Քեռի Ագոն առաջին անգամ մեր տանը հայտնվեց հինգ տարի առաջ, բավական կոնծեց, ինչ-որ բան ասաց ու հայրս շատ ջղայնացավ, հետո մայրիկն էլ բարկացավ և քեռի Ագոյի գնալուց հետո ասաց.
- Դա էլ քո ազգականը։
- Մի՞թե նա քո ազգականը չէ, սիրելիս։
- Մեր ազգում այդպիսի կենդանի չկա։ Կարծեմ մորաքրոջդ կողմից է...
- Ինչպե՞ս թե, շնորհակալություն, մեր ցեղը նման ցուցանմուշների կարիք չունի,- հայրս սկսեց նյարդայնորեն ճանապարհորդել սենյակում։- Այդպիսի հուշանվերներ միայն ձեր տոհմական արխիվից կարող են դուրս պրծնել։
- Բայց նա կիսած խնձորի պես նման է հորաքրոջդ...
Այնուհետև մոտ մեկուկես ժամ շարունակվեց այդ վեճը, սակայն այդպես էլ ծնողներս չկարողացան որոշել քեռի Ագոյի ազգային պատկանելությունը, և դա առաջին համաընտանեկան պատերազմն էր մեր հարկի տակ։ Հետագայում այդ պատերազմների քանակն ուղիղ համեմատական դերձավ Քեռի Ագոյի հայտնվելու հետ։ Իսկ քեռի Ագոն սկսեց ավելի ու ավելի հաճախակի մեզ մոտ գալ և իր հետ շատ հետաքրքիր լուրեր էր բերում, որոնցից, ինչպես խարույկը նավթից, այնպիսի պատերազմներ էին բռնկվում, որ քեռի Ագոյի գնալուց հետո էլ երկար ժամանակ շարունակվում էր բոցկլտալ պատերազմի կրակը ոչ հեռու անցյալում խաղաղ համարվող մեր հարկի տակ։
Սկզբում կարծես ամեն ինչ լավ էր գնում։ Մայրս սեղան էր սարքում, հայրս ու քեռի Ագոն զրուցում էին դեսից-դենից ու հայրս ասում է.
- Ծխախոտս էլ վերջացել է։ Վարջերս շատ դժվար է «Սալյուտ» ճարվում։
- Որտեղի՞ց ճարվի, երբ միայն ձեր փոքրիկ գերդաստանում արդեն երկու մոլի ծխող կա,- ի միջի այլոց, ասում է քեռի Ագոն։
- Ինչպե՞ս թե,- զարմացած ասում է հայրս,- Զարինեն չի ծխում։
- Այդ էր պակաս, որ կինդ էլ ծխեր։ Խոսքը սիրելի որդուդ մասին է, խանութներում ծխախոտ չի թողել...
Ու մինչ ես զարմանքով մտածում էի, թե այդ երբվանից է մանկապարտեզական կրտսեր եղբայրս ծխախոտի սիրահար դարձել, քեռի Ագոն մտերմորեն շոյեց գլուխս ու ասաց.
- Տղա՛ս, էլ այդպիսի բան չանես։ Ախր երկրորդ դասարանցին ի՞նչ գործ ունի ծխախոտի հետ։ Ծխախոտի ծուխը նույնն է, ինչ օձի թույնը...
Անցնում էին օրեր, ու քեռի Ագոն ասում է, թե այնքան էլ լավ չէ, որ մենք խռովել ենք Աշխեն հորաքրոջից։ Բայց մենք չենք խռովել Աշխենից, ասում էին հայրիկն ու մայրիկը։ Ինչպե՞ս թե, զարմանում էր քեռի Ագոն, ի՞նչ կարիք կա այդ ամենը ձեր տան լավագույն բարեկամից թաքցնել։ Հետո նա ասում է, որ Աշխենից է լսել, որ մենք անհյուրընկալ և երախտամոռ մարդիկ ենք, և Աշխեն հորաքույրն այլևս չի ուզում մեզ հետ գործ ունենալ։ Այնուհետև քեռի Ագոն ասում է, որ Աշխեն հորաքույրը սաստիկ բարկացած է հորս վրա, որովհետև հայրս մի անգամ իր ընկերների մոտ ասել է, որ ինքն է նրա ամուսնուն տեղավորել քաղառևտրում ու մարդ դարձրել...
Քեռի Ագոն իր հետ միշտ այնպիսի զարմանալիորեն խայտաբղետ «պատճառներ» էր բերում, որ մի տեսակ ամոթ կլիներ դրանք առանց կռվի թողնելը։
Ես մտածում էի, որ նա նման է կախարդական նավթավառի, որ իր գոյությամբ միշտ բորբոք է պահում մեր ընտանիքի պատերազմական կրակը։
Մի օր էլ քեռի Ագոն գնդակի պես ներս սուրաց ու, աչքերից արցունքներ ցայտեցնելով, ողբաձայն ասաց.
- Մենք ձեզ ի՞նչ վատ բան ենք արել, տիկին Զարինե, որ կնոջս չես բարևում։
- Բայց ես ե՞րբ եմ կնոջդ տեսել ու չեմ բարևել,- զարմացավ մայրս։
- Լավ, դա արդեն ձեր անձնական գործն է, բայց ինչո՞ւ եք երեխաներին էլ սովորեցնում, որ մեզ չբարևեն։ Երեկ տղադ ու աղջիկդ այնպես էին կողքովս անցնում, որ կարծես ես ոչ թե ձեր լավագույն բարեկամն եմ, այլ մի անտեր մեխ...
Եվ մինչ մայրս երդվում է, որ ինքն ամենևին մեզ նման բան չի սովորեցրել, ես ճգնում էի հիշել, թե այդ որտեղ եմ քեռի Ագոյին տեսել և ոչ միայն չեմ բարևել, այլև նրան անտեր մեխ եմ համարել։
Դրանից հետո ես փողոցով քայլելիս աշխատում էի աչալուրջ լինել, որպեսզի հանկարծ այնպես չպատահի, որ քեռի Ագոն կողքովս անցնի ու ես չնկատեմ։ Քեռի Ագոյի կնոջը երբեք չէի տեսել և սկսեցի անխտիր բարևել բոլոր այն կանանց, ովքեր նման էին քեռի Ագոյին։ Ո՞վ գիտե, դրանցից մեկը կարող է քեռի Ագոյի կինը լինել...
Իսկ մի անգամ էլ, երբ հայրս ծովափ էր գնացել, քեռի Ագոն եկավ ու ասաց, որ մայրս այդ կնամոլին, այսինքն հորս, մենակ չպիտի բաց թողներ։ Հետո նա ասաց, որ լավ կլինի մայրս այդ մասին հորս ոչինչ չասի, բայց մայրս այլևս քեռի Ագոյին չէր լսում, ու մի քանի օր հետո մայրիկը մեզ թողեց տատիկի մոտ և ինքնաթիռով թռավ հորս մոտ։ Այնուհետև հայրս ու մայրս եկան ծովափից և մի քանի օր մեր տանը պատերազմ եղավ։
Ամռանը, երբ մայրս առաջին դասարանցի քրոջս հետ առողջարան էր մեկնել, քեռի Ագոն մի շիշ կռնատակին եկավ, զրուցեց հորս հետ ու ասաց.
- Լսել եմ Զարինեն այնտեղ պարապ չի մնում։
- Դրանով ի՞նչ ես ուզում ասել,- հայրս հանկարծ գունատվեց։
- Ոչինչ, ես ընդամենը լսածս եմ ասում։ Այդ կանանց ցեղն այդպես է։ Հենց տղամարդ են տեսնում՝ ուշքները գնում է։ Անունն էլ են ասել, բայց մոռացել եմ,- ասաց քեռի Ագոն և իր բերած գինու շիշն ու մեր տան թթօղին դատարկեց։- Բայց իմ մասին կնոջդ ոչինչ չասես, ես ընդամենը լսածս եմ ասում,- ասաց և գնաց։
Ու հետո դարձյալ պատերազմ եղավ։
Եվ մի քանի օր հետո նորից էր հայտնվում քեռի Ագոն ու ասում.
- Որ ես չգամ, դուք չեք էլ ասի, թե բարեկամ ունենք, մի անգամ էլ մենք գնանք, տեսնենք սաղ է, թե...
Եվ, իսկապես, մենք երբեք չէինք եղել քեռի Ագոյենց տանը։ Նրա կնոջ ու երեխաների մասին միայն քեռի Ագոյի պատմածներով գիտենք։ Ու ինքն էլ երբեք մեզ չէր հրավիրել իրենց տուն...
Քեռի Ագոն երբեմն այնպես էր աչքերից արցունքներ ցայտեցնում, որ մենք մի տեսակ վատ էինք զգում։
Հետո նա նորից ու նորից էր հայտնվում, ասում, որ ես կամ մանկապարտեզական եղբայրս պարսատիկով ջարդել ենք իմ ուսուցչուհու կամ Արայիկենց մանկապարտեզի վարիչի տան ապակիները, որ քույրս իր ընկերների մոտ մորաքրոջս մասին վատ բան է ասել, որ մենք դիտմամբ դուռը կողպել էինք, որ իրեն՝ քեռի Ագոյին, չընդունենք, որ մայրս խանութում կամ աշխատանքի վայրում այնքան էլ լավ չի արտահայտվել տատիկի մասին, որ...
Մի օր էլ երբ հայրս ասաց, որ լավ կլինի Ագոն հեռախոսով գոնե զգուշացնի իր գալստյան մասին, մայրիկը ծիծաղեց ու ասաց.
- Որպեսզի ծլկես, հա՞...
Եվ այսպես անցնում էին օրեր, ամիսներ, տարիներ։ Ես արդեն սովորում էի չորրորդ դասարանում ու մի կիրակի էլ, երբ հայրս բազմոցին փառավոր խռմփացնում էր, իսկ ես եղբորս՝ Արայիկի խաղալիք հրացանն էի նորոգում, հանկարծ զգացի, որ թեթև ճոճվում եմ։ Նայեցի առաստաղին՝ ջահը նույնպես ճոճվում էր։
- Երկրաշարժ է,- ասացի ես։
- Հայրի՛տ, երտրաշարժ է, ինչպես տարուսելում,- ուրախ ճչաց Արայիկը։
Եղբորս ձայնից հայրս վեր թռավ, նայեց ճոճվող ջահին, նորից մեկնվեց բազմոցին ու հանգիստ ասաց.
- Մի՛ խանգարիր, ճուտի՛կ, թող քնեմ։ Այնպես բղավեցիր, կարծեցի, թե Ագոն է եկել։
Իսկ մի քանի ժամ հետո, երբ խոհանոցում մայրս ինչ-որ թխվածքներ էր սարքում ու քույրս մեղրաճանճի պես պտտվում էր տարածված անուշահոտությունների շուրջը, հայրս փառավոր ընկղմված բազկաթոռի մեջ, օրվա թերթերն էր աչքի անցկացնում կամ, ինչպես ինքն էր ասում, հոգեկան ծաղկաքաղ էր անում, ես, տնկված գրապահարանի առաջ, «Դեկամերոն» վերնագրով մի հաստափոր գիրք ձեռքիս, մտածում էի՝ կարդա՞մ, թե՞ չկարդամ, կրտսեր եղբայրս, որ պատշգամբում, նստած քրոջս դաշնամուրի պտտվող աթոռի ամենավերին ծայրին, լեղակի և օճառի խառնուրդից կապտամանուշակագույն փուչիկներ էր բաց թողնում, գեղարվեստորեն նախշազարդում մեր լվացքի սպիտակեղենը՝ դրանց վրա փուչիկներ պայթեցնելով, հրճվանքից ոտքերը ճոճում և ուրախ ծլվլում, հանկարծ վախեցած վեր ցատկեց ու ճչաց.
- Հայրի՛տ, թեռի Ադոն դալիս է...
Հետո նա սլացավ խոհանոց այդ լուրը մորս էլ հայտնելու, ու մի քանի վայրկյան հետո մեր բնակարանում ամեն ինչ սարսափելիորեն իրար խառնվեց։ Եվ երբ ես, դեռևս ուշքի չեկած, «Դեկամերոնը» կռնատակիս, սառել էի գրապահարանի առջև, մայրս ուզում էր բացել զգեստապահարանի դուռը, բայց ներսից լսեց հորս խռպոտ ձայնը.
- Տեղ չկա, Զարինե, դու էլ գնա լողասենյակ։
Հենց նույն վայրկյանին քույրս նետվեց միջանցքում կախված հորս վերարկուի հետևը ու, մինչ եղբայրս փոքրիկ բզեզի պես չորեքթաթ կսողար մահճակալի տակ, քույրս դուրս պրծավ իր թաքստոցից և կողքովս սուրաց դեպի պատշգամբ՝ ավելի հարմար թաքստոց գտնելու։
Այն է, ուզում էի թաքնվել քրոջս հին թաքստոցում, բայց հանկարծ, ո՜վ սարսափ, բացվեց մուտքի դուռն ու դիմացս հայտնվեց քեռի Ագոն։ «Դեկամերոնը» կռնատակիցս ցած սահեց ու խուլ դրխկաց հատակին, ես մի քանի քայլ ետ գնացի և, հուզմունքից դողալով, խեղճ-խեղճ ասացի.
- Քեռի Ագո՛, ինչո՞ւ ես եկել։ Մենք քեզ ի՞նչ վատ բան ենք արել, որ եկել ես։
- Թեռի Ադո՛, դնա՛, դնա՛ ձեր տուն, խնդրում եմ,- լսեցի եղբորս ձայնը, որ եկել և թիկունքից պինդ սեղմվել էր ինձ, իր փոքրիկ ձեռքով ամուր բռնել խաղալիք հրացանը, իսկ արցունքներն աղբյուրի պես հոսում էին աչքերից։- Էլ չդաս, դնա՛, դնա՛ ձեր տուն, խնդրում եմ, թեռի Ադո՛, դնա՛...
Ապրիլ, 1986 թ.
Комментариев нет:
Отправить комментарий