31.05.2011

«Մեդալի» հակառակ կողմը կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս


Իմ խորին համոզմամբ՝ եթե արվեստագետը, գրողը, հատկապես բանաստեղծը չի տեղավորվում մարդու և բարոյականության մասին համընդհանուր պատկերացումների շրջանակներում, անհնար է, որ նա լինի Արվեստագետ կամ Բանաստեղծ։ Որպես գրող սիրում ու հարգում եմ բոլոր նրանց, ովքեր նախ Մարդ ու Քաղաքացի են, ապա՝ Գրող ու Արվեստագետ։ Ուստի խոսելու եմ ոչ թե Վարդան Հակոբյան-բանաստեղծի մասին, այլ մի քանի դրվագով ներկայացնելու եմ Վարդան (Սլավիկ) Հակոբյան-մարդուն։

Սկսած կևորկովյան տարիներից նա իր համար «գրական» ճանապարհ է հարթում ոչ թե սեփական ստեղծագործություններով, այլ օրվա իշխանություններին իր հավատարմությունը հավաստելով և դրա դիմաց մի բան ստանալով։ Արդյունքում՝ բոլոր ղեկավարներից կորզել է առավելագույնը, ինչ հնարավոր է։ Նրա աշխատավայրում, գլխավերևում Գրիգոր Նարեկացու նկարի հարևանությամբ կախված էր Սամվել Բաբայանի մեծադիր լուսանկարը։ Կշեռքի նժարների փոփոխությունից հետո անմիջապես դարձավ Արկադի Ղուկասյանի «կողմնակիցը»։ Այսօր, երբ փոխվել է Արցախի նախագահը, անմիջապես «աստվածափոխ» է եղել նաև Վ.Հ.-ն։ Եթե վաղը իշխանափոխություն լինի, նա առաջիններից մեկն է հայտնելու իր հպատակությունը նոր իշխանությանը...

Բայց այդ մասին ավելի պատկերավոր է արտահայտվել նրա հայրենակից, հայտնի արցախագետ Շահեն Մկրտչյանը, որի նամակը պատճենահանված ու բազմացված կարելի է գտնել շատերի մոտ։ «...Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը: Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում:

Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին,- գրում է Շ. Մկրտչյանը։- Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»:

Ավելացնենք, որ Վ. Հակոբյանը, չնայած պատկառելի տարիքին ու ազդեցիկ չափերին, այդպես էլ չսովորեց կանգնել սեփական ոտքերի վրա։ Մշտապես բռնում է երկրի ղեկավարության փեշերից կամ սեփականաշնորհված գրականագետների մեջքին նստած՝ փորձում գրականություն մտնել։ Իսկ իր հեղինակած զրպարտագրերն էլ տպագրում է ուրիշների ստորագրությամբ։

Ընդհանրապես, Վ.Հ.-ն անչափ շատ ունի թույլ ու խոցելի տեղեր, նույնիսկ ավելի շատ, որ կարող է բավարարել մի քանի հոգու։ Բայց նրա աքիլեսյան գարշապարը ՓՈՂՆ է, և դա հայտնի է բոլոր նրան ճանաչողներին։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ գրել են մամուլում։ Օրինակ՝ Արցախի գրողների միությունում ԼՂՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումների արդյունիքների մասին, որը երևակել է Վ.Հ.-ի կողմից իրականացված կոպիտ օրինախախտումներ, հրապարակվել է ոչ միայն «Ազատ Արցախ» հանրային թերթում ու տեղական այլ լրատվամիջոցներում, այլև հայաստանյան մամուլում, այդ թվում՝ «Իրավունք» թերթում՝ «Արցախի «գլխավոր գրողը» նաև գո՞ղ է» վերնագրով: Պարզ է, որ դրան հետևել է իշխանությունների «դոբրոն» ստացած, ԳՄ խոհանոցում վհակոբյանական նախաձեռնությամբ կազմված «հերքումը»։

Ստուգումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա տարածված տեղեկատվության համաձայն՝ միայն 2002 թվականին Վ.Հ.-ն 130 օր եղել է Երևանում՝ գործուղման մեջ և «գործուղման ծախսերի համար» ստացել է 400 հազար դրամ։ ԳՄ ղեկավարը պարբերաբար «Գրական ուրբաթ» անունը կրող միջոցառումներ է անցկացրել, որի դիմաց դուրս գրած գումարներն այնքան էլ չեն հարաբերվում համեստ այդ միջոցառման նեղ շրջանակներին: ԳՄ հասարակական կազմակերպության ղեկավարը սեփական հրամանով իր աշխատավարձը 50-ից դարձրել է 80 հազար, մինչդեռ մյուս աշխատողների աշխատավարձը մնացել էր նույնը (խոսքը 2002-ի մասին է)։

2005 թվականին երկու գրողի ստորագրությամբ (համահեղինակներից մեկը ես եմ) նամակ է հղվել ԼՂՀ գրական ջոկատի ղեկավար Վարդան Հակոբյանին, խնդրելով օրենքով սահմանված ժամանակում գրավոր պատասխանել վերոհիշյալ հարցերին.

ա) 1994-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն պետական բյուջեից որքա՞ն գումար է ստացել և ինչպե՞ս է տնօրինել այդ գումարը (յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ առանձին-առանձին)։

բ) 1988-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն որքա՞ն ֆինանսական և նյութական օգնություն է ստացել Հայաստանի և Սփյուռքի մեր բարեկամներից (նվիրատուների անունները և յուրաքանչյուրի օգնության չափը), ինչպե՞ս է տնօրինվել այդ օգնությունը (տես՝ «Դեմո», 15 հունվարի 2005 թ.)։ Սակայն ոչ օրենքով սահմանված ժամանակում, ոչ դրանից հետո նամակին պատասխան չի տրվել...

Զավեշտն այն է, որ վերջերս, Օվյանների դեմ ձեռնարկած զրպարտչական արշավի ժամանակ ԳՄ պաշտոնաթերթում Վ.Հ.-ն հանկարծ «հիշել է», որ «ոչ մի գրող ԳՄ-ի ու նրա ղեկավարության կողմից այնքան հովանավորության չի արժանացել երևի, որքան ինքը՝ գրողի որդին (այսինքն՝ ես - հեղ.), թե ստեղծագործական, թե կենցաղային-սոցիալական բնույթի ամենատարբեր խնդիրներում»։ Պարզ չէ, թե ինչու այդ մասին Վ.Հ.-ն հրապարակավ չի պատասխանել մեր դիմումին՝ 3 տարի առաջ, ի ցույց դնելով նաև «կենցաղային-սոցիալական բնույթի հովանավորության» դիմաց դրած իմ ստորագրությունները։ Թե՞ ԳՄ-ում նման «հովանավորությունները» վավերացնում են առանց ստորագրության՝ գեղական-գողական կարգով...

Արփագյադուկցի շատ համեստ կարողությունների տեր գյուղական վարժապետ Սարգիս Հակոբյանի մեծ ամբիցիաների տեր Սլավիկ որդին Ղարաբաղի գրական բաժանմունքի քարտուղար է նշանակվել հետաքրքիր հանգամանքներում։ Նախկին քարտուղարի պաշտոնանկությունից հետո մինչ գրողները քննարկում էին, թե ում թեկնածությունն առաջադրեն, Վ.Հ.-ն, որ այդ տարիներին աշխատում էր «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալի պաշտոնում, անմիջապես շտապել է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի մոտ և այնտեղից վերադարձել որպես գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար (ԳՄ բաժանմունքի քարտուղարի աշխատավարձն ավելի բարձր էր, քան խմբագրի տեղակալինը)։

Մի քանի տարի հետո, երբ բարձրացվել է վերոհիշյալ թերթի խմբագրի տեղակալների աշխատավարձը, ինչպես նաև՝ խմբագրի տեղակալի լրացուցիչ նոր հաստիք են ավելացրել, Վ.Հ.-ն որոշել է վերադառնալ նախկին աշխատանքին։ Ու դարձյալ շտապել է Կևորկովի մոտ՝ խմբագրի տեղակալ նշանակվելու «դոբրո» ստանալու։ Լավ ճանաչելով Վ.Հ.-ն, կոլեկտիվը, սակայն, չի ցանկացել ընդունել նրան։ Մարզկոմի քարտուղարը հանդիպելով խմբագրակազմի անսպասելի դիմադրությանը, հանձնարարել է խմբագրի տեղակալին ընտրել կոլեկտիվի անդամների քվեարկությամբ։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում գրեթե միաձայն ընտրվել է տեղակալի մյուս թեկնածու Ռաֆայել Մայիլյանը։ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը, որ այդ տարիներին հիշյալ թերթի ռուսական տարբերակի խմբագրի տեղակալն էր, Մայիլյանի օգտին քվեարկողների մեջ էր...

Մի հետաքրքիր փաստ ևս. 90-ական թվականներին ՀՀ և ԼՂՀ գրողների միության հասցեով կարիքավոր գրողների համար սփյուռքից նյութական օգնություն է ստացվել։ Ղարաբաղում 100-ական դոլար ստացող հինգ «չքավոր գրողներից» մեկը, «Արցախ» թերթի հավաստմամբ, եղել է Վարդան Հակոբյանը։ Ավելացնենք, որ մի քանի տարի հետո նա մասնավոր համալսարան է բացել, այնուհետև Ստեփանակերտի ավտոկայարանի մոտ դղյակ սարքել (լուսանկարը՝ 8-րդ էջում), արտասահմանյան թանկարժեք ավտմեքենա գնել, և այժմ նա Ղարաբաղի ու Հայաստանի ամենահարուստ գրողներից մեկն է, եթե ոչ՝ ամենահարուստը։

Այսօր առնվազն 4-5 պետական հանձնաժողովի ղեկավարն է. նա է որոշում, թե գրականության և արվեստի ո՞ր գործիչը պիտի պետական շքանշան ստանա, ո՞ր ստեղծագործությունները պիտի արժանանան պետական մրցանակի, ո՞ր գրողների հոբելյանները պիտի նշվեն, ո՞ր գրողի գրքերը պիտի տպագրվեն և այլն։ Մի հոգու համար շատ չէ՞ արդյոք... Երևի շատ չէ, որովհետև, վերջերս էլ ստանձնել է դատապարտյալների ներման հանձնաժողովի ղեկը։

Միաժամանակ՝ «Գրիգոր Նարեկացի» իր մասնավոր համալսարանի ռեկտորն է։ Ասենք նաև, որ Վ.Հ.-ն հաջողությամբ և մեծ սիրով ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը։ Այդ սերն այնքան փոխադարձ է, որ «Գրիգոր Նարեկացի» համալսարանը «հիմնադրվել է» հենց այն նույն հարկի տակ, որտեղ գրողների միությունն էր։ Անձնականն ու ոչ անձնականն այնքան միահյուս են, որ հնարավոր չէ իրարից զանազանել... Այդ համալսարանին կից գործում է նաև Վ.Հ.-ի մասնավոր ատամնաբուժարանը. ասում են՝ բժշկության այդ ճյուղը բավականին եկամտաբեր է։

Ես չեմ բաժանում նրանց կարծիքը, ովքեր ասում են՝ եթե Վ.Հ.-ն չլիներ ԳՄ նախագահ, ապա նրա անունը հազիվ թե անցներ իրենց թաղամասից այնկողմ, բայցև չեմ կարող ժխտել, որ ԳՄ-ն ծառայում է միայնումիայն մի նպատակի և մի մարդու՝ Վ.Հ.-ին։ Ես չգիտեմ, թե նա որքան է պետք այդ կազմակերպությանը, բայց, որ այն խիստ անհրաժեշտ է Վ.Հ.-ին, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այլապես նա 25 տարի պինդ չէր բռնի ԳՄ-ի ղեկը, և նրա անդամների թիվը չէր հասցնի մոտ 5 տասնյակի, որպեսզի ԳՄ նախագահի ընտրությունների ժամանակ մշտապես ունենա ձայների անհրաժեշտ «խմբաքանակ»։ Ի դեպ, Արցախում յուրաքանչյուր 2700 բնակչից մեկը ԼՂՀ ԳՄ անդամ է (Հայաստանում ԳՄ անդամ է մոտավորապես 10 000 բնակչից մեկը)։

Արցախյան մամուլում նշանավոր մտավորականների ստորագրությամբ վերջերս տպագրված նամակ-հոդվածում գրված է. «ԳՄ ղեկավարն այսօր ստանում է նախարարական, վարչության քարտուղարը՝ փոխնախարարական աշխատավարձ, բյուջեն ֆինանսավորում է «Եղիցի լույս» և «Պըլը Պուղի» պարբերականները, որոնք իրականում, բացի նոմենկլատուրային հեղինակների «ներքին գրաքննություն անցած» ստեղծագործություններից ու «հրապարակախոսական հոդվածներից», ուրիշ ոչինչ չեն տպագրում», և հոդվածի հեղինակները առաջարկում են «դադարեցնել ԼՂՀ գրողների միություն՝ անվանապես հասարակական, իրականում՝ նեղ կորպորատիվ կազմակերպությանը պետբյուջեից տրվող հատկացումները» («Ազգ», 06.12.08)։

Այս առթիվ ԳՄ խոհանոցում թխված հոդվածում ցինիզմով հայտարարել են. «...Իսկ ինչո՞ւ նրանց թվում է, թե ԳՄ վարչության նախագահը արժանի չէ, որպեսզի նախարարի չափ աշխատավարձ ստանա»։ Այստեղ են ասել՝ արջը երեք երգ գիտե, երեքն էլ՝ տանձի մասին (թե՞ փողի մասին)։ Իմիջիայլոց, ինչպես իր հեղինակած մյուս բոլոր հոդվածներում, այստեղ էլ ԳՄ-ն փայլել է յուր «գրագիտությամբ»՝ «նախարարի չափ աշխատավարձ» չի լինում, նախարարը փողի չափման միավոր չէ... Բայց, իրոք, ինչո՞ւ սովորական մի ՀԿ-ի ղեկավարը չպիտի նախարարի կամ նույնիսկ Նախագահի աշխատավարձ ստանա։ Հատկապես, երբ Վ. Հակոբյանն ամենուր հայտարարում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր բարեկամն է, ուստի իր «թուրը և՛ աջ է կտրում, և՛ ձախ»։ Անշուշտ, չմոռանալով ավելացնել, որ դատավոր իր որդուն դարձրել է ԼՂՀ ներկայացուցիչ Ֆրանսիայում, իսկ մյուս որդին դատախազ է...

ԼՂՀ սուղ միջոցներից Վ.Հ.-ն լիաբուռն օգտվում է նաև գրահրատարակչության միջոցով՝ հաստափոր ու շքեղակազմ գրքեր տպագրելով, դրան գումարած՝ «համեստ» հոնորար ստանալով։ Վերջին 5 տարում պետպատվերով նա տպագրել է 8 հաստափոր գիրք, որոնց համար ԼՂՀ պետական բյուջեն ծախսել է ավելի քան 7 մլն դրամ։ «Հոբելյանական» 5 հատորների ծավալը 200 մամուլից ավելի է (ի դեպ, Թումանյանի 100-ամյակի առթիվ տպագրված քառահատորն ընդամենը 80 մամուլ ծավալ ունի)։ Այնպես որ՝ համեստ հնարավորություններով նորանկախ մեր երկրի համար Վ.Հ.-ն չափազանց «թանկ հաճույք» է, միայն թե՝ առայժմ պարզ չէ, թե որն է նրա տվածը մեր երկրին ու ժողովրդին։

Վարդան Հակոբյանը նաև մե՜ծ հայրենասեր է։ Արցախյան շարժման ամենածանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, «հայրենասեր» գրողը երեք անգամ հսկայական գումար է (մոտ 1700 ռուբլի, այսինքն՝ այն տարիների պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար... Արցախյան շարժման և պատերազմի տարիներին Վ. Հակոբյանի «հայրենասիրության» մասին՝ մի այլ առիթով։ Դա այլ թեմա է։

Նա կարծում է, թե երկրագունդը պտտվում է միայն իր համար, Արեգակի լույսն ուղղված է միայն իրեն։ Այս ցուցանմուշը հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հասել է իր ուզածին։ Խաբելով, մատնելով, քծնելով, զրպարտությամբ, ստորաքարշությամբ, սողալով նա մեծ կարողություն է դիզել։ Ամեն ինչ ունի՝ փող, արտասահմանյան շքեղ ավտոմեքենա, կոչումներ, շքանշաններ և այլն։ Միայն մի բան չունի նա՝ հարգանք ու պատիվ։

Յուրաքանչյուր մահկանացու ունի մեծ ու փոքր թերություններ։ Դժվար է միանգամայն անթերի գրող ու արվեստագետ գտնել։ Սակայն աշխարհում ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այսպիսի «պոտենցիալով» հնարավոր է Բանաստեղծ լինել։ Մտավորականների վերոհիշյալ հոդվածում մի շատ կարևոր միտք կա. «գրական արժեքը ոչ թե պարտադրվում, այլ նվաճվում է»։
Առայժմ փակագծերն ավելի չբացենք։ Իր հեղինակած զրպարտագրերի և կեղծագրությունների տակ ուրիշների ստորագրությունը դնող Վարդան (Սլավիկ) Հակոբյանին հիշեցնեմ, որ հոդվածներս ես տպագրում եմ ի՛մ ստորագրությամբ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Նոր էջ», 2009 Փետրվար N2
«Տարեգիր», Երեւան, 2009 թ.

Լավագույն տղերքը հեռանում են Արցախից

Որ իրոք Արցախից մեկնում են, այն էլ, առավել հաճախ, լավագույն կադրերը, ոչ միայն փաստ է, այլև՝ տխուր փաստ է: Վերջին մի քանի տարում Արցախը լքել են տեղի շնորհալի լրագրողները՝ Կարինե Օհանյան, Նաիրա Հայրումյան, Գեղամ Բաղդասարյան... Երևան են մեկնել տարբեր պատճառներով՝ մեկն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ, մյուսին գործ են առաջարկել, երրորդը մեկնել է մի այլ պատճառով...

Պատճառները թերևս շատ են, իսկ փաստը մեկն է՝ լավագույն կադրերի մի մասը հեռանում է հայրենի երկրից...

Արցախից հեռացածների մի ստվար մասը Երևան է մեկնել տեղի քաղաքական վերնախավի առաջարկով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայելու: Նրանցից շատերն այստեղ վաճառել են իրենց տունուտեղը, Երևանում բնակարաններ ձեռք բերել: Հայաստանի մայրաքաղաք մեկնածների մեջ զգալի թիվ են կազմում բարձրագույն չինովնիկների բարեկամները, ընկերները, սրանց ծանոթները: Աստված նրանց հետ: Նրանց լինել-չլինելուց Արցախում ոչինչ չի փոխվում: Ցավը բարձրակարգ մասնագետների, ստեղծագործական մեծ պոտենցիալ ունեցող մարդկանց Արցախից հեռանալու մեջ է: Մարդիկ, ովքեր պատերազմական ծանր տարիներին երբեք չեն լքել մեր երկիրը՝ իրենց ներդրումն ունենալով Արցախի ազատագրական պայքարում:

Ցավոք, Արցախից հեռանում են նաև տաղանդավոր արվեստագետները, որոնց կարիքը պետք է որ շատ ունենա մեր երկիրը, մեր մշակույթը, մեր արվեստը:
Վերջին երկտասնամյակում Արցախում ամենատաղանդավոր երգիչն անկասկած Տիգրան Մկրտչյանն էր: Ծննդով Արթիկից է: Սովորել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1989-ից տեղափոխվել է Ղարաբաղ: Եկավ, սիրեց Արցախը և մնաց: Մասնակցել է Արցախյան գոյամարտին: Աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, ղեկավարել «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը:

Բազմիցս հանդիպել, զրուցել ենք: Ձգտում էր ազատ ու ինքնուրույն լինել, ազատ հնարավորություն ունենալ ստեղծելու իր համույթը՝ ազգագրական կատարման իր դպրոցը: Եվ 2002-ին ստեղծեց «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը, որն աչքի էր ընկնում հայկական երգերի բարձրաճաշակ ընտրությամբ, ինքնատիպ երաժշտամտածողությամբ ու կատարողական վարպետությամբ: Երաժշտասերների շրջանում «Վերնատունը» դարձել էր սիրված երաժտական համույթը: «Վերնատունը» հայկական ազգային երգարվեստ էր քարոզում և տարածում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում ու Արցախում մեծ տարածում է գտել ռաբիսը, արևելյան, արաբական-թուրքական ելևեջներով շաղախված թեթև ու էժանագին երաժշտությունը: Տիգրանի ասելով՝ «Վերնատունը» դպրոց է, որի առաքելության նպատակն է դաստիարակել սերունդներին, ուսուցանել նրանց իրենց պապերի ու ապուպապերի երգարվեստը. երգեր, որոնք մեր ազգային հպարտությունն են ու մեր խիղճը, մեր պատիվը, մեր սրբություն-սրբոցը:

Ցավն այն է, որ զրկված լինելով պետական աջակցությունից, քառյակը հիմնականում գոյատևում էր ինքնաֆինանսավորմամբ և որոշ չափով էլ գործարարների հովանավորությամբ: Տիգրան Մկրտչյանը համերգներ է ունեցել Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի, Ուկրաինայի տարբեր քաղաքներում, Մերձբալթյան և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում:

Տիգրանի հետ վերջին հանդիպումներին զգացվում էր, որ մարդու մեջ մեծացել է դժգոհությունը: Մշակույթի նախարարությունում այդպես էլ լիովին չընկալեցին այդ արվեստագետի արժեքը: «Ուզում եմ գնալ: Այլևս անիմաստ եմ համարում այստեղ իմ մնալը,- մի օր ասաց նա:- Արդեն հոգնել եմ իշխանություն ունեցող այդ մարդկանց բացատրել, թե ինչ ասել է Արվեստ, ազգային երաժշտություն...»:
2002 թ. Արցախի իշխանությունները նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալ են տվել, ապա, տևական քաշքշուկից հետո հանրապետության վաստակավոր արտիստի կոչում շնորհել: Բայց արդյո՞ք դա ամենակարևորն է արվեստագետի համար:

Մոտ մի տարի առաջ մի օր էլ թողեց ու մեկնեց Երևան: Նրա մեկնումից չգիտեմ ինչ կորցրեց ինքը, բայց Արցախը կորցրեց մի բարձրակարգ ու անկրկնելի երգիչ ու արվեստագետ, որ կոչվում է Տիգրան Մկրտչյան:
Ընդամենը մի ճակատագիր: Մի մարդու ճակատագիր՝ մի քանի տասնյակներից... Ցավոք, կարծես նույն ճակատագիրն է սպասում նաև մի այլ արվեստագետի՝ պարուսույց Գենադի Բադալյանին, մասնագետ, որի նմաններին Երևանում մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել...

«Լավագույն տղերքը հեռանում են...»՝ ասվում է Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգում: Ցավոք, հեռանում էին ոչ միայն այն դաժան ու ծանր պատերազմական տարիներին, և հեռանում էին ընդմիշտ, հեռանում են նաև այսօր՝ ազատ ու անկախ մեր երկրից: Վախենում եմ, որ մի օր երբ ինչ-որ մանչուկ հարցնի՝ «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», նրան այլևս պատասխանող չլինի: Կամ, լավագույն դեպքում, պատասխանեն... ռաբիսով:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Իսկ կոտրած տաշտակը դեռ մնում է

Կադրային հարցը եղել և մնում է հայկական պետությունների աքիլեսյան գարշապարը: Այդպես է Հայաստանում, այդպես՝ նաև Արցախում: Առավելապես բարձր ու պատասխանատու պաշտոններ են ստանում մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային որակներով, բարոյական և այլ հատկանիշներով բացարձակապես անհամատեղելի են այդ պաշտոններին, հակացուցված են զբաղեցրած պաշտոններին...

ԼՂՀ երկրորդ նախագահ Ա. Ղուկասյանի պաշտոնավարությունից հետո զգալի փոփոխություններ կատարվեցին կառավարական համակարգում: Գրեթե բոլոր նախարարություններում ու գերատեսչություններում կադրային փոփոխություններ են կատարվել: Նախկին նախագահի օրոք քիչ չէր խոսվում պետական-կառավարական ապարատի ուռճացվածության մասին: Այդ առումով՝ նոր նախագահից հակառակ գործողություններ են սպասում: Մինչդեռ հաճախ նախկին նախագահի «կադրերը», ազատվելով զբաղեցրած պաշտոններից, հաջողությամբ տեղավորվում են այլ «փափուկ» պաշտոններում: Այս ամենը հիշեցնում է երթուղային միկրոավտոբուսներում տարածված երևույթը. մի կերպ տեղավորված, իրար կպած ուղևորները սպասում են, որ մոտակա կանգառում մի քանիսը կիջնեն և տեղ կազատվի: Հաջորդ կանգառում ոչ միայն ոչ ոք չի իջնում, այլև մեքենա են բարձրանում մի քանի նոր ուղևորներ ևս: Թե այդքանը ոնց են տեղավորվում, անհասկանալի է:

Պետական ուռճացված ապարատի յուրաքանչյուր միջին տրամաչափի ղեկավարի որդին կամ դուստրը, խնամին կամ սիրուհին պարտադիր աշխատում է հարևան նախարարությունում: Պետական ապարատն իրենից ներկայացնում է մի մեծ տուն, որտեղ բոլորը «յուրային» են:

Հայկական կադրային քաղաքականության ամենաբնորոշ, ամենատարածված երևույթներից մեկը «ռակիրովկան» է: Երկու բարձր պաշտոնյայի վերցնում ու... գումարելիների տեղերը փոխում են: Եվ արդյունքում՝ գումարը չի փոխվում: Ըստ երևույթին՝ մերօրյա կադրերն այնքան «ունիվերսալ են», որ նրանց կարելի է նշանակել մասնագիտության և նրանց ունակությունների հետ չնչին աղերս անգամ չունեցող պաշտոններում, և նրանք մշտապես իրենց զգում են ինչպես ձուկը ջրում:

Հանդիպումներից մեկի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ որոշ պաշտոնյաներ «իրենց պաշտոնը դիտում են որպես սեփականություն, ինչը նույնպես խոչընդոտ է հանդիսանում մի շարք խնդիրների լուծման գործում»: Նա նշել է նաև, որ որոշ պաշտոնյաներ մարդկանց աշխատանքի են ընդունում միայն «ծանոթ-բարեկամի» սկզբունքով: Ըստ իս, ցավն այն է, որ «ծանոթ-բարեկամի» սկզբունքով ոչ միայն աշխատանքի են ընդունում, այլև մինչևիսկ նոր հաստիք են ստեղծում այդ «կադրերի» համար:

Մեզ մոտ սիրում են կրկնել՝ կադրային ջարդ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, ցանկա՛լի է, որ լինի: Պե՛տք է լինի: Ու ամենից առաջ այն պիտի լինի ոչ միայն բարձր, այլև միջին օղակներում, որտեղ տարիներ շարունակ «քուջուջ են անում» կադրեր, որոնց միակ կարողությունը, բան ու գործը քուջուջ անելն է՝ ամենաուղիղ և փոխաբերական իմաստներով:
Եթե ուզում ենք կյանքը փոխել դեպի լավը, ապա առաջին հերթին պիտի դեն նետել «կոտրած տաշտակը»:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Ի ԴԵՊ. Չգիտեմ, Աստծո ստեղծած առաջին մարդը կարևո՞ր անձ էր, թե՞ անկարևոր։ Եվ, ընդհանրապես, Ադամ ու Եվայից սերված առաջին երկոտանիները կարևո՞ր անձնավորություն էին, թե՞ անկարևոր։ Սակայն հազարամյակներ հետո մարդիկ բաժանվեցին երկու խմբի՝ կարևոր անձինք և անկարևոր անձինք։ Կարևորների խմբի մեջ մտնում են, անշուշտ, փող և իշխանություն ունեցողները։ Մնացյալը, որ ժողովուրդ է անվանվում և ոչինչ չունի, կազմում է մարդկության անկարևոր կեսը։

Առաջինները շատ բարձր բազկաթոռներ ու պաշտոններ են զբաղեցնում, օգտվում են լայնածավալ իրավունքներից, օրենքներ են սարքում ու օրենքներ շրջանցում, անկարևոր մարդիկ են դատում ու դատապարտում, սպանում ու անպատիժ մնում և այլն։ Կենդանության օրոք սրանք իրենց համար արձաններ ու կիսանդրիներ են պատվիրում, նրանց մասին փաստագրական և գեղարվեստական գրքեր ու կինոնկարներ են սարքվում, ձոներգեր ու քայլերգեր են նվիրում նրանց։

Շատ կարևոր այդ մարդկանց շուրջ, նրանց աթոռ-բազկաթոռների շուրջ վխտում են շատ մարդիկ, ովքեր իրենց կարևոր անձ են ներկայացնում։ Սրանք, ճիշտ է, առաջինների համեմատ պակաս կարևոր են, բայց թեթևակի «եղանակափոխությունների» ժամանակ սրանցից ոմանք, առավել ճարպիկները, կարող են հայտնվել շատ կարևոր անձերի աթոռներին...

Այժմ անցնենք անկարևորներին։ Դա ժողովուրդն է և ընդհանրապես իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, քանի դեռ առջևում ընտրություններ ու պատերազմ չկա, քանի դեռ Հայրենիքը վտանգի մեջ չէ և չի զգում նրա կարիքը։ Նրանք այնքան անկարևոր են, որ նույնիսկ իմաստ չունի երկար խոսել նրանց մասին...

Առա՜ջ, դեպի հետ...

Երկրի առաջադեմ, հայրենասիրական ուժերը երբ շարունակ փաստում են, թե հրադադարից ի վեր ՀՀ իշխանությունները Ղարաբաղի հարցում վարում են պարտվողական, ապազգային քաղաքականություն, դրանից չպիտի հետեւություն անել, թե, ի տարբերություն արտաքին քաղաքական գործունեության, ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամեն ինչ հիանալի է։ Լավ կյանքից ու սոցիալ-տնտեսական դաշտում իշխանությունների վարած փայլուն քաղաքականությունից չէ, որ վերջին երկտասնամյակում շուրջ 1.2 մլն մարդ լքել է Հայաստանը։

Օրենքի գերակայության փոխարեն իշխում է պաշտոնեական դիրքի եւ փողի գերակայությունը, Հայրենիք եւ Պետություն հասկացությունները տարանջատվել են, ինչպես իրարից անդունդով բաժանվել են ժողովուրդն ու իշխանությունները, հողի սեփականաշնորհումը կատարվել է ոչ թե ի շահ երկրի իրական տիրոջ՝ ժողովրդի, այլ փողատեր իշխանավորի եւ կասկածելի ճանապարհով հարստություն կուտակած, այսպես կոչված՝ բիզնեսմեն-գործարարի...

Մխիթարվելու ոչինչ չկա նաեւ հոգեւոր դաշտում՝ քամահրական վերաբերմունք ազգային արժեքների հանդեպ եւ համընդհանուր արժեզրկում։ Երկրի գիտնականն ու ակադեմիկոսը՝ նյութական վիճակից խեղճացած, վիզ ծռած սպասում են, թե ով է մի քանի գրոշ նետելու իրենց, որ ստրկահաճորեն պատվեր կատարեն (խոսքը այն փոքրաթիվ մարդկանց մասին չէ, ովքեր իրենց արժանապատվությունը երբեք չեն վաճառում)։

Ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում իշխանությունների վարած ապազգային քաղաքականության ընդամենը երկու օրինակ։ Վերջերս ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տալիս երկրում հիմնել օտարալեզու դպրոցներ։ Ասել է թե՝ փորձ է արվում օրինական հիմքերի վրա դնել հայոց լեզվի նպատակաուղղված դուրսմղման գործընթացը, դրանով ավելի խախուտ դարձնելով հայկական պետականության հիմքերը։ Բարեբախտաբար, դրանից դժգոհության ալիք է բարձրացել երկրում, սակայն այն փաստը, որ այդ օրինագիծն արդեն հայտնվել է ՀՀ ԱԺ-ում, ենթադրել է տալիս, թե չի բացառվում, որ իշխանությունները հերթական անգամ թքած ունենան հանրության կարծիքի վրա եւ ներքաղաքական կյանքում առաջ տանեն իրենց «ֆուտբոլային դիվանագիտությունը»...

Մի օրինակ էլ արտաքին քաղաքական դաշտից։ Մինչ երեւանյան հայտնի քաղաքագետները, իրավագետներն ու փորձագետները (Ալեքսանդր Մանասյան, Իգոր Մուրադյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Մանվել Սարգսյան եւ այլք) Ստեփանակերտում մասնակցում են զանազան «կլոր սեղանների» ու այլ միջոցառումների, տեղի հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքիր ու արժեքավոր տեսակետներ հայտնում ղարաբաղյան հարցում ստեղծված մեզ համար կործանարար վիճակից դուրս գալու մասին, նրանք, ովքեր առաջնորդում են պետական մեր Նավը, այն աննկուն տանում են «Տիտանիկի» կուրսով։ Դրա վերջին խայտառակ ապացույցը Եվրախորհրդարանի մայիսի 20-ի թիվ 2216 բանաձեւն է, որտեղ պահանջ է ներկայացվում «հայկական ուժերը ադրբեջանական օկուպացված տարածքներից» անհապաղ դուրս բերելու մասին...

Որտե՞ղ է, ապա, հայ դիվանագիտությունը, ո՞ւր են արդյոք այն կտրիճները, որ այսօր արտաքին քաղաքական դաշտում (ըստ իրենց՝ ֆուտբոլի դաշտում) ստանձնել են Արցախի եւ, ընդհանրապես, հայ ժողովրդի ճակատագիրը որոշողի դերը։

Նախկին ազատամարտիկ երեւանաբնակ ընկերս, որ մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին եւ այն տարիներին մի քանի անգամ հազիվ է փրկվել մահից, վերջերս այսպես ասաց. «Հայրենիք եւ պետություն հասկացություններն այսօր միանգամայն տարբեր բաներ են։ Ես սիրում եմ իմ Հայրենիքը, այսօր էլ պատրաստ եմ կյանքս զոհաբերել հանուն նրա, բայց ես չեմ հարգում այն պետությունը, որ այս 20 տարում հիմնվել է այն տարածքում, որտեղ իմ հայրենիքն է, իմ երկիրը։ Ասես դիվերսիոն խումբ է մտել հայրենի երկիրս...»։

Սա է, ահա, ամենամտահոգիչը։ Ու նաեւ այն, որ տասնամյակներ առաջ անկախ պետականություն չունեինք, բայց ունեինք զարգացած, գիտության ու մշակույթի երկիր Հայաստան, իսկ այսօր հայերս ազատ ու անկախ ենք կարծես, բայց հայոց երկիրը՝ իր դիվանագիտությամբ, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր ոլորտներով, գետնաքարշ է։

Ահա թե ինչու փաստել ու կրկին փաստում ենք, որ հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին։ Փոխարենը՝ տեր կանգնեցին միայն երկրի նյութական հարստությանը։

Սիրում ենք ազգովի մեղավորներ փնտրել մեր դժբախտությունների, ողբերգությունների ու չկայացման համար։ Մի անգամ շրջվենք եւ կողմնակի մարդու քննադատական հայացքով նայենք մեր ժողովրդի պատմությանը։ Մեր բոլոր դժբախտությունների ամենաառաջին մեղավորը մենք ենք՝ մեր տհաս առաջնորդներով, ողորմելի դիվանագիտությամբ եւ սխալներից երբեք դասեր չքաղելու բացառիկ ունակությամբ։ Եվ մեր դժբախտությունների հիմնական պատճառն այն է, որ մեր իսկ մեղքով դարեր ի վեր ընտրություն ենք կատարում վատի ու վատթարագույնի միջեւ, եւ ցավն այն է, սակայն, որ հայերս մշտապես ընտրում ենք վատթարագույնը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Արվեստը զոհեր է պահանջում. թեկուզ դա լինի թատրոնը

Մոտ 3 տարի առաջ Ստեփանակերտի պետդրամթատրոնի բեմ բարձրացավ Կոմիտաս Դանիելյանի անդրանիկ «Մենք մեր սարերն ենք» պիեսը։ Արցախի մայր թատրոնի պատմության մեջ երևի թե առաջին անգամ պիես է բեմ բարձրացել առանց թատրոնի գեղխորհրդում քննարկվելու-ընդունվելու։ Ես, որ որպես գեղխորհրդի անդամ հրավիրված էի ներկայացման փակ դիտմանը, իմ տարակուսանքը հայտնեցի, որին հեղինակը մոտավորապես պատասխանեց, թե պիեսն ուղարկել է հայաստանյան մի քանի թատերագետների և դրական արձագանք ստացել...

Փակ դիտումից հետո գեղխորհրդի նիստում հնչած իմ խոսքում ասացի, որ ճանաչված ռեժիսոր Նարեկ Դուրյանը և գրեթե բոլոր դերակատարներն իրենց ուժերի գերլարումով կատարել են իրենց գործը, բայց, ցավոք, այստեղ ներկայացում չկա։ Նույնիսկ տեր Աստված հազիվ թե փրկեր ներկայացումը, որովհետև բեմադրության համար առաջին հերթին պիտի ձեռքի տակ պիես լինի։ Իսկ պիես չկա, փոխարենը հեղինակի ինչ-որ պատմվածքներից հավաքած-սարքած վինեգրետ է, որ անգամ հեռավոր առնչություն չունի թե՛ ռեալ իրականության, թե՛ հատկապես արվեստի հետ...

Պիեսում ղարաբաղյան բանակը ներկայացնում են երեք հոգի, որոնցից մեկը հրամանատար է, երկուսը՝ զինվոր։ Երկու զինվորներից մեկը ներկայացման ողջ ընթացքում հայ ժողովրդի պատմությունից դասագրքային քարոզներ է կարդում չգիտես՝ մյուս զինվորի՞, հանդիսատեսի՞համար, թե՞հեղինակի ռազմահայրենասիրական ոգին ամենքիս ցուցանելու համար։ Բայց սա «մեդալի» մի կողմն է միայն։ Մյուսում թշնամու կողմից գրավված հայկական գյուղում թաքնված հղի կինն է՝ ութ թե տասը տարեկան որդու հետ։ Եվ մինչ հայկական զորամասի հրամանատարությունը գերյալներին փրկելու ծրագրեր է մշակում, փոքրիկն իր հղի մորը հակառակորդի քթի տակով և առանց մեր զինվորների աջակցության, բերում, հասցնում է զինվորական բուժմաս, որտեղ լույս աշխարհ է գալիս նորածինը։

Հարց է ծագում. փոքրիկն այդ ինչպե՞ս է կարողանում ծննդաբերության շեմին գտնվող, հազիվ ոտքի վրա կանգնող մորը երկու թշնամի զորամասերի դիրքերի մոտով աննկատ բերել, տեղ հասցնել։ Մյուս կողմից՝ էլ ո՞ւմ են պետք պիեսի, այսպես կոչված, «բանակային» տեսարանները, հայ ժողովրդի պատմությունից հերոսական դասերը, երբ այդ նույն բանակը ոչ միայն ներդրում չունի գերյալներին ազատելու գործում, այլև այնքան թույլ է, որ նույնիսկ չի նկատում, թե վերջիններս ինչպես են իր վերահսկած տարածքով հասնում զորամաս...

Պիեսի, այսպես կոչված, զինվորական տեսարանների վերաբերյալ հնչած քննադատությանը հեղինակը ջղայնացած պատասխանել է, թե ինքը կռվել է և պետք չէ բան սովորեցնել իրեն։ Բայց մոռացավ ներկաներին հիշեցնել, թե որ թվականին, ամսի քանիսին և որտեղ է կռվել...

Խորհրդային տարիներին Ստեփանակերտում կար Ստեղծագործությունների տուն, որտեղ ժողբանահյուսության նմուշներ էին հավաքում, երբեմն էլ համեմատաբար «թեթև» պիեսներ վերցնում՝ գյուղական ակումբներում բեմադրելու համար։ Խիստ կասկածում եմ, որ Կ. Դանիելյանի այս պիեսն արժանանար այդ պատվին։ Բայց մարդը որոշել է ոչ միայն պիեսներ գրել, այլև՝ ամեն գնով բեմադրել, քանի դեռ թատրոնի տնօրեն է։ Պիտի խոստովանել, որ հեղինակի դրամատիկական տաղանդը հատկապես փայլատակում է հոբելյանական տարեթվերի առիթով։

Եթե անդրանիկ պիեսը նվիրված էր Արցախի ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին, ապա այս անգամ պիես բեմ հանելու առիթը Հայոց ցեղասպանության 95-ամյակն էր։ Եվ լույս աշխարհ եկավ ու բեմ ելավ «Տո, լաճ տնավեր»-ը։ Ընդհանրապես Կ. Դանիելյանը սիրում է պիեսներ գրել այնպիսի հոբելյանների առթիվ, որ հեշտ լինի ընդդիմախոսների բերանը փակել. ի՞նչ է, մեր սուրբ պայքարին կամ մեր մեծ ողբերգության տարելիցին նվիրված ստեղծագործություն չպիտի՞բեմադրենք... Կամ՝ մեր ազգային պայքարին ու համազգային ողբերգությանը նվիրված գործե՞րն ես քննադատում...

Չեմ կարծում, թե որևէ մեկը դեմ լիներ, որ ֆրանսահայ ռեժիսոր Նարեկ Դուրյանը կամ Հայաստանից հրավիրված ռեժիսորը բեմադրեին հայ կամ արտասահմանյան դրամատուրգիայի որևէ արժեքավոր գործ՝ ի ցույց դնելով իրենց ողջ կարողություններն ու տաղանդը... Ասենք՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս»-ը, Աղասի Այվազյանի լավագույն պիեսներից որևէ մեկը կամ ժամանակակից մի երկ՝ արտասահմանյան անվանի դրամատուրգներից։

Դարձյալ չեմ խոսելու դերասանների խաղի մասին, հրավիրված ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանի անուրանալի չարչարանքների մասին (որքան ինձ հայտնի է, նրա մեկնելուց հետո հեղինակն անմիջապես ուղղել է վերջինիս «սխալները»՝ վերականգնելով փորձառու ռեժիսորի կողմից կրճատված հատվածներն ու խմբագրել որոշ տեսարաններ)։ Ռեժիսոր, որ պիես բեմադրելու դասական ավանդույթների հարուստ փորձով և վարպետությամբ ասես մի հրաշքով կյանք էր տվել պարապությունից հոգնած, ձանձրացած կոլեկտիվին։ Ասում են՝ երիտասարդ դերասաններն ամեն օր անհամբեր սպասում էին փորձերին, որտեղ ամեն օր մի բան էին սովորում դասական բեմարվեստի նվիրյալ ռեժիսորից...

Համառոտ ես խոսելու եմ միայն պիեսի մասին։ Մեր թատրոնի հնագույն երկրպագուները երևի հիշում են հայ բեմի վարպետ Բենիկ Օվչյանի Թումանյանը՝ «Մեծ լոռեցին» պիեսում։ Ներկայացման յուրաքանչյուր դերակատար ուներ իր «դուբլյորը», որպեսզի եթե հանկարծ ինչ-որ պատճառով ինքը չկարողանա մասնակցել ներկայացմանը, իր տեղը գրավի փոխարինողը։ Օվչյանը վատառողջ էր կամ հիվանդ, ուրեմն՝ ներկայացումը հետաձգվում է։ Նա փոխարինող չուներ, որովհետև հազիվ թե մեկ ուրիշը կարողանար կերպավորել մի մարդու, որին ասես անձամբ ճանաչում ենք ամենավաղ մանկությունից, և որի փառահեղ կերպարը մեր մեջ ամրացել է նրա իսկ անմահ ստեղծագործություններից։ Օվչյանը մեզ ներկայացրեց մեր իսկ ճանաչած, մեր մեջ նստած Թումանյանին։

Վարպետ դերասանի համար երևի թե դժվար չէ գրական կերպար կերտելը։ Երիցս դժվար է իրական, հանրահայտ, տաղանդավոր անհատի կերպարը մարմնավորելը։ Հատկապես եթե այդ անհատը Թումանյանն է, Տերյանը, Կոմիտասը, Դանիել Վարուժանը կամ Սիամանթոն... Մարդիկ, որոնց կերպարներն իրենց իսկ ստեղծագործություններից արդեն ամուր նստած են մեր մեջ։ Դա է ահա ամենադժվարը՝ արվեստասեր հանրությանն անխաթար ու իրական ցույց տաս Տաղանդավոր այն անհատին, որին ժողովուրդը գիտե և ճանաչում է...

Եվ Կոմիտաս Դանիելյանը որոշեց միանգամից մեզ ներկայացնել Դանիել Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սևակին ու Կոմիտասին։ Մարզաշխարհում յուրաքանչյուրը գիտե իր ուժերի և կարողությունների ամենավերին սահմանը։ Շատ հազվադեպ են լինում դեպքեր, երբ ծանրորդը պատվիրում է իր քաշը բազմիցս գերազանցող ծանրաձող։ Թե արդյունքում ինչ է լինում՝ դժվար չէ կռահել... Ի դեպ, պիեսի փակ դիտումից հետո գեղխորհրդի անդամներից մեկն ասել է. «Կողմ եմ քվեարկում, բայց առաջարկում եմ այս ներկայացումը Ղարաբաղից դուրս ուրիշ տեղ չտանել...»։

Կ. Դանիելյանի պիեսում չկա կերպար, չկա անհատականություն։ Լսելով Վարուժանի, Սիամանթոյի և Սևակի զրույցը, թվում է, թե պիեսի հեղինակը թուրքերի, ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության, առաջին համաշխարհայինի տարիների Ռուսաստանի, Գերմանիայի մասին դասագրքային իր պատկերացումները երեք մասի է բաժանել և մաս առ մաս դրել արևմտահայ պոեզիայի երեք անկրկնելի վարպետների բերանում։

Սևակը հարցնում է Սիամանթոյին. «Ատոմ, հիմա չե՞ս զղջում, որ Ժնևից վերադարձար Պոլիս»։ Հետո Կ. Դանիելյանը մոռանալով, որ այդ հարցաշարը սկսել է Սևակը, այժմ էլ Վարուժանի շուրթերից է շարունակում. «Կամ դու, Ռուբեն, Լոզանում երջանիկ ապրում էիր...»։ Սիամանթոյի բերանում դրած տեքստից ցանկացած հատված (եթե ոչ ամբողջ տեքստը) կարելի է դնել Վարուժանի կամ Սևակի բերանում, Վարուժանինն էլ՝ Սիամանթոյի կամ Սևակի... Եվ ոչինչ չի փոխվելու, որովհետև պիեսում նրանք տարբեր անհատներ ու մեծ մտածողներ չեն, այլ հեղինակի սարքած «բաց դասի» մասնակիցներ, որտեղ ամեն մեկն արդեն գիտե, թե տարիներ հետո խորհրդային դասագրքերում իրենցից յուրաքանչյուրին որքան տեղ է հատկացվելու։ «Դուք էլ հրաշալի գիտեք, որ դուք եք մեր բանաստեղծության պառնասի ներկայացուցիչները»,- երկու բանաստեղծներին ասում է Ռուբեն Սևակը, որին վերջիններս պարզ է, որ պիտի ընդդիմանան. «Սխալվում ես, Ռուբեն... Հապա քո հանճարեղ «Հայաստանը», քո «Կիլիկյան երգերը»...

Թուրք ոստիկանը հայ աքսորյալներին ասում է. «Էֆենդիներ, ես զինվորներ չունեմ, հույսս դնում եմ ձեր ազնվության վրա», ապա ջերմ խոսքուզրույցից հետո, չգիտես ինչու, լկտիաբար նետում. «Շնորհակալ եղեք, գյավուրներ...»։ Ինչո՞ւ հանկարծ կոպտեց նրանց, որոնց ազնվությանն էր ուզում ապավինել։ Որտե՞ղ է տրամաբանությունը։

Թուրք փաշայի աղջկա՝ Լաթիֆայի սերն առ իրեն բուժած Սևակը նույնքան համոզիչ է, որքան այն, որ թուրք աղջկա «սեղանի գիրքը» Գրիգոր Զոհրապի «Նովելներ»-ն է։ Մնում է աղջիկը խոստովանի, որ սիրած երաժշտությունն էլ Կոմիտասի «Անտունին» կամ «Հով արեք, սարեր ջան»-ն է... Եվ սիրո դրամայի վերջին «համոզիչ» ակորդը՝ հազարավոր հայերի արյամբ ձեռքերը թաթախած հորն աղջիկը համոզում է իրեն ամուսնացնել Սևակի հետ...

Որ հեղինակը ծանոթ չէ իր ներկայացրած ժամանակաշրջանին ու միջավայրին, երևում է ամեն քայլափոխում։ Ինչպես նախորդ պիեսում, այստեղ ևս չկան կերպարներ, կան միայն մարդիկ, որ նախադասություններ են արտասանում, հաճախ նաև բանաստեղծություներ անգիր ասում՝ ինչպես գրական ցերեկույթում կամ գրական-գեղարվեստական կոմպոզիցիայի ժամանակ։

Ընդհանրապես Կ. Դանիելյանը սիրում է անակնկալներ մատուցել։ Թատրոնի ու դրամատուրգիայի հետ երբեք առնչություն չունեցող մարդը նշանակվելով թատրոնի տնօրենի պաշտոնում, իր կյանքի յոթերորդ տասնամյակի շեմին հանկարծ սկսել է պիեսներ երկնել ու բեմ հանել... Ավելի հետաքրքիր անակնկալը. որպես հետգրություն իր երկի վերջում հավելել է. «Պիեսում օգտագործվել են առանձին հատվածներ Հրանտ Հրահանի «Խոսում են անմահները» վեպից»։ Կհասկանայի հեղինակին, եթե նա վերցներ ու պիեսի կամ սցենարի վերածեր Հրահանի վեպը։ Դա միանգամայն ընդունված է գրական աշխարհում։

Բայց որ մեկը վերցնի ու մի այլ գեղարվեստական երկից առանձին հատվածներ օգտագործի իր գրական երկում, չեմ կարծում, թե գրականության պատմության մեջ նման երկրորդ դեպք լինի... Յուրաքանչյուր գեղարվեստական գործ, անգամ պատմավեպը, տվյալ հեղինակի ստեղծագործական երևակայության արգասիք է և հաճախ շատ չնչին աղերսներ ունի իրական անցքերի ու իրադարձությունների հետ։ Դասագրքերից ու գեղարվեստական զանազան երկերից ծաղկաքաղ անելով արվեստ ու գրականություն չեն ստեղծում։

Ս. թ. ապրիլից առայսօր պիեսը մայրաքաղաքում ներկայացվել է ընդամենը 3 անգամ։ Վերջին անգամ մայիսի 4-ին՝ կիսադատարկ դահլիճով։ Սպասենք Դանիելյանի հաջորդ ներկայացման ծնունդին՝ որևէ այլ հոբելյանի առիթով։ Հետո ի՞նչ, որ Արցախի մայր թատրոնը շարունակում է մնալ ցեխի մեջ։ Արվեստը զոհեր է պահանջում։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Երկու զրպարտիչ՝ նույն աղբամանում

Ռոբերտ Եսայան անունով մի ճիվաղի ստորագրությամբ «Չորրորդ իշխանություն» թերթում զազրախոսություն-զառանցանք է տպագրվել իմ մասին: Անզեն աչքով անգամ երևում են հոգեկանի հետ լուրջ խնդիրներ ունեցող իրական հեղինակի՝ Արցախի գրողների միություն կոչվող պորտաբուծարանի ղեկավարի ականջները: Այնուամենայնիվ, այդտեղ արտառոց կամ զարմանալի ոչինչ չկա. վերջինս իր ողջ կյանքն այդպես է ապրել՝ ուրիշների ստորագրությամբ հերյուրանքներ սփռելով, մարդկանց իրար դեմ լարելով, աթոռի համար ամենայն սրբություն ոտնակոխ անելով և դեպ վեր ճանապարհ հարթելով իր համար...

Խնդիրն այստեղ նա չէ, այլ անձնական օգտագործման այն «թաշկինակը» (շատ մեղմ ասացինք), որի անունը Ռոբերտ Եսայան է: Սա, եթե մի կտոր արժանապատվություն ունենար, անմիջապես կբարձրաձայներ, որ ինքը չէ այդ զառանցանքի հեղինակը, որ նույնիսկ տեղյակ էլ չի եղել դրա գոյության մասին, միայն տպվելուց հետո է իր բոսը հարմար գտել տեղեկացնելու այդ մասին: Դե, իհարկե, չէր կարող ծպտուն հանել. մեջտեղ «հացի խնդիր» կա, տունուտեղ պահելու խնդիր կա: Համարձակությունը հերիքել է միայն իր բարեկամի մոտ խոստովանելու, որ զազրախոսության հեղինակն ինքը չէ, հետո է միայն իմացել այդ մասին...

Ինչ-որ է: Ամեն դեպքում ժողովրդական իմաստությունն առայսօր ոչ ոք չի «բեկանել», այն դեռ գործում է. «Նմանն զնմանը գտանի»... Երկուսն իրար արժանի են՝ ձև ու բովանդակությամբ և, կարծում եմ, իրենց լավ էլ զգում են նույն աղբամանում:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Նոր էջ», մարտ, 2009 թ.

Աշխարհում ուժեղին են հարգում

Մեզ թվում է, թե որքան շատ ասենք պատերազմը վատ բան է, մենք պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում, դրանով պատերազմի վերսկսման հավանականությունը կիջեցնենք զրոյի։ Հայկական մամուլը լեփ-լեցուն է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և հայկական կողմի խաղաղասիրական ձգտումների մասին հրապարակումներով։ Մինչդեռ ցանկացած գիտակից մարդ թերևս բազմիցս լսած ու կարդացած կլինի՝ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» կամ՝ «Խաղաղության ամենամեծ գրավականը հզոր երկիր և ուժեղ բանակ ունենալն է»։ Ժամանակին խորհրդային երկիրը եթե միջուկային զենք և ուժեղ ռազմական պոտենցիալ չունենար, նրա բմբուլները վաղուց քամուն տված կլինեին։

Միևնույն ժամանակ, որպես հակառակորդի ռազմական տեխնիկայի հակակշիռ, վկայակոչում ենք մարդկային գործոնը։ Այսինքն՝ Ադրբեջանը նախկինում էլ տեխնիկայով բազմիցս գերազանցում էր մեզ, բայց մենք մեր մարդկային գործոնով պատերազմում հաղթեցինք նրան՝ առգրավելով նրա տանկերն ու ռազմական մյուս տեխնիկան՝ դրանց փողերն ուղղելով թշնամու դեմ։ Այո, դա այդպես է եղել, և մենք դրան հասել ենք բազմաթիվ զոհերի կյանքի ու արյան գնով։ Այսօր մոռանում ենք, որ այդ տարիներին մենք մի այլ հզոր զենք ունեինք՝ մեր հավատն ու ոգին, որն այսօր սեփական իշխանությունների ջանքերով խաթարվել կամ իսպառ վերացել է։

Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը հարցազրույցներից մեկում ասում է. «Զարմանում եմ, թե ինչու, գտնվելով փաստացի պատերազմի մեջ, զենք չենք արտադրում։ Ազերիներն, օրինակ, արտադրում են, իսկ մենք, ունենալով այդ ամենի հնարավորությունը, չենք անում։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ կարողանում էինք արտադրել, նույնիսկ հրթիռ։ Ու այնպիսի զենքեր էինք արտադրում, որ նմանը չկա աշխարհում...»։

Որևէ շատ բարձր պաշտոնյա կարո՞ղ է պատասխանել այս հարցին։ Հասկանում եմ, որ մեր բարձրագույն չինովնիկության մի ստվար մասի գերնպատակը փող դիզելն ու բացառապես սեփական բարեկեցության խնդիրները լուծելն է։ Նրանցից «ամենահեռատեսները» այլ երկրներում բանկային հաշիվներ ունեն, և պատերազմի վերսկսման դեպքում իսկույն ճողոպրելու են, ինչպես դա մի քանի տարի առաջ արեցին Հարավային Օսեթիայի քաջարի այրերը։ Բայց ամենևին չեմ հասկանում բոլոր նրանց լռությունը, ովքեր այս երկրից հեռանալու ոչ հնարավորություն ու միջոցներ ունեն և, առավել ևս՝ ոչ ցանկություն, ու հենց նրանց ուսերին է ծանրանալու պատերազմի ողջ ծանր բառը։

Վերջերս Ռուսաստանի հետ կնքած ռազմական համագործակության պայմանագրով հայ առաջնորդներն այնպես են ոգևորվել, ինչպես սեփական տկարության ու անկարողության մեջ համոզվածը կարող է ուրախանալ՝ կանգնելով իրենից ուժեղի թիկունքում, հակառակորդին էլ լեզու ցույց տալով...

Թուրքիայի հետ սահմանի բացման մասին զօրուգիշեր խոսում է առավելապես հայ քաղաքական վերնախավը։ Որոշ խելոքներ էլ մի քանի անգամ հայտարարել են, թե ուր որ է՝ սահմանը բացվելու է (կարծես սահմանի «բանալիներն» իրենց գրպանում են)։ Իսկ հակառակորդը տեսնելով, թե հայ չինովնիկն ու գործարար զանգվածը որքան են փափագում ու տրտինգ տալիս սահմանի բացման համար, և որքան խեղճ ու ողորմելի են, շարունակում է նախապայմաններ առաջադրել՝ ամենից առաջ հենց Արցախի հարցում. Ղարաբաղը հանձնեք, սահմանը բացեմ...

Աշխարհում հարգում են միայն նրան, ով արժանապատվություն ունի և ուժեղ է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Եվ զրպարտիչ մի՝ Խորեն Բաղդասարյան անուն

Ինձ հայտնեցին, որ Խորեն Բաղդասարյան անունով մեկը զրպարտություն է գրել իմ և իմ հարազատների մասին: Որքան հիշողությունս պրպտեցի, չկարողացա այդ անուն-ազգանունով մարդ հիշել:

Ցույց տվեցին այս լուսանկարն ու հայտնեցին, որ ինձ զրպարտողը սա է: Ասացին նաև՝ նախկինում էլի է զրպարտություններ գրել: Նայեցի լուսանկարին և մնացի ապշած: Ձևի ու բովանդակության ինչպիսի՜ ներդաշնակություն: Իմ ողջ կյանքում հենց այս կերպարանքով եմ պատկերացրել զրպարտիչներին ու 37 թվականի մատնիչներին:

Հարցրին՝ դրան պատասխանելո՞ւ ես: Ախր, սրան ի՞նչ կարող եմ պատասխանել, երբ Աստված ինձնից առաջ արդեն պատասխանել է՝ ստեղծելով ձևի ու բովանդակության համերաշխ միասնության այս անկրկնելի նմուշը: Հիրավի մարդու դեմքն ու արտաքինը հոգու հայելին են, և իրավացի են բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ յուրաքանչյուր մարդու դեմք ճիշտ և ճիշտ տվյալ անձնավորության ներքին աշխարհի արտացոլումն է: Աշխարհում մի բացառություն եղավ, այն էլ միայն գեղարվեստական երկում՝ Վիկտոր Հյուգոյի հանրահայտ «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպում:

Անպատեհ և անիմաստ հայտնված մարդկանց համար տատս մի պատասխան ուներ՝ «Դու էիր պակաս»...

* * *

ԿԵՆԴԱՆԻՆ՝ ՎԱՆԴԱԿԱՃԱՂԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Տասնամյակներ առաջ, երբ դեռ փոքր էի, հորս հետ կենդանաբանական այգի էի գնացել: Վանդակի մեջ տարբեր կենդանիներ կային՝ առյուծ, վագր, արջ, գայլ...

Հանկարծ նկատեցի, որ ինչ-որ մեկը քարեր է շպրտում վանդակաճաղերի հետևում գտնվող կենդանիների վրա: Հետ նայեցի՝ մի մարդուկ էր, ասես նեանդերթալյան ժամանակներից հայտնված ողորմելի, գջլոտ ու չար հայացքով մի մարդուկ:

Հորս հարցրի, թե ինչու է այդ մարդը քարեր նետում կենդանիների վրա: «Որովհետև Աստված նրա և վանդակի մեջ գտնվողների տեղը սխալմամբ շփոթել է»,- պատասխանեց հայրս:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Եվ սայր մի՝ Արտաշես Հակոբջանյան անուն

60-70-ական թվականներին ղարաբաղցի մտավորականների մի մասը լքել է հայրենի եզերքը և հաստատվել Երևանում։ Մեկ-երկուսը թողել են Ղարաբաղը, որովհետև նրանց մեղադրում էին ազգայնականության մեջ և հալածանքներ էին սկսվել նրանց դեմ։ Մի մասն ամենա-աննշան վտանգից գլուխը կորցնելուց էր բռնել Երևան տանող ճանապարհը, մնացածը՝ կամ հանգամանքների բերումով, կամ առավելապես չէր կարողանում իր տեղը գտնել հայրենի երկրամասում։

Տարիներ անցան։ Մի քանիսը (Բագրատ Ուլուբաբյան, Սևակ Արզումանյան, Ռադիկ Մարտիրոսյան, Ալեքսանդր Մանասյան և այլք) Հայաստանի մայրաքաղաքում, հայոց գիտության և մշակույթի կենտրոնում կարողացան գտնել իրենց հաստատուն տեղը, մնացյալը համալրեցին միջակությունների շարքերը։ Ղարաբաղյան շարժումը խառնեց շատերի խաղաքարտերը։ Հատկապես նրանց, ովքեր վաղուց թևակոխել են կյանքի երկրորդ դարակեսը, բայց ո՛չ Հայաստանում են հետք կամ հետագիծ թողել իրենց «գրական» ու «գիտական» բագաժով, ո՛չ հայրենի Արցախում գիտեն նրանց գոյության մասին։ Վերջիններիս ավելի շատ նյարդայնացնում է այն, որ Արցախում ապրող նրանց տարեկիցներից շատերն ու ավելի ջահելներն ինչ-որ բան են արել իրենց երկրամասի համար, իսկ ոմանք նույնիսկ զանազան մեդալներ ու շքանշաններ են ճարպկորեն հաջողացրել իրենց համար, մինչդեռ իրենք մնացել են «խաղից դուրս»։

Ծնունդով ղարաբաղցի երևանաբնակ արդեն զառամյալ այս պարոնները հասկանալով, որ իրենց մի ոտքն արդեն այն աշխարհում է, բայց երևանյան իրենց գոյությունը ենթարկվել է կատարյալ ֆիասկոյի, որոշել են յուրօրինակ ձևով «ինտեգրվել» Արցախին։ Ոմանք 20 տարում մեկ-երկու անգամ տուրիստների պես այցելելով Ղարաբաղ, երևանյան իրենց բնակարանի չորս պատերի ներսում պատսպարված, մոգոնում են «Արցախի նորագույն հերոսական պատմությունը»՝ թացն ու չորը խառնելով իրար՝ հաճախ անարժանին, վախկոտին ու դուրսպրծուկին դարձնում հերոս։ Մյուսներն իրենց «գիտական» հոդվածներով հեղեղում են ղարաբաղյան խմբագրությունները, երջանկանում՝ դրանցից 1-2-ը տպագրված տեսնելով, ոմանք էլ դարձել են Ղարաբաղում ապրող այս կամ այն սրիկայի խոսափողը՝ պատվերով զրպարտություններ են գրում Արցախում ապրող այն մտավորականների մասին, որոնց երբեք չեն տեսել և ոչինչ չգիտեն նրանց վաստակի ու գործունեության մասին։

Նախկին ղարաբաղցի, երևանաբնակ Արտաշես Հակոբջանյանի գոյության մասին Ղարաբաղում շատ քչերը գիտեն, գուցե թե հիշում են միայն առավելապես նրա ծննդավայրի մի քանի տարեկիցները։ Բայց վերջինս արցախյան 1-2 թերթում մի քանի համեստ նյութ տպագրելուց հետո որշել է ոչ միայն գիրք գրել ու դասեր տալ նախկին իր հայրենակիցներին, այլև մի քանիսի «պորտը տեղը դնելով»՝ ապահովել սեփական տեղը քաղաքական գործիչների համար խաղաքարտ, իսկ իրենց համար խաղատախտակ դարձած Ղարաբաղում...

Եվ ահա քաջարի նախկին ղարաբաղցին անհասցե (նշված չէ ոչ հրատարակչության կամ տպագրատան անունն ու հասցեն, ոչ խմբագրի ու տպագրիչի, և ոչ էլ հովանավոր-պատվիրատուի անունը), գողական-պարտիզանական ճանապարհով բրոշյուր է լույս աշխարհ գցել, որը սկսվում է պատվիրատուի եռանդուն մասնակցությամբ (ականջները շատ ցցուն երևում են) գրված զազրախոսությամբ՝ ուղղված ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի և «նրա թիմի» դեմ։ Պատճառը միանգամայն հիմնավոր է՝ նեղ անձնական, դրան հավելած, որ Վ. Աթանեսյանը վերջերս քար է շպրտել պատվիրատուի՝ գրական մի կոմերսանտի բոստանի ուղղությամբ։

Հակոբջանյանին ափերից հանել է այն, որ Աթանեսյանը մամուլում ձեռ է առել նրա պես ամեն գնով Արցախին «ինտեգրվելու» փափագով տառապող երևանաբնակ նախկին ղարաբաղցիներին, ովքեր, Հակոբջանյանի ասելով, «անձնուրաց պայքարել են հանուն Ղարաբաղի» (անհասկանալի է, թե իրենց գիտակից կյանքի մեծ մասն անցկացնելով Երևանում, ինչպես են «անձնուրաց պայքարել հանուն Ղարաբաղի» - հեղ.)։

Ճիշտն ասած, բնավ ցանկություն չունեմ մեկնաբանելու նրա «փաստարկները»։ Իմ արժանապատվությունից ցածր եմ համարում ինքնահաստատվելու խնդիր ունեցող զառամյալ «գիտնականին» գլուխ դնելը։ Ի՞նչ ասես մի մարդու, որ թքած ունենալով տարրական էթիկայի ու բարոյականության վրա, «ազերթուրքական կողմնորոշման» մեջ մեղադրում է մի մարդու, ով մի անգամ եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Արցախից, ապա երկու անգամ ընտրվել ԼՂՀ ԱԺ պատգամավոր։ Երևի միայն Արտաշես Հակոբջանյանին է հայտնի, թե ինչպես կարող է մարդ լինել ազերթուրքամետ, բայց սեփական ժողովրդի կողմից երեք անգամ ընտրվել պատգամավոր։

Արցախաբնակ Վ. Աթանեսյանին «ոչնչացնելու» մոլուցքով տարված Հակոբջանյանին հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ պատգամավորը չէ շրջանառության մեջ դրել «օկուպացված տարածքները հանձնելու» մասին արտահայտությունը։ Երբ երևանյան բարձրաստիճան այրերը հայտարարել են, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ» և օկուպացված հողերը պիտի հանձնել, Երևանից արցախցիներիս աշխարհագրություն սովորեցնող Հակոբջանյանն ինչո՞ւ ծպտուն չի հանել։ Թե՞ նրա սայրը միայն Արցախի ուղղությամբ է շարժվում։ Այն Արցախի, որի փոխարեն ուզում են այդ երկրի ճակատագիրը որոշել ՀՀ բարձրաստիճան այրերը։

Մի խորհուրդ պարոն «գիտնականին» և տարիներ առաջ կարկատած վարտիքով ու տրեխներով Երևան մեկնած նմանատիպ կտրիճ ղարաբաղցիներին. բավական է երևանյան ձեր տաքուկ սենյակների պատուհաններից «սիրեք» Ղարաբաղը։ Արցախցիներիս Արցախի պատմության ու աշխարհագրության դասեր տալու և Արցախի մասին Երևանում սիրո էժանագին երգեր գեղգեղալու փոխարեն գուցե վաճառեք երևանյան ձեր բնակարաններն ու գաք շենացնեք ձեր պապական օջախները, ինչպես դա վաղուց արել է նախկին երևանաբնակ գրող Արտաշես Ղահրիյանը։

Երևանից այստեղ ջուր պղտորելու և ձեր ասած՝ «մեր պատմության արյունոտ էջերի մասին դասեր տալու» փոխարեն հասկացեք, որ այսօր Արցախում ապրող ամենասովորական պահակն ու հավաքարարն երիցս ավելին արժեն, քան իրենց խղճուկ գոյությամբ ՀՀ մայրաքաղաքը ողողած ձեզ նման հարյուրավոր «գիտնականները», ովքեր լղարիկ մի բրոշյուրի գումար հաջողացնելու կամ մի փոր հացի համար հեշտությամբ ՍԱՅՐ են դառնում ամեն դուրսպրծուկի ձեռքին։

Ինչ վերաբերում է ձեր իսկ խոսքերով ասած «ազերթուրքերի հնարավոր վերադարձին», մի՛ սարսափեք, քանի մենք ապրում ենք այս հողում, դա երբեք չի լինելու։ Թե՞ շարունակվում է Արցախից ճողոպրածների առ հայրենիք սիրո հավաստման ավանդույթը. «Որ մեռնեմ, ինձ կթաղեք հայրենի Ղարաբաղում»։

Արցախը գերեզմանոց չէ՛, պարոնայք։ Եվ ո՛չ էլ «սվալկա»։
Հուսամ, որ երբեք չեմ հանդիպի ձեզ՝ ո՛չ այս, ո՛չ այն կյանքում։

Նշանավոր գրող Յարոսլավ Հաշեկը «Քաջարի զինվոր Շվեյկի արկածներ»-ում ներկայացնելով 1-ին աշխարհամարտի ավստրիական մի գեներալի զավեշտական կերպարը, վերջում հավելում է. «Ավստրիան այսպիսի գեներալներ շատ ունի»։ Ցավոք, մենք ևս արտաշեսհակոբջանյաններ շատ ունենք։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

30.05.2011

«Տաշած քարերն» այլևս արժեք չունեն

Վերջին տասնամյակում կադրային քաղաքականությունն Արցախում գրեթե չի փոխվել։ «Կադր» հասկացությունը մեզանում լիովին ձերբազատվել է իր նախնական իմաստից և նոր ձև ու բովանդակություն ստացել։ «Կադր» ասելով այլևս չի հասկացվում այս կամ այն ոլորտի բանիմաց մասնագետ, իր գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով պատրաստ մարդ։

Մեր օրերում «կադր» ասելով հասկանում են որևէ չինովնիկի ծանոթ-բարեկամը, ազգականը, ընկերը (հաճախ նաև՝ թասընկերը), սիրուհին... Վերջինիս առումով նոր ժամանակներում վերաբերմունքը լիովին փոխվել է։ Եթե նախկինում սիրուհիներին հանրությունից հնարավորոնիս հեռու էին պահում, ձգտում նրա գոյությունը դարձնել միանգամայն աննկատ՝ հասարակության աչքից, ապա այսօր սիրուհիներին ազատ տեղավորում են զանազան պաշտոններում։ Վերջիններիս պահում են ոչ թե սեփական աշխատավարձով կամ անձնական այլ նյութական աղբյուրներով, այլ պետբյուջեի հաշվին՝ օրինականացված աշխատավարձի ձևով։ Բայց դա այլ թեմա է։

Մերօյա կադրը պաշտոնական շրջանակներին մոտ կանգնած համեստագույն կարողություններով սովորական մի անձնավորություն է, որ այսօր կարող է աշխատել, ասենք, գյուղատնտեսության ոլորտում, հաջորդ օրը բարձր պաշտոն ստանալ շինարարության կամ առողջապահության, մյուս օրը մշակույթի կամ արդյունաբերության ոլորտներում, գեղեցիկ մի օր էլ հայտնվել, ասենք, դատաիրավական համակարգում։ Նրա կրթությունը, ընդունակությունը բացարձակապես նշանակություն չունի։ Նա «ունիվերսալ» է, որտեղ տնկում են, բուսնում է...

Եվ, ընդհակառակը, իրական կադրերը երբեք այնպիսի խեղճ ու ողբալի վիճակի մեջ չեն եղել, ինչպես վերջին տասնամյակում։ Հանրահայտ ճշմարտությունն առ այն, թե՝ «տաշած քարը գետնին չի մնա», այսօր գրոշի արժեք չունի։ Կյանքը ցույց է տալիս, որ դրանք կարելի է չնկատել կամ, պարզապես, կոխկրտելով անցնել։

Մեկ անգամ չէ, որ գրվել է այն մասին, թե շատ ու շատ փորձառու մասնագետներ, իրենց գործի անկրկնելի վարպետներ թողել ու լքել են Արցախը։ Մեր լավագույն արվեստագետներից մեկը, վերջին երկտասնամյակում մեր ամենատաղանդավոր երգիչներից մեկը՝ Տիգրան Մկրտչյանը, երկու տարի առաջ տեղափոխվել է Երևան, դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Միաժամանակ ղեկավարում է իր իսկ ստեղծած «Վերնատուն» փոփ-ֆոլկ համույթը։

Անցյալ տարվա վերջերին Արցախը լքել է նաև մշակույթի ոլորտի մի այլ տաղանդավոր մասնագետ՝ պարուսույց Գենադի Բադալյանը։ Մասնագետ, որի նմաններն այսօր Երևանում էլ շատ չեն։ Արցախում երգի և պարի պետական համույթ ստեղծելու նրա բոլոր փորձերը ձախողվել են։ Այն, ինչ չի կարողացել ստեղծել այստեղ, կարճ ժամանակում ստեղծել է հեռավոր Սոչիում։ Նրա հետ մեկնել են նաև պարարվեստի մեր երիտասարդ կադրերից երկուսը։

Բադալյանն այնտեղ նյութապես ապահովված է, բնակվելու հարմար պայմաններ ունի։ Վերջերս կապվեցի նրա հետ, ասաց. «Ամեն ինչ նորմալ է, գործերս լավ են, բայց... մի տեսակ չեմ կարողանում հարմարվել...»։ Հայրենիքից, հայրենի եզերքից կտրված հայի դա՜ռն ճակատագիր։ Օտար ափերում հասկանում ու գնահատում են արվեստը, գիտեն արվեստագետի արժեքը, բայց օտար երկիրը հայրենիք չէ...

Ստեփանակերտի պետդրամթատրոնի երիտասարդ դերասաններից մեկը՝ Վահանն, այսօր աշխատում է Երևանում, ասում են՝ ինչ-որ սերիալում է նկարահանվել։ ՀՀ մայրաքաղաք մեկնել է ցանկանում նաև նույն թատրոնի դերասանական ստուդիայի շրջանավարտ, երիտասարդ մի այլ դերասան։ Ասում է՝ գնում եմ սովորելու։ Ուսումն ավարտելուց հետո նա արդյո՞ք կցանկանա ետ վերադառնալ մի թատրոն, որտեղ վերջին 20 տարում գոնե մի հաջողված ներկայացում չի բեմադրվել։

Սա միայն մշակույթի բնագավառի այն կադրերի մասին, որոնց ճանաչում եմ։ Իսկ որքա՜ն նման կադրեր են հեռացել մնացյալ ոլորտներից։ Մեկնել են ամենատարբեր պատճառներով՝ անգործ էին մնացել, նրանց աշխատանքը չեն գնահատել, հնարավորություն չեն տվել դրսևորելու իրենց տաղանդը... Պատճառները շատ են և տարբեր, բայց Արցախը լքելու ամենահիմնական պատճառն այն է, որ նրանք այստեղ փոփոխության որևէ նշույլ, որևէ հույս այլևս չեն տեսել սեփական հայրենիքում, որտեղ որևէ հիմարի եթե հանում են պաշտոնից, նախ՝ հետո նրան մի այլ փափուկ պաշտոնում են տեղավորում, և երկրորդ՝ նրա տեղը նշանակում են ավելի հիմարին։

Սա է, ահա, վերջին 10-15 տարվա մեր կադրային քաղաքականությունը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Վերջապես «հիշեցին» Բաղրամյանին...

Վերջերս վերակառուցման, շինարարական մտքի թռիչքի փայլուն օրինակ են ցույց տվել Ստեփանակերտի շինարարները։ Արցախի մայրաքաղաքի մարշալ Բաղրամյան փողոցի վրա գտնվող ղարաբաղցի մեծ զորավարի արձանի և նրա մերձակայքի խայտառակ վիճակի մասին հաճախ են դժգոհություններ հնչել տեղական մամուլում։

Մեծ հայորդու՝ ԽՍՀՄ հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյակին ավանդական անգամ «արձանի բացում» չեն կատարել։ Տարիներ առաջ էլ արձանի ետնամասում եռանդով սկսեցին ինչ-որ մետաղներ զոդել, բետոնե ինչ-որ խոյանք կցմցել դրա վրա, որ կարծես ի վերջո պիտի դառնար կամար, սակայն կարճ ժամանակ հետո այդ ամենը կիսատ են թողել... Իսկ թաղամասի բնակիչների կարծիքով՝ նախատեսված գումարները կերել են, աշխատանքը կիսատ թողել, գնացել...

Երկիրը հեղեղվել է չգիտես ինչ արժանիքների և որ ծառայության համար մեդալներ ու շքանշաններ ստացած «հերոսներով», Ստեփանակերտում ամեն քայլափոխում շինարարական աշխատանքներ են ընթանում, քարե սալիկներով զարդարում շենքերն ու գետինը, բայց, ահա, մոտ 10 տարուց ավելի է իրական ՀԵՐՈՍԻ ղարաբաղյան ամենաէժանագին քարից պատրաստված արձանն անուշադրության է մատնված...

Բաղրամյանի անունը կրող այս փողոցով, տաղանդավոր զորավարի կիսատ-պռատ կոթողի մոտով ամեն տարի առնվազն տասը անգամ հազարավոր արցախցիներ են շքերթով գնում դեպի Հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ հայրենականում զոհվածների, Արցախյան պատերազմի նահատակների շիրիմներին, իսկ մարշալ Բաղրամյանը դեռ սպասում է, որ երջանիկ մի օր իրեն էլ վերջապես կհիշեն...

Եվ հիշեցին։ 2-3 շաբաթ առաջ շինարարներ հայտնվեցին մեծանուն հայորդու հուշակոթողի մոտ և եռանդուն սկսեցին քանդել գետնին շարված քարե մաշված սալիկները։ Մարդիկ սկսեցին ենթադրություններ անել առ այն, որ քննադատությունը, ժողովրդի դժգոհությունը տեղ է հասել։ Անգամ սկսեցին քննարկել, թե ինչպիսին է լինելու մեծ զորավարի հիշատակին կառուցված ապագա հուշահամալիրը։

Վերջապես ողջ սալահատակը քանդեցին... Ստեփանակերտցիները մի օր էլ նկատեցին, որ շինարարները նույն այդ քարերի հողաթաթախ հակառակ երեսը մեկ առ մեկ խնամքով քերում-մաքրում են և հիմա էլ թարս շարում գետնին... «Մենք ի՞նչ անենք, մեզ այսպես են կարգադրել,- մարդկանց զարմանքին ի պատասխան ասացին շինարարները։- ասել են՝ առայժմ նույն այդ քարերը թարս շարեք, եկող տարի նորը կկառուցենք...»։

Որպեսզի ավելորդ գլխացավանք չլինի, շինարարները քանդել են ապագա կամարի համար նախատեսված բետոնե զույգ կառույցները, որպեսզի տեղը ծաղիկներ տնկեն...

Անկասկած այս ամենի համար գումարներ են դուրս գրել, կատարած աշխատանքի համար բանվորներին աշխատավարձ են տալու... Գուցե թե փաստաթղթերում քարե նոր սալիկների համար գումար են հատկացրել, կարող է՝ չեն հատկացրել։ Փաստն այն է, սակայն, որ այսօր մեծանուն զորավարի հիշատակն ահա այսպես են հարգում։ Իսկ ստեփանակերտցիները, հատկապես վերոհիշյալ թաղամասի բնակիչներն այևս չեն զարմանում. «Դե, մեծ հաշվով, Բաղրամյանն ո՞վ է։ Նախ՝ կենդանի չէ, հետո էլ՝ հայրենի երկրում ոչ սեփական բիզնես ունի, ոչ էլ ծանոթ-բարեկամներ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանում...»։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Արցախը տանք՝ Երևանը ծաղկեցնենք

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է, թե «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առավել մոտ է եղել 1997-ին, քանի որ հնարավորություն կար լուծելու այն՝ որոշ տարածքներ հանձնելով Ադրբեջանին, կնքել հաշտություն, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետագայում որոշելու պայմանով»:

Այն հարցին, թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, Տեր-Պետրոսյանն ասել է. «Քանի որ ղարաբաղցիները կարծում էին, թե դա քիչ է: Մոտեցումը մաքսիմալիստական էր: Նրանք կարծում էին, որ կարելի է էլի ապրել և ստանալ ավելին: Այսինքն, ոչ միայն ղարաբաղցիները, այլև իմ շրջապատը, իմ թիմի որոշ անդամներ: Նրանք չգնացին այդ ծրագրին...», և այլն:

Հարցազրույցի հատկապես վերոհիշյալ հատվածը դժգոհություն է առաջ բերել Արցախի հասարակական-քաղաքական շրջանակներում։ «ՀՀ առաջին նախագահն էլի հին երգն է երգում»՝ հիմնականում այսպես են մեկնաբանում նրա խոսքերը։ Հետաքրքիրն այն է, որ Արցախի քաղաքական շրջանակներում դեռ հիշում են Լ. Տեր-Պետրոսյանի հապշտապ այցը Ղարաբաղ, երբ վերջինս եկել էր տեղի ղեկավարության հետ համաձայնեցնելու Հայաստանի և Արցախի միջև գտնվող Քելբաջար-Քարվաճառի շրջանի հանձնումը։ Այնպես որ՝ ՀԱԿ-ի ղեկավարի ակնարկած «որոշ տարածքների հանձնումը» նշանակում էր բոլոր շրջանների վերադարձը հակառակորդին, որի դիմաց պարտված կողմի հետ, ինչպես Տեր-Պետրոսյանն է ակնարկում, պիտի «կնքվեր հաշտություն, ստեղծվեր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետագայում որոշելու պայմանով»:

Պարզ է, որ այսպիսի պայմանների Ադրբեջանը երկու ձեռքով համաձայն պիտի լիներ, և այսօր էլ ոչ ոք չի կասկածում, որ ՀՀ առաջին նախագահի խոսքերով ասած՝ «հակամարտության կարգավորումն առավել մոտ» պիտի լիներ։ Նույն այդ 1996-97 թվականներին Ստեփանակերտում Տեր-Պետրոսյանի այս «ծրագիրն» այսպես էին վերնագրել՝ «Արցախը տանք՝ Երևանը ծաղկի...»։ Բարեբախտաբար, ոչ միայն Արցախում, այլև ինչպես ՀԱԿ-ի ղեկավարն է խոստովանում՝ «իր շրջապատը, իր թիմի որոշ անդամներ չգնացին այդ ծրագրին...»:

Արցախի Գերագույն խորհրդի առաջին երկու գումարման պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանը գտնում է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված բոլոր գլխացավանքները հենց Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներից են գալիս, և հենց նա է սկիզբ դրել պարտվողական քաղաքականությանը Արցախի հարցում։

«Այսօր կրկին խոսել ազատագրված հողերը հանձնելու մասին, նշանակում է քամհարանքով վերաբերվել արցախցիների համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությանը, քանզի այդ հողերն ամրագրված են այդ սահմանդրությամբ,- ասում է Աշոտ Սարգսյանը։- Իմիջիայլոց, իմ տեղեկություններով այդ տարիներին համարյա թե պաշտպանական գիծ չէր կառուցվում, որովհետև ՀՀ ղեկավարը լիովին պատրաստ էր այդ հողերը հանձնել հակառակորդին։ Հողեր, որ իրականում հայկական պատմական տարածքներ են։ Ինձ հայտնի է, որ այդ տարիներին Արցախի ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի պատվերով պատրաստվում էր պաշտպանական գծի որոշ հատվածներ պարսպապատելու նախագիծը, որը սակայն չիրականացավ հենց Տեր-Պետրոսյանի ջանքերով»։

Արցախցի գործչի ասելով՝ այսօր այդ հատվածներն արդեն անհնար է պարսպապատել, որովհետև դրանք հակառակորդի դիպուկահարների նշանառության տակ են, և նույն այդ տեղամասերում առայսօր հայ զինվորներ են սպանվում։

ՀԱԿ-ի ղեկավարն հարցազրույցի վերջում հայտնել է, թե Հայաստանում իշխանության խնդիրը լուծելուց հետո «և՛ Ադրբեջանի հետ հարցերը, և՛ Թուրքիայի հետ հարցերը կլուծվեն: Եթե Հայաստանը հայտնվի աղետի առջև, դա կլինի բացառապես մեր մեղքը»։ Միանգամայն հասկանալի է, որ Ղարաբաղյան խնդիրը վերոհիշյալ ձևով լուծելուց հետո իրոք մեր հակառակորդների հետ հարցերը կլուծվեն։ Բայց մի որոշ ժամանակով։ Մինչև Ադրբեջանը վերջնականապես ամրագրի Ղարաբաղը, «իրեն հավաքի» և այս անգամ դնի Մեղրիի և ողջ Զանգեզուրի խնդիրը...

Մյուս կողմից, չեմ կարծում, թե Արցախում կամ Հայաստանում որևէ լրջմիտ գործիչ կարող է գտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում ՀՀ մյուս ղեկավարների օրոք որակական տեղաշարժ է գրանցվել։ Հայկական դիվանագիտությունն անշեղորեն շարունակում է պարտվողական նույն քաղաքականությունը։ Պարզապես հայ ժողովրդի պատմության դասերը դեռ չմոռացած հատվածը բացարձակապես չի ցանկանում, որ Երևանի գործարար որոշ շրջանակներ իրենց անձնական բարեկեցության հարցերը լուծեն Արցախի կործանման հաշվին։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Սնապարծությունը կարող է բումերանգի պես հետ թռչել

Վերջերս հայկական քաղաքական դաշտում արդեն ավանդույթ է դառնում հակառակորդի հոխորտանքին հոխորտանքով պատասխանելը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն օրերս հայտարարել է. «Եթե Ադրբեջանն իրացնի իր ռազմատենչ սպառնալիքները, այդ ամենի արդյունքում երրորդ հայկական պետությունը կստեղծվի»։ Եթե նա այս նախադասությունն արտաբերած լինի Մոսկվայում՝ ռուսական որևէ հեռուստաալիքով կամ որևէ պարբերականի խմբագրությունում, գուցե դա ընկալելի լիներ։ Ասենք, որպես Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ուղղված պատասխան՝ արտաքին լսարանի համար։ Բայց ոչ, այս խոսքերը նա հայտարարել է ՀՀ ԱԺ խորհրդարանի ամբիոնից, ասել է թե՝ հենց ներքին սպառման համար, հոգու խորքում հաստատ իմանալով, որ թշնամու ուղղությամբ նետած քարը շա՜տ ավելին է թռել, ընկել է Ապշերոնից այն կողմ՝ Կասպից ծով...

Երբ հակառակորդը պարբերաբար զենք է գնում, զենք է կուտակում և բղավում «օկուպացված տարածքները» պատերազմով ազատագրելու մասին, դա ինչ-որ տեղ հասկանալի, կարծես թե տեղավորվում է տրամաբանության սահմաններում։ Նրանք զենք և ուժ են կուտակում ու հոխորտում։ Բայց երբ հայ քաղաքական գործիչը խոսում է հնրարվոր պատերազմի դեպքում Ադրբեջանի տարածքում նոր հայկական պետություն ստեղծելու մասին, այն պատգամավորներից մեկը, որ ընդամենը կոճակ սեղմելու և ԼՂՀ անկախությունը ճանաչելու քաջություն չունեցավ, դա արդեն, մեղմ ասած, ծիծաղելի է։ Հայոց քաղաքական դաշտում «ճառ ասողները» կարծես թե շատացել են, բայց, ինչպես հանրահայտ առակում, «զանգ կախող» չկա։ Կարծես թե վավերացրել-պրծել ենք հայկական երկրորդ պետությունը, հիմա էլ մի երրորդն ենք ուզում ստեղծել՝ Գյանջա-Կիրովաբադից մինչև Ապշերոն։

Մեր մեծ պատմաբան Լեոն իր «Անցյալից» գրքում պատմելով ուղիղ մեկ դար առաջ՝ 1915 թ. նախօրյակին հայկական քաղաքական դաշտում ստեղծված նույնատիպ սնապարծության ու հոխորտանքի մթնոլորտի մասին, գրել է. «Եվ ստեղծելով մեզ համար այսպիսի օդային ամրոցներ, մենք մեզ տոգորում էինք ամբարտավան մեծամտությամբ, փքուն պահանջկոտությամբ, ուզում էինք աշխարհ զարմացնել ոչ միայն մեր ունեցածով, այլև չունեցածով»:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, ի պատասխան այն դժգոհության, թե ազերիների կողմից հայ զինվորների սպանություններին հայկական կողմը պատասխանում է միայն հայտարարություններով, հայտնել է, թե «հակառակորդի որևէ սադրանք անպատիժ չի մնում: Մենք, որպես կանոն, պատժում ենք խստորեն, իսկ նրանց մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր գործը չէ»: Երևի պարոն խոսնակը նկատի ունի ազերիների այն կորուստները, որ արդյունք են նրանց բանակում կատարվող «ռազբորկաների», ինչպես մեր, այնպես էլ նրանց մոտ խորհրդային բանակից ժառանգություն մնացած «դեդովշչինայի», և որոնց մեղքը ադրբեջանական կողմը շարունակում է բարդել հայկական կողմի վրա։

Երևի թե շատերն են համամիտ, որ լռելը ճիշտ չէ, որ հակառակորդի սպառնալիքներին պիտի պատասխանել սպառնալիքով։ Վերջին հաշվով, մի կողմից դա հակառակորդին ցույց է տալիս, որ մենք թքած ունենք օրեցոր աճող նրա ռազմական բյուջեի կամ զինուժի վրա, մյուս կողմից՝ բարձրացնում է հայ զինվորի, այդ զինվորի թիկունք ժողովրդի ոգին։ Համենայն դեպս, դա ավելի լավ է, քան, ասենք, «Աղդամը մեր հայրենիքը չէ»-ի ոգով արված հայտարարությունը։ Բայց խոսքը համարժեք սպառնալիքի մասին է, ոչ թե ոտքի տակ հող չունեցող սնապարծ հայտարարության։

Ռուսաստանի հետ կնքած ռազմական երկարաժամկետ համաձայնագիրն անկասկած շատ է ոգևորել հայ քաղաքական գործիչների մի ստվար մասին։ Ոչ ոք դեմ չէ, որ պատերազմի վերսկսման դեպքում ՌԴ-ն օգնի ռազմավարական իր դաշնակցին։ Սակայն հույսը միայն արտաքին օգնության վրա դնելը շատ վտանգավոր է։ Այն կարող է ուշանալ, ընդհանրապես չլինել կամ, ինչպես նույն Լեոն է ակնարկում պատմության դառը փորձը՝ «Միշտ այսպես էր եղել նախկին պատերազմների ժամանակ. երբ ռուսները թողնում էին իրենց գրաված տեղերը և հեռանում, թուրքերը, կամ նրանց դրդումով քրդերը, հարձակվում էին այն տեղերի հայերի վրա, որոնք համակրություն էին ցույց տվել ռուսներին, կողոպտում ու կոտորում էին նրանց»:

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի արդյունքում մենք ազատագրել ենք ոչ միայն նախկին ԼՂ ինքնավար մարզի սահմանները՝ 4,4 հազար քառ. կմ-ն, այլև երբեմնի հայկական այն տարածքները, որոնք ամրագրել ենք ԼՂՀ Սահմանադրության մեջ և որոնք եղածի հետ կազմում են շուրջ 13 հազար քառ. կմ։ Եվ այս ողջ տարածքում ընդամենը 140-143 հազար բնակչություն է ապրում (տեղեկացնենք, որ Եվրոպայում գտնվող 13,8 հազար քառ. կմ տարածք ունեցող Չեռնոգորիան 2010 թ. տվյալներով ունի 724 հազար, իսկ ընդամենը 2,6 քառ. կմ տարածք ունեցող Լյուքսեմբուրգը՝ 460 հազար բնակիչ)։

Այսօր հազարավոր հեկտար վարելահող, հանածոներ և բնական այլ հարստություն ունեցող արցախցին ապրում է խղճուկ պայմաններում, աղքատ որբի պես, իսկ Հայաստանը դատարկվում է՝ «հզորացնելով» սփյուռքը։ Ադրբեջանում «երրորդ հայկական պետությունը» ստեղծելուց առաջ լավ կլինի նախ մտածենք եղածը պահելու մասին։ Դատարկ հոխորտանքը ամենից առաջ մեզ է վնասում։ Սնապարծությունը կարող է բումերանգի պես հետ թռչել և խփել դրա տիրոջը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

16.05.2011

Հեղինակի մասին


Վարդգես Վազգենի Օվյանը ծնվել է Ստեփանակերտում։ Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1988-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Աշխատել է հանրապետական «Խորհրդային Ղարաբաղ» («Արցախ», «ԼՂ Հանրապետություն») պաշտոնաթերթում՝ որպես թղթակից, բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1992-93 թթ. միաժամանակ եղել է Ասկերանի շրջանի «Խաչեն» շրջանային թերթի խմբագիրը: 1994-96 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում՝ որպես քաղբաժնի սպա, ապա՝ «Մարտիկ» թերթի պատասխանատու քարտուղար։ 1997-98 թթ. որպես հրատարակչական կենտրոնի ղեկավար աշխատել է Ստեփանակերտի պետական պոլիգրաֆ ձեռնարկությունում, 1999-ից՝ «10-րդ նահանգ», 2004-2006 թթ.՝ «Դեմո» հանրային թերթում՝ որպես պատասխանատու խմբագիր:
2009 թվականից «Նոր էջ» անկախ թերթի խմբագիրն է։
Տպագրվում է 1984 թվականից։ Հարյուրավոր պատմվածքների ու նովելների, դրամատիկական ստեղծագործությունների, բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Տպագրվում է հայաստանյան և ղարաբաղյան թերթերում։ 1995 թ. լույս է տեսել «Մենախոսություն վերջին նստարանից» գիրքը, 2005 թ.՝ «Կիսատ պատմվածքներս, տղան և ուրիշներ», «Ձմեռային սերենադ», 2007 թ.՝ «Կարմիր ծաղկաթերթեր» գրքերը։ Նրա երկու տասնյակից ավելի պատմվածքներ թարգմանվել են նաև ռուսերեն, իսկ նովելներից մեկը զետեղվել է Հարավային Կովկասի գրողների պատերազմի մասին պատմող լավագույն ստեղծագործությունների «Ապրելու ժամանակը» ժողովածուի մեջ: