28.06.2011

Նժդեհին «մատ» արեցին...

ԵԽԽՎ-ի ամբիոնից ելույթ ունենալուց հետո պատասխանելով պատգամավորների հարցերին, Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանը «այս քսան տարիների ընթացքում» ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին՝ պատերազմի։ Ապա ավելացրել. «Ադրբեջանը առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետև նրանք իրոք իրենց ժողովրդին պատրաստել են և պատրաստում են պատերազմի։

Խնդիրը միայն այն չէ, թե ՀՀ ղեկավարները ինչպես և ինչու են մեր ժողովրդին խաղաղության պատրաստել, իմանալով, որ դա ի վնաս մեզ է։ Խնդիրը նաև այն չէ, որ Նժդեհի գաղափարները որդեգրած կուսակցության անդամը վերջինիս «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» հանրահայտ ձևակերպումը մի կողմ է նետել ու միանգամայն հակառակը պնդել. խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր խաղաղության։ Խնդիրն այն է, որ այս խայտառակ խոսքերը նա արտաբերել է ի լուր աշխարհի ու վերջում էլ նշել, որ պատերազմի դեպքում հակառակորդը առավելություն կստանա, որովհետև «նրանք իրենց ժողովրդին պատրաստել են պատերազմի։ Պատմությունից ես չեմ հիշում դեպք, որ որևէ երկրի ղեկավար, մեծ կամ փոքր զորահրամանատար հայտարարի, թե պատերազմի դեպքում հակառակորդը «առավելություն կունենա։

Հարց է ծագում. իսկ որտե՞ղ մնաց «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը», որով դեռ երեկ պարծենում էինք։ Ուրեմն՝ 20 տարի մեզ խաբում ու դիտմամբ «խաղաղությա՞ն էին պատրաստում»...

Գո՞ւցե թե այդ խոսքերն արտաբերելիս ՀՀ նախագահը մտածել է, որ իր խաղաղասիրական ձոներգը լսելով, այսպես կոչված, միջազգային հանրության համակրանքն անմիջապես թռչելու է խաղաղասեր ու պաշտպանության կարոտ հայ ժողովրդի կողմը։ Բայց օտարն այդ ե՞րբ է թույլ Հայաստանին պաշտպանել, որ այսօր պաշտպանի։ Սուլթանհամիդյան ջարդերի ժամանա՞կ, 1915 թվականի՞ն, 1988-90 թթ. Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայկական ջարդերի օրերի՞ն...

Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում մենք հաղթել ենք, որովհետև մեր հույսը ոչ թե եվրոպաների, այլ մեզ վրա ենք դրել։ Շուրջ երկտասնամյակ է Արցախի երկինքը խաղաղ է, որովհետև մեր սահմանները մե՛ր բանակը, մե՛ր տղաներն են հսկում, այլ ոչ թե «երկնագույն» կամ աստված գիտե, թե ինչ գույնի սաղավարտավոր «խաղաղարար» կոչվածները։

Իր գերագույն հրամանատարի այս խոսքերը լսած հայ զինվորը վաղն ինչպե՞ս պիտի հայրենիք պաշտպանի։ Նա չի՞ ասելու՝ ինչո՞ւ ես ինձ խաղաղության պատրաստել, պատերազմի պատրաստեիր, որ կարողանամ թշնամուն հաղթել... Դղյակներ կառուցելով ու շենքերն ու փողոցները թանկարժեք մարմարով սալիկապատելով «խաղաղության պատրաստվելու» փոխարեն այդ գումարներով դու էլ ժամանակակից զենք գնեիր...

Բարեբախտաբար, իմ ծանոթներից, ընկեր-բարեկամներից ոչ ոք չի կիսում ՀՀ նախագահի այդ խոսքերը։ Թշնամին այսօր միայն հոխորտում է իր ուժի մասին՝ փորձելով հոգեբանական ճնշմամբ ազդել բանակցային գործընթացի վրա և, բարեբախտաբար, նա ևս գիտե, որ մեզնից ուժեղ չէ, այլապես անմիջապես կհարձակվեր՝ առանց մեզ զգուշացնելու։

Լսելով ՀՀ նախագահի վերոհիշյալ խոսքերը, որպես հայ, ես ինձ նվաստացած ու խայտառակված զգացի, բայց հոգով հանգիստ՝ որ այդ ամենը ՃԻՇՏ ՉԷ՛...

Արդյո՞ք «մերն ուրիշ է», թե՞...

Վերջերս Ստեփանակերտում լրիվ վառվել էր «Դիզակ» հրատարակչության թանկարժեք սարքավորումներից մեկը։ Պատճառը՝ գիշերվա կեսին հոսանքի լարումը բարձրացել էր, որի արդունքում միլիոնների արժողությամբ սարքավորումից վառված-հալված մի զանգված է մնացել։ Քաղաքակիրթ երկրներում նման դեպքում մեղավորը, տվյալ դեպքում՝ էներգետիկ համակարգը, փոխհատուցում է պատճառած վնասը կամ տուժողը փոխհատուցում է ստանում ապահովագրական այն ընկերությունից, որտեղ ապահովագրել է իր գույքը։

Մեզ մոտ, սակայն, ամեն ինչ այլ է։ Մարդը տարիներ շարունակ աշխատել, ժամանակակից սարքավորումներով տպագրատուն է հիմնել, բազմաթիվ աշխատատեղ ստեղծել և, ահա, մի այլ անպատասխանատու կառույցի պատճառով հսկայական կորուստ է կրել... Իսկ ինչ վերաբերում է գույքի ապահովագրմանը, ապա վերջին ժամանակներս ապահովագրության հետ կապված միակ համազգային միջոցառումը «ավտոմեքենաների պարտադիր պահովագրում» օպերացիան էր, որ ձեռնարկել էին իշխանությունները։ Ասում են՝ դրա պատճառն էլ այն է, որ երկրի տերերին «սրոչնի փող» էր պետք։ Ի դեպ, Երևանում գործարկված այդ «միջոցառումը» հաջողությամբ կիրառել են նաև Արցախում...

Բարեկամս պատմում է, որ օրերս մինչև գիշերվա ժամը 10-ը մոտ մի շաբաթ շարունակ չեն կարողացել հեռուստացույց դիտել, օգտվել համակարգչից կամ աշխատացնել լվացքի մեքենան, դեռ ավելին՝ սառնարանն էլ շարքից դուրս է եկել, որովհետև այդ օրերին իրենց շենքում ինչ-որ մեկը բնակարանում ինչ-որ բան էր եռակցում-զոդում՝ հոսանքի լարումը կտրուկ իջեցնելով ու բարձրացնելով։ Բարեկամս պատմում է, որ դիմել է էլցանց, խնդրել ստուգել-գտնել օրինախախտին (օրենքով՝ ժամը 18.00-ից հետո ոչ ոք իրավունք չունի եռակցող սարքավորում աշխատացնել), սակայն ապարդյուն։ Մեղավորն այդպես էլ չի հայտնաբերվել (կամ՝ չեն ցանկացել հայտնաբերել)։

Մարդը սառնարանն է կորցրել, չհաշված նրա և նրա նման մի քանի տասնյակ բնակիչների, նրանց ընտանիքների մեկշաբաթյա նյարդային լարված մթնոլորտը։ Իսկ հակառակ, այսպես ասած, բևեռում ինչ-որ մեկն իր կամ իր ընտանիքի համար ինչ-որ բան էր սարքել և, երևի, ուրախացել։ Ինչպես մեզանում ասում են՝ հայի անձնական երջանկության ճանապարհը միշտ անցնում է իր նմանների դժբախտության միջով... Ահա այս օրինական անօրինության սահմաններում է ապրում մեր երկիրը։

Աշխարհի մի այլ երկրում ամենափոքր անարդարությունից ցուցապաստառներով մարդիկ լցվում են փողոցները, բողոքում, պահանջում... Մեզ մոտ քաղաքացիական արժանապատվություն կամ գոյություն չունի, կամ վաղուց հանված է օրակարգից։ Հայ իրականության մեջ եթե քննադատում, դժգոհում-բողոքում են, ապա միանգամայն այլ են դրդապատճառները։ Օրինակ, ընդդիմությունը ոչ այնքան իշխանությունների հետ է ուզում հաշիվներ պարզել, որքան՝ իր նմանների։ Ո՞վ է ըդդիմության վրա ավելի շատ քարեր նետում։ Իշխանություննե՞րը։ Ո՛չ։ Կամ՝ ոչ միայն նրանք։ Նույն այդ ընդդիմադիր ճամբարի մի այլ կողմից կտրիճ «նետաձիգները» պարբերաբար նշանառության տակ են պահում իրենց բախտակիցներին, ովքեր, ինչպես և իրենք, չեն կարողանում տանել օրվա իշխանություններին։ Նրանք սրանց են «կեղծ ընդդիմություն և ծախված» որակում, սրանք էլ՝ նրանց...

1937 թվականից, անձի պաշտամունքի մղձավանջից ենք հաճախ խոսում։ Աղասի Խանջյան, Չարենց, Բակունց, Թոթովենց... Հազարավոր տաղանդավոր հայորդիներ են հոշոտվել, անգերեզման մնացել, կամ տարիներ շարունակ տանջվել սիբիրներում ու քայքայված, ավերված հոգով մահապուրծ ետ վերադարձել... Ստալինը կամ Բերիա՞ն են մեկ առ մեկ կարդացել Չարենցի կամ Բակունցի հայատառ երկերն ու այնտեղ «սոցիալիստական հայրենիքի հիմքերը սասանող» տողեր որոնել... Ո՛չ, մերազգի տականքներն են իրենց ստորագիր կամ անստորագիր նամակներով, զրպարտագրերով հեղեղել ցեկա-ները, այդ նրանք են օրը ցերեկով, իրենց ճրագը վառած, նախանձ քինախնդրությամբ «ազգի թշնամիներ» հայտնաբերել իրենց գործընկերների, հարևանների ու բարեկամների մեջ...

Խորհրդային գրեթե բոլոր ազգերն էլ շնորհալի, տաղանդավոր կամ պարզապես անմեղ զոհեր են ունեցել այդ տարիներին։ Սակայն հայոց մեր արտի վրայով ասես մորեխի հսկա մի ամպ է անցել... Մեր սեփակա՛ն, հայրենի՛ մորեխի, որոնց ուղղակի կամ անուղղնկի հետնորդներն ու ժառանգներն այսօր էլ կենդանի են...

Ամեն անգամ լսելով «մերն ուրիշ է» արտահայտությունը, սրտխառնուք եմ զգում։ Ո՛չ, մերն ուրիշ չէ, ստում եք։ Մե՛նք ենք ուրիշ։ Այդ մե՛նք ենք, որ նման չենք աշխարհի մի այլ ժողովրդի։ Բոլորից ուզում ենք տարբերվել-զանազանվել մեր կիսաասիական մտածելակերպով ու կիսաեվրոպական գործելակերպով, օրինականն ու անօրինականն իրար խառնած քաղաքական վերնախավով և մշտապես օտար ափերում հայրենիք փնտրող ժողովրդով։

Մեզանում շոուն դարձել է ոչ միայն երաժշտական միջոցառում, այլև՝ քաղաքական ներկայացման անբաժանելի մաս։ Արդյունքում՝ այսօր մի «բում-բում» է մնացել, «չակա-չակա»-ն էլ՝ երկրի ու ազգի խորհրդանիշ։ Ռաբիսն այսօր ոչ միայն հեռուստաեթեր է նվաճել։ Քաղաքական մեր դաշտն է այսօր ռաբիս։ Մի ողջ ազգ այսօր ասում է՝ «իմ համար», «մեր համար։ «Ինձ համար»-ն ու «մեզ համար»-ը մնացել են անցյալի գրականության ու պատմության էջերում։ Աղաղակող այս անգրագիտությունը բավական է, որպեսզի կողմնակի մեկը տա մեր կրթական-գիտական-քաղաքական համակարգի գնահատականը։

20.06.2011

«Հայրենասերը» կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս

Մերազգի որոշ գործիչներ չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հաջողացնելով, չբավարարվելով իրենց կենսագրությունը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, այժմ էլ փորձում են Արցախյան շարժումը մտցնել սեփական կենսագրության մեջ, նմանվելով Յարոսլավ Հաշեկի այն հերոսին, որ փորձում էր ապացուցել, թե Երկրագնդի ներսում գոյություն ունի մի գունդ, որ զգալիորեն մեծ է դրսի գնդից։

Բացում ես ինչ-որ թերթ կամ գիրք և ապշում. պարզվում է՝ այսինչը, ոչ ավել, ոչ պակաս, հերոս է, այնինչը ոչ միայն հերոս է, այլև, իր ասելով, հենց ինքն է սկսել Արցախյան շարժումը... Երրորդը՝ ռադիո-հեռուստաեթերներից հայտարարում է, որ ինքն ազգի փրկիչ է: Մեկն աղմուկ-աղաղակով է իրեն հերոս հռչակում, մյուսը աջ ու ձախ ինտրիգներ սարքելով կամ նախորդների վրա ցեխ շպրտելով, մի ուրիշը՝ կաշառելով, մի վեցերորդը՝ քծնելով ու շողոքորթելով կամ իշխանական նստավայրերում ծանոթ-բարեկամներ գտնելով... Եվ այսօր հերոսանում են մարդիկ, որոնց այն տարիներին ճրագով, խոշորացույցով ու հեռադիտակով անգամ չէիր գտնի: Հետպատերազմյան այս հերոսների ստվարությունը առաջին հերթին վիրավորում է մեր հերոս նահատակների հիշատակը, նսեմացնում ու արժեզրկում նրանց թափած արյան գինը:

Շքանշաններ ու մեդալներ են ստանում գրողներ, մտավորականներ, որոնց վաղը ոչ ոք չի հիշելու: Մրցանակներ են ստանում մարդիկ, որոնց գրքերը ոչ ոք չի կարդում, ովքեր գրականության ու գիտության բնագավառում ոչ մի ներդրում չունեն:

Ոմանց երևի ձեռնտու է արժեքների արժեզրկումը, համահարթեցումը, այսպես ասած՝ գազոնականացումը: Մեր վաստակաշատ մտավորականներից մեկը կատակով ասում է. «Ծառերը կտրում, գազոն են դարձնում, որպեսզի թուփն իրեն ծառ երևակայի»: Երևույթը նոր չէ։ Ժամանակին մեծ մտածողներից մեկը նկատել է, որ «տափակ հարթության վրա յուրաքանչյուր հողակոշտ բլուր է թվում»։

ԼՂՀ գրողների միության տպագրած գրական տեղեկատուներից մեկում Վարդան Հակոբյանի կենսագրության մեջ գրված է, որ նա «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկն է» (հետաքրքիր է, իսկ ովքե՞ր են երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ղեկավարները - հեղ.)։ Իսկ Երևանից հարգարժան Ազատ Եղիազարյանը մի քանի տարի առաջ «Ահա այսպիսի վաստակավոր գործիչ» վերնագրով («Հայկական ժամանակ», 17 նոյեմբերի 2005 թ.) Հակոբյանին ձեռ առնող հոդվածի հեղինակին հայտնել է, թե Վ. Հակոբյանը «մասնակցել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին»:

Չեմ ուզում նույն անձի մասին նույնատիպ մեջբերումներ անել նույն ԳՄ-ի և նրա մերձակա խոհանոցներում սարքված այլ աղբյուրներից։ Պարզապես ինքս ինձ մտածում եմ. այսպես օրը ցերեկով երբ մենք անգթորեն, անխղճորեն խեղաթյուրում, կեղծում ենք երեկվա դեռ պատմություն չդառած Ազգային-ազատագրական շարժումը, հակառակորդից, մեր թշնամուց ինչո՞ւ ենք նեղանում ու նրանց մեղադրում պատմությունը խեղաթյուրելու և կեղծարարության մեջ։

Քանի որ, Իգոր Մուրադյանի ասած, բոլորը դեռ չեն մեռել, փորձենք վերհիշել, թե Վարդան (Սլավիկ) Հակոբյանն ինչպես էր «ղեկավարում» Արցախյան շարժումը։ Սկսենք ստորագրահավաքի ժամանակներից։ Մոսկվային ուղղված Արցախի մտավորականների հանրահայտ նամակը, որը կազմվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, և որի կազմման և ստորագրահավաքի մասնակիցներից եմ, Վարդան Հակոբյանին չեմ տեսել, նրա անունը հաստատ առաջին 20-30 հոգու մեջ չկար։ Անգամ հիշում եմ, որ առաջին երկու ստորագրողները Գուրգեն Գաբրիելյանն ու Գուրգեն Այվազյանն են եղել։ Սկզբում նրանց ենք ստորագրել տվել, որպեսզի մյուսները համարձակություն ձեռք բերեն...

Ինչ վերաբերում է ավելի ուշ՝ 1988-ի փետրվարի 20-ի նստաշրջանում Վ. Հակոբյանի և ոմանց «բոցաշունչ» ելույթներին, ապա այդ օրը մարզգործկոմի շենքը շրջափակած 70-80 հազար մարդ, 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն» վանկարկելով, սպասում էր, որ պատգամավորները թղթի վրա վավերացնեն այն որոշումը, որ արդեն կայացրել էր ինքը՝ ժողովուրդը։ Թող որևէ պատգամավոր փորձեր այլկերպ պահել իրեն, մեղմ ասած՝ բմբուլները քամուն կտային։

Այնուհետև Վ. Հակոբյանը Արցախի պատվիրակության կազմում մեկնել է Մոսկվա։ Ճիշտն ասած, պարզ չէ, թե արփագյադուկցի միջակագույն կարողությունների տեր գյուղական վարժապետ Սարգիսի ռուսերենի «գիտակ» Սլավիկ որդին ինչո՞ւ է մեկնել և ի՞նչ լեզվով պիտի խոսեր ԽՍՀՄ կարևոր դեմքերի հետ...

Եղել է հանրահայտ «Կռունկի» անդամ։ Բայց քանի որ Հակոբյանն այն մարդկանցից է, որոնց ողջ կյանքի և գործունեության միջով կարմիր թելի պես անցնում է անձնական շահի սկզբունքը, ձեռքերը ծալած չի նստել, հավատարիմ է մնացել իր դավանանքին. այն ծանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, նա երեք անգամ մոտ 1700 ռուբլի է (այն տարիների բարձր պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար...

Այնուհետև՝ միտինգային ելույթներ «մոսկովյան վարդագույն» խոստումների մասին... Հետո՝ պատերազմ։ Բանակում չծառայած Վարդան Հակոբյանը գտավ, որ «լավագույն ավանդույթները» պետք է շարունակել, և տեղի բարձրագույնի հումանիտար բաժիններից իր զավակներին հանեց և պետական լիմիտով տեղավորեց Երևանի իրավաբանականում։ «Շարժման առաջին ղեկավարի» զորակոչի ենթակա զավակները 1992-ի փետրվարին Մարտակերտի շրջանից վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով մեկնեցին Երևան։

Ողջ պատերազմի ընթացքում Վ. Հակոբյանի «հայրենասիրական» ձայնը չէր լսվում։ Ավելի ճիշտ՝ լսվում էր, բայց այլ կողմերից. Երևանում պատսպարված, այսուայնտեղ հայտարարում էր, թե արդեն Ղարաբաղ չկա, ամեն ինչ վերջացած է։ Իսկ ահա, պատերազմից հետո պարզվեց, որ մարդը «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկն է»։ Պարզապես հասկանալի չէ, թե «Շարժման առաջին ղեկավարն» ինչո՞ւ թե՛ սաֆոնովյան ռեակցիայի տարիներին, թե՛ պատերազմի դաժան տարիներին և թե՛ հետո, այս 15 տարում, երբ դարձյալ շարունակվում են սև ամպեր կուտակվել մեր Հայրենիքի գլխին, երբ անընդհատ խոսում են ազատագրված տարածքները թշնամուն վերադարձնելու, ազերի փախստականների վերադարձի, ինչ-որ հանրաքվեի և անորոշ կարգավիճակի մասին, ծպտուն չի հանում։ Թե՞ դա ԼՂՀ ԳՄ նախագահի «կոմպետենտության» (իր բառն է - հեղ.) մեջ չի մտնում։

Գոնե մի փոքրիկ հոդված կամ պարզապես ելույթ չհրապարակեց՝ իր ժողովրդին «ուղղորդելու» (իր բառն է - հեղ.) և ցույց տալու, որ «Շարժման առաջին ղեկավարը» դեռ կենդանի է, և նրա հիմնական զբաղմունքը Արցախի գրական-մշակութային-կրթական-գիտական դաշտը ամայացնելը, անձնական հաշիվներ մաքրելու համար ինտրիգներ սարքելը, գրողներին իրար դեմ լարելը, պետության սուղ միջոցներով շքեղ հատորներ հրատարակելը, տպագրած թերթերից փողոցային հայհոյանքներ շաղ տալն ու փող դիզելը չէ միայն։ Բայց դա այլ թեմա է։

Ինչ մնում է «Ղարաբաղյան ազատագրական պատերազմին մասնակցելուն», զավեշտն այն է, որ Վարդան Հակոբյանը դա այդպես էլ հրապարակավ չհերքեց, երևի հույս փայփայելով, որ հանրությունն այդ «կուտը» կուլ կտա: Ստի ու կեղծիքի վրա կենսագրություն ու «փառք» հյուսող, հակառակորդների դեմ զրպարտություններ գրող-պատվիրող «գրական ջոկատի հրամանատարի» համար ի՞նչ մեծ բան է ստի բուրգի վրա մի սուտ ևս «դամկա» ուղարկելը։ Երևի թե կարելի է քսան կամ մի քանի հարյուր մարդու խաբել, բայց Ժամանակն ամեն ինչ և ամենքին իրենց տեղն է դնելու։

Օրերս իր մամլո ասուլիսում Հակոբյանը վերջապես հիշեց ղարաբաղյան հարցի մասին և, իրեն հատուկ կեղծ ոգևորությամբ, գյուտ արածի պես հայտարարեց, որ այն պիտի լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքով։ «Շարժման առաջին ղեկավարը» (ինքն իրեն անվանում է նաև «ոգու սյուն», բայց շնորհակալ լինենք, որ իրեն չի անվանում, ասենք, «Երկրագունդ» կամ «Արեգակ») նույնիսկ չգիտե, որ 1988-ի հանրահավաքների ժամանակները վաղուց անցել են, որ գնացքն այդ «կայարանը» արդեն թողել է հետևում, և այսօր միանգամայն այլ հարցեր են քննարկվում։
Առայժմ այսքանը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Տարեգիր», Երեւան, 2009 թ.
«Նոր էջ», 23 մարտի, 2009 թ.

Արցախը նայում է հեռացող գնացքի հետեւից

Թաթարստանի մայրաքաղաք կազանում ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայանալիք Ս. Սարգսյան - Ի. Ալիեւ հանդիպումը դեռ չկայացած, արդեն տարաբնույթ խոսակցություններ են հնչում։ Եթե Ադրբեջանում այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունեն, ապա Հայաստանում հայկական կողմի, մասնավորապես Արցախի վերաբերյալ առավելապես վտանգավոր զարգացումներ են կանխատեսում։

Պաշտոնական Ստեփանակերտի, ավելի կոնկրետ՝ Արցախի քաղաքական վերնախավի հաշվով ամեն ինչ պարզ է. այդ խնդիրը, «Ղարաբաղյան խնդիրը», սեփական երկրի, սեփական ժողովրդի գոյության, ապրելու իրավունքի խնդիրը նրանց «օրակարգից» վաղուց հանված է։ Նրանց ղեկավարած Ղարաբաղի ճակատագրի հարցով այլ մարդիկ են զբաղվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը, ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ այլք։ Նրանք այդ ցուցակում չկան, ՀՀ նախորդ նախագահի կամքով թե իրենց լուռ համաձայնությամբ ու ցանկությամբ (կամ՝ երկուսը միասին) դուրս են շպրտվել բանակցային գործընթացից։

Այսօր մազաչափ ցանկություն չի նկատվում, թե նրանք ձգտում են վերագրավել սեփական տեղը բանակցասեղանի շուրջ։ Ասել է թե՝ ինքնուրույն, ազատ ու անկախ ապրելու խնդիր նրանց օրակարգում առայժմ չկա։ Խոսքը մերթընդմերթ արվող հերթապահ հայտարարությունների մասին չէ առ այն, թե «Առանց Ղարաբաղի մասնակցության բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել»։ Խոսքն այն մասին է, որ իրոք անկախ երկրի տերերի պես ՀՀ ղեկավարներին պահանջեն վերջ տալ ղարաբաղցիների անունից վտանգավոր ներկայացումներ սարքելուն եւ սեփական դարդուցավով ու սեփական երկրում կուտակված վերջը չերեւացող խնդիրներով զբաղվել...

Իրոք, շատ հնարավոր է, որ մի օր ղարաբաղյան կողմը եւս տեղ գրավի բանակցասեղանի շուրջ, բայց, ինչպես զարգացումների ընթացքը ցույց է տալիս, դա լինելու է միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրած վերջնական փաստաթուղթը կյանքի կոչելու գործընթացը, ժամանակացույցը ճշտելու համար։

Առայժմ Արցախի քաղաքական բուրգը կարծես չի մտահոգվում, թե ինչ է լինելու, եթե ՀՀ նախագահը ստորագրի մի փաստաթուղթ, որը կարող է դառնալ Արցախի վերջի սկիզբը։ Նախկին հեքիաթները, այն միֆը, որ իբր ՀՀ նախորդ կամ ներկա նախագահները ծննդով Ղարաբաղից են ու չեն կարող ոչ ղարաբաղանպաստ փաստաթուղթ ստորագրել, վաղուց պայթել է պղպջակի պես։ Եթե նրանց համար այսօր մի գերխնդիր կա, ապա դա միայն ու միայն սեփական աթոռը պահելն է։ Նրանց մասնակցությամբ ու համաձայնությամբ բանակցասեղանին հայտնված փաստաթղթերը, որ Արցախի հետագա գոյության համար ոչ մի լավ բան չեն պարունակում, դրա վառ ապացույցն են։

Արցախից մեկ անգամ չէ, որ դժգոհություններ են հնչել «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ, հանրությունը հասարակական կազմակերպությունների բերանով բազմիցս մերժել է այն։ Սակայն ՀՀ ղեկավարությունը Արցախի ապագան գծում է հենց այդ «սկզբունքներով», որը ենթադրում է հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ազատագրված հողերի վերադարձ հակառակորդին, ազերի փախստականների վերադարձ եւ այլն, ամենավերջում էլ՝ ինչ-որ անորոշ հանրաքվե՝ Արցախի կարգավիճակը որոշելու համար։

Այս պահին Արցախի հասարակական-քաղաքական դաշտը դեռ լուռ է։ Խոսակցություններ կան, որ պատրաստվում են հայտարարություն անել։ Թե երբ, դեռ պարզ չէ։ Կամ՝ նման հայտարարություն կլինի՞ արդյոք՝ դարձյալ հայտնի չէ։ Իսկ գնացքը գնում է, եւ այնտեղ մենք չկանք...
Պարապ նստել, նայում ենք հեռացող գնացքի հետեւից։

03.06.2011

Հերոսական ժամանակներ

Հերոսը բարոյական հանճար է, սրտի հանճար,
և միշտ քաջաքաջ ու մահապատրաստ։
Գարեգին Նժդեհ


Երբ ասում ենք Հերոս, անմիջապես հիշում ենք, որ երեկ պատերազմ է եղել, ծանր ու դաժան պատերազմ, և սովորական մարդիկ՝ առավելապես արբունքահաս երիտասարդներ, ռազմի դաշտից վերադարձել են որպես հերոսներ։ Այդ հերոսներից շատերը վերադարձել են վահանի վրա։ Նրանցից ոչ մեկը հերոս դառնալու մտադրություն ու ցանկություն չի ունեցել։ Նրանք զենք են վերցրել հայրենի հողն ազատագրելու և պաշտպանելու համար միայն։ Նրանք ժամանակ չեն ունեցել հերոս դառնալու մասին մտածելու. դիմացը թշնամին էր, թիկունքում մայրը, որդին, քույրն ու սիրած կինը... Սակայն հետպատերազմյան ժամանակներն ու իրադարձությունները հակառակն ապացուցեցին։ Պարզվում է՝ առանց պատերազմի էլ կարելի է արցախյան պատերազմի հերոս դառնալ, պարգևատրվել մեդալներով ու շքանշաններով։

Մայիսինյան եռատոնի կապակցությամբ հերթական մեդալաշքանշանաբաժանումը կրկին ապացուցեց, որ վերջին տասնամյակում հասարակական-քաղաքական կյանքի ամենացավոտ երևույթներից մեկը դարձել է արժեքների արժեզրկումը, ընդհանուր համահարթեցումը։ Մարդիկ կատակով ասում են՝ պարգևատրվածների մեջ, բարեբախտաբար, կռվող տղաներ էլ կային։

Տասնամյակից ավելի է անցել մահաբեր պատերազմից։ Հարաբերական անդորր է սահմանի զույգ կողմերում, ռազմագործողություններ չկան առայժմ. (չհաշված հակառակորդի քարոզչական հզոր մեքենան, որ անդադար դիվանագիտական կրակահերթեր է սփռում բոլոր ուղղություններով)։ Քանի որ պատերազմական գործողություններ չկան, պարզ է, որ չեն կարող լինել նաև հերոսներ։ Խորհրդային ժամանակներում, իհարկե, խաղաղ երկնքի տակ էլ ծնվում էին հերոսներ, սակայն՝ աշխատանքի հերոսներ։ Բայց քանի որ աշխատանքի հերոս դառնալու համար նախ և առաջ պետք է լինի աշխատանք, որը մեր օրերում վաղուց դեֆիցիտ ապրանքի պես մի բան է դարձել, ուրեմն աշխատանքի հերոս դառնալու մասին հույսի նշույլ անգամ չի կարող լինել...

Պատերազմ չկա (առայժմ, բարեբախտաբար չկա, և տա Աստված, որ երբեք չլինի), աշխատանք չկա, բայց արի ու տես, որ մեր խաղաղ օրերում ավելի շատ հերոսներ են ծնվում, քան պատերազմական դաժան օրերին։ Հերոսանում են աջ ու ձախ։ Բացում ես ինչ-որ թերթ կամ գիրք և ապշում. պարզվում է, որ այսինչը, ոչ ավել, ոչ պակաս, հերոս է, իսկ դու, չիմանալով այդ, նրա հետ փողոցում խոսել ես՝ ինչպես ամենահետին ստահակի հետ։ Այնինչը ոչ միայն հերոս է, այլև հենց ինքն է սկսել Արցախյան շարժումը... Երրորդը՝ ռադիո-հեռուստաեթերներից հայտարարում է, որ հերոսը հենց ինքն է, դեռ ավելին՝ ազգի փրկիչ։

Մեկն աղմուկ-աղաղակով է իրեն հերոս հռչակում, մյուսը՝ թաքուն, անաղմուկ, երրորդը՝ աջ ու ձախ ինտրիգներ սարքելով և պղտոր ջրում ձուկ որսալով, հաջորդը՝ նախորդների վրա ցեխ շպրտելով, մի ուրիշը՝ կաշառելով, վեցերորդը՝ քծնելով ու շողոքորթելով, նույնիսկ սողալով կամ, պարզապես, իշխանական նստավայրերում ծանոթ-բարեկամներ գտնելով...

Մեկը կարծում է, թե հերոս դառնալու համար ամենակարևոր հատկությունը մեծ գլուխ ունենալն է, երկրորդի կարծիքով՝ լավ լսողությունն ու հոտառությունը, երրորդին թվում է, թե հերոս դառնալու համար անպայման պետք է բարեկամներ ունենալ իշխանական նստավայրերում...

Իսկ մենք, ցավոք, չգիտենք, որ նրանք հերոս են։ Դե, պարզ է, որ չէինք էլ կարող իմանալ. այն ծանր ու դժվարին տարիներին ո՞վ ժամանակ ուներ՝ շրջելու նկուղներն ու հարցազրույցներ կազմակերպելու նրանց հետ. բոլորի ուշադրությունն ուղղված էր ռազմի դաշտ, որտեղ կենաց ու մահու կռիվ էին մղում մեկի որդին ու հայրը, մյուսի ամուսինն ու եղբայրը, կամ բոլորը միասին... Որովհետև այնտեղ՝ մեր փոքրիկ հողակտորի ինչ-որ հատվածներում վճռվում էր երկրի լինել-չլինելու խնդիրը։

Եվ այսօր հերոսանում են մարդիկ, որոնց այն տարիներին ճրագով ու խոշորացույցով անգամ չէիր գտնի, հեռադիտակով նույնպես չէիր գտնի. անչափ շա՜տ էին հեռու՝ ծովային հետադիտակով անգամ տեսանելի լինելու համար։ Հետպատերազմյան այս հերոսների ստվարությունը առաջին հերթին վիրավորում է մեր հերոս նահատակների հիշատակը, նսեմացնում ու արժեզրկում նրանց թափած արյան գինը։

Ու ամենազավեշտականը, թերևս՝ ամենասարսափելին ոչ թե այն է, որ ծանր պատերազմում հաղթած մի ժողովուրդ այսքան վատ է ապրում, այլ այն, որ այսքան վատ ապրող փոքրիկ ժողովուրդն այսքան շատ հերոսներ ունի։ Հետպատերազմյա՜ն հերոսներ։ Շատ լավ և շատ շքեղ ապրող հերոսներ։

Գրեթե նույն վիճակն է նաև քաղաքացիական ոլորտում՝ արվեստի, գրականության, կրթության ու գիտության բնագավառներում։ Այսօր շքանշաններ ու մեդալներ են ստանում գրողներ ու գիտնականներ, որոնց վաղը ոչ ոք չի հիշելու։ Մրցանակներ են ստանում մարդիկ, որոնց գրքերը ոչ ոք չի կարդում, մարդիկ, ովքեր գրականության ու գիտության բնագավառում ոչ մի ներդրում չունեն։

Ու այսօր, պարզվում է, նրանք հերոսներ են, և հերոսանում են առանց ամոթի ու խղճի խայթի, հերոսանում են՝ առանց հասարակության կամքը հարցնելու։ Ոչ մեկը հարկ չի համարում հարցնել ժողովրդին, թե նա ի զորու է այդքան հերոսներ կրելու իր վտիտ ուսերին։ Ոչ ոք չի հարցնում նաև, թե այդ ինչու հերոսների թիվն ավելանում է, բայց ժողովուրդը, երեկվա զոհված զինվորի մայրը, կինն ու երեխան շարունակում են վատ ապրել...

Դրանք, հերոսացման մոլուցքով տառապող այդ հիվանդները, գուցե փորձեն մի ավելի օգտավետ գործով զբաղվել, իրենց ողջ ուժն ու եռանդը ուղղեն այլ բանի վրա։ Ասենք՝ հերոս դառնալու փոխարեն փորձեն նախ և առաջ Մարդ լինել, որը, կարծում եմ՝ ոչ պակաս կարևոր է։ Եվ հետո՝ ի՞նչ պարտադիր է, որ բոլորը հերոս դառնան։ Հերոսությունը փողոցում ընկած դատարկ բազկաթոռ չէ, որ ամեն պատահական անցորդ վրան բազմի...

Այն տպավորությունն է ստեղծվում, որ չինովնիկների ինչ-որ խավի ձեռնտու է արժեքների արժեզրկումը, արժեքների և ոչ արժեքների հավասարեցումը, համահարթեցումը, այսպես ասած՝ գազոնականացումը։ Մեր վաստակաշատ մտավորականներից մեկը կատակով ասում է. «Ծառերը կտրում, գազոն են դարձնում, որպեսզի թուփն իրեն ծառ երևակայի»։ Արդյունքում՝ խեղվում է մարդկանց հավատը, զինվորի, արվեստագետի ու գիտնականի հավատը։ Արցախյան պատերազմի հերոսն այսօր հոգու խորքում վիրավորված է զգում իրեն, որ իր մարտական շքանշաններից ու մեդալներից ստացել են նաև մարդիկ, ովքեր, մեղմ ասած, ամենևին արժանի չեն դրան։ Գրող ու գիտնականներն իրենց վիրավորված են զգում, որ պետականորեն խրախուսվում են գրչակներն ու վայ-գիտնականները...

«Երեկ հպարտանում էի իմ մեդալով, որ արյան գնով վաստակել եմ իմ ծառայությունների համար,- ասում է արցախյան պատերազմի վետերաններից մեկը,- իսկ այսօր այն ինձ համար դարձել է սովորական մի երկաթակտոր, որից ունեն նաև մարդիկ, ովքեր պատերազմն անց են կացրել իրենց նկուղներում»։

Վերջերս Ստեփանակերտում անցկացվեց հայկական երգի մրցույթ-փառատոն՝ «Ընծա» անվամբ, որին մասնակցում էին ԼՂՀ բարձրաստիճան այրեր, և վերջում նրանք թանկարժեք պարգևներ բաժանեցին երգիչ-երգչուհիների, ովքեր իրենց վարպետությամբ զիջում են այսօր իրենց գոյությունը մի կերպ պահող շատ ու շատ արվեստագետների։

Արցախցի չինովնիկը նախընտրում է մասնակցել կազինոների կամ բիլիարդի մրցումների բացման արարողությանը, քան ներկա գտնվել տեղական շնորհալի երգչի կամ ազգագրական համույթի ելույթներին։ Ստեփանակերտի մայր թատրոնը տասնամյակից ավելի է ղեկավարում է մի մարդ, որի ջանքերով արցախցի հանդիսատեսը վաղուց մոռացել է դեպի թատրոն տանող ճանապարհը։ Այդ «վաստակի» համար վերջերս նրան շնորհել են ԼՂՀ ժողովրդական արտիստի կոչում...

Լավատեսներն ասում են. «Ոչինչ, ամեն ինչ իր տեղը կընկնի, չէ՞ որ անցման շրջան է»։ Հոռետեսները հուսահատ թափ են տալիս ձեռքները, իսկ իրատեսներն ասում են. «Այս անցման շրջանը մի տեսակ կախարդական շրջան է դարձել, որից ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ»։

Էպիլոգ։ Երեկ փողոցում հանդիպեցի ծանոթ մի թոշակառուի։ Երբ հարցրի՝ ինչպես եք, տխուր պատասխանեց. «Պատերազմի, հրետակոծությունների ժամանակ ես կարծում էի, թե սարսափելի է մեռնելը, իսկ այժմ, երբ նայում եմ աչք ծակող դղյակներին և մոտերքում՝ աղբարկղերում մի կտոր հաց որոնող մուրացկաններին, մտածում եմ, որ սարսափելի է ապրելը»։