ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ։ ՆՈՎԵԼՆԵՐ


Վարդգես Վազգենի Օվյանը ծնվել է Ստեփանակերտում։ Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1988-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Աշխատել է հանրապետական «Խորհրդային Ղարաբաղ» («Արցախ», «ԼՂ Հանրապետություն») պաշտոնաթերթում՝ որպես թղթակից, բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1992-93 թթ. միաժամանակ եղել է Ասկերանի շրջանի «Խաչեն» շրջանային թերթի խմբագիրը։ 1994-96 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում՝ որպես քաղբաժնի սպա, ապա՝ «Մարտիկ» թերթի պատասխանատու քարտուղար։ 1997-98 թթ. որպես հրատարակչական կենտրոնի ղեկավար աշխատել է Ստեփանակերտի պետական պոլիգրաֆ ձեռնարկությունում, 1999-ից՝ «10-րդ նահանգ», 2004-2006 թթ.՝ «Դեմո» հանրային թերթում՝ որպես պատասխանատու խմբագիր։

2009 թվականից «Նոր էջ» անկախ թերթի խմբագիրն է։
Տպագրվում է 1984 թվականից։ Հարյուրավոր պատմվածքների ու նովելների, դրամատիկական ստեղծագործությունների, բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Տպագրվում է հայաստանյան և ղարաբաղյան թերթերում։ 1995 թ. լույս է տեսել «Մենախոսություն վերջին նստարանից» գիրքը, 2005 թ.՝ «Կիսատ պատմվածքներս, տղան և ուրիշներ», «Ձմեռային սերենադ», 2007 թ.՝ «Կարմիր ծաղկաթերթեր» գրքերը։ Նրա երկու տասնյակից ավելի պատմվածքներ թարգմանվել են նաև ռուսերեն, իսկ նովելներից մեկը զետեղվել է Հարավային Կովկասի գրողների պատերազմի մասին պատմող լավագույն ստեղծագործությունների «Ապրելու ժամանակը» ժողովածուի մեջ։


---------------------------------------------------
ՆՈՎԵԼՆԵՐ
  • ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵՐԵՆԱԴ
  • ՀՈԲԵԼՅԱՆ
  • ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՎԵԼ
  • ԱՄԵՆԱԹԱՆԿԸ
  • ԱՌԱՋԻՆ ՍԵՐ
  • ԵՍ ՄԻ ԸՆԿԵՐ ՈՒՆԵԻ...
  • ԾԱՂՐԱԾՈՒՆ
  • ՀԱՐՍԱՆԻՔ
  • ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԿՅԱՆՔ
  • ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  • ԱՅԴ ՕՐԸ...
  • ԿԱՆԳԱՌՈՒՄ

ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵՐԵՆԱԴ


Դեկտեմբերն արդեն կիսվել է։ Չորրորդ օրն է՝ ձյուն է մաղում։ Սկզբում անմիջապես հալչում էր, բայց երրորդ օրից ավելի ցրտեց, և ողջ քաղաքը ծածկվեց ճերմակափրփուր ձյան սավանի տակ։

Վաճառողուհի աղջիկը վաղուց համոզվել է, որ խանութում հաճախորդների ավելի մեծ հոսք է նկատվում հատկապես կեսօրին և աշխատանքային օրվա վերջում։ Նա նայեց պատից կախված ժամացույցներին, որ ցույց էին տալիս տասներկուսն անց կես։

Խանութ մտան վերջին կես ժամվա առաջին այցելուները՝ դպրոցական երկու աղջնակ, որ երևի սովորելիս կլինեին չորրորդ կամ հինգերորդ դասարանում։ Նրանք սկզբում պլշած աչքերով նայում էին խայտաբղետ ու բազմագույն ապրանքներին, հետո կիսաշշուկ սկսեցին քննարկել, թե դրանցից որոնք են իրենց դուր եկել։
Վաճառողուհի աղջիկն արդեն սովորել էր զանազանել ապրանք գնելու եկած և պարզապես պարապությունից կամ հետաքրքրությունից խանութում հայտնված հաճախորդներին։ Փոքրիկների լուրջ-լուրջ տեսքից աղջիկը կռահեց, որ նրանք պատկանում են այցելուների առաջին խմբին՝ եկել են ինչ-որ բան գնելու։

- Այն ոսկեգույն նախշերով ծաղկամանն ի՞նչ արժե,- հարցրեց աղջիկներից մեկը՝ սովորականից խոշոր ու սև աչքերով։
- 1450 դրամ,- պատասխանեց վաճառողուհին։
- Իսկ այն մյո՞ւսը, դրանից ձախ գտնվող ծաղկամանը,- հարցրեց կապույտ գլխարկի տակից կախված կիսաշեկ զույգ ծամերով մյուս աղջնակը։
- Այս մե՞կը։ Արժե 1250 դրամ։
Փոքրիկները շշնջալով կրկին սկսեցին ծանրումեծ քննարկել, թե դրանցից որը գնեն։

Խանութի դուռը բացվեց, և գրեթե միաժամանակ ներս մտան երկու հաճախորդ՝ երեսունն անց մի երիտասարդ և մի կին։ Վաճառողուհին իսկույն կռահեց, որ վերջինս հետաքրքրասերներից է, իսկ մյուսը՝ երիտասարդը, և՛ գնորդի տպավորություն էր թողնում, և՛ հետաքրքրասերի։ Համենայն դեպս, աչքի տակով հետաքրքրությամբ նայեց փսփսացող փոքրիկներին ու քթի տակ ժպտաց։ Հաճախորդ կինը վաճառողուհուն լավ ծանոթ դեմքի արտահայտությամբ, որ բառերի վերածած, նշանակում էր՝ «այստեղ ինձ և իմ ճաշակին արժանի ապրանք չկա», դուրս եկավ խանութից։
- Իսկ այն 1450 դրամանոց ծաղկամանից մի քիչ էժանը չկա՞,- կրկին հարցրեց սևորակ աչքերով դպրոցականը։

Երկու աղջնակներն այդ պահին այնպես էին նայում վաճառողուհուն, կարծես վերջինիս պատասխանից մի շատ կարևոր ու մեծ բան է կախված։
- Իսկ դուք որքա՞ն փող ունեք,- հարցրեց վաճառողուհին։
- 1300 դրամ...
- Ծաղկամանն ո՞ւմ համար եք գնում։
- Ուզում ենք նվիրել մեր ուսուցչուհուն,- գրեթե միասին ասացին նրանք։

Երիտասարդն ակնհայտ հետաքրքրությամբ հետևում էր վաճառողուհու և փոքրիկների զրույցին։ Վաճառողուհի աղջիկը դա նկատեց և, ժպտալով, նայեց երիտասարդին։
- Այս 1250 դրամանոցն էլ վատը չէ,- ասաց նա,- սա էլ լավ նվեր կլինի։
- Չէ, մենք կուզենայինք այն մյուսից գնել...
- Արդեն ես էլ չգիտեմ, թե ինչ անեմ,- վաճառողուհի աղջիկը, ժպտալով, կրկին նայեց երիտասարդին։- Երեխաներ շատ են գալիս այստեղ։ Ինձ մոտ փոքրիկ, գեղեցիկ խաղալիքներ կային։ Մի մասը հենց այնպես տվել եմ նրանց...

Աղջնակները, որ այդ ընթացքում շշուկով շարունակում էին լրջորեն քննարկել գնել-չգնելու հարցը, մի ուրիշ խանութ մտնելու կամ թերևս մեկից հարյուր հիսուն դրամ հաջողացնելու մտադրությամբ պատրաստվեցին դուրս գալ։
- Սպասե՛ք, երեխաներ,- երիտասարդը ձեռքը տարավ դեպի գրպանը,- գնեք ձեր հավանած նվերը, պակասը ես կտամ։
- Չէ, չէ, շնորհակալություն,- փոքրիկներն ավելի արագ շարժվեցին դեպի դուռը։
- Ոչ, ի՞նչ եք ասում, ես ինքս,- ասաց վաճառողուհի աղջիկը։

Երեխաներն արդեն բացել էին խանութի դուռը և շտապում էին դուրս գալ։
- Սպասեք, հետ դարձեք, մի՛ գնացեք,- բացված դռնից փոքրիկների հետևից կանչեց երիտասարդը։
- Երեխաներ, եկե՛ք, էժանացրել եմ... Խնդրում եմ ասեք, որ էժանացրել եմ, թող գան...
- Էժանացրել է, եկե՛ք,- փոքրիկների հետևից ձայնեց երիտասարդը։
Փոքրիկները կանգ առան, փսփսալով մի պահ քննարկեցին իրադրությունը և վերադարձան խանութ։

Մինչ երեխաներն ու վաճառողուհին ծաղկամանի վերջնական ճակատագիրն էին վճռում, երիտասարդը սկսեց զննել ապրանքները։ Երկու հաճախորդ էլ մտան, ինչ-որ բան հարցրին և շողարձակ աչքերով փոքրիկների հետևից դուրս եկան խանութից։
- Աշխարհում ամենադժվար բանը երևի աղջկա համար նվեր գնելն է,- շուրջբոլոր շարված ապրանքներին նայելով, երիտասարդը ժպտաց։- Եթե կարելի է, ցույց տվեք ահա այն ոսկեգույն շրջանակով բնանկարը։

Վաճառողուհին բնանկարը մեկնեց նրան։
- Գեղեցիկ է, բայց... Իսկ մեր բնության, մեր լեռների նման բնապատկերներ չկա՞ն։
- Այդպիսի մեկը կար, բայց արդեն վաճառվել է... Ձեր կնոջ համա՞ր եք ուզում նվեր գնել...
- Չէ,- երիտասարդը փոքր-ինչ շփոթվեց,- չէ, պարզապես աղջկա համար...
Նա կրկին սկսեց զննել ապրանքները։
- Ինձ թվում է, թե այն զարդատուփն ավելի լավն է,- վերջապես նա կարծես գտավ այն, ինչ ուզում էր որպես նվեր գնել։

Աղջիկը տուփը խնամքով փաթաթեց ու մեկնեց երիտասարդին։ Վերջինս փողը հաշվեց և տվեց նրան։
- Մի՛ գնացեք, սպասեք մանրը վերադարձնեմ,- ասաց աղջիկը։
- Այն փոքրիկների մի քանի դրամն էլ եմ թողել,- դռների մոտ, շրջվելով, ասաց նա։
- Ո՛չ, ո՛չ, սպասեք,- աղջիկը շտապ բացեց դրամարկղը,- ո՛չ, խնդրում եմ վերցնեք...
- Չէ,- երիտասարդը ժպտաց,- բան չկա։ Դուք պարտավոր չեք գնորդների փոխարեն վճարել...
- Կանգնե՛ք, խնդրում եմ,- աղջիկը, փողը ձեռքին, շտապեց դուրս գալ վաճառասեղանի հետևից։
- Ո՛չ, շնորհակալություն,- երիտասարդը, ժպտալով, փակեց խանութի դուռը։
Աղջիկը մոտեցավ դռներին, բայց նա արդեն շատ էր հեռացել։ «Լավ չստացվեց,- մտածեց աղջիկը,- ես չպիտի թողնեի, որ ինքը վճարեր»։

* * *
Մի շաբաթ հետո, երբ մինչև Նոր տարի մնացել էր հինգ օր, գնորդներին սպասարկելիս, վաճառողուհի աղջիկը խանութում նկատեց այն նույն երիտասարդին։ Աղջկա հայացքը որսալով, վերջինս գլխով բարևեց։
Խանութն աստիճանաբար դատարկվեց։ Մնաց երիտասարդը։
- Պիտի օգնեք ինձ դարձյալ նվեր գնել աղջկա համար,- ժպտալով, ասաց նա։

Աղջիկն ուզում էր ակնարկել այն 150 դրամը և ետ վերադարձնել, բայց վերջին պահին որոշեց այդ հարցը լուծել գնումը կատարելուց հետո։
- Ուզում եմ մի լավ նվեր գնել,- ասաց երիտասարդը,- մի բան ընտրեք, ձեր ճաշակով...
- Ե՞ս,- շրջվելով, աղջիկը կարծես առաջին անգամ նայեց իրեն շրջապատած ապրանքներին։- Բայց սրանք բազմազան են... Դուք թանկն եք ուզո՞ւմ, թե՞...
- Իմ կարծիքով, նվերը լինում է լավ կամ անճաշակ։ Օրինակ, ձեր նշանածը... Ձեր ամուսինը ձեզ ի՞նչ է նվիրում...
- Ես ամուսնացած չեմ,- աղջկա դեմքը շառագունեց։

- Ներեցեք,- ասաց երիտասարդը,- ինձ միշտ թվում է, թե մարդկանց դեմքից ես կարողանում եմ ճիշտ որոշել նրանց ամուսնացած կամ չամուսնացած լինելը, կամ, ասենք, տարիքը։ Կուզե՞ք, գուշակեմ ձեր տարիքը։
- Հա,- աղջիկը ժպտաց։
- Երևի... Երևի 21 տարեկան եք։
- Դարձյալ սխալվեցիք,- աղջիկը ծիծաղեց,- 26 տարեկան եմ...
- Ահա թե ինչ։ Իսկ ես վերջին պահին սպասում էի, թե կասեք, որ 19 տարեկան եք, և ես կհայտնվեի կրկնակի հիմար դրության մեջ։ Այսպես թե այնպես, ես դարձյալ սխալվեցի։ Եթե հաշվենք, որ անցյալ անգամ էլ դուք էիք սխալվել իմ կնոջ հարցում... Ես ամուսնացած չեմ... Հաշիվը կդառնա 2։1՝ հօգուտ ձեզ...

Աղջիկը կրկին շիկնեց։ Խանութում այլ գնորդ չկար, և նա մտածեց, թե առաջին անգամ ինքը չի ուզում, որ այլ հաճախորդներ գան։
- Լավ, ի՞նչ կցանկանայիք, որ ձեզ նվիրեին, ասենք, ձեր ծննդյան օրը։
Աղջիկը կրկին նայեց երեք կողմից իրեն շրջապատած խայտաբղետ ու շքեղ անշունչ առարկաներին։
- Ահա այս սկահակը... Իմ կարծիքով սա ավելի լավն է, քան կրկնակի թանկ այն երկուսը։ Կարծում եմ՝ նրան անպայման դուր կգա։
- Իսկ որքա՞ն արժե։
- 2500... չէ, 2350 դրամ,- աղջկա շփոթությունից երիտասարդը հասկացավ, թե ինչն ինչոց է։

- Ձեր խորամանկությունը չանցավ։ 2500 դրամ և՝ վե՛րջ։ Հակառակ դեպքում, ես ուրիշ խանութ եմ գնալու... Իսկ ցելոֆանե տոպրակ ունե՞ք։
- Հա, երեք տեսակի կա։ Սրանցից ո՞րն եք ուզում։
- Չգիտեմ, դուք ընտրեք, ձեր ճաշակով...
- Այս մեկն, իմ կարծիքով, ավելի գեղեցիկ է,- ճակատի անհնազանդ մազափունջը ձեռքով դեպ վեր տանելով, աղջիկը ժպտաց։

Երիտասարդը փողը հաշվեց և տվեց աղջկան։
- Բայց, գիտե՞ք ինչ,- հանկարծ ինչ-որ բան հիշելով, ասաց նա,- ավելի լավ է դա մնա ձեզ մոտ, ժամը հինգից հետո, աշխատանքից վերադառնալիս՝ կվերցնեմ։
Հետո նա ծոցատետրից մի թուղթ պոկեց, ինչ-որ բան գրեց, դրեց ցելոֆանե տոպրակի մեջ, ասելով՝ հասցեատիրոջ անունն եմ գրել, որպեսզի ձեր բացակայության ժամանակ թյուրիմացություն չպատահի։
- Ոչինչ, թող մնա ինձ մոտ, այստեղ միայն ես եմ վաճառողուհի աշխատում,- պատասխանեց աղջիկը։

Այդ օրը երիտասարդը չեկավ։ Երևի մոռացել է կամ աշխատավայրում շատ գործեր ունի,- տուն վերադառնալիս, մտածեց աղջիկը։ Երիտասարդը չեկավ նաև երկրորդ օրը, երրորդ օրը և մյուս օրը։
Այսօր դեկտեմբերի 31-ն է, թերևս սա Ամանորի նվեր է, և նա անպայման կգա,- մտածեց աղջիկը։- Իսկ եթե այսօր էլ հանկարծ չգա՞... Աստված իմ, ախր նա ինչ-որ թղթի վրա կարծեմ հասցե է թողել...

Վաճառասեղանի տակից, ներքևի մեծ դարակից աղջիկը հանեց ցելոֆանե տոպրակը։ Մի պահ մտածեց, որ թերևս ինքն իրավունք չունի բացելու այն։ Հետո ձեռքը կամաց մտցրեց տոպրակի մեջ և հանեց ծոցատետրից պոկած քառակուսի մի թուղթ։ Ամեն ինչ այնքան անսպասելի էր, որ օդը հանկարծ սկսեց չհերիքել աղջկան... «Նվիրում եմ Ձեզ։ Շնորհավոր Նոր տարի»,- գրված էր այնտեղ։

* * *
Աղջկա կյանքում դա ամենաերջանիկ Ամանորն էր։ Կյանքում առաջին անգամ ամբողջ օրը նա մտածում էր մեկի մասին, որը հեքիաթների ու երազների աշխարհից չէ։ Միաժամանակ, նրան թվում էր, թե, այնուամենայնիվ, նա իր երազների այն աշխարհից է, որի մասին մտածել է շատ վաղուց, որի մասին մտածել է տարիներ շարունակ, և շարունակ իր մեջ է եղել նույնիսկ այն պահերին, երբ ինքը Նրա մասին չէր մտածում։

Աղջիկը մտածեց, որ Նրա դեմքը ինչ-որ շատ ծանոթ է իրեն։ Թերևս երբեմն տեսել է նրան, բայց դեռևս չէր հասկացել, որ Նա է։ Հետո մտածեց, որ կարող է երբեք Նրան չի տեսել, պարզապես ինքն է իր երազներում նրան պատկերացրել այնպիսին, ինչպիսին կա։
Մի քանի օր հետո աղջիկը կրկին վաճառասեղանի հետևում էր։ Այսօր թերևս չի գա, բայց վաղը կամ մյուս օրը անպայման կգա,- եզրակացրեց նա, սակայն նրան սպասում էր թե՛ այդ օրը, թե՛ հաջորդ և թե՛ մյուս օրերին։
Երիտասարդը չեկավ նաև մի շաբաթ հետո և մի ամիս հետո։ Անցավ երեք ամիս, վեց ամիս անցավ, և այդ բոլոր օրերի բոլոր ժամերին աղջիկը սպասում էր նրան։

* * *
Անցավ մի տարի։ Հետո երկու ամիս էլ անցավ։ Այդ օրը աղջկա ծննդյան օրն էր։
Երիտասարդի մասին նա փորձում էր այլևս չմտածել, բայց, այնուամենայնիվ, հաճախ էր հիշում նրան։ Երբեմն թվում էր, թե Նա պարզապես խաբել է իրեն, հենց այնպես, կատակ է արել։ Այդ դաժան կատակի համար նա փորձում էր ատել Նրան։ Բայց մեկին ատելու կամ սիրելու համար պետք է ճանաչել։ Աղջիկը մտածում էր, թե գուցե լավ չի ճանաչել նրան, որ հանդիպած այդ մի քանի րոպեների մեջ ինքը միայն երևացող լավ կողմն է նկատել, որ թերևս ինքը նրան իսկապես երբեք չի տեսել, որ իրեն թվացել է միայն, թե ծանոթ է Նրա դեմքը, որ ինքն ուղղակի սխալմամբ համադրել է իր մեջ, իր երազներում մարմնավորած Նրան և կյանքում առաջին անգամ հանդիպած Նրան։ Երբեմն ուզում էր պատուհանից դուրս շպրտել նրա նվիրած սկահակը, և նման պահերին աղջկա առջև շարունակ ծառանում էր միևնույն հարցը. ինչո՞ւ է նա այդպես արել...

Իր ծննդյան այդ օրը աղջիկը ոչ շատ ուրախ էր, ոչ շատ տխուր։ Նա թերևս այնպիսին էր, ինչպիսին կար մինչև Այն օրը։ Բայց նաև նա այնպիսին չէր, ինչպիսին կար մինչև Այն օրը։ Նրա մեջ ինչ-որ բան էր կատարվել...
Երբ բոլոր հյուրերը՝ բարեկամներն ու ընկերուհիները, գնացին, մոր և կրտսեր քրոջ հետ նա նվերներն էր նայում, որ շարունակ իրեն հիշեցնում էին մի այլ նվեր՝ Նրա նվիրածը։ Նվերներից մեկը փաթաթած էր թեթևակի դեղնած, մի տարի առաջ լույս տեսած քաղաքային շաբաթաթերթի մեջ։ Քույրը բացեց թերթը, որի մեջ շքեղակազմ մի գիրք էր՝ խմբագրությունում աշխատող իրենց մի բարեկամի նվերը։

Աղջկա մարմնով ասես էլեկտրական հոսանք անցավ. թերթի ծալված էջերից մեկում Նրա նկարն էր... Մինչ մայրն ու քույրը շարունակում էին քննարկել նվերները, աղջիկը, գունատված, վերցրեց թերթն ու անաղմուկ անցավ ննջասենյակ։ «Հունվարի 3-ին կյանքի 34-րդ տարում ողբերգաբար ընդհատվեց շնորհալի դաշնակահար...»։
Թերթը սահեց աղջկա ձեռքից։ Մի ակնթարթում աշխարհում ամեն ինչ դարձավ անիմաստ ու անհեթեթ, իր շուրջ ամեն բան սկզբում սկսեց լողալ գորշասև ինչ-որ մշուշում, հետո ողջ աշխարհը ծածկվեց խավարում։ Աղջիկն ընկավ մահճակալին և գլուխը պինդ թաղեց բարձի մեջ...

...Դրսում փափուկ ձյուն է մաղում։ Փողոցով մի տղամարդ էր անցնում 4-5 ամյա իր աղջնակի հետ։
- Հայրիկ, այսօր լավ օր է, չէ՞,- հարցրեց փոքրիկը։
- Հա, լավ օր է,- մտքերի մեջ խորասուզված, հենց այնպես հաստատեց հայրը, հետո, սթափվելով, հարցրեց,- բայց դու այդ ինչո՞ւ ես ասում, որ լավ օր է...
- Մայրիկն ասել է, որ երբ մի բան են գտնում, ուրեմն այդ օրը լավ օր է։ Իսկ այսօր մենք 100 դրամ ենք գտել...
- Ահա թե ինչ,- հայրը ծիծաղեց։- Բայց, միաժամանակ, այսօր ինչ-որ մեկի համար երևի լավ օր չէ, որովհետև նա 100 դրամ է կորցրել։ Աշխարհում միշտ ինչ-որ մեկը մի բան է գտնում, իսկ ինչ-որ մեկը մի բան է կորցնում...
- Տատիկն ինչո՞ւ է ասում, թե Արտակի սերունդը մանկություն է կորցրել... Հայրիկ, լսո՞ւմ ես, մեկը լաց է լինում... Ահա այն պատուհանից լացի ձայն է գալիս...

- Ոչ մի լացի ձայն էլ չկա։
- Լա՛վ լսիր, մեկը լալիս է...
- Հա, արդեն լսեցի...
- Բայց նա ինչո՞ւ է լալիս... Հայրիկ, մենք նրա փողն ենք գտել, եկ տանենք տանք իրեն...
Տղամարդը մի պահ կանգ առավ, նայեց երկրորդ հարկի ուղղությամբ ու կամաց ասաց.
- Գնանք, աղջիկս... Այդ փողը նա չի կորցրել... Նա ուրիշ բան է կորցրել։
- Ի՞նչ է կորցրել։
- Չգիտեմ,- հետո ինքն իրեն շարունակեց,- բայց, կարծում եմ, նա շատ ավելի մեծ բան է կորցրել...
Հունվար, 2000 թ.





ՀՈԲԵԼՅԱՆ

Ես պատմվածքներ էի գրում ծաղիկների ու երկնքի կապույտ անհուններում ճախրող արծիվների սլացքի, ծաղիկների ու արծիվների մոլորակում ապրող մարդկանց երազանքների ու տառապանքների մասին և ուղարկում մեր երկրի հյուսիսային, հարավ-արևմտյան, հյուսիս-արևելյան ու այլ ուղղություններով, կենտրոնական ու ոչ կենտրոնական թերթերի ու ամսագրերի, հայտնի ու կիսահայտնի գրեթե բոլոր խմբագրությունների հասցեներով։ Իսկ հետո դրանց մասին ոչ մի լուր չէր ստացվում, մեծ լռություն էր տիրում, ու ես ենթադրություններ էի անում, որ այդ խմբագրությունները տեղադրված են մեր երկրի սահմաններից շատ հեռու՝ Աֆրիկայի անապատներում, Մարսի կամ, լավագույն դեպքում, Լուսնի վրա։ Լինում էին հազվադեպ պահեր, և բարեկամներս ու ծանոթներս ինձ շնորհավորում էին տպագրված ստեղծագործություններիս համար ու ասում, որ ես «ահագին փող» եմ ստանալու։ Ես կարդում էի դրանք և ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, որ ես եմ դրանց հեղինակը։ Հետո ես պատմվածքի տակ փորագրված անունս տեսնելով, մտածում էի, որ դա երևի, այնուամենայնիվ, իմ ստեղծագործությունն է, և հանկարծ հիշում էի ինձ ծանոթ ձեռնածուներին, որոնք կիսամերկ գեղեցկուհիներ էին լցնում հատուկ մեծ ու պսպղուն արկղերի մեջ և մի քանի րոպե հետո պսպղուն արկղերից զանազան ընտանի կենդանիներ էին դուրս գալիս։

Եվ մի օր էլ, երբ մոտս այլևս պատմվածք չէր մնացել ծաղիկների ու արծիվների կապույտ սլացքի, մարդկային վեհ երազանքների ու տառապանքների մասին, ինչպես նաև տերևաթափ էին եղել իմ բոլոր հույսերը, ես փառահեղ խաչ դրեցի իմ գրական գործունեության վրա և որոշեցի այլևս չգրել ծաղիկների, երազանքների ու տառապանքների մասին։ Այլևս ոչ մի պատմվածք չգրեցի՝ Անապատներ ու Մարս ուղարկելու համար և կես տարի հետո դարձա մարզային թերթի աշխատակից, իսկ նույնքան տարի հետո էլ՝ պատասխանատու քարտուղար։

Տասը տարի հետո, երբ ես զբաղեցնում էի գրողների մարզային ընկերության փոխտնօրենի պաշտոնը, դարձել էի մի քանի տասնյակ ակնարկների, ինֆորմացիոն հաղորդագրությունների, հոդվածանման թխվածքների ու նմանատիպ շատ բաների հեղինակ, հանկարծ հիշեցի իմ գրական-գեղարվեստական երիտասարդությունը։ Հին գրվածքներիցս միայն տխուր հուշեր էին մնացել, և ես որոշեցի նորից ձեռնամուխ լինել պատմվածքներ գրելուն։

Նոր խզբզանքներս խղճուկ ու թույլ էին, նրանցում ծաղիկներն ամենևին բույր չունեին, իսկ արծիվները սողում էին երկնքի ու գետնի միջև ինչ-որ տեղ։ Ես ամաչեցի դրանց երեսին նայել ու, հին սովորության համաձայն, ծրարեցի և ուղարկեցի երիտասարդական տարիներից ինձ ծանոթ Անապատների, Մարսի ու Լուսնի ուղղություններով։ Մի ամիս հետո չէի համարձակվում տնից դուրս գալ։ Թխվածքներս գրեթե բոլորն էլ տպագրվել էին, ու ես սիրտ չէի անում նայել դրանց տեսքին։ Իսկ դրանց դիմաց պարբերաբար թղթի արժեքավոր կտորներ էի ստանում, որոնցից մարդկային քրտինքի և շան մեզի հոտ էր փչում...

Հետո հինգ տարվա ջուր էլ հոսեց։ Ես սովորել էի ու այլևս չէի ամաչում ամիսը մի քանի անգամ թերթերում ու ամսագրերում շեղատառերով աչք ծակող խզբզանքներիս համար։ Ես նույնիսկ այնքան լկտիացա, որ սկսեցի բանաստեղծություններ էլ գրել։ Հետո համարձակորեն խարիսխ ձգեցի դրամատուրգիայում, և քաղաքում սկսեցին լուրեր պտտվել, որ հետմահու թատրոնը պիտի վերանվանվի իմ անունով, ու ես սկսեցի բանակցություններ վարել մի նշանավոր քանդակագործի հետ՝ թատրոնի առջև տնկվելիք ապագա արձանիս հաշվով։ Հետո լուսանկարներս մի քանի տասնյակներով բազմացրի, որպեսզի կարողանամ բավարարել զանազան խմբագրությունների, հանրագիտարանների, անթոլոգիաների ու նշանավոր մարդկանց լուսանկարներ հավաքող ամենախայտաբղետ կոլեկցիոներների պահանջները։

Եվ մի օր էլ պարզվեց, որ ես համարյա դասական եմ, և լայն հասարակայնությունը պատրաստվում է նշելու իմ գրական գործունեության 20 և ծննդյան 40-ամյակը։
Դա իմ ամենաուրախ օրը պիտի լիներ, բայց ես ինձ հանկարծ չափազանց խաբված զգացի։ Այդ օրը խղճիս հետ ինչ-որ վատ բան կատարվեց, և ես հիշելով ծաղիկներին ու անհուններում ճախրող թռչուններին, երիտասարդական տարիներից հետո առաջին անգամ լաց եղա։ Լաց եղա բռնաբարված հավատիս, կոխկրտված ու գրչակի մակարդակի հասցված տաղանդիս համար և ուշացած ու վիրավորված ինքնասիրությանս համար։ Ես մտածեցի, որ ինձ միայն հրաշքը կփրկի։ Հրաշքները լինում են հրաշապատում հեքիաթներում, իսկ ես վաղուց հեքիաթներին չեմ հավատում։ Հետո ես ինձ մի կերպ հավաքեցի ու գնացի իմ հոբելյանին ներկա լինելու, որ տեղի էր ունենալու թատրոնի նորակառույց շենքում։

Նախագահությունում, կենտրոնում ես էի նստած ու նրանք, որ շատ տարիներ առաջ խմբագիր ու գրական բաժնի վարիչ էին հեռու Անապատներում, Մարսի ու Լուսնի վրա։ Հռետորներին, որ գլխարկները հանած ինձ էին գովերգում, համարյա չէի լսում։ Կոկորդումս ինչ-որ բան էր ծանր շարժվում, և ես մահապարտի տեսք ունեի այդ պահին։ Հետո ուրիշ հռետորներ էլ խոսեցին ու ծափահարեցին, և ես հասկացա, որ ծափերի գինը հավասարվել է փուչիկների գնին։ Մեր սեղանի մի անկյունը ծաղկաբլրի տեսք էր ստացել և ես, նայելով դրանց, կրծքավանդակիս ձախ մասում չարագուշակ ծակոցներ էի զգում...

Հետո ելույթի համար խոսքը տրվեց հոբելյարին։ Ես ծանր ու մեծ վեր կացա ու մոտեցա ամբիոնին, որի վրա ջրով լիքը բաժակ կար։ Ես անմիջապես թափով դատարկեցի այն, բայց նույն վայրկյանին հասկացա, որ կրակը շատ է մեծ՝ մի բաժակով հանգցնելու համար։ Հետո ես սկսեցի խոսել.
- Հարգելի հասարակություն և գրական շուկայի մեծածախ ու մանրածախ առևտրականներ, կատակերգությունը, ձեր թույլտվությամբ, համարում եմ սկսված։

Դահլիճում ամբոխը սսկվեց, իսկ թիկունքումս՝ նախագահությունում, սարսափելի լռություն տիրեց։ Ես հանդիսավոր շրջվեցի դեպի մեռելադեմ կոլեգաներս ու ասացի.
- Մարդկային ստեղծագործության ո՜վ դուք խղճուկ գլուխգործոցներ, այսօր հանդիսավոր հավաքվել եք այստեղ՝ նշելու իմ ողբերգության 20-ամյակը, որ դուք սխալմամբ անվանում եք գրական գործունեություն, և դա շատ լավ է հնչում։ Արդյոք գիտե՞ք, որ քսան տարի շարունակ ես խաբել եմ ձեզ։ Խաբել եմ նաև ինձ։ Քսան տարի շարունակ ես զանազան տխմարություններ եմ հանել գրական շուկա, և դուք դրանց, այդ տխմարություններին, գոհարների գին եք տվել։ Դուք նույնիսկ հանդգնել եք այդ ափեղցփեղությունների մեջ մտքի խորխորատներ ու հոգեբանական թռիչքներ հայտնաբերել։

Շատ տարիներ առաջ ես ունեի թևեր, և դուք անդամահատեցիք դրանք հիմնովին ու հիմա ուզում եք ապացուցել, որ առանց թևերի ես ճախրում եմ Օլիմպիոսի սպիտակափառ վերևներում։
Դուք սպանեցիք իմ մեջ տաղանդը և հիմա ինձ հանճարեղ եք հորջորջում։ Ես պատմում էի ծաղիկների ու ձեր թշվառությունից շա՜տ վեր, կապույտ անհուններում ճախրող արծիվների, կուսական անտառների ու դաշտերի անքաղաքակիրթ ազատության մեջ դայլայլող սոխակների ու ծղրիդների մասին, ես պատմում էի մարդկանց երազանքների ու տառապանքների մասին, և դուք այդ բոլորը՝ ծաղիկների բույրը, արծիվների սլացքը, սոխակների գեղգեղանքն ու իմ հավատը նետում էիք ձեր Անապատների զուգարանները։

Դպրոցում դուք մեզ հարցնում էիք, թե ինչպիսի հերոս է այսինչ ստեղծագործության այնինչ կերպարը։ Մենք ասում էինք, որ դրական հերոս է։ Մեզ ասում էիք, որ չէ, դրական հերոս չէ։ Ուրեմն բացասական է, պատասխանում էինք մենք, և միշտ ճիշտ էր դուրս գալիս։ Հետո, շատ տարիներ հետո, դասագրքերից ու դպրոցի պատերից դուրս մենք տեսնում ենք շատ մարդիկ, որոնք դրական չեն։ Նրանք նաև բացասական չեն։ Նրանք ոչ սև են, ոչ սպիտակ. նարնջագույն են, կանաչ, կապույտ, շագանակագույն ու մանուշակագույն են և այլն։ Նրանք նույնիսկ հերոս էլ չեն, պարզապես մարդիկ են, որոնց մեջ երբեմն ինչ-որ բան է փշրվում, որոնք երբեմն ինչ-որ բան են գտնում, իսկ հաճախ էլ ծիծաղում են ու թաքուն լաց լինում։

Ես պատմվածքներ էի գրում այդ մարդկանց մասին, որոնք ոչ դրական են, ոչ էլ բացասական, իսկ դուք ձեր արխիվներում դրանցից մակուլատուրա էիք շինում ու գրքեր հրատարակում խոզաբուծության ինտենսիվ զարգացման, սիլոսների, պարարտանյութերի ու դրական հերոսների մասին։

Ես հավատ ունեի և երազանքներ։ Դուք սպանեցիք հավատն իմ և ցանկանում էիք ոտնատակ տալ երազանքներս։ Բայց նրանք շատ բարձր էին սավառնում, ձեր քառակուսի շենքերի ծխնելույզներից էլ շատ վեր, և դուք չկարողացաք հասնել նրանց։ Ես էլ չկարողացա հասնել, որովհետև մեզ մոտ երբեք չեն հասնում վեհ երազանքներին։ Ինչո՞ւ հասնում ենք տիեզերք, բայց չենք կարողանում հասնել մեր երազանքներին։ Ինչո՞ւ դրանք, այդ երազանքներն այդքան բարձր են սավառնում, մեր գոյությունից շա՜տ բարձր։ Հե՜յ, դուք, տիեզերքի հերոս ասպետներ, այնտեղ, վերևներում արդյոք չե՞ք հանդիպել իմ երազանքներին...

Իսկ դուք, երջանիկ մրոտողնե՛ր, միշտ հասնում եք դրանց։ Երբեմն էլ ճանապարհին կոխկրտում եք դրանք ու առաջ անցնում։ Բայց ոչ թե նրա համար, որ արագ եք վազում, այլ որովհետև ձեր երազանքները թևեր չունեն և սողում են ձեր ոտքերի տակ։

Թերթերում ու ամսագրերում դուք զայրանում եք սրիկաների ու խաբեբաների վրա, իսկ հետո գիշերային պանդոկներում բաժակ եք խփում նրանց հետ։
Գրական շուկայի ո՜վ դուք խղճուկ խաբեբաներ և երեք գրոշանոց կարիերիստներ, ինչո՞ւ չեք ուզում հասկանալ, որ փառքը օդապարիկով թռիչք չէ և ոչ էլ թիթեռ, որ ցանցով բռնես ու դնես լուցկու տուփի մեջ։ Մի՞թե կարելի է փառքը գնել կամ վաճառել գրական շուկայում։ Մի՞թե կարելի է արվեստն ու գրականությունը վանդակել ու դնել գրպանում՝ դրամապանակի մեջ, մի՞թե կարելի է ոչնչացնել գարնան ծաղիկների անմեղությունն ու բույրը արշալույսների։ Մի՞թե կարելի է սպանել ծխնելույզների ու ասֆալտների գորշ ծուլությունից շատ վեր՝ արծիվների վեհ ճախրանքն ու նրանց թևերի երաժշտությունը բարձր կապույտներում, մի՞թե կարելի է ցամաքեցնել եղյամը դաշտերի ու պոկել միակ վարդը Փոքրիկ իշխանի։

Ա՜խ, գրողը տանի, ինչքան տխուր է, շատ է տխուր, սարսափելի տխուր է ձեր աշխարհում։
Ո՜վ դուք կենդանի կիսանդրիներ ու ապագայի բրոնզաձույլ արձանիկներ, ես չեմ ատում ձեզ։ Ես նույնիսկ չեմ էլ արհամարհում, այլ ծիծաղում եմ ձեզ վրա։ Հետո, երբ կգնամ տուն և գիշերով կլսեմ ղողանջը աստղերի, ես կլացեմ ձեզ համար։
Մնաք բարով, ո՜վ սուրբ մարդասպանիկներ...

Ես շարժվեցի դեպի դուռը։ Դահլիճում ծանր լռություն էր տիրում, և ես կարծես անցնում էի անապատների, մարսերի ու լուսինների վրայով, և հազիվ էի կանգնում ոտքի վրա։ Հետո դահլիճում, թե Անապատում կամ Լուսնի վրա, ինչ-որ մեկն ասաց. «Խելագա՜ր...»։
Դեկտեմբեր, 1985 թ.




ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՎԵԼ

Աշխատանքային օրվա վերջում, երբ ապահովագրական ընկերության աշխատակից Մայքլ Վիլյամսը՝ երեսունն անց, միջահասակ մի տղամարդ, դուրս եկավ շենքից, փողոցում նրան մոտեցավ ծանոթ դեմքով մի երիտասարդ և, թեթև շփոթված, ասաց.
- Ես ուզում եմ խոսել ձեզ հետ։
- Այսօ՞ր, թե...
- Ձեզ երկար չեմ զբաղեցնի։ Եթե դեմ չեք, մտնենք մոտակա սրճարան։
Մայքլ Վիլյամսը նայեց թևի ժամացույցին և գլխով արեց.
- Դեմ չեմ։

Նրանք հատեցին փողոցը և մտան առաջին իսկ հանդիպած սրճարանը։ Երիտասարդը ինչ-որ բան պատվիրեց մատուցողին, բայց զգացվում էր, որ նա թեթեւ նյարդայնանում է սպասվելիք խոսակցությունից։
- Խնդրում եմ անկեղծ լինենք, ինչպես տղամարդը՝ տղամարդու հետ,- երբ տեղ զբաղեցրին սեղաններից մեկի շուրջ, ասաց երիտասարդը։
- Լսում եմ ձեզ,- հանգիստ պատասխանեց Մայքլ Վիլյամսը։

Երիտասարդը ծխախոտ վառեց։ Ակնհայտորեն նա փորձում էր թաքցնել հուզմունքը։
- Չեմ ուզում ավելորդ տեղը խլել ձեր ժամանակը։ Առանց ձևականությունների, միանգամից սկսենք,- նա մի պահ լռեց, մտածելով իր հետագա ասելիքը։
- Ես լսում եմ ձեզ։
- Ձեր և իմ կնոջ միջև նախկինում ինչ-որ բան եղե՞լ է,- վերջապես երիտասարդն ասաց վերջին մի տարում իր համար ամենածանր նախադասությունը։

- Ահա թե ինչ,- Մայքլ Վիլյամսը ժպտաց։ - Բայց այդ մասին դուք կարող էիք տեղեկանալ ձեր կնոջից։ Թե՞ արդեն չեք վստահում նրան։
- Ես վստահում եմ նրան,- երիտասարդը նույնպես փորձեց ժպտալ,- բայց կան բաներ... Ես ուզում եմ այդ մասին իմանալ ձեզնից։
- Ավելի քան մի տարի առաջ նա աշխատում էր մեր ընկերությունում։ Մենք, կարծում եմ, հարգում էինք իրար։
- Ես դա գիտեմ։

- Այդ դեպքում ես ոչինչ չեմ կարող ավելացնել ձեր իմացածին։ Ուրեմն, էլ ի՞նչ եք ուզում իմանալ։
- Ես ուզում եմ մենք անկեղծ լինենք,- երիտասարդը շփոթվել էր, բայց փորձեց ամեն ինչ նորից սկսել։
- Իսկ դուք չե՞ք կարծում, որ ձեր ընտանեկան խաղաղությունը կախվածության մեջ եք դնում մեկից, ում գրեթե չեք ճանաչում։ Ձեզ չի՞ թվում, որ ես, պարզապես իմ հաճույքի համար, կարող եմ ստել. ասել՝ այո, եթե ոչինչ չի եղել, կամ ասել՝ ոչ, եթե եղել է...

- Խնդրում եմ ասեք ճշմարտությունը,- երիտասարդի դեմքը թեթև շառագունել էր։
- Ճշմարտությունը շատ ծանր բան է։
- Ուրեմն՝ ինչ-որ բան եղե՞լ է...
- Խոսքս ընդհանրապես ճշմարտության մասին է։ Ես չասացի, թե եղել է, կամ չի եղել։ Իսկ ի՞նչ է, դուք բաժանվե՞լ եք ձեր կնոջից։
- Դեռևս այդպիսի մտադրություն չունեմ...
- Դե, ուրեմն, ձեր մտահոգության պատճառների մասին հարցրեք ձեր կնոջը։ Իսկապես ես չեմ հասկանում ձեզ։

Երիտասարդը երկրորդ ծխախոտը վառեց և անհանգիստ նայեց շուրջը։ Մոտերքում սեղաններն ազատ էին, բացառությամբ հարևան սեղանի, որի մոտ, թիկունքով դեպի իրենց, հիսունն անց, ամրակազմ մի տղամարդ էր նստած։ Նա գրեթե չէր շարժվում, ասես կոստյում հագած սովորական մի պահարան լիներ։ Երբեմն թեթև շարժում էր միայն աջ ձեռքը՝ երբ հաստլիկ մատների արանքում սեղմած սիգարը կամ բաժակը դանդաղորեն տանում էր դեպի բերանը։
- Խնդրում եմ ազնվորեն ասեք. ձեր և իմ կնոջ միջև ինչ-որ բան եղե՞լ է,- երիտասարդը փորձում էր հանգիստ երևալ։

- Այդ դեպքում, եկեք պարզենք, թե ինչ ասել է՝ «ինչ-որ բան»։ Դուք ուզում եք իմանալ՝ ես պառկե՞լ եմ ձեր կնոջ հետ, թե՞ ոչ։ Ձեզ ճի՞շտ հասկացա։
- Խնդրում եմ իմ կնոջ մասին այդ տոնով... Դուք գռեհկացնում եք իմ հարցը,- երիտասարդը կարմրել էր։
- Դե, ուրեմն, դուք ինքներդ բացատրեք, թե ինչ ասել է՝ «ինչ-որ բանը»։
- Ասենք, դուք սիրո՞ւմ էիք նրան... կամ նման մի բան։
- Կամ՝ ի՞նքն էր սիրում ինձ... Դա ես չգիտեմ։ Ինչ մնում է իմ սիրելուն, ես կարող եմ սիրել, օրինակ, Մերիլին Մոնրոին կամ Շերոն Սթոունին, Մարգարետ Թետչերին կամ Հռոմի պապին։ Բայց դա միայն ի՛մ անձնական գործն է և ի՛մ իրավունքը։ Դրանից նրանց կյանքում և աշխարհում ոչինչ չի փոխվում։

- Լավ, հարցն այլ կերպ ձևակերպենք՝ դուք եղե՞լ եք իմ կնոջ հետ,- երիտասարդի մատների միջև սեղմված ծխախոտը ակներևորեն դողում էր։
- Այդ հարցի պատասխանը, նորից եմ կրկնում, դուք կարող էիք ստանալ առանց ձեր տնից դուրս գալու՝ պարզապես հարցնելով ձեր կնոջը։
- Նա ասել է, որ դուք սիրում էիք իրեն...

Մայքլ Վիլյամսը ծիծաղեց.
- Հետաքրքիր է։ Լավ, հետո՞։ Ես սիրում եմ նաև տարվա այն եղանակը, երբ ողջ բնությունը կանաչ է հագնում, սիրում եմ նաև արևածագը և թռչունների ուրախ ճռվողյունը, սիրում եմ մարդկանց և դաշտային ցողաթաթախ ու չկոխկրտված ծաղիկներ, սիրում եմ դիմացի մայթով անցնող շիկահեր այն փոքրիկին, մի խոսքով, սիրում եմ այն ամենը, ինչ գեղեցիկ է և չի վաճառվում։ Իսկ եթե ձեզ ասեմ, որ ձեր կնոջը երբեք չեմ սիրել, դուք նրան կհամարեք խաբեբա՞...

- Ես նրան հավատում եմ։
- Դե, էլ ի՞նչ եք ուզում իմանալ,- Մայքլ Վիլյամսը սկսեց քրքջալ,- գրողը տանի, եթե ես նրան սիրեի, նա այսօր ոչ թե ձեր, այլ իմ կինը կլիներ։
- Նա մերժել է ձեզ,- երիտասարդը հոգու խորքում ուզում էր հավատալ, որ դա այդպես էլ եղել է։
- Ահա թե ինչ։ Դե, էլ ինչո՞ւ եք եկել ինձ մոտ. ավելի քան մի տարի առաջ մերժվածիս մխիթարելո՞ւ, թե՞ ուզում եք լույս սփռել իմ կենսագրության մութ էջերի վրա... Եվ հետո՝ ինչո՞ւ եք ձեզ այդպես նվաստացնում, իմ խոստովանահա՞յրն եք, ի՞նչ է... Շարունակեք հավատալ ու սիրել ձեր կնոջը...
- Ներեցեք,- երիտասարդը ոտքի կանգնեց,- սուրճի և բրենդիի համար ես վճարել եմ։ Ցտեսություն։

Նա դուրս եկավ և մի քանի վայրկյան հետո անհետացավ ամբոխի մեջ։
Հարևան սեղանի մոտ նստած ամրակազմ տղամարդը բարձրացավ նստած տեղից, սեղանից վերցրեց իր բաժակն ու շիշը և, սիգարը ատամների արանքում սեղմած, ասաց.
- Թույլ կտա՞ք ձեզ մոտ նստել,- և հրավերի չսպասելով, հանգիստ տեղավորվեց Մայքլ Վիլյամսի դիմաց։

- Ինձ անվանում են Ջեք Բարթոն։ Ի միջի այլոց, այսօր երեկոյան երևի անձրև է գալու...
- Անձրև՝ չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ այսօր ձյուն չի գալու... Իսկ ինձ անվանում են Մայքլ Վիլյամս կամ, պարզապես՝ Մայք։
- Ես հաճախ եմ լինում այս սրճարանում,- ամրակազմ տղամարդը հոգնած նայեց անորոշ ինչ-որ կետի։- Ամեն ինչ ունեմ՝ փող, տուն, ավտոմեքենա, կին, երեխաներ, ամառանոց, ձիեր և սիրուհիներ... Բայց ձանձրանում եմ։ Երբ բոլորից հոգնում եմ, գալիս եմ այստեղ, միայնակ նստում, ինչ-որ հեղուկներ լցնում իմ մեջ՝ մինչև ավելի եմ հոգնում ու ձանձրանում...

- Ձեզ համար բրենդի լցնե՞մ։
- Չի խանգարի, շնորհակալություն... Հետո գնում եմ տուն, շորերով մեկնվում մահճակալին և քնում մինչև հաջորդ կեսօր...
- Վատ զբաղմունք չէ,- Մայքլ Վիլյամսը ժպտաց։
- Չէ, մի՛ ծիծաղեք, իսկապես ես հիմար չեմ, իսկ մի ժամանակ, կարծում եմ, նույնիսկ ազնիվ եմ եղել... Ես լսում էի ձեր զրույցը։ Սկզբում հենց այնպես, երբ մոտերքում, ասենք, ռադիո է միացված, ձեր խոսքերը պարզապես հասնում էին ինձ։ Ցանկացա վեր կենալ և ձեզնից հեռու, մի ուրիշ տեղ նստել, բայց ծուլացա... Նա ձեր սիրուհի՞ն էր...

- Ես չէի ուզում դա խոստովանել նրա ամուսնուն,- Մայքլ Վիլյամսը մի պահ լռեց։- Այն ժամանակ սա դեռ ծանոթ չէր աղջկան... Մի տարուց ավելի է ես նրան չեմ տեսել։ Նա արդեն իր ընտանիքն ունի...
- Ես էլ նույնը կանեի, չնայած այդ աղջիկը երևի արժանի չէ նման մեծահոգության... Բայց դուք ճիշտ եք, այսօր հաստատ ձյուն չի գալու։
- Թերևս անձրև էլ չի գալու։
- Ես էլ եմ այդպես կարծում։

- Դեռ երբեք այսպիսի զգացողություն չեմ ունեցել։ Ինչ-որ մեկին խղճում եմ, բայց դեռևս չգիտեմ, թե ում։
- Ինձ հետ էլ է նման բան պատահել. ուզում էի ինչ-որ մեկին սպանել, բայց դեռևս չգիտեի, թե ում։ Գիտեմ, որ մի օր այդ հարցը դարձյալ ծառանալու է իմ առջև, և ես վերջնականապես պիտի լուծեմ այն,- ամրակազմ տղամարդը բարձրացրեց բաժակը։- Ձեր կենացը, Մայք։ Կարող է՝ մենք էլի հանդիպենք, կարող է՝ այլևս չհանդիպենք իրար, բայց դա կարևոր չէ։ Վերջին երկու-երեք տարում դուք միակ մարդն եք, ում հետ բոլորից հոգնած ծերուկ Ջեքը բաժակ է զարկում։
- Շնորհակալություն, Ջեք։ Ձեր կենացը։
Մայիս, 1989 թ




ԱՄԵՆԱԹԱՆԿԸ

Ես երիտասարդ էի և ունեի շատ երազանքներ։ Ես ուզում էի ամեն ինչ իմանալ և ամեն ինչ ունենալ։ Ես կարծում էի, թե կարող եմ ձեռք բերել աշխարհում ամենաթանկը, բայց չգիտեի, թե ինչն է ամենաթանկը։ Ես երիտասարդ էի և անհոգ, ու մտածում էի, թե մահն ինձ համար բացառություն կանի։ Եվ մի օր որոշեցի պարզել, թե որն է ամենաթանկ բանն աշխարհում։ Ես որոշեցի ձեռք բերել այդ ամենաթանկը։

Փողոցում մի օր ես հանդիպեցի հնամաշ շորերով միջին տարիքի մի տղամարդու։ Նրա աչքերը շատ հոգնած էին, իսկ դեմքին անսահման տխրություն կար։ Ես մտածեցի, որ հաստատ կիմանա, թե ո՞րն է ամենաթանկ բանն աշխարհում։
- Ամենաթանկ բա՞նը,- նրա հոգնած աչքերը մի վայրկյան պայծառացան։- Աշխարհում ամենաթանկ բանը փողն է։ Եթե դու փող ունենաս, մնացյալ ամեն ինչ կարող ես փողով ձեռք բերել։

Հետո ես գնացի մի բանկի տնօրենի մոտ և հարցրի.
- Ճի՞շտ է, որ աշխարհում ամենաթանկ բանը փողն է։
- Փողը միայն թուղթ է, երիտասարդ։ Այն երբեմն այնքան է արժեզրկվում, որ նրանով մի լուցկի անգամ չես կարող գնել։ Ամենաթանկն աշխարհում ոսկին է։ Այն երբեք չի փոխվում...

- Ճի՞շտ է, որ աշխարհում ամենաթանկ բանը ոսկին է,- հարցրի մի հարուստի։
- Ոսկին մետաղի կտոր է,- ասաց նա։- Ոսկով դու շատ բան կարող ես գնել, բայց ո՛չ ամեն ինչ։ Ես փող ու ոսկի շատ ունեմ, բայց երեկ կորցրի աշխարհում ամենաթանկն ինձ համար՝ իմ մորը։ Մայրական սերն է ամենաթանկ բանն աշխարհում։

Ես գնացի տուն և մորս սեղմեցի կրծքիս։
- Մայրիկ, ես արդեն գիտեմ, թե ինչն է աշխարհում ամենաթանկը։ Դա Մայրական սերն է։ Դու ես ամենաթանկը։
Մայրս շոյեց գլուխս և տխուր ասաց.
- Զավակս, կանցնեն տարիներ, և ես չեմ լինի։ Բայց դու ոչ մի տեղ չես գնա այն երկրից, ուր ծնվել ու մեծացել ես։ Այն երկրից, որտեղ քո բոլոր նախնիներն են ամփոփված։ Այդ ամենը Հայրենիքն է։ Ամենաթանկն աշխարհում Հայրենիքն է։

Ես դուրս եկա քաղաքից, բարձրացա ամենաբարձր լեռան կատարն ու, նայելով անծայրածիր դաշտերին և նրանց թիկունքում հպարտ ու վես կանգնած սարերին, գոչեցի.
- Հայրենիք, ես քեզ սիրում եմ։ Դու ամենաթանկն ես աշխարհում։
- Ամենաթա՜նկն աշխարհում,- արձագանքեցին լեռները։- Ամենաթանկն աշխարհում Սերն է, հանուն որի մարդիկ չեն խնայում ոչ մի հարստություն՝ ո՛չ փող, ո՛չ ոսկի... Սերը սահմաններ ու Հայրենիք չի ճանաչում։ Սերն ամեն ինչից վեր է...

Ես իջա լեռներից և գնացի սիրած աղջկա մոտ։
- Ես քեզ սիրում եմ,- ասացի,- դու ամենաթանկն ես աշխարհում։
Նա շատ երկար նայեց ինձ ու շշնջաց.
- Արդեն ուշ է, սիրելիս, ես շատ երկար եմ սպասել քեզ։ Մինչ զբաղված էիր ամենաթանկի որոնումներով, դու կորցրիր ինձ և...
- Եվ ի՞նչ...
- Աշխարհում ամենաթանկագինը...

Հանկարծ ես զգացի, որ աշխարհում ամենաաղքատն եմ ես, և նույնիսկ չհարցրի, թե այդ ինչ «ամենաթանկագին» է։ Ես չունեի փող ու ոսկի, մայրս այլևս չկար, իսկ սիրածս արդեն ինձ չէր պատկանում։ Լեռ ու դաշտերն էին մնացել, և ես հոգնած ու տխուր դուրս եկա քաղաքից։
Ես հազիվ բարձրացա մանկությունից ու երիտասարդական տարիներից ինձ ծանոթ լեռան կատարն ու մտածեցի, որ այլևս չարժե ապրել։

- Ի՞նչ է պատահել, տղաս...
Ես գլուխս բարձրացրի և իմ առջև տեսա ձյունաճերմակ մորուքով մի ծերունու։
- Ես կորցրել եմ աշխարհում ամենաթանկը՝ սիրածիս,- ասացի։
- Ո՛չ, տղաս, դու շատ ավելի թանկ բան ես կորցրել, քան կարծում ես։ Դու կորցրել ես ժամանակը։

- Ժամանակը՞,- զարմացա ես,- գրողը տանի, բայց ես դրա մասին ոչինչ չգիտեի։
- Ժամանակն ամենամեծ հարստությունն է։ Դա քո անհոգ մանկությունն է և երազուն երիտասարդությունը։ Դա քո մայրն է, սիրա՜ծը...
- Ես երբեք չեմ մտածել ժամանակի մասին։
- Մարդիկ տարիներ շարունակ փող ու հարստություն են կուտակում, որն իրենց այնքան էլ պետք չէ և, միաժամանակ, քամուն են տալիս ամենամեծ ու ամենաթանկ հարստությունը՝ ժամանակը... Սկզբում դու ամեն ինչ ունեիր, բայց երբ ցանկացար ձեռք բերել ավելին, կորցրիր նաև այն ամենը, ինչ ունեիր։
- Ես այլևս չեմ ուզում ապրել,- ասացի։

- Դու դեռ ժամանակ ունես, որդիս,- ծերունին ձեռքը դրեց ուսիս,- գնա, գնա ապրիր և արարիր։
- Իսկ հետո՞...
- Հետո,- ծերունին տխուր նայեց ինձ,- հետո արդեն՝ վերջ։
Երբ արդեն բավականին հեռացել էի ծերունուց, շատ հեռվից լսեցի նրա ձայնը.
- Հետո դու չես լինի, բայց կշարունակես ապրել քո Ստեղծածի մեջ...
Ես շրջվեցի, որ հարցնեմ՝ «Իսկ եթե չհասցնեմ...»։
Ծերունին այլևս չէր երևում...
Ապրիլ, 1998 թ.




ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Սովորում էի չորրորդ դասարանում։ Իններորդցի եղբայրս սիրահարվել էր մեկին։ Իմ կարծիքով, նա մի երևելի բան չէր, բայց, չգիտեմ ինչու, եղբայրս խելքը թռցնում էր այդ աղջկա համար։ Նրան տեսնելիս լոլիկի պես կարմրում էր և կորցնում խոսելու ընդունակությունը։

Եվ մի օր էլ լուսանկարչական իր ապարատը տվեց ինձ ու խնդրեց կադրերն օգտագործել միայն նրան նկարելու համար։
- Չէ՜ մի,- ասացի,- նա ո՞վ է, որ ամբողջ օրը ետևից քարշ գամ։ Ուզում եմ ընկերներիս էլ նկարել։

- Քո գործը չի,- եղբայրս այնպես նայեց ինձ, որ հասկացա՝ այդ պահին առարկելն իմաստ չուներ։- Եթե բոլոր կադրերը լավ ստացվեն, քեզ համար ամեն օր պաղպաղակ եմ գնելու,- իմ հետևից հայտարարեց նա։
Ես, իհարկե, կատարեցի եղբորս խնդրանքը և երեկոյան կողմ նրան վերադարձրի լուսանկարչական ապարատը։

Ողջ օրը ասես այդ պահին էր սպասում։ Երկյուղածությամբ, ինչպես սուրբ մասունք, սկզբում հանեց ժապավենը, հետո ամենայն բծախնդրությամբ ձեռնամուխ եղավ այն երևակելու արարողությանը։ Մի կողմ քաշված, հրճվանքով հետևում էի նրա շարժումներին։ Նա այնպես էր քրտնել, ասես, կատարելիս լիներ աշխարհում ամենակարևոր գործը...
Վերջապես հանեց ժապավենը, խնամքով կախեց լվացքաթոկից և, աչքերը չռած, կադր առ կադր սկսեց նայել իր գեղեցկուհու համայնապատկերին։ Կաս-կարմիր կտրած նրա դեմքը աստիճանաբար սկսեց կապտել ու մռայլվել։ Վզի երակները կամաց-կամաց սկսեցին ուռչել։ Նախազգուշության համար, համենայն դեպս, մի քանի քայլ ետ քաշվեցի։

Եղբայրս ոռնոցի պես ինչ-որ ձայն արձակեց, ձեռքի ժապավենը մի կողմ նետեց և կատաղած ընկավ իմ հետևից։ Ես արդեն սպասում էի դրան և այնպես պուկ եկա, որ եթե որսի շուն էլ արձակեր հետևիցս, հազիվ կարողանային ինձ բռնել։ Մինչև գյուղի ծայրը իմ հետևից վազելուց հետո նա անզոր մեկնվեց ճանապարհին և սկսեց կատաղածի պես թավալվել։
Հեռվում մի ապահով տեղ թաքնվելով, ես լսում էի նրա ձայնը.
- Ապու՛շ... անասո՛ւն, դու միայն ոտքերն ես նկարել... Գոնե մի կադր դեմքը նկարեիր, բարբարոսի մեկը...
- Է՜յ, էդ չղջիկի համար ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել,- իմ թաքստոցից բղավեցի ես։- Դե նրա մոտ ամենագեղեցիկը ոտքերն էին, ես էլ ոտքերն եմ նկարել։ Եվ հետո՝ քեզ մի քիչ տղամարդու պես պահիր... Պա՜հ, դմբո սիրահա՜ր...

Երկու տարի հետո եղբայրս նշանվեց, բայց չհասցրեց ամուսնանալ. նահատակվեց Մարտակերտի ազատագրության ժամանակ։
Տարիներ անցան։ Ես էլ սիրահարվեցի, և երբ առաջին անգամ, լուսանկարչական ապարատը ձեռքիս, պատրաստվում էի լուսանկարել ինձ համար աշխարհի ամենալավ աղջկան, հանկարծ հիշեցի հեռավոր այն օրն ու եղբորս առաջին և վերջին սե՜րը...
Երեկոյան, երբ եղբորս պես երկյուղածությամբ երևակում էի լուսանկարչական ժապավենը, ամեն ինչ կտայի, որ Այն օրը նորից կրկնվեր, և ես ուղղեի իմ սխալը...
1996 թ.




ԵՍ ՄԻ ԸՆԿԵՐ ՈՒՆԵԻ...

Ես մի ընկեր ունեի։ Երբ ինչ-որ բան էր պետք լինում, ես հիշում էի նրան, և նա օգնում էր ինձ։ Տեղս նեղ էր լինում, ես չէի հասցնում օգնություն կանչել. նա հասնում և փրկում էր ինձ։
Նոր բնակարան ստացա, օգնող էր պետք՝ նա եկավ։ Ձմռան մի օր սայթաքեցի, ընկա և ձեռքս ջարդեցի. նա ինձ հիվանդանոց հասցրեց...

Հետո պատերազմ եղավ։ Նա կամավորական ջոկատ կազմեց և գնաց Հայրենիքը պաշտպանելու։ Հրետակոծությունից վնասվեց նաև մեր տունը։ Հաջորդ օրը նա եկավ, մերոնց տեղափոխեց իրենց մոտ և նորից մեկնեց ճակատ։ Մի քանի անգամ վիրավորվեց, բայց զենքը ցած չդրեց։

Հետո խաղաղություն հաստատվեց։ Մարդիկ կամաց-կամաց բուժել սկսեցին պատերազմի վերքերը։ Երբ մեր բնակարանը վերանորոգում էինք, նա դարձյալ իմ կողքին էր։
Այնուհետև ես պաշտոն ստացա և շատ քիչ էի նրան տեսնում։ Հաճախ մոռանում էի նրան, ժամանակ չէր լինում նրան հիշելու, բայց երբ ինչ-որ բան էր պետք լինում ինձ, նա դարձյալ իմ կողքին էր լինում։

...Ես արդեն կարևոր մարդկանց հետ էի նստում-վերկենում, և իմ տեսադաշտից պարզապես դուրս էր մնացել նա՝ իմ ընկերը։ Ես արդեն մոռացել էի նրան, որովհետև վատ չէի ապրում և այլևս ուրիշի օգնության կարիքը չունեի։ Ես ինքս կարող էի ուրիշներին օգնել։

Անցան տարիներ։ Մի օր լուսանկարչական մեր ալբոմը նայելիս, փոքրիկ աղջնակս ինձ մեկնեց մի լուսանկար ու ասաց.
- Ո՞վ է քեզ հետ նկարված այս քեռին։
Իմ հին ընկերն էր նա։ Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ այլևս չի հիշում ինձ,- մտածեցի և մի օր ծառայողական իմ ավտոմեքենայով գնացի նրանց տուն։ Դուռը ծեծելիս միայն հասկացա, որ ես ընդամենը տան տեղը գիտեի։ Ես երբեք չէի եղել նրանց տանը։

Դուռը բացեց հնամաշ շորերով, ժամանակից շուտ ծերացած մի կին՝ մայրը։ Ես ներս մտա և ապշեցի. աղքատիկ ու խարխուլ մի տուն էր այն։ Մեր բնակարանը հրետակոծված վիճակում շատ ավելի լավ տեսք ուներ։
- Գևորգը,- մայրը հոգնած ու մշուշված աչքերը հառեց ինձ,- Գևորգը հիվանդանոցում է... Արդեն երեք ամիս է։ Երկու անգամ վիրահատել են...
Ես բռնեցի հինավուրց պահարանից, որ չընկնեմ։ Պահարանը խուլ ճռճռաց, բայց պահեց ինձ։ Երերալով դուրս եկա և ինձ մի կերպ ավտոմեքենայի մեջ գցեցի։

Հիվանդանոցի ծանր դեղահոտը խփեց դեմքիս։ Ես բացեցի հիվանդասենյակի դուռը, նա տեսավ ինձ և... չճանաչեց։ Բժշկին ասացի, որ կօգնեմ Երևան տանել։
- Անօգուտ է,- ասաց,- իսկ ձեր ինչն է նա...
- Իմ հին ընկերը,- ասացի և պատմեցի, թե ինչեր է արել նա ինձ համար։
- Հին ու նոր ընկեր չի լինում,- ասաց ալեհեր բժիշկը։- Ընկերն ընկեր է։ Ընկերությունը սիրո նման է։ Իսկական ընկերությունը նույնպես փոխադարձ պիտի լինի...

Նա այլևս ոչինչ չասաց։ Ծխախոտ վառեց, շրջվեց ու գնաց։
Պայծառ ու շոգ էր օրը, բայց շուրջբոլորս մութ էր ասես ու խավար, և այդ խավարում ես ինձ զգում էի որպես չնչին ու խղճուկ մի սև կետ...
Հունիս, 1998 թ.




ԾԱՂՐԱԾՈՒՆ

Վարժեցրած շներով համարն ավարտվեց։ Արիստոկրատուհու պահվածքով, միջին տարիքի արտիստուհին գլուխ տվեց և, հանդիսատեսների ծափողջույնների ներքո, թողեց մանեժը։ Մինչ կրկեսի բանվորները ակրոբատների համար կնախապատրաստեին պտտաձողերն ու ցատկահարթակները, վարագույրը թափով բացվեց և, գլուխկոնծի տալով, մանեժում հայտնվեց ծաղրածուն՝ ձեռքին սովորական մեծության գեղեցիկ մի տիկնիկ։ Դահլիճը թնդաց ծափերից։

Ոչ մի ուշադրություն չդարձնելով իր շուրջ աշխատող մարդկանց, տիկնիկը գրկած, նա ձեռքերով փորձում էր հանդիսատեսներին հասկացնել, որ չաղմկեն՝ տիկնիկը քնած է։ Մարդկանց լռեցնելու նրա անզոր շարժումներից դահլիճը ծիծաղից պայթեց։ Եվ ահա, տիկնիկն «արթնացավ»։ Ծաղրածուն նրան գլխից վեր պարզած, մարմնամարզական գործիքները կարգի բերող բանվորներին չնկատելով, այնպես սահուն էր պտույտներ գործում նրանց շուրջ և ինքնամոռաց պարում, ասես աշխարհում ինքն էր միայն ու գլխից վեր պարզած իր տիկնիկը։

Ծաղրածուի համատարած այդ ուրախությունը համակել էր բոլորին։ Ուրախ ու աշխույժ ծափահարում էին ոչ միայն երեխաները, այլև մեծերը։ «Բայց որքա՜ն ուրախ ու երջանիկ ծաղրածու է»,- ամուսնու կողը ցնցելով, ասաց մի գեր կին։ Սակայն հանկարծ տիկնիկն ընկավ ծաղրածուի ձեռքից։ Դահլիճը նորից թնդաց ծիծաղից։ Ծաղրածուն, որ ասես ամպերի վրայով սահելիս լիներ, ինչպես կինոնկարի անսպասելի կանգնեցված կադր, քարացավ տեղում՝ հայացքը գետնին ընկած տիկնիկին։

Հետո նա դանդաղ ծունկ չոքեց տիկնիկի մոտ և ականջը դրեց նրա կրծքին՝ իբր սրտի զարկերը լսելու։ Դահլիճում կրկին ծիծաղի ալիք պայթեց։ Ծաղրածուն զույգ ձեռքը դեպ վեր տարածեց և նրա աչքերից, ինչպես ցայտաղբյուրից, արհեստական արցունքներ շատրվանեցին։
Երեխաներն ու մեծերը, փորները բռնած, ծիծաղում էին։ Ծաղրածուն գլխիկոր, գետնից վերցրեց տիկնիկը, սեղմեց կրծքին և, հաջորդ, ակրոբատների համարը հայտնել պատրաստվող կոնֆերանսյեի կողքով շարժվեց դեպի վարագույրը։ Առաջին շարքում նստած 4-5 ամյա փոքրիկ մի աղջնակ, որ շատ մոտ էր գտնվում ծաղրածուին, նստած տեղից վեր թռավ ու, ընդհանուր ծափողջույնների մեջ հազիվ լսելի, բացականչեց.
- Մայրիկ, նայի՜ր, նա իսկապես լալիս է...

Ծաղրածուն լսեց այդ ձայնը, մի պահ քարացավ տեղում և շրջվեց դեպի աղջիկը։
- Մայրիկ, նայի՛ր, բայց նա լալիս է, ինչո՞ւ են բոլորը ծիծաղում... Տե՛ս, նա իսկապես լալիս է...
- Դե լավ, ախր նա ինչպե՞ս կարող է լալ, նա ծաղրածու է,- ասաց մայրը։
Դահլիճը դեռ թնդում էր ծափերից։ Ծաղրածուն կրկին փորձեց շարժվել դեպի վարագույրը, բայց հանկարծ սայթաքեց թե հավասարակշռությունը կորցրեց և իր տիկնիկով ծիծաղելիորեն թրմփաց գետնին։ Դահլիճում ծիծաղի նոր ալիք բարձրացավ։ Կոնֆերանսյեն անհանգիստ նայեց ծաղրածուի կողմը և ատամների արանքից կամաց նետեց.
- Դե վերջացրո՛ւ, հաջորդ համարն եմ հայտարարում։

Ծաղրածուն շարունակում էր պառկած մնալ, իսկ դահլիճը թնդում էր ծափերից։
- Վե՛ր կաց, խելառ, համը հանում ես,- վարագույրի հետևից ասաց շիկահեր մի գլուխ։
Միաժամանակ, հայտարարելով հաջորդ համարը, կոնֆերանսյեն կամաց մոտեցավ և, իբր պատահմամբ, ոտքով բոթեց ծաղրածուի կողը.
- Գրողը տանի, վե՛ր կաց, դա արդեն սարսաղություն է...
Վերջինս, սակայն, շարունակում էր պառկած մնալ։ Կրկեսի երկու բանվոր մոտեցան և, քարշ տալով, ծաղրածուին տարան կուլիսների հետևը։ Դահլիճը դեռ շարունակում էր ուրախ ծափահարել։
- Մայրիկ, բայց նա իսկապես լալիս էր,- վերջին անգամ փորձեց մորը համոզել նույն աղջնակը, սակայն մայրն այլևս չէր լսում նրան։

Մանեժ դուրս եկան ակրոբատները։ Դահլիճն աստիճանաբար հանդարտվեց։ Հանդիսատեսներից ոչ ոք չիմացավ, որ մի քանի րոպե հետո կրկեսի շենքի մոտ «Շտապ օգնության» ավտոմեքենա կանգնեց։ Ակրոբատներից բացի, կրկեսի բոլոր աշխատողները հավաքվել էին ծաղրածուի շուրջ։
- Բայց դա, դա անհնարին է,- բժշկին փորձում էր համոզել կրկեսի տնօրենը,- ախր նա չի կարող մեռնել, նա... նա ծաղրածու է, հասկանո՞ւմ եք...
- Հասկանում եմ ձեզ, բայց արդեն ուշ է։ Մենք ոչինչ չենք կարող անել,- ասաց բժիշկը։
- Աստված իմ,- կրկեսի տնօրենը զույգ ձեռքով բռնեց գլուխը,- աստված իմ, սա ի՞նչ բան է...

Նույն հարցն ու զարմանքն էր նաև պատգարակի վրա պառկած ծաղրածուի շուրջ հավաքված կրկեսի մյուս բոլոր աշխատողների դեմքին։
- Պետք է հայտնել նրա հարազատներին,- ասաց մեկը։
Կանգնածների միջից դուրս եկավ ծեր մի մարդ՝ կրկեսի ձիապանը, դանդաղ չոքեց ծաղրածուի մոտ, մատներով կամաց փակեց նրա աչքերն ու ասաց.
- Էս յոթ տարում, ինչ նա աշխատում էր մեզ մոտ, միայն ինձ հետ էր մտերիմ... Նա ոչ ոք չունի, ոչ ընկեր, ոչ բարեկամ։ Կինն ու երեքամյա աղջիկը ութ տարի առաջ էին ավտովթարից մահացել։ Ինքն էր միայն հրաշքով փրկվել...

Ցավի ու տխրության մի ծանր ալիք անցավ կանգնածների վրայով։
- Խե՜ղճ տղա,- հառաչեց շնիկներ վարժեցնող կինը,- բայց նա ինչպե՞ս էր ապրում...
- Իսկ նա չէր ապրում,- ասաց ծեր ձիապանը,- նա ծիծաղեցնում էր մարդկանց...
Վարագույրի մյուս կողմից ծափեր լսվեցին։ Ակրոբատներն ավարտեցին իրենց ելույթը։
Հուլիս, 1998 թ.




ՀԱՐՍԱՆԻՔ

Դրսում մանր ձյուն է մաղում։ Հարսանքատնից աշխույժ երաժշտություն է սփռվում դեկտեմբերյան սառն օդում, որն ընդմիջվում է թամադայի բարձրախոսից թնդացող բաժակաճառերով։

Հարսանքատանն ազատ նստատեղ չի մնացել, բոլոր աթոռները զբաղեցված են։ Դահլիճում ևս ցուրտ է, գրեթե բոլորը տաք են հագնված, բայց, չնայած ցրտին, տիրում է զվարթ տրամադրություն։ Ողջ դահլիճում միայն հարսն է թեթև հագնված։ Ճերմակ ու փետուրի պես թեթև հարսնազգեստից բացի ոչինչ չկա նրա հագին։

Նորապսակներից շատ հեռու, դահլիճի հակառակ ծայրում 16-17 տարեկան մի տղա էր նստած և ամբողջ ժամանակ աչքը չէր կտրում երջանիկ զույգից։ Հարսը նրա հոր ընկերոջ դուստրն է, բայց ինքը երբեք մոտիկից չի տեսել վերջինիս։ Հայրը վատառողջ էր, բայց չէր կարող չներկայանալ ընկերոջ աղջկա հարսանքին: Եվ ինքը, ահա, ընկերակցել է հորը։

Հեռվից տղան չէր կարողանում որոշել՝ գեղեցի՞կ է հարսը, թե՞ ոչ։ Վերջինս տղայի տեսադաշտից մերթընդմերթ անհետանում է. նորապսակների սեղանի ու հարսանքավորների սեղանների միջև բացված ՙպարահրապարակում՚ կիսահայկական-կիսաարևելյան, երբեմն էլ կովկասյան լեռնականների աշխույժ ու խրոխտ շարժումներով պարողները փակում են տղայի տեսադաշտը, սակայն նա կարողանում էր նկատել, որ փեսան մեկ-մեկ ինչ-որ բան է շշնջում հարսի ականջին, իսկ վերջինս մեղմ ժպտում է։

Տղայի աջ թևում մի երիտասարդ էր նստած, որ գրեթե ոչ մի կենաց բաց չէր թողնում։
- Շարունակ հարսի կողմն ես նայում։ Այդ ի՞նչ ես մտածում,- տղայի թևը բոթեց երիտասարդը։
- Մտածում եմ, որ եթե ես լինեի նրա, փեսայի տեղ, հավանաբար կթքեի կամերան ձեռքին, կարևոր-կարևոր տեսքով ասես կինոֆիլմ նկարող այդ օպերատորի ու բոլոր ձևականությունների վրա, բաճկոնս կհանեի և կգցեի հարսի մեջքին։ Ողջ դահլիճում ոչ ոք նրա պես թեթև չի հագնված... Բայց անընդհատ դուք էլ եք նայում հարսի կողմը։

- Է՜հ,- երիտասարդը ձեռքը թափ տվեց, հետո քթի տակ թեթև ժպտաց,- իսկ գուցե փեսային կամ պարողներին եմ նայում... 
- Հարսին ճանաչո՞ւմ եք...

- Ինչո՞ւ չես խմում,- հարցրեց երիտասարդը։
- Ընդհանրապես, ես չեմ խմում,- ասաց տղան։

- Ընդհանրապես, ես էլ չեմ խմում, բայց այսօր խմում եմ։
- Իսկ այսօր ի՞նչ օր է։

- Հարսանիք է,- երիտասարդը թույլ ժպտաց ու դատարկեց հերթական բաժակը։
- Իսկ դուք ճանաչո՞ւմ եք հարսին,- տղան կրկնեց իր հարցը։
- Մի հինգ-վեց բաժակից հետո հարցնես՝ գուցե պատասխանեմ։ 

Տղան մտածեց, որ երիտասարդը թերևս ինչ-որ բան գիտե, որ աշխարհում ուրիշ ոչ ոք չգիտե։ Հետո մտածեց, որ իր տեսած բոլոր աղջիկները ճերմակ հարսնազգեստի մեջ զարմանալիորեն միշտ գեղեցիկ են երևում։ Նա փորձում էր հասկանալ՝ ի վերջո, հարսը ուրա՞խ է, թե՞ տխուր, բայց դահլիճի հակառակ ծայրից տեսնում էր միայն, որ նա մերթընդմերթ ժպտում է փեսայի շշնջոցներից։ Ըստ երևույթին, վերջինս ինչ-որ կատակներ է անում կամ ռեպլիկներով զվարճացնում աղջկան։

Երիտասարդի հետ իր զրույցից հետո առնվազն յոթ-ութ կենաց էր ասվել, և տղան կրկնեց հարցը.
- Հարսին ճանաչո՞ւմ եք...

Երիտասարդը մշուշված հայացքով նայեց տղային, հետո պարողների գլխավերևով ասես գտավ հարսի հայացքը և դանդաղ ասաց.
- Չգիտեմ... Քեզ չի՞ թվում, որ օղին շատ թույլ է...

- Չգիտեմ, ես չեմ խմում։ Բայց թամադան և շատերը, երևում է, որ հարբել են...
- Երևի հարբելն էլ շնորհքի բան է,- ասաց երիտասարդը և թափվելու աստիճան լցրեց բաժակը։

Դրսում ձյունն ավելի էր սաստկացել։ Ողջ աշխարհը կարծես ծածկվել էր ճերմակափրփուր ու եթերային հարսնազգեստով։
Հարսանիքը շարունակվում էր։ 
 Հունվար, 1999 թ.




ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԿՅԱՆՔ

Արցախի ազատության համար
նահատակված հայրենակիցներիս հիշատակին

Հեռվից մերթ խուլ, մերթ երկար դղրդյունի պես լսվում են հրանոթների ու պայթած արկերի որոտները։ Քաղաքը դեռևս լրիվ չի ձերբազատվել պատերազմի վերքերից։ Վիրավորն ու առողջը, մահն ու կյանքը շարունակում են քայլել կողք-կողքի, բայց քանի որ ապրելու տենչն ավելի զորեղ է, քան մոտերքում դավադիր թափառող մահվան ուրվականը, քաղաքում կյանքը շարունակվում է։

18-19 տարեկան մի երիտասարդ է անցնում փողոցով և առաջին անգամ այդ քաղաքում հայտնվածի հափշտակությամբ նայում շուրջբոլորը, այն ամենին, ինչին հնարավոր է նայել՝ շենքերին ու մարդկանց, փողոցով երթևեկող հատուկենտ ավտոմեքենաներին ու պատերազմի թելադրանքով դրանց փոխարինած ձեռնասայլակներին։ Նրա ուրախ տրամադրությունից, աչքերի փայլից և բերանի անկյուններում գծագրված ժպիտից կարելի է կարծել, թե նա ոչ թե անցնում է պատերազմից դեռ նոր-նոր ուշքի եկող կիսավեր քաղաքի փողոցներով, այլ Փարիզի Ելիսեյան դաշտերով կամ հմայվում է ամերիկյան հռչակավոր Դիսնեյլենդով։

Անցնում է երիտասարդը, իսկ նրանից ձախ՝ մայթեզրին, արկի բեկորներից մաղի պես ծակծկված խարխուլ մի կրպակ է՝ ջարդված ապակիներով, աջ կողմում հինգհարկանի մի շենք է, որից հրանոթի փողերի պես դուրս են ցցվել վառարանների տասնյակ խողովակներ։ Հետաքրքրությամբ ու զարմացած, երիտասարդը նայում է այդ ամենին, բայց նրա տեսածը կարծես ոչ թե անապակի ու կիսով չափ անլուսամուտ, կիսամարդաբնակ մի շենք է, այլ անչափ գեղեցիկ ու հիասքանչ արվեստի մի հսկա կոթող։

Նա անցավ փողոցը և կանգնեց բազմաթիվ բեկորներից հոշոտված կրպակի դիմաց, կրպակ, որ տարիներ առաջ լի էր գունավոր ամսագրերով ու տասնյակ թերթերով, բազմագույն գրիչ-մատիտներով ու կյանքով։ Կրպակում, դիմացի դարակներից մեկում ջարդված հայելու մի մեծ բեկոր էր ընկած։ Երիտասարդն իրեն տեսավ նրա մեջ և ուրախ աչքով արեց։ Հետո, նույն ուրախ ժպիտը դեմքին, շրջվեց և շարունակեց ճանապարհը։

Դիմացից միջին տարիքի մի կին էր գալիս՝ աջ ձեռքում ջրով լի դույլ, ձախ ձեռքով 5-6 տարեկան մի տղայի ձեռքից բռնած։ Երիտասարդը կանգնեց նրանց առջև և հին ծանոթի պես թեթևակի շոյեց փոքրիկի գանգուրները։ Կինը զարմացած նայեց երիտասարդին, իսկ վերջինս ջրով լի դույլը ցույց տալով, ասաց.
- Թույլ տվեք, օգնեմ...
- Արդեն հասել ենք, այս շենքում եմ ապրում,- ժպտալով ասաց կինը։- Շնորհակալություն...

Հետո նա եղավ քաղաքի կենտրոնում, հրապարակից դեպի աջ թեքվելով, գլխավոր պողոտայով իջավ մինչև քաղաքի մյուս ծայրը, և երբ Թումանյանով վերադառնում էր տուն, գարնան արեգակն արդեն անցել էր դեպ մայրամուտ տանող իր ճանապարհի կեսը։ Զբոսանքի այդ մի քանի ժամերի ընթացքում զգալիորեն հոգնել էր նա, սակայն աչքերի փայլն ու զվարթ տրամադրությունը մնացել էր նույնը։

Երբ մոտենում էր իրենց տանը, դիմացի մայթին գեղեցիկ մի աղջիկ էր կանգնած և, թերևս, սպասում էր ընկերուհուն։ Երիտասարդը հատեց փողոցը և, աղջկա կողքով անցնելիս, մտերիմի պես աչքով արեց ու մեղմ ժպտաց։ Աղջիկը մի պահ շփոթվեց, բայց նրա ուրախ տեսքից քաջալերված, ինքն էլ ժպտաց։ Երիտասարդը մի ակնթարթ կանգնեց, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց անսպասելի այդ հանդիպումից շփոթված, ինքն էլ չգիտեր, թե ինչ պիտի ասեր։ Հետո կրկին հատեց փողոցը և շարժվեց դեպի տուն։

- Ո՞վ է այն տղան,- բացվող դռան ճռռոցից շրջվելով, ընկերուհուն հարցրեց աղջիկը։- Այնպես ուրախ է, կարծես աշխարհի ամենաերջանիկ մարդն է...
- Հա՜, Արմենն է,- ասաց ընկերուհին։- Այն կապույտ դռնով տանն է ապրում։ Ինքն է և իր մայրը։ Հայրը Շարժումից առաջ է մահացել, ավագ եղբայրը զոհվել է Շուշիի ազատագրության ժամանակ։ Տասնվեց տարեկանից ինքն էլ էր կռվում։ Մի քանի անգամ վիրավորվել է, ուղեղի ցնցում ստացել... Վերջին անգամ երբ վիրավորվել էր, ոչ ոք հույս չուներ, թե կենդանի կմնա։ Տարել էին Երևան... Ասում են՝ տասնյակ բեկորներ են հանել մարմնից... Մի քանի օր առաջ է վերադարձել...

Երիտասարդն արդեն իրենց տան մոտ էր։ Ձեռքը տարավ դռան բռնակին, բայց ասես ինչ-որ բան հիշելով, աչքերը փակեց և, դանդաղ շրջվելով, լույսից և ջերմությունից փորձեց որոշել արևի սկավառակի տեղը։ Երբ կարծես որոշել էր, աչքերը միանգամից բացեց, և արեգակի շողերը հազարավոր ասեղների պես հաճելիորեն ծակծկեցին աչքերը։ Թեթև ջրակալած աչքերով երբ նայեց փողոցի մյուս կողմում կանգնած երկու աղջիկներին, նրան թվաց, թե վերջիններս մեղմորեն լողում են վարդագույն մշուշի մեջ, և այն աղջկանից այնպիսի մի հզոր լույս է ճառագայթում, ինչպես արեգակից։

Երիտասարդը հիշեց, որ ինչ-որ բան էր ուզում ասել այդ աղջկան։ Այժմ արդեն գիտեր, թե ինչ էր ուզում ասել, բայց այդ ամենը բառերով հիմա էլ չէր կարող վերարտադրել, որովհետև այն, ինչ ինքը պիտի ասեր, իր մեջ է, իր ներսում։ Նա պիտի ասեր, որ ինքը սիրում է այս տունը, որտեղ ծնվել և մեծացել է, այս բակն ու փողոցը, ուր խաղացել է մանկության տարիներին, կիսով չափ ավերված, բայց հարազատ այս քաղաքը, մարդկանց, զոհված իր ընկերներին և ավագ եղբորը, մարտական իր ընկերներին և մյուս մայթին կանգնած գեղեցիկ այդ աղջկան ու նրա ընկերուհուն, ժամանակից շուտ ծերացած իր մորն ու աչքեր ծակծկող այս արեգակը և, ընդհանրապես, սիրում է այն ամենը, ինչ կա արեգակի ներքո...

Ընկերուհու հետ դիմացի մայթին կանգնած աղջիկը կարծում էր, որ մյուս օրը նույնպես կհանդիպի երիտասարդին։ Նա ամենևին չգիտեր, որ ինքը վերջին անգամ է տեսնում նրան, որովհետև այդ մյուս օրվա առավոտյան երիտասարդը կրկին կմեկնի իր մարտական ընկերների մոտ։
Աշխարհում 1994-ի գարունն էր։ Մինչև մեծ զինադադար մնացել էր մոտ երկու ամիս։ Աշխարհում ապրելու համար երիտասարդին ևս մնացել էր մոտ երկու ամիս։

Իսկ գարնանային այդ օրը հեռվում դեռ որոտում էին հրանոթները։ Կյանքի և մահվան մենամարտը շարունակվում էր։
Հունվար, 1999 թ.




ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Հին պատմություն է սա, վաղուց անցած-գնացած։ Գուցե թե հիշողության մեջ մնալու անարժան, հասարակ ու սովորական մի դեպք է սա, բայց չգիտեմ ինչու հանկարծ հիշեցի ու այնպես պարզ ու հստակ՝ կարծես երեկ է եղել։
Առաջին դասարանում էի սովորում։ Մի օր հայրս փոքրիկ մի արձանիկ բերեց իր հետ և դրեց իր գրասեղանի վերևի աջ մասում։

- Հայրիկ, ո՞վ է այդ մարդը,- հարցրի։
- Վիլյամ Սարոյանն է, աշխարհի ամենամեծ մարդկանցից մեկը։ Մեծ գրող է։
- Իսկ ինչո՞ւ արձանիկն այսքան փոքր է։
- Տղաս, մարդու մեծության մասին դատում են ոչ թե նրա արտաքին չափերով, այլ այն ամենով, ինչ կա այդ մարդու մեջ։ Մարդու հոգի՛ն պետք է մեծ լինի։
- Նա հա՞յ է։
- Հա, բայց դա էական չէ։ Կարևորն այն է, որ նա մեծ գրող է…

Մի շաբաթ հետո ես ու երրորդ դասարանում սովորող իմ եղբայր Արտակը երբ ուսումնասիրում էինք արձանիկը, այն ընկավ և ջարդվեց։ Մենք շատ վախեցանք, որովհետև գիտեինք, որ հայրիկն անչափ շատ է սիրում Վիլյամ Սարոյանին։ Ավելի հարմար բան չգտանք, քան արձանիկի կտորտանքները պահարանի մի անկյունում թաքցնելն է…

- Փոքրիկ, եկ ինձ մոտ,- հաջորդ օրը իր գրասեղանի առջև նստած աշխատելիս, կանչեց հայրս,- որտե՞ղ է Վիլյամ Սարոյանի արձանիկը։
Ես գլուխս կախեցի.
- Չգիտեմ…
- Իսկ ես կարծում եմ, որ գիտես։
- Երեկ Արտակը ձեռքից գցեց և կոտրեց…
- Հը՜մ,- ասաց հայրիկը և, մտախոհ նայելով գրասեղանի թափուր այն մասին, որտեղ արձանիկն էր, շարունակեց,- լավ, գնա…

Սպասում էի, որ նա կպատժի Արտակին, բայց նա ոչ միայն չպատժեց եղբորս, այլև ողջ օրն այլևս ոչինչ չասաց կոտրված արձանիկի մասին։
Այդ գիշեր շատ վատ քնեցի։ Հստակ չգիտեմ՝ երա՞զ էր դա, թե՞ տեսիլ. մեկը եկավ և նստեց մահճակալիս եզրին։ Նա մի քիչ նման էր հորս, մի քիչ՝ Վիլյամ Սարոյանին, բայց ինձ թվում է, որ նա Աստված էր։

- Ինչո՞ւ չես քնում, փոքրիկ,- հարցրեց նա։
- Չգիտեմ…

- Իսկ ես գիտեմ,- ասաց նա։ Հետո մի պահ լռեց և սկսեց խոսել։ Առայսօր հստակ չգիտեմ՝ ի՞նձ հետ էր խոսում, թե՞ ինքն իրեն։- Աշխարհում կան շատ ճշմարիտ բաներ և նույնքան սխալ բաներ։ Դրանցից շատ վեր, աշխարհում կան նաև ճշմարտություններ։ Դրանք ամենաթանկ ու ամենակարևորն են, և չափազանց անպաշտպան ու փխրուն են դրանք։ Երբ ճշմարտությունը խեղաթյուրում են, դրանից ծնվում են բազմաթիվ սխալներ։ Ճշմարտությունը միշտ մեկն է լինում։ Հաճախ այն այնքան մեծ ու հզոր է լինում, որ կարող է մարդ փրկել։ Երբեմն այն կարող է նաև վիրավորել կամ մարդ սպանել… Երբ ճշմարտությունը վիրավորել կամ կործանել կարող է մարդուն, ավելի լավ է այն երբեք չասել…

- Ինչպե՞ս…
- Երբ որևէ մեկը տգեղ է, նրան չպիտի ասել, որ տգեղ է։ Հնարավոր է, որ հոգով նա շատ ավելի գեղեցիկ լինի, քան տասնյակ գեղեցկուհիներ։ Անբուժելի հիվանդին ևս չի կարելի ասել, որ նրան քիչ է մնում ապրել։ Դրանով մենք կոպտորեն կկարճենք այս աշխարհում ապրելու իր բաժին ժամանակը... Կարելի է ասել բազմաթիվ ճշմարիտ բաներ, բայց դրանք միասին վերցրած՝ հնարավոր է մի ճշմարտության արժեք չունենան։ Ճշմարտությունը երբեմն շատ ծանր է լինում։ Այն ասելու համար պետք է ուժեղ լինել։ Ասում են՝ «Ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս»։ Բայց այն երբեմն այնքան ծանր է լինում, որ ընդմիշտ մնում է ջրի տակ…

Հետո նա՝ որ մի քիչ նման էր հորս, մի քիչ՝ Վիլյամ Սարոյանին, բայց ավելի շատ՝ Աստծուն, կամաց բարձրացավ մահճակալիս եզրից, մոտեցավ պատուհանին, վարդագույն վարագույրները թեթևակի հեռացրեց ու սկսեց նայել կապտամութ երկնքի վրա հանգիստ նիրհող աստղերին։ Ինձ թվաց, որ այս անգամ նա արդեն աստղերի հետ է զրուցում։

- Ճշմարտությունը միշտ եզակի է, ինչպես եզակի ու անկրկնելի է յուրաքանչյուր մարդ։ Կես ճշմարտություն չի լինում, ինչպես չի լինում կես մարդ։ Եթե դու չես կարող ասել միակ և ողջ ճշմարտությունը, ապա պետք չէ, որ դու այն ասես կիսով չափ։ Կիսաճշմարտություններից են սկիզբ առնում բոլոր թյուրիմացությունները, որ հաճախ դառնում են մեծ սխալներ։ Կիսաճշմարտությունից կարող է ծնվել նաև դավաճանություն...
Այլևս չեմ հիշում, թե ինչ ասաց նա։ Գուցե ոչինչ չասաց, անաղմուկ ու անձայն հեռացավ՝ ինչպես հայտնվել էր։ Ես արդեն շատ խոր քնած էի։ Այնքան խոր, որ նույնիսկ չեմ հիշում՝ այդ գիշեր այլ երազներ տեսա՞, թե՞ ոչ...

Հաջորդ օրը, երբ հայրս գրասեղանի առջև նստած աշխատում էր, ես կամաց մոտեցա նրան և ասացի.
- Հայրիկ, արձանիկը, ճիշտ է, Արտակն է ձեռքից գցել, բայց մեղավորը ես եմ… Պատահմամբ խփել էի ձեռքին... Ես չէի ուզում արձանիկը ջարդել…
- Գիտեմ…
- Ի՞նչ գիտես,- զարմացա։

- Գիտեմ, որ ո՛չ դու, ո՛չ Արտակը չէիք կարող դիտմամբ ջարդել արձանիկը,- ապա գլուխս շոյելով, շարունակեց,- գիտեմ, որ այսօր դու հանգիստ ես քնելու…
Մի օր հետո հորս գրասեղանին մեծ գրողի և մարդու նոր արձանիկն էր։
Հին պատմություն է սա, վաղուց անցած-գնացած։ Գուցե թե հիշողության մեջ մնալու անարժան, հասարակ ու սովորական մի դեպք։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչու հիշեցի...


Հունվար, 1999-2012 թթ.




ԱՅԴ ՕՐԸ...


Ընկերս դարձյալ այդ աղջկա հետ էր։ Ինչ ծանոթացել էր նրան, շատ էր փոխվել։ Մինչ այդ ես կարծում էի, թե երբ սիրում են մեկին, ավելի ուրախ, ավելի երջանիկ են դառնում և սավառնում են վերևներում։ Ընկերս ոչ ուրախ էր, ոչ տխուր, բայց մի տեսակ այնպիսին էր դարձել, ինչպիսին երբեք չէր եղել։

Աղջիկը, ճիշտ է, գեղեցկուհի չէր, բայց բավականին հմայիչ էր։ Ես ուզում էի հարցնել այդ աղջկա մասին, բայց չգիտեի, թե ինչ հարցնեմ, իսկ ինքը դեռ ոչինչ չէր ուզում ասել։ Հանդիպում էին ոչ շատ հաճախ, բայց հանդիպում էին...
Վերջապես մի անգամ հարցրի աղջկա մասին։
- Է՜հ,- ասաց նա,- մի օր քեզ կասեմ։

Անցան օրեր, ամիսներ։ Նրանք շարունակում էին հանդիպել։ Երբեմն նա զանգում էր ընկերոջս, և նրանք ժամադրվում էին։ Սակայն լինում էին օրեր, երբ ընկերս, չգիտես ինչու, չէր ուզում տեսնել նրան և պատճառաբանում էր, թե կարևոր գործեր ունի, չնայած ոչ մի կարևոր գործ չէր ունենում։

Մի օր ընկերս զանգեց և ասաց, որ ուզում է անպայման տեսնել ինձ։ Տանը հյուրեր կային, և ես նրան ասացի, որ լավ կլինի վաղը հանդիպենք։ Մյուս օրը չկարողացա նրան գտնել։ Հետո, երբ գործուղումից վերադարձա, նրա մատին նշանի մատանի կար։

Անցավ մի ամիս։ Ես կարծում էի, թե այդ օրը նրա ամենաուրախ օրը պիտի լիներ։ Նվագախումբը պար պարի հետևից էր թնդացնում, թամադան հարսանքատնով մեկ քաղցր կենացներ էր սփռում, ամենքն ուրախ էին, բայց ընկերս այնպես էր նստել հարսնացուի կողքին, կարծես ամենևին իր հարսանիքը չէր, ասես փողոցով անցնելիս, իրեն բռնել էին ու նստեցրել այդ աղջկա կողքին։

Գրողը տանի, բայց ախր նրա հետ ինչ-որ բան է կատարվում, մտածեցի։ Հետո, երբ հյուրերի թիվը զգալիորեն նվազել էր, և նոր կենացներ ասելու համար թամադան ծուլանում էր տեղից բարձրանալ, ընկերս մոտեցավ ինձ և, մի կողմ քաշելով, ասաց.
- Այն օրը, հիշո՞ւմ ես, մի ամիս առաջ, որ զանգեցի, անպայման ուզում էի քեզ տեսնել...
- Ինչ-որ բա՞ն է պատահել...
- Քեզ շատ կարևոր բան պիտի ասեի։

- Հիմա ասա՛։
- Հիմա ուշ է,- նա տխուր ժպտաց,- արդեն ուշ է...
- Այնուամենայնիվ, ասա՛, ի՞նչ էիր ուզում ասել։
- Երբ նրա հետ եմ լինում, ասես հարբած լինեմ։ Երբ հեռանում եմ և մենակ եմ մնում, սթափվում եմ ու հասկանում, որ նա ինձնից շատ է հեռու և օտար...
- Հետո՞...
- Ես քեզ ուզում էի ասել, որ ինչ էլ լինի, թեկուզ քեզ կոպտեմ ու վիրավորեմ, երբեք չթողնես նրա հետ ամուսնանամ...

Մնացի ապշած։
- Կատակո՞ւմ ես,- հարցրի, բայց նա չլսեց, ձեռքը թափ տվեց և գնաց զբաղեցնելու իր տեղը հարսնացուի կողքին։

Փետրվար, 1999 թ.



ԿԱՆԳԱՌՈՒՄ


Օրն արդեն մթնել էր։ Ավտոբուսի կանգառում 20-22 տարեկան երկու տղաներ ինչ-որ մեկի մասին զվարճալի պատմություններ են հիշում և բարձրաձայն ծիծաղում։ Նրանցից քիչ հեռու մոխրագույն բաճկոնով մոտ 30 տարեկան մի երիտասարդ էր կանգնած ու երբեմն նայում էր ձեռքի ժամացույցին։

Քիչ հետո կանգառում հայտնվեց չորրորդը՝ գեղեցիկ աչքերով, փոքր-ինչ սապատավոր քթով երիտասարդ մի աղջիկ։
- Հապա մի նրա քթին նայիր,- ընկերոջ կողքը բոթելով, բարձրաձայն ասաց տղաներից մեկը։
Երկրորդը աշխույժ քրքջաց ու դիմեց աղջկան.
- Քույրիկ, քիթդ պրակատով ինձ չես տա՞...

Աղջիկն ամոթից կարմրել էր և, թվում է, ուր որ է լաց կլինի։ Ասես միանգամից աշխարհը նրա համար դարձավ օտար և դաժան։ Մի պահ նա մտածեց ոտքով շարունակել ճանապարհը, բայց միայնակ ճանապարհ գնալու մտքից ավելի վախեցավ և շարունակեց կանգնած մնալ, որովհետև անսպասելիորեն իր մեջ կորցրել էր վստահությունը կիսաամայի այդ փողոցի և ողջ աշխարհի հանդեպ։

Նրանից քիչ հեռու կանգնած բաճկոնով երիտասարդի մեջ էլ ինչ-որ բան կատարվեց։ Սկզբում չէր ուզում հավատալ ականջներին, բայց տղաների նոր քրքիջը նրան վերադարձրեց կիսամութ քաղաքի այն հատվածը, որ կոչվում է կանգառ և ուր իրենից բացի ավտոբուսի են սպասում երկու երիտասարդ ու մի աղջիկ, և երիտասարդները լկտիորեն ծաղրում են աղջկան։
- Ինձ թվում է, որ դուք պիտի ներողություն խնդրեք այդ աղջկանից,- մոտենալով տղաներին, կամաց ասաց երիտասարդը։
- Իսկապե՞ս,- իր կողքին զգալով ընկերոջ ներկայությունը, ինքնավստահ ու ինքնագոհ տեսքով հարցրեց «պրակատով» քիթ խնդրող տղան։

- Չգիտեմ,- բաճկոնի գրպաններում պինդ սեղմելով բռունցքները, հանգիստ շարունակեց երիտասարդը,- ես հիմա, աղջկա ներկայությամբ ոչինչ չեմ անելու, բայց եթե դուք ներողություն չխնդրեք, երդվում եմ, վաղը, մյուս օրը կամ մի շաբաթ հետո, ինչ էլ լինի, որտեղ էլ լինեք, ես փնտրելու և գտնելու եմ ձեզ...

Այնուհետև ավտոբուսում և տանը աղջիկը հիշում էր, թե ինչպես տղաները ներողություն խնդրեցին, հետո ավտոբուս բարձրացավ միայն ինքը, և ոչ վաղը կամ մի շաբաթ հետո, ոչ մի տարի հետո ինքը երբեք չի իմանալու, թե ով էր կիսամութի մեջ կանգնած այն երիտասարդը, որի դեմքն այդպես էլ չտեսավ և այլևս չի կարողանալու շնորհակալություն հայտնել...

Աշնանային սովորական այդ օրը աղջիկը մտածում էր, որ ինքը այդ օրը ինչ-որ բան է կորցրել, միաժամանակ, ինչ-որ բան գտել, բայց դեռ չգիտեր, թե ինչ է կորցրել ու ինչ գտել և, ընդհանրապես, որն է ավելի մեծ՝ կորցրա՞ծը, թե՞ գտածը։
Փետրվար, 1999 թ.