(մինի էսսե՝ միկրո հումորով)
Մարդիկ, ձեր խնդիրները, պրոբլեմները, հարցեր-հիմնահարցերը ձգտեք ինքներդ լուծել։ Պետք չէ ամեն ինչ բարդել ուրիշների ուսերին, հատկապես հանձնել խեղճ Աստծո ողորմածությանը։ Ախր այդքան էգոիստ, այդքան անուղղելի եսասեր մի՛ եղեք, փորձեք մի պահ մտնել Աստծո դրության մեջ։
Թեկուզ այսպիսի մի շատ պարզ հաշվարկ կատարեք և գլխներիդ զոռ տվեք՝ արդյո՞ք դուք կկարողանայիք այս անմարդկային ծանրության տակից դուրս գալ։ Եվ այսպես, սկսենք մեր պարզ թվաբանությունը։ Աշխարհում արդեն 7.6 միլիարդ մարդ է ապրում։ Ի դեպ, պատկերացնո՞ւմ եք, յուրաքանչյուր մեկ րոպեում աշխարհում ծնվում է 260 երեխա, մահանում՝ 109 մարդ։ Քանի որ օրը բաղկացած է 1440 րոպեից, ապա 260 բազմապատկելով 1440-ով, կպարզենք, թե ամեն օր աշխարհում որքան երեխա է ծնվում։ Այն է՝ 374.400։ Նույն կերպ եթե 109-ը բազմապատկենք 1440-ով, կպարզենք, որ ամեն օր աշխարհում կյանքին հրաժեշտ է տալիս 157.960 մարդ։ Շատ հեշտ մենք կարող ենք պարզել, որ ամեն տարի 136.6 միլիոն մարդ է ծնվում, մահանում 57.2 միլիոն մարդ։ Բայց այսքանն իմիջիայլոց։ Այս պահին մեզ այլ հարց է հետաքրքրում՝ հավատացյալների թիվն աշխարհում։
Վիճակագրությունն ասում է, որ մինչև 14 տարեկան երեխաները կազմում են աշխարհի բնակչության շուրջ 35 տոկոսը։ Այսինքն՝ այսօր աշխարհում կա մոտավորապես 2.7 մլրդ 14 տարեկան երեխա։ Նույն վիճակագրությունը հայտնում է, որ աշխարհում ոչ հավատացյալները 1.1 մլրդ են։ Եթե աշխարհի բնակչության ընդհանուր թվից հանենք երեխաներին (որոնց պետք չէ խառնել Աստծո գործերին) և ոչ հավատացյալներին, ապա մոտավորապես կիմանանք, թե որքան հավատացյալ կա Երկիր մոլորակի վրա։ 7.6 մլրդ - 3.8 մլրդ = 3.8 մլրդ։ Այսինքն՝ աշխարհում մոտավորապես 3.8 միլիարդ մարդ հավատում է Աստծուն, աղոթում է, նամազ է անում, զանազան ձևերով երկրպագում է նրան։ Փաստորեն այսօր աշխարհի բնակչության շուրջ կեսը հավատում է Աստծուն։ Մի 7 տարի առաջ հավատացյալ էր մոլորակի բնակչության 60 տոկոսը։ Այսինքն՝ հավատացյալների թիվն աշխարհում պակասում է՝ տոկոսային հարաբերությամբ, բայց քանի որ երկրագնդի բնակչությունը սրընթաց աճում է, նշանակում է այնուամենայնիվ աճում է Աստծուն աղոթողների թիվը։
Երևի գաղտնիք չէ, որ կրոնները շատ են ու բազմազան։ Աշխարհի բնակչության 32 տոկոսը քրիստոնյա է, 23 տոկոսը՝ մահմեդական, 15 տոկոսը՝ հինդուիստներ են, շուրջ 7-ական տոկոսը բուդդայականներ և չինական ավանդական կրոն (շամանական, կոնֆուցիոսական, դաոական և այլն) դավանողներ են։ Մանր-մունր կրոնները՝ հուդայականությունը և այլն, չենք հաշվում։ Ոչ միայն կրոններն են բազմազան, անգամ իրար թշնամի, այլև ժողովուրդները, որ ավելի շատ են ու իրարից այնքա՜ն տարբեր։ Սակայն Աստված մեկն է, վերևում մի երկրորդ ինքնակոչի համար տեղ չկա։ Այնտեղ ընտրություններ, ընտրակեղծարարություններ չեն լինում, որ ինչ որ դուրսպրծուկ հայտնվի ու իրեն նախագահ, ներողություն, Աստված հռչակի։ Բայց որքան էլ Արարչին տարբեր անուններով կոչենք՝ Աստված, Ալլահ, Բուդդա, Բոգ, Բուրխան, Բվանա, Գմերթի, Խոդա և չգիտեմ ինչ, այդ բոլոր անվանումների տակ մեկ մարդ է, ներողություն՝ մեկ գոյ է, ու հենց ինքը Երկնայինն է, Աստված, Արարիչը, լույս ու խավար, ծառ ու թուփ, կրակ ու ջուր, շուն ու ճիճու, հոպոպ ու մոծակ, մորեխ ու մարդ ստեղծողը, Ամենակարողը և Ամենաամենան...
Անցնենք առաջ։ Գրեթե ամեն օր մոտ 3.8 միլիարդ մարդ ծնկաչոք կամ կանգնած, ծալապատիկ կամ նստած այս խեղճ Աստծուն աղոթում է, բանավոր զանազան պատվերներ ու խնդրագրեր է ներկայացնում, աղաչում-պաղատում լուծել իր այս կամ այն խնդիրը՝ սեփական առողջականից, հարստանալուց, պաշտոն ստանալուց սկսած, վերջացրած թշնամուն հաղթելու, նրան ոչ ևս եղած տեսնելու խնդրանքով։ Հիմա այս խեղճ Աստված ինչպե՞ս կատարի այդ 3.8 միլիարդի խնդրանքը, երբ դրա մի չնչին տոկոսը հազիվ կատարած, հաջորդ օրը մի նոր 3.8 միլիարդ խնդրանք է թափվելու իր ուսերին։ Եթե նա նույնիսկ հարյուրավոր կամ հազարավոր օգնականներ, խորհրդականներ ու քարտուղար-քարտուղարուհիներ էլ ունենա, հազիվ թե կարողանա կատարել թեկուզ մեկ միլիոն մարդու խնդրանք։ Բայց դե բոլորդ էլ քաջ գիտեք, որ խեղճ Երկնայինը ոչ մի օգնական, խորհրդական ու քարտուղարուհի չունի։ Մի քանի քերովբեները, հրեշտակներն ու զանազան մանր-մունր պալատական սպասավորները հազիվ թե այդ հարցում կարողանան Նրան օգնել։ Նրանք ընդամենը փոքր-մոքր ծառայություններ են մատուցում Նրան՝ շորերն են հանում ու հագցնում, ժամանակին կերակուր են մատուցում, մազերը սանրում, կոշիկների փոշին սրբում և այլն։
Բացի դրանից, մարդիկ հենց Իրեն՝ Աստծուն են դիմում, այլ ոչ թե նրա սպասավորներին։ Աստված սովորական մի նախագահ չէ, որ իրեն հասցեագրված նամակները, տվյալ դեպքում՝ աղոթք-խնդրանքներն առանց կարդալ-լսելու, ուղարկի իր ստորադրյալներին կամ հենց նրան՝ ում դեմ գրված է բողոք-դիմումը։ Կարծես մի քիչ շեղվեցինք։ Այսինքն՝ նշանակում է, որ յուրաքանչյուր աղոթքի տեղ հասնելու և իրականանալու հավանականությունը մեկ միլիոներորդական է կամ շատ ավելի...
Հիմա մի թեթև մտնենք այդ մարդու, ներողություն, Աստծո դրության մեջ։ Ի վերջո, հասկացե՛ք, այդ խեղճ Ամենակարողը, Երկնայինը, Աստված ևս հանգստանալու իրավունք ունի։ Քանի՜ միլիոն թե միլիարդ տարի նա օր ու գիշեր աշխատում է։ Անտեր Տիեզերքն էլ, ներողություն, անծիր Տիեզերքն էլ հո՞ միայն Երկիր մոլորակից չի բաղկացած։ Մի Արեգակի շուրջ տեսեք, թե քանի մոլորակ է պտտվում, չհաշված վերջիններիս արբանյակները, որ հենց էնպես մոլախոտի պես չեն բուսել, այլ Արարչի ձեռքի գործն են և դրանք նույնպես պետք է խնամել ու շարունակել հոգ տանել։ Հապա մի տեսեք, թե քանի՜ հազար թե միլիոն արեգակներ կան տիեզերքով մեկ շաղ տված, որոնցից շատերը հաստատ ունեն իրենց մոլորակները, արբանյակները, վերջիններիս շուրջ կանոնավոր կամ ճանճերի պես անկանոն պտտվող զանազան երկնային մարմինները, ասուպ-մասուպները և այլն։
Ցանկացած դպրոցական գիտե, որ Արեգակն այնպիսի մի աստղ է, ինչպիսին ողջ տիեզերքով սփռված մեծ ու փոքր աստղերը։ Մեր Ծիր կաթին գալակտիկայում կա 200 միլիարդ աստղ։ Հարևան Անդրոմեդա գալակտիկան մոտ 5 անգամ մեծ է մեր գալակտիկայից և պարունակում է մեկ տրիլիոն աստղ։ Աստղագետների կողմից հայտնագործված ամենամեծ գալակտիկան բաղկացած է 100 տրիլիոն աստղերից։ Գերհզոր տելեսկոպներով, աստղադիտակներով հայտնաբերվել են 100 միլիարդ գալակտիկաներ։ Դե հիմա ավելի ուշադիր լսեք։ Մոտավոր հաշվարկով ողջ տիեզերքում կա... Բայց այդ թիվը դուք ինքներդ գրեք. 1-ը բազմապատկեք 24 զրոյով։ Այսինքն գրեք մի մեկ և հետևում զինվորների պես շարեք 24 զրո։ Հիմա պատկերացրեք, թե այսքան աստղերի շուրջ որքա՜ն մոլորակներ կլինեին պտտվելիս, թեկուզ անմարդաբնակ կամ միայն ճանճերով ու որդերով բնակեցված։
Դե գլխներիդ զոռ տվեք. այս բոլորն Արարիչն է ստեղծել, չէ՞։ Այսինքն նրանց բոլորի արարողն ու պատասխանատուն նույնպես Աստված է։ Հո՞ չի թողնելու, որ մի ինչ-որ չարաճճի երկնային մարմին հրթիռի պես սլանա ու ոչնչացնի իրենից երիցս մեծ մի այլ երկնային մարմին կամ մոլորակ։ Այս ամենը, այս բոլոր շարժերը պետք է վերահսկել, չէ՞։ Արդեն մոտավորապես պատկերացրի՞ք, թե ինչպիսի վիթխարի գործ է ձեռնարկել Աստված ու ինչպիսի ծանրաբեռնվածությամբ է աշխատում։
Այդքան գլխացավանքը կարծես քիչ էր, վերջերս էլ գիտնականները պարզել են, որ Արեգակի վրա մի հսկա խոռոչ կա, որից ահռելի քանակությամբ մագնիսական փոթորիկ է սփռվում ու մեծ վտանգ ներկայացնում հատկապես Երկիր մոլորակի բնակչության առողջության համար։ Այդ խոռոչի հարցը ինչ-որ կերպ պիտի լուծել, չէ՞։ Պիտի կարկատել կամ լցնել այդ անտեր խոռոչը։ Հո՞ երկրից զոդողներ չեն ուղարկելու Արեգակ՝ այդ խնդիրը լուծելու, երբ չհաշված աներևակայելի ահռելի ջերմությունը, այդ չարաբաստիկ խոռոչի չափերը զգալիորեն գերազանցում են Երկիր մոլորակի չափերին։
Հա, քիչ մնաց մոռանայինք։ Ախր Տիեզերքում ինչ-որ այլմոլորակայիններ, հումանոիդներ, մարդանման արարածներ էլ կան, չէ՞, որոնք իրենց ափսեանման թռչող սարքերով ժամանակ առ ժամանակ ֆռֆռում են Երկիր մոլորակի տարբեր հատվածներում։ Ախր այդ ոչ երկրային քաղաքակրթությունը ներկայացնող արարածներին ևս Աստված է ստեղծել, չէ՞, նրանք էլ են Աստծո ստեղծած արտադրանքը, ինչպես, ասենք, մարդիկ, մրջյունները, մողեսները, միրհավերը, մոլորակներն ու ողջ Տիեզերքը։ Նրանք էլ են աղոթում առ Աստված, չէ՞։ Հո՞ աթեիստներ չեն կամ հաստատ բոլորը չեն աթեիստ։ Երևի առնվազն մի 4-5 միլիարդ էլ նրանք կլինեն, այլապես իրենց Մայր մոլորակը թողած, չէին թռվռա մեր մոլորակի շուրջ։ Եթե, ասենք, մի 2 միլիարդ աղոթող էլ նրանք ունենան, ապա պատկերացրեք, թե օրը քանի՜-քանի միլիարդ բանավոր խնդրանք է հղվում առ Աստված։ Այդ խեղճերի խնդրանքն էլ պիտի կատարվի, չէ՞։ Նրանց աղոթքներն ինչո՞վ են պակաս մեր աղոթքներից, երբ նրանք այնքան խելացի են մեզնից, որ գալիս ուսումնասիրություններ են անում, հետազոտություններ ու փորձեր ձեռնարկում մեր մոլորակի վրա, իսկ մենք նույնիսկ չգիտենք, թե նրանք ո՞ր ջհանդամներից են գալիս...
Որտե՞ղ մնացինք։ Հա, Աստծո հանգստանալու մասին էինք խոսում։ Հիմա այս խեղճը միլիոնավոր թե միլիարդավոր տարիներ անքուն հսկում է այս ողջ անծայրածիր հսկա Փեթակը, որ հանկարծ մի բան դուրս չգա ու խաթարի իր ստեղծած սույն ահռելի «մեխանիզմը»։ Եվ դա անում է առանց մի րոպե աչք փակելու, առանց հանգստանալու, առանց արձակուրդ վերցնելու, առողջարան կամ ծովափ մեկնելու...
Իսկ դուք, պարբերաբար այս խեղճին նոր խնդիրքներ ու պատվերներ եք հղում, աղոթում հա աղոթում եք։ Բայց ախր միայն դուք չեք աղոթում չէ՞։ Արդեն պարզեցինք, որ միայն Երկիր մոլորակում ձեզ պես 3.8 միլիարդ աղոթող կա։ Հա, ի դեպ, նկատի ունեցեք, որ նրան աղոթում են նաև ձեր հակառակորդները, ձեր թշնամիները։ Հիշեցեք, որ ձեր թշնամիները ոչ պակաս ջերմեռանդությամբ են աղոթում, թեկուզ այդ պրոցեսն իրենք «նամազ» են անվանում։ Նույնիսկ չոքում ու գլուխները դիպցնում են գետնին, Աստծուն հասկացնում, որ հանուն նրա, իրենք պատրաստ են գետինն էլ պատռել ու մեջը մտնել։ Ոմանք էլ ինչ-որ շախսեյ-վախսեյներով իրենք իրենց ծեծում, շան թակ են տալիս, արյունաքամ լինում, որպեսզի ցույց տան իրենց անսահման սերն առ Աստված, ներողություն, առ Ալլահ, չնայած նշանակություն չունի, դա նույն անձնավորությունն է։
Եվ բացառված չէ, որ Աստված կարող է կատարել ոչ թե ձեր, այլ ձեր թշնամու պատվեր-խնդրանքները։ Հիշեք թեկուզ 1915 թիվը, երբ Նրա՝ Երկնայինի, Ամենակարողի, Արարչի աչքի առաջ խոշտանգվեց, մորթվեց 1.5 միլիոն հայ, որոնք ոչ պակաս ջերմեռանդ էին աղոթում և Աստծուց ապրել աղերսում, քանզի իրենց գլխավերևում շողշողում էր թշնամու մերկացրած յաթաղանը։ Բայց Նա չլսեց խեղճերին, լսեց թշնամուն, կամ գուցե նրանց էլ չլսեց՝ պարզապես ժամանակ չուներ կամ աղոթքները տեղ չէին հասել։ Հնարավոր է նաև մատների արանքով էր նայում և մտածում՝ ինքներդ լուծեք ձեր հարցերը, ամեն անգամ ինձ մի՛ դիմեք, ինքներդ էլ մի բան ձեռնարկեք, մի բան արեք, որ չկործանվեք...
Հա, տխուր է։ Տխրեցինք, բայց դե ընդամենը քննարկում ենք, թե ինչպես է եղել դա կամ թեկուզ մեր ժամանակների մյուս բոլոր ոչ պակաս սահմռկեցուցիչ համազգային ոճրագործությունները՝ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից մինչև Երկիր մոլորակի տարբեր հատվածներում իրականացված անմարդկային ողբերգությունները։
Իսկ դուք, փոխանակ ինքնուրույն մի բան էլ ինքներդ ձեռնարկեք, մի հարց էլ ինքներդ լուծեք, մի խնդրի լուծման պատասխան էլ դուք գտնեք, աղոթում հա աղոթում եք։ Եթե ձեզ չեք խղճում, ձեզ չեք հարգում, գոնե բարի եղեք հնարավորինս քիչ անհանգստացնել Արարչին, Աստծուն, որ քանի՜-քանի միլիոն թե միլիարդ տարի անքուն ու անխոնջ Տիեզերք է ղեկավարում։ Խղճացե՛ք Աստծուն, նա էլ է ուզում հանգստանալ։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий