30.01.2014

Այս ամենի պտուղները վաղը քաղելու են մեր զավակներն ու թոռները


Քույրս տուն եկավ անտրամադիր։ Ինչ-որ կինոդիտումից էր գալիս։ «Փոքրիկ զորավարը» կոչվող կոնոնկարի ցուցադրությանը մեր փոքրիկին էլ էր տարել։ Իր ասելով, ոչ մեծ կինոսրահում հիմնականում երեխաներ էին։ Նյարդայնացած պատմում էր տեսած այլանդակության մասին։ Որքան հասկացա, կինոնկարը Օ՛Հենրիի հանրահայտ «Կարմրամորթների առաջնորդը» ֆիլմի հայկական անհաջող կապկումն է։ Ինչպես հայկական սերիալներում, այստեղ էլ ատրճանակը գործող անձի կարգավիճակում էր...

Քրոջս պատմածից այն հասկացա, որ կատակերգություն կոչվող այս անհեթեթության հերոսն ու նրա նմանները վաղը դառնալու են մի նոր քրեածին տարր, օլիգարխ մի որևէ շանորդու թիկնապահ կամ հենց օլիգարխ, որոնց սիրելի մարզաձևը, մերօրյա ազատ շրջող «հերոսների» պես թիկունքից կրակելն է լինելու...

Ու այլևս չես զարմանում, որ երեխաներին «Մաթեմատիկա տանը և դպրոցում»-ով են դաստիարակում, որտեղ «Սոսը գազանանոցում 3 ուղտի է գժվացնում», «ուղտն էլ 3 անգամ թքում է Սոսի վրա» կամ ընկերները «3 անգամ հասցնում են Սոսի վզակոթին», իսկ ավագ եղբայրները փոքրերի «կոնֆետներն են խլում»...

Համակարգը շարունակում է աղտեղություն ցանել, որի պտուղները վաղը քաղելու են մեր զավակներն ու թոռները։

28.01.2014

Չարի վերջը



Շաղգամ Սապոկյանը (իր ասելով յուր ազգանունը ռուսական «սապոգ» բառի հետ առնչություն չունի) բյուրոկրատ է։ Ամենատիպիկ բյուրոկրատ՝ ճարպակալած փորով, մեծ գլխով ու կովի աչքերով։ Երեսուն տարի ինչ-որ կազմակերպություն է ղեկավարում, և այդ երեսուն տարում ինտրիգներ սարքելով, մարդկանց իրար դեմ լարելով, նա պաշտպանել է իր աթոռը։ Տարիների վրա տարիներ են գումարվել, և ժամանակի ընթացքում աստիճանաբար աճել ու զարգացել է Շաղգամ Սապոկյանը. նախ մեծացել է գլուխը, հետո խոշորացել է նստատեղը, իսկ վերջինիս չափերով պայմանավորված, սկզբում նրա համեստ աթոռը դարձել է մեծ աթոռ, այնուհետև՝ լայն ու շքեղ բազկաթոռ։

Տարիների հետ բացվել է Սապոկյանի ախորժակը։ Նախ կերել ու ամայացրել է իր աթոռի մերձակայքը, ապա՝ մերձավոր շրջակայքը և, ի վերջո, մի օր նա զարմանքով նկատել է, որ իր ղեկավարած կազմակերպությունում այլևս ուտելու բան չի մնացել։

Նա դարձել էր արգելափակոց՝ ամեն լավի ու առաջադիմականի, ամենայն լուսավորի ու գեղեցիկի դեմ։ Նա նմանվում էր ճամփամիջին ընկած անճոռնի մի կոճղի, որի կողքով կամ անհնար էր անցնել, կամ եթե հաջողվում էր անցնել, ապա հնարավոր չէր չկեղտոտվել։ Ինչպես մոլախոտ, նա խլում էր ողջ կենդանի շրջապատի լույսը, օդն ու սնունդը...

Այդ օրը, երբ Սապոկյանը պարզեց, որ այլևս ուտելու բան չի մնացել, մյուս կողմից էլ՝ չափազանց շատ ուտելուց վաղուց չի կարողանում կերածը մարսել, ոտքերը տնկել ու հոգին ավանդել է։ Լուրն այնպիսի արագությամբ ու թեթևությամբ տարածվեց քաղաքով մեկ, կարծես Սապոկյանի հետ երբևէ գործ ունեցած հարյուրավոր քաղաքացիներ ազատվել են կապանքներից։ Ու նրանք, իրար ձեռք սեղմելով, ուրախ-զվարթ ասում էին՝ աչքդ լո՛ւյս...

Մինչ կազմակերպության անդամները քչփչալով մտորում էին, թե ինչպես կազմակերպեն հանգուցյալի հուղարկավորությունը, Սապոկյանի հավատարիմ ծառաներից մեկը բռունցքը խփեց սեղանին ու գոչեց.

- Այնպես եք իրարով անցել, ասես մարդ է մեռել... Հրեշը ոտքերը տնկել է, և դա ամենաճիշտ քայլն է նրա ողջ կյանքում...

Եվ սկսվե՜ց։ Սապոկյանի հակառակորդները մինչ զարմանքով իրար էին նայում, նրա մերձավորները, երբեմնի ընկեր-բարեկամներն ու զինակիցներն արդեն մոլեգնած գոռում էին.

- Նրա տիրումե՛րը... Այդ տականքը զրպարտություններ էր գրում և մեզ ստիպում տակը ստորագրել,- ասաց հանրահայտ «Մաուգլի» մուլտֆիլմից «Շակալ» մականունը ստացած մեկը։

- Միայն դա չէ, նրա համար ոչ մի սրբություն գոյություն չուներ,- բղավեց ճերմակահեր մի տղամարդ։- Աչքածակը դատարկ դագաղ տեսներ, իսկույն կմտներ մեջը։ Իր չեղած արժանիքների մասին հոդվածներ էր գրում, մեզ ստիպում տակը ստորագրել և թերթերում տպագրել...

- Այդպիսիներին թաղելն անգամ մեղք է,- բացականչեց ճմրթված մի դեմք։

- Ընդհակառակը՝ մեծագույն հաճույք է։ Աչքերիդ մեջ նայելով խաբում էր և երդվում զավակների արևով,- գոչեց Սապոկյանի ողորմելի տեսքով ընկերներից մեկը։- Մահը նրա համար փրկություն էր։ Որոշել էի այս երկու օրը այդ սրիկայի դիմակը պատռել... Ստահակի բախտը բերեց։

- Երանի ծնված էլ չլիներ,- ծվծվաց կարճ շրջազգեստով մի օրիորդ,- անամոթը մի անգամ մագնիտաֆոնը միացրել է, աշխատասենյակի դուռը ներսից կողպել և ինձ առաջարկել պարելով հանվել...

«Շան քած, հետը պառկել է, հիմա հրեշտակ է ձևանում»,- մտքում ասաց խոշոր աչքերով մի կին, հետո թեքվեց դեպի օրիորդը։ «Սիրելիս, լավ ես արել, որ չես հանվել։ Այդ խոզը շարունակ փորձում էր մարգարիտներ գցել իր ձեռքը»,- ասաց նա, «մարգարիտներ» ասելով, նկատի ունենալով նաև իրեն։

- Այդ էր պակաս, որ հանվեի,- միանգամից կարմրելով, պատասխանեց Կարճ շրջազգեստը։
- Նա մարդ չէր, անկուշտ հրեշի մեկն էր։ Ավազակն ամեն ինչ սեփականացրել, լափել է...

Վերջին ձայնը դեռ չէր լռել, երբ բացվեց Շաղգամ Սապոկյանի առանձնասենյակի դուռը։ Աղմկարարները վախեցած ձայները կտրեցին, կարծելով, թե Սապոկյանը կենդանացել է։ Նրան «հրեշ» անվանողն այն է, ուզում էր բղավել՝ «Կեցցե՛ Շաղգամ Սապոկյանը», սակայն այդ պահին դռների մեջ երևաց դիահերձող բժիշկը, և գունատված ամբոխն ազատ շունչ քաշեց։ Բժիշկն ակնոցը հանեց, քրտնած ճակատը թևքով սրբեց ու ասաց.

- Իմ երեսնամյա պրակտիկայում սա աննախադեպ բան է... Տարիներ շարունակ նստած լինելով այդ բազկաթոռին, հանգուցյալն այնպես է կպել նրան, որ հնարավոր չէ մարդն ու աթոռն իրարից անջատել։ Մյուս կողմից՝ նա այնքան շատ է կերել, որ չենք կարող փորոտիքը մաքրել. գարշահոտությունը կբռնի ողջ երկիրը... Պարոնայք, բժշկությունն այստեղ անելիք չունի։ Այս՝ դուք, այս էլ՝ ձեր մեռելը։ Ուզում եք՝ բազկաթոռով թաղեք կամ դամբարան սարքեք, դրան դրեք մեջը, ուզում եք՝ արտասահմանից ուրիշ մասնագետներ հրավիրեք...

Սապոկյանի թաղման հանձնաժողովը չորս օր, չորս գիշեր նիստ ու խորհրդակցություններ գումարեց և, ի վերջո, որոշեց.

«Քանի որ հանգուցյալի մարմինն այնպես է կպել աթոռին, որ մարդ ու աթոռ մի ամբողջություն են դարձել,
մյուս կողմից՝ քանի որ կազմակերպության նոր նախագահը հազիվ թե ցանկություն ունենա նստել ամբողջովին աղտեղված այդ բազկաթոռին,
երրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալի ծավալները թույլ չեն տալիս նրան շենքից դուրս բերել և, վերջապես,
չորրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալը, կարող է զանազան անցանկալի համաճարակի պատճառ դառնալ, նպատակահարմար ենք համարում այդ մարդ-բազկաթոռը հաստ շերտով ցեմենտապատել, բրոնզագույն ներկել և դարձնել արձան։

Որպես պատվանդան՝ օգտագործել նրա շքեղակազմ հաստափոր գրքերը, որոնք, մի քանի վարձակներից բացի ուրիշ ոչ ոք չի կարդացել։ Զանազան զարտուղի ճանապարհով ստացած մեդալ-շքանշանները վերաձուլել, կրծքանշաններ սարքել երեխաների համար։ Իսկ աշխատասենյակն անվանել՝ Բյուրոկրատի տուն-թանգարան...»։

2009 թ.

13.01.2014

Զրույց ծանոթ շան հետ


Իմ դիմաց նստել, խեղճ-խեղճ նայում ես ինձ։ Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ տեսա քեզ, դարձյալ այդպես, ողորմելիորեն գզգզված ու սոված, քարշ էիր գալիս իմ հետևից։ Կերակրեցի քեզ, տաքուկ մի անկյուն տվեցի։ Ու երբ ընկերները քո թափառում էին այսուայնտեղ, մի կտոր կրծած ոսկոր գտնելու հույսով առավոտից երեկո տակնուվրա անում աղբարկղերը, դու կուշտ ու ուրախ վնգստում էիր իմ ոտքերի շուրջ...

Եվ հիմա խեղճ-խեղճ նստել իմ ոտքերի մոտ, թախծոտ ու տխուր նայում ես ինձ։ Հիշո՞ւմ ես, ինձ հանդիպելուց շատ օրեր հետո, երբ կազդուրվել ու առույգացել էիր դու, փողոցում մի օր հաչեցիր ինձ վրա։ Հաչեցիր ու փորձեցիր կծել ինձ։ Հիշո՞ւմ ես այդ օրը, Բրուտո՛ս։ Բայց, ախր, ինչո՞ւ հաչեցիր ինձ վրա։ Քեզ օգնելու վա՞րձն էր դա։ Շո՛ւն, բայց ես քեզնից օգնություն չեմ խնդրել, և պետք չէր ինձ հավատարմության երդումը քո։ Ազգակիցներիդ պես անցնեիր իմ կողքով և գնայիր շնային քո գործին։ Բայց ճանաչեցիր դու ինձ և... սկսեցիր հաչել ինձ վրա։
Ծանոթ իմ շուն, հիմա ցուրտ ու քամի է դրսում, և նստել իմ դիմաց, խեղճ-խեղճ նայում ես դու ինձ։ Այժմ ողորմելիորեն գզգզված ես դու դարձյալ, ինչպես տարիներ առաջ և սոված սաստիկ։ Հիմա ի՞նչ անեմ ես քեզ, ինչպե՞ս վարվեմ քեզ հետ։

Է՜հ, Բրուտոս, Բրուտո՜ս... Լավ, գրողը տանի, քիթդ մի՛ կախիր։ Վեր կաց և, ինչպես շատ օրեր առաջ, հետևիր դու ինձ, քանզի Մարդ եմ ես, իսկ դու՝ Շուն։ Դա՜ռն ճակատագիր. ես իմ խաչն եմ տանում, դու՝ քո...

Եվ անցնում ենք այդպես, դարերի միջով՝ դեպ դարերը գալիք։ Ես և Դու։ Մարդն ու Շունը։

06.01.2014

Այս շքերթներից հոգնել եմ արդեն ու ձանձրացել եմ ճառերից դատարկ...


Իմ կյանքի մի զգալի մասն անցել է խորհրդային ժամանակներում։ Հայրս՝ Վազգեն Օվյանը, ապրել է միայն այդ ժամանակներում, վախճանվել Արցախյան շարժումից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1987-ի փետրվարի 23-ին։
Տարիներ շարունակ ինձ և իմ հարազատների համար հունվարի 6-ը միայն մի խորհուրդ ուներ՝ հորս ծննդյան օրն էր։ Շատ տարիներ հետո միայն իմացանք, որ այդ օրը նշվում է որպես Սուրբ ծննդյան տոն։ Ինձ համար այդ օրն, այնուամենայնիվ, առաջին հերթին կապված է հորս անվան հետ...

Նրան շատերն էին սիրում ու հարգում։ Միաժամանակ, ուներ խոշորագույն և փոքր տրամաչափի բազմաթիվ թշնամիներ... Ընդհանրապես կատակասեր, մարդամոտ բնավորություն ուներ, սակայն երբ խոսքը Արվեստին ու Գրականությանն էր վերաբերում՝ նա դատավորի պես անաչառ էր։ Թերևս այդ է պատճառը, որ ես պատմվածքներս առաջին անգամ համարձակվել եմ հորս ցույց տալ երբ արդեն 25 տարեկան էի։

Գրում էր օրվա բոլոր ժամերին։ Առավել հաճախ՝ երեկոները, մինչև կեսգիշեր։ Այդ օրերին երբ բացում էի նրա աշխատասենյակի դուռը, ծխախոտածխից մառախուղված սենյակում հազիվ էի նշմարում գրասեղանի հետևում նստած հորս, որ այդ պահերին ինձ պատկերանում էր որպես ամպերի մեջ նստած Աստված։ Հետո ծխից ու անքնությունից մշուշված նրա կապույտ աչքերը հանկարծ պայծառանում էին և նա ասում էր. «Կարդամ՝ լսիր...»։ Երբեմն ինձ թվում է, թե ես, ցավոք, չեմ հասցրել մի կարգին ճանաչել նրան, չնայած շատ ու շատ հարցերում հաճախ էր կիսվում ինձ հետ և գրեթե միշտ ինձ դարձնում իր առաջին ընթերցողն ու քննադատը։

Գրում էր գրեթե բոլոր ժանրերով։ Երբեմն կիսատ էր թողնում գրածը և ձեռնամուխ լինում նոր գործի։ Նույն ստեղծագործությունը երբեմն մի քանի տասնյակ և ավելի անգամ մշակում-հղկում էր, ժամանակի սղության պատճառով որոշ գործեր չէր հասցնում մշակել կամ, պարզապես, մոռանում էր դրանց գոյության մասին։

Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Հորս մահից շատ տարիներ հետո միայն ինձ հաջողվեց տպագրել նրա անտիպ երկերը։ Անգնահատելի մեծ է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի ներդրումը. հենց այդ ազնվագույն հայորդու աջակցությամբ 2003 թ. Երևանում լույս տեսավ հորս հետմահու լավագույն ժողովածուն՝ «Լեռների լեգենդը»... Վերջերս պետական հովանավորությամբ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ լույս է տեսել նաև երկհատորյակը։

Երևանաբնակ ընկերները հորս մի քանի անգամ առաջարկել էին տեղափոխվել Երևան. գրական անցուդարձին ավելի մոտ կլիներ, ավելի ազատ։ Ձեռքը թափ է տվել. հայրենի Արցախից դուրս իրեն չէր պատկերացնում։ Չնայած կոմունիստական իրավակարգը հորս ստիպում էր լույս աշխարհ հանել հիմնականում ոչ լավագույն ստեղծագործությունները, սակայն շարունակում էր գրել ու ստեղծել բարձրարժեք երկեր՝ համոզված, որ դրանք մի օր լույս պիտի տեսնեն։

Դժվարությամբ են այսօր լույս տեսնում այդ երկերը, բայց լույս են տեսնում և անմիջապես գտնում ընթերցողին։ Դժվարությամբ են լույս տեսնում, քանզի ապրում են Վազգեն Օվյանի ոչ միայն պարզ ու շիտակ, հայրենի լեռների պես հպարտ հերոսները, այլև նրա պամֆլետների, երգիծական-սարկաստիկ ստեղծագործությունների հերոսները։
Սա ընդամենը փոքրիկ մի կաթիլ է հետմահու տպագրված նրա բազմաթիվ գեղեցիկ գործերի մեջ.

Այս շքերթներից հոգնել եմ արդեն
Ու ձանձրացել եմ ճառերից դատարկ։
Ճառ է հաղորդում ռադիոն երգի տեղ,
Վալսի փոխարեն՝ աղմուկ-աղաղակ։

Կուռքը տապալվել, բայց մի ուրիշ կուռք
Կանգնել է ահա նույն պատվանդանին,
Շողոքորթների ոհմակն ահարկու-
Կրկնում է նորից պատմությունը հին։

Ի՜նչ դիֆիրամբներ և ի՜նչ ցնծություն,
Թերթերում՝ ծափեր, եթերում՝ ծափեր,
Անմիտ ծափերն այս մեզ ու՞ր են տանում,
Այդ ո՞ւմ ենք ուզում ծափերով խաբել։

Այս շքերթներից հոգնել եմ արդեն
Ու ձանձրացել եմ ճառերից դատարկ-
Լեզուս հատեցե՜ք՝ չշողոքորթեմ,
Կտրեցե՜ք ձեռքս՝ որ էլ ծափ չտամ։