12.11.2012

ԿԱՂԱՄԲԸ


Մեծի նրա չափանիշը ծավալն է, արտաքին չափսերն ու կշիռը։ Մեծ ու ծանրակշիռ գրողը նրա կարծիքով նա է, ով առնվազն 120 կգ քաշ ունի և կարողանում է հաստափոր գրքեր տպագրել (200 էջանոց գրքերին նա «բրոշյուր» է անվանում), մեծ պաշտոնյան՝ ով մեծ ու բարձր աթոռի վրա է նստում և այլն։

Դեռ մանկությունից երազում էր «մեծ մարդ» դառնալ և հիմնովին նետվեց այդ գաղափարի մեջ։ Ինչպես մեծն Օտյանը կասեր՝ ոչ թե գաղափարը մտավ նրա գլուխը, այլ նա ինքը մտավ գաղափարի մեջ։ Եվ գոմաղբի մեջ ընկած կարտոֆիլի պես սկսեց «աճել»։ Արդեն 6-րդ դասարանում այդ ասպարեզում հասել էր զգալի նվաճումների. գլխի չափերով առաջին տեղն էր գրավում ոչ միայն համադասարանցիների մեջ, այլև ողջ դպրոցում, իսկ մի քանի տարի հետո՝ նաև քաղաքում։

Տարիներ անցան։ Մեծացավ այն քաղաքը, որտեղ նա էր ապրում։ Մեծացավ ու պարարտացավ նաև նրա գլուխը։ Այլևս հնարավոր չէր տարբերել՝ որն է գլուխը, որը՝ նստուկը։ Ինքն էլ էր հաճախ շփոթում, երբեմն գլխիվայր նստում՝ թյուրիմացության մեջ գցելով մարդկանց։ Իսկ երջանիկ մի օր էլ հանկարծ պարզեց, որ ինքը ևս կարող է ծանրա-կշիռ գրքեր տպագրել։ Ամեն տարի առնվազն 15-20 կիլոգրամ գիրք էր տպագրում։ Տանն այլևս ազատ տեղ չէր մնացել։

- Այս տարի 24 կիլոգրամ գիրք եմ տպագրել,- մի անգամ հպարտությամբ հայտնեց ծանոթ-բարեկամներին,- դա 4 կիլոգրամով գերազանցում է նախորդ տարվա ռեկորդս։ Եթե այսպես շարունակեմ, մի քանի տարի հետո ավելի մեծ եմ լինելու, քան Լերմոնտովն ու Մայակովսկին, Թումանյանն ու Տերյանը...

- Դու արդեն մեծ ես Բայրոնից, Պուշկինից, Իսահակյանից ու Չարենցից, դու հանճար ես,- սկսեցին ոգևորել նրա ճոխ սեղանի փշրանքներով գոյություն քարշ տվող մանկլավիկները։
- Գիտեմ,- համեստորեն խոստովանեց նա,- բայց այդ «հանճարն» արդեն ինձ վրա նեղ է գալիս։ Չեմ հասկանում, ինչո՞ւ մարդիկ մի ավելի մեծ կոչում չեն ստեղծում, ասենք՝ գերհանճար, ամենահանճար...

Իր նազիր-վեզիրներին հանձնարարեց, որ դպրոցներին հրահանգ ուղարկեն՝ գրական միջոցառումներում արտասանել միայն իր բանաստեղծությունները։ Հեռավոր մի գյուղի խարխուլ պահեստից կարտոֆիլ կշռելու հսկա մի կշեռք բերեց տուն, որով մեկ առ մեկ կշռում էր իր գրքերն ու ոգևորված ծափ զարկում. «Վերջին տասը տարում տպագրած իմ բոլոր գրքերը կշռել եմ։ Ինձ հետ միասին 257 կիլո է։ Ես արդեն անցել եմ հայրենի ու համաշխարհային շատ ու շատ մեծերից»...

Ամեն տարի խոշոր պլանով լուսանկարում էր խաշ գցելու ծավալներ ընդունած մեծ գլուխն ու հպարտությամբ զետեղում իր գրքերի վրա կամ, թանկագին մասունքների պես, իր մակագրությամբ, նվիրում ծանոթ-բարեկամներին։

Եվ մի օր մարդիկ նկատեցին, որ նրա գլխի տարբեր մասերից սկսել են ինչ-որ բաներ դուրս գալ։ Սկզբում ոչինչ չէին հասկանում, իսկ ոմանք մինչև անգամ սկսեցին կատակներ անել՝ «Դդումի վրա պոզեր են բուսնում... Մեծ գլուխը երկունքի մեջ է...»։ Բայց կես տարի հետո նրանք զարմանքով նկատեցին, որ «մեծ մարդու» գլխի տեղը հսկա մի կաղամբ է աճել։

Զարմանահրաշ լուրը կայծակի արագությամբ սուրաց երկրով մեկ և տարածվեց ողջ աշխարհում։ Մոլորակի տարբեր ծեգերից խոշոր գիտնականներ, հանրահայտ գյուղատնտեսներ եկան՝ իրենց աչքերով տեսնելու և պարզելու այդ հրաշքը։ Բոլորը միաձայն խոստովանեցին, որ իրենց ողջ կյանքում այդպիսի խոշոր կաղամբ չեն տեսել։ Նրանցից ոմանք այդ գլուխ-կաղամբից փոքրիկ թևիկներ կտրեցին և ուղարկեցին իրենց երկրների գիտահետազոտական ինստիտուտներին՝ լաբորատոր ստուգումների համար։ Եվ երբ մի ծեր գյուղատնտես փորձում էր փոքրիկ կաղամբաթև կտրել իր երկրի համար, չգիտես որտեղից մի աղջնակ հայտնվեց ու թախանձագին ասաց.

- Քեռի Կաղամբ, մայրիկս խնդրել է, որ մի թև էլ մեզ տաս՝ տոլմա փաթաթելու համար...
Ծեր գյուղատնտեսն իր ձեռքի կաղամբաթևից մի փոքր կծեց՝ համը ստուգելու համար, բայց հանկարծ զզվանքով դեմքը ծամածռեց.
- Թո՛ւհ, ինչ զզվելի համ ունի։ Այս ճիվաղի մեջ որքան չարություն, մաղձ ու թույն կա՝ տվել է զազրելի գլխին և կաղամբ դարձրել...

Ու բոլոր հայտնի գիտնականները հիասթափված շուռ տվեցին գլուխներն ու հաջորդ օրը մեկնեցին իրենց երկրները։ Սակայն այդ ամենը մարդ-կաղամբին ամենևին չանհանգստացրեց։ Կարևորն ու տեսանելին ոչ թե բովանդակությունն է, այլ ձևը, արտաքինը։ Թող որ անհամ ու գարշելի է, բայց իր կաղամբն ամենամեծն է աշխարհում։

Նա հասել էր իր նպատակին։ Նա արդեն «մեծ» էր։