Կարապետ Խոսրովիչը 1940 թվականին մարզկոմում հրահանգիչ էր աշխատում։ 1949-ին փոխարինեց 1950 թիվը, նա դեռ հրահանգիչ էր։ Հետո 1959-ը դարձավ 1960, 1969-ը՝ 1970, 1979-ը՝ 1980, իսկ Կարապետ Խոսրովիչը դեռևս հրահանգիչ էր։ Այդ ժամանակներում ստալինյան անձի պաշտամունքին փոխարինեց խրուշչովյան վոլյունտարիզմը, հետո փառավորապես թևերը տարածեց «լճացման էպոխան», այնուհետև ճահճացման պես մի բան եղավ։
Նույն այդ ժամանակներում 1949, 1959 և մնացած բոլոր թվականներին մեր երկրի ծննդատներում մանչեր ու մանչուհիներ ծնվեցին, իններորդցիները փոխադրվեցին տասերորդ դասարան, տասներորդցիներն ավարտեցին միջնակարգը, աշակերտները դարձան ուսանողներ, վերջիններս՝ գիտնականներ, վաճառողներ, գրողներ, վարորդներ ու կարևոր անձնավորություններ, իսկ Կարապետ Խոսրովիչը մարզկոմում հրահանգիչ էր աշխատում։
Վերոհիշյալ 1949 և հետագա մի քանի տասնյակ տարիներին Կարապետ Խոսրովիչի ենթակաները դարձան ղեկավար մարմիններ, շրջկոմների, քաղկոմների քարտուղարներ, գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ ու հանգուցյալներ, իսկ Կարապետ Խոսրովիչը մարզկոմում դեռ հրահանգիչ էր։
Երևի այդպես, նույն խաղաղ պարբերականությամբ շարունակվեր՝ 1989 թիվ, 1999, 2019 թվականներ, եթե Կարապետ Խոսրովիչը չազատվեր հրահանգչի իր պաշտոնից։ Կարապետ Խոսրովիչը պահածոյի դատարկ տուփ չէր, որ վերցնեին ու միանգամից դեն նետեին։ Մարդը չորս տասնամյակ կանոնավոր, պարտաճանաչ աշխատել է մարզկոմում։ Որպեսզի պարապ չմնա, նշանակեցին ջրում խեղդվողների փրկության ընկերության նախագահ, քանի որ նախկին նախագահը խեղդվել էր, իհարկե, ոչ ջրում։ Թոկը վիզն էր գցել ու անհասկանալի պատճառներով ինքն իրեն խեղդել։
Իսկ ջրում խեղդվողներ չկային այն պարզ պատճառով, որ խեղդվելու համար նախ և առաջ ջուր է պահանջվում, որը, բարեբախտաբար թե դժբախտաբար, չկար։ Ջուր չկար, խեղդվող չկար, բայց ջրում խեղդվողների փրկության ընկերություն կար։ Անդամավճար պիտի հավաքվեր։ Դրա համար վերադաս մարմինների առաջ անձամբ պատասխանատու է Կարապետ Խոսրովիչը։ Ջրի և խեղդվողների համար թե ով է պատասխանատու, Կարապետ Խոսրովիչին չեն տեղեկացրել, բայց ահա՝ նախօրոք մի թեթև զգուշացրել են. անդամավճարը պիտի ժամանակին հանձնել։
Կարապետ Խոսրովիչը կարգի գցեց իր նոր առանձնասենյակը։ Գրասեղանը տեղավորեց հարմար տեղում, զույգ պատերի տակ խնամքով զինվորիկների պես շարեց աթոռները, նստեց գրասեղանի հետևում՝ իր նախագահական աթոռին։ Ամեն ինչ լավ է։ Նա մի անգամ, հենց այնպես, կողմնակի մարդու աչքերով աչք ածեց առանձնասենյակը, նայեց պատի տակ կանոնավոր ու զգաստ շարված աթոռներին, գրասեղանին, հեռվից երևակայությամբ նայեց գրասեղանի հետևում փառահեղ ու ազդեցիկ նստած իր արտաքին ես-ին և շատ կամաց, որպեսզի պատի տակ շարված աթոռների համար տեսանելի չլինի, մի թեթև ժպտաց։ Նույնիսկ շատ լավ է։ Բայց ո՛չ։ Ինքը մի քիչ փոքր էր երևում գրասեղանի ֆոնի վրա։ Կարապետ Խոսրովիչը նախագահական աթոռի զույգ բարձիկների վրա մեկն էլ ավելացրեց։ Ու՜խ։ Այսպե՜ս։ Հիանալի է։
Իսկապես ամեն ինչ լավ էր։ Կարապետ Խոսրովիչը ծանր-ծանր տուն էր գնում, անցող-բարևողներին, ծանոթ-բարեկամների բարևին երբեմն պատասխանում՝ թեթև, գլխի աննկատ շարժումով։ Երբեմն ուղղակի ոչ մեկին չէր նկատում։ Ի դեպ, նա միջահասակից ութևկես սանտիմետր ցածր էր, իր մարմնի համար մի քիչ ավելի պատկառելի գլխով՝ շրջանակված արծաթավուն վարսերով, բայց ինքը զգում է, որ ամեն կողմից լավ երևելի է ինքը։ Մարդիկ չեն կարող առանց նկատելու իրեն, անցնել կողքով։ Նույնիսկ անծանոթներն էլ հասկանում են, որ ինքը կարևոր անձնավորություն է։ Դա, իհարկե, այդպես էլ պիտի լինի։
Հետո Կարապետ Խոսրովիչը նորից աշխատանքի էր գնում ճիշտ ժամանակին, իշխանություն ունեցողի կարևորությամբ, մի տեսակ շտապելով. հանկարծ չուշանա։
Այո, սկզբում ամեն ինչ լավ էր։ Բայց այդ անիծյալ անդամավճարների հարցն այնքան էլ հեշտ չի գլուխ գալիս։ Ուշացնում են, դժվարությամբ են բերում, երբեմն էլ ընդհանրապես չեն բերում։ Իսկ առանց անդամավճարի չի կարելի։ Էլ ի՞նչ նախագահ է։ Իրեն վստահել են, նախագահ են նշանակել։ Կարող էին, չէ՞, մի ուրիշին նշանակել։ Ասենք՝ մի դուրսպրծուկի։ Չէ, ներողություն։ Ի՞նչ դուրսպրծուկ։ Վերևում չեն կարող սխալվել. նրանք դուրսպրծուկներին պաշտոն չեն տալիս։ Նրանք ամեն ինչ գիտեն, ամեն ինչ հաշվի են առնում, նրանք ամեն ինչ կանոնավոր ու մանրակրկիտ մտածում են՝ սա այստեղ պիտի լինի, այս մեկը՝ այնտեղ, մյուսը՝ չի կարելի։
Կարապետ Խոսրովիչը սկզբում սպառնում էր հեռախոսագծի հակառակ ծայրի իր ենթականերին, բռունցքը սեղանին զարկում. անդամավճարը չուշացնե՛ք, վաղը վերջին ժամկե՛տն է, վե՛րջ։ Հետո այդ վերջին ժամկետը անցնում էր, մի այլ «վերջին ժամկետ» էլ էր անցնում, չորս, հինգ, տասներեք «վերջին ժամկետ» էր անցնում։ Կարապետ Խոսրովիչը, շրթունքները կծոտելով, թերթ-թերթի վրա շրջում-դասավորում էր սեղանի օրացույցի թերթիկները։ Իսկ անդամավճարը չեն բերում։ Երբեմն բերում են՝ կիսատ-պռատ։ Ինչ-որ անպատասխանատու աշխատողի մեկը ութ ռուբլի քսան կոպեկ է բերում ու՝ վե՛րջ, էլ չեն տալիս, ասում են՝ թքել ենք ձեր ջրում խեղդվողների փրկության...
Կարապետ Խոսրովիչը թմբլիկ ձեռքը խփում է սեղանին. ի՞նչ, ինչպե՞ս թե թքել։ Դրանց ո՞վ է թքելու իրավունք տվել...
Հետո դարձյալ անդամավճարը չեն բերում։ Մի քանի կոպեկ հավաքում են, թե՝ ընկերությունը պիտի փակել։ Ո՞նց թե փակել։ Կարապետ Խոսրովիչն արդեն չէր սպառնում։ Խնդրում էր. ախր ի՞նչ եք անում, ուզում եք ինձ կործանե՞ք։ Ախր սա պետական գործ է, առանց դրա ինչպե՞ս կլինի...
Եվ նորից օրեր են անցնում։ Կարապետ Խոսրովիչը տխուր նստում է գրասեղանի հետևում, նախագահական իր աթոռին ու սպասում։ Նրա մոտ այնքան էլ հաճախ չեն այցելուներ գալիս։ Պատի տակ շարված աթոռների վրա արդեն փոշի է նստել։ Իսկ անդամավճարները էլի ուշացնում են, չեն բերում։
Ամբողջ օրը նստած գրասեղանի հետևում, Կարապետ Խոսրովիչը հեռախոսափողի մեջ ուղղակի խնդրում է, աղաչում. ախր փողերը բերեք, է՜, ախր մի քանի օրից հետո հաշվետու ժողով է, է՜...
Ընկերության հաշվետու ժողովում Կարապետ Խոսրովիչը կրկին կերպարանափոխվել է։ Պատասխանատու ժողով է։ Ինքը պետք է իր բարձրության վրա լինի։ Բոլոր շրջաններից եկել են ընկերության ներկայացուցիչները։ Նախագահությունում ինքը նստած է կենտրոնում։ Այստեղ վերադաս ընկերներ էլ կան։
Կարապետ Խոսրովիչը տարերքի մեջ է։ Նա նայում է դահլիճին, բայց ոչ, դահլիճի վրայով նայում է հեռու ինչ-որ տեղ ու չի լսում ելույթ ունեցողներին։ Հեռվից, այդ ինչ-որ տեղից նա մտովի նայում է նախագահությունում, կենտրոնում նստած իրեն։ Ամեն ինչ լավ է։ Փառահե՛ղ։ Բոլորն իրեն են նայում։ Չէ, կարծես իր դեմքը շատ է մեղմ։ Պետք է մի քիչ խիստ արտահայտություն տալ դեմքին։ Ավելի կարևոր ու պաշտոնական պիտի երևալ։ Այն ո՞վ է խոսում։ Հա, ելույթ ունեցողն է։ Տեսնես ի՞նչ է ասում։ Պետք է հավանություն տալ, գլխո՛վ, այ այսպես։ Իսկ այժմ պետք է մի թեթև դասդասել այս թղթերը։ Այս էլ այսպես։ Այս մի զեկուցողն ո՞վ է։ Կարևոր տեսք ունի։ Հա, նա միշտ խելոք է խոսում։ Տեսնես ի՞նչ է ասում։ Պետք է ինչ-որ բան գրանցել...
Կարապետ Խոսրովիչը կարևոր-կարևոր գլխով է անում, ուշադիր տեսքով, առանց նկատելու, նայում ելույթ ունեցողի վրայով, նորից գլխով անում, ինչ-որ բան գրանցում, հենց այնպես, տպավորության համար։ Դա ևս կարևոր մոմենտ է։ Պետք է ցույց տալ, որ լսում է մասսաներին։
Մի ուրիշն է ելույթ ունենում։ Կարապետ Խոսրովիչը թղթերն է խառնշտում, կարծես ինչ-որ բան է փնտրում, ինչ-որ թղթեր է դասավորում, նշումներ անում, գլխով հավանություն տալիս ելույթ ունեցողին։
Դահլիճում հետաքրքիր իրարանցում է, անսովոր աշխուժություն։ Ելույթ ունեցողներից մեկը ձեռ է առնում ընկերությանը, առաջարկում փակել այն կամ, ծայրահեղ դեպքում, որևէ տեղից ջուր ներմուծել, ջրավազաններ կառուցել ապագա խեղդվողների համար։ Թե չէ՝ առանց ջրում խեղդվողների էլ ի՞նչ ջրում խեղդվողների ընկերություն։ Դահլիճը թնդում է ծիծաղից, բայց Կարապետ Խոսրովիչը խոսողին չի լսում։ Նա չի լսում նաև դահլիճի միահամուռ քրքիջը։
Այդ պահին նա մտածում է, թե ինչպես ավելի պատկառելի տեսք կունենա ինքը՝ ակնոցով, թե՞ առանց ակնոցի։ Նա նորից գլխով հավանություն է տալիս ելույթ ունեցողին, նշումներ անում ծոցատետրում (այսինքն՝ պարզապես խզմզում)։ Դա էլ կարևոր մոմենտ է։ Դահլիճից թող տեսնեն, որ ինքը սխտորի գլուխ չէ նստած այստեղ, լսում է, անհրաժեշտ նշումներ անում՝ աշխատանքի հետագա ավելի բարելավման համար... Բայց այդ ի՞նչ է... Կարծես դահլիճում ծիծաղում են։ Տեսնես ինչո՞ւ են ծիծաղում։ Սա ի՞նչ կարգ է։ Ժողովի ժամանակ չի կարելի ծիծաղել, արգելված է։ Պետք է գրիչի հակառակ ծայրով տկտկացնել սեղանին։ Այ այսպես, այսինքն՝ մի քիչ կարգին պահեք ձեզ։ Հաշվետու ժողովը ձեզ համար շուկա չէ։ Ամեն ինչ կազմակերպված ու կանոնավոր պիտի լինի։ Սա ի՞նչ է։ Հա, ծափ են տալիս։ Պետք է ծափ տալ, մի թեթև, պաշտոնական։ Կարծես լավ ստացվեց։ Կարծես դարձյալ ծիծաղում են։ Հետաքրքիր է, այդ ինչո՞վ են ծիծաղում... Տեսնես դահլիճի վերջին շարքերից ինքն ինչպես է երևում...
Հետո հաշվետու ժողովը փակում է ինքը՝ Կարապետ Խոսրովիչը։ Խոսում է պաշտոնական մարդու կարևորությամբ։ Բառերն արտասանում է հատ-հատ, ծափերի համար խնամքով պաուզաներ է անում...
Նա չի տեսնում, թե դահլիճում ինչ է կատարվում, նա չի զգում, որ իրեն ոչ ոք չի լսում։ Կարապետ Խոսրովիչը ամբողջապես տարված է իր եզրափակիչ ճառով։
Հետո հաշվետու ժողովն ավարտվեց։ Դահլիճը կամաց-կամաց դատարկվեց։ Անցան օրեր, շաբաթներ։ Նորից պիտի անդամավճարներ հավաքել։ Հետո մի օր էլ Կարապետ Խոսրովիչն իրեն վատ զգաց. ձախ թիակի տակ սուր ծակոցներ զգաց։ Երբ նրան ծանր վիճակում հիվանդանոց հասցրին, բղավեց. «Ախր ամեն ինչ կանոնավոր էր, տեղը տեղին, էլ ի՞նչ են ուզում, ինչո՞ւ անդամավճարները չեն բերում։ Չէ, այսպես ինքնագլուխ կերպով չի կարելի։ Պետությունը նրանց աշխատավարձ է տալիս, կանոնավոր հագցնում, առոք-փառոք ուտեցնում, իսկ նրանք ծուլանում են ժամանակին մուծել անդամավճարները...»։
Ապրիլ, 1989 թ.
Комментариев нет:
Отправить комментарий