22.07.2011

Տաղանդը մախաթի պես պարկում չես թաքցնի

Բաց նամակ գրչի վարպետ Լեւոն Անանյանին

Մեծարգո պարոն, «Ազգ»-ի հունվարի 25-ի համարում գերագույն հաճույքով կարդացի եւ մի քանի անգամ վերընթերցեցի ձեր «Հպանցիկ պատասխանը մերօրյա Դրամբյանին»։ Ինչպիսի՜ լեզու, ինչպիսի՜ ոճ։ Անբացատրելի գեղագիտական վայելք ստացա։

Այնուհետեւ ձեր «պատասխանը» խնամքով կտրեցի-առանձնացրի վերոհիշյալ թերթի մնացյալ նյութերից, ոսկեզօծ շրջանակի մեջ դրի ու կախեցի առանձնասենյակիս պատից՝ ամենատեսանելի տեղում, որպեսզի Աստծո ամեն օր աչքի առաջ ունենամ յուր ձեւ ու բովանդակությամբ անգերազանցելի արվեստի այդ գործը։

Այն ցույց տվեցի մի քանի տասնյակ ծանոթ-բարեկամների ու ընկերների, բայց նրանք, ցավոք, հասու չեղան տեսնելու եւ զգալու ձեր ստեղծագործության ոգին, մտքի թռիչքն ու ծիծաղեցին։ Մեկը միայն անկեղծորեն խոստովանեց, որ իր ողորմած հոգի կոշկակար պապը երբեք չէր կարող նման բան գրել...

Իհա՛րկե, չէր կարող։ Այդ էր պակաս։ Ձեր մեջբերած միայն այն մարգարեությունը, թե «Շունը կհաչի, քամին կփչի, քարավանը կանցնի իր ճանապարհը», ամեն ինչ արժե։ Կարդալով այդ տողերը, ես տասնամյակներով հետ գնացի եւ հիշեցի, թե ինչպես մեր բակում ջահել ինչ-որ կին արեւածաղիկ վաճառող մի պառավի ասաց՝ բաբո, հարմար չես նստել, ոտքերդ մի քիչ սեղմի, երեխեքը նայում են ու ծիծաղում, իսկ սա ներքեւից արհամարհանքով նայեց նրան ու նետեց. «Շունը կհաչի, քարավանը կգնա...»։

Սրտանց ցավում եմ, որ մինչ այդ ձեզնից ոչ մի տող չեմ կարդացել։ Անգամ չգիտեմ, թե մինչ այդ ո՞ր ժանրով եք ստեղծագործել։ Բայց նույնիսկ եթե ոչինչ գրած էլ չլինեք, ձեր այս «պատասխանն» իր լեզվամտածողական կոլորիտով ու մտքի ճախրանքով հաստատ կմնա մեր գրականության պատմության ոսկե պահուստում։ Ի դեպ, խորապես խնդրում եմ ներեք, որ դուք-ով եմ խոսում ձեզ հետ։ Կարծում եմ՝ ներողամիտ կլինեք եւ դրանից չեք վիրավորվի...

Հապա ձեր բառապաշա՜րը։ Ցանկացած դասականի «ձեռքում չոփ կդնեք»։ Այն փաստը, որ ինչպես դուք եք խոստովանում, «կուլ չեք գնացել» ձեր «մեղմ ու բարի բնավորությանը» եւ, աչքի առաջ ունենալով «հասարակական բարքերի խաթարվող միջուկը», ձեր «զզվանքը ուղղված հերթական վայրահաչությանը»՝ «ճշմարտության կոպալը անգթորեն իջեցրել եք ոչ գրական ոչնչությունների գլխին», շատ խոսուն է։ Դեմիրճյանի հայտնի պիեսի գահին բազմած հերոսն անգամ կնախանձեր հայոց բառապաշարի գանձարանից խնամքով ընտրած այդ մարգարտաշարին...

Ու լավ էլ անում եք, որ զինված «Կեղանքի» մրցանակով, ձեր պատկերավոր անուշ լեզվով ասած՝ այդ «գրչակների», «բամբառակների», «բազմագլուխ հիդրաների», «վայրահաչողների», «բանսարկուների» եւ «ծախու աճպարարների» բմբուլները քամուն եք տալիս... «Ձախորդ կրիտիկոսներ», ովքեր հասու չլինելով հասկանալ ձեր արվեստը, չիմանալով, որ դուք ժամանակին թարգմանել եք Ռիչի Դոստյանի «Ռուսլանը եւ Կուտյան» եւ միջազգային երեք ակադեմիաների անդամ եք (ցավոք, դա պատահմամբ իմացա ճապոնացի մի ծանոթից), հանդգնում են իրենց նախանձի թույնով խաթարել ձեր «25-ժամյա աշխատանքային օրը»։

Ձեր «պատասխան»-ում միանգամայն իրավացիորեն նկատել եք, որ «Վ. Օվյանը երբեք չի եղել ՀԳՄ անդամ (ով-ով՝ նա չէր էլ կարող լինել...)»։ Իսկապես ես ՀԳՄ անդամ չեմ եղել։ Այդ մասին անգամ չեմ էլ մտածել։ Ընդամենը ԽՍՀՄ գրողների միության անդամ եմ եղել, բայց ոչ այդ միությունն է երբեւէ ինձ պետք եկել, ոչ էլ միությունն է առանձնապես զգացել իմ կարիքը։ Դրան հավելած, այդ միության անդամ դառնալուց մի քանի տարի հետո ԽՍՀՄ-ը վերցրել ու փլուզվել է... Եվ իրոք, ով ով՝ ես երբեք չեմ կարող ՀԳՄ անդամ լինել։ Անգամ կարգին հայհոյել չգիտեմ։ Նույնիսկ երբեւէ չեմ կարող ստորագրությունս դնել որեւէ զրպարտագրի տակ, որ արդեն այլ անվամբ տպվել է չճանաչված մի հանրապետությունում...

Իսկ ես, պարոն, մշտապես սխալմամբ կարծել եմ, թե մեծ կամ նշանավոր գրողները հազվադեպ են երկար ժամանակ մնում գրողների միության կամ գրական որեւէ կազմակերպության ղեկավարի պաշտոնում, եւ այդ պաշտոնում հիմնականում աշխատում են ապաշնորհ մարդիկ, ովքեր այլապես չէին կարող տպագրել իրենց գրական խոտանը: Դժբախտաբար իմ այդ կարծիքը տարիներ առաջ տպագրվել էր նաեւ իմ գրքում...

Հիմա եմ հասկանում իմ մեծ մոլորությունը։ Ձեզնից որքա՜ն բան ունեմ սովորելու։
Նաեւ ճիշտ եք վարվել, որ ձեր «պատասխան»-ում համեստորեն զուգահեռ եք անցկացրել Ձերդ մեծության եւ Թումանյանի միջեւ, որի վրա եւս դրամբյանները ժամանակին քարեր էին նետում։ Լոռեցու անվան հիշատակումը պատիվ է բերում նրան...

Ես, որ «թագավորների մերկությունը» նկատելու վատ սովորություն ունեմ, ձեր դեպքում միանգամայն տրամագծորեն հակառակ խնդրի առաջ եմ հայտնվել։ Միայն ձեր սույն ստեղծագործությունը բավական է, որ ես հստակ տեսնեմ ձեր կոստյումը, փողկապը, անգամ դրանց գույնը, խնամքով մաքրած ու կոկ կոշիկները... Բայց ինչ-որ մի բան կարծես պակասում է։ Չեմ կարողանում տեսնել (Սարոյանի հերոսը կբացականչեր՝ «Էհե՜յ, ո՞վ կա այդտեղ...»)։

Հա, ամենակարեւորը. ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ ստեղծագործական նորանոր թռիչքներ։ Ձեր գրչով փայլուն ապացուցեցիք, որ իրոք հնարավոր չէ տաղանդը մախաթի պես պարկում թաքցնել... Գլուխ եմ խոնարհում Ձեր մեծության առաջ։

Հարգանքներով՝ ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ 
Արցախյան «Նոր էջ» թերթի խմբագիր, 
գրող, հրապարակախոս

«Հայոց Աշխարհ»
02.02.11

Ավտոտեսուչները վաստակեցին «օրվա հացը»


Մեզանում շարքային քաղաքացիների ու շարքային ավտովարորդների վերաբերմունքը ճանապարհային ոստիկանության, այն է՝ ավտոտեսչության նկատմամբ, միանշանակ բացասական է։ Այդպես է եղել խորհրդային ժամանակներում, այդպես է նաեւ այսօր։ Դա գիտեն թե՛ առաջինները, թե՛ ավտոտեսուչները, եւ այսօր հույսի նշույլ չի երեւում, թե վաղը կարող է ինչ-որ բան փոխվել հօգուտ ավտոտեսուչների։

Ստեփանակերտում օրվա ընթացքում երթեւեկության կանոնների բազմաթիվ խախտումներ կարելի է նկատել, սակայն գրեթե չեմ հիշում դեպք, որ դրա համար մեղավորները զգուշացվեն կամ տուգանվեն։ Փորձում ես փողոցը հատել, սպասում ես լուսաֆորի կանաչ լույսը վառվելուն, բայց հանկարծ հետիոտների անցման համար նախատեսված շերտավոր գծերի (մեզանում այն «զեբր» են անվանում) վրա հայտնվում է ղեկի մոտ նստած ինքնագոհ մի ապուշ, ու հետիոտները մնում են տարակուսած՝ կամ դիմացը ցցված ավտոմեքենայի գլխի վրայով պիտի հատեն փողոցը, կամ դիմացից շրջանցեն մեքենան՝ իրենց ենթարկելով խաչմերուկի մյուս հատվածներով շարժվող ավտոմեքենաների հետ «ընդհարվելու» վտանգին…

Այս սցենարը կրկնվում է պարբերաբար, կրկնվում է յուրաքանչյուր խաչմերուկում, սակայն դեռ չեմ տեսել, որ դրա համար մեղավորներին պատժեն։

Փողոցների տարբեր հատվածներում հետիոտների համար նախատեսված նույն այդ շերտավոր հատվածն անցնելիս հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես մանկան ձեռքը բռնած քաղաքացին, շերտավոր գծերի մեջտեղը կանգնած, սպասում է, որ դիմացից սուրացող «ջիպ» ու «մերսեդեսներն» անցնեն։ Դարձյալ չեմ հիշում դեպք, որ վերոնշյալ օրինազանց ավտովարորդներին պատասխանատվության ենթարկեն։

Սակայն փոխարենը՝ բազմիցս կարելի է ականատես լինել, թե ինչպես են ավտոտեսուչները տուգանում երթեւեկության կանոն չխախտած շարքային քաղաքացուն։ Ավտոտեսուչների մասին խոսելիս իմ զրուցակիցները հաճախ են ակնարկում, որ իրավապահ մարմինների «որսի դուրս եկած» այդ աշխատակիցները երեւակայության նշույլ չունեն ու մշտապես «փող են աշխատում» նույն՝ հարյուր տարվա մեթոդով։ Անգամ իրենք էլ կարգին չգիտեն երթեւեկության կանոնները, այլապես կհասկանային, որ կարգազանց ավտովարորդներին պատժելու շատ ավելի հարմար պատճառներ կան…

Հուլիսի 14-ին Ստեփանակերտին մերձակա գյուղերից մեկի մոտ, ճանապարհի եզրին կանգնած, ավտոմեքենայի էինք սպասում՝ մայրաքաղաք գալու համար։ Մեզնից հարյուր մետր առաջ ճանապարհային ոստիկանության մեքենա էր կանգնած (պետհամարանիշը՝ 166 ՈՍ 50)։ Քիչ հետո տաքսի կանգնեցրի։ Այն դանդաղ կանգնեց ճանապարհի եզրին՝ մեր դիմաց։ Անկասկած, ավտովարորդը դեռեւս մինչեւ կանգնելն էր նկատել ոստիկաններին, ու հասկանալի է, որ չէր կարող իրեն թույլ տալ որեւէ օրինազանցություն։
Մեքենան նստեցինք ու առաջ շարժվեցինք։ Ավտոտեսուչների մոտով անցնելիս վերջիններս կանգնեցրին մեքենան, ավտովարորդին իրենց մոտ հրավիրեցին ու սկսեցին «արձանագրություն» կազմել…

Նրանցից մեկն ավտովարորդին փորձում էր բացատրել, որ վերջինս մեքենան կանգնեցրել էր ճանապարհի կենտրոնում։ Ասաց նաեւ, որ դրա համար օրենքով 10 հազար դրամ տուգանք է հասնում, բայց իրենք 3 հազարն են գրում։ Ասաց, որ կարող էին 10 հազար տուգանել ու ավելի շատ «վաստակել»։
Փորձեցի միջամտել՝ բացատրելով, որ «տաքսին» կանգնել էր հենց ճանապարհի եզրին, որտեղ խոտերի վրա մենք էինք կանգնած։ Սակայն՝ ապարդյուն։ Ավտոտեսուչ Արթուր Օհանյանի աչքը 100 մետրից ավելի լավ էր «նկատել» երթեւեկության կանոնի խախտումը, քան մենք՝ ավտովարորդը, ես ու քույրս…

Ի՞նչ խոսք։ Մարդիկ վաստակել են օրվա հացը։ Շատ-շատերը հենց այդկերպ են ապրում։ Բայց, մեղքս ի՞նչ թաքցնեմ, ես երբեք չեմ կարող «այդ հացն» ուտել։

14.07.2011

Շուտով երեւի թե Գանձասարն էլ սալիկապատեն

Արցախի Գանձասարի եկեղեցական համալիրում կատարվող նորոգման աշխատանքների մասին լուրերը, որ տպագրվեցին մամուլում, կայքերում ու սոցիալական ցանցերում, ազդարարեցին, որ աղճատվում է պատմամշակութային հուշարձանի պատմական ու մշակութային դեմքը: Խնդիրն այն է, որ 13-րդ դարի եկեղեցու պարիսպը սալիկապատվում է ժամանակակից շինանյութով։ Այսպես ասած՝ «եվրոռեմոնտ» են անում:

Արցախի զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը հայտնեց, որ մինչ այդ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ստորագրությամբ նամակ են ստացել, որտեղ արքեպիսկոպոսը հայտնել է, թե ռուսաստանահայ գործարար Լեւոն Հայրապետյանը, որ ծնունդով Արցախի Վանք գյուղից է, ցանկանում է սալիկապատել եկեղեցու պարիսպը։

Սարգսյանի ասելով՝ իրենք խորհրդատվության համար դիմել են ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչություն եւ, հաշվի առնելով, որ հայաստանյան իրենց գործընկերները նույնպես դեմ են եկեղեցու պարսպի սալիկապատմանը, բացասական եզրակացություն են ուղարկել Արցախի թեմի առաջնորդին։

Սակայն, չնայած բացասական եզրակացությանը, Գանձասարում շարունակում են պարիսպը երեսպատել տրավերտինե սալիկներով՝ պատճառաբանելով, թե դրանք այն նույն հանքից են, որտեղի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Կիրակի օրը Շուշիում լրագրողների հարցերին տված պատասխաններից ակնհայտ է դառնում, որ Պարգեւ արքեպիսկոպոսը դեմ չէ սալիկապատման աշխատանքներին։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է կիրառել վերականգնման ժամանակակից միջոցներ՝ պահպանման ավելորդ աշխատանքից ազատվելու համար:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ մտնում է միայն վանքը, քանի որ պարիսպը բազմիցս վերակառուցվել է՝ վերջին անգամ 1996 եւ 2003 թվականներին: Հերթական վերանորոգումն անհրաժեշտություն էր, այլապես այն շատ ավելի դժվար կլիներ պահպանել: Մի քանի օրը մեկ պարիսպը զննելը եւ խոտերն արմատախիլ անելը աշխատանքի եւ միջոցների ծախս կնշանակեր»,- ասել է Արցախի թեմի առաջնորդը, ապա ավելացրել, որ «երեսպատումը կպաշտպաներ Գանձասարի վանքի պարիսպը մի քանի օրը մեկ արմատներ գցող խոտից»։

Նա նշել է նաեւ, որ «ժամանակակից նյութերի կիրառումը բուն վանքային շինության դեպքում արդեն ցանկալի չէ: Այդպես եղավ Ամարասի վանքի հետ: Այնտեղ մենք անհրաժեշտ միջոցներ չհայթայթեցինք եւ ստիպված էինք վանքի կտուրը թիթեղապատել: Ինչ խոսք, միջոցների առկայության դեպքում այդպես չէինք անի: Բայց այս դեպքում էլ բարերար չգտնվեց, եւ ստիպված էինք առձեռն միջոցներով խնդիրը լուծել»: Ապա հայտնել է, որ վանքի իջեւանատեղին նույնպես այսօր չի համապատասխանում միջնադարում կառուցված «բնօրինակին»։

«Նախկինում դրա հատակը հողեղեն էր: Այնտեղ ապրում էին ճգնավորները, սակայն այսօր ճգնավորներ չունենք, եւ մեզ մոտ եկող ուխտավորներին չէինք կարող այդպիսի պայմաններում տեղավորել մի քանի օրով եւ նրանց համար հոդացավերի վտանգ ստեղծել: Այդ պատճառով էլ սալահատակեցինք»,- նշել է Պարգեւ Մարտիրոսյանը:

Արքեպիսկոպոսի խոսքերից պարզ է դարձել նաեւ, որ, չնայած ԼՂՀ զբոսաշրջության նախարարության հուշարձանների պահպանման բաժինը բացասական եզրակացություն է տվել պարսպի նորոգմանը, եւ մարտի սկզբին նորոգումը կանգ էր առել, մի քանի օր առաջ այն վերսկսվել է բարերար Լեւոն Հայրապետյանի ցանկությամբ:

Հետաքրքիրն այն է, որ արցախյան թեմը շարունակ ակնարկում է պարսպի անմխիթար վիճակի ու այն «բազմիցս վերակառուցած» լինելու մասին, իսկ «Գանձասարի վերածնունդ» ծրագրի իրականացման գրասենյակը, որ գործում է նույն թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, տարածած մի տեղեկատվության մեջ հայտնում է, թե «Գանձասարը շրջապատող պարիսպն իրականում կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին: Ներկա պահին իր անորակության պատճառով պարիսպը սկսել էր քանդվել, ինչը կանխելու համար որոշում ընդունվեց երեսպատել այն տրավերտինե սալիկներով» եւ այլն։

Այս կապակցությամբ Արցախի հուշարձանների պահպանության բաժնի պետ Սլավա Սարգսյանը հայտնեց, որ յուրաքանչյուր եկեղեցի ժամանակին պարսպապատված է եղել։ Այդ թվում նաեւ 13-րդ դարում կառուցված Գանձասարի վանքը։ Ճիշտ է, 17-րդ եւ հետագա դարերում այն վերակառուցվել է, բայց երբեք չի աղճատվել նրա դեմքը։ ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը գտնում է, որ ցանկացած շինարարական աշխատանք իրականացնելիս պետք է խորհրդակցեն մասնագետների հետ։

Պարիսպը եթե քանդվել է, ապա մասնագետները պիտի զբաղվեն։ «Մեր պապերը երբեք տուֆով կամ, այսպես կոչված, տրավերտինով պարիսպ չեն կառուցել։ Հին ժամանակներից ի վեր այն կառուցել են ամուր անտաշ քարով։ Մեր պատմամշակութային բոլոր հուշարձաններն ունեն իրենց ուրույն ոճը, սեփական դեմքը։ Եթե պարիսպը սալիկապատում են, ապա այն այլեւս պարիսպ չէ, այլ՝ ցանկապատ»,- ասաց Ա. Սարգսյանը եւ դժգոհություն հայտնեց, որ Գանձասարում կատարվող աշխատանքներում հաշվի չեն առել կառավարությանն առընթեր կառույցի՝ հուշարձանների պահպանության բաժնի մասնագետների կարծիքը։

Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչը գտնում է, որ այս ամբողջ պատմության արմատները գտնվում են ավելի վաղ թույլ տրված մեծ սխալի մեջ։ «Իմ խորին համոզմամբ՝ դա հետեւանք է նրան, որ հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժինը մշակույթի ոլորտից հանել ու մտցրել են նորաստեղծ զբոսաշրջության վարչության կազմի մեջ,- հայտնեց նա,- մինչդեռ մշակույթն ու տուրիզմը լիովին անհամատեղելի են։
Բացառված չէ, որ Գանձասարում կատարվածը դարձյալ կրկնվի մեր ազգային մշակութային մի այլ արժեքի հետ… Զբոսաշրջության վարչությունն իր երկրին նայում է տուրիստի աչքերով, այլ ոչ թե տանտիրոջ, մտածում է ոչ թե հոգեւորի, այլ հանգստի գոտիներ, քոթեջներ, խաղասրահներ սարքելու միջոցով զբոսաշրջիկներին հրապուրելու մասին»։

Բազմիցս գրել ենք մեզանում հիվանդություն դարձած սալիկապատման մասին, բերելով Ստեփանակերտի կենտրոնական մասը, կառավարական շենքերը, դրանց մերձակա փողոցները, զբոսայգիները սալիկապատելու օրինակը, կատակով հավելել, թե բացառված չէ, որ մի օր սկսեն սալիկապատել նաեւ շենքերի տանիքները, պատուհանները եւ այլն։ Կարծես թե արդեն եկել է այդ ժամանակը։