11.11.2013

ՉԻՆՈՎՆԻԿԸ


Միջահասակ, արտաքուստ ոչնչով աչքի չընկնող այս պաշտոնյան նման է աշխարհի բոլոր պաշտոնյաներին։ Բայց կարծես նաև նման չէ նրանց։ Ահա նա, անսահման բավականություն ճառագելով, շողոմադեմ ու ստորաքարշորեն ժպտում է իշխանավորներին, չորստակ ծալվում ու պարտաճանաչ աշակերտի պես կատարում վերևից իջեցված հրահանգները։

Վերջապես օրվա հացը վաստակված է, և նա դուրս է գալիս կառավարական շենքից։ Իսկ շուրջբոլորը մարդիկ գնում-գալիս են, շտապում են, կամ իրենց հավեսին, հանգիստ զբոսնում են։ Նրանք աղքատ են կամ հարուստ։ Կամ շատ աղքատ են, կամ շատ հարուստ։ Նրանցից ոմանք հարգում են իշխանություններին, ոմանք չեն հարգում, բայց վախենում են այդ մասին խոսել անգամ հարազատ կնոջ մոտ։ Մյուսները ոչ հարգում են, ոչ էլ չեն հարգում. իրենց հոգս ու ցավերի մեջ խճճված, իրենց համար ապրում են՝ առանց իմանալու, որ երկրում նաև իշխանություններ կան։ Նրանք նույնիսկ չգիտեն, թե դրանք, այդ իշխանություններն ընդհանրապես ինչի համար են։ Իսկ ոմանք էլ ոչ միայն չեն սիրում իշխանություններին և դա չեն թաքցնում, այլև ուրախ կլինեին օր առաջ ազատվել նրանցից։

Ու ահա, Պաշտոնյան դուրս է եկել իշխանական պալատից, իսկ շուրջբոլորն այդ մարդիկ են՝ իրար շատ նման, միաժամանակ, իրարից շատ տարբեր՝ իրենց հոգսերով, տարբեր՝ իրենց գրպանների կամ գլխի պարունակությամբ ու կահավորմամբ, գլխարկով ու առանց գլխարկի, ակնոցով կամ առանց ակնոցի, ժանեկազարդ ու լիքը գրպաններով կամ չթե դատարկ ու ծակ գրպաններով և այլն։

Պաշտոնյան նրանց մեջ նկատում է շատ կոկիկ հագնված ծանոթներից մեկին, որ իշխանություններին շատ թունդ սիրում է, և այդ սերը փոխադարձ է. ղեկավար տղերքը երկրի գանձարանից հաճախ կլորիկ գումար են բաց թողնում սրա հասցեով։
- Իշխանությունների ցավը տանեմ,- ծանոթին սրտաբուխ խոստովանում է Պաշտոնյան,- ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեր ճարը, եթե նրա՛նք չլինեին մեր ղեկավարները։
- Այո՜ս,- ասում է ծանոթը, որ քաղաքում 4-5 կոոպերատիվ-մոոպերատիվ ունի,- իրոք աննման տղերք են։ Ժողովրդի վիճակը հասկացող ու երկրի շարքային քաղաքացուն գնահատող մարդիկ են…

Պաշտոնյային քիչ հետո հանդիպում է երկրորդ ծանոթը, որ բացարձակապես գաղափար չունի իշխանությունների գոյության մասին։
- Չեմ հասկանում, մինչև ե՞րբ ենք այսպես անտեր ապրելու։ Սա կյա՞նք է, սա ապրո՞ւստ է,- վրդոված ասում է Պաշտոնյան՝ զգուշության համար, համենայն դեպս, աչքի տակով շուրջը նայելով։
- Հա՜, էդպես է,- հաստատում է երկրորդ ծանոթը։

Երրորդը վաստակավոր լրագրողի կոչումով մի տիկին է, որին տարիներ առաջ խմբագրությունում գիշերը բռնեցրել էին իրենից ջահել կոլեգայի գրկում։
- Էս ի՞նչ մարդիկ են ապրում այս երկրում՝ բամբասասեր, քիթներն ուրիշների անձնականի մեջ խոթող։ Միայն իշխանություններն են մնացել ազնիվ ու անշահախնդիր,- իրար որպիսություն հարցնելուց հետո ասաց Պաշտոնյան, որովհետև գիտե, որ վերջինս սիրում է շողոքորթել իշխանություններին։
- Որքա՜ն ճիշտ եք նկատել,- ոգևորվեց տիկին լրագրողուհին։- Ձեր այդ ազնիվ կեցվածքի համար ես շատ եմ հարգում ձեզ...

Պաշտոնյան այդ խոսքերից շոյված առաջ շարժվեց ու քիչ անց կողքին զգաց չորրորդ ծանոթի շնչառությունը... Սատանան տանի, բայց սա որտեղի՞ց հայտնվեց, վիզը մի կողմի վրա ծռած, ամեն ինչից դժգոհ, խեղճուկրակ տեսքով այս ողորմելին։ Բայց սա պետությունից մեդալ է ստացել, որովհետև ժամանակ առ ժամանակ զրպարտություններ է մոգոնում իր բոսերի մատնանշած անձանց մասին, հաչում բոլոր նրանց վրա, որոնց վրա «քսի» է տալիս իր անմիջական տերը։ Պաշտոնյան թթված տեսքով սեղմեց սատանայի տարած այս լակեյի ձեռքը։

- Տեսքդ այսօր լավ է երևում,- մի բան ասելու համար հայտնեց Պաշտոնյան։
- Ինչո՞ւ ես այդպես ասում,- վիրավորվեց Լակեյը և ավելի ողորմելի տեսք ընդունեց։
- Ճիշտ որ։ Իսկապես երեսիդ գույն չկա,- իրեն ուղղեց Պաշտոնյան։
Այս բառերը լսելով Լակեյը պայծառացավ։ Նա սիրում է, որ իրեն խղճում են։ Սա այն տիպերից է, որին ամեն անգամ տեսնելիս ուզում ես ցավակցել։
- Սրանցից ե՞րբ ենք ազատվելու,- նախապես համոզվելով, որ իրենց ուրիշ լսող չկա, ասաց Լակեյը։- Իրենց համար սուպերմարկետներ են սարքում, միլիոններ վաստակում, մեծ-մեծ շքանշաններ ստանում, բայց աչքները մեր փոքրիկ խանութի, մեր մի կտոր հացի վրա է...

- Մի քիչ էլ համբերիր, շուտով սրանց վերջը կգա,- ասաց Պաշտոնյան և հապշտապ հրաժեշտ տվեց Լակեյին, որովհետև, ո՜վ սարսափ, մոտերքում, անցորդների մեջ մի այլ պաշտոնյա երևաց։ Բարեբախտաբար, մյուս պաշտոնյան նույնպես խուսափում էր այդ հանդիպումից, և երկուսն էլ որոշեցին աննկատ շրջանցել իրար։ Բայց, դժբախտաբար, մի քանի րոպե հետո, չար պատահմամբ, նրանք հայտնվեցին դեմ առ դեմ։ Միայն վերջին պահին հասկացան, որ արդեն ուշ է, հանդիպումն անխուսափելի է։

- Քիչ առաջ այդ «Մաուգլիի» Շակալի հետ էիր զրուցո՞ւմ,- իրար ձեռք սեղմելուց հետո դժգոհ հարցրեց այս պաշտոնյան։
- Հա, ինչպես միշտ, դժգոհ է կյանքից, բոլորից,- պատասխանեց մեր Պաշտոնյան, ապա զրույցի թեման փոխեց.- Բայց ափսո՞ս չէ մեր այս երկիրը, ուր նայում ես՝ զվարթ ու անհոգ մարդիկ են։

- Բախտներս բերել է։ Մեր այս չքնաղ լեռնաշխարհի պես մի այլ երկիր չկա,- ոգևորվեց մյուս պաշտոնյան, բայց մեր Պաշտոնյայի դեմքին դժգոհություն նկատելով, ավելացրեց,- սակայն սա կյանք չէ, որ մենք ապրում ենք։
- Դե, իհարկե, սա ի՞նչ կյանք է։

- Շան կյանք է,- ասաց զրուցակիցը,- ամեն դուրսպրծուկ գլխներիս ղեկավար են կարգել։ Շան տղերքն էլ այնպես են լափում, ասես տարիներով սոված են եղել։
- Անտեր երկիր է, իսկ մեջտեղ մեզ նմաններն են տուժում,- Պաշտոնյան հուզված հանեց թաշկինակը։- Որ էսպես շարունակվի...

- Երկիրը դատարկվում է։ Բոլորը թողնում, գնում են ռուսաստաններ ու Ամերիկա... Այս պարազիտներից պետք է ազատվել...
Մեր Պաշտոնյայի մարմինը հանկարծ սառը քրտինք պատեց։ Չափն արդեն անցան։
- Ես լիովին համամիտ եմ, որ սա երկիր չէ,- ասաց,- բայց մեր իշխանությունները մեղք չունեն, իշխանությունները լավն են։
- Իհարկե՛, իշխանությունները լավ են։ Մեր ղեկավարության պես ազգընտիր ղեկավարություն չկա,- ակնածանքով ասաց երկրորդ պաշտոնյան։

- Միայն սրիկաները, երախտամոռները կարող են դժգոհել այսպիսի ղեկավարներից։ Իշխանությունների ցավը տանեմ...
- Այո, մեր ղեկավարներն են երկիրը պահում,- ասաց մյուս պաշտոնյան։- Առանց նրանց մենք կորած ենք...

- Աստված չանի, եթե հանկարծ իշխանափոխություն լինի, եթե ինչ-որ ընդդիմություն իշխանության գա,- մեր Պաշտոնյան անկեղծորեն հուզվեց։- Այդ հարվածին մենք չենք դիմանա։

Հետո նրանք իրար հրաժեշտ են տալիս։ Մեր Պաշտոնյան տուն է շտապում, որովհետև արևն արդեն մայրամուտ է թեքվում։ Նա կարծես քթի տակ ժպտում է, ոնց-որ տրամադրությունը լավ է։ Բայց ո՛չ, նա ամենևին չի ժպտում, տուն է շտապում՝ մռայլադեմ շուրջը նայելով։ Նա տուն է շտապում, որովհետև օրն արդեն մթնում է։ Նա մերթ մռայլ է, մերթ ժպտում է, բայց իրականում ոչ տխուր է, ոչ ուրախ։ Նա երջանիկ չէ, նա նաև դժբախտ չէ։ Նա հայ չինովնիկ է։ Նոր ժամանակների հայ չինովնիկ։

Նա, մեծ հաշվով, թքած ունի թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության վրա, բայց վախենում է, որ վաղը հանկարծ իշխանության կգան ընդդիմադիրները և, կարծելով, թե ինքը ներկա ռեժիմի մարդն է, կզրկեն օրվա հացից։ Մինչդեռ իրականում նա հպատակորեն ծառայում է նրանց, ովքեր այսօր իշխանություն ունեն։ Եթե վաղը գահ բարձրանան ընդդիմադիրները, անարխիստները կամ կրկին իշխանությունը նվաճեն կոմունիստները, նա ստորաքարշորեն ծառայելու է նաև վերջիններիս։

2011 թ.

Комментариев нет:

Отправить комментарий