11.11.2013

ԴԵՐԵՆԻԿ ՈՍԿԱՆԻՉԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔԸ


Դերենիկ Ոսկանիչի երկրորդ կյանքը նման չէ մեր երկրային կյանքին։ Այն իրական չէ, բայց և, միաժամանակ, հանդերձյալ էլ չէ։ Դերենիկ Ոսկանիչի երկրորդ կյանքը և՛ գոյություն ունի, և՛ գոյություն չունի։ Նրա ծանոթների ու բարեկամների մի մասը կարող է ամենազոր փաստերով ժխտել այդ կյանքի գոյությունը, իսկ մյուս մասը, ընդհակառակը, ավելի զորեղ փաստերով կարող է հաստատել այդ կյանքի իրական լինելը։

Դերենիկ Ոսկանիչը որպես հրահանգիչ աշխատում է համեստ մի հիմնարկությունում։ Եթե գրողները գրելու լինեին նրա մենագրությունը, ապա հազիվ մի էջ կարողանային գրել նրա աշխատանքային գործունեության մասին։ Դերենիկ Ոսկանիչը վաղուց աշխատում է հրահանգչի համեստ պաշտոնում, բայց եթե դիմելու լինենք իրեն, ապա երևակայությունից ամենազուրկ գրողներն անգամ դժվար թե կարողանային երկու ստվար հատորների մեջ տեղավորել Դերենիկ Ոսկանիչի աշխատանքային հարուստ գործունեությունը։ Դա հենց Դերենիկ Ոսկանիչի երկրորդ կյանքն է։

Նույնիսկ կինն էլ, որ քսանհինգ տարուց ավելի է, ինչ ապրում է Դերենիկ Ոսկանիչի հետ նույն հարկի տակ, և լավ գիտե, որ ամուսինը երբեք դպրոցի դիրեկտոր, ֆինբաժնի ու բնակշահագործման գրասենյակի պետ կամ արդյունաբերության մինիստրի առաջին տեղակալ չի եղել, այնուամենայնիվ, հավատում է, որ իրոք իր ամուսինը աշխատել է վերոհիշյալ և շատ ու շատ այլ պաշտոններում։

Դերենիկ Ոսկանիչը ժամերով հուշեր է պատմում նախարարությունում ինչ-որ նախարարի առաջին կամ երկրորդ տեղակալ եղած տարիներից, հիշելով տարեթվերը, ամիսը, օրն ու ժամը, անգամ այդ ժամանակների իր աշխատակիցներին ու բազում վկաների, և դժվար է չհավատալ նրան։
Եվ ահա, մի օր էլ Դերենիկ Ոսկանիչը դարձյալ խնամքով մաքրազարդեց իր աշխատասեղանի դարակները, գրպանում դրեց ակնոցների զույգն ու անձնական օգտագործման մի քանի առարկաներ ու դիմեց ընկերներին.

- Տղե՛րք, սա մեր վերջին համատեղ աշխատանքն է երևի։ Քիչ առաջ շրջկոմի քարտուղարն անձամբ զանգեց տուն ու ասաց. «Դերենիկ Ոսկանիչ, պատրաստվիր, տեղափոխվում ես մեզ մոտ»։ Սահակի՛չ,- Դերենիկ Ոսկանիչը վերևից նայեց աշխատանքի ընկերոջը,- գրասեղանս քեզ եմ հանձնում։ Եթե հեռախոսը ծլնգաց, անմիջապես կանչեք ինձ, շրջկոմի քարտուղարն է լինելու։

Դերենիկ Ոսկանիչը անվրդով դուրս եկավ աշխատասենյակից, իսկ հեռախոսը մի քանի տասնյակ անգամ ծլնգաց, բայց ծլնգոցներից ոչ մեկի հեղինակը շրջկոմի քարտուղարը չէր։ Վերջապես Դերենիկ Ոսկանիչին կանչեցին հեռախոսի մոտ և նա լսափողի մեջ ծանոթ ձայն լսեց.
- Դերենչի՛կ, աշխատանքից վերադառնալիս կմտնես խանութ՝ մակարոնի համար։ Չմոռանաս շուկայից երկու-երեք կիլոգրամ էլ լոլիկ ու վարունգ գնել...
Խոսողը կինն էր։

Հաջորդ օրը Դերենիկ Ոսկանիչը այնպես հանգիստ էր նստած իր սովորական տեղում, կարծես մի օր առաջ ոչինչ չէր կատարվել։ Նրա զույգ ակնոցներն ու անձնական օգտագործման մի քանի մանրուքներ հանգիստ հանգչում էին գրասեղանի դարակներում, և Դերենիկ Ոսկանիչի դեմքից ու խոսակցությունից ամենևին էլ չէր կարելի կռահել, որ մի օր առաջ պատրաստվում էր տեղափոխվել շրջկոմ։

Անցնում էին օրեր, և նորից Դերենիկ Ոսկանիչն, իր սովորության համաճայն, ի միջի այլոց ասում է.
- Լուսավորության նախարարությունից դեռևս չե՞ն զանգել։ Հետաքրքիր է, ինչո՞ւ են ուշացնում։
- Ի՞նչ է պատահել, Ոսկանի՛չ,- կարծես զարմացած հարցնում են աշխատանքի ընկերները։
- Վա՜հ, չե՞ք լսել, թե ձեռ եք առնում։ Ահա թե ինչպիսի ընկերներ ունեմ։ Ամբողջ քաղաքն արդեն գիտե, իսկ սրանք ոչինչ չգիտեն։ Լուսավորության նախարարն է անձամբ զանգել։ «Ոսկանի՛չ, սիրելիս, ամեն ինչ հաստատված-պրծած է։ Այս երկու-երեք օրը քեզ թռցնելու ենք մեզ մոտ»։ Սա նրա խոսքերն են։ Ի դեպ, խնդրում եմ հեռախոսը չզբաղեցնել, զանգի եմ սպասում։

Դարձյալ անցնում էին օրեր, ամիսներ, բայց ո՛չ լուսավորության նախարարությունից, ո՛չ արդյունաբերության կամ գյուղատնտեսության նախարարությունից այդպես էլ ոչ ոք չէր զանգում Դերենիկ Ոսկանիչին, բայց դա չէր խանգարում, որ մի քանի օր կամ ամիս հետո նա մեկ-մեկ սեղմեր ընկերների ձեռքն ու ասեր.
- Տղե՛րք, դեհ, ես գնացի։

Հետո նա ասում էր, որ իրեն տեղափոխում են շրջկոմ, քաղկոմ, առողջապահության նախարարություն կամ նշանակում են ինչ-որ ուսումնական հաստատության ամբիոնի վարիչ կամ ռեկտոր։ Բայց, այնուամենայնիվ, անցնում էին օրեր, ամիսներ ու տարիներ և Դերենիկ Ոսկանիչը ոչ մի տեղ էլ չէր գնում։ Տեղափոխման մասին Դերենիկ Ոսկանիչի խոսքերն արդեն այնպես էին անցնում իր ընկերների ականջների միջով, ինչպես անձրևի կաթիլները՝ մաղի միջով։ Երբեմն նրանք, ընկերներն էլ էին օգնում Դերենիկ Ոսկանիչին «նշանակվելու» որևէ հաստատության դիրեկտոր կամ նախագահի տեղակալ։

Մի սովորական օր էլ միաձայն հնչեցին Դերենիկ Ոսկանիչի և մյուս բաժինների զուգահեռ միացված հեռախոսները։ Լսափողը բարձրացրեց նաև Դերենիկ Ոսկանիչը։ Տղամարդու ինչ-որ ազդեցիկ ձայն էր.
- Ձեզ մո՞տ է աշխատում Դերենիկ Ոսկանիչ Թևոսյանը։
- Այո,- պատասխանեցին մյուս բաժնից, և Դերենիկ Ոսկանիչը լսափողն ավելի պինդ սեղմեց աջ ականջին։
- Լուսավորության նախարարն է խոսում։ Դերենիկ Ոսկանիչին ասացեք թող պատրաստվի։ Նշանակվում է իմ առաջին տեղակալ։ Լավ կլինի այս երկու-երեք օրն անձամբ ներկայանա ինձ...

Երբ խոսակցությունն ավարտվեց, Դերենիկ Ոսկանիչը միանգամայն հանգիստ բարձրացավ տեղից ու ասաց.
- Վաղը ճանապարհվում եմ։ Քիթներդ մի կախեք, որբ չեմ թողնի։ Վաստակավոր գործչի կոչումից-բանից կուղարկեմ։ Գուցեև ապագայում ձեզ էլ տեղափոխեմ ինձ մոտ...
Հենց նույն օրն էլ Դերենիկ Ոսկանիչը մտավ իր պետի առանձնասենյակն ու ասաց.
- Տղա՛ս, գնում եմ, թղթերս պատրաստիր։

Պետը աչքերը չռած նայեց նրան։
- Ո՞ւր ես գնում...
Դերենիկ Ոսկանիչը շատ հանգիստ ծխախոտ վառեց, ծխի սպիտակակապտավուն ամպեր թռցրեց դեպի վեր ու առանց ուշադրության արժանացնելու պետին, ծխի մի ամպիկ էլ արտաշնչեց ու արքայական քայլերով դուրս եկավ պետի առանձնասենյակից։

Հաջորդ օրը երբ նա ինքնաթիռից իջել, զույգ ճամպրուկներով քայլում էր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, թեթև քմծիծաղում էր իրեն հրմշտող ամբոխի վրա ու մտածում. խղճուկ մարդուկներ, գիտե՞ք, արդյոք, թե ում եք հրմշտում, և դա մեծ պատիվ է ձեզ համար։

Նա գիտեր լուսավորության նախարարի հասցեն, և երբ նախարարի կինը բացեց դուռը ու ասաց, որ ամուսինը տանը չէ, Դերենիկ Ոսկանիչն, աշխույժ ծիծաղելով, ասաց.
- Ոչինչ, տիկի՛ն, այս ճամպրուկները տեղավորեք, մաղարիչն է, իսկ ես գնամ տեսնեմ Ստյոպան ինչ բանի է։

Մի քանի ժամ հետո նա առանց ուշադրություն դարձնելու քարտուղարուհուն, տանտիրոջ ինքնավստահությամբ բացեց նախարարի առանձնասենյակի դուռն ու ասաց.
- Ստեփան Առաքելի՛չ, եկել եմ։

Հետո նա հին ծանոթի պես սեղմեց զարմացած իրեն նայող նախարարի ձեռքն ու տնավարի աթոռ քաշեց։ Հետո... Հետո Դերենիկ Ոսկանիչը կարմրատակած դուրս փախավ նախարարությունից։ Երկու օր հետո մի կերպ տեղավորվեց իր նախկին պաշտոնում, ակնոցների փունջը նորից շարեց գրասեղանի դարակում, բռունցքով հարվածեց իր աշխատասեղանին ու ասաց.
- Տղե՛րք, մայրիկ եմ լացացնելու։ Ո՞վ է այն սրիկան, որ ինձ խաբել է։

Իսկ մի քանի օր հետո կարծես ոչինչ չէր պատահել...
Իհարկե, ավելի զվարճալի դեպքեր էլ էին լինում։ Մի օր «քաղկոմից» զանգեցին Դերենիկ Ոսկանիչին և ասացին, որ մի շիշ կոնյակ վերցնի և շտապ վազի քաղկոմ, իրեն սպասում են թիվ 37 սենյակում, որպեսզի նոր նշանակումը հանդիսավոր նշեն։
Կես ժամ հետո Դերենիկ Ոսկանիչը կոնյակի շիշը թևատակին ուրախ-ուրախ բացեց թիվ 37 սենյակի դուռն ու հայտնվեց... զուգարանում։

Եվ նորից անցնում էին օրեր, ամիսներ, ու Դերենիկ Ոսկանիչը դարձյալ «նշանակվում» էր զանազան կարևորագույն պաշտոններում, մանրամասնորեն պատմում իր և ամենատարբեր նախարարների ու քարտուղարների հեռախոսային զրույցներից, ավելի ստվարացնելով իր երկրորդ կյանքի չգրված փառահեղ էջերը։ Իսկ այդ կյանքը նման էր վերևներում, Դերենիկ Ոսկանիչի գոյությունից վեր գտնվող մի օդապարիկի, որ անընդհատ ուռչում-մեծանում էր նրա նորանոր փչոցներից, և Դերենիկ Ոսկանիչը օրեր, տարիներ շարունակ պարտաճանաչ դպրոցականի պես վազում է այդ կախարդական փուչիկի հետևից և երբեք չի հասնում, նման հանրահայտ առակի այն խեղճ աղվեսին, որի դունչն այդպես էլ չհասավ խաղողին...

Սեպտեմբեր, 1986 թ.

Комментариев нет:

Отправить комментарий