22.11.2013

ՆՈՒՅՆ ՃԱՄՓԱԲԱԺԱՆՈՒՄ


Վերջերս մի զրույցի ժամանակ երիտասարդ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե Արցախյան շարժման սկզբներին ինչն է առավել շատ տպավորվել հիշողությանս մեջ։ Այդ մասին երբեք չէի մտածել։ Բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են եղել, որ առայսօր ամենայն մանրամասնությամբ հիշում եմ։ Բայց երբ մտքում փորձում եմ առանձնացնել Շարժման առաջին ամիսները, անմիջապես հիշում եմ 1988-ի փետրվարի 20-ի մարզխորհրդի նստաշրջանի հանրահայտ որոշումը։ Ավելի շուտ՝ այն փաստաթուղթը, որի վրա վավերացվել էր արցախցիների 70-ամյա երազանքը՝ հայկական մեր երկրամասի վերամիավորումը Մայր Հայաստանին...

Այդ օրերին մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթում էի աշխատում։ Թերթ, որի տպաքանակը ամիսներ հետո հասավ 80 հազարի։ Երեկոյան ժամը 7-8-ը կլիներ։ Թերթի գլխավոր խմբագիր Եղիշե Սարգսյանի առանձնասենյակում խմբագրական խորհուրդն ու մի քանի լրագրողներս սպասում էինք պատմական այդ փաստաթուղթը տպագրելու որոշմանը (Բորիս Կևորկովը դեռևս շարունակում էր մնալ Ղարաբաղի փաստացի ղեկավարը, և մարզկոմից դեռևս լուրջ ճնշում կար թերթի վրա)։

Երբ հավաքվածներս միահամուռ հայտնեցինք, որ մարզխորհրդի որոշումը պիտի անպայման տպագրվի «Սովետական Ղարաբաղի» վաղվա համարում, Եղիշե Գրիգորիչն ասաց, որ դեմ չէ, միայն պետք է ձեռքի տակ ունենանք այդ որոշումը, որը դեռևս չէինք ստացել։

Խմբագրությունից զանգեցին պատմական նիստը նախագահող Վիգեն Հայրապետյանին և ասացին, որ լրագրողներից մեկին ուղարկում են իր մոտ՝ որոշումը ստանալու։ Այդ լրագրողը ես էի։

Մարզխորհրդի շենքից ներս մտա և բարձրացա Վիգեն Հայրապետյանի մոտ։ Նա խնդրեց մի քանի րոպե սպասել... Այդ «մի քանի րոպեն» զարմանալիորեն դանդաղ էր անցնում։ Առնվազն 20-25 րոպե սպասեցի։ Հետո հասկացա, որ կնիքի բացակայության պատճառով (մարզգործկոմի նախագահ ոմն Օսիպով այն վերցրել ու անհետացել էր։ Հետո անեկդոտ էին պատմում առ այն, որ իբր Օսիպովն ասել է՝ կնիկս կտամ, բայց կնիքը չեմ տա...) մարզխորհրդի պատգամավորների մի ինչ-որ մասը պետք է ստորագրի որոշման տակ, որպեսզի այն իրավական ուժ ունենա։

Վերջապես պատմական որոշումը ձեռքիս դուրս եկա մարզխորհրդի շենքից և շարժվեցի դեպի խմբագրություն։ Այդ պահին մտածում էի, որ Արցախի համար ճակատագրական նշանակություն ունեցող ամենաթանկ փաստաթուղթն է իմ ձեռքին... Լույսը դեռ նոր բացված, այդ որոշմամբ «Սովետական Ղարաբաղի» համարները ձեռքից ձեռք էին անցնում։ Իսկ մինչ այդ, տպարանում տնօրեն Յուրի Ներսիսյանի, մարզային ռադիոյի գլխավոր խմբագիր, գրող Մաքսիմ Հովհաննիսյանի հետ 7-8 հոգով բաժակ էինք խփել՝ հանուն մեր Հաղթանակի...

Այս ամենն ինչո՞ւ հիշեցի։ Փետրվարյան այդ երջանիկ օրից ավելի քան 24 տարի է անցել։ Հետո Սումգայիթ է եղել, Կիրովաբադ, Բաքու, 1988-ի դեկտեմբերյան սարսափելի երկրաշարժ է եղել, ապա՝ պատերազմ, հազարավոր անմեղ զոհեր ու, վերջապես, Հաղթանակ է եղել... Եվ այսօր մենք շարունակում ենք մնալ նույն ճամփաբաժանում, ինչպես 24 տարի առաջ։ Մայր Հայաստանին միանալու մեր 70-ամյա երազանքը դե-ֆակտո մնացել է թղթի վրա... Ինչ-որ գերիմաստուն մարդիկ մեզ բացատրել են, որ Հայաստանին վերամիավորվելու ամենակարճ ճանապարհն Արցախի անկախության հռչակումն է։ Եվ մենք հավատացել ենք...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Նոր էջ», 29.10.2012

19.11.2013

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

(Գործողությունը կատարվում է մեր մոլորակի ամենափոքր երկրներից մեկում)

Ա ՔԱՂԱՔԱՑԻ - Արա, լսե՞լ ես, ասում են Աստված այսօր ժամանում է մեզ մոտ։
Բ ՔԱՂԱՔԱՑԻ - էլի փչեցի՞ր, Աստված ի՞նչ գործ ունի կորած-մոլորված մեր երկրում։
Ա ՔԱՂԱՔԱՑԻ - Ասում են նաև, թե օդանավակայանը փակ լինելու պատճառով Երկնայինն ուղղաթիռով վայրէջք է կատարելու Ազատության հրապարակում...

(Ուղղաթիռի ձայն, ավտոմեքենաների շարասյան հռնդյուն)։
ՁԱՅՆ - էհե՜յ, քաղաքացի-մաղաքացիներ, ցանվեք այստեղից, իշխանությունները գալիս են...
(Ձախից հայտնվում Է Աստված, աջից՝ նախարարները)։
Ա ՆԱԽԱՐԱՐ (Աստծուն գլուխ տալով) - Բարով ես եկել, Սրբազան հայր...
Բ ՆԱԽԱՐԱՐ (Կողքին բոթում է) - Հիմար, ի՞նչ Սրբազան...
Ա ՆԱԽԱՐԱՐ - Վեհափառ հայր...

Գ ՆԱԽԱՐԱՐ - Արա, չե՞ս տեսնում, տեր Աստվածն է, Երկնայինը...
Ա ՆԱԽԱՐԱՐ - Մեր համար շատ հաճելի է դիմավորել երկնային գերագույն տիրոջը...
ԱՍՏՎԱԾ - Ոչ թե մեր համար, այլ՝ մեզ համար... Լավ, ներկայացեք, գառնուկներս։
Ա ՆԱԽԱՐԱՐ - Նախարար։
Բ ՆԱԽԱՐԱՐ - Նախարար։

Գ, Դ, Ե, Զ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ - Նախարար... Նախարար... Նախարար...
ԱՍՏՎԱԾ - Վա՜հ, ձեր երկրում Էդ քանի՞ նախարար կա։
Ա ՆԱԽԱՐԱՐ (Բ նախարարին, սա՝ մյուսին) - Արա, մենք քանի՞ նախարար ունենք...
Զ ՆԱԽԱՐԱՐ - Այսօրվա դրությամբ, կարծում եմ, մի 42-ը կա...
ԱՍՏՎԱԾ - Ըմբո՜, Էդ ի՞նչ մեծ երկիր ունեք... Ձեր ժողովրդին երևի թիվ ու սահման չկա։

Բ ՆԱԽԱՐԱՐ - ժողովո՞ւրդ, դա ի՞նչ Է...
ՆԱԽԱՐԱՐ - Ժողովո՞ւրդ, Էդպիսի անուն լսած չկամ...
Դ ՆԱԽԱՐԱՐ - էդ զակուսկի՞ է, թե՞ դեսերտի նման մի բան... Սպասեք հարցնեմ դեպուտատին (պատգամավորին). Արա, ժողովուրդն ի՞նչ է։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ - Մինչեւ հաջորդ ընտրություններ դեռ շատ ժամանակ կա, ժողովուրդն ինչի՞ս է պետք...
ԱՍՏՎԱԾ (Ա նախարարին) - Լավ, որդյակ նախարար, օրինակ, դու ի՞նչ ես անում, ինչո՞վ ես զբաղվում...

Ա ՆԱԽԱՐԱՐ - Խաչբառ եմ լու... Ներողություն, ես գյուղատնտեսության նախարար եմ։
Բ ՆԱԽԱՐԱՐ - Ես արդարադատության նախարար եմ։
Գ ՆԱԽԱՐԱՐ - Ջրմուղ-կոյուղային հաղորդակցության նախարար։
Դ ՆԱԽԱՐԱՐ - Ծովային տրանսպորտի նախարար։
Ե ՆԱԽԱՐԱՐ - Ես կառուցապատման եւ բարեկարգման նախարար եմ։ Այսինքն՝ քաղաքաշինության նախարար...
ԱՍՏՎԱԾ - Վա՜հ, իսկ քաղաքաքանդության նախարար էլ կա՞...

Զ ՆԱԽԱՐԱՐ - Հա, քաղաքաքանդության նախարարը ես եմ... Ես քանդում եմ՝ կոլեգաս շինում է, կամ ընդհակառակը...
ԱՍՏՎԱԾ - Տեր Աստված, էս որտե՞ղ եմ հայտնվել... Որդյակ, ձեր երկրում, զորօրինակ, որքա՞ն բնակիչ կա։
Բ ՆԱԽԱՐԱՐ (կողքինին) - Ինչքա՞ն մարդ կա...
Գ ՆԱԽԱՐԱՐ - Չգիտեմ...

Դ ՆԱԽԱՐԱՐ - Ես էլ չգիտեմ...
ՆԱԽԱՐԱՐՈՒՀԻ - Նե զնայու...
Ե ՆԱԽԱՐԱՐ - Բնակիչ չգիտեմ, բայց այսօրվա դրությամբ մայրաքաղաքում կա 6789 բորդյուր...
ԱՍՏՎԱԾ - Դա ինչ է, դրանց մեջ մարդի՞կ են ապրում...
Ե ՆԱԽԱՐԱՐ - Չէ, դրանք հատուկ քարե սալիկներ են, որոնցով քաղաքի փողոցները զարդարում ենք...

ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ - Մեր նախարարությունը որոշել է հաջորդ տարի շենքերի եզրերը, բոլոր շքամուտքերը, տանիքները ևս բորդյուրապատել... Հետո սարքած բորդյուրների վրա նոր բորդյուրներ ենք դնելու՝ երկրորդ հարկ, երրորդ հարկ եւ այլն։
ԱՍՏՎԱԾ - Տղաս, իսկ դու ո՞վ ես։
ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐ - Կառուցապատման եւ բարենորոգման նախարարության մամլո քարտուղարն եմ...

ԱՍՏՎԱԾ - Օ՜ֆֆ, անտեր ճնշումս նորից բարձրացավ... Լավ, իսկ ձեր գերագույն իշխանությունները որտե՞ղ են...
Ա ՆԱԽԱՐԱՐ - Սպասեք հարցնենք կառավարության աշխատակազմի ղեկավարին...
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ - Պրեզիդենտը, սպիկերը եւ վարչապետը մեկնել են արտասահման՝ հեռուստամարաթոնի համար...

ԱՍՏՎԱԾ - Դա ի՞նչ է, մարաթոնյան վազքի նոր տեսա՞կ է։
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ - Չէ, մեկնել են մեր երկրի համար դոլարներ հավաքելու...
ԱՍՏՎԱԾ (ակնհայտ ձեռ առնելով) - Ըմբո՜, ինչ է, ձեր ծառերի վրա դոլարներ չեն աճո՞ւմ... (Նկատելով հեռվում կանգնած Ա քաղաքացուն). Որդյակ, մոտեցիր՝ տեսնեմ դու ով ես..
Ա ՔԱՂԱՔԱՑԻ - Քաղաքացի եմ...

ԱՍՏՎԱԾ (ուրախացած) - Վերջապես մեկը գտնվեց։ Խնդիրք-բան չունե՞ս։
Ա ՔԱՂԱՔԱՑԻ - Ունեմ, տեր իմ։ Խնդրում եմ մեր հարցը լուծեք...
ԱԱՏՎԱԾ - Ի՞նչ հարց։
Ա ՔԱՂԱՔԱՑԻ - Մեր երկրի հարցը։
ԱՍՏՎԱԾ (նախարարներին մատնացույց անելով) - էդ ի՞նչ հարց Է, որ Էս աժդահա տղերքը չեն կարողանում լուծել... Համառոտակի պատմեցեք՝ տեսնեմ։

է ՆԱԽԱՐԱՐ (քաղաքացուն մի կողմ հրելով) - Ցանվիր Էստեղից... (Աստծուն). Երկնային տեր, մեր հարցում բախվում են տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական երկու կարևոր ատրիբուտներ, ազգային ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականության սկզբունքը, որից հետեևում է, որ...
ԱՍՏՎԱԾ - Օ՜ֆֆ, բան չեմ հասկանում։ Որդյակ քաղաքացի, դու պատմիր՝ բան հասկանանք...

ՔԱՂԱՔԱՑԻ - Աստված ջան, կարճ ասած, մեր հարևանները՝ Մուհամեդի թոռները, կամաց-կամաց մեր հողերը զավթել են, սկսել մեզ ճնշել, թալանել ու կոտորել։ Մի օր էլ վերցրինք ու դրանց վռնդեցինք մեր երկրից։ Դրան գումարած՝ նախկինում գերված մի քանի շրջան էլ ազատագրեցինք եւ մեզ հռչակեցինք անկախ պետություն...
ԱՍՏՎԱԾ - Հետո՞...
ՔԱՂԱՔԱՑԻ - Սպասում ենք, որ մեր հարցը լուծեն։
ԱՍՏՎԱԾ - Տեր Աստված, էլ ի՞նչ եք ուզում, ձեր հարցը դուք արդեն լուծել եք։

ՔԱՂԱՔԱՑԻ - Մենք էլ ենք այդպես կարծում, բայց մեր ղեկավարներն ասում են, թե մեր հարցը դեռ չի լուծվել... Օրինակ, ջուր չկա, թոշակը ցածր է, եւ ժամանակին չեն վճարում, աշխատատեղ չկա, արտագաղթ է եւ այլն... Ու էդ բոլորի պատճառը, իշխանությունների ասելով, այն է, որ մեր հարցը չի լուծվել...
ԱՍՏՎԱԾ (քաղաքացուն աչքով անելով) - Գիտե՞ս ինչ, տղաս, դուք էլ վերցրեք ու էդ իշխանությունների հարցը լուծեք՝ պրծնի գնա... Օ՜ֆֆ... Օդաչուին ասեք, թող սավառնակս գործի գցի, թռչում ենք...

Սեպտեմբեր, 2001թ.

15.11.2013

ՕՊԵՐԱՑԻԱ «ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉ»


(վերափոխված տարբերակ)

Արցախի ազգային-ազատագրական պայքարի սկիզբն ազդարարող 88-ի փետրվարից ավելի քան երեք տարի էր անցել: Արդեն երեք տարի Բաքուն ապարդյուն փորձում էր իր իշխանությունը կրկին հաստատել Ղարաբաղում: Մոսկվան նրա հիմնական դաշնակիցն էր այդ ձեռնարկումներում: Իր ազատության համար ոտքի ելած արցախցիներին հնազանդեցնելու վերջին փորձերից մեկը Ստեփանակերտում ռուս-ադրբեջանական ղեկավար կառույց ստեղծելն էր՝ Կազմկոմիտե անվամբ, որը խորհրդային բանակի օժանդակությամբ անօրեն հաստատվել էր Արցախի մայրաքաղաքի կենտրոնում՝ նախկին մարզկոմի շենքում:

Ժողովուրդը սրանց իշխանությունը չէր ընդունում: Սրանք ժողովրդի վրա իրական իշխանություն չունեին, բայց քարոզչական բոլոր մեթոդներով, «անձնագրային ռեժիմի ստուգման» անվան տակ կատարվող լկտի գործողություններով, զենք ու զինամթերք գտնելու պատրվակով մարդկանց ու նրանց բնակարանները խուզարկելով, գերեվարություններով ու այլ անօրինություններով փորձում էին կոտրել «խորհրդային քաղաքացու» համեստ շրջանակում այլևս չտեղավորվող մարդկանց ոգին: Արցախն ատում էր մարզկոմի շենքն օձի բույն դարձրած դրածոներին, որոնց անվտանգությունը պաշտպանում էր Ստեփանակերտը պաշարած ռուս-խորհրդային բանակը: Իսկ շրջաններում, վերջիններիս աջակցությամբ, հայկական գյուղերում ասպատակություններ էին անում ազերի միլիցիոներների հատուկ նշանակության ջոկատները՝ ՕՄՕՆ անվամբ:

*  *  *
1991-ի մայիսյան մի օր Կազմկոմիտեի նստավայրը դարձած մարզկոմի շենքից 150-200 մետր ներքևում գտնվող կենտրոնական մարզադաշտի վազքուղով պտույտներ էր կատարում ատլետիկ կազմվածքով 23-ամյա մի երիտասարդ: Հետո նա թեթև վազքով դուրս եկավ մարզադաշտից, ձեռքն առավ մոտերքում թաքցրած նռնականետը և ուղիղ նշանառությամբ կրակեց մարզկոմի շենքի այն սենյակի վրա, որտեղ Ղարաբաղի դրածո դահիճներից մեկն էր:

Կազմկոմիտեի ղեկավար Պոլյանիչկոն այդ պահին մի քանի րոպեով դուրս էր եկել աշխատասենյակից. պայթյունը նրան վնաս չէր պատճառել, բայց վերջինս այնպես էր գույնը գցել, որ «օգնության» հասած ռուս զինվորականները դեռ չէին կարողանում հասկանալ՝ կանգնած տեղը մեռե՞լ է, թե՞ ողջ է դեռ... Նույն օրը մահափորձի մասին լուրը մոսկովյան հեռուստաալիքներն ու թերթերը ներկայացրին որպես մի խումբ հայ գրոհայինների ձեռքի գործ: Ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ով էր այդ հանդուգն ձեռնարկման հեղինակը:

Իսկ երիտասարդն իր գործը կատարելուց հետո նռնականետը շտապ թաքցրեց հարմար մի տեղ, նույն թեթև վազքով կրկին իջավ մարզադաշտ ու սկսեց շարունակել կիսատ թողած մարզանքը: 88-ից հետո երևի թե առաջին անգամ էր կրկին զբաղվում իր սիրելի թեթև ատլետիկայով: Վազքուղով վազում էր հանգիստ, բայց ուշքն ու միտքն այլ տեղ էր՝ հրեշը սատկե՞ց, վիրավորվե՞լ է, թե՞ շանորդու բախտը բերել է:

Ընդամենը մի կարճ պահ հիշեց կարծես յոթ սարի հետևում մնացած հեռավոր այն տարիները, երբ Ստեփանակերտում 8-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել էր Բաքու, և մարզումների ժամանակ մարզիչն առաջարկել էր փորձնական մրցել իր մյուս սանի՝ Ադրբեջանի վազքի չեմպիոնի հետ: Ու ինքը հաղթել է վերջինիս:

«Այդպես էլ ենթադրում էի»,- քթի տակ ինքնագոհ ժպտալով, ասել էր մարզիչը: Իսկ Ադրբեջանի սպորտկոմիտեում վերջինիս հասկացրել էին, որ դեմ չեն հայ տղային ընդգրկել ազգային հավաքականի կազմում, բայց նա իր Գաբրիելյան ազգանունը պիտի դարձնի Գաբրիելով: Երիտասարդն ազգանունը չփոխեց, իսկ Ադրբեջանի թեթև ատլետիկայի հավաքականը մնաց պարտված իր չեմպիոնի հույսին:

Միջնակարգն ավարտելուց հետո նա ընդունվեց Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտն ու նույն տարում դարձավ Հայաստանի երիտասարդ թեթևատլետների չեմպիոն: Հետո՝ խորհրդային բանակ: Հետո՝ 1988 թ. Արցախ: Իսկ 1988-ից այն կողմ 20 տարիները մնացել են մի ինչ-որ այլ աշխարհում՝ յոթ սարից այնկողմ...

Կարեն Գաբրիելյանը նման էր տասնյակ, հարյուրավոր իր հայրենակիցներին, բայց նաև նման չէր որևէ մեկին: Հարյուրավոր խիզախ ու հպարտ հայորդիներից մեկն էր նա, բայց նաև այն քչերից, որ իր զինվորին եթե ասեր՝ պատրաստվեք, վաղը 10 հոգով գնում ենք 500 զինված ասկյարների վերահսկողության տակ գտնվող բարձունքը գրավելու, իր տղաներից որևէ մեկի մտքով չէր անցնի, որ դա անհնարին է կամ կատակ է ընդամենը:

*  *  *
1991-ի օգոստոսը կիսվել էր արդեն: Տղաները լուռ նստած, իրենց մարտական զենքերն են մաքրում, հաշվում վերջին մարտագործողությունից մնացած փամփուշտները: Շատ չեն դրանք, բայց նաև քիչ չեն կարծես: Մարտական առաջադրանք կատարելիս նրանք վաղուց յուրացրել են իրենց հրամանատարի «աշխատաոճը». ժամանակ առ ժամանակ հերթով տարբեր կողմերից մեկական գնդակ արձակել հակառակորդի ուղղությամբ, դիրքեր գրավել ավելի ապահով մի տեղ ու սպասել, թե թշնամին ինչպես է իրար հետևից քամուն տալիս իր փամփուշտները: «Իրենք շատ ունեն, տղերք, թող այդ տխմարները մի քիչ թեթևացնեն պահունակները»,- ընկերներին աչքով էր անում Կարենն ու այնպես էր ժպտում, որ իր զինվորների տրամադրությունն անմիջապես բարձրանում էր: Կարծես ոչ թե բազմիցս ուժեղ ու նենգ թշնամին է դիմացը, այլ մի ինչ-որ ներկայացման մասնակիցներ են իրենք ու սպասում են իրենց «բեմ դուրս գալուն»:

Հետո հակառակորդի համար անսպասելի տարբեր կողմերից սկսվում է տղաների կրակահերթը՝ կոնկրետ կենդանի թիրախների վրա: Արդյունքում՝ հակառակորդի դիակներ, խուճապ և փախուստ:

- Գագո,- մի անեկդոտ պատմիր,- Կարենն ավտոմատը մի կողմ դրեց ու ժպտալով սպասողական նայեց իր զինվորներից ամենակրտսերին՝ Գագիկ Մարտիրոսյանին, որին մյուս Գագոյի հետ չշփոթելու համար Կուճուր Գագո էին ասում:

- Բայց ինչո՞ւ հենց ես:
- Դե, տարիքով ամենափոքրը դու ես, դու էլ սկսիր:
- Մեծերն ասում են՝ փոքրին խոսք չի հասնում...
Գագիկի պատասխանն ընդհանուր քրքիջ առաջ բերեց:

- Էս էլ մեր փոքրը: Ո՜նց էլ իսկույն տակից դուրս եկավ: Լա՛վ, տղերք, դուխներդ հանկարծ չգցեք: Վարուժին ու Ցեղակրոն Աշոտին շան տղերքը, ճիշտ է, բռնել են զենք տեղափոխելիս, բայց մենք պարապ չենք նստելու... Արդեն առաջադրանք կա վաղը մի օմօնական կամ մի ինչ-որ երևելի թուրք գերել՝ տղերքի հետ փոխանակելու համար,- Կարենը գրպանից ձեռքով գծած մի բան հանեց, որ շատ հեռավոր նմանություն ուներ քարտեզի:- Նայեք, սա Գյուլափլուն է, այս մեկն էլ Ավդալն է: Այստեղ ամառանոցներ կան: Թուրքերն այդտեղ են բազավորված: Անտառի այս հատվածով կմոտենանք՝ մնացածը տեղում կերևա...

Արցախում դեռևս կանոնավոր բանակ չէր ձևավորվել: Բոլորը կամավորական ջոկատներ էին: Երբեմն առավել համարձակ ու քաջ տղաներից մեկն էր հավաքագրում իրեն ծանոթ տղաների և ստեղծում իր ջոկատը: Պատահում էր երբեմն ընկերներով, ծանոթ տղաներով հավաքվում էին ու իրենք ընտրում իրենց նորաստեղծ ջոկատի հրամանատարին: Կարեն Գաբրիելյանի հրամանատարության տակ գտնվող հատուկ նշանակության ջոկատն այդ ժամանակ կազմված էր երիտասարդ կամավորականներից՝ հիմնականում իրենից մի քանի տարով փոքր 19-20 տարեկան տղաներից:

*  *  *
Հաջորդ օրը կեսօրին մոտ նրանք արդեն «օպերացիայի» վայրում էին: Մարտական գործողության համար կարծես թե նշանակետն էլ կա: Անտառից դեռ դուրս չեկած, անմիջապես նկատեցին բացատում, արևի տակ փայլփլող կարմիր «Ժիգուլին», որ կարծես ավտոգործարանից նոր դուրս բերած լիներ՝ արևի տակ ներկը չորացնելու...

Կարենն ասես նախօրոք գիտեր, որ այդտեղ «Ժիգուլի» պիտի կանգնած լինի՝ մեջը իրենց սպասող անծանոթ մարդիկ կամ, պարզապես, թշնամիներ: Անմիջապես հրամայեց երկուական հոգով եզրերից նշանառության տակ վերցնել ավտոմեքենան, իսկ ինքը, կրտսեր Գագիկն ու Գարիկը կենտրոնից կգրոհեն մեքենայի վրա: Մինչ չորս տղաներն անաղմուկ շարժվում էին հակադիր ուղղություններով՝ դիրքավորվելու, Գագոն թեթև ժպտալով, կամաց շշնջաց.

- Ես արդեն մտածել եմ՝ օպերացիա «Կարմիր կակաչ»:
- Իսկ ինչո՞ւ «Կարմիր կակաչ»: Գուցե՝ «Կարմիր վարդ»...
- Չէ՛, կակաչը ավելի հարմար է: Գեղեցիկ է, բայց նաև մի քիչ այլ համարում ունի...
- Սրան նայեք,- հրամանատարը գոհ ժպտաց,- ասում է՝ ամենափոքրն եմ, ինձ խոսք չի հասնում, բայց հարյուր մեծի խելք ունի... Եղա՛վ, այս օպերացիան անվանենք «Կարմիր կակաչ»... Թեկուզ ոչ մեկին պետք չէ, թե այն ինչ ենք անվանում՝ «Կարմիր կակա՞չ»,  «Կարմիր գլխա՞րկ», թե՞ «Հարբած ռուսի կարմիր քիթ»...

Ամեն ինչ ավելի արագ ու հեշտ կատարվեց, քան ենթադրում էին: Ավտոմեքենայում իրար գրկախառնված երիտասարդ մի աղջիկ ու քիչ ավելի տարիքով մի տղա էին ընդամենը: Նրանք սկզբում կարծեցին, թե զինվորի հագուստով իրենց մոտեցողներն ադրբեջանցիներ են: Բայց երբ հայերեն անծանոթ խոսակցություն լսեցին, նայելով ավտոմատների իրենց ուղղված փողերին ու անծանոթների դեմքերին, գույները գցեցին:

Տղաների համար նույնպես անսպասելի էր այդ հանդիպումը: Հատկապես երբ ավտոմեքենայի դուռը բացեցին և նկատեցին ճերմակ մաշկով անկրկնելի գեղեցիկ աղջկան: Նույնիսկ սկզբում կարծեցին, թե հայուհի է նա:
Կարենը նստեց ղեկի մոտ, տղաներից երկուսը՝ գերիների զույգ կողմում, երրորդը՝ առջևում, Կարենի կողքին: Մյուս տղաները հետ վերադարձան ոտքով:

- Տանում եք մեզ սպանե՞ք,- երբ անցնում էին անտառամիջյան ճանապարհով, լսվեց աղջկա դողդոջ ձայնը:
- Ոչ, մենք մարդասպաններ չենք,- աղջկա ռուսերեն հարցին ռուսերեն պատասխանեց Կարենը:
- Բայց մեզ ո՞ւր եք տանում:
- Հիմա դուք գերի եք... Իսկ ավտոմեքենան վաճառելու ենք, զենք գնենք՝ մեր հողը, մեր երկիրը պաշտպանելու համար:
- Իսկ մեզ ի՞նչ եք անելու:
- Փոխանակելու ենք ձերոնց կողմից գերի վերցված մեր տղաների հետ:

Այլ հանգամանքներում նա հազիվ թե այդպես անկեղծորեն պատասխաներ մարդկանց, որոնց ազգակիցները սպանում են իր հայրենակիցներին՝ չխնայելով անգամ կանանց ու երեխաներին: Ինչպես դա եղավ Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերում ու արդեն նաև հենց Արցախում: Աղջկա անմեղ ու վախեցած տեսքն էր թերևս նրան մղում նման անկեղծ խոստովանության:
Նրա այդ պատասխանը որոշ հույս արթնացրեց ադրբեջանցի երիտասարդի մեջ.
- Խնդրում եմ, իմ մեքենան վերցրեք... Լրիվ նոր է... Մեզ բաց թողեք, շատ եմ խնդրում...
- Վատ առաջարկ չէ,- մեքենայի հայելու մեջ որսալով աղջկա և տղայի հայացքը, ասաց Կարենը:- Եթե ձեզ ազատ արձակենք, մեքենան մեզ կտա՞ք...

Ադրբեջանցի երիտասարդը ոգևորվեց.
- Հենց այս պահին ձեզ եմ տալիս... Ես աղդամցի եմ: Հայրս շատ հարուստ է: Եթե մեզ բաց թողնեք, հորս կասեմ շատ փող տա ձեզ: Ես ինքս կբերեմ... Միայն թե՝ խնդրում եմ մեզ բաց թողնեք...
- Իսկապես հիանալի միտք է, բայց՝ անիրագործելի: Մի փոքրիկ նրբություն կա. դու չես կարող մեզ նվիրել այն, ինչ հիմա քեզ չի պատկանում: Այս պահին և՛ դուք, և՛ մեքենան մեր ձեռքում եք...

Ադրբեջանցի տղայի ոգևորությունն անմիջապես մարեց: Ճանապարհին իմացան, որ երիտասարդները նոր են նշանվել: Տղայի հայրը աղդամցի մեծահարուստ է, իսկ աղջիկը Լաչինից է: Տեղի գլխավոր դատախազի դուստրն է: Երկուսով եկել էին ամառանոց, հետո որոշեցին առանձնանալ այդ բացատում: Նույնիսկ ուտելիք էին վերցրել իրենց հետ՝ «ընտանեկան» խնջույքի համար:

Երբ Ասկերանի շրջան էին մտել, Կարենն ասաց.
- Աղդամի շրջանից դուրս ենք եկել, բայց էլի պիտի զգույշ լինենք. կարող է ցանկացած պահի ռուսների զրահամեքենաներ հայտնվեն:
- Միանգամից երկու թշնամու դեմ ենք պայքարում՝ թուրքերի և ռուսների,- ասաց Գարիկը:
- Այդպես է ստացվում: Ուղղակի թուրքերը մեր բացահայտ թշնամին են, ռուսները՝ քողարկված...
Տղերքի տրամադրությունը հրաշալի էր: Ուրախ կատակներ էին անում, զվարճալի դեպքեր հիշում:

Այդ պահին նրանք զգում էին, որ սա դեռ սկիզբն է: Որ պատերազմի նախերգանքն է այս ամենը, շատ լուրջ ու դաժան մարտեր են դեռ սպասվում իրենց: Հնարավոր է նաև՝ զգում էին, որ այդ մարտերից մեկը կարող է վերջինը լինել իրենց համար: Հնարավոր է՝ իրենց նման հարյուրավոր տղաների պես ուղղակի կարծում էին կամ իրենց թվում էր պարզապես, որ թշնամու գնդակները երբեք իրենց չեն հասնելու, իրենք երբեք չեն խոցվելու: Ու թերևս ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ամեն ինչ այլ կերպ է դասավորվելու: Իրենց հրամանատարին՝ Կարեն Գաբրիելյանին, որին հետագայում Կոմանդոսը համարելու էր Արցախի ամենաքաջ հրամանատարներից մեկը, ընդամենը յոթ ամիս հետո, 1992-ի մարտի 15-ին, իր ծննդյան օրից 3 օր անց, սպանելու են դավադրաբար, հայրենակցի ձեռքով...

Բայց մինչ այդ մի ողջ կյանք կար դեռ: Յոթ ամսվա կյանք... Իսկ տղաներից չորսն ավելի ուշ էին զոհվելու...

Հաջորդ օրը ադրբեջանցի երիտասարդին բաց թողեցին: Այդ օրը լուր էին ստացել, որ ազերի օմօնականները օգոստոսի 16-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի դաշտերից գերեվարել են 11 հոգու: Ադրբեջանցի երիտասարդին բաց թողեցին, որպեսզի վերջինս այնտեղ իր ազդեցիկ հոր միջոցով փորձեր հնարավորինս արագ իրականացնել հայ գյուղացիների հետ իր նշանածի փոխանակությունը: Իսկ Վարուժանի և Աշոտի ազատման համար այլ ծրագրեր կազմեցին...

Աղջկան երեք օր պահեցին: Նրան վերաբերվում էին ինչպես իրենց հարազատ քրոջը: Վերջինս ասես չէր էլ զգում, որ ինքը գերի է և գտնվում է թշնամու մոտ: Գագիկը նրան ավելի հաճախ էր տեսնում, հետևում, որ վերջինիս հանկարծ որևէ բան չպատահի: Ավտոմեքենայում արդեն գիտեին, որ անունը Նազիլաթ է, բայց կրտսեր Գագոն նրան Նադյա էր անվանում:

Երրորդ օրը Կարենը եկավ ու ասաց աղջկան.
- Նազիլաթ, վաղը դու ձեր տանը կամ նշանածիդ մոտ ես լինելու: Արդեն պայմանավորվածություն կա քեզ փոխանակել ձեզ մոտ գերի պահվող գյուղացիների հետ:

Աղջիկը լուռ մոտեցավ սեղանին ու սկսեց հանգիստ հանել ոսկյա և ադամանդե իր զարդերը՝ հերակալ, վզնոց, գեղեցիկ մեդալյոնով շղթա, ուլունքներ, մանյակ, մատանիներ, ու դրանք դնել սեղանին:
- Այդ ի՞նչ ես անում,- Կարենն ու Գագիկն ապշած նայում էին թանկարժեք զարդերից անվրդով ազատվող աղջկան:
- Չէ՞ որ դեռ ավտոմեքենայում ասել էիք, որ ձեզ զենք է պետք, որպեսզի պաշտպանեք ձեր հողը, ձեր տունը, ձեր մայրերին ու քույրերին: Սրանցով դուք զենքեր կգնեք...

- Բայց քեզ ո՞վ է ասել, որ քո այդ զարդերը մենք վերցնելու ենք:
- Ոչ ոք: Ես եմ այդպես որոշել:
Կարենը նայեց Գագիկին:
- Ինչո՞ւ ես այդպես ինձ նայում: Կարեն, ես նրան նման բան չեմ ասել...
Չնայած այդ բառերն արտաբերվեցին հայերեն, աղջիկն ավելի շուտ կռահեց, քան հասկացավ, թե խոսքն ինչի մասին է:

- Կոմանդիր, երդվում եմ, ինձ ոչ ոք բան չի ասել: Ես եմ որոշել,- աղջիկն այնպես էր նայում իր գեղեցիկ աչքերով, որ ոչ մի կասկած չէր մնում այլևս. նա չէր կեղծում:
- Դրանցից ո՞րն է նշանիդ մատանին:
- Սա է,- աղջիկը ցույց տվեց ադամանդե քարով ոսկյա մատանին:
- Դա վերցրու, իսկ մյուսները, եթե այդպես ես որոշել, կարող ես թողնել: Բայց լավ մտածիր...
Աղջիկը սեղանից վերցրեց միայն նշանի մատանին:
- Կոմանդիր, արդեն որոշված է...

19.11.13

11.11.2013

ՕՊԵՐԱՑԻԱ «ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉ» (հին տարբերակ)



1991-ի ղարաբաղյան ամառը և՛ նման էր նախորդ ամառներին, և՛ նման չէր միաժամանակ։ Ադրբեջանական բնակավայրերին սահմանակից հայկական գյուղերի բնակչությունն ավելի լարված վիճակում էր գտնվում. ռուս զինվորների հետ զրահամեքենաներով պարբերաբար հայտնվում էին ազերի միլիցիոներների հատուկ նշանակության ջոկատներ՝ ՕՄՕՆ անվամբ, և «անձնագրային ռեժիմի ստուգման» անվան տակ տակնուվրա անում հայ գյուղացիների բնակարանները՝ զենք ու զինամթերք գտնելու պատրվակով ու նաև «խորհրդային քաղաքացու» համեստ շրջանակում այլևս չտեղավորվող մարդկանց ոգին կոտրելու համար։ Ռուսների աջակցությամբ Ստեփանակերտում, տեղի բնակիչների համար վաղուց ատելի դարձած մարզկոմի շենքում վերջին երեք տարում առաջին անգամ ազերիներ էին հայտնվել, որին Մոսկվան անվանել էր «կազմկոմիտե»...

Արցախի երկնքում ավելի հաճախ էին գորշ ամպեր հայտնվում: Արդեն նույն թվականի սկզբներից օղակն Արցախի շուրջ ավելի ու ավելի էր սեղմվում: Փոքրիկ այս լեռնաշխարհը նմանվում էր զարմանահրաշ մի էակի, որին պաշարել էին դրսից՝ չորս կողմից, դրանով չբավարարվելով՝ ռուս զինվորների աջակցությամբ ազերի հատուկ ջոկատայիններն էին պարբերաբար շուրջկալներ կազմակերպում երկրի ներսում, գերեվարում մարդկանց, հարյուրավոր ընտանիքների ստիպում, պարտադրում լքել հայրենի տունը: Իսկ վերջիններս զարմանալիորեն ու մի ինչ-որ հրաշքով դեռ դիմադրում էին:

Արդեն 1991-ի ապրիլի վերջին Բաքվում տեղակայված խորհրդային-ռուսական բանակի մի ստորաբաժանում՝ գնդապետ Մաշկովի գլխավորությամբ, Գետաշենի շրջակա բարձունքից հրետակոծում էր գյուղը: Հայկական այդ գյուղի դեմ 207 տանկ ու զրահամեքենա էին հանել: Խորհրդային «կտրիճներին» վերևից աջակցում էին ռազմական ուղղաթիռները: Ռուսների հետևից շնագայլերի ոհմակի պես գալիս էին ազերի օմօնականները: Ապրիլի 30-ին վերջիններս Գետաշենում և Մարտունաշենում 17 մարդ էին սպանել, 40-ին՝ գերեվարել: Մայիսի 8-ին Գետաշենում արդեն տիրություն էին անում «շնագայլերը»: Ժամեր հետո ողջ գյուղը հրդեհի մեջ էր...

Ռուս-խորհրդային բանակի աջակցությամբ ազերիները գրավեցին Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ գյուղերը՝ կենդանի մնացած բնակիչներին ստիպելով լքել հայրենի գյուղն ու արտագաղթել:
Արցախի մյուս շրջաններում, հատկապես ծայրամասային բնակավայրերում, վիճակը նույնն էր: Հադրութի շրջանի Դոլանլար, Խանձաձոր, Առաքել, Բանազուր, Ծամձոր, Ծոր, Սարինշեն և շրջակա այլ գյուղերի բնակիչներին՝ 1600-ից ավելի մարդկանց, արտաքսեցին հայրենի օջախներից:

Բերդաձորի ենթաշրջանի, Ասկերանի շրջանի տասնյակ գյուղերում մայիսի վերջերին լիովին տիրություն էին անում ազերի օմօնականներն ու անտեր մնացած սոված շները: Իրենց գործն ավարտած ռուս զինվորները մինչ այդ դուրս էին եկել այդ գյուղերից: Մարտակերտի, Մարտունու շրջաններում նույնպես շարունակում էին ապօրինի ձերբակալել մարդկանց:
Հուլիսի կեսերին արցախյան 24 գյուղեր լիովին դատարկվել էին, մեծ մասը՝ հրի մատնվել: Լքված տներում օրերով շարունակվում էր թալանը: Վերջում հրկիզում էին ամայացած ու անտեր մնացած գյուղերը...

1991-ի ղարաբաղյան ամառը և՛ նման էր նախորդ ամառներին, և՛ նման չէր միաժամանակ։ Այդ ամառն իրոք տարբերվում էր նախորդներից: Մի տեսակ ավելի տոթ էր ու խեղդիչ, սակայն դա կարծես թե ամենևին չէր ազդում հազարավոր արցախցիների վրա: Ինչ-որ մեծ ու հրաշք մի ուժ, անտեսանելի հզոր մի Ոգի նրանց վեր էր պահում այդ ամենից: Կարծես մի այլ աշխարհում էին ապրում այդ մարդիկ: Գուցե թե անիրական, բայց այդ աշխարհը նրանք արդեն տեսնում ու զգում էին: Կիսով չափ նրանք այդ աշխարհում էին ասես:

*  *  *
1991-ի մայիսյան մի օր «կազմկոմիտե» կոչվածի նստավայրը դարձած նախկին մարզկոմի շենքից 150-200 մետր ներքևում գտնվող և պոլյանիչկո-սաֆոնովյան հազարավոր զինված կամակատարներով հեղեղված Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտի վազքուղով պտույտներ էր կատարում ատլետիկ կազմվածքով մի երիտասարդ: Հետո նա թեթև վազքով դուրս եկավ մարզադաշտից, ձեռքն առավ մոտերքում թաքցրած նռնականետը և ուղիղ նշանառությամբ կրակեց մարզկոմի շենքի այն սենյակի վրա, որտեղ Ղարաբաղի դրածո դահիճներից մեկն էր:

Պոլյանիչկոն այդ պահին մի քանի րոպեով դուրս էր եկել աշխատասենյակից. պայթյունը նրան վնաս չէր պատճառել, բայց ռուս դահիճն այնպես էր գույնը գցել, որ «օգնության» հասած ազգակից զինվորականները դեռ չէին կարողանում հասկանալ՝ կանգնած տեղը մեռե՞լ է, թե՞ ողջ է դեռ... Նույն օրը մահափորձի մասին լուրը մոսկովյան հեռուստաալիքներն ու թերթերը ներկայացրին որպես մի խումբ հայ գրոհայինների ձեռքի գործ: Ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ով էր այդ հանդուգն ձեռնարկման հեղինակը:

Իսկ երիտասարդն իր գործը կատարել, կրկին իջել էր մարզադաշտ ու շարունակում էր կիսատ թողած մարզանքը: 1988-ից հետո երևի թե առաջին անգամ էր կրկին զբաղվում իր սիրելի թեթև ատլետիկայով: Վազքուղով վազում էր հանգիստ, բայց ուշքն ու միտքն այլ տեղ էր՝ վիժվածքը սատկե՞ց, վիրավորվե՞լ է, թե՞ շանորդու բախտը բերել է:

Ընդամենը մի կարճ պահ հիշեց կարծես յոթ սարի հետևում մնացած հեռավոր այն տարիները, երբ Ստեփանակերտում 8-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել էր Բաքու, և մարզումների ժամանակ իր մարզիչ Ֆիլիպովն առաջարկեց փորձնական մրցել իր մյուս սանի՝ Ադրբեջանի վազքի չեմպիոնի հետ: Ու ինքը հաղթել է վերջինիս:

«Այդպես էլ ենթադրում էի»,- քթի տակ ինքնագոհ ժպտալով, ասել էր մարզիչը: Իսկ Ադրբեջանի սպորտկոմիտեում մարզիչին հասկացրին, որ դեմ չեն ընդգրկել ազգային հավաքականի կազմում, բայց իր Գաբրիելյան ազգանունը պիտի դարձնի Գաբրիելով: Երիտասարդն ազգանունը չփոխեց, իսկ Ադրբեջանի թեթև ատլետիկայի հավաքականը մնաց պարտված իր չեմպիոնի հույսին: Միջնակարգն ավարտելուց հետո նա ընդունվեց Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտն ու նույն տարում դարձավ Հայաստանի երիտասարդ թեթևատլետների չեմպիոն:

Հետո՝ խորհրդային բանակ: Հետո՝ 1988 թ. Արցախ: Իսկ 1988-ից այն կողմ 20 տարիները մնացել են մի ինչ-որ այլ աշխարհում՝ յոթ սարից այնկողմ...

Կարեն Գաբրիելյանը նման էր տասնյակ, հարյուրավոր իր հայրենակիցներին, բայց նաև նման չէր ոչ մեկին: Հարյուրավոր խիզախ ու հպարտ հայորդիներից մեկն էր նա, բայց նաև այն քչերից, որ իր զինվորին եթե ասեր՝ պատրաստվեք, վաղը 10 հոգով գնում ենք 500 զինված ասկյարների վերահսկողության տակ գտնվող բարձունքը գրավելու, իր տղաներից որևէ մեկի մտքով չէր անցնի, որ դա անհնարին է կամ կատակ է ընդամենը:

Կամավորական ջոկատների այն հրամանատարներից էր, ում հետ հաշվի էին նստում ավելի ավագ զինվորականները: Հետագայում, երբ կամավորական ջոկատների հիման վրա ձևավորվեց ու ստեղծվեց Արցախի բանակը, իր գլխապտույտ վերելքից ամբարտավան ու ինքնագոհ դարձած հրամանատարը, որ սովորություն էր դարձրել ձեռ առնել կամ հայհոյել իր ենթականերին, մի օր իր առանձնասենյակում կոպտեց նրան: Հաջորդ պահին Կարենը, որ վերջինից բարեկազմ ու ավելի բարձրահասակ էր, բանակի հրամանատարի օձիքից բռնած ու վեր բարձրացրած, ուր որ է՝ պիտի դուրս նետեր բաց պատուհանից... Միջադեպին ներկա ընկերները նրա ամուր ձեռքերից մի կերպ խլեցին «զոհին»...

*  *  *
1991-ի օգոստոսը կիսվել էր արդեն: Տղաները լուռ նստած, իրենց մարտական զենքերն են մաքրում, հաշվում վերջին մարտագործողությունից մնացած փամփուշտները: Շատ չեն, բայց նաև քիչ չեն կարծես: Մարտական առաջադրանք կատարելիս նրանք վաղուց յուրացրել են իրենց հրամանատարի «աշխատաոճը». ժամանակ առ ժամանակ հերթով տարբեր կողմերից մեկական գնդակ արձակել հակառակորդի ուղղությամբ, դիրքեր գրավել ավելի ապահով մի տեղ ու սպասել, թե թշնամին ինչպես է իրար հետևից քամուն տալիս իր փամփուշտները: «Իրենք շատ ունեն, տղերք, թող այդ տխմարները մի քիչ թեթևացնեն պահունակները»,- ընկերներին աչքով էր անում Կարենն ու այնպես էր ժպտում, որ իր զինվորների տրամադրությունն անմիջապես բարձրանում էր: Կարծես ոչ թե բազմիցս ուժեղ ու նենգ թշնամին է դիմացը, այլ մի ինչ-որ ներկայացման մասնակիցներ են իրենք ու սպասում են իրենց «բեմ դուրս գալուն»:

Հետո հակառակորդի համար անսպասելի տարբեր կողմերից սկսվում է տղաների կրակահերթը՝ կոնկրետ կենդանի թիրախների վրա: Արդյունքում՝ հակառակորդի դիակներ, խուճապ և փախուստ:

- Գագո,- մի անեկդոտ պատմիր,- Կարենն ավտոմատը մի կողմ դրեց ու ժպտալով սպասողական նայեց իր զինվորներից ամենակրտսերին՝ Գագիկ Մարտիրոսյանին, որին մյուս Գագոյի հետ չշփոթելու համար Կուճուր Գագո էին ասում:

- Բայց ինչո՞ւ հենց ես:
- Դե, տարիքով ամենափոքրը դու ես, դու էլ սկսիր:
- Մեծերն ասում են՝ փոքրին խոսք չի հասնում...
Գագիկի պատասխանն ընդհանուր քրքիջ առաջ բերեց:

- Էս էլ մեր փոքրը: Ո՜նց էլ իսկույն տակից դուրս եկավ: Լա՛վ, տղերք, դուխներդ հանկարծ չգցեք: Վարուժին ու Ցեղակրոն Աշոտին շան տղերքը, ճիշտ է, բռնել են զենք տեղափոխելիս, բայց մենք պարապ չենք նստելու... Արդեն առաջադրանք կա վաղը մի օմօնական կամ մի ինչ-որ երևելի թուրք գերել՝ տղերքի հետ փոխանակելու համար,- Կարենը գրպանից ձեռքով գծած մի բան հանեց, որ շատ հեռավոր նմանություն ուներ քարտեզի:- Նայեք, սա Գյուլափլուն է, այս մեկն էլ Ավդալն է: Այստեղ ամառանոցներ կան: Թուրքերն այդտեղ են բազավորված: Անտառի այս հատվածով կմոտենանք՝ մնացածը տեղում կերևա...

Արցախում դեռևս կանոնավոր բանակ չէր ձևավորվել: Բոլորը կամավորական ջոկատներ էին: Երբեմն առավել համարձակ ու քաջ տղաներից մեկն էր հավաքագրում իրեն ծանոթ տղաների և ստեղծում իր ջոկատը: Պատահում էր երբեմն ընկերներով, ծանոթ տղաներով հավաքվում էին ու իրենք ընտրում իրենց նորաստեղծ ջոկատի հրամանատարին: Կարեն Գաբրիելյանի հրամանատարության տակ գտնվող հատուկ նշանակության այդ ջոկատը կազմված էր 7 երիտասարդ կամավորականներից՝ հիմնականում իրենից մի քանի տարով փոքր 19-20 տարեկան տղաներից:

*  *  *
Հաջորդ օրը կեսօրին մոտ նրանք արդեն «օպերացիայի» վայրում էին: Մարտական գործողության համար կարծես թե նշանակետն էլ կա: Անտառից դեռ դուրս չեկած, անմիջապես նկատեցին բացատում, արևի տակ փայլփլող կարմիր «Ժիգուլին», որ կարծես ավտոգործարանից նոր դուրս բերած լիներ՝ արևի տակ ներկը չորացնելու...

Կարենն ասես նախօրոք գիտեր, որ այդտեղ «Ժիգուլի» պիտի կանգնած լինի՝ մեջը իրենց սպասող անծանոթ մարդիկ կամ, պարզապես, թշնամիներ: Անմիջապես հրամայեց երկուական հոգով եզրերից նշանառության տակ վերցնել ավտոմեքենան, իսկ ինքը, Գագիկն ու կրտսեր Գարիկը, կենտրոնից կգրոհեն մեքենայի վրա: Մինչ չորս տղաներն անաղմուկ շարժվում էին հակադիր ուղղություններով՝ դիրքավորվելու, Գագոն թեթև ժպտալով, կամաց շշնջաց.

- Ես արդեն մտածել եմ՝ օպերացիա «Կարմիր կակաչ»:
- Իսկ ինչո՞ւ «Կարմիր կակաչ»: Գուցե՝ «Կարմիր վարդ»...
- Չէ՛, կակաչը ավելի հարմար է: Գեղեցիկ է, բայց նաև մի քիչ այլ համարում ունի...
- Սրան նայեք,- հրամանատարը գոհ ժպտաց,- ասում է՝ ամենափոքրն եմ, ինձ խոսք չի հասնում, բայց հարյուր մեծի խելք ունի... Եղա՛վ, այս օպերացիան անվանենք «Կարմիր կակաչ»... Թեկուզ ոչ մեկին պետք չէ, թե այն ինչ ենք անվանում՝ «Կարմիր կակա՞չ»,  «Կարմիր գլխա՞րկ», թե՞ «Հարբած ռուսի կարմիր քիթ»...

Ամեն ինչ ավելի արագ ու հեշտ կատարվեց, քան ենթադրում էին: Ավտոմեքենայում իրար գրկախառնված երիտասարդ մի աղջիկ ու քիչ ավելի տարիքով մի տղա էին ընդամենը: Նրանք սկզբում կարծեցին, թե զինվորի հագուստով իրենց մոտեցողներն ադրբեջանցիներ են: Բայց երբ հայերեն անծանոթ խոսակցություն լսեցին, նայելով ավտոմատների իրենց ուղղված փողերին ու անծանոթների դեմքերին, գույները գցեցին:

Տղաների համար նույնպես անսպասելի էր այդ հանդիպումը: Հատկապես երբ ավտոմեքենայի դուռը բացեցին և նկատեցին ճերմակ մաշկով անկրկնելի գեղեցիկ աղջկան: Նույնիսկ սկզբում կարծեցին, թե հայուհի է նա:
Կարենը նստեց ղեկի մոտ, տղաներից երկուսը՝ գերիների զույգ կողմում, երրորդը՝ առջևում, Կարենի կողքին: Մյուս տղաները հետ վերադարձան ոտքով:

- Տանում եք մեզ սպանե՞ք,- երբ անցնում էին անտառամիջյան ճանապարհով, լսվեց աղջկա դողդոջ ձայնը:
- Ոչ, մենք մարդասպաններ չենք,- աղջկա ռուսերեն հարցին ռուսերեն պատասխանեց Կարենը:
- Բայց մեզ ո՞ւր եք տանում:
- Հիմա դուք գերի եք... Իսկ ավտոմեքենան վաճառելու ենք, զենք գնենք՝ մեր հողը, մեր երկիրը պաշտպանելու համար:
- Իսկ մեզ ի՞նչ եք անելու:
- Փոխանակելու ենք ձերոնց կողմից գերի վերցված մեր տղաների հետ:

Այլ հանգամանքներում նա հազիվ թե այդպես անկեղծորեն պատասխաներ մարդկանց, որոնց ազգակիցները սպանում են իր հայրենակիցներին՝ չխնայելով անգամ կանանց ու երեխաներին: Ինչպես դա եղավ Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերում ու արդեն նաև հենց Արցախում: Աղջկա անմեղ ու վախեցած տեսքն էր թերևս նրան մղում նման անկեղծ խոստովանության:
Նրա այդ պատասխանը որոշ հույս արթնացրեց ադրբեջանցի երիտասարդի մեջ.
- Խնդրում եմ, իմ մեքենան վերցրեք... Լրիվ նոր է... Մեզ բաց թողեք, շատ եմ խնդրում...
- Վատ առաջարկ չէ,- մեքենայի հայելու մեջ որսալով աղջկա և տղայի հայացքը, ասաց Կարենը:- Եթե ձեզ ազատ արձակենք, մեքենան մեզ կտա՞ք...

Ադրբեջանցի երիտասարդը ոգևորվեց.
- Հենց այս պահին ձեզ եմ տալիս... Ես աղդամցի եմ: Հայրս շատ հարուստ է: Եթե մեզ բաց թողնեք, հորս կասեմ շատ փող տա ձեզ: Ես ինքս կբերեմ... Միայն թե՝ խնդրում եմ մեզ բաց թողնեք...
- Իսկապես հիանալի միտք է, բայց՝ անիրագործելի: Մի փոքրիկ նրբություն կա. դու չես կարող մեզ նվիրել այն, ինչ հիմա քեզ չի պատկանում: Այս պահին և՛ դուք, և՛ մեքենան մեր ձեռքում եք...

Ադրբեջանցի տղայի ոգևորությունն անմիջապես մարեց: Ճանապարհին իմացան, որ երիտասարդները նոր են նշանվել: Տղայի հայրը աղդամցի մեծահարուստ է, իսկ աղջիկը Լաչինից է: Տեղի գլխավոր դատախազի դուստրն է: Երկուսով եկել էին ամառանոց, հետո որոշեցին առանձնանալ այդ բացատում: Նույնիսկ ուտելիք էին վերցրել իրենց հետ՝ «ընտանեկան» խնջույքի համար:

Երբ Ասկերանի շրջան էին մտել, Կարենն ասաց.
- Աղդամի շրջանից դուրս ենք եկել, բայց էլի պիտի զգույշ լինենք. կարող է ցանկացած պահի ռուսների զրահամեքենաներ հայտնվեն:
- Միանգամից երկու թշնամու դեմ ենք պայքարում՝ թուրքերի և ռուսների,- ասաց Գարիկը, որ տղաներից տարիքով ամենաավագն էր:
- Այդպես է ստացվում: Ուղղակի թուրքերը մեր բացահայտ թշնամին են, ռուսները՝ քողարկված...
Տղերքի տրամադրությունը հրաշալի էր: Ուրախ կատակներ էին անում, զվարճալի դեպքեր հիշում:

Այդ պահին նրանք զգում էին, որ սա դեռ սկիզբն է: Որ պատերազմի նախերգանքն է այս ամենը, շատ լուրջ ու դաժան մարտեր են դեռ սպասվում իրենց: Հնարավոր է նաև՝ զգում էին, որ այդ մարտերից մեկը կարող է վերջինը լինել իրենց համար: Հնարավոր է՝ իրենց նման հարյուրավոր տղաների պես ուղղակի կարծում էին կամ իրենց թվում էր պարզապես, որ թշնամու գնդակները երբեք իրենց չեն հասնելու, իրենք երբեք չեն խոցվելու: Ու թերևս ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ամեն ինչ այլ կերպ է դասավորվելու: Իրենց հրամանատարին՝ Կարեն Գաբրիելյանին, որին հետագայում Կոմանդոսը համարելու էր Արցախի ամենաքաջ հրամանատարներից մեկը, ընդամենը յոթ ամիս հետո, 1992-ի մարտի 15-ին, իր ծննդյան օրից 3 օր անց, սպանելու են դավադրաբար, հայրենակցի ձեռքով...

Բայց մինչ այդ մի ողջ կյանք կար դեռ: Յոթ ամսվա կյանք... Իսկ յոթ տղաներից չորսն ավելի ուշ էին զոհվելու...

Հաջորդ օրը ադրբեջանցի երիտասարդին բաց թողեցին: Այդ օրը լուր էին ստացել, որ ազերի օմօնականները օգոստոսի 16-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի դաշտերից գերեվարել են 11 հոգու: Ադրբեջանցի երիտասարդին բաց թողեցին, որպեսզի վերջինս այնտեղ իր ազդեցիկ հոր միջոցով փորձեր հնարավորինս արագ իրականացնել հայ գյուղացիների հետ իր նշանածի փոխանակությունը: Իսկ Վարուժանի և Աշոտի ազատման համար այլ ծրագրեր կազմեցին...

Աղջկան երեք օր պահեցին: Նրան վերաբերվում էին ինչպես իրենց հարազատ քրոջը: Վերջինս ասես չէր էլ զգում, որ ինքը գերի է և գտնվում է թշնամու մոտ: Գագիկը նրան ավելի հաճախ էր տեսնում, հետևում, որ վերջինիս հանկարծ որևէ բան չպատահի: Ավտոմեքենայում արդեն գիտեին, որ անունը Նազիլաթ է, բայց կրտսեր Գագոն նրան Նադյա էր անվանում:

Երրորդ օրը Կարենը եկավ ու ասաց աղջկան.
- Նազիլաթ, վաղը դու ձեր տանը կամ նշանածիդ մոտ ես լինելու: Արդեն պայմանավորվածություն կա քեզ փոխանակել ձեզ մոտ գերի պահվող գյուղացիների հետ:

Աղջիկը լուռ մոտեցավ սեղանին ու սկսեց հանգիստ հանել ոսկյա և ադամանդե իր զարդերը՝ հերակալ, վզնոց, գեղեցիկ մեդալյոնով շղթա, ուլունքներ, մանյակ, մատանիներ, ու դրանք դնել սեղանին:
- Այդ ի՞նչ ես անում,- Կարենն ու Գագիկն ապշած նայում էին թանկարժեք զարդերից անվրդով ազատվող աղջկան:
- Չէ՞ որ դեռ ավտոմեքենայում ասել էիք, որ ձեզ զենք է պետք, որպեսզի պաշտպանեք ձեր հողը, ձեր տունը, ձեր մայրերին ու քույրերին: Սրանցով դուք զենքեր կգնեք...

- Բայց քեզ ո՞վ է ասել, որ քո այդ զարդերը մենք վերցնելու ենք:
- Ոչ ոք: Ես եմ այդպես որոշել:
Կարենը նայեց Գագիկին:
- Ինչո՞ւ ես այդպես ինձ նայում: Կարեն, ես նրան նման բան չեմ ասել...
Չնայած այդ բառերն արտաբերվեցին հայերեն, աղջիկն ավելի շուտ կռահեց, քան հասկացավ, թե խոսքն ինչի մասին է:

- Կոմանդիր, երդվում եմ, ինձ ոչ ոք բան չի ասել: Ես եմ որոշել,- աղջիկն այնպես էր նայում իր գեղեցիկ աչքերով, որ ոչ մի կասկած չէր մնում այլևս. նա չէր կեղծում:
- Դրանցից ո՞րն է նշանիդ մատանին:
- Սա է,- աղջիկը ցույց տվեց ադամանդե քարով ոսկյա մատանին:
- Դա վերցրու, իսկ մյուսները, եթե այդպես ես որոշել, կարող ես թողնել: Բայց լավ մտածիր...
Աղջիկը սեղանից վերցրեց միայն նշանի մատանին:
- Կոմանդիր, արդեն որոշված է...

16.11.13

-------------------------------------------
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Նախիջևանիկցի 11 գյուղացիներին ադրբեջանցիներն ազատ էին արձակել գերեվարելուց 2 շաբաթ հետո՝ օգոստոսի 31-ին:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ


(Դռան զանգ։ Տանտիրուհին բացում է դուռը)։
ՏՂԱՄԱՐԴ - Բարև ձեզ։
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Բարև ձեզ։
ՏՂԱՄԱՐԴ - Ջրի համար եմ եկել...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Էս րոպեին։ Սպասեք, աղջիկս քիչ առաջ հարևան թաղամասից բերեց... Խնդրեմ, խմեք...

ՏՂԱՄԱՐԴ - Քույր ջան, ջուր չեմ ուզում, ամսվա ջրի վարձի համար եմ եկել։
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Ի՞նչ.. Բայց վերջին երկու ամսում գոնե մի կաթիլ ջուր եք բաց թողե՞լ, որ վարձ եք պահանջում...
ՏՂԱՄԱՐԴ - Է՜հ, քույրիկ, ապրիլի վերջերից սկսած ամեն օր անձրև է գալիս, իսկ դուք ասում եք՝ ջուր չի եկել...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Վա՜հ, ուրեմն անձրևի համար եք վա՞րձ պահանջում։

ՏՂԱՄԱՐԴ - Մեր էս հայերը ի՜նչ աչքածակ ժողովուրդ են... Անձրևը քի՞չ է, որ մենք էլ ջուր բաց թողնենք՝ ջրհեղեղ անենք... Չէ, քույր ջան, մի քաղաքի ժողովուրդ ենք, ինչո՞ւ իրար վատություն անենք, փողոցում հանդիպել կա, «բարև-բարլուս» կա, բա ամոթ չի՞...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Այ ընկեր, մենք ավելորդ փող չունենք, որ չստացած ջրի համար վարձ մուծենք։ Պրծա՞վ։ Իսկ ինչ մնում է անձրևաջրին, թող աստված բողոքի վարձի համար, դուք ինչո՞ւ եք եկել... (Դուռը շրխկոցով փակում է)։ Սա ի՞նչ բան է, չեն էլ ամաչում։ (Հեռախոսազանգ)։ Հիմա էլ հեռախոսը սկսեց... Ալո...

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ - Գավրուշ, պրիվետ...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Լսիր, այ ընկեր, ես կին եմ, ես Գավրուշը չեմ, և հետո՝ ոչ միայն մեր տանը, այլև մեր շենքում Գավրուշ չկա...
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ - Դե չկա՝ չկա, ինչո՞ւ եք դժգոհում... էս ի՞նչ մարդիկ են, մարդավարի խոսում ես՝ կոպտում են...
ՏԱնՏԻՐՈՒՀԻ (Լսափողը ցած դնելով) - Օ՜ֆֆ, սա ի՞նչ դժոխք է... (Դռան զանգ)։
ՏՂԱՄԱՐԴ - Բարև ձեզ, ձեր լույսի կնիժկան բերեք։

ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Խնդրեմ...
ՏՂԱՄԱՐԴ - Չորս հազար յոթ հարյուր քսանութ՝ հանած երեք հազար ութ հարյուր վաթսունութ՝ բազմապատկած 14-ով՝ հավասար է 10 հազար 640...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - 10 հազար 640 ի՞նչ...
ՏՂԱՄԱՐԴ - 10 հազար 640 կիլո սեմիչկա... Հասկանալի չի՞, էդքան փող պիտի տաք օգտագործած էլեկտրաէներգիայի համար...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Ի՜նչ... Լսեք, վատ ժամի եք եկել, ես կատակելու տրամադրություն չունեմ...

ՏՂԱՄԱՐԴ - Քույր ջան, ես էլ չունեմ, լույսի մեկ ամսվա վարձը տվեք՝ գնամ...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Բայց եթե առավոտից երեկո մեր տան բոլոր էլեկտրական սարքավորումները միացնենք, մի ամսում դարձյալ էդքան չի բռնի...
ՏՂԱՄԱՐԴ - Կներեք, սա համար 19 բնակարանը չի՞...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Հա...
ՏՂԱՄԱՐԴ - Դե՝ ջան, եթե ինձ չեք վստահում, իջնենք ներքև, սչոտչիկի պակազաննին ձեր աչքով տեսեք...

ՏԱՆՏԻՐՈՒՀԻ – Ոչ մի լույսի վարձ էլ չեմ տալու…
ՏՂԱՄԱՐԴ - Ո՞նց թե՝ ոչ մի լույսի վարձ էլ չեմ տալու։ Ի՞նչ է, գլխներիս նախագահ ու մինի՞ստր ես, որ ոչ մի վարձ չտաս։
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Բայց դա անարդարու...
ՏՂԱՄԱՐԴ - Դե լավ, եթե չեք ուզում լույսի վարձը տալ, լույսն անջատելու եմ, գնամ... (Հեռախոսազանգ)։

ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Աստված իմ, ես գժվելու եմ։ (Վերցնում է լսափողը)։ Ալո...
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ - Աիդա Լևոնովնա, Սմբատ Կարպիչը տա՞նն է։
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Կներեք, սխալ եք զանգել, սա Սմբատ Կարպիչի բնակարանը չի... (Զայրացած ցած է դնում լսափողը)։ Ո՜չ, այլևս հնարավոր չի դիմանալ։ Սա կյանք չէ... (Դռան զանգ։ Դուռը բացում է)։
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ - Բարև, Անահիտ։

ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Բարև, Հասմիկ։
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ - Գազի համար 5250 դրամ ենք հավաքում։
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Բայց դեռ գազը չեն միացրել։
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ - Ասում են՝ փողը նախօրոք տվեք, որպեսզի միացնենք...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Տանը այդքան չկա, մեկից պարտք կվերցնեմ, վաղը տամ։ (Կրկին հեռախոսազանգ)։ Լսում եմ։

ԱՂՋԿԱ ՁԱՅՆ - Բարև, տյոտ Մարգո, Արտուրիկին եմ խնդրում։
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Աղջիկ ջան, մեր տանը Արտուրիկ չկա։ (Լսափողը ցած է դնում։ Նորից հեռախոսազանգ)։ Լսում եմ...
ԱՂՋԿԱ ՁԱՅՆ - Տյոտ Մարգո, Արտուրիկը բա որտե՞ղ է, էլի տուն չի եկե՞լ...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Չէ, (զայրացած) էլի տուն չի եկել, էլի սիրուհու մոտ է գիշերել...
ԱՂՋԿԱ ՁԱՅՆ - Տյոտ Մարգո, սիրուհու հեռախոսի համարը չե՞ք ասի...

ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Խնդրեմ՝ 03։ (Լսափողը ցած է նետում)։ Օ՜ֆֆ, այլևս չեմ կարողանում... Ոնց-որ արդեն խելագարվում եմ... (Հեռախոսազանգ)։ Ա՜յ աղջիկ, լսիր, ես տյոտ Մարգոն չեմ, մեզ մոտ Արտուրիկ չկա... Առհասարակ ես Արտուրիկ անունով ազգական չունեմ...
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ - Քույրիկ, ինչո՞ւ եք ինձ վրա գոռում, ես դեռ ոչինչ չեմ ասել...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ (Կմկմալով) - Ներե... ներեցեք, կարծեցի, թե... Ներեցեք, խնդրում եմ... Լսում եմ ձեզ...

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ - Ես ուչեբնի պոլկ եմ զանգել...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Չէ, սա ուչեբնի պոլկը չի, սա դեսանտնի վայսկան է, սա Դուդաևի շտաբ-կվարտիրան է... Պրծա՞նք... Օ՜ֆֆ, ես խելագարվում եմ (Լսափողը ցած է նետում։ Կրկին հեռախոսազանգ)։
ՀԵՌԱԽՈՍԱՎԱՐՈՒՀԻ - Բարև ձեզ, առավոտից չեմ կարողանում ձեզ զանգել, անընդհատ գիծը զբաղեցնում եք, ձեզ համար հավեսով խոսում, բայց հեռախոսավարձը դեռ չեք մուծել...

ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Ոնց-որ արդեն ցնդում եմ...
ԵՐԵԽԱ (Դուռը շրխկոցով բացելով) - Մայրիկ, ավարտական վեչերի համար դասարանով փող ենք հավաքում...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Օ՜ֆֆ, էս ի՞նչ աղմուկ է... Արտակ, էն ի՞նչ ձայն է, հարևան թաղամասում խոզ են մորթո՞ւմ...
ԵՐԵԽԱ - Չէ, ի՞նչ խոզ, Ռուսաստանից ռոք-անսամբլ է եկել, հրապարակում համերգ է...

ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Աստված իմ, էդ ուրեմն երգո՞ւմ են...
ԵՐԵԽԱ - Լավ, մամ ջան, երեք օրից հետո մեր ավարտական վեչերն է, ձեռաց 7 հազար դրամ ցնծա...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - 7 հազա՞ր...
ԵՐԵԽԱ - Հա, Նոնա Իսրայելովնայի համար նվեր պիտի գնենք՝ արծաթե շղթա՝ մեդալիոնով...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Իսկ ադամանդե մատանի չեք ուզում գնե՞լ...

ԵՐԵԽԱ - Չէ, ադամանդե մատանին զուգահեռ դասարանի աշակերտներն են գնել...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Ի՞նչ... (Դռան թակոց։ Դուռը բացում է)... Բալիկ ջան, ի՞նչ ես ուզում։
ՄՈՒՐԱՑԿԱՆ ԵՐԵԽԱ - Տյոտա, 100 դրամ չեք տա՝ հաց գնեմ...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ - Ձեռքիս ընդամենը 5000-անոց է...
ՄՈՒՐԱՑԿԱՆ - Ոչինչ, տյոտա, տվեք խուրդա անիմ...
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ (Դիմելով աղջկան) - Մարինե, «շտապօգնություն» զանգիր։ Չէ, չէ, սպասիր, զանգիր հոգեբուժարան։ Ասա՝ թող գան իմ հետևից, այլևս չեմ կարող, այլևս չեմ դիմանում...
ԵՐԵԽԱ - Մայրիկ, հեռախոսը չի աշխատում, ոնց-որ անջատել են։

1996 թ.

ԽԼՈՒՐԴԻ ՆՈՏԱՆ


Երևի թե հասկացաք, որ խոսքը կոմպոզիտոր Խլուրդի մասին է, բայց այստեղ «նոտան» ոչ թե երաժշտական նոտաների, այլ Խլուրդի բողոքի նոտայի մասին է։ Սակայն ավելի լավ է ամեն ինչ պատմեմ հերթով։

Տպագրելով «Խլուրդը կոմպոզիտոր» գրվածքը, ես ամենևին չէի սպասում, որ այն սպասվածից բազմիցս մեծ արձագանք պիտի գտնի։ Օրեր շարունակ հեռախոսազանգեր էի ստանում, և հեռախոսագծի հակառակ ծայրից ծանոթ ու անծանոթ մարդիկ գյուտ արածի պես ինձ հաղորդում էին, որ իրենք իսկույն հասկացել են, թե խոսքն ում մասին է։ Փողոցում ինձ կանգնեցնում էին միանգամայն ծանոթ թե անծանոթ և հայտնում, որ «Խլուրդի մասին լավ եմ գրել», «Այդ սրիկա Խլուրդին այդպես էլ պետք է» կամ «Այդ Խլուրդը մեր արվեստը կերավ» և այլն։

Անկեղծ ասած, լավ չեմ պատկերացնում, թե Խլուրդն ինչպես է մեր արվեստը ուտում։ Արվեստը հո կարկանդակ ու ժենգյալով հաց չէ, ճապոնական թանկարժեք դիկտաֆոն կամ վետերանների միության փող չէ, որ զույգ ձեռքով բռնի ու հավեսով խժռի...

Իսկ նրանցից մեկն էլ, ընդհակառակը, ինձ փորձում էր համոզել, որ Խլուրդի մասին չպիտի գրեի։ «Հիմա նա բոլորիս ջգրու սկսել է աջ ու ձախ սցենարներ ու պիեսներ գրել ոչ միայն կինոնկարների, ներկայացումների, այլև գովազդային հոլովակների համար»,- ասաց զրուցակիցս։

Հետաքրքիրն այն է, որ բոլոր զրուցակիցներս, չգիտեմ ինչու, հարյուր տոկոսով համոզված են, որ կոմպոզիտոր Խլուրդը հենց այն Խլուրդն է, ում իրենք ճանաչում են։ Բայց ամենազավեշտականը դեռ հետո պիտի լիներ...

Մի օր հնչեց դռան զանգը։ Դուռը բացեցի և շեմքին տեսա մի ծերուկի։
- Ես Խլուրդի մոտից եմ եկել,- ասաց նա։

- Արդեն կռահեցի դա,- պատասխանեցի, մտքում ավելացնելով՝ տնաշենի բիձա, քո այդ տեսքով ուրիշ որտեղի՞ց պիտի գաս՝ եթե ոչ Խլուրդի մոտից։ Պարզ է, որ քեզպիսիք երկնքից չեն իջնում կամ Փարիզից չեն ժամանում։

- Պարոն Խլուրդը խիստ վիրավորվել է, որ իրեն և իր հանճարեղ «Սիմֆոնիան» ձեռ եք առել,- անատամ բերանը շարժեց ծերուկը։- Բացի դրանից, պարոն Խլուրդը հայտնել է, որ այդ առթիվ սիմֆոնիկ նվագախմբի ողջ կոլեկտիվը նույնպես շատ խիստ վրդովվել է...

- Սիմֆոնիկ նվագախմբի կոլեկտիվն այստեղ ի՞նչ գործ ունի,- ծիծաղս հազիվ զսպեցի։- Խլուրդն ու սիմֆոնիկ նվագախումբն այդ երբվանի՞ց են հոմանիշներ դարձել... Ի դեպ, լսել եմ, որ «մաեստրո» Խլուրդին այժմ էլ ուզում են նշանակել կինոստուդիայի կամ բալետի թատրոնի տնօրեն։ Ձեր այդ «արվեստագետը» գո՞ւցե վաղն էլ փորձելու է համոզել, թե ողջ կինեմատոգրաֆիան, բալետի կամ դրամթատրոնի կոլեկտիվներն են կանգնած իր թիկունքում...

Խլուրդի անձնական ներկայացուցիչ այս ծերուկի ներկայությունն ինձ զվարճացնում էր, և ես լուրջ տոնով ասացի.

- Օրերս «Եվրոնյուսն» ու «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել են, որ Հռոմի պապը լսելով Խլուրդի սիմֆոնիան, զարմացած բացականչել է. «Մինչև հիմա որտե՞ղ է եղել այդ մեծ արվեստագետը, որ չենք տեսել։ Մեր այս փոքրիկ հողագունդն այդ ինչպե՞ս է կարողանում իր վրա կրել այնպիսի մի մեծություն, ինչպիսին Խլուրդն է...»։

- Տեսնո՞ւմ եք, նույնիսկ Հռոմի պապն է գնահատում մաեստրոյի արվեստը,- զվարթացավ ծերուկը,- իսկ դուք գրել եք, թե նրա երրորդ ներկայացման ժամանակ դահլիճում ընդամենը 2 ուսանող էին նստած... Ես հաշվել եմ, Խլուրդի բարեկամների հետ միասին ուղիղ 12 հոգի են եղել...

Ծերուկն ավելի ու ավելի էր ինձ զվարճացնում, բայց շտապեցի կարճել այս ներկայացումը.
- Անկասկած Խլուրդը տաղանդավոր անհատականություն է...
- Այո՜,- զվարթացած ասաց նա։- Պարոն Խլուրդին ուրիշ ի՞նչ հաղորդեմ ձեր կողմից։

Ուզում էի ասել՝ «Փառասիրությամբ հիվանդ ու խանգարված այդ հոպոպին հաղորդիր, որ վաղուց ժամանակն է վերջ տա Արվեստի տաճարում իր լարախաղացությանն ու մտածի ճամպրուկները կապելու մասին», բայց ծերուկի տրամադրությունը չփչացնելու համար ասացի միայն.

- Առանձնապես ոչինչ, բայց մի թեթև գլխի գցի մի լավ լվանալ ծնոտից կախած ցախավելն ու հասկանա, որ այն դեռևս բավարար ապացույց չէ գրող ու արվեստագետ կոչվելու համար։ Այլապես «բոմժերն» ու այծազգիները վաղուց կգլխավորեին մշակույթի գործիչների ցուցակը։

Դուռը փակեցի ու մտածեցի՝ եթե արդեն խլուրդներն են զբաղվում մեր մշակույթով, ուրեմն կորած ենք...

2010 թ.

ՉԻՆՈՎՆԻԿԸ


Միջահասակ, արտաքուստ ոչնչով աչքի չընկնող այս պաշտոնյան նման է աշխարհի բոլոր պաշտոնյաներին։ Բայց կարծես նաև նման չէ նրանց։ Ահա նա, անսահման բավականություն ճառագելով, շողոմադեմ ու ստորաքարշորեն ժպտում է իշխանավորներին, չորստակ ծալվում ու պարտաճանաչ աշակերտի պես կատարում վերևից իջեցված հրահանգները։

Վերջապես օրվա հացը վաստակված է, և նա դուրս է գալիս կառավարական շենքից։ Իսկ շուրջբոլորը մարդիկ գնում-գալիս են, շտապում են, կամ իրենց հավեսին, հանգիստ զբոսնում են։ Նրանք աղքատ են կամ հարուստ։ Կամ շատ աղքատ են, կամ շատ հարուստ։ Նրանցից ոմանք հարգում են իշխանություններին, ոմանք չեն հարգում, բայց վախենում են այդ մասին խոսել անգամ հարազատ կնոջ մոտ։ Մյուսները ոչ հարգում են, ոչ էլ չեն հարգում. իրենց հոգս ու ցավերի մեջ խճճված, իրենց համար ապրում են՝ առանց իմանալու, որ երկրում նաև իշխանություններ կան։ Նրանք նույնիսկ չգիտեն, թե դրանք, այդ իշխանություններն ընդհանրապես ինչի համար են։ Իսկ ոմանք էլ ոչ միայն չեն սիրում իշխանություններին և դա չեն թաքցնում, այլև ուրախ կլինեին օր առաջ ազատվել նրանցից։

Ու ահա, Պաշտոնյան դուրս է եկել իշխանական պալատից, իսկ շուրջբոլորն այդ մարդիկ են՝ իրար շատ նման, միաժամանակ, իրարից շատ տարբեր՝ իրենց հոգսերով, տարբեր՝ իրենց գրպանների կամ գլխի պարունակությամբ ու կահավորմամբ, գլխարկով ու առանց գլխարկի, ակնոցով կամ առանց ակնոցի, ժանեկազարդ ու լիքը գրպաններով կամ չթե դատարկ ու ծակ գրպաններով և այլն։

Պաշտոնյան նրանց մեջ նկատում է շատ կոկիկ հագնված ծանոթներից մեկին, որ իշխանություններին շատ թունդ սիրում է, և այդ սերը փոխադարձ է. ղեկավար տղերքը երկրի գանձարանից հաճախ կլորիկ գումար են բաց թողնում սրա հասցեով։
- Իշխանությունների ցավը տանեմ,- ծանոթին սրտաբուխ խոստովանում է Պաշտոնյան,- ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեր ճարը, եթե նրա՛նք չլինեին մեր ղեկավարները։
- Այո՜ս,- ասում է ծանոթը, որ քաղաքում 4-5 կոոպերատիվ-մոոպերատիվ ունի,- իրոք աննման տղերք են։ Ժողովրդի վիճակը հասկացող ու երկրի շարքային քաղաքացուն գնահատող մարդիկ են…

Պաշտոնյային քիչ հետո հանդիպում է երկրորդ ծանոթը, որ բացարձակապես գաղափար չունի իշխանությունների գոյության մասին։
- Չեմ հասկանում, մինչև ե՞րբ ենք այսպես անտեր ապրելու։ Սա կյա՞նք է, սա ապրո՞ւստ է,- վրդոված ասում է Պաշտոնյան՝ զգուշության համար, համենայն դեպս, աչքի տակով շուրջը նայելով։
- Հա՜, էդպես է,- հաստատում է երկրորդ ծանոթը։

Երրորդը վաստակավոր լրագրողի կոչումով մի տիկին է, որին տարիներ առաջ խմբագրությունում գիշերը բռնեցրել էին իրենից ջահել կոլեգայի գրկում։
- Էս ի՞նչ մարդիկ են ապրում այս երկրում՝ բամբասասեր, քիթներն ուրիշների անձնականի մեջ խոթող։ Միայն իշխանություններն են մնացել ազնիվ ու անշահախնդիր,- իրար որպիսություն հարցնելուց հետո ասաց Պաշտոնյան, որովհետև գիտե, որ վերջինս սիրում է շողոքորթել իշխանություններին։
- Որքա՜ն ճիշտ եք նկատել,- ոգևորվեց տիկին լրագրողուհին։- Ձեր այդ ազնիվ կեցվածքի համար ես շատ եմ հարգում ձեզ...

Պաշտոնյան այդ խոսքերից շոյված առաջ շարժվեց ու քիչ անց կողքին զգաց չորրորդ ծանոթի շնչառությունը... Սատանան տանի, բայց սա որտեղի՞ց հայտնվեց, վիզը մի կողմի վրա ծռած, ամեն ինչից դժգոհ, խեղճուկրակ տեսքով այս ողորմելին։ Բայց սա պետությունից մեդալ է ստացել, որովհետև ժամանակ առ ժամանակ զրպարտություններ է մոգոնում իր բոսերի մատնանշած անձանց մասին, հաչում բոլոր նրանց վրա, որոնց վրա «քսի» է տալիս իր անմիջական տերը։ Պաշտոնյան թթված տեսքով սեղմեց սատանայի տարած այս լակեյի ձեռքը։

- Տեսքդ այսօր լավ է երևում,- մի բան ասելու համար հայտնեց Պաշտոնյան։
- Ինչո՞ւ ես այդպես ասում,- վիրավորվեց Լակեյը և ավելի ողորմելի տեսք ընդունեց։
- Ճիշտ որ։ Իսկապես երեսիդ գույն չկա,- իրեն ուղղեց Պաշտոնյան։
Այս բառերը լսելով Լակեյը պայծառացավ։ Նա սիրում է, որ իրեն խղճում են։ Սա այն տիպերից է, որին ամեն անգամ տեսնելիս ուզում ես ցավակցել։
- Սրանցից ե՞րբ ենք ազատվելու,- նախապես համոզվելով, որ իրենց ուրիշ լսող չկա, ասաց Լակեյը։- Իրենց համար սուպերմարկետներ են սարքում, միլիոններ վաստակում, մեծ-մեծ շքանշաններ ստանում, բայց աչքները մեր փոքրիկ խանութի, մեր մի կտոր հացի վրա է...

- Մի քիչ էլ համբերիր, շուտով սրանց վերջը կգա,- ասաց Պաշտոնյան և հապշտապ հրաժեշտ տվեց Լակեյին, որովհետև, ո՜վ սարսափ, մոտերքում, անցորդների մեջ մի այլ պաշտոնյա երևաց։ Բարեբախտաբար, մյուս պաշտոնյան նույնպես խուսափում էր այդ հանդիպումից, և երկուսն էլ որոշեցին աննկատ շրջանցել իրար։ Բայց, դժբախտաբար, մի քանի րոպե հետո, չար պատահմամբ, նրանք հայտնվեցին դեմ առ դեմ։ Միայն վերջին պահին հասկացան, որ արդեն ուշ է, հանդիպումն անխուսափելի է։

- Քիչ առաջ այդ «Մաուգլիի» Շակալի հետ էիր զրուցո՞ւմ,- իրար ձեռք սեղմելուց հետո դժգոհ հարցրեց այս պաշտոնյան։
- Հա, ինչպես միշտ, դժգոհ է կյանքից, բոլորից,- պատասխանեց մեր Պաշտոնյան, ապա զրույցի թեման փոխեց.- Բայց ափսո՞ս չէ մեր այս երկիրը, ուր նայում ես՝ զվարթ ու անհոգ մարդիկ են։

- Բախտներս բերել է։ Մեր այս չքնաղ լեռնաշխարհի պես մի այլ երկիր չկա,- ոգևորվեց մյուս պաշտոնյան, բայց մեր Պաշտոնյայի դեմքին դժգոհություն նկատելով, ավելացրեց,- սակայն սա կյանք չէ, որ մենք ապրում ենք։
- Դե, իհարկե, սա ի՞նչ կյանք է։

- Շան կյանք է,- ասաց զրուցակիցը,- ամեն դուրսպրծուկ գլխներիս ղեկավար են կարգել։ Շան տղերքն էլ այնպես են լափում, ասես տարիներով սոված են եղել։
- Անտեր երկիր է, իսկ մեջտեղ մեզ նմաններն են տուժում,- Պաշտոնյան հուզված հանեց թաշկինակը։- Որ էսպես շարունակվի...

- Երկիրը դատարկվում է։ Բոլորը թողնում, գնում են ռուսաստաններ ու Ամերիկա... Այս պարազիտներից պետք է ազատվել...
Մեր Պաշտոնյայի մարմինը հանկարծ սառը քրտինք պատեց։ Չափն արդեն անցան։
- Ես լիովին համամիտ եմ, որ սա երկիր չէ,- ասաց,- բայց մեր իշխանությունները մեղք չունեն, իշխանությունները լավն են։
- Իհարկե՛, իշխանությունները լավ են։ Մեր ղեկավարության պես ազգընտիր ղեկավարություն չկա,- ակնածանքով ասաց երկրորդ պաշտոնյան։

- Միայն սրիկաները, երախտամոռները կարող են դժգոհել այսպիսի ղեկավարներից։ Իշխանությունների ցավը տանեմ...
- Այո, մեր ղեկավարներն են երկիրը պահում,- ասաց մյուս պաշտոնյան։- Առանց նրանց մենք կորած ենք...

- Աստված չանի, եթե հանկարծ իշխանափոխություն լինի, եթե ինչ-որ ընդդիմություն իշխանության գա,- մեր Պաշտոնյան անկեղծորեն հուզվեց։- Այդ հարվածին մենք չենք դիմանա։

Հետո նրանք իրար հրաժեշտ են տալիս։ Մեր Պաշտոնյան տուն է շտապում, որովհետև արևն արդեն մայրամուտ է թեքվում։ Նա կարծես քթի տակ ժպտում է, ոնց-որ տրամադրությունը լավ է։ Բայց ո՛չ, նա ամենևին չի ժպտում, տուն է շտապում՝ մռայլադեմ շուրջը նայելով։ Նա տուն է շտապում, որովհետև օրն արդեն մթնում է։ Նա մերթ մռայլ է, մերթ ժպտում է, բայց իրականում ոչ տխուր է, ոչ ուրախ։ Նա երջանիկ չէ, նա նաև դժբախտ չէ։ Նա հայ չինովնիկ է։ Նոր ժամանակների հայ չինովնիկ։

Նա, մեծ հաշվով, թքած ունի թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության վրա, բայց վախենում է, որ վաղը հանկարծ իշխանության կգան ընդդիմադիրները և, կարծելով, թե ինքը ներկա ռեժիմի մարդն է, կզրկեն օրվա հացից։ Մինչդեռ իրականում նա հպատակորեն ծառայում է նրանց, ովքեր այսօր իշխանություն ունեն։ Եթե վաղը գահ բարձրանան ընդդիմադիրները, անարխիստները կամ կրկին իշխանությունը նվաճեն կոմունիստները, նա ստորաքարշորեն ծառայելու է նաև վերջիններիս։

2011 թ.

ԽԼՈՒՐԴԸ՝ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ


Խլուրդն աշխատում էր վերելակային ծառայության նկուղային բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։ Վերելակների պղնձե մետաղալարերը թռցրեց ու ծախելիս բռնվեց։ Պիտի գործ հարուցեին, սակայն ծանոթ-բարեկամների միջնորդությամբ տեղափոխեցին այլ աշխատանքի. նշանակեցին սիմֆոնիկ նվագախմբի ադմինիստրատոր։ Համերգների ժամանակ նստում էր առաջին շարքում ու հենց որ հնչում էր առաջին ակորդը, դիրիժորի ձեռքի փայտիկի շարժման հետ, գլուխը կախում էր և իսկույն քնում։ Մտերիմները հասկացրին, որ այդպես չի կարելի, վերջապես համույթի ղեկավար մարմին է, կծիծաղեն իր վրա։

Դրանից հետո Խլուրդն այլևս դահլիճում չէր երևում, օրերով փակվում էր առանձնասենյակում և ոչ մեկին չէր ընդունում։ «Պարոն Խլուրդը զբաղված է, աշխատում է»,- թութակի պես կրկնում էր քարտուղարուհին։ Մի ամիս հետո երաժիշտների շրջապատում սկսեցին լուրեր պտտվել, թե Խլուրդը սիմֆոնիա է գրում։ Նրան ճանաչողները ծիծաղում էին և ձեռքները թափ տալիս, չճանաչողները՝ զարմանում. «Չէ՜ մի, դա էլ նոր անեկդո՞տ է...»։

Մի օր Խլուրդն իր մոտ հյուր կանչեց դիրիժոր Աղվեսին, խորոված-լուլաքաբաբով, ժենգյալով հացով ու յոթաստղանի կոնյակով հյուրասիրեց և ներկայացրեց իր «սիմֆոնիան»։ Աղվեսը լսեց, ծանր հոգոց հանեց, մի քանի րոպե խորհեց ու ասաց. «Ճիշտն ասած, նման գործ սկսելուց առաջ լավ կլիներ, որպես սկիզբ, քո ուժերին համապատասխան գործ ձեռնարկեիր, ասենք, մի հատ ցախավել պատրաստեիր կամ բոփսիկ սարքեիր, բայց դե, որ մտքիդ դրել, սիմֆոնիա ես գրել, ի՞նչ արած, պիտի բեմ հանենք...»։

Խլուրդի սիմֆոնիայի պրեմիերային սկզբում ներկա էին միայն հրավիրվածները, երկրորդ օրը՝ հրավիրյալների մեկ քառորդը, երրորդ օրը՝ երկու ուսանողուհի՝ լրագրության բաժնից, որոնք որևէ բան գրելու հրահանգ էին ստացել իրենց դասախոսից։ Երբ նրանցից մեկը հարցրեց՝ «Պարոն Խլուրդ, ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք», մաեստրոն պատասխանեց. «Այժմ աշխատում եմ օպերայի վրա»։

Մի քանի ամիս հետո Խլուրդին ազատեցին աշխատանքից։ Խեղճն այդպես էլ չհասցրեց ավարտին հասցնել իր «Հերոսական օպերան»։ Սակայն նա արդեն նոմենկլատուրային կադր է և, հավաստի լուրերի համաձայն, նրան այժմ ուզում են նշանակել կինոստուդիայի կամ բալետի թատրոնի տնօրեն։ Հետաքրքիրն այն է, որ լուրեր են պտտվում, թե Խլուրդն արդեն փորձում է սցենար գրել կինոնկարի համար։ Ասում են նաև, որ նա, միաժամանակ, բալետի համար լիբրետո է գրում։

2010 թ.

ՉԻՆՈՎՆԻԿԻ ԵՐԱԶԸ


Գավակ Փուչիկյանը վատ երազ տեսավ, շատ վատ երազ։ Արդեն կեսգիշեր էր։ Սկզբում քունը չէր տանում, դուրս եկավ պատշգամբ և ողջ մարմնով սարսռաց։ Կապտասև երկնքում յաթաղանի պես կախվել էր լուսինը, իսկ հարևան թաղամասում չարագուշակ ոռնում էին շները։

Մտավ անկողին, մի քանի անգամ աջ ու ձախ շուռումուռ եկավ և, վերջապես, քնեց։ Ու երազում տեսավ Նրան։ Ինքը նստած էր բազկաթոռի մեջ և բաց դռնից նայում էր, թե ինչպես է սարսափազդու լուսինն աստիճանաբար մեծանում ու մոտենում։ Ասես ուր որ է բաց դռնով պիտի մտնի սենյակ։ Փուչիկյանն արդեն իր վզի շուրջ զգում էր լուսնի շեղբի սառնությունը, բայց հանկարծ այն չքացավ երկնքից։ Բաց դռնից երևացող երկնքի փոքրիկ կտորը թաղվեց խավարում։ Փուչիկյանը վախեցած ձեռքը մեկնեց, մթության մեջ գտավ գիշերալամպի կոճակն ու սեղմեց...

Ո՜վ սարսափ։ Լուսնի և իր միջև, բաց դռան մեջ կանգնած էր Նա՝ Կևորկովը, հենց ինքը՝ Բորիս Սարկիսիչը։
Ողջ մարմինը փշաքաղվեց։ Վախից բերանը բացեց, բայց այնտեղից ոչ մի ձայն դուրս չեկավ։ Ակամայից չոքեց նրա առջև։
- Գյադա, վախեցա՞ր,- Կևորկովը արհամարհանքով նայեց Փուչիկյանին։- Ի՞նչ է, քունդ չի տանո՞ւմ, կերածդ չի մարսո՞ւմ։
- Այդ դո՞ւք եք, Բորիս Սարկիսովիչ։

Կևորկովը դանդաղ, ծանր քայլերով մտավ սենյակ և տանտիրոջ ինքնավստահությամբ ընկղմվեց բազկաթոռի մեջ։ Բաց դռան մեջ կրկին երևաց լուսնի սարսափելի յաթաղանը։
- Չէի՞ր սպասում, կարծում էիր, թե էլ չե՞նք հանդիպելու,- նախկին տիրակալի ակնոցի ու աչքերի սառնությունից Փուչիկյանի մարմնով սահմռկեցուցիչ ցուրտ անցավ։

- Ես... Ըմ... Ներեցեք, բա դուք չեք մահացե՞լ, Բորիս Սարկիսովիչ...
- Գյադա, ես անմահ եմ։ Միայն բնակավայրս եմ փոխել։ Երկրայինից տեղափոխվել եմ Երկնային բնակարան... Իսկ, ընդհանրապես, քանի դու և քեզ նմանները կաք, ես շարունակելու եմ ապրել այսօրվա իշխանավորի և գալիք մյուս ղեկավարների մեջ։

Փուչիկյանը վախեցած չորս կողմը նայեց։
- Ի՞նչ ես նապաստակի պես այս ու այն կողմ խլշկոտում,- Կևորկովը գիշերալամպն իրեն քաշեց, որ դեմքն ավելի լավ երևա,- շատ եմ փոխվե՞լ...
- Չչէ, չչեք փոխվել Բորիս Սարկիսովիչ։
- Իսկ դու ոնց-որ փոխվել ես... Եվ հետո, ինչո՞ւ ես այդ տեսքով չոքել իմ առջև։ Նստուկդ դրել ես ուսերիդ վրա, հերիք չէ, համարձակվում ես ինձ հետ խոսել նստուկիդ միջից...

- Սա... Սա նստուկ չէ,- Փուչիկյանը երկու քայլ առաջ սողաց, որ իրեն լավ տեսնեն։- Սա գլուխս է...
- Հա՜,- Կևորկովը սկզբում զարմացավ, հետո հանկարծ աշխուժացավ։- Ղամմազ, բա ինչո՞ւ ես այդպես պարարտացրել։ Մսամթերման պիտի տա՞ս, թե՞ սոցմրցություն ես ծավալել քամակիդ հետ։ Կամ գուցե որոշել ես խաշ գցել...
Փուչիկյանը քծնանքով ժպտաց.
- Բորիս Սարկիսովիչ, շնորհակալություն՝ կոմպլիմենտի համար։

- Գյադա... Անունդ էլ դարձյալ մոռացել եմ... Բայց, ոչինչ, դա կարևոր չէ... Հա, գյադա, տեսնում եմ, որ դարձյալ լավ ես ապրում...
- Ոչինչ, էլի, համեստորեն ապրում եմ...
- Համեստորեն ապրո՜ւմ եմ... Ախմախ, դու ե՞րբ ես համեստ եղել... Դուռս երեսիդ փակում էի՝ պատուհանից էիր ներս սողում, պատուհանս էի փակում՝ ունիտազի միջից էիր շողոքորթ դունչդ ցցում... Ի դեպ, հիշո՞ւմ ես քո էդ ժողովուրդ կոչվածը քեզ և ընկերներիդ ինչ էր անվանում։

- Ինչպե՜ս չեմ հիշում, Բորիս Սարկիսովիչ,- Փուչիկյանը երանությամբ ժպտաց,- «Կևորկովի շներ» էին անվանում։
- Ճիշտ է, չես մոռացել։ Իսկ հիմա ո՞ւմ ոտքերն եք լիզում... Իսկ ձեր այդ իշխանությունները, որ ինձնից հետո եկան, կարողանո՞ւմ են կառավարել...
- Ձեր գիծը շարունակում են, Բորիս Սարկիսովիչ...
- Հա՞... Կարողանո՞ւմ են ձեր այս դրախտ երկիրը հայաթափել... Իսկ ինձ հիշո՞ւմ եք մեկ-մեկ...

- Ինչպես չէ, Բորիս Սարկիսովիչ,- Փուչիկյանը հանեց ծոցատետրը, էջերը զգուշորեն պրպտեց ու, այնտեղից մի լուսանկար հանելով, պայծառացած մեկնեց Կևորկովին,- ահա ձեր նկարը, Բորիս Սարկիսովիչ, խնամքով պահում եմ...
- Լա՛վ, պատմիր տեսնեմ. ձեր այդ նոր իշխանություննե՞րն են լավ, թե՞ ես և իմ ղեկավարած տարիները...

- Բորիս Սարկիսովիչ, ես ամեն օր հիշում եմ այն երանելի ժամանակները, երբ ձեր ղեկավարությամբ անշեղորեն ծաղկում էր մեր երկիրը,- Փուչիկյանը չորեքթաթ մի քայլ էլ առաջ սողաց և, զգուշորեն շուրջը նայելով, շարունակեց,- սրանք հրեշներ են։ Սրանք ոչ թե ուտում, այլ ձեռքներն ընկածը սաղ-սաղ կուլ են տալիս... Սրանք, այս արնախումները ձեր կոշիկի փոշին չարժեն...
- Բայց նույն շանորդին ես մնացել, հա՜,- Կևորկովն արհամարհանքով նայեց Փուչիկյանին ու ոտքերը մեկնեց, կոշիկները դիպցրեց վերջինիս պարարտ փորին։- Ամենևին չես փոխվել։ Բայց դո՞ւ չէիր, որ ինձնից հետո ձեր այդ միտինգներում քարկոծում էիր ինձ։

- Էդ ո՞վ է ասել, էն սրիկա Քուչիկյա՞նը, Դնչիկյա՞նը... Սրիկաներն էլի ինձնից առաջ են ընկե՞լ...
Կևորկովը զվարթացավ.
- Չ՜է, իսկապես նույն շան տղան ես մնացել։ Էն ժամանակ էլ էիք ինձ քծնելու համար դնքսում, ոտքերս լիզելու համար գզվռտում, իրար գզում թուլաների նման... Լավ, գյադա, մի բան հարցնեմ. ճանապարհին տասնյակ պարսպապատ շքեղ շինություններ տեսա, դրանք ի՞նչ են։

- Մեր նոր տերերի դղյակներն են։ Նրանք այնտեղ են ապրում։
- Իսկ պարիսպներն ինչի համար են։
- Որ ժողովրդից պաշտպանվեն։
- Հա՜,- Կևորկովը բազմանշանակ գլխով արեց,- ժամանակին այդ մեկը ես չգիտեի... Անունդ դարձյալ մոռացա։ Հա, հիշեցի, գյադա, մի քիչ էլ քո մասին պատմիր։ Ի՞նչ ես անում, ոնց ես լափդ վաստակում...
- Դե, ինչպե՞ս ասեմ, Բորիս Սարկիսովիչ, ինչպես միշտ՝ ծառայում եմ...

- Հասկանալի է, էլի ղեկավարությանը քծնում-շողոքորթո՞ւմ ես...
- Հա,- Փուչիկյանը համեստորեն գլխով արեց։
- Իշխանությունների մոտ էլի նորմալ մարդկանց չարախոսում, բամբասում ու ծախո՞ւմ ես...
- Հա, դա էլ կա,- Փուչիկյանը հպարտորեն կուրծքը ցցեց։ Մենք հասարակության սանիտարներն ենք։ Չար ու վտանգավոր գաղափարները պետք է արմատախիլ անել։ Իշխանությունը գլուխ է, մենք՝ ոտքեր։ Գլուխն ինչ հրամայում է, ոտքերը պարտավոր են կատարել...

- Չէ, գյադա, դու ոտք չես, դու կոշիկ ես, որ եկող-գնացողները հագնում են... Չէ՛, չէ՛, դու քամակ ես, նստո՛ւկ... Մենք՝ ղեկավարներս, բոլոր տեսակի իշխանություններս գնացական ենք, դու և քեզ նմանները՝ մնացական, հավերժական։ Մենք գալիս-գնում ենք, դու և քեզ նման գյադաները մնում եք... Դե լավ, վե՛ր կաց, ճանապարհվում ենք...
Փուչիկյանն աշխույժ ոտքի ելավ։
- Ո՞ւր ենք գնում, Բորիս Սարկիսովիչ։
- Ինձ մոտ, երկնային կյանք։
- Ի՞նչ,- Փուչիկյանը գունատվեց։
- Լավ չես լսո՞ւմ, քեզ տանում եմ ինձ մոտ ծառայության։

Կևորկովը պինդ բռնեց Փուչիկյանի դաստակն ու բաց դռնից դուրս եկան պատշգամբ։ Բորիս Սարկիսիչը կամաց-կամաց կտրվեց գետնից և աստիճանաբար սկսեց բարձրանալ։ Փուչիկյանն ամուր բռնեց նախկին տիրոջ ոտքերից և, այն պահին, երբ երկուսով համբարձվում էին վեր, հանկարծ մի ծանր հարված ստացավ գլխին ու սրընթաց սուրաց ցած։

Գավակ Փուչիկյանը բացեց քնաթաթախ աչքերը, բայց դեռևս չկարողացավ հասկանալ, որ ընկել է մահճակալից։ Այդ պահին, ասես երազում, լսեց կողակցի ձայնը.
- Դանդալոշի մեկը, սա էլ նոր սյուրպրի՞զ է, մեր անկողինը ծովից-ծով ես սարքել...
- Ի՞նչ ծովից-ծով,- Փուչիկյանը երազից դեռ ուշքի չեկած, մշուշված նայեց կնոջ չռված աչքերին,- բա Բորիս Սարկիսովիչն ո՞ւր է...
- Բորիս Սարկիսովիչն էր պակաս, էշի մեկը, տակիդ միզել ես...

Լուսամուտից երևացող երկնքի կտորից լուսնի յաթաղանը չքացել էր, բայց շներն արդեն ոռնում էին իրենց թաղամասում...

Հունիս, 2003 թ.

ՇԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Դրսում մի շուն էր հաչում։ Սկզբում ուշադրություն չէի դարձնում, բայց նա ոչ մի կերպ ձայնը չէր կտրում, ու նրա հաչոցները սկսեցին կամաց-կամաց ազդել նյարդերիս վրա։ Նա հաչում էր շատ անճաշակ ու ապաշնորհ ձեւով։ Այդ հաչոցում ոչ մի զգացմունք ու վերաբերմունք չկար։ Պարզապես հաչում էր այդ շունը, ու ձայնը կտրելու մտադրություն չուներ։

Մի ժամ անցավ, իսկ նա դեռ հաչում էր։ Անցավ երկու ժամ, բայց այդ հիմարը ձայնը չէր կտրում։ Գրողը տանի, գոնե մարդավարի հաչի, գոնե գնա ամայի մի ջահանդամում կոկորդ պատռի։ Թե չէ՝ ցցվել է մեր քաղաքի մարդաշատ այս թաղամասում եւ անտանելի իր հաչոցներով զահլա է տանում։

Այդ ցնդածը չի՞ հասկանում, որ սա հասարակական վայր է, այլ ոչ թե ինչ-որ ջունգլիներ կամ նիստերի դահլիճ, որ ով ինչ ուզենա՝ անի... Գոնե ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա հաչի, գոնե լուսնի կամ, ասենք, աստղերի վրա կաղկանձի, այլ ոչ թե հենց այնպես՝ աննպատակ, անիմաստ ու անսկզբունք։ Գրողը տանի, սա շո՞ւն է, թե՞ խոզի պես հարբած անցորդի մեկը։

Այլեւս չկարողացա ինձ զսպել եւ, դուրս գալով պատշգամբ, գոռացի նրա վրա.
- Վերջապես ձայնդ կտրելո՞ւ ես, թե՞ ոչ, ապուշի մեկը...
Նա նույնիսկ չնայեց իմ կողմը։ Պոչով արհամարհանքի մի օղակ գծեց օդում ու շարունակեց հաչել։

- Էհե՜յ, ավանա՛կ, ձայնդ կտրի՛ր,- գոչեցի ես։
Նա դարձյալ ուշադրության չարժանացրեց ինձ։
- Միմո՛ս,- համբերությունս կորցրած, բղավեցի ես։
- Ինչո՞ւ եք ինձ վիրավորում,- վերջապես արձագանքեց նա։
- Կորի՛ր այստեղից, ապաշնորհ շան որդի,- ավելի բորբոքվեցի ես,- գոնե մարդավարի հաչել իմանայիր...

- Իսկ ես չեմ հաչում,- հանգիստ ասաց նա,- ես արտասանում եմ...
- Գրողի ծոցը չքվիր քո այդ արտասանությամբ, տխմար անասո՛ւն,- համբերությունս կորցրած, գոչեցի ես։
- Մենք դեռ կհանդիպենք,- արհամարհանքով ասաց շունն ու, գռմռալով, հեռացավ։
Հաջորդ օրը նա այլեւս չերեւաց մեր կողմերում։ Անցավ մի օր, երկու օր, եւ նա դարձյալ չերեւաց իր ապուշ հաչոցներով։

Արդեն ես մոռացել էի անիծյալ այդ չորքոտանուն, բայց մի օր, երբ միացրի հեռուստացույցը, զարմանքից քար կտրեցի. էկրանին ինձ ծանոթ շունն էր։ Այս անգամ նրա վզին գեղեցիկ մի «թիթեռնիկ» կար։ Նա դարձյալ հաչում էր։ Իսկ դահլիճում նստածները ծափահարում էին։

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Վաղուց մերոնց չէի տեսել։ Մեկնեցի գյուղ։ Ծանոթ մի տան մոտով անցնելիս, հին սովորությամբ, սպասեցի, որ բակից ուր որ է դուրս կթռչի տանտիրոջ գամփռն ու կսկսի հաչել ինձ վրա։ Իսկ գամփռն այդ, հանգիստ մեկնվել իր բնի առջև, նույնիսկ չէր նայում իմ կողմը։
Շարունակեցի ճանապարհս։ Ես արդեն մոտենում էի բարեկամներիս տանը, բայց դեռ ոչ մի շուն չէր հաչել ինձ վրա։

Սատանան տանի, սա ի՞նչ վերաբերմունք է։ Ես արդեն սկսեցի լրջորեն վիրավորվել շների այդ ոչ շնային պահվածքից։
Վերջապես բացեցի դռնակն ու մտա բակ։ Մինչ ողջագուրվում էի բարեկամներիս հետ, նրանց շունը կողքովս անցավ՝ առանց նվազագույն ուշադրություն դարձնելու ինձ վրա։
- Հորեղբայր, այս ի՞նչ է պատահել այս շներին,- հարցրի,- ինչո՞ւ չեն հաչում։ Ի՞նչ է, հաչելը մոռացե՞լ են...

- Դու հապա նրան հարցրու,- ասաց հորեղբայրս։
- Լսի՛ր, շու՛ն, ինչո՞ւ չես հաչում։
Նա վարից վեր այնպես նայեց ինձ, կարծես ես ներքևում էի, ինքը՝ վերևում։
- Դա հին ժամանակներում էր,- գռմռաց ու, պոչը թափ տալով, արժանապատվությամբ շարժվեց դեպի իր բույնը։
- Հիմա դրանց հետ խոսել չի լինի,- ասաց հորեղբայրս,- լկտիացել են սրիկաները։ Օրերով տնից կորչում է, լսել եմ՝ ուզում է հարևան գյուղերից մեկում ինչ-որ պաշտոն ձեռքը գցել...

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս պատմությունները պատմեցի մի քանի ծանոթ-բարեկամների, հետո տպագրեցի դրանք։
Հաջորդ օրը, գիշերվա կեսին, հեռախոսազանգ հնչեց։ Հեռախոսագծի մյուս ծայրից ինչ-որ մեկն ասաց.
- Պատիվ եմ պահանջում,- և լսափողը ցած դրեց։

Մի քանի րոպե հետո հեռախոսը նորից զնգաց։ Այս անգամ խոսողը մի շուն էր։
- Պատիվ եմ պահանջում,- ասաց նա ու սկսեց կատաղորեն հաչել։
Երբ երրորդ անգամ հեռախոսազանգ հնչեց, ես, կիսաքուն-կիսարթուն, վերցրի հեռախոսն ու պատուհանից դուրս նետեցի։

Օգոստոս, 1999 թ.

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ


Երբ տպագրվեց իմ «Երկնային կատակերգություն» գրվածքը, որտեղ պատմում էի, թե ինչպես տեր Աստված երկնքից իջել, կառավարական շենքի ամենավերին հարկում ընդունելություն կազմակերպել և մասնագիտություններ ու աշխատանքներ էր բաժանում, ընկերներս, բարեկամներս և ծանոթներս դժգոհեցին. «Էդ ինչո՞ւ բոլորի մասին՝ անասնաբույժի, քարտուղարուհու, դիվանագետի, մանկավարժի, զրպարտչի և գիտնական-միտնականի մասին գրել ես, բայց բանաստեղծի մասին չես գրել»։

Սկսեցի երկար-բարակ բացատրել, որ բանաստեղծը դեռևս մինչ այդ էր հանդիպել Երկնայինին և, ընդհանրապես, ես շատ մեծ հարգանք եմ տածում ժամանակակից ոտանավորչիների հանդեպ ու չէի կարող նրանց մասին չգրել։ Սակայն ընկերներս, բարեկամներս ու ծանոթներս ինձ չհավատացին։ Եվ ահա, իմ արխիվից հանելով այդ հանդիպման սղագրությունը, ներկայացնում եմ ընթերցողներին։

Մի օր, արևը դեռ նոր-նոր ծագած, երբ տեր Աստված առավոտյան մարզանքներից հետո ձվածեղ էր կերել ու վրան բրազիլական թունդ սուրճ էր խմում, քիթ ու բերանի մերձակայքում հանկարծ խուտուտ զգաց։ Որոտաձայն փռշտաց, և այդ պահին նրա բերանից թե քթից դուրս թռավ ու առջևը ցցվեց թղթապանակը կռնատակին անորոշ տարիքի մի տիպ։

- Յա՜, դու որտեղի՞ց հայտնվեցիր,- զարմացած հարցրեց Երկնայինը։
- Դժվարին, բայց պատվավոր ճանապարհ եմ անցել տեր իմ... Իսկ իմ հիմար կոլեգաները դեռ կես ճանապարհին են, փորձում են ծխնելույզից մտնել,- հարգալից գլուխ տալով, ասաց մարդը։
- Հա՜, ուրեմն հրշեջ ծառայությունից ես...
- Չէ, բանաստեղծ եմ, տեր իմ, դիֆիրամբներ ու ձոներ եմ երկնում։

- Այսինքն։
- Այսինքն՝ միշտ գովերգում եմ բոլոր նրանց, ովքեր իշխանություն ունեն։ Երբ գահընկեց են լինում, առաջինը ես եմ քարով տալիս։
- Լավ։ Հիմա ի՞նչ ես ուզում, որդյակ,- հարցրեց Աստված։
- Հոտառությո՛ւն, տեր իմ,- կրկին գլուխ տալով, ասաց պոետը։
- Ի՞նչ... Հոտառությունն ինչի՞դ է պետք, դու շո՞ւն ես, թե՞ մարդ։

- Սուր հոտառություն եմ ուզում, երկնային, որպեսզի ժամանակից շուտ կարողանամ կողմնորոշվել։ Այսինքն՝ ավելի շուտ իմանամ և սկսեմ շողոքորթել ապագա իշխանավորներին։ Թե չէ, մեզ մոտ մի քանիսը կան, միշտ ինձնից առաջ են ընկնում։ Ես դռնով եմ մտնում, նրանք պատուհաններից են ներս խուժում, ես պատուհաններից եմ մտնում, նրանք կոյուղու խողովակներով են սուրում ղեկավարների ընդունարանները...

- Ահա թե ինչ,- Աստված ճերմակափառ բեղի տակ ժպտաց,- բայց հետաքրքիր շան որդի ես, որդյակ... Լավ, գնա՛։ Վաղվանից ականջներդ մի քիչ երկարացված կլինեն, որպեսզի կարողանաս ամեն ձայն որսալ...
- Հա, ինչպես մեծ բանաստեղծ Չարենցը կասեր, որպեսզի կարողանամ ժամանակի շունչը դառնալ...
- Ի՞նչ շուն... Ո՞ւմ շուն դառնաս։
- Ժամանակի շունչը։ Այսինքն՝ մեր թաղամասում, մեր քաղաքում կամ մեր երկրում ինչ կատարվի, դրա մասին բանաստեղծություն պիտի գրեմ։ Մի նոր խանութ կամ ֆերմա որ բացվի, ձոներգ պիտի ձոնեմ, մեր թագավորի կամ նախագահի կինը եթե զավակ պարգևի երկրին, պատմական այդ պահը պիտի գրավոր անմահացնեմ...

- Հա՜, դա ուրիշ բան է... Լավ, քեզ սուր հոտառություն կտամ, այնպիսի հոտառություն, որ շներն անգամ քեզ նախանձելու են... Դու միշտ լավ ես ապրելու, որդյակ։ Ժամանակները փոխվելու են, մի որոշ ժամանակ սոցիալիստներն են գալու իշխանության գլուխ, մի օր ֆաշիստները կամ կոմունիստները, բուրժուա-կապիտալիստները կամ անարխիստները, բայց դու, բոլորին քծնելով ու շողոքորթելով, շարունակ փափուկ պաշտոններ ու մրցանակներ ես ստանալու, որդյակ։ Երբեմն երեսիդ թքելու են, հետույքիդ քացի են տալու, սակայն, պալատական կոշիկներ ու գլխարկներ երկրպագելով, դու վաստակելու ես հացդ հանապազօրյա...

- Մերսի, տեր իմ, խիստ զգացված եմ։ Հերթական հանճարեղ գիրքս նվիրելու եմ ձեզ, իսկ կազմի վրա պոեմ եմ տպագրելու ձեր մասին,- բանաստեղծը կրկին երկտակվեց, հետո, գրպանից թղթի մի կտոր հանելով, պաթոսով սկսեց կարդալ. «Օ՜, Աստվա՜ծ, Աստվա՜ծ, լուսատու տիեզերաց...»։
- Ա՛յ տղա, սպասի՛ր, հերի՛ք է։ Ականջներս արդեն հոգնել են նման զիբիլներից... Վե՛րջ, գնա՛, գլուխս մի՛ հարդուկիր։ Գնա ժամանակիդ... Ինչպե՞ս է էն զահուրմարի անունը։ Հա՛, գնա ժամանակիդ շունչը դարձիր...

Երբ պոետը դուրս եկավ Երկնայինի առանձնասենյակից, վերջինս լայնորեն հորանջեց ու ասաց.
- Բայց սրիկա շան որդին առաջ է գնալու։

Ապրիլ, 1999 թ.

ԵՐԿՆԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ


Ուրախ լուրը կայծակի արագությամբ տարածվեց մայրաքաղաքում ու ողջ հանրապետությունում. քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու հարցերով զբաղվելու է հենց ինքը՝ տեր Աստված, որ օդանավի հատուկ չվերթով իջել է երկիր, այսինքն՝ մայրաքաղաք, և հրեշտակների ու գլխավոր հրեշտակապետի ուղեկցությամբ բազմել կառավարական շենքի ամենավերին հարկում։

Քաղաքի ծայամասերից մարդկանց հերթը ձգվում էր դեպի Կենտրոնական հրապարակ, այնտեղից՝ դեպի կառավարական շենք։ Քաղաքացիները մեկ-մեկ մտնում են Աստծո մոտ և, մի քանի րոպե հետո, համապատասխան նշանակում ստանալով, ուրախ-զվարթ դուրս գալիս այնտեղից։

- Որդյակ, ի՞նչ մասնագիտություն ունես,- փառավոր բազմած ինքնաթիռով իր հետ բերած աստվածային գահին, հրեշտակներով շրջապատված, հերթական այցելուին հարցրեց Երկնայինը։
- Սովետի տարիներին խանութում մսագործ եմ աշխատել,- պատասխանեց այցելուն։
- Նախարարություններից մեկում այսօրվանից գլխավոր խորհրդական ես աշխատելու,- ասաց Աստված։- Հաջորդը...

Ներս մտավ գեղեցիկ մի օրիորդ։
- Բալիկ ջան, դու ի՞նչ մասնագիտություն ունես։
- Մասնավոր մի համալսարանից դիպլոմ եմ գնել, բայց, ճիշտն ասած, մոռացել եմ նայել, թե մեջն ինչ է գրված։
- Մի բարձր պաշտոնյայի մոտ քարտուղարուհի կաշխատես։ Պետիդ համար թեյ ու սուրճ կսարքես, ժամանակին ծաղիկները ջրես, հեռախոսազանգերին պատասխանես...

- Պարոն աստված, դա հին ժամանակներում էր, որ ինձ նմանները քարտուղարուհու պաշտոնով գոհանում էին։ Կարծում եմ՝ իմ արտաքին և ներքին տվյալներով ավելի պատասխանատու պաշտոնների եմ արժանի,- բորբոքված ասած օրիորդը։
- Հը՜մ,- Երկնայինը քթի տակ ժպտաց։- Ղեկավարական նոր հաստիք է ստեղծվել, առայժմ հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու։ Բայց դա կարևոր չէ։ Այսօրվանից արտասահմանյան թանկարժեք սև ավտոմեքենայով ես շրջելու։

Հաջորդ այցելուն միջին տարիքի միջահասակ մի տղամարդ էր։
- Որդյակ, գիտե՞ս ինչ ասել է՝ քաղաքականություն,- հարցրեց Աստված։
- Հա, երբ պետության փողերով տարբեր քաղաքներ են ման գալիս։ Ի դեպ, ասեմ, որ մի տասնհինգ տարի եղել եմ խոպանում՝ ռուսական տարբեր քաղաքներում...
- Հիանալի է։ Արտգործնախարարությունում մի փափուկ պաշտոն կձևակերպենք քեզ համար։

Մյուս այցելուն թափանցիկ կարճ շրջազգեստով մի օրիորդ էր։ Աստված ակնոցի վերևից զարմացած նայեց նրան.
- Այ աղջիկ, էդ ստրիպտիզ-բարից ես գալի՞ս։
- Կան անհատներ, որոնք վճռորոշ դերակատարություն են ունեցել Տիեզերքի ստեղծման ու կերտման առումով։ Նրանք պատվարն են մեծ արարումի, առանց որի անիմաստ ու թերարժեք է Երկիր մոլորակի ճակատագիրը։ Այդ վսեմ անհատը Դուք եք՝ ո՜վ Մեծ արարիչ։

Աստված ակնոցի վրա մի այլ ակնոց դրեց ու զարմացած նայեց օրիորդին։
- Հա՜, դերասանուհի ես։
- Բանաստեղծություններ եմ գրում, բայց եթե մեղմ երաժշտություն միացնեք, կարող եմ Ձեզ համար, ոտանավորներ արտասանելով, թեթևասահ պարել։ Եթե գտնեք, որ վեհատես շարժումներիս շորերս խանգարում են, կարող եմ...
- Չէ, չէ,- Աստված վեր թռավ տեղից,- միայն թե չհանվես։ Ի՞նչ պաշտոն ասես, էս պահին հրամանը կգրեմ,- ապա արագ-արագ ինչ-որ բան գրեց ու մեկնեց օրիորդին։

Երբ օրիորդը դուրս եկավ, Աստված վերնաշապիկի վերին կոճակները բացեց.
- Օ՜ֆֆ, լավ պրծա, թե չէ ինձ անկողին էր քարշ տալու...
Դուռը կամաց բացվեց, շեմքին երևաց ամոթխած մի պարոն։ Աստված վախեցած նայեց նրան.
- Դո՞ւ էլ ես պոետ։
- Չէ, գրել-մրել չեմ սիրում, բայց ես կարող եմ մի քանի ժամ անընդմեջ ծափահարել,- ասաց տղամարդը և գլուխ տվեց։
- Հրաշալի է,- Երկնայինը աշխույժ շփեց ձեռքերը,- հենց առաջին հայացքից ինձ դուր եկար։ Այսօրվանից պատգամավոր ես...

Հաջորդ այցելուն անորոշ տարիքի մի կին էր։
- Դուստր իմ, դու ի՞նչ փեշակ ունես։
- Աստված ջան, ցավդ տանեմ, տառերը լրիվ չգիտեմ, բայց իմ անուն-ազգանունը գրելիս ընդամենը չորս սխալ եմ անում...
- Հա՜, դա լավ է,- Երկնայինը կրկին վերագտավ իրեն, ծխախոտ վառեց և բերանից ծխի օղակներ բաց թողեց,- լավ, որ ընդամենը չորս սխալ ես անում, ուրեմն ազատ կարող ես գլխավոր մասնագետ աշխատել նախարարություններից մեկում։ Հաջորդը...

Նոր այցելուն շողոքորթ ժպիտը դեմքին, անգույն մի տիպ էր։
- Որդյակ, դու ո՞վ ես։
- Ձերդ աստվածային պայծառաճաճանչություն, ես գրող եմ։
- Ինչի՞ մասին ես գրում։
Այցելուն քծնանքով ծալծլվեց.
- Ձերդ արևափայլություն, ոչ թե «մասին», այլ «դեմ» եմ գրում։ Ինձ վճարում են, իսկ ես զրպարտություններ ու հայհոյանքներ եմ գրում ինձ վճարողների հակառակորդների դեմ...
- Եվ էդ հացը ուտվո՞ւմ է... Քեզ նման էլի կա՞ն,- Աստված զզվանքով դեմքը շուռ տվեց։

Այցելուն աշխուժացավ.
- Հա, շատ են, շրջաններում, գյուղերում էլ կան, բայց այս պահին երեքով էինք, երկուսը դռան մոտ սպասում են։
- Ասա, թող նրանք էլ մտնեն...
- Որտե՞ղ մտնեն, Տիեզերափայլ։
- Ախմախ, ասա, թող ներս գան։

Ներս մտան երկու հոգի։ Վիզը ծուռ նրանցից մեկը հուղարկավորի տեսքով մոտեցավ, ծունկ չոքեց Աստծո առաջ, ուզում էր աջը համբուրել, Տիրակալը ձեռքը ետ քաշեց ու հարցրեց.
- Որդյակ, էդ մեռելատնից ես գալի՞ս։ Ցավակցում եմ։
- Շնորհակալություն,- այցելուն հոգու խորքում ուրախացավ, որ իրեն խղճում ու ցավակցում են։- Տեր իմ, Ձեր մասին պոեմ եմ գրել, բայց հովանավորներ չեմ գտնում՝ դրանք տպագրելու համար։

Երկնայինը գրպանից մի կապ թղթադրամ հանեց ու մեկնեց նրան.
- Վերցրու, քեզ եմ տալիս մի պայմանով, որ պոեմդ չտպագրես,- ապա դիմեց մյուս երկուսին.- չէ՜, դուք շատ եք առաջ անցել ձեր նախապապ Հուդայից... Էս ո՞ւր եմ ընկել, օ՜ֆֆ... Հրեշտակապետ, ո՞ւր ես բերել ինձ, սա ի՞նչ դժոխք է։ Սավառնակը գործի գցիր, թռչում ենք վեր...

Մայիս, 1999 թ.

ԹԱՄԱԴԱՅՈՒԹՅՈՒՆ ԹԱՄԱԴԱՅՈՒԹՅԱՆՑ


Վաղինակ Սաքսաֆոնիչը մեր քաղաքի ամենանշանավոր թամադան է։ Ժամանակակիցները վկայում են, որ Վաղինակ Սաքսաֆոնիչի ծննդյան օրը՝ գիշերվա ուղիղ ժամը երեքն անց կեսին, երբ լույս է տեսել ապագա մեծ թամադայի գլուխը՝ երկու կողմերից կափարիչների պես դուրս ցցված ականջներով, գյուղի բոլոր աքաղաղները կոկորդներով մեկ շեփորել են փոքրիկի գալուստը, և տատմեր Հռիփսիմեն անսխալ գուշակել է. «Էս լածիրակը կամ նշանավոր մարդ է դառնալու, կամ նշանավոր ավազակ»։

Վաղինակ Սաքսաֆոնիչը որոշեց նշանավոր մարդ դառնալ, և երբ չորս տարեկանում վճռեց ընդմիշտ վերջ տալ իր չորեքթաթ գործունեությանն ու կանգնել հետևի վերջավորությունների վրա, զուռնաչի Սաքսաֆոնի բոլոր կորած փողկապները սկսեցին հայտնաբերվել փոքրիկ Վաղոյի վզին։ Ու հայրը վերջնականապես հասկացավ, որ որդին առնվազն խանութի վարիչ է դառնալու։ Իսկ Վաղինակ Սաքսաֆոնիչը այդ տարիներին անընդհատ շտապում էր մեծ երևալ և հոր փողկապները թաքուն կապում էր ոչ միայն գիշերները, քնած ժամանակ, այլև դպրոցում էլ մայկայի տակից միշտ վզից կախված էին լինում առնվազն երկու զույգ փողկապներ...

Եվ հիմա, եթե որևէ միամիտ մեր քաղաքացիներին հարցնի, թե ո՞վ է Վաղինակ Սաքսաֆոնիչը, ապա կրակոցի պես անմիջապես կթնդա պատասխանը՝ մեր թամադան։ Մեր քաղաքը հպարտանալու շատ բան ունի, բայց, իրոք, մի ուրիշ համ ու հոտ ունեն Վաղինակ Սաքսաֆոնիչի կենացները։

Նա սեղանի շուրջ իրեն զգում է ինչպես արծիվն երկնքում։ Տարիներ շարունակ Վաղինակ Սաքսաֆոնիչը երազել է մարդկանցից բարձր կանգնելու ու նրանց ղեկավարելու մասին և մի օր էլ ըմբռնել է, որ այդ հնարավորությունն իրեն հատկապես թամադայությունը կընձեռի. թամադայի բարձրությունից նա տիրոջ պես իշխում է սեղանի շուրջ ձգված մարդկային ամբոխի վրա...

Ճիշտ է, Վաղինակ Սաքսաֆոնիչը ոչ մի լեզվի կանոնավոր չի տիրապետում, բայց դա հենց նրա առավելությունն է, որովհետև սեղանավորների ռուսախոս մասին թվում է, թե նա հայերեն է խոսում, իսկ հայախոսները գտնում են, թե նա ռուսերեն է ճառում։ Ու ամենևին էլ կարևոր չէ, թե նա ինչ է ասում. պետք է տեսնել, թե ինչպես է ասում։ Թամադայությունը Վաղինակ Սաքսաֆոնիչի համար զբաղմունք չէ։ Դա մասնագիտություն է։ Նրա համար ոչ մի նշանակություն չունի՝ ձեռքին օղու, գինու կամ կոնյակի բաժա՞կ է, թե՞ հանքային ջրի, լիմոնադի, թեյի կամ մածնի... Միայն թե այդ բաժակը դատարկ չլինի և սեղանի շուրջ թեկուզև երկու մարդ լինի։ Մնացածը Վաղինակ Սաքսաֆոնիչի համար տեխնիկայի գործ է, և նա այնպիսի վարպետությամբ է կատարում իր գործը, որ սեղանի շուրջ նստածները բերանները լայն բացած, ասես մեծ թամադայի խոսքերը որսում են բերանով։

Վաղինակ Սաքսաֆանիչի թամադայական ճառը հնարավոր չէ թղթի վրա գրանցել, ինչպես հնարավոր չէ ձեռքով շոշափել զանգերի ղողանջն ու ծառերի մեղմ սոսափյունը կամ դաշնամուրի փառահեղ ակորդները...
Վաղինակ Սաքսաֆոնիչը համեստորեն խոստովանում է, որ իր նշանավոր ճառը դեռևս չի ասել, սակայն անպայման կասի... Բայց, ավա՜ղ, մի օր էլ Վաղինակ Սաքսաֆոնիչը կողմնացույցի սլաքի պես հորիզոնական ձգվեց հյուսիս-հարավային ուղղությամբ ու մարդիկ առաջին անգամ նկատեցին, որ նրա շուրթերն այլևս չեն շարժվում, իսկ աջ ձեռքն այլևս չի գրկել անբաժան բաժակը։

Ականատեսների մի խումբ խոստովանում է, որ գերեզմանի լռության մեջ, երբ բոլորը հարգանքով խոնարհվել էին մեծ թամադայի աճյունի առաջ, ինչ-որ մեկն ասել է, որ հանգուցյալի հիշատակին հրաժեշտի խոսքի համար խոսքը տրվում է Վաղինակ Սաքսաֆոնիչին, ու հանկարծ լսվել է հանգուցյալի կենդանի ձայնը, որովհետև մեծ թամադան նախօրոք մի քանի տարի առաջ ձայնագրել էր իր հրաժեշտի ճառը...

Ականատեսների մի այլ խումբ էլ երդվում է, որ այնտեղ ոչ մի մագնիտոֆոն ու ձայնագրություն էլ չի եղել, և Վաղինակ Սաքսաֆոնիչը մեռելադեմ բարձրացրել է իր փայտե ապաստանից, փողկապը վայելչագեղորեն ուղղել, հրաժեշտի ճառ ասել ու հանգիստ պառկել իր տեղը...

Թերևս այստեղ կարելի լիներ վերջակետ դնել, բայց վերջերս նոր վկաներ են երևան եկել և գտնում են, որ ոչ մի Վաղինակ Սաքսաֆոնիչ էլ չի եղել, որ իբր նման մարդ կա, բայց անունը Վաղինակ Սաքսաֆոնիչ չէ...
Ու հիմա դժվար է ասել, թե ովքեր են ճիշտ. առաջիննե՞րը, երկրորդնե՞րը, թե... Իսկ գուցե բոլորն էլ ճի՞շտ են...

1989 թ.

ԿՈԼԵԿՑԻՈՆԵՐԸ


Վասակ Կուկույանը պատմվածքներ էր գրում, բայց այդպես էլ չկարողացավ գրող դառնալ, և նա սկսեց մոլեռանդորեն ատել ու նախանձել աշխարհի բոլոր գրողներին։ Յուրաքանչյուր ստեղծագործող, ըստ Վասակ Կուկույանի, անձնական վիրավորանք է հասցնում իրեն։

Եվ երբ մի օր էլ նա դարձավ խմբագիր, խաչակրաց արշավանք սկսեց գրական բոլոր ժանրի ստեղծագործությունների դեմ ու դարձավ յուրօրինակ կոլեկցիոներ. կարճ ժամանակում նրա անձնական արխիվում գոյացավ պատմվածքների, բանաստեղծությունների և այլ ժանրի ստեղծագործությունների մի ահռելի հավաքածու, որի բազմազանությանը մինչև անգամ Մատենադարանը կնախանձեր։

Խմբագրություն հասած գրական ստեղծագործությունները ակնթարթորեն անհետանում էին Վասակ Կուկույանի առանձնասենյակում, իսկ հանդեսի էջերն իրենց մայրական գիրկն էին բացել ամեն տեսակ հիմարությունների ու անգրագետ շարադրությունների առաջ։ Դպրոցական, ու ոչ միայն դպրոցական, պատի թերթերի նյութերը կայծակնային արագությամբ հայտնվում էին Վասակ Կուկույանի խմբագրած հանդեսի էջերում։

Բայց կատարվեց անխուսափելին. Վասակ Կուկույանը մի օր էլ գլուխը դրեց բարձին ու մոռացավ (թե այլևս չկարողացավ) բարձրացնել։ Ականատեսները վկայում են, որ Վասակ Կուկույանի բնակարանում գտնվել են ձեռագրերի հսկա կապոցներ, որոնց ընդհանուր քաշը չորս անգամ գերազանցում է Վասակ Կուկույանի քաշին՝ դագաղի հետ միասին։ Ու ասում են նաև, որ այդ ձեռագրերի մեջ կային ոչ միայն ժամանակի հայտնի, կիսահայտնի ու սկսնակ գրողների երկերը, այլև Հոմերոսի ու Դանթեի, Շեքսպիրի ու Նարեկացու, Դոստոևսկու ու Մոպասանի, Տերյանի ու Սևակի հանրահայտ գործերը, որոնց բոլորի տակ էլ Վասակ Կուկույանի հրեշտակային ձեռագրով գրված էր. «Թույլ է, ուղարկել արխիվ»։

Ականատեսների մի այլ խումբ էլ երդվում է, որ Վասակ Կուկույանի մոտ ոչ մի ձեռագիր էլ չի գտնվել, որովհետև նա վրեժ լուծելու ավելի արդյունավետ միջոց գիտեր. իր «զոհերի» ձեռագրերը ծամում ու կուլ էր տալիս։ Ասում են նաև, որ նույնիսկ մահվան մահճում էլ հերոսաբար ձեռագրեր էր ծամում ու նրա բերանում գտնվել է ինչ-որ պոեմի վերջին գլուխը։

1988 թ.

ՀԵՌԱՏԵՍԸ

ՀԵՌԱՏԵՍԸ

- Իսկ ինչո՞ւ իմ որդին ուրիշների դռները ծեծի, երբ կարող է ինձ մոտ էլ աշխատել,- մտածեց համեստ մի հիմնարկության նախագահ Գալուստ Բադամյանն ու մյուս օրը իր ղեկավարած հիմնարկության աշխատակից դարձրեց իր կիսագրագետ որդուն։
- Իսկ ինչո՞ւ հարսս դեսուդեն ընկնի։ Էլ ո՞ր օրվա ղեկավար եմ,- ու Գալուստ Բադամյանն իր մոտ բերեց նաև հարսին։

Մի քանի օր հետո Գալուստ Բադամյանը կանչեց բաժնի վարիչ իր եղբորն ու ասաց.
- Լսիր, մայրիկն ախր ինչո՞ւ ուրիշ հիմնարկությունների հատակներն ավլի ու լվա, երբ կարող է մեզ մոտ մեքենագրուհի աշխատել։ Ճիշտ է, նա հարյուր տոկոսով տառերը չգիտե և վերջին տարիները տեսողությունն այնքան էլ լավ չէ, բայց, խոսքը մեր մեջ, ես ու դու էլ գրագիտությամբ փայլողներից չենք, սակայն հիմնարկություն ու մարդիկ ենք ղեկավարում...

Հետո Գալուստ Բադամյանի ղեկավարած հիմնարկությունում հայտնվեցին նրա գրեթե բոլոր հարազատներն ու բարեկամները, և նա ոտով-գլխով ձեռնամուխ եղավ իր ծանոթներին էլ տեղավորելուն։

Անցան տարիներ։ Գալուստ Բադամյանը հիմնարկությունն այլևս չէր տարբերում իրենց տնից։ Գիշերները հիմնարկության իր բազկաթոռի հաճելի փափկության մեջ ընկղմված, հեռուստացույց էր դիտում, հետո կողակցի հետ արքայաբար տարածվում իր առանձնասենյակի երկտեղանոց բազմոցին ու առավոտյան, կարծելով, թե աշխատանքի է գնում, թղթապանակը կռնատակին մեկնում տուն...

Եվ դարձյալ անցան տարիներ։ Իր տասներեքերորդ թոռան կնունքին Գալուստ Բադամյանն աշխուժորեն քորեց գլուխն ու հրճվանքով մտածեց.
«Այո՜, մե՜ծ, շա՜տ մեծ կոնկուրս է լինելու։ Ստիպված եմ լինելու կնոջս ու աներձագիս էլ թոշակի ուղարկել... Սերնդափոխություն է, պետք է փոքրիկների ապագայի մասին էլ մտածել...»։

1988 թ.

ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ


Ժողովուրդն ասում է. նա ծնվել է փայտահատ դառնալու համար, սակայն ջութակ է նվագում. Գեդեոն Սարումյանը ծնվել էր ոչ փայտ ջարդելու, ոչ ջութակահար և ոչ էլ ուսուցիչ ու դռնապան դառնալու համար։ Նա ծնվել էր և չծնվել չէր կարող, որովհետև երբ դեռ ինքը Գեդեոն Սարումյան չէր, այդպես էին կամեցել նրա հայրը և մայրը...

Ինչպիսի կոստյում էլ որ հագներ Գեդեոն Սարումյանը, զարմանալիորեն նրա չափով է լինում, բայց չկա այնպիսի մի պաշտոն, այնպիսի մի գործ, որ Գեդեոն Սարումյանի «չափով» լինի։ Այսօր նա պատմության ուսուցիչ է կամ ֆիզկուլտուրա է դասավանդում որևէ ուսումնական հաստատությունում, վաղը կարող է նույն հաջողությամբ որպես մարզիչ աշխատել ֆուտբոլային կամ վոլեյբոլային ցանկացածդ թիմում, մյուս օրը հրահանգիչ նշանակվել կամ դռնապան կարգվել որևէ հաստատության առջև...

Եվ, այնումենայնիվ, ամենազարմանալին այն է, որ ուր էլ խարիսխ է ձգում Գեդեոն Սարումյանը, միշտ կարծում է, թե ինքը հենց այդ պաշտոնի համար է ծնվել, իսկ տվյալ պաշտոնն էլ հատկապես իր համար է, և ինքը անփոխարինելի է։ Բայց ոչ, դա զարմանալի չէ, դա սարսափելի է, որովհետև աշխարհում ոչ ոք չի կարող ապացուցել, որ զրոն բացասական թիվ է և, միաժամանակ, ոչ ոք չի կարող հաստատել, որ զրոն դրական թիվ է...

1988 թ.

ԴԱՇՆԱՄՈՒՐԸ


Հակոբ Հակոբյան փողոցի N 28 շենքի N 13 բնակարանում միլիցիայի կապիտան Մայոր Նազարյանը հաղթանդամ թիկունքը բազկաթոռի թիկնակին հենած, չորրորդ սիգարեթն էր ծխում ու մտածում առեղծվածային գողության մասին։ Անհայտ հանցագործներն օրը ցերեկով բնակարանից առևանգել են երեք հազար ռուբլանոց դաշնամուրը և, որ չափազանց տարօրինակ է, էլ ուրիշ ոչինչ չեն տարել իրենց հետ։ Նազարյանի քսանվեցամյա պրակտիկայում սա արտակարգ դեպք է։ Նա նայեց պահարանում շարքով բազմած բյուրեղապակյա սպասքին, բաժակներին, բաժակներից մեկի միջից պարզ երևացող ոսկյա մատանիներին, ականջօղերին ու թանկարժեք ապարանջանին և զարմացավ։ Հետո զանգեց հոգեբուժարան և ավելի զարմացավ, որ այնտեղ փախուստի դեպքեր չեն եղել։ Կապիտանը մտածեց, որ գողերն առնվազն հինգ-վեց հաղթանդամ տղամարդ են եղել։ Իսկ կի՞ն։ Նա նորից նայեց բյուրեղապակյա բաժակի պարունակությանը։ Ո՛չ, կին բացառված է։

Միլիցիայի աշխատակիցները չկարողացան հայտնաբերել որևէ հետք, պատուհանի կամ դռան ջարդվածք, տեղահան արված փեղկ կամ հանցագործների կողմից մոռացված իր։ Գողացված դաշնամուրի տեղը փոշու հաստ շերտ կար և դրանից կարելի էր հասկանալ, որ այդտեղ ինչ-որ բան կար, բայց հիմա չկա։ Կապիտան Մայոր Նազարյանը մոխրամանի մեջ խեղդեց հինգերորդ արտահերթ սիգարեթն ու գործը հանձնարարեց կրտսեր լեյտենանտ Սարուխանյանին։ Իսկ հետո, երբ կրտսեր լեյտենանտը ոգևորությամբ հարցաքննում էր տանտիրոջ՝ Համբարձում Գևորգյանի աղջկան, նա մտաածեց, որ դեպքը լուրջ է և լավ կլինի թաքուն ինքն էլ զբաղվի այդ գործով։

Փողոցում կապիտան Նազարյանն այդ չարաղետ օրվա տասնմեկերորդ արտահերթ սիգարեթը ծխելիս, հանկարծ մտածեց, որ հավանաբար հանցագործներից մեկը թափառելիս պիտի լինի շենքի մոտերքում, այսպես ասած, հեռվից պիտի հետախուզելիս լինի իրենց։ Եվ կապիտանի գլխում փայլուն միտք ծագեց։

Երկու օր հետո Հակոբյան փողոցի N 28 շենքի բակում հայտնվեց մի հաղթանդամ տղամարդ, որ սև բեղեր ուներ ու գունավոր ակնոցներ էր կրում։ Եվ բաժանմունքի տղաները, որ կրտսեր լեյտենանտ Սարուխանյանի գլխավորությամբ հարցաքննություններ ու զանազան չափումներ էին անում, և հենց ինքը՝ կրտսեր լեյտենանտ Սարուխանյանն էլ հանձինս սև բեղերով ու գունավոր ակնոցներով տղամարդու, չկարողացան ճանաչել Մայոր Նազարյանին։ Եվ վերջինս թաքուն հարգանքով լցվեց սեփական արժանապատվության նկատմամբ։

Առաջին երեք օրը ոչ մի հետաքրքիր դեպք չեղավ և ոչ մի կասկածելի տիպ չերևաց։ Հետո դադարեցին երևալ բաժանմունքի աշխատակիցները Սարուխանյանի գլխավորությամբ և մի օր էլ կապիտանի սուր աչքերը նկատեցին կասկածելի մի տիպի, որին նա կնքեց «Շիկահեր» անվամբ։ Նազարյանը թեթև ժպտաց արհեստական բեղի տակ ու մտածեց, որ վերջապես հանցագործության պարանի ծայրը փորձված ձեռքում է, և կապիտանը ձեռքի մեջ հաճելի խուտուտ զգաց։

Շիկահերը սկսեց ավելի ու ավելի շատ թրև գալ շենքի շուրջը, և նրան տեսնելը կապիտան Նազարյանի համար մի տեսակ հաճելի էր։ Շիկահերը խլեց նրա քունն ու հանգիստը, և կապիտանն ամբողջովին ձեռնամուխ եղավ այդ գործին։ Նա սկսեց գիշերներն էլ հետախուզել Հակոբյան փողոցի N 28 շենքի մոտերքը և զարմանքով նկատեց, որ շիկահերը ևս մինչև կեսգիշեր թրևում է շենքի շուրջը։ Մի օր էլ հեռվից կապիտան Նազարյանին թվաց, թե շիկահերին շատ նման մեկը մտավ շենքի երկրորդ մուտքից ներս։ Նրա սուր աշքերը չկարողացան հեռվից ճիշտ որոշել. շիկահե՞րն էր, թե՞ ոչ։ Արդեն համարյա մութ էր, և նա քայլերն ուղղեց դեպի երկրորդ մուտք։

Փափուկ ու ծանր քայլերով բարձրացավ աստիճաններով և ուրախ էր, որ մուտքի լույսերը չեն գործում։ Հավանաբար շենքի չարաճիճի լակոտներն են ջարդել, մտածեց կապիտանը, մի քանի ծանր քայլ էլ արեց և հանկարծ թիկունքում լսեց թեթև քայլերի քստքստոց։ Նա անմիջապես դիրք գրավեց անկյունում ու սպասեց։ Անծանոթ քայլերի քստքստոցը դադարեց, բայց Նազարյանի ականջներն անմիջապես որսացին անծանոթի արագ շնչառությունն ու հևոցը։ Նա նկատեց, որ փողոցից եկող լույսը թույլ շերտ է թողնում դիմացի պատի մի փոքր մասում և հանկարծ լույսի նեղ շերտի վրա շարժում տեսավ ու հասկացավ, որ պատի վրա ատրճանակի թույլ ստվեր է երևում։

Քրտինքի սառը կաթիլները ողողեցին կապիտանին, բայց նա մարտական դիրք ընդունեց ու իսկույն որոշեց ատրճանակի մակնիշը՝ «Մակարով»։ Հասկացավ նաև, որ ատրճանակը գտնվում է ուժեղ ու փորձված ձեռքում։ Ափսոսաց, որ իր հետ զենք չի վերցրել և մի տեսակ զղջաց իզուր ռիսկի դիմելու համար։ Ու երբ ատրճանակով ստվերը մի փոքր ավելի առաջ շարժվեց, կապիտան Նազարյանին թվաց, թե ինքն այլևս չի շնչում, միայն անծանոթի շնչառությունն է ամենուր և հևոցը։

- Քեռի՛, ձեռքերդ վե՛ր, տա՛, տա՛, տա՛,- կապիտանը լսեց մանկան զրնգուն ձայն, իրեն հավաքեց, աջ ոտքի ծայրով փափուկ շրխկացրեց փոքրիկ հետախույզի հետույքին ու ասաց.
- Շան լակո՛տ, փախիր տուն։ Քնելուց առաջ չմոռանաս պիպի անել...

Փոքրիկ ատրճանակավորը ծանր ու մեծ փախավ։ Կապիտանը սրբեց քրտինքի կաթիլներն ու մտածեց, որ պիտի ասեր նաև՝ որպեսզի տեղաշորդ չկեղտոտես։
Հաջորդ երկու օրը ոչ մի կարևոր դեպք չեղավ։ Շիկահերը շարունակում էր թրևել շենքի շուրջը և ոչ մեկի հետ չէր խառնվում, ու դա թաքուն ջղայնացնում էր կապիտանին։

Մյուս օրը հեռվից շիկահերին հետախուզելիս, նրան թվաց, թե շիկահերն էլ թաքուն իրեն է նայում։ Կապիտանն արտակարգ սառնասրտությամբ բացեց թերթը, որ միշտ մոտն էր պահում, ու սկսեց թերթի վրայով հետախուզել շիկահերին։ Նրա սուր աչքերն անմիջապես որոշեցին, որ շիկահերը ճապոնական ակնոց է կրում, իսկ ջինսը հավանաբար նոր է գնված և երևի տասը-տասնհինգ օր է, որ հագնում է։ Շիկահերը միայն «Էլ-էմ» է ծխում, մտածեց Նազարյանն ու նկատեց, որ նա էլ գրպանից ինչ-որ թերթ հանեց և սկսեց կարդալ։ Կապիտանը մի կերպ թաքցրեց ժպիտը. շիկահերը թերթը գլխիվայր էր բռնել։ Դեղնակտուց է, մտածեց Նազարյանն ու տեսավ, որ ինքը նույնպես թերթը թարս է բռնել։ Բայց կապիտանը բոլորովին չկորցրեց իրեն։ Սիգարեթից հզոր թոքերի ամբողջ տարողությամբ ծուխ կուլ տվեց ու միանգամից բաց թողեց։ Երբ թանձր ծուխն ինչ-որ վայրկյան ծածկեց իրեն շիկահերի տեսադաշտից, նա ակնթարթորեն շուռ տվեց գլխիվայր բռնած թերթն ու մտածեց, որ սխալվում են բոլորը, բայց բոլորը չէ, որ կարողանում են սխալները ժամանակին և ճիշտ ուղղել։

Հետո կապիտան Նազարյանն ինքն էլ չիմացավ, թե հանկարծ որտեղից բուսավ բաժանմունքի ավտոմեքենան, որից, ինչպես մեղուները փեթակից, դուրս թափվեցին բաժանմունքի տղերքը և ոլորեցին իր ձեռքերն ու ասացին, որ ձերբակալված է։ Հետո ինքը դիմադրեց, իսկ տղաներից մեկը, որ պինդ կախվել էր իր ծանր աջ ձեռքից, ծնկով հարվածեց քամակին ու ասաց. «Առանց չարաճիճիությունների, շան որդի, թե չէ մի հատ էլ վզակոթիդ կհասցնեմ»։ Հետո, երբ իրեն մոտեցրել էին բաժանմունքի ավտոմեքենային, հանկարծ հիշեց շիկահերին, կտրուկ ետ նայեց, տեսավ նրան, և կապիտան Նազարյանի սուր աչքերը հանձինս շիկահերի, ճանաչեցին կրտսեր լեյտենանտ Սարուխանյանին։ Ու կապիտան Նազարյանը մի բարձր քրքիջ արձակեց, ուժեղ թափ տվեց իրեն, և տղերքը, որ պինդ բռնել էին ձեռքերից, այս ու այն կողմ թռան։ Կապիտանը ձախ ձեռքն ակնթարթորեն տարավ գրպանը, հանեց թաշկինակն ու բավականությամբ և մանրամասն սրբեց քիթը։ Երբ ձեռքն իջեցրեց, թաշկինակի մեջ սևին էր տալիս բեղը...

Այս դեպքից երկու օր հետո Հակոբ Հակոբյան փողոցի N28 շենքի բնակիչները հանկարծ դաշնամուրի նվագի ձայն լսեցին, ձայնի վրա դուրս թափվեցին և պարզվեց, որ պահմտոցի խաղալիս, երեխաները շենքի ձեղնահարկում գտել են առևանգված դաշնամուրը։

Իսկ վերոհիշյալ դեպքից երեք ամիս և տասնութ օր հետո, երբ միլիցիայի բաժանմունքում կապիտան Մայոր Նազարյանը կրտսեր լեյտենանտ Սարուխանյանի հետ շախմատի տախտակի վրա շախմատի խաղաքարերով շաշկու իններորդ պարտիան էր խաղում, Հակոբյան փողոցի N 28 շենքի N 13 բնակարանի բնակիչ Համբարձում Գևորգյանը քաղաքի ռեստորաններից մեկում ընկերների հետ գարեջրի տասներկուերորդ շիշն էր դատարկում և պատմում, որ դաշնամուրը ինքն է քարշ տվել ձեղնահարկ, որովհետև շան քածը (իր աղջիկը) նվագել չգիտե և ամբողջ օրը զահլեն տանում է հիմար ճնգճնգոցներով։

Ու երբ յոթ ամիս քսանչորս օր հետո Համբարձում Գևորգյանի հարկի տակ վերջինիս դաշնակահարուհի աղջկա հարսանիքն էր, նա՝ Համբարձում Գևորգյանն, արտակարգ ուրախ էր և, ի միջի այլոց ասաց, որ դաշնամուրն էլ է օժիտ տալիս։ Ասաց նաև, որ դաշնամուրը թաքցնելու գործում իրեն հարևաններն են օգնել, իսկ կինն ու աղջիկը տանը չէին։

Հուլիս, 1984 թ.

«ԱԼԵՐԳԻԱ»


Մեր խմբագրությունում աշխատակիցների կեսից ավելին ալերգիա ունի։ Ընդ որում, մեզ մոտ ալերգիայի այնպիսի տարատեսակներ կան, որ հեռավոր ժամանակների ամենաֆանտաստիկ գրողներն անգամ երազել չէին կարող։ Օրինակ, քարտուղարուհի Մարինեն ալերգիա ունի իր իսկ հարազատ մանկիկից, որը մի քիչ նման է մեր նախկին խմբագրի մանկության տարիների լուսանկարին, իսկ մեքենագրուհի Նելին ալերգիա ուներ սեփական ամուսնուց և բաժանվեց ու ամուսնացավ իր երկրորդ սիրեկանի հետ...

Բաժնի վարիչ Անաստաս Լևոնիչը ալերգիա ունի ոչ միայն թեյի բուրմունքից, այլև, թեյի դատարկ բաժակ տեսնելով, քիչ է մնում շնչահեղձ լինի։ Իսկ երբ մեր խմբագրության շենքի մոտով ծխախոտն ատամների միջև սեղմած որևէ մեկն անցնում է, արդյունաբերական բաժնի թղթակից Վասակ Դհոլյանն ու հաշվապահ Սոնյա Հմայակովնան նմանվում են ջրածաղկով հիվանդների։

Մեր տնտեսվար Համբարձում Շահնազարիչը թքած ունի թեյի ու ծխախոտի վրա։ Նա ալերգիա չունի սեփական կնոջից և, ընդհանրապես, գեղեցիկ սեռի ներկայությունից նա ամենևին էլ իրեն վատ չի զգում։ Բայց այդ ամրակազմ այրն ահա ալերգիա ունի օղուց։ Նա չի սիրում լիքը շիշը։ Եթե օղի չլինի, խմելու պահանջ չի զգա, բայց եթե օղու թեկուզև տասը շիշ լինի սեղանին, մինչև վերջին կաթիլը պիտի խմի, թե չէ լիքը շշերի ներկայությունից նա այնպես է կապտում, որ կինոնկարների համար մահապարտի դերակատարման նրանից ավելի լավ թեկնածու անհնար է գտնել։ Ես ինձ համար չեմ ափսոսում, համեստորեն խոստովանում է Համբարձում Շահնազարիչը, այլ այդ անիծյալ սրիկայի (այդ պահին նա ամոթխածորեն աչքերով ցույց է տալիս լիքը շիշը), հանկարծ կարող է ինչ-որ լակոտ, կողքովն անցնելիս, գցի ջարդի։ Շիշը ջահանդամը, պարունակության համար է սիրտս ցավում...

Իսկ, ընդհանրապես, եթե այնպես պատահի, որ մեր աշխատակիցները միանգամից իրենց վատ զգան ալերգիայից և մեկ ժամ հետո կազմ ու պատրաստ ժամանի «Շտապօգնության» բուժանձնակազմը, նրանք բոլորը համեստորեն կզոհաբերեն իրենց անձը և պատկառանքով մատնացույց կանեն խմբապետ Նագանի, այսինքն՝ մեր խմբագիր Վահագն Մուղդեսյանի աշխատասենյակի դուռը, բայց դա ստորադրյալի համեստ պատկառանքից չէ, որ մարդիկ կզիջեն իրենց «հերթը»։ Պարզապես Վահագն Մուղդեսյանի ալերգիան մի ուրիշ տեսակի է։

Նրա հիվանդությունը դժվար է մի բառով արտահայտել։ Անաստաս Լևոնիչի, Սոնյա Հմայակովնայի կամ Համբարձում Շահնազարիչի համար հեշտ է. եթե խոսել չկարողանան, մատնացույց կանեն թեյի բաժակը, ծխախոտը կամ օղու լիքը շիշը։ Իսկ խմբապետ Նագանը ոչ միայն ոչինչ չի կարող մատնացույց անել, այլև չի կարող բացատրել, թե ինքն ինչ է ուզում։ Վատ է զգում և՝ վերջ։

Նա ալերգիա ունի այն ամենից, ինչ գեղեցիկ է, վեհ ու սքանչելի։ Նա ատում է այն բոլոր մահկանացուներին, ովքեր... խելոք են կամ, եթե խելոք էլ չեն, աստեղային ինչ-որ պահերի գոնե կարող են խելացի մի միտք հայտնել, հաջողված մի ոտանավոր գրել և այլն...

Երբ Վահագն Մուղդեսյանը նոր-նոր էր խմբագիր դարձել, նրան ներկայացրի իմ քիչ թե շատ հաջողված պատմվածքը, առաջին անգամ դարձա խմբապետ Նագանի ալերգիայի բռնկման կենդանի վկան։ Զարմանալիորեն նա իրեն վատ էր զգում հենց այն հատվածների ընթերցանության ժամանակ, որոնք, ըստ իս, ամենահաջողվածն էին։

Սկզբում նա շատ հաճելի ու աշխույժ տեսք ուներ։ Նույնիսկ իրեն թույլ էր տալիս կատակներ անել, բայց հետո, երբ խորասուզվեց պատմվածքիս ընթերցանության մեջ ու արդեն հասել էր առաջին հաջողված հատվածին, ես զարմանքով նկատեցի, որ նա իրեն վատ է զգում...

Ես անիծեցի ոգեշնչման այն պահը, երբ համարձակվել էի գրիչ վերցնել ու խզբզել այդ անիծյալ խզբզանքը, ու վախով նայում էի, թե ինչպես է Վահագն Մուղդեսյանն աստիճանաբար գույնը գցում։ Սկզբում սկսեց ծռմռվել բերանը, հետո հոնքերը սկսեցին կամաց-կամաց վերուվար անել, ապա սկսեցին շարժվել ականջները, այնուհետև...

Չեմ հիշում, թե ինչպես դուրս թռա նրա առանձնասենյակից։ Կարծեցի, թե Վահագն Մուղդեսյանը մեռել է կամ, առնվազն, պատրաստվում է հոգին ավանդել, սակայն գործընկերներս ինձ բացատրեցին, որ վախենալու բան չկա, իրենց ներկայությամբ արդեն նման դեպքեր պատահել են...

Խմբապետ Նագանը, ի տարբերություն մեր նախորդ խմբագրի, այնուամենայնիվ ձգտում է մեր թույլ գրող-լրագրողներին գրել սովորեցնել։ Հենց առաջին օրերից նա ձեռնամուխ եղավ մեր հաստիքային ու արտահաստիքային շատ թղթակիցների համար այբուբենարաններ ու շարահյուսության ձեռնարկներ հայթայթելու վեհ գործին, հատուկ ուսուցիչ վարձեց Կարապետ Շամշադինիչի և տիկին Կանեփյանի համար, որպեսզի ամենակարճ ժամանակամիջոցում նրանց սովորեցնի ուղղագրության ու կետադրության կանոնները...

Վահագն Մուղդեսյանի տարերքը միջինն է, նա ընդունում է միայն միջակությունը։ Գտնում է, որ աշխարհում լավ գրելու, խելոք լինելու մենաշնորհը պատկանում է միայն իրեն։ Ամեն ոք, ով ուզում է ոտք դնել գեղեցիկի աշխարհը, ձեռք է բարձրացնում խմբապետ Նագանի արժանապատվության վրա։ «Մեր այս անիծյալ հազարամյակները կարծես քիչ են հեղեղված սոկրատեսներով, նարեկացիներով, մոցարտներով ու էյնշտեյններով, սրանք էլ մի կողմից են հերթ կանգնել դասականի «կոստյումի» համար»,- ծանրումեծ խորհում է նա...

Մեկամյա եռանդուն պայքարից հետո Վահագն Մուղդեսյանին վերջապես հաջողվեց մեր անգրագետ ու կիսագրագետ աշխատակիցներին գրագետ դարձնել։ Նրան վերջապես հաջողվեց նաև մեզ դարձնել շարքային միջակություններ։ Մենք արդեն այնքան էլ չենք փայլում խելքով, մեր խզբզանքները հաճախ շփոթում ենք իրար հետ։ Իմ ստորագրությունը երբեմն հայտնվում է ուղղագրության կանոնները վերջերս սերտած Կարապետ Շամշադինիչի, տիկին Կանեփյանի կամ մի ուրիշի ակնարկի տակ, նրանց ստորագրությունը՝ իմ հոդվածների, բայց դրանից ոչինչ չի փոխվում, քանզի գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

Մեր խմբագիրն արդեն շատ գոհ է մեզնից, որովհետև վերջապես քրտնաջան աշխատանքից հետո մեր շուրջբոլորը դարձրեց համահավասար գաճաճ թփերի մի հիանալի տափաստան, որի կենտրոնում ոչ շատ հեռվից կարելի է նկատել աջ ու ձախ օրորվող, ծանրամարմին, բայց բարակ ցողունով անշնորհք մի բան, որ ոչ թուփ է, ոչ ծառ, բայց շրջապատի թփերից մի քանի թիզ բարձր է։ Դա հենց ինքը Վահագն Մուղդեսյանն է։

Հ.Գ.- Երբ այս պատմվածքը կարդացի Վահագն Մուղդեսյանի մոտ, առանց նշելու գլխավոր հերոսի անունը, նա աշխուժորեն շփեց փուչիկի պես ուռած որովայնը և ուրախ-զվարթ հարցրեց. «Էդ Մակիչ Ղազարիչի մասին ես գրել, չէ՞...»։

Փետրվար, 1989 թ.