Մեծադիր հայելու առջև հայրս հանդիսավոր ուղղեց փողկապն ու այնտեղ, հայելու ինչ-որ անկյունում գտնելով ինձ, ասաց.
- Պատրաստվի՛ր, Համոյի հարսանիքն է։
- Ուռռա՜,- բղավեցի ես և, զգեստապահարանի աջ անկյունից գլուխկոնծի տալով, հայտնվեցի հորս ոտքերի մոտ։
Երբ ծնողներիս համատեղ ջանքերով քիթ ու մռութը քաղցրավենիքով զարդարված լակոտից վերածվեցի մորս ասելով՝ սիրուն տղամարդու, իսկ հորս կարծիքով՝ վերջապես մարդավարի տեսք ստացա, հայելու մեջ հորս շալվարի բարձրության հնդկահավի նման ինչ-որ բան նկատեցի, որ հեռավոր նմանություն ուներ իմ անձի հետ։
- Փեսան պատրաստ է,- ասաց հայրս ու մենք, ծանր ու մեծ դուրս գալով տնից, ուղղություն վերցրինք դեպի հարսանքատուն։
Համոյենց բակը լիքն էր մարդկանցով։ Երբ մենք մոտեցանք հավաքվածներին, մի քանի հոգի սեղմեցին հորս ձեռքը, իսկ մեկն էլ բարեկամաբար քաշեց ականջս ու հասկանալով, որ հանդիսավոր պատրաստվում եմ տզզալ, մի զույգ կոնֆետ խցկեց ափիս մեջ։ Երբ կոնֆետների հաշիվը մաքրեցի, հեռվում լսվեց ավտոմեքենաների ազդականչերի ոռնոցը։ Հավաքվածներից մեկն ասաց, որ հարսին բերում են, և երեխաների մի խումբ «ուռա» բղավեց։
- Հայրի՛կ, իսկ հարսը փախե՞լ էր, որ բերում են,- հարցրի ես ու չսպասելով պատասխանին, վրա տվի,- իսկ ավտոներն ինչո՞ւ են սուլում։
- Նահապետական սովորություն է,- երկու հարցիս միանգամից պատասխանեց հայրս, բայց ես ոչինչ չհասկացա։
Ինչ-որ տեղ մոտերքում ծկլթաց կլառնետն ու նույն պահին վրան գեղեցիկ տիկնիկ նստեցրած մեքենայից դուրս եկան սպիտակազգեստ հարսն ու մեր Համոն։ Հարսը շատ գեղեցիկ էր, իսկ Համոն այնպես լուրջ էր, որ ես սկզբում չճանաչեցի։ Հետո միանգամից բոլորը թափվեցին հարս ու փեսայի կամ, ինչպես հայրս կասեր, նորապսակների վրա և սկսեցին ուրախությունից պարել։ Իսկ երբ հարսն ուզում էր տուն մտնել, նրան կանգնեցրին ու ոտքերի տակ շուռ տված մի ափսե դրեցին։ Հարսը բարկացավ և ոտքով ջարդեց ափսեն։ Հետո մոտերքում մի քանի հոգի «ուռա» ասացին ու հարսին թույլ տվեցին, որ տուն մտնի։
Երբ տեղավորվեցինք հսկա սեղաններից մեկի շուրջ, Համոյի հայրը մոտեցավ երաժիշտների մոտ դրված միկրոֆոնին ու ասաց, որ մենք բարով ենք եկել, և ինքը խմում է թամադայի՝ Համբարձում Առաքելիչի կենացը, որ վերջինս բարով-խերով իրենց մեծ ուրախությունը ղեկավարի։ Հետո երաժիշտները միկրոֆոնն իրենց քաշեցին ու Համբարձում Առաքելիչի պատվին մի այնպիսի տուշ ցմբացրին, որ սեղանի կենտրոնում փառավոր բազմած շշերն ու բաժակները սկսեցին զնգզնգալ։ Հայրս պատառաքաղը վերցրեց ու, մեր դիմաց նստած քեռի Աբոյին աչքով անելով, ասաց.
- Սեղանի պաշարումը սկսված է։
- Մեկ, երկու, երեք, գրոհի համազա՛րկ,- ասաց քեռի Աբոն ու շամպայնի շշից հրացանի պես կրակեց։
Համբարձում Առաքելիչը, այսինքն՝ թամադան, սկզբում միկրոֆոնի մեջ բարձր հազաց ու սկսեց շատ երկար խոսել ծաղիկների մասին։ Վերջում էլ ասաց, որ խմում է զույգ ծաղիկների կենացը։
- Հայրիկ, ինչո՞ւ եք ծաղիկների կենացը խմում։
- Զույգ ծաղիկները դրանք հարսն ու փեսան են, տղաս։
Նայեցի հարսին ու Համոյին, բայց չհասկացա, թե ինչու են նրանց զույգ ծաղիկներ անվանում։ Ինձ ավելի զարմացրեց այն, որ հենց թամադան խոսում-պրծնում էր, երաժիշտներն իսկույն չափ էին գցում իրենց գործիքներն ու օդը թնդացնում։ Ես մտածեցի, որ երևի նրանք նախօրոք պայմանավորվել են։ Հորս հարցրի, բայց նա քեռի Աբոյի հետ ինչ-որ բան էր վիճում ու ասում, թե թամադան կենացները շփոթել է։ Հետո, երբ Համբարձում Առաքելիչը հասել էր հարսի ծնողների կենացին, նկատեցի, որ հայրս ու քեռի Աբոն այլևս թամադային չեն լսում։ Իսկ թամադան անընդհատ «լռություն» էր բղավում միկրոֆոնով։ Քեռի Աբոն երաժշտության տակտով սկսեց թմբկահարել սեղանը, և դատարկ ու կիսադատարկ շշերը ցատկոտեցին ու ավելի բարձր ծլնգացին։
Պարողներին միացան հայրս ու քեռի Աբոն։ Հայրս արդեն բոլորովին նման չէր հայելու առաջ կանգնած փառահեղ փողկապավորին։ Այժմ նրա փողկապը թուլացել էր ու խղճալիորեն դեպի աջ էր ճոճվում, վեր սանրած մազափունջը կախվել, կպել էր քրտնած ճակատին, իսկ այտի վրա պսպղում էր խոզի խորովածի յուղոտ հետքը։ Հայրս կարտոֆիլի տոպրակի նման ծանր-ծանր տմբտմբացնում էր ու, ձեռքին ծածանելով սեղանի վրայից վերցրած կեղտոտ անձեռոցիկը, հիացած «այշա՜» բղավում։
Քեռի Աբոն գոտու վրայից խուրջինի պես կախ տված փորը վերուվար էր անում ու ապարդյուն փորձում պարելիս ամեն կերպ մոտենալ կապույտ շրջազգեստով աղջկան, իսկ վերջինս միշտ թիթեռի պես դուրս էր պրծնում նրա թևի տակից։ Հետո պարելու հրավիրեցին հարս ու փեսային։ Հարսը շատ ուրախ էր, ձեռքերը հիացմունքից կոտրատում էր, իսկ Համոն թևերը աջ ու ձախ տարածած՝ պտտվում էր նրա շուրջը։ Հետո նրանց շատ շաբաշ տվեցին, ու նրանք դուրս եկան պարողների խմբից։ Դհոլը սկսեց ավելի ու ավելի կատաղի թնդալ։ Պարողներից մեկը, որ կնոջ պես երկար մազերը դես ու դեն էր շպրտում, երաժշտության տակտի տակ հանկարծ սկսեց պպզել ու պարողների ոտքերի տակ ինչ-որ բան փնտրել, երևի հավ։
Վիզս երկարեցի, բայց այնտեղ բան չէր երևում։
Երբ պարը վերջացավ, հայրս ու քեռի Աբոն, քափ ու քրտինքի մեջ կորած, նստեցին, ես հարցրի, թե հավը բռնեցի՞ն։
- Հավ չէր, կապույտ թռչուն էր, ճուտի՛կս,- ասաց քեռի Աբոն ու սկսեց քրքջալ։
Հետո, շատ ուշ, ես հասկացա, որ այնտեղ ոչ մի հավ կամ կապույտ թռչուն էլ չկար, պարելու ձև էր։
Թամադան միկրոֆոնով ասաց, որ հեռավոր Աշխաբադից թե Տաշքենդից փեսայի հորեղբոր որդի Սլավիկը հարսի համար չորս հարյուր ռուբլանոց մատանի է բերել և ուզում է հարսանքավորների ներկայությամբ մատանին արժանացնել հարսի քնքուշ մատին։ Թամադան թվարկեց մի քանի մարդկանց անուններ էլ, որոնք ինչ-որ նվերներ վերցրած, լայն-լայն ժպտալով ու պարելով, մոտեցան հարսին։ Երբ նվերներ տալու արարողությունն ավարտվեց, քեռի Աբոն սրբեց յուղոտ բեղերն ու ասաց.
- Այդ ծիպլիներին ես մի ամսվա աշխատավարձովս կգնեմ։
- Չէ՜ մի,- ասաց հայրս, ու քեռի Աբոն վիրավորվեց և սկսեց հորս ինչ-որ բան ապացուցել։
Նրանք մի քիչ վիճեցին, քեռի Աբոն ասաց, որ հորս հետ այլևս չի խմելու, խռոված վեր կացավ ու մի քանի կենաց հետո երկու քեռիների հետ նորից հայտնվեց մեր սեղանի մոտ։ Նա համբուրվեց հորս հետ, և հարևան սեղանից մի ջահելի էլ կանչեցին ու սկսեցին խմել ծաղիկների կենացը։ Հայրս բաժակը շուռ տվեց, իսկ նորեկներից մեկն ասաց, որ ափսոս է ու սկսեց օղոտված անձեռոցիկը մզել բաժակի մեջ։
Երաժիշտները մի ուրախ պար թնդացրին, և քեռի Աբոն իր բաժակի մեջ մի տասնոց խցկեց ու գնաց պարելու։ Երբ նրան մի կերպ հանեցին պարի հրապարակից, նրա ձեռքի բաժակի մեջ այլևս տասնոցը չկար։ Նրանք, որ քեռի Աբոյին քշել-պոկել էին պարելուց, նստեցին մեզ մոտ դատարկված աթոռներին ու նորից սկսեցին խմել ծաղիկների կենացը։ Քեռի Աբոն ասաց. «Մեր կրուգի կենացը» և խմեցին։ Հետո խմեցին հենց այնպես։ Չասացին, թե ում կենացն է։ Գուցե ասացին, չեմ հիշում։ Այդ ժամանակ ես քնեցի և երազում տեսա, որ մարդիկ մեղրաճանճերի պես տզզալով մտնում են ականջներիս մեջ, նվագում ու գոռում։
Հանկարծ նրանցից մեկը կատաղած դուրս թռավ ականջիցս, սեղանից վերցրեց օղու շիշն ու թափով շրխկացրեց գլխիս։ Վախից վեր թռա։ Մեր սեղանակիցներից մեկը սեղանի տակ ջարդված բաժակի կտորներ էր հավաքում։ Հարսանիքը շարունակվում էր, բայց հարսանքավորների կեսը չկար։ Ծխի, օղու և զանազան կերակուրների համատեղ բուրմունքից գլուխս պտտվում էր։ Երբ մենք վեր կացանք, որ հրաժեշտ տանք, քեռի Աբոն ասաց, որ թամադան չորս կենաց բաց է թողել և սեղանից վերցրեց դատարկ շշերից մեկը։
- Սա տանեմ, տանը մարդավարի խմենք,- ասաց նա։
Մեր սեղանի քեռիները նրանից մի կերպ խլեցին դատարկ շիշը և երբ նրան հազիվ հասցրել էին դռներին, հանկարծ ազատվեց իր թիկնապահներից ու ասաց, որ Ալինային հրաժեշտ չի տվել, և շրջվելով, սկսեց համբուրել հավ բռնող քեռուն։ Հիմա էլ հավ բռնող քեռին չէր ուզում բաց թողնել քեռի Աբոյին։ Նրանք ինչ-որ բան են պատմում ու, իրար քաշքշելով, ճոճվում։ Հավ բռնող քեռին օրորվելով պտտվեց քեռի Աբոյի շուրջն ու, նրան կորցնելով, սկսեց հորս բացատրել, որ երաժիշտները փինաչիներ են։ Հետո նորից գտավ քեռի Աբոյին, սեղմեց ձեռքն ու ասաց. «Ցավդ տանեմ»։
Հայրս մեր սեղանակիցներին ասաց, որ Աբոն աննման մարդ է, և նրա հետ արժե մինչև լույս խմել։ Հետո քեռի Աբոյին ու մեզ մեքենայի մեջ դրեցին, և երբ վարորդն ուզում էր գործի գցել մեքենան, Քեռի Աբոն դուրս եկավ ավտոմեքենայից ու սկսեց զրուցել մի անծանոթ ծերունու հետ։ Նրան հազիվ պոկեցին ծերունուց ու գցեցին մեքենայի մեջ։ Այդ ժամանակ ծերունին բղավեց, որ ինքն էլ է ուզում մեզ հետ գալ։ Նրան մի կերպ պահեցին, և երբ մեր մեքենան մի քիչ առաջ շարժվեց, նկատեցինք, որ հայրս չկա։ Նա զրուցում էր մեր ջահել սեղանակցի հետ ու կախվում վերջինիս վզից։ Չորս քեռի հորս մեծ դժվարությամբ ավտոմեքենայի մեջ դրին, և մեր մեքենան պոկվեց տեղից։
Մեքենայի մեջ ես նորից քնեցի, իսկ այդ օրն ամբողջ գիշեր թավալվում էի անկողնում ու կենացներ ասում։
Օգոստոս, 1985 թ.
Комментариев нет:
Отправить комментарий