11.11.2013

ՉԻՆՈՎՆԻԿԻ ԵՐԱԶԸ


Գավակ Փուչիկյանը վատ երազ տեսավ, շատ վատ երազ։ Արդեն կեսգիշեր էր։ Սկզբում քունը չէր տանում, դուրս եկավ պատշգամբ և ողջ մարմնով սարսռաց։ Կապտասև երկնքում յաթաղանի պես կախվել էր լուսինը, իսկ հարևան թաղամասում չարագուշակ ոռնում էին շները։

Մտավ անկողին, մի քանի անգամ աջ ու ձախ շուռումուռ եկավ և, վերջապես, քնեց։ Ու երազում տեսավ Նրան։ Ինքը նստած էր բազկաթոռի մեջ և բաց դռնից նայում էր, թե ինչպես է սարսափազդու լուսինն աստիճանաբար մեծանում ու մոտենում։ Ասես ուր որ է բաց դռնով պիտի մտնի սենյակ։ Փուչիկյանն արդեն իր վզի շուրջ զգում էր լուսնի շեղբի սառնությունը, բայց հանկարծ այն չքացավ երկնքից։ Բաց դռնից երևացող երկնքի փոքրիկ կտորը թաղվեց խավարում։ Փուչիկյանը վախեցած ձեռքը մեկնեց, մթության մեջ գտավ գիշերալամպի կոճակն ու սեղմեց...

Ո՜վ սարսափ։ Լուսնի և իր միջև, բաց դռան մեջ կանգնած էր Նա՝ Կևորկովը, հենց ինքը՝ Բորիս Սարկիսիչը։
Ողջ մարմինը փշաքաղվեց։ Վախից բերանը բացեց, բայց այնտեղից ոչ մի ձայն դուրս չեկավ։ Ակամայից չոքեց նրա առջև։
- Գյադա, վախեցա՞ր,- Կևորկովը արհամարհանքով նայեց Փուչիկյանին։- Ի՞նչ է, քունդ չի տանո՞ւմ, կերածդ չի մարսո՞ւմ։
- Այդ դո՞ւք եք, Բորիս Սարկիսովիչ։

Կևորկովը դանդաղ, ծանր քայլերով մտավ սենյակ և տանտիրոջ ինքնավստահությամբ ընկղմվեց բազկաթոռի մեջ։ Բաց դռան մեջ կրկին երևաց լուսնի սարսափելի յաթաղանը։
- Չէի՞ր սպասում, կարծում էիր, թե էլ չե՞նք հանդիպելու,- նախկին տիրակալի ակնոցի ու աչքերի սառնությունից Փուչիկյանի մարմնով սահմռկեցուցիչ ցուրտ անցավ։

- Ես... Ըմ... Ներեցեք, բա դուք չեք մահացե՞լ, Բորիս Սարկիսովիչ...
- Գյադա, ես անմահ եմ։ Միայն բնակավայրս եմ փոխել։ Երկրայինից տեղափոխվել եմ Երկնային բնակարան... Իսկ, ընդհանրապես, քանի դու և քեզ նմանները կաք, ես շարունակելու եմ ապրել այսօրվա իշխանավորի և գալիք մյուս ղեկավարների մեջ։

Փուչիկյանը վախեցած չորս կողմը նայեց։
- Ի՞նչ ես նապաստակի պես այս ու այն կողմ խլշկոտում,- Կևորկովը գիշերալամպն իրեն քաշեց, որ դեմքն ավելի լավ երևա,- շատ եմ փոխվե՞լ...
- Չչէ, չչեք փոխվել Բորիս Սարկիսովիչ։
- Իսկ դու ոնց-որ փոխվել ես... Եվ հետո, ինչո՞ւ ես այդ տեսքով չոքել իմ առջև։ Նստուկդ դրել ես ուսերիդ վրա, հերիք չէ, համարձակվում ես ինձ հետ խոսել նստուկիդ միջից...

- Սա... Սա նստուկ չէ,- Փուչիկյանը երկու քայլ առաջ սողաց, որ իրեն լավ տեսնեն։- Սա գլուխս է...
- Հա՜,- Կևորկովը սկզբում զարմացավ, հետո հանկարծ աշխուժացավ։- Ղամմազ, բա ինչո՞ւ ես այդպես պարարտացրել։ Մսամթերման պիտի տա՞ս, թե՞ սոցմրցություն ես ծավալել քամակիդ հետ։ Կամ գուցե որոշել ես խաշ գցել...
Փուչիկյանը քծնանքով ժպտաց.
- Բորիս Սարկիսովիչ, շնորհակալություն՝ կոմպլիմենտի համար։

- Գյադա... Անունդ էլ դարձյալ մոռացել եմ... Բայց, ոչինչ, դա կարևոր չէ... Հա, գյադա, տեսնում եմ, որ դարձյալ լավ ես ապրում...
- Ոչինչ, էլի, համեստորեն ապրում եմ...
- Համեստորեն ապրո՜ւմ եմ... Ախմախ, դու ե՞րբ ես համեստ եղել... Դուռս երեսիդ փակում էի՝ պատուհանից էիր ներս սողում, պատուհանս էի փակում՝ ունիտազի միջից էիր շողոքորթ դունչդ ցցում... Ի դեպ, հիշո՞ւմ ես քո էդ ժողովուրդ կոչվածը քեզ և ընկերներիդ ինչ էր անվանում։

- Ինչպե՜ս չեմ հիշում, Բորիս Սարկիսովիչ,- Փուչիկյանը երանությամբ ժպտաց,- «Կևորկովի շներ» էին անվանում։
- Ճիշտ է, չես մոռացել։ Իսկ հիմա ո՞ւմ ոտքերն եք լիզում... Իսկ ձեր այդ իշխանությունները, որ ինձնից հետո եկան, կարողանո՞ւմ են կառավարել...
- Ձեր գիծը շարունակում են, Բորիս Սարկիսովիչ...
- Հա՞... Կարողանո՞ւմ են ձեր այս դրախտ երկիրը հայաթափել... Իսկ ինձ հիշո՞ւմ եք մեկ-մեկ...

- Ինչպես չէ, Բորիս Սարկիսովիչ,- Փուչիկյանը հանեց ծոցատետրը, էջերը զգուշորեն պրպտեց ու, այնտեղից մի լուսանկար հանելով, պայծառացած մեկնեց Կևորկովին,- ահա ձեր նկարը, Բորիս Սարկիսովիչ, խնամքով պահում եմ...
- Լա՛վ, պատմիր տեսնեմ. ձեր այդ նոր իշխանություննե՞րն են լավ, թե՞ ես և իմ ղեկավարած տարիները...

- Բորիս Սարկիսովիչ, ես ամեն օր հիշում եմ այն երանելի ժամանակները, երբ ձեր ղեկավարությամբ անշեղորեն ծաղկում էր մեր երկիրը,- Փուչիկյանը չորեքթաթ մի քայլ էլ առաջ սողաց և, զգուշորեն շուրջը նայելով, շարունակեց,- սրանք հրեշներ են։ Սրանք ոչ թե ուտում, այլ ձեռքներն ընկածը սաղ-սաղ կուլ են տալիս... Սրանք, այս արնախումները ձեր կոշիկի փոշին չարժեն...
- Բայց նույն շանորդին ես մնացել, հա՜,- Կևորկովն արհամարհանքով նայեց Փուչիկյանին ու ոտքերը մեկնեց, կոշիկները դիպցրեց վերջինիս պարարտ փորին։- Ամենևին չես փոխվել։ Բայց դո՞ւ չէիր, որ ինձնից հետո ձեր այդ միտինգներում քարկոծում էիր ինձ։

- Էդ ո՞վ է ասել, էն սրիկա Քուչիկյա՞նը, Դնչիկյա՞նը... Սրիկաներն էլի ինձնից առաջ են ընկե՞լ...
Կևորկովը զվարթացավ.
- Չ՜է, իսկապես նույն շան տղան ես մնացել։ Էն ժամանակ էլ էիք ինձ քծնելու համար դնքսում, ոտքերս լիզելու համար գզվռտում, իրար գզում թուլաների նման... Լավ, գյադա, մի բան հարցնեմ. ճանապարհին տասնյակ պարսպապատ շքեղ շինություններ տեսա, դրանք ի՞նչ են։

- Մեր նոր տերերի դղյակներն են։ Նրանք այնտեղ են ապրում։
- Իսկ պարիսպներն ինչի համար են։
- Որ ժողովրդից պաշտպանվեն։
- Հա՜,- Կևորկովը բազմանշանակ գլխով արեց,- ժամանակին այդ մեկը ես չգիտեի... Անունդ դարձյալ մոռացա։ Հա, հիշեցի, գյադա, մի քիչ էլ քո մասին պատմիր։ Ի՞նչ ես անում, ոնց ես լափդ վաստակում...
- Դե, ինչպե՞ս ասեմ, Բորիս Սարկիսովիչ, ինչպես միշտ՝ ծառայում եմ...

- Հասկանալի է, էլի ղեկավարությանը քծնում-շողոքորթո՞ւմ ես...
- Հա,- Փուչիկյանը համեստորեն գլխով արեց։
- Իշխանությունների մոտ էլի նորմալ մարդկանց չարախոսում, բամբասում ու ծախո՞ւմ ես...
- Հա, դա էլ կա,- Փուչիկյանը հպարտորեն կուրծքը ցցեց։ Մենք հասարակության սանիտարներն ենք։ Չար ու վտանգավոր գաղափարները պետք է արմատախիլ անել։ Իշխանությունը գլուխ է, մենք՝ ոտքեր։ Գլուխն ինչ հրամայում է, ոտքերը պարտավոր են կատարել...

- Չէ, գյադա, դու ոտք չես, դու կոշիկ ես, որ եկող-գնացողները հագնում են... Չէ՛, չէ՛, դու քամակ ես, նստո՛ւկ... Մենք՝ ղեկավարներս, բոլոր տեսակի իշխանություններս գնացական ենք, դու և քեզ նմանները՝ մնացական, հավերժական։ Մենք գալիս-գնում ենք, դու և քեզ նման գյադաները մնում եք... Դե լավ, վե՛ր կաց, ճանապարհվում ենք...
Փուչիկյանն աշխույժ ոտքի ելավ։
- Ո՞ւր ենք գնում, Բորիս Սարկիսովիչ։
- Ինձ մոտ, երկնային կյանք։
- Ի՞նչ,- Փուչիկյանը գունատվեց։
- Լավ չես լսո՞ւմ, քեզ տանում եմ ինձ մոտ ծառայության։

Կևորկովը պինդ բռնեց Փուչիկյանի դաստակն ու բաց դռնից դուրս եկան պատշգամբ։ Բորիս Սարկիսիչը կամաց-կամաց կտրվեց գետնից և աստիճանաբար սկսեց բարձրանալ։ Փուչիկյանն ամուր բռնեց նախկին տիրոջ ոտքերից և, այն պահին, երբ երկուսով համբարձվում էին վեր, հանկարծ մի ծանր հարված ստացավ գլխին ու սրընթաց սուրաց ցած։

Գավակ Փուչիկյանը բացեց քնաթաթախ աչքերը, բայց դեռևս չկարողացավ հասկանալ, որ ընկել է մահճակալից։ Այդ պահին, ասես երազում, լսեց կողակցի ձայնը.
- Դանդալոշի մեկը, սա էլ նոր սյուրպրի՞զ է, մեր անկողինը ծովից-ծով ես սարքել...
- Ի՞նչ ծովից-ծով,- Փուչիկյանը երազից դեռ ուշքի չեկած, մշուշված նայեց կնոջ չռված աչքերին,- բա Բորիս Սարկիսովիչն ո՞ւր է...
- Բորիս Սարկիսովիչն էր պակաս, էշի մեկը, տակիդ միզել ես...

Լուսամուտից երևացող երկնքի կտորից լուսնի յաթաղանը չքացել էր, բայց շներն արդեն ոռնում էին իրենց թաղամասում...

Հունիս, 2003 թ.

Комментариев нет:

Отправить комментарий