26.04.2014

Մի անծանոթ աղջկա


Ստեփանակերտի երթուղային ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում վերջերս գրություններ են փակցրել՝ «Խնդրում ենք յուրաքանչյուրը մուծի միայն իր փոխարեն»։

Ամեն անգամ կարդալով այն, հիշում եմ այդ գրությունների երևան գալուց մի շաբաթ առաջ ավտոբուսում նստած անծանոթ այն աղջկան, որ իջնելուց առաջ շրջվեց ու ասաց. «Դուք չմուծեք...»։

Ինձնից երկու նստատեղ առաջ էր նստած նա, դեմքը չէի տեսնում։ Միայն հիշում եմ, որ մտքերով տարված էի, կանգառներից մեկում այդ աղջիկը շրջվեց ու, գեղեցիկ ժպիտը դեմքին, ասաց. «Դուք չմուծեք, ձեր տեղ ես մուծելու եմ»։ Մտածեցի, որ ինձնից առաջ կամ ետևում գտնվող մարդկանց է վերաբերվում։

Նայեցի՝ ինձնից առաջ նստատեղերը դատարկ էին։ Հետ նայեցի, մի տղամարդ էր միայն նստած։ Հարցրի՝ այն աղջիկը ձե՞զ էր դիմում։ Պատասխանեց. «Չէ, ես իրեն չեմ ճանաչում։ Կարծում եմ, ձեզ դիմեց...»։

Մի ակնթարթ տեսա այդ աղջկա ժպիտն ու հայացքը, բայց չէի ենթադրում, որ ինձ էր ուղղված։ Հետո միայն կասկածեցի, երբ ավտոբուսից իջել էր արդեն։ Ու այդպես էլ չհասցրի շնորհակալություն հայտնել։
Մինչև հիմա ցավում եմ դրա համար։ Ներիր, անծանոթ աղջիկ...

16.04.2014

Վշտի ծիծաղ


Եվ Վռամշապուհ արքայի ու Սահակ Պարթևի հրահանգով Մեսրոպ Մաշտոցն անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել Դանիել եպիսկոպոսի հետ, ապա եղել է Եդեսիայում, Ամիդում, այնտեղից ճանապարհվել Սամոսատ։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի, Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի հետ, այցելել է Եդեսիայի գրադարանը և 405 թ. ստեղծել հայոց գրերը։

Երբ վերադարձավ այնտեղից, նրան դիմավորելու դուրս եկած Վռամշապուհ արքան, բարձրաստիճան հոգևորականներն ու ժողովուրդը վերջինիս դեմքին խոր հիասթափություն տեսան։

- Ժողովուրդ հայոց, ավա՜ղ, ես այդպես էլ չկարողացա գտնել այն, ինչ փնտրում էի,- հուզաթաթավ ձայնով բարբառեց Մաշտոցը,- ոչ հայկական հինգաստղանի կոնյակը, ոչ ղարաբաղյան թթի օղին չօգնեցին. նրանք համառորեն չցանկացան ինձ տալ բաղձալի լատինատառ հայերենը։ Որքան խնդրեցի, աղաչեցի՝ չօգնեց։ Ասացին՝ հակակոռուպցիոն պայքարը մենք վաղուց ենք հաղթանակով պսակել, կաշառք-մաշառք մեզ մոտ չեն անցնի։ Ու ահա, փոխարենը ժամանակավոր գործածության համար բերել եմ հայերեն գրեր... Բայց մի՛ հուսահատվեք, մի կերպ յոլա գնացեք դրանցով, մինչև լուսավոր ժամանակներ կգան...

Եվ դժբախտ հայ ժողովուրդը դարեր շարունակ տքնեց այդ հայերեն գրերի վրա, հազարավոր էջ մագաղաթյա մատյաններ կազմեց, հետո սկսեց հարյուրավոր, հազարավոր գրքեր տպագրել այդ գրերով, թերթեր ու ամսագրեր հրատարակել, դպրոցականները կիլոմետրերով շպարգալկաներ գրեցին մեսրոպյան ժամանակավոր այդ գրերով, սիրահարները զգայացունց նամակներ հղեցին իրենց «սրտի հատորներին», մինչև 16 դար հետո, 20-րդ դարի վերջերին քարից հաց քամող բազմատաղանդ հայ ժողովուրդը գրեթե անվճար ձեռք բերեց երազած լատինատառ հայերեն գրերը...

Հայ ժողովրդի դարավոր երազանքներից գոնե մեկը վերջապես իրականացավ...

10.04.2014

Այդ օրը մեռավ մեկը և ծնվեց մեկը


Երբ շատ փոքր չէր նա և դեռևս շատ մեծ էլ չէր, ապրում էր իր համար, ուրախանում ուրիշի ուրախություններով ու տխրում, երբ իր շուրջ և աշխարհում վատ բան էր կատարվում։ Նա սիրում էր այն ամենը, ինչ գեղեցիկ է ու վեհ, ազնիվ է ու բարի։ Երբեք ոչ մեկին չէր խաբում, երբեմն սխալվում էր, բայց միայն ինքն էր տուժում իր սխալներից։ Ուրիշ ոչ ոք։
Երբ շատ փոքր չէր նա և դեռևս շատ մեծ էլ չէր, ուզում էր մի ինչ-որ լավ բան անել մարդկանց համար։ Բայց դեռևս չգիտեր, թե ինչ...

...Անցան շա՜տ տարիներ։ Երկու տասնյակ գարուններ ու ձմեռներ անցան աշխարհի վրայով։ Շա՜տ բան փոխվեց աշխարհում, բայց նա երբեք չդավաճանեց պատանեկության իր երազանքներին։ Նա շարունակեց սիրել գեղեցիկն ու վեհը, ազնիվն ու բարին։

Նա մտածում էր, որ այդպես էլ չկարողացավ մի ինչ-որ մեծ և լավ բան անել մարդկանց համար։ Միշտ օգնում էր շատերին և ոչ մեկին չէր խաբում։ Նա նմենևին չէր էլ մտածում, որ ինքը օգնում է ուրիշներին, նա մտածում էր միայն, որ այդպես էլ պիտի լինի, այլ կերպ հնարավոր չէ։ Իսկ շատերը խաբեցին նրան, երբեմն նաև նրանք, որոնց ինքը օգնում էր, որ չընկնեն։ Իսկ նա դեռ շարունակում էր հավատալ մարդկանց, շարունակում էր սիրել մարդկանց։ Հարվածեցին նաև թիկունքից, բայց նա երբեք չընկավ, և աշխարհը նրա համար շարունակում էր մնալ անսահման գեղեցիկ ու ցանկալի...

Ու մի օր նրան խաբեց նա, ում ինքը հավատում էր աշխարհի, հավատում էր տիեզերքի չափ։ Դա ամենամեծ հիասթափությունն ու ամենամեծ հարվածն էր ողջ կյանքում։ Նրա մեջ մի ինչ-որ շատ մեծ բան սպանվեց, և նա մտածեց, որ ինքը սխալ է ապրել։ Հասկացավ նաև, որ կյանքը, իրականությունը միշտ էլ չար ու դաժան է եղել, բայց իր մեջ կար լուսավոր ու անսահման պայծառ մի բան, որ պահում էր իրեն, և կոչվում է Սեր։ Սեր՝ հարազատի, ընկերոջ, օտարի և ողջ աշխարհի հանդեպ։ Սեր՝ գեղեցիկի և ազնիվի, լուսավորի և բարու, կապո՜ւյտ-կապույտ երկնքում ճախրող արծիվների և փողոցում հանդիպած հմայիչ անծանոթուհու, իրենց բույրով լեռ ու դաշտ լցրած բազմագույն ծաղիկների և լայն բացված աչքերով մոր գրկից աշխարհին զարմացած նայող մանկան հանդեպ։

Այդ օրը, երբ նրան խաբեց նա, ում ինքը հավատում էր աշխարհի և տիեզերքի չափ, նրա մեջ Սերը մեռավ։ Նրա մեջ մեռավ նաև հավատը գեղեցիկի ու բարու հանդեպ։ Կյանքը նրա համար դարձավ տխուր ու ձանձրալի, իսկ նա դարձավ չար ու դաժան։
Այդ օրը, սովորական ու ոչնչով աչքի չընկնող այդ օրը փոքրիկ ու անշուք այդ քաղաքում մեռավ մի Մարդ, և փոքրիկ այդ քաղաքում ծնվեց մի մարդ։
Մայիս, 1998 թ.