10.11.2017

Խղճացե՛ք Աստծուն, ի սեր Աստծո


(մինի էսսե՝ միկրո հումորով)

Մարդիկ, ձեր խնդիրները, պրոբլեմները, հարցեր-հիմնահարցերը ձգտեք ինքներդ լուծել։ Պետք չէ ամեն ինչ բարդել ուրիշների ուսերին, հատկապես հանձնել խեղճ Աստծո ողորմածությանը։ Ախր այդքան էգոիստ, այդքան անուղղելի եսասեր մի՛ եղեք, փորձեք մի պահ մտնել Աստծո դրության մեջ։

Թեկուզ այսպիսի մի շատ պարզ հաշվարկ կատարեք և գլխներիդ զոռ տվեք՝ արդյո՞ք դուք կկարողանայիք այս անմարդկային ծանրության տակից դուրս գալ։ Եվ այսպես, սկսենք մեր պարզ թվաբանությունը։ Աշխարհում արդեն 7.6 միլիարդ մարդ է ապրում։ Ի դեպ, պատկերացնո՞ւմ եք, յուրաքանչյուր մեկ րոպեում աշխարհում ծնվում է 260 երեխա, մահանում՝ 109 մարդ։ Քանի որ օրը բաղկացած է 1440 րոպեից, ապա 260 բազմապատկելով 1440-ով, կպարզենք, թե ամեն օր աշխարհում որքան երեխա է ծնվում։ Այն է՝ 374.400։ Նույն կերպ եթե 109-ը բազմապատկենք 1440-ով, կպարզենք, որ ամեն օր աշխարհում կյանքին հրաժեշտ է տալիս 157.960 մարդ։ Շատ հեշտ մենք կարող ենք պարզել, որ ամեն տարի 136.6 միլիոն մարդ է ծնվում, մահանում 57.2 միլիոն մարդ։ Բայց այսքանն իմիջիայլոց։ Այս պահին մեզ այլ հարց է հետաքրքրում՝ հավատացյալների թիվն աշխարհում։

Վիճակագրությունն ասում է, որ մինչև 14 տարեկան երեխաները կազմում են աշխարհի բնակչության շուրջ 35 տոկոսը։ Այսինքն՝ այսօր աշխարհում կա մոտավորապես 2.7 մլրդ 14 տարեկան երեխա։ Նույն վիճակագրությունը հայտնում է, որ աշխարհում ոչ հավատացյալները 1.1 մլրդ են։ Եթե աշխարհի բնակչության ընդհանուր թվից հանենք երեխաներին (որոնց պետք չէ խառնել Աստծո գործերին) և ոչ հավատացյալներին, ապա մոտավորապես կիմանանք, թե որքան հավատացյալ կա Երկիր մոլորակի վրա։ 7.6 մլրդ - 3.8 մլրդ = 3.8 մլրդ։ Այսինքն՝ աշխարհում մոտավորապես 3.8 միլիարդ մարդ հավատում է Աստծուն, աղոթում է, նամազ է անում, զանազան ձևերով երկրպագում է նրան։ Փաստորեն այսօր աշխարհի բնակչության շուրջ կեսը հավատում է Աստծուն։ Մի 7 տարի առաջ հավատացյալ էր մոլորակի բնակչության 60 տոկոսը։ Այսինքն՝ հավատացյալների թիվն աշխարհում պակասում է՝ տոկոսային հարաբերությամբ, բայց քանի որ երկրագնդի բնակչությունը սրընթաց աճում է, նշանակում է այնուամենայնիվ աճում է Աստծուն աղոթողների թիվը։

Երևի գաղտնիք չէ, որ կրոնները շատ են ու բազմազան։ Աշխարհի բնակչության 32 տոկոսը քրիստոնյա է, 23 տոկոսը՝ մահմեդական, 15 տոկոսը՝ հինդուիստներ են, շուրջ 7-ական տոկոսը բուդդայականներ և չինական ավանդական կրոն (շամանական, կոնֆուցիոսական, դաոական և այլն) դավանողներ են։ Մանր-մունր կրոնները՝ հուդայականությունը և այլն, չենք հաշվում։ Ոչ միայն կրոններն են բազմազան, անգամ իրար թշնամի, այլև ժողովուրդները, որ ավելի շատ են ու իրարից այնքա՜ն տարբեր։ Սակայն Աստված մեկն է, վերևում մի երկրորդ ինքնակոչի համար տեղ չկա։ Այնտեղ ընտրություններ, ընտրակեղծարարություններ չեն լինում, որ ինչ որ դուրսպրծուկ հայտնվի ու իրեն նախագահ, ներողություն, Աստված հռչակի։ Բայց որքան էլ Արարչին տարբեր անուններով կոչենք՝ Աստված, Ալլահ, Բուդդա, Բոգ, Բուրխան, Բվանա, Գմերթի, Խոդա և չգիտեմ ինչ, այդ բոլոր անվանումների տակ մեկ մարդ է, ներողություն՝ մեկ գոյ է, ու հենց ինքը Երկնայինն է, Աստված, Արարիչը, լույս ու խավար, ծառ ու թուփ, կրակ ու ջուր, շուն ու ճիճու, հոպոպ ու մոծակ, մորեխ ու մարդ ստեղծողը, Ամենակարողը և Ամենաամենան...

Անցնենք առաջ։ Գրեթե ամեն օր մոտ 3.8 միլիարդ մարդ ծնկաչոք կամ կանգնած, ծալապատիկ կամ նստած այս խեղճ Աստծուն աղոթում է, բանավոր զանազան պատվերներ ու խնդրագրեր է ներկայացնում, աղաչում-պաղատում լուծել իր այս կամ այն խնդիրը՝ սեփական առողջականից, հարստանալուց, պաշտոն ստանալուց սկսած, վերջացրած թշնամուն հաղթելու, նրան ոչ ևս եղած տեսնելու խնդրանքով։ Հիմա այս խեղճ Աստված ինչպե՞ս կատարի այդ 3.8 միլիարդի խնդրանքը, երբ դրա մի չնչին տոկոսը հազիվ կատարած, հաջորդ օրը մի նոր 3.8 միլիարդ խնդրանք է թափվելու իր ուսերին։ Եթե նա նույնիսկ հարյուրավոր կամ հազարավոր օգնականներ, խորհրդականներ ու քարտուղար-քարտուղարուհիներ էլ ունենա, հազիվ թե կարողանա կատարել թեկուզ մեկ միլիոն մարդու խնդրանք։ Բայց դե բոլորդ էլ քաջ գիտեք, որ խեղճ Երկնայինը ոչ մի օգնական, խորհրդական ու քարտուղարուհի չունի։ Մի քանի քերովբեները, հրեշտակներն ու զանազան մանր-մունր պալատական սպասավորները հազիվ թե այդ հարցում կարողանան Նրան օգնել։ Նրանք ընդամենը փոքր-մոքր ծառայություններ են մատուցում Նրան՝ շորերն են հանում ու հագցնում, ժամանակին կերակուր են մատուցում, մազերը սանրում, կոշիկների փոշին սրբում և այլն։

Բացի դրանից, մարդիկ հենց Իրեն՝ Աստծուն են դիմում, այլ ոչ թե նրա սպասավորներին։ Աստված սովորական մի նախագահ չէ, որ իրեն հասցեագրված նամակները, տվյալ դեպքում՝ աղոթք-խնդրանքներն առանց կարդալ-լսելու, ուղարկի իր ստորադրյալներին կամ հենց նրան՝ ում դեմ գրված է բողոք-դիմումը։ Կարծես մի քիչ շեղվեցինք։ Այսինքն՝ նշանակում է, որ յուրաքանչյուր աղոթքի տեղ հասնելու և իրականանալու հավանականությունը մեկ միլիոներորդական է կամ շատ ավելի...

Հիմա մի թեթև մտնենք այդ մարդու, ներողություն, Աստծո դրության մեջ։ Ի վերջո, հասկացե՛ք, այդ խեղճ Ամենակարողը, Երկնայինը, Աստված ևս հանգստանալու իրավունք ունի։ Քանի՜ միլիոն թե միլիարդ տարի նա օր ու գիշեր աշխատում է։ Անտեր Տիեզերքն էլ, ներողություն, անծիր Տիեզերքն էլ հո՞ միայն Երկիր մոլորակից չի բաղկացած։ Մի Արեգակի շուրջ տեսեք, թե քանի մոլորակ է պտտվում, չհաշված վերջիններիս արբանյակները, որ հենց էնպես մոլախոտի պես չեն բուսել, այլ Արարչի ձեռքի գործն են և դրանք նույնպես պետք է խնամել ու շարունակել հոգ տանել։ Հապա մի տեսեք, թե քանի՜ հազար թե միլիոն արեգակներ կան տիեզերքով մեկ շաղ տված, որոնցից շատերը հաստատ ունեն իրենց մոլորակները, արբանյակները, վերջիններիս շուրջ կանոնավոր կամ ճանճերի պես անկանոն պտտվող զանազան երկնային մարմինները, ասուպ-մասուպները և այլն։

Ցանկացած դպրոցական գիտե, որ Արեգակն այնպիսի մի աստղ է, ինչպիսին ողջ տիեզերքով սփռված մեծ ու փոքր աստղերը։ Մեր Ծիր կաթին գալակտիկայում կա 200 միլիարդ աստղ։ Հարևան Անդրոմեդա գալակտիկան մոտ 5 անգամ մեծ է մեր գալակտիկայից և պարունակում է մեկ տրիլիոն աստղ։ Աստղագետների կողմից հայտնագործված ամենամեծ գալակտիկան բաղկացած է 100 տրիլիոն աստղերից։ Գերհզոր տելեսկոպներով, աստղադիտակներով հայտնաբերվել են 100 միլիարդ գալակտիկաներ։ Դե հիմա ավելի ուշադիր լսեք։ Մոտավոր հաշվարկով ողջ տիեզերքում կա... Բայց այդ թիվը դուք ինքներդ գրեք. 1-ը բազմապատկեք 24 զրոյով։ Այսինքն գրեք մի մեկ և հետևում զինվորների պես շարեք 24 զրո։ Հիմա պատկերացրեք, թե այսքան աստղերի շուրջ որքա՜ն մոլորակներ կլինեին պտտվելիս, թեկուզ անմարդաբնակ կամ միայն ճանճերով ու որդերով բնակեցված։

Դե գլխներիդ զոռ տվեք. այս բոլորն Արարիչն է ստեղծել, չէ՞։ Այսինքն նրանց բոլորի արարողն ու պատասխանատուն նույնպես Աստված է։ Հո՞ չի թողնելու, որ մի ինչ-որ չարաճճի երկնային մարմին հրթիռի պես սլանա ու ոչնչացնի իրենից երիցս մեծ մի այլ երկնային մարմին կամ մոլորակ։ Այս ամենը, այս բոլոր շարժերը պետք է վերահսկել, չէ՞։ Արդեն մոտավորապես պատկերացրի՞ք, թե ինչպիսի վիթխարի գործ է ձեռնարկել Աստված ու ինչպիսի ծանրաբեռնվածությամբ է աշխատում։

Այդքան գլխացավանքը կարծես քիչ էր, վերջերս էլ գիտնականները պարզել են, որ Արեգակի վրա մի հսկա խոռոչ կա, որից ահռելի քանակությամբ մագնիսական փոթորիկ է սփռվում ու մեծ վտանգ ներկայացնում հատկապես Երկիր մոլորակի բնակչության առողջության համար։ Այդ խոռոչի հարցը ինչ-որ կերպ պիտի լուծել, չէ՞։ Պիտի կարկատել կամ լցնել այդ անտեր խոռոչը։ Հո՞ երկրից զոդողներ չեն ուղարկելու Արեգակ՝ այդ խնդիրը լուծելու, երբ չհաշված աներևակայելի ահռելի ջերմությունը, այդ չարաբաստիկ խոռոչի չափերը զգալիորեն գերազանցում են Երկիր մոլորակի չափերին։

Հա, քիչ մնաց մոռանայինք։ Ախր Տիեզերքում ինչ-որ այլմոլորակայիններ, հումանոիդներ, մարդանման արարածներ էլ կան, չէ՞, որոնք իրենց ափսեանման թռչող սարքերով ժամանակ առ ժամանակ ֆռֆռում են Երկիր մոլորակի տարբեր հատվածներում։ Ախր այդ ոչ երկրային քաղաքակրթությունը ներկայացնող արարածներին ևս Աստված է ստեղծել, չէ՞, նրանք էլ են Աստծո ստեղծած արտադրանքը, ինչպես, ասենք, մարդիկ, մրջյունները, մողեսները, միրհավերը, մոլորակներն ու ողջ Տիեզերքը։ Նրանք էլ են աղոթում առ Աստված, չէ՞։ Հո՞ աթեիստներ չեն կամ հաստատ բոլորը չեն աթեիստ։ Երևի առնվազն մի 4-5 միլիարդ էլ նրանք կլինեն, այլապես իրենց Մայր մոլորակը թողած, չէին թռվռա մեր մոլորակի շուրջ։ Եթե, ասենք, մի 2 միլիարդ աղոթող էլ նրանք ունենան, ապա պատկերացրեք, թե օրը քանի՜-քանի միլիարդ բանավոր խնդրանք է հղվում առ Աստված։ Այդ խեղճերի խնդրանքն էլ պիտի կատարվի, չէ՞։ Նրանց աղոթքներն ինչո՞վ են պակաս մեր աղոթքներից, երբ նրանք այնքան խելացի են մեզնից, որ գալիս ուսումնասիրություններ են անում, հետազոտություններ ու փորձեր ձեռնարկում մեր մոլորակի վրա, իսկ մենք նույնիսկ չգիտենք, թե նրանք ո՞ր ջհանդամներից են գալիս...

Որտե՞ղ մնացինք։ Հա, Աստծո հանգստանալու մասին էինք խոսում։ Հիմա այս խեղճը միլիոնավոր թե միլիարդավոր տարիներ անքուն հսկում է այս ողջ անծայրածիր հսկա Փեթակը, որ հանկարծ մի բան դուրս չգա ու խաթարի իր ստեղծած սույն ահռելի «մեխանիզմը»։ Եվ դա անում է առանց մի րոպե աչք փակելու, առանց հանգստանալու, առանց արձակուրդ վերցնելու, առողջարան կամ ծովափ մեկնելու...

Իսկ դուք, պարբերաբար այս խեղճին նոր խնդիրքներ ու պատվերներ եք հղում, աղոթում հա աղոթում եք։ Բայց ախր միայն դուք չեք աղոթում չէ՞։ Արդեն պարզեցինք, որ միայն Երկիր մոլորակում ձեզ պես 3.8 միլիարդ աղոթող կա։ Հա, ի դեպ, նկատի ունեցեք, որ նրան աղոթում են նաև ձեր հակառակորդները, ձեր թշնամիները։ Հիշեցեք, որ ձեր թշնամիները ոչ պակաս ջերմեռանդությամբ են աղոթում, թեկուզ այդ պրոցեսն իրենք «նամազ» են անվանում։ Նույնիսկ չոքում ու գլուխները դիպցնում են գետնին, Աստծուն հասկացնում, որ հանուն նրա, իրենք պատրաստ են գետինն էլ պատռել ու մեջը մտնել։ Ոմանք էլ ինչ-որ շախսեյ-վախսեյներով իրենք իրենց ծեծում, շան թակ են տալիս, արյունաքամ լինում, որպեսզի ցույց տան իրենց անսահման սերն առ Աստված, ներողություն, առ Ալլահ, չնայած նշանակություն չունի, դա նույն անձնավորությունն է։

Եվ բացառված չէ, որ Աստված կարող է կատարել ոչ թե ձեր, այլ ձեր թշնամու պատվեր-խնդրանքները։ Հիշեք թեկուզ 1915 թիվը, երբ Նրա՝ Երկնայինի, Ամենակարողի, Արարչի աչքի առաջ խոշտանգվեց, մորթվեց 1.5 միլիոն հայ, որոնք ոչ պակաս ջերմեռանդ էին աղոթում և Աստծուց ապրել աղերսում, քանզի իրենց գլխավերևում շողշողում էր թշնամու մերկացրած յաթաղանը։ Բայց Նա չլսեց խեղճերին, լսեց թշնամուն, կամ գուցե նրանց էլ չլսեց՝ պարզապես ժամանակ չուներ կամ աղոթքները տեղ չէին հասել։ Հնարավոր է նաև մատների արանքով էր նայում և մտածում՝ ինքներդ լուծեք ձեր հարցերը, ամեն անգամ ինձ մի՛ դիմեք, ինքներդ էլ մի բան ձեռնարկեք, մի բան արեք, որ չկործանվեք...

Հա, տխուր է։ Տխրեցինք, բայց դե ընդամենը քննարկում ենք, թե ինչպես է եղել դա կամ թեկուզ մեր ժամանակների մյուս բոլոր ոչ պակաս սահմռկեցուցիչ համազգային ոճրագործությունները՝ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից մինչև Երկիր մոլորակի տարբեր հատվածներում իրականացված անմարդկային ողբերգությունները։
Իսկ դուք, փոխանակ ինքնուրույն մի բան էլ ինքներդ ձեռնարկեք, մի հարց էլ ինքներդ լուծեք, մի խնդրի լուծման պատասխան էլ դուք գտնեք, աղոթում հա աղոթում եք։ Եթե ձեզ չեք խղճում, ձեզ չեք հարգում, գոնե բարի եղեք հնարավորինս քիչ անհանգստացնել Արարչին, Աստծուն, որ քանի՜-քանի միլիոն թե միլիարդ տարի անքուն ու անխոնջ Տիեզերք է ղեկավարում։ Խղճացե՛ք Աստծուն, նա էլ է ուզում հանգստանալ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

02.07.2017

Գրպանահատը


Ժամանակ առ ժամանակ մի հաղորդում է աչքովս ընկնում։ Մեր փոքրիկներն են երբեմն դիտում այդ հաղորդումը և անսխալ գուշակում որոնվելիք բառը։ Հ2-ով է հեռուստաեթեր արձակվում և կարծեմ կոչվում է՝ «Օդից փող»։

Ամեն անգամ այդ հաղորդումը վարող, չաչանակի պես, ինչպես առատության եղջյուրից, տխմարություններ դուրս տվող ու շաղակրատող սույն անթրաշ ջահելին հեռուստաէկրանին տեսնելիս, հազիվ եմ ինձ զսպում, որ հեռուստացույցը դուրս չնետեմ պատուհանից։ Երբ հազարավոր շնորհալի և տաղանդավոր ջահելներ աշխատանք չեն գտնում, նրանցից շատերն էլ արտագաղթում են երկրից, հայկական բացարձակապես բոլոր հեռուստատեսություններում ահա այսպիսի խաբեբաներ ու ոչնչություններ են աշխատում և աղտոտում հեռուստաեթերն ու մարդկանց հոգիները, այսօրինակ լպիրշներն էլ օրը ցերեկով թափ են տալիս միամիտ մարդկանց գրպանները։ Ու զավեշտն այն է, որ այս գրպանահատ չաչանակը որքան շատ է շաղակրատում ու ժամանակ սպանում, այնքան ավելի շատ փող է «օդից» մտնում իր և իր խաչագող տերերի գրպանը։ Իրոք որ՝ օդից փող...

Բոլոր ժամանակներում ես միշտ էլ արհամարհել եմ խաբեբաներին ու «մեծապատիվ մուրացկաններին», բայց այս «անկախության» տարիներին խաբեբայության առատությունից, սրիկայության համատարած ու լայնածավալ այս արշավանքից ես սկսել եմ նրանցից զզվել ու ատել նրանց...

Բարև, կոլեգա


Շարքային հհկ-ական Գալուստ Շանմազյանը աշխատանքի շտապելիս, խռպոտ մի ձայն լսեց՝ «Բարև, կոլեգա»։ Շուրջը նայեց, ծանոթ դեմք չգտավ, իսկ մոտերքում, ծառի տակ մի շուն էր մեկնվել և թախծոտ աչքերով իրեն էր նայում։ Շանմազյանը մտածեց, որ այդ անհայտ «բարևն» իրեն չէր ուղղված, առավել ևս, որ մերձակայքում կոլեգայի դեմք չտեսավ։ Թերևս երկու կոլեգաներ իրար բարևել ու շտապել էին իրենց գործին։

Մի քանի օր հետո նույնը կրկնվեց՝ «Բարև, կոլեգա», և նույն անծանոթ դեմքերն ու քիչ հեռվում ծառի տակ պառկած թախծադեմ շունը։ Երրորդ անգամ երբ նույն փողոցով անցնելիս Գալուստ Շանմազյանը դարձյալ լսեց խռպոտ «Բարև, կոլեգա»-ն և շուրջը նայեց, նկատեց, որ մերձակայքում գրեթե մարդ չկա, իսկ շունը դարձյալ նույն ծառի տակից իրեն է նայում։

Երևի ինձ մոտ հալյուցինացիա է սկսվում,- մտածեց շարքային հհկ-ականը՝ շարունակելով ճանապարհը։

- Բարևիս էլ չես պատասխանում, կոլեգա,- լսեց Շանմազյանն ու այս անգամ զգաց, որ ձայնը գալիս է այն ծառի տակից, որտեղ շունն էր նստած ու իրեն է նայում։
- Ի՞նչ ես զարմացած աչքերդ պլշել։ Քեզ բարևում եմ, ձևեր ես թափում իբր ինձ չես տեսնում,- նույն խռպոտ ձայնով բառերը հստակ արտաբերեց ծառի տակ նստած շունը։

- Դու այդ ի՞նձ ես դիմում,- զարմացած հարցրեց Շանմազյանը։
- Չէ, Հռոմի պապին կամ Վալոդ Պուտինին եմ դիմում,- հեգնեց շունը,- բայց ոնց որ արդեն դու-ի անցար, դա լավ է։

- Ես ու դու ի՞նչ կոլեգա,- դժգոհեց հհկ-ականը։
- Պահո՜,- հիմա էլ փորձում ես վիրավորված ձևանալ։

- Այո՛։ Մենք ի՞նչ կոլեգա։ Ես մարդ եմ, դու շուն ես։ Ես կանոնավոր աշխատանք ունեմ, դու պարապ ծառի տակ մեկնված, ինձ նման արժանապատիվ մարդկանց վիրավորում ես։
Շունը սկսեց բարձրաձայն քրքջալ.
- Պա՜հ, կանոնավոր աշխատա՜նք, մա՜րդ, արժանապատվությո՜ւն... Չէ՜ մի, էշի պոզեր։ Կոլեգա, սկզբում բարևիս չէիր պատասխանում, հիմա էլ ինձ փորձում ես հիմարի տեղ դնել։

- Ես քո կոլեգան չե՛մ,- Շանմազյանը լրջորեն զայրացավ,- ավելի ճիշտ՝ դու իմ կոլեգան չես...
- Այստեղ մոտիկ սրճարան կա, կարող եմ մի բաժակ սուրճ և հյութ հյուրասիրել։ Նաև կարգին կզրուցենք՝ առանց էմոցիաների, ինչպես հավասարը՝ հավասարի հետ,- ասաց շունը։

- Դե, ռադդ քաշի՛ր, տխմա՛ր շուն,- զայրույթից Շանմազյանն արդեն կապտել էր։
- Արդեն ինձ վիրավորում ես։ Պա՜հ, չես ուզում, չեմ էլ հյուրասիրի,- շունն ակնհայտ նեղացել էր։- Էս ի՞նչ մարդիկ են, ուզում ես լավություն անել, քեզ կոպտում են։

- Բայց դո՛ւ սկսեցիր, դու ինձ «կոլեգա» անվանեցիր,- ասաց հհկ-ականը։
- Հո՞ քեզ գեներալ կամ Նապոլեոն Բոնապարտ չանվանեցի։ Ընդամենը ասացի այն, ինչ կա՝ մենք կոլեգաներ ենք...

- Այդ ինչպե՜ս։
- Մենք օրվա հացը նույն ձևով ենք վաստակում՝ մեր տերերին ծառայելով, նրանց քմահաճույքները կատարելով, քսմսվելով, մեր հնազանդությունը ամեն վայրկյան հայտնելով նրանց։ Դու՝ քո տիրոջը, ես՝ իմ տիրոջը,- ասաց շունը։- Իբր չգիտե՞ս այդ հասարակ բանը, կոլեգա։

Շանմազյանը կրկին կապտել էր։ Կարծես փորձում էր ինչ-որ բան ասել, բերանը բացուխուփ էր անում, բայց այնտեղից հոդաբաշխ ոչ մի բառ դուրս չեկավ։ Ավելին՝ ինչ-որ խռպոտ ձայներ էր հանում, որ նման էր այն նույն ձայնին, որն այդ մի քանի օրը լսվում էր ծառի տակից՝ «Բարև, կոլեգա»...

Գարեգին պապս


Գարեգին պապս մեր գյուղի ամենանշանավոր, ամենավաստակաշատ ու ամենատաղանդավոր հայհոյողն էր (մյուս՝ Հովսեփ պապիս չեմ տեսել. նա զոհվել էր երկրորդ աշխարհամարտում՝ Կերչում)։ Այնպես գեղեցիկ ու պատկերավոր էր հայհոյում, բազմահարկ ու նրբարվեստ, որ լսողների մեծ մասը գեղարվեստական հաճույք էր ստանում դրանից։
Սակայն պապս միշտ հավատարիմ էր մնում իր սկզբունքներին. երբեք չէր հայհոյում գյուղամիջում, որտեղ համեմատաբար մարդաշատ էր, դրսում՝ կանանց ու երեխաների, անծանոթ մարդկանց ներկայությամբ...

Հայհոյելու պատճառ միշտ կար ու կար. էշը զռռում է, շունը չափն անցած հաչում է, հավերը մտել են բանջարանոց ու տակնուվրա են անում մարգերը, հորթը տրտինգ է տալիս ու չարաճճիություններ անում և այլն, ու նման դեպքերում պապիս հայհոյանքի տոպրակը միշտ բաց է։

Սակայն, այնուամենայնիվ, չափազանց պարզամիտ ու զուլալ, ազնվահոգի և սրտաբաց մարդ էր պապս։ Այդ պատճառով նրան ճանաչողները հարգում ու սիրում էին անվնաս ու բարեհոգի այդ մարդուն։

Շատ փոքր եմ եղել։ Պատմում են, որ մայրս հիվանդ էր, տեղափոխել էին հիվանդանոց, հայրս աշխատանքի էր, և ինձ գյուղ էին տարել՝ թողել պապ ու տատիս խնամքին։ Ես դեռևս չէի վարժվել առանց ծնողների ներկայության ու հոգատարության մնալու որևէ տեղ, լալիս ու ասում էի՝ մայրիկիս ու հայրիկիս եմ ուզում։ Պապ ու տատս, հորեղբայրս չէին կարողանում լռեցնել ինձ։ Խեղճերն անօգուտ տանջվում էին՝ ինձ հանգստացնելու համար։ Արդեն գիշեր էր։ Երբ կարծես թե մի փոքր հանգստացել ու լռել էի, նկատեցին, որ պապս չկա։ Փնտրեցին բակում՝ չկար։ Վերջապես նրան գտան գոմում՝ նստած, լուռ արտասվում էր։ Զարմացած հարցրին՝ ի՞նչ է պատահել, Կարակին (մեզ մոտ Գարեգինին Կարակին էին ասում), խեղճ-խեղճ պատասխանել է՝ ախր էդ փոքրիկի լացից սիրտս կտոր-կտոր է լինում, մեղք է...

Վաղուց չկա պապս, բայց առայսօր պարզ ու հստակ հիշում եմ նրա բարի ու ազնիվ դեմքը, երկնքի պես կապույտ ու զուլալ աչքերը...

Սև ու սպիտակ մտորումներ


Իմ շատ հարգելի ընկեր-բարեկամները հաճախ են ինձ խնդրում մեր իրականության, մերօրյա բարքերի դատապարտելի, այսպես ասած, «նեգատիվ» երևույթներից բացի գրել նաև մեր կյանքի լավ ու ընդօրինակելի երևույթների մասին։

Հարգելիներս, իշխանական հեռուստաալիքներն ու տպագիր և էլեկտրոնային թափոնը զօր ու գիշեր տնտեսական աճերի մասին են շեփորում։ Ու որքան ստվարանում է աղքատ բնակչության բանակը, նույնքան մեծանում են տնտեսական աճի տոկոսները։ Իմ հրատարակած թերթում ես ներկայացնում էի թե՛ սևը, թե՛ պեղելով հայտնաբերած սպիտակը։

Բայց ասենք թե գրեցի, որ սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց և իրենց երեխաների բերանից կտրում, փող են տնտեսում, գումարներ են հանգանակում և մեզ մոտ կրթօջախներ ու բազում այլ անհրաժեշտ օբյեկտներ հիմնում... Սակայն չեմ կարող միաժամանակ չհիշեցնել, որ այստեղ ապրում են հարյուրավոր գիշատիչներ, որոնց մեկ ամսվա թալանը երիցս, բազմիցս գերազանցում է սփյուռքի մեր ազնվագույն հայրենակիցների մեկ տարվա եկամուտը՝ միասին վերցրած։ Ինչպե՞ս չասեմ, որ թշնամին միայն սահմանի հակառակ կողմում չէ, և որ ներսի հրեշը երիցս վտանգավոր, ստոր ու նենգ է...

Այնպես որ, մեծն Թումանյանի ասած՝
«Էհ, մի՛ խոսեցնի, աստված կըսիրես,
Թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ...»։

Գողերը տարբեր են լինում։ Կա ձու գողացող, որ ինչպես հայտնի ասացվածքն է ուսուցանում, հետո ձի է գողանում։ Գիրք թռցնողներ էլ կան, որոնք ինչ-որ ցիտատ են մեջբերում, որ իբր գրքի գողը գող չէ։ Բայց իրականում գողությունը մնում է գողություն, անկախ նրանից գի՞րք ես թռցնում, թե՞ միրգ։ Կան գողեր, որ միայն հարուստներին են թալանում և այլն։ Ի դեպ, վերջիններին ես մի թեթև հարգում եմ...

Բայց, ըստ իս, ամենասարսափելին պաշտոնագողերն են։ Սրանք իրենց մեջ խտացնում են գողի ամենաստորակարգ հատկությունները։ Սրանք, ժողովրդի լեզվով ասած, մոր ծիծ կտրող են։ Վերջին 25-30 տարում Հայոց երկրում ձևավորվել է պաշտոնագողերի մի ստվար բանակ։ Ամենաստոր ճանապարհներով՝ խաբեությամբ, կաշառատվությամբ, ընտրակեղծարարությամբ, անգամ իրենց հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելով, սրանք այսօր տիրացել են, ավելի ճիշտ՝ բարձր աթոռներ են գողացել և իրենց երևակայում են «էլիտա»։ Մինչդեռ այս պաշտոնագողերի քոքը մինչև չկտրվի, ոչ միայն պետություն չենք դառնալու, այլև ուղիղ գծով սլանալու ենք անդունդ։ Ցավոք, առայժմ այդ ճանապարհին ենք...

Իմ ավագ ընկերն ու լավ բարեկամն է պատմում. «Խորհրդային տարիներին էր, երբ օդակարգավորիչները, օդորակիչները զարդարում էին միայն բարձր պաշտոնյաների աշխատասենյակները։ Մոսկվայում մի պրոֆեսորի դասաժամն էր։ Տոթ օր էր, ուսանողները ամառային թեթև հագուստներով էին, իսկ պրոֆեսորը՝ կոկիկ կոստյումով ու փողկապով։ Կուրսի ավագը ներողություն խնդրեց ու հարցրեց պրոֆեսորին.
- Շատ տոթ է, ինչո՞ւ ձեր պիջակը չեք հանում։
- Ձեր նկատմամբ ունեցած իմ հարգանքից,- ժպտալով պատասխանեց պրոֆեսորն ու շարունակեց դասախոսությունը»։

Հիշեցի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բոլորին ծանոթ ժիլետը։ Բայց այստեղ թերևս կարծիքները կարող են բաժանվել՝
Առաջին. դա անկուլտուրականություն է, ոչ հարգալից վերաբերմունք ներկաների հանդեպ,
Երկրորդ. այդ միջավայրին դա էլ է շատ։ Կարապետյանն այդ մարդկանց շատ հանգիստ կարող է ներկայանալ նաև մայկայով ու տրուսիկով...

Որքան էլ փորձենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, որքան էլ հեքիաթներ ու առասպելներ հյուսենք «հայի հետին խելքի» կամ «ներկա մտքի թռիչքների», մեր բազմահատոր արժանիքների մասին, սիրենք չափվել աշխարհի հզորների հետ՝ անգամ խորհուրդներ ու դասեր տալով նրանց, մոռանալով, որ նախ պիտի կարողանանք հասնել Մոզամբիկին կամ Փղոսկրի ափին, փաստն այն է, որ մենք մեր պարզամտությամբ, առավել հաճախ մանկան վերլուծական գիտելիքներով շարունակում ենք ետ մնալ բազմաթիվ նրանցից, ովքեր դեռ ծառի վրա էին, երբ մենք թատրոն ունեինք։ Մեզանում հարգի է ցուցամոլությունը, ցուցադրականությունը, ձև ու բովանդակությունից նախընտրում ենք ձևը, արտաքինը։

Մեր չափանիշներով մարդ կամ հերոս է կամ ոչինչ, գեներալ է կամ շարքային։ Միջին չկա։ Արցախյան պատերազմից հետո տեսեք քանի՜ գեներալներ են լույս աշխարհ եկել, քանի՜-քանի մեդալակիր-շքանշանակիր հերոսներ ունենք ու դեռ շարունակում են ծնվել, ինչպես սնկերը անձրևից հետո։ Մեկը որ սովորական մի լավ բան է անում, ասում ենք՝ հերոս է։ Ու հաջորդ օրը, երբ այդ «հերոսին» տեսնում ենք այնպիսին, ինչպիսին իրականում կա, մի հարվածով նրան գցում ենք այն նույն փչովի պատվանդանից, որի վրա մենք ինքներս ենք ցցել։ Չգիտեմ, գուցե այս ամենը գալիս է մեր միամտությունից, դարեր շարունակ այդպես էլ ինքներս մեզ և աշխարհը չճանաչելուց, պատրանքներով, սին հույսերով ապրելուց ու ցանկացած երևույթի խորքը տեսնելու անկարողությունից։ Չը-գի-տեմ։