11.11.2013

ԵՐԿՆԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ


Ուրախ լուրը կայծակի արագությամբ տարածվեց մայրաքաղաքում ու ողջ հանրապետությունում. քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու հարցերով զբաղվելու է հենց ինքը՝ տեր Աստված, որ օդանավի հատուկ չվերթով իջել է երկիր, այսինքն՝ մայրաքաղաք, և հրեշտակների ու գլխավոր հրեշտակապետի ուղեկցությամբ բազմել կառավարական շենքի ամենավերին հարկում։

Քաղաքի ծայամասերից մարդկանց հերթը ձգվում էր դեպի Կենտրոնական հրապարակ, այնտեղից՝ դեպի կառավարական շենք։ Քաղաքացիները մեկ-մեկ մտնում են Աստծո մոտ և, մի քանի րոպե հետո, համապատասխան նշանակում ստանալով, ուրախ-զվարթ դուրս գալիս այնտեղից։

- Որդյակ, ի՞նչ մասնագիտություն ունես,- փառավոր բազմած ինքնաթիռով իր հետ բերած աստվածային գահին, հրեշտակներով շրջապատված, հերթական այցելուին հարցրեց Երկնայինը։
- Սովետի տարիներին խանութում մսագործ եմ աշխատել,- պատասխանեց այցելուն։
- Նախարարություններից մեկում այսօրվանից գլխավոր խորհրդական ես աշխատելու,- ասաց Աստված։- Հաջորդը...

Ներս մտավ գեղեցիկ մի օրիորդ։
- Բալիկ ջան, դու ի՞նչ մասնագիտություն ունես։
- Մասնավոր մի համալսարանից դիպլոմ եմ գնել, բայց, ճիշտն ասած, մոռացել եմ նայել, թե մեջն ինչ է գրված։
- Մի բարձր պաշտոնյայի մոտ քարտուղարուհի կաշխատես։ Պետիդ համար թեյ ու սուրճ կսարքես, ժամանակին ծաղիկները ջրես, հեռախոսազանգերին պատասխանես...

- Պարոն աստված, դա հին ժամանակներում էր, որ ինձ նմանները քարտուղարուհու պաշտոնով գոհանում էին։ Կարծում եմ՝ իմ արտաքին և ներքին տվյալներով ավելի պատասխանատու պաշտոնների եմ արժանի,- բորբոքված ասած օրիորդը։
- Հը՜մ,- Երկնայինը քթի տակ ժպտաց։- Ղեկավարական նոր հաստիք է ստեղծվել, առայժմ հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու։ Բայց դա կարևոր չէ։ Այսօրվանից արտասահմանյան թանկարժեք սև ավտոմեքենայով ես շրջելու։

Հաջորդ այցելուն միջին տարիքի միջահասակ մի տղամարդ էր։
- Որդյակ, գիտե՞ս ինչ ասել է՝ քաղաքականություն,- հարցրեց Աստված։
- Հա, երբ պետության փողերով տարբեր քաղաքներ են ման գալիս։ Ի դեպ, ասեմ, որ մի տասնհինգ տարի եղել եմ խոպանում՝ ռուսական տարբեր քաղաքներում...
- Հիանալի է։ Արտգործնախարարությունում մի փափուկ պաշտոն կձևակերպենք քեզ համար։

Մյուս այցելուն թափանցիկ կարճ շրջազգեստով մի օրիորդ էր։ Աստված ակնոցի վերևից զարմացած նայեց նրան.
- Այ աղջիկ, էդ ստրիպտիզ-բարից ես գալի՞ս։
- Կան անհատներ, որոնք վճռորոշ դերակատարություն են ունեցել Տիեզերքի ստեղծման ու կերտման առումով։ Նրանք պատվարն են մեծ արարումի, առանց որի անիմաստ ու թերարժեք է Երկիր մոլորակի ճակատագիրը։ Այդ վսեմ անհատը Դուք եք՝ ո՜վ Մեծ արարիչ։

Աստված ակնոցի վրա մի այլ ակնոց դրեց ու զարմացած նայեց օրիորդին։
- Հա՜, դերասանուհի ես։
- Բանաստեղծություններ եմ գրում, բայց եթե մեղմ երաժշտություն միացնեք, կարող եմ Ձեզ համար, ոտանավորներ արտասանելով, թեթևասահ պարել։ Եթե գտնեք, որ վեհատես շարժումներիս շորերս խանգարում են, կարող եմ...
- Չէ, չէ,- Աստված վեր թռավ տեղից,- միայն թե չհանվես։ Ի՞նչ պաշտոն ասես, էս պահին հրամանը կգրեմ,- ապա արագ-արագ ինչ-որ բան գրեց ու մեկնեց օրիորդին։

Երբ օրիորդը դուրս եկավ, Աստված վերնաշապիկի վերին կոճակները բացեց.
- Օ՜ֆֆ, լավ պրծա, թե չէ ինձ անկողին էր քարշ տալու...
Դուռը կամաց բացվեց, շեմքին երևաց ամոթխած մի պարոն։ Աստված վախեցած նայեց նրան.
- Դո՞ւ էլ ես պոետ։
- Չէ, գրել-մրել չեմ սիրում, բայց ես կարող եմ մի քանի ժամ անընդմեջ ծափահարել,- ասաց տղամարդը և գլուխ տվեց։
- Հրաշալի է,- Երկնայինը աշխույժ շփեց ձեռքերը,- հենց առաջին հայացքից ինձ դուր եկար։ Այսօրվանից պատգամավոր ես...

Հաջորդ այցելուն անորոշ տարիքի մի կին էր։
- Դուստր իմ, դու ի՞նչ փեշակ ունես։
- Աստված ջան, ցավդ տանեմ, տառերը լրիվ չգիտեմ, բայց իմ անուն-ազգանունը գրելիս ընդամենը չորս սխալ եմ անում...
- Հա՜, դա լավ է,- Երկնայինը կրկին վերագտավ իրեն, ծխախոտ վառեց և բերանից ծխի օղակներ բաց թողեց,- լավ, որ ընդամենը չորս սխալ ես անում, ուրեմն ազատ կարող ես գլխավոր մասնագետ աշխատել նախարարություններից մեկում։ Հաջորդը...

Նոր այցելուն շողոքորթ ժպիտը դեմքին, անգույն մի տիպ էր։
- Որդյակ, դու ո՞վ ես։
- Ձերդ աստվածային պայծառաճաճանչություն, ես գրող եմ։
- Ինչի՞ մասին ես գրում։
Այցելուն քծնանքով ծալծլվեց.
- Ձերդ արևափայլություն, ոչ թե «մասին», այլ «դեմ» եմ գրում։ Ինձ վճարում են, իսկ ես զրպարտություններ ու հայհոյանքներ եմ գրում ինձ վճարողների հակառակորդների դեմ...
- Եվ էդ հացը ուտվո՞ւմ է... Քեզ նման էլի կա՞ն,- Աստված զզվանքով դեմքը շուռ տվեց։

Այցելուն աշխուժացավ.
- Հա, շատ են, շրջաններում, գյուղերում էլ կան, բայց այս պահին երեքով էինք, երկուսը դռան մոտ սպասում են։
- Ասա, թող նրանք էլ մտնեն...
- Որտե՞ղ մտնեն, Տիեզերափայլ։
- Ախմախ, ասա, թող ներս գան։

Ներս մտան երկու հոգի։ Վիզը ծուռ նրանցից մեկը հուղարկավորի տեսքով մոտեցավ, ծունկ չոքեց Աստծո առաջ, ուզում էր աջը համբուրել, Տիրակալը ձեռքը ետ քաշեց ու հարցրեց.
- Որդյակ, էդ մեռելատնից ես գալի՞ս։ Ցավակցում եմ։
- Շնորհակալություն,- այցելուն հոգու խորքում ուրախացավ, որ իրեն խղճում ու ցավակցում են։- Տեր իմ, Ձեր մասին պոեմ եմ գրել, բայց հովանավորներ չեմ գտնում՝ դրանք տպագրելու համար։

Երկնայինը գրպանից մի կապ թղթադրամ հանեց ու մեկնեց նրան.
- Վերցրու, քեզ եմ տալիս մի պայմանով, որ պոեմդ չտպագրես,- ապա դիմեց մյուս երկուսին.- չէ՜, դուք շատ եք առաջ անցել ձեր նախապապ Հուդայից... Էս ո՞ւր եմ ընկել, օ՜ֆֆ... Հրեշտակապետ, ո՞ւր ես բերել ինձ, սա ի՞նչ դժոխք է։ Սավառնակը գործի գցիր, թռչում ենք վեր...

Մայիս, 1999 թ.

Комментариев нет:

Отправить комментарий