Հոդվածներ և այլ նյութեր՝ տպագրված «Հրապարակ» թերթում
(2010 թ. հոկտեմբեր - 2011 թ. հունիս)
Լրագրողները եղան նաեւ Տիգրանակերտում, որը «մեր հայրենիքը չէ»
Ստեփանակերտում մեկնարկած հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը հոկտեմբերի 14-ին եւ 15-ին շարունակում էր աշխատանքը։ Լրագրողների ելույթներն ամենատարբեր խնդիրների վերաբերյալ էին՝ սկսած Արցախի ու Ջավախքի հիմնահարցերից, վերջացրած Վրաստանի մայրաքաղաքում հայկական դպրոցների փակման, սփյուռքի ազգապահպան ու այլ բազում խնդիրներով։ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն ասաց, որ եթե ուզում ենք օգտակար լինել Ղարաբաղին, ապա առաջին հերթին պետք է հատկապես սփյուռքահայերն ավելի շատ գործնական, կոնկրետ աշխատանք կատարեն։ Մինչ այդ, նկատի ունենալով ելույթների բազմաբղետությունը, նա ասաց, թե ցանկալի կլիներ համաժողովը նախապես ընտրեր մի թեմա եւ ելույթները ծավալվեին դրա շուրջ։
Համաժողովում լրագրողների շուրթերից բազմիցս հնչել են «լրագրողական պատերազմ», «տեղեկատվական պատերազմ» կապակցությունները եւ անմիջապես դրանց հետեւել է այն, որ այդ պատերազմում մենք պարտվում ենք։ Ես փորձեցի պարզել, թե այդ կապակցությամբ ինչ է մտածում հայ լրագրության նահապետներից մեկը՝ «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։
Իմ այն հարցին, թե որն է այդ պատերազմում մեր պարտության պատճառը, վերջինս հայտնեց, թե հիմնականում տարիներ առաջ էինք պարտվում։ «Հիմա ինչ-որ չափով սովորում ենք կռվել։ Բայց դա չպիտի այնպես լինի, որ թուրքերն ինչ-որ բան են ասում, իսկ մենք պիտի արձագանքենք,- ասաց նա։- Մենք տարբեր երկրներում ունենք լրագրողներ, նրանցից ոմանք նաեւ կարեւոր լրատվամիջոցներ ունեն, եւ նրանց պետք է հրավիրել ոչ միայն համաժողովի, զրուցել նրանց հետ, անհրաժեշտ տեղեկություններ տալ, բացատրել՝ առանց միջամտելու նրանց գործին։ Դրանից մենք ավելի մեծ արդյունք կստանանք»։
Սակայն, Հակոբ Ավետիքյանի խոսքով, դա միջոցներից մեկն է։ Երկրորդն այն է, որ որեւէ օտարերկրյա լրագրողի, ասենք, տիկնոջ հետ հրավիրեն… Հետո նա հավելեց, որ մեզանում, ցավոք, նման բան չեն անում, գոնե ինքը նման դեպք չի հիշում։ Մինչդեռ թուրքերն անընդհատ օգտագործում են այդ ձեւը։ «Մի 10 օր լրագրողին պահում են, հնարավոր ամեն ձեւով տարբեր ծառայություններ են մատուցում նրանց, նույնիսկ կին են տրամադրում,- ասաց նա։- Ես չեմ ասում, թե մենք էլ պիտի նույնը անենք։ Պարզապես պիտի ուշադիր լինենք այդ մարդկանց նկատմամբ… Նրանք չեն խորշում նույնիսկ հակառակորդ լրագրողին հրավիրել…»։
Համագումարում կոչ է հնչել առ այն, որ հատկապես սփյուռքի լրագրողները պետք է աշխատանք տանեն ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ։ Իմ այն հարցին, որ միթե լրագրողները պիտի նման աշխատանք տանեն, երբ հայկական արտգործնախարարությունները, իշխանությունները ոչինչ չեն անում այդ ուղղությամբ, «Ազգ»-ի խմբագիրն ասաց, որ բացարձակ ասել, թե «ոչինչ չեն անում», ճիշտ չի լինի։ «Ինչ-որ բան անում են, ավելի ճիշտ՝ ձգտում են անել,- ասաց նա։- Դժբախտաբար, մեր դեսպաններից ոմանք իրենց շահերի համար են աշխատում, բայց, անկախ դրանից, մենք՝ լրագրողներս, շատ կարեւոր գործ ունենք անելու։ Նախ՝ լրագրողներս մեր ասպարեզի մարդկանց հետ կապ պիտի պահենք, հարաբերություններ ունենանք, տեղեկություններ հայթայթենք, ստանանք, տարածենք»։
Հ. Ավետիքյանը, որպես օրինակ, ասաց, որ մեր օրերի մեծագույն լրագրողներից մեկը՝ Ռ. Ֆիսկը, մշտապես իրենց է ուղարկում իր յուրաքանչյուր հոդվածը։ Ինչո՞ւ է ուղարկում։ Որովհետեւ տեսել է, իրեն ասել են… «Հետը ծանոթացել եմ Բեյրութում, միասին սրճել ենք ծովեզրյա սրճարաններից մեկում… Նրա ուղարկած այն հոդվածները, որ մեզ հետ կապ ունեն, մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում, ես թարգմանում եւ արտատպում եմ… Այսպիսի անձնական, անհատական բարեկամությունն էլ պիտի օգտագործել»,- եզրափակեց Ավետիքյանը։
Համաժողովի երկրորդ օրվա վերջում, քննարկումների ժամանակ, Արցախի հանրային ռադիոյի լրագրող Բելա Լալայանը դժգոհություն հայտնեց, որ լրագրողների 5-րդ համաժողովն անցնում է Ստեփանակերտում, բայց ծրագրում արցախցի լրագրողի ոչ մի ելույթ չկա, հնչած 1-2 ելույթներն էլ հանպատրաստից են եղել, վերջին պահին են նրանց տեղեկացրել ելույթ ունենալու մասին։ Սփյուռքի հետ կապերի նախարարի խոսքերից պարզ դարձավ, որ Արցախի արտգործնախարարությունը նախապես տեղեկացված է եղել համաժողովի մասին։
Ստացվում է, որ փոխանակ տեղի լրագրողներին ժամանակին տեղեկացնեին համաժողովի վերաբերյալ, Արցախի ԱԳՆ ղեկավարությունը համաժողովի մասնակիցների ցուցակում հիմնականում մտցրել է նրանց անունները, ովքեր այսօր աշխատում կամ ժամանակին աշխատել են ԱԳՆ-ում։
Հոկտեմբերի 15-ին, համաժողովի վերջին նիստում, հայ լրագրողներն ընդունեցին բանաձեւ, որը վերջնական տեսքի բերելուց հետո կտարածվի ԶԼՄ-ներով։ Համաժողովի նիստային մասի ավարտից հետո լրագրողները սկզբում այցելեցին Արցախի ՊԲ զորամասերից մեկը։ Այնուհետեւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ լրագրողները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ուղեւորվեցին դեպի վերջերս պեղված հայոց պատմական բնակավայրերից մեկը՝ Արցախի Տիգրանակերտ, որը Հայոց մեծն Տիգրան 2-րդի պատվին կառուցված համանուն բնակավայրերից մեկն է եւ գտնվում է Աղդամ քաղաքի հարեւանությամբ։ Այն Աղդամի, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասելով՝ «մեր հայրենիքը չէ»։
Օրվա երկրորդ կեսին համաժողովի մասնակիցները եղան Գանձասարում եւ հիացան բարձունքի վրա խրոխտ բազմած հայոց ճարտարապետական մեծագույն կոթողներից մեկով՝ համանուն վանքով։ Չնայած հանդիպակաց սարերի ստորոտներում եւ լանջերին ամպեր էին լողում, եղանակը բավականին հաճելի էր, անձրեւ չտեղաց։ Գանձասարի բարձունքից լրագրողներին սպասարկող ավտոմեքենաներով իջնելիս կարծես ամպերի միջից էինք իջնում այս հին ու մեղսագործ մեր երկիրը, որտեղ լուծման ու լուսաբանման կարոտ այնքա՜ն խնդիրներ ու հիմնահարցեր կան…
ՀՈԿՏԵՄԲԵՐ 18
Արցախի ճանաչման ուղղությամբ լրջորեն պիտի աշխատել
Արցախի կոմունիստական կուսակցության ղեկավար Հրանտ Մելքումյանի կարծիքով, ՀՀ խորհրդարանը կճանաչի ԼՂՀ անկախությունը թե չի ճանաչի, դա էական ոչ մի նշանակություն չունի, դրանից ոչինչ չի փոխվելու։ Նա գտնում է, որ ճանաչման գործընթացն ավելի լուրջ մոտեցում է պահանջում, եւ եթե իսկապես ուզում ենք այդ ուղղությամբ նպատակաուղղված մի քայլ անել, դրա համար առաջին հերթին քաղաքական ծրագիր պիտի ունենանք։
«Բոլոր քաղաքական ուժերը պիտի լրջորեն աշխատեն այդ ուղղությամբ,- ասաց Արցախի կոմկուսի ղեկավարը։- Մեր քաղաքական ուժերը, կուսակցությունները ՀՀ քաղաքական ուժերի հետ համատեղ պետք է աշխատեն արտերկրի քաղաքական ուժերի հետ։ ՀՅԴ-ն, օրինակ, Սոցինտերնի անդամ է, իսկ եվրոպական շատ երկրներում սոցիալիստներն ազդեցիկ ուժ ու կշիռ ունեն։ Միթե ավելի ճիշտ չի լինի այդ մարդկանց հետ աշխատանք տանեն՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Նույնը վերաբերում է նաեւ «Բարգավաճ Հայաստանին», որը բարեկամական կապեր ունի «Եդինայա Ռոսիայի» հետ, դա վերաբերում է նաեւ մեր կուսակցությանը, որ կարող է նման աշխատանքներ տանել ՌԴ կոմկուսի, նրա ղեկավար Գենադի Զյուգանովի հետ»։
Իմ հարցին, թե ինչու ինքը, Արցախի կոմկուսը նույնպես ոչինչ չի անում այդ ուղղությամբ, Հրանտ Մելքումյանն ասաց, թե ինքը միայնակ ոչինչ չի կարող անել նաեւ այն պատճառով, որ վաղն իրեն կարող են ասել՝ իսկ քեզ ո՞վ է խնդրել, որ Արցախի ճանաչման համար ռուսաստաններ մեկնես, մենք ավելի կարեւոր խնդիրներ ունենք… Այսինքն՝ այսօր մեր բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի, կուսակցությունների համատեղ ուժերով կազմված ծրագիր է պետք, մինչդեռ, Արցախի կոմկուսի ղեկավարի ասելով, մենք ոչինչ չենք անում այդ ուղղությամբ։ Այսօր չենք կարողանում գլխավորն ու ոչ հիմնականն իրարից զանազանել։ Նա գտնում է, որ վերջին երկտասնամյակում Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի գերխնդիրը պիտի լիներ Արցախի խնդրի լուծումը, որից կախված է ոչ միայն Արցախի, այլեւ հենց Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան։
«Այսօր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում օրակարգում պիտի լինի ոչ թե Հայ դատի, ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ Արցախի խնդիրը,- ասում է Հ. Մելքումյանը։- Մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը պիտի լուծել, հետո միայն անցնել մյուսին։ Արցախի խնդրի լուծումը հնարավորություն կտա բոլոր ուժերը կենտրոնացնել վերոհիշյալ խնդիրների լուծման վրա։ Բայց մենք այլ մարտավարություն ենք ընտրել՝ միանգամից ուզում ենք բոլոր խնդիրները լուծել։ Եվ կիսատ-պռատ մի բան այստեղ ենք անում, մի բան՝ այնտեղ, արդյունքում՝ ոչնչի չենք հասնում, ինչպես կարապի, խեցգետինի եւ գայլաձկան մասին հանրահայտ առակում»։
Արցախցի քաղաքական գործչի կարծիքով, այսօր եթե կարողանանք տարբեր երկրների խորհրդարաններում 15-20 համախոհներ, բարեկամներ գտնել, ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հետ կապված սփյուռքում, ասենք՝ ԱՄՆ Սենատում, Կոնգրեսում դա անում են մեր հայրենակիցները, վաղը կարող ենք ավելի մեծացնել մեր բարեկամների շրջանակը՝ տարբեր խորհրդարաններում, որը հող կնախապատրաստի, որպեսզի Արցախի անկախության ճանաչման գործընթացը խոսքից վերածվի գործի։
Իմ այն դիտողությանը, որ հայոց քաղաքական ուժերն այսօր առավելապես անձնական, առօրեական խնդիրներ են լուծում, լծված են իրենց մերձավորների, ընկեր-բարեկամների տեղավորման ու նման հարցերով, փողի խնդիրներով, Արցախի կոմկուսի նախագահը պատասխանեց. «Այսօր մենք մեր նոր սերնդի վաղվա օրվա, ապագայի մասին պիտի մտածենք, որպեսզի մեր չլուծված գլխավոր հիմնահարցերը վաղը չծանրանան նրանց ուսերին։ Մեղք են այս երեխաները, այս երիտասարդները։ Հատկապես նրանք, որ ծնվել են պատերազմի, հրետակոծության տարիներին։ Կարծես խաթարված նրանց մանկությունը քիչ է, հիմա էլ մեր ողջ չլուծված խնդիրներն ենք ուզում բեռնել նրանց վրա»։
ՀՈԿՏԵՄԲԵՐ 21
Արցախում մտածում են նաեւ «միացման» մասին
Հայաստանյան շուրջ 34 հասարակական կազմակերպությունների հոկտեմբերի 21-ին Արցախի թեմայով քաղաքացիական ժողով հրավիրելու նախաձեռնությունը որոշակի աշխուժություն է առաջ բերել Արցախի քաղաքական շրջանակներում։ ԼՂՀ անկախության ճանաչման կողմնակիցներից բացի Արցախում քիչ չեն նրանք, ովքեր գտնում են, որ միակ ճիշտ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի միացումն է Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ մեր ազատագրական շարժման, պայքարի նպատակը հենց միացումն է եղել։ Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ դեռեւս 5-6 տարի առաջ Արցախի տարածքում 1000 եւ ավելի քաղաքացիների շրջանում անցկացված լրագրողական հարցախույզներում 55-60 տոկոսը նախապատվությունը տվել էր Հայաստանի հետ Արցախի միացման տարբերակին։
Այսօր էլ Արցախում քիչ չեն այն հասարակական-քաղաքական գործիչները, ովքեր միանշանակ դեմ են ԼՂՀ անկախության գաղափարին, գտնելով, որ դա դրսից ներմուծված գաղափար է, որի անարդյունավետության լավագույն ապացույցն այն է, որ առայսօր աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մինչեւ անգամ Հայաստանը չի ճանաչել այն։ Միացման կողմնակիցներից են Արցախի խորհրդարանի նախկին պատգամավորներ Ներսես Օհանջանյանը, Ռադիկ Հայրիյանը, Ռոմա Կարապետյանը, Աշոտ Սարգսյանը, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը եւ ուրիշներ։
Այն, որ մենք, ցավոք, հեռացել ենք «միացման» գաղափարից, վերջիններիս կարծիքով, ավելորդ անգամ համոզվում ենք թեկուզ նրանում, որ հայաստանյան քաղաքական գործիչների ու փորձագետների շրջանում հաճախ է հնչում այն կարծիքը, թե Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսվելու դեպքում Հայաստանը պիտի ճանաչի Արցախի անկախությունը։ Հայաստանի հետ Արցախի միացման գաղափարի պաշտպանները գտնում են, որ պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը ոչ թե պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը, այլ Հայաստանի հետ Արցախի միացման փաստը, որովհետեւ պատերազմ վերսկսելով, Ադրբեջանը, ինչպես ասում են, «վա-բանկ» է գնում, իսկ նման պարագայում կրկին անկախության դրոշ պարզելը ամենասխալ ճանապարհը կլինի եւ կփաստի հայկական կողմի երկչոտության մասին։
Արցախում կան քաղաքական գործիչներ, ովքեր ասում են՝ «իսկ ի՞նչ վատ բան կա նրանում, որ մենք երկու հայկական պետություն ունենանք՝ հանձինս Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության»։ Հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանը կարծում է, որ ուժը քանակի մեջ չէ, այլ՝ որակի։ «Մի պահ պատկերացնենք, որ Վրաստանում ազգամիջյան հնարավոր լարվածության ու հակամարտության արդյունքում վաղն էլ Ջավախքը հռչակի իր ինքնիշխանությունը…
Ի դեպ, պատմական Հայաստանի նահանգներից Սյունիքն այն եզակիներից է, որ ամբողջությամբ ազատագրված է, եւ մի օր սյունեցիներն էլ, ոգեւորված Արցախի օրինակով, նպատակահարմար գտնեն անկախ պետություն կերտել։ Էլ չեմ խոսում Նախիջեւանի Հանրապետության մասին,- ասաց Ա. Սարգսյանը,- եւ արդյունքում՝ մի բուռ տարածքում կունենանք մի քանի հայկական պետություններ։ Սովորաբար, հայտնի ասացվածքի համաձայն, թշնամին փորձում է հակառակորդին բաժանել, որպեսզի կարողանա տիրել նրան։ Մեր դեպքում հակառակորդի համար ոչ մի դժվարություն չի լինի բաժան-բաժան եղած հայկական «անկախ» պետություններին մեկ-մեկ հաղթելու եւ վերջնականապես երկրի երեսից ջնջելու Հայոց երկիրը»։ Միացման կողմնակիցներն առաջարկում են չմոռանալ մեծն Չարենցի մեր պապերից ժառանգած պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
ՀՈԿՏԵՄԲԵՐ 21
Իր կոչումը կապի ոլորտն է
Հոկտեմբերի 23-ին ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում կայացել է «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի համատեղ մամլո ասուլիսը։ Արցախցի լրագրողները ՂՏ-ի ղեկավարի հետ վերջին անգամ երեք ամիս առաջ դարձյալ այստեղ էին հանդիպել, եւ այդ հանդիպման պատճառը եղել է Արցախի միակ օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ»-ի սակագնային քաղաքականության եւ որակի դեմ բողոքի ակցիան։ Այդ հանդիպման ժամանակ Յիրիկյանը բավականին խոստումներ էր տվել։ Այս անգամ հայտնեց, որ այդ խոստումներն իրականություն են դառնում, չնայած այսօր հազիվ թե գտնվի մի արցախցի, որ հավաստի, թե որակային եւ սակագնային առումով ինչ-որ բան է փոխվել դեպի լավը։
Ըստ երեւույթին, ՂՏ տնօրենի նախնական ելույթը որոշակի ազդեցություն ունեցավ լրագրողների վրա, քանզի այս անգամ վերջիններս իրենց հարցերում շատ ավելի զուսպ էին, քան 3 ամիս առաջ։ Յիրիկյանը հայտնեց, որ ինտերնետի ծավալը հուլիս-օգոստոսին Արցախում 7 անգամ ավելացել է՝ «քանակության առումով, թողունակության առումով»։ Բացի դրանից, այժմ աշխատում են օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա, որը կավարտվի մինչեւ գալիք տարվա սկիզբ եւ դա հնարավորություն կտա բավական էժան սակագներով ինտերնետի մեծ ծավալներ ներմուծել Արցախ։ «Այս ժամանակավոր սակագնով մեգաբիթի արժեքը 15 դրամից իջել է որոշ տեղեր մեկեւկես անգամ,- ասաց նա,- որոշ տեղեր տատանվում է 10 դրամից մինչեւ 5 դրամ։ Այսինքն՝ կախված, թե որ փաթեթն է ընտրում բաժանորդը»։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հիշեցրեց, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետը խոստացել էր հրապարակել «Ղարաբաղ տելեկոմ»-ի եւ Արցախի կառավարության միջեւ կնքված գաղտնի պայմանագիրը։ Վարչապետը հայտնեց, թե դրա հրապարակմանը պիտի համաձայն լինեն երկու կողմերը, միաժամանակ ավելացնելով, թե այդ պայմանագիրը մի կողմ է դրվել։ «Այսօր մենք աշխատանքները չենք տանում պայմանագրի հիմունքներով կամ պայմանագրի կետերի համաձայն,- ասաց նա։- Արդեն պայմանագրից բազմաթիվ առումով, բազմաթիվ կետերում մենք շեղվել ենք եւ շեղվել ենք հօգուտ մեր տնտեսության, մեր ծառայությունների որակի բարձրացման եւ հօգուտ պետության»։
Նկատի ունենալով հայաստանյան մամուլում շրջանառվող լուրերը Ռալֆ Յիրիկյանի՝ մեծ քաղաքականություն մտնելու վերաբերյալ, հարցրի, թե ինչպես է վերաբերվելու, եթե նախարարի կամ ավելի բարձր պաշտոնի առաջարկ ստանա։ «Ղարաբաղ տելեկոմ»-ի ղեկավարը հայտնեց, որ նման ցանկություն չունի, հավելելով, որ իրենց ընտանիքում քաղաքական պաշտոններ զբաղեցնելու ավանդույթ չի ձեւավորվել, եւ իր կոչումը կապի ոլորտն է։ Արցախի վարչապետն այդ կապակցությամբ ասաց, թե մեծ աշխատանքներ կատարելու համար պարտադիր չէ բարձր պաշտոններ զբաղեցնել, որ մասնավոր սեկտորում ավելի մեծ աշխատանքներ են կատարում եւ ավելի բարձր աշխատավարձ ստանում, քան երկրի նախագահի աշխատավարձն է...
Հանդիպման վերջում «Ղարաբաղ տելեկոմ»-ի ղեկավարը ԼՂՀ կառավարության հետ ստորագրեց 480 միլիոն դրամի ներդրման համաձայնագիր։ Այդ գումարը գլխավորապես կուղղվի Արցախի առողջապահական ոլորտ։
ՀՈԿՏԵՄԲԵՐ 26
Նրանք իրավունք չունեն առանց Արցախի բանակցել
Հարցազրույց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ,
պահեստի գնդապետ Ռազմիկ Պետրոսյանի հետ
- Դուք արցախյան շարժման ակտիվիստներից եք, ժամանակին ընտրվել եք ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Արցախից, «Կռունկ» կոմիտեի անդամ եք եղել, մասնակցել եք ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, իսկ այսօր կարծես թե մնացել եք ստվերում։ Ո՞րն է պատճառը։
- Երբ սկսվեց արցախյան շարժումը, մենք հստակ գիտակցում էինք, թե ինչ ենք անում։ Մենք ունեինք հակառակորդ, թշնամի եւ պայքարի էինք ելել նրանց դեմ ու նրանց կողմից պարտադրված պատերազմում հաղթել ենք։ Հիմա պայքարի այդ ճակատը չկա։ Եղած թե՛ լավը, թե՛ վատը այսօր այստեղ է, մեր երկրում։ Հիմա ո՞ւմ դեմ պայքարենք, մեր իշխանությունների՞, բայց դրանով ջուր կլցնենք թշնամու ջրաղացին։ Դրա համար ես եւ ինձ նմանները պասիվ ենք դարձել։
- Արցախյան շարժման նպատակը Հայաստանին միանալն էր, սակայն կես ճանապարհից անկախ պետություն կերտելու ուղի ենք ընտրել։ Ո՞րն է Արցախի խնդրի լուծման ճիշտ ուղին։
- Այն տարիներին, երբ ԽՍՀՄ-ը դեռ գոյություն ուներ, ճիշտը «միացումն» էր։ Բայց երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, եւ միութենական հանրապետությունները սկսեցին անկախություն հռչակել, այդ թվում Հայաստանը՝ ՀԽՍՀ սահմաններով, մեզ այլ ելք չէր մնում անկախության ուղուց բացի։
- Հիմա անկախությունը մեզ համար վերջնական նպատա՞կ է, թե՞ քայլ դեպի «միացում»։
- Չէ, վերջնական նպատակը Հայաստանի հետ վերամիավորվելն է։ Մի ազգ՝ երկու պետություն չի լինում։ Հսկա Գերմանիաները կրկին միավորվել, մի պետություն են դարձել։
- Պատերազմում մենք հաղթել ենք թշնամուն, սակայն դիվանագիտական դաշտում առայսօր միայն պարտություններ ենք գրանցում։ Ո՞րն է եղել մեր առաջին մեծ սխալը։
- Ամենամեծ սխալն այն է, որ մեր պասիվության պատճառով Ադրբեջանն է կամք թելադրում, հայտարարում, թե Հայաստանը «ադրբեջանական» տարածքներ է զավթել։ Մինչդեռ բոլորս գիտենք, որ Ադրբեջանն է հարձակվել Ղարաբաղի վրա, որ Շահումյան ու Գետաշեն ենք կորցրել, Խանլարի ու Դաշքեսանի շրջաններ, Կիրովաբադ ենք կորցրել, որտեղ Ադրբեջանի իրականացրած հայահալած քաղաքականության տարիներին անգամ բնակչության 30-40 տոկոսը հայեր են եղել։
- ԵԱՀԿ ՄԽ կողմից ազատագրված տարածքներում, այսպես ասած, դաշտային առաքելություն անցկացնելը ե՞ւս մեր դիվանագիտության պարտությունն է։
- Ես չգիտեմ, թե ով է դրանց հետ պայմանավորվածություն ստորագրել, բայց միթե հենց սկզբից չէր կարելի պայմանավորվել, որ մեր ազատագրած մի շրջանում լինելուց հետո նրանք անմիջապես մեկնեն Ադրբեջանի կողմից զավթված հայկական մի շրջան։
- Ազատագրված տարածքները չենք վերաբնակեցնում։ Ի վերջո, այդ տարածքները մե՞րն են, թե՞ ոչ։
- Մեր ամենամեծ սխալն այն է, որ այդ տարածքները չենք վերաբնակեցրել։ Ապրողներն էլ հաճախ չեն մնում այնտեղ։ Հետո էլ՝ այդ հարկային դաշտի մասին։ Ճիշտ կլինի, որ մենք, ասենք, մի 5 տարով բնակչությանն ազատեինք հարկերից, որպեսզի մարդիկ ազատ շունչ քաշեն, կարողանան ապրելու համար ինչ-որ մի հիմք ստեղծել։ Այդ դեպքում շատ-շատերը կգային այստեղ ապրելու։ Այդ տարածքներն իհարկե մերն են, մեր հայկական հողերն են, եւ դրանք ամրագրված են մեր Սահմանադրության մեջ։
- Պատերազմից հետո մեծացել է արտահոսքը։ Արցախի բնակչությունը, պաշտոնական տվյալներով, մոտ 140 հազար է։ Այդքան է եղել նաեւ 20 տարի առաջ։ Ո՞րն է պատճառը, որ մեր հայրենակիցները մեկնում են երկրից։
- Ես գիտեմ միայն, որ ամեն ինչ պիտի արվի, որպեսզի բնակչությունն այստեղ կրկնապատկվի, եռապատկվի, որ մարդիկ գան այստեղ աշխատեն, ունեցածին մի բան գումարեն, ասենք, յուրաքանչյուրին մի 5 հա հող տան, որպեսզի մնան ու շենացնեն մեր երկիրը։
- Մեր իշխանություններն արդյո՞ք սոցիալական ճիշտ քաղաքականություն են վարում։
- Հստակ չեմ կարող ասել, բայց եթե ժողովուրդը պակասում է, թողնում-գնում են, ուրեմն ճիշտ չեն վարում։
- Ինչո՞ւ Արցախի իշխանությունները չեն ուզում տեր կանգնել իրենց երկրին ու իրենք տնօրինեն այս հողի եւ ժողովրդի ճակատագիրը։ ՀՀ նախագահը, ով էլ նա լինի, բարոյական իրավունք ունի՞ Արցախի անունից բանակցություններ վարելու։
- Ամենամեծ սխալը դա է, որ կարծեմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակից է… Նրանք իրավունք չունեն առանց Ղարաբաղի մասնակցելու բանակցությունների։ Ղարաբաղում իշխանություն կա, թող Ղարաբաղն էլ գնա մասնակցի այդ բանակցություններին։ Չէ որ հիմնականում մենք՝ արցախցիներս ենք կռվել, իսկ Հայաստանը մեզ օգնել է։ Ղարաբաղի՛ իշխանությունները միայն իրավունք ունեն մեր երկրի անունից բանակցություններ վարելու։
- Իսկ ինչո՞ւ մեր իշխանությունները ոչինչ չեն անում այդ սխալն ուղղելու համար։
- Իմ կարծիքով, Հայաստանը մոտ ժամանակներս ճանաչելու է Արցախի անկախությունը, ԼՂՀ-ի հետ պայմանագիր է կնքելու եւ նրանց ասելու է՝ կռվող, հակամարտող կողմը Ղարաբաղն է, նրանց հետ էլ բանակցեք։
- Ընկերական շրջանում հաճախ ենք խոսում այդ մասին, իսկ վերջերս էլ մի հարցազրույցում Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն ասել է, որ զարմանում է, թե ինչու, գտնվելով փաստացի պատերազմի մեջ, զենք չենք արտադրում։ Ազերիներն արտադրում են, իսկ մենք, ունենալով դրա հնարավորությունը, չենք անում։ Մինչդեռ պատերազմի ժամանակ անգամ հրթիռ էինք արտադրում… Դուք ինչպե՞ս եք կարծում։
- Հիմա Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Որքան էլ մեզանում ասեն, թե պատերազմ չի լինելու, չի կարելի դրա հավանականությունը բացառել։ Էն մարդը, որ զենք է ստեղծում, մի անգամ դա կրակելու է։ Դրա համար մենք պիտի գոնե նվազագույն ձեւով պատրաստ լինենք դրան։ Մենք այդ հնարավորությունն ունենք։ Պետք է ավելի կատարելագործենք ու զարգացնենք մեր պաշտպանությունը, մենք էլ ռազմական ինքնաթիռներ, «Սմերչ» կայանքներ եւ ժամանակակից այլ զինատեսակներ գնենք։ Ղարաբաղցին ասում է՝ ես կռվող տղա եմ, ինչ ուզում ես՝ արա, բայց ինձ հնարավորություն տուր, որպեսզի կարողանամ կռվել, ինձ պաշտպանել։ Մենք այդ հնարավորությունը պիտի տանք։ Մեզանում շատերը հույսները դնում են Ռուսաստանի վրա, բայց ռուսը երբեք մեզ չի պաշտպանելու։ Հույսներս մեզ վրա պիտի դնենք, ինչպես դա արել ենք պատերազմի ժամանակ։
- Ադրբեջանը շարունակ ավելացնում է իր ռազմական բյուջեն…
- Այո, բայց դա բումերանգի պես հարվածելու է նրանց։ Որ պատերազմ լինի, մենք էլ ենք մեծ կորուստներ ունենալու, բայց բազմիցս ավելի մեծ կորուստներ ունենալու է Ադրբեջանը, որովհետեւ մենք մեր հողն ենք պաշտպանելու, իսկ նրանց համար սա օտար երկիր է, իրենց հողը չէ, իրենք ընդամենը զավթիչների դերում են լինելու։ Ադրբեջանը վերջապես պիտի հասկանա, որ Ղարաբաղն իր համար արդեն վերջացել է, Ղարաբաղից ձեռք քաշի եւ իր ներքին խնդիրներով զբաղվի։
- Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան։
- Դժվար հարց է։ 1988 թվականին ապագան տեսնում էի, բայց հիմա հստակ չեմ կարող ասել։ Այսօր Ռուսաստանում հազարավոր համերկրացիներ ունենք, որ հազիվ հացի փող են աշխատում։ Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի նրանք վերադառնան Արցախ։ Միլիոնատերեր ունենք թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում ու արտերկրում։ Թող գումարներ ներդնեն, շենացնեն այս երկիրը…
ՀՈԿՏԵՄԲԵՐ 29
Արցախի անկախությունը ճանաչելով` բանակցությունները չեն ձախողվելու
Հարցազրույց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար
Մասիս Մայիլյանի հետ
- Հայաստանի քաղաքական կոալիցիան հայտարարություն է տարածել առ այն, որ չի մասնակցելու ԱԺ-ում ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագծի քվեարկությանը։ Միաժամանակ ՀՀ քաղաքական վերնախավը շարունակ հայտարարում է, թե ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը կարող է ձախողել բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Արդյո՞ք դա այդպես է։ Բացի այդ, հայաստանյան քաղաքական ուժերն այնպես են կառչել ԵԱՀԿ ՄԽ-ից, մասնավորապես Մադրիդյան սկզբունքներ կոչվածից, կարծես այնտեղ կա թեկուզ մի կետ՝ հօգուտ Արցախի։
- Անկախության ճանաչումը նշանակում է այն, որ կարգավիճակի խնդիրն օրակարգից հանվում է։ Քանի որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ ճանաչել արցախցիների իրավունքները՝ ապրելու իրավունքը եւ ինքնորոշման իրավունքը, հայտարարում են, թե Ղարաբաղի անկախությունը չեն ճանաչելու ո՛չ հիմա, ո՛չ հարյուր տարի հետո, ցույց է տալիս, որ նրանք իրենց մոտեցումն ունեն մեր կարգավիճակի վերաբերյալ։ Ուստի հայկական կողմը պետք է իր մոտեցումն արտահայտի անկախության ճանաչման ձեւով։ Դրանով բանակցային գործընթացը չի խափանվելու։ Ուղղակի առանցքային հարցերից մեկը, այն է՝ կարգավիճակի հարցը, օրակարգից կհանվի եւ այլեւս չի լինի բանակցային քննարկման առարկա։ Բայց օրակարգում կմնան մի շարք հարցեր, որոնց շուրջ կարելի է շարունակել բանակցությունները՝ լիարժեք ձեւաչափով, բայց արդեն Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանք են՝ սահմանների հարցը, փախստականների, շրջափակման ու անվտանգության հարցերը եւ այլն։
Այսինքն՝ ճանաչելով Արցախի անկախությունը, Հայաստանը մի հարց է օրակարգից հանում, միաժամանակ արտահայտելով իր հստակ դիրքորոշումը ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Մադրիդյան փաստաթղթին, իրոք, հրապարակված սկզբունքներն ու էլեմենտները հակասում են մեր ազգային շահերին։ Որի մասին բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտվելու։
- Հայաստանի քաղաքական կուլիսներում այսպիսի մի կարծիք կա, որ իբր Արցախի անկախությունը ճանաչելով, Հայաստանն Ադրբեջանին հրահրելու է պատերազմական գործողություններ վերսկսելու։ Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք։
- Չեմ կարծում, թե դա կարող է պատերազմի հանգեցնել։ Իմ կարծիքով, Ադրբեջանը չի նայելու նման բաների։ Ադրբեջանը երբ պատրաստ լինի եւ միջազգային հանրության կողմից համապատասխան պայմաններ լինեն, նրանք հնարավոր է վերսկսեն իրենց ագրեսիան՝ անկախ նրանից, Հայաստանը ճանաչա՞ծ կլինի Արցախի անկախությունը, թե՞ ոչ։ Ընդհակառակը, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, եւ Հայաստանի ու Արցախի փոխհարաբերությունները ստանան իրավական տեսք, ձեւակերպվի, օրինակ, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, այսինքն՝ համապատասխան պայմանագրեր ստորագրվեն երկու հայկական պետությունների միջեւ՝ փոխադարձ անվտանգության մասին, դա կարող է նվազագույնի հասցնել պատերազմի վերսկսման վտանգը։
- Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների աստրախանյան հանդիպումն ու համատեղ հայտարարությունը։
- Հաշվի առնելով վերջին շրջանում ռազմաճակատային գծում նկատվող դիպուկահարների ակտիվությունն ու հրապարակային փոխադարձ մեղադրանքները, ՌԴ-ի միջնորդությամբ Աստրախանում վերջին հանդիպումը հնարավոր է որոշակիորեն նվազեցնի լարվածությունը հակամարտության գոտում։ Այդ առումով հանդիպումը դրական կարելի է համարել։ Իսկ ինչ վերաբերում է դեկտեմբերին Աստանայում հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցման հավանականությանը, դա, կարծում եմ, քիչ հավանական է։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներին, որոնք Արցախի քաղաքական ու հասարակական ուժերը միանշանակ մերժել են։
Ես գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, հաշվի առնելով միջազգային-իրավական նոր իրողությունները, մասնավորապես Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախադեպային որոշումը, պետք է հակամարտության կարգավորման նոր սկզբունքներ առաջարկի։
ՀՈԿՏԵՄԲԵՐ 29
Լույս է տեսել «Արցախի Ցիցերոնի» գիրքը
Վերջին 10-15 տարում արցախյան շարժման, ազգային-ազատագրական պայքարի առանձին դրվագների ու իրադարձությունների հասարակական-քաղաքական գործիչների ու իրենց այդպիսին ներկայացնող անձանց մասին լույս են տեսել բազմաթիվ գրքեր, պարբերական մամուլում տպագրվել են հազարավոր նյութեր։ Ցավոք, դրանց մեծ մասը փաստագրական ոչ մի արժեք չի ներկայացնում, չհաշված, որ գրվել են պատվերով՝ առանց նվազագույն տեղեկություն ունենալու նկարագրվածի հետ ոչ մի առնչություն չունեցող այս կամ այն իրական իրադարձության մասին։
Օրերս Ստեփանակերտում կայացավ հասարակական-քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի «Չկա մարգարե իր հայրենիքում» գրքի շնորհանդեսը։ Արցախում «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի ազգային ճակատի նախագահ, ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, Արցախի ՊԲ քաղբաժնի պետ (1993-95 թթ.) Մուրադ Պետրոսյանը, բարեբախտաբար, այն սակավաթիվ մարդկանցից է, որ բացի իրադարձությունների մասնակիցը լինելուց, կարողանում է տեսածն ու զգացածը ճշմարտացի ներկայացնել, առավել հաճախ մտածածը հրապարակավ ասել՝ առանց նշանակություն տալու, որ դա դուր չի գալու այս կամ այն ամենախոշոր տրամաչափի պաշտոնյային։
Գիրքը սկսվում է 1988թ. արցախյան շարժման սկզբից, չնայած հեղինակը գտնում է, որ իր եւ իր հասակակիցների համար ղարաբաղյան շարժումը սկսվել է 1966 թվականին, երբ թուրք-ազերիները գազանաբար սպանել են 12-ամյա հայ երեխայի՝ միայն այն բանի համար, որ նա հայ է եղել։ Ակնարկների միջոցով Մ. Պետրոսյանը ներկայացրել է արցախյան շարժումն ու պատերազմը, պետականաշինության գործընթացն ու ժամանակի մեծ ու փոքր այն գործիչներին, ովքեր դրական թե բացասական դերակատարություն են ունեցել մեր նորագույն պատմության այդ ժամանակահատվածում։
Այդ տարիներին հեղինակը շփվել կամ մոտիկից ծանոթ է եղել ոչ միայն Արցախի նշանավոր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի, Սերժ Սարգսյանի եւ բազմաթիվ այլ անձանց հետ, այլեւ անձամբ հանդիպել կամ քաջատեղյակ է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Վանո Սիրադեղյանի, Բաբկեն Արարքցյանի ու հայաստանյան այլ խոշոր քաղաքական այրերի գործունեությանը եւ նրանց ներկայացրել է այնպես, ինչպես «տեսել ու զգացել է»։
Եթե արտաքին թշնամու խնդրում ամեն ինչ պարզ է, ապա արցախցի գործչին այսօր էլ հանգիստ չի տալիս մի այլ ոչ պակաս նենգ հակառակորդի՝ ներքին թշնամու գոյությունը, «ներքին անկազմակերպվածությունն ու ներքին քայքայումը, ներքին այն որդը, որ խժռում է մեր փխրուն պետականությունը»։
Մուրադ Պետրոսյանը գտնում է, որ «չինովնիկությունն իր ողջ ծավալով, աննշան բացառությամբ ավելի շատ վնաս է պատճառում ու ինքնըստինքյան թուլացնում պետությունը, քան օգուտ է տալիս, քանզի նրանց գործունեության անկյունաքարն ու գլխավոր կետը սեփական, խմբակային կամ կուսակցական շահերի պաշտպանությունն ու ամրապնդումն է… Չպետք է ժողովրդին նայել ինչպես շինանյութի…»։ Պատահական չէ, որ ժամանակին Սիլվա Կապուտիկյանը Մ. Պետրոսյանին անվանել է Արցախի Ցիցերոն, հավելելով. «Ես կիսում եմ Ձեր այդ բոլոր ազնիվ մտքերը»։
1000 տպաքանակով ռուսերեն լույս տեսած այս գիրքը, որ Մ. Պետրոսյանի հավաստմամբ, եռահատորի առաջին հատորն է, առաջիկա ամիսներին կտպագրվի նաեւ հայերեն։
ՆՈՅԵՄԲԵՐ 3
Օրակարգում հայկական երրորդ պետությունն է
Հայաստանյան մամուլում ցանկալի հյուր է դարձել «դե յուրե Ադրբեջանի քաղաքացի» Գրիգորի Այվազյանը, որը մի իսկական շոու է սկսել՝ Կովկասում նոր պետություն՝ Հայոց Աղվանք ստեղծելու առաջարկով, որի մայրաքաղաքը կլինի Լաչինը։ «Մենք առաջիկայում մտադիր ենք դիմել ԼՂՀ-ին խնդրանքով՝ մեզ տրամադրել 7 ազատագրված շրջանները՝ Լաչին մայրաքաղաքով, անկախ եւ ինքնիշխան ադրբեջանահայության հանրապետություն ստեղծելու նպատակով»,- Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել էր Գ. Այվազյանը եւ հավելել, թե չի բացառվում, որ ժամանակի ընթացքում հանրաքվեի միջոցով կմիանան կամ ԼՂՀ-ին, կամ Հայաստանին։
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի այս նախաձեռնությունը տարբեր կերպ են մեկնաբանում Արցախում՝ «դիվանագիտական կարեւոր քայլ»-ից մինչեւ «քաղաքական դիլետանտիզմի ցայտուն օրինակ»։ Արցախի պաշտպանության բանակի սպա Ա. Խաչատրյանը գտնում է, որ այդտեղ ոչ մի արտառոց բան չկա։ «Միեւնույն է, այդ տարածքները միշտ էլ մերն են լինելու,- ասաց նա,- անկախ նրանից` դրանք Աղվանք են կոչում, թե Արցախ։ Պարզապես սա դիվանագիտական քայլ է, միջազգային հանրությանը, ԵԱՀԿ-ին ցույց տալու, որ հայերս ոչ մի մտադրություն չունենք մեր ազատագրված հողերից հրաժարվելու»։ Այս կարծիքին են նաեւ ղարաբաղցի որոշ քաղաքական գործիչներ։
Կովկասում հայկական երրորդ պետությունը ստեղծելու Գրիգորի Այվազյանի մտադրության եւ ազատագրված տարածքները ադրբեջանահայերին որպես փոխհատուցում տրամադրելու տեսակետի հակառակորդները գտնում են, որ նույն տրամաբանությամբ, երբ ազատագրենք Նախիջեւանը, կարող ենք խնդրել գերտերություններին, որ մեզ տրվի այն որպես Ջուղայի խաչքարերի ավերման փոխհատուցում։ Հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանը կեսլուրջ-կեսկատակ ասում է, որ եթե դա հաջողությամբ պսակվի, ապա մենք՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներս, կորած ենք, քանզի ավելի խուլ շրջափակման մեջ ենք ընկնելու եւ ստիպված ենք լինելու Հայաստան գնալ վիզային ռեժիմով, հատելով Հայոց Աղվանքի ցամաքային կամ օդային սահմանը։
«Չգիտես զարմանա՞ս, թե՞ ուրախությունից խենթանաս,- ասաց նա։- Բանից պարզվում է, որ ազատագրված տարածքները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ օտարից արյունով վերցված հայկական հող, ոչ միայն թուրք-ազերիներին են գայթակղում, այլ նաեւ մեր ազգակիցներին, ովքեր, չգիտես ինչու, ուզում են նոր պետություն ստեղծել, այն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ Լաչին մայրաքաղաքով։ Այ քեզ հայկական դիվանագիտություն...»։
Ճիշտն ասած, գուցե իրոք Գ. Այվազյանի՝ ազատագրված տարածքներում նոր պետություն ստեղծելու գաղափարը դիվանագիտական հետաքրքիր քայլ է կամ գուցե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ այդ տեսակետի հակառակորդների տարակուսանքը, երբ վերջերս պարբերաբար հայտարարում ենք, թե այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, եւ դա փորձում ենք լսելի դարձնել միջազգային հանրություն կոչվածին, բայց ահա, հայտնվել է Գ. Այվազյանը՝ իր նոր «հայտնությամբ», եւ փորձում է ավելի խճճել ղարաբաղյան հարցի մեջ առանց այն էլ խճճված միջազգային հանրությանը։ Իսկապես կարելի է հասկանալ այս մարդկանց մտահոգությունը, քանզի նրանք աչքի առաջ ունեն երեկվա մեր նմանատիպ «դիվանագիտության» դառը պտուղները, երբ արցախցիները մեծ ու փոքրով պայքարի էին ելել Հայաստանին միանալու տասնամյակներ շարունակ փայփայած գաղափարով, սակայն հանկարծ պարզվել է, որ ամենաճիշտ քայլն անկախ պետականություն հռչակելն է…
Ադրբեջանցիների պարագայում ամեն ինչ պարզ է։ Ղարաբաղի հարցում կրտսեր Ալիեւից մինչեւ ամենահետին չոբանը ունեն հստակ նպատակ՝ «Ղարաբաղը մերն է եւ վերջ»։ Եվ իրենց նպատակին հասնելու համար ոչինչ չեն խնայում՝ սկսած քաղաքական-դիվանագիտական դաշտից, վերջացրած տեղեկատվական դաշտում սուտ ու կեղծիքով իրենց «ճշմարտությունը» շեփորելով։
Մեզ մոտ Արցախի հարցում պետականորեն մշակված ծրագիր չկա, անգամ պարզ չէ, թե ի վերջո ինչ ենք ուզում, որի պատճառով այսօր ղարաբաղյան խնդիրը ներքաղաքական դաշտում հայտնվել է «կարապի, խեցգետնի եւ գայլաձկան» հանրահայտ առակի դերում։ Յուրաքանչյուրը Ղարաբաղ-սայլն իր ուզած կողմն է ձգում։ Չհաշված, որ կան նաեւ այնպիսիք, ովքեր գտնում են, թե «սայլը» տեղից չշարժվելու պատճառն անիվներն են եւ դրանք անհապաղ պիտի հանել…
Գուցե Գ. Այվազյանն ուզում է օգտակար մի բան անել, քանզի նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են մի բան անել, կամ ոչինչ չեն անում (խոսքն Արցախի իշխանությունների մասին է), կամ չգիտեն ինչ անել (խոսքը ՀՀ իշխանությունների մասին է) եւ քաղաքականության փոթորկահույզ ծովն ընկած տաշեղի պես այս ու այն կողմ են շպրտվում՝ սպասելով, թե Մոսկվայից կամ եվրոպա-ամերիկաներից ինչ հրահանգներ են տալու իրենց։
Ու քանի դեռ այսօր մեզ «առաջնորդում է» քաղաքական այս ամորֆ զանգվածը, բացառված չէ, որ վաղը մեզանում մի ուրիշն էլ առաջարկի մշակել, ասենք, Արցախը Լուսնին միացնելու ծրագիր։ Այստեղ արտառոց կամ զարմանալու ոչինչ չկա. երբ կա քաղաքական վակուում, այն մի բանով պիտի լցվի։
ՆՈՅԵՄԲԵՐ 4
Արցախցիներն իրենց երկիրը ճանաչելու մասին
Վերջերս հայաստանյան մամուլը հաճախ է անդրադառնում Արցախի անկախությունը Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչելու նպատակահարմարության հարցին, ներկայացնում քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագետների կարծիքներ։ Պաշտոնական Ստեփանակերտն այդ հարցում, ինչպես ընդհանրապես սեփական երկրի ճակատագրի հարցում, խորհրդավոր լռություն է պահպանում։ Իսկ ինչ են մտածում շարքային արցախցիները։
«Արդյո՞ք այսօր ժամանակն է, որ ՀՀ ազգային խորհրդարանը ճանաչի ԼՂՀ անկախությունը։ Դրանից մենք օգո՞ւտ կստանանք, թե՞ վնաս» մեր հարցին պատասխանում են արցախցիները։
Արմեն Խաչատրյան (26 տարեկան, բանվոր) – Հայաստանը վաղուց պիտի ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եթե ճանաչած լիներ եւ ժամանակին աշխատանք տարած լիներ, այսօր աշխարհի մի քանի երկրներ նույնպես ճանաչած կլինեին Արցախը։ Մեր անկախությունը ճանաչելուց ի՞նչ վնաս պիտի լինի։ Բոլոր վնասները հենց նրանից են, որ մենք մի կողմ ենք քշվել, մենակ ենք մնացել, մեր փոխարեն այսօր ուրիշներն են ուզում մեր հարցը լուծել։
Կարինե Ավանեսյան (45-50 տարեկան, գործազուրկ) – Ճի՞շտն եք ուզում իմանալ՝ մեր այս անկախություն կոչվածը միայն նրա համար է, որ մեզ մոտ մի «կուչա» պորտաբույծներ եւ նրանց բարեկամները, ովքեր տիրացել են մեր պետական հարստությանը, սեփականաշնորհել մեր երկիրը, բարձր պաշտոններ ստանան եւ ավելի բազմապատկեն իրենց ունեցվածքը։ Մեր հարցի ամենաճիշտ լուծումը, որի համար պայքարել ենք, եւ որի համար մեր զավակները զոհվել են, Հայաստանի հետ միացումն է։
Գագիկ Սարգսյան (41 տարեկան, նախկին ազատամարտիկ) – Այդ ամենը սաղ բլեֆ ա։ Այսօր Հայաստանը չի ճանաչելու մեզ։ Հիմա ոչ էստեղ, ոչ էնտեղ էդպիսի տղա չկա, որ ազգի ապագայի, ազգի դարդուցավի մասին մտածի։ Սաղ միայն իրենց գրպանի մասին են մտածում։ Էդ կուսակցություններն էլ, որ ստեղծել են՝ ՀՀԿ, ՕԵԿ- մօեկ… սաղ գրպանի կուսակցություններ են։ Մեջները շատ թե քիչ ազգասերը դաշնակներն են եղել, դրանք էլ են ծախվել, մի օր կոալիցիա են, մի օր իբր ընդդիմադիր են… Էն իսկական տղերքը, որ ցանկացած անձնազոհության կգնային, այսօր չկան, զոհվել են կամ զզվել-գնացել են ռուսաստաններ…
Հասմիկ Հակոբյան (56 տարեկան, տնային տնտեսուհի) – Ես մինչեւ հիմա զարմանում եմ, թե ինչու Հայաստանը վախենում է մեզ ճանաչել։ Այ ախպեր, որ մի հասարակ անկախություն ճանաչելուց վախենում ես, վաղը եթե կռիվ լինի, ի՞նչ ես անելու։ Ինչո՞ւ պիտի մեր անկախությունը ճանաչելուց վնաս լինի։ Եթե դրանից մի վնաս լինի, դա մեր հարեւան թուրքերի համար է լինելու։ Դրանք վերջապես հասկանալու են, որ մենք տղամարդ ենք, մինչեւ վերջ կանգնած ենք լինելու մեր դիրքերում։ Մի քիչ ոռնալու են, կաղկանձելու են եւ կամաց-կամաց ձեռ քաշեն մեզնից։ Բայց այսօր երբ տեսնում են, որ մենք չենք ուզում տեր կանգնել մեր հողին, նույնիսկ չենք ուզում վերաբնակեցնել մեր տղաների արյամբ ներկված հայկական տարածքները, իրենք են ուզում տիրանալ այդ ամենին։
Մ. Հովսեփյան (պետական ծառայող) – Վախկոտը միշտ մի բան ճարում է, որ արդարացնի իր վախկոտությունը, անճարակը մի պատճառ է որոնում, որ արդարացնի իրեն։ Նույնը կատարվում է այսօր։ Երեւանյան քաղաքական գործիչներն ասում են, թե իբր այսօր աննպատակահարմար է ՀՀ կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, որ իբր դրանով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը տապալելու ենք։ Մի հարցնող լինի այդ «քաղաքագետ-դիվանագետներին». այ ողորմելիներ, հօգուտ մեզ, հօգուտ հայ ժողովրդի այդ ի՞նչ եք առաջ գցել ԵԱՀԿ-ում ու այդ բանակցություն կոչվածում, որ վախենում եք կորցնել։ Թող Ադրբեջանը կառչի այդ ԵԱՀԿ-ից ու Մադրիդյան սկզբունքներից, որովհետեւ այնտեղ ամեն ինչ միայն նրանց օգտին է։ Այս ողջ աղմուկն էլ նրա համար են բարձրացնում, որովհետեւ այնտեղ 80-90 տոկոսն իրենց օգտին է, իսկ իրենք 100 տոկոս են պահանջում։ Հայաստանի կողմից մեր անկախությունը ճանաչելը միայն օգուտ կտա մեր ընդհանուր գործին։
Հայկ Ավանեսյան (28 տարեկան) – Հայաստանը մեզ ճանաչի կամ չճանաչի, իմ կարծիքով այնքան չի կարող օգնել ղարաբաղյան խնդրի լուծմանը, որքան այն, որ մենք վերաբնակեցնենք ազատագրված տարածքները, բնակչության թիվը կրկնապատկենք ու եռապատկենք, երիտասարդների ապագայի հետ կապված հարցերը, սոցիալական եւ մյուս բոլոր խնդիրները լուծենք, որպեսզի այստեղից ոչ թե գնան Ռուսաստան, այլ դրսից մեր հայրենակիցները գան, ու հզորացնենք մեր երկիրը։ Գործն է կարեւորը։
Ս. Միրզոյան (75-80 տարեկան կենսաթոշակառու) – Ես մի բան ասեմ Ձեզ։ Կարծում եք միայն Ադրբեջա՞նն է մեղավոր, որ այն տարիներին Ղարաբաղը քիչ էր մնում դատարկվեր։ Ո՛չ։ Ամենից առաջ Հայաստանի անտարբերության պատճառով է այդ ամենը կատարվել։ Չհաշված 1988-1994 թվականների պատերազմական հերոսական տարիները, այսօր եւս պատմությունը կրկնվում է, որովհետեւ նորից գլուխ է բարձրացրել հայի վախկոտությունը, կասկածամտությունը, միայն անձնականի մասին մտածելու սովորույթը։ Ասում են՝ ի՞նչ եք ուզում, սա էլ հո մենք չե՞նք անում, ղարաբաղցի ձեր պրեզիդենտներն են անում։ Բայց դա ճիշտ չէ։ Ղարաբաղցի լինի թե գերմանացի կամ ճապոնացի, մարդ երբ իր երկիրը թողնում-գնում, մի այլ երկրում պաշտոնյա է դառնում, նա դառնում է նրանցից մեկը, որտեղ գտնվում է։ Դրա համար երեկ ասում էր, թե Աղդամը մերը չէ, վաղն էլ ասելու է, թե Հադրութ-մադրութն էլ էդ տարածքների հետ տանք պրծնենք։ Քիչ մարդիկ են կարողանում հայրենիքի մասին մտածել, մնացածի համար ամենաքաղցր բանը աթոռն է…
Արթուր Հարությունյան (ուսանող) – Մինչեւ Հայաստանը չճանաչի մեզ, աշխարհի ոչ մի երկիր երբեք չի ճանաչելու մեր պետությունը։ Նրանց փոխարեն ես էլ այդպես կվարվեի, կասեի՝ եթե ձեր Հայաստանը չի ուզում ճանաչել ձեզ, ինչո՞ւ պիտի մենք ձեզ ճանաչենք, ուրեմն ստից պետություն եք։ Եթե Հայաստանը մեզ ճանաչի, դրանից ոչ թե վնաս չի լինելու, այլեւ ավելի իրական երաշխիքներ կստանանք, որ ղարաբաղյան խնդրի լուծումն ի վնաս մեր երկրի չի լինելու, ինչպես հիմա են փորձում դա անել։
ՆՈՅԵՄԲԵՐ 4
Կառուցել, թե պաշտպանել
Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացել է հոբելյանական երեկո՝ նվիրված Արցախյան շարժման ակտիվիստ, 1988-90 թթ. Արցախի պաշտպանության շտաբի պետ, «Կռունկ» կոմիտեի եւ Ազգային խորհրդի նախագահության անդամ, ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, արցախյան ֆուտբոլի երախտավոր Ռազմիկ Պետրոսյանի ծննդյան 70-ամյակին։
Ելույթ ունեցողները նշել են այն մեծ վաստակը, որ Ռ. Պետրոսյանն ունեցել է արցախյան ֆուտբոլի զարգացման գործում, հատկապես վերհիշելով 1977 թվականը, երբ գլխավոր մարզիչ Ռ. Պետրոսյանի ղեկավարած «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը, հաղթելով ադրբեջանական բոլոր ակումբներին, նվաճել էր Ադրբեջանի չեմպիոնի կոչումը եւ իրավունք ստացել մասնակցելու ԽՍՀՄ 2-րդ խմբի վարպետ թիմերի առաջնությանը։ Ապա անդրադարձել են արցախյան շարժման տարիներին ու ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում Ռ. Պետրոսյանի ունեցած ծառայությանը, հասարակական-քաղաքական գործունեությանը։
Երեկոյին ներկա է եղել նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը հոբելյարի վաստակի մասին իր խոսքում բարձր է գնահատել Ռազմիկ Պետրոսյանի ավանդը Ղարաբաղում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ու նրան հանձնել Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը հաստատող վկայական։
Երեկոյի վերջում Ռ. Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին եւ, հիշեցնելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ու հակառակորդը օրեցօր շարունակում է հզորացնել իր ռազմական պոտենցիալը, իր խոսքն ավարտել է միջոցառմանը ներկա Արցախի իշխանություններին ուղղված խորհրդով՝ առաջարկելով մայրաքաղաքը հեղեղած շինությունների ու շինարարական աշխատանքների համար շռայլվող գումարների մի մասը ներդնել երկրի պաշտպանության ամրապնդման գործին։ Երեկոյի մասնակիցները հոբելյարի այս խոսքերն ընդունել են ոգեւորությամբ եւ բուռն ծափողջույններով, քանզի այսօր Ստեփանակերտում շատ-շատերն են դժգոհում շինհարթակի վերածված մայրաքաղաքում կատարվող աննպատակ շինարարական եռուզեռի մասին։
Ի դեպ, Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ս. Շահումյանի անվան պուրակը, որ վերջերս հիմնովին քանդվել ու ծայրեծայր սալահատակվել էր ու հավելվել «երգող շատրվանով», եւ իշխանություններն այդ պուրակի բացումը վերածել էին առնվազն համաքաղաքային շոուի, այսօր հազիվ թե որեւէ մեկին զարմացնի իր գեղեցկությամբ։ «Երգող շատրվանն» այլեւս չի երգում, դատարկ ջրավազանի միջից անճոռնի ցցված խողովակներն ու լուսարձակներն անցորդների վրա միայն ողորմելի տպավորություն են թողնում։ Շոուն ավարտվել է, մնացել է այն ամենը, որ լիովին համապատասխանում է երկրի թշվառ կյանքին։
ՆՈՅԵՄԲԵՐ 10
Արցախը հարավկովկասյան կրթական դաշտում
Ստեփանակերտում Արցախի հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղանի թեման էր՝ «Կրթության հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում»։ Միջոցառմանը մասնակցել են Արցախի կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, բարձրագույն ուսումնական ու միջնակարգ մասնագիտական հաստատությունների, ավագ դպրոցների ղեկավարներ եւ կրթության ոլորտի մասնագետներ։
Կլոր սեղանը ղեկավարող Ժաննա Կրիկորովան նշեց, որ հասունացել է լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունը, եւ քաղաքացիական հասարակությունը չի կարող մի կողմ կանգնել երկրի ներսում գոյացած խնդիրներից։ Ցավոք, ակնարկված խնդիրների մի որոշ մասը վերաբերում է հենց կրթության ոլորտին, որը վերջին տասնամյակում դարձել է յուրօրինակ փորձադաշտ։
Տեղի հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, Արցախի պետհամալսարանի դասախոս Գեորգի Սահակյանի ասելով՝ բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները եկել են այն համոզման, որ կրթական նախկին համակարգը սպառել է իրեն եւ նոր կրթական բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել։ Եվ որպեսզի, Գ. Սահակյանի ասելով, Արցախը դուրս չմնա հարավկովկասյան կրթական դաշտից, ԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել միանալ, այսպես կոչված, «բոլոնյան» նախաձեռնությանը։
Ճիշտն ասած, տեղյակ չէի, որ հարավկովկասյան կրթական դաշտ գոյություն ունի, եւ հայաստանահայերը, ազերիներն ու վրացիները գտնվում են այդ կրթական դաշտում, իսկ արցախցիներս չենք ուզում հանկարծ հայտնվել այդ դաշտից դուրս։ Համենայնդեպս, Գ. Սահակյանը ներկայացրել է կրթական համակարգում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում նաեւ այն, որ ավագ դպրոցների ստեղծումով վտանգվում է մեր փոքր գյուղերի գոյությունը, քանզի աշակերտները ստիպված են սովորելու մեկնել այնտեղ, որտեղ ավագ դպրոցներ կան։
Կրթության նախարարի ելույթից այն տպավորությունը ստացա, որ նա ձգտում է ոչ այնքան բարձրացված խնդիրների մասին խոսել, որքան ներկայացնել, թե կրթության համակարգում վերջին 1-2 տարիներին ինչպիսի առաջընթաց է ձեռք բերվել՝ վերականգնվում են պատերազմից հետո անհետացած նախադպրոցական հիմնարկները։ «Եթե երեք տարի առաջ նախադպրոցական համակարգին հատկացվել էր 67 մլն դրամ, ապա այսօր, կառավարությանը ներկայացված նախագծի համաձայն, նախատեսվում է 10 անգամ ավելի գումար՝ 607 մլն դրամ»,- ասաց նա։ Հանրապետությունում ստեղծվել է երեք առանձնացված ավագ դպրոց, երկուսը՝ Ստեփանակերտում, մեկը՝ Շուշիում, գործում են նաեւ հինգ խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոցներ եւ այլն։
Նախարարի բավական երկար ելույթից տպավորվել է հետեւյալը։ Նա «հարգելի ներկաներին» պատմեց, որ ուսուցիչներից մեկը հարցրել է իրեն, թե կարո՞ղ է անբավարար գիտելիքներով աշակերտին նշանակել «անբավարար», եւ նախարարը վերջինիս հավաստիացրել է, թե կարող է։ Այդ օրինակով չգիտեմ, թե ինչ է ցանկացել հայտնել ԿԳ նախարարը, բայց, որ շարքային ուսուցիչը նախարարից թույլտվություն ստանալով պիտի գնահատի իր սաների գիտելիքները, դա արդեն մտահոգիչ է։ Մտահոգիչ է նաեւ այն, երբ կլոր սեղան վարողը հայտարարել է, որ 15-20 րոպե ընդմիջում է տրվում, նախարարը հարցրեց՝ կոնկրետ տասնհի՞նգ, թե՞ քսան րոպե, կրթության ոլորտի մասնագետներից մեկն ակնածանքով ասաց. «Նախարարը պաշտպանության բանակում է աշխատել, ճշտապահություն է սիրում»։
«Բանակային ճշտապահություն» ակնարկող մասնագետը երեւի թե չգիտի, որ մի այլ ճշմարտություն էլ կա, որ անվանում են «գերմանական ճշտապահություն»։ Տարբերությունը մեծ է։ Վերջինս ոչ թե պարտադրում, զոռով խցկում են մարդու գլուխը, այլ այն մոր կաթի հետ են ստանում ու ողջ կյանքում առաջնորդվում դրանով։ Կրթական համակարգում ոչ թե բանակային, այլ հենց այսպիսի ճշտապահություն պիտի լինի։ Մտահոգիչ է նաեւ այն, որ կրթության ոլորտում առկա խնդիրները քննարկելու ցանկությամբ հավաքված մասնագետների շրջապատում այդ ոլորտի բարձր պաշտոնյաներից մեկն ասում է՝ «իմ համար», մինչդեռ տարրական դասարանի աշակերտն անգամ գիտի (կամ պետք է իմանա), որ «իմ համար» կամ «մեր համար» չի լինում։ Ճիշտ ձեւն է՝ «ինձ համար», «մեզ համար»… Այնպես որ՝ Արցախի կրթության ոլորտում գոյություն ունեցող տեսանելի խնդիրներից բացի, կան նաեւ հարցեր, որ պակաս մտահոգիչ չեն։
17/11/2010
Արցախցիներն ի՞նչ սպասելիքներ ունեն Աստանայից
Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովում հերթական անգամ կչարչրկեն ղարաբաղյան խնդիրը։ Ընդհանրապես, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ այս եւ նմանատիպ մյուս ներկայացումներից արցախցիները, մեղմ ասած, ալերգիա ունեն, բայց, այնուամենայնիվ, փորձեցինք պարզել, թե Արցախի հասարակական-քաղաքական գործիչները, հասարակ քաղաքացիները ինչ սպասելիքներ ունեն այդ գագաթաժողովից։
Աշոտ Սարգսյան (հասարակական-քաղաքական գործիչ) – Նման հանդիպումներից ոչ մի սպասելիք չունեմ եւ ոչ մի լավ բան չեմ սպասում, որովհետեւ եթե նրանք ուզում են իբր հակամարտություն լուծել, բայց հակամարտող հիմնական կողմերից մեկը, այսինքն՝ Արցախը չի մասնակցում նման բանակցություններին ու հանդիպումներին, չի կարելի լուրջ բան սպասել։ Առանձնապես, երբ Արցախն այս կամ այն կերպ բազմիցս հայտնել է, որ չի ընդունում այդ Մադրիդյան սկզբունքները։ Մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովը, որտեղ գերակայող հիմք է ընդունվել տարածքային ամբողջականությունը, ոչ միայն վկայում է, որ ռազմական բլոկը եւս սկսել է զբաղվել քաղաքականությամբ, այլեւ ցույց է տալիս, որ այնքան էլ հակված չեն հաշվի առնելու մեր տեսակետը։ Իսկ ընդհանրապես, ինչ որոշում էլ կայացվի այդ կամ մի այլ գագաթաժողովում, նախ՝ ոչ ոք չի կարող դրանք զոռով պարտադրել մեզ, երկրորդ՝ Հայաստանը երբեք նման փաստաթղթի տակ ստորագրություն չի դնի։
Մասիս Մայիլյան (ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ) – Աստանայում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ որեւէ ճակատագրական փաստաթուղթ չի ընդունվելու։ Դրա համար նախադրյալներ չկան։ Իմ կարծիքով, ԵԱՀԿ համանախագահող երկրների ղեկավարները հայտարարություն կընդունեն հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու օգտին։ Ըստ իս, այսօր Արեւմուտքի կողմից՝ Կոսովոյի, Ռուսաստանի կողմից՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման նախադեպով նպաստավոր պայմաններ են ստեղծվել ԼՂՀ ճանաչման համար։
Գայանե Դանիելյան (աշխատում է մասնավոր ընկերությունում) – Ո՞վ է գլուխ դնում այդ հանդիպումներին։ Ես կարծում եմ, որ մեր հարցն արդեն լուծել ենք, հետո էլ, եթե լուծելու բան է մնացել, կախված է միայն մեզնից՝ Արցախից ու Հայաստանից։ Այսինքն՝ մեր իշխանությունները պիտի այնպես անեն, որ մեզ մոտ օրենքը գերակայող լինի, որ արդարությունը կախված չլինի պաշտոնյաների հեռախոսազանգից, որ մարդը, քաղաքացին հարգված լինի մեզ մոտ եւ օրենքով պաշտպանված։ Դրան ավելացրած, որ սոցիալական խնդիրները գնալով ոչ թե պիտի ավելանան, այլ վերջնական լուծում ստանան, որպեսզի մարդիկ չթողնեն, գնան Ռուսաստան։
Արամ Հարությունյան (գործազուրկ) – Ինձ ոչ մի Աստանա-մաստանա չի պետք։ Մեր երկիրը, մեր հողերը ազատագրել ենք՝ կարծելով, թե պրծավ, բոլոր հարցերը լուծել ենք, ազատ ենք, անկախ ենք… Բայց երբ գործ չկա, աշխատանք չկա, աշխատատեղ չկա, որ մարդ աշխատի եւ իր տունը պահի, այդ Աստանան ինձ ի՞նչ պիտի տա, որ դեռ ինչ-որ սպասելիք ունենամ։
Գագիկ Ավանեսյան (ուսանող) – Չգիտեմ։ Այնտեղ ի՞նչ հարց պիտի քննարկեն… Ղարաբաղի խնդիրը էլի առանց մե՞զ են քննարկելու… Իմ կարծիքով, մի 40-50 տարի նրանք դեռ քննարկելու են Ղարաբաղի խնդիրը, մինչեւ հասկանան, որ ոչ մի խնդիր չկա՝ մենք չենք ուզում ապրել այդ թուրքի հետ, թուրքն էլ երբեք չի ապրի հայի հետ։ Մնացածը սաղ բլեֆ ա…
Անահիտ Խաչատրյան (մանկավարժ) – Ես սպասելիք չունեմ այդ կամ մյուս նման գագաթաժողովներից, հանդիպումներից, այդ սամիթներից։ Դրանցով ես չեմ հետաքրքրվում, եւ փորձը ցույց է տալիս, որ ճիշտ եմ վարվում։ Արդեն 15-20 տարի է՝ հանդիպում են, իբր ուզում են մեր խնդիրը լուծել, հակամարտությունը լուծել։ Բայց այդ 20 տարում նրանք ի՞նչ են առաջ գցել։ Ոչինչ։
Վալերի Հակոբյան (շինարար) – Որ ասեմ՝ Աստանայի տեղը չգիտեմ, կհավատա՞ք։ Բայց ճիշտ եմ ասում։ Չեմ էլ ուզում իմանալ։ Եթե կարողանանք Ղարաբաղի բնակչությունը կրկնապատկել՝ հաշվիր մեր հարցը լուծված է։ Բայց էսպես, գոյություն քարշ տալով՝ երկար չենք դիմանա։ Կարծես քողից (թոկից) կախված լինենք։ Մի օր այդ քողը կտրվելու է եւ բոլորս ընկնելու ենք քերծի (ժայռի) տակ…
Հ. Ավանեսյան (պաշտոնյա) – Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե ինչ որոշում է կայացվելու, դարձյալ ամորֆ մի հայտարարությո՞ւն են ընդունելու, թե՞ հերթական մի այլ «գալոչկա» են դնելու այդ հանդիպման համար։ Բայց համոզված եմ, որ Հայաստանի ղեկավարությունը երբեք ստորագրություն չի դնելու մի փաստաթղթի տակ, որ մեր դեմ է, Արցախի եւ ողջ հայ ժողովրդի դեմ է։
Կարեն Մինասյան (անորոշ զբաղմունքի տեր) – Իրենց Աստանայով թող կորչեն-գնան։ Բան ու գործ չունե՞մ, նստեմ դատարկ-մատարկ բաների մասին մտածեմ։ Որ դրանց այդ հանդիպումների մասին մտածեի՝ արդեն մազերս սպիտակած կլինեին։
Նունե Ավանեսյան (տնային տնտեսուհի) – Ես Սերժ Սարգսյանին հավատում եմ։ Նա մեր դեմ փաստաթուղթ չի ստորագրի։ Հո գլխից ձեռք չի՞ վերցրել, որ ստորագրի։
Գուրգեն Սիմոնյան (կենսաթոշակառու) – Քե մատաղ, դրանք բա չե՞ն հոգնել էդ հանդիպումներից։ Գնում, իրար ձեռք են սեղմում, հետո թուրք Ալին գնում է իրենց Բաքու եւ մեզ հայհոյում, մեզ վրա հաչում։ Մենք էլ ասում ենք՝ քո հորը գյոռից դուրս եկած, կենդանացած կտեսնես, բայց Ղարաբաղը չես տեսնի։ Էդ հանդիպումների վերջնական արդյունքը էս ա։ Էդ հանդիպումները, սուտի-փութի բանակցությունները սաղ դատարկ բան են։
26/11/2010
Ադրբեջանին խնդրենք հարձակվի՞, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ-ն
Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը միտված միջազգային գագաթաժողովներին, պաշտոնական հանդիպումներին ու բանակցություններին, որտեղ տասնամյակ շարունակ ԼՂՀ-ի անունից բանակցում են ՀՀ իշխանությունները՝ նախագահի եւ արտգործնախարարի մակարդակով, Արցախում այնքան էլ լուրջ չեն վերաբերվում։ Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովը եւս բացառություն չէր։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ չեն էլ փորձում իմանալ, քամահրանքով ձեռքներն են թափ տալիս։ Այդուհանդերձ փորձեցինք իմանալ, այսպես ասած, միջին եւ փոքր տրամաչափի պաշտոնյաների կարծիքը Աստանայում կայացած գագաթաժողովի մասին։
Կարեն Սարգսյան – Միակ դրական քայլ համարում եմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը, որտեղ նա խոսել է երեք հիմնական սկզբունքների հավասարազոր լինելու մասին։ Այսինքն՝ պարզ հայտարարել է, որ առավելություն չի տալիս տարածքային ամբողջականության սկզբունքին։ Իսկ ոչ դրական եմ համարում այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ագրեսիայի, պատերազմի դեպքում Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Ինչ է, Ադրբեջանը պիտի պատերա՞զմ սկսի, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը։ Ստացվում է, որ մենք պիտի խնդրենք թշնամուն, որ հարձակվի մեզ վրա, որպեսզի ՀՀ-ն ճանաչի մեզ։ Եթե թշնամին հարձակվի Արցախի վրա, Հայաստանը ոչ թե պիտի ճանաչի ԼՂՀ-ն, այլ Արցախի միացումը Հայաստանին…
Ա. Հայրապետյան – Ես միանշանակ դեմ եմ նման կարգի բոլոր այն հանդիպումներին, որտեղ Ղարաբաղի փոխարեն բանակցում է ՀՀ նախագահը։ Էլ ինչո՞ւ ենք մենք նախագահական ընտրություններ անցկացրել, մեզ համար պրեզիդենտ ընտրել, երբ մեր հարցը, մեր երկրի ճակատագիրը ոչ ղարաբաղաբնակը պիտի որոշի։ Ես չեմ հասկանում, թե ինչու մեր իշխանությունները Հայաստանից չեն պահանջում դադարեցնել Ղարաբաղի անունից բանակցություններ կոչվող ֆարսը եւ զբաղվել սեփական երկրի խնդիրներով։ Հայաստանը, նրա նախագահները, թեկուզ ծագումով ղարաբաղցի լինեն, իրավունք չունեն մեր փոխարեն որոշելու մեր ճակատագիրը։ Վաղը եթե նրանք մեզ համար աննպաստ փաստաթուղթ ստորագրեն, մենք պիտի ուղեւորվենք Երեւան եւ այնտե՞ղ բողոքի ակցիա անենք…
Ն. Բեգլարյան – Ինչպես սպասվում էր, այդ գագաթաժողովում բեկումնային ոչ մի փաստաթուղթ չընդունվեց, որովհետեւ դրա համար անհրաժեշտ պայմաններ, նախադրյալներ չկան։ Դրան պատրաստ չեն թե՛ հակամարտող կողմերը, թե՛ միջնորդները, ովքեր իրենց մեջ այդպես էլ ուժ չեն գտնում կտրուկ գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հոխորտանքներին։ Որպես ձեռքբերում եմ համարում այն, որ կրկին հայտարարվել է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձի անհեռանկարայնությունը։
Գ. Հովսեփյան – Հայաստանը փաստաթղթեր է ստորագրում, որտեղ խոսվում է ազատագրված հողերը հանձնելու, ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին։ Ոչ մի ազերի Ղարաբաղ չպիտի գա, ազատագրված հողերը որ հանձնենք, հակառակորդը մի նպաստավոր պահ է գտնելու եւ հարձակվի իր աքցանի մեջ հայտնված Ղարաբաղի վրա։
06/12/2010
Արցախի Եհովականներին կրկին մերժեցին
«Եհովայի վկաներ» կազմակերպությունը, որ մեկ տարի առաջ հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ բողոքարկելով որպես կրոնական կազմակերպություն պետական գրանցման մերժումը, եւ ԼՂՀ առաջին ատյանի դատարանը 2009 թ. հոկտեմբերին մերժել էր վերջիններիս հայցը, կրկին դիմել է դատարան։ Ս.թ. դեկտեմբերի 3-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (վարչական դատարան), քննելով ԼՂՀ «Եհովայի վկաներ» քրիստոնեական կազմակերպության հիմնադիրների հայցն ընդդեմ ԼՂՀ կառավարության աշխատակազմի փորձագիտական եզրակացություն տալուն պարտավորեցնելու պահանջի մասին, որոշում է կայացրել մերժել։
Հետաքրքրական է, որ հայցադիմումի մեջ «Եհովայի վկաները» ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ Ա. Սարգսյանին, որպես փորձագետի, բացարկ են հայտնել՝ դա պատճառաբանելով նրանով, որ վերջինս «ունի կանխակալ վերաբերմունք Եհովայի վկաների նկատմամբ»։ Մեկնաբանելով եհովականների այդ քայլը, Ա. Սարգսյանն ասաց. «Ցավալի է, որ Հայաստանից եւ արտասահմանից հրավիրված իրավապաշտպանները միտումնավոր իմ անձին են վերագրում փորձագիտական եզրակացություն տալու բացառիկ իրավունքը, մոռանալով, որ ես միայն փորձագիտական խմբի երեք անդամներից մեկն եմ։
Եթե բացարկ հայտարարելը ԼՂՀ դատարաններն ընդունեն, փաստորեն, փորձագիտական եզրակացություն տալն անհնար կլինի, քանի որ, սահմանված կարգի համաձայն, փորձագիտական խումբը պետք է բաղկացած լինի երեք անդամներից»։
Ի պատասխան իմ հարցի, որ որոշ կրոնական համայնքներ ԼՂՀ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչին մեղադրում են կրոնական կազմակերպությունների մեջ խտրականություն դնելու մեջ, Ա. Սարգսյանն ասաց, թե կրոնական կազմակերպությունը պետականորեն գրանցված կրոնական համայնքը կամ միավորումն է, եւ այդ կազմակերպությունների բնականոն գործունեության համար պետք է ապահովվեն նորմալ պայմաններ։ Նա ասաց, որ միեւնույն ժամանակ ԼՂՀ, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով բացառիկ դեր է հատկացված Հայ առաքելական եկեղեցուն, այսինքն՝ էն գլխից «խտրականություն է» դրված կրոնական կազմակերպությունների միջեւ։
«Ինչ վերաբերում է մյուս կրոնական համայնքներին, որոնք չունեն պետական գրանցում եւ որոնք հիմնականում աղանդներ են, բնականաբար, ունեն նվազ իրավունքներ, մասնավորապես իրավունք չունեն կրոնական հավաքներ կազմակերպելու, քարոզչություն իրականացնելու, եւ նրանք հաճախ խախտում են երկրում գործող օրենքները, որպեսզի արդարացնեն այն ֆինանսական ու նյութական միջոցների վատնումը, որ առատորեն տրամադրում են արտերկրի հովանավոր շեֆերը»,- ասաց Ա. Սարգսյանը։
Ի դեպ, հայաստանյան լրատվամիջոցներից մեկը «Եհովայի վկաների» գրանցման մերժումը բացատրել է նրանով, որ խղճի եւ կրոնական համոզմունքների ազատությունը դեռ Ղարաբաղ չի հասել,- ասացի ես։
«Ցավով խոստովանեմ, որ մենք՝ հայերս, սիրում ենք մեր ազգային արժեքները ստորադասել եվրոպական ինչ-որ, այսպես կոչված, վեհ ստանդարտների, որոնց, ի դեպ, այդ նույն Եվրոպայում քամահրանքով են վերաբերվում,- պատասխանեց ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչը։- Օրինակ, Բելգիայում պաշտոնապես ճանաչված են քրիստոնեական 4 ուղղություններ (կաթոլիկությունը, բողոքականությունը, անգլիկանությունը եւ ուղղափառությունը), իսլամը եւ հուդայականությունը։
Մյուս բոլորը կոչվում են աղանդներ, իրավաբանական ոչ մի կարգավիճակ չունեն եւ պետությունից նպաստ չեն ստանում։ Դրանք, այդ թվում «Եհովայի վկաները», մտցված են «քայքայիչ աղանդավորական կազմակերպության» ցուցակի մեջ։ Իսկ «գիտակցության մանիպուլացումը», որով առաջնորդվում են «Եհովայի վկաները» եւ աղանդավորական այլ կազմակերպություններ, Ֆրանսիայում 2000 թվականից համարվում է քրեական հանցագործություն, որի համար խիստ պատիժներ են սահմանված»։
Ի՞նչ պետք է անել։ Ո՞րն է ելքը՝ հարցրի։ «Այս պահին, եթե Արցախին մի բան է անհրաժեշտ, ապա դա համայն հայության հոգեւոր եւ նյութական միասնությունն է։ Ներկայումս ազգը տարբեր կրոնական համայնքների բաժանելը ինքնակործանում է»,- պատասխանեց Ա. Սարգսյանը։
10/12/2010
Արցախցիները` հանրաքվեի եւ Սահմանադրության մասին
Դեկտեմբերի 10-ը Արցախի Սահմանադրության օրն է։ Չորս տարի առաջ՝ 2006 թվականի այս օրը ղարաբաղցիները «այո» ասացին նորանկախ իրենց երկրի հիմնական օրենքին։ Միաժամանակ, 1991 թվականին, իր պատմության ամենադրամատիկ ժամանակահատվածում համաժողովրդական հանրաքվեով Արցախը վավերացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը։ Սահմանադրության ու համաժողովրդական առաջին հանրաքվեի օրվա նախօրյակին փորձեցինք պարզել՝ արդյո՞ք 19 տարի առաջ անկախությանը կողմ քվեարկած արցախցիներն այսօր էլ նախապատվությունը տալիս են անկախությանը, քանզի 1988 թ. ազգային զարթոնքը սկսվել է Հայաստանին միանալու պահանջով։ Փորձեցինք պարզել նաեւ, թե արցախցիներն ինչ կարծիքի են ԼՂՀ հիմնական օրենքի մասին՝ արդյո՞ք կատարյալ են համարում այն, օրինակ, ճի՞շտ են համարում ազատագրված տարածքներին վերաբերող ձեւակերպումը։
Արթուր Թովմասյան (ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ) – Դարձյալ կքվեարկեի անկախության օգտին։ Ինչ վերաբերում է մեր Սահմանադրության կատարելության հարցին, ապա ինչպես աշխարհի երեւի թե բոլոր երկրների առաջին Սահմանադրության ընդունումից մի քանի տարի հետո երեւան են գալիս թերություններն ու որոշ հոդվածների փոփոխման պահանջ է առաջանում, նույնն էլ վերաբերում է մեր երկրի հիմնական օրենքին։ Ազատագրված տարածքների մասին հոդվածը հստակ է գրված։ Չպիտի մոռանանք, որ մենք Շահումյան ու Գետաշեն ունենք, որ դեռեւս մնում են հակառակորդի վերահսկողության տակ։ Եթե մենք գծեինք ներկայիս փաստացի սահմանները, ապա կստացվի, որ հրաժարվում ենք վերոհիշյալ շրջաններից, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների այն տարածքներից, որոնք այսօր գտնվում են սահմանի հակառակ կողմում։
Ներսես Օհանջանյան (ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին եւ երկրորդ գումարման պատգամավոր) – Ես միշտ էլ եղել եմ Հայաստանի հետ միացման կողմնակից եւ այսօր էլ այդ առումով այլ կարծիք չունեմ։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, չնայած ես անկախության կողմնակից չեմ, գտնում եմ, որ մենք այնպիսի Սահմանադրություն պիտի ընդունեինք, որտեղ ավելի հստակ ձեւակերպված լինեին մեր ազգային արժեհամակարգի պահպանմանը, ազգային անվտանգությանը վերաբերող հոդվածները։ Միջազգային, ավելի կոնկրետ՝ եվրոպական նորմերով ու չափանիշներով առաջնորդվող Հայաստանի ընդունած Սահմանադրությունն այդ առումով խոցելի է դարձնում Հայաստանին, ուստի մենք ոչ թե պիտի նմանակեինք նրա հիմնական օրենքը, այլ ընդունեինք այնպիսի Սահմանադրություն, որ ազգային արժեհամակարգի պահպանման խնդրում Հայաստանին հետագայում մեզ հետեւելու հնարավորություն տար… Մեր Սահմանադրության մեջ հատկապես շատ մշուշոտ է ազատագրված տարածքների վերաբերյալ հոդվածը։
Նարինե Նարիմանյան (ԼՂՀ արդարադատության նախարար) – Անկախության կողմնակից եմ եւ, եթե հարկ լինի, կրկին կքվեարկեմ անկախ պետականության օգտին։ Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում։ Այդ թվում՝ Սահմանադրությունը։ Կարծում եմ, ժամանակի ընթացքում երեւան եկած թերությունները, ժամանակի, կյանքի փորձությանը չդիմացած ձեւակերպումները, հոդվածները որոշ ժամանակ հետո ավելի հստակ տեսք կստանան մեր պետության հիմնական օրենքում։
Ալեքսանդր Համբարձումյան (ճարտարապետ) – Երեւի թե դարձյալ կողմ կքվեարկեի անկախությանը։ Սահմանադրությունը կատարյալ լինել չի կարող, որովհետեւ կյանքը փոփոխվում է, նոր հարցեր ու խնդիրներ են առաջանում, որոնք օրենքով վավերացվելու կարիք ունեն։ Սահմանադրությունը խոցելի է հատկապես ազատագրված տարածքների ամրագրման առումով։ Ես կողմ եմ ավելի հստակ ձեւակերպման։
Ռուզան Իշխանյան (լրագրող) – 1988 թվականին այլ իրավիճակ էր, եւ բնական է, որ մենք ցույցի եւ պայքարի դուրս եկանք Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով։ Բայց հետո, երբ Ադրբեջանը պատերազմ պարտադրեց մեզ, երբ մենք արդեն անկախ պետություն ենք հռչակել եւ ունենք մեր սահմանները, այսօր հնարավոր չէ կրկին օրակարգ մտցնել «միացման» խնդիրը։ Ինչ կա որ՝ թող հարավկովկասյան տարածաշրջանում երկու հայկական պետություն լինի։ Թուրքերը Ադրբեջան եւ Թուրքիա առանձին պետություններ ունեն, չէ՞։ Սահմանադրությունը երբեք կատարյալ չի լինում նույնիսկ, այսպես ասած, կատարյալ, գերզարգացած եւ հզոր երկրներում։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան կամ Ֆրանսիան շարունակ փոփոխություններ են կատարում իրենց Սահմանադրության մեջ։ Այսօր արդեն էական տարբերություններ կան գործող օրենքների եւ հիմնական օրենքների միջեւ։ Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներին, ապա պատերազմի արդյունքում այդ տարածքներն արդեն մեր փաստացի տարածքներն են դարձել եւ ամրագրված են մեր Սահմանադրությամբ։
Արմեն Գրիգորյան (գործազուրկ) – Երբ աշխատատեղ չկա, աշխատանք չկա, որ տունդ, ընտանիքդ պահես, ի՞նչ տարբերություն՝ անկախ պետությո՞ւն ենք, թե՞ միացել ենք Հայաստանին։ Չնայած, ամեն դեպքում, ես միացման կողմնակից եմ։ Սահմանադրությունը, ճիշտն ասած, չեմ կարդացել եւ կարդալու միտք չունեմ։ Մի բան ասեմ՝ Սահմանադրությունը կամ մնացած էդ օրենքները սաղ գեղեցիկ ուպակովկա արած դեկորացիաներ են, որ համարյա չեն օգտագործվում կյանքում։
Կարեն Հարությունյան (շինարար) – Ես կարծում եմ, որ ամենաճիշտը Հայաստանի հետ միանալն է։ Սահմանադրության մասին ի՞նչ կարող եմ ասել։ Ոչ ես եմ նրան պետք գալիս, ոչ Սահմանադրությունն է ինձ պետք գալիս։ Ազատագրված տարածքները Սահմանադրության մեջ ամրագրելը ամենակարեւոր բանը չէ, պետք է դրանք պահելու կոնկրետ ցանկություն լինի։ Բայց երբ մենք ասում ենք, թե դրանք հայկական տարածքներ են, մեր հողերն են, ամրագրված են մեր Սահմանադրությամբ, իսկ Հայաստանի նախագահը գնում, Ալիեւի հետ «բազար է անում» էդ հողերի շուրջ, դա արդեն ես չեմ հասկանում։ Այ ախպեր, ասում են՝ երկրի տերը ժողովուրդն է։ Հիմա ե՞ս եմ էս հողի տերը, թե՞ Երեւանում գտնվող Հայաստանի նախագահը։
Սերգեյ Ավանեսյան (կենսաթոշակառու) – Միացո՛ւմ։ Մենք մի երկիր պիտի լինենք, որ ուժեղ լինենք։ Էսպես ասես քանդած ցախավելի ծղոտ լինենք։ Հեշտությամբ մեզ կարելի է կոտրել։ Սահմանադրությունը կարող է շատ լավն է, բայց եթե էդ հոդվածները մեր մնացած օրենքների պես կամ կիսատ-պռատ են գործում, կամ շրջանցելով, խախտելով, էլ ո՞ւմ է պետք։
Արթուր Զաքարյան (նախկին ազատամարտիկ) – Մի բան ասեմ՝ անկախությունը նրա համար են հնարել, որ մի խումբ մարդիկ բարձր պաշտոններ ստանան։ Մնացած պատճառաբանություններին չեմ հավատում։ Սահմանադրության հոդվածները մեկ-մեկ չեմ կարդացել, բայց կարդացել եմ ազատագրված տարածքներին վերաբերող հոդվածը։ Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե դա պատերազմում հաղթած երկրի հոդվա՞ծ է, թե՞ պարտված։ Տնաշենները էնքան վախեցած են բառերը գրել, ասես… Բայց նույնիսկ կարեւորը դա չէ։ Այդ հողերը իսկապես մերը կլինեն, եթե բնակեցնենք։
13/12/2010
«Ղարաբաղ տելեկոմի» նոր անակնկալները
«Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ն կառավարության նիստերի դահլիճում հրավիրված հերթական PR ակցիայից մեկ օր առաջ կրկին ազդարարեց, որ սակագների հետ կապված նոր անակնկալներ ունի պատրաստած… Ճիշտն ասած, տեղական հեռուստատեսությամբ ու այլ հեռուստաալիքներով օրը մի քանի տասնյակ անգամ շեփորվող գովազդներում արցախցիներն այնքան շատ են լսել «նոր անակնկալ «Ղարաբաղ տելեկոմից»» արտահայտությունը, որ հոգնել են։ Հատկապես, երբ այդ «անակնկալները» չեն կարողանում փոխել, այսպես ասած, միջին ղարաբաղցու ոչ դրական վերաբերմունքը դեպ ՂՏ-ի բարեգործ ղեկավարը։
Այս անգամ թվում է, թե վերջապես Ռալֆ Յիրիկյանը տեղի է տալու արցախցի բաժանորդների դժգոհություններին եւ վերացնելու է բջջային հեռախոսակապի համար րոպեավճարից բացի ամեն ամիս չգիտես ինչի համար գանձվող 1200 դրամ բաժանորդավճարը։ Առանձնապես երբ վերջին հանդիպումների ժամանակ հայտնել էր, որ կապի ոլորտում որակի եւ սակագների խնդրում «շոշափելի դրական փոփոխություններ» կարձանագրվեն։
Հերթական փոփոխությունները, կարելի է ասել, ավելի շատ բաժանորդների աչքին թոզ փչելու կամ «ձեռ առնելու» տպավորություն թողեցին։ Բջջային հեռախոսակապի 40 դրամ րոպեավճարն ընդամենը իջեցվել է 2 դրամով։ Դրա փոխարեն 17-50 տոկոսով իջեցվել են դեպի Հայաստան եւ արտերկիր կատարվող հեռազանգերի սակագները։ Քաղաքային հեռախոսից Հայաստանի բջջային հեռախոսներին կատարված զանգերի 75 դրամ սակագինը դեկտեմբերի 13-ից դարձել է 45 դրամ, իսկ 2011 թվականից կդառնա 39,39 դրամ, դեպի Ռուսաստան կատարվող զանգերն այսուհետ 80-ի փոխարեն կարժենան 39 դրամ։
Ի դեպ, այդ 38, 39,39 կամ 39 դրամն ուղղակի շշմելիորեն ազդեցիկ են եւ ցույց են տալիս, թե պարոն Յիրիկյանը որքան պատկառանքով է վերաբերվում արցախցի բաժանորդների յուրաքանչյուր 1 կամ 0,39 դրամին։ Ուղղակի անհասկանալի է, թե ինչու 1200 դրամ բաժանորդավճարն այդպես էլ մնաց անփոփոխ ու կլորիկ, երբ դա էլ, ասենք, կարելի էր դարձնել 1.198 դրամ, 1.199 կամ 1.199,39 դրամ։ Միեւնույն է, հեռախոսավարձ մուծելիս ոչ մի բաժանորդ չի պահանջելու վերադարձնել 1 կամ 2 դրամը, թեկուզ այն պատճառով, որ շրջանառության մեջ այդպիսի դրամներ չկան…
Մոտավորապես այսպիսին են Ռալֆ Յիրիկյանի խոստացած դրական փոփոխությունները կամ, ՂՏ-ի լեզվով ասած՝ «նոր անակնկալները», չնայած նա չմոռացավ լրագրողներին այս անգամ էլ հայտնել, որ կապի ոլորտում կատարվող սակագների իջեցումը 2011 թվականին եւս շարունակվելու է։ Մնում է հուսալ, որ Արցախի 50 հազար բաժանորդներն այսուհետ կսկսեն եռանդով զանգեր հղել դեպ Հայաստան ու Ռուսաստան, որպեսզի իրենց գրպանում «շոշափելիորեն» զգան ՂՏ-ի գործադիր տնօրենի դրական փոփոխությունները։
15/12/2010
Էրնեկ թե այս Նոր տարին...
«Էրնեկ թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին բուն դներ մեր սրտերին»…
Ասվում է հանրահայտ երգում, որի խոսքերը շուրջ մեկեւկես դար առաջ գրել է նշանավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանը։ Այսօր Հայաստանը, Արցախը պետականություն ունեն, ճանաչված թե չճանաչված անկախ երկիր են, սակայն դարձյալ Ամանորի նախօրյակին երազում ենք՝ «Էրնեկ թե այս Նոր տարին ազատ շնչեր Հայաստան…»։ Ժամանակները փոխվել են, բայց մեր իղձերն ու սպասելիքները նույնն են մնացել։
Մի տարի էլ կանցնի պատմության գիրկը, մենք մի տարով էլ կմեծանանք, կծերանանք, սակայն մշտապես մնալով սեփական սխալներից երբեք դասեր չառնող նույն մանկամիտը։ Անկատար մնացած մեր երազները հիմա էլ կբարդենք գալիք 2011-ի ուսերին։
Ի՞նչ տվեց մեզ 2010-ը։ Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել, քանզի «մեզ»-ը շատ լայն հասկացություն է, որի մեջ մտնում ենք թե՛ շարքային քաղաքացիներս, որ ժողովուրդ է կոչվում եւ դե-յուրե համարվում է այս երկրի տերը, թե՛ իշխանություններն ու սրանց հովանու ներքո բարգավաճող գործարարները, որ Հայոց երկրի տերն են ե՛ւ դե-յուրե, ե՛ւ դե-ֆակտո։
Ժողովրդի վիճակը, մեծ հաշվով, էականորեն չի փոխվել՝ ոմանց բարեկեցությունն աննշան լավացել է, ոմանցը՝ որոշ չափով վատացել։ Որոշ չինովնիկներ նոր պաշտոններ են ստացել, ոմանց «ռակիրովկա» են արել այլ պաշտոնյաների հետ, բայց թվաբանական հայտնի կանոնի համաձայն՝ գումարելիների տեղափոխությունից գումարը մնացել է անփոփոխ…
Արտաքին քաղաքական կյանքում կարծես լուրջ փոփոխություններ չեղան, բայց, միեւնույն ժամանակ, հատկապես ղարաբաղյան խնդրում տեղի ունեցած շարժերն առավելապես ի վնաս մեզ են։ Ազերիների պահանջով, բնականաբար, հայկական կողմի համաձայնությամբ՝ ԵԱՀԿ-ն «հումանիտար ուսումնասիրություններ» կատարեց մեր այն տարածքներում, որ ազերիները, միջազգային հանրությունն ու մեր քաղաքական վերնախավն անվանում են օկուպացված տարածքներ։ Հակառակ հայ վերնախավի խոստման, նրանք նույն «ուսումնասիրությունը» չկատարեցին ազերիների կողմից օկուպացված հայկական տարածքներում եւ չեն էլ կատարելու…
Ներքաղաքական կյանքում. Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկը մի կերպ մտավ Հայոց խորհրդարան, սակայն ղեկավարող կուսակցության կտրիճները մի մարդու պես լքել են նիստերի դահլիճը, գտնելով, որ դա ժամանակավրեպ է եւ խանգարում է ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, որից հայտնի չէ, թե ինչ սպասելիքներ ունենք։ Այդ կտրիճներից պետք էլ չէր այլ բան սպասել, որովհետեւ մինչ այդ նույն կուսակցության թիմակից ՀՀ նախագահն ի լուր աշխարհի հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, Հայաստանը ճանաչելու է ԼՂ անկախությունը։ Ասել է թե՝ քանի դեռ Ադրբեջանը չի հարձակվել Արցախի վրա, ՀՀ-ն երբեք չի ճանաչի Ղարաբաղը։
Սակայն հանգիստ թողնենք նաեւ բազմաչարչար ղարաբաղյան խնդիրն ու մտածենք գալիք Ամանորի մասին։ Ի վերջո, այնքան էլ հաճախ չենք հանդիպում նրան։ Ընդամենը տարին մի անգամ։
Ամանորն արդեն ծեծում է մեր դռները։ Ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ ունենք Նոր տարուց՝ 2011 թվականից։ Անձամբ ես ընդամենը մի ցանկություն ունեմ։ Գիտեմ, որ դա երբեք չի իրականանալու, բայց եթե դա մի հրաշքով կատարվի, կիրականանա իմ եւ հազարավոր, տասնյակ հազարավոր, գուցեեւ հարյուր հազարավոր իմ հայրենակիցների երազանքների մեծ մասը…
Ես կցանկանայի, որ հասարակ մահկանացուներս Նոր տարվա առաջին արեւածագին աչքներս բացենք ու տեսնենք, ո՜վ հրաշք, Հայոց աշխարհի բոլոր մեծ ու փոքր, ամենատարբեր տրամաչափի ապաշնորհ ու տհաս ղեկավարները թռել են Մարս կամ դեռեւս չբնակեցված մի այլ մոլորակ։ Դեկտեմբերի 31-ի վերջին ժամերին նստել են գերժամանակակից մի աէրոբուս կամ բազմատեղանոց մի տիեզերանավ ու թռել մի մոլորակ, որտեղ ծառերի վրա դոլարներ են աճում, իսկ գետնին քարերի փոխարեն ոսկիներ են թափված… Եվ թող նրանք սրտի ուզածի չափ հարստանան, 2-ի փոխարեն 30 կամ 40 դղյակ սարքեն իրենց համար, միլիոնավոր հեկտարներ սեփականաշնորհեն…
Բայց այս ամենը միայն ցանկություն է, որ երբեք չի կատարվելու։ Գուցե ճիշտ կլինի շատ ավելի հավանական մի այլ բան ցանկանանք այս Ամանորից առաջ։ Ասենք, ցանկանանք, որ այս Նոր տարում Աստված մեզ տալիքից մի ստվար բաժին կտրի եւ տա բոլոր ապաշնորհ ու տգետ պաշտոնյաներին։ Գուցե թե դրանից կշտացած՝ այդ պարոններն այլեւս կաշառք չվերցնեն եւ զանազան զարտուղի ճանապարհով հարստություն կուտակելու մասին մտմտալու փոխարեն ժամանակ ունենան մտածելու մի բարի գործ կատարելու մասին…
Էրնեկ թե այս Նոր տարին… Դարեր ի վեր այսպես երազում ենք։ Մի բան, որ չեն կարող մեզնից խլել, դրանք մեր երազանքներն են, որոնց համար չեն կարող հարկ գանձել կամ պահանջել պարտադիր ապահովագրել դրանք։
06/01/2011
2011
Նոր նապադե՞պ Արցախի անկախության ճանաչման համար
Նկատի ունենալով Հարավային Սուդանի անկախության ճանաչման գործընթացը, արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը գտնում է, որ ընդհանրապես աշխարհում այնպիսի պրոցեսներ են տեղի ունենում, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ։ «Մենք միշտ նշում ենք, որ Կոսովոյի անկախության նախադեպով ազգերի ինքնորոշման խնդրում աշխարհում նոր փուլ է սկսվել,- ասաց Դ. Բաբայանը։- Եվ Հարավային Սուդանը դրա եւս մի օրինակն է»։
Քաղաքագետը գտնում է, որ շարունակ խեղաթյուրում են տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները։ Կամ զուգահեռներ են անցկացնում դրանց միջեւ, կամ փորձում այդ սկզբունքները հակադրել իրար։ Մինչդեռ, Դավիթ Բաբայանի կարծիքով, դրանք գտնվում են միանգամայն տարբեր հարթություններում։ Տարածքային ամբողջականությունը ենթադրում է փոխհարաբերություններ պետությունների միջեւ, իսկ ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառվում է կոնկրետ տարածքում, առանց հարեւան պետությունների տարածքների հետ որեւէ առնչության։
Դ. Բաբայանի կարծիքով, նույն Ադրբեջանը, որ ամեն կերպ անտեսում է արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը եւ շարունակ շեփորում իր տարածքային ամբողջականությունը, շարունակում է համագործակցել չճանաչված երկրների հետ։ «2009 թվականից Ադրբեջանն ավելի քան 500 անգամ մեծացրել է ապրանքափոխանակությունը չճանաչված Թայվանի Հանրապետության հետ,- հավելեց քաղաքագետը։- Այն փաստը, որ Հարավային Սուդանի անկախության ճանաչման գործընթացը պաշտպանում են այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, վկայում է, որ իրոք նոր շարժեր են կատարվում ժամանակակից աշխարհում, այդ գերտերություններն ընդունում են ազգերի ինքնորոշման իրավունքը։ Իսկ դա նշանակում է, որ մեր իրավական դիրքերը սկսված այդ գործընթացում ավելի կամրապնդվեն»։
Ղարաբաղցի իրավապաշտպան Ալբերտ Ոսկանյանի կարծիքով՝ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեով ու անկախության հռչակմամբ վերջ կդրվի Սուդանի մահմեդական հյուսիսի եւ առավելապես քրիստոնեական դավանությամբ հարավային մասի միջեւ 20-ամյա արյունահեղ պատերազմին։ «Ուրախալի է այն փաստը, որ ե՛ւ Սուդանի իշխանությունները, ե՛ւ միջազգային հանրությունը միակամ են այն հարցում, որ հանրաքվեն պիտի անցնի քաղաքակիրթ ու ժողովրդավարական ձեւով՝ անկախ վիճելի հարցերից ու փոխադարձ անվստահությունից»,- ասաց իրավապաշտպանը։
Ի պատասխան այն հարցին, թե Հարավային Սուդանը կարո՞ղ է նախադեպ դառնալ Արցախի համար, Ա. Ոսկանյանն ասաց, որ, իհարկե, միջազգային հանրության կողմից երկակի ստանդարտների կիրառումն ակնհայտ է, բայց Հաագայի միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության վերաբերյալ եւ Սուդանի հանրաքվեն վկայում են, որ երկու դեպքում էլ ազգամիջյան վեճերը լուծվում են քաղաքակիրթ ձեւով, ու միջազգային հանրությունը երկու դեպքում էլ նախապատվությունը տալիս է ազգերի ինքնորոշման սկզբունքին։ Հարավային Սուդանի անկախության ճանաչման գործընթացը, արցախցի իրավապաշտպանի կարծիքով, եւս մի նոր ազդակ է Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությանը հասկացնելու, որ հակամարտությունը միայն ու միայն լուծվում է խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով։
13/01/2011
Սուդանը չի կարող Արցախի համար նախադեպ լինել
Արցախի շարքային քաղաքացիները չեն հավատում, որ Հարավային Սուդանի անկախության ճանաչման գործընթացը կարող է նախադեպ հանդիսանալ Ղարաբաղի համար։ «Արցախյան շարժումից հետո տեսեք քանի երկրներ են անկախություն ստացել, ճանաչվել այս կամ այն երկրների, պետության կամ մի քանի տասնյակ երկրների կողմից՝ Կոսովո, Հարավային Օսեթիա, Աբխազիա եւ այլն,- ասում է մասնագիտությամբ ինժեներ Արթուր Գրիգորյանը։- Բոլորն էլ կարող էին նախադեպ դառնալ, բայց չդարձան։ Հարավային Սուդանն էլ անկախություն կստանա, բայց մենք այդպես էլ չենք դառնալու հաջորդը, որովհետեւ դիվանագիտություն չունենք, մեր քաղաքական էլիտա կոչվածը խնդրի լուծման ոչ մի ծրագիր չունի»։
Թոշակառու ուսուցիչ Գ. Հարությունյանի կարծիքով` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը չի լուծվելու, քանի դեռ Արցախը գտնվում է «խաղից դուրս» վիճակում։ «Հայաստանի իշխանությունները հատկապես վերջին 10 տարում Ղարաբաղի տունը քանդեցին,- գտնում է նա։- Մեր երկիրը, մեր պետությունը պատերազմի դաշտում ձեռք բերած մեր հաղթանակը ծառայեցրին իրենց կարիերային, դրանք զոհեցին իրենց աթոռին։ Վերցրին ու Ղարաբաղը դուրս շպրտեցին բանակցային գործընթացից, թե՝ մենք ինքներս ներկայացնում ենք ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը»։
«Մենք ՀՀ-ում եւ այստեղ՝ Ստեփանակերտում ունենք արտգործնախարարություններ, բայց դրանք միասին ադրբեջանական ԱԳՆ-ի մի շարքային աշխատողի չափ գործ չեն կատարում,- ասում է նախկին պաշտոնյա Ա. Ս.-ն։- Վերջին դեպքը վերցնենք՝ Ադրբեջանում Լեհաստանի դեսպանատան կայքում լեհերն արգելում են իրենց քաղաքացիներին այցելել Արցախ։ Մերոնք ասում են, որ իբր դա պաշտոնական Լեհաստանի տեսակետը չէ։ Բայց փաստն այն է, որ ազերիները բոլոր ուղղություններում նպատակաուղղված քաղաքականություն են վարում, իրենց սուտն անց են կացնում միջազգային տարբեր կազմակերպություններում՝ սկսած ՄԱԿ-ից, իսկ մենք բավարարվում ենք միայն խղճուկ հերքումներով ու մեկնաբանություններով, որոնք ավելի շուտ ներքին սպառման համար են։ Տեսած կա՞ս, որ պատերազմից հետո վերջին 15 տարում մեր դիվանագետները որեւէ հարցում նախահարձակ լինեին, մի անգամ էլ իրենք մի համարձակ բան անեին, որպեսզի մի անգամ էլ մեր թշնամիները մտածեին դրա տակից դուրս գալու մասին»։
Նախկին ազատամարտիկ Արմեն Սարգսյանը գտնում է, որ հայկական իշխանությունները ոնց որ Լուսնից իջած լինեն։ «Էսպես որ նայում եմ սրանց գործողություններին, թվում է, թե սրանք իսկի կապ չունեն ղարաբաղյան խնդրի, պատերազմի, մեր ազգային երազանքների հետ,- ասում է Արմենը։- Կարծես Լուսնից են իջել եւ դարձել գլխներիս տերը։ Իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում։ Մի բերան այդ ԵԱՀԿ-ից ու Մադրիդյան սկզբունքներից են կառչել։ Մի հարցնող լինի դրանց՝ ձեր էդ Մադրիդյան սկզբունքներում գոնե մի կետ կա՞ մեր օգտին, կամ այդ ԵԱՀԿ-ն գոնե մի բան արե՞լ է, որ գոհացնի մեզ»։
Իմ զրուցակիցներից շատերին առանձնապես վրդովեցրել է ՀՀ նախագահի` Աստանայում այն հայտարարությունը, ըստ որի՝ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, Հայաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նախ՝ շատերի կարծիքով, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը ոչ թե պիտի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այլ՝ միացումը Հայաստանին։ Բացի դրանից, արցախցիները գտնում են, որ Սերժ Սարգսյանը չպիտի այդպիսի հայտարարություն աներ։ «Ստալինը կամ որեւէ այլ մի լուրջ ղեկավար երբեք նման հայտարարություն չէր անի,- ասում է թոշակառու Սերգեյ Ավանեսյանը։- Երեւի պատմությունից հիշում եք, թե ինչպես իրեն պահեց Ստալինը, երբ առաջին անգամ լսեց, որ ԱՄՆ-ն ատոմային ռումբ ունի։ Իմ կարծիքով, եթե նրա տեղը լինեին մեր ղեկավարները, նրանց տեղը մի թաց տեղ էլ չէր մնա…»։
Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ ղեկավարն այդ հայտարարությամբ Ղարաբաղի ճանաչման հավանականությունն իջեցրել է զրոյի, իսկ նախկին պաշտոնյա Ա. Ս.-ն գտնում է, որ այդ քայլով ՀՀ ղեկավարը ժխտել է Արցախի ներկայիս անկախ գոյության փաստը։ «Այդ հայտարարությամբ Ս. Սարգսյանը մեր հիմնական հաղթաթուղթը տվել է հակառակորդին,- ասաց նա,- ասենք, եթե Ադրբեջանը առաջիկա 10 տարում չհարձակվի Ղարաբաղի վրա, նշանակում է` այդ 10 տարում հայկական կողմից թաղված է մնալու ԼՂՀ ճանաչման հարցը»։
18/01/2011
Իսկ Արցախը դեռ «կոտրած տաշտակի» առջեւ է
Օրերս ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել եւ քննադատել «պաշտոնական Բաքվի հերթական ապակառուցողական նախաձեռնությունը», նշելով, որ «վերջին ժամանակներս Ադրբեջանն ակտիվացրել է այլ պետությունների քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը»։ Ապա Ադրբեջանի ղեկավարությունը կոչ է արել «հրաժարվել ապակառուցողական քայլերից եւ իր քաղաքական կապիտալն ուղղել Հարավային Կովկասում փոխադարձ ընդունելի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված բանակցություններին՝ հաշվի առնելով առկա իրողությունները»։
Հունվարի 24-ին Արցախի ԱԳՆ-ն հանդես եկավ նոր հայտարարությամբ, որի առիթը Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեն է։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ «Հարավային Սուդանի հանրաքվեի անցկացումը վկայում է այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը հանդիսանում են նմանատիպ հակամարտությունների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ եւ ժողովրդավարական եղանակը։
Այդկերպ են լուծվել Եթովպիայի եւ Էրիթրեայի, Ինդոնեզիայի եւ Արեւելյան Թիմորի միջեւ հակամարտությունները»։ ԼՂՀ արտգործնախարարությունը, ողջունելով Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը, «աշխարհի տերությունների կողմից օբյեկտիվ եւ կայուն հետեւողականություն է ակնկալում ադրբեջանա-ղարաբաղյան եւ նմանատիպ հակամարտությունների նկատմամբ նույնատիպ մոտեցում կիրառելու հարցում՝ միջազգային իրավունքի կիրառման ժամանակակից միտումների ոգով եւ 2009 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձեւին համապատասխան», եւ հիշեցնում է, որ Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքից օգտվել է դեռեւս 1991-ին անցկացված հանրաքվեով՝ արտահայտվելով անկախության օգտին, ինչպես նաեւ իր կամքը հաստատել է 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունմամբ։
Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի ու կործանարար պատերազմի պատճառը ԼՂՀ ԱԳՆ-ն համարում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսումը եւ միջազգային հանրության անգործությունը։ «Մարդկանց ազատությունն ու անվտանգությունը ժամանակակից աշխարհում բարձրագույն արժեքներ են հանդիսանում։ Մարդու հիմնական իրավունքների իրացմանը խոչընդոտելու ցանկացած փորձ պետք է դիտվի քաղաքական իրավիճակից անկախ եւ միջազգային հանրության կողմից միանշանակ եւ խիստ գնահատականի արժանանա»,- ասված է հայտարարության մեջ։
Հետաքրքիրն այն է, որ պաշտոնական Ստեփանակերտը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանը զուգահեռ, վերջին ժամանակներս օգտագործում է նաեւ «Արցախի Հանրապետություն» անվանումը։ Վերջին ձեւն օգտագործում է ոչ միայն ԱԳՆ-ն, այլեւ Արցախի նախագահի պաշտոնական կայք-էջը։ Ուրախալի է նաեւ, որ Արցախի ԱԳՆ-ն ողջունել է հարավային սուդանցիների անկախությունը։ Հնարավոր է, որ վաղը նույն անկեղծությամբ շնորհավորի նաեւ, ասենք, Արեւելյան Պոլինեզիայի կամ Արեւմտյան Անտարկտիդայի անկախությունը։
Սակայն խնդիրն այն է, որ աշխարհի տարբեր ծագերում պետություններ են անկախանում, դառնում իրենց գլխի տերը, իսկ Արցախը, որ վերջին երկուսուկես տասնամյակում աշխարհում առաջիններից մեկն էր ազատության դրոշ պարզել, այսօր մնացել է «կոտրած տաշտակի» առջեւ։ Տեսանելի ապագայում գրեթե ոչ մի առաջընթաց չի երեւում։ Եվ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ միջազգային ճանաչման հասած բոլոր երկրները պայքարել ու հասել են իրենց բաղձալի նպատակին, իսկ Արցախի իշխանությունները նստել ու սպասում են, թե պաշտոնական Երեւանը երբ է Արցախի հարցը լուծելու։ Իսկ ՀՀ ղեկավարների համար եթե աշխարհում մի կարեւոր հարց կա, դա սեփական աթոռի պահպանումն է։ Նրանց գործունեությունը վկայում է, որ մնացյալ ամեն ինչի վրա, այդ թվում՝ երկրի ու ժողովրդի, թքած ունեն։
25/01/2011
Մենք նպաստում ենք, որ մեզ «անազատ» անվանեն
Ի վերջո, Արցախն ազա՞տ երկիր է, թե՞ անազատ։ Ամերիկյան «Ֆրիդոմ հաուզ»-ի վերջին զեկույցում Արցախը ներկայացվել է որպես «ոչ ազատ» երկիր, այն դեպքում, երբ նախորդ տարի Արցախն ու Հայաստանը համարվել են «մասամբ ազատ»։ Այն, որ Արցախը հայտնվել է Ադրբեջանի կողքին, ցույց է տալիս, որ այս կազմակերպությունն Արցախի հարցում առավելապես առաջնորդվել է քաղաքական նկատառումներով։ Կարծում եմ, որ այստեղ դեր են խաղացել նաեւ ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումներում հայ դիվանագիտության անսկզբունքայնությունն ու պարտվողական կեցվածքը։
Ի դեպ, այդպիսի ոչ կառավարական մեկ այլ կազմակերպություն էլ կա՝ «Միջազգային ճգնաժամային խումբ» անվամբ։ Երբ Սաբինա Ֆրեզերի գլխավորած այդ խումբն առաջին անգամ երեւաց Արցախում, այստեղ լրջորեն հավատացին, որ այդ կազմակերպությունը ղարաբաղյան խնդրում կարող է ճշմարտության որոշակի էլեմենտներ մտցնել։ Սակայն, ի հիասթափություն բոլորիս, նրանք արցախյան խնդրում նույն քաղաքականությունն են իրականացնում, ինչ ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն կամ եվրոպական մյուս կառույցները։ Ասել է թե՝ «ոչ կառավարական» անվանումը դեռեւս չի նշանակում անաչառ ու անկողմնակալ դիրքորոշում ունենալ։
Իմ խորին համոզմամբ, Արցախի ներքաղաքական դաշտը եւս նպաստել է, որպեսզի մեր երկիրն անվանվի «անազատ»։ Արցախում ընդդիմության բացակայությունն իրոք լրջորեն ազդել է ԼՂՀ-ի հեղինակության վրա։ Ճիշտն ասած, վերջին առնվազն 10 տարում, ցավոք, մեզ մոտ ընդդիմություն կամ ընդդիմադիր քաղաքական ուժ երբեք չի եղել։ Բայց այստեղ մի նրբություն կա։ Երբ անընդհատ փաստում ենք, որ երկրում ընդդիմություն չկա, դա ամենեւին չի նշանակում, թե այդ «հատապտուղը» մեր լեռնային պայմաններում չի կարող աճել։
Ընդդիմություն չկա, որովհետեւ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեր քաղաքական միջավայրում դրա կայացման համար նպաստավոր մթնոլորտ չկա, հայ ղեկավարի խանական տիպարը տառապում է սեփական անձի անսխալականության մոլուցքով եւ ընդհանրապես չի հանդուրժում այլախոհություն, քննադատական խոսք ու պատրաստ է դրանք խեղդել սաղմի մեջ։ Իսկ փոքրիկ Արցախի քաղաքական դաշտում, ինչպես երեւում է, ոչ ոք չի ուզում «աչքի փուշ» դառնալ, հատկապես երբ «հացի խնդիր» կա։
Մեկ այլ՝ ավելի թարմ օրինակ։ Արցախը, նմանակելով Հայաստանին, նույնպես ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության, այսպես ասած, օպերացիա է իրականացնում։ Բայց մի՞թե ազատ կոչվող երկրի քաղաքացուն կամք պարտադրելը որեւէ առնչություն ունի ազատության ու ժողովրդավարության հետ։ Մեզ մոտ պարբերաբար բարձրացվում են էլեկտրաէներգիայի, գազի եւ այլ սակագներ։ Ջրի գինը կրկնակի են բարձրացրել, որովհետեւ հստակ գիտեն, որ դրա համար շարքային արցախցին չի համարձակվելու, ինչպես եվրոպաներում է ընդունված, փողոց դուրս գալ եւ ցույցով, հանրահավաքով իր բողոքը հայտնել։
Անձնական օրինակ բերեմ։ Մեզ մոտ որոշ «շատ խելոք» պաշտոնյաներ իրենց աշխատողներին արգելում են Արցախի միակ անկախ` «Նոր էջ» թերթը կարդալ։ Ճիշտ է, դրանով նրանք ավելի են մեծացնում հետաքրքրությունը թերթի հանդեպ, եւ դա թերթի օգտին է։ Բայց, որ ազատ խոսքը ճնշելու այդ քայլով նման տհաս չինովնիկները ջուր են լցնում «Ֆրիդոմ հաուզ»-ների ջրաղացին, դա արդեն ի վնաս մեր երկրի է։
Իմիջիայլոց, Երեւանում օրերս կարծիք է հնչել, թե այսօր Արցախում չկա անկախ մամուլ։ Ես, որ վերջին ավելի քան տասնամյակում եղել եմ արցախյան գրեթե բոլոր անկախ թերթերի ստեղծման ակունքում եւ արդեն երրորդ տարին է՝ խմբագրում եմ «Նոր էջ» թերթը, տարակուսած եմ. նման կարծիք ունեցողներն ինչ են հասկանում «անկախ մամուլ» ասելով։ Ես, առանց ստորակետ անգամ փոխելու, պատրաստ եմ տպագրել բոլոր նրանց հոդվածները, ովքեր գտնում են, թե Արցախում անկախ մամուլ չկա։
04/02/2011
Իրենց հարստության 15-20 տոկոսը ներդնեն՝ Ղարաբաղը կծաղկի
Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ, պահեստի գնդապետ Ռազմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ առաջարկում է նոր խորհուրդ ստեղծել
- Պարոն Պետրոսյան, ի՞նչ խորհրդի մասին է խոսքը, եւ ինչո՞վ պիտի այն զբաղվի։
- Ղարաբաղյան շարժումից ի վեր Արցախի անունով բազմաթիվ ղարաբաղցիներ մեծ հարստության տեր են դարձել, Երեւանում բոլոր ղարաբաղցի ղեկավարները հարստացել են։ Նրանք՝ մեծ հարստություն կուտակած այդ մարդիկ, թող գոնե իրենց հարստության մի 15-20 տոկոսը, որպես փոխհատուցում, բերեն իրենց հայրենի Արցախում մի բան սարքեն, մեկական շրջան իրենց ձեռքը վերցնեն եւ զարգացնեն։ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, նրա եղբայրը, խանաբադցի Բարսեղը եւ մյուսները թող իրենց նյութական հարստության մի մասը ներդնեն հանուն Արցախի զարգացման։ Առաջարկում եմ մի խորհուրդ ստեղծել։ Ասենք 3 հոգուց, ՀՀ նախագահը՝ Սերժ Սարգսյանն առաջարկի իր շրջապատից, իր ցանկալի մարդկանցից, 3 հոգի Հայ ազգային կոնգրեսը տա, 3-ը՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարած ՀՀ հանրային խորհուրդը, եւ վերջապես՝ 3 ազնիվ, նվիրված մարդ էլ արցախցիներս ընտրենք։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Արցախի բնակչության թիվը 2-3 անգամ ավելացնել, զարգացնել, շենացնել այս երկիրը, որի համար այնքա՜ն արյուն է թափվել։
- Ի դեպ, Արցախի վիճակագրական ծառայության հաղորդած տեղեկության համաձայն, այսօր Արցախում ապրում է ընդամենը 143,5 հազար մարդ։
- 1989 թվականին, երբ ստեղծվել է Ազգային խորհուրդը, մենք բնակչության հաշվառում ենք կատարել եւ պարզել, որ Արցախում, առանց ազերի բնակչության, 198 հազար մարդ է ապրում։ Երբ Անուշավան Դանիելյանը Ղրիմից եկավ եւ մեզ մոտ վարչապետ դարձավ, խոստացավ բնակչության թիվը հասցնել 300 հազարի, բայց երբ նա գնաց, այստեղ խոստացածի նույնիսկ կեսն էլ չէր ապրում։
- Իսկ Ձեր առաջարկած ծրագիրն իրակա՞ն եք համարում։
- Իհարկե։ Ադրբեջանն այսօր ինչո՞ւ է այդքան հոխորտում, պատերազմով սպառնում մեզ։ Որովհետեւ վերջին 10-15 տարում իրոք ուժեղացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում։ Նրանք տարեցտարի մեծացրել են իրենց ռազմական բյուջեն, ժամանակակից զենք են գնել, հզորացել։ Մենք էլ ենք, իհարկե, ավելացրել մեր զինապահեստը, բայց շատ ավելի համեստ չափերով։ Ղարաբաղի խնդիրը լուծելու միակ պայմանն այն է, որ մենք ավելի ուժեղ լինենք հակառակորդից։ Իսկ այսօր այդ հավասարակշռությունը խախտվում է՝ ոչ հօգուտ մեզ։
- Պատերազմ կսկսվի՞, թե՞ չի սկսվի՝ օտարազգի քաղաքագետները, մեր գործիչները, վերլուծաբանները շարունակ այս հարցի շուրջ են վիճաբանում։ Դուք ի՞նչ եք մտածում։
- Շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ն եւ աշխարհի մյուս հզոր տերությունները թույլ չտան, որ Ադրբեջանը պատերազմ վերսկսի։ Բայց նաեւ հնարավոր է, որ աշխարհում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերջիններս չկարողանան խանգարել մեր հակառակորդին։ Այնպես որ՝ միակ ճիշտ ճանապարհն այն է, որ մենք հույսներս առաջին հերթին մեզ վրա դնենք եւ զարգացած, հզոր երկիր ստեղծենք, ժամանակակից ուժեղ բանակ ունենանք։ Եթե հակառակորդը պատերազմ սկսի, ինքն էլ է մեծ կորուստներ կրելու, բայց սկզբնական շրջանում մեր բնակչության շուրջ 30 տոկոսը կորցնելու ենք։ Ճիշտ է, հետո հաղթելու ենք, սակայն ո՞ւմ է պետք այն հաղթանակը, որ պիտի ձեռք բերվի մեր բնակչության մի մասի կյանքի գնով…
Բոլոր այդ բանակցությունները, միջնորդները, նախագահների հանդիպումները դատարկ բան են։ Հարցի լուծումը միայն բնակչության կրկնապատկումը, եռապատկումը, բազմապատկումը, երկրի հզորացումն է։ Լեւոն Հայրապետյանը Վանքում տեսեք ինչ մեծ գործեր է կատարում։ Թող մյուսները, ուրիշներն էլ նույնը կատարեն իրենց ծննդավայրում կամ ցանկացած այլ բնակավայրում։ Իմ առաջարկության մյուս կետը հարկային ծառայության գործունեության ժամանակավոր դադարեցումն է մի 5 տարով։ Փոքր կամ միջին բիզնեսին չպիտի հարկերով ծանրաբեռնել։ Նաեւ գյուղապետերին պետք է առաջարկել հաշվառում կատարել, պարզել, թե այս կամ այն գյուղացին որքան եկամուտ եւ ինչի կարիք ունի։ Եթե նա հնարավորություն չունի, նրան պետք է մի կով, երկու ոչխար տանք՝ պայմանով, որ 1-2 տարի հետո եղածը կրկնապատկելու է։
Արեւմտյան Հայաստանից ենք խոսում… Բայց եկեք գոնե ունեցած հողերը, ազատագրած տարածքները պահենք, բնակեցնենք, շենացնենք, հետո մնացյալի մասին մտածենք։ Ղարաբաղի հարցը մենք արդեն լուծել ենք, առաջին մեծ խնդիրը լուծել ենք։ Մնում է երկրորդը՝ պահենք, զարգացնենք ու հզորացնենք այն։ Ղարաբաղում յուրաքանչյուր ընտանիքի, գյուղաբնակ թե քաղաքաբնակ, պետք է 5 հա հող տալ, որ իր ուզած ձեւով օգտագործի, մշակի, բայց այն վաճառելու իրավունք չունի։
Ես «Հայաստան համահայկական հիմնադրամին» այլեւս չեմ հավատում, դրա համար առաջարկում եմ իմ ասած ձեւով հիշյալ խորհուրդը ստեղծել եւ նրան լայն լիազորություններ տալ… Ամենակարեւորը՝ որպեսզի ամեն ինչ ազնիվ ու թափանցիկ լինի, խորհուրդը պարտավոր է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրությանը՝ կատարած աշխատանքի, օգտագործած ֆինանսական միջոցների մասին։ Եվ իր տրամադրության տակ եղած հիմնադրամով հիմնականում պիտի աշխատի վերաբնակեցման, բնակչության թիվը բազմապատկելու ուղղությամբ։
- Ասում եք՝ վերաբնակեցնենք երկիրը, բնակչության թիվը կրկնապատկենք եւ այլն։ Հասարակ մի օրինակ, լիբանանաբնակ Ժիրայր Սեֆիլյանը թողել իր բարեկեցիկ կյանքը, եկել-կռվել է Արցախի ազատագրության համար։ Պատերազմից հետո տարիներ ի վեր ապրում է Երեւանում։ Նույնը ֆրանսաբնակ Սարգիս Հացպանյանը, որ ամուսնացել, ընտանիք է կազմել Երեւանում, երեխաները դպրոց են հաճախում։ Ինչո՞ւ այդ մարդկանց քաղաքացիություն չեն տալիս։ Ընդհակառակը՝ բանտ են նստեցրել։ Ժիրայրին ազատ արձակեցին, իսկ Սարգիսին դեռ պահում են։
- Ես երկուսին էլ լավ եմ ճանաչում, լավ գիտեմ նրանց։ Նրանք լիովին արժանի են, որ քաղաքացիություն ստանան…
- Ասում եք՝ ազնիվ մարդկանցից նոր խորհուրդ ստեղծենք, հիմնադրամ։ Ձեզ չի՞ թվում, որ նույնը կրկնվելու է։ Երբ ՀՀ առաջին նախագահին ընտրեցին, որեւէ մեկը կասկածո՞ւմ էր նրա ազնվությանը…
- Արցախյան շարժման առաջին շրջանում իրոք ազնիվ մարդիկ էին կանգնած շարժման գլուխ՝ Ա. Մանուչարով, Վ. Գրիգորյան եւ այլք։ Հետո Ադրբեջանը պատերազմ սկսեց, նոր մարդիկ եկան, որ միայն թալանով, հարստանալով էին զբաղվում… Այդ մարդիկ այսօր փողն ավելի շատ են սիրում, քան հայրենիքը։ Դրա համար այնպիսի մարդիկ պիտի ղեկավարեն Հայաստանում ու Ղարաբաղում, որոնց համար փողը նշանակություն չունի, անձնական բարեկեցությունը չէ առաջնայինը։
- Ձեր առաջարկածն իրականացնելու ավելի հեշտ ճանապարհ չէ՞ նորմալ ղեկավարություն ընտրելը։
- Դա հետագայի հարց է, մենք աստիճանաբար պիտի հասնենք դրան։
- Ուրեմն համոզված եք, որ նրանք, ավելի կոնկրետ՝ ՀՀ ղեկավարությունն ընդունելու է Ձեր առաջարկը։
- Նրանք այլ ելք չունեն։ Եթե հիմա փորձ չարվի երկիրը փրկել, ժողովուրդը միշտ ըմբոստանալու է նրանց դեմ… Եվրոպան, Արեւմուտքն ասում է, չէ՞, կարգին երկիր ստեղծեք, ժողովրդավարական պետություն կառուցեք… Ինձ թվում է, հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մեր ղեկավարներն էլ են ցանկանում, որպեսզի դուրս գանք այս դժվարին կացությունից։ Ուրիշ ելք չունենք։
Այս անկայուն վիճակը միայն Ռուսաստանին է ձեռնտու։ Ադրբեջանին միակողմանի զենք է վաճառում, բայց թույլ չի տալիս հարձակվել։ Ասում է՝ Հայաստանն իմ ռազմավարական դաշնակիցն է։ Սակայն աշխարհում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն չկարողանան տարածաշրջանում վերահսկել իրադրությունը։
01/04/2011
Արցախցիները՝ հաղթանակի օրվա մասին
Մայիսի 9-ի՝ եռատոնի, առավել կոնկրետ՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ ինչ են մտածում Արցախում, մարդիկ այսօր ինչպե՞ս են արժեւորում այդ օրը։ Տարբեր մասնագիտության եւ տարբեր տարիքի արցախցիներից փորձեցինք թեկուզեւ մոտավոր պատկերացում կազմել Մայիսի 9-ի հանդեպ նրանց վերաբերմունքի մասին։
Արկադի Կարապետյան (Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, պահեստազորի գնդապետ) – Մայիսի 9-ն ինձ համար շատ մեծ տոն է, ավելի մեծ տոն, քան, ասենք, Նոր տարին։ Այդ օրը, անկախ ամեն ինչից, ես ուրախ եմ։
Այդ օրն իմ տրամադրության վրա չեն ազդում մեր այդ հաղթանակից հետո կատարված սխալներն ու թերացումները, որովհետեւ աշխարհում ոչինչ հեշտ չի տրվում։ Ուղղակի այդ օրը մեր խոշոր հաղթանակների սկիզբն է։ Ես նկատի ունեմ նաեւ մեր գալիք հաղթանակները։ Մինչ Մայիսի 9-ը մենք այլ հաղթանակներ եւս ունեինք, բայց այդ օրը բոլոր մեր հաղթանակների եւ տոների լուսապսակն է։
Արմեն Հարությունյան (բանվոր) – 1945թ. մայիսի 9-ի հաղթանակի օրվա մասին ես գիտեմ իմ պապերի եւ ծնողների պատմածներից։ Նրանց համար իսկապես դա տոն էր։ Ուրեմն նաեւ ինձ համար է տոն։ Բայց 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման, մեր այդ մեծ հաղթանակի անմիջական ականատես-մասնակիցն եմ ես։ Ճիշտ է, Շուշիի ազատագրմանն անձամբ չեմ մասնակցել, բայց այսօր էլ հիշում եմ երջանիկ այդ օրը, մեր մեծ հաղթանակի այդ անմոռանալի օրը… Մի բան ասեմ՝ եռատոն ենք ասում, բայց շարունակ մոռանում եմ, թե երրորդը որն է…
Դավիթ Գրիգորյան (նախկին ազատամարտիկ) – Իհարկե, դա մեր ամենամեծ տոնն է։ Ո՞վ կարող էր հավատալ, որ մենք փոքր կորուստների գնով կարողանալու ենք ազատագրել անառիկ ամրոցի պես բարձունքում տեղավորված այդ քաղաքը՝ մեր Շուշին, որտեղից թուրքերն ամեն օր հրետակոծում էին Ստեփանակերտն ու շրջակա հայկական բնակավայրերը եւ այդ քաղաքը դարձրել էին մեր աչքի փուշը… Կոմանդոսի ցավը տանեմ, այդպիսի հրամանատար եթե այսօր էլ ունենանք, ոչ ոք չի կարող մեզ հաղթել։
Կարինե Ավետիսյան (տնային տնտեսուհի) – Մայիսի 9-ը միշտ էլ մեզանում հաղթանակի օր է համարվել, իսկ Շուշիի ազատագրումից հետո կրկնակի մեծացել է այդ օրվա արժեքը… Հիմա ժամանակները փոխվել են, պատերազմից հետո նոր հերոսներ են երեւան եկել, ովքեր այն ժամանակ նկուղներում էին կամ Ղարաբաղից դուրս, բայց ինչ էլ լինի, այդ օրը մեզ համար իսկական տոն է։
Ինձ համար տոն է, որովհետեւ այդ հաղթանակների ձեռքբերման համար պապս իր կյանքն է տվել 1944-ին, իսկ ամուսինս ու երկու զավակներս մասնակցել են Արցախյան պատերազմին։
Սերգեյ Սիմոնյան (թոշակառու) – Մայիսի 9… Հա՜, էդ օրը ես երկու անգամ ամենամեծ երջանկությունն եմ ապրել։ 1945 թվականի մայիսի 9-ին ընդամենը 11 տարեկան եմ եղել, բայց հիմա էլ լավ հիշում եմ, թե ուրախությունից ինչպես էին լալիս մայրս, ավագ քույրերս ու տատս… Ողջ գյուղն էր ուրախությունից լաց լինում եւ ծիծաղում… Դե, Շուշիի ազատագրությունը ինչպե՞ս կարող եմ մոռանալ։
Թոռներս կռվում էին մեր բանակում, իրենք էլ ներդրում ունեն մեր երկիրը թուրքերից մաքրելու ազատագրական կռվում… Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե լավ ենք ապրում, բայց այդ օրը մոռանում ենք մեր մնացած վշտերը, պրոբլեմները, որովհետեւ դա մեծ հաղթանակի օր է։
Գայանե Աբրահամյան (ուսանողուհի) – Դա առաջին հերթին իմ հայրիկի օրն է։ Նա մասնակցել է ազերիների դեմ ազատագրական պատերազմին։ Ծնողներիս պատմածներից գիտեմ, թե ինչպիսի երջանկություն էր տիրում Արցախում, երբ ազատագրվեց Շուշին։
Հայրենական պատերազմի մասին միայն գրքերից եւ մեր պապիկների ու տատիկների պատմածներից գիտենք, բայց եթե չլիներ Հայրենականի հաղթական մայիսը, չէր լինի նաեւ Շուշիի հաղթանակը։
Արամ Սարգսյան (Արցախյան ազատամարտի մասնակից) – Այդ օրն իմ ամենասիրելի տոնն է։ Այսօր կոնֆետների պես աջ ու ձախ բաժանվող մեդալներից հետո մի տեսակ խունացել, էժանացել է այդ օրվա խորհուրդը, հատկապես երբ բազմաթիվ անարժաններ նույնիսկ հերոսի կոչում են հաջողացրել… Բայց ամեն դեպքում Մայիսի 9-ը մնում է Մայիսի 9…
Մեծ հայրենականի հաղթանակի օրն ու Շուշիի ազատագրության բերկրանքը երբեք հնարավոր չէ մոռանալ։ Մյուս կողմից, ինձ համար լրիվ անհասկանալի է Արցախի բանակի ստեղծումն այդ օրվա հետ կապելը, երբ իրականում մեր բանակը ստեղծվել է 1991թ. սեպտեմբերին։
10/05/2011
Արդյո՞ք «մերն ուրիշ է», թե՞...
Վերջերս Ստեփանակերտում լրիվ վառվել էր «Դիզակ» հրատարակչության թանկարժեք սարքավորումներից մեկը։ Պատճառը` գիշերվա կեսին հոսանքի լարումը բարձրացել էր, ինչի արդյունքում միլիոնների արժողությամբ սարքավորումից վառված-հալված մի զանգված է մնացել։
Քաղաքակիրթ երկրներում նման դեպքում մեղավորը, տվյալ դեպքում` էներգետիկ համակարգը, փոխհատուցում է պատճառած վնասը, կամ տուժողը փոխհատուցում է ստանում ապահովագրական այն ընկերությունից, որտեղ ապահովագրել է իր գույքը։
Մեզ մոտ, սակայն, ամեն ինչ այլ է։ Մարդը տարիներ շարունակ աշխատել, ժամանակակից սարքավորումներով տպագրատուն է հիմնել, բազմաթիվ աշխատատեղ ստեղծել եւ ահա մի այլ անպատասխանատու կառույցի պատճառով հսկայական կորուստ է կրել… Իսկ ինչ վերաբերում է գույքի ապահովագրմանը, ապա վերջին ժամանակներս ապահովագրության հետ կապված միակ համազգային միջոցառումը «ավտոմեքենաների պարտադիր պահովագրում» օպերացիան էր, որ ձեռնարկել էին իշխանությունները։ Ասում են` դրա պատճառն էլ այն է, որ երկրի տերերին «սրոչնի փող» էր պետք։ Ի դեպ, Երեւանում գործարկված այդ «միջոցառումը» հաջողությամբ կիրառել են նաեւ Արցախում…
Բարեկամս պատմում է, որ օրերս մինչեւ գիշերվա ժամը 10-ը մոտ մի շաբաթ շարունակ չեն կարողացել հեռուստացույց դիտել, օգտվել համակարգչից կամ աշխատացնել լվացքի մեքենան, դեռ ավելին` սառնարանն էլ շարքից դուրս է եկել, որովհետեւ այդ օրերին իրենց շենքում ինչ-որ մեկը բնակարանում ինչ-որ բան էր եռակցում-զոդում` հոսանքի լարումը կտրուկ իջեցնելով ու բարձրացնելով։
Բարեկամս պատմում է, որ դիմել է էլցանց, խնդրել ստուգել-գտնել օրինախախտին (օրենքով` ժամը 18։00-ից հետո ոչ ոք իրավունք չունի եռակցող սարքավորում աշխատեցնել), սակայն ապարդյուն։ Մեղավորն այդպես էլ չի հայտնաբերվել (կամ չեն ցանկացել հայտնաբերել)։
Մարդը սառնարանն է կորցրել, չհաշված նրա եւ նրա նման մի քանի տասնյակ բնակիչների, նրանց ընտանիքների մեկշաբաթյա նյարդային լարված մթնոլորտը։ Իսկ հակառակ, այսպես ասած, բեւեռում ինչ-որ մեկն իր կամ իր ընտանիքի համար ինչ-որ բան էր սարքել եւ երեւի ուրախացել։ Ինչպես մեզանում ասում են` հայի անձնական երջանկության ճանապարհը միշտ անցնում է իր նմանների դժբախտության միջով… Ահա այս օրինական անօրինության սահմաններում է ապրում մեր երկիրը։
Աշխարհի մեկ այլ երկրում ամենափոքր անարդարությունից ցուցապաստառներով մարդիկ լցվում են փողոցները, բողոքում, պահանջում… Մեզ մոտ քաղաքացիական արժանապատվություն կամ գոյություն չունի, կամ վաղուց հանված է օրակարգից։ Իսկ եթե մեզանում քննադատում, դժգոհում-բողոքում են, ապա միանգամայն այլ են դրա դրսեւորումները։ Ընդդիմությունը ոչ այնքան իշխանությունների հետ է ուզում հաշիվներ պարզել, այլ` իր նմանների։
Ո՞վ է ընդդիմության վրա ավելի շատ քարեր նետում։ Իշխանություննե՞րը։ Ոґչ։ Կամ` ոչ միայն նրանք։ Նույն այդ ընդդիմադիր ճամբարի մի այլ կողմից կտրիճ «նետաձիգները» պարբերաբար նշանառության տակ են պահում իրենց բախտակիցներին, ովքեր, ինչպես եւ իրենք, չեն կարողանում տանել օրվա իշխանություններին։ Նրանք սրանց են «կեղծ ընդդիմություն եւ ծախված» որակում, սրանք էլ` նրանց։
Տարիներ առաջ Արցախում լույս էր տեսնում «10-րդ նահանգ» անկախ թերթը։ Թերթի գրեթե ամեն մի համարի տպագրությունից հետո Արցախի նախկին նախագահը մամուլի ասուլիս էր տալիս, որի առանցքային թեման «մութ ուժերի կողմից ֆինանսավորվող» այդ թերթն էր։ Բայց անկախ այդ թերթի դեմ ինչպիսի համերաշխությամբ ու գործի կարեւորության մեծ զգացումով էին ցեխ շպրտում պաշտոնական մամուլում աշխատող լրագրողները։ Կարելի էր կարծել, թե երկրի առջեւ ծառացած բոլոր դժվարությունների, սխալների, անօրինությունների պատճառը հենց այդ թերթն էր...
Այսօր եւս շատ քիչ բան է փոխվել։ Արցախի իշխանական ճամբարից ոչ ոք հրապարակայնորեն որեւէ դժգոհություն չի հայտնել արդեն երրորդ տարին տպագրվող միակ անկախ թերթի` «Նոր էջի» մասին։ Սակայն այսօր իշխանությունների թեւի տակ տաքուկ տեղ գտած երեկվա ազատամիտը ժամանակ առ ժամանակ չի կարողանում իրեն զրկել այդ թերթի ուղղությամբ հրապարակավ մի քանի փշփշոտ քար նետելու հաճույքից։ Ոչ իշխանական ճամբարից ոմանք էլ ավելի «մարդասիրական» եղանակ են որդեգրել. «Արցախում անկախ մամուլ չկա»,- հայտնում են նրանք։
04/06/2011