24.08.2014

«Մարդ էր, Հորացիո»...


2007-ի ամռանն էր։ Կրտսեր քույրս՝ Նվարդը, ծանր, անբուժելի հիվանդ, պառկած էր Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Ամեն օր տեսակցության էի գնում քրոջս։ Մի անգամ ծանր մտքերիս մեջ, երթուղայինից իջա ու նկատեցի, որ կոշիկիս կրունկը պոկվել, մնացել էր մեքենայի մեջ։ Հարցուփորձ անելով, մոտերքում կոշիկի վերանորոգման կետ գտա, որ մոտավորապես փոքրիկ մի կրպակի չափ էր։ 

Կոշկակարը տեղում չէր, բայց մոտերքում գտնվող մարդիկ ասացին, որ շուտով կգա։
Մի քանի րոպեից եկավ։ Հասկանալով, որ իրեն եմ սպասում, ներողություն խնդրեց։ Ասաց, որ կողքի շենքում է ապրում, երեխային շտապ ինչ-որ բան էր պետք... Շատ քաղաքավարի ինձ աթոռ առաջարկեց, իսկ ինքը վերցրեց անկրունկ կոշիկս ու գործի անցավ։ 

Ես նայում էի, թե նա ինչպիսի խնամքով ու վարպետորեն է աշխատում, ինչպես է մանրակրկիտ կտրում, հարմարեցնում նոր կրունկը, սոսնձում, ինչ-որ գործիքի վրա շտապ չորացնում այն... Նայում ու մտածում էի՝ ձեռքիս փողը կհերիքի՞ արդյոք։ Քրոջս համար դեղեր էլ պիտի գնեի։ Արդյոք 2 հազար դրամով կբավարարվի՞ վարպետը։ Տեսնում էի, թե ինչպիսի բարեխղճությամբ է աշխատում նա։

Մոտ 15 թե 20 րոպե հետո կոշիկս պատրաստ էր։

- Վարպետ, որքա՞ն պիտի վճարեմ,- հարցրի։

- 300 դրամ։

- Ի՞նչ,- ակամայից դուրս թռավ բերանիցս։

Վարպետին թվաց, թե դժգոհում եմ, որ շատ է պահանջում, բայց անմիջապես վրա բերեցի.

- Այդքան չարչարանքիդ համար ընդամենը 300 դրա՞մ...

Մի կերպ համոզեցի և 500 դրամ վճարեցի։

Առայսօր չեմ մոռացել նրան՝ այդ համեստ, բարեխիղճ ու ազնիվ Վարպետին։ Շեքսպիրի հերոսը կասեր՝ «Մարդ էր, Հորացիո»...

11.08.2014

Այլևս իրավունք չունենք խաբվելու միամիտ-անմիտ երազներով


Արդեն քանի՜ տարի է մեզանում քննարկում են՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Եվ այդ հարցին զուգահեռ երբեմն այսօրինակ զավեշտական կարծիքներ են հնչում՝ չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղություն ենք ուզում, մենք խաղաղասեր ազգ ենք...

Հարգելիներս, բավական է գուշակություններով, ենթադրություններով, միամիտ-տխմար վերլուծություններով ժամանակ վատնեք՝ խաբելով ինքներդ ձեզ և մյուսներին, ձեռի հետ էլ զվարճացնելով նախադպրոցականի ձեր «երկաթե» տրամաբանությամբ։ Պատերազմ լինել-չլինելը ձեզնից չէ կախված, բայց մի որոշ չափով կախված է նաև ձեզնից, ձեր երկրից։ Պատերազմ սկսում է այն դեպքում, երբ դրանում շահագրգիռ կողմը, պատերազմով խնդիր լուծել ձգտող կողմը զգում, հասկանում, համոզված է լինում, որ ինքն ավելի ուժեղ է։

Ադրբեջանը միայն մեր «ռազմավարական դաշնակցից» 5 միլիարդ դոլարի գերհզոր զենք է գնել ու դեռ շարունակում է գնել։ Կարծեմ Չեխովն է ասել. «Եթե ներկայացման սկզբում պատից հրացան է կախված, ուրեմն այն պետք է կրակի»։

Եթե մենք ուժեղ ու հզոր լինենք, ապա պատերազմ սկսվելու հավանականությունը շատ փոքր է դառնում և, ընդհակառակը, եթե ուղտի ականջում քնած շարունակելու ենք ինքներս մեզ հեքիաթներ պատմել «տարածաշրջանի ամենաուժեղ բանակի» մասին, ապա ցանկացած րոպե կարող է պատերազմ սկսվել՝ անշուշտ ոչ դիվերսիոն-հետախուզական ավանտյուրաների մակարդակի։

Հիմա հարցրեք ինքներդ ձեզ՝ մենք ուժե՞ղ ենք, մեր երկիրը հզո՞ր է։ Այդ հարցի պատասխանը կլինի նաև ձեզ հուզող հարցի պատասխանը։ Չէր խանգարի, եթե միաժամանակ հիշեք նաև արևելյան հայտնի ասացվածքը՝ Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակի և Ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակի մասին...

Իր պատմական Հայրենիքի 300 հազար քառ. կմ-ից ավելի տարածքի հազիվ 10 տոկոսին տեր դարձած, մեկ դար առաջ միանգամից մեկևկես միլիոն զոհ տված և Երկիր կորցրած, աշխարհով մեկ ցիրուցան եղած, 20 տարի առաջ թշնամուն ծնկի բերած, բայց իր ներքին տականքին ծնկի եկած ժողովուրդն այլևս իրավունք չունի խաբվելու միամիտ-անմիտ երազներով։