30.09.2014

Երազում եմ, որ ամեն մարդ զբաղվի իր սիրած գործով


Մանկության տարիներին նկարում էի ուր և որտեղ պատահի՝ գրքերի շապիկների տակ՝ սկզբում և վերջում տեղադրված սպիտակ էջերին, մեր հին, անշուք տան պատերին կպցրած էժանագին «օբոյին», այն տարիներին հազիվ ձեռքս ընկնող դեղնասպիտակ թղթերի վրա և հորս նոթատետրերի դեռևս խոպան տարածքներում...

Մեր ազգուտակը կարծում էր, թե անպայման նկարիչ եմ դառնալու, ոմանց կարծիքով՝ անպայման ու հաստատ հայտնի նկարիչ, որովհետև տաղանդավոր հորս տղան եմ։ Այդպես էին կարծում մինչև այն օրը, երբ միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեցի Ստեփանակերտի մանկավարժականի բանասիրական, ավելի ճիշտ՝ հայոց լեզվի և գրականության բաժինը։

Գեղանկարչությունից բացի սիրում եմ նաև երաժշտություն, հատկապես դասական, հատկապես ազգային, ժողովրդական, երբեմն նաև՝ էստրադա, բայց ոչ երբեք ռաբիս, որից սարսափելի ալերգիա ունեմ դեռևս մանկության տարիներից, երբ հայտնվում էի ծանոթ-բարեկամների հարսանիքներում ու պարտադիր մեծ փորով երգիչների կլկլոցից սրտխառնուք էի զգում։

Սիրում եմ թատրոնը, կինոն։ Մանկությանս տարիներին հանրապետության ժողովրդական արտիստ, Հովհաննես Շիրազի մանկության ընկեր, ճանաչված ռեժիսոր Հովհաննես Կարապետյանը նույնիսկ փորձում էր ինձնից դերասան կերտել, բայց քանի որ այդ տարիներին աներևակայելի ամաչկոտ էի ու հազիվ հնարավոր լիներ ինձ դուրս բերել թեկուզ կիսադատարկ դահլիճի դեմ-դիմաց, ձեռ քաշեց իր մտադրությունից։

Լինելով բանասեր, ի տարբերություն աշխարհի բանասերների առնվազն 95 տոկոսի, մեծ հակում ունեմ դեպի ֆիզիկան ու տեխնիկական սարքավորումները՝ սկսած փոքրիկ ռադիոընդունիչից, մինչև հեռուստացույց։ Դեռ մանկության տարիներից ամեն ինչ քանդում էի, քանի որ ինձ աներևակայելի հետաքրքրում էր, թե ինչ կա այս կամ այն սարքավորման ներսում ու ինչպես են դրանք աշխատում։ Հիշում եմ, այն ժամանակ արդեն Արցախում ճանաչված ու սիրված գրող հայրս՝ Վազգեն Օվյանը, որ ֆուտբոլի ու հատկապես «Արարատի» մոլի երկրպագու էր, ինչպես ասում են, կրակն էր ընկել պարբերաբար փչացող, պատկառելի գեղեցիկ արկղ հիշեցնող մեր ռադիոընդունիչի ձեռքին, որով ֆուտբոլային ռեպորտաժներ էր լսում, ու արդեն բազմաթիվ վարպետներ էր հրավիրել՝ ռադիոընդունիչը կարգի բերելու, հերթական հիասթափությունից հետո ասաց՝ «Վարպետների սարքելուց հետո հազիվ մեկ-երկու շաբաթ է աշխատում, ոնց որ արդեն լրիվ անպետք է դարձել, վերցրու, ինչ ուզում ես՝ արա»։ Ես՝ յոթերորդ դասարանցիս, քաղաքի բոլոր հայտնի վարպետներից հետո գործի անցա և հորս անփոխարինելի ընկեր ռադիոն սարքեցի։ Ու այլևս այն չխափանվեց, մինչև հորս մահից տարիներ հետո մի օր հասկացանք, որ այն վաղուց իր դարն ապրել է, և անիմաստ է զոռով քարշ տալ 21-րդ դար։

Սիրում եմ նաև... Անկեղծ ասած շատ բան եմ սիրում, ու այդ «շատ բաների» մեջ անսահման մեծ ու անփոխարինելի տեղ է գրավում Գրականությունը։ Հատկապես 5-6-րդ դասարանից հրաշալի ընթերցող էի, իսկ 8-րդ դասարանում թերևս ավելի շատ գեղարվեստական գրքեր էի ընթերցել, քան լեզվի և գրականության շատ ու շատ ուսուցիչներ։ Ուսանողական տարիներին ես, որ դպրոցում դասերից երբեք փախած չկայի, սկսեցի պարբերաբար փախչել ձանձրալի ու անհետաքրքիր դասախոսություններից՝ գրքեր կարդալու համար, ու արդեն անսխալ գիտեի, թե մեր դասախոսներից ով է կարդացել իր կողմից դասավանդվող առարկայի այս կամ այն հեղինակի «վերլուծվող» գիրքը...

Ու մի օր էլ պարզեցի, որ գրիչը ձեռքիս շարժվում է, սկսում է ինչ-որ նախադասություններ գրել, որոնք վերջում դառնում էին երգիծական կամ զարմանալիորեն լուրջ պատմվածք ու նովել...

Այսքանն ինչո՞ւ հիշեցի։ Հա, միանգամայն այլ բան եմ ուզում ասել։ Արդեն մի քանի տարի է, ընկերներիս խորհրդով հայտնվել եմ Ֆեյսբուք կոչվող տարածքում և պարբերաբար գրառումներ եմ թողնում իմ էջում։ Ու ահա թե ինչ եմ նկատել. երբ, այսպես կոչված, քաղաքական գրառումներից հետո անցնում եմ գրականության ու ներկայացնում իմ ոչ ծավալուն գրական ստեղծագործություններից, դրանցից ավելի շատ ոգևորվում են արվեստ ու գրականության երկրպագու ֆեյսբուքյան իմ ընկերները, իսկ ընկերներիս մի մասը հաստատ դժգոհում է՝ պահո՜, բա դրա ժամանա՞կն է, երկիրը կործանվում է, անդունդի եզրին է, դու էլ գեղեցիկ պատմություններով ես տարվել...

Երբ կրկին անցնում եմ քաղաքական գրառումներիս, զգում եմ, որ այս անգամ էլ մտքում ինձնից դժգոհում են գրականության ու արվեստի երկրպագուները, որոնց մեջ Մոցարտը դեռ չի մեռել. «Ախր կարգին գրիչ ունես, ընթերցողներ ունես, ինչո՞ւ ես իզուր ժամանակդ վատնում էդ բաների վրա։ Գործ չունես դրանց հետ, թքի՛ր էդ բոլորի վրա և գրականությամբ զբաղվիր...»։

Ու ահա, ես ստիպված եմ բավարարել թե՛ մեկ, թե՛ մյուս իմ շատ սիրելի ընկերների, համախոհների, համակիրների կամ պարզապես ընթերցողների պահանջները՝ մերթ ներկայանալով որպես գրող, արձակագիր, մերթ նավարկելով ներքաղաքական ճահճուտի նեխահոտում, որովհետև չեմ կարող հանգիստ ու լուռ նստել, նովելներ գրել, չտեսնելուն տալով, որ մեր Նավն արդեն խորտակվում է...

Բայց, մեր մեջ ասած, հոգուս խորքում դեռևս երազում եմ այն օրը, երբ յուրաքանչյուրը կզբաղվի իր սիրած գործով։


ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝ Ես 5-6 տարեկան եմ։ Ինձ «բռնեցրել» են այն պահին, երբ դանակը ձեռքիս, պատրաստվում էի «նորոգել» խաղալիք ավտոմեքենան...