02.06.2014

Լուսանկար


Մի լուսանկար ունեմ։ Մեկ տարեկան եմ այդ նկարում և մեծ-մեծ, անմեղ աչքերով զարմացած նայում եմ աշխարհին։ Այդ նկարում ես չգիտեմ, թե ինչու են մարդիկ ապրում, թե ինչու են նրանք ծնվում, սիրում ու մեռնում։ Այդ նկարում ես չգիտեմ, թե որն է լավ և որն է վատ։ Ես մի տարեկան եմ այդ լուսանկարում, ու աշխարհն ինձ համար զարմանալիորեն գեղեցիկ, անհասկանալի ու հրաշք մի հեքիաթ է միայն։

Շատ տարիներ են անցել։ Երեք տասնյակից ավելի գարուններ են անցել իմ գլխավերևով և նույնքան ձմեռներ անցել իմ վրայով։ Արդեն մի քիչ հասկանում եմ, թե որն է լավ և որն է վատ այս աշխարհում։ Արդեն գիտեմ, թե ինչն է կարելի և ինչը չի կարելի, ու երբեմն փորձում եմ պարզել, թե «չի կարելին» ինչու շատերի համար չի կարելի, իսկ ոմանց համար կարելի է։
Վաղուց լուսանկարի այն փոքրիկը չեմ այլևս։ Սակայն մոռանալով, մեկ-մեկ աշխարհին շարունակում եմ նայել մեկամյա այն մանկան միամիտ, պարզ ու անմեղ աչքերով։ Մոռանալով, որ աշխարհում կա պատերազմ, տանկ ու ռումբեր, և մարդիկ ոչ միայն մահանում են, այլև սպանում են նրանց, մոռանալով, որ մարդիկ ոչ միայն սիրում, այլև ատում, նախանձում ու չարախոսում են, ես դարձյալ փորձում եմ մտածել, որ կյանքը զարմանահրաշ ու գեղեցիկ մի հեքիաթ է...

Այդ ամենը սակայն մի քանի ակնթարթ է տևում։ Հաջորդ պահին աջ ու ձախից, դիմացից ու թիկունքից տեղացող հարվածներից ես հազիվ եմ պահում ինձ, որ չընկնեմ։ «Երկրի վրա երազներով չես ապրի, և կյանքն ամենևին էլ հեքիաթ չէ լուսեղեն,- ականջներիս մեջ թնդում է իրականության երկրային ձայնը,- քեզ խաբում են՝ դու էլ խաբիր, խփում են քեզ՝ դու էլ խփիր, դու էլ սողա և զրպարտիր, կաշառք տուր և կաշառք վերցրու, ապրանք ու մարդ առ և ծախիր, որպեսզի կարողանաս ապրել...»։

Շատ տարիներ են անցել մանկական իմ այն լուսանկարի վրայով։ Այն լուսանկարի մանկիկը չեմ այլևս, և կյանքն ամենևին զարմանահրաշ հեքիաթ չէ ինձ համար։ Սակայն մեկ-մեկ երբ մոռանում ու դարձյալ սկսում եմ աշխարհին նայել այն մանկան պարզ ու անմեղ աչքերով և... նորից կրկնվում է պատմությունը նույն, ես մտածում եմ, որ ամեն ինչ, անգամ կյանքս կտայի, միայն թե աշխարհն այս այն մանկան զարմացած աչքերի մեջ քարացած զարմանահրաշ ու գեղեցիկ լուսե հեքիաթը լիներ...
                                                    Հուլիս, 1998 թ.