ովքեր ձեր ավտոմեքենայում նստել, սպասում են, որ ոչ միայն տեղ հասնեն, այլև՝ շուտ տեղ հասնեն։ Այլապես ոտքով կգնային։

Բազմաթիվ ուղևորների. Վերոհիշյալ ավտովարորդներին երբեմն հիշեցրեք, որ դուք կարտոֆիլի պարկ չեք, որ դուք մարդ եք և ունեք մարդու ձեր իրավունքները։

Գրողների միության մի քանի անդամների. Հեռուստաէկրաններին և մարդկանց մեջ քիչ երևացեք։ Հանրությունն ալերգիա ունի ձեր տեսքից։ Միևնույն ժամանակ՝ որքան ձեզ քիչ տեսնեն, այնքան քիչ կհիշեն ձեզ և ավելի քիչ կատեն։

Որոշ վայ-հայրենասերների. Հայրենիքը միայն արոտավայր չէ։ Արածելուց բացի մտածեք նաև «կաթ» տալու, այսինքն՝ այս երկրին մի բան տալու մասին։

Մի շարք ղեկավարների. «Ղեկավար»՝ չի նշանակում ղեկ վարել։ Դա շոֆերի պաշտոն չէ։ Ձգտեք առավել քիչ թրևել ձեր սև «բլոճներով», փոխարենը՝ երբեմն աշխատեք։

Որոշ պչրուհիների. Ցուցադրության համար շարունակ ձեր ձեռքում բռնած բջջային հեռախոսը ցանկալի է կախել ականջներից (կարելի է նաև՝ երկուական), որպեսզի ավելի տեսանելի լինի, որ դուք թանկարժեք «մոբիլնի» ունեք։

Բազմաթիվ ուսանողների. Երբեմն նաև գիրք կարդացեք։ Եթե չգիտեք դա ինչ է, նայեք բառարանները։ Հա՜, ախր, չգիտեք, թե բառարանն ինչ է։ Դա գիրք է։

Որոշ դասախոսների. Գուցե մի այլ աշխատանք գտնեք։ Ասենք, գրող դարձեք։ Ավելի լավ չէ՞ թուղթ փչացնել, քան՝ մարդ, սերունդ...

Որոշ քաղաքական գործիչների. Թույլ մի տվեք, որ ձեզ դարձնեն քաղաքական գործիք։ Գործիչն ու գործիքը տարբեր բաներ են։

N3, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ, ՊԱՐՈՆԱՅՔ

Խորհրդային սոցիալիստական համակարգի փլուզումից հետո իրենց անկախ պետություն հռչակած նախկին ԽՍՀՄ կազմավորումները յուրաքանչյուր տարի, որպես պետական տոն, նշում են իրենց անկախություն օրը։ Եթե շովինիստական Մոսկվայից կախյալ վիճակում գտնվող բոլոր ազգային պետությունների համար դա միանգամայն բնական է, ապա միանգամայն անհասկանալի և անտրամաբանական է, թե Ռուսաստանն ինչո՞ւ է եռանդով նշում այդ տոնը։ Ռուսիան ումի՞ց է անկախացել, այդ ո՞ւմ գաղութային լծից է դուրս եկել։ Եթե բոլոր այդ նախկին հանրապետությունները շահել են, ապա կորցնողն ո՞վ է։ Քաղաքական պարադո՞քս է սա, թե՞ խեղկատակություն։

Մյուս պարադոքսը։ Սոցիալիստական համակարգի, հատկապես ԽՍՀՄ-ի փլուզմամբ, ասում են, պարտվել է սոցիալիզմը: Մինչդեռ պարտվել է ոչ թե սոցիալիզմը, սոցիալիստական գաղափարախոսությունը, այլ ռուսակա՛ն սոցիալիզմը, ռուսակա՛ն բարոյականությունը, պարտվել է ռուսակա՛ն կայսերապետական ու գաղութատիրական մտածողությունը, ռո՛ւս ազգի պաշտամունքը, աշխարհի վզին ռուսական մտածելակերպ ու ապրելակերպ փաթաթելու նացիոնալիստական մտայնությունը:

Փլուզվել է սոցիալիստական այն համակարգը, որի գլխավոր առանցքը Ռուսաստանն էր: Պարտվել է սոցիալիզմի ռուսակա՛ն մոդելը։ Չինական սոցիալիզմը դեռ ապրում է, որովհետև նրանց սոցիալիզմը ռուսական չէ: Շվեդական սոցիալիզմին ու այդ երկրի զարգացման մակարդակին կարող են նախանձել ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունները։ Սոցիալիստական արտադրաեղանակից օգտվում են սկանդինավյան և եվրոպական որոշ երկրներ։

Սոցիալիզմի փլուզումից առաջ Ռուսաստանում խայտառակ ձևով փլուզվել էր կապիտալիզմը: Սոցիալիզմի փլուզումից հետո այսօր էլ ռուսական կապիտալիզմը գետնաքարշ է, որովհետև, մեծ հաշվով, պատմությունը ցույց է տալիս, որ Պետրոս Առաջինից հետո ռուսներն այդպես էլ չեն կարողացել լիարժեք պետություն ստեղծել՝ լինի դա կապիտալիստական թե սոցիալիստական: Այս է ողջ իրողությունը:

Մենք և ռուսները: Երկու տարբեր ժողովուրդներ: Սակայն այդ երկու ժողովուրդներն ունեն մի ընդհանրություն՝ պետական (մեծ հաշվով՝ ազգային) մտածողության բացակայությունը: Երկուստեք զարգանում են միևնույն ճանապարհով՝ ոչ թե խորությամբ, այլ լայնությամբ, մակերեսորեն: Երկուստեք մտածում ենք այսօրվա, լավագույն դեպքում՝ վաղվա մասին: Գալիք երրորդ օրը մեզ համար ապագա է: Եթե բազմամիլիոն և անծայրածիր Ռուսաստանի պարագայում դա մահացու վտանգավոր չէ, ապա մեր փոքրիկ երկրին ու ժողովրդին մի օր դա կարող է կործանման հասցնել: Ո՞ւր ենք գնում, պարոնայք։

N4, 2009



ՔԱՆԴԵԼՈՎ ԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Մեզանում արդեն սովորություն է դարձել նախկինում կառուցած շենքերը քանդելն ու դրանց տեղը շինարարական նոր օբյեկտներ կառուցելը։ Առայժմ ստույգ հայտնի չէ, թե որն է դրա նպատակը՝ խորհրդային ժամանակներում ստեղծած ամեն ինչ հողին հավասարեցնելն ու դրանց փլատակների վրա նորը կառուցե՞լը, թե՞ պարզապես մեր մայրաքաղաքն ուզում ենք ջահելացնել։
Ստեփանակերտի շուրջ և, ընդհանրապես, ողջ Արցախում, ասենք, ծայրամասային և ազատագրված տարածքներում այլևս տեղ չկա՞, թե՞ աշխատատեղերի պակասի պատճառով շինարարի մասնագիտությունից բացի մի նոր՝ «քանդարարի» մասնագիտություն ենք ստեղծել...

Այս թեմայի շուրջ կարելի է անվերջ կատակել կամ լուրջ-լուրջ դատողություններ անել։ Ցավն այն է, որ ամենակարևոր հարցն այդպես էլ մնալու է անպատասխան. ի վերջո, ո՞ւմ համար ենք կառուցում-գեղեցկացնում Ստեփանակերտը, նրա բնակիչների, ժողովրդի՞, թե՞ ժողովրդին պահում ենք, որպեսզի նայի-զմայլվի, թե ինչպես է իր աչքի առաջ գեղեցկանում-երիտասարդանում իր քաղաքը։

Արցախյան պատերազմից ու հրադադարի հաստատումից հետո Ստեփանակերտում մի յուրօրինակ գործընթաց է սկսվել. քաղաքի կենտրոնական մասերում առանձնատները, առանձին թաղամասեր ու տարբեր շինություններ քանդում են և դրանց տեղը կառուցում «էլիտար» շենքեր ու այլ «օբյեկտներ»։ Այն դեպքում, երբ հարյուրավոր ընտանիքներ դեռ խորհրդային տարիներից հերթագրված են բնակարան ստանալու համար։

Կարծես Ստեփանակերտի կենտրոնը սեփականաշնորհելու յուրօրինակ մրցություն է ծավալվել։ Այն տարածքը, ուր մի ժամանակ կանգնած էր «Հոկտեմբեր» կինոթատրոնը, նրա աջ կողմում, ուր, ինչպես հին ստեփանակերտցինն էին ասում՝ «կերասինկովանց թաղն» էր, արդեն քանի՜ տարի ամայի է, ու ամեն անգամ սիրտդ ցավ է զգում այդտեղով անցնելիս (լուս. 3-րդ էջում)։ Մինչդեռ տարիներ առաջ այն ամենաաշխույժ, ամենաաղմկոտ թաղամասի համբավ ուներ։ Ինչո՞ւ քանդեցին, ինչո՞ւ, ո՞ւմ հրահանգով, ո՞ւմ էր խանգարում և ինչո՞ւ այսքան տարի այնտեղ ոչինչ չեն կառուցում։

Մի քանի տարի առաջ բարձրաստիճան մի պաշտոնյա ինձ ասաց, որ Վահրամ Փափազյանի անվան պետդրամթատրոնի շենքը պետք է քանդվի և տեղը նորը կառուցվի։ Իմ հարցին՝ ավելի լավ չէ՞ այդ շենքը մի կարգին վերանորոգել, պատասխանեց՝ երկրի գլխավոր դեմքերն ասում են, որ նորը կառուցելն ավելի էժան է նստում, քան հինը վերանորոգելը։

Ես ճարտարապետ ու շինարար չեմ, բայց այդ «հանճարեղ հաշվարկից» մնացի ապշած։ Հարցն այն չէ՝ թատրոնի ստեղծագործական կազմը թո՞ւյլ է, թե՞ ուժեղ, պարզապես սա մեր թատրոնն է, որ ձև ու բովանդակությամբ հայտնվել է խայտառակ վիճակում։ Երբ հյուրախաղերով մեզ մոտ գտնվող Սոս Սարգսյանի «Համազգայինի» տնօրենին ասացի այդ մասին, ականջներին չհավատաց։ «Թատրոնի այսպիսի հիանալի շենք Հայաստանում մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել,- ասաց,- իսկ քանդելու համար միշտ էլ կարելի է «հիմնավոր» պատճառներ հնարել»։
Երևան այցելած զբոսաշրջիկները հաճախ մնում են տարակուսած. երեքհազարամյա քաղաքը, որ տարիքով մեծ է անգամ երկնքի տակ բաց թանգարան համարվող Հռոմից, այսօր 2-3 դարյա ոչ մի շինություն չունի...

Երևի գալու է ժամանակ, որ ոչ ոք չի հավատալու, թե Ստեփանակերտը հիմնադրվել է 1847 թվականին։ Էլ չեմ խոսում ավելի հին արմատներ փնտրող հնագետ-պատմաբանների «Վարարակնի» վարկածի մասին։

N4, 2009



ՀԵՌԱՎՈՐ ՏՈՐՈՆՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՎԱՆԵՑԻՆ 

Վերջերս ամերիկյան մայրցամաքի հյուսիսում գտնվող Կանադա երկրում վախճանվել է այդ պետության Տորոնտո քաղաքի վերջին վանեցին՝ Հռիփսիմե Լուիզ Մկրտչյանը։ Ծնվել է 1912 թվականին՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վանում և թաղվել իր Մեծ հայրենիքից ու ծննդավայրից 15 հազար կիլոմետր հեռու՝ օտար մի երկրում, օտար հողում։

Աշխարհում ապրել է 97 տարի և երևի թե տեսել այն ամենը, որ հնարավոր էր տեսնել մեկդարյա մարդկային կյանքում։ Մեծ եղեռնի օրերին շատ փոքր է եղել՝ իր ժողովրդի մեծագույն արհավիրքը զգալու համար, բայց այն՝ բազում ազգակիցների, հայրենակիցների և Հայրենիքի կորուստը զգացել ու վերապրել է ողջ կյանքում։

Երբ հեռավոր Տորոնտոյում 1993-ին բացվեց «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գրասենյակը, այսօր նույն այդ հիմնադրամի ատենապետ, մեր երկրի մեծ բարեկամ և բարերար Մկրտիչ Մկրտչյանի մայրը՝ Հռիփսիմե մայրիկը, իր ձեռքով կարեց Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ պետական դրոշները, որոնք առայսօր գտնվում են գրասենյակում, օգտագործում բոլոր միջոցառումների ժամանակ։

Չնայած մեծ տարիքին, ծերությանը, Հռիփսիմե մայրիկը չէր կարողանում հանգիստ նստել, և մի օր էլ նա իր դողդոջուն ձեռքերով պատարագի զգեստ է կարել նաև Գանձասարի նախկին հովիվ տեր Հովհաննեսի համար։
«Նա չկարողացավ ազատագրական պայքարի դրոշներ կարել Վանի խրամատներում դարավոր թշնամու դեմ կռվող իր հայրենակիցների համար,- ասում է Մկրտիչը,- բայց բազում տարիներ հետո մայրս դրոշներ կարեց ու ասեղնագործեց Սփյուռքի «խրամատների» համար»։

Վերևի լուսանկարում՝ Տորոնտոյի վերջին հավաքում Մկրտիչ Մկրտչյանը ներկայացնում է Վերին Հոռաթաղի բարոնուհի Կոքսի անունը կրող դպրոցի պաշտոնական բացման ժապավենը։ Լուսանկարում երևում են Հայաստանի և Արցախի դրոշները, որ գործել է Հռիփսիմե մայրիկը։

Մեր երկրից հազարավոր մղոններ հեռու, բարեբախտաբար, ապրում են մարդիկ, ովքեր մեր երկիրն ու մեր ժողովրդին ավելի են սիրում, քան այսօր այս հողում ապրող և հայրենակից համարվող շատ ու շատ դղյակատերեր։
Ցավալի է։ Եվ, դժբախտաբար, ցավն այդ կրկնակի է։

«ՆԷ»
N4, 2009



Մեծապատիվ մտավորականներ 

«ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ» 
կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս

Մերազգի որոշ գործիչներ չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հաջողացնելով, չբավարարվելով իրենց կենսագրությունը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, այժմ էլ փորձում են Արցախյան շարժումը մտցնել սեփական կենսագրության մեջ, նմանվելով Յարոսլավ Հաշեկի այն հերոսին, որ փորձում էր ապացուցել, թե Երկրագնդի ներսում գոյություն ունի մի գունդ, որ զգալիորեն մեծ է դրսի գնդից։

Բացում ես ինչ-որ թերթ կամ գիրք և ապշում. պարզվում է՝ այսինչը, ոչ ավել, ոչ պակաս, հերոս է, այնինչը ոչ միայն հերոս է, այլև, իր ասելով, հենց ինքն է սկսել Արցախյան շարժումը... Երրորդը՝ ռադիո-հեռուստաեթերներից հայտարարում է, որ ինքն ազգի փրկիչ է: Մեկն աղմուկ-աղաղակով է իրեն հերոս հռչակում, մյուսը աջ ու ձախ ինտրիգներ սարքելով կամ նախորդների վրա ցեխ շպրտելով, մի ուրիշը՝ կաշառելով, մի վեցերորդը՝ քծնելով ու շողոքորթելով կամ իշխանական նստավայրերում ծանոթ-բարեկամներ գտնելով... Եվ այսօր հերոսանում են մարդիկ, որոնց այն տարիներին ճրագով, խոշորացույցով ու հեռադիտակով անգամ չէիր գտնի: Հետպատերազմյան այս հերոսների ստվարությունը առաջին հերթին վիրավորում է մեր հերոս նահատակների հիշատակը, նսեմացնում ու արժեզրկում նրանց թափած արյան գինը:

Շքանշաններ ու մեդալներ են ստանում գրողներ, մտավորականներ, որոնց վաղը ոչ ոք չի հիշելու: Մրցանակներ են ստանում մարդիկ, որոնց գրքերը ոչ ոք չի կարդում, ովքեր գրականության ու գիտության բնագավառում ոչ մի ներդրում չունեն:
Ոմանց երևի ձեռնտու է արժեքների արժեզրկումը, համահարթեցումը, այսպես ասած՝ գազոնականացումը: Մեր վաստակաշատ մտավորականներից մեկը կատակով ասում է. «Ծառերը կտրում, գազոն են դարձնում, որպեսզի թուփն իրեն ծառ երևակայի»: Երևույթը նոր չէ։ Ժամանակին մեծ մտածողներից մեկը նկատել է, որ «տափակ հարթության վրա յուրաքանչյուր հողակոշտ բլուր է թվում»։

ԼՂՀ գրողների միության տպագրած գրական տեղեկատուներից մեկում Վարդան Հակոբյանի կենսագրության մեջ գրված է, որ նա «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկն է» (հետաքրքիր է, իսկ ովքե՞ր են երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ղեկավարները - հեղ.)։ Իսկ Երևանից հարգարժան Ազատ Եղիազարյանը մի քանի տարի առաջ «Ահա այսպիսի վաստակավոր գործիչ» վերնագրով («Հայկական ժամանակ», 17 նոյեմբերի 2005 թ.) Հակոբյանին ձեռ առնող հոդվածի հեղինակին հայտնել է, թե Վ. Հակոբյանը «մասնակցել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին»:

Չեմ ուզում նույն անձի մասին նույնատիպ մեջբերումներ անել նույն ԳՄ-ի և նրա մերձակա խոհանոցներում սարքված այլ աղբյուրներից։ Պարզապես ինքս ինձ մտածում եմ. այսպես օրը ցերեկով երբ մենք անգթորեն, անխղճորեն խեղաթյուրում, կեղծում ենք երեկվա դեռ պատմություն չդառած Ազգային-ազատագրական շարժումը, հակառակորդից, մեր թշնամուց ինչո՞ւ ենք նեղանում ու նրանց մեղադրում պատմությունը խեղաթյուրելու և կեղծարարության մեջ։

Քանի որ, Իգոր Մուրադյանի ասած, բոլորը դեռ չեն մեռել, փորձենք վերհիշել, թե Վարդան (Սլավիկ) Հակոբյանն ինչպես էր «ղեկավարում» Արցախյան շարժումը։ Սկսենք ստորագրահավաքի ժամանակներից։ Մոսկվային ուղղված Արցախի մտավորականների հանրահայտ նամակը, որը կազմվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, և որի կազմման և ստորագրահավաքի մասնակիցներից եմ, Վարդան Հակոբյանին չեմ տեսել, նրա անունը հաստատ առաջին 20-30 հոգու մեջ չկար։ Անգամ հիշում եմ, որ առաջին երկու ստորագրողները Գուրգեն Գաբրիելյանն ու Գուրգեն Այվազյանն են եղել։ Սկզբում նրանց ենք ստորագրել տվել, որպեսզի մյուսները համարձակություն ձեռք բերեն...

Ինչ վերաբերում է ավելի ուշ՝ 1988-ի փետրվարի 20-ի նստաշրջանում Վ. Հակոբյանի և ոմանց «բոցաշունչ» ելույթներին, ապա այդ օրը մարզգործկոմի շենքը շրջափակած 70-80 հազար մարդ, 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն» վանկարկելով, սպասում էր, որ պատգամավորները թղթի վրա վավերացնեն այն որոշումը, որ արդեն կայացրել էր ինքը՝ ժողովուրդը։ Թող որևէ պատգամավոր փորձեր այլկերպ պահել իրեն, մեղմ ասած՝ բմբուլները քամուն կտային։
Այնուհետև Վ. Հակոբյանը Արցախի պատվիրակության կազմում մեկնել է Մոսկվա։

Ճիշտն ասած, պարզ չէ, թե արփագյադուկցի միջակագույն կարողությունների տեր գյուղական վարժապետ Սարգիսի ռուսերենի «գիտակ» Սլավիկ որդին ինչո՞ւ է մեկնել և ի՞նչ լեզվով պիտի խոսեր ԽՍՀՄ կարևոր դեմքերի հետ։

(Նրա մոսկովյան «հանդիպումների» մասին հատվածը իմ կողմից հարգված մի անձնավորության խնդրանքով հանել եմ հոդվածից)։

Եղել է հանրահայտ «Կռունկի» անդամ։ Բայց քանի որ Հակոբյանն այն մարդկանցից է, որոնց ողջ կյանքի և գործունեության միջով կարմիր թելի պես անցնում է անձնական շահի սկզբունքը, ձեռքերը ծալած չի նստել, հավատարիմ է մնացել իր դավանանքին. այն ծանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, նա երեք անգամ մոտ 1700 ռուբլի է (այն տարիների բարձր պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար...

Այնուհետև՝ միտինգային ելույթներ «մոսկովյան վարդագույն» խոստումների մասին... Հետո՝ պատերազմ։ Բանակում չծառայած Վարդան Հակոբյանը գտավ, որ «լավագույն ավանդույթները» պետք է շարունակել, և տեղի բարձրագույնի հումանիտար բաժիններից իր զավակներին հանեց և պետական լիմիտով տեղավորեց Երևանի իրավաբանականում։ «Շարժման առաջին ղեկավարի» զորակոչի ենթակա զավակները 1992-ի փետրվարին Մարտակերտի շրջանից վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով մեկնեցին Երևան։

Ողջ պատերազմի ընթացքում Վ. Հակոբյանի «հայրենասիրական» ձայնը չէր լսվում։ Ավելի ճիշտ՝ լսվում էր, բայց այլ կողմերից. Երևանում պատսպարված, այսուայնտեղ հայտարարում էր, թե արդեն Ղարաբաղ չկա, ամեն ինչ վերջացած է։ Իսկ ահա, պատերազմից հետո պարզվեց, որ մարդը «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկն է»։ Պարզապես հասկանալի չէ, թե «Շարժման առաջին ղեկավարն» ինչո՞ւ թե՛ սաֆոնովյան ռեակցիայի տարիներին, թե՛ պատերազմի դաժան տարիներին և թե՛ հետո, այս 15 տարում, երբ դարձյալ շարունակվում են սև ամպեր կուտակվել մեր Հայրենիքի գլխին, երբ անընդհատ խոսում են ազատագրված տարածքները թշնամուն վերադարձնելու, ազերի փախստականների վերադարձի, ինչ-որ հանրաքվեի և անորոշ կարգավիճակի մասին, ծպտուն չի հանում։ Թե՞ դա ԼՂՀ ԳՄ նախագահի «կոմպետենտության» (իր բառն է - հեղ.) մեջ չի մտնում։

Գոնե մի փոքրիկ հոդված կամ պարզապես ելույթ չհրապարակեց՝ իր ժողովրդին «ուղղորդելու» (իր բառն է - հեղ.) և ցույց տալու, որ «Շարժման առաջին ղեկավարը» դեռ կենդանի է, և նրա հիմնական զբաղմունքը Արցախի գրական-մշակութային-կրթական-գիտական դաշտը ամայացնելը, անձնական հաշիվներ մաքրելու համար ինտրիգներ սարքելը, գրողներին իրար դեմ լարելը, պետության սուղ միջոցներով շքեղ հատորներ հրատարակելը, տպագրած թերթերից փողոցային հայհոյանքներ շաղ տալն ու փող դիզելը չէ միայն։ Բայց դա այլ թեմա է։

Ինչ մնում է «Ղարաբաղյան ազատագրական պատերազմին մասնակցելուն», զավեշտն այն է, որ Վարդան Հակոբյանը դա այդպես էլ հրապարակավ չհերքեց, երևի հույս փայփայելով, որ հանրությունն այդ «կուտը» կուլ կտա: Ստի ու կեղծիքի վրա կենսագրություն ու «փառք» հյուսող, հակառակորդների դեմ զրպարտություններ գրող-պատվիրող «գրական ջոկատի հրամանատարի» համար ի՞նչ մեծ բան է ստի բուրգի վրա մի սուտ ևս «դամկա» ուղարկելը։ Երևի թե կարելի է քսան կամ մի քանի հարյուր մարդու խաբել, բայց Ժամանակն ամեն ինչ և ամենքին իրենց տեղն է դնելու։

Օրերս իր մամլո ասուլիսում Հակոբյանը վերջապես հիշեց ղարաբաղյան հարցի մասին և, իրեն հատուկ կեղծ ոգևորությամբ, գյուտ արածի պես հայտարարեց, որ այն պիտի լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքով։ «Շարժման առաջին ղեկավարը» (ինքն իրեն անվանում է նաև «ոգու սյուն», բայց շնորհակալ լինենք, որ իրեն չի անվանում, ասենք, «Երկրագունդ» կամ «Արեգակ») նույնիսկ չգիտե, որ 1988-ի հանրահավաքների ժամանակները վաղուց անցել են, որ գնացքն այդ «կայարանը» արդեն թողել է հետևում, և այսօր միանգամայն այլ հարցեր են քննարկվում։
Առայժմ այսքանը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼՂՀ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՏՆՕՐԻՆՄԱՆՆ Է ՀԱՆՁՆԵԼ 21.5 ՄԼՆ ԴՐԱՄ

Յուրաքանչյուր տարի Վարդան Հակոբյանը Արցախի պետական բյուջեից ստանում է հսկայական գումարներ և սեփական հայեցողությամբ օգտագործում այն։ Այսպես, 2009 թվականին ԼՂՀ պետբյուջեից Վարդան Հակոբյանի տնօրինությանն է հանձնվել 21.5 մլն դրամ։ Այդ թվում՝
- պետության համեստ միջոցներից Վ. Հակոբյանի ղեկավարած «ԼՂՀ գրողների միություն» հասարակական կազմակերպությանն է տրամադրվել 7.5 մլն դրամ,
- ԳՄ «Եղիցի լույս» պաշտոնաթերթին՝ 2 մլն դրամ,
- «Մուրացանի անվան օրեր» կոչվող միջոցառման համար՝ 1 մլն դրամ,
- Եղիշեի անվան մրցանակաբաշխության համար՝ 1 մլն դրամ,
- Գրահրատարակչությանը՝ 10 մլն դրամ։

Հիշեցնենք, որ մյուս հասարակական կազմակերպությունները պետբյուջեից ստանում են՝ կամ ոչինչ, կամ համեստ գումարներ։ Օրինակ, Արցախի զոհված ազատամարտիկների ծնողների միությունը անցյալ տարի բյուջեից ստացել է 3.5 մլն դրամ, միության ղեկավարն ընդամենը ստանում է 40 հազար դրամ աշխատավարձ, այն դեպքում, երբ նույն թվականին ԼՂՀ գրողների միությանն է տրամադրվել 10.5 մլն դրամ, միության ղեկավար Վարդան Հակոբյանը ստանում է նախարարական աշխատավարձ, իսկ նույն ԳՄ-ի պաշտոնաթերթում, ի պատասխան Արցախի մտավորականների նամակ-հոդվածի, ցինիկորեն հայտարարում. «Իսկ ինչո՞ւ նրանց թվում է, թե ԳՄ վարչության նախագահը արժանի չէ, որպեսզի նախարարի չափ աշխատավարձ ստանա»։

ԳՄ-ի խոհանոցից դուրս Արցախում հազիվ 10 մարդ գտնվի, որ ասի, թե արժանի է։ Սակայն խնդիրը դա չէ միայն. հասարակական կազմակերպության ղեկավարն ինչո՞ւ պիտի պետական բարձր պաշտոնյայի աշխատավարձ ստանա։ Այն էլ՝ գրողների միություն կոչվող «անվանապես հասարակական, իրականում՝ նեղ կորպորատիվ կազմակերպության» («Ազգ», 06.12.08)։

Հավելենք նաև, որ թե՛ անցյալ տարի, և թե՛ այս տարի պետությունը որևէ ոչ պետական, անկախ պարբերականի չի ֆինանսավորել, գրոշ անգամ չի տրամադրել։ Նրանց համար բյուջեում փող չկա։ Տեղական ճգնաժամ է, թե միջազգային, բյուջեում ճեղքվածք կա, թե ոչ՝ ԼՂՀ գրողների միության և նրա ղեկավարի համար մշտապես միլիոններ կա՛ն։ Մի ավելորդ անգամ հիշեցնենք, որ պետբյուջեն գոյանում է ժողովրդի, մեր՝ հարկատուներիս միջոցներից։

Աղքա՞տ երկիր ենք։ Նայած ում համար։ Բյուջեում փող չկա՞։ Նայած ում համար։

Մի առաջարկություն. տեղի ԳՄ-ն գուցե արտահերթ համագումար հրավիրի և որոշում կայացնի՝ ԳՄ նախագահի աթոռը ցմահ Վ. Հակոբյանին հանձնելու մասին, որպեսզի 25 տարի շարունակ այդ աթոռին կառչած Հակոբյանն իր «գահը» կարծեցյալ հարձակումներից պաշտպանելու համար այլևս ինտրիգներ չսարքի, գրողներին չլարի իրար դեմ, չզրպարտի, հանգիստ թողնի մարդկանց։ Միաժամանակ՝ նրա համար աշխատավարձ սահմանել՝ 700-800 հազար դրամի չափով, որպեսզի աչք չգցի այլ աղբյուրներից ու այլ ճանապարհով, այդ թվում՝ դիպլոմ վաճառելով, սեփական կաճառում «լուսավորություն տարածելու» պատրվակի տակ փող շինելուն...

«ՆԷ»



ԵՐԿՈՒ ԶՐՊԱՐՏԻՉ՝ ՆՈՒՅՆ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ

Ռոբերտ Եսայան անունով մի ճիվաղի ստորագրությամբ «Չորրորդ իշխանություն» թերթում զազրախոսություն-զառանցանք է տպագրվել իմ մասին: Անզեն աչքով անգամ երևում են հոգեկանի հետ լուրջ խնդիրներ ունեցող իրական հեղինակի՝ Արցախի գրողների միություն կոչվող պորտաբուծարանի ղեկավարի ականջները: Այնուամենայնիվ, այդտեղ արտառոց կամ զարմանալի ոչինչ չկա. վերջինս իր ողջ կյանքն այդպես է ապրել՝ ուրիշների ստորագրությամբ հերյուրանքներ սփռելով, մարդկանց իրար դեմ լարելով, աթոռի համար ամենայն սրբություն ոտնակոխ անելով և դեպ վեր ճանապարհ հարթելով իր համար...

Խնդիրն այստեղ նա չէ, այլ անձնական օգտագործման այն «թաշկինակը» (շատ մեղմ ասացինք), որի անունը Ռոբերտ Եսայան է: Սա, եթե մի կտոր արժանապատվություն ունենար, անմիջապես կբարձրաձայներ, որ ինքը չէ այդ զառանցանքի հեղինակը, որ նույնիսկ տեղյակ էլ չի եղել դրա գոյության մասին, միայն տպվելուց հետո է իր բոսը հարմար գտել տեղեկացնելու այդ մասին: Դե, իհարկե, չէր կարող ծպտուն հանել. մեջտեղ «հացի խնդիր» կա, տունուտեղ պահելու խնդիր կա: Համարձակությունը հերիքել է միայն իր բարեկամի մոտ խոստովանելու, որ զազրախոսության հեղինակն ինքը չէ, հետո է միայն իմացել այդ մասին...

Ինչ-որ է: Ամեն դեպքում ժողովրդական իմաստությունն առայսօր ոչ ոք չի «բեկանել», այն դեռ գործում է. «Նմանն զնմանը գտանի»... Երկուսն իրար արժանի են՝ ձև ու բովանդակությամբ և, կարծում եմ, իրենց լավ էլ զգում են նույն աղբամանում:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Այս համարով «Նոր էջը» դադարեցնում է Վարդան Հակոբյանի մասին հրապարակումներ տպագրելը։ Նրա անունն այլևս տեղ չի գտնելու այս թերթում։

N4, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՆԱԽ ԻՆՔՆԵՐՍ ՀԱՐԳԵՆՔ ՄԵԶ 

Մի քանի ամիս է մամուլում, առավելապես հայկական, շարունակվում են քննարկումները՝ ապրիլի 24-ին Բարաք Օբաման հավատարիմ կմնա՞ իր խոստմանը, կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Քանզի վաղուց սովորական է դարձել՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկյան նախագահները խոստանում են, որ նախագահ ընտրվելուց հետո անպայման կճանաչեն անցյալ դարի առաջին մեծ ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը: Սակայն, բազմելով նախագահական գահին, «մոռանում են» իրենց խոստումը: Տարբեր կարծիքներ, ենթադրություններ են արվում, քաղաքագետ թե պատմաբան, հասարակական գործիչ թե անգործ քաղաքացիներ ծանրութեթև են անում «այո»-ի և «ոչ»-ի նժարները, վերլուծում քաղաքական վերջին զարգացումները...

Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե ես միանգամայն անտարբեր եմ այդ հարցի նկատմամբ, սակայն ինձ այլ, ոչ պակաս կարևոր հարց է հուզում՝ Արցախը կարժանացնե՞նք Արևմտյան Հայաստանի, Ղարսի, Արդահանի, Նախիջևանի ճակատագրին, որպեսզի հետո ողբանք Հայրենիք, Հայոց հող կորցնելու համար, թե՞ դարավոր մեր պատմության ընթացքում գոնե մի անգամ մինչև վերջ տեր կկանգնենք Հայրենի հողում ապրելու մեր իրավունքին:

Թող այս անգամ էլ ամերիկյան հերթական նախագահը տեր չկանգնի իր խոստմանը: Աստված իր հետ: Թող եվրոպական ինչ-որ պետության սենատում այս անգամ անհրաժեշտ ձայներ չհավաքվի՝ ցեղասպանության ճանաչման օգտին: Բայց թող որ այս անգամ, գոնե մի անգամ մեր ժողովուրդը տեր կանգնի իր Երկրին ու Ապրելու իրավունքին: Թող որ այսօրվա ավագ սերունդը հանգիստ խղճով, առանց ավելորդ երկյուղի ապրի իր բաժին կյանքի վերջին տարիները, օրերն ու ժամերը, համոզված, որ իր զավակները, թոռներն այլևս հայրենի օջախ չեն կորցնելու:
Իրենց նախնիների և իրենց շիրիմներն անտեր չեն մնալու...

Եկեք այսօր այդ մասին խորհենք: Մտածենք, տեսնենք ինչ պետք է անել, որպեսզի կրկին Կենաց ծառ չգլխատվի Հայոց լեռներում: Դրա համար պետք է հզոր երկիր ստեղծել, այնպես անել, որ ոչ թե երկիրը անվանվի անկախ, այլ այդ երկրի քաղաքացին իրեն զգա ազատ ու անկախ, և իրեն զգա իր հող ու ջրի Տերը՝ թե Հայաստանում, թե Արցախում: Առաջին հերթին պիտի մենք ինքներս հարգենք մեզ ու մեր երկիրը:

Այդժամ աշխարհը կհարգի մեզ: Թշնամին, հակառակորդն անգամ կհարգի մեզ: Թեկուզ դա պայմանավորված լինի վախով: Այդժամ աշխարհը կճանաչի նաև Հայոց ցեղասպանությունը:

N5, 2009



ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՎԵԼ 

Անցած ամսում կարևոր և ոչ կարևոր շատ անցուդարձեր են կատարվել Արցախում և աշխարհում: Արտաքին աշխարհը թողնենք իր հոգսերի հետ, խոսենք մեր փոքրիկ երկրամասի խնդիրներից: Այս անգամ՝ թեթևակի անդրադառնանք «օրենքներին»: Անհիշելի ժամանակներից մարդիկ օրենքներ են ստեղծել իրենց իրավունքների, պարտականությունների, պարտավորությունների, իրար նկատմամբ ունեցած հարաբերությունների ու բազում այլ նմանատիպ բաների մասին և առաջնորդվել դրանցով: Ովքեր խախտել են դրանք՝ այդ օրենքները, պատասխանատվության են ենթարկվել, ամենաթեթևից ամենածանր պատիժներ կրել: Այդպես՝ հինավուրց ժամանակներից մինչ այսօր:

Իրենց «օրենքներն» ունեն թե զարգացած, թե կիսազարգացած, թե հետամնաց ու կիսահետամնաց երկրները, անգամ ռասիստական ու բռնատիրական երկրները: Այս կամ այն երկրի «Օրինաց ժողովածուով» կարելի է պատկերացում կազմել տվյալ երկրի քաղաքակրթության, բարոյական կերպի և այլ հատկանիշների մասին: Չնայած գեղեցիկ ու հոյակապ օրենքների ժողովածու ունենալը դեռևս շատ քիչ է քաղաքակիրթ երկիր կոչվելու համար, քանզի այդ օրենքները կարող են շքեղ հրատարակել և որպես գեղեցիկ ցուցանմուշ պահ տալ թանգարաններին: Ասել է թե՝ չօգտագործել կյանքում...

Մենք էլ ունենք մեր երկրի՝ ԼՂՀ կամ պարզապես Արցախ-Ղարաբաղ կոչվող մեր պետության օրենքները: Թե ոնց ենք այն ստեղծել, ինքներս ենք ստեղծե՞լ, թե՞ Հայաստանից ենք փոխառել՝ ՀՀ-ն դարձնելով ԼՂՀ, դա այլ հարց է և այս պահին այնքան էլ էական չէ: Վերջին հաշվով՝ ղազախներից, բուշմեններից կամ ազերիներից չենք փոխառել, այլ մեր հարազատ հայրենակիցներից: Չենք ուզում խոսել նաև այն մասին, որ մեզանում դեռևս հստակեցված չէ՝ օրենքները ստեղծել ենք մարդկանց ծառայեցնելու համա՞ր, թե մարդիկ ծնվում-ստեղծվում են, որպեսզի ծառայեն օրենքներին...

Նեղացնենք թեմայի շրջանակը: Խոսենք «օրենք» խախտելու մասին, ավանդույթ, որ մեզանում բարգավաճում է: Ոմանց, հատկապես բարձր աստիճանավորներին, հաճախ թվում է, թե մեր այս կամ այն օրենքը միայնումիայն նրա համար է, որ խախտեն: Ամենասովորական-առօրեական օրենքներից սկսած մինչև այնպիսիք, որոնց առնչվում ենք հազվադեպ, առիթից առիթ:

Ահավասիկ. պետավտոտեսուչը սովորական մի «Ժիգուլի» կանգնեցրել, ավտովարորդին երկար-բարակ բացատրում է, որ նա, ասենք, նախատեսվածից արագ է վարել ավտոմեքենան: Այդ պահին սև ապակիներով արտասահմանյան շքեղ սև մի «բզեզ» սուրալով անցնում է նրանց մոտով, հետևից նմանատիպ մի այլ ավտոմեքենա, իսկ ավտոտեսուչը «չի նկատում», որովհետև ղեկի մոտ նստածները խոշոր տրամաչափի ինչ-որ չինովնիկի զավակներ են, թոռը, հորեղբոր որդին, բաջանաղի աներձագը կամ հեռավոր մի ազգական, ովքեր չգրված նոր օրենքով՝ օրենքից դուրս են: Երթևեկության տվյալ օրենքը կամ մյուս այլ օրենքները նրանց համար չեն:

Անցած ամսում, սակայն, ինձ համար ամենատպավորիչը «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքի խախտումն էր: Խախտողը՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը: Ինչո՞ւ է տպավորվել: Որովհետև տիկին նախարարուհին մի այնպիսի հավեսով էր խախտում այդ օրենքը, ասես, թքած ունի դրա վրա: Արցախի հանրային հեռուստատեսությունը տևականորեն ցուցադրում էր տիկին Վարդանյանի հանդիպումը ուսանողների, որքան հասկացա, ապագա քաղաքաշինարարների հետ: Հանդիպման ողջ ընթացքում նախարարուհին խոսում էր միայն ռուսերեն, անգամ հայերենով տրված ուսանողների հարցերին պատասխանում էր ռուսերեն: Հետո ի՞նչ, որ մայրաքաղաքի տարբեր շենքերի ճակատներից «Լեզվի տեսչությունը հիշեցնում է, որ ԼՂՀ-ում պետական լեզուն հայերենն է»:

Ըստ իս, տիկին Վարդանյանին և նրանց, ովքեր մինչ այդ նույն հաջողությամբ խախտել են «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքը, թվում է, թե խելոք երևալու, դիմացինին ու ընդհանրապես հանրությանը զարմացնելու ամենաարդյունավետ եղանակը օտար լեզվով խոսելն է: Տպավորությունը միանգամայն հակառակն է: Հատկապես երբ մեր չինովնիկների մի ստվար մասը շատ համեստ կենսագրություն ունի: Էլ չեմ խոսում մտավոր կարողությունների մասին: Նույն հաջողությամբ նախարարուհին կարող էր խոսել նաև օտար մի այլ լեզվով՝ չինարեն, արաբերեն կամ աֆրիկյան մգուբու ցեղի լեզվով: Ընդհանրապես տարբեր լեզուներ իմանալը ողջունելի է, բայց երբ մարդ չգիտե իր մայրենին, առավել ևս՝ այն երկրի ու պետության լեզուն, որտեղ բարձր պաշտոն է զբաղեցնում, դա, եթե շատ մեղմ ձևակերպենք՝ նաև օրենքի խախտում է:

Ի դեպ, կամա թե ակամա, նույն օրենքը խախտող մյուս կողմը Արցախի հանրային հեռուստատեսությունն է: Նա միանգամայն հանգիստ կարող էր «խոտանել» այդ ռեպորտաժը, կամ ներկայացնել միայն մեր պետական, մեր մայրենի հայոց լեզվով:
Հարգելիներս, տիկնայք և պարոնայք չինովնիկներ, խնդրում եմ, ձեռնպահ մնացեք օրենքներ խախտելուց, հատկապես «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքը ոտնատակ տալուց: Վատ օրինակ մի ծառայեք ժողովրդին: Էլ ինչի՞ համար ենք պայքարել, հազարավոր հայորդիների արյուն հեղել: Ակամայից հիշեցի պոլյանիչկո-սաֆոնովյան ռադիոն՝ «ԳԱՎԱՐԻՏ ՍԾԻՊԱՆԱԿԵՐՏ»...

Ի՞նչ տարբերություն՝ ազգությունդ, ինքնությունդ, արմատներդ կորցնելով՝ ռո՞ւս ես դառնում, անգլիացի՞, ուզբեկ թե՞ թուրք-ազերի: Արցախյան ազգային-ազատագրական գոյապայքարի տարիներին ոչ ոք այսպիսի խնդիր չի դրել՝ թուրքը վատն է, մենք ուզում ենք ռուս կամ իտալացի դառնալ: Մենք հայ ենք և մեր երկիրը կոչվում է Հայաստան: Ֆրանսիացին իր երկրում խոսում է ֆրանսերեն, ճապոնացին՝ ճապոներեն, հույնը՝ հունարեն: Եկեք կրկին Ամերիկա չհայտնագործենք, հատկապես, երբ այն վաղուց է հայտնագործված:

N5, 2009



ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ՝ «ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ» 
ԿԱՄ՝ ՎԵՐԵԼՔՆԵՐԻՑ ՍՐԸՆԹԱՑ ՎԱՅՐԷՋՔ 

Այսօր նայելով Ստեփանակերտի դատարկ նստատեղերով կենտրոնական մարզադաշտին, դժվարությամբ ես պատկերացնում, որ 20-30 տարի առաջ այնտեղ վարպետ թիմեր էին խաղում, իսկ տրիբունաները լեփլեցուն էին բազմահազար մարզասերներով: Հավատդ չի գալիս, որ այսօր տարվա առնվազն 365 օրը դատարկ մարզադաշտը տասնամյակներ առաջ փոթորկվում, հուզվում, տխրում կամ ուրախանում էր հազարավոր մեր հայրենակիցների ձայներից:
Այդ ամենն այսօր հեռավոր անցյալ է թվում, մոռացված երազ: Մինչդեռ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտի կանաչ խոտածածկի վրա այդ տարիներին Արցախի թիմի կազմում խաղում էին կաշվե գնդակի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են ԽՍՀՄ չեմպիոն և ֆուտբոլի գավաթակիր Հովհաննես Զանազանյանը, Սուրեն Մարտիրոսյանը, սպորտի վարպետներ և ճանաչված ֆուտբոլիստներ Ռազմիկ Պետրոսյանը, Գագիկ Ծատրյանը, Կառլեն Սիմոնյանը, Բենիամին Բաբայանը, Վալերի Հայրիյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Վլադիմիր Պետրոսյանը, Սլավա Գաբրիելյանը, Լեոնիդ Հովհաննիսյանը, Վարուժան Բաբայանը, Պողոս Գալստյանը և այլք:

Այս տարի լրանում է քաղաքային մարզադաշտի ստեղծման 40 տարին: 1969 թվականին մարզադաշտի բացման արարողությանը ներկա էր մոտ 15 հազար հանդիսական, և այդ թվականից սկսած այն դարձել էր յուրօրինակ կենդանի օրգանիզմ, որ շնչում, ապրում էր հայրենի մարզիկների հաջողություններով, տխրում՝ անհաջող ելույթներից...

1977 թվականին արցախյան ֆուտբոլի նվիրյալ սպորտի վարպետ Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ «Ղարաբաղ» թիմը դարձավ Ադրբեջանի չեմպիոն: Այդ առթիվ «Սովետական Ղարաբաղ» թերթի հոկտեմբերի 20-ի համարում հայրս՝ նշանավոր գրող, ֆուտբոլի և մեր թիմի մեծ բարեկամ Վազգեն Օվյանը գրել է. «Այս հոբելյանական տարում «Ղարաբաղը» իսկապես ցուցադրեց գեղեցիկ ֆուտբոլ: Մեր մարզիկները միշտ էլ խաղադաշտ մտան հաղթելու կամքով, ձգտումով, ցանկությամբ և բերկրանքի շատ հաճելի պահեր պարգևեցին իրենց երկրպագուներին: Բավական է թեկուզ այն փաստը, որ հանրապետության նոր չեմպիոնը 25 հանդիպումներից շահել է 20-ը, երկու խաղ ավարտել խաղաղ ելքով, կրել միայն երեք պարտություն: Այն, որ թիմն իր մրցակիցներին 10 անգամ հաղթել է խոշոր հաշվով, խփել 69 և սեփական դարպասով բաց թողել 11 գնդակ, շատ բան է ասում»:
Այդ թվականից «Ղարաբաղը» մասնակցում էր ԽՍՀՄ վարպետ թիմերի երկրորդ խմբի առաջնությանը: 1979 թվականին գրավել է 3-րդ, 1981-ին՝ 4-րդ տեղը:

88-ին սկսվեց Արցախյան շարժումը, մարզահրապարակներից, շինհարթակներից, գործարաններից ու գյուղական դաշտերից ժողովուրդը տեղափոխվեց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ: Սկսվեց Արցախի ազգային-ազատագրական գոյապայքարը: Սպորտը, ֆուտբոլը մնաց երկրորդ, երրորդ պլանում ու մոռացվեց: Հասկանալի պատճառներով մեր թիմին թույլ չէին տալիս խաղեր անցկացնելու սեփական հարկի տակ:

1992-ին, պատերազմի տարիներին, ԼՂՀ պաշտպանության բանակին կից ստեղծվել է բանակի մարզական ակումբ՝ ԲՄԱ «Երազանք» անվամբ: Թիմի պետ է նշանակվել Կառլեն Սիմոնյանը, գլխավոր մարզիչ՝ Էդիկ Բաղդասարյանը: Ակումբի ստեղծմանը մեծապես օժանդակել է Սամվել Բաբայանը, ֆինանսական կարիքներն ամբողջությամբ հոգում էր ԼՂՀ պաշտպանության բանակը: Նույն թվականին մեր թիմը ընկերական հանդիպումներ է անցկացրել Հայաստանի չեմպիոններ «Շիրակի» և «Փյունիկի» հետ: 1993 թվականից Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցած «Երազանքը» երկու տարի անց վերանվանվեց ԲՄԱ «Ղարաբաղ»: 1995-ից մինչև 2003 թվականը ԲՄԱ ակումբի նախագահը Կառլեն Սիմոնյանն էր, որին 2002-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչի կոչում:

2001 թվականին «Ղարաբաղ» թիմը դարձել է 2-րդ Համահայկական խաղերի չեմպիոն (գլխավոր մարզիչ՝ Սլավա Գաբրիելյան): Մինչև 1999 թվականը ղարաբաղյան ֆուտբոլային ակումբները մասնակցել են ՀՀ բարձրագույն և առաջին խմբերի առաջնություններին, իսկ «Երազանք» թիմը՝ ՀՀ պատանիների խմբի առաջնությանը: Այդ թվականից ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հարաբերությունների սրման պատճառով բանակն այլևս չի ֆինանսավորել ակումբին: Մինչև 2002 թվականը հովանավորությունն իրենց վրա են վերցրել սկզբում Սերժ Սարգսյանը, ապա՝ Միքայել Բաղդասարովը: 2002-ին հիմնադրվել է «Հայկ» ֆուտբոլային ակումբ ՓԲԸ-ն, որի տնօրեն է նշանակվել Հայկ Ջավադյանը, իսկ հիմնադիրները շվեյցարահայ Հրաչ Կապրիելյանն ու Վարդան Սրմաքեշն էին: Թիմը վերանվանվել է «Լեռնային Արցախ»: Այդ ժամանակ Հայաստանի առաջնություններին մասնակցում էին արցախյան չորս թիմեր՝ մեկական բարձրագույն և առաջին խմբերում, երկու թիմ էլ մասնակցում էր պատանեկան խմբերի առաջնությանը:

2003 թվականից հովանավորների և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի միջև վեճեր ու ինտրիգներ են սկսվում, որի զոհը դառնում է արցախյան թիմը: Հովանավորների պահանջով թիմը հրաժարվում է մասնակցել Հայաստանի առաջնությանը: Ակումբի նախագահ Կառլեն Սիմոնյանը, որ դեմ էր այդ որոշմանը, հովանավորների հրահանգով ազատվում է պաշտոնից: Այդ թվականից ՀՀ վաստակավոր մարզիչ Կ. Սիմոնյանը փաստորեն անգործ է: Մեր ֆուտբոլի մյուս վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ Էդիկ Բաղդասարյանը ստիպված տեղափոխվել է Երևան և մարզում է հայաստանյան ակումբներից մեկը:

Հակասությունները հովանավորների և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջև շարունակվել են մինչև 2006 թվականը: Արդյունքում՝ 2003-ին արցախյան ոչ մի թիմ չի մասնակցել ՀՀ առաջնություններին, 2004-ին մեկական թիմ մասնակցել են առաջին խմբի և պատանիների խմբի առաջնությանը: 2005-ին Ղարաբաղը ներկայացնող միակ թիմին, վերոհիշյալ կոնֆլիկտի պատճառով, առաջին խաղաշրջանից հետո արգելվել է շարունակել մրցապայքարը ՀՀ առաջին խմբում: 2007-ին ՀՀ ֆուտբոլի առաջնություններին մասնակցում էր միայն պատանեկան մի թիմ, որն էլ 4-րդ Համահայկական խաղերում դարձել է չեմպիոն (գլխավոր մարզիչ՝ Սլավա Գաբրիելյան): Այդ թվականից առայսօր Հայաստանում ղարաբաղյան ֆուտբոլը ներկայացնում է միայն պատանեկան այդ թիմը:

Սույն թվականին ստեղծվել է ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կազմ: Նախագահ է ընտրվել ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը: Ֆեդերացիայի կազմում են արցախյան ֆուտբոլի վետերաններ ու նվիրյալներ Ռազմիկ Պետրոսյանը, Կառլեն Սիմոնյանը, Սլավա Գաբրիելյանը, Բենիամին Բաբայանը, Վալերի Հայրիյանը... Դիմում է ներկայացվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային՝ առաջին խմբի և պատանեկան խմբի առաջնություններին մասնակցելու համար: Թիմը մեկնել է Արարատ քաղաք՝ ուսումնամարզական հավաքի, անցկացրել նախապատրաստական խաղեր... Ետ վերադառնալուց պարզվել է, որ մեր ակումբը չի մասնակցելու ՀՀ առաջնությանը: Փոխարենը մասնակցելու է Արցախի առաջնությանը:

Այստեղ ավարտվում է ղարաբաղյան Մեծ ֆուտբոլի պատմությունը: Փաստորեն այն արդեն ավարտվել էր 2002-ին, սակայն անտարբերության և անհոգության ծովում խեղդվողի պես փորձում էր կառչել ինչ-որ բանից ու ափ դուրս գալ: Արդյունքում՝ այսօր ունենք այն, ինչ ունենք: Այսինքն՝ ոչինչ: Խոսքը ղարաբաղյան ֆուտբոլի մասին է: Եվ ոչ միայն ֆուտբոլի...

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

«Մենք ծանր ու դաժան պատերազմ ապրեցինք, ազատագրեցինք մեր երկիրն ու այսօր պետություն ենք կառուցում: Սակայն, ցավոք, շատ ու շատ հարցերում մենք ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ենք ապրում: Այդ թվում և՝ հատկապես ֆուտբոլային կյանքում: Մտահոգիչն այն է, որ մենք տասնամյակներ առաջ հանդես ենք եկել ԽՍՀՄ ֆուտբոլի Ա խմբի առաջնություններում և հաղթել վարպետ այնպիսի թիմերի, ինչպիսիք Երևանի «Արարատն» է, Բաքվի «Նևֆտչին», «Դինամոն» և այլ թիմեր, իսկ այսօր, ունենալով պետական անկախություն, հանդես ենք գալիս ֆուտբոլի փողոցային առաջնություններում, հաղթում և ուրախանում: Դա արդեն ֆուտբոլ չէ, դա ֆուտբոլի տապալում է, որ խորը հիասթափություն է առաջացնում թե ֆուտբոլասերների և թե ֆուտբոլիստների ու ընդհանրապես՝ մարզասերների մոտ: Իմ մեջ շարունակ ապրել է այն հույսը, որ ազատագրված ու անկախ Արցախը կրկին կվերապրի անցած-գնացած, մարզասերների համար երջանիկ հուշ դառած ֆուտբոլային հաղթարշավը»,- այս տողերը վերցրել եմ Ռազմիկ Պետրոսյանի երկու տարի առաջ հրատարակված գրքից՝ նվիրված «Ղարաբաղ» թիմը Ադրբեջանի չեմպիոն դառնալու 30-ամյակին:

Ցավալի է, բայց փաստ է՝ ապրելով Ադրբեջանի բռնատիրության տակ, մենք ունեինք Ֆուտբոլ (ինչպես ունեինք Մշակույթ, Գյուղատնտեսություն, Արդյունաբերություն և այլն) և այն շարունակում էր ծաղկում ապրել: Այսօր Ադրբեջանն այլևս «խաղից դուրս է» մեզ համար: Այսօր մենք ունենք նորանկախ մեր պետությունը: Աբսուրդ է, բայց այսօր մեր անկախ երկրում «խաղից դուրս» վիճակում է հայտնվել ֆուտբոլը: 1992-ից ի վեր արցախյան ֆուտբոլային ակումբները հայաստանյան առաջնություններին մասնակցում էին «տնփեսա»-ի կարգավիճակով: Այդ թվականից Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում այլևս վարպետ թիմերի ֆուտբոլային հանդիպումներ չեն կայանում: Արցախցի ֆուտբոլասեր հանդիսատեսը զրկված է «բնօրինակով» ֆուտբոլային խաղ դիտելու հնարավորությունից: Այս հարցում ևս նա «գործազուրկ» է:

Այս ամենին նպաստել են նաև ՀՀ իշխանությունները՝ իրենց թիմերին իրավունք չտալով հյուրընկալվելու Արցախում: «Միջազգային հանրությունն ու Ադրբեջանը շատ խիստ կնեղանան, չէ՞ որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ»,- թերևս այսկերպ են մեկնաբանում իրենց պարտվողական, ամոթալի դիրքորոշումը... անգամ ղարաբաղյան ֆոտբոլի հարցում: Մինչդեռ Աղդամ ու Ղարաբաղ չունեցող Ադրբեջանը վաղուց ֆուտբոլային ակումբ ունի՝ «Ղարաբաղ-Աղդամ» անվամբ, որը մասնակցել է ԱՊՀ երկրների չեմպիոնների առաջնությանը և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերին:

Այս անգամ մեր թիմը զրկվել է Հայաստանի վարպետ թիմերի հետ հանդիպելու հնարավորությունից: Մասնակցել Արցախի առաջնությանը, նշանակում է առնվազն 50-60 տարով հետ գնալ և ամեն ինչ սկսել զրոյից: Հետաքրքիրն այն է, որ 40 տարի առաջ Ադրբեջանի կազմում գտնվող Արցախի ֆուտբոլային թիմը հանդիպումներ էր ունենում փաստորեն, այսօրվա իրողությամբ, արտասահմանյան պետությունների՝ Ռուսաստանի, Մերձբալթյան և այլ երկրների վարպետ թիմերի հետ, 1992-ից այդ հանդիպումների շրջանակը նեղացավ, դարձավ միայն Հայաստանի առաջնություն, իսկ այսօրվա դրությամբ մասնակցելու է միայն, այսպես կոչված, Ղարաբաղի ֆուտբոլի առաջնությանը: Ասել է թե՝ թաղային մակարդակի խաղերի: Կառլեն Սիմոնյանն ասում է, որ վերևում պատճառաբանում են, թե ֆինանսական հնարավորությունները սուղ են: «Ֆինանսական հնարավորություններ չկան, թող կրճատեն իրենց սպասարկող մերսեդեսների ու ջիպերի թիվը, կրճատեն արտասահմանյան ուղևորությունները»,- ասում է Կ. Սիմոնյանը:

Համոզված եմ՝ եթե վերջին այս 15 տարում կարողանայինք Արցախում «Ղարաբաղ» անվամբ վարպետ մի թիմ ստեղծել (ինչպես ժամանակին մեր թիմն էր՝ հայ ֆուտբոլի աստղեր Հովհ. Զանազանյանով և Սուրեն Մարտիրոսյանով) և դիվանագիտորեն ճանապարհ բացեինք դեպի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերը, ապա այն մեր երկրի միջազգային ճանաչման համար շատ ու շատ ավելին կաներ, քան այսօր անում են աշխարհի տարբեր քաղաքներում գլուխ պահող մեր, այսպես կոչված, ներկայացուցիչներն ու բազում այլ անգործ չինովնիկները՝ միասին վերցրած: Եվ դա շատ ավելի էժան կնստեր մեր երկրի վրա:
Մնաս բարով, ղարաբաղյան ֆուտբոլ...

N5, 2009



ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԿՆԱՅԻՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 

Ուրախ լուրը կայծակի արագությամբ տարածվեց մայրաքաղաքում ու ողջ հանրապետությունում. քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու հարցերով զբաղվելու է հենց ինքը՝ տեր Աստված, որ օդանավի հատուկ չվերթով իջել է երկիր, այսինքն՝ մայրաքաղաք, և հրեշտակների ու գլխավոր հրեշտակապետի ուղեկցությամբ բազմել կառավարական շենքի ամենավերին հարկում:

Քաղաքի ծայամասերից մարդկանց հերթը ձգվում էր դեպի Կենտրոնական հրապարակ, այնտեղից՝ դեպի կառավարական շենք: Քաղաքացիները մեկ-մեկ մտնում են Աստծո մոտ և, մի քանի րոպե հետո, համապատասխան նշանակում ստանալով, ուրախ-զվարթ դուրս գալիս այնտեղից:

- Որդյակ, ի՞նչ մասնագիտություն ունես,- փառավոր բազմած ինքնաթիռով իր հետ բերած աստվածային գահին, հրեշտակներով շրջապատված, հերթական այցելուին հարցրեց Երկնայինը:
- Սովետի տարիներին խանութում մսագործ եմ աշխատել,- պատասխանեց այցելուն:
- Նախարարություններից մեկում այսօրվանից գլխավոր խորհրդական ես աշխատելու,- ասաց Աստված:- Հաջորդը...

Ներս մտավ գեղեցիկ մի օրիորդ:
- Բալիկ ջան, դու ի՞նչ մասնագիտություն ունես:
- Մասնավոր մի համալսարանից դիպլոմ եմ գնել, բայց, ճիշտն ասած, մոռացել եմ նայել, թե մեջն ինչ է գրված:
- Մի բարձր պաշտոնյայի մոտ քարտուղարուհի կաշխատես: Պետիդ համար թեյ ու սուրճ կսարքես, ժամանակին ծաղիկները ջրես, հեռախոսազանգերին պատասխանես...

- Պարոն աստված, դա հին ժամանակներում էր, որ ինձ նմանները քարտուղարուհու պաշտոնով գոհանում էին: Կարծում եմ՝ իմ արտաքին և ներքին տվյալներով ավելի պատասխանատու պաշտոնների եմ արժանի,- բորբոքված ասած օրիորդը:
- Հը՜մ,- Երկնայինը քթի տակ ժպտաց:- Ղեկավարական նոր հաստիք է ստեղծվել, առայժմ հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու: Բայց դա կարևոր չէ: Այսօրվանից արտասահմանյան թանկարժեք սև ավտոմեքենայով ես շրջելու:

Հաջորդ այցելուն միջին տարիքի միջահասակ մի տղամարդ էր:
- Որդյակ, գիտե՞ս ինչ ասել է՝ քաղաքականություն,- հարցրեց Աստված:
- Հա, երբ պետության փողերով տարբեր քաղաքներ են ման գալիս: Ի դեպ, ասեմ, որ մի տասնհինգ տարի եղել եմ խոպանում՝ ռուսական տարբեր քաղաքներում...
- Հիանալի է: Արտգործնախարարությունում մի փափուկ պաշտոն կձևակերպենք քեզ համար:

Հաջորդ այցելուն թափանցիկ կարճ շրջազգեստով մի օրիորդ էր: Աստված ակնոցի վերևից զարմացած նայեց նրան.
- Այ աղջիկ, էդ ստրիպտիզ-բարից ես գալի՞ս:
- Կան անհատներ, որոնք վճռորոշ դերակատարություն են ունեցել Տիեզերքի ստեղծման ու կերտման առումով: Նրանք պատվարն են մեծ արարումի, առանց որի անիմաստ ու թերարժեք է Երկիր մոլորակի ճակատագիրը: Այդ վսեմ անհատը Դուք եք՝ ո՜վ Մեծ արարիչ:

Աստված ակնոցի վրա մի այլ ակնոց դրեց ու զարմացած նայեց օրիորդին:
- Հա՜, դերասանուհի ես:
- Բանաստեղծություններ եմ գրում, բայց եթե մեղմ երաժշտություն միացնեք, կարող եմ Ձեզ համար, ոտանավորներ արտասանելով, թեթևասահ պարել: Եթե գտնեք, որ վեհատես շարժումներիս շորերս խանգարում են, կարող եմ...
- Չէ, չէ,- Աստված վեր թռավ տեղից,- միայն թե չհանվես: Ի՞նչ պաշտոն ասես, էս պահին հրամանը կգրեմ,- ապա արագ-արագ ինչ-որ բան գրեց ու մեկնեց օրիորդին:

Երբ օրիորդը դուրս եկավ, Աստված վերնաշապիկի վերին կոճակները բացեց.
- Օ՜ֆֆ, լավ պրծա, թե չէ ինձ անկողին էր քարշ տալու...
Դուռը կամաց բացվեց, շեմքին երևաց ամոթխած մի պարոն: Աստված վախեցած նայեց նրան.
- Դո՞ւ էլ ես պոետ:
- Չէ, գրել-մրել չեմ սիրում, բայց ես կարող եմ մի քանի ժամ անընդմեջ ծափահարել,- ասաց տղամարդը և գլուխ տվեց:
- Հրաշալի է,- Երկնայինը աշխույժ շփեց ձեռքերը,- հենց առաջին հայացքից ինձ դուր եկար: Այսօրվանից պատգամավոր ես...

Հաջորդ այցելուն անորոշ տարիքի մի կին էր:
- Որդյակ իմ, դու ի՞նչ փեշակ ունես:
- Աստված ջան, ցավդ տանեմ, տառերը լրիվ չգիտեմ, բայց իմ անուն-ազգանունը գրելիս ընդամենը չորս սխալ եմ անում...
- Հա՜, դա լավ է,- Երկնայինը կրկին վերագտավ իրեն, ծխախոտ վառեց և բերանից ծխի օղակներ բաց թողեց,- լավ, որ ընդամենը չորս սխալ ես անում, ուրեմն ազատ կարող ես գլխավոր մասնագետ աշխատել նախարարություններից մեկում: Հաջորդը...

Նոր այցելուն շողոքորթ ժպիտը դեմքին, անգույն մի տիպ էր:
- Որդյակ, դու ո՞վ ես:
- Ձերդ աստվածային պայծառաճաճանչություն, ես գրող եմ, լրագրող եմ:
- Ինչի՞ մասին ես գրում:
Այցելուն քծնանքով ծալծլվեց.
- Ձերդ արևափայլություն, ոչ թե «մասին», այլ «դեմ» եմ գրում: Ինձ վճարում են, իսկ ես զրպարտություններ ու հայհոյանքներ եմ գրում ինձ վճարողների հակառակորդների դեմ...
- Եվ էդ հացը ուտվո՞ւմ է... Քեզ նման էլի կա՞ն,- Աստված զզվանքով դեմքը շուռ տվեց:

Այցելուն աշխուժացավ.
- Հա, շատ են, շրջաններում, գյուղերում էլ կան, բայց այս պահին երեքով էինք, երկուսը դռան մոտ սպասում են:
- Ասա, թող նրանք էլ մտնեն...
- Որտե՞ղ մտնեն, Տիեզերափայլ:
- Ախմախ, ասա, թող ներս գան:

Ներս մտան երկու հոգի: Վիզը ծուռ նրանցից մեկը հուղարկավորի տեսքով մոտեցավ, ծունկ չոքեց Աստծո առաջ, ուզում էր աջը համբուրել, Տիրակալը ձեռքը ետ քաշեց ու հարցրեց.
- Որդյակ, էդ մեռելատնից ես գալի՞ս: Ցավակցում եմ:
- Շնորհակալություն,- այցելուն հոգու խորքում ուրախացավ, որ իրեն խղճում ու ցավակցում են:- Տեր իմ, Ձեր մասին պոեմ եմ գրել, բայց հովանավորներ չեմ գտնում՝ դրանք տպագրելու համար:

Երկնայինը գրպանից մի կապ թղթադրամ հանեց ու մեկնեց նրան.
- Վերցրու, քեզ եմ տալիս մի պայմանով, որ պոեմդ չտպագրես,- ապա դիմեց մյուս երկուսին.- չէ՜, դուք շատ եք առաջ անցել ձեր նախապապ Հուդայից... Էս ո՞ւր եմ ընկել, օ՜ֆֆ... Հրեշտակապետ, ո՞ւր ես բերել ինձ, սա ի՞նչ դժոխք է: Սավառնակը գործի գցիր, թռչում ենք վեր...

N5, 2009



«ՆՈՐ ԷՋ»-ԻՑ՝ ՆՈՐԻԿԻՆ ԿԱՄ՝ ՀԱՂՈՐՏԵՑԻ ՄԻ «ԿԵՆԴԱՆԻ ՄԵՌԵԼԻ» 

Գործդ լավ ես կատարում: Կենդխուրդի «սուպերմարկետներում» այլևս թանաք, ներողություն, օճառ չես թողել: Ամենաստոր ու քստմնելի հնարքներով օրվա հաց վաստակելու բնույթդ չես փոխել: Եթե մի անգամ էլ զոռ տվիր զազրախոսություններիդ ու զրպարտագրեր թխեցիր, դարձյալ քո մեծագլուխ տիրոջն եմ խփելու: Հա, չմոռանամ, ինչպես ասում են՝ հողը թեթև լինի խղճիդ, եթե, իհարկե, այդ «ապրանքից» մեջդ դեռ մի կտոր մնացել է: Սակայն խիստ կասկածում եմ: Ամեն դեպքում՝ հոգով կուզին գերեզմանն էլ չի ուղղի:

N5, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԱՐԺԵԶՐԿՈՒՄ, ՄԱՐԴԿԱՆՑ «ԻՆՖԼՅԱՑԻԱ» 

Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա և Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ պետական բարձրագույն պարգևներ շնորհվեցին բազմաթիվ անձանց: Բարձր պարգև՝ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ շնորհվեց կանադահայ բարեկամիս՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին:

Երկակի զգացումներ են պարուրել ինձ: Մի կողմից՝ ուրախ եմ, անկեղծորեն ուզում եմ շնորհավորել Արցախի մեծ բարեկամին, որ մեր լեռնաշխարհից հազարավոր կիլոմետրեր հեռու, օտար մի երկրում, առողջական պրոբլեմները մի կողմ դրած, հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում է Արցախին օգնելու համար, բարեգործական բազում ծրագրեր է կյանքի կոչել, այժմ էլ նրա նախաձեռնությամբ նոր, հարմարավետ կրթօջախներ են ստեղծվում մեր երկրամասի տարբեր բնակավայրերում:

Մյուս կողմից՝ ինչպե՞ս շնորհավորես, երբ վերջին 15 տարում այդ մեդալից հաջողացրել են ձեռք գցել մարդիկ, ովքեր իրենց գիտակցական ողջ կյանքում ոչ միայն մի լավ բան չեն արել այս երկրի համար, այլև տզրուկի պես միայն ուրիշների վաստակն են սեփականել, իրենց, ընտանիքի ու մերձավորների համար փափուկ աթոռներ ձեռք գցել: Եվ ջանք չեն խնայել՝ քծնել-շողոքորթել են, սողացել ու գլուխկոնծի տվել վերադասի առջև, բամբասել-զրպարտել ուրիշներին, իրենց լողասենյակի կամ խոհանոցի դուռը սարքելու համար այլոց տուն ու օջախը քանդել...

Մի այլ հարց. արդեն քանի՜ տարի արտերկրի մեր հայրենակիցներն իրենց սեփական դրամապանակից միջոցներ են նվիրում Արցախին, բարեգործական զանազան ծրագրեր իրականացնում: Նրանցից ոմանք իրոք մեծ հարստության տեր են, և դրանք ձեռք են բերել օտար երկրներում, ոմանք շատ համեստ կարողություն ունեն, բայց իրենց համեստ «բյուջեից» միջոցներ են գտնում նաև Արցախի համար: Սփյուռքի, արտերկրի մեր հայրենակիցներն օգնում են մեզ, աջակցում՝ վերականգնելու մեր երկիրը: Մենք արդեն սովորել ենք դրան: Դա դարձել է մեր կյանքի բաղկացուցիչ մասը:

Ու ոչ ոք մի անգամ չի հարցնում. իսկ մերոնք, տեղացի մեր մեծահարուստներն ինչո՞վ են զբաղված: Այս մեկևկես տասնամյակում նրանցից շատերն ավելի մեծ կարողության տեր են դարձել, քան օտար ափերից մեր երկրին օգնող շատ-շատերը: Եթե վերջիններս նյութական բարեկեցությունը հյուսել են օտար երկնքի տակ, մերոնք վիթխարի կարողության տեր են դարձել ա՛յս երկրում, մեր աղքա՛տ երկրում, նրանց մի մասը, բառիս բուն իմաստով, կազնոկրատներ են, պետության, ժողովրդի ունեցվածքին զանազան ստոր ճանապարհով տեր դարձած սրիկաներ:
Մեր գործարարներից մի ձեռքի մատների վրա կարելի է թվարկել նրանց, ովքեր ոչ միայն բիզնեսմեն են՝ հայկական ընկալմամբ, այլև Մարդ, և որոնց համար բարեգործությունը կենսակերպ է: Ընդամենը մի անուն նշեմ՝ Էդուարդ Վերդյան: Մյուս մի քանիսի անունները դուք կարող եք հիշել...
Այս ենք մենք: Եվ աշխարհում մեզնից բացի ոչ ոք մեղք չունի, որ մենք այսպիսին ենք:

N6, 2009



ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ ԵՎՍ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂ ՉԿԱՐ 

Վերևի լուսանկարի պատկառելի նորակառույցը կառավարության նոր շենքն է: Ավելի ճիշտ՝ նախկին շենքի շարունակությունը, որ մոտ երկու անգամ ավելի մեծ է նախկինից: Հիշո՞ւմ եք Անուշավան Դանիելյանի թևավոր խոսքը. «Վերաբնակների համար բյուջեում փող չկա»: Այն հրապարակելու համար անգամ քրեական գործ էին հարուցել լրագրողի դեմ:

Կառավարության նոր շենքի շինարարությունը մոտավորապես սկսվել է այն տարիներից, երբ «վերաբնակների համար բյուջեում փող չկար», սակայն պարզվել է, որ բյուջեում պատկառելի մեծ գումար է «հայտնաբերվել», և նախկին իշխանությունները որոշել էին դրանցով Ազգային ժողովի և Կառավարության նոր շենքեր կառուցել:

Ի դեպ, ասում են՝ երբ Ա. Դանիելյանին հարցրել են, թե ինչո՞ւ այդ գումարները չեն օգտագործել, ասենք, կենսաթոշակառուների նպաստը ավելացնելու համար, նա հայտարարել էր, որ մի քանի հազար դրամով թոշակ ավելացնելով՝ տեսանելի ոչինչ չի փոխվելու թոշակառուների կյանքում, իսկ ահա, ԱԺ և կառավարության նոր շենքերը տեսանելի, երևացող բաներ են...

Իսկ այդ ժամանակներից ցայսօր ազատ ու անկախ մեր հանրապետության հազարավոր ազատ ու անկախ շարքային հիվանդները բուժվում են հակասանիտարական, անմարդկային պայմաններում գտնվող, աֆրիկյան հետամնաց երկրի զինվորական «կազարմա» հիշեցնող մի շենքում (տես՝ ներքևի երկու լուսանկարները), որտեղ միանգամայն առողջ մարդիկ կարող են մի քանի ծանր հիվանդություն ձեռք բերել: Հասկանալի է, որ հանրապետական հիվանդանոցի շենքի համար ևս Դանիելյանի կառավարության բյուջեում փող չկար...

Նոր իշխանությունները, դժբախտաբար, ստիպված են շարունակելու նախկինների «ցրցամ տվածը»: Մյուս կողմից, բարեբախտաբար, հանրապետական հիվանդանոցի տարածքում հիվանդանոցի նոր շենքի կառուցման աշխատանքներ են կատարվում...

N6, 2009



ՋԻՆՆ ԱՐԴԵՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՇՇԻՑ 

«Ժամանակն է ԼՂՀ իշխանությունները պատասխանատվության ենթարկեն Հայաստանի Հանրապետությանը, որը հանդես է գալիս որպես բանակցային կողմ՝ առանց ԼՂՀ համաձայնության... Երբևիցէ չի եղել գրավոր համաձայնություն, որ ՀՀ-ն հանդես գա ԼՂՀ-ի փոխարեն: Ընդհակառակը, Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին՝ որպես սուբյեկտ»,- օրերս ԱԺ նիստում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Թերևս սա միայն Վ. Բալասանյանի կարծիքը չէ: Արցախում բոլորն էլ գիտեն, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել հենց ծագումով ղարաբաղցի ՀՀ ղեկավարների կողմից:

«ժողովրդի առաջ պատասխանատու է ոչ միայն Արցախի Հանրապետության ներկայիս նախագահը, այլև ՀՀ բոլոր նախագահները,- ասում է ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺԿ խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանը:- Ժողովուրդն այսօր զգում է, որ վտանգված է այս 20 տարիների մեր ամենագլխավոր ձեռքբերումը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը... Իհարկե, մեզ մտահոգում է Արցախի հարցը, բայց մենք Արցախի հիմնախնդիրը միշտ ընկալել ենք որպես Հայ դատի բաղկացուցիչ մաս: Եւ այդ մասերից մեկը վտանգելով՝ մենք Հայ դատի գաղափարն ենք վտանգում...»:

Ղարաբաղում վերջապես հասկացել են, որ պետական մեր նավը ողջ թափով ընթանում է «Տիտանիկի» կուրսով... Ստեփանակերտում ևս դժգոհության ալիք է սկսվել ՀՀ իշխանություններից, որի ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում գնդակի կարգավիճակում է հայտնվել ոչ միյան Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության ճակատագիրը:
«Առանց մեզ ընդունված ոչ մի փաստաթուղթ, ոչ մի որոշում չենք ընդունելու,- ԱԺ վերջին նիստում հայտնել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:- Ունենք պետություն, Սահմանադրություն և սեփական շահեր, որոնք պետք է բոլորս միասին պաշտպանենք և որոնցով պետք է առաջնորդվենք»:

Դժգոհությունները ՀՀ իշխանություններից նոր չեն սկսվել:
Ղարաբաղում ժամանակին դեմ են արտահայտվել մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, սակայն Հայաստանի իշխանությունները բանակցություններում առաջնորդվում են հենց դրանցով: Նրանց թողտվությամբ վաճառքի առարկա են դարձրել ազատագրված տարածքները, որոնք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ:
Վ. Բալասանյանը գտնում է, որ դրանով ամեն կերպ փորձ է արվում անտեսել և վտանգի տակ դնել ԼՂՀ պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը:

Այնուհետև երկու տասնյակ պատգամավորներ հանդես եկան արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ ներկայացնելով քննարկվելիք հայտարարության նախագիծը: Մեր տեղեկություններով՝ այնտեղ նշված է, որ ղարաբաղյան կողմը չի կարող պարտավորություն ստանձնել առանց իր մասնակցության ձեռք բերված ցանկացած պայմանավորվածության կամ համաձայնագրի համար: Ղարաբաղը ոչ մեկին չի լիազորել ներկայացնելու իր շահերը: Ժամանակն է, որպեսզի ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջև կնքվի ռազմավարական գործընկերության մասին միջպետական պայմանագիր:

Ըստ երևույթին, մոտալուտ փոթորկի նշանները լրջորեն տագնապ են առաջացրել ամենաբարձր առանձնասենյակներում, որից հետո սկսվել է «պտուտակները ձգելու» գործընթացը: Արդյունքում՝ պատգամավորների առավել իշխանամետ մասը՝ «Հայրենիք» խմբակցության և «Արցախատուն» պատգամավորական խմբի անդամները, որոշել են առայժմ ընթացք չտալ որոշմանը: Պատճառաբանությունները անորոշ են և տարբեր: Սակայն պարզ է, որ նրանք ինքնուրույն չեն կայացրել ժամանակավոր «զինադադարի» որոշումը:

Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից դժգոհություն են հայտնել նաև Ղարաբաղի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ՝ օրերս հանդես գալով հայտարարությամբ: «Ժխտելով ԼՂՀ և Սփյուռքի իրավունքը Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մեջ, ՀՀ ղեկավարությունը դրանով իսկ ժխտում է իր իրավունքը՝ մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին...»,- ասված է հայտարարության մեջ:

Ստեփանակերտում իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ «մեր իշխանությունները երբեք չեն գնա նրան, որ թուրքերի հետ Ղարաբաղի հարց քննարկեն, բայց մենք մտել ենք մի այնպիսի գործընթացի մեջ, որի վրա ազդեցությունն ու վերահսկողությունն արդեն կորցրել ենք...»:
Ղարաբաղում ջինն արդեն դուրս է եկել շշից, և ՀՀ ղեկավարներին անամպ երկինք չի խոստանում, քանզի ԼՂՀ նախագահը հաճախ է շեշտում, որ «Արցախի դիրքորոշումը ոչ մի կետով չի փոխվել...», այդ թվում՝ ազատագրված տարածքների հարցում:
«Հրապարակ», Երևան
N6, 2009



ՇԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 

Դրսում մի շուն էր հաչում: Սկզբում ուշադրություն չէի դարձնում, բայց նա ոչ մի կերպ ձայնը չէր կտրում, ու նրա հաչոցները սկսեցին կամաց-կամաց ազդել նյարդերիս վրա:
Նա հաչում էր շատ անճաշակ ու ապաշնորհ ձևով: Այդ հաչոցում ոչ մի զգացմունք ու վերաբերմունք չկար: Պարզապես հաչում էր այդ շունը, ու ձայնը կտրելու մտադրություն չուներ:

Մի ժամ անցավ, իսկ նա դեռ հաչում էր: Անցավ երկու ժամ, բայց այդ հիմարը ձայնը չէր կտրում: Գրողը տանի, գոնե մարդավարի հաչի, գոնե գնա ամայի մի ջահանդամում կոկորդ պատռի: Թե չէ՝ ցցվել է մեր քաղաքի մարդաշատ այս թաղամասում և անտանելի իր հաչոցներով զահլա է տանում: Այդ ցնդածը չի՞ հասկանում, որ սա հասարակական վայր է, այլ ոչ թե ինչ-որ ջունգլիներ կամ նիստերի դահլիճ, որ ով ինչ ուզենա՝ անի... Գոնե ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա հաչի, գոնե լուսնի կամ, ասենք, աստղերի վրա կաղկանձի, այլ ոչ թե հենց այնպես՝ աննպատակ, անիմաստ ու անսկզբունք: Գրողը տանի, սա շո՞ւն է, թե՞ խոզի պես հարբած անցորդի մեկը:

Այլևս չկարողացա ինձ զսպել և, դուրս գալով պատշգամբ, գոռացի նրա վրա. - Վերջապես ձայնդ կտրելո՞ւ ես, թե՞ ոչ, ապուշի մեկը...
Նա նույնիսկ չնայեց իմ կողմը: Պոչով արհամարհանքի մի օղակ գծեց օդում ու շարունակեց հաչել:

- Էհե՜յ, ավանա՛կ, ձայնդ կտրի՛ր,- գոչեցի ես:
Նա դարձյալ ուշադրության չարժանացրեց ինձ:
- Թո՛ւրք,- համբերությունս կորցրած, բղավեցի ես:
- Ինչո՞ւ եք ինձ վիրավորում,- վերջապես արձագանքեց նա:
- Կորի՛ր այստեղից, ապաշնորհ շան որդի,- ավելի բորբոքվեցի ես,- գոնե մարդավարի հաչել իմանայիր...
- Իսկ ես չեմ հաչում,- հանգիստ ասաց նա,- ես արտասանում եմ...
- Գրողի ծոցը չքվիր քո այդ արտասանությամբ, տխմար անասո՛ւն,- համբերությունս կորցրած, գոչեցի ես:
- Մենք դեռ կհանդիպենք,- արհամարհանքով ասաց շունն ու, գռմռալով, հեռացավ:

Հաջորդ օրը նա այլևս չերևաց մեր կողմերում: Անցավ մի օր, երկու օր, և նա դարձյալ չերևաց իր ապուշ հաչոցներով:
Արդեն ես մոռացել էի անիծյալ այդ չորքոտանուն, բայց մի օր, երբ միացրի հեռուստացույցը, զարմանքից քար կտրեցի. էկրանին ինձ ծանոթ շունն էր: Այս անգամ նրա վզին գեղեցիկ մի «թիթեռնիկ» կար: Նա դարձյալ հաչում էր: Իսկ դահլիճում նստածները ծափահարում էին:

* * *
Այս պատմությունը պատմեցի մի քանի ծանոթ-բարեկամների, հետո տպագրեցի դրանք:
Հաջորդ օրը, գիշերվա կեսին, հեռախոսազանգ հնչեց: Հեռախոսագծի մյուս ծայրից ինչ-որ մեկն ասաց.

- Պատիվ եմ պահանջում,- և լսափողը ցած դրեց:
Մի քանի րոպե հետո հեռախոսը նորից զնգաց: Այս անգամ խոսողը մի շուն էր:
- Պատիվ եմ պահանջում,- ասաց նա ու սկսեց կատաղորեն հաչել:
Երբ երրորդ անգամ հեռախոսազանգ հնչեց, ես, կիսաքուն-կիսարթուն, վերցրի հեռախոսն ու պատուհանից դուրս նետեցի:

N6, 2009



ԶՎԱՐՃԱՍՐԱՀ

Դասախոսը՝ ուսանողին.
- Ո՞վ է գրել Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»:
Հասկանալով, որ իրեն ձեռ են առնում, ուսանողը խորամանկում է. - Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» գրել է Հովհաննես Թումանյանը...

* * *
Դասախոսն իր միամյա որդուն դնում է արկղի մեջ, որպեսզի փոքրիկը չարություններ չանի: Քիչ հետո, երբ փոքրիկը մի քիչ ուրախ բլբլացնում էր, նրա չորսամյա եղբարյն ուրախ բացականչեց.
- Հայրի՛կ, նայի՛ր, Արմենը դասախոսում է ամբիոնից...

* * *
Երիտասարդ ուսուցիչը երկրորդ դասարանում պատմում է «Շունն ու կատուն»: Վերջացնում ու նայում է ժամացույցին, բայց դասավարտի զանգին դեռ ահագին ժամանակ կար, և նա ասում է.
- Երեխաներ, իսկ այժմ եկեք դերերով կարդանք «Շունն ու կատուն»: Ես կլինեմ...
- Շունը,- միանգամայն անմեղ բացականչեցին փոքրիկները:
- Ոչ: Երեխաներ, ես կլինեմ հեղինակը:
- Չէ, հեղինակը Հովհաննես Թումանյանն է,- համերաշխ ձայնեցին փոքրիկները:

* * *
- Եթե մի տասը տարով երիտասարդ լինեիր, ես կհամաձայնեի քո կինը լինել,- ասաց աղջիկն իրենից քսան տարով մեծ տղամարդուն:
- Հիմարիկ, եթե տասը տարով երիտասարդ լինեի, քո ձեռքը չէի խնդրի,- պատասխանեց տղամարդը:

* * *
Գյումրեցին հոխորտում է հոր մոտ.
- Տասը տարի սովորել եմ միջնակարգում, հինգ տարի՝ ինստիտուտում, չորս տարի՝ համալսարանում, երկու տարի՝ ասպիրանտուրայում...
- Ծո, հըբը ե՞րբ պիտի մարդ դառնաս,- զարմացած հարցնում է հայրը:

N6, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՁՈՐԵՐԸ 

30-40 տարի առաջ մենք էինք և մեր սարերը, մենք էինք, մեր լեռները։ Դրա վկայությունը ասես մայր հողից հառնող «Պապ ու Տատի» հրաշք կոթողն է, որ մեր լեռների պես վեհ ու խրոխտ նայում է աշխարհին։ Ասես Մեծ ու Փոքր Մասիսները լինեն, մեր հավերժության խորհրդանիշը, մեր հպարտությունը, որ չնայած մնացել են սահմանից այնկողմ, սակայն վեհորեն նայում են երբեմնի Մեծ հայրենիքից, Մեծ նավից մնացած փոքրիկ այն նավակին, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն։
Խորհրդային իշխանության օրոք անգամ Մասիսների սեգ պատկերը զետեղված էր Հայաստանի զինանշանի վրա։ Հայաստանի անկախացումից հետո դրանք վայր բերեցին Հայոց զինանշանից, թերևս նաև այն պատճառով, որ արդեն չեն համապատասխանում «Մեր հայրենիք, թշվառ, անտեր...» խոսքերով սկսվող (թեկուզ մասնակիորեն վերափոխված) նոր օրհներգի (հիմնի) ոգուն։

Նոր ժամանակներ եկան, նոր բարքեր։ Լեռներն այլևս խորհրդանիշ չեն։ Մեր սիրտն այլևս լեռներում չէ։ Արժեքներն այսօր գրոշի արժեք ունեն։ Փոխարենը՝ այսօր իշխողը ձորերն են, ձորային մտածողությունը, ձորային-փոսային բարքերը։ Հանեցեք ձեր գլխարկները, պարոնայք, Ձերդ գերազանցություն Անդունդն է ձեր առջև. կարևոր դասախոսություն պիտի կարդա Վեհի ու Գեղեցիկի մասին։ Թումանյան, Տերյան, Չարենց, Շիրազ ու Սևակ մնացել են անցյալում, նախորդ դարում։ Իշխողն այսօր տաբատներից գրական մրցանակներ կախկխած գրչակներն են, գրական կոմերսանտն ու սիրուհիներին ծնկներին նստեցրած, բարձր թեմաներից ճամարտակող գրական չարչին։

Նոր արվեստ, նոր գրականություն ենք ստեղծում, նոր կինոֆիլմեր նկարահանում, որտեղ հերոսը գողն է, կավատը, մարմնավաճառը։ Հեռուստաալիքներով պարբերաբար պտտվող, թարգմանաբար ներկայացվող ամերիկյան կինոնկարները մանրամասն նկարագրությամբ սադիստական սպանությունների, զանազան մոլագարների, սեռական խանգարումներ ունեցողների մասին են։
Ընտրություններում հաղթում է թաղային հեղինակությունը, պարտադիր զավեշտական մականունավոր մեկը, նրանք, ովքեր միջնակարգում մի կերպ հասցրել են սովորել իրենց անուն-ազգանունը գրելը։ Մի անգամ ևս նայեք մերօրյա կադրերին։
Նրանց չնչին մասն են իրենց տեղում։ Ում ինչ պաշտոնում նշանակում են (ճիշտ կլինի ասել՝ դնում են, ինչպես շախմատի անշունչ խաղաքարերն են դնում այս կամ այն վանդակում), հեշտ ու հանգիստ նստում են բարձր աթոռին ու սկսում «ղեկավարել»։ Ոչ ոք չի հրաժարվում, չի ասում՝ սա իմ տեղը չէ, կամ՝ ավելի արժանավորները կան...

Մենք ենք, մեր ձորերը։ Մեր ձայներն անգամ չեն արձագանքվում, արձագանք չունեն։ Այստեղ, մեր ձորերում լույսի մե՜ծ պակաս կա։ Շա՜տ մեծ։

N7, 2009



«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»... 

Լուսանկարում ԽՍՀՄ հերոս, մեր համերկրացի մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանն է։ Այն տեղադրվել է մոտ տասնամյակ առաջ, բայց առայսօր հուշակոթողը դեռ անավարտ է։ Մեծ հայորդու ծննդյան 100-ամյակին անգամ այդպես էլ չկատարվեց ավանդական «արձանի բացումը»։ Մի քանի տարի առաջ արձանի ետնամասում եռանդով սկսեցին ինչ-որ մետաղներ զոդել, բետոնե ինչ-որ խոյանք կցմցել դրա վրա, որ կարծես ի վերջո պիտի դառնար կամար, սակայն կարճ ժամանակ հետո այդ ամենը կրկին կիսատ թողեցին...

Անավարտ հուշակոթողի առաջին պլանում մեծ զորավարի համեստ կիսարձանն է, երկրորդ պլանում՝ մի զույգ վեր ցցված մետաղաձողեր։ Թաղամասի բնակիչները կեսլուրջ-կեսկատակ ասում են՝ «Նախատեսված գումարները կերել են, աշխատանքը կիսատ թողել, գնացել։ Հետո նորից են հիշել Բաղրամյանին, կրկին փող են դուրս գրել, մի քանի երկաթի կտոր կցմցել, գումարները դարձյալ գրպանել ու գնացել...»։

Բաղրամյանի անունը կրող այս փողոցով, տաղանդավոր զորավարի կիսատ-պռատ կոթողի մոտով ամեն տարի առնվազն տասը անգամ հազարավոր արցախցիներ են շքերթով գնում դեպի Հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ հայրենականում զոհվածների, Արցախյան պատերազմի նահատակների շիրիմներին։
Իսկ Բաղրամյանը դեռ սպասում է, անհույս սպասում է... Հուշահամալիրում դեռ սպասում են նաև Զորավարի հերոս զինակիցները, մեր հայրենակիցները։ Խորհրդային տարիներին նրանց հիշատակին կանգնեցված համեստ հուշակոթողների վրայի քանդակները չքացել են, իսկ անունները գրեթե անընթեռնելի են դարձել...

«Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել»... Մի° ստեք, ի սեր Աստծո։ Ի սեր հազարավոր մեր նահատակների, մի° խաբեք մեզ և ձեզ։ Մեր կարճ հիշողությունը, մեր մեղքերը չփաթաթենք նոր և գալիք սերնդի վզին...

N7, 2009



ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Լինում է, չի լինում, մի պետություն է լինում: Ինչպես բոլոր պետություններում, այնտեղ նույնպես ժողովուրդ էր ապրում, և ինչպես բոլոր ժողովուրդները, ուներ թագավոր, որին մերթ արքա էին անվանում, մերթ պրեզիդենտ կամ նախագահ, մերթ տիրակալ կամ գերագույն իշխան: Յուրաքանչյուր տիրակալի թեկնածու ժողովրդին սկզբում մեծամեծ խոստումներ էր տալիս ու, ժողովրդի գլուխն անցած, գրողի ծոցն ուղարկում իր նախորդին: Հետո նա մոռանում էր իր խոստումները և ժողովրդին հիշում էր միայն ընտրությունների ժամանակ և այն պահերին, երբ սկսում էր ճոճվել իր աթոռը:

Երբ ճոճվել սկսեց հերթական թագավորի գահը, նա ծանր գլուխը թափահարեց ու հեռուստաէկրանից գոչեց.
- Ժողովուրդ, մեզ հասած վերջին տեղեկությունների համաձայն, դուք վատ եք ապրում, դեռ ավելին՝ շատ վատ, իսկ մի խումբ արկածախնդիրներ փորձում են խարխլել փառահեղ մեր պետության հիմքերը և ձեզ կրկին տանել հետամնաց անցյալի գիրկը...
Մի օր էլ «արկածախնդիրների խումբն» այդ, ժողովրդի գլուխն անցած, գահընկեց արեց այդ թագավորին, և գահին բազմեց Արքա 5-րդը: Սա ևս ժողովրդին հարստության սարեր խոստացավ ու երջանկության հորիզոններ գծեց վարդագույն երկնակամարում, և երբ մի քանի օր հետո նրան զեկուցեցին, որ ժողովուրդը աղքատության եզրին է ու բողոքում է, զարմացավ. «Ժողովո՞ւրդ, դա ո՞վ է, իմ տիրությունում էդպիսի մարդիկ էլ կա՞ն: Էդ ժողովրդին ո՞վ է իրավունք տվել բողոքելու»։

Հետո դարձյալ քամիներ ու հողմեր անցան այդ երկրի վրայով ու ժողովրդի գլուխներով, և ճոճվել սկսեց նաև Արքա 5-րդի գահաթոռը: Ու նա բարձր ամբիոնից սկսեց մատ թափահարել իր ախոյանների վրա.
- Այդ ի՞նչ եք անում, արկածախնդիրներ ու քաղաքական թափոններ, այդ ո՞ւր եք ուզում տանել ժողովրդին...
...Արտահերթ ընտրություններ եղան և գահին բազմեց հերթական տիրակալը, որ մինչ այդ իր նախորդների պես «արկածախնդիր» էր որակվել կամ «թափթփուկ»:

- Ձեր ցավը տանեմ, ժողովուրդ,- արքայական ժամանակակից իր ճոճաթոռին նստած, սիրուհուն ծնկներին նստեցրած, հավատարմության երդում տվեց Նախագահ 4-րդը,- վերջապես դուք տերը կդառնաք ձեր իրավունքների ու ձեր օջախների: Այսօրվանից ձեր առջև բաց են գիտության ու լուսավորության տաճարները, լուսավառ ու երջանիկ ներկայի և արևավառ ապագայի դռները...

Իսկ նրանք, այն պալատականները, ովքեր մինչ այդ հավատարմության երդում էին տվել ու ստրկամտորեն ծառայում էին նախորդ արքային, անմիջապես «վերափոխվեցին» և հիմա էլ սկսեցին ծառայել նոր արքային:
Կրկին անցան օրեր, ամիսներ ու տարիներ, իսկ ժողովուրդը դարձյալ վատ էր ապրում, դեռ ավելին՝ բուռն ծաղկում էր մուրացկանությունը, թշվառությունն աներես հյուրի պես մտել էր մարդկանց օջախներն ու այնտեղից դուրս գալու ոչ մի ցանկություն չուներ...

- Տիրակալ, ժողովուրդն էլի բողոքում է,- Նախագահի ականջին փսփսաց շշնջոցների գծով արքայի գլխավոր խորհրդականի երկրորդ տեղակալը:
- Ի՞նչ է ուզում:
- Ինչ-որ հաց է ուզում և վերացական ինչ-որ բաներ:
- Ի՞նչ բաներ:
- Դեմոկրատիա, ժողովրդավարություն և այլն:

- Պահո՜, ի՜նչ աներես մարդիկ են այդ ժողովուրդ կոչվածը: Դրանց համար հզոր ու երջանիկ երկիր եմ կառուցել, իսկ իրենք, խոսքները մեկ արած, անընդհատ դժգոհում են՝ աղքատ ենք, հաց ենք ուզում, դեմոկրատիա-մեմոկրատիա ենք ուզում... Ի՞նչ է, որ մենք հաց չենք ուտում, միայն սև իկրա, լուլաքաբաբ-խորոված, վետչինա ու խաշլամա ենք ուտում, բրազիլական սուրճ ու մանգոյի կամ կոկոսի հյութ ենք խմում, պակա՞ս տղերք ենք...
Նախագահ 4-րդը արտակարգ խորհուրդ գումարեց, ճառեր ասացին, ճառեր լսեցին և վերջում խոսքը տրվեց Նախագահին:

- Գիշերը անկողնում իմ տիկնոջ հետ երկար-բարակ շատ եմ մտածել այդ մասին ու միասին եկել ենք այն եզրակացության, որ ամեն ինչի մեղավորը ժողովուրդն է,- ասաց նա:- Այդ ժողովուրդը ոչ մի կերպ չի բռնում հզոր ու պայծառ մեր երկրի ֆոնին: Դրանց ներկայությամբ երկրի գիտության կաճառներն ու արվեստի կոթողները այնքան թշվառ ու անհեթեթ են երևում, որ ամաչում ենք ցույց տալ արտասահմանյան բարձրաստիճան հյուրերին...

Հաջորդ օրը արքայից-արքան հրամանագիր արձակեց. «Մենք՝ Նախագահ 4-րդս, գտնում ենք, որ մեր երկրի բոլոր չարիքների պատճառը ժողովուրդն է: Հաշվի առնելով նաև, որ հզոր ու պայծառ մեր պետությունն այլևս չի կարող պահել դրանց՝ այդ ձրիակերներին, որ ժողովուրդ է կոչվում.
ա) այսօրվանից ժողովուրդը ցրում եմ, բ) սույն հրամանագիրը ստորագրվելու պահից ժողովուրդը լուծարվում է: Ստորագրություն՝ Մենք՝ Նախագահ 4-րդ»:

* * *
Լինում է, չի լինում, մի պետություն է լինում: Ինչպես բոլոր պետություններում, այդ երկրում նույնպես ժողովուրդ կար, բայց արդեն չկար...

N7, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՈՍԿԻ ՉԷ 

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը մի վերջին անգամ փաստեց, որ Ղարաբաղյան հարցում ՀՀ ղեկավարության տասնամյա «աչքակապուկի» խաղը սեփական ժողովրդի հետ, ավարտված է։ Ղարաբաղյան խնդրի կարգավորման պատրվակով անցկացվող բանակցային գործընթացում հայ դիվանագետների «ձեռքբերումների» մասին հեքիաթները, ի վերջո պարզվեց, որ սեփական ժողովրդին մոլորեցնելու էժանագին շոու էին։ Այսօր բանակցասեղանին դրված են, այսպես կոչված, մադրիդյան հիմնարար սկզբունքներ, որոնք, առանց բացառության, տանում են Արցախի ստրկացում ու վերջնական հայաթափում։

Եթե մինչ այդ ղարաբաղյան խնդրում պարտվողական կեցվածքն իսկույն արժանացավ Հայաստանի քաղաքական վերնախավի ու բնակչության բողոքի ալիքին ու ավարտվեց ՀՀ առաջին նախագահի պաշտոնանկությամբ, ապա այս անգամ Արցախն հազիվ թե հույս ունենա նույն քաղաքական ուժերի և բնակչության պաշտպանության վրա, քանզի վերջին տասնամյակում մեր «ձեռքբերումը» ղարաբաղցի-հայաստանցի օրեցոր խորացող անջրպետն է՝ Արցախի հանդեպ անթաքույց ատելությամբ, լավագույն դեպքում՝ Ղարաբաղի ճակատագրի նկատմամբ անտարբերությամբ։

Փորձ արվեց հայրենասիրական ուժերի ալիք բարձրացնել Արցախից՝ համահայկական համաժողովի տեսքով։ Ճիշտն ասած, այդ համաժողովում այնքան էլ տեսանելի չէին վերջին տասնամյակում Արցախի ճակատագրով իրոք մտահոգ անձինք, փոխարենը «բոցաշունչ» ելույթներ ունեցան գործիչներ, որոնց լուռ համաձայնությամբ կյանքի էր կոչվել հակամարտության կարգավորման մադրիդյան տարբերակը։ Բանաձև ընդունեցին, Ստեփանակերտի Հուշահամալիրում ծաղկեպսակ ու մեկական մեխակներ դրեցին, մեծ գործ արածի հպարտությամբ ուրախ-զվարթ լուսանկարվեցին ու մեկնեցին իրենց 25 երկրները։ Արցախը մնաց իր կոտրած տաշտակի առջև...

Բայց, անշուշտ, քավության նոխազ է պետք։ Մեկը պիտի պատասխան տա, չէ՞, բանակցասեղանին տանուլ տված խաղի համար։ Քավության նոխազի ընտրությունը կանգ առավ ՀՀ արտգործնախարար Էդուրդ Նալբանդյանի վրա։ ՀՅԴ Հայաստանի ղեկավար ընկերները պահանջում են սույն պարոնի հրաժարականը։ Պարզվում է՝ այս խայտառակ շիլափլավի մեղավորը Էդիկն է։ Կարծես նա ինքնուրույն ու ինքնագլուխ որոշումներ է կայացրել՝ ընդդեմ Ղարաբաղի։ Կարծես ՀՀ բարձրագույն ղեկավարության անմիջական մասնակցությամբ չէ Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից և, հակառակ ԼՂՀ-ից հնչող ձայների, ընտրվել Մադրիդյան տարբերակը, որ տանում է ԼՂՀ կործանում, իսկ ՀՀ-ն վերածում բանանային պետության։

Հայաստանը մնում է Հայաստան, Սփյուռքը՝ Սփյուռք։ Արցախի ճակատագիրը մեր՝ այս հողում ապրողներիս ճակատագիրն է։ Լռությունը՝ թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի ու ժողովրդի, ոչ միայն ոսկի չէ, այլև տանում է այն կուրսով, որով դար առաջ շարժվել է «Տիտանիկը»...

N8, 2009



Այս լուսանկարն արվել է Գոյամարտի առաջին տարիներին՝ իմ առաջարկությամբ, «Հայի աստվածը Զենքն է» հոդվածիս համար, որը տպագրվել է հանրապետական ու հայաստանյան մամուլում։ Կարծում եմ՝ վերնագրից զգացվում է, թե խոսքն ինչի մասին է։ Այն է՝ քանի մենք զինված ենք, ուժ ունենք, ոչ ոք չի կարող մեզ հաղթել։ Այդպես էլ եղավ. ազատագրեցինք մեր երկիրը՝ պատմական հողերի մի մասի հետ միասին։ Հակառակորդը ստիպված էր հրադադար խնդրել։

Պատերազմից հետո, սակայն, հայկական դիվանագիտությունը տեր չկանգնեց Զենքով նվաճված մեր Ազատությանը։ Դիվանագիտական սեղանների շուրջ մեր Ուժը փոխարինվեց դիլետանտական արկածախնդրությամբ... Այսօր էլ մեր ուժերի ամենափոքր ջլատումը, ուժերի հարաբերակցության ցանկացած խախտում նշանակում է նոր պատերազմ...

N8, 2009



Ո՞Վ ՀԱՆԳՑՐԵՑ ԱՆՄԱՐ ԿՐԱԿԸ 

Օսկանյանի կարծիքով, մյուս մտահոգիչ հանգամանքը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է՝ ժողովրդավարության բացակայությունը, վատ ընտրությունները, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները։ «Այս ամենը բարդ իրավիճակ է ստեղծել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Հասարակությունը բաժանված է, այսօր կա վստահության խնդիր՝ հասարակության և իշխանությունների միջև»,- հայտնել է նախկին արտգործնախարարը։

Օսկանյանն աննպատակահարմար է համարել նաև Մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ նշված է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միջազգային կազմակերպությունների սկզբունքների և այդ կազմակերպություններում ընդունված որոշումների հիման վրա։ Մինչդեռ այդ կազմակերպություններում ընդունած բոլոր որոշումները հօգուտ Ադրբեջանի են։ «Մենք պետք է հստակեցնենք մեր պահանջը՝ համահունչ այսօրվա իրականությանը, Արցախի 17 տարվա անկախությանը»,- ավելացրել է նա։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ մեր դիվանագիտության ամենամեծ ձախողումն այն է, որ այսօր մենք չունենք մի փաստաթուղթ, որտեղ արձանագրված լինեն մեր տեսակետներն ամբողջությամբ։ Նա նույնպես շեշտել է, որ բանակցությունների ներկայիս ընթացքը մեր օգտին չէ, այդ իսկ պատճառով արտաքին քաղաքականությունում բեկում պետք է լինի։ «Եթե անհրաժեշտ է՝ նաև բանակցությունների դադարեցման ճանապարհով, որովհետև այս ընթացքը լավ տեղ չի տանում մեզ»,- հավելել է նա։

Ա. Ռուստամյանի կարծիքով՝ անվտանգության հարցերը քննարկելիս պետք է շեշտը դրվի այն բանի վրա, որ անվտանգություն ասվածը չի կարող անջատված լինել կարգավիճակից։ Նա նշել է, որ «կարգավիճակը միջազգային ամենամեծ անվտանգությունը երաշխավորող հանգամանքն է։ Եթե սուբյեկտ ես՝ ոչ մեկն իրավունք չունի ոտնձգություն կատարել քո սուվերենության վրա։ Մենք չենք կարող ընդունել որևէ անվտանգության նոր ձև, որն ավելի պակաս լինի, քան այն, ինչ մենք փաստացի այսօր ունենք»։ Նա տարօրինակ է համարել այն, որ, չգիտես ինչու, մենք ընդունում ենք, որ գոյություն ունի Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, բայց չենք ուզում հրապարակ բերել Հայաստան-ԼՂՀ տանդեմը, որն այսօր աշխարհի համար գոյություն չունի։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը շեշտել է, որ Թուրքիան մինչև հիմա շարունակում է նախապայմաններ առաջ քաշել՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում, Թուրքիայից հայկական իրավունքներից, ներառյալ տարածքային իրավունքներից հրաժարում, Արցախից հրաժարում և այլն։ Խոսելով ապրիլի 22-ի հայտարարության և դրան հաջորդած զարգացումների մասին, Կիրո Մանոյանը շեշտել է. «Մեր պաշտոնական կեցածքը պետք է փոխվի. զիջումայինից պետք է դուրս գանք և փորձենք վերստին վերականգնել գոնե այն կեցվածքը, որ պահպանվում էր 1998-ից մինչև 2008 թվականը»...
Երկու օր քննարկելով մեր ազգային-պետական կարևորագույն՝ Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերը, հուլիսի 11-ին համահայկական համաժողովի մասնակիցներն ընդունել են Բանաձև, որտեղ մասնավորապես նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, Սփյուռքը միայն իբրև մեկ միասնական օրգանիզմ կարող են կազմակերպված ուժի վերածվել, ունենալ ընդհանրական կամքի արտահայտման ձևաչափ, բացահայտել մեր անսահման ներքին կարողականությունը և մեր հարևաններին, աշխարհի ուժային կենտրոններին ապացուցել, որ հայությունը թույլ չի տալու ոտնահարել իր արդարացի իրավունքները»։

«Հայաստանի իշխանությունը պարտավոր է վերագնահատել ու իմաստավորել մեկ տարի առաջ իր նախաձեռնած հրապարակային հարաբերությունների ընթացքը, արդեն իսկ առկա բացասական արդյունքները, միջազգային հանրության առաջ բացահայտել Թուրքիայի իրական նպատակները և դադարեցնել բանակցությունները։ Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ սակայն պետք է փոխվի խեղված ձևաչափը, և ԼՂՀ-ն հանդես գա իբրև լիիրավ կողմ։

Բանակցային գործընթացում հիմք պետք է ընդունել Արցախի ժողովրդի արդեն իսկ կայացած ինքնորոշման փաստը և առաջնորդվել 1991 թ. անկախության և 2006 թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով։ Բանակցությունները պետք է նպատակ ունենան առաջնահերթ լուծում տալ ԼՂՀ անկախության ճանաչման և նրա անվտանգության ապահովման հարցերին և չպետք է շրջանցեն բռնազավթված Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի ու Մարտունիի հատվածները և Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի իրավունքները։

Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին, իսկ 1991թ. հռչակել է իր անկախությունը Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ Խորհրդային Միության կազմալուծմամբ ավարտվել է Խորհրդային Ադրբեջանի տիրապետությունը Արցախի վրա։ Արցախյան պատերազմի նախահարձակը և հետևանքների պատասխանատուն Ադրբեջանն է»։

Բանաձևը անդրադարձել է նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությանը, նշելով, որ «Այս համատեքստում, այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից և հակամարտության ծավալման պատմությունից։ Ավելին՝ այն շրջանցում և լիովին անտեսում է ԼՂՀ ժողովրդի օրինապատշաճ կերպով արդեն իսկ արտահայտած կամքը։ Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի և իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որևէ փաստաթղթի ընդունումը՝ առանց հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության։

Համաժողովը հաստատում է, որ ՀՀ-ն Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինել ԼՂՀ-ին։ Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը և հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար,- նշված է բանաձևի մեջ։- Մեզ համար Արցախը Հայաստան է և մնալու է ադպիսին։ Համայն հայության զորաշարժով մենք մեկ անգամ արդեն հաղթել ենք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, և թող ոչ ոք չկասկածի, որ նույնն է լինելու, եթե դարձյալ ազատ ժողովրդի հետ փորձեն խոսել զենքով...»։

Համաժողովի մասնակիցները այցելել են Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Մեծ հայրենական և Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը խորհրդանշող հուշակոթողին։ Հետաքրքիրն այն է, որ երբ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել երկու պատերազմների զոհերի հուշակոթողին և շարժվել դեպի Մեծ եղեռնի և 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող կոթող, հետ նայելով, շատերը նկատել են, որ «անմար կրակը», որ վառել էին համաժողովականների այցելությունից քիչ առաջ, արդեն հանգցված է։

«Տարեգիր», Երևան
N8, 2009



Հայաստանի մեկուսարաններում ու բանտերում պահվող քաղբանտարկյալներին ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու լուրը ստանալով, սպասում էինք, որ ֆրանսահայ մեր բարեկամ Սարգիս Հացպանյանին ևս վերջապես կտեսնենք ազատության մեջ։ Սակայն մեծ եղավ հիասթափությունը. մարդը դեռ շարունակում է պահվել վանդակաճաղերի հետևում, Արցախի ազատության համար պայքարող մարդը ազատ ու անկախ Հայաստանում դեռ անազատության մեջ է։

Պարզվում է՝ ձեռքների տակ անհրաժեշտ տեղեկանք չունեն առ այն, որ 1991 թ. նոյեմբերից մինչև Ղարաբաղի ազատագրումը Հացպանյանը եղել է Արցախում՝ սկզբում որպես Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի կամավորական ջոկատների զինվոր ու մարտական ընկեր, արցախյան բանակի կազմավորումից հետո՝ որպես ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկ։ Ցանկացած անհեթեթություն կարելի է երևակայել, բայց, որ մեր օրերում հնարավոր է մարդու կյանքից վերցնել եւ «լուսանցքից այկողմ» նետել կամավոր անձնուրացության 4-5 տարի, չեմ պատկերացնում։


Ս.թ. հուլիսի 14-ին Սարգիս Հացպանյանի բարեկամներից այսպիսի SMS ենք ստացել.

«Այսօր, Բաստիլի բանտի գրավումից 220 տարի հետո, իմ գտնված հայկական Նոր Բաստիլում «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» գաղափարների հանդեպ ունեցած անկեղծ սեր ու հարգանքս ցույց տալու, դրանց ոտնահարման, զոհի կարգավիճակում անձամբ հայտնվելուս դեմ բողոքելու նպատակով 2009 թ. հուլիսի 14-ից 3-օրյա հացադուլ եմ հայտարարում»։

«Ազատություն» ռադիոկայանի «Ինչո՞ւ եք հացադուլ հայտարարել» հարցին արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը պատասխանել է. «Մարդուն անասունից տարբերող ամենակարևոր հատկանիշներից մեկը հիշողությունն է։ Ես, օրինակ, 220 տարի հետո էլ հիշելու եմ ֆրանսական հեղափոխությունն ու «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» արժեքները, իսկ Արցախում և Հայաստանում իշխանություն ներկայացնող մի քանի ապերախտ իմ՝ հայրենիքին մատուցած ծառայությունները չեն հիշում։ Համաներումն ինձ վրա տարածվելով հանդերձ, հարկ եղած «սպրավկան» տալ զլացողներին ես հացադուլի ավարտի արդյունքով պետք եղած իմ «մահվան տեղեկանքը» բանտից հասցնելուն օժանդակել եմ ցանկանում։

Բայց իմ մասին իրենց մարդկային հիշողությունները պահպանածներից ազնվաբարո հայորդիներ Ռուդիկ Հյուսնունցին, Գարիկ Գրիգորյանին, Վարդգես Օվյանին, Գեղամ Բաղդասարյանին և իմ մարտական ընկերներին մեծատառով ՄԱՐԴ լինելու և այդպիսին մնալու համար իմ խորին հարգանքն ու շնորհակալությունն եմ հայտնում»։
«ՆԷ»
N8, 2009



ՎԱՅՐԷՋՔԻ «ՀԱՐԱԶԱՐԳԱՑՈՒԹՅՈՒՆԸ»... 
ԿԱՄ՝ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼԵԶՎԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ 

«Նոր էջ» թերթի խմբագրությունը ԼՂՀ կրթության և գիտության նախարարի նամակին կցված ստացել է «Լեզվական սխալների ամփոփագիր»։ Երևի թե Արցախում տպագրվող բոլոր թերթերը նման նամակ-ամփոփագրեր են ստացել։ Դա նշանակում է, որ լեզվի տեսչությունը ձեռքերը ծալած նստած չէ, «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքի ամեն կարգի խախտումներ արժանանում են նրա արդար դատին։

Նախապես հիշեցնենք, որ «Նոր էջը» ևս, ցավոք, զերծ չի մնացել մեծ ու փոքր վրիպակներից։ Խոսենք վերջին 3 համարներից։ Այսպես, օրինակ, թերթի 5-րդ համարում Միքայել Սիմոնյանի նյութում Դահրազ տեղանվան փոխարեն թյուրիմացաբար տպագրվել է Դահրավ։ Հաջորդ համարում ևս տեղ են գտել 2-3 վրիպակներ, որոնցից աչքի զարնողը «Ջինն արդեն դուրս է եկել շշից» նյութում տեղ գտած «խոսքերն են» ավելորդությունն է։ 7-րդ համարում Սիլվա Խաչատրյանի հեղինակած երկու նյութերից մեկը, հեղինակի խնդրանքով, պիտի տպագրվեր նրա գրական ծածկանվամբ՝ Մարինե Սարգսյան, սակայն օպերատորի մեղքով այդ ստորագրությունը հայտնվել է նրա մյուս հրապարակման տակ։ Այդ և, սրբագրչի հիվանդության պատճառով, մեր նախավերջին համարում տեղ գտած մի քանի տառասխալների համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը։

Այժմ տեսնենք «Նոր էջ»-ի վերջին երկու համարներում ինչպիսի վրիպակներ է նկատել լեզվի տեսչությունը։ Նախապես ասենք, որ տեսչության «հայտնաբերած» 37 սխալներից 12-ը (անկախ նրանից՝ տեսչությունը իրավացի՞ է, թե՞ ոչ) կապ չունի «Նոր էջ»-ի հետ, քանզի, ինչպես լեզվատեսուչներն են իրավացիորեն մատնանշել, վերոհիշյալ նյութերը արտատպված են հայկական մամուլի էջերից։ Հայոց լեզվի մաքրության ջատագովները պետք է գոնե լսած լինեն, որ «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքից բացի մեր երկրում գործում են նաև այլ օրենքներ, այդ թվում՝ «ԶԼՄ-ների մասին» օրենքը։ Քաղաքակիրթ աշխարհում գոյություն ունի «հեղինակային իրավունք» կոչվող հասկացություն։ Մենք ոչ մի իրավունք չունենք խմբագրելու այլ թերթերից արտատպված նյութերը։

Շատ մեծ երևակայություն պիտի ունենաս, որպեսզի տեսչության մատնանշած մյուս 12 «սխալների» մի մասը դասես սխալների շարքը։ Այսպես՝ մեր օգտագործած «կազնոկրատի» փոխարեն տեսչությունը մատնացույց է անում «գանձագող» բառը։ Ցանկացած գանձագող կարող է սողոսկել որոշակի ունեցվածքի տեր որևէ մեկի բնակարանը և գողանալ այնտեղ պահված գանձը։ Մինչդեռ մենք նկատի ենք ունեցել ոչ թե սովորական գանձագողերին, այլ պետական ունեցվածքն ու գանձարանը թալանողներին, այն է՝ կազնոկրատներին։

«Նոր էջ»-ը անվերնագիր լրատվությունների շարքի յուրաքանչյուր նյութ մյուսից զանազանելու-տարանջատելու համար ընտրել է վաղուց ընդունված ձևը՝ տվյալ նյութերի առաջին տառը տպագրել է ավելի մեծ չափերով։ Արի ու տես, որ լեզվատեսուչները գտել են, որ «ՀՀ նախկին նախագահ» կապակցությամբ սկսող զույգ մեծատառերից մեկը նույնպես պետք է լիներ ճիշտ և ճիշտ մյուսի բոյին, ինչպես «Երկու քույր ենք, երկուսս էլ մի բոյի» տողերով սկսող հայկական ժողովրդական երգում։ Լեզվատեսուչների տրամաբանությամբ՝ եթե միանման մեծատառերից մեկը չափերով մեծ է, մյուս մեծատառը դառնում է... փոքրատառ (տեսուչները մեսրոպյան այբուբենի մեծատառ-փոքրատառերը երևի թե իրարից զանազանում են միայն նրանց չափերով)։

Լեզվի տեսչության մասնագետները «լեզվական սխալներ» են որակում նաև այլ թերթից մեջբերված ուրիշի ուղղակի խոսքում առկա տերմինները, այդ թվում՝ «պրոդուկտ» բառը, որ մեր թերթի հեղինակը մեջբերել է հենց նրա համար, որպեսզի քննադատի այդ խոսքերի տիրոջը՝ մայրենին աղավաղելու համար...
Հիանալի տեսուչներ ունենք, չէ՞։ Բայց սա ընդամենը զավեշտի մի փոքր մասն է։ Նրանք գտնում են, որ «յոլա գնալու» փոխարեն պիտի «դիմանալ», չիմանալով, որ «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան»-ում «յոլա գնալը» իսկ և իսկ իր տեղում է, և արդեն քանի՜ դար է՝ իսկապես դիմանում է նորահայտ «լեզվաշինարարների» արշավանքին...

Լեզվի տեսուչները երևի թե անտեղյակ են, որ ցանկացած լեզվի բառաֆոնդ հարստանում է նաև օտարամուծություններից, ասել է թե՝ այլ լեզուներից փոխառված բառերից։ «Հրասայլ»-երով, «ինքնաձիգ»-ներով դուրս մղելով տանկն ու ավտոմատը, մեր անձնական փոքրիկ պրոբլեմները դարձնելով «հիմնահարց» կամ «հիմնախնդիր», պրոֆեսիոնալ արվեստագետին անվանելով «արհեստավարժ» (արվեստը արհեստ չէ՛, արվեստագետին չի կարելի անվանել արհեստավարժ, նույնն է թե՝ գեղանկարչին կոչես ներկարար), մենք աղքատացնում, խեղճացնում ենք թե՛ մեր լեզուն, թե՛ մեզ։

Օգտագործենք «հիմնահարցը», երբ խոսքը վերաբերում է իրոք մեծ խնդիրներին, բայց, միաժամանակ, մտածենք մեր փոքրիկ «պրոբլեմների» մասին։ «Դինամիզմի» փոխարեն «հարազարգացություն» կամ «վիրուսի» փոխարեն «վարակահարուցիչ» («անտիվիրուս-հակավիրուսն», ըստ երևույթին, պիտի լինի՝ «հակավարակահարուցիչ») անհեթեթությունները մատնացույց անելուց առաջ պիտի քաջատեղյակ լինել, որ մեր լեզվի զարգացման տարբեր փուլերում ասպարեզ են նետվել նմանատիպ զավեշտական-սարքովի «աջաբսանդալներ», բայց դրանց մեծ մասը չեն «կպել» մեր լեզվին, չեն օգտագործվել, մոռացվել, անհետացել են... «Հարազարգացություն», «հակավարակահարուցիչ»... Արտաբերել չի լինում։ Չես հասկանում, սրանք բառե՞ր են, թե՞ ծամծմած-ձգած ծամոն...

Լեզվի տեսչության ներկայացրած մյուս 7 սխալները կարելի է ընդունել կամ չընդունել։ Այսպես՝ կարելի է օգտագործել և՛ «կոնկրետացնելը», և՛ «հստակեցնելը», «պրոպագանդայի» և «քարոզչության» միջև թերևս տարբերություն կա. երկրորդի մեջ կրոնական երանգավորումը աչքի է զարնում և, օգտագործելիս պիտի հաշվի առնել դա և այլն։ Չենք գտնում, որ միջազգային գործածություն ունեցող ցանկացած բառի համար շինծու և անհեթեթ հայերեն փոխարժեքներ սարքելով, մենք ավելի հայրենասեր ենք դառնում կամ դրանից մեր լեզուն շահում է։
Կաբինետ բառը մենք վաղուց փոխարինել ենք աշխատասենյակ-ով։ Լեզվատեսուչները, սակայն, մեզ խորհուրդ են տալիս կաբինետի վարիչ-ը փոխարինել աշխատանոցի վարիչ-ով։ Երևակայեք ապա՝ ֆիզիկայի աշխատանոցի վարիչ (ավելի լավ է դռնապան կամ պահակ աշխատել, քան համաձայնել աշխատելու աշխատանոցի վարիչի պաշտոնում)...

Եվ, վերջապես, նշենք, որ լեզվի տեսչությունն իրոք «Նոր էջ»-ի 2 համարներում հայտնաբերել է 6 սխալ։ Ավելի ճիշտ՝ 6 վրիպակ (տեխնիկական կամ անփութության պատճառով տեղ գտած սխալներ), որի համար խմբագրությունը շնորհակալություն է հայտնում լեզվի տեսչությանը։ Բայց, արի ու տես, որ մեզ ուղարկած ընդամենը 2,5 էջ համեստ ծավալով այս «Ամփոփագրի» մեջ լեզվատեսուչները թույլ են տվել նույն տիպի սխալներ։ Այսպես, գրել են՝ Լ.-Տեր-Պետրոսյան (պիտի լինի՝ Լ. Տեր-Պետրոսյան), «...,-հայտարարեց»-ում գծիկից հետո պարտադիր «պրաբել» պիտի լինի, տեքստում մեծատառ Ու-ն գրել են ՈՒ սխալ ձևով, «... ... ոչինչ չի մոռացվել»-ի փոխարեն պիտի գրեին՝ «...ոչինչ չի մոռացվել» և այլն։

Իսկապես մեր երկրում «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքը պարբերաբար աջ ու ձախ ոտնահարվում է, արհամարհվում։ «Նոր էջը» այդ մասին մեկ անգամ չէ, որ ահազանգել է, մատնանշել նաև, թե որտեղ և ովքեր են խախտում այն։ Արդյո՞ք ա՛յն ուղղությամբ եք շարժվում, հարգարժան տեսուչներ։ Մեր պաշտոնյաներից շատերը ոչ միայն գրական լեզվով կանոնավոր գրել ու կարդալ չգիտեն, այլև մինչևիսկ Ղարաբաղի բարբառով (որ նույնպես համարվում է հայերեն) անգրագետ են խոսում։ Ա՛յդ մասին մտածեք, ա՛յդ մասին մտահոգվեք։ Այդ պայքարում դուք կարող եք հենվել «Նոր էջի» վրա։ Հողմաղացների դեմ մարտի նետվելու ժամանակները ոչ միայն անցել են, այլև դա անհեթեթության աստիճան ծիծաղելի է։

N8, 2009



«ПОЛЕ ЧУДЕС»... 

Բեղերը սղալելով, ծափերի ուղեկցությամբ տաղավար է մտնում Լեոնիդ Յակուբովիչը և սկսում ներկայացնել խաղի մասնակիցներին: Վերջապես հասնում է երրորդին.
- Մեր երրորդ հյուրը եկել է հերոսական Լեռնային Ղարաբաղից... Հետաքրքիր է, այժմ որտե՞ղ է գտնվում այդ Ղարաբաղը...
- Արցախում, քե մատաղ,- անվրդով պատասխանում է 75-80 տարեկան արցախցի տատիկը:

- Հա՜, հիմա տեսնենք, թե ինչ եք բերել մեզ համար,- Յակուբովիչն աչքը գցում է արցախցի տատիկի պայուսակներին:
- Դատարկ չեմ եկել, ցավդ տանեմ, ընկեր Ակումբովիչ, քե մատաղ,- տատիկը պայուսակները բացում և սկսում է պարունակությունները մեկ-մեկ շարել սեղանին,- էս մեկը աղ դրած խիյար է, էս մին բանկան՝ ղարաբաղյան բեդանի զկեռի կոմպոտ է... Սա ժենգալով հաց է... Ակումբովիչ ջան, էս դոշակը անձամբ քեզ համար եմ կապել, պարսկական սիպտակ ղազի փետուրներից է... Էս մին բալոնը գյուլասի բաքմազ է, սա «Արցախ-ալկոյի»...

- Օղի՞ է,- Յակուբովիչն աշխուժանում է:
- Չէ, մաքուր քացախ է...
- Բա արա՞ղը, թթի օղի՞ն...
Տատիկն առանց ուշադրություն դարձնելու, շարունակում է.
- Սա ողորմածհոգի պատրոնիս չիբուխն է: Մեռնելուց առաջ կտակել էր, որ իմ ձեռքով նվիրեմ քեզ...
Յակուբովիչը չիբուխն իսկույն խցկում է բերանը և ավելի փքված տեսք ընդունում.
- Բա թթի օղի՞ն...

- Էս մեկը կանաչ լոբի է, սա, մեր Ղարաբաղի պես պինդ ճուղուպուր է, կացնով էլ չես կոտրի...
- Թթի օղի չեք բերե՞լ,- Յակուբովիչն անհանգիստ շարժումներ է անում:
Այդ պահին տատիկը պայուսակից հանում է մի պայտ:
- Դա ի՞նչ է,- զարմանքից աչքերը ճպճպացնելով, հարցնում է Յակուբովիչը,- դա ի՞նչ է...
- Քե մատաղ, ամուսինս խնդրել է, որ անձամբ քեզ տամ... Ղարաբաղյան նատուրալնի էշի նալ է... Բայց խեղճին թույլ չեն տվել սամալյոտ նստի...

- Ինչո՞ւ... Ինչո՞ւ չեն թույլ տվել։
- Ասել են՝ պասպորտ չունի...
- 16 տարեկան չկա՞,- Յակուբովիչը փորձում է կատակել:
- Ցավդ տանեմ, ինչպե՞ս թե՝ 16 տարեկան չկա: Տոչնի քո տարիքին է... Բայց էդ զահրումար ռմբակոծությունների ժամանակ պասպորտը կորել է...

- Էշի՞...
- Ի՞նչ էշ, Ակումբովիչ ջան, քե մատաղ, խոսքը ամուսնուս մասին է, որ չեն թողել սամալյոտ նստի...
- Հա՜,- Յակուբովիչը հանգիստ շունչ է քաշում:- Բա թթի օղի չե՞ք բերել, արաղն ո՞ւր է...
- Էս էլ քեզ մաքուր թթի արաղ, մեր հայաթի շլորից ենք քաշել... 99 գրադուս է, քարի վրա ածես՝ կծակի։

- Չէ՛, չէ՛, ինչո՞ւ քարի վրա ածել,- Յակուբովիչն անմիջապես ձեռքից վերցնում է շիշն ու թափով գլխին քաշում, ապա, բերանը բաց դես ու դեն նայելով, շիշն իսկույն դնում է գրպանում,- մնացածը՝ տա՛նը... Եվ այսպես, 750 միավոր: Տառն եք ասո՞ւմ, թե՞ միանգամից բառը...
- Ի՞նչ բառ...
- Ռուսաստանի մայրաքաղաքը: Արդեն երեք տառ հայտնի է...
- Քե մատաղ, Ակումբովիչ, կարելի՞ է մերոնց բարևեմ...
- Խնդրեմ:

Տատիկն աշխուժորեն ձեռքով բարևներ է հղում.
- Բարևում եմ զավակներիս՝ Գևորգին, Տիկոյին, Վանուշին, Մանուշին, հարսներիս՝ Գյուլվարդին, Զարվարդին, Ալվարդին, իմ թանկագին ամուսին Արտուշին, թոռնիկներիս՝ Սառային, Զառային, Մարային, Արտուրիկին, Լյովիկին, Արկադիկին, Գագոյին, Հակոյին, մեր բոլոր հարևաններին, բարեկամներիս, մեր սիրելի իշխանություններին, կառավարությանը...
- Ղարաբաղում էլի մարդ մնա՞ց։

- Կեսը մնաց։ Բարևե՞մ...
- Չէ, մնացածը հաջորդ տարի: Իսկ այժմ ուզո՞ւմ եք բառն ասել...
- Հա, քե մատաղ, ավելի լավ է միանգամից բառն ասեմ: Մեր մարդն ասել է՝ որ չհաղթես, չգաս...
- Եվ այսպես, հարգելի տատիկ, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը: Սկսվում է Մ-ով, վերջանում Ա-ով, երրորդ տառն էլ Ս է...
- Ստեփանակերտ...

N8, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԿԱՄԱՎՈՐ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ 

Հանրային խորհրդի անդամ, «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով խորհրդի ղարաբաղյան ուղևորությունը, այսպիսի մի կենսականորեն կարևոր միտք է հայտնել. «Մենք նկատեցինք, որ բանակցությունների հարցում ղարաբաղյան իշխանություններն անվերապահորեն վստահում են Սերժ Սարգսյանին։ Նրանք երբևէ չեն ենթադրում, որ հնարավոր է քաղաքական բանակցությունների արդյունքում զիջվեն ղարաբաղյան կենսական նշանակության հարցեր»։

Այսպիսի հույժ կարևոր տեղեկություն Հայաստան բերելու համար, իրոք, արժեր, որ հանրային խորհրդի անդամները չորսհարյուր կմ ճանապարհ կտրեին, հասնեին Ստեփանակերտ,- գրում է «Հրապարակ» թերթը։ Հատկապես, երբ Ղարաբաղից մինչ այդ այլ կարգի հայտարարություններ էին Հայաստան հասնում։ Ղարաբաղյան ԱԳՆ-ն, ԱԺ պատգամավորները պարբերաբար հայտնում են, որ Ղարաբաղը չի ընդունում Մադրիդյան սկզբունքները, պահանջում են «պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին, որը հանդես է գալիս որպես բանակցային կողմ՝ առանց ԼՂՀ համաձայնության, քանզի երբևիցէ չի եղել գրավոր համաձայնություն, որ ՀՀ-ն հանդես գա ԼՂՀ-ի փոխարեն»։

Հանրային խորհրդի անդամները արցախյան առաքելության ժամանակ հանդիպել են ոչ միայն ԱԺ պատգամավորների, այլև վերոհիշյալ հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու անդամների հետ։ Այդ նրա՞նք են հայտնել Խ. Հարությունյանին, որ «անվերապահորեն վստահում են Սերժ Սարգսյանին»։ Մինչդեռ վերջերս հայտարարություն են ընդունել, ըստ որի՝ Պարտադրվող տարբերակը գնահատվում է անօրինական, անարդար, անբարոյական եւ կործանարար ամբողջ հարավ-կովկասյան տարածաշրջանի համար։ Երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու փորձագետները նույնպես պահանջել են ոչ միայն «քաղաքական գնահատական տալ տեղի ունեցող բանակցություններին, այլև պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր թույլ են տվել բանակցությունների ընթացքի զարգացումն այն սցենարով, որի արդյունքում վտանգել է ոչ միայն մարդկանց կյանքը և հայկական պետականությունը որպես այդպիսին, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։
Խ. Հարությունյանը հայտնել է նաև, որ Ղարաբաղում փաստում էին, թե մինչ այս գոյություն ունեցող բոլոր բանակցային գործընթացների հայտնի փաստաթղթերից սա (խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է) որակական տեղաշարժ ունի՝ դեպի կոնֆլիկտի հնարավոր արդարացի լուծում։

Թվում է՝ կամ Խ. Հարությունյանն է լուսնից իջել, կամ նրա ղարաբաղյան «զրուցակիցները», քանզի գաղափար չունեն, որ խոսքը կարգավորման այն սկզբունքների մասին է, որ ենթադրում է՝ 1. Ղարաբաղը (նախկին ԼՂԻՄ-ը) շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, 2.բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների (խոսքը միայն ազերիների մասին է, ի դեպ, հազիվ որեւէ հայ ցանկանա կրկին վերադառնալ Բաքու կամ Սումգաիթ)՝ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունքի ապահովում, 3.Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցք (ասել է թե՝ պորտալար, երեւի թե փախուստի համար), 4.անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն (ինչպես Կոսովոյի սերբերի անվտանգությունն են պաշտպանել), 5.Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում՝ ներկայիս անկախ պետականության փոխարեն...

Խ. Հարությունյանի կարծիքով՝ «չնայած 1994 թվականից ի վեր Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ղեկավարները միաժամանակ չեն նստել բանակցային սեղանի շուրջ, այդուհանդերձ, երբևէ Ղարաբաղը դե ֆակտո բանակցային գործընթացից դուրս չի եղել. միշտ էլ Ղարաբաղի կարծիքը ուղղակի կամ անուղղակի հաշվի է առնվել», բայց որքան մեր հիշողությունը պրպտում ենք, չենք կարողանում պարզել, թե խոսքը ո՞ր կարծիքի մասին է՝ ա՞յն, որ ղարաբաղցիները չեն ընդունում Մադրիդյան սկզբունքները, իսկ Բրայզան հատուկ շնորհակալություն է հայտնում Ռ. Քոչարյանին ու Վ. Օսկանյանին, քանզի հենց նրանց շնորհիվ են կյանքի կոչել Ղարաբաղի հայաթափմանը միտված այդ չարաբաստիկ սկզբունքները։ Կամ գուցե Ղարաբաղի ղեկավարներն են հատուկ խնդրել, որ փաստաթղթերում ամրագրվեն ազատագրված բոլոր շրջանները Ադրբեջանին վերադարձնելու, ազերի փախստականներին Ղարաբաղ բերելու կարեւորագույն պահանջները։

Ամենահետաքրքիրը Խոսրով Հարությունյանի վերջին ընդհանրացումն է՝ Ղարաբաղյան կոնֆլիկտն իր կարգավորումից այսօր հեռու է ճիշտ այնքան, ինչպես 10 տարի առաջ։ Երեւի բանակցային գործընթացի հենց այս մեծ առաջընթացի համար են ղարաբաղցիները «անվերապահորեն վստահում Սերժ Սարգսյանին»։
Ասում են՝ ամեն ոք տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել։ Ըստ երևույթին, ՀՔԴՄ կուսակցության նախագահը ժամանել էր Ղարաբաղ, որպեսզի այնտեղ տեսնի այն, ինչ ցանկացել է տեսնել,- գրում է «Հրապարակ» թերթը։

N9, 2009



ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 

Երբ տպագրվեց իմ «Երկնային կատակերգություն» գրվածքը, որտեղ պատմում էի, թե ինչպես տերԱստված երկնքից իջել, կառավարական շենքի ամենավերին հարկում ընդունելություն կազմակերպել ևմասնագիտություններ ու աշխատանքներ էր բաժանում, ընկերներս, բարեկամներս և ծանոթներս դժգոհեցին. «Էդ ինչո՞ւ բոլորի մասին՝ անասնաբույժի, քարտուղարուհու, դիվանագետի, մանկավարժի, զրպարտչի ևգիտնական-միտնականի մասին գրել ես, բայց բանաստեղծի մասին չես գրել»:

Սկսեցի երկար-բարակ բացատրել, որ բանաստեղծը դեռևս մինչ այդ էր հանդիպել Երկնայինին և, ընդհանրապես, ես շատ մեծ հարգանք եմ տածում ժամանակակից ոտանավորչիների հանդեպ ու չէի կարողնրանց մասին չգրել: Սակայն ընկերներս, բարեկամներս ու ծանոթներս ինձ չհավատացին: Եվ ահա, իմարխիվից հանելով այդ հանդիպման սղագրությունը, ներկայացնում եմ ընթերցողներին:
Մի օր, արևը դեռ նոր-նոր ծագած, երբ տեր Աստված առավոտյան մարզանքներից հետո ձվածեղ էրկերել ու վրան բրազիլական թունդ սուրճ էր խմում, քիթ ու բերանի մերձակայքում հանկարծ խուտուտ զգաց։Որոտաձայն փռշտաց, և այդ պահին նրա բերանից թե քթից դուրս թռավ ու առջևը ցցվեց թղթապանակըկռնատակին անորոշ տարիքի մի տիպ:

- Յա՜, դու որտեղի՞ց հայտնվեցիր,- զարմացած հարցրեց Երկնայինը:
- Դժվարին, բայց պատվավոր ճանապարհ եմ անցել տեր իմ... Իսկ իմ հիմար կոլեգաները դեռ կեսճանապարհին են, փորձում են ծխնելույզից մտնել,- հարգալից գլուխ տալով, ասաց մարդը:
- Հա՜, ուրեմն հրշեջ ծառայությունից ես...
- Չէ, բանաստեղծ եմ, տեր իմ, դիֆիրամբներ ու ձոներ եմ երկնում:
- Այսինքն:
- Այսինքն՝ միշտ գովերգում եմ բոլոր նրանց, ովքեր իշխանություն ունեն: Երբ գահընկեց են լինում, առաջինը ես եմ քարով տալիս:

- Լավ: Հիմա ի՞նչ ես ուզում, որդյակ,- հարցրեց Աստված:
- Հոտառությո՛ւն, տեր իմ,- կրկին գլուխ տալով, ասաց պոետը:
- Ի՞նչ... Հոտառությունն ինչի՞դ է պետք, դու շո՞ւն ես, թե՞ մարդ:
- Սուր հոտառություն եմ ուզում, երկնային, որպեսզի ժամանակից շուտ կարողանամ կողմնորոշվել: Այսինքն՝ ավելի շուտ իմանամ և սկսեմ շողոքորթել ապագա իշխանավորներին: Թե չէ, մեզ մոտ մի քանիսըկան, միշտ ինձնից առաջ են ընկնում: Ես դռնով եմ մտնում, նրանք պատուհաններից են ներս խուժում, եսպատուհաններից եմ մտնում, նրանք կոյուղու խողովակներով են սուրում ղեկավարների ընդունարանները...

- Ահա թե ինչ,- Աստված ճերմակափառ բեղի տակ ժպտաց,- բայց հետաքրքիր շան որդի ես, որդյակ... Լավ, գնա՛: Վաղվանից ականջներդ մի քիչ երկարացված կլինեն, որպեսզի կարողանաս ամեն ձայն որսալ...
- Հա, ինչպես մեծ բանաստեղծ Չարենցը կասեր, որպեսզի կարողանամ ժամանակի շունչը դառնալ...
- Ի՞նչ շուն... Ո՞ւմ շուն դառնաս։
- Ժամանակի շունչը: Այսինքն՝ մեր թաղամասում, մեր քաղաքում կամ մեր երկրում ինչ կատարվի, դրա մասին բանաստեղծություն պիտի գրեմ: Մի նոր խանութ կամ ֆերմա որ բացվի, ձոներգ պիտի ձոնեմ, մեր թագավորի կամ նախագահի կինը եթե զավակ պարգևի երկրին, պատմական այդ պահը պիտի գրավորանմահացնեմ...

- Հա՜, դա ուրիշ բան է... Լավ, քեզ սուր հոտառություն կտամ, այնպիսի հոտառություն, որ շներն անգամքեզ նախանձելու են... Դու միշտ լավ ես ապրելու, որդյակ: Ժամանակները փոխվելու են, մի որոշ ժամանակսոցիալիստներն են գալու իշխանության գլուխ, մի օր ֆաշիստները կամ կոմունիստները, բուրժուա-կապիտալիստները կամ անարխիստները, բայց դու, բոլորին քծնելով ու շողոքորթելով, շարունակ փափուկպաշտոններ ու մրցանակներ ես ստանալու, որդյակ: Երբեմն երեսիդ թքելու են, հետույքիդ քացի են տալու, սակայն, պալատական կոշիկներ ու գլխարկներ երկրպագելով, դու վաստակելու ես հացդ հանապազօրյա...

- Մերսի, տեր իմ, խիստ զգացված եմ: Հերթական հանճարեղ գիրքս նվիրելու եմ ձեզ, իսկ կազմի վրապոեմ եմ տպագրելու ձեր մասին,- բանաստեղծը կրկին երկտակվեց, հետո, գրպանից թղթի մի կտոր հանելով, պաթոսով սկսեց կարդալ. «Օ՜, Աստվա՜ծ, Աստվա՜ծ, լուսատու տիեզերաց...»:
- Ա՛յ տղա, սպասի՛ր, հերի՛ք է: Ականջներս արդեն հոգնել են նման զիբիլներից... Վե՛րջ, գնա՛, գլուխս մի՛հարդուկիր: Գնա ժամանակիդ... Ինչպե՞ս է էն զահուրմարի անունը: Հա՛, գնա ժամանակիդ շունչը դարձիր...
Երբ պոետը դուրս եկավ Երկնայինի առանձնասենյակից, վերջինս լայնորեն հորանջեց ու ասաց.
- Բայց սրիկա շան որդին առաջ է գնալու:

N9, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է 

Կադրային հարցը եղել և մնում է հայկական պետությունների աքիլեսյան գարշապարը: Այդպես է Հայաստանում, այդպես՝ նաև Արցախում: Առավելապես բարձր ու պատասխանատու պաշտոններ են ստանում մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային որակներով, բարոյական և այլ հատկանիշներով բացարձակապես անհամատեղելի են այդ պաշտոններին, հակացուցված են զբաղեցրած պաշտոններին...

ԼՂՀ երկրորդ նախագահ Ա. Ղուկասյանի պաշտոնավարությունից հետո զգալի փոփոխություններ կատարվեցին կառավարական համակարգում: Գրեթե բոլոր նախարարություններում ու գերատեսչություններում կադրային փոփոխություններ են կատարվել: Նախկին նախագահի օրոք քիչ չէր խոսվում պետական-կառավարական ապարատի ուռճացվածության մասին: Այդ առումով՝ նոր նախագահից հակառակ գործողություններ են սպասում: Մինչդեռ հաճախ նախկին նախագահի «կադրերը», ազատվելով զբաղեցրած պաշտոններից, հաջողությամբ տեղավորվում են այլ «փափուկ» պաշտոններում: Այս ամենը հիշեցնում է երթուղային միկրոավտոբուսներում տարածված երևույթը. մի կերպ տեղավորված, իրար կպած ուղևորները սպասում են, որ մոտակա կանգառում մի քանիսը կիջնեն և տեղ կազատվի: Հաջորդ կանգառում ոչ միայն ոչ ոք չի իջնում, այլև մեքենա են բարձրանում մի քանի նոր ուղևորներ ևս: Թե այդքանը ոնց են տեղավորվում, անհասկանալի է:

Պետական ուռճացված ապարատի յուրաքանչյուր միջին տրամաչափի ղեկավարի որդին կամ դուստրը, խնամին կամ սիրուհին պարտադիր աշխատում է հարևան նախարարությունում: Պետական ապարատն իրենից ներկայացնում է մի մեծ տուն, որտեղ բոլորը «յուրային» են:

Հայկական կադրային քաղաքականության ամենաբնորոշ, ամենատարածված երևույթներից մեկը «ռակիրովկան» է: Երկու բարձր պաշտոնյայի վերցնում ու... գումարելիների տեղերը փոխում են: Եվ արդյունքում՝ գումարը չի փոխվում: Ըստ երևույթին՝ մերօրյա կադրերն այնքան «ունիվերսալ են», որ նրանց կարելի է նշանակել մասնագիտության և նրանց ունակությունների հետ չնչին աղերս անգամ չունեցող պաշտոններում, և նրանք մշտապես իրենց զգում են ինչպես ձուկը ջրում:

Հանդիպումներից մեկի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ որոշ պաշտոնյաներ «իրենց պաշտոնը դիտում են որպես սեփականություն, ինչը նույնպես խոչընդոտ է հանդիսանում մի շարք խնդիրների լուծման գործում»: Նա նշել է նաև, որ որոշ պաշտոնյաներ մարդկանց աշխատանքի են ընդունում միայն «ծանոթ-բարեկամի» սկզբունքով: Ըստ իս, ցավն այն է, որ «ծանոթ-բարեկամի» սկզբունքով ոչ միայն աշխատանքի են ընդունում, այլև մինչևիսկ նոր հաստիք են ստեղծում այդ «կադրերի» համար:

Մեզ մոտ սիրում են կրկնել՝ կադրային ջարդ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, ցանկա՛լի է, որ լինի: Պե՛տք է լինի: Ու ամենից առաջ այն պիտի լինի ոչ միայն բարձր, այլև միջին օղակներում, որտեղ տարիներ շարունակ «քուջուջ են անում» կադրեր, որոնց միակ կարողությունը, բան ու գործը քուջուջ անելն է՝ ամենաուղիղ և փոխաբերական իմաստներով:
Եթե ուզում ենք կյանքը փոխել դեպի լավը, ապա առաջին հերթին պիտի դեն նետել «կոտրած տաշտակը»:

N10, 2009



ՄԱՐԴԻ՛Կ, ՄԻ՛ ԽԱԹԱՐԵՔ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ 

Այս հոդվածը գրել եմ երկու տարի առաջ: Ցավոք, այն այսօր էլ այժմեական է: Որոշ փոփոխություններ կատարելով, տպագրում եմ այն: Գժի մեկը քար գլորեց ձորը, հարյուր իմաստուն չկարողացան հանել... ժող. ասացվածք
Տարիներ առաջ առաջին անգամ Արցախ այցելած սփյուռքահայ ծանոթիս հետ փողոցը հատելիս դեմ առանք ականջ խլացնող ազդականչերով անցնող մեքենաների շարասյան: Ծանոթս հանեց ամառային թեթև գլխարկն ու գլուխը հարգանքով խոնարհեց:

- Այդ ի՞նչ ես անում,- ասացի՝ ծիծաղս հազիվ զսպելով,- հարսանքավորներ են:
- Ինչպե՞ս թե,- զարմացած նայեց ինձ,- ասիկա հուղարկավորություն չէ՞...
- Չէ, նորապսակներին տանում են հուշահամալիր, եղբայրական գերեզմանոց՝ զոհվածների հիշատակը հարգելու...
- Մեքենաների այս խելահեղ ոռնոցով զոհվածների հիշատակ հարգելո՞ւ...

Ծանոթս իրավունք ուներ զարմանալու: Դեռ անցյալ դարի սկզբներից մեքենաների ազդականչերը, գործարանների շչակների ձայնը դժբախտ պատահարի նշան են: Ազդականչերով ավտովարորդները սովորաբար վերջին հրաժեշտն են տալիս վախճանված իրենց ընկերոջը:
Դժվար է ասել, թե ով է այն «խելոքը», որ ավտոմեքենայով նորապսակներին ուղեկցելիս առաջին անգամ միացրել է իր ավտոյի «սիրենան», որին հետևել է մի ուրիշը և... այս տխմարությունը մեզ մոտ դարձել է «ավանդույթ»: Դեռ ավելին՝ նորապսակներին իր ավտոմեքենայում նստեցրած մի այլ պակասամիտի գլխի փչել է պտույտներ գործել Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ստ. Շահումյանի արձանով փոքրիկ կլոր պուրակի շուրջ, ու դարձյալ բազմաթիվ հարսանքավորներ յուրացրել են նաև այս հիմարությունը: Եվ մեկը չի հարցնում նրանց՝ ինչո՞ւ եք պտույտներ գործում, պուրակը սրբավա՞յր է, մատաղացո՞ւ եք տանում...

Հարսանքավոր ավտոմեքենաների այս ողջ շքախումբն ի վերջո պարտադիր անցնում է Արթուր Մկրտչյան և Բաղրամյան փողոցներով, ուղևորվում դեպի Հուշահամալիր: Եվ այս թաղամասում ապրող հազարավոր մարդիկ ստիպված են լինում պարբերաբար լսել զանազան մեքենաների ազդականչերի խլացուցիչ ձայնը, որ մերթ հիշեցնում է շների «հա՛վ-հա՛վ», մերթ մլավոց կամ ժանգոտ երկաթի ձայն:
Ի դեպ, վաղուց հայտնի է, որ այդ կարգի «սիրենաները» հատուկ արտադրում են հետամնաց տարածաշրջանների երկրների համար, այդ թվում՝ կովկասյան պետությունների... Արևմուտքում ամենահիմար ավտովարորդն անգամ հազիվ, թե ցանկանա որպես իր ավտմեքենայի ազդականչ օգտագործել «հա՛վ-հա՛վը», դռան խուլ ճռռոցը կամ խոզի ճղավոցը... Իսկ մեզ մոտ զզվելի այսպիսի վայնասունով հարսանքավորները գնում են պատերազմի նահատակների «հիշատակ հարգելու»:

Վերջերս ընկեր-բարեկամներից մեկի տանը, սգո սեղանի շուրջ նստած, հարգում էինք վաղաժամ կյանքից հեռացած ընկերոջ հիշատակը: Այդ պահին փողոցից լսվեց ավտոմեքենաների ոռնոցը: Ընկերների, ծանոթ-բարեկամների հետ զրույցից գիտեմ, որ շատ-շատերը բացասաբար են վերաբերվում հայկական ավանդական հարսանքի հետ կապ չունեցող այդ գռեհկությանը: Բայց որ կարեղ եմ լսել հայհոյանքներ նրանց հասցեին, չէի սպասում: Լսածս ամենամեղմ խոսքերը «զահուրմարն» ու «շան որդիներն» էին:
Երբ մի օր փողոցով անցնելիս առաջին հարկի պատշգամբից լսեցի տարիքով մի կնոջ անեծքը, հարցրի՝ ինչո՞ւ եք այդպես ասում: «Բա ի՞նչ անեմ, թոռանս մի կերպ քնեցնում ենք, այս անիծվածներն իրենց զռռոցներով գալիս արթնացնում են երեխային»,- պատասխանեց նա:

Մի օր երբ թոշակառու և միջին տարիքի մի խումբ տղամարդիկ շենքերից մեկի մոտ խաղողենու շվաքի տակ շախմատ էին խաղում, ավտոմեքենաների ամենախայտաբղետ շչակների զիլ աղմուկով դարձյալ հարսանքավորների շարասյուն անցավ: Թաղամասի հարգված մարդկանցից մեկին՝ Յաշա Ղազարյանին հարցրի.
- Ի՞նչ կարծիքի եք այս «ավանդույթի» մասին:
- Շատ վատ: Նախ՝ դա պետք է խստորեն արգելվի պետավտոտեսչության կողմից, քանի որ երթևեկության կանոնների կոպիտ խախտում է, հետո էլ՝ մի՞թե կարելի է մեքենաների այդպիսի ոռնոցով խուժել հուշահամալիր, իբր թե՝ եկել ենք հարգանքի տուրք մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին,- ասաց նա:- Հարգանքը պետք է սրտից ու հոգուց բխի: Հարյուրավոր երիտասարդներ, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր հողի ազատության, անգամ չէին հասցրել ամուսնանալ: Իսկ սրանք այսօր վայրենի աղմուկով խանգարում են զոհված մեր քաջորդիների հանգիստը: Այդտեղ հարգանքի նշույլ չկա: Նրանք հուշահամալիր են գնում լուսանկարվելու և վիդեոներով «հավերժանալու» համար… Եթե սիրտները լուսանկարվել է ուզում, ավելի լավ է հանգիստ թողնեն նահատակված մեր տղաներին ու գնան քաղաքի որևէ տեսարժան վայրում նկարվեն: Ավտոմեքենաների ոռնոցով զոհերի հիշատակ չեն հարգում: Դա անբարոյականություն է և կապ չունի հայկական ամուսնության գեղեցիկ ավանդույթների հետ…

Հետաքրքիրն այն է, որ ավտոմեքենաների այդ աղմուկ-աղաղակը գրեթե ամեն օր և մի քանի անգամ լսվում է կառավարական շենքերի մոտ: Ավտոմեքենաները ազդականչերի վայրենի աղմուկով, ասես, դիտմամբ, ձեռ առնելով, պտույտներ են գործում Կառավարության քթի տակ գտնվող կլոր պուրակի շուրջ: Ու հասարակական կարգի և երթևեկության կանոնների խախտման համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկում օրինախախտներին:
Բայց, գրողը տանի, եթե մենք իսկապես պետություն ենք և մեզանում հարգի է Օրենքը, այլանդակ այս խեղկատակությունը պետք է վերացվի: Հատկապես երբ այդ անօրինությամբ խախտում են ոչ միայն հազարավոր քաղաքացիների, այլև զոհված մեր քաջորդիների հանգիստը, պղծելով նրանց հիշատակը: Գերեզմանոցը հայերենում անվանում են նաև հանգստարան: Այսինքն՝ վայր, ուր կյանքից հեռացած մեր հայրենակիցներն իրենց հավերժական հանգիստն են անցկացնում:

Ոչ ոք իրավունք չունի ոռնոց-աղմուկով խաթարելու նահատակված մեր հայրենակիցների հանգիստը: Ավտոմեքենաների ոռնոցով նահատակների հիշատակ չեն հարգում: Քաղաքակիրթ երկրներում քաղաքակիրթ մարդիկ զոհերի հիշատակը հարգում են ոչ թե ցուցադրական ոռնոց-աղմուկով, այլ ԼՌՈՒԹՅԱՄԲ (թեկուզ՝ մեկ րոպե լռությամբ): Նորապսակներ, թույլ մի՛ տվեք, որ ձեր մեծ ուրախությունն ուղեկցվի հայհոյանքներով, ծաղրանքով ու անեծքով: Մարդիկ, մա՛րդ եղեք…

N10, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱԴԱՇՏ ՉԷ 

«Ցավալի է, երբ մարդ սկսում է չսիրել այն հիմնարկը, որտեղ աշխատում է: Այդ դեպքում նա ստիպված է փոխել աշխատավայրը: Ավելի ցավալի է, երբ մարդ հիասթափվում է իր շրջապատից ու մտերիմներից: Իսկ նոր համախոհներ ու ընկերներ գտնելը նույնն է թե՝ ոչնչից նոր տուն կառուցես:
Ոչ միայն ցավալի, այլև սարսափելի է, երբ մարդ հիասթափվում է ինքն իրենից: Սակայն ամենացավալին ու սարսափելին այն է, երբ մարդ հիասթափվում է իր ազգից, սկսում ատել ողորմելի, մի կտոր հացի համար ամեն ինչ ծախել-վաճառելու պատրաստ, աջ ու ձախ շարունակ խաբվող, ազգային արժանապատվությունն ու ինքնասիրությունն անընդհատ կորցնող, հավերժական ստրուկ այն ժողովրդին, որը ծնել է իրեն»,- այս տողերը խորին ցավով գրել եմ 5-6 տարի առաջ, 2005 թվականին տպագրել իմ «Ձմեռային սերենադ» գրքում:

Ավելի վաղ գրել էի. «20-րդ դարի սկզբներին թուրքերի, իսկ նույն դարի վերջերից մեր հայրենակիցների ջանքերով Հայրենիք հասկացությունը հայերիս համար աստիճանաբար դառնում է վերացական ինչ-որ բան: Արցախյան պատերազմում տարած հաղթանակը դիվանագիտական դաշտում վերածել ենք պարտության, քանզի թշնամու սադիզմին շարունակ հակադրում ենք մեր մազոխիզմը»:

Այսքանն ինչո՞ւ հիշեցի: Որովհետև այսօր թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի հետ դիվանագիտական դաշտում մենք նպատակաուղղված զոհաբերում ենք այն ամենը, որ մնացել է «Ծովից-ծով Հայաստանից», դրան հավելելով նաև մեր ազգային արժանապատվությունը, ազատ ապրելու իրավունքը:
Հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին: Փոխարենը նրանք տեր կանգնեցին միայն երկրի նյութական հսկայական հարստությանը:

Երբ քաղաքական որոշ շրջանակներում փորձում են վերջին 15-ամյա պարտվողական մեր դիվանագիտությունն արդարացնել «արտաքին ճնշմամբ», ես դա չեմ կարողանում ըմբռնել, հասկանալ, ընդունել: Իմ գիտակցության մեջ չի տեղավորվում այդ ճնշումը (թեկուզ գերտերությունների կողմից): Ի՞նչ է, այդ ճնշումը կյանքի և առողջության համար ավելի՞ վտանգավոր է, միլիոնների մեջ լողացող, թանկարժեք սմոկինգներով պատենավորված, փափուկ գահավորակների մեջ ընկղմված այդ պարոններն ավելի շատ ու ավելի մեծ բա՞ն են վտանգում, քան նրանք, ովքեր իրենց ինքնաշեն հրացաններով դուրս են եկել բազմիցս ուժեղ թշնամու դեմ, նրանից ավտոմատներ ու տանկ առգրավել, ազգային բանակ ստեղծել և իրենց արյան ու կյանքի գնով Հայրենի հող պաշտպանել, գերված հող ազատագրել...

Լավ, ենթադրենք փողկապ-սմոկինգով պարոնների համար իսկապես «մահացու դժվար է» արտաքին ճնշումներին դիմագրավելը: Բայց նման դեպքերի համար կա մի շատ հասարակ ու դարեր շարունակ արդյունավետ օգտագործվող եղանակ. այն է՝ թողնում, հեռանում են: Բանալիները հանձնում, գնում են իրենց տուն: Քաղաքական տերմինաբանությամբ՝ հրաժարական են տալիս: Թող գան նրանք, ովքեր չեն վախենում այդ «ճնշումներից», և նրանց համար Հայրենիքը չի սկսում սեփական գրպանից: Այս պահին ազգին ոչ թե «ֆուտբոլային դիվանագետ», այլ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԱՌԱՋՆՈՐԴ է պետք:

N11, 2009



ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ՀՐԱՀՐՈՒՄ 

«Նոր էջի» հարցազրույցը Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏ-ՅԱՆԻ հետ 

- Հետաքրքիր գործընթաց է կատարվում Հայաստանում: Ինչպե՞ս եք բացատրում այն, որ ՀՀ ղեկավարությունը, առանց ժողովրդի կամքն ու ցանկությունը հարցնելու, փորձում է «հայ-թուրքական հարաբերությունները բարելավել», ժողովուրդը հիմնականում դեմ է դրան, սակայն իշխանական ճամբարի մոտերքից փորձում են հակառակն ապացուցել:

- Այստեղ զարմանալու բան չկա. ղեկավարությունն ինչ գործողություն ձեռնարկում է՝ ճիշտ թե սխալ, համակարգը պաշտպանում է նրան: Ամենասխալ գործընթացն անգամ արդարացնում ու ներկայացնում են որպես «ազգի փրկություն» կամ հերոսություն: Նույնը կատարվում է հիմա. ՀՀ ղեկավարությունը փաստորեն դավաճանություն է կատարում, բայց ժողովրդին փորձում են համոզել, որ դա հերոսություն է:

- Իսկ գո՞ւցե մարդը որոշել է հայ ժողովրդի և թուրքերի միջև գոյացած պատնեշը քանդել:

- Թող քանդի, բայց ոչ ազգային ու պետական շահի հաշվին: Եթե ողջ ազգը դա չի ընդունում, չի ցանկանում, իսկ դու վազում ես քեզնից ուժեղի մոտ, թե՝ եկել եմ հաշտվենք, այդտեղ ի՞նչ քաջության կամ հերոսության նշույլ կա: Դա բոլորովին չի տեղավորվում բանականության ու բարոյականության սահմաններում: Դա պարզապես կոչվում է դավաճանություն:
Եթե մի թուրքի վարձեինք որպես մեր դիվանագետ, ապա նա երբեք նման քայլի, նման ստորացման չէր գնա՝ թեկուզ հանուն իր հեղինակության և դիվանագետի իմիջի: Մեզ համար նա ավելի նպաստավոր, այսպես կոչված, արձանագրություններ կկազմեր...

- Իսկ սահմանի բացումն, արդյո՞ք, այն մեծ նպատակն է, որի համար կարելի է սեփական ժողովրդի կամքին դեմ գնալ, չհաշված արդեն ակնհայտորեն երևացող զոհաբերությունները:

- Սահմանի բացումը մեզ ոչ մի լավ բան չի տալիս՝ ո՛չ մշակույթում, ո՛չ բարոյա-հոգեբանական առումով, նույնիսկ տնտեսական օգուտ չկա դրանից: Թուրքը երբ ցանկանա՝ սահմանը փակելու է, բեռները թողնելու է ճանապարհին, վագոնների պարունակությունը սեփականելու է, որ մենք կատարենք իր այս կամ այն ցանկությունը: Մյուս կողմից էլ՝ իսկ ի՞նչ ունենք, որ արտաքին շուկա հանենք: Մեր քարե՞րը պիտի հանենք ու աշխարհին զարմացնենք: Շարունակ մեր խելքից ու ինտելեկտից ենք խոսում: Խելոք ենք՝ զենք արտադրենք, մեր գիտատեխնիկական պոտենցիալը զարգացնենք, մի փոքրիկ ճամպրուկի մեջ դուրս բերենք արտաքին շուկա և միլիարդներ վաստակենք...

Ողջ աշխարը, մեղմ ասած, ինչ զիբիլ ասես, բերել լցրել է մեր շուկան, իսկ մենք ոչինչ չունենք արտահանելու: Սահմանի բացումով մեր խղճուկ տնտեսությունն ավելի է քանդվելու: Առանց սահմանը բացելու թուրքական խոտանով արդեն հեղեղված են Հայաստանն ու Արցախը: Սահմանի բացումից հետո ինչքան էժան զիզիբիզիներ ունեն, բերելու, թափելու են սոցիալապես ողորմելի վիճակում գտնվող մեր ժողովրդի վրա:

- Հայաստանի ղեկավարությունն ասում է, որ իբր թուրքական կողմից ոչ մի նախապայման չկա, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում, իսկ թուրքական իշխանությունները մի բերան նախապայմաններով են խոսում, ձեր ասած՝ վնասից բացի մեզ ոչինչ չտվող սահմանի բացումը կապում Արցախի խնդրի հետ...

- Անկախ նրանից, թե ՀՀ կամ Թուրքիայի ղեկավարներն ինչպես են մեկնաբանում ստորագրվելիք փաստաթուղթը, այդ արձանագրությունների ենթատեքստում շոշափվում է թե՛ Արցախի, թե՛ Ցեղասպանության հարցը: Այն դեպքում, երբ ՄԱԿ-ի անդամ երկրների մի ստվար մասը պետություն է դարձել հենց ազգային-ազատագրական շարժման միջոցով, մեր վեհ պայքարը՝ ազգային-ազատագրական պայքարն արձանագրությունների տողատակերին ընկալվում է որպես «օրենքից դուրս» մի բան: Ադրբեջանը թուրքերի աջակցությամբ հեշտ ու հանգիստ կարող է հաշվեհարդար տեսնել մեզ հետ, քանի որ մենք «անօրեն» ենք, իսկ Հայաստանը Թուրքիայի հետ այդ համաձայնագրով պարտավորված է լինելու կանգնել ոչ թե «օրենքից դուրս» Ղարաբաղի, այլ Թուրքիայի կողքին:

- Հայաստանի իշխանությունները կգնա՞ն այդ քայլին:

- Երբ նայում եմ այս ղեկավարությանը, նրա գործելակերպին, մազաչափ կասկած չունեմ, որ նա կռվելու է մեր դեմ: Կամ զորքերն է հանելու, կամ զորքին հրամայելու է մեզ վրա կրակել: Չեչեններից-բանից բերելու են, խառնեն մեր ավազակների հետ, մի բանդա սարքեն և թիկունքից խփեն մեր մեջքին: Կասկած չունեմ, որ այդ քայլին կգնան... Այնպես որ՝ այն, ինչ կատարում է Հայաստանի ղեկավարությունը, մի բառով կոչվում է դավաճանություն:

- ՀՀ նախագահը արդեն հայտարարել է, որ ազատագրված հողերը պիտի հանձնենք, ազերի փախստականները պիտի վերադառնան...

- Ինչ վերաբերում է՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» և նման կարգի հայտարարություններին, ապա այս հողը, ներառյալ ազատագրված հայրենի հողերը, միջազգային բոլոր օրենքներով պատկանում են մեզ: Այս տարածքները երբեք «Ադրբեջան» կոչվող պետության կազմում չեն եղել: Պարզապես մեր ղեկավարների քաջությունը չի հերիքում իրերը կոչել իրենց անուններով: Մի հարցնող լինի. քեզ ո՞վ է ստիպում, ինչո՞ւ ես աշխարհով մեկ դրանք անվանում «գրավյալ տարածքներ», «անվտանգության գոտի»... Ի դեպ, հայրենի հողը, հայրենիքն ինչպե՞ս կարող է անվտանգության գոտի կոչվել: Այդտեղ մեր հայրենակիցները, նրանց պապերն են ծնվել, դարերով ապրել: Մարդկանց ծննդավայրը, հայրենիքը գոտի՞ է... Հետո էլ հայտարարում ես, որ այն պիտի վերադարձնես թշնամուն: Աշխարհը գիտե, որ այն մերն է: Դո՞ւ ես ազատագրել, որ հիմա ուզում ես տալ թշնամուն:

Չեմ կարծում, որ պատերազմում հաղթած ժողովուրդը կարող է այն աստիճանի ոչխարանալ, որ թույլ տա իր երկիրը դնեն վաճառասեղանին: Եթե այս գործընթացը չկանգնեցվի, վերջը համազգային ապստամբություն է լինելու:

- Ու այս ամենը կոչվում է «ֆուտբոլային դիվանագիտություն»: Չնայած իրոք նմանություն կա՝ մեր երկիրը, մեր արժանապատվությունը փորձում են դարձնել ֆուտբոլի գնդակ: Որքան գիտեմ, Սփյուռքում ևս վատ են ընդունում այս ազգակործան գործընթացը:

- Մարդ ինչպե՞ս կարող է մոռանալ իր պապ ու տատերի, իր ծնողների թափած արյունը: Երբ հարազատներիդ, ազգականներիդ սպանողը երբեք չի ապաշխարհում, չի զղջում գործած ոճիրի համար, դու ի՞նչ իրավունքով ես գնում նրա մոտ և ժողովրդիդ անունից բարեկամության ձեռք մեկնում: Իսկ նա ասում է՝ սպանել եմ, լավ եմ արել: Մեր ղեկավարությունը բան է հնարել՝ «ֆուտբոլային դիվանագիտություն»...
Ընդհանրապես, կան բաներ, որ հնարավոր չէ փոխել՝ անկախ գիտատեխնիկական առաջընթացից, մարդկային հարաբերությունները չեն փոփոխվում: Դավաճանությունն ինչ դիմակի տակ թաքցնես, ուզում ես «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանիր, ուզում ես՝ մի այլ բան, մնում է դավաճանություն:

- Իսկ եթե ՀՀ ղեկավարը ստորագրի այդ փաստաթուղթը, ի՞նչ է լինելու, ի՞նչ է սպասվում դրանից հետո:

- Հայաստանի ղեկավարությունն այդ փաստաթուղթը ստորագրելով՝ տարածաշրջանում փաստորեն հրահրում է պատերազմ: Այս փաստաթղթով Ղարաբաղը դառնում է «անօրեն», և Ադրբեջանը լրիվ իրավունք ունի «կորսված տարածքները» ետ վերադարձնելու անվան տակ պատերազմ սկսելու Ղարաբաղի դեմ: Հայաստանին այլ բան չի մնում՝ կամ չեզոք դիրք պիտի գրավի, կամ պիտի միանա մեր ընդհանուր թշնամուն՝ իր «բարեկամ» Թուրքիային, որի հետ համաձայնագիր է ստորագրել: Հայաստանցիները եթե փորձեն միանալ և օգնել մեզ, աշխարհը նրանց անվանելու է ագրեսոր... Կարճ ասած՝ ՀՀ նախագահն ամեն կերպ պատերազմ է հրահրում:

N11, 2009



ՄԻ՛ ԾՌԵՔ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՊԱՐՈՆԱՅՔ 

«Գոլոս Արմենիի» թերթի սեպտեմբերի 8-ի համարում տպագրված պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանի «Վարդան Հակոբյան՝ գրողների միության նախագահ» վերնագրով հոդվածը Արցախյան շարժման ու պատերազմի շատ վետերանների, Ղարաբաղի վերջին երկտասնամյա պատմությանը շատ թե քիչ քաջածանոթ մարդկանց, մեղմ ասած, տարակուսանքի մեջ է գցել: Երևի թե այդ տարիների մասին տպագրված խեղաթյուրումների շարքում սույն հոդվածը երկար ժամանակ կմնա չգերազանցված: Տեղի սղության պատճառով անդրադառնանք կեղծումների միայն մի մասին:

Հոդվածի հեղինակը հայտնում է, թե իր հոդվածը գրել է «արխիվում պահպանվող նյութերի հիման վրա»: Հետաքրքիր է՝ դա ի՞նչ արխիվ է, որտե՞ղ է պահվում այդ արխիվը, որի հիման վրա պրոֆեսորը հայտնում է, որ "Вардан Акопян был не только поэтом, но и азатамартиком, политическим деятелем, интеллигентом, прошедшим весь путь страданий и героизма. Это он в начале января 1988г. вместе с поэтом Грачья Бегларяном направил в Москву письмо с требованием о воссоединении Арцаха-Карабаха с Матерью Арменией”.

Չգիտեմ ինչ նամակի մասին է խոսքը, բայց հիշեցնեմ, որ Մոսկվային ուղղված Արցախի մտավորականների հանրահայտ նամակը գրվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում: Ինքս այդ նամակի կազմման և ստորագրահավաքի մասնակիցներից եմ: Վ. Հակոբյանի անունը հաստատ առաջին 20-30 հոգու մեջ չկար: Անգամ հիշում եմ, որ առաջին երկու ստորագրողները Գուրգեն Գաբրիելյանն ու Գուրգեն Այվազյանն են եղել: Սկզբում խմբագրության այդ երկու վետերաններին ենք ստորագրել տվել, որպեսզի մյուսները համարձակություն ձեռք բերեն...
Օրերս ես զրուցել եմ արցախցի մի քանի պետական, հասարակական, քաղաքական գործիչների հետ. նրանցից ոչ ոք չի գտնում, որ Վարդան Հակոբյանը ազգային-ազատագրական պայքարի պիոներ է կամ քաղաքական գործիչ:

Բավական չէ, որ պատմաբանն արցախյան պատերազմի հետ երբեք առնչություն չունեցած մարդուն անվանում է «ազատամարտիկ», այնուհետև հայտնում է, թե 1988 թ. փետրվարի 20-ի հայտնի նստաշրջանի հրավիրման առաջարկությունը ներկայացրել են Վ. Հակոբյանն ու Արմո Ծատրյանը: Հետո, ըստ պրոֆեսորի՝ «Վարդան Հակոբյանն իր վրա է վերցրել արտակարգ նստաշրջանի կազմակերպման պատասխանատվությունը»:

Իր շքախմբով Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի ղեկավար Ք. Բագիրովը փորձել է կանխել արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ըստ պատմաբանի՝ "Предпринимались попытки либо заставить Вардана изменить свою позицию, либо запугать его. Однако его ответ был четким и отрицательным”. Հոդվածի հեղինակը, «արխիվային նյութերի հիման վրա» պատմում է, որ Վարդանը մոտեցել է խոսափողին... Եվ նրա խոսքերից հետո Բագիրովին այլ բան չէր մնում, քան հեռանալ նիստերի դահլիճից:

Այն մարդիկ, ովքեր իրոք զբաղվում էին նստաշրջանի կազմակերպման խնդրով, բարեբախտաբար, դեռ կենդանի են, և ես զրուցել եմ նրանց հետ: Նստաշրջանի կազմակերպման խնդրով զբաղվում էր Ռազմիկ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ նստաշրջանի նախագահ Վիգեն Հայրապետյանից բացի կար նաև նախագահի «պահեստային» տարբերակ, որ հայտնի է միայն իրեն: Ռ. Պետրոսյանը հավելեց, որ քվորում ապահովելու համար պատգամավորներից երկուսին անձամբ ինքն է բերել նիստերի դահլիճ:

Ըստ Հրանտ Աբրահամյանի, չնայած «Կռունկ» կոմիտեի նախագահը Արկադի Մանուչարովն էր, «խորհրդի բոլոր աշխատանքները փաստորեն կոորդինացնում էր» նրա տեղակալ Վարդան Հակոբյանը: "После того как 24 марта "Крунк" запретили, Вардан часто общался с населением области, посещал районы, выступал перед их жителями, призывал организовываться, создавать оборонительные отряды, вооружаться...”,- գրում է հոդվածի հեղինակը:
Ռազմիկ Պետրոսյանն ու Ռոլես Աղաջանյանը, ովքեր ժամանակին եղել են ոչ միայն ինքնապաշտպանության կոմիտեի անդամներ, այլև «Կռունկ»-ի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամներ, այնուհետև նաև ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներ՝ Արցախից, ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վետերաններ են (պահեստի գնդապետի և փոխգնդապետի կոչումներով), հայտնեցին, որ «Կռունկի» անդամներից միայն 4-5 հոգի էին տիրապետում ողջ ինֆորմացիային, իսկ իրականում բոլոր ծրագրերը կազմում և ղեկավարում էր Ինքնապաշտպանության շտաբը, որի կազմում էին Արկադի Մանուչարովը, Ռազմիկ Պետրոսյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Կարապետյանը... «Գործողությունների պլան կազմելիս մենք խորհրդակցում էինք նաև Վաչագան Գրիգորյանի, Բորիս Դադամյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասացին նրանք:

«Շշտաբը սկզբում գտնվում էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, ապա ներկայիս քաղաքապետարանի դիմացի շենքում, այնուհետև՝ Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում, որտեղ պատահական ու անվստահելի մարդիկ ելումուտ չունեին»,- ասում է Ռ. Պետրոսյանը:
Զրուցել եմ նաև այլ գործիչների ու ակտիվիստների հետ: Նրանցից ոչ ոք երբեք չի տեսել ու չի լսել, որ Վ. Հակոբյանը մեկնած լիներ Ղարաբաղի շրջանները՝ բնակչությանը «պաշտպանական խմբեր ստեղծելու կամ զինվելու» կոչ անելու: Թեկուզև այն պարզ պատճառով, որ այդ հարցով հատուկ մարդիկ էին զբաղվում և դա խիստ գաղտնի էր կատարվում, քանզի ամեն տեղ շրջում էին կագեբե-ի «ականջներ»:

«Չեմ կարծում, թե այդ հոդվածը տպագրելու նախաձեռնությունը պատկանում է Վ. Հակոբյանին: Համոզված եմ, որ նա տեղյակ էլ չէ դրան: Բայց քանի որ, իրենից անկախ, կանգնեցրել են զավեշտական փաստի առաջ, ապա, որպես ճանաչված և պատկառելի մտավորական, Վարդան Հակոբյանը, իմ համոզմամբ, անպայման հերքում կտպագրի նույն թերթում»,- ասում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, քաղաքական գործիչ Մաքսիմ Միրզոյանը:
Մի փաստ ևս. իմ բոլոր զրուցակիցները, ովքեր այդ տարիներին կալանավորվել ու բանտարկվել են, ժպտալով հարցրին. «Եթե ամեն ինչ Վարդանն էր անում ու կազմակերպում, ապա ինչո՞ւ մի անգամ էլ նրան չեն բանտարկել...»: Նրա անունը չկա նաև ԽՍՀՄ փլուզումից հետո պետանվտանգության արխիվներում գտնված շարժման կազմակերպիչների ու ղեկավարների ցուցակներում:

Հ. Աբրահամյանը սխալ է ներկայացնում նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհդին առնչվող հատվածն ու շարունակում. "Первым на сессии выступил депутат облсовета Вардан Акопян. Он предложил провозгласить область Нагорно-Карабахской суверенной республикой”.
Զրուցակիցներս հայտնեցին, որ Խորհուրդն ուներ համանախագահների կազմ, որի մեջ էին մտնում Վաչագան Գրիգորյանը, Վահան Գաբրիելյանը, Սեմյոն Բաբայանը, Արկադի Մանուչարովը (նա պատվավոր նախագահ էր համարվում), Հենրիխ Պողոսյանը (վերջինս հետո վերցրել էր իր թեկնածությունը): Հրանտ Աբրահամյանի հերոսը նախագահության քսան շարքային անդամներից մեկն էր միայն և նա, ըստ իմ զրուցակիցների, «չէր կարող այնպիսի հայտարարություններ անել, որի համար թե՛ իրավասու չէր, և թե՛ նրա ուժերից վեր էր»:

"8-9 мая 1992г. Вардан Акопян принимал активное участие в боевых действиях по освобождению Шуши”,- Հ. Աբրահամյանն այս տողերով է ավարտում իր հոդվածը:
Ճիշտն ասած, երևանաբնակ պրոֆեսորը, որ Վ. Հակոբյանի արժանիքներն ու ծառայությունները նշելու համար շարունակ վկայակոչում է երևանաբնակ մեր մեծերին (առավելապես՝ հանգուցյալ), լավ կլիներ փորձեր Երևանում բնակվող հանրահայտ «Կոմանդոսից»՝ Արկադի Տեր-Թադևոսյանից և ԼՂՀ ՊԲ նախկին զորահրամանատար ու ՊՆ նախարար Սամվել Բաբայանից ճշտել, թե Վ. Հակոբյանը ի՞նչ զորամիավորման կազմում էր «ակտիվորեն մասնակցում Շուշիի ազատագրման ռազմագործողությանը»:

Պարզապես հիշենք Իգոր Մուրադյանի խոսքերը. «Բարեբախտաբար, մենք բոլորս դեռ չենք մեռել...»: Այլապես մի օր կարող է «պարզվել», որ Կոլումբոսից առաջ, ասենք, Կիկոսը կամ Կիրակոսն արդեն հայտնաբերել էր Ամերիկան:

N11, 2009



ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԿԱԴՐԵՐԸ 

«Բռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար...»: Բայց դա ե՞րբ էր, է՜, Հովհաննես Թումանյանի օրերում, «մութ ու խավար» ժամանակներում: Եթե ճիշտն եք ուզում իմանալ, Սաքոն ոչ մի տեղ էլ չի փախել, թքել, դուրս է եկել էն մութ ու ձանձրալի ծմակներից, նստել առաջին պատահած ավտոբուսը և մեկնել մայրաքաղաք...

Հետո՞: Հետո ամեն ինչ եղավ այնպես, ինչպես դասագրքերից դուրս հայտնի է բոլորիս: Ականջը կանչի Միկիտան Սաքոյի... Հա, խոսքը հենց նույն այդ Միկիտան Սաքոյի մասին է, որին էն մորուքավոր վիպասան Պռոշյան Պերճը նկարագրել է զանազան տեսակի բացասական գծերով: Ուրեմն՝ հենց այդ նույն Միկիտան Սաքոն, այսինքն՝ Սարգիս Նիկիտիչը, մայրաքաղաքում մասնավոր համալսարան բացել, դիպլոմ էր վաճառում: Լոռեցի Սաքոն, քաղաք հասնելուն պես, մեկնեց ուղիղ Սարգիս Նիկիտիչի մոտ:
- Զեմլյա՛կ, ես ել եմ եկել,- ասաց,- ինչո՞վ կարող ես օգնել ինձ:

Սարգիս Նիկիտիչն ակնոցի վերևից զարմացած նայեց նրան, աչքերը ճպճպացրեց.
- Ա՛յ տղա, Սերգո, էդ դո՞ւ ես...
- Հա, ես եմ, բայց անունս Սաքո է:
- Զավա՛կս, Սաքոյի ժամանակները անցել-գնացել են: Այսօրվանից դեն կնետես վրան «խելագարի» պիտակ կպցրած գրական այդ տիտռիկ անունդ ու կդառնաս Սերգո Ավանեսիչ...

Աչքերը զարմանքից ճպճպացնելու հերթը հիմա էլ լոռեցունն էր.
- Սերգոն հասկացանք, բայց «Ավանեսիչն» ո՞վ է:
- Ա՛յ մարդ, հիմա ո՞վ է հիշում հորդ անունը: Գոնե դու հիշո՞ւմ ես: Չէ՛: Դե՝ ջա՛ն: Ուրեմն որպես հայրանուն կվերցնենք գրական կնքահորդ՝ Թումանյան Հովհաննեսի անվան ժամանակակից ձևը, կդառնաս Սերգո Ավանեսիչ: Օ քե՞յ...

- Դա ո՞վ է:
- Ախմախ, դա ով չէ, դա ամեն ինչ է: Հետո կսովորես: Հիմա ասա, տեսնեմ, սրանցից որն ես ուզում,- Սարգիս Նիկիտիչը մատնացույց արեց իր գլխավերևում լվացաթոկից կախած տարբեր ձևի դիպլոմները:
- Էն կարմիրն ավելի սիրուն է երևում...
- Կեցցե՛ս, լավ ճաշակ ունես: Ճիշտն ասած՝ դա թանկ է, բայց ոչինչ, փողը հետո կտաս...

Հետո տարիներ անցան: Մի օր էլ նախարար Սերգո Լոռեցյանը հանկարծ հիշեց, որ դիպլոմի փողը դեռ չի վճարել: Սելեկտորի կոճակը սեղմեց, քարտուղարուհուն հանձնարարեց «շտապ միացնել» Սարգիս Նիկիտիչի հետ:
- Ա՛յ տա, Սաքո՞, էսօր իմ հաշվին ես: Եվ հետո՝ քեզ բան պիտի տամ... Հիմար, չէ-չէ չանես... Ավտոս ուղարկե՞մ, թե...

Հա, շատ ճիշտ էլ հասկացել եք: Էդ նույն Սաքոն, լոռեցի Սաքոն մեկնել է մայրաքաղաք և նախարար դարձել... Հիմա նրա ձեռի տակին հարյուրավոր մարդիկ են ֆռֆռում: Դուք էլ նստել ու ողբում եք՝ խե՜ղճ Սաքո, տատի հեքիաթները հիշեց և էնքան միամիտ ու խավարամիտ էր, որ դրանից խելագարվեց, գնաց կորավ էն մութ ծմակներում...

Կամ՝ «Բաց արին տեսան գրած զակոնում, թե չոբան Չատին Սիբիր է գնում...»: Բարև ձեզ: Չէ՜ մի, Կամչատկա է գնում: Ախր, ի՞նչ գործ ունի ինչ-որ սիբիրներում, ի՞նչ չոռ ու ցավ է կորցրել էն օտար ծմակներում: Մեր ծմակներից դուրս եկել, ռուսի վայրենի անծայրածիր անտառները պիտի գնա՞ր... Ներողություն, մի քիչ սպասեք, հեռախոսը զանգում է...

- Այո, բարև ձեզ: Լսում եմ, Չատի Մատիևիչ... Այո, ճիշտ այդպես: Այդպես էլ կգրենք... Ուրեմն՝ հեկտարից ստացել ենք մեկ ամբողջ երեք տասնորդական ցենտներ բերք: Այո, հասկացա, թվերով գրեմ՝ 1,3 ցենտներ: Գրեցի... Իհարկե, դա շատ բարձր ցուցանիշ է... Այո, այո, լսում եմ: Շտապ գրեմ և ուղարկեմ բացբերան իդիոտների՞ն... Հա՛, հա՛, Չատի Մատիևիչ, կռահեցի, որ կատակով եք ասում, բայց ճիշտ եք ասում, նկատի ունեք լրատվամիջոցներին: Ճիշտ այդպե՛ս, եղա՛վ, պարոն նախարար: Ցտեսությո՛ւն...

Օ՜ֆֆ, սպասեք քրտինքս սրբեմ: Հասկացա՞ք, խոսում էի գյուղնախարարի հետ: Հա՛, հենց նույն Չատիի հետ, որին իբր Սիբիր են ուղարկել թե քշել... Տո՜, ի՞նչ Սիբիր, ի՞նչ բան, մարդը գնացել, ագրոնոմի բարձրակարգ դիպլոմ է ձեռք բերել, բարով-խերով նախարար է աշխատում... Հասկանո՞ւմ եք, մարդիկ արդեն ուղեծիր են ընկել, իրենց քեֆին պտտվում են՝ մի օր այս պաշտոնում են ֆռռում, մյուս օրը մի ուրիշ բարձր պաշտոնում: Ասում են, չէ՞... Այո, ժողովուրդն է ասում՝ «Տաշած քարը գետնին չի մնա»: Այնպես որ՝ հիմա իսկը և իսկը քարերի ժամանակներն են... Բոլոր չորս կողմերից՝ աջից, ձախից, ներքևից, վերևից և, ամենակարևորը՝ մեջից տաշած քարերի ժամանակնե՜րը...

Կամ մեր սիրելի Պետրոս Պողոսիչը... Հա՛, հենց նույն Քավոր Պետրոսը, որի մասին Րաֆֆին վերցրել ու մի մեծ վեպ է գրել, անունն էլ դրել «Խաչագողի հիշատակարան»... Ներողություն, ձեռիս հեռախոսն է զանգում, կինս է... Իմիջիայլոց, հիշեցնեմ, որ կողակիցս նշանավոր Էլիզբարովի ավագ դուստրն է, վարչության պետ է աշխատում... Իսկ Պետրոս Պողոսիչի և մյուսների մասին հաջորդ անգամ կպատմեմ...

- Այո, լսում եմ ձեզ, Ռոզալիա Անդրեևնա... Հա՛, վռազ վազեմ խանութ, հետո Արտուրիկին տանեմ երաժշտական, Սիրուշոյի և Մանուշոյի համար շարադրություններ գրեմ... Ճիշտ այդպես, Ռոզալիա Անդրեևնա...

Վ. ՕՎՅԱՆ
«Անալիտիկոն», N 7
N11, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՄԵՐ ՀՈՂԵՐՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ 
ԿԱՄ՝ ՄԵՐ ՄԵՋ ԱՍԱԾ... 

Վերջերս, երբ ՀՀ իշխանությունները սկսել են ավելի հաճախակի խոսել ազատագրված հողերի վերադարձման մասին, Արցախում բոլորս միաձայն ասում ենք՝ այդ հողերն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ: Անշուշտ, դա լավ է, որ Ղարաբաղում ազգովի փորձում ենք տեր կանգնել մեր պատմական հողերին, մեր ճակատագրին, ու վկայակոչում ենք հանրաքվեով ընդունված մեր հիմնական օրենքը՝ ԼՂՀ Սահմանադրությունը:

Երանի թե ամեն ինչ այնպես լիներ, ինչպես մենք ենք ցանկանում ու պատկերացնում: Ի վերջո, մի օր մեր ընդդիմախոսները բացելու են մեր վկայակոչածն ու կարդան «ազատագրված մեր հողերն ամրագրող» այդ հոդվածը: Այն է՝ «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»: (Հոդված 142):

Ահա մեր վկայակոչածը: Իհարկե, սա չեղածից լավ է: Լավ է, որ վերջում հիշել ու գրել են դա: Բայց ա՞յս է մեր «տղամարդու պատասխանը»: Չգիտես՝ լաս, թե խնդաս: Գերզգուշավորությամբ գրված բառեր, որ նույնիսկ ամոթ է մարդամեջ հանելը: Կարծես այն գրել է ոչ թե պատերազմում հաղթած, այլ պարտված կողմը: Ի՞նչ ասել է՝ «Մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը»: Այսինքն՝ ժամանակավո՞ր, մինչև «ճշգրտե՞ն» մեր սահմանները: Մինչևիսկ վախեցել ենք օգտագործել «պետական» անվանումը: Գրել ենք՝ «հանրային իշխանությունն իրականացվում է...»:

Ի դեպ, 2-րդ աշխարհամարտում պարտված Գերմանիան 1949 թ. ընդունած իր Սահմանադրության նախաբանում նշել է. «Գիտակցելով մեր պատասխանատվությունը Աստծո և մարդկության առջև, ոգևորված իրավահավասար անդամի ձգտմամբ դեպի միացյալ Եվրոպա, ծառայելով համընդհանուր խաղաղությանը, գերմանական ժողովուրդը, ելնելով իր սահմանադրական իշխանությունից, ընդունում է այս Հիմնական օրենքը...»: Այնուհետև թվարկել պատմական Գերմանիայի բոլոր տարածքների անունները, որտեղ ապրող գերմանացիները պիտի հաստատվեն ազատ ու միասնական Գերմանիայում: Եվ այդ Սահմանադրությունն առայսօր չի փոփոխվել:

Պատգամավորներից մեկն ասում է, որ առաջարկել էր գրել՝ «ԼՂՀ տարածքը միասնական է և անբաժանելի», բայց չի ընդունվել: Գոնե թվարկեին մեր ունեցած շրջանները, հավելելով՝ «ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող պատմական հողերով կամ տարածքներով» և այլն: Կարելի էր իրավաբանորեն հիմնավորված ավելի կոնկրետ ձևակերպումներ ընդունել, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք...

Ի դեպ, որպեսզի խոսքերս այլ կերպ չընկալվեն, ասեմ, որ երևի թե առաջինը, որ վկայակոչել է ԼՂՀ Սահմանադրությունը, ես եմ եղել, և այն «մայնդորֆյան հռչակագրի» ստորագրումից 3 օր հետո՝ 2008-ի նոյեմբերի 5-ին տպագրվել է Regnum-ում (www.regnum.ru/news/1079188.html), ապա արտատպվել տասնյակ ռուսական և հայկական լրատվամիջոցներում: Ազատագրված հողերի մասին խոսելիս վաղը դարձյալ վկայակոչելու ենք մեր Հիմնական օրենքը: Այլ ելք չունենք, ալեկոծ ծովի վրա օրորվող այս «տաշեղն» ենք թողել մեզ՝ կառչելու համար, որպեսզի մեր որոշ պաշտոնասեր անձինք իրենց լավ զգան երևաններում:
Ահա թե ինչու փաստել ու կրկին փաստում ենք, որ հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին: Փոխարենը՝ տեր կանգնեցին միայն երկրի նյութական հարստությանը:

N12, 2009



ՄԱՅՐԸ 

Մեր սիրելի ուսուցչուհու՝ Արփիկ Ալթունյանի մասին այս հոդվածը գրել եմ տարիներ առաջ, կրտսեր քրոջս՝ Նվարդի հետ:
Սա ընդամենը նախնական տարբերակն է: Որոշել էինք այն լրացնել նոր փաստերով և, վերջնական մշակումից հետո, տպագրել...
Բայց, ավաЇղ... Քրոջս անժամանակ մահը անավարտ թողեց մեր մտահղացումը: Երկար ժամանակ ես կարծում էի, թե չի պահպանվել թեկուզ կիսավարտ այդ նյութը: Եվ հանկարծ հրաշքով գտնվեց այն, որը և տպագրում եմ՝ առանց բառ իսկ փոխելու...

Այսօր Ստեփանակերտի փողոցներով քայլելիս, նայելով քո կողքով անցնող հարյուրավոր երիտասարդների ու միջին տարիքի մարդկանց, իրենց խոհերով տարված տատիկ-պապիկների ու բյուր երազներով լեցուն դպրոցահասակ երեխաների, նայելով փողոցների երկու կողմերով ձգված նորաստեղծ խանութներին ու ժամանակակից շինություններին, մի պահ մոռանում ես, որ տարիներ առաջ այս նույն փողոցներով կարող էիր անցնել՝ քո ճանապարհին հանդիպելով հազիվ տասնյակ մարդկանց՝ հոգնած, վշտահար ու գրեթե հուսահատ դեմքերի, իսկ փողոցի զույգ կողմերից կիսավեր, անապակի, հրդեհից սևացած բազում տեղերից արկ ու հրթիռներից խոցված շինություններն այնպիսի մռայլ ու ճնշող տպավորություն էին թողնում քեզ վրա, ասես անցնում ես հսկա գերեզմանոցի միջով...

Կարծես պատերազմական դաժան տարիները մնացել են յոթ սարերի հետևում, կարծես կողքովդ անցնող այս մարդիկ ամենևին էլ հոգս ու վիշտ չունեն: Սակայն, այնուամենայնիվ, այս մարդկանցից առնվազն հինգից երեքը պատերազմական այն տարիներին մեծ վիշտ է ապրել, նրանց հոգում պատերազմը մի սպի է թողել. նա զավակ է կորցրել կամ սիրած ամուսին, կորցրել եղբորը, հորը, հարազատին ու արյունակցին...
Դիմացից եկող ճերմակահեր, փոքրամարմին ու համեստ հագնված այս մայրիկը, բարի ժպտալով, բարևում է իրեն ճանաչողներին, երբեմն էլ նույն բարությամբ կարճատև մի քանի խոսք փոխանակում ոմանց հետ ու շարունակում ճանապարհը: Իսկ ճանապարհն այդ նրան տանում է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն, որտեղ վաղուց աշխատում է, սկզբում՝ հասարակական հիմունքներով:

Այդ բարի ու համեստ կինը Արփիկ Ալթունյանն է: Նրան ճանաչողները ոչ միայն հարգում ու սիրում են, այլև գլուխ են խոնարհում փոքրամարմին այդ կնոջ առջև: Շուրջ 50 տարվա աշխատանքային ստաժ ունի, որից 44-ը՝ մանկավարժական: Երկար տարիներ ֆիզիկա և աստղագիտություն է դասավանդել Ստեփանակերտի N 1 միջնակարգ դպրոցում: Ուներ երեք զավակ՝ Սերգեյ, Սամվել և Անահիտ: Ամուսինը՝ Վիլեն Թովմասյանը, մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է:

Հետո պատերազմ բռնկվեց Արցախ աշխարհում… Ազատագրական պայքարին կամավորագրվեցին հարյուրավոր, հազարավոր ղարաբաղցի երիտասարդներ, որոնց թվում էին նաև մեր ուսուցչուհու՝ Արփիկ Ալթունյանի որդիները՝ Սերգեյ և Սամվել Թովմասյանները:
Սերգեյը՝ տիկին Արփիկի ավագ որդին, ծնվել է 1959 թ. Ստեփանակերտում: Ստացել է բարձրագույն կրթություն, ծառայել է խորհրդային բանակում: Դեռ մանկուց նրան գրավում էր տուրիզմը: Եվ ահա, 1988 թվականին, երբ սկսվեց Արցախի ազգային-ազատագրական շարժումը, նա իր խմբով բարձրացավ Մռավ լեռնաշղթայի «Գյամիշ» բարձունքը և այնտեղ տեղադրեց հայոց եռագույն դրոշը: «Մարդ պետք է սիրի՛ իր ժողովրդին, իր հայրենիքը և ծառայի նրան սրտով ու հոգով»,- Ա. Նեկրասովի այս խոսքերն էլ նա դարձրեց կյանքի նշանաբան և այս խոսքերով կոչ արեց ընկերներին՝ մտնել ֆիդայական շարժման մեջ:

Սերգեյի ծնողները Ասկերանի շրջանի Կարմիր գյուղից են:
Ծնողներից լսել էր գյուղի հետ կապված մի տխուր պատմություն: 1920 թ. ձմռանը թուրքերը Կարմիր գյուղից 40 տղամարդու խաբելով՝ Շուշի են տարել՝ իբր թե այնտեղ կայանալիք ժողովին մասնակցելու համար, բայց գազանաբար սպանել են նրանց: Թուրքի նենգության ու դաժանության մասին հետագայում նա բազմիցս առիթ է ունեցել համոզվելու: Եվ Սերգեյը եղբոր՝ Սամվելի հետ Արցախյան գոյապայքարի ամենադաժան ու ծանր օրերին ռազմի դաշտում էր: Գիտակցելով գործի կարևորությունը՝ ծնողները երբևէ չփորձեցին իրենց զավակներին շեղել ճանապարհից:

1992-ի մայիսի 9-ն էր: Շուշի քաղաքը, որի անառիկ դիրքը թուրքերի կողմից օգտագործվում էր Ստեփանակերտը հրթիռահրետակոծելու համար, ազատագրվեց: Գրոհողների հետ առաջին գծում էր Սերգեյ Թովմասյանը: Այդ օրը նա շարքից հանեց S-72 տիպի մեկ տանկ, զրահամեքենա և զինվորական ավտոմեքենաներ: Վիրավորվելով ձախ թևից և ձախ ոտքից՝ նա չհեռացավ մարտադաշտից, վիրակապվելուց հետո շարունակեց գրոհը դեպի Շուշիի հայաստանյան դարպասը:
1992 թ. ամռանը մասնակցեց նաև Մարտունու շրջանի պաշտպանական մարտերին: Շուտով իր վաշտով տեղափոխվեց Մարտակերտի շրջան, որտեղ կատաղի մարտեր էին մղվում՝ թշնամուն շրջանի տարածքից հետ շպրտելու համար: Երբ ազատագրվեց Հակոբ Կամարին, նրա հյուսիս-արևելք ընկած բարձունքում վիրավորվեց: 1992-ի հուլիսի 31-ը նրա կյանքի վերջին օրը եղավ. հոսպիտալում վիրահատության ժամանակ Սերգեյը մահացավ:

Սերգեյ Թովմասյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրության համար» ու «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով:
«Ռադիոկապը բանակի գլխավոր ուժն է, ուստի, պետք է գործի անխափան»,- սիրում էր կրկնել Սամվել Թովմասյանը: Նա ծնվել է 1961-ին՝ Ստեփանակերտում, որտեղ էլ ստացել է միջնակարգ և բարձրագույն կրթություն, ծառայել է խորհրդային բանակում: Երբ սկսվեց արցախյան պատերազմը, դարձավ գումարտակի կապի պետ: Ռադիոկապի միջոցով հաջողությամբ որսում էր թշնամու հաղորդած տեղեկությունները, ձայնագրում, ճշտում տեղանքը: Մասնակցել է Քաշաթաղի և Մարտակերտի շրջանների ազատագրության համար մղվող մարտերին: Քանի որ կապավոր էր, մարտերին մասնակցում էր որպես կամավոր:

1993 թ. մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղի ազատագրումից հետո զորամաս վերադառնալիս, ականի պայթյունից ավերվեց այն մեքենան, որի մեջ էր նաև Սամվելը: Նրա աճյունն ամփոփված է Ստեփանակերտի գերեզմանատանը՝ եղբոր՝ Սերգեյի կողքին, որը նույնպես զոհվել է Հակոբ Կամարի գյուղի ազատագրման ժամանակ: Մարտադաշտում ցուցաբերած քաջագործությունների համար հետմահու արժանացել է պետական պարգևի:
ԼՂՀ երկրորդ նախագահի հրամանագրով Սերգեյ եւ Սամվել Թովմասյանների մայրը՝ Արփիկ Ալթունյանը, պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Մեր լեռնաշխարհում վաղուց լռել են թնդանոթները… Այսօր մեր ժողովուրդը կանգնած է փխրուն խաղաղության և հնարավոր պատերազմի սահմանագծին: Ի՞նչ է սպասվում մեզ վաղը… Չգիտենք: Այնինչ՝ կյանքը շարունակվում է: Դժվար է ասել, թե ամեն Աստծո օր ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների ընկերության գրասենյակ ոտք դնելիս և արցախյան ազատամարտում մարտիրոսված երկու որդիների լուսանկարները նայելիս ինչ զգացումներ են համակում Արփիկ Ալթունյանին: Գուցե նրան սփոփում է այն միտքը, որ երկու որդիների ընդհատված կյանքը շարունակվում է նրանց զավակների մեջ: ՈЇվ գիտե… Գուցե զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող թանգարանում կախված մեր քաջորդիների մեծադիր լուսանկարներն ապրեցնում, հույս և հավատ են ներշնչում նրան՝ հավաստելով, որ նա ՄԱՅՐ է, տառապանքի խառնարանում թրծված և արժանապատվորեն իր խաչը կրող իսկական մայր…

ՆՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
N12, 2009



ՉԱՐԻ ՎԵՐՋԸ 

Շաղգամ Սապոկյանը բյուրոկրատ է: Ամենատիպիկ բյուրոկրատ՝ ճարպակալած փորով, մեծ գլխով ու կովի աչքերով: Երեսուն տարի ինչ-որ կազմակերպություն է ղեկավարում, և այդ երեսուն տարում ինտրիգներ սարքելով, մարդկանց իրար դեմ լարելով, նա պաշտպանել է իր աթոռը: Տարիների վրա տարիներ են գումարվել, և ժամանակի ընթացքում աստիճանաբար աճել ու զարգացել է Շաղգամ Սապոկյանը. նախ մեծացել է գլուխը, հետո խոշորացել է նստատեղը, իսկ վերջինիս չափերով պայմանավորված, սկզբում նրա համեստ աթոռը դարձել է մեծ աթոռ, այնուհետև՝ լայն ու շքեղ բազկաթոռ:

Տարիների հետ բացվել է Սապոկյանի ախորժակը: Նախ կերել ու ամայացրել է իր աթոռի մերձակայքը, ապա՝ մերձավոր շրջակայքը և, ի վերջո, մի օր նա զարմանքով նկատել է, որ իր ղեկավարած կազմակերպությունում այլևս ուտելու բան չի մնացել:
Նա դարձել էր արգելափակոց՝ ամեն լավի ու առաջադիմականի, ամենայն լուսավորի ու գեղեցիկի դեմ: Նա նմանվում էր ճամփամիջին ընկած անճոռնի մի կոճղի, որի կողքով կամ անհնար էր անցնել, կամ եթե հաջողվում էր անցնել, ապա հնարավոր չէր չկեղտոտվել: Ինչպես մոլախոտ, նա խլում էր ողջ կենդանի շրջապատի լույսը, օդն ու սնունդը...

Այդ օրը, երբ Սապոկյանը պարզեց, որ այլևս ուտելու բան չի մնացել, մյուս կողմից էլ՝ չափազանց շատ ուտելուց վաղուց չի կարողանում կերածը մարսել, ոտքերը տնկել ու հոգին ավանդել է: Լուրն այնպիսի արագությամբ ու թեթևությամբ տարածվեց քաղաքով մեկ, կարծես Սապոկյանի հետ երբևէ գործ ունեցած հարյուրավոր քաղաքացիներ ազատվել են կապանքներից: Ու նրանք, իրար ձեռք սեղմելով, ուրախ-զվարթ ասում էին՝ աչքդ լո՛ւյս...
Մինչ կազմակերպության անդամները քչփչալով մտորում էին, թե ինչպես կազմակերպեն հանգուցյալի հուղարկավորությունը, Սապոկյանի հավատարիմ ծառաներից մեկը բռունցքը խփեց սեղանին ու գոչեց.

- Այնպես եք իրարով անցել, ասես մարդ է մեռել... Հրեշը ոտքերը տնկել է, և դա ամենաճիշտ քայլն է նրա ողջ կյանքում...
Եվ սկսվեЇց: Սապոկյանի հակառակորդները մինչ զարմանքով իրար էին նայում, նրա մերձավորները, երբեմնի ընկեր-բարեկամներն ու զինակիցներն արդեն մոլեգնած գոռում էին.
- Նրա տիրումե՛րը... Այդ տականքը զրպարտություններ էր գրում և մեզ ստիպում տակը ստորագրել,- ասաց հանրահայտ «Մաուգլի» մուլտֆիլմից «Շակալ» մականունը ստացած մեկը:
- Միայն դա չէ, նրա համար ոչ մի սրբություն գոյություն չուներ,- բղավեց ճերմակահեր մի տղամարդ:- Աչքածակը դատարկ դագաղ տեսներ, իսկույն կմտներ մեջը: Իր չեղած արժանիքների մասին հոդվածներ էր գրում, մեզ ստիպում տակը ստորագրել և թերթերում տպագրել...

- Այդպիսիներին թաղելն անգամ մեղք է,- բացականչեց ճմրթված մի դեմք:
- Ընդհակառակը՝ մեծագույն հաճույք է: Աչքերիդ մեջ նայելով խաբում էր և երդվում զավակների արևով,- գոչեց Սապոկյանի ողորմելի տեսքով ընկերներից մեկը:- Մահը նրա համար փրկություն էր: Որոշել էի այս երկու օրը այդ սրիկայի դիմակը պատռել... Ստահակի բախտը բերեց:
- Երանի ծնված էլ չլիներ,- ծվծվաց կարճ շրջազգեստով մի օրիորդ,- անամոթը մի անգամ մագնիտաֆոնը միացրել է, աշխատասենյակի դուռը ներսից կողպել և ինձ առաջարկել պարելով հանվել...

«Շան քած, հետը պառկել է, հիմա հրեշտակ է ձևանում»,- մտքում ասաց խոշոր աչքերով մի կին, հետո թեքվեց դեպի օրիորդը: «Սիրելիս, լավ ես արել, որ չես հանվել: Այդ խոզը շարունակ փորձում էր մարգարիտներ գցել իր ձեռքը»,- ասաց նա, «մարգարիտներ» ասելով, նկատի ունենալով նաև իրեն:
- Այդ էր պակաս, որ հանվեի,- միանգամից կարմրելով, պատասխանեց Կարճ շրջազգեստը:
- Նա մարդ չէր, անկուշտ հրեշի մեկն էր: Ավազակն ամեն ինչ սեփականացրել, լափել է...

Վերջին ձայնը դեռ չէր լռել, երբ բացվեց Շաղգամ Սապոկյանի առանձնասենյակի դուռը: Աղմկարարները վախեցած ձայները կտրեցին, կարծելով, թե Սապոկյանը կենդանացել է: Նրան «հրեշ» անվանողն այն է, ուզում էր բղավել՝ «Կեցցե՛ Շաղգամ Սապոկյանը», սակայն այդ պահին դռների մեջ երևաց դիահերձող բժիշկը, և գունատված ամբոխն ազատ շունչ քաշեց: Բժիշկն ակնոցը հանեց, քրտնած ճակատը թևքով սրբեց ու ասաց.

- Իմ երեսնամյա պրակտիկայում սա աննախադեպ բան է... Տարիներ շարունակ նստած լինելով այդ բազկաթոռին, հանգուցյալն այնպես է կպել նրան, որ հնարավոր չէ մարդն ու աթոռն իրարից անջատել: Մյուս կողմից՝ նա այնքան շատ է կերել, որ չենք կարող փորոտիքը մաքրել. գարշահոտությունը կբռնի ողջ երկիրը... Պարոնայք, բժշկությունն այստեղ անելիք չունի: Այս՝ դուք, այս էլ՝ ձեր մեռելը: Ուզում եք՝ բազկաթոռով թաղեք կամ դամբարան սարքեք, դրան դրեք մեջը, ուզում եք՝ արտասահմանից ուրիշ մասնագետներ հրավիրեք...

Սապոկյանի թաղման հանձնաժողովը չորս օր, չորս գիշեր նիստ ու խորհրդակցություններ գումարեց և, ի վերջո, որոշեց.
«Քանի որ հանգուցյալի մարմինն այնպես է կպել աթոռին, որ մարդ ու աթոռ մի ամբողջություն են դարձել,
մյուս կողմից՝ քանի որ կազմակերպության նոր նախագահը հազիվ թե ցանկություն ունենա նստել ամբողջովին աղտեղված այդ բազկաթոռին,

երրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալի ծավալները թույլ չեն տալիս նրան շենքից դուրս բերել և, վերջապես,
չորրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալը, կարող է զանազան անցանկալի համաճարակի պատճառ դառնալ, նպատակահարմար ենք համարում այդ մարդ-բազկաթոռը հաստ շերտով ցեմենտապատել, բրոնզագույն ներկել և դարձնել արձան:
Որպես պատվանդան՝ օգտագործել նրա շքեղակազմ հաստափոր գրքերը, որոնք, մի քանի վարձակներից բացի ուրիշ ոչ ոք չի կարդացել: Զանազան զարտուղի ճանապարհով ստացած մեդալ-շքանշանները վերաձուլել, կրծքանշաններ սարքել երեխաների համար: Իսկ աշխատասենյակն անվանել՝ Բյուրոկրատի տուն-թանգարան...»:

* * *
Բյուրոկրատի արձանն այսօր էլ կա: Որտե՞ղ է այն: Ձեր մեջ: Ձեր մեջ է այն, պարոնայք բյուրոկրատներ, ու քանի դուք կաք, ապրելու և փոխանցվելու է նոր սերունդների:
Բյուրոկրատիան անմա՞հ է: Գուցե անմահ է, բայց երբ մարդ ազատ է ու իրեն զգում է որպես իր երկրի Տերը, նրա մերձակայքում ու շրջապատում չի կարող բյուրոկրատ լինել:

N12, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՄԵՐ ՈՒՂԵԾԻՐՆ ՈՒՐԻՇ Է 

«Մեզ համար գլխավորը ոչ թե երկրի պաշտպանությունն է, այլ ինչքան կարելի է՝ իշխանությունը ձեռքներումս երկար պահելը»։ Երևի թե փորձում եք կռահել կամ, ըստ ձեզ, արդեն կռահել եք, թե ով է այս խոսքերի հեղինակը։ Բայց, ստիպված եմ հիասթափեցնել. այս խոսքերի հեղինակը անցյալ կամ ներկա հայ նախագահները չեն, և ոչ էլ հայկական պետությունների բարձրաստիճան որևէ այլ պաշտոնյա։ Այս խոսքերը վերցված են սերբ գրող Ռադոյե Դոմանովիչի ավելի քան 100 տարի առաջ գրված «Ստրադիա» վիպակից։

Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հայկական մեր լեռնաշխարհն իր տեսակի մեջ եզակի է, չարաչար սխալվում են։ Հայոց լեռներում ստեղծված պետական-կլանային համակարգը՝ բարեկամական-ազգակցական կապերով իրար շաղկապված եզակի կադրերով, ովքեր վերջին 20 տարում մի կերպ սովորել են իրենց անուն-ազգանուններն անսխալ կամ նվազագույնս քիչ տառասխալով գրելը, ամենևին նորություն չէ պատմության համար։ Ազգերի մի մասն իրենց պատմության ընթացքում երևի թե ունեցել կամ ունենում են «զավեշտա-ողբերգական» ժամանակներ, սակայն հետո հաղթահարում են այն ու, սովորելով հնի սխալների վրա, փորձում իրենց հնարավորության սահմաններում քաղաքակիրթ երկիր կառուցել։

Բայց մեր եզակիությունն այն է, որ մենք երբեք չենք կարողանում դասեր քաղել անգամ ոչ հեռավոր անցյալի սխալներից։ Մեզ համար պատմությունը մշտապես կրկնվում է։ Մենք Աստծո ստեղծած բացառիկ այն ազգերից (ավելի ճիշտ՝ ազգն) ենք, որ մշտապես վատ է ապրում, շարունակ կորուստներ է տալիս, ցեղասպանության է ենթարկվում, հայրենիք է կորցնում, աստիճանաբար սեղմում-օղակում իր մեծ կենսատարածք-հայրենիքից մնացած մի բուռ հողը, բայց սիրով մշտապես կրկնում է ճակատագրական իր սխալներն ու մեղավորներ փնտրում սահմանից այնկողմ։ Նաև եզակի այն ազգն ենք, որ հայրենիքից դուրս երիցս ավելի շատ հայրենակիցներ ունենք, քան սեփական ազատ ու անկախ հայրենիքում։

Բազմադարյա մեր պատմության ընթացքում Մեծն Տիգրանից երկհազարամյակ հետո հայն առաջին անգամ հող է նվաճել-ազատագրել, Արցախ-Ղարաբաղ է ազատագրել։ Բայց արի ու տես, որ դա ոչ մի կերպ չի տեղավորվում մարդու հայ տեսակի ուղեղի ծալքերում։ Մշտապես լաց ու ողբի սովոր հայը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ վերջապես մի անգամ հակառակորդին, դարավոր թշնամուն ստիպել է ողբալ ու ոռնալ կորցրածի ցավից։ Ու շարունակ մտածում է, թե ոնց ազատվի իր պատմական գորշության վրա հայտնված «սպիտակ ագռավից»...

Օգնության եկավ նման դեպքերում իր գործը «հիանալի» կատարող հայ դիվանագիտությունը։ Ավելի ճիշտ՝ ազգը ծոցում տաքացրեց-մեծացրեց իր մտավոր կաղ ու անկյալներին, քաղաքագետի, դիվանագետի պաշտոն տվեց ու ասաց. «Մեզ վերադարձրե՛ք մեր դիմանկարը»։ Վերջիններս առայժմ փայլուն են կատարում իրենց գործը։ Ժողովուրդը կամաց-կամաց չվում է «տաք երկրներ», Արցախ կոչվածի ճակատագիրը սեփական ձեռքերով լիովին հանձնել ենք քաղաքական աճպարարների ողորմածությանը, Հայաստանի մի մասը սեփականել են հայրենի օլիգարխները, մյուսը տվել ենք «ռազմավարական մեր դաշնակցին», մնացյալի վրա վաղուց աչք ունեն Օսմանի թոռները, և եթե «սահմանի բացում» օպերացիան հաջողությամբ պսակվի, մեր երկրում կրկին տոն է լինելու, ոմանց գրպաններում փողի ավելի մեծ կապոցներ են լինելու, ժողովուրդը... Բայց հետաքրքիր է, նա որտե՞ղ է լինելու... Ի դեպ, ասում են՝ Մարսի վրա առայսօր հայկական գաղթօջախ չկա...
Տխուր է, ծիծաղելի, զավեշտական թե ողբերգական, մեր իրականությունն ու կյանքն արբանյակի պես պտտվում է դրանց միջև և, կարծես, իր «ուղեծրից» դուրս գալու ոչ մի ցանկություն չունի։ Ասում են՝ մերն ուրիշ է։ Թե՞ մերն ուրիշինն է։ Այդ թվում՝ հողը...

N13, 2009



ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ 

Հաշված օրեր են մնացել մինչև Նոր տարի։ 2010-ն արդեն շեմին է։ Մի վերջին անգամ վերհիշենք՝ ի՞նչ ակնկալիքներ ունեցանք 2009-ից և ի՞նչ ստացանք։ Ոմանց սպասելիքներն արդարացան, տեր դարձան՝ ինչին սպասում էին, ոմանք ձեռք բերեցին ավելին, որ երազում անգամ չէին պատկերացնում։ Շատերն իրենց չիրականացած ծրագրերն ու երազները քարշ են տալու 2010՝ հուսով, որ գոնե այդ թվականը բարեհաճ կգտնվի իրենց հանդեպ։

Իսկ ի՞նչ ստացավ ազգն ընդհանրապես, նորանկախ մեր հանրապետությունն ի՞նչ ձեռքբերում ունեցավ։ Դժվար հարց է, որովհետև, առնվազն վերջին տասնամյակում, ցավոք, տարբեր հարթություններում են հայտնվել Ժողովուրդ, Պետություն, Հայրենիք հասկացությունները... Համենայն դեպս, նշածս ձեռքբերումը ես չեմ տեսնում, իմ տան լուսամուտից այն տեսանելի չէ, հարևանիս, ընկերոջս ու բարեկամիս պատուհաններից ևս տեսանելի չէ այն։ Մեր երկրի ճակատագիրը դեռևս փորձում են լուծել մարդիկ, ովքեր դրա իրավունքը չունեն, որոնց մենք չենք լիազորել մեր Կենաց հարցը որոշելու...

Բայց խոսենք ամանորյա մեր ակնկալիքների մասին։ Ի՞նչ է մեզ համար բերելու 2010-ը։ Աննշան բացառությամբ երևի թե այն, ինչ մեզ համար բերել են 2009-ը, 2008-ը կամ 2007-ը։ Ընդհանրապես՝ յուրաքանչյուր տարի մեզ համար բերում է այն, ինչին արժանի ենք (անշուշտ՝ ան-նշան բացառությամբ)։
Ասում են՝ խնձորն ինքն իրեն ծառից չի ընկնում, իհարկե, եթե որդնած կամ փտած չէ։ Այն պարզապես պետք է վայր գցել կամ մագլցել ծառն ու քաղել։ Այնպես որ՝ եթե ոչ ամեն ինչ, գոնե շատ բան մեզնից է կախված։ Եթե տեր կանգնենք մեր արժանապատվությանը, մեր իրավունքներին ու մեր երկրին, եթե ոչ 2010-ին, ապա հաջորդ տարի ստանալու ենք այն, ինչին արժանի ենք...

«ՆՈՐ ԷՋԸ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
ՁԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ, ԱՄԵՆԱՅՆ ԲԱՐԻՔ ՁԵԶ ԵՎ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ՕՋԱԽՆԵՐԻՆ։
N13, 2009



ԱՎՏՈՇԱՐԱՍՅԱՆ ՈՌՆՈՑՈՎ ՀԻՇԱՏԱԿ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ 

Վերջերս Ստեփանակերտի Բաղրամյան փողոցը ներառող թաղամասի տասնյակից ավելի բնակիչներ, Արցախյան պատերազմում նահատակված զինվորների ծնողների ու բարեկամների, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքացիների անունից նամակ-դիմում են գրել ԼՂՀ իշխանություններին, մասնավորապես Ստեփանակերտի քաղաքապետ Վ. Միքայելյանին։ Նամակում իշխանությունների աշադրությունն են հրավիրել մեզ մոտ արդեն ավանդույթ դարձած մի այլանդակ երևույթի վրա։ Այն է՝ երբ ավտոմեքենաների ազդականչերով նորապսակներին քաղաքով մեկ ուղեկցում և ավտոշարասյան զիլ ազդականչերով մեկնում են Հուշահամալիր՝ պատերազմի նահատակների «հիշատակ հարգելու»։

Այդ այլանդակ երևույթի մասին բազմիցս գրվել է թերթերում, հաղորդվել հանրապետական ռադիոյով ու հեռուստատեսությամբ, սակայն հայկական ավանդական հարսանքի հետ կապ չունեցող, մեղմ ասած, խուլիգանությունը դեռ շարունակվում է...
«Հարգարժան քաղաքապետ, հարգելի իշխանություններ, մենք կրկին անգամ դիմում ենք Ձեզ և խնդրում միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը խախտողներին, մարդկանց հանգիստը խաթարողներին և ավտոմեքենաների վայնասունով նահատակների հիշատակը անարգողներին օրենքով կարգի հրավիրելու,- գրված է նամակ-դիմումի մեջ։- Մեր քաղաքում ոչ միայն ուրախություններ են լինում, այլև, ցավոք, լինում են նաև ծանր մարդկային կորուստներ։ Ինչպես ասում են՝ աշխարհի օրենքն է՝ ուրախությունն ու տխրությունը մշտական ուղեկիցներ են։ Որքանո՞վ է բարոյական, երբ հարազատները ննջեցյալին, իրենց սիրելիին վերջին հրաժեշտն են տալիս, ընտանիքով, բարեկամներով սգի մեջ են, իսկ այդ նույն պահին նրանց պատուհանի տակով, ավտոմեքենաների «սիրենաները», ազդականչերը միացրած, վայրենի աղմուկով անցնում է ավտոշարասյունը, արժանանալով սգավորների ոչ միայն անեծքին...»։

Նամակի հեղինակներից մեկը, զոհված ազատամարտիկի ծնող, Բաղրամյանի թաղային կոմիտեներից մեկի ղեկավար Յաշա Ղազարյանը մեզ հայտնեց, որ Ստեփանակերտի քաղաքապետից պատասխան է ստացել, որտեղ մասնավորապես հայտնվում է, որ «հասարակական վայրերում լռության խախտումը, ներառյալ ձայնային ազդականչեր տալը, ԼՂՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված է որպես վարչական իրավախախտում այն դեպքում, եթե նշված վարքագիծը դրսևորվում է գիշերը (ժամը 22-ից մինչև 6-ը)»։
Քաղաքապետի պատասխանում ասվում է նաև՝ «Ինչ վերաբերում է ձայնային ազդականչերին, ապա դրանք կարող են կիրառվել միայն ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան», որոնց խախտման դեպքում «զանցառուներին պատասխանատվության ենթարկելու իրավասու են ՆԳ մարմինները, որոնց հետ կհամագործակցվի բարձրացված հարցի լուծման համար»։

Քաղաքացիների նամակից ու քաղաքապետի պատասխանից մեջբերված տողերից պարզ երևում է, որ մայրաքաղաքի բնակիչների բողոքն ու ստացված պատասխանը, մեղմ ասած, տարբեր բաների մասին են։ Բացի նրանից, որ օր ցերեկով պարբերաբար հասարակական կարգ ու երթևեկության կանոններ են խախտում, խնդիրը նաև բարոյական ուղղվածություն ունի. վերջապես որքանո՞վ է ընդունելի ավտոմեքանաների շչակների աղմուկ-ոռնոցով Արցախյան և Մեծ հայրենական պատերազմների զոհերի «հիշատակ հարգելը»։ Այդ մեքենավորներն, արդյո՞ք, նույն ոռնոցով այցի են գնում իրենց հարազատների շիրիմներին...
Յաշա Ղազարյանը մեզ հայտնեց, որ իրենց նամակը տպագրվել է հանրապետական մամուլում, խնդրի մասին հաղորդվել է նաև Արցախի հեռուստատեսությամբ, ինքը կրկին եղել է քաղաքապետարանում, բացատրել խնդրի էությունը, խոստացել են մոտ ժամանակներս նորից անդրադառնալ իրենց նամակ-դիմումին։

N13, 2009



ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ 
ՆԱՄԱԿԸ ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 

Երկար ժամանակ մտածում էինք, թե ինչպես մեր ձայնը լսելի դարձնենք Ձեզ, և վերջը, մեր պատմական հանրաքվեի ու նորանկախ մեր երկրի Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշեցինք գրել այս տխուր նամակը։
Պատերազմից մոտ 16 տարի է անցել, մեզնից հետո նոր սերունդ է ծնվել, որ միայն պատմածներից ու գրքերից է պատկերացում կազմում մեր մասին։ Արցախում շատ բան է փոխվել այդ տարիներին. Ստեփանակերտն ավելի է գեղեցկացել, նոր շինություններ են ավելացել, աճել բազմաթիվ մեծ ու փոքր խանութներ։ Դրան զուգահեռ, դատարկվում են հայրենի գյուղերը։ Մենք սրտանց ուրախ ենք ամենայն լավի համար, միաժամանակ, խոր ցավ ենք ապրում կյանքում տեղ գտած վատ երևույթների առատությունից։ Բայց, խոսենք մեզ համար ամենացավոտ խնդիրների մասին։

Ամեն տարի տոն օրերին Դուք բոլորդ հիշում եք մեզ. գալիս, ծաղիկներ եք դնում Հուշահամալիրի դեռևս խորհրդային տարիներին Մեծ հայրենականի նահատակների հիշատակին պատրաստած, հսկա անիվ հիշեցնող սև ծաղկեպսակի վրա և գնում ձեր գործին։ Ի՞նչ խոսք, կյանքը շարունակվում է։ Բայց հետո, ձեզնից հետո, ոչ միայն տոն ու հիշատակի օրերին, այլև մեր ծննդյան ու մահվան օրերին կամ հենց այնպես, հոգու և սրտի թելադրանքով մեզ այցի են գալիս մեր հարազատները, թարմ ծաղիկներ դնում մեր շիրիմներին և իրենց հետ շշերով ու դույլերով բերած ջրով մաքրում շիրմաքարերին գոյացած փոշին, սափորների և ծաղիկներ դնելու համար նախատեսված այլ տարաների մեջ ջուր լցնում, որպեսզի ծաղիկներն ավելի երկար պահպանվեն...

Հարգարժան պարոնայք, բայց մի՞թե չէր կարելի այս մեկևկես տասնամյակում մեր հիշատակին մի համեստ հուշաղբյուր կամ սովորական ծորակ սարքել Հուշահամալիրում, որպեսզի արդեն տարիքն առած մեր ծնողներն ու հարազատները քաղաքի տարբեր ծայրերից ջրամաններն առած չայցելեն մեզ։ Լինում են դեպքեր, որ արևի տապին մեզ այցի եկած մեր հարազատներն իրենց վատ են զգում, բայց շրջապատում ջուր չկա, որ թրջեն իրենց չորացած շուրթերը։ Ի դեպ, խորհրդային տարիներին և դրանից հետո մի որոշ ժամանակ գործում էր Հուշահամալիրի շատրվանը, ջուրը խայտալով լցվում էր ջրավազանները, և ջրի մեղմ կարկաչն ասես արձագանքվում էր մեր հոգում, մեզ ստիպում խորհել ասես ջրի պես եկած-անցած մեր տարիների ու կյանքի խորհրդի մասին։ Այսօր այդ ջրավազանները քարուքանդ են արված, իսկ նախկին շատրվանը դարձել է սովորական մի անշուք քարաբեկոր...

Հուշահամալիրում մի ժամանակ կային նաև էլեկտրական լամպեր, որ վառվում էին երեկոյան ժամերին ու գիշերները։ Գիշերային խավարն այսօր ձեռնտու է միայն նրանց, ովքեր ուշ ժամերին այստեղ են գալիս՝ ռազբորկաների համար կամ նստոտում քարերին, գռեհիկ անեկդոտներ պատմում ու քրքջում։ Լավագույն դեպքում, ոմանք էլ ուշ ժամերին Հուշահամալիր են գալիս իրենց սիրախաղերի և, աստված գիտե, թե էլ ինչի համար, չհասկանալով, որ Հուշահամալիրը, հանգստարանը, որտեղ մեր հավերժական հանգիստն ենք անցկացնում մենք, զբոսավայր կամ պուրակ չէ...

Սակայն մեզ ամենամեծ տհաճությունը պատճառում են բոլոր նրանք, ովքեր հարսանքավոր ավտոմեքենաների աղմուկ-ոռնոցով գալիս են այստեղ, իբր թե մեր հիշատակը հարգելու, բայց իրականում՝ այստեղ լուսանկարվելու համար, չհասկանալով, որ հիշատակը ոչ թե աղմուկով, այլ լռությամբ են հարգում, անկեղծ սրտով ու հոգով... Իրենց թանկարժեք ավտոմեքենաների ոռնոցներով նրանք շարունակ խաթարում են մեր հանգիստը, սղոցում են նաև մեր մայրերի, հայրերի, քույր ու եղբայրների նյարդերը... Բարեբախտաբար, մեզ այցելում են նաև ազնիվ ու համեստ նորապսակներ, առանց ճոխ ավտոմեքենաների զազրելի ձայների։ Մենք ուրախ ենք նրանց համար, քանզի հենց նրանք պիտի իրականություն դարձնեն մեր կիսատ երազները...

Զոհված ազատամարտիկների հարազատների միության ջանքերով ստեղծված թանգարանում, լսել ենք, ինչ-որ մեկը, որ մեր կյանքի ու արյան գնով ստեղծված երկրում փափուկ պաշտոն է զբաղեցնում, նայելով պատից կախված մեր լուսանկարներին, Գալյա մայրիկին առաջարկել է «հանել դրանք, որովհետև ճնշում են...»։ Ի՞նչ ասենք, նմաններին խորհուրդ ենք տալիս այլևս չայցելել նման «ճնշիչ» վայրեր, որտեղ պահվում են մեր անձնական իրերը, մասունքներն ու այն ամենը, որ հիշեցնում է մեր ազգային-ազատագրական պայքարի՝ մեր պատմության լուսավոր էջերից մեկի մասին։ Նրանք, ավելի լավ է, փոխարենը հաճախակի զբոսնեն մայրաքաղաքում բուսած շքեղ պալատների, դղյակների ու ապարանքատիպ առանձնատների շուրջ, որոնք ամենևին չեն ճնշում...

Մենք գիտենք, լսել ենք՝ ուրախության ու տխրության սեղաններին գրեթե միշտ հատուկ կենացով հիշում եք մեզ, ցավոք, երբեմն որպես հերթական պարտականություն։ Սիրում եք կրկնել՝ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել», բայց դրանք արդեն լոկ խոսքեր են դարձել, ցուցադրական հայրենասիրության վկայություն... Խոսք ու գործի տարբերությունը, ցավոք, վաղուց մենք էլ ենք զգում։ Այդ մասին մեզ պատմում են նաև մեզ այցի եկած մեր ծնողները, քույր-եղբայրները, կանայք ու մեզ միայն լուսանկարով ճանաչող մեր զավակները...
Դե ի՞նչ, երևի հոգնեցրինք Ձեզ, բայց առավել շատ մենք ենք հոգնել, որովհետև այս ամենը կսկծացնում է այդպես էլ չսպիացած, մահացու մեր վերքը...

Բարին ընդ Ձեզ։
10 դեկտեմբերի 2009 թիվ
ք. Ստեփանակերտ, Հուշահամալիր
N13, 2009



ՀԱՅԵՐՍ ՖՈՒՏԲՈԼ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ՈՒՆԵՆՔ 
«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» 

«Ղարաբաղյան ֆուտբոլը՝ «խաղից դուրս» կամ վերելքներից՝ սրընթաց վայրէջք» հոդվածի տպագրությունից (14 ապրիլի 2009 թ.) հետո մի քանի տասնյակ հեռախոսզանգեր ու նամակներ ենք ստացել։ Հանրապետության սիրելի թիմի հեռացումը ակտիվ մրցասպարեզից մտահոգում է բազմաթիվ մարզասերների։
Մենք նամակ ենք ստացել նաև մեր թերթի բարեկամ, ԼՂՀ ստեղծման առաջին տարիներին մեր պետականաշինության ակտիվ ու նվիրված մասնակից ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ։ Վերջինս, որ այժմ բնակվում է Երևանում, մեզ է տրամադրել արցախյան ֆուտբոլի ճակատագրի հետ կապված մի քանի տասնյակ պաշտոնական նամակների պատճենները։

Պարզվում է, որ 1996 թվականին ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը (Վ. Շաֆերյան գլխավորությամբ), և հատկապես ԼՂՀ փոխվարչապետ Ժիրայր Պողոսյանը նամակներ են հղել ՖԻՖԱ-ի նախագահ Ժ. Ավելանժին, գլխավոր քարտուղար Յոզեֆ Բլաթերին՝ Արցախի ֆուտբոլային ակումբը միջազգային մրցաշարերի մասնակցելու խնդրանքով։ Նամակներ են հղել նաև Բրազիլիայի սպորտի նախարար Պելեին, բարոնուհի Ք. Քոքսին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ հատուկ դեսպան Շառլ Ազնավուրին, շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին, բարերար Ալեք Մանուկյանին, ՀՀ մշակույթի և սպորտի նախարարին և այլոց, վերջիններիս խնդրելով իրենց հեղինակությունն օգտագործել՝ վերոհիշյալ հարցում դրական պատասխան ստանալու համար (ՖԻՖԱ-ի 1996 թ. մայիսի նիստում պիտի քննարկվեր Ղարաբաղի հայցադիմումը)։

Թե Գարի Կասպարովը կամ մյուսները որքան շահագրգռվածություն են ցուցաբերել արցախյան ֆուտբոլին օգնելու համար, մենք հստակ չգիտենք, բայց որ բարոնուհի Կոքսն իրոք ամեն կերպ ձգտել է աջակցել մեզ, այդ է վկայում նրա նամակը ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Յոզեֆ Բլաթերին։ «Վերջին տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շատ զրկանքներ է կրել, քանի որ նրանց երկիրը եղել է շրջափակման և պաշարման մեջ, եղել է ռմբակոծության տակ։ Ներկայումս հրադադարը պահպանվում է և մարդիկ եռանդով աշխատում են կյանքը նորմալ հունի մեջ դնելու համար»,- կարդում ենք բարոնուհու նամակում։ Նա հայտնել է նաև, որ իր հերթին ամեն ինչ անում է Ղարաբաղին օգնելու համար, մասնավորապես «Արսենալ» ֆուտբոլային ակումբից Ղարաբաղ է ուղարկել 70 ֆուտբոլի գնդակ և այլն։ Վերջում նա հույս է հայտնում, որ իր հերթական այցի ժամանակ Ղարաբաղ՝ հաճույք կունենա տեսնելու անդամակցությունը ՖԻՖԱ-ին։

ՖԻՖԱ-ից հարգանքով պատասխանել են Կոքսին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ շահագրգռվածության համար և շնորհակալություն հայտնել ֆուտբոլ մարզաձևով հետաքրքրվելու համար»։
Չգիտենք, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկել ՀՀ ղեկավարները, բայց դժվար չէ կռահել, որ Ադրբեջանի իշխանությունները, ինչպես քաղաքական, տեղեկատվական ու մնացյալ դաշտերում, մարզասպարեզում ևս նախաձեռնության տերն են եղել։
Արդյունքում՝ «Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, մեր գործադիր մարմինը որոշել է իրավունք չտալ Ձեր թիմերին մասնակցելու...»,- այս տողերով էր սկսում Ցյուրիխից ստացված պատասխանը։

Խնդիրը, սակայն, այլ է։ Համենայն դեպս ԼՂՀ նախկին իշխանությունները ինչ-որ կերպ փորձել են ճեղքել պատնեշը և դուրս գալ միջազգային մարզասպարեզ։ Այսօր, ցավոք, դրությունն այլ է. ղարաբաղյան թիմը զրկվել է նաև ՀՀ ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Կրկին հիշեցնենք, որ Աղդամ ու Ղարաբաղ չունեցող Ադրբեջանը վաղուց ֆուտբոլային ակումբ ունի՝ «Ղարաբաղ-Աղդամ» անվամբ, որը մասնակցել է ԱՊՀ երկրների չեմպիոնների առաջնությանը և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերին։

Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի բռնատիրության տարիներին ղարաբաղյան թիմը հաղթահարելով ադրբեջանցիների հարուցած բոլոր խոչընդոտները, կարողացավ դառնալ Ադրբեջանի չեմպիոն և իր ուժերը չափում էր ռուսական, վրացական, մերձբալթյան ու հայաստանյան վարպետ թիմերի հետ, իսկ սույն թվականից այլևս չի մասնակցում նույնիսկ ՀՀ առաջնությանը։
Ղարաբաղյան ֆուտբոլը «խաղից դուրս» վիճակում է, բայց դա այսօր այլևս զարմանալի չէ, որովհետեւ ՀՀ ղեկավարության ջանքերով և ղարաբաղյան կողմի լուռ համաձայնությամբ արդեն «խաղից դուրս» վիճակում է հայտնվում, այսպես ասած, ղարաբաղյան գործոնը։ ՄԵծ հաշվով, Հայաստանն էլ ֆուտբոլ ունի, բայց իրականում չունի։ Փոխարենն ունենք չափազանց ֆուտբոլասեր գործիչներ, ովքեր քաղաքականությանը նայում են «ֆուտբոլային դիվանագիտության» աչքերով։

N13, 2009



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ՁՆԱԳՈՒՆԴԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է 

Որ Ադրբեջան կոչված երկրում քնած թե արթուն, երազում թե նամազի ժամանակ Ղարաբաղը «հետ բերելու» մասին են մտածում ու պետական մակարդակով զօրուգիշեր ոռնում 70 տարով զավթածը կորցնելու համար, և «Ղարաբաղյան խնդրի» հողի վրա արդեն Իլհամ Ալիևից մինչև ամենահետին չոբանը ազգային հոգեխանգարման են հասել, դա գաղտնիք չէ մեզ համար։ Շարքային ազերիները երազում անգամ սեփական իշխանություններից վախենում են Ղարաբաղի մասին պետական քարոզչության ոգուն անհարիր բան մտածել։

Բայց թե ինչու են Արևմուտքը, Հյուսիսն ու Արևելքը, ամերիկացի Յանկին, Սպիտակ արջն ու Գորշ գայլը Ղարաբաղի համար իրարով անցել, քուն ու հանգիստ կորցրել՝ դա այնքան էլ պարզ չէ։ Կարծես այդ երկրներում այլ խնդիրներ ու պրոբլեմներ չկան, կարծես համաշխարհային բոլոր հակամարտությունները լուծել են, մնացել է Արցախը։ Վեց տասնամյակից ավելի է Ճապոնիան Ռուսաստանից պահանջում է հետ վերադարձնել իր Կուրիլյան կղզիները, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Աֆղանստանում գրեթե ամեն օր ու ամեն ժամ մարդիկ են սպանվում, բայց այդ ամենն այնքան չի մտահոգում գերտերություններին, որքան երկտասնամյակից ավելի խաղաղ ղարաբաղյան երկինքը։

Գիտնականները վերջերս վարկածներ են շրջանառում, թե գլոբալ տաքացումը, որի ականատեսն է ողջ աշխարհը, կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման, որի արդյունքում Նյու Յորքը, ամերիկյան բազմաթիվ այլ խոշոր քաղաքներ և աշխարհի հազարավոր բնակավայրեր կարող են հայտնվել ջրի տակ։ Բայց մոտալուտ վտանգը, սարսափելի այդ հեռանկարը կարծես այնքան չի հուզում տիկին Քլինթոնին և նրա այլազգի խոշոր տրամաչափի կոլեգաներին, որքան «Ղարաբաղի խնդիրը շուտափույթ հանգուցալուծելու» այս խաղը։

Բաքվի հարցում ամեն ինչ պարզ է, այդ երկիրը վերջին 20 տարում այնքան է «հալվա-հալվա՜», այսինքն՝ «Գարաբա՜ղ, Գարաբա՜ղ» բղավել, որ հոգեկան հիվանդի պես ամեն օր սպասում է, թե այն շուտով հայտնվելու է իր երախում։ Նույնիսկ եթե հանկարծ տիրանա այդ «համեղ պատառին», հետո էլ աչքը տնկելու է Մեղրիի և Զանգեզուրի, իսկ այնուհետև՝ Երևանի վրա...

Բայց թե Ղարաբաղն ինչու է ոսկորի պես դեմ առել ամերիկաների և, այսպես կոչված, ռազմավարական մեր դաշնակից Մոսկվայի բկին, դա անհասկանալի է։ Եթե նրանց այդքան շատ է մտահոգում մեր տարածաշրջանի խաղաղությունը, ապա պիտի հասկանան, որ տարածաշրջանի խաղաղությանը սպառնող ամենամեծ վտանգը հենց ստատուս-քվոյի խախտումն է։ Հայկական զինուժի դուրսբերումը կդառնա առաջին ազդականչը, որ Ադրբեջանը կրկին փորձի խուժել Ղարաբաղ և այն արժանացնել Նախիջևանի ճակատագրին։
Զավեշտականն այն է, որ միջնորդ կոչված պարոնները որքան շատ են ճամարտակում «մինչև այս գարուն» կամ «մինչև այն աշուն» 20 տարի սառած հակամարտությունը լուծելու մասին, այն ավելի է շիկանում, ազերիների ախորժակն ու ոգևորությունը կրկնապատկվում է, և նրանք ավելի հաճախակի են սկսում ռազմատենչ կոչեր շաղ տալ. «Շուտ արեք, թե չէ զենքով ենք լուծելու հարցը...»։ Նրանց ոգեշնչում է նաև այն, որ միջնորդ կոչված տղերքն ու նրանց երկրները աչք են փակում «օկուպացված տարածքները զենքով վերադարձնելու» հայտարարությունների վրա։

Եվ ձնագունդն օր-օրի մեծանում է։ Ու ցավն այն է, որ նախկին անմեղ այդ ձնագունդն արդեն վտանգավոր է դառնում։ Դա նաև այն պատճառով, որ հայերս չունենք հակամարտության լուծման ո՛չ հստակ ծրագիր, ո՛չ հստակ դիրքորոշում և, ի հավելումն դրա, մեր դիվանագիտությունը գետնաքարշ է...

N 1 (14) (2010)



ՌԵՊԼԻԿԻ ԿԱՐԳՈՎ. 
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԷԼ ՂԱՐԱԲԱՂԻ «ՀՈԳՈՒՆ ՎՐԱ ՀԱՍԱՎ» 

Բարեբախտաբար թե դժբախտաբար, մենք ապրում ենք այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ խեղկատակությունն ամենաառաջին պլանում է։ Բարեբախտաբար՝ այն առումով, որ մեզ ողողած բազում հոգսերի ու գլխացավանքի մեջ հնարավորություն ենք ստանում մի պահ վերանալ մղձավանջային առօրյայից և մի թեթև ծիծաղել բարձր աթոռներ զբաղեցրած տարբեր տրամաչափի գործիչների «կարկառուն» մտքերի ու «հանճարեղ» մեկնաբանությունների վրա։ Օրինակ, ցանկացածդ, Շվեդիա կամ Շվեյցարիա ինչ ասես՝ չէր տա, ասենք, մի Գալուստ Սահակյան ունենալու համար, որի հետ հայաստանյան լրագրողների յուրաքանչյուր հանդիպում պարզապես տոն է։ Էլ չենք խոսում ավելի բարձր տրամաչափի «մտքի հսկաների» մասին։ Դժբախտաբար՝ քանզի այդ ամենը սև ամպի պես նստած է մեր հոգուն, յուրաքանչյուր քայլափոխում այդ «տոնը շարունակ մեզ հետ է», կյանքի ամեն սանտիմետրում կամ յուրաքանչյուր ոլորտում թվում է, թե վայրկյան առաջ «այստեղով թուրքն է անցել»...

Որպես տարածաշրջանի երկիր, Վրաստանը ևս բացառություն չէ։ Միխայլո Սահակաշվիլիի միայն փողկապը ծամելը պատիվ կբերի տարածաշրջանի ցանկացածդ առաջին դեմքին։ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի պետական ինքնիշխանության հարգմամբ»,- «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի առաջին տղամարդը։ Ըստ Սահակաշվիլու՝ «Կա խնդիրների լուծման միայն մեկ բաղադրատոմս՝ այդ երկրների ուղիղ բանակցություններն ու միջազգային իրավունքի հաշվի առնելը, այդ թվում մարդկանց իրավունքը՝ վերադառնալ իրենց բնակության վայրեր ու պետական ինքնիշխանության հարգումը»։

Ըստ երևույթին, կայծակնային պատերազմով Հարավային Օսիան գրավելու օպերացիայի ղեկավարը տվյալ դեպքում, ոչ այնքան ազերիների Ղարաբաղ վերադառնալու խնդրով է մտահոգ, որքան ձեռքից գնացած Աբխազիան ու Օսեթիան ետ բերելու երազանքով։ Այնուհետև նա հանճարեղորեն հանգել է այն մտքին, թե «այն բանակցությունները, որ ընթանում են Թուրքիայի և Հայաստանի միջև, պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»։ Երևի թե մեկնաբանություններն ավելորդ են։ Իլհամ Հեյդարովիչի ականջը կանչի։ Կարդալով գյուրջի իր բախտակից եղբոր հարցազրույցը, երևի թե ուրախությունից վեր-վեր է թռել, կամ գո՞ւցե մտածել է՝ «Շան որդին այդ մտքերն իմ ծոցադավթարից է թռցրել...»։
Եվ հետո ասում են, թե մերօրյա հանրությունը գիրք չի կարդում։ Պա՜հ, էդ էր պակաս։ Գիրքն ինչի՞ն է պետք, երբ սեփական քաղաքական գործիչներից ամեն մեկը «չոփ կդնի» ցանկացածդ Քաջ Նազարի, Միկիտան Սաքոյի կամ Մազութի Համոյի ձեռին։

N 1 (14) (2010)



ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՍԻՐՈՒՄ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ՆՐԱՆ 
(ՄԱՄԻԿՈՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ) 

Մարդկանց ծիծաղ պարգևող այդ դերասանը ՄԱՄԻԿՈՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ էր, շատերի համար՝ պարզապես Մամիկոնը։ Կրտսեր դուստրը՝ Արեգան է անգամ խոստովանում, որ հորը ոչ թե անուն-ազգանունով, այլ անվամբ էին ճանաչում ու այդպես էլ դիմում էին նրան՝ Մամիկոն։
Հորս՝ Վազգեն Օվյանի շնորհիվ իմ հասակակիցներից ու անգամ ավելի ավագ ընկերներիցս ավելի վաղ եմ ծանոթացել թատերական զարմանահրաշ աշխարհին։ 10 տարեկանից մոտիկից արդեն գիտեի Արցախի և ընդհանրապես հայ բեմի վարպետներ Գուրգեն Հարությունյանին, Միքայել Կորգանյանին, Բենիկ Օվչիյանին, տաղանդավոր ռեժիսոր Հովհաննես Կարապետյանին, արդեն անվանի կամ բեմում դեռևս նոր-նոր առաջին քայլեր կատարող շատ ու շատ դերասանների։
Հենց այդ տարիներից կամ մի քիչ ավելի վաղ ես գիտեի Մամիկոն Միքայելյանին։ Նրան հաճախակի էի տեսնում ոչ միայն ներկայացումներում, այլև հանդիպում էի հորս աշխատավայրում, որտեղ ձայնագրվում էր մոտ երեսուն տարի Արցախյան ռադիոեթերն աշխույժ պահող հանրահայտ «Մախաթը»։

«Վազգեն Օվյանը երբ ստեղծեց «Մախաթյան և Լեղունց» երգիծական հանդեսը, հենց առաջին օրվանից ինձ և Գուրգեն Հարությունյանին հրավիրեց իր մոտ... Երկար տարիներ մենք միասին աշխատում էինք։ Բայց երբ Գուրգեն Հարությունյանն այլևս չկար, Սուրեն Համզոյանը փոխարինեց։ Համզոյանից հետո նորերը եկան,- հորս 70-ամյակին նվիրված հեռուստահաղորդման ժամանակ ասել է Մամիկոն Միքայելյանը։- Ժողովուրդը հիացմունքով, մեծ հավեսով սպասում էր այդ օրվան...»։
Հետո նա ելույթ է ունեցել նաև հորս նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ։ Առայսօր հիշում եմ այդ երեկոն։ 2002 թվականի ամռանն էր։ Մամիկոն Միքայելյանն արդեն վատառողջ էր։ Կինը՝ բազմաթիվ ներկայացումների խաղընկերը, ԼՂՀ ժողովրդական արտիստ Նվարդ Ասատրյանը, մի քանի օր առաջ ցավով հայտնեց, որ ամուսինը շատ է ցանկանում, բայց երևի թե չկարողանա ելույթ ունենալ այդ երեկոյին։

Եվ հանկարծ, այդ օրը բեմում երևաց նա՝ արցախյան բեմի ծիծաղի վարպետը, Ղարաբաղի Կարպ Խաչվանքյանը՝ Մամիկոն Միքայելյանը... Դեմքից երևում էր, որ հիվանդ ու հոգնած է։ Անգամ կարեկցանքի ալիք անցավ դահլիճով։ Բայց երբ սկսեց խոսել, երբ իրեն հատուկ հումորով սկսեց պատմել հորս հետ իր մտերմության մասին, դահլիճը ոգևորվեց, աշխուժացավ...
«...Մենք արդեն ընկերներ էինք, ուր գնում, ինձ տանում էր, որովհետև ես երգում ու նվագում էի...»,- երեխայի անկեղծությամբ ու պարզությամբ, այդ տարիների հիշողությունից մանկան պես պայծառացած պատմում էր նա։ Եվ այդ «ուր գնում, ինձ տանում էր»-ը այնպիսի ոգևորությամբ ասաց, կարծես տարիքով ավագը հայրս էր (Մամիկոն Միքայելյանը ծնվել է 1920 թվականի հունվարի 3-ին, հայրս՝ 1932-ի հունվարի 6-ին)։

Այնուհետև ես մի քանի անգամ հանդիպել եմ նրան։ Զրուցել ենք հաճախ, առավելապես մեր Մայր թատրոնի երբեմնի փառքի և անշուք ներկայի, նրա հանդեպ համընդհանուր անտարբերության մասին էր խոսում, ցավով կիսվում ինձ հետ։ Բայց, չգիտեմ ինչու, նա իմ հիշողության մեջ մնացել է վերևում հիշատակված պարզ ու պայծառ մանկան տեսքով։ Եվ այդ նույն 2002 թվականի նոյեմբերի 20-ին երեխայի պես անկեղծ ու պարզամիտ այդ մարդը հեռացավ կյանքից։
Շատ տարիներ առաջ, հորս կենդանության ժամանակ հաճախակի էր լինում մեր տանը։ Սեղանի շուրջ զրուցում էին, այնուհետև հայրս խնդրում էր, որ մեզ համար երգի։
Մի անգամ, երբ եկավ, ձեռքին փոքրիկ մի հին «Ժամագիրք» կար՝ 1903 թ. տպագրությամբ։ Երևի մինչ այդ հորս հայտնել էր այդ գրքի մասին ու հիմա բերել էր ցույց տալու։

Հայրս վերցրեց այն, երկյուղածությամբ թերթեց էջերն ու ասաց.
- Մամիկո՛ն, այս գիրքն ինձ պիտի նվիրես։
- Չէ՛, Վազգեն, սիրելի՛ս, չեմ կարող։ Մեր տանը որքան գիրք ունեմ, քեզ կնվիրեմ, բայց դա չեմ կարող, իմ պապից է հիշատակ մնացել այդ գիրքը։
Հայրս ծիծաղեց և ոչինչ չասաց։ Հետո երկար զրուցում էին առավելապես թատերական կյանքից։ Հայրս «Մախաթի» համար նոր գրած տեքստից հատվածներ էր ընթերցում, տեղում անմիջապես նոր տողեր ավելացնում, որոշ բաներ փոխում, Միքայելյանը երեխայի պես ոգևորվում էր.
- Հա՛, այդպես ավելի լավ է, շատ լավ է...
Եկավ հրաժեշտի պահը։ Մ. Միքայելյանը վեր կացավ, քայլ արեց դեպի դուռը շարժվելու համար, բայց անսպասելիորեն կրկին նստեց ու դիմեց ինձ.
- Վարդգես ջան, այս գիրքն ինձ համար մասունք է։ Ես այն ոչ մի գնով որևէ մեկին չեմ տա։ Բայց քանի որ հիմա մի թեթև խմած եմ և գտնվում եմ իմ սիրելի Վազգեն Օվյանի հարկի տակ, հիմա կմակագրեմ և կնվիրեմ քեզ։

Եվ այդպես էլ գրեց. «Նվիրում եմ սիրելի Վարդգեսին... Քանի որ հիմա մի թեթև խմած եմ...»։
Այսքանը Մամիկոն Միքայելյան մարդու մասին, որի կյանքի 5-6 տասնամյակը կապված է հայ թատրոնի հետ։ Եվ նա ամենից առաջ դերասան էր, արվեստի մարդ։
Մասնակցել է Մեծ հայրենականին և պատերազմի ավարտից հետո դերասանական առաջին քայլերը կատարել Բաքվի Երամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, իսկ 1949 թվականից ընդմիշտ կապվել Արցախի Մայր թատրոնի հետ։ Առաջին իսկ դերերից հանդիսատեսը սիրել է նրան։ Առավելապես հանդես էր գալիս կոմիկական դերերում, և հանդիսատեսը նրան ավելի շատ համարում էր կատակերգակ։

Հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում՝ «Ինչպես կառավարել կնոջը» (Միլորդ), «Պատվի համար» (Սուրեն), «Պեպո» (Կակուլի), «Լալվարի որսը» (Աշուղ), «Խաթաբալա» (Իսայի), «Բաղնիքդ անուշ» (Լուկաշին), «Ստախոս կինը» (Ջիմի), «Քաղքենիներ» (Պերչիխին), «Տաքսի-տաքսի» (Կնյազ), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Մարգար), «Գնա մեռիր, արի սիրեմ» (Տարոն) և այլն։ Հանդես է եկել բազում գլխավոր ու էպիզոդիկ դերերում, սակայն երկրորդական, ամենափոքր դերերում անգամ կարողացել է կերպարներ ստեղծել, որովհետև լրջորեն էր մոտենում անգամ ամենափոքր դերերին, տանը ժամերով փորձեր անում տիկին Նվարդի հետ։ Այդ օրն եթե տանը բարեկամներ ու այլ հյուրեր էին լինում, նրանց հետ ճաշում էր, զրուցում, կատակում, այնուհետև ներողություն խնդրում և անցնում «փորձասենյակ»։

Ժամանակին հայ բեմի վարպետ Վահրամ Փափազյանի հետ խաղացել է «Հանցագործի ընտանիքը» ներկայացման մեջ (Կորադո), այնուհետև Ավետ Ավետիսյանի հետ («Խաթաբալա»՝ Իսայի)։ Կարպ Խաչվանքյանի հետ խաղացել է «Պահանջվում է ստախոս»-ում։
Մամիկոն Միքայելյանը կերտել է բազմաթիվ կոմիկական կերպարներ։ Բայց նա կերտել է նաև միանգամայն լուրջ ու անգամ ողբերգական կերպարներ։ Արցախցի հանդիսատեսը, սակայն, նրան ավելի շատ ընկալում էր որպես կատակերգակ ու միշտ սպասում էր նրան, մշտապես ուզում էր բեմում տեսնել սիրված դերասանին։
Դուստրը՝ Արեգան, պատմում է, որ ծանոթ-անծանոթները հաճախակի էին զանգում Միքայելյանների բնակարան ու հարցնում. «Մամիկոնն այս նոր պիեսում խաղո՞ւմ է»։ Ու հիասթափվում էին, երբ պատասխանում էին «ոչ»։ Երբ մի անգամ երկրպագուները նրան հարցրել են, թե ինչու է նախընտրում կատակերգությունները, կոմիկական կերպարները, դերասանը կեսլուրջ-կեսկատակ պատասխանել է. «Բժիշկներն ասում են, որ ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը, իսկ ես ուզում եմ, որ մարդիկ շա՜տ-շա՜տ երկար ապրեն...»։

Եվ նա ինչպես պարզ ու անկեղծ էր կյանքում, նույնկերպ պարզ ու հասարակ էր բեմում։ Այնքան պարզ ու հասարակ, որ երբեմն թվում էր ոչ թե մի ուրիշի, այլ հենց իր դերն է խաղում։ Եվ նրա մարմնավորած այդ դերը նման չէր մի այլ դերասանի ներկայացրած նույն դերին։
Մի անգամ, երբ ներկայացումներով շրջագայում էին Արցախի գյուղերում, գյուղացիներից մեկը տուն էր հրավիրել նրան ու նույնպես սիրված դերասան Սուրեն Համզոյանին և մածուն հյուրասիրել։ Ներկայացման ժամանակ Համզոյանը հանկարծ մոռացել է իր ռեպլիկը, և Միքայելյանն անմիջապես «որոշակի փոփոխության է ենթարկել» իր դերն ու վրա բերել. «Ափսո՜ս այն մածուն, որ կերել ես»։
Հորս հեղինակած «Պըլը-Պուղի» պիեսում Գիժ Պետո պիտի խաղար։ Անդրանիկ ներկայացումն էր։ Բեմում երևում է Մամիկոն Միքայելյանի Պետոն՝ գզգզված մազերով, քրջոտ շորերով, գավազանը ձեռքին, երկու դդում գոտկատեղից կախ։ Հանդիսատեսն անմիջապես ոգևորվեց, դերասանը դեռ կես խոսք չասած, դահլիճն արդեն աշխույժ ծիծաղում էր։ Մի քանի րոպե հետո կարծես միանգամայն այլ հանդիսատես էր դահլիճում։ Ժպիտն ու ծիծաղն անհետ չքացել էր մարդկանց դեմքից, փոխարինվել կարեկցությամբ ու խղճահարությամբ։ Բեմում այլևս Մամիկոն Միքայելյանը չէր, այլ նրա կերտած Գիժ Պետոն՝ դժբախտ, խեղճ ու ազնիվ մի արարած։ Եվ դահլիճի անսպասելի այդ փոխակերպումը դերասան Մամիկոն Միքայելյանի հաղթանակն էր։

Նրան սիրում էին նաև երեխաները։ Նոր տարում հաճախ էր երեխաներին ներկայանում որպես Ձմեռ պապ։ Հետպատերազմական ծանր օրերն էին։ Մի անգամ Ամանորի միջոցառումից հետո նրան պատկառելի չափերով մի արջուկ նվիրեցին։ Նոր տարվա նվեր ստացած մանկան երջանկությամբ շտապեց տուն՝ ուրախացնելու Նվարդիկ թոռանը։ Այդ արջուկն այսօր էլ խնամքով պահում են...
1978-ին նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր արտիստի, հինգ տարի հետո՝ ժողովրդական արտիստի կոչում։ Սակայն մինչ այդ, մինչև այդ պատվավոր (այն տարիներին՝ պատվավոր) կոչումներին արժանանալը, նա արդեն լայն ժողովրդականություն էր վայելում։ Հանդիսատեսը սիրում էր նրան, սպասում էր նրան։ Նրա հետ հանդիսատեսի յուրաքանչյուր հանդիպում յուրօրինակ տոն էր։

N 1 (14) (2010)



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. 1988-Ի ՓԵՏՐՎԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ 

Փետրվարը հայերիս համար անմոռաց իրադարձություններով հարուստ ամիս է։ Վերջին երկտասնամյակում այդ ամսում տեղի ունեցան ոչ միայն հերոսական, այլև ողբերգական դեպքեր։ Փետրվարի ամենանշանակալից հերոսական իրադարձությունն անկասկած 1988-ի փետրվարի 13-ի առաջին ցույցն էր՝ Ստեփանակերտում, երբ ղարաբաղցի ուսանողներից կազմված փոքրիկ մի խումբ Ստեփան Շահումյանի արձանով փոքրիկ կլոր պուրակից ցուցապաստառներով շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ և սկսել վանկարկել՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»...

Փետրվարի 13-ի սովորական այդ օրը ազդարարել է Արցախի ազատագրական պայքարի սկիզբը։ Մնացած բոլոր իրադարձություններն այդ օրվա տրամաբանական շարունակությունն են։ Արցախում այդ շարունակությունը փետրվարի 20-ի ԼՂ մարզխորհրդի նստաշրջանն էր, որտեղ որոշում ընդունվեց՝ դիմել Ադր. ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին։

Իսկ Ադրբեջանում փետրվարի 13-ին սկիզբ առած ազգային ոգու արթնացման արձագանք-շարունակությունը սումգայիթն էր, որը կանխորոշեց իրադարձությունների հետագա ընթացքը։ Մենք հաստատ մնացինք խաղաղ ճանապարհով մեր նպատակին հասնելու մարտավարությանը՝ խաղաղ ցույցեր ու հանրահավաքներ, բաց ու փակ նամակներ՝ Ռուսաց թագավորին։ Ազերիները նույնպես հաստատ մնացին իրենց ազգային բնույթին՝ 1915 թվականի եղեռնագործ յաթաղանով և 1988-ի սումգայիթի ոճրագործ թաթերով արյան մեջ խեղդել հայերի ազատատենչ ոգին...

Վերջին 22 տարում ոչինչ չի փոխվել։ Ազերի թուրքը երազում է Արցախը հայաթափելու մասին, հայերս պատրաստ ենք հարկ եղած դեպքում կրկին արժանի հակահարված տալու թշնամուն։ Սակայն այս ամենին վերջին տասնամյակում ավելացել են միջազգային միջնորդական առաքելությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ, ովքեր բոլորիս հավատացնում են, թե լծված են հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման վեհ գործին։ Հայ և ազերի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումներ են կազմակերպվում, բանակցություններ տարվում...

Մյուս ճամբարում թուրքն իր բնույթին հավատարիմ, առավելագույնը կորզելու համար պահանջում է ամեն ինչ, իսկ հայկական կողմում, ահա, որոշ փոփոխություններ են կատարվել՝ պատերազմի դաշտում երկրին հաղթանակ ու ազատություն բերած հերոսական ոգին փոխարինվել է պարտվողական, գետնաքարշ ու դիլետանտ դիվանագիտությամբ, որ բանակցասեղանին աստիճանաբար տանուլ է տալիս այն ամենը, ինչ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք է բերվել։ Մի քանի տարի առաջ մեր, այսպես կոչված, խոշոր քաղաքագետ-դիվանագետներից մեկը հայտարարել է, թե մենք պիտի ընդունենք միջնորդների ներկայացրած բոլոր այն փաստաթղթերը, որն Ադրբեջանը հրաժարվում է ընդունել։ Եվ մենք ընդունել ենք դրանք, այդ թվում՝ «մադրիդյան սկզբունքներ» կոչվածը, չհասկանալով, որ երբ վաղը Բաքուն ևս ընդունի դրանք, մենք մնալու ենք ձեռնունայն, կոտրած տաշտակի առջև...

Եվ այսօր մենք քաղում ենք հայ դիվանագիտության ցանածի դառը պտուղները։ Մի կողմում ազերի-թուրքն է, մյուս կողմում՝ հայ ողորմելի դիվանագիտությունը, մեջտեղն ԱՐՑԱԽԸ՝ մենք և մեր լեռները։

N 2 (15) (2010)



Մեր գյուղն էն է, որ հպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տված ճակատին՝
Միտք է անում տխրադեմ
Ի՞նչ է ուզում՝ չգիտեմ...

Թումանյանի այս տողերն ասես արցախյան գյուղերի մասին են գրվել։
Որտեղի՞ց է սկսվում Հայրենիքը... Հայրենիքը սկսվում է մեր ծննդավայրից, այն տնից, որտեղ ծնվել ու առաջին բառերն ենք թոթովել, այն բնակավայրից, որտեղ անցել է մեր մանկությունը, պատանեկությունը...

Մեր շատ գյուղեր այսօր, ցավոք, կործանման եզրին են։ Չկարողանալով դիմանալ սոցիալական ու բազում այլ խնդիրների ծանրությանը, շատ երիտասարդներ բռնում են մայրաքաղաքի ճանապարհը՝ աշխատանք ու ապրուստի միջոցներ գտնելու հույսով։ Իսկ ոմանք այստեղ ևս չգտնելով փնտրածը, մեկնում են օտար ափեր՝ ռուսաստաններ և այլուր...
Ղարաբաղյան խնդիր, այսպես կոչված՝ բանակցություններ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, միջնորդ կոչված պարոններ, որ տուրիստների պես ֆռֆռում են մեր շուրջ, փորձում ինչ-որ սկզբունքներ համաձայնեցնել, պարապ հայտարարություններ անում հակամարտության լուծման ժամկետների մասին։ Իսկ մենք հանգիստ սպասում ենք, թե հետո ինչ է լինելու։

Հետո եթե դիտորդների պես պարապ նստենք ու սպասենք, մեզ համար ոչ մի լավ բան էլ չի լինելու։ Ուզում ես տերը լինել քո տան, քո հողի և քո երկրի՝ շենացրո՛ւ, հզորացրո՛ւ երկիրդ, վերաբնակեցրո՛ւ լքված ու անտերության մատնված հողերդ։ Դա է միայն հարցի լուծումը։ Իսկ հակառակորդը, թշնամին թող ոռնա, որքան ուզում է։ Եթե հասկանա, որ ուժեղ ես և քո տանն ապրում ես տանտիրոջ հաստատակամությամբ, մի օր կհոգնի և վերջ կտա հոխորտանքին։

Մերազգի ղեկավարը միջնորդ կոչեցյալներին տարել, ցույց է տվել ազատագրված անտեր տարածքներն ու հպարտորեն հայտնել, թե՝ հակառակորդը ստում է, այդ հողերը մենք չենք վերաբնակեցնում... Մինչդեռ նա պիտի ամաչեր դրանից, որովհետև դա անգործության, անհեռատեսության արդյունք է։ Իսկ մեր թշնամին մի քանի ամսում անմիջապես կվերաբնակեցներ անգամ զավթած յուրաքանչյուր հողակտոր։
Տարածաշրջանում, մեր հայրենիքում խաղաղության պահպանման միակ իրական գրավականը մեր ՈՒԺՆ է։ Միայն ու միայն մեր ուժը՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, հոգևոր, բոլո՛ր ոլորտներում։

N 2 (15) (2010)



ԵՎ ՍԱՅՐ ՄԻ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՆՈՒՆ 

60-70-ական թվականներին ղարաբաղցի մտավորականների մի մասը լքել է հայրենի եզերքը և հաստատվել Երևանում։ Մեկ-երկուսը թողել են Ղարաբաղը, որովհետև նրանց մեղադրում էին ազգայնականության մեջ և հալածանքներ էին սկսվել նրանց դեմ։ Մի մասն ամենա-աննշան վտանգից գլուխը կորցնելուց էր բռնել Երևան տանող ճանապարհը, մնացածը՝ կամ հանգամանքների բերումով, կամ առավելապես չէր կարողանում իր տեղը գտնել հայրենի երկրամասում։

Տարիներ անցան։ Մի քանիսը (Բագրատ Ուլուբաբյան, Սևակ Արզումանյան, Ռադիկ Մարտիրոսյան, Ալեքսանդր Մանասյան և այլք) Հայաստանի մայրաքաղաքում, հայոց գիտության և մշակույթի կենտրոնում կարողացան գտնել իրենց հաստատուն տեղը, մնացյալը համալրեցին միջակությունների շարքերը։ Ղարաբաղյան շարժումը խառնեց շատերի խաղաքարտերը։ Հատկապես նրանց, ովքեր վաղուց թևակոխել են կյանքի երկրորդ դարակեսը, բայց ո՛չ Հայաստանում են հետք կամ հետագիծ թողել իրենց «գրական» ու «գիտական» բագաժով, ո՛չ հայրենի Արցախում գիտեն նրանց գոյության մասին։ Վերջիններիս ավելի շատ նյարդայնացնում է այն, որ Արցախում ապրող նրանց տարեկիցներից շատերն ու ավելի ջահելներն ինչ-որ բան են արել իրենց երկրամասի համար, իսկ ոմանք նույնիսկ զանազան մեդալներ ու շքանշաններ են ճարպկորեն հաջողացրել իրենց համար, մինչդեռ իրենք մնացել են «խաղից դուրս»։

Ծնունդով ղարաբաղցի երևանաբնակ արդեն զառամյալ այս պարոնները հասկանալով, որ իրենց մի ոտքն արդեն այն աշխարհում է, բայց երևանյան իրենց գոյությունը ենթարկվել է կատարյալ ֆիասկոյի, որոշել են յուրօրինակ ձևով «ինտեգրվել» Արցախին։ Ոմանք 20 տարում մեկ-երկու անգամ տուրիստների պես այցելելով Ղարաբաղ, երևանյան իրենց բնակարանի չորս պատերի ներսում պատսպարված, մոգոնում են «Արցախի նորագույն հերոսական պատմությունը»՝ թացն ու չորը խառնելով իրար՝ հաճախ անարժանին, վախկոտին ու դուրսպրծուկին դարձնում հերոս։ Մյուսներն իրենց «գիտական» հոդվածներով հեղեղում են ղարաբաղյան խմբագրությունները, երջանկանում՝ դրանցից 1-2-ը տպագրված տեսնելով, ոմանք էլ դարձել են Ղարաբաղում ապրող այս կամ այն սրիկայի խոսափողը՝ պատվերով զրպարտություններ են գրում Արցախում ապրող այն մտավորականների մասին, որոնց երբեք չեն տեսել և ոչինչ չգիտեն նրանց վաստակի ու գործունեության մասին։

Նախկին ղարաբաղցի, երևանաբնակ Արտաշես Հակոբջանյանի գոյության մասին Ղարաբաղում շատ քչերը գիտեն, գուցե թե հիշում են միայն առավելապես նրա ծննդավայրի մի քանի տարեկիցները։ Բայց վերջինս արցախյան 1-2 թերթում մի քանի համեստ նյութ տպագրելուց հետո որշել է ոչ միայն գիրք գրել ու դասեր տալ նախկին իր հայրենակիցներին, այլև մի քանիսի «պորտը տեղը դնելով»՝ ապահովել սեփական տեղը քաղաքական գործիչների համար խաղաքարտ, իսկ իրենց համար խաղատախտակ դարձած Ղարաբաղում...

Եվ ահա քաջարի նախկին ղարաբաղցին անհասցե (նշված չէ ոչ հրատարակչության կամ տպագրատան անունն ու հասցեն, ոչ խմբագրի ու տպագրիչի, և ոչ էլ հովանավոր-պատվիրատուի անունը), գողական-պարտիզանական ճանապարհով բրոշյուր է լույս աշխարհ գցել, որը սկսվում է պատվիրատուի եռանդուն մասնակցությամբ (ականջները շատ ցցուն երևում են) գրված զազրախոսությամբ՝ ուղղված ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի և «նրա թիմի» դեմ։ Պատճառը միանգամայն հիմնավոր է՝ նեղ անձնական, դրան հավելած, որ Վ. Աթանեսյանը վերջերս քար է շպրտել պատվիրատուի՝ գրական մի կոմերսանտի բոստանի ուղղությամբ։

Հակոբջանյանին ափերից հանել է այն, որ Աթանեսյանը մամուլում ձեռ է առել նրա պես ամեն գնով Արցախին «ինտեգրվելու» փափագով տառապող երևանաբնակ նախկին ղարաբաղցիներին, ովքեր, Հակոբջանյանի ասելով, «անձնուրաց պայքարել են հանուն Ղարաբաղի» (անհասկանալի է, թե իրենց գիտակից կյանքի մեծ մասն անցկացնելով Երևանում, ինչպես են «անձնուրաց պայքարել հանուն Ղարաբաղի» - հեղ.)։

Ճիշտն ասած, բնավ ցանկություն չունեմ մեկնաբանելու նրա «փաստարկները»։ Իմ արժանապատվությունից ցածր եմ համարում ինքնահաստատվելու խնդիր ունեցող զառամյալ «գիտնականին» գլուխ դնելը։ Ի՞նչ ասես մի մարդու, որ թքած ունենալով տարրական էթիկայի ու բարոյականության վրա, «ազերթուրքական կողմնորոշման» մեջ մեղադրում է մի մարդու, ով մի անգամ եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Արցախից, ապա երկու անգամ ընտրվել ԼՂՀ ԱԺ պատգամավոր։ Երևի միայն Արտաշես Հակոբջանյանին է հայտնի, թե ինչպես կարող է մարդ լինել ազերթուրքամետ, բայց սեփական ժողովրդի կողմից երեք անգամ ընտրվել պատգամավոր։

Արցախաբնակ Վ. Աթանեսյանին «ոչնչացնելու» մոլուցքով տարված Հակոբջանյանին հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ պատգամավորը չէ շրջանառության մեջ դրել «օկուպացված տարածքները հանձնելու» մասին արտահայտությունը։ Երբ երևանյան բարձրաստիճան այրերը հայտարարել են, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ» և օկուպացված հողերը պիտի հանձնել, Երևանից արցախցիներիս աշխարհագրություն սովորեցնող Հակոբջանյանն ինչո՞ւ ծպտուն չի հանել։ Թե՞ նրա սայրը միայն Արցախի ուղղությամբ է շարժվում։ Այն Արցախի, որի փոխարեն ուզում են այդ երկրի ճակատագիրը որոշել ՀՀ բարձրաստիճան այրերը։
Մի խորհուրդ պարոն «գիտնականին» և տարիներ առաջ կարկատած վարտիքով ու տրեխներով Երևան մեկնած նմանատիպ կտրիճ ղարաբաղցիներին. բավական է երևանյան ձեր տաքուկ սենյակների պատուհաններից «սիրեք» Ղարաբաղը։ Արցախցիներիս Արցախի պատմության ու աշխարհագրության դասեր տալու և Արցախի մասին Երևանում սիրո էժանագին երգեր գեղգեղալու փոխարեն գուցե վաճառեք երևանյան ձեր բնակարաններն ու գաք շենացնեք ձեր պապական օջախները, ինչպես դա վաղուց արել է նախկին երևանաբնակ գրող Արտաշես Ղահրիյանը։

Երևանից այստեղ ջուր պղտորելու և ձեր ասած՝ «մեր պատմության արյունոտ էջերի մասին դասեր տալու» փոխարեն հասկացեք, որ այսօր Արցախում ապրող ամենասովորական պահակն ու հավաքարարն երիցս ավելին արժեն, քան իրենց խղճուկ գոյությամբ ՀՀ մայրաքաղաքը ողողած ձեզ նման հարյուրավոր «գիտնականները», ովքեր լղարիկ մի բրոշյուրի գումար հաջողացնելու կամ մի փոր հացի համար հեշտությամբ ՍԱՅՐ են դառնում ամեն դուրսպրծուկի ձեռքին։

Ինչ վերաբերում է ձեր իսկ խոսքերով ասած «ազերթուրքերի հնարավոր վերադարձին», մի՛ սարսափեք, քանի մենք ապրում ենք այս հողում, դա երբեք չի լինելու։ Թե՞ շարունակվում է Արցախից ճողոպրածների առ հայրենիք սիրո հավաստման ավանդույթը. «Որ մեռնեմ, ինձ կթաղեք հայրենի Ղարաբաղում»։
Արցախը գերեզմանոց չէ՛, պարոնայք։ Եվ ո՛չ էլ «սվալկա»։
Հուսամ, որ երբեք չեմ հանդիպի ձեզ՝ ո՛չ այս, ո՛չ այն կյանքում։
Նշանավոր գրող Յարոսլավ Հաշեկը «Քաջարի զինվոր Շվեյկի արկածներ»-ում ներկայացնելով 1-ին աշխարհամարտի ավստրիական մի գեներալի զավեշտական կերպարը, վերջում հավելում է. «Ավստրիան այսպիսի գեներալներ շատ ունի»։ Ցավոք, մենք ևս արտաշեսհակոբջանյաններ շատ ունենք։

N 2 (15) (2010)



ՀԵՌԱՏԵՍԸ 

«Իսկ ինչո՞ւ իմ որդին ուրիշների դռները ծեծի, երբ կարող է ինձ մոտ էլ աշխատել»,- մտածեց համեստ մի հիմնարկության ղեկավար Գալուստ Բադամյանն ու մյուս օրը իր ղեկավարած հիմնարկության աշխատակից դարձրեց իր կիսագրագետ որդուն։
«Իսկ ինչո՞ւ հարսս դեսուդեն ընկնի։ Էլ ո՞ր օրվա ղեկավար եմ«,- և Գալուստ Բադամյանն իր մոտ բերեց նաև հարսին։

Մի քանի օր հետո Գալուստ Բադամյանը կանչեց բաժնի վարիչ իր եղբորն ու ասաց.
- Լսի՛ր, մայրիկն ախր ինչո՞ւ ուրիշ հիմնարկությունների հատակներն ավլի ու լվա, երբ կարող է մեզ մոտ մեքենագրուհի աշխատել։ Ճիշտ է, նա հարյուր տոկոսով տառերը չգիտե և վերջին տարիները տեսողությունն այնքան էլ լավ չէ, բայց, խոսքը մեր մեջ, ես ու դու էլ գրագիտությամբ փայլողներից չենք, սակայն հիմնարկություն ու մարդիկ ենք ղեկավարում...

Հետո Գալուստ Բադամյանի ղեկավարած հիմնարկությունում հայտնվեցին նրա գրեթե բոլոր հարազատներն ու բարեկամները, և նա ոտով-գլխով ձեռնամուխ եղավ իր ծանոթներին էլ տեղավորելուն։
Անցան տարիներ։ Գալուստ Բադամյանը հիմնարկությունն այլևս չէր տարբերում իրենց տնից։ Գիշերները հիմնարկության իր բազկաթոռի հաճելի փափկության մեջ ընկղմված, հեռուստացույց էր դիտում, հետո կողակցի հետ արքայաբար տարածվում իր առանձնասենյակի երկտեղանոց բազմոցին ու առավոտյան, կարծելով, թե աշխատանքի է գնում, թղթապանակը կռնատակին մեկնում տուն...

Եվ դարձյալ անցան տարիներ։ Իր տասներեքերորդ թոռան կնունքին Գալուստ Բադամյանն աշխուժորեն քորեց գլուխն ու հրճվանքով մտածեց.
«Այո՜, մե՜ծ, շա՜տ մեծ կոնկուրս է լինելու։ Ստիպված եմ լինելու զոքանչիս ու փեսայիս հորը թոշակի ուղարկել... Սերնդափոխություն է, պետք է փոքրիկների ապագայի մասին էլ մտածել...»:

N 2 (15) (2010)



ՏՈՂԵՐ ՕՐԱԳՐԻՑ 

Երգիծանքը նրա համար է, որպեսզի մենք մենակ չծիծաղենք:
Ծիծաղը զարմանահրաշ մի ընդունակություն է, որով մարդիկ (ասում են՝ նաև որոշ կապիկներ) տարբերվում են մյուս բոլոր կենդանիներից: Ծիծաղն՝ ընդհանրապես, իսկ այսօր՝ առավել ևս, պաշտպանական յուրօրինակ զրահ է, որպեսզի լաց չլինենք:

Հինավուց ժամանակներում արքաներն իրենց մոտ ծաղրածուներ էին պահում, որոնք զվաճացնում էին իրենց տերերին: Շա՜տ տարիներ են անցել, փոխվել են ժամանակները, և այսօր որոշ արքաներ այս կամ այն բաձր պաշտոններում նշանակում են մարդկանց, ովքեր ոչ թե իրենց տերերին, այլ հանրությանն են զվարճացնում:

N 2 (15) (2010)



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է 

Տարիներ առաջ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման փաստերն այդ երկրի իշխանությունները պատճառաբանել են «ղարաբաղյան խնդրի» առկայությամբ։ Այսինքն՝ Ադրբեջանում չկա խոսքի ազատություն, ոտնահարվում են այդ երկրի քաղաքացիների իրավունքները, որովհետև «Ղարաբաղի հարցը» լուծված չէ (նկատի ունեն իրենց՝ ազերիների օգտին)։
Օրեր առաջ նույն «մարգարեությունը» լսեցինք նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շուրթերից։ Վերջինս հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն ջանք գործադրում է Ղարաբաղի հակամարտության լուծման համար։ «Մենք կարծում ենք, որ եթե հակամարտությունը կարգավորվի, մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես կլուծվեն»,- ասել է նա՝ նկատի ունենալով մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։

Ստացվում է, որ մեղավորը Ղարաբաղի չլուծված խնդիրն է, որի պատճառով վերոհիշյալ երկրներում քաղբանտարկյալներ կան, լրագրողների կողերը պարբերաբար ջարդում են... Նույնն է թե՝ այդ երկրներում հայտարարեն. «Մեր կանայք շարունակ դավաճանում են, քանզի «ղարաբաղյան հարցը» լուծված չէ»։ Կամ՝ մկներն ու զանազան այլ վնասատուները խժռում են մեր արտերը, գողությունները, սպանության դեպքերը հաճախացել են, որովհետև «Ղարաբաղի հարցը» լուծված չէ...

Զավեշտն այն է, որ մինչ Արցախի «պատճառով» Ադրբեջանում ու Հայաստանում «մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ կան», նույն այդ մարդու իրավունքների հարցում Արցախում իրավիճակը, համենայն դեպս, մի քանի անգամ ավելի բարվոք է։
Իսկ գո՞ւցե ԱՄՆ պետքարտուղարն այդ հայտարարությունը հատուկ մեր տարածաշրջանի համար է արել՝ իր աչքի առաջ ունենալով կովկասյան երկրների քաղաքական գիտակցության մակարդակը։ Հայտարարությունը՝ հայտարարություն, բայց ցավն այն է, որ նման հայտարարությունները ենթադրում են ծրագրեր, կոնկրետ գործողություններ, որոնք ամենից առաջ շոշափում են Արցախի, տեղի բնակչության կենսական շահերը։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման» անվան տակ այսօր բանակցասեղանի վրա են «մադրիդյան նորացված սկզբունքներ» կոչվող այնպիսի փաստաթղթեր, որոնք կյանքի կոչելը նշանակում է Ղարաբաղի հայաթափում, Արցախի վերջի սկիզբ...

Եթե Արևմուտքի խաղաղարարներին այդքան շատ է մտահոգում մեր տարածաշրջանի խաղաղությունը, ապա պիտի հասկանան, որ այդ խաղաղությանը սպառնացող ամենամեծ վտանգը ադրբեջանա-ղարաբաղյան ճակատում հաստատված ուժերի հարաբերակցության խախտումն է։ Հայկական զինուժի դուրսբերումը, ազատագրված տարածքների վերադարձը կտրականապես կփոխի ուժերի հարաբերակցությունը։ Իսկ եթե դրան հավելենք նաև «մադրիդյան սկզբունքների» այն կետը, որ ենթադրում է ազերի փախստականների վերադարձ, ապա դրանից հետո այլևս պետք էլ չէ, որ Ադրբեջանը հարձակվի անպաշտպան դարձած Ղարաբաղի վրա, քանզի այդ պայմաններում Արցախում այլևս հայ չի մնալու... Եվ «խաղաղարար» միջնորդների անցկացրած նոր հանրաքվեին մասնակցելու են միայն Ղարաբաղ վերադարձած ազերիները...

Ու այս ամենի մեղավորն առաջին հերթին մենք ենք՝ մեր տհաս քաղաքագետներով, գետնաքարշ դիվանագիտությամբ, ստրկամիտ մտավորականությամբ և համաժողովրդական խորհրդավոր լռությամբ։

N 3 (16) (2010)



ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀՆՁՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆՎԵԼ Է ԵՐԵԿ 
(կամ՝ մտորումներ մի միջոցառումից հետո) 

Մարտի 11-ին Ստեփանակերտում կայացավ Սիվիլիթաս հիմնադրամի «Հայաստան 2009. խոստում և իրականություն» զեկույցի շնորհանդեսը։
Միջոցառման կազմակերպիչների ասելով՝ Սիվիլիթասի այս զեկույցը նպատակ ունի «Հայաստանում և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձություններին, ի հավելումն տարբեր միջազգային կազմակերպությունների բազմաթիվ գնահատականների, գնահատական տալ ներսից»։

Քննարկմանը մասնակցելու էր եկել Սիվիլիթասի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Անկասկած, հաձինս այդ զեկույցի, Սիվիլիթասը լուրջ գործ է կատարել, մյուս կողմից՝ ուրախալի է, որ ՀՀ նախկին արտգործնախարարն այսօր քննադատում է ներկայիս իշխանություններին՝ արտաքին քաղաքականության ոլորտում ու ներքաղաքական կյանքում, մեղմ ասած, անմտածված ու սխալ քաղաքականության համար։ Խոսենք միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, կարգավորման շուրջ ներկայիս զարգացումների վերաբերյալ Վ. Օսկանյանի մի պարզաբանման մասին, որովհետև այն ոչ միայն նախորդ և ներկա իշխանությունների կատարածի վերաբերյալ գնահատական է, այլև վերաբերմունք, նախորդ և ներկա հայ դիվանագիտության գործունեության հակադրման, տարանջատման փորձ։

Ստեփանակերտյան հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանն ասաց, որ եթե նախկինում միջնորդների ներկայացրած փաստաթղթերն Ադրբեջանը մերժում էր, իսկ Հայաստանը՝ ընդունում, ապա այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ Բաքուն արդեն որոշ վերապահումներով «այո» է ասել «մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակին, իսկ Հայաստանը հայտնվել է անելանելի վիճակում...

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ էր սպասում պրն Օսկանյանը։ Մի՞թե պարզ չէ, որ «կարգավորում» կոչվող այս խաղն այսպիսի ավարտ պիտի ունենար։ Տարիներ առաջ մեր կարկառուն քաղաքագետ-դիվանագետներից մեկը հայտարարել էր, թե մենք պիտի ընդունենք միջնորդների ներկայացրած բոլոր այն փաստաթղթերը, որն Ադրբեջանը հրաժարվում է ընդունել։ Եվ Հայաստանի նախկին իշխանություններն այդպես էլ վարվել են։ Ադրբեջանը մերժել է, իրենք՝ ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացրած բոլոր փաստաթղթերը։

Ադրբեջանի պահանջները բավարարելու համար միջնորդներն ավելի են բարձրացրել հայկական կողմից պահանջվող զիջումների նշաձողը, Ադրբեջանը դարձյալ մերժել է այն, մեր աննկուն իշխանություններն ընդունել են դրանք, որովհետև, իրենց երկաթե տրամաբանությամբ՝ այն, ինչ հակառակորդը մերժում է, Հայաստանը պիտի ընդունի։ Միջնորդներն ավելի են բարձրացրել նշաձողը՝ հօգուտ Ադրբեջանի, վերջիններս դա դարձյալ քիչ են համարել և դարձյալ մերժել են, իսկ Հայաստանը դարձյալ տղամարդու իր «այո»-ն է ասել։ Եվ այսպես մինչև «մադրիդյան նորացված սկզբունքներ» կոչվածը, որին Ադրբեջանը թեկուզ որոշ վերապահումներով արդեն տվել է իր համաձայնությունը։

Այսօր, ահա, «այո» ասող Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը զարմացած է, որ հիմա դերերը փոխվել են. ազերիներն «այո» են ասել միջնորդ տղաների ներկայացրած փաստաթղթերին, իսկ Հայաստանը հայտնվել է «էշը կորցրածի» կամ կոտրած տաշտակի առջև նստածի վիճակում։ Երևի միայն հայ դիվանագետ պիտի լինես, որպեսզի հասկանաս, որ մի օր Ադրբեջանն «այո» է ասելու այն փաստաթղթերին, որն արդեն գրեթե լիովին բավարարում է իրենց (այսօր այն առնվազն 95 տոկոսով բավարարում է ազերիներին)։

Այժմ ՀՀ մերօրյա իշխանությունները հնձում են այն, ինչ երեկ ցանել են իրենց եղբայրները, որոնց թվում նաև՝ պրն Օսկանյանը։ Բայց նաև խոստովանենք, որ ՀՀ նախկին արտգործնախարարն ընդամենը բարեխղճորեն կատարել է այն, ինչ իրեն հանձնարարել են։ Ինչպես ընդամենը կատարել ու կատարում են թե՛ նախկին, թե՛ ներկա նույն տրամաչափի մյուս բոլոր պաշտոնյաները... Խոստովանեմ, որ անձամբ ոչինչ չունեմ Վարդան Օսկանյանի դեմ, հատկապես երբ միջոցառումից հետո մի քանիսից լսեցի, որ տեղի ԱԳՆ-ից, թեկուզ փոխնախարարի մակարդակով, ոչ միայն չեն ցանկացել մասնակցել վերոհիշյալ շնորհանդեսին, այլև փորձել են բոյկոտել այն։ Հանդիպումից հետո արցախցի վերլուծաբաններից մեկն, այդ կապակցությամբ, այսպես հավելեց. «Բայց չէ՞ որ Վարդան Օսկանյանը, համենայն դեպս, առնվազն մի քանի անգամ ավելի տեղեկացված է Ղարաբաղյան խնդրի մասին, քան մեր բազմաթիվ պաշտոնյաները՝ միասին վերցրած...»։

Ընդհանրապես, հայ քաղաքագետ-դիվանագետների մասին երևի թե կարելի է հատորներ գրել։ Ըստ երևույթին՝ հայ դիվանագետը բնության թե մարդկության յուրօրինակ գլուխգործոց է, աշխարհի ութերորդ մի հրաշալիք։ Այն, որ այսօրվա հայ իշխանավորները նախորդ իշխանությունների տրամաբանական, կատարելագործված շարունակությունն են, տեսանելի է անգամ անզեն աչքով։ Հիշենք թեկուզ «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի դառը պտուղները դեռ որքաЇն տարիներ վայելելու է հայ ժողովուրդը։
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հենց առաջին օրվանից հակառակորդը դիվանագիտորեն փորձում էր Հայաստանին «դարձնել» հակամարտող կողմ, իսկ պատերազմից հետո՝ նաև ագրեսոր։ Եվ դա, հայ քաղաքագետ-դիվանագետների եռանդուն ջանքերով, լիովին հաջողվել է նրանց։ ՀՀ նախորդ նախագահի շնորհիվ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, բանակցասեղանի շուրջ դեմառդեմ մնացել են իր «տարածքային ամբողջականությունը կորցրած», «խեղճ» Ադրբեջանն ու «ագրեսոր» Հայաստանը։ Մի կողմում ազերի-թուրքն է, մյուս կողմում՝ հայ ողորմելի դիվանագիտությունը, մեջտեղն ԱՐՑԱԽԸ՝ Թումանյանի խսքերով ասած. «Դավին անտեղյակ, ցավին անտարբեր»։

Վերջերս, երբ Ալիև կրտսերն ավելի է ընդլայնել ռազմատենչ հայտարարությունների հաճախականությունը, շարունակում է հոխորտալ Ղարաբաղը զենքի ուժով «ետ բերելու» մասին, նրան արժանի հակահարված տալու մասին հայկական կողմից պատասխանում է ոչ թե Արցախի նախագահը, այլ՝ ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը, կարծես աշխարհին փորձելով մի անգամ ևս հասկացնել, որ ազերիներն իրավաց են՝ Հայաստանն ագրեսոր է։

Այնպես որ՝ այսօրվա հայ դիվանագիտությունը գտնվում է այն փոսում, որ երեկ փորել են իրենց եղբայրները։ Եվ որպեսզի պարապ չմնան, այսօր եռանդուն շարունակում են այդ փոսի ուղղահայաց «շինարարությունը»՝ չորս կողմից լայնացնելով այն, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա հարմար տեղավորվել այնտեղ...

N 3 (16) (2010)



ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ 

Ժողովուրդն ասում է. նա ծնվել է փայտահատ դառնալու համար, սակայն ջութակ է նվագում. Գեդեոն Սարումյանը ծնվել էր ոչ փայտ ջարդելու, ոչ ջութակահար և ոչ էլ ուսուցիչ ու դռնապան դառնալու համար։ Նա ծնվել էր և չծնվել չէր կարող, որովհետև երբ դեռ ինքը Գեդեոն Սարումյան չէր, այդպես էին կամեցել նրա հայրը և մայրը...

Ինչպիսի կոստյում էլ որ հագներ Գեդեոն Սարումյանը, զարմանալիորեն նրա չափով է լինում, բայց չկա այնպիսի մի պաշտոն, այնպիսի մի գործ, որ Գեդեոն Սարումյանի «չափով» լինի։
Այսօր նա պատմության ուսուցիչ է կամ ֆիզկուլտուրա է դասավանդում որևէ ուսումնական հաստատությունում, վաղը կարող է նույն հաջողությամբ որպես մարզիչ աշխատել ֆուտբոլային կամ վոլեյբոլային ցանկացածդ թիմում, մյուս օրը հրահանգիչ նշանակվել կամ դռնապան կարգվել որևէ հաստատության առջև...

Եվ, այնումենայնիվ, ամենազարմանալին այն է, որ ուր էլ խարիսխ է ձգում Գեդեոն Սարումյանը, միշտ կարծում է, թե ինքը հենց այդ պաշտոնի համար է ծնվել, իսկ տվյալ պաշտոնն էլ հատկապես իր համար է, և ինքը անփոխարինելի է։ Բայց ոչ, դա զարմանալի չէ, դա սարսափելի է, որովհետև աշխարհում ոչ ոք չի կարող ապացուցել, որ զրոն բացասական թիվ է և, միաժամանակ, ոչ ոք չի կարող հաստատել, որ զրոն դրական թիվ է...

N 3 (16) (2010)



ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝ ԼԻՐԻԿԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐՈՎ 

Ապրիլ ամսի 8-ին, 17-ին, 19-ին, 24-ին և 32-ին հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: Դրանք ամսվա ընթացքում էլեկտրամագնիսական դաշտի առավել հզորագույն ազդեցության օրերն են: Աստղագուշակի ներքոհիշյալ կանխատեսումները ուժի մեջ են ապրիլ ամսի բոլոր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Խոյեր, ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ. օրվա առաջին կեսին դուք դառնալու եք քաղաքագետ, իսկ երկրորդ կեսին, քաղաքի կենտրոնական հրապարակում հեծանվով զբոսնելիս, դուք կգտնեք դրամապանակ՝ ամերիկյան դոլարներով: Այդ օրը ցանկալի է լվացվել միայն պարսկական արտադրության հայկական օճառով:

Ցուլերին խորհուրդ է տրվում տնից դուրս չգալ, քանզի հնարավոր են ավտոմեքենաների հետ ընդհարման լուրջ դեպքեր, ինչպես նաև՝ շենքերի տակով անցնելիս, կարող է նրանց գլխին ընկնեն երկնային մարմիններ: Բացի դրանից, այսօր նրանց էլեկտրականությունն անջատվելու է, իսկ ջրի ծորակից ոչ մի կաթիլ ջուր չի գալու:

Երկվորյակները, թող այնքան էլ չցնծան և իրենց շատ չերևակայեն: Այսօր նրանք հաստատ օդային աղետից չեն խուսափի: Լավագույն դեպքում՝ արաբ ահաբեկիչները պայթեցնելու են նրանց գունավոր հեռուստացույցը: Մյուս կողմից, ուզեն թե չուզեն, այսօր նրանք ֆինանսական մեծ կորուստներ են ունենալու:

Խեցգետինների համար օրը սարսափելի բարենպաստ կլինի. հնարավոր է, որ նրանք ընտրվեն ԱԺ պատգամավոր կամ այլ պաշտոն ստանան։ Օրվա երկրորդ կեսին նրանք «խոզագրիպի» բացիլներով ծրար են ստանալու: Գիշերը երազում նարդի են խաղալու Վլադիմիր Պուտինի և Սարկոզիի հետ։

Առյուծների նկուղում այսօր հրդեհ է բռնկվելու: Երբ հրշեջ ավտոմեքենան անմիջապես ուշացած ժամանի, ամեն ինչ հաճելիորեն վերջացած կլինի: Օրվա երկրորդ կեսին նրանք իսլանդական սուրճ են խմելու իրենց զոքանչի (կամ կեսրայրի) հետ: Այնուհետև նրանք մեկնելու են Երևան՝ Ղարաբաղի կողմից մասնակցելու ԵԱՀԿ համանախագահների պատվին կազմակերպած ճոխ բանկետին:

Կույսերն այսօր ամուսնանալու են: Նրանց սպասվում են ուղեգրեր Մոսկվա, Մայամի, Մեխիկո կամ Մոզամբիկ մեկնելու համար, որտեղ կանցկացնեն հաճելի և երջանիկ ժամանց, կլողանան առաջին կարգի շոգեբաղնիքում և կխմեն «Կոտայք» գարեջուր: Դուբայում նրանց սպասվում է լուրջ հանդիպում Միշա Սահակաշվիլու հետ:

Կշեռքներն հիմնականում շատ վաղ են արթնանալու, սակայն հեռախոսավարձը ուշացնելու պատճառով, հնարավոր է ընկնեն հաճելի անախորժությունների մեջ: Մյուս կողմից՝ նրանց խորհուրդ չի տրվում գնումներ կատարել փողոցի ձախ մայթերին տեղադրված խանութներում: Այսօր հատկապես զգույշ եղեք. հնարավոր է լինեն թերակշռման լուրջ դեպքեր՝ ծանր մարմնական վնասվածքներով: Օրվա չորրորդ կեսին նրանք հավի տոտիկներով խաշ են ուտելու:

Կարիճների քաշն այսօր 23 կիլոգրամով պակասելու է, բայց այդ կորուստը փոխհատուցվելու է «Ընտանեկան զառով» շահած 1500 դրամով: Օրվա վերջին նրանց ընդունելու է պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղ ժամանած Բարաք Օբաման: Միաժամանակ, սպասվում է հաճելի ժամանց բնության կամ սիրածի գրկում:

Աղեղնավորներն ընկնելու են գլխապտույտ անհաջողությունների մեջ. նրանց զոքանչը (կամ կեսրայրը) ինքնաթիռում հանգչելու է ձախ ոտքի բթամատի վնասվածքից: Օրվա երկրորդ, չորրորդ և հինգերորդ կեսերին նրանք ընկնելու են հաճելի ինքնամոռացության մեջ և գունավոր բազմասերիանոց երազներ են տեսնելու՝ Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի մասնակցությամբ:

Այծեղջյուրներին խստիվ խորհուրդ է տրվում ոչ մի րոպե մենակ չթողնել իրենց կանանց: Հակառակ դեպքում, նրանց գլխավերևում կհայտնվեն փղոսկրե ոսկեզօծ եղջյուրիկներ: Ջրի վարձը ուշացնելու համար նրանց հայտարարելու են խիստ նկատողություն, իսկ կեսգիշերին նրանց բնակարանում կատարվելու է գողություն:

Ջրհոսներն այսօր վաղ առավոտյան թեյ են խմելու, հետո բաժանվելու են իրենց ամուսիններից: Օրվա երկրորդ կեսին նրանք ապխտած ձկան կարկանդակ են ուտելու և նրանց ընտանիքում տղա է ծնվելու: Օրվա երրորդ կեսին նրանք ապրելու են մինչև խոր ծերություն։ Հաջորդ օրը նշանակվելու են քաղաքաշինության նախարար:

Ձկներին սպասվում է հաճելի նավարկություն. նրանց բնակարանում ջրատար և ջեռուցման խողովակները պայթելու են, նրանք գիշերը ծովից ծով երազներ են տեսնելու, իսկ առավոտյան Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ քննարկելու են ազատագրված տարածքները հանձնելու հարցը:

Շնորհակալություն՝ ուշադրության համար, մինչև նոր հանդիպում:
N 3 (16) (2010)



ԱՄԵՆԱԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ 

Մարտի 31-ին «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Մի անգամ ևս քննարկելով ջրի սակագնի բարձրացման հարցը, մենք որոշել ենք հրաժարվել այն կրկնակի բարձրացնելու մտքից և, հաշվի առնելով ԼՂՀ բակչության գերակշիռ մասի անվճարունակությունը, երբ հազարավորները նույնիսկ հացի փող չունեն, ապրիլի 1-ից ջրի վարձը ոչ թե բարձրացնում, այլ կրկնակի իջեցնում ենք...»։

Նույն օրը ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, որ մինչ այդ միաձայն հավանություն էր տվել սակագների բարձրացման մասին որոշման նախագծին, Artsakhpress-ի թղթակցի հաղորդման համաձայն, ոտքով մեկնել է Շուշի՝ ս. Ղազանչեցոց եկեղեցում մեղքերը քավելու։

* * *
Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր պարապությունից առավոտից մինչև աշխատանքային օրվա ավարտը զբաղվում են խաչբառներ կամ սկանվորդներ լուծելով, առաջիկա շաբաթ օրերից մեկը մեկնելու են շաբաթօրյակի՝ «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») նշանավոր հուշակոթողի մերձակայքը մաքրելու, որտեղից երկշարք կազմած, գնալու են Հուշահամալիր՝ այնտեղ ևս մերձակայքի մաքրման աշխատանքներ կատարելու։

* * *
Արցախցիներին նոր անակընկալ է մատուցել նաև «Ղարաբաղ Տելեկոմը»։ Հաշվի առնելով հազարավոր բաժանորդների դժգոհությունը, ապրիլի 1-ից վերացվելու է բջջայինի բաժանորդներից գանձվող 1200 դրամ ամսավճարը։ «ՂՏ»-ն նոր անակընկալ է պատրաստել նաև ինտերնետային ծառայությունից օգտվողների համար։ Ապրիլի 7-ից ինտերնետային կապն աշխատելու է 5 անգամ արագ և արդեն հնարավոր է լինելու ոչ թե 25, այլ 5 րոպեում կայքէջ բացել։ (Լուսանկարով)

* * *
Որոշ լուրերի համաձայն, իրենց հայրենակիցներին փորձում են հաճելի անակընկալ մատուցել նաև «Արցախգազ» ու «Արցախէներգո» ՓԲԸ-ների ղեկավարները։ Նրանք ևս որոշել են վերանայել սակագների հարցն ու այն լուծել հօգուտ անվճարունակ շարքային քաղաքացիների։

* * *
Հաշվի առնելով, որ Ստեփանակերտի պետդրամթատրոնն արդեն երկու տասնամյակ չի կարողանում հաղթահարել ներքին ու արտաքին ճգնաժամը, Artsakh-press-ի թղթակցի հավաստմամբ, այնտեղ կայացած խորհրդակցությունում որոշվել է թատերական կյանքը աշխուժացնելու համար, որպես գեղարվեստական ղեկավար Ստեփանակերտ հրավիրել ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին։

* * *
Մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկում ապրիլի 10-ից կայանալու է գեղեցկության մրցույթ (այն տևելու է 12 օր), որին մասնակցելու են աշխարհի 291 երկրներից ժամանած չորքոտանի մեր բարեկամները։ Միջոցառումը բոյկոտելու ադրբեջանցիների բոլոր փորձերը ձախողվել են։ (Լուսանկարով)
Artsakhpress
N 3 (16) (2010)



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՖՈՒՏԲՈԼԻ ԳՆԴԱ՞Կ, ԹԵ՞ ԳՈՐԾՈՆ 

ՀՀ հեռուստաալիքներից մեկով ամերիկահայ մի ուսանող ասաց, որ ամերիկացի իր ընկերները գրեթե ոչինչ չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, և ինքը նրանց պատմում է, թե ինչպես են թուրքերը կոտորել 1.5 մլն հայերի։ Հայազգի այդ երիտասարդի խոսքերից խոր ցավ զգացի։ Ես ցանկանում եմ, որ իմ ազգին աշխարհը ճանաչի ոչ թե որպես զոհ, այլ որպես քաղաքակիրթ մի ազգ, որ հազարամյա մշակույթ ունի, Նարեկացի, Թումանյան, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան ունի, նշանավոր ծովակալ ու մարշալներ է տվել աշխարհին...

Ամեն տարի ապրիլի 24-ին հայությունը, շունչը պահած, սպասում է՝ ԱՄՆ նախագահը կկատարի՞ նախընտրական իր խոստումը՝ թուրքերի կողմից 1915-1923 թթ. իրականացրած ջարդերը որակելով ցեղասպանություն։ 1981 թ. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի շուրթերից արդեն հնչել է «ցեղասպանություն» բառը։ Բայց դրանից ինչ-որ բան փոխվե՞լ է հայերի համար։ Գերված մեր Վանը, Սասունը, Կարսն ու Արարատը մե՞րը դարձան։

Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաշատ բնակավայրերում 1915 թ. իրականացված ոճիրը ազգային մեր մեծ ողբերգությունն է, բայց ազգային գերնպատակ պիտի դարձնենք ոչ միայն և ոչ այնքան այդ ոճրագործության միջազգայնորեն ճանաչումը, որքան Հայոց մեր երկրի զարգացումը, այդ թվում՝ Արցախի հզորացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, արտագաղթի փոխարեն՝ ազատագրված հողերի վերաբնակեցումը... «Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցը անկախ ու հզոր պետականության կերտումն է..»,- ապրիլի 24-ի իր ուղերձում նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը...

Սակայն, ցավոք, միանգամայն այլ ուղղությամբ է շարժվում Հայոց պետական նավը, և դա ավելի շատ հիշեցնում է բաց ծով դուրս եկած անղեկ նավի, որ տաշեղի պես այս ու այն կողմ է քշվում։ Դրա վկայություններից մեկը «ֆուտբոլային դիվանագիտության» անփառունակ վախճանն է։ ՀՀ նախագահն օրերս իր հեռուստաուղերձով ժողովրդին հայտնեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին։ Արձանագրություններ, որին մինչ այդ «ոչ» էր ասել գրեթե ողջ հայությունը։ ՀՀ ղեկավարը գերտերությունների թելադրանքով մտել էր մի խաղի մեջ, որից եթե Հայաստանը մի բան «շահել է», դա այն է, որ Թուրքիային դարձրել է գործոն՝ տարածաշրջանում, և վերջինս սկսել է քիթը խոթել «ղարաբաղյան խնդրի» մեջ, փորձելով իր կամքը թելադրել հայկական կողմին։

Օգտվելով հայկական դիվանագիտության խեղճությունից, նախապայմաններ էր առաջ քաշում Թուրքիան, երկիր, որ սրի է մատնել հայ ժողովրդի արևմտյան հատվածին և տիրացել նրա երկրին։ «Օկուպացված տարածքները» վերադարձնելուց խոսում է մի երկիր, որ տասնամյակներ առաջ զավթել է Կիպրոսի հյուսիսային մասն ու այնտեղ տնկել արյունոտ իր դրոշը։
Բացառված չէ, որ մի օր էլ ՀՀ նախագահը ուղերձով դիմելու է հայությանը, փորձելով բացատրել, որ Արցախի անվտանգության համար ազատագրված հողերը պիտի վերադարձնել թշնամուն... Մեկընդմիշտ պիտի հասկանանք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և մյուսները նույնքան մեր բարեկամն են, որքան՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի, և մեր տարածաշրջանում միայն իրենց սեփական շահն են հետապնդում։ Իսկ որպեսզի մեզ հետ հաշվի նստեն, պիտի ուժեղ լինենք։ Այլապես ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային դիվանագիտություններում ընդամենը գնդակի դերում ենք լինելու։

N 4 (17) (2010)



ՄԵՐ ՀՅՈՒՐՆ Է ՆՇԱՆԱՎՈՐ ՊԱՅԾԱՌԱՏԵՍԸ 

Հարցազրույց լեհական-ռուսական ծագմամբ բուլղարացի հայտնի էքստրասենս ԱԳՆԵՍԱ ԿՐԱԿՈՎՍԿԱՅԱՅԻ հետ 

- Տիկին Ագնեսա, դուք առաջին անգամ եք Ղարաբաղում։ Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները մեր երկրամասի ու ժողովրդի մասին։
- Օ՜, իսկապես հիանալի լեռնաշխարհ ունեք, գեղեցիկ ու վեհ լեռներ, բազմադարյա հարուստ մշակույթ։ Ձեր երկիրը քրիստոնեական երկիր է, դա երևում է ամեն քայլափոխում։

- Իսկ մեր ժողովրդի մասին ի՞նչ կարծիքի եք։
- Ընդհանրապես, ժողովուրդը մեծ կատեգորիա է, որ ունի հավաքական արժանապատվություն, ինքնասիրություն, միասնական նպատակ և այլն։ Ձեզ մոտ ժողովուրդ չտեսա, բայց այստեղ մարդիկ են ապրում...

- Տիկին Ագնեսա, ավելի հետաքրքիր հարցերի մասին զրուցենք։ Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները Ղարաբաղի կանանց մասին։
- Շատ լավ։ Կանանց և տղամարդկանց հավասարության խնդրում դուք ավելի բարվոք վիճակում եք, քան եվրոպական որոշ մահմեդական երկրներ։ Ձեզ մոտ բարձր պաշտոններում տեսա բազմաթիվ կանանց։ Ինձ դուր եկավ նրանցից ոմանց ինքնավստահությունը, որ չունեն ձեր բազմաթիվ տղամարդ պաշտոնյաներ։

- Կարծես դուք այնքան էլ լավ կարծիքի չեք մեր տղամարդ ղեկավարների մասին։
- Ձեզ մոտ կան տղամարդ պաշտոնյաներ, որոնց վզից պիտի հատուկ ցուցանակ կախել, վրան գրած՝ տղամարդ։ Թե չէ՝ շատ դժվար է դա գլխի ընկնել։

- Տիկին Կրակովսկայա, բայց չասացիք, թե ինչն է ձեզ բերել Ղարաբաղ։ Հետաքրքասիրությո՞ւնը մի երկրի հանդեպ, որ հաղթել է իրենից բազմիցս ուժեղին։
- Ես հարգում եմ պատերազմում տարած ձեր հաղթանակը, բայց ձեր երկիր եմ եկել այլ պատճառով՝ մասնավոր հրավերով։

- Եթե գաղտնիք չէ, դա ի՞նչ հրավեր է և ո՞ւմ կողմից։
- Դա խիստ կոնֆիդենցիալ է։ Չեմ կարող անուններ տալ։ Ասեմ միայն, որ այստեղ եմ մի քանի պաշտոնյաների հրավերով, ովքեր քնած ժամանակ գիշերամիզության խնդիր ունեն։

- Եվ ի՞նչ, դուք բուժե՞լ եք նրանց։
- Երկշաբաթյա սեանսից հետո ամեն ինչ կարգավորվել է։ Ամենակարևորը՝ հիվանդության պատճառները վերացնելն է։ Իսկ դրանք մի քանիսն են եղել՝ թուլակամություն, վախ՝ պաշտոնը, հարստությունը կորցնելու համար, սեփական ուժերի հանդեպ՝ բացարձակ անվստահություն և այլն։

- Ձեր բոլոր ծախսերը նրա՞նք են հոգացել։
- Իհարկե։ Նրանք շատ հարուստ մարդիկ են, մեծ բիզնես ունեն՝ իրենց ազգական-բարեկամների անունով։

- Դուք միայն նրա՞նց եք բուժել այս երկու շաբթում։
- Ի՜նչ եք ասում։ Ես ընդունել եմ 500-ից ավելի այլ հաճախորդներ։

- Տիկին Ագնեսա, իսկ ի՞նչ յուրահատկություններ եք նկատել մեր ժողովրդի, իսկ ձեր բնորոշմամբ՝ մարդկանց մեջ։
- Խնդրեմ։ Աշխարհի ցանկացած երկրում երբ այս կամ այն որոշմամբ ոտնահարվում է քաղաքացու բարվոք ապրելու իրավունքը, իսկույն տեղի է ունենում հակառակ ռեակցիա։ Ասենք, բավական է 4-5 տոկոսով բարձրացվի էլեկտրաէներգիայի սակագինը, անմիջապես բողոքի ալիք է բարձրանում։ Իսկ ձեզ մոտ ջրի փոխարեն ցեխանման ինչ-որ հեղուկ են տալիս, հերիք չէ, դրա սակագինը 2 անգամ, այսինքն՝ 100 տոկոսով բարձրացրել են և՝ ոչ մի ռեակցիա։

Կամ՝ մյուս տարօրինակությունը. ամեն օր հարսանքավորների ավտոմեքենաները վայրենի ազդականչեր տալով սլանում են ձեր Հուշահամալիր՝ իբր զոհվածների հիշատակ հարգելու։ Դա բանական մարդուն անհարիր խոզություն է։ Այդպիսի բան կարող է լինել միայն աֆրիկյան հետամնաց ու վայրենի ցեղախմբերի մոտ։
Մի այլ օրինակ. դուք ասում եք ազատագրված հողեր, իսկ ձեր հայաստանյան բոսերը հայտարարում են, որ այդ տարածքները չեն բնակեցվում։ Այսինքն՝ դուք ասում եք, որ դրանք հայկական հողեր են, իսկ Երևանում ուզում են դրանք տալ ձեր հակառակորդին։

- Տիկին Ագնեսա, դուք պայծառատես եք, գուշակում եք ապագան, ի՞նչ եք կարծում, պատերազմի վերսկսման հավանականություն կա՞։
- Այդ հարցն ինչո՞ւ է մտահոգում ձեզ։ Դուք ապրում եք ձեր սեփական հողում, դո՛ւք նրանց վախեցրեք պատերազմով, և թող ձեր հակառակորդը սարսափի դրանից։ Բայց եթե դուք ազատագրված հողերը տաք թշնամուն, տեր Աստված անգամ ձեզ չի փրկի։

- Վերջին հարցը. ի՞նչ եք ցանկանում մեր ժողովրդին, ձեր բնորոշմամբ՝ Ղարաբաղի մարդկանց։
- Հաղթողին յուրահատուկ արժանապատվություն։ Տեր կանգնեք ձեր իրավունքներին։ Թե չէ՝ ջայլամի պես գլուխներդ խոթել եք ավազի մեջ և սպասում եք, որ ուրիշները, ինչ-որ շանորդիներ ձեր «հարցը լուծեն»։ Մինչդեռ ձեր քաջ հայրենակիցներն արդեն լուծել են այն։ Ազատագրել են ձեր երկիրը, ձեր հողերը։ Հո հիմար չե՞ք, տեր կանգնեք ձեր երկրին։ Ուրիշ էլ ի՞նչ եք ուզում, մա՛րդ Աստծո։

N 4 (17) (2010)



ԽԼՈՒՐԴԸ՝ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ 

Խլուրդն աշխատում էր վերելակային ծառայության նկուղային բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։ Վերելակների պղնձե մետաղալարերը թռցրեց ու ծախելիս բռնվեց։ Պիտի գործ հարուցեին, սակայն ծանոթ-բարեկամների միջնորդությամբ տեղափոխեցին այլ աշխատանքի. նշանակեցին սիմֆոնիկ նվագախմբի ադմինիստրատոր։ Համերգների ժամանակ նստում էր առաջին շարքում ու հենց որ հնչում էր առաջին ակորդը, դիրիժորի ձեռքի փայտիկի շարժման հետ, գլուխը կախում էր և իսկույն քնում։ Մտերիմները հասկացրին, որ այդպես չի կարելի, վերջապես համույթի ղեկավար մարմին է, կծիծաղեն իր վրա։

Դրանից հետո Խլուրդն այլևս դահլիճում չէր երևում, օրերով փակվում էր առանձնասենյակում և ոչ մեկին չէր ընդունում։ «Պարոն Խլուրդը զբաղված է, աշխատում է»,- թութակի պես կրկնում էր քարտուղարուհին։ Մի ամիս հետո երաժիշտների շրջապատում սկսեցին լուրեր պտտվել, թե Խլուրդը սիմֆոնիա է գրում։ Նրան ճանաչողները ծիծաղում էին և ձեռքները թափ տալիս, չճանաչողները՝ զարմանում. «Չէ՜ մի, դա էլ նոր անեկդո՞տ է...»։
Մի օր Խլուրդն իր մոտ հյուր կանչեց դիրիժոր Աղվեսին, խորոված-լուլաքաբաբով, ժենգյալով հացով ու յոթաստղանի կոնյակով հյուրասիրեց և ներկայացրեց իր «սիմֆոնիան»։ Աղվեսը լսեց, ծանր հոգոց հանեց, մի քանի րոպե խորհեց ու ասաց. «Ճիշտն ասած, նման գործ սկսելուց առաջ լավ կլիներ, որպես սկիզբ, քո ուժերին համապատասխան գործ ձեռնարկեիր, ասենք, մի հատ ցախավել պատրաստեիր կամ բոփսիկ սարքեիր, բայց դե, որ մտքիդ դրել, սիմֆոնիա ես գրել, ի՞նչ արած, պիտի բեմ հանենք...»։

Խլուրդի սիմֆոնիայի պրեմիերային սկզբում ներկա էին միայն հրավիրվածները, երկրորդ օրը՝ հրավիրյալների մեկ քառորդը, երրորդ օրը՝ երկու ուսանողուհի՝ լրագրության բաժնից, որոնք որևէ բան գրելու հրահանգ էին ստացել իրենց դասախոսից։ Երբ նրանցից մեկը հարցրեց՝ «Պարոն Խլուրդ, ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք», մաեստրոն պատասխանեց. «Այժմ աշխատում եմ օպերայի վրա»։
Մի քանի ամիս հետո Խլուրդին ազատեցին աշխատանքից։ Խեղճն այդպես էլ չհասցրեց ավարտին հասցնել իր «Հերոսական օպերան»։ Սակայն նա արդեն նոմենկլատուրային կադր է և, հավաստի լուրերի համաձայն, նրան այժմ ուզում են նշանակել կինոստուդիայի կամ բալետի թատրոնի տնօրեն։ Հետաքրքիրն այն է, որ լուրեր են պտտվում, թե Խլուրդն արդեն փորձում է սցենար գրել կինոնկարի համար։ Ասում են նաև, որ նա, միաժամանակ, բալետի համար լիբրետո է գրում։

N 4 (17) (2010)



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԱՌԱ՜Ջ, ԴԵՊԻ ՀԵՏ...

Երկրի առաջադեմ, հայրենասիրական ուժերը երբ շարունակ փաստում են, թե հրադադարից ի վեր ՀՀ իշխանությունները Ղարաբաղի հարցում վարում են պարտվողական, ապազգային քաղաքականություն, դրանից չպիտի հետևություն անել, թե ի տարբերություն արտաքին քաղաքական գործունեության, ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամեն ինչ հիանալի է: Լավ կյանքից ու սոցիալ-տնտեսական դաշտում իշխանությունների վարած փայլուն քաղաքականությունից չէ, որ վերջին երկտասնամյակում շուրջ 1.2 մլն մարդ լքել է Հայաստանը: Օրենքի գերակայության փոխարեն իշխում է պաշտոնական դիրքի և փողի գերակայությունը, Հայրենիք և Պետություն հասկացությունները տարանջատվել են, ինչպես իրարից անդունդով բաժանվել են ժողովուրդն ու իշխանությունները, հողի սեփականաշնորհումը կատարվել է ոչ թե ի շահ երկրի իրական տիրոջ՝ ժողովրդի, այլ փողատեր իշխանավորի և կասկածելի ճանապարհով հարստություն կուտակած, այսպես կոչված, բիզնեսմեն-գործարարի...

Մխիթարվելու ոչինչ չկա նաև հոգևոր դաշտում՝ քամահրական վերաբերմունք ազգային արժեքների հանդեպ և համընդհանուր արժեզրկում: Երկրի գիտնականն ու ակադեմիկոսը նյութական վիճակից խեղճացած, վիզ ծռած սպասում են, թե ով է մի քանի գրոշ նետելու իրենց, որ ստրկահաճորեն պատվեր կատարեն (խոսքը փոքրաթիվ այն մարդկանց մասին չէ, ովքեր իրենց արժանապատվությունը երբեք չեն վաճառում):
Վերջերս ՀՀ իշխանությունները մի նոր անակնկալ մատուցեցին ժողովրդին. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տալիս երկրում հիմնել օտարալեզու դպրոցներ: Ասել է թե՝ փորձ է արվում օրինական հիմքերի վրա դնել Հայոց լեզվի նպատակաուղղված դուրսմղման գործընթացը, դրանով ավելի խախուտ դարձնելով հայկական պետականության հիմքերը: Բարեբախտաբար, դրանից դժգոհության ալիք է բարձրացել երկրում, սակայն չի բացառվում, որ իշխանություններն այդ դժգոհությունները ևս անտեսեն ու ներքաղաքական կյանքում առաջ տանեն իրենց «ֆուտբոլային դիվանագիտությունը»...

Մայիսի կեսերին Ստեփանակերտում կայացավ կլոր սեղան՝ «Արցախյան կարգավորում՝ իրավական և քաղաքական հայեցակետերը» թեմայով, որին մասնակցել են ԼՂՀ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, պետական կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ ու իրավագետներ, այդ թվում՝ Երևանից: Ընդհանրապես, սա առաջին դեպքը չէ, որ մեզ մոտ տեղի են ունենում միջոցառումներ, որտեղ ճանաչված քաղաքագետ-փորձագետ-գործիչները (Ալեքսանդր Մանասյան, Իգոր Մուրադյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Մանվել Սարգսյան և այլք) փորձում են պատասխանել «ի՞նչ անել» հարցին, արժեքավոր տեսակետներ են հայտնում ղարաբաղյան հարցում ստեղծված մեզ համար կործանարար վիճակից դուրս գալու մասին, իսկ ահա նրանք, ովքեր առաջնորդում են պետական մեր Նավը, այն աննկուն տանում են «Տիտանիկի» կուրսով, որի վերջին խայտառակ ապացույցը Եվրախորհրդարանի մայիսի 20-ի թիվ 2216 բանաձևն է, որտեղ պահանջ է ներկայացվում «հայկական ուժերը ադրբեջանական օկուպացված տարածքներից» դուրս բերելու մասին...

Սա է, ահա, ամենամտահոգիչը: Ու նաև այն, որ տասնամյակներ առաջ անկախ պետականություն չունեինք, բայց ունեինք զարգացած, գիտության ու մշակույթի երկիր Հայաստան, իսկ այսօր հայերս ազատ ու անկախ ենք կարծես, բայց հայոց երկիրը գետնաքարշ է:

N 5 (16) (2010)



ԱՆՄՈՌԱՑ «ՂԱՐԱԲԱՂ» ԹԻՄԻ ԱՎԱԳՆ ԱՐԴԵՆ 60 ՏԱՐԵԿԱՆ է

Կարծես երեկ էր՝ Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտը պարբերաբար թնդում էր մեր ֆուտբոլասերների ուրախության ձայներից, և հազիվ թե գտնվեր արցախցի մարզասեր, որ անուն առ անուն չիմանար սիրելի «Ղարաբաղ» թիմի կազմը, թիմ, որ այնքա՜ն բերկրալի տարիներ է պարգևել մեզ:
Ֆուտբոլասերներն այսօր էլ անկասկած հիշում են մեր թիմի բարձրահասակ կիսապաշտպանին՝ 6-րդ համար Բենիամին Բաբայանին, որին բոլորը հարազատի իրավունքով Բենո էին ասում: Մտավորականի, արիստոկրատի պահվածք ուներ, երբ տիրում էր գնդակին, անմիջապես սպասում էիր, որ նրա գեղեցիկ ու նպատակասլաց փոխանցումից վտանգավոր մի նոր գրոհ կսկսվի: Իսկ հաճախ էլ հենց ինքն էր հուժկու և գեղեցիկ հարվածով գրավում մրցակցի դարպասը:

Ֆուտբոլասեր պատանիները մեր թիմում իրենց կուռքերն ունեին և երազում էին նմանվել նրանց: Արցախյան ֆուտբոլի վարպետների թիմում այդ տարիներին շատ էին կուռքերը: Նրանցից մեկն էլ թիմի ավագ Բենիամին Բաբայանն էր:
Բենոյի մասին դեռևս 1977 թվականին ահա թե ինչ է ասել արցախյան ֆուտբոլի մեծ երախտավոր, արցախյան թիմին Ադրբեջանի չեմպիոն դարձրած Ռազմիկ Պետրոսյանը. «Բենիամին Բաբայանը մեծ հեղինակություն է վայելում թիմում: Շատ աշխատասեր է: Թիմում գլխով ամենագեղեցիկ խաղացողն է: Ունի դարպասին գեղեցիկ հարվածելու հատկություն, մեկ անգամ չէ, որ գրավել է հակառակորդի դարպասը: Դժվար պահերին միշտ օգնության է գալիս խաղընկերներին»...

Հավատդ չի գալիս, որ «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի ավագն արդեն 60 տարեկան է: Չենք հավատում, որովհետև այդ տարիների մեջ մեր պատանեկության ու երիտասարդության անմոռաց տարիներն էլ կան, ֆուտբոլը մեզ համար ամեն ինչ էր, հայրենի «Ղարաբաղ» թիմը՝ ուրախություն ու հպարտություն... Ու այսօր չենք հավատում, որ մեր կյանքի այդ տարիները ևս պատմության գիրկն են անցել:
Բենիամին Բաբայանը ծնվել է 1950 թ. մայիսի 8-ին: 1969-ից խաղում էր վարպետների թիմում: Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտն ավարտելուց հետո 1973-75 թթ. արդեն խաղում էր լեգենդար «Արարատ»-ի փոխարինողների կազմում: Մարզասերները քաջ գիտեն, որ այդ տարիներին Հայաստանի նշանավոր այդ թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, գավաթակիր:

Այնուհետև Բենոն զորակոչվեց բանակ, ծառայությունն ավարտելուց հետո վերադարձավ հայրենի Արցախ և մեր ֆուտբոլասերների համար անմոռաց 1977 թվականին «Ղարաբաղ» թիմի կազմում դարձավ Ադրբեջանի չեմպիոն, իսկ թիմն իրավունք ստացավ մասնակցելու ԽՍՀՄ 2-րդ խմբի առաջնությանը: Այդ տարիներին նրա խաղընկերներն էին Երևանից հրավիրված «Արարատ-73»-ի չեմպիոններ Հովհաննես Զանազանյանն ու Սուրեն Մարտիրոսյանը:
1984-89 թթ. Բենիամին Բաբայանը ղեկավարել է ֆուտբոլի դպրոցը, իսկ 1989-91 թթ. եղել է «Ղարաբաղ»-«Արցախ» թիմի ավագ մարզիչը: Այնուհետև աշխատանքի է անցել ԱրՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության ամբիոնում (այժմ ամբիոնի դոցենտ է):

1995-2003 թթ. ԲՄԱ-«Ղարաբաղ» թիմում մարզիչ է աշխատել: 1998 թ. վետերանների թիմի կազմում դարձել է ՀՀ չեմպիոն, երկու անգամ գրավել են 2-րդ տեղը:

Այսօր մեր երիտասարդները հեռուստատեսությամբ նայում են վարպետ թիմերի խաղերը և մտքներով չի անցնում, որ ժամանակին մեր «Ղարաբաղը» ինչպես հավասարը հավասարի հետ խաղում էր նշանավոր դարձած այդ թիմերից մի քանիսի հետ: Մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Կառլեն Սիմոնյանը, պատմում է, որ մի պատանի իրեն հարցրել է, թե ճի՞շտ է, արդյոք, որ իրենք ժամանակին խաղացել են Ռուսաստանի չեմպիոն ու գավաթակիր Կազանի «Ռուբինի» հետ: «Ասացի՝ այո, նույն առաջնությունում մենք եղել ենք այդ թիմի մրցակիցներից: Բենիամին Բաբայանը, Վալերի Հայրիյանը, ես և շատ ուրիշներ ժամանակին խաղացել ենք այդ թիմի հետ,- ասաց Կառլենն ու տխուր ավելացրեց,- իսկ նա երևի մտածեց, որ պարզապես գլուխգովություն եմ անում: Եվ նա այդպես մտածելու իրավունք ունի, որովհետև մեր մրցակիցներից շատերը շարունակել են զարգանալ ու Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղերին են մասնակցում, իսկ մենք այսօր ֆուտբոլ չունենք, ամեն ինչ զրոյից պիտի սկսենք...»:

Բարեբախտաբար, այսօր կան Ռազմիկ Պետրոսյանի, Բենիամին Բաբայանի, Կառլեն Սիմոնյանի և մյուսների սաները, և հուսանք, որ մի օր նրանք հայրենի ֆուտբոլը կրկին կհասցնեն այն բարձունքին, որին արժանի ենք...

N 5 (18) (2010)



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՊԵՐՃԱՆՔՆԵՐՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր նախորդ համարում գրել էինք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տալիս երկրում հիմնել օտարալեզու դպրոցներ, ու դրանից դժգոհության ալիք է բարձրացել երկրում։ Ինչպես կանխազգացել էինք, իշխանությունները հերթական անգամ արհամարհեցին հանրության կարծիքը և ՀՀ ԱԺ-ում վավերացրին հակասահմանադրական, հակապետական այդ օրինագիծը։ Դեռ շաբաթներ առաջ, երբ բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ ցույց էին կազմակերպել ՀՀ ԱԺ-ի առջև և ամոթանք էին տալիս ազգային խորհրդարանի երեսփոխանի մանդատավորներին, իշխող կուսակցության պատգամավորներից մեկը երեք մատներով անպարկեշտ գործողություն է արել ցուցարարների ուղղությամբ։ Անկասկած, կարող էր նաև լեզու ցույց տալ, փողոցային հայհոյանքների տարափ հեղել հավաքվածների հասցեին կամ քացով խփել մեկ-երկուսին, բայց այդպիսի հրահանգ դեռ չէր ստացել իր կուսակցական բոսերից...

Իսկ ստացած հրահանգը նա և իր պատգամավոր եղբայրները փայլուն կատարեցին. համերաշխ քվեարկեցին Հայոց պետականության հիմքերը խարխլելուն միտված օրինագծի օգտին։ Միամտություն կլինի այլ բան սպասել. պատգամավոր է թե նախարար, օլիգարխը մնում է օլիգարխ, և նրա աստվածը Փողն է։ Մնացյալ ամեն ինչի վրա նա թքած ունի։

ԼՂՀ նախկին նախագահի եղբայրը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, բիզնեսմեն Արեգ Ղուկասյանը, որ «կողմ» էր քվեարկել օտարալեզու դպրոցների մասին օրինագծին, երևանյան լրագրողի հարցին, թե՝ մասնակցե՞լ է պատերազմին, խուսափողական պատասխան է տվել. «Եղել եմ պատերազմի ժամանակ և՛ Ղարաբաղում, և՛ էստեղ»։ Երբ լրագրողը կրկնել է իր հարցը. «Կռվին մասնակցե՞լ եք», պատասխանել է. «Օֆիցիալ ես բանակում չեմ ծառայել, բայց բանակի հետ կապված շատ բաներ եմ արել, որոնց մասին հիմա խոսել պետք չի»...

Արցախյան շարժումից հետո իշխանության և մեծ հարստության տիրացած գործիչների գերակշիռ մասը նույնպես պատերազմին չի մասնակցել, «բայց բանակի հետ կապված շատ բաներ է արել, որոնց մասին հիմա խոսել պետք չի»։ Ինչպիսի՜ համեստություն...

Արցախի Մարտակերտի շրջանում հունիսի 18-ի ողբերգական միջադեպն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Ստեփանակերտ՝ քաղաքական ամենաբազմազան շահարկումների թեմա է դարձել։ Հայաստանյան որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ սրտանց և անկեղծորեն ցանկանում էին, որ ՀՀ ղեկավարի Արցախ ժամանելու պատճառը «տարածքների վերադարձի» թեման լիներ, որպեսզի դա կարողանան օգտագործել իշխանափոխության համար, ոմանք Արցախում զոհված զինվորների վերաբերյալ տեղեկատվությանը զուգահեռ ծայրեծայր զետեղել են ադրբեջանական լրատվամիջոցներով սփռած լուրերը՝ ազերական բանակի նոր զորավարժության մասին, որին մասնակցել է «4 հազար զինվոր, 100 տանկ, մարտական ինքնաթիռներ...»։

Եվ նմանատիպ «ինֆորմացիայով» լուսավորված քաղաքական ինչ-որ «կուրտիզանուհի» բացականչում է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ դուք օտարալեզու դպրոցների դեմ եք պայքարում... Կարծես կոճակ սեղմող ՀՀ պատգամավորը վայր է դնելու իր մանդատն ու ջիպի ղեկին նստած որդու հետ շտապ մեկնի առաջին գիծ...

Երբ ջուրը պղտորվում է, ձկնորսները շատանում են, բայց մեզանում յուրաքանչյուրը ձգտում է բռնել հենց այն ձուկը, որն իր քիմքին ավելի հաճելի է։ Անկախ նրանից, թե այդ ջրում կա՞, արդյոք, որոնածը։ Սա է հայոց քաղաքական դաշտը։

N 6 (19) (2010)



ԽՍՀՄ կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանի 100-ամյակի կապակցությամբ 1997 թվականին նրա անունով ՀՀ-ում հիմնվել է մեդալ, որով պարգևատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները...

* * *
Մեծանուն հայորդի, մեր մեծ հայրենակից մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանային համալիրի խայտառակ վիճակի մասին մեր թերթը բարձրաձայնել է նաև մի տարի առաջ։ Մեծ զորավարի 100-ամյակին անգամ հարկ չհամարեցին ավարտել աշխատանքներն ու հուշակոթողի հանդիսավոր բացման արարողություն կատարել։
Երկիրը հեղեղվել է չգիտես ինչ արժանիքների և որ ծառայության համար մեդալներ ու շքանշաններ ստացած «հերոսներով», Ստեփանակերտում ամեն քայլափոխում շինարարական աշխատանքներ են ընթանում, քարե սալիկներով զարդարում շենքերն ու գետինը, բայց, ահա, մոտ 10 տարի է՝ երկիրը «հնարավորություն չունի» իրական ՀԵՐՈՍԻ արձանի զույգ կողմերում անճոռնի ցցված մետաղաձողերը փոխարինելու քարե կամարով։

Եթե այսօր հրաշքով կենդանանար Մեծ զորավարն ու ժամաներ Ստեփանակերտ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի շուքով կդիմավորեին նրան... Բայց, ցավոք, նա կենդանի չէ և հայրենի երկրում սեփական բիզնես չունի...

* * *
Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող փոքրիկ կլոր պուրակում, որտեղ տեղադրված է Ստեփան Շահումյանի արձանը, և որը տասնամյակներ շարունակ ստեփանակերտցիների, հատկապես թոշակառուների հանգստի սիրած վայրն էր, այսօր ամբողջ թափով շինարարական աշխատանքներ են գնում։ Քարուքանդ է արվել համեմատաբար ավելի վաղ սարքված սալահատակը, ոչնչացվել է կանաչ զանգվածի մի մասը։
«Մեր հանգստի համար մնացած փոքրիկ այս հողակտորն էլ խլեցին,- տխուր հայտնում են թոշակառուները,- ողջ քաղաքում այլևս հարմար մի տեղ չկա, որ նստենք, հանգստանանք, զրուցենք իրար հետ։ Ի՞նչ է, քաղաքը լցված բարերում պիտի՞գնանք վայելենք մեր հանգիստը։ Սա մեր քաղաքն է, մեզնից յուրաքանչյուրինն է, և ոչ մեկը չպիտի առանց քաղաքացիների կարծիքը հարցնելու, այսպես վարվեր սիրված պուրակի հետ։ Փողի ավելցուկ ունեն, թող գնան քաղաքի կիսաքանդ ու քարուքանդ մյուս հատվածները գեղեցկացնեն...»։

Հետաքրքիրն այն է, որ արձանի վրայի հայատառ «Շահումյան» գրությունն էլ են քերել-մաքրել։ Անհասկանալի է, թե այն ում գեղագիտական ճաշակը չէր բավարարում։
Երբեմնի կանաչապատ ու համեստ մեր մայրաքաղաքը օրեցօր լցվում է քարերով, աջ ու ձախ հեղեղվում քարե սալահատակով, սալիկապատվում են անգամ շենքերը։ Երևի մի օր հերթը կհասնի նաև տանիքներին ու շենքերի պատուհաններին...

«ՆԷ»
N 6 (19) (2010)



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Ո՛Չ» ԵՆ ԱՍԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՌՆՈՑՈՎ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության հրապարակում այլևս չեն հնչի հարսանեկան ազդանշաններ, Երևանի Հանրապետության հրապարակում հարսանեկան ավտոշարասյան մեքենաներին այսուհետ արգելվելու է ազդանշաններ արձակել: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ մասին կհայտարարվի լրատվամիջոցներով: Նրա խոսքով, ոստիկանությունը հետևողական կլինի այդ հարցում:

Այս խնդիրը կառավարության նիստում բարձրացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ իրենք քաղաքացիներից բողոքներ են ստացել հարսանեկան մեքենաների արձակած աղմուկի վերաբերյալ: Նա նկատել է, որ հրապարակի մերձակայքում կան նախարարություններ, թանգարաններ, հյուրանոցներ, հետևաբար՝ քաղաքացիները պետք է հրաժարվեն այդ սովորույթից:
Իսկ մեզ մոտ իշխանությունների համար դեռևս երևի թե հաճելի ու ախորժալուր է մինչևիսկ կառավարական շենքերի մոտերքում տևական հնչող ցուցամոլ որոշ հարսանքավոր ավտոշարասյան զզվելի ոռնոցը, այլապես իրենք էլ կհետևեին ՀՀ ղեկավարների օրինակին։

Բարեբախտաբար, մեզ մոտ շատերն այլևս ավտոմեքենաների ազդականչերով չեն գնում զոհվածների հիշատակ հարգելու։ «Մաղի երեսին» մնացել են միայն իրենց ոչնչությամբ հիացած, տգիտությամբ երջանիկ և անսպասելի հարստացած քաղքենիները, որոնց թվում է, թե ողջ աշխարհը բերանը բաց, հիացած իրենց է նայում։

N 6 (19) (2010)



ԱՐՎԵՍՏԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ. ԹԵԿՈՒԶ ԱՅՆ ԼԻՆԻ ԹԱՏՐՈՆԸ

Մոտ 3 տարի առաջ Ստեփանակերտի պետդրամթատրոնի բեմ բարձրացավ Կոմիտաս Դանիելյանի անդրանիկ «Մենք մեր սարերն ենք» պիեսը։ Արցախի մայր թատրոնի պատմության մեջ երևի թե առաջին անգամ պիես է բեմ բարձրացել առանց թատրոնի գեղխորհրդում քննարկվելու-ընդունվելու։ Ես, որ որպես գեղխորհրդի անդամ հրավիրված էի ներկայացման փակ դիտմանը, իմ տարակուսանքը հայտնեցի, որին հեղինակը մոտավորապես պատասխանեց, թե պիեսն ուղարկել է հայաստանյան մի քանի թատերագետների և դրական արձագանք ստացել...

Փակ դիտումից հետո գեղխորհրդի նիստում հնչած իմ խոսքում ասացի, որ ճանաչված ռեժիսոր Նարեկ Դուրյանը և գրեթե բոլոր դերակատարներն իրենց ուժերի գերլարումով կատարել են իրենց գործը, բայց, ցավոք, այստեղ ներկայացում չկա։ Նույնիսկ տեր Աստված հազիվ թե փրկեր ներկայացումը, որովհետև բեմադրության համար առաջին հերթին պիտի ձեռքի տակ պիես լինի։ Իսկ պիես չկա, փոխարենը հեղինակի ինչ-որ պատմվածքներից հավաքած-սարքած վինեգրետ է, որ անգամ հեռավոր առնչություն չունի թե՛ ռեալ իրականության, թե՛ հատկապես արվեստի հետ...

Պիեսում ղարաբաղյան բանակը ներկայացնում են երեք հոգի, որոնցից մեկը հրամանատար է, երկուսը՝ զինվոր։ Երկու զինվորներից մեկը ներկայացման ողջ ընթացքում հայ ժողովրդի պատմությունից դասագրքային քարոզներ է կարդում չգիտես՝ մյուս զինվորի՞, հանդիսատեսի՞համար, թե՞հեղինակի ռազմահայրենասիրական ոգին ամենքիս ցուցանելու համար։ Բայց սա «մեդալի» մի կողմն է միայն։ Մյուսում թշնամու կողմից գրավված հայկական գյուղում թաքնված հղի կինն է՝ ութ թե տասը տարեկան որդու հետ։ Եվ մինչ հայկական զորամասի հրամանատարությունը գերյալներին փրկելու ծրագրեր է մշակում, փոքրիկն իր հղի մորը հակառակորդի քթի տակով և առանց մեր զինվորների աջակցության, բերում, հասցնում է զինվորական բուժմաս, որտեղ լույս աշխարհ է գալիս նորածինը։

Հարց է ծագում. փոքրիկն այդ ինչպե՞ս է կարողանում ծննդաբերության շեմին գտնվող, հազիվ ոտքի վրա կանգնող մորը երկու թշնամի զորամասերի դիրքերի մոտով աննկատ բերել, տեղ հասցնել։ Մյուս կողմից՝ էլ ո՞ւմ են պետք պիեսի, այսպես կոչված, «բանակային» տեսարանները, հայ ժողովրդի պատմությունից հերոսական դասերը, երբ այդ նույն բանակը ոչ միայն ներդրում չունի գերյալներին ազատելու գործում, այլև այնքան թույլ է, որ նույնիսկ չի նկատում, թե վերջիններս ինչպես են իր վերահսկած տարածքով հասնում զորամաս...

Պիեսի, այսպես կոչված, զինվորական տեսարանների վերաբերյալ հնչած քննադատությանը հեղինակը ջղայնացած պատասխանել է, թե ինքը կռվել է և պետք չէ բան սովորեցնել իրեն։ Բայց մոռացավ ներկաներին հիշեցնել, թե որ թվականին, ամսի քանիսին և որտեղ է կռվել...

Խորհրդային տարիներին Ստեփանակերտում կար Ստեղծագործությունների տուն, որտեղ ժողբանահյուսության նմուշներ էին հավաքում, երբեմն էլ համեմատաբար «թեթև» պիեսներ վերցնում՝ գյուղական ակումբներում բեմադրելու համար։ Խիստ կասկածում եմ, որ Կ. Դանիելյանի այս պիեսն արժանանար այդ պատվին։ Բայց մարդը որոշել է ոչ միայն պիեսներ գրել, այլև՝ ամեն գնով բեմադրել, քանի դեռ թատրոնի տնօրեն է։ Պիտի խոստովանել, որ հեղինակի դրամատիկական տաղանդը հատկապես փայլատակում է հոբելյանական տարեթվերի առիթով։ Եթե անդրանիկ պիսը նվիրված էր Արցախի ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին, ապա այս անգամ պիես բեմ հանելու առիթը Հայոց ցեղասպանության 95-ամյակն էր։ Եվ լույս աշխարհ եկավ ու բեմ ելավ «Տո, լաճ տնավեր»-ը։ Ընդհանրապես Կ. Դանիելյանը սիրում է պիեսներ գրել այնպիսի հոբելյանների առթիվ, որ հեշտ լինի ընդդիմախոսների բերանը փակելը. ի՞նչ է, մեր սուրբ պայքարին կամ մեր մեծ ողբերգության տարելիցին նվիրված ստեղծագործություն չպիտի՞բեմադրենք... Կամ՝ մեր ազգային պայքարին ու համազգային ողբերգությանը նվիրված գործե՞րն ես քննադատում...

Չեմ կարծում, թե որևէ մեկը դեմ լիներ, որ ֆրանսահայ ռեժիսոր Նարեկ Դուրյանը կամ Հայաստանից հրավիրված ռեժիսորը բեմադրեին հայ կամ արտասահմանյան դրամատուրգիայի որևէ արժեքավոր գործ՝ ի ցույց դնելով իրենց ողջ կարողություններն ու տաղանդը... Ասենք՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս»-ը, Աղասի Այվազյանի լավագույն պիեսներից որևէ մեկը կամ ժամանակակից մի երկ՝ արտասահմանյան անվանի դրամատուրգներից։

Դարձյալ չեմ խոսելու դերասանների խաղի մասին, հրավիրված ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանի անուրանալի չարչարանքների մասին (որքան ինձ հայտնի է, նրա մեկնելուց հետո հեղինակն անմիջապես ուղղել է վերջինիս «սխալները»՝ վերականգնելով փորձառու ռեժիսորի կողմից կրճատված հատվածներն ու խմբագրել որոշ տեսարաններ)։ Ռեժիսոր, որ պիես բեմադրելու դասական ավանդույթների հարուստ փորձով և վարպետությամբ ասես մի հրաշքով կյանք էր տվել պարապությունից հոգնած, ձանձրացած կոլեկտիվին։ Ասում են՝ երիտասարդ դերասաններն ամեն օր անհամբեր սպասում էին փորձերին, որտեղ ամեն օր մի բան էին սովորում դասական բեմարվեստի նվիրյալ ռեժիսորից...

Համառոտ ես խոսելու եմ միայն պիեսի մասին։ Մեր թատրոնի հնագույն երկրպագուները երևի հիշում են հայ բեմի վարպետ Բենիկ Օվչյանի Թումանյանը՝ «Մեծ լոռեցին» պիեսում։ Ներկայացման յուրաքանչյուր դերակատար ուներ իր «դուբլյորը», որպեսզի եթե հանկարծ ինչ-որ պատճառով ինքը չկարողանա մասնակցել ներկայացմանը, իր տեղը գրավի փոխարինողը։ Օվչյանը վատառողջ էր կամ հիվանդ, ուրեմն՝ ներկայացումը հետաձգվում է։ Նա փոխարինող չուներ, որովհետև հազիվ թե մեկ ուրիշը կարողանար կերպավորել մի մարդու, որին ասես անձամբ ճանաչում ենք ամենավաղ մանկությունից, և որի փառահեղ կերպարը մեր մեջ ամրացել է նրա իսկ անմահ ստեղծագործություններից։ Օվչյանը մեզ ներկայացրեց մեր իսկ ճանաչած, մեր մեջ նստած Թումանյանին։

Վարպետ դերասանի համար երևի թե դժվար չէ գրական կերպար կերտելը։ Երիցս դժվար է իրական, հանրահայտ, տաղանդավոր անհատի կերպարը մարմնավորելը։ Հատկապես եթե այդ անհատը Թումանյանն է, Տերյանը, Կոմիտասը, Դանիել Վարուժանը կամ Սիամանթոն... Մարդիկ, որոնց կերպարներն իրենց իսկ ստեղծագործություններից արդեն ամուր նստած են մեր մեջ։ Դա է ահա ամենադժվարը՝ արվեստասեր հանրությանն անխաթար ու իրական ցույց տաս Տաղանդավոր այն անհատին, որին ժողովուրդը գիտե և ճանաչում է...

Եվ Կոմիտաս Դանիելյանը որոշեց միանգամից մեզ ներկայացնել Դանիել Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սևակին ու Կոմիտասին։ Մարզաշխարհում յուրաքանչյուրը գիտե իր ուժերի և կարողությունների ամենավերին սահմանը։ Շատ հազվադեպ են լինում դեպքեր, երբ ծանրորդը պատվիրում է իր քաշը բազմիցս գերազանցող ծանրաձող։ Թե արդյունքում ինչ է լինում՝ դժվար չէ կռահել... Ի դեպ, պիեսի փակ դիտումից հետո գեղխորհրդի անդամներից մեկն ասել է. «Կողմ եմ քվեարկում, բայց առաջարկում եմ այս ներկայացումը Ղարաբաղից դուրս ուրիշ տեղ չտանել...»։

Կ. Դանիելյանի պիեսում չկա կերպար, չկա անհատականություն։ Լսելով Վարուժանի, Սիամանթոյի և Սևակի զրույցը, թվում է, թե պիեսի հեղինակը թուրքերի, ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության, առաջին համաշխարհայինի տարիների Ռուսաստանի, Գերմանիայի մասին դասագրքային իր պատկերացումները երեք մասի է բաժանել և մաս առ մաս դրել արևմտահայ պոեզիայի երեք անկրկնելի վարպետների բերանում։

Սևակը հարցնում է Սիամանթոյին. «Ատոմ, հիմա չե՞ս զղջում, որ Ժնևից վերադարձար Պոլիս»։ Հետո Կ. Դանիելյանը մոռանալով, որ այդ հարցաշարը սկսել է Սևակը, այժմ էլ Վարուժանի շուրթերից է շարունակում. «Կամ դու, Ռուբեն, Լոզանում երջանիկ ապրում էիր...»։ Սիամանթոյի բերանում դրած տեքստից ցանկացած հատված (եթե ոչ ամբողջ տեքստը) կարելի է դնել Վարուժանի կամ Սևակի բերանում, Վարուժանինն էլ՝ Սիամանթոյի կամ Սևակի... Եվ ոչինչ չի փոխվելու, որովհետև պիեսում նրանք տարբեր անհատներ ու մեծ մտածողներ չեն, այլ հեղինակի սարքած «բաց դասի» մասնակիցներ, որտեղ ամեն մեկն արդեն գիտե, թե տարիներ հետո խորհրդային դասագրքերում իրենցից յուրաքանչյուրին որքան տեղ է հատկացվելու։ «Դուք էլ հրաշալի գիտեք, որ դուք եք մեր բանաստեղծության պառնասի ներկայացուցիչները»,- երկու բանաստեղծներին ասում է Ռուբեն Սևակը, որին վերջիններս պարզ է, որ պիտի ընդդիմանան. «Սխալվում ես, Ռուբեն... Հապա քո հանճարեղ «Հայաստանը», քո «Կիլիկյան երգերը»...

Թուրք ոստիկանը հայ աքսորյալներին ասում է. «Էֆենդիներ, ես զինվորներ չունեմ, հույսս դնում եմ ձեր ազնվության վրա», ապա ջերմ խոսքուզրույցից հետո, չգիտես ինչու, լկտիաբար նետում. «Շնորհակալ եղեք, գյավուրներ...»։ Ինչո՞ւ հանկարծ կոպտեց նրանց, որոնց ազնվությանն էր ուզում ապավինել։ Որտե՞ղ է տրամաբանությունը։

Թուրք փաշայի աղջկա՝ Լաթիֆայի սերն առ իրեն բուժած Սևակը նույնքան համոզիչ է, որքան այն, որ թուրք աղջկա «սեղանի գիրքը» Գրիգոր Զոհրապի «Նովելներ»-ն է։ Մնում է աղջիկը խոստովանի, որ սիրած երաժշտությունն էլ Կոմիտասի «Անտունին» կամ «Հով արեք, սարեր ջան»-ն է... Եվ սիրո դրամայի վերջին «համոզիչ» ակորդը՝ հազարավոր հայերի արյամբ ձեռքերը թաթախած հորն աղջիկը համոզում է իրեն ամուսնացնել Սևակի հետ...

Որ հեղինակը ծանոթ չէ իր ներկայացրած ժամանակաշրջանին ու միջավայրին, երևում է ամեն քայլափոխում։ Ինչպես նախորդ պիեսում, այստեղ ևս չկան կերպարներ, կան միայն մարդիկ, որ նախադասություններ են արտասանում, հաճախ նաև բանաստեղծություներ անգիր ասում՝ ինչպես գրական ցերեկույթում կամ գրական-գեղարվեստական կոմպոզիցիայի ժամանակ։

Ընդհանրապես Կ. Դանիելյանը սիրում է անակնկալներ մատուցել։ Թատրոնի ու դրամատուրգիայի հետ երբեք առնչություն չունեցող մարդը նշանակվելով թատրոնի տնօրենի պաշտոնում, իր կյանքի յոթերորդ տասնամյակի շեմին հանկարծ սկսել է պիեսներ երկնել ու բեմ հանել... Ավելի հետաքրքիր անակնկալը. որպես հետգրություն իր երկի վերջում հավելել է. «Պիեսում օգտագործվել են առանձին հատվածներ Հրանտ Հրահանի «Խոսում են անմահները» վեպից»։ Կհասկանայի հեղինակին, եթե նա վերցներ ու պիեսի կամ սցենարի վերածեր Հրահանի վեպը։ Դա միանգամայն ընդունված է գրական աշխարհում։ Բայց որ մեկը վերցնի ու մի այլ գեղարվեստական երկից առանձին հատվածներ օգտագործի իր գրական երկում, չեմ կարծում, թե գրականության պատմության մեջ նման երկրորդ դեպք լինի... Յուրաքանչյուր գեղարվեստական գործ, անգամ պատմավեպը, տվյալ հեղինակի ստեղծագործական երևակայության արգասիք է և հաճախ շատ չնչին աղերսներ ունի իրական անցքերի ու իրադարձությունների հետ։ Դասագրքերից ու գեղարվեստական զանազան երկերից ծաղկաքաղ անելով արվեստ ու գրականություն չեն ստեղծում։

Ս. թ. ապրիլից առայսօր պիեսը մայրաքաղաքում ներկայացվել է ընդամենը 3 անգամ։ Վերջին անգամ մայիսի 4-ին՝ կիսադատարկ դահլիճով։
Սպասենք Դանիելյանի հաջորդ ներկայացման ծնունդին՝ որևէ այլ հոբելյանի առիթով։ Հետո ի՞նչ, որ Արցախի մայր թատրոնը շարունակում է մնալ ցեխի մեջ։ Արվեստը զոհեր է պահանջում։

N 6 (19) (2010)



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ հայաստանյան լրագրողները փորձում են պարզել, թե Ստեփանակերտն ինչ սպասելիքներ ունի այդ հանդիպումից և, բնականաբար, հանդիպումից հետո Արցախում ինչ են մտածում այդ կապակցությամբ։ Շատ հաճախ ինչ-որ բան փորձում են լսել կամ պարզել նաև ինձնից։ Իմ պատասխաններից ակնհայտորեն մնում են տարակուսած, որովհետև ամեն անգամ փորձում եմ բացատրել, որ Արցախում ընդհանրապես ոչինչ չեն մտածում տվյալ հանդիպման մասին, այնպես, ինչպես երկու, երեք կամ հինգ տարի առաջ ոչինչ չէին մտածում արդեն պատմության գիրկն անցած նախորդ բոլոր հանդիպումների մասին։

Դրա պատճառները շատ են և տարբեր. Արցախի ժողովուրդը, անգամ պաշտոնյաները, շատ քիչ են տեղեկացված։ Լավագույն դեպքում գիտեն այն, ինչ մատուցում են հայկական իշխանական ԶԼՄ-ները։ Բայց սա ընդամենը երրորդական պատճառ է։ Այդ հանդիպումները պարզապես չեն հետաքրքրում արցախցիներին։ Դա լավ է, թե վատ՝ միանգամյան այլ հարց է, և դրա պատճառները նույնպես շատ են։ Օրինակ, ինձ և իմ ընկերներին «Ղարաբաղյան խնդրի կարգավորման» անվան տակ տարվող հանդիպումները չեն հետաքրքրում առաջին հերթին այն պատճառով, որ դրանք ոչ մի առնչություն չունեն խնդրի իրական կարգավորման հետ։

Ինքնասիրության խնդիր էլ կա. անձամբ ես և հարյուրավոր իմ ընկերներն ու բարեկամները ՀՀ-ում ոչ մեկին չենք լիազորել որոշելու մեր երկրի ճակատագիրը։ Մեր երկիրը ևս ՀՀ այս կամ այն ղեկավարին չի լիազորել որոշելու Արցախի ճակատագիրը։ Համոզված եմ, որ ցանկության դեպքում անգամ այդ պարոնները չեն կարող ստորագրել փաստաթուղթ, որ անընդունելի լինի Արցախի համար։ Բայց ոչ թե այն պատճառով, որ նրանք հայրենասեր են և հասկանում են, որ դա կլինի Արցախի վերջի սկիզբը։ Ամենևին ո՛չ։ Այլ այն պարզ պատճառով, որ լավ հասկանում են, թե դա կլինի իրենց՝ ստորագրողների վերջը։

Անշուշտ, ցանկալի է, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցող այդ պարոնները դիլետանտ չլինեին, որքա՜ն լավ կլիներ, որ հայ դիվանագիտությունը երկչոտ ու գետնաքարշ չլիներ, բարձրագույն պաշտոնյաները նախ մտածեին երկրի, ապա հետո միայն իրենց աթոռի ու գրպանի մասին։ Մյուս կողմից՝ կցանկանայի, որ Արցախի քաղաքական վերնախավը երբեմն հանդես գար հաղթող երկրին վայել կոշտ հայտարարություններով... Բայց, ցավոք, այսօր ունենք այն, ինչ ունենք...

Կոսովոյի անկախության կապակցությամբ Հաագայի միջազգային դատարանի ընդունած որոշումից հետո, հուլիսի 23-ին Ստեփանակերտում հանրահավաք էր սպասվում։ Այդ մասին արդեն հայտարարել էին հայաստանյան ԶԼՄ-ները, և 34 լրագրողներ ուղևորվել էին Արցախ՝ լուսաբանելու հանրահավաքը, որն, ամենայն հավանականությամբ, պիտի աշխարհին ցույց տար, որ մենք ամենևին քնած չենք, հաստատակամ և ամուր ենք կանգնած՝ մեր անկախությունն ու ազատությունը պաշտպանելու թշնամու ցանկացած ոտնձգությունից... ՀՀ հեռուստալրագրողների ջանքերով այդ կադրերը կցուցադրվեին աշխարհի տարբեր հեռուստաալիքներով, բայց... Բայց, հանրահավաքի փոխարեն ԼՂՀ քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարությամբ...

Կարծում եմ՝ շա՜տ դժվար, անչա՜փ դժվար է լինելու մեր անցնելիք ուղին։ Նստել, սպասում ենք, որ մեր անկախությունը ճանաչեն, որ ինչ-որ պարոններ մեր «հարցը լուծեն»... Թումանյանը մի հեքիաթ ունի, կոչվում է «Անխելք մարդը»... Ի դեպ, պատերազմում տարած հաղթանակից հետո, հետագա տարիների մեր պահվածքում, ցավոք, հարգանքի արժանի ոչինչ չեմ տեսնում...

N 7 (20) (2010)



ԱՐՑԱԽԻ ՀԿ-ՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՄ՝ ԵՎ ԿՐԿԻՆ «ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ»

Հուլիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) կլոր սեղան էին կազմակերպել, որի ժամանակ ընդունվել է երկու տասնյակից ավելի այդ կազմակերպությունների հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հունիսի 26-ին ընդունած համատեղ հայտարարության կապակցությամբ։
Արցախի ՀԿ-ների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հիշյալ հայտարարությունը փաստորեն հաստատում է այն դրույթները, որոնք ընկած են «մադրիդյան սկզբունքների» հիմքում, և դրանք, ինչպես մինչ այդ բազմիցս հայտարարել ենք, չեն կարող կյանքի կոչվել»։

Հայտարարության հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող այդ երկրների կողմից միանման հակամարտություններում կիրառվող երկակի ստանդարտների կապակցությամբ, դա անվանելով ոչ միայն անարդար, այլև անբարոյական։ Արցախի ՀԿ-ների ներկայացուցիչները գտնում են, որ կարգավորմանը միտված վերոհիշյալ սկզբունքները չեն կարող իրագործվել նաև այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից պետականորեն տարվող հայատյացության քաղաքականությունը ԼՂՀ բնակչության մեջ ոչ մի կասկած չի թողնում այդ երկրի ղեկավարության հանցավոր նկրտումների վերաբերյալ։

«Մենք չենք վստահում ոչ մի խաղաղարար բանակի, որովհետև բավականին փորձ ենք ձեռք բերել ոչ միայն սեփական նորագույն պատմությունից, այլև վերջին տարիներին տարածաշրջանում և աշխարհում կատարվող իրադարձություններից»,- ասված է նամակում, որը ստորագրել են ԼՂՀ հասարակական կազմակերպությունների խորհրդի մի շարք անդամներ ու ՀԿ-ների ղեկավարներ։
«Նոր էջ» թերթի խմբագրի այն հարցին, թե ինչու այդ կամ նման հայտարարությամբ առաջին հերթին չեն դիմում հենց հայ իշխանություններին, ՀՀ նախագահին, որոնց վարած «փայլուն դիվանագիտության» արդյունք են «մադրիդյան սկզբունքներն» ու երեք գերտերությունների նախագահների նախորդ և վերջին այս հայտարարությունները, Ժաննա Կրիկորովան պատասխանեց, թե՝ թող մեր իշխանությունները զբաղվեն երկրի տնտեսական և այլ խնդիրներով, իսկ մենք՝ քաղաքական...

Մտքերի փոխանակման ժամանակ կլոր սեղանին մասնակցողներից մեկն էլ այն տեսակետը հայտնեց, թե՝ «ավելի լավ է, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին. դա մեզ մանևրելու հնարավորություն է տալիս։ Եթե Հայաստանը ստիպված լինի մեզ համար անընդունելի փաստաթուղթ ստորագրել, մենք կմերժենք, իսկ ՀՀ նախագահն արդարանալու տեղ կունենա՝ տեսնո՞ւմ եք, Ղարաբաղի ժողովուրդը չի ընդունում դա...»։

Միջոցառման կազմակերպիչները վրդոված էին, որ աշխարհը հայկական կողմին օկուպանտ է համարում, որ երեք նախագահների հայտարարության մեջ ներառված բոլոր կետերը մեր դեմ են... Իսկ որ հենց հայ դիվանագետը, ՀՀ նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանն է հայ իրականության մեջ առաջինը գործածել «օկուպացված տարածքներ» կապակցությունը, որ դեռևս տարիներ առաջ է Սերժ Սարգսյանը հայտարարել, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության համար հիմք են ծառայել Հայաստանի ղեկավարության կողմից հավանության արժանացած նույն այդ «մադրիդյան սկզբունքները», դա այնքան էլ չէր մտահոգում միջոցառման կազմակերպիչներին։

Մեր բազմադարյա պատմության ընթացքում սեփական դժբախտությունների ու ողբերգությունների համար մենք շարունակ մեղավորներ ենք փնտրել մեր սահմաններից այնկողմ, մինչդեռ գրեթե միշտ իրական մեղավորները եղել են հենց Հայաստանի ներսում, մեր մեջ։ Այդ «ավանդույթը» շարունակվում է նաև այսօր, երբ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում Արցախի ժողովրդի, հայ ժողովրդի տարած հաղթանակը հայ երկչոտ ու ապաշնորհ դիվանագիտությունն անշեղորեն տանում է պարտության ուղիով, և վերջին 20 տարում հայ իշխանավորները եթե մի բան արել ու անում են, դա այն է միայն, որ անսասան պահեն սեփական աթոռն ու բազմապատկեն ձեռքբերած նյութականը...

Եվ այսպես, հերթական նամակը հղվեց «ռուսաց թագավորին»։ Հուսանք, որ գերտերությունների ղեկավարները համապատասխան դասեր կքաղեն այդ հայտարարությունից, և նրանց երրորդ կամ չորրորդ համատեղ հայտարարությունները կլինեն բազմաչարչար հայ ժողովրդի օգտին...
«ՆԷ»
N 7 (20) (2010)



ԻՍԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆ ԽԱԲԵՆ

Հուլիսի 12-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանի հետ։ Հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, քննարկվել են ընկերության կողմից Արցախում իրականացվող ներդրումային քաղաքականությանը, սակագների վերանայմանը, ինչպես նաև սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերին վերաբերող հարցեր: Այնուհետև կառավարության նիստերի դահլիճում հրավիրվել է ԼՂՀ վարչապետի և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը։

Ամենայն հավանականությամբ, վերոհիշյալ հանդիպման համար առիթ է հանդիսացել վերջերս Արցախում սկիզբ առած ակցիան՝ ընդդեմ «ՂՏ»-ի կողմից սահմանված բարձր գների և սպասարկման ցածր մակարդակի, որ սկվսել է Facebook սոցիալական կայքում «Stop թալանին» անվանմամբ քաղաքացիական նախաձեռնությամբ։ Այնտեղ զետեղվել էր նաև ծաղրանկար, որտեղ ՀՀ և Արցախի քարտեզի մեջտեղում կանգնած էր Եիրիկյանը՝ Հայաստանում «Viva cell»-ի բաժանորդների համար հրեշտակի, իսկ Արցախում «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդների համար՝ սատանայի տեսքով։ Կայքում բազմաթիվ արձագանքներ են տպագրվել թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Դրան Ստեփանակերտում հետևել է «Տելեկոմի» աշխատակիցների բողոք-ցույցը՝ ի պաշտպանություն Ռալֆ Եիրիկյանի:

«Ղարաբաղ Տելեկոմի» անվան շուրջ սկսված այս աղմուկը անհանգստացրել է նաև Արցախի իշխանություններին։ Արդյունքում՝ իշխանությունները հանդիպել են «Տելեկոմի» գործադիր տնօրենին, այնուհետև կայացել է վերոհիշյալ մամլո ասուլիսը։
10 տարվա ընթացքում ընկերության կողմից Արցախում կատարված աշխատանքի համար վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռալֆ Եիրիկյանին, նշելով, որ իր 2002 թ. իր գործունեությունից մինչ այսօր «Ղարաբաղ Տելեկոմը» կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը համար պայմանագրով նախատեսված 15 մլնի փոխարեն ներդրել է 38 մլն դոլար։ Նա նշել է, որ այդ ամենով հանդերձ, «Ժամանակակից չափանիշներին հասնելու համար անելիքներ դեռ շատ կան», որի վկայությունը ընկերության մատուցած ծառայությունների, մասնավորապես ինտերնետ կապի ցածր որակի, բջջային հեռախոսակապի սակագների վերաբերյալ վերջերս հանրության կողմից հնչեցված դժգոհություններն են։

Ռ. Եիրիկյանն, ամփոփելով կապի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը, նշեց, որ նախատեսվում է բարելավել քաղաքային կապը, լարայինից անցնել ոչ լարային կապի, արդիականացնել ընկերության սարքավորումները, ստեղծել նոր կայաններ: Նա նշեց նաև, որ սակագնի կտրուկ իջեցումները բացասաբար են ազդելու սպասարկման որակի վրա, սակայն առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն:
Եիրիկյանի հավաստմամբ՝ առաջիկա 4 ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն. մինչև տարեվերջ լուծվելու է ինտերնետային կապի որակի և սակագնի հարցը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային կապի դիմաց սակագների վերանայման վերաբերյալ:

Ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքների, Եիրիկյանն ասաց, որ ինքը «ՂՏ»-ի բաժնետեր չէ, այլ ընդամենը պաշտոնյա է, որ հասարակական հիմունքներով կատարում է 830 աշխատող ունեցող ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները։
Ասուլիսի ընթացքում խոսք եղավ նաև այն մասին, որ պատերազմ տեսած արցախցին, հատկապես առողջական խնդիրներ ունեցող կենսաթոշակառուները, որ բջջային հեռախոս իրենց մոտ պահում են միայն նրա համար, որ փողոցում իրենց վատ զգալիս կարողանան կապվել տնեցիների հետ, և ողջ ամսվա ընթացքում նրանց րոպեավճարը կազմում է ընդամենը 70-100 դրամ, ստիպված են լինում լրացուցիչ մուծել նաև 1200 դրամ, այսպես ասած, բաժանորդավճար, այն դեպքում, երբ բաժանորդաքարտ վերցնելիս արդեն մուծել են 8 հազար դրամ։

Ասուլիսում պարզվեց, որ 140 հազար բնակչություն ունեցող Արցախում «Տելեկոմն» ունի բջջային ծառայությունից օգտվող 60 հազար բաժանորդ, որից 50 հազարն օգտվում է հետվճարային, մնացյալը՝ կանխավճարային համակարգից։ Ասել է թե՝ 50 հազար բաժանորդ յուրաքանչյուր ամիս րոպեավճարից բացի, որպես բաժանորդավճար, հենց այնպես «ՂՏ»-ի գրպանն է մտցնում 60 մլն դրամ (1 տարվա կտրվածքով՝ 720 մլն դրամ)։
Ակնհայտորեն երևում էր, որ Եիրիկյանի համար անսպասելի էր «Տելեկոմի» դեմ սկսված դժգոհությունների այս ալիքը։ Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո նա խոստացավ հաճախակի հանդիպել նրանց հետ և պարզաբանել հանրությանը հուզող խնդիրները։

Անշուշտ, «Ղարաբաղ Տելեկոմը» ստիպված է դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարել՝ կապված նաև Արցախի հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելու հետ։ Սակայն պատերազմ տեսած, սակավակարող արցախցին, խղճուկ կենսաթոշակով ապրող արցախցին այսօր այլևս չի ցանկանում այդ ամենի համար վճարել իր «հացի փողից»։ Վերոհիշյալ հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը վկայում են, որ դա հասկացել են թե՛ Արցախի իշխանությունները, թե՛ «ՂՏ»-ի գլխավոր տնօրենը։

N 7 (20) (2010)



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԱՅՍ ԵՆՔ ՄԵՆՔ

Օրերս Yerevaklur-ում, այսպես կոչված, հոդվածաշար կարդացի «Ադրբեջանը վերսկսեց պատերազմը» խորագրով, որտեղ, իրենց ասելով, զետեղվել են մտածածին իրավիճակներ, որը «կօգնի ավելի լավ պատկերացնել ՀՀ անելիքները պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում»։ Հեղինակ Զոհրապ Եգանյանի պատմելով, ս.թ. ապրիլի 24-ի գիշերը «Ադրբեջանն, առանց պատերազմ հայտարարելու, անցել է մասշտաբային հարձակման... Ստեփանակերտը կրել է հսկայական կորուստներ, մարդիկ պատսպարվել են նկուղներում, անջատվել է էլեկտրամատակարարումը... Չճշտված տվյալներով հիմնահատակ ավերվել է ԼՂՀ նախագահի նստավայրը, ԱԺ-ի շենքը և ՊՆ-ն...»։ Բայց սա բոլորը չէ։ «Ադրբեջանական ռազմական ինքնաթիռներն անցել են նաև ՀՀ օդային սահմանները... ռմբակոծել Երևանի տարածքում գտնվող մի շարք ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ հեռուստատեսային աշտարակը... Հայաստանում խուճապ է, երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ կապ գրեթե չկա։ Հայ օլիգարխներից շատերը իրենց ընտանիքների հետ միասին անցել են Վրաստան կամ Իրան...»։

Արցախյան շարժման սկզբնական տարիներին Անար անունով ադրբեջանցի նշանավոր մի շանորդի ասել է, թե հայերը մազոխիստ են։ Բազմիցս համոզվել եմ, որ նա իրավացի է։ Ցավոք, իրավացի է։ Ուրիշ էլ ո՞վ կարող է այսպիսի քստմնելի իրավիճակ երկնել և դնել ինտերնետային կայքում, մոգոնելով թե այն «կօգնի ավելի լավ պատկերացնել ՀՀ անելիքները պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում»։ Եթե վերոհիշյալ զառանցանքի մեջ կա մի դրվագ, որ կասկած չի հարուցում, դա օլիգարխների մասին հատվածն է...

Շատ հնարավոր է՝ պատերազմական գործողությունների ժամանակ, հատկապես սկզբում, մեծ կորուստներ ունենանք՝ թե՛ մարդկային, թե՛ տարածքային, բայց դեռ պատերազմ չսկսված, մազոխիստական երևակայությամբ «Կիկոսի մահը» նկարագրես, դա չի տեղավորվում առողջ բանականության սահմաններում։ Հակառակորդները մարտից առաջ սովորաբար միանգամայն այլ կերպ են վարվում։ Օրինակ՝ բռնցքամարտիկների մեծ մասը մամուլում աջ ու ձախ հոխորտում է հակառակորդին ոչնչացնելու, «բմբուլները քամուն տալու» մասին, այսպես ասած, հոգեբանական գրոհով փորձելով նախապես ահ ներշնչել ախոյանին։ Եվ հաճախ դա հաջողվում է նրանց...

Բայց, որ մարտից առաջ մեկը վերցնի ու իր սեփական ջախջախումը նկարագրի, իբր թե՝ դրանից դասեր քաղելու միտումով, իմ երկրային կյանքում առաջին անգամ եմ նման «ռազմավարական քայլ» տեսնում։ Ակամայից հիշեցի ահաբեկիչների կողմից ամերիկյան հանրանայտ առևտրատնտեսական երկու երկնաքերների պայթեցման մասին սեպտեմբերի 11-ից առաջ նկարահանված կինոնկարներից մեկը... Կոպիտ է հնչում՝ Ամերիկան հնձեց այն, ինչ ցանել էր...

Անկասկած, մեծ է պատերազմի վերսկսման հավանականությունը, բայց այդ մեծ հավանականության համար ես բացարձակապես չեմ մեղադրում հակառակորդին։ Բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, քարոզչական և այլն, նա հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում է կորցրածը, խորհրդային կայսրության շնորհիվ զավթածը կրկին ետ վերադարձնելու համար։ Դա այդ ազգի բնույթն է՝ զավթել, գողանալ, խաբել, կոտորել ոչ հավատակիցներին, հատկապես հայերիս, որ դարեր ի վեր սիրով ու մի առանձին հպարտությամբ մեզ տեղավորել ենք զոհի կարգավիճակում... Արցախյան ազատամարտն այդ «կարգավիճակից» դուրս գալու առաջին մեծ պոռթկումը եղավ, սակայն բնածին ապաշնորհ ու ողորմելի հայ դիվանագիտությունն ամեն ինչ անում է մեզ «ի շրջանս յուր» վերադարձնելու համար... Ու ցավն այն է, որ հասարակությունը կարծես դեմ չէ դրան, գենետիկորեն հարմարվել է դրան։ Վերոհիշյալ այս հոդվածաշար կոչվածում չկա ազգ, պետություն, կա միայն ԶՈՀ և այդ զոհը դարձյալ մենք ենք, ինչպես 20-րդ դարավերջին Սումգայիթում, Բաքվում, 1915-ին և դարեր առաջ, դարեր շարունակ...

Ասել է թե՝ պատերազմի վերսկսման հնարավորության մեծ տոկոսի և Ղարաբաղյան խնդրի հետ կապված ողջ շիլաշփոթի ամենամեծ մեղավորը հայերս ենք՝ մեր գետնաքարշ դիվանագիտությամբ, տհաս ղեկավարությամբ ու ստրկամիտ, մազոխիստ հասարակությամբ, հանուն մի կտոր հացի ու սեփական շահի ներսից ինքներս մեզ խժռելու, ոչնչացնելու դարավոր սովորույթով։

21-րդ դարն էլ եկավ, ոչ մի դաս չքաղեցինք բազմադարյա մեր պատմության դառը փորձից։ Շարունակում ենք ճակատագրական, ազգակործան նույն սխալները, դրանց գումարելով նորերը, որի արդյունքում՝ շարունակ ընտրություն ենք կատարում ոչ թե լավի և վատի միջև, այլ՝ վատի և վատթարագույնի միջև, ու մշտապես ընտրում վատթարագույնը...

Իսկ հերոսներ՝ որքան ուզեք, այդ առումով մրցակից չունենք։ Այլևս ես ոչ մեկին «հիմար» կամ «ապուշ» չեմ անվանում, թեկուզ 120 տոկոսով հիմար ու ապուշ լինեն։ Աստված նրանց հետ։ Մի օր նրանք էլ մեդալ ու շքանշան կստանան, և միայն ես, ղարաբաղցու ասած, կմնամ վատամարդի...

N 8 (21) (2010)



ՄԱԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՅՏ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ԱՅԼ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ

Հարավային Օսեթիան և Աբխազիան Ռուսաստանի կողմից որպես անկախ պետություն ճանաչվելուց հետո մեզ համար կարծես թե հնարավորություն էր ստեղծվել առաջ տանելու Արցախի անկախության ճանաչման գործընթացը։ Սակայն պարզվեց, որ Օսեթիան ու Աբխազիան «նախադեպ չեն», ինչպես մինչ այդ «նախադեպ չի եղել» Կոսովոն։

ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Հաագայի միջազգային դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշումը, որով Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը համարվել է միջազգային օրենքներին չհակասող, հայաստանյան և արտասահմանյան վերլուծաբաններին նոր առիթ է տվել կրկին «հիշելու» Ղարաբաղը։ Քաղաքագետներն ու փորձագետները իրարամերժ կարծիքներ են հայտնում՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի այս կամ այն նորմերը: Այս անգամ էլ հատկապես Արևմուտքը մեզ պատասխանում է, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար։ Մենք էլ հլու-հնազանդ կրկնում ենք՝ Ղարաբաղյան խնդրի լուծումը միայն, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» ուղեծրում է։ Ցավոք, ոչ մի փորձ չենք ձեռնարկում այդ անիծյալ «սկզբունքների» աքցաններից ազատվելու համար, այն դեպքում, երբ դրանք ոչ մի լավ բան չեն խոստանում թե՛ Արցախին, թե՛ ընդհանրապես Հայաստանին։

Կարծում ենք, չէր խանգարի, որ փորձեինք օգտվել նաև հենց «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից», որն, ինչպես հայտնի է, հանդիսանում է միջազգային իրավունքի անկյունաքարերից մեկը: Ի դեպ, ԼՂՀ-ն իր պետականակերտման ճանապարհին, դեռ 1993 թվականի փետրվարին, միացել է Հռչակագրին, որի հոդված 2-ում նշված է.

«Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա: Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչինքնակառավարվող կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը»:

Ստացվում է, որ ՄԱԿ-ի կողմից ընդուված Հռչակագրի հոդված 2-ը ԼՂՀ բոլոր քաղաքացիներին առանձին-առանձին, անհատապես և տեսականորեն հնարավորություն է տալիս օգտվելու մարդու և քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքներից, բայց նույն այդ ՄԱԿ-ի անդամ երկրները մեզ հայտնում են, որ... «Կոսովոն չի կարող նախադեպ հանդիսանալ»: Հետաքրքիրն այն է, որ ՄԱԿ-ի անդամ 7 տասնյակ երկրներ ճանաչել են մի երկրի ու ժողովրդի անկախություն, որ «ինքնորոշվել է» ուրիշի (Սերբիայի) տարածքում, մինչդեռ Արցախն անկախություն է հռչակել հենց սեփական պատմական հայրենիքում։

Անշուշտ, մեզ համար նորություն չեն գերտերությունների կամ, այսպես կոչված, միջազգային հանրության կողմից օգտագործվող երկակի ստանդարտները, սահմանված արդարության, հավասարության և եղբայրության բանաձևերը, որոնք գիտականորեն կամ տրամաբանորեն հնարավոր չէ վերծանել և մանավանդ՝ համարժեքորեն կիրարկել:

Հակառակորդը հնարավոր և անհնարին ամեն ինչ անում է Ղարաբաղն՝ ազատագրված տարածքներով «ետ բերելու» համար։ Այդ գործին լծված է ողջ Ադրբեջանը՝ դիմադիր թե ընդդիմադիր, թե՛ պետական դիվանագիտությունը, թե՛ ոչ պաշտոնական քարոզչությունը։ Իրենց «ճշմարտությունն» աշխարհի վզին փաթաթելու համար օր ու գիշեր կրկնում են միևնույն երգը՝ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։ Ցավն այն է, որ սուտ ու կեղծիքը երբ շարունակ պնդում են, շատերը սկսում են հավատալ դրան։ Այս պայքարում մեր հարևանները պահանջում են առավելագույնը, որպեսզի կարողանան հնարավորինս մեծ «պատառ» ստանալ, իսկ մենք շարունակ ինչ-որ փոխզիջումներից ենք խոսում, նույնիսկ պատրաստակամորեն ներկայացնում մեր կողմից կատարվելիք զիջումների ցուցակը, որի առաջին կետում ազատագրված հողերն են։

Այնպես որ, աչքի առաջ ունենալով հակառակորդի մարտավարությունը, կարծում ենք, չէր խանգարի, որ մենք օգտագործեինք նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» վերոհիշյալ հոդվածը, որովհետև, ի վերջո, այս պայքարը մեր գոյատևման համար է։
Ի դեպ, ցավալի է, որ «Միացման» գաղափարն աստիճանաբար դուրս է մղվում հասարակության գիտակցությունից: Մանավանդ նոր սերունդը, որին կարելի է որակել որպես «անկախության սերունդ», հեռացել է Արցախյան ազգային ազատագրական պայքարի բուն գաղափարից, իսկ ԼՂՀ անկախության ջատագովները համբերությամբ սպասում են «աբխազական», «հարավ-օսեթական» կամ «կոսովյան» նախադեպերի, որ... բավարարվեն մեկ-երկու անատամ հայտարարություններով:

Հատկապես հիմա, երբ հակառակորդի և հայ դիվանագիտության ջանքերով Ղարաբաղի խնդիրը միջազգային հանրությանը ներկայացվել է որպես տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, համոզված ենք, որ միակ և ճիշտ ճանապարհը Արցախի միացումն է Հայաստանին:

Դրա համար կան բոլոր իրավական հիմքերը՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը և 1990 թ. օգոստոսի 23-ի «ՀՀ Անկախության հռչակագիրը»: «Միացման» առաջին քայլը կարող է լինել ՀՀ և ԼՂՀ «Քաղաքացիության մասին» օրենքներում երկքաղաքացիության մասին դրույթների հստակեցումը և չափահաս արցախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը, իսկ հաջորդ քայլը՝ վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Արցախի Հանրապետությունում: Մեր սպասողական, կրավորական կեցվածքը տանում է դեպի կործանում։

Մի հետաքրքիր հանգամանք ևս: ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ հայտարարում են, թե Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սկսելու դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Հետաքրքիր է, չէ՞։ Ստացվում է, որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը յուրօրինակ պատժաձև է Ադրբեջանի դեմ, միաժամանակ՝ միջազգային հանրությանն ուղղված բողոքի ակցիա: Կարծում ենք, Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմելու դեպքում ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումն արդեն ժամանակավրեպ կլինի և գրոշի արժեք չի ունենա. Հայաստանը ոչ թե պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը, այլ վերջնականապես վավերացնի Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ ԱԺ երկու գումարման
պատգամավոր

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս
N 8 (21) (2010)



ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԵՐԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
(մտորումներ գրքի շնորհանդեսից հետո)

Արցախի պատմության նորագույն շրջանի մասին գիրք գրելը մեզանում նորություն չէ։ Վերջին 10-15 տարում բազմաթիվ գրքեր են տպագրվել, որոնց հեղինակների գերակշիռ մասը հնարավորինս խեղաթյուրել է թե՛ իր նկարագրած իրադարձությունները, թե՛ այն քաղաքական անձանց իրական կերպարը, որոնց «տեղադրել է» իր գրքում։ Որոշ քաղաքական գործիչներ էլ չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հաջողացնելով, չբավարարվելով իրենց կենսագրությունը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, ամեն կերպ փորձում են Արցախի պատմության նորագույն ժամանակահատվածը մտցնել սեփական կենսագրության մեջ, նմանվելով հանրահայտ «Շվեյկի» այն պրոֆեսորին, որ փորձում էր ապացուցել, թե Երկրագնդի ներսում գոյություն ունի մի գունդ, որ զգալիորեն մեծ է դրսի գնդից...

Հազիվ մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն գրքերը, որ անաչառ տալիս են Ղարաբաղի պատերազմական շրջանի իրական պատկերը, ճշմարտացի լուսաբանում են շատերիս հիշողության մեջ դեռ թարմ իրադարձությունները։ Վերջերս Երևանում նոր գիրք է լույս տեսել Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարի մի փոքր ժամանակահատվածի մասին՝ «Լեռնային Ղարաբաղ. պատերազմ և քաղաքականություն (1990-93 թթ.)» վերնագրով, որի հեղինակը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայաստանյան կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն է։ Գիրքը լույս է տեսել ռուսերեն լեզվով:

Մանվել Սարգսյանի սույն գիրքն այն եզակիներից է, որի հեղինակը անկողմնակալ ու անաչառ ներկայացրել է մի ժամանակահատված, որն իր անմիջական ազդեցությունն է թողել Հայաստանի ներկայիս քաղաքական վիճակի վրա: Իր ասելով, նա ձգտել է վերլուծել քաղաքական համակարգի ձևավորումն ու զարգացումը Հայաստանում և ԼՂՀ-ում, թե ինչպես է պատերազմը ազդել ներքին հարաբերությունների վրա: «Այսօր քաղաքական դաշտում առկա բազմաթիվ արատավոր երևույթներ սկիզբ են առել հենց 1990-93 թվականներին»,- գտնում է Մ. Սարգսյանը:

Գրքին կից հեղինակը տվել է 1990-93 թթ. հասարակական-քաղաքական նշանակության բոլոր իրադարձությունների ժամանակագրությունը։
Ստեփանակերտի մամուլի ակումբում օգոստոսի 10-ին կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ, խոսելով գրքում նկարագրվող ժամանակահատվածի մասին, հեղինակն ասաց, որ պատերազմի ողջ ընթացքում պայքար էր ընթանում Ղարաբաղում իշխանության համար: Հակամարտությունը մի կողմից եղել է ՀՅԴ-ի, մյուս կողմից՝ հայաստանյան իշխանությունների, հանձինս՝ ՀՀՇ-ի միջև:

Խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ Արցախում, ի հակակշիռ ՀՅԴ-ի, Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց Ռոբերտ Քոչարյանին։ Հատկապես երբ 1992 թ. հունվարին Արցախում տեղի ունեցան առաջին ընտրությունները, ՀՅԴ-ն հաղթանակ տարավ և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը:

«Ինձ շատ են հարցրել, թե՝ ով է Ղարաբաղյան պատերազմի տերը, որին պատասխանել եմ՝ Ժողովուրդը,- ասաց Մանվել Սարգսյանը։- Մնացյալը կային, թե չկային՝ նշանակություն չունեն։ Նրանք չլինեին, ուրիշները կլինեին... Այս մեկը չլիներ, մի ուրիշը կլիներ... Այդ տարիներին իշխանությունների յուրաքանչյուր որոշում կայացվում էր ժողովրդի կամքով: Իրավիճակի տերն այն ժամանակ ժողովուրդն էր...»։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե Արցախը կարո՞ղ է հետ վերադարձնել գործոնի իր դերը, քաղաքագետը պատասխանեց, որ Ղարաբաղից Երևան գալով, Քոչարյանն իր հետևում՝ Արցախում ոչինչ չի թողել։ Ինքն էր ներկայացնում Ղարաբաղը։ Այդ ժամանակահատվածում Սամվել Բաբայանը փորձեց ստեղծել ռազմա-քաղաքական համակարգ, բայց այն վերացրին։ «Այսօր Ղարաբաղը քաղաքական ուժ չէ։ Ղարաբաղը պիտի ինչ-որ բան անի, որ քաղաքական ուժ դառնա։ Բայց դեռ այստեղ ոչինչ չկա, ասելիք չկա»,- հավելեց նա։

Արցախի՝ քաղաքական ուժ դառնալու մասին ինչպե՞ս կարող է խոսք լինել, երբ Կոսովոյի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշման կապակցությամբ Ստեփանակերտում սպասվող սովորական մի հանրահավաքն անգամ վախեցան կայացնել, երբ Արցախի արտգործնախարարությունը վերոնշյալի կապակցությամբ հայտարարություն տարածեց, որը սկսվում է քաղաքական ուժերի հայտարարությունից վերցված նախադասությամբ...

Երևի թե իրավացի է Արցախի հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը, երբ վերջերս հայտնել է՝ թող մեր իշխանությունները զբաղվեն երկրի տնտեսական և այլ խնդիրներով, իսկ մենք՝ քաղաքական... Եվ այդպես էլ կա. առայժմ տեղական իշխանությունները զբաղվում են տնտեսական, բիզնեսի և այլ հույժ կարևոր «համազգային» խնդիրներով։
Մանվել Սարգսյանը միանգամայն իրավացի է՝ «Ղարաբաղյան պատերազմի տերը Ժողովուրդն է»։ Ցավն այն է, սակայն, որ այդ նույն պատերազմում հաղթանակ տարած ժողովրդի արյամբ կերտված պետությունը սեփականաշնորհված է։

N 8 (21) (2010)



ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու մասին խոսում են ամենուր. թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում ու Հայաստանում։ Արցախում առայժմ այդ մասին բարձրաձայն չեն խոսում։ Այսինքն՝ այդ թեման դուրս է տեղի լրատվամիջոցների քննարկումից։ Բայց մարդիկ այդ մասին երբեմն կիսվում են իրար հետ, քննարկում, ծանրութեթև անում դրա հավանականության-անհավա-նականության նժարները։ «Հնարավո՞ր եք համարում պատերազմի վերսկսումը։ Պատերազմի դեպքում ինչպի-սի՞ն է լինելու, այսպես կոչված, միջազգային հանրության, հատկապես Ռուսաստանի պահվածքը, և պատերազմի ինչպիսի՞ ավարտ եք կանխատեսում»,- «Նոր էջի» այս հարցերին պատասխանում են Արցախի տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներ, ԼՂՀ ՊԲ սպայակազմի ներկայացուցիչներ ու ճանաչված մտավորականներ։

ԳԱԳԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ) - Պատերազմի վերսկսման հարցը միշտ օրակարգում է։ Դժվար է ճշգրիտ գուշակել, թե այն երբ կսկսվի, բայց մենք միշտ պատրաստ պիտի լինենք դրան։ Հատկապես երբ Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս ամենևին չի թաքցնում այդ ձևով «խնդրի լուծումը»։
Ռուսաստանի պարագայում դժվար է ասել, թե պատերազմի դեպքում ինչպիսի պահվածք կունենա, իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, բազմաթիվ երկրներ կսկսեն ճանաչել մեր անկախությունը։ Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դեմ, նկատի ունենալով, որ այսօր օրակարգում է Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրի ստորագրումը, հնարավոր է Ռուսաստանը ռազմական աջակցություն ցույց տա Հայաստանին։
Ինչ վերաբերում է պատերազմի վերջաբանը գուշակելուն, նկատի ունենալով, որ նախորդ պատերազմում Ադրբեջանը շատ ավելի զորեղ էր մեզնից, բայց ջախջախիչ պարտություն կրեց, միաժամանակ հաշվի առնելով մեր ռազմական ու պաշտպանական պոտենցիալը, հակառակորդը մեծ կորուստներ է կրելու, այդ թվում՝ հնարավոր է կրկին տարածքներ կորցնի։

ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ (ԼՂՀ կոմկուսի ղեկավար) - Պատերազմի վերսկսման վտանգը մեծ է, ըստ իս, դրա հավանականությունը մոտավորապես 80 տոկոս է կազմում։ Պատերազմի դեպքում միջազգային հանրությունը որդեգրելու է դիտորդի կարգավիճակ, իսկ Ռուսաստանի օգնությունը բավանին ուշացումով է լինելու. երբ ամեն ինչ վերջացած լինի։ Ընդհանրապես, գտնում եմ, որ Ռուսաստանի վրա չպիտի հույս դնել։ Նա մեզ օգնում է միայն այն դեպքում, երբ իրեն պետք է լինում։
Եթե Ադրբեջանը նախահարձակ լինի, շատ է տուժելու։ Կորուստները մեծ են լինելու և երկուստեք։ Պատերազմն ավարտվելու է նրանով, որ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվելու է։ Դրա նախաձեռնողը լինելու է Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, նա աղմուկ է բարձրացնելու, բայց չի կարողանալու խանգարել Արցախի ճանաչման գործընթացին։ Նրա ձայնը լսելի չի լինելու, որովհետև Թուրքիան խնդիրներ ունի թե՛ Կիպրոսի հետ կապված և հատկապես թե՛ Եվրամիություն ընդունվելու հետ կապված։

ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆ (ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ) - Պատերազմի վերսկսումը հնարավոր եմ համարում։ Միջազգային հանության, այդ թվում՝ Ռուսաստանի վերաբերմունքը և պահվածքը լինելու է ոչ միանշանակ։ Սակայն պատերազմը միանշանակ ավարտվելու է մեր հաղթանակով։

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ (ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար) - Եթե Ադրբեջանը ռազմական ավանտյուրա սկսի, հաշվի առնելով վերջին մեկևկես տարում տարածաշրջանում կուտակված ռազմական պոտենցիալը, կարելի է հստակ գուշակել, որ այն չի սահմանափակվելու Արցախի տարածքով։ Կարծում եմ՝ Ռուսաստանը չի միջամտելու պատերազմական գործողություններին, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազաները չեն պաշտպանելու Ղարաբաղը։ Մենք հույսներս պիտի դնենք միայն մեր սեփական ուժերի, մեր բանակի և Հայաստանի օգնության վրա։ Բայց, նկատի ունենալով, որ ռուսական ռազմաբազաները պաշտպանում են Հայաստանի սահմանները, Հայաստանը հնարավորություն կունենա իր զինուժը կենտրոնացնելու արևելյան ուղղություններում...

ԿԱՐԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ (Հելսինկյան նախաձեռնություն-92 կոմիտեի ղարաբաղյան գրասենյակի համակարգող, իրավապաշտպան) - Պատերազմի վերսկսման վտանգն իրոք շատ մեծ է։ Նկատի ունենալով հարավօսեթական, բալկանյան և մյուս պատերազմների փորձը, կարելի է գուշակել, որ միջազգային հանրությունը մեկ-մեկուկես ամիս քննարկելու է այն, բայց այդպես էլ կոնկրետ ոչ մի քայլ չի ձեռնարկելու։ Ռուսաստանը չի միջամտելու, բավարարվելու է պատերազմող կողմերին ուղղված՝ պատերազմը դադարեցնելու կոչերով։
Նոր պատերազմը ոչինչ չի փոխելու. ստատուս-քվոն պահպանվելու է, բայց երկուստեք մեծ կորուստներ են լինելու։ Մեզ մոտ մեծանալու է հիասթափությունը, խորանալու է հուսահատվածությունը։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ (ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչ) - Որ իրոք Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ ոչ մի ողջախոհ հայ, կացծում եմ, դրանում չի կասկածում։ Բայց երբ պատերազմը սկսվի, զարմանալիորեն հայության մեծամասնությունն անակնկալի գալու: Հայության այդ «ֆենոմենալ» հատկության մասին ժամանակին ահա թե ինչ է գրել իմաստասեր Հայկ Ասատրյանը. «Կարելի է ասել, որ հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝ խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»:
Ուստի, պատերազմ սկսելը կամ չսկսելը, եթե կարելի է այսպես գրել, Ադրբեջանի ժողովրդի իրավունքն է, իսկ հաղթելը՝ հայության պարտականությունը:

Ուսումնասիրելով պատերազմների ծագման դրդապատճառները (մանավանդ, նոր ժամանակաշրջանի), դժվար չէ համոզվել, որ դրանք հիմնականում գործարքների արդյունք են։ Պատերազմում շահում են գործարքի մեջ մտած կողմերը, պարտվում՝ պատերազմող կողմերը, անկախ այն բանից, թե ռազմի դաշտում ով է հաղթում։ Սա պատերազմի վերաբերյալ զուտ իմ անձնական տեսակետն է: Այս տեսանկյունից դիտարկելու դեպքում, կարծում եմ, հասկանալի պետք է լինի միջազգային հանրության (իմա՝ գերտերությունների և միջազգային որոշ կազմակերպությունների ու մասնավորապես Ռուսաստանի) դիրքորոշումը՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմ սկսելու պարագայում:
Պատերազմի դեպքում, համոզված եմ, հայությունը տոնելու իր երկրորդ հաղթանակը թուրք-ազերիների դեմ և ազատագրվելու է պատմական Ուտիքը:

ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԼՂՀ ՊԲ սպա, զինվորական լրագրող) - Կարծում եմ՝ պատերազմի վերսկսման հավանականությունը շատ քիչ է։ Չնայած հակառակորդից, հատկապես հիվանդ երևակայություն ու հոգեկանի հետ կապված խնդիրներով ղեկավար ունեցող հակառակորդից ամեն ինչ սպասելի է։
Միջազգային հանրության հետ հույսեր չեմ կապում։ Հիշենք բոլորիս հիշողության մեջ դեռևս թարմ 1990-94 թվականները. նրանք մեզ «նկատեցին» միայն այն ժամանակ, երբ թշնամուց մաքրել էինք մեր երկիրն ու ազատագրել մեր հողերի մի մասը։ Ռուսաստանը մեծ խնդիրներ ունի իր երկրի ներսում և, եթե այստեղ սեփական շահ չունենա՝ չի միջամտելու պատերազմին։ Հանդիպելով, զրուցելով պատերազմի բազմաթիվ վետերանների ու ՊԲ զինվորների հետ, համոզված եմ, որ սա երևի թե մեր վերջին ճակատամարտն է լինելու, և մենք հաղթելու ենք։

ԳԱԳԻԿ ԲԱՂՈՒՆՑ (Արցախի մտավորականների միության նախագահ) - Պատերազմի վերսկսումը քիչ հավանական եմ համարում։ Եթե նոր պատերազմ սանձազերծվի, կարծում եմ, այն շատ կարճատև է լինելու։ Միջազգային հանրության վերաբերմունքը կախված է լինելու բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ պատերազմի ընթացքից... Քանի որ Ադրբեջանը հիմնական ռազմավարական դաշնակից է ընտրել Թուրքիային, Ռուսաստանը Հայաստանի միջոցով մեզ օգնելու է։ Ըստ իս, պատերազմն ավարտվելու է նրանով, որ գերտերությունները կանգնելու են միջանկյալ լուծման, այսպես ասած, մետաստաբիլ մի կարգավիճակի վրա...

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (ճարտարապետ) - Պատերազմի վերսկսումը հավանական է։ Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու, խաղաղության կոչեր են անելու, իսկ Ռուսաստանը նաև զենք է վաճառելու պատերազմող կողմերին։ Այդ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, հնարավոր է նաև նոր տարածքներ գրավենք։ Բայց մեծ զոհեր ենք ունենալու։

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԼՂՀ ՊԲ սպա) - Այս պահին պատերազմի վերսկսման վտանգ չեմ տեսնում։ Աշխարհին, գերտերություններին այսօր ձեռնտու չէ կովկասյան տարածաշրջանում պատերազմի վերսկսումը։ Իսկ պատերազմ սկսվելու դեպքում, որքան էլ հակառակորդը հոխորտա իր հզորության ու ռազմական ոլորտին ուղղված միլիոնների մասին, մենք հաղթելու ենք։

N 8 (21) (2010)



Ա՜Խ, ԱՅԴ ՊԱՇՏՈՆԸ...

Պաշտոնը զարմանահրաշ հատկություն ունի։ Մարդիկ, որ կարծում էին, թե ձմերուկը ծառի վրա է բուսնում, ձուն արտադրում են արդյունաբերական ձեռնարկություններում, Թումանյանի «Շունն ու կատուն» գրել է Ալեքսանդր Պուշկինը, կամուրջը նրա համար է, որ տակով գետը հոսի և այլն, պաշտոն ստանալով, հանկարծ Աստծո շնորհ է իջնում նրանց վրա, և նրանք սկսում են հանրությանը բացատրել, թե ինչպես պիտի ձմերուկ աճեցնել, հավերին ինչպես պիտի խնամել, որ ավելի շատ ձու ածեն, սովորողներին խորհուրդ են տալիս շատ կարդալ և՝ հատկապես Հովհաննես Թումանյանի մեծարժեք ստեղծագործությունները, իսկ շինարարների համար երկար-բարակ դասախոսություն են կարդում «Կամուրջի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում» թեմայով...

N 8 (21) (2010)



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂԻՆ

Մեզ թվում է, թե որքան շատ ասենք պատերազմը վատ բան է, մենք պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում, դրանով պատերազմի վերսկսման հավանականությունը կիջեցնենք զրոյի։ Հայկական մամուլը լեփ-լեցուն է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և հայկական կողմի խաղաղասիրական ձգտումների մասին հրապարակումներով։ Մինչդեռ ցանկացած գիտակից մարդ թերևս բազմիցս լսած ու կարդացած կլինի՝ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» կամ՝ «Խաղաղության ամենամեծ գրավականը հզոր երկիր և ուժեղ բանակ ունենալն է»։ Ժամանակին խորհրդային երկիրը եթե միջուկային զենք և ուժեղ ռազմական պոտենցիալ չունենար, նրա բմբուլները վաղուց քամուն տված կլինեին։

Միևնույն ժամանակ, որպես հակառակորդի ռազմական տեխնիկայի հակակշիռ, վկայակոչում ենք մարդկային գործոնը։ Այսինքն՝ Ադրբեջանը նախկինում էլ տեխնիկայով բազմիցս գերազանցում էր մեզ, բայց մենք մեր մարդկային գործոնով պատերազմում հաղթեցինք նրան՝ առգրավելով նրա տանկերն ու ռազմական մյուս տեխնիկան՝ դրանց փողերն ուղղելով թշնամու դեմ։ Այո, դա այդպես է եղել, և մենք դրան հասել ենք բազմաթիվ զոհերի կյանքի ու արյան գնով։ Այսօր մոռանում ենք, որ այդ տարիներին մենք մի այլ հզոր զենք ունեինք՝ մեր հավատն ու ոգին, որն այսօր սեփական իշխանությունների ջանքերով խաթարվել կամ իսպառ վերացել է։

Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը հարցազրույցներից մեկում ասում է. «Զարմանում եմ, թե ինչու, գտնվելով փաստացի պատերազմի մեջ, զենք չենք արտադրում։ Ազերիներն, օրինակ, արտադրում են, իսկ մենք, ունենալով այդ ամենի հնարավորությունը, չենք անում։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ կարողանում էինք արտադրել, նույնիսկ հրթիռ։ Ու այնպիսի զենքեր էինք արտադրում, որ նմանը չկա աշխարհում...»։

Որևէ շատ բարձր պաշտոնյա կարո՞ղ է պատասխանել այս հարցին։ Հասկանում եմ, որ մեր բարձրագույն չինովնիկության մի ստվար մասի գերնպատակը փող դիզելն ու բացառապես սեփական բարեկեցության խնդիրները լուծելն է։ Նրանցից «ամենահեռատեսները» այլ երկրներում բանկային հաշիվներ ունեն, և պատերազմի վերսկսման դեպքում իսկույն ճողոպրելու են, ինչպես դա մի քանի տարի առաջ արեցին Հարավային Օսեթիայի քաջարի այրերը։ Բայց ամենևին չեմ հասկանում բոլոր նրանց լռությունը, ովքեր այս երկրից հեռանալու ոչ հնարավորություն ու միջոցներ ունեն և, առավել ևս՝ ոչ ցանկություն, ու հենց նրանց ուսերին է ծանրանալու պատերազմի ողջ ծանր բառը։

Վերջերս Ռուսաստանի հետ կնքած ռազմական համագործակության պայմանագրով հայ առաջնորդներն այնպես են ոգևորվել, ինչպես սեփական տկարության ու անկարողության մեջ համոզվածը կարող է ուրախանալ՝ կանգնելով իրենից ուժեղի թիկունքում, հակառակորդին էլ լեզու ցույց տալով...

Թուրքիայի հետ սահմանի բացման մասին զօրուգիշեր խոսում է առավելապես հայ քաղաքական վերնախավը։ Որոշ խելոքներ էլ մի քանի անգամ հայտարարել են, թե ուր որ է՝ սահմանը բացվելու է (կարծես սահմանի «բանալիներն» իրենց գրպանում են)։ Իսկ հակառակորդը տեսնելով, թե հայ չինովնիկն ու գործարար զանգվածը որքան են փափագում ու տրտինգ տալիս սահմանի բացման համար, և որքան խեղճ ու ողորմելի են, շարունակում է նախապայմաններ առաջադրել՝ ամենից առաջ հենց Արցախի հարցում. Ղարաբաղը հանձնեք, սահմանը բացեմ...
Աշխարհում հարգում են միայն նրան, ով արժանապատվություն ունի և ուժեղ է։

N 9 (22) (2010)



ԼՂՀ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՉՊԻՏԻ «ՄԻԱՅՆԱԿ ԿՐԱԿՈՑԻ» ՊԵՍ ՀՆՉԻ...

Ղարաբաղյան խնդիրն օրերս դարձյալ ուշադրության կենտրոնում էր։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելեցին տարածաշրջան և հանդիպումներ ունեցան Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի նախագահների հետ։ Իսկ մինչ այդ Ադրբեջանն ու Հայաստանը աշխատանքներ էին տանում սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի կապակցությամբ։ Բանաձև, որտեղ խոսվում է ադրբեջանցի փախստականների վերադարձի, ինչպես նաև «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» մշակույթի հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին։

Եվ համանախագահների այցից անմիջապես հետո Ադրբեջանն իր կողմից ներկայացված բանաձևի նախագիծը հանեց քննարկումից ու քվեարկությունից՝ խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգ։ Զուգադիպությո՞ւն է դա, թե՞ համանախագահների այցն իրոք առնչություն ունի բանաձևը քննարկումից հանելու հետ։
ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի կարծիքով, համանախագահների այս այցի քննարկման առարկան թերևս կապված է եղել վերոհիշյալ բանաձևի հետ, որի մասին է վկայում բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգից հետ կանչելը։ Մյուս կողմից, նա գտնում է, որ բանաձևն օրակարգից հանելու համար որոշակի աշխատանք է կատարել նաև հայ դիվանագիտությունը։

Ադրբեջանը վերջերս շատ է խոսում իր ասած՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքների» խնդրի, ազերի փախստականների վերադարձի մասին։ Արցախցի քաղաքագետն ասաց, թե արդեն հայտնի է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաջորդ այցը կապված կլինի ազատագրված տարածքներում հումանիտար իրավիճակի ուսումնասիրման հետ։ «Եթե այդ այցը, որը միանշանակ Ադրբեջանի պահանջով է, տեղի ունենա, հայկական կողմը պիտի հասնի նրան, որ ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը նմանատիպ ուսումնասիրություններ կատարվի նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանում, ներառյալ Գետաշենի ենթաշրջանը, և Մարտակերտի հյուսիս-արևելյան ու Մարտունու արևելյան շրջաններում»,- հավելեց նա։

«Ժառանգություն» կուսակցության կողմից հերթական անգամ Արցախի ճանաչման հարցը ՀՀ ԱԺ օրակարգ մտցնելու կապակցությամբ Մասիս Մայիլյանն ասաց, թե լավ է, որ ԼՂՀ ճանաչման հարցը շարունակ ուշադրության կենտրոնում է պահվում, չնայած գտնում է, որ հնարավոր է այս անգամ ևս այն մերժվի։
«ԼՂՀ պետության ճանաչումը, ինչպես նախկինում ասվել է, չպետք է «միայնակ կրակոցի» նման հնչի, Հայաստանը ճանաչի մեզ և՝ վերջ։ Այլ Հայաստանը, Արցախը, Սփյուռքի լոբբիստական կառույցները պետք է Լեռնային Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ նպատակաուղղված մեծ աշխատանք տանեն, հող նախապատրաստեն, որպեսզի «առաջին կրակոցին» հետևի երկրորդը, երրորդը... Այսինքն, որպեսզի Հայաստանի օրինակով աշխարհի մի շարք երկրներ ևս ընդունեն ԼՂՀ անկախությունը ճանաչելու համապատասխան որոշում,- ասաց նախկին արտգործնախարարը։- Արցախի անկախության ճանաչումը ինքնանպատակ չէ։ Դա իրական միջոց է՝ ապահովելու Արցախի և տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունը»։

Մ. Մայիլյանը հավելեց նաև, որ այդ մեխանիզմը հստակ գործեց Կոսովոյի, Հարավային Օսիայի և Աբխազիայի պարագայում։ Հատկապես Կոսովոյի հետ կապված հստակ աշխատանք կատարեցին, և այսօր աշխարհի 7 տասնյակ երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ճանաչել են այդ երկրի անկախությունը։
Իսկ Հայաստանն ու Արցախը, մեկևկես տասնամյակից ավելի է, ժամանակ առ ժամանակ խոսում են Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու մասին։ Արցախի նախագահն օրերս հայտնեց, որ «ԼՂՀ իշխանությունների համար ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը գերագույն նպատակ է, որին ուղղվելու են բոլոր ջանքերը»։ Ցավոք, առայժմ հայտնի չէ, թե երբ են փորձելու մի փոքր քայլ անել այդ «գերագույն նպատակին» հասնելու ուղղությամբ։

N 9 (22) (2010)



ՀԵՏ ԹԵ ԱՌԱՋ, ԲԱՅՑ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Չնայած շոգ ամառն Արցախի պետպաշտոնյաներին ծանր ու հոգեմաշ աշխատանքից ձերբազատվելու հնարավորություն է ընձեռել. ոմանք արձակուրդ են վերցրել և այսուայնտեղ մեկնել՝ հանգստանալու, ոմանք ամառային հանգիստն անցկացրել են աշխատասենյակում ննջելու ձևով, սակայն դրանից չի կարելի ենթադրել, թե ամառվա տապից կյանքն Արցախում ժամանակավորապես դադարել է։ Թեկուզ ընդունված է հարսանքի ամիսներ համարել օգոստոս-սեպտեմբերը, այդուհանդերձ ողջ ամառվա ընթացքում Ստեփանակերտում չէին դադարում հարսանեկան ավտոշարասյան զիլ ազդականչերը։

Միայն Ստեփանակերտում հուլիսի վերջերին արդեն գրանցվել էր 260 ամուսնություն։ Բայց զգալի թիվ են կազմում նաև չգրանցված ամուսնությունները։ Մեր խնդրանքով Արցախի հանրապետական ՔԿԱԳ-ի Իսկուհի անունով աշխատակցուհին մեզ տրամադրեց ս. թ. և անցյալ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ գրանցված ամուսնությունների թիվը։
2010 թվականին առաջին 7 ամսում Ստեփանակերտում գրանցվել է 192 ամուսնություն (2009-ին՝ 122), Շրջաններում՝ Ասկերան՝ 43 (28), Մարտակերտ՝ 53 (42), Մարտունի՝ 43 (46), Հադրութ՝ 31 (24), Քաշաթաղ՝ 60 (56), Շուշի՝ 10 (5), Շահումյան՝ հունիսի դրությամբ 12 (8)։ Ընդհանուր առմամբ, հիշյալ ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 444 ամուսնություն (նախորդ տարում՝ 331 ամուսնություն)։

Հանդիսությունների տներն աշխատում են ողջ ծանրաբեռնվածությամբ։ Ասում են՝ սերը սահմաններ չի ճանաչում։ Ամառվա տապը ևս խոչընդոտ չէ սիրող զույգերի հանդիսավոր միացման արարողության համար։ Ստեփանակերտի փողոցներով իրար հաջորդելով անցնող հարսանեկան ավտոշարասյուները վկայում են, որ կյանքը շարունակվում է, արևը թեկուզ հուր թափի վերևից։

Հին բարի ժամանակների ավանդական զուռնա-դհոլին այսօր փոխարինել են էլեկտրական հոսանքով աշխատող երաժշտական նոր գործիքներ՝ մագնիտաֆոն ու բարձրախոսների պարտադիր ներկայությամբ։ Նոր սազանդարներն այնպես են կլկլացնում, որ դժվար է հասկանալ՝ հայերեն են երգո՞ւմ, թուրքերե՞ն, ռուսերե՞ն, թե՞ բուշմեներեն կամ աֆրիկյան անծանոթ մի այլ լեզվով։ Երգացանկը, այսպես ասած, երաժշտական ռեպերտուարն, առանց բացառության, ռաբիս է։ Հայկական ժողովրդական երգն անգամ այնպես են ռաբիս-կլկլոցով գեղգեղում, որ Կոմիտասն էլ չի կռահի, որ իր լսածը հայկական է։ Սեղանապետն էլ հո նախկին թամադան չէ, միկրաֆոն-խոսափողն այնպես է բռնում, որ կարծես էստրադային աստղ լինի...

Հարսանեկան ավտոշարասյունը զիլ ազդականչերով սուրում է փողոցներով և ուղղություն վերցնում դեպի «Մենք ենք, մեր լեռները», այսինքն՝ ղարաբաղցիների հանրահայտ «Պապ ու տատի» հուշակոթողը։ Նորապսակներն այստեղ լուսանկարվում են իրենց մտերիմների ու բարեկամների հետ և, հարսնաշորի պես արդեն պարտադիր դարձած տեսախցիկավոր տղայի ուղեկցությամբ, տեղավորվում ավտոմեքենաներում ու ավտոների ամեն կարգի խլացուցիչ ազդականչերով շարժվում դեպի մայրաքաղաքի հակառակ ծայրը։

«Նիվայի» հետևի վեր բարձրացված դռան տակից կամ արտասահմանյան ավտոմեքենաների վերևից գլուխը հանած ու տեսախցիկը ձեռքին օպերատորն այնպիսի ջանադրությամբ ու երևույթի կարևորությամբ է կատարում քաղաքի փողոցներով մեկ անցնող ավտոշարասյան «շքերթը» նկարելու գործը, կարծես մայրաքաղաքի փողոցներում զանազան ձայներ արձակող ավտոմեքենաների իրար հետևից երթևեկելը հարսանեկան արարողակարգի պարտադիր մասն է, առնվազն համազգային պատմական նշանակություն ունի և ավտոմեքենաների տեսքից, քանակից ու արձակած ձայներից է կախված դրանցից մեկում գտնվող նորապսակների ընտանեկան առագաստի ամրությունն ու երջանկությունը...

Նույն այդ ազդականչերով այժմ էլ գնում են Հուշահամալիր, իրենց ասելով՝ նահատակների հիշատակը հարգելու, իսկ իրականում՝ այնտեղ ևս լուսանկարվելու և իրենց ամուսնական արարողությունը տեսագրելու համար։ Ավտոշարասյան ազդականչերով առավելապես աչքի են ընկնում խոշոր տրամաչափի չինովնիկների, փոքրիկ Արցախի մեծ փողատերերի զավակների ամուսնությունները։ Հարսանեկան արարողության այս հատվածը միանգամայն այլ կերպ են մեկնաբանում հատկապես Հուշահամալիրի հարևանությամբ փողոցի բնակիչներն ու արցախյան պատերազմում զավակ կորցրած ծնողները։ Հարսանեկան ավտոշարասյան ոռնաձայն մեկնելը դեպի Հուշահամալիր ընկալում են որպես վիրավորանք՝ նահատակների հիշատակին։ Շքեղ «ջիփ» ու «մերսեդեսների» հետևից երբեմն հայհոյանքներ ու անեծքներ են նետում, բացառություն չանելով անգամ նորապսակներին... Իմ լսած «ամենաանմեղ» խոսքը, որ շպրտեց մի տատիկ, այս էր. «Ներակ ձեզ, ոչ խելք ունեք, ոչ դարդ...»։

Հարսանիքների լավագույն ամիսներն են։ Ոմանք ընտանիք են կազմում, իրենց հայրիկների բոլ-բոլ փողերով երջանկության ապարանքներ կառուցում արցախյան հողում, իսկ ովքեր այդպիսի փողատեր հայրիկներ չունեն՝ երևակայության մեջ կամ օդում։ Ոմանք զվարճանում են, մտածում միայն վայելքների ու զվարճությունների մասին, ոմանք մի կերպ իրենց գոյությունն են պահպանում ու խորհում՝ էս առաջ ենք գնո՞ւմ, թե՞ հետ...
Իսկ կյանքը շարունակվում է՝ ժամանակ ու հավես չունենալով գլուխ կոտրել այդ հարցի վրա՝ առաջ է շարժվո՞ւմ, թե՞ հետ...

N 9 (22) (2010)



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՆԱՄԱԿ՝ ԲԱՅՑ ՈՉ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԻՆ 

ԵԱՀԿ ՄԽ կողմից Արցախի ազատագրված տարածքներում դաշտային առաքելություն իրականացնելուց հետո, նկատի ունենալով մեր երկրի հանրային-քաղաքական կյանքում շրջանառվող կարծիքներն ու մտահոգությունները, հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու միությունները նամակ են հղել ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին:

Նամակում մասնավորապես գրված է. «Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչությանը՝ ԵԱՀԿ առաքելության նպատակն է: Եթե իրականում խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում՝ ԼՂՀ տարածքում»:

Այնուհետև նամակագիրները պատմում են Կովբյուրոյի 1921 թ. արձանագրության մասին, որով «մարզային լայն ինքնավարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավաենթակայությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին է հանձնվել», Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ խտրական վերաբերմունքի, հայաբնակ Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում ռազմական ուժի բիրտ կիառմամբ Էթնիկական վերջին զտումների մասին, ինչի հետևանքով ավելի քան 50 000 հայեր հայրենազրկվել են և այլն:

Վերջում նամակագիրները հայտնում են, որ «ստեղծված իրավիճակում, երբ Ղարաբաղյան կողմը զրկված է բանակցային գործընթացին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, հետևանքների համար նորից պատասխանատու է լինելու Ադրբեջանը և խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած կառույցը: Ուստի, ակնկալում ենք, որ ձեր հետագա միջնորդական ջանքերը ոչ թե կքաջալերեն նոր արյունահեղության մոլուցքով տառապող Ադրբեջանի հիվանդ երևակայությանը, այլ կսթափեցնեն նրան և կնպաստեն քաղաքակիրթ երկխոսության միջավայրի ձևավորմանն ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը»:

Անկասկած ողջունելի է, որ Արցախի հասարակական-քաղաքական ուժերն արձագանքում են մեր Սահմանադրությամբ ամրագրված տարածքներում, այսպես ասած, «հումանիտար վիճակի ուսումնասիրություններ» կատարելու փաստին, այն դեպքում, երբ հակառակորդի կողմից բռնազավթված արցախյան տարածքներում նմանօրինակ «դաշտային առաքելություններ» չեն կատարվում: Խորապես հարգելով նամակագիրներին, որոնցից շատերի հետ մոտ հարաբերություններ ունեմ ու անձամբ կիսում եմ նրանց մտահոգությունը, սակայն զարմանում եմ, թե ինչու նամակը հղել են ԵԱՀԿ գործող նախագահին ու Մինսկի խմբին: Չէ՞ որ ԼՂ խնդրին առնչվող քաղաքական զարգացումներին շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուր ոք գիտե, որ առանց հայկական կողմի համաձայնության ԵԱՀԿ-ն չէր կարող նման առաքելություն անցկացնել այդ տարածքներում:

Ասել է թե՝ նամակը պիտի ուղղեին հենց հայ բարձրագույն ղեկավարությանը և պահանջեին օրենքով սահմանված ժամկետում պատասխանել: Պատասխանել նաև այն հարցին, թե ինչու հայկական մամուլում երևան եկած դժգոհություններից հետո են միայն վախվորած պահանջում նման «ուսումնասիրություններ» անցկացնել նաև Ադրբեջանի կողմից զավթված հայկական տարածքներում: Իսկ ԵԱՀԿ-ին կարող էին ուղարկել հայ բարձրագույն ղեկավարությանն ուղղված նամակի պատճենը:

N 10 (23) (2010)



Անկասկած, մայրաքաղաքում այս տարվա ամենակարևոր իրադարձությունը Ստեփանակերտի կենտրոնում գտնվող հանրահայտ կլոր պուրակի բացումն էր, հատկապես «երգող շատրվանի» գրավչությունը: Շատրվան, որի շուրջ նստած քաղաքացիները հոգեկան մեծ բավականություն են ստանում՝ նայելով ջրերի «պարին»...

Իրոք, մեծ գումարներ են ծախսել պուրակում կատարված աշխատանքների վրա, որի համար համաքաղաքացիներս մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր այն հայրենակիցներին, որոնց միջոցներով կատարվել է այդ ամենը: Բայց, ցավոք, շատերն են խոստովանում, որ նախկին պուրակն այդպես լիովին ձևափոխելու անհրաժեշտությունը չկար: Կիսաքանդ մեր քաղաքում այդ գումարներն օգտագործելու ավելի նպաստավոր տեղեր կան... Դրա փոխարեն ընդամենը կարող էին բավարարվել միայն ջրավազան-շատրվանի կառուցմամբ:

Ամենևին կարիք չկար նաև «ռեստավրացիայի» ենթարկել Ստեփան Շահումյանի արձանն ու քերել-մաքրել պատվանդանի վրա փորագրված «Շահումյան» գրությունը, հատկապես երբ պղնձագույն նոր գրությության համար ոչ միայն անճաշակ տառատեսակ են ընտրել, այլև կրկին մոռացել են գրել արձանի տիրոջ անունը: Խնդիրն այն չէ, որ Արցախի մայրաքաղաքը կրում է այդ մարդու անունը՝ Ստեփանակերտ (այլ հարց է՝ որ իրականում Ստ. Շահումյանը չի կերտել մեր քաղաքը: Պարզապես այն կոչել են նրա անվամբ ու նրա պատվին): Խնդիրն այն է, որ աշխարհում հազիվ թե գտնվի նշանավոր մարդու մի այլ արձան, որի վրա գրված լինի միայն նրա ազգանունը: Էլ չենք խոսում այն մասին, որ ռուսներն անգամ հայրանունն են գրում:

«Շահումյան»: Բանակում են այդպես կոչում մարդկանց, այն էլ՝ միայն «ռյադավոյներին»: Ռյադավոյ Շահումյա՛ն, հապա վազիր ինձ մոտ...

N 10 (23) (2010)



ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՄԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ

Արցախցի վաստակաշատ մարզիկ, հասարակական-քաղաքական գործիչ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 70 տարեկան է:

- Ասում են՝ յուրաքանչյուր ոք այնքան տարեկան է, որքան իրեն զգում է: Դուք 70 տարեկան զգո՞ւմ եք ձեզ:

- Ճիշտն ասած, ինձ 70 տարեկան չեմ զգում, մի քիչ ջահել եմ զգում: Չեմ էլ ուզում ինձ 70 տարեկան համարել: Վերջին այս 20 տարիներն այնպես անցան, որ չնկատեցի: Ուղղակի փախչում են մեզնից...

- Քառասուն տարուց ավելի է՝ մոտիկից գիտեմ ձեզ, ժամանակին իմ հոր ընկերներից եք եղել, իսկ մեր հարաբերությունները վաղուց, այսպես ասած, մտերիմ-ընկերական են: Անցած շաբաթ մեր ընդհանուր ընկերներից մեկին ասացի՝ Ռազմիկ Պետրոսյանի 60 ամյակն է լրանում, ծիծաղելով, ինձ ուղղեց: Անկեղծ ասած, կարծեցի, թե կատակում է, չնայած հետո հիշեցի, որ 10 տարի առաջ արդեն մասնակցել եմ ձեր 60-ամյա հոբելյանին... Դուք պրոֆեսիոնալ մարզիկ եք, ձեր կարիերան սկսել եք որպես ֆուտբոլիստ, այնուհետև երկար տարիներ մարզիչ եք աշխատել: Սպորտն ի՞նչ դեր ունի ձեր կյանքում:

- 13-14 տարեկանից ֆուտբոլ էի խաղում, ընդգրկված եմ եղել Կիրովաբադի թիմում, որի մարզիչը հայ էր: Թիմում յոթ հոգի հայ էինք, 4-5-ը՝ ադրբեջանցի: Ասեմ նաև, որ իմ առողջության համար առաջին հերթին սպորտին եմ պարտական: Հետագայում խաղացել եմ վարպետ թիմերում՝ Նովոռոսիյսկի «Ցեմենտ»-ում, ապա Երևանի «Արարատ»-ում, որը ղեկավարում էր տաղանդավոր մարզիչ Ա. Ֆալյանը: Շատ ու շատ բան նրանից եմ սովորել, որը հետագայում ինձ պետք եկավ հատկապես իմ մարզչական կյանքում: Ֆուտբոլիստ մարզելով, ֆուտբոլիստ դաստիարակելով մենք միաժամանակ հայրենասիրություն էինք դաստիարակում մեր սաների մեջ: Հիմա այդ ոգին այլևս չկա ոչ միայն մարզական ասպարեզում:

- Ձեր մարզական կյանքի ամենաերջանիկ պահը:

- «Արարատ» թիմը ընկերական հանդիպում պիտի անցկացներ Նովոռոսիյսկի մեր թիմի հետ: Մարզիչն ասաց՝ վաղն «Արարատի» հետ ենք խաղում, ի՞նչ եք կարծում այդ կապակցությամբ: Ասացի՝ պիտի հաղթենք, որովհետև «Արարատի» նման թիմն այնքան էլ հաճախ չի գալիս Նովոռոսիյսկ: Եվ մենք հաղթեցինք: Երեք գոլերից երկուսի հեղինակը ես էի: Այդ հանդիպման ժամանակ էլ Ա. Ֆալյանը նկատեց ինձ և մեր տղաներից մի քանիսին ու հրավիրեց «Արարատ»: Դրա համար մենք անչափ ուրախ ու երջանիկ էինք:

- «Արարատ»-ից հետո դուք վերջնականապես տեղափոխվեցիք Արցախ ու անգնահատելի դեր խաղացիք այդ մարզաձևը մեզանում զարգացնելու գործում: Այնուհետև խաղալով Ադրբեջանի առաջնությունում, Ստեփանակերտի «Ղարաբաղ» թիմը 1977 թ. դարձավ Ադրբեջանի չեմպիոն և իրավունք ստացավ մասնակցելու ԽՍՀՄ վարպետ թիմերի 2-րդ խմբի առաջնությանը: Եվ դա Ադրբեջանի բռնատիրության տարիներին: Իսկ այսօր, երբ ազատ ու անկախ երկիր ունենք, արցախյան ֆուտբոլը հայտնվել է «խաղից դուրս» վիճակում: Ինչո՞վ բացատրել դա:

- Ճիշտն ասած, չեմ իմանում, թե ինչով բացատրել: Միայն գիտեմ, որ այն ժամանակ ֆուտբոլը մեզանում բարձրության վրա էր, գնահատվում էր, բայց այսօր այդպես չէ: Դա սխալ է:

- Իշխանությունները մեղք ունե՞ն դրանում:

- Դրանում նրանք էլ դեր ունեն: Նրանք այդ հարցով լուրջ չեն զբաղվում: Ճիշտ կլինի, որ նրանք հրավիրեն վետերան մարզիչներին, վարպետ ֆուտբոլիստներին և քննարկեն, թե ինչպես անենք, որ ֆուտբոլը կրկին բարձրացնենք նախկին բարձրության վրա:

- Իմ կարծիքով, ֆուտբոլը ևս կարելի է օգտագործել մեր անկախության ճանաչման համար: Ազերիները, օրինակ, թիմ են ստեղծել «Աղդամ-Ղարաբաղ» անվամբ և դիվանագիտորեն հնարավորություն տվել, որ մասնակցի ԱՊՀ երկրների չեմպիոնների առաջնությանն ու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերին: Մինչդեռ մենք պիտի արցախյան մի թիմի համար նման հնարավորություն ստեղծեինք, և դա մեր երկրի ճանաչման ճանապարհին ավելին կաներ, քան այսօր անում են հայրենի արտգործնախարարությունները:

- Այո, այդպես է, մենք բոլոր հնարավորություններն ունեինք Հայաստանում մրցանակային տեղ գրավելու և մասնակցելու ՈւԵՖԱ-ի խաղերին, բայց այդ հարցով առայսօր չենք զբաղվում: Հետաքրքիրն այն է, որ այն տարիներին, երբ ինձ նշանակեցին «Ղարաբաղ» թիմի գլխավոր մարզիչ, Կևորկովը ևս ցանկանում և ամեն ինչում աջակցում էր մեր ակումբին, որպեսզի մենք հաղթենք Ադրբեջանի բոլոր թիմերին ու գրավենք առաջին տեղը: Եվ այդպես էլ եղավ:

- 1988-ից սպորտը կարծես թե դուրս եկավ, հեռացավ մեր բոլորիս կյանքից, դուք Արցախյան շարժման ակտիվիստներից եք, ընտրվել եք ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Արցախից, «Կռունկի» անդամ եք եղել, մասնակցել եք ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, իսկ այսօր կարծես թե մնացել եք ստվերում: Ո՞րն է պատճառը:

- Ճիշտ հարց է, լավ հարց է: Փորձեմ կարճ պատասխանել: Երբ սկսվել է Արցախյան շարժումը, մենք հստակ գիտակցել ենք, թե ինչ ենք անում: Մենք ունեինք հակառակորդ, թշնամի, և մենք պայքարի ենք ելել նրանց դեմ ու նրանց կողմից պարտադրված պատերազմում հաղթել ենք: Հիմա պայքարի այդ ճակատը չկա: Եղած թե՛ լավը, թե՛ վատը այսօր այստեղ է, մեր երկրում: Հիմա ո՞ւմ դեմ պայքարենք, մեր իշխանությունների՞, բայց դրանով ջուր կլցնենք թշնամու ջրաղացին: Դրա համար ես և ինձ նմանները պասիվ ենք դարձել: Հակամարտությունը որ ավարտվի, մենք կարող ենք դուրս գալ և պահանջներ առաջադրել... Բայց ինչ էլ լինի, ես մնում եմ այն կարծիքին, որ մեր իշխանություններն ամեն ինչ պիտի անեն, որպեսզի ժողովուրդն այսօր ավելի լավ ապրի, քան ապրում էր 1988-ից առաջ: Սա է գլխավորը: Այլապես մեր պայքարը, թափած արյունը կիմաստազրկվի:

- Կողքից որ նայում եք, այսօր դրա համար ինչ-որ բան արվո՞ւմ է:

- Չէ՛: Ոչ լրիվ են կատարում, դեռ որոնումների մեջ են: Իմ կարծիքով, լուրջ քայլեր պիտի կատարվեն այդ ուղղությամբ, որպեսզի ժողովրդի վիճակը փոխվի դեպի լավը: Այլ տարբերակ չունենք:

- Արցախյան շարժման խնդիրը, նպատակը Հայաստանին միանալն էր, սակայն կես ճանապարհից անկախ պետություն կերտելու ուղի ենք ընտրել: Ո՞րն է Արցախի խնդրի լուծման ամենաճիշտ ուղին:

- Այն տարիներին, երբ ԽՍՀՄ-ը դեռ գոյություն ուներ, ճիշտը «միացումն» էր: Բայց երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, և միութենական հանրապետությունները սկսեցին անկախություն հռչակել, այդ թվում՝ Հայաստանը՝ Հայկական ԽՍՀ սահմաններով, մեզ այլ ելք չէր մնում անկախության ուղուց բացի:
- Հիմա անկախությունը մեզ համար վերջնական նպատա՞կ է, թե՞ քայլ է դեպի «միացում»:

- Չէ, վերջնական նպատակը Հայաստանի հետ վերամիավորվելն է: Մի ազգ՝ երկու պետություն չի լինում: Հսկա Գերմանիաները կրկին միավորվել և մի պետություն են դարձել:

- Պատերազմում մենք հաղթել ենք թշնամուն, սակայն դիվանագիտական դաշտում առայսօր միայն պարտություններ ենք գրանցում: Ո՞րն է եղել մեր առաջին մեծ սխալը: Ինչո՞ւ շարունակ պարտվողական քաղաքականություն ենք վարում:

- Ամենամեծ սխալն այն է, որ մեր պասիվության պատճառով Ադրբեջանն է կամք թելադրում, հայտարարում, որ Հայաստանը «ադրբեջանական» տարածքներ է զավթել: Մինչդեռ բոլորս գիտենք, որ Ադրբեջանն է հարձակվել Ղարաբաղի վրա, որ Շահումյան ու Գետաշեն ենք կորցրել, Խանլարի ու Դաշքեսանի շրջաններ, Կիրովաբադ ենք կորցրել, որտեղ Ադրբեջանի իրականացրած հայահալած քաղաքականության տարիներին անգամ բնակչության 30-40 տոկոսը հայեր են եղել:

- Փաստորեն դիվանագիտության մեջ ևս Ադրբեջանն է հաձակման անցել:

- Այո, նա հարձակվում է, մենք պաշտպանվում ենք, ինչ ասում է, նրա պատասխանն ենք տալիս: Բայց թող մե՛նք ասենք՝ իրենք պատասխանեն, իրենք պաշտպանվեն: Մեր դիվանագիտությունը լավ չի աշխատում, դրա համար շարունակ պարտվում ենք:

- ԵԱՀԿ ՄԽ կողմից ազատագրված տարածքներում, այսպես ասած, դաշտային առաքելություն անցկացնելը ևս մեր դիվանագիտության պարտությո՞ւնն է:

- Ես չգիտեմ, թե ով է դրանց հետ պայմանավորվածություն ստորագրել, բայց մի՞թե հենց սկզբից չէր կարելի պայմանավորվել, որ մեր ազատագրած մի շրջանում լինելուց հետո նրանք անմիջապես մեկնեն Ադրբեջանի կողմից զավթված հայկական մի շրջան: Պարբերաբար, հերթականությամբ՝ մեզ մոտ, ապա՝ նրանց մոտ: Ճիշտը դա կլիներ:

- Ազատագրված տարածքները չենք վերաբնակեցնում: Ի վերջո, այդ տարածքները մե՞րն են, թե՞ ոչ:

- Մեր ամենամեծ սխալն այն է, որ այդ տարածքները չենք վերաբնակեցրել: Այնտեղ ապրողներն էլ հաճախ չեն մնում այնտեղ: Հետո էլ՝ այդ հարկային դաշտի մասին: Ճիշտ կլինի, որ մենք, ասենք, մի 5 տարով բնակչությանն ազատեինք հարկերից, որպեսզի մարդիկ ազատ շունչ քաշեն, կարողանան ապրելու համար ինչ-որ մի հիմք ստեղծել: Այդ դեպքում շատ-շատերը կգային այստեղ ապրելու: Այդ տարածքներն, իհարկե, մերն են, մեր հայկական հողերն են, և դրանք ամրագրված են մեր Սահմանադրության մեջ: Ի դեպ, մի բան ասեմ, դեռևս 1923 թվականից ադրբեջանցիները տարբեր պատրվակներով աստիճանաբար ղարաբաղյան հողեր, գյուղեր, դաշտեր էին կցում իրենց շրջաններին: Այդ մասին մեր զրույցներում շարունակ ակնարկում էր ձեր հայրը՝ Վազգեն Օվյանը, կարծեմ այդ մասին գրել է նաև...

- Պատերազմից հետո մեծացել է արտահոսքը: Այսօր էլ այն շարունակվում է: Արցախի բնակչությունը, պաշտոնական տվյալներով, մոտ 140 հազար է: Այդքան է եղել նաև 20 տարի առաջ: Ո՞րն է պատճառը, որ մեր հայրենակիցները մեկնում են երկրից:

- Ես գիտեմ միայն, որ ամեն ինչ պիտի արվի, որպեսզի բնակչությունն այստեղ կրկնապատկվի, եռապատկվի, որ մարդիկ գան այստեղ աշխատեն, ունեցածին մի բան գումարեն, ասենք, յուրաքանչյուրին մի 5 հա հող տան, որպեսզի մնան ու շենացնեն մեր երկիրը: Այնպես պիտի անել, որ գյուղացին կապված լինի իր հողին: Ագրարային երկիր ենք, պիտի զարգացնենք գյուղատնտեսությունը, անասնապահությունը, խաղողագործությունը, որով ժամանակին հպարտանում էինք:

- Մեր իշխանություններն, արդյո՞ք, սոցիալական ճիշտ քաղաքականություն են վարում:

- Հստակ չեմ կարող ասել, բայց եթե ժողովուրդը պակասում է, թողնում, գնում են, ուրեմն՝ ճիշտ չեն վարում:

- Ինչո՞ւ Արցախի իշխանությունները չեն ուզում տեր կանգնել իրենց երկրին ու իրենք տնօրինեն այս հողի և ժողովրդի ճակատագիրը: ՀՀ նախագահը, ով էլ նա լինի, բարոյական իրավունք ունի՞ Արցախի անունից բանակցություններ վարելու:

- Ամենամեծ սխալը դա է, որ, կարծեմ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակից է... Նրանք իրավունք չունեին առանց Ղարաբաղի մասնակցելու բանակցությունների: Ղարաբաղում իշխանություն կա, թող Ղարաբաղն էլ գնա մասնակցի այդ բանակցություններին: Չէ որ հիմնականում մենք՝ արցախցիներս ենք կռվել, իսկ Հայաստանը մեզ օգնել է: Ղարաբաղի՛ իշխանությունները միայն իրավունք ունեն մեր երկրի անունից բանակցություններ վարելու:

- Իսկ ինչո՞ւ մեր իշխանությունները ոչինչ չեն անում այդ սխալն ուղղելու համար:

- Իմ կարծիքով, Հայաստանը մոտ ժամանակներս ճանաչելու է Արցախի անկախությունը, ԼՂՀ-ի հետ պայմանագիր է կնքելու և նրանց ասելու է՝ կռվող, հակամարտող կողմը Ղարաբաղն է, նրանց հետ էլ բանակցեք:

- Ընկերական շրջանում հաճախ ենք խոսում այդ մասին, իսկ վերջերս էլ մի հարցազրույցում Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը ասել է, որ զարմանում եմ, թե ինչու, գտնվելով փաստացի պատերազմի մեջ, զենք չենք արտադրում: Ազերիներն արտադրում են, իսկ մենք, ունենալով այդ ամենի հնարավորությունը, ոչինչ չենք անում այդ ուղղությամբ: Մինչդեռ պատերազմի ժամանակ անգամ հրթիռ էինք արտադրում... Դուք ինչպե՞ս եք մտածում:

- Նախ՝ ես Արկադի Կարապետյանին շատ լավ եմ ճանաչում, մեր շարժման ակտիվիստներից է: Դեռևս այն տարիներից, երբ երկրի պաշտպանության, զենք որոնելու խնդիրներով էինք զբաղված... Նա ճիշտ է ասում: Հիմա Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Որքան էլ մեզանում ասեն, կամ ուրիշներն ասեն, թե պատերազմ չի լինելու, չի կարելի դրա հավանականությունը բացառել: Էն մարդը, որ զենք է ստեղծում, մի անգամ դա կրակելու է: Դրա համար մենք պիտի գոնե նվազագույն ձևով պատրաստ լինենք դրան:

Մենք այդ հնարավորությունը ունենք: Պետք է ավելի կատարելագործենք ու զարգացնենք մեր պաշտպանությունը, մենք էլ ռազմական իքնաթիռներ, «Սմերչ» կայանքներ և ժամանակակից այլ զինատեսակներ գնենք: Ես անձամբ լուրջ առաջարկություններ ունեմ այդ կապակցությամբ: Ղարաբաղցին ասում է՝ ես կռվող տղա եմ, ինչ ուզում ես՝ արա, բայց ինձ հնարավորություն տուր, որպեսզի կարողանամ կռվել, ինձ պաշպանել: Մենք այդ հնարավորությունը պիտի տանք: Մեզանում շատերը հույսները դնում են Ռուսաստանի վրա, բայց ռուսը երբեք մեզ չի պաշտպանելու: Հույսներս մե՛զ վրա պիտի դնենք, ինչպես դա արել ենք պատերազմի ժամանակ:

Ադրբեջանը շարունակ ավելացնում է իր ռազմական բյուջեն, բայց դա բումերանգի պես հարվածելու է նրանց: Որ պատերազմ լինի, մենք էլ ենք մեծ կորուստներ ունենալու, բայց բազմիցս ավելի մեծ կորուստներ ունենալու է Ադրբեջանը, որովհետև մենք մինչև վերջ մեր տունը, մեր հողն ենք պաշտպանելու, իսկ նրանց համար սա օտար երկիր է, իրենց հողը չէ, իրենք ընդամենը զավթիչների դերում են լինելու: Այնպես որ՝ թող խնդրի լուծման ավելի քաղաքակիրթ ուղիներ որոնեն... Ադրբեջանը վերջապես պիտի հասկանա, որ Ղարաբաղն իր համար արդեն վերջացել է, Ղարաբաղից ձեռք քաշի և իր ներքին խնդիրներով զբաղվի: Սա է իրողությունը:

- Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան:

- Դժվար հարց է: 1988 թվականին ապագան տեսնում էի, բայց հիմա հստակ չեմ կարող ասել, թե ինչպես եմ այն պատկերացնում: Այսօր Ռուսաստանում հազարավոր համերկրացիներ ունենք, որ հազիվ հացի փող են աշխատում: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի նրանք վերադառնան Արցախ: Միլիոնատերեր ունենք թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում ու արտերկրում: Թող գումարներ ներդնեն, շենացնեն այս երկիրը...

- Երազների աշխարհից կրկին վերադառնանք իրական կյանք: Մեր իշխանավորները տարիքով փոքր են ձեզնից: 70 տարվա բարձունքից, ավագ ընկերոջ իրավունքով, ի՞նչ խորհուրդ կտայիք իշխանություններին, և ի՞նչ խորհուրդ եք ուզում տալ ժողովրդին:

- Իշխանավորներին խորհուրդ կտայի ժողովրդի մասին շատ մտածել, այնպես անեն, որ ժողովուրդն այստեղ շատանա: Դրանից նրանց գործն էլ հեշտ կլինի, ավելի լավ կլինի, մի քանի անգամ ավելի կհարստանան: Իսկ ժողովրդին խորհուրդ եմ տալիս մի քիչ էլ դիմանալ: Ուրիշ ելք չկա: Մենք, միևնույն է, մինչև վերջ պայքարելու ենք, որ մեր նպատակին հասնենք:

N 10 (23) (2010)



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԼՈՒԾՄԱՆ ՍՊԱՍՈՂ ՄԻ ՀԱՐՑ ԵՎՍ

Այս խմբագրականը գրելու առիթը ծանոթիս հայտնած այն միտքն է, որ հարևաններով, ընկեր-բարեկամներով պատրաստվում են նամակ գրել Արցախի իշխանություններին։ Նա ինձ հիշեցրեց, որ դեռ երկու տարի առաջ 1 կվտ-ի դիմաց ժողովրդից գանձվող էլեկտրաէներգիայի սակագինը Ղարաբաղում բարձրացնելու համար, որն իբր պայմանավորված էր Ռուսաստանից ներմուծվող գազի գնի բարձրացմամբ, հայտարարել են, թե ցերեկային ժամերին օգտագործած միավոր էլեկտրաէներգիայի համար գանձվելու է 25 դրամ, իսկ գիշերային ժամերին օգտագործածի համար՝ 15 դրամ... Եվ, իսկապես, ես էլ հիշեցի, որ խոսք է եղել նաև այն մասին, թե ցերեկային ու գիշերային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիան հաշվարկելու նպատակով տեղադրելու են հատուկ հաշվիչներ։

«Արցախէներգո» ՓԲԸ-ից տեղեկացա, որ արդեն նման հաշվիչներ են տեղադրում, բայց առայժմ՝ սեփական տներում, իսկ 2011 թվականից կսկսեն դրանք տեղադրել նաև բնակելի շենքերում։ Այս ամենը հասկանալի է։ Անհասկանալին այն է, թե այդ դեպքում ինչո՞ւ են քաղաքացիների գերակշիռ մասից ողջ օրվա կտրվածքով օգտագործած էլեկտրաէներգիայի վարձ պահանջում միայն «ցերեկային գրաֆիկի» համար նախատեսված 25 դրամով։ Մի՞թե դա տրամաբանական է։ «Քանի դեռ հաշվիչներ չենք տեղադրել, այդպես ենք վարվում»,- ասաց վերոհիշյալ ՓԲԸ-ի մի աշխատող։ Բայց այդ դեպքում մյուս կողմը՝ ժողովուրդն էլ կարող է հակառակը պահանջել՝ քանի դեռ հաշվիչներ չեք տեղադրել, միայն գիշերային ժամերի գրաֆիկի համաձայն՝ 15 դրամով հաշվարկեք...

Ավելի արդարացի չէ՞ր լինի, մինչև այդ հատուկ հաշվիչներ տեղադրելը, քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիան հաշվարկել միջին՝ 20 դրամով։ Էլ չենք խոսում այն մասին, որ այդ տարբերակը նույնպես ի վնաս քաղաքացիների է, քանզի բոլորն էլ գիտեն, որ աշնան ու ձմռան ցրտերի հետ կապված, բնակարանների ջեռուցման համար քաղաքացիներն առավել շատ էլեկտրաէներգիա օգտագործում են հենց գիշերային ժամերին, երբ 1 կվտ-ի սակագինը 15 դրամ է...
Իմ ծանոթ զրուցակիցը հայտնեց, որ այսօր դրությունը չեն փրկում նաև գազով աշխատող վառարանները, որովհետև, ինչպես հայտնի է, գազի սակագինը վերջին տարիներին զգալիորեն բարձրացվել է, և դեռ խոսակցություններ կան, թե նորից է բարձրացվելու։

Ինչ-որ է։ Ստացվում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչների մի մասը՝ նրանք, ովքեր սեփական տներում են ապրում, այսօր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց գրեթե կրկնակի քիչ են վճարում, քան նրանք, ովքեր ապրում են բնակելի շենքերում։
Վիճահարույց խնդիրներ ու հարցեր ծնվում են բոլոր երկրներում, և իրեն քաղաքակիրթ ու ժողովրդավարական համարող պետությունը հնարավորինս շտապ փորձում է լուծել դրանք։ Մեզանում, կարծես թե, այլ ավանդույթ է ձևավորվել ու միանգամայն այլ գործելաոճով են առաջնորդվում՝ «չեմ տեսել, չեմ լսել...»։ Արդյունքում՝ հավատի այն պակասը, որ օրեցօր մեծանում է, և ժողովրդի ու իշխանության միջև եղած այն անջրպետը, որ գնալով խորանում է։ Եվ դա երկրի անվտանգության տեսակետից շատ ու շատ ավելի կարևոր խնդիր է, քան երկրի պաշտպանության համար նորագույն զինատեսակներ ձեռքբերելը։

N 11 (24) (2010)



«Երգող շատրվանի» երգը...

Դեռ երեկ ինչպիսի՜ շուքով ու հանդիսավորությամբ նշեցին «երգող շատրվանով» այս պուրակի բացումը։ Ասես առնվազն համազգային իրադարձություն է այն...
Այժմ այդ ամենը մնացել է ետևում՝ դառնալով անցյալի հուշ։ Մի քանի շաբաթ է, ինչ «երգող շատրվանն» այլևս չի երգում։ Իհարկե, ոչ այն պատճառով, որ հիվանդացել է կամ ձայնը խզվել է։ Չէ, պատճառն այլ է՝ ջուր չկա։ Նորակառույց ջրավազանն այսօր շատ ավելի խեղճ ու ողորմելի տեսք ունի, քան հանգուցյալ իր նախորդը։

Անցորդներին են նայում դատարկ ջրավազանի հատակից ցցված մետաղե խողովակներն ու անկենդան լուսարձակները, որ շաբաթներ առաջ պուրակում զբոսնող մեծ ու փոքրերին զմայլում էին իրենց գույներով ու շատրվանող ջրի պարով։
Ի՞նչ է պատահել,- հարցնում են անցորդները,- ինչո՞ւ այսպես եղավ։ Եվ իրենք էլ հաճախ պատասխանում են այդ հարցին՝ «Զարմանալի ոչինչ չկա։ Շոուն ավարտվել է, ամենքն անցել են իրենց բան ու գործին, ինչպես ընտրություններից հետո են ժողովրդին թողնում իր հոգս ու ցավերի հետ և գնում իրենց գործին»։

Հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ քարուքանդ արին ու ավերեցին նախկին «Պյատաչոկը»՝ ստեփանակերտցիների սիրելի պուրակը և սարքեցին անճաշակության ու ճարտարապետական անգրագիտության ցայտուն օրինակ հանդիսացող այս ամենը՝ ծայրեծայր սալահատակելով այն։ Պատասխանները բազմազան են ու ոչ միանշանակ, և այդ մասին ավելի լավ է չխոսենք։

N 11 (24) (2010)



ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԻՐՔԸ

Վերջին 10-15 տարում արցախյան շարժման, ազգային-ազատագրական պայքարի առանձին դրվագների ու իրադարձությունների հասարակական-քաղաքական գործիչների ու իրենց այդպիսին ներկայացնող անձանց մասին լույս են տեսել բազմաթիվ գրքեր, պարբերական մամուլում տպագրվել են հազարավոր նյութեր։ Ցավոք, դրանց մեծ մասը փաստագրական ոչ մի արժեք չի ներկայացնում, չհաշված, որ գրվել են պատվերով՝ առանց նվազագույն տեղեկություն ունենալու նկարագրվածի հետ ոչ մի առնչություն չունեցող այս կամ այն իրական իրադարձության մասին։

Օրերս Ստեփանակերտում կայացավ հասարակական-քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի «Չկա մարգարե իր հայրենիքում» գրքի շնորհանդեսը։ Արցախում «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի ազգային ճակատի նախագահ, ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, Արցախի ՊԲ քաղբաժնի պետ (1993-95 թթ.) Մուրադ Պետրոսյանը, բարեբախտաբար, այն սակավաթիվ մարդկանցից է, որ բացի իրադարձությունների մասնակիցը լինելուց, կարողանում է տեսածն ու զգացածը ճշմարտացի ներկայացնել, առավել հաճախ մտածածը հրապարակավ ասել՝ առանց նշանակություն տալու, որ դա դուր չի գալու այս կամ այն ամենախոշոր տրամաչափի պաշտոնյային։

Գիրքը սկսվում է 1988 թ. արցախյան շարժման սկզբից, չնայած հեղինակը գտնում է, որ իր և իր հասակակիցների համար Ղարաբաղյան շարժումը սկսվել է 1966 թվականին, երբ թուրք-ազերիները գազանաբար սպանել են 12-ամյա հայ երեխայի՝ միայն այն բանի համար, որ նա հայ է։ Ակնարկների միջոցով Մ. Պետրոսյանը ներկայացրել է արցախյան շարժումն ու պատերազմը, պետականաշինության գործընթացն ու ժամանակի մեծ ու փոքր այն գործիչներին, ովքեր դրական թե բացասական դերակատարություն են ունեցել մեր նորագույն պատմության այդ ժամանակահատվածում։ Այդ տարիներին հեղինակը շփվել է կամ մոտիկից ծանոթ է եղել ոչ միայն Արցախի նշանավոր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Սերժ Սագսյանի և բազմաթիվ այլ անձանց հետ, այլև անձամբ հանդիպել կամ քաջատեղյակ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Վանո Սիրադեղյանի, Բաբկեն Արարքցյանի ու հայաստանյան այլ խոշոր քաղաքական այրերի գործունեությանը, և նրանց ներկայացրել է այնպես, ինչպես «տեսել ու զգացել է»։

Եթե արտաքին թշնամու խնդրում ամեն ինչ պարզ է, ապա արցախցի գործչին այսօր էլ հանգիստ չի տալիս մի այլ ոչ պակաս նենգ հակառակորդի՝ ներքին թշնամու գոյությունը, «ներքին անկազմակերպվածությունն ու ներքին քայքայումը, ներքին այն որդը, որ խժռում է մեր փխրուն պետականությունը»։
Մուրադ Պետրոսյանը գտնում է, որ «չինովնիկությունն իր ողջ ծավալով, աննշան բացառությամբ, ավելի շատ վնաս է պատճառում ու, ինքնըստինքյան, թուլացնում պետությունը, քան օգուտ է տալիս, քանզի նրանց գործունեության անկյունաքարն ու գլխավոր կետը սեփական, խմբակային կամ կուսակցական շահերի պաշտպանությունն ու ամրապնդումն է... Չպետք է ժողովրդին նայել ինչպես շինանյութի...»։ Պատահական չէ, որ ժամանակին Սիլվա Կապուտիկյանը Մ. Պետրոսյանին անվանել է Արցախի Ցիցերոն, հավելելով՝ «Ես կիսում եմ Ձեր այդ բոլոր ազնիվ մտքերը»։

1000 տպաքանակով ռուսերեն լույս տեսած այս գիրքը, որ Մ. Պետրոսյանի հավաստմամբ, եռահատորի առաջին հատորն է, առաջիկա ամիսներին կտպագրվի նաև հայերեն։

N 11 (24) (2010)



ԱՐՑԱԽԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

Ստեփանակերտում Արցախի հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղանի թեման էր՝ «Կրթության հիմնախնդիրները՝ ազգային անվտանգության համատեքստում»։ Միջոցառմանը մասնակցել են Արցախի կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, բարձրագույն ուսումնական ու միջնակարգ մասնագիտական հաստատությունների, ավագ դպրոցների ղեկավարներ և կրթության ոլորտի մասնագետներ։

Կլոր սեղանը ղեկավարող Ժաննա Կրիկորովան նշեց, որ հասունացել է լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունը, և քաղաքացիական հասարակությունը չի կարող մի կողմ կանգնել երկրի ներսում գոյացած խնդիրներից։ Ցավոք, ակնարկված խնդիրների մի որոշ մասը վերաբերում հենց կրթության ոլորտին, որը վերջին տասնամյակում դարձել է յուրօրինակ փորձադաշտ։

Տեղի հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, Արցախի պետհամալսարանի դասախոս Գեորգի Սահակյանի ասելով՝ բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները եկել են այն համոզման, որ կրթական նախկին համակարգը սպառել է իրեն, և նոր կրթական բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել։ Եվ որպեսզի, Գ. Սահակյանի ասելով, Արցախը դուրս չմնա հարավկովկասյան կրթական դաշտից, ԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել միանալ, այսպես կոչված, «բոլոնյան» նախաձեռնությանը։

Ճիշտն ասած, տեղյակ չէի, որ հարավկովկասյան կրթական դաշտ գոյություն ունի, և հայաստանահայերը, ազերիներն ու վրացիները գտնվում են այդ կրթական դաշտում, իսկ արցախցիներս չենք ուզում հանկարծ հայտնվել այդ դաշտից դուրս։
Գեորգի Սահակյանը ներկայացրել է կրթական համակարգում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում նաև այն, որ ավագ դպրոցների ստեղծումով վտանգվում է մեր փոքր գյուղերի գոյությունը, քանզի աշակերտները ստիպված են սովորելու մեկնել այնտեղ, որտեղ ավագ դպրոցներ կան։

Կրթության նախարարի ելույթից այն տպավորությունը ստացա, որ նա առավել շատ ձգտում է ներկայացնել, թե կրթության համակարգում վերջին 1-2 տարիներին ինչպիսի առաջընթաց է ձեռքբերվել. վերականգնվում են պատերազմից հետո անհետացած նախադպրոցական հիմնարկները, եթե երեք տարի առաջ նախադպրոցական համակարգին հատկացվել էր 67 մլն դրամ, ապա այսօր, կառավարությանը ներկայացված նախագծի համաձայն նախատեսվում է 10 անգամ ավելի գումար՝ 607 մլն դրամ, հանրապետությունում ստեղծվել է երեք առանձնացված ավագ դպրոց, երկուսը՝ Ստեփանակերտում, մեկը՝ Շուշիում, գործում են նաև հինգ խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոցներ և այլն։

Նախարարը «հարգելի ներկաներին» պատմեց, որ ուսուցիչներից մեկը հարցրել է իրեն, թե կարո՞ղ է անբավարար գիտելիքներով աշակերտին նշանակել «անբավարար», և նախարարը վերջինիս հավաստիացրել է, թե՝ կարող է։ Այդ օրինակով չգիտեմ, թե ինչ է ցանկացել հայտնել կրթության ու գիտության նախարարը, բայց, որ շարքային ուսուցիչը նախարարից թույլտվություն ստանալով պիտի գնահատի իր սաների գիտելիքները, դա արդեն մտահոգիչ է։ Մտահոգիչ է նաև այն, երբ կլոր սեղան վարողը հայտարարել է, որ 15-20 րոպե ընդմիջում է տրվում, իսկ նախարարը հարցրել է՝ կոնկրետ տասնհի՞նգ, թե՞ քսան րոպե, կրթության ոլորտի մասնագետներից մեկն ակնածանքով ասաց. «Նախարարը պաշտպանության բանակում է աշխատել, ճշտապահություն է սիրում»։

«Բանակային ճշտապահություն» ակնարկող մասնագետը երևի թե չգիտե, որ մի այլ ճշտապահություն էլ կա՝ «գերմանական ճշտապահություն»։ Տարբերությունը մեծ է։ Վերջինս ոչ թե պարտադրում, զոռով խցկում են մարդու գլուխը, այլ այն մոր կաթի հետ են ստանում ու ողջ կյանքում առաջնորդվում դրանով։ Կրթական համակարգում ոչ թե բանակային, այլ հենց այսպիսի ճշտապահություն պիտի լինի։ Մտահոգիչ է նաև այն, որ կրթության ոլորտում առկա խնդիրները քննարկելու ցանկությամբ հավաքված մասնագետների շրջապատում այդ ոլորտի բարձր պաշտոնյաներից մեկն ասում է՝ «իմ համար», մինչդեռ տարրական դասարանի աշակերտն անգամ գիտե (կամ՝ պետք է իմանա), որ «իմ համար» կամ «մեր համար» չի լինում, ճիշտ ձևն է՝ «ինձ համար», «մեզ համար»...

Այնպես որ, կարծում եմ՝ Արցախի կրթության ոլորտում գոյություն ունեցող տեսանելի խնդիրներից բացի, կան նաև հարցեր, որ պակաս մտահոգիչ չեն։

N 11 (24) (2010)



ԿԱՐԵՎՈՐ ՈՒ ԱՆԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԻԿ

Չգիտեմ, Աստծո ստեղծած առաջին մարդը կարևո՞ր անձ էր, թե՞ անկարևոր։ Եվ, ընդհանրապես, Ադամ ու Եվայից սերված առաջին երկոտանիները կարևո՞ր անձնավորություն էին, թե՞ անկարևոր։ Սակայն հազարամյակներ հետո մարդիկ բաժանվեցին երկու խմբի՝ կարևոր անձինք և անկարևոր անձինք։ Կարևորների խմբի մեջ մտնում են, անշուշտ, փող և իշխանություն ունեցողները։ Մնացյալը, որ ժողովուրդ է անվանվում և ոչինչ չունի, կազմում է մարդկության անկարևոր կեսը։ Առաջինները շատ բարձր բազկաթոռներ ու պաշտոններ են զբաղեցնում, օգտվում են լայնածավալ իրավունքներից, օրենքներ են սարքում ու օրենքներ շրջանցում, անկարևոր մարդիկ են դատում ու դատապարտում, սպանում ու անպատիժ մնում և այլն։ Կենդանության օրոք սրանք իրենց համար արձաններ ու կիսանդրիներ են պատվիրում, նրանց մասին փաստագրական և գեղարվեստական գրքեր ու կինոնկարներ են սարքվում, ձոներգեր ու քայլերգեր են նվիրում նրանց։

Շատ կարևոր այդ մարդկանց շուրջ, նրանց աթոռ-բազկաթոռների շուրջ վխտում են շատ մարդիկ, ովքեր իրենց կարևոր անձ են ներկայացնում։ Սրանք, ճիշտ է, առաջինների համեմատ պակաս կարևոր են, բայց թեթևակի «եղանակափոխությունների» ժամանակ սրանցից ոմանք, առավել ճարպիկները, կարող են հայտնվել շատ կարևոր անձերի աթոռներին...
Այժմ անցնենք անկարևորներին։ Դա ժողովուրդն է և ընդհանրապես իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, քանի դեռ առջևում ընտրություններ ու պատերազմ չկա, քանի դեռ Հայրենիքը վտանգի մեջ չէ և չի զգում նրա կարիքը։ Նրանք այնքան անկարևոր են, որ նույնիսկ իմաստ չունի երկար խոսել նրանց մասին...

N 11 (24) (2010)



Ո՜Վ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Ո՜Վ ԲԱՐՔԵՐ

Ցմահ «երիտասարդ բանաստեղծ», բառեր նկարող, իր նեղանձնական «ես»-ը գրքից գիրք քարշ տվող մի մարդուկ մեկին վիրավորելու համար զազրախոսություն է գրել, որտեղ վերջինիս Աղդամի մոտ հակառակորդին կարևոր տեղեկություններ հաղորդող ազերական լրտես է անվանել։ Կարելի է անուշադրության մատնել հանուն մի փոր հացի ցանկացած սրբություն աղտոտող մարդուկի ախտահարված ուղեղում ծնված այդ բարբաջանքը, բայց երբ մաքրության մասին փորձում է դասեր տալ մինչև կոկորդ տիղմի մեջ խրվածը, որն այդպես էլ ազնվություն չունեցավ արածի համար ներողություն խնդրելու, չես կարող չպատասխանել։

Նախ՝ պատվերով զրպարտագրեր ստորագրող այդ սուբյեկտը լավ կլինի իջնի իր «գրական բարձունքից» և սեփական աչքերով տեսնի, որ Աղդամն արդեն մեկուկես տասնամյակ է գտնվում է սահմանի այս կողմում ու ամրագրված է մեր Սահմանադրությամբ։ Աղդամում և մերձակայքում վաղուց թուրքեր չեն ապրում և, բնականաբար, հնարավոր չէ այնտեղ որևէ ազերու տեղեկություններ հաղորդել։ Եթե մեր պոետը անձնական փորձով կարողացել է հատել ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գիծն ու հանդիպել իր նմաններին, դա այլ խնդիր է։

Բայց սա զավեշտի մի կողմն է միայն։ Ժողովրդական առածն ասում է՝ «Շտապիր գողին բռնել, թե չէ՝ գողն է քեզ բռնելու»։ Քանի որ գողին տեղը նստեցնելու փորձ չի արվել, վերջինս փորձել է ուրիշին նստեցնել իրեն՝ գողին պատկանելիք տեղը։ Խոսքը դարձյալ զրպարտչի կոկորդին մնացած Աղդամի մասին է։ Եթե այդ բնակավայրի փոխարեն Միր-Բաշիր կամ Գյանջա գրեր, գուցե նրան պատասխանի չարժանացնեինք։ Բայց նա մատնանշել է հենց Աղդամը, չնայած լավ կաներ, որ իր զրպարտությունը գրելուց առաջ խորհրդակցեր կնոջ հետ...

Սակայն նա այդպես չվարվեց, այլապես այդ քաղաքի անունը լսելով, նրա կողակցի մոտ հաստատ այլ հուշեր կարթնանային, որը նա ոչ մի գնով չէր ցանկանա հիշել։ Խոսքը վերջինիս նախաամուսնական երիտասարդ տարիների մասին է, երբ Աղդամը նրա համար դարձել էր յուրօրինակ աշխատավայր, և նա պարբերաբար այդ քաղաք էր մեկնում հաստատ ոչ կարտոֆիլ վաճառելու, տուրիստական հետաքրքրության կամ «գրական միջոցառումների» մասնակցելու համար...

Ժողովրդական հանրահայտ խոսք կա՝ «Սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում»։ Հատկապես երբ, ի ցավ ճիզվիտ-զրպարտչի, այդ ուրիշի աչքում փուշ չկա։ Մի խորհուրդ վերջինիս. հեծանիվ հնարելուց առաջ լավ կանեիր մի անգամ փորձարկեիր այն։ Հայտնի մի խոսք էլ կա՝ «Ծանիր զքեզ»։

N 11 (24) (2010)



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԷՐՆԵԿ ԹԵ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ...

«Էրնեկ թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին բուն դներ մեր սրտերին»...

Ասվում է հանրահայտ երգում, որի խոսքերը շուրջ մեկևկես դար առաջ գրել է նշանավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանը: Այսօր Հայաստանը, Արցախը պետականություն ունեն, ճանաչված թե չճանաչված անկախ երկիր են, սակայն դարձյալ Ամանորի նախօրյակին երազում ենք՝ «Էրնեկ թե այս Նոր տարին ազատ շնչեր Հայաստան...»: Ժամանակները փոխվել են, բայց մեր իղձերն ու սպասելիքները նույնն են մնացել:

Մի տարի էլ կանցնի պատմության գիրկը, և մենք մի տարով էլ կմեծանանք, ծերանանք, սակայն մշտապես մնալով սեփական սխալներից երբեք դասեր չառնող նույն մանկամիտը: Անկատար մնացած մեր երազներն հիմա էլ կբարդենք գալիք 2011-ի ուսերին:

Ի՞նչ տվեց մեզ 2010-ը: Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել, քանզի «մեզ»-ը շատ լայն հասկացություն է, որի մեջ մտնում ենք թե՛ շարքային քաղաքացիներս, որ ժողովուրդ է կոչվում և դե-յուրե համարվում է այս երկրի տերը, թե՛ իշխանություններն ու սրանց հովանու ներքո բարգավաճող գործարարները, որ Հայոց երկրի տերն են և՛ դե-յուրե, և՛ դե-ֆակտո:

Ժողովրդի վիճակը, մեծ հաշվով, էականորեն չի փոխվել՝ ոմանց բարեկեցությունն աննշան լավացել է, ոմանցը՝ որոշ չափով վատացել: Որոշ չինովնիկներ նոր պաշտոններ են ստացել, ոմանց «ռակիրովկա» են արել այլ պաշտոնյաների հետ, բայց թվաբանական հայտնի կանոնի համաձայն՝ գումարելիների տեղափոխությունից գումարը մնացել է անփոփոխ...

Արտաքին քաղաքական կյանքում կարծես լուրջ փոփոխություններ չեղան, բայց, միևնույն ժամանակ, հատկապես ղարաբաղյան խնդրում տեղի ունեցած շարժերն առավելապես ի վնաս մեզ են: Ազերիների պահանջով, բնականաբար, հայկական կողմի համաձայնությամբ՝ ԵԱՀԿ-ն «հումանիտար ուսումնասիրություններ» կատարեց մեր այն տարածքներում, որ ազերիները, միջազգային հանրությունն ու մեր քաղաքական վերնախավն անվանում են օկուպացված տարածքներ: Հակառակ հայ վերնախավի խոստման, նրանք նույն «սումնասիրությունը» չկատարեցին ազերիների կողմից օկուպացված հայկական տարածքներում, և չեն էլ կատարելու...

Ներքաղաքական կյանքում. Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկը մի կերպ մտավ Հայոց խորհրդարան, սակայն ղեկավարող կուսակցության կտրիճները մի մարդու պես լքել են նիստերի դահլիճը, գտնելով, որ դա ժամանակավրեպ է և խանգարում է ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, որից հայտնի չէ, թե ինչ սպասելիքներ ունենք: Այդ կտրիճներից պետք էլ չէր այլ բան սպասել, որովհետև մինչ այդ նույն կուսակցության թիմակից ՀՀ նախագահն ի լուր աշխարհի հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը պատերզմ սկսի Ղարաբաղի դեմ, Հայաստանը ճանաչելու է ԼՂ անկախությունը: Ասել է թե՝ քանի դեռ Ադրբեջանը չի հարձակվել Արցախի վրա, ՀՀ-ն երբեք չի ճանաչի Ղարաբաղը:

Սակայն հանգիստ թողնենք նաև բազմաչարչար Ղարաբաղյան խնդիրն ու մտածենք գալիք Ամանորի մասին: Ի վերջո, այնքան էլ հաճախ չենք հանդիպում նրան: Ընդամենը տարին մի անգամ:

Ամանորն արդեն ծեծում է մեր դռները: Ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ ունենք Նոր տարուց՝ 2011 թվականից: Անձամբ ես ընդամենը մի ցանկություն ունեմ: Գիտեմ, որ դա երբեք չի իրականանալու, բայց եթե դա մի հրաշքով կատարվի, կիրականանան իմ և հազարավոր, տասնյակ հազարավոր, գուցեև հարյուր հազարավոր իմ հայրենակիցների երազանքներից շատերը...

Ես կցանկանայի, որ հասարակ մահկանացուներս Նոր տարվա առաջին արևածագին աչքներս բացենք ու տեսնենք, ո՜վ հրաշք, Հայոց աշխարհի բոլոր մեծ ու փոքր, ամենատարբեր տրամաչափի ապաշնորհ ու տհաս ղեկավարները թռել են Մարս կամ դեռևս չբնակեցված մի այլ մոլորակ: Դեկտեմբերի 31-ի վերջին ժամերին նստել են գերժամանակակից մի աերոբուս կամ բազմատեղանոց մի տիեզերանավ ու թռել մի մոլորակ, որտեղ ծառերի վրա դոլարներ են աճում, իսկ գետնին քարերի փոխարեն ոսկիներ են թափված... Եվ թող նրանք սրտի ուզածի չափ հարստանան, 2-ի փոխարեն 30 կամ 40 դղյակ սարքեն իրենց համար, միլիոնավոր հեկտարներ սեփականաշնորհեն...

Բայց այս ամենը միայն ցանկություն է, որ երբեք չի կատարվելու: Գուցե ճիշտ կլինի շատ ավելի հավանական մի այլ բան ցանկանանք այս Ամանորից առաջ: Ասենք, ցանկանանք, որ այս Նոր տարում Աստված մեզ տալիքից մի ստվար բաժին կտրի և տա բոլոր ապաշնորհ ու տգետ պաշտոնյաներին: Գուցե թե դրանից կշտացած այդ պարոններն այլևս կաշառք չվերցնեն և զանազան զարտուղի ճանապարհով հարստություն կուտակելու մասին մտմտալու փոխարեն ժամանակ ունենան մտածելու մի Բարի գործ կատարելու մասին...

Էրնեկ թե այս Նոր տարին... Դարեր ի վեր այսպես երազում ենք: Մի բան, որ չեն կարող մեզնից խլել, դրանք մեր երազանքներն են, որոնց համար չեն կարող հարկ գանձել կամ պահանջել պարտադիր ապահովագրել դրանք:

N 12 (25) (2010)



ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբերի 10-ը Արցախի Սահմանադրության օրն էր: Չորս տարի առաջ՝ 2006 թ. այդ օրը ղարաբաղցիները «այո» ասացին նորանկախ իրենց երկրի հիմնական օրենքին: Միաժամանակ, 1991 թվականին, իր պատմության ամենադրամատիկ ժամանակահատվածում համաժողովրդական հանրաքվեով Արցախը վավերացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը: Սահմանադրության ու համաժողովրդական առաջին հանրաքվեի օրվա նախօրյակին փորձեցինք պարզել՝ արդյո՞ք 19 տարի առաջ անկախությանը կողմ քվեարկած արցախցիներն այսօր էլ նախապատվությունը տալիս են անկախությանը, քանզի 1988 թ. ազգային զարթոնքը սկսվել է Հայաստանին միանալու պահանջով: Փորձեցինք պարզել նաև, թե մարդիկ ինչ կարծիքի են ԼՂՀ հիմնական օրենքի մասին՝ արդյո՞ք կատարյալ են համարում այն: Եվ ճի՞շտ են համարում ազատագրված տարածքներին վերաբերող ձևակերպումը:


ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Դարձյալ կքվեարկեի անկախության օգտին: Ինչ վերաբերում է մեր սահմանադրության կատարելության հարցին, ապա ինչպես աշխարհի երևի թե բոլոր երկրների առաջին Սահմանադրության ընդունումից մի քանի տարի հետո երևան են գալիս թերություններն ու որոշ հոդվածների փոփոխման պահանջ է առաջանում, նույնն էլ վերաբերում է մեր երկրի հիմնական օրենքին: Ազատագրված տարածքների մասին հոդվածը հստակ է գրված: Չպիտի մոռանանք, որ մենք Շահումյան ու Գետաշեն ունենք, որ դեռևս մնում են հակառակորդի վերահսկողության տակ: Եթե մենք գծեինք ներկայիս փաստացի սահմանները, ապա կստացվի, որ հրաժարվում ենք վերոհիշյալ շրջաններից, Մարտակերտի և Մարտունու շրջանների այն տարածքներից, որոնք այսօր գտնվում են սահմանի հակառակ կողմում:

ՆԵՐՍԵՍ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ (ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին և երկրորդ գումարման պատգամավոր) - Ես միշտ էլ եղել եմ Հայաստանի հետ միացման կողմնակից և այսօր էլ այդ առումով այլ կարծիք չունեմ: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, չնայած ես անկախության կողմնակից չեմ, գտնում եմ եմ, որ մենք այնպիսի սահմանադրություն պիտի ընդունեինք, որտեղ ավելի հստակ ձևակերպված լինեին մեր ազգային արժեհամակարգի պահպանմանը, ազգային անվտանգությանը վերաբերող հոդվածները: Միջազգային, ավելի կոնկրետ՝ եվրոպական նորմերով ու չափանիշներով առաջնորդվող Հայաստանի ընդունած սահմանադրությունը այդ առումով խոցելի է դարձնում Հայաստանին, ուստի մենք ոչ թե պիտի նմանակեինք նրա հիմնական օրենքը, այլև ընդունեինք այնպիսի սահմանադրություն, որ ազգային արժեհամակարգի պահպանման խնդրում Հայաստանին հետագայում մեզ հետևելու հնարավորություն տար... Մեր սամանադրության մեջ հատկապես շատ մշուշոտ է ազատագրված տարածքների վերաբերյալ հոդվածը:

ՆԱՐԻՆԵ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ (ԼՂՀ արդարադատության նախարար) - Անկախության կողմնակից եմ և, եթե հարկ լինի, կրկին կքվեարկեմ անկախ պետականության օգտին: Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում: Այդ թվում՝ սահմանադրությունը: Կարծում եմ, ժամանակի ընթացքում երևան եկած թերությունները, ժամանակի, կյանքի փորձությանը չդիմացած ձևակերպումները, հոդվածները որոշ ժամանակ հետո ավելի հստակ տեսք կստանան մեր պետության հիմնական օրենքում:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (ճարտարապետ) - Երևի թե դարձյալ կողմ կքվեարկեի անկախությանը: Սահմանադրությունը կատարյալ լինել չի կարող, որովհետև կյանքը փոփոխվում է, նոր հարցեր ու խնդիրներ են առաջանում, որոնք օրենքով վավերացվելու կարիք ունեն: Սահմանադրությունը խոցելի է հատկապես ազատագրված տարածքների ամրագրման առումով: Ես կողմ եմ ավելի հստակ ձևակերպման:

ՄԱՐԻԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (Մուրացանի անվան գրադարանի տնօրեն) - Նորից անկախության կողմ կքվեարկեի: Ըստ իս, մեր սահմանադրությունն, ընդհանուր առմամբ, լավ է, կատարյալ է, բայց հարցը միայն հոդվածների լավ կամ կատարյալ լինելու մեջ չէ: Խնդիրն այն է, որ դրանք իրագործվեն կյանքում, օրենքը լինի իր բարձրության վրա: Մինչդեռ, ցավոք, սահմանադրության բոլոր հոդվածները չեն, որ իրագործվում են կյանքում: Հատկապես մարդու իրավունքների հարցում...

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ (լրագրող) - 1988 թվականին այլ իրավիճակ էր, և բնական է, որ մենք ցույցի և պայքարի դուրս եկանք Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: Բայց հետո, երբ Ադրբեջանը պատերազմ պարտադրեց մեզ, երբ մենք արդեն անկախ պետություն ենք հռչակել և ունենք մեր սահմանները, այսօր հնարավոր չէ կրկին օրակարգ մտցնել «միացման» խնդիրը: Ինչ կա որ՝ թող հարավկովկասյան տարածաշրջանում երկու հայկական պետություն լինի: Թուրքերը Ադրբեջան և Թուրքիա առանձին պետություններ ունեն, չէ՞: Սահմանադրությունը երբեք կատարյալ չի լինում նույնիսկ, այսպես ասած, կատարյալ, գերզարգացած և հզոր երկրներում: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան կամ Ֆրանսիան շարունակ փոփոխություններ են կատարում իրենց սահմանադրության մեջ: Այսօր արդեն էական տարբերություններ կան գործող օրենքների և հիմնական օրենքների միջև: Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներին, ապա պատերազմի արդյունքում այդ տարածքներն արդեն մեր փաստացի տարածքներն են դարձել և ամրագրված են մեր սահմանադրությամբ:

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (գործազուրկ) - Երբ աշխատատեղ չկա, աշխատանք չկա, որ տունդ, ընտանիքդ պահես, ի՞նչ տարբերություն՝ անկախ պետությո՞ւն ենք, թե՞ միացել ենք Հայաստանին: Չնայած, ամեն դեպքում, ես միացման կողմնակից եմ: Սահմանադրությունը, ճիշտն ասած, չեմ կարդացել և կարդալու միտք չունեմ: Մի բան ասեմ՝ սահմանադրությունը կամ մնացած էդ օրենքները սաղ գեղեցիկ ուպակովկա արած դեկորացիաներ են, որ համարյա չեն օգտագործվում կյանքում:

ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (շինարար) - Ես կարծում եմ, որ ամենաճիշտը Հայաստանի հետ միանալն է: Սահմանադրության մասին ի՞նչ կարող եմ ասել: Ոչ ես եմ նրան պետք գալիս, ոչ սահմանադրությունն է ինձ պետք գալիս: Ազատագրված տարածքները սահմանադրության մեջ ամրագրելը ամենակարևոր բանը չէ, պետք է դրանք պահելու կոնկրետ ցանկություն լինի: Բայց երբ մենք ասում ենք, թե դրանք հայկական տարածքներ են, մեր հողերն են, ամրագրված են մեր սահմանադրությամբ, իսկ Հայաստանի նախագահը գնում, Ալիևի հետ «բազար է անում» էդ հողերի շուրջ, դա արդեն ես չեմ հասկանում: Այ ախպեր, ասում են՝ երկրի տերը ժողովուրդն է: Հիմա ե՞ս եմ էս հողի տերը, թե՞ Երևանում գտնվող Հայաստանի նախագահը:

ՍԵՐԳԵՅ ԱՎԱՆԵՍՅԱՆ (կենսաթոշակառու) - Միացո՛ւմ: Մենք մի երկիր պիտի լինենք, որ ուժեղ լինենք: Էսպես ասես քանդած ցախավելի ծղոտ լինենք: Հեշտությամբ մեզ կարելի է կոտրել: Սահմանադրությունը կարող է շատ լավն է, բայց եթե էդ հոդվածները մեր մնացած օրենքների պես կամ կիսատ-պռատ են գործում, կամ շրջանցելով, խախտելով, էլ ո՞ւմ է պետք:

ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ (Արցախյան ազատամարտի մասնակից) - Մի բան ասեմ՝ անկախությունը նրա համար են հնարել, որ մի խումբ մարդիկ բարձր պաշտոններ ստանան: Մնացած պատճառաբանություններին չեմ հավատում: Սահմանադրության հոդվածները մեկ-մեկ չեմ կարդացել, բայց կարդացել եմ ազատագրված տարածքներին վերաբերող հոդվածը: Մինչև հիմա չեմ հասկանում, թե դա պատերազմում հաղթած երկրի հոդվա՞ծ է, թե՞ պարտված: Տնաշենները էնքան վախեցած են բառերը գրել, ասես... Բայց նույնիսկ կարևորը դա չէ: Ազատագրված այդ հողերը իսկապես մերը կլինեն, եթե բնակեցնենք:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ (քաղծառայող) - Միացում և միայն միացում: Մենք Հայաստանի հետ միացման պահանջով ենք պայքարի դուրս եկել, որովհետև մեր ուժը իրոք մեր միասնության, այլ ոչ թե տարանջատման մեջ է: Չպիտի համեմատվենք արաբական, մահմեդական աշխարհի հարուստ երկրների հետ, ովքեր ինքնուրույն գոյատևելու հնարավորություն ունեն: Հիշենք, որ մինչևիսկ հսկա գերմանիաներն են միացել, մի ամբողջություն կազմել: Սահմանադրության մեջ թեկուզ ազատագրված տարածքների վերաբերյալ հոդվածը ցույց է տալիս, որ մենք դեռ հեռու ենք կատարյալ սահմանադրություն ունենալուց:



ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԽՆԴՐԵՆՔ ՀԱՐՁԱԿՎԻ՞ ՄԵԶ ՎՐԱ, ՈՐՊԵՍԶԻ ՀՀ-Ն ՃԱՆԱՉԻ ՄԵԶ

Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը միտված միջազգային գագաթնաժողովներին, պաշտոնական հանդիպումներին ու բանակցություններին, որտեղ տասնամյակ շարունակ ԼՂՀ-ի անունից բանակցում են ՀՀ իշխանությունները՝ նախագահի և արտգործնախարարի մակարդակով, այնքան էլ լուրջ չեն վերաբերվում մեզ մոտ: Դեկտեմբերի սկզբին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը ևս բացառություն չեղավ: Մեզ հանդիպած պաշտոնյաների մի որոշ մասն անտեղյակ էր ոչ միայն այդ գագաթնաժողովից, այլև այնտեղ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ընդունված հայտարարությունից: Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ չեն էլ փորձում իմանալ, այլ քամահրանքով ձեռքներն են թափ տալիս:

Այդուհանդերձ «Նոր էջը» փորձեց իմանալ այն արցախցիների կարծիքը, ովքեր տեղյակ են Ղարաբաղյան խնդրի մասով Աստանայում կայացած գագաթնաժողովի մասին: Ի դեպ, նրանք, ովքեր փորձել են ավելի անկեղծ կարծիք հայտնել, խնդրել են լրիվությամբ չնշել իրենց անունը...

Կարեն Սարգսյան - Միակ դրական քայլ համարում եմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը, որտեղ նա խոսել է երեք հիմնական սկզբունքների հավասարազոր լինելու մասին: Այսինքն՝ պարզ հայտարարել է, որ առավելություն չի տալիս տարածքային ամբողջականության սկզբունքին: Իսկ ոչ դրական եմ համարում այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել, թե Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ագրեսիայի, պատերազմի դեպքում Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է, Ադրբեջանը պիտի պատերազմ սկսի՞, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի հանրապետությունը: Ստացվում է, որ մենք պիտի խնդրենք թշնամուն, որ հարձակվի մեզ վրա, որպեսզի ՀՀ-ն ճանաչի մեզ: Եթե թշնամին հարձակվի Արցախի վրա, Հայաստանը ոչ թե պիտի ճանաչի ԼՂՀ-ն, այլ Արցախի միացումը Հայաստանին...

Ա. Հայրապետյան - Ես միանշանակ դեմ եմ նման կարգի բոլոր այն հանդիպումներին, որտեղ Ղարաբաղի փոխարեն բանակցում է ՀՀ նախագահը: Էլ ինչո՞ւ ենք մենք նախագահական ընտրություններ անցկացրել, մեզ համար պրեզիդենտ ընտրել, երբ մեր հարցը, մեր երկրի ճակատագիրը ոչ ղարաբաղաբնակը պիտի որոշի: Ես չեմ հասկանում, թե ինչու մեր իշխանությունները Հայաստանից չեն պահանջում դադարեցնել Ղարաբաղի անունից բանակցություններ կոչվող ֆարսը և զբաղվել սեփական երկրի խնդիրներով: Հայաստանը, նրա նախագահները, թեկուզ ծագումով ղարաբաղցի լինեն, իրավունք չունեն մեր փոխարեն որոշելու մեր ճակատագիրը: Վաղը եթե նրանք մեզ համար աննպաստ փաստաթուղթ ստորագրեն, մենք պիտի ուղևորվենք Երևան և այնտե՞ղ բողոքի ակցիա անենք...

Ն. Բեգլարյան - Ինչպես սպասվում էր, այդ գագաթնաժողովում բեկումնային ոչ մի փաստաթուղթ չընդունվեց, որովհետև դրա համար անհրաժեշտ պայմաններ, նախադրյալներ չկան: Դրան պատրաստ չեն թե՛ հակամարտող կողմերը, թե՛ միջնորդները, ովքեր իրենց մեջ այդպես էլ ուժ չեն գտնում կտրուկ գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հոխորտանքներին: Որպես ձեռքբերում եմ համարում այն, որ կրկին հայտարարվել է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձի անհեռանկարայնությունը և, բերելով Վրաստանի օրինակը, Ռուսաստանի նախագահը երկիմաստ ակնարկ է արել Ադրբեջանին: Ադրբեջանը կհասկանա՞ դա, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:

Անահիտ Հարությունյան - Ես կոնկրետ չգիտեմ՝ այդ գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը մեզ համար լա՞վ է, թե՞ վատ, բայց, որ այն ստորագրել է ոչ թե մեր երկրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, այլ Հայաստանի նախագահը, դա շատ վատ է: Դա նշանակում է, որ մենք շարունակում ենք մեր ճակատագրի հարցում դիտորդի կարգավիճակում մնալ և սպասել, թե ինչպես են վարվելու մեզ հետ, մեր երեխեների ճակատագրի հետ:

Գ. Հովսեփյան - Հայաստանը շարունակ փաստաթղթեր է ստորագրում, որտեղ, խոսվում է ազատագրված հողերը հանձնելու, ադրբեջանցի փախստականների վերադարձի և այլ մեզ համար անընդունելի կետերի մասին: Ոչ մի ազերի Ղարաբաղ չպիտի գա, ազատագրված հողերը որ հանձնենք, հակառակորդը մի նպաստավոր պահ է գտնելու և հարձակվի կրկին իր աքցանի մեջ հայտնված Ղարաբաղի վրա:
«ՆԷ»
N 12 (25) (2010)



«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԱՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ»... ԱՐՑԱԽԻՑ

Որ իրոք Արցախից մեկնում են, այն էլ, առավել հաճախ, լավագույն կադրերը, ոչ միայն փաստ է, այլև՝ տխուր փաստ է: Վերջին մի քանի տարում Արցախը լքել են տեղի շնորհալի լրագրողները՝ Կարինե Օհանյան, Նաիրա Հայրումյան, Գեղամ Բաղդասարյան... Երևան են մեկնել տարբեր պատճառներով՝ մեկն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ, մյուսին գործ են առաջարկել, երրորդը մեկնել է մի այլ պատճառով...

Պատճառները թերևս շատ են, իսկ փաստը մեկն է՝ լավագույն կադրերի մի մասը հեռանում է հայրենի երկրից...

Արցախից հեռացածների մի ստվար մասը Երևան է մեկնել տեղի քաղաքական վերնախավի առաջարկով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայելու: Նրանցից շատերն այստեղ վաճառել են իրենց տունուտեղը, Երևանում բնակարաններ ձեռք բերել: Հայաստանի մայրաքաղաք մեկնածների մեջ զգալի թիվ են կազմում բարձրագույն չինովնիկների բարեկամները, ընկերները, սրանց ծանոթները: Աստված նրանց հետ: Նրանց լինել-չլինելուց Արցախում ոչինչ չի փոխվում: Ցավը բարձրակարգ մասնագետների, ստեղծագործական մեծ պոտենցիալ ունեցող մարդկանց Արցախից հեռանալու մեջ է: Մարդիկ, ովքեր պատերազմական ծանր տարիներին երբեք չեն լքել մեր երկիրը՝ իրենց ներդրումն ունենալով Արցախի ազատագրական պայքարում:

Ցավոք, Արցախից հեռանում են նաև տաղանդավոր արվեստագետները, որոնց կարիքը պետք է որ շատ ունենա մեր երկիրը, մեր մշակույթը, մեր արվեստը:
Վերջին երկտասնամյակում Արցախում ամենատաղանդավոր երգիչն անկասկած Տիգրան Մկրտչյանն էր: Ծննդով Արթիկից է: Սովորել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1989-ից տեղափոխվել է Ղարաբաղ: Եկավ, սիրեց Արցախը և մնաց: Մասնակցել է Արցախյան գոյամարտին: Աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, ղեկավարել «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը:

Բազմիցս հանդիպել, զրուցել ենք: Ձգտում էր ազատ ու ինքնուրույն լինել, ազատ հնարավորություն ունենալ ստեղծելու իր համույթը՝ ազգագրական կատարման իր դպրոցը: Եվ 2002-ին ստեղծեց «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը, որն աչքի էր ընկնում հայկական երգերի բարձրաճաշակ ընտրությամբ, ինքնատիպ երաժշտամտածողությամբ ու կատարողական վարպետությամբ: Երաժշտասերների շրջանում «Վերնատունը» դարձել էր սիրված երաժտական համույթը: «Վերնատունը» հայկական ազգային երգարվեստ էր քարոզում և տարածում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում ու Արցախում մեծ տարածում է գտել ռաբիսը, արևելյան, արաբական-թուրքական ելևեջներով շաղախված թեթև ու էժանագին երաժշտությունը: Տիգրանի ասելով՝ «Վերնատունը» դպրոց է, որի առաքելության նպատակն է դաստիարակել սերունդներին, ուսուցանել նրանց իրենց պապերի ու ապուպապերի երգարվեստը. երգեր, որոնք մեր ազգային հպարտությունն են ու մեր խիղճը, մեր պատիվը, մեր սրբություն-սրբոցը:

Ցավն այն է, որ զրկված լինելով պետական աջակցությունից, քառյակը հիմնականում գոյատևում էր ինքնաֆինանսավորմամբ և որոշ չափով էլ գործարարների հովանավորությամբ: Տիգրան Մկրտչյանը համերգներ է ունեցել Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի, Ուկրաինայի տարբեր քաղաքներում, Մերձբալթյան և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում:
Տիգրանի հետ վերջին հանդիպումներին զգացվում էր, որ մարդու մեջ մեծացել է դժգոհությունը: Մշակույթի նախարարությունում այդպես էլ լիովին չընկալեցին այդ արվեստագետի արժեքը: «Ուզում եմ գնալ: Այլևս անիմաստ եմ համարում այստեղ իմ մնալը,- մի օր ասաց նա:- Արդեն հոգնել եմ իշխանություն ունեցող այդ մարդկանց բացատրել, թե ինչ ասել է Արվեստ, ազգային երաժշտություն...»:

2002 թ. Արցախի իշխանությունները նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալ են տվել, ապա, տևական քաշքշուկից հետո հանրապետության վաստակավոր արտիստի կոչում շնորհել: Բայց արդյո՞ք դա ամենակարևորն է արվեստագետի համար:
Մոտ մի տարի առաջ մի օր էլ թողեց ու մեկնեց Երևան: Նրա մեկնումից չգիտեմ ինչ կորցրեց ինքը, բայց Արցախը կորցրեց մի բարձրակարգ ու անկրկնելի երգիչ ու արվեստագետ, որ կոչվում է Տիգրան Մկրտչյան:
Ընդամենը մի ճակատագիր: Մի մարդու ճակատագիր՝ մի քանի տասնյակներից... Ցավոք, կարծես նույն ճակատագիրն է սպասում նաև մի այլ արվեստագետի՝ պարուսույց Գենադի Բադալյանին, մասնագետ, որի նմաններին Երևանում մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել...

«Լավագույն տղաները հեռանում են...»՝ ասվում է Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգում: Ցավոք, հեռանում էին ոչ միայն այն դաժան ու ծանր պատերազմական տարիներին, և հեռանում էին ընդմիշտ, հեռանում են նաև այսօր՝ ազատ ու անկախ մեր երկրից: Վախենում եմ, որ մի օր երբ ինչ-որ մանչուկ հարցնի՝ «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», նրան այլևս պատասխանող չլինի: Կամ, լավագույն դեպքում, պատասխանեն... ռաբիսով:

N 12 (25) (2010)



ՖՈՒՏԲՈԼԻՍՏ, ՄԱՐԴ, ՔԱՂԱՔԱՑԻ

Հանրահայտ «Ղարաբաղ»-77 թիմի վաղեմի երկրպագուներից եմ: Ժամանակին սեփական հարկի տակ մեր թիմի մասնակցությամբ գրեթե ոչ մի խաղ բաց չեմ թողել: Ֆուտբոլիստներից բոլորին գիտեի: Իսկ երբ ֆուտբոլային իմ կուռքը՝ ԽՍՀՄ ֆուտբոլի չեմպիոն և գավաթակիր Հովհաննես Զանազանյանը Սուրեն Մարտիրոսյանի հետ հրավիրվեց Արցախ, և հայկական ֆուտբոլի երկու նշանավորները դարձան մեր թիմի առանցքային խաղացողները, ավելի կապվեցի մեր ակումբին: Հորս հետ, որ լինելով մեծ ֆուտբոլասեր, «Խորհրդային Ղարաբաղ» մարզային թերթում հաճույքով մեկնաբանում էր արցախյան թիմի խաղերը, բազմիցս հանդիպել եմ Զանազանյանի և մեր թիմի այլ խաղացողների հետ:

Կիսապաշտպան Կառլեն Սիմոնյանին բոլորը «Գալո» մտերմիկ անվամբ էին կոչում: Հիշում եմ, ֆուտբոլային մի հանդիպման ժամանակ տրիբունաների շուրջ գտնվող բարձրախոսներից ներկայացրին մեր թիմի կազմը, ես զարմացա, որ Գալոյի անունը չեն հայտնել, բայց ֆուտբոլիստները «Գալո» են վանկարկում: Հետո միայն իմացա, որ Կառլեն Սիմոնյանը հենց մեր սիրելի կիսապաշտպանն է:
Այդ տարիներին Կառլենի հետ անձամբ ծանոթանալու առիթ չի եղել: Շատ տարիներ հետո միայն մենք ծանոթացանք, երբ նրա խնդրանքով 2009 թ. «Նոր էջի»-ում հրապարակեցի «Ղարաբաղյան ֆուտբոլը՝ խաղից դուրս կամ՝ վերելքներից սրընթաց վայրէջք» հոդվածը: Գրեցի, որովհետև մեր ֆուտբոլի տխուր ներկան նաև ինձ է մտահոգում:

Այնուհետև մտերիմ հարաբերություններ ստեղծվեցին մեր միջև: Գուցեև հիմնական պատճառն այն է, որ Կառլենի մեջ ֆուտբոլիստից, մարզիկից բացի տեսա ազնիվ ու հայրենասեր մարդու, անկրնելի զրուցակցի, որն ինտելեկտով երիցս բարձր է մերօրյա շատ պաշտոնյաներից, քաջատեղյակ է մեր ժողովրդի պատմությանն ու գրականությանը, մեր ազգային արժեքներին...
Ծնվել է Ստեփանակերտում՝ 1954 թվականին: Առաջին պատանի ֆուտբոլիստներից էր, որ 1972 թ. ընդգրկվել է նորաստեղծ ղարաբաղյան թիմի կազմում:

«Մեր ֆուտբոլի պատմության մեջ Կառլենը հատուկ տեղ ունի: 1977 թվականին, երբ Ստեփանակերտի «Ղարաբաղ» թիմը դարձավ Ադրբեջանի չեմպիոն, այդ մեծ հաջողության մեջ մեծ ավանդ ունի նաև նա: Շատ համարձակ ֆուտբոլիստ էր, մինչև վերջ իրեն նվիրում էր մեր թիմի յուրաքանչյուր մրցապայքարին»,- պատմում է նախկին «Ղարաբաղ» թիմի ավագ և մեր ֆուտբոլի աստղերից մեկը՝ Բենիամին Բաբայանը, անփոխարինելի 6-րդ համարը՝ Բենոն:
Իսկ նույն թիմի մի այլ նշանավոր ֆուտբոլիստ, Մոսկվայի բարձրագույն մարզչական դպրոցն ավարտած Գագիկ Ծատրյանն այսպես է բնութագրել իր ընկերոջն ու թիմակցին. «Կառլեն Սիմոնյանը տաղանդավոր էր, որի ճակատագիրը, սակայն, ամեն կերպ փորձեցին խաթարել: Բայց նա մնաց նույն ազնիվ, ասպետական և բարեկիրթ մարդը ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում»:

Երբ «Ղարաբաղը» դարձավ Ադրբեջանի չեմպիոն, տեղական «Սպորտ» թերթում այդ մասին գրել էին սև շրջանակի մեջ: Ազերիների համար դա իրոք սգո օր էր: Նրանք հնարավոր ու անհնարին ամեն ինչ արեցին արցախյան թիմի հաղթարշավը կասեցնելու համար, սակայն նրանց բոլոր ջանքերն անհաջողությամբ պսակվեցին: Դեռ ավելին՝ մեր թիմը չեմպիոնի կոչումը նվաճել էր խաղաշրջանի ավարտից դեռևս երկու տուր առաջ: Այդ թվականից «Ղարաբաղը» մասնակցում էր ԽՍՀՄ վարպետ թիմերի երկրորդ խմբի առաջնությանը: 1979 թ. գրավել է 3-րդ, 1981-ին՝ 4-րդ տեղը:

«Այդ տարիներին քանի որ մենք խաղում էինք ադրբեջանական թիմերի հետ, անընդհատ վեճեր, կոնֆլիկտներ էին ծագում, մեր մրցակիցները շարունակ անթույլատրելի կոպիտ խաղ էին ցուցադրում մեր թիմի հետ հանդիպումների ժամանակ, և նրանց այդ ոչ մարզական վերաբերմունքից, որ երբեք անտարբեր չէր մնում, առաջին հերթին Կառլենն էր,- մեր զրույցը շարունակում է Բենիամին Բաբայանը:- Այդ, այսպես ասած, «մրցապայքարում», նրանց պատասխանն ինքն էր տալիս, որովհետև ցանկացած անարդարության հանդեպ բնավորությամբ լինելով անհանդուրժող, չէր կարողանում անտարբեր մնալ ազերիների կոպիտ արարքների նկատմամբ:
Բենոյին խնդրեցի որևէ հետաքրքրաշարժ դեպք հիշել՝ կապված Կառլենի անարդարություն չհանդուրժող բնավորության հետ:

«1977-ին երբ մենք խաղում էինք Ադրբեջանի առաջնությունում, կարծեմ Իմիշլիում կամ Սաբիրաբադում էր, երբ մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց, նա մրցավարից խլեց սուլիչը,- ծիծաղելով պատմեց Բենիկը:- Մի դեպք էլ հիշեցի: Մի տարի հետո, երբ արդեն խաղում էինք ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության 2-րդ խմբում, և Կառլենը մեր թիմի հիմնական խաղացողներից մեկն էր, Վրաստանում մեր մրցակիցը տեղի Սամտրեդիայի «Լոկոմոտիվ» թիմն էր: Դա այն թիմերից է, որ սեփական դաշտում գրեթե մշտապես հաղթում էր, որովհետև տեղի ղեկավարությունը մրցավարներին կաշառելով, ինչպես ասում են, «գնում էր» խաղը:

Այդ հանդիպման մրցավարը խմած էր դաշտ մտել: Խաղի վերջին վայրկյաններին մեր տուգանային հրապարակից զգալիորեն հեռու կանոնների խախտում արձանագրեց և մեր դարպասին 11 մետրանոց նշանակեց: Ես, որ մեր թիմի ավագն էի, երկուսով՝ Կառլենի հետ մոտեցանք ու ասացինք՝ էդ ի՞նչ ես անում... Կառլենն այնքան էր ջղայնացած, վրդոված... Մրցավարը փորձեց դեղին քարտ ցույց տալ նրան, իսկ նա սրա ձեռքից խլեց դեղին քարտը: Կարծեմ հետո սուլիչն էլ է խլել կաշառված այդ հիմարի ձեռքից... Կարծեմ այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի...»:

Ընկերները գտնում են, որ որպես մարդ ևս Կառլենն անփոխարինելի է, նվիրված ընկեր է, բայց ամենից շատ նա իսկական հայրենասեր է: Ողջ կյանքում մշտապես ձգտում է արդար լինել, լինի սպորտում թե կյանքում: Յուրաքանչյուր անարդար վարմունք նրա մեջ հակառակ ռեակցիա է առաջ բերում, որովհետև բնավորությամբ լինելով օբյեկտիվ, ազնիվ ու արդար, չի հանդուրժում ցանկացած անարդարություն: Նաև դա է պատճառը, որ նրան հարգում էին թե՛ թիմում, թե՛ մարզական աշխարհում:

Ցավոք, բոլորը չէ, որ կարողացան գնահատել նրա մարդկային այդ որակը: Մի անգամ անցանկալի մի միջադեպ եղավ, և նրա դեմ «գործ» ստեղծեցին ու ազատազրկեցին մի քանի տարով: Ասում են՝ այդ տարիներին, տեղյակ չլինելով Կառլենի կյանքում երևան եկած մղձավանջային ժամանակների մասին, նրանով հետաքրքրվում էին խորհրդային ֆուտբոլի շատ մասնագետներ: Այդ թվում՝ հանրահայտ մարզիչ Նիկիտա Սիմնյանը, որը 1973 թվականին Երևանի «Արարատ» թիմին հասցրել էր խորհրդային ֆուտբոլի անհասանելի բարձունքին՝ ԽՍՀՄ չեմպիոնի կոչման ու գավաթակրի: Ի դեպ, Կառլենն այսօր էլ հպարտանում է ֆուտբոլի մեծ վարպետի հետ ունեցած բարեկամական-ընկերական կապով: Եվ վերջինիս հանդեպ հարգանքն է պատճառ դարձել, որպեսզի նա 1987 թ. ծնված իր որդուն կոչի իր կուռքի և տաղանդավոր մարզիչի անունով՝ Նկիտա Սիմոնյան: Վերջինս հոր պես կիսապաշտպան է և մի ժամանակ խաղում էր «Լեռնային Արցախ» թիմում:

Դժվար է ասել, թե ինչ մասնագիտություն կընտրեր Կառլենը, եթե չլիներ անչափ նվիրվածությունը կաշվե գնդակով մարզաձևին: Ինքը երբեք չի մտածել այլ մասնագիտությունների մասին: Իր ասելով, հնարավոր է զինվորական դառնար:
«Արցախյան շարժման, պատերազմի տարիներին Կառլենն ապրում էր Ռուսաստանում: Բայց նա սակավաթիվ այն արցախցիներից է, որ թողեց իր խաղաղ կյանքն ու եկավ Ղարաբաղ՝ ակտիվորեն մասնակցելով ազատագրական մեր պայքարին,- պատմում է Բենիկը:

Բենիամին Բաբայանի հետ զրույցից իմացա, որ Կառլենը մեծ ավանդ ունի նաև պատերազմական տարիներին մեր թիմի կազմավորման գործում: Երբ դեռ մարտեր էին գնում, և ֆուտբոլիստներն էլ էին մասնակցում պատերազմական գործողություններին, նա դիմել է Սերժ Սարգսյանին ու Սամվել Բաբայանին, խնդրելով տղաներից թիմ ստեղծել և հնարավորություն տալ մասնակցելու ՀՀ ֆուտբոլի առաջնությանը: Եվ այդպես էլ եղավ. նրա առաջարկն ընդունվեց: 1992-ին ԼՂՀ պաշտպանության բանակին կից ստեղծվեց ԲՄԱ «Երազանք» թիմը: Թիմի պետ է նշանակվել Կառլեն Սիմոնյանը, գլխավոր մարզիչ՝ Էդիկ Բաղդասարյանը: 1993-ից ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցած «Երազանքը» երկու տարի անց վերանվանվեց ԲՄԱ «Ղարաբաղ»: 1995-ից մինչև 2003 թվականը ԲՄԱ ակումբի նախագահը Կառլեն Սիմոնյանն էր, որին 2002-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզիչի կոչում:

2001 թ. «Ղարաբաղ» թիմը դարձել է 2-րդ Համահայկական խաղերի չեմպիոն: Մինչև 1999 թվականը ղարաբաղյան ֆուտբոլային ակումբները մասնակցել են ՀՀ բարձրագույն և առաջին խմբերի առաջնություններին, իսկ «Երազանք» թիմը՝ ՀՀ պատանիների խմբի առաջնությանը: 2003 թվականից հովանավորների և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի միջև վեճեր ու ինտրիգներ են սկսվում, որի զոհը դառնում է արցախյան թիմը: Հովանավորների պահանջով թիմը հրաժարվում է մասնակցել Հայաստանի առաջնությանը: Ակումբի նախագահ Կառլեն Սիմոնյանը, որ դեմ էր այդ որոշմանը, հովանավորների հրահանգով ազատվում է պաշտոնից:

Վերջում ես ուզում եմ մեջբերել Բենոյի հետ զրույցի ժամանակ վերջինս հայտնած ցավալի մի դիտողությունը. «Առայսօր ես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, ռազմագործողություններին պարզապես չեն մասնակցել, բայց հետո մեդալ ու շքանշան են ստացել, իսկ Կառլենը, որքան գիտեմ, այդպես էլ ոչ մի պարգև չի ստացել: Եվ, ցավոք, դա արդեն երևույթ է դարձել մեր կյանքում: Խոսքը միայն պարգևների մասին չէ, այլ այն մասին, որ Կառլենի նման արժանի մարդիկ անուշադրության են մատնված, նրանց գիտելքները, կարողությունները չեն օգտագործում»:

Ցավոք, նույնը կարելի է ասել նաև Բենիամին Բաբայանի մասին: Ամիսներ առաջ նրա 60-ամյակն էր: Ականավոր ֆուտբոլիստի հոբելյանի առթիվ, որն այսօր մարզական իր առաքելությունը շարունակում է ԱրՊՀ-ում (դոցենտ է) գրել էր նաև «Նոր էջը», «Ազատ Արցախը», կարծեմ հաղորդում է եթեր արձակել նաև տեղական հեռուստատեսությունը... Իսկ ահա, մեր բարձրագույն իշխանությունները «ոչ տեսել են, ոչ՝ լսել»...
Ու ամենևին չեմ զարմանում, որ Կառլեն Սիմոնյանի նման մասնագետը, երեկվա զինվորը, մարդը, իր երկրին նվիրված քաղաքացին 2003-ից ի վեր անգործ է: Այս երկրում նրա համար «հարմար» գործ չի գտնվում:

N 12 (25) (2010)



ՇՆԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դարձյալ հաչում ես մեզ վրա, Շո՛ւն: Արհամարհում ենք քեզ՝ հաչում ես, ատում ենք՝ դարձյալ հաչում ես մեզ վրա...
Ամիսներ ու տարիներ անցան, կ
արծեցինք, թե մոռացել ես մեզ, բայց դու՝ Շուն, պարզվեց, որ շարունակում ես հետևել մեզ և հաչել: Մերթ հարևան բակի ցանկապատի տակից ես փրչոտ գլուխդ երկարում ու զզվելիորեն կաղկանձում, մերթ փողոցում, որևէ աղբարկղի միջից ես դուրս պրծնում ու ոռնում մեզ վրա:

Ուշադրության չենք արժանացնում քեզ, արհամարհում ենք շնային քո ողորմելի գոյությունը, մտածում ենք՝ թող հաչի, որքան ուզում է, մի օր ինքն էլ կզզվի կաղկանձելուց և ձայնը կկտրի: Բայց դու գետնովը տալով շնային քո ինքնասիրությունն ու արժանապատվությունը, շարունակ մեր ոտնատակն ես ընկնում ու շարունակում քո վայրահաչությունը:

Հիմա ի՞նչ անենք քեզ, Շուն, ինչպե՞ս վարվենք քեզ հետ: Գոնե գնա մի անգամ էլ ուրիշների վրա հաչիր կամ գոնե մի անգամ մարդավարի հաչիր՝ հասկանանք, թե ինչ ես ուզում... Գնա մի քիչ էլ այլ ջահանդամներում հաչիր ու կաղկանձիր, գնա մեր թշնամիների վրա ոռնա կամ ռադ եղիր, թող մի քիչ էլ մեր թշնամիները մեզ վրա հաչեն...

Թե չէ, զօր ու գիշեր հաչում ես, զօր ու գիշեր կաղկանձում ես անդադար, զզվեցնում անիմաստ, անարվեստ, ապաշնորհ ու տաղտկալի քո գարշելի հաչոցներով: Մերթ աջից ես հաչում, մերթ՝ ձախից, մերթ մեր ետևից ես կաղկանձում, մերթ տնկվում մեր դիմաց ու կլանչում: Թքում ենք երեսիդ՝ հաչում ես, ուշադրության չենք արժանացնում՝ դարձյալ հաչում ես մեզ վրա:

Է՜հ, Շո՛ւն... Քո հերն էլ անիծած, եթե աշխարհում գոնե կա մեկը, որին հաճույք է պատճառում զզվելի քո ձայնը, և այդ մեկը թեկուզև դու ես միայն, հաչիր՝ որքան ուզում ես, կաղկանձիր՝ որքան ուզում ես, ոռնա արշալույսից՝ մայրամուտ, մայրամուտից՝ արշալույս... Դա է քո կոչումը: Աստված հենց դրա համար է ստեղծել քեզ:

* * *
Նա արդեն չի հաչում, այլևս չի հաչում: Չհաչելու խոստո՞ւմն է պատճառը, թե՞ պարզապես ծպտվել ու արիստոկրատ է ձևանում, փաստն այն է, որ չի հաչում: Անձամբ չի հաչում: Ինչ-որ ջահանդամներում, աղբարկղերի մերձակայքերում, ատամնաթափ եղած, քիթ-մռութը ջնջխած, քավթառ ու փրչոտ շներ է վարձում, հաչելու իր նոտաները դնում սրանց ձեռին և ուղարկում մեզ վրա: Նա քսի է տալիս, սրանք հաչում են, նա մատով, ինչպես դիրիժորական փայտիկով, նշան է անում, սրանք կանգնում են հետևի վերջավորությունների վրա ու զառամյալ իրենց ձայնալարերը պրկելով, զզվելիորեն կաղկանձում: Իր ճոխ սեղանից նա կրծած մի ոսկոր է նետում սրանց, սրանք հաճույքից գլուխկոնծի են տալիս, անցած-գնացած իրենց ջահելությունը հիշելով՝ խռպոտ կլանչում...

Նա այլևս չի հաչում: Սակայն, այնուամենայնիվ, սրանք հաչում են նրա հանգով, նրա փոխարեն, իսկ նա չի հասկանում, որ բոլորս տեսնում ենք ու գիտենք, թե վերջապես ով է իրական հաչողը...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Ձմեռային սերենադ» գրքից, 2005 թ.
N 12 (25) (2010)



ԴՈՒ ԷԻՐ ՊԱԿԱՍ ԿԱՄ՝ ԵՎ ԶՐՊԱՐՏԻՉ ՄԻ՝ ԽՈՐԵՆ ԱՆՈՒՆ

Ինձ հայտնեցին, որ Խորեն Բաղդասարյան անունով մեկը զրպարտություն է գրել իմ և իմ հարազատների մասին: Որքան հիշողությունս պրպտեցի, չկարողացա այդ անուն-ազգանունով մարդ հիշել:

Ցույց տվեցին այս լուսանկարն ու հայտնեցին, որ ինձ զրպարտողը սա է: Ասացին նաև՝ նախկինում էլի է զրպարտություններ գրել: Նայեցի լուսանկարին և մնացի ապշած: Ձևի ու բովանդակության ինչպիսի՜ ներդաշնակություն: Իմ ողջ կյանքում հենց այս կերպարանքով եմ պատկերացրել զրպարտիչներին ու 37 թվականի մատնիչներին:

Հարցրին՝ դրան պատասխանելո՞ւ ես: Ախր, սրան ի՞նչ կարող եմ պատասխանել, երբ Աստված ինձնից առաջ արդեն պատասխանել է՝ ստեղծելով ձևի ու բովանդակության համերաշխ միասնության այս անկրկնելի նմուշը: Հիրավի մարդու դեմքն ու արտաքինը հոգու հայելին են, և իրավացի են բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ յուրաքանչյուր մարդու դեմք ճիշտ և ճիշտ տվյալ անձնավորության ներքին աշխարհի արտացոլումն է: Աշխարհում մի բացառություն եղավ, այն էլ միայն գեղարվեստական երկում՝ Վիկտոր Հյուգոյի հանրահայտ «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպում:
Անպատեհ և անիմաստ հայտնված մարդկանց համար տատս մի պատասխան ուներ՝ «Դու էիր պակաս»...

ԿԵՆԴԱՆԻՆ՝ ՎԱՆԴԱԿԱՃԱՂԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Տասնամյակներ առաջ, երբ դեռ փոքր էի, հորս հետ կենդանաբանական այգի էի գնացել: Վանդակի մեջ տարբեր կենդանիներ կային՝ առյուծ, վագր, արջ, գայլ...
Հանկարծ նկատեցի, որ ինչ-որ մեկը քարեր է շպրտում վանդակաճաղերի հետևում գտնվող կենդանիների վրա: Հետ նայեցի՝ մի մարդուկ էր, ասես նեանդերթալյան ժամանակներից հայտնված ողորմելի, գջլոտ ու չար հայացքով մի մարդուկ:
Հորս հարցրի, թե ինչու է այդ մարդը քարեր նետում կենդանիների վրա: «Որովհետև Աստված նրա և վանդակի մեջ գտնվողների տեղը սխալմամբ շփոթել է»,- պատասխանեց հայրս:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
N 12 (25) (2010)

Комментариев нет:

Отправить комментарий