Թերթում Վարդգես Օվյանի հեղինակած նյութերը
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. «FREEDOM HOUSE»-Ը ԵՎ ՄԵՆՔ
Ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպության վերջին զեկույցը որոշակի դժգոհություններ է առաջ բերել նաև Արցախի քաղաքական շրջանակներում, քանզի այնտեղ Արցախը նշված է որպես ոչ ազատ երկիր: Մինչ այդ Freedom House-ի զեկույցներում Հայաստանն ու Արցախը դասվում էին մասամբ ազատ երկրների շարքում, այն դեպքում, երբ Ադրբեջանը համարվում էր ոչ ազատ երկիր: Հերթական այս զեկույցում Հայաստանն ու Ադրբեջանը մնացել են իրենց նախկին «դիրքերում», իսկ Ղարաբաղը «մասամբ ազատից» հայտնվել է «ոչ ազատ» Ադրբեջանի կողքին։
Միանգամայն իրավացի է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, երբ ասում է, թե այդ զեկույցը վկայում է աշխարհում ոչ կառավարական սեկտորի քաղաքականացվածության մասին, և բերում է Ուկրաինայի օրինակը, որը մի տարի առաջ համարվում էր ազատ երկիր, իսկ Յանուկովիչի իշխանության գալով՝ դարձել է «մասամբ ազատ»։
Մեզանում հիմնականում այն կարծիքն է շրջանառվում, որ այդ ամենն արվել է քաղաքական նկատառումներով։ Թերևս դրանում որոշ ճշմարտություն կա։ Արցախում կան նաև գործիչներ, ովքեր գտնում են, որ երկրում ընդդիմության բացակայությունը լրջորեն ազդել է ԼՂՀ-ի հեղինակության վրա։ Դրանում ևս ճշմարտության մաս կա։ Սակայն խոստովանեմ, որ վերջին առնվազն 10 տարում, ցավոք, մեզ մոտ ընդդիմություն կամ ընդդիմադիր քաղաքական ուժ երբեք չի եղել։
Այսօր երբեմն «Նոր էջ»-ը անվանում են ընդդիմադիր թերթ, որը միանգամայն սխալ է, որովհետև այն երբեք չի կարող ընդդիմադիր կոչվել, քանի որ ինչպես ասվեց՝ մեր երկրում ընդդիմություն, ընդդիմադիր քաղաքական ուժ չկա։ «Նոր էջ»-ը անկախ պարբերական է։ Ես երբեք ընդդիմադիր չեմ եղել և, օգտվելով խոսքի ազատության իմ իրավունքից, քննադատել եմ թե՛ իշխանություններին, թե՛ այն «ընդդիմությանը», որ ոչ միայն թույլ, այլև ողորմելի էր, և իր գործելակերպում մշտապես աչքի առաջ վախ ուներ, որ կարող է զրկվել սեփական բիզնեսից...
Ընդունելով, որ վերոհիշյալ զեկույցը պատրաստվել է առավելապես քաղաքական նկատառումներով և Ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումներում հայ դիվանագիտության անողնաշար ու պարտվողական կեցվածքի հաշվառումով, ցավով նշեմ նաև, որ մենք ևս նպաստել ենք, որպեսզի մեր երկիրն անվանվի անազատ։ Երբ երկրում ընդդիմություն չկա, ապա դա ամենևին չի նշանակում, թե այդ «հատապտուղը» մեր լեռնային պայմաններում չի կարող աճել։
Ընդդիմություն չկա, որովհետեւ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեր քաղաքական միջավայրում դրա կայացման համար նպաստավոր մթնոլորտ չկա, մեզանում հայ ղեկավարի խանական տիպարը տառապում է սեփական անձի անսխալականության մոլուցքով եւ ընդհանրապես չի հանդուրժում այլախոհություն, քննադատական խոսք ու պատրաստ է դրանք խեղդել սաղմի մեջ։ Իսկ մերօրյա քաղաքական դաշտում ոչ ոք չի ուզում լինել խեղդվողի կարգավիճակում, հատկապես երբ մեջտեղ ընտանիքի «հացի խնդիր» էլ կա։
Մի այլ ավելի թարմ օրինակ բերեմ։ Արցախը նմանակելով Հայաստանին, նույնպես ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության, այսպես ասած, օպերացիա է իրականացնում։ Բայց մի՞թե ազատ կոչվող երկրի քաղաքացուն կամք պարտադրելը որեւէ առնչություն ունի ազատության ու ժողովրդավարության հետ։
Մեզ մոտ պարբերաբար բարձրացվում են էլեկտրաէներգիայի, գազի եւ այլ սակագներ։ Ջրի գինը կրկնակի են բարձրացրել, որովհետեւ հստակ գիտեն, որ դրա համար շարքային արցախցին չի համարձակվելու, ինչպես եվրոպաներում է ընդունված, փողոց դուրս գալ եւ ցույցով, հանրահավաքով իր բողոքը հայտնել։
Ի դեպ, մեզ մոտ որոշ «շատ խելոք» պաշտոնյաներ իրենց «հպատակներին» արգելում են «Նոր էջ» կարդալ։ Ճիշտ է, դրանով նրանք ավելի են մեծացնում հետաքրքրությունը մեր թերթի հանդեպ, և դա մեր օգտին է։ Բայց, որ ազատ խոսքը ճնշելու այդ քայլով նման հիմարները ջուր են լցնում Freedom House-ների ջրաղացին, դա արդեն ի վնաս մեր երկրի է։
N 1 (26) (2011)
Երկու «Ռոսիա»
...Ես գիտեմ, մի օր աշխարհից արար
Կջնջվեն բոլոր շողոքորթները,
Եվ ծիածանը կկապի կամար,
Ամեն ազգ կլինի իր բախտի տերը...
Իսկ թե ոչ... (միայն թե ուժս ների,
Չմեղադրեն շովինիստներն ինձ).
Մաշտոցի գիրը կառնեմ ուսերիս,
Փրկեմ աննամուս ու կեղծ հայերից։
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
(ըստ Ե. Եվտուշենկոյի)
1984 թ.
Օրերս Արցախի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպայի տուն»-ը վերանվանվել է «Ռոսիա»։ Այդ տարածքում, կողք-կողքի արդեն երկու «Ռոսիա» կա։
Արցախյան շարժումից առաջ, խորհրդային տարիներին Ստեփանակերտի ամենամեծ այդ կինոթատրոնը դարձյալ կոչվում էր հյուսիսային հարևանի անվամբ։ Արցախյան շարժման տարիներին, երբ ռուսական-խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնականները համատեղ ռազմագործողություններով «անձնագրային ռեժիմի ստուգման» անվան տակ զինաթափում ու դատարկում էին Ղարաբաղի ծայրամասային հայկական գյուղերը, Շահումյանում, Գետաշենում «Կոլցո» օպերացիայով լիովին հայաթափեցին այդ բնակավայրերը, և պաշտոնական Մոսկվան ղարաբաղյան շարժման ողջ ընթացքում ընդգծված ադրբեջանամետ քաղաքականություն էր վարում, «Ռոսիան» անվանվել է «Սպայի տուն», և այն հանձնվել էր ԼՂՀ ՊԲ իրավասությանը։
Արցախի իշխանությունները երևի թե կարծում են, թե Մեդվեդևն ու Պուտինը ուշի-ուշով հետևում են այստեղ կատարվող բոլոր անցուդարձերին և հանկարծ կարող են շատ խիստ նեղանալ՝ իմանալով, որ փոքրիկ այս երկրում Մեծն Ռուսիո պատվին ոչինչ չկա։ Եվ շուտով հիշյալ կինոթատրոնի հարևանությամբ կառուցվել է բար-ռեստորան ու անվանվել «Ռոսիա» (տարածված լուրերի համաձայն այդ շինությունը պատկանում է Արցախի գործող նախագահին)։ Ըստ երևույթին, այդ «Ռոսիան» քիչ թվաց, և օրերս «Սպայի տունը» կրկին վերանվանվել է «Կինո Ռոսիա»։
Հետաքրքիրն այն է, որ Մայր Հայաստանին միանալու երազանքով 1988-ին պայքարի ելած Արցախում ոչինչ չկա «Հայաստան» անվամբ։ Ստեփանակերտի կենտրոնական Լենինի պողոտան արցախյան շարժումից հետո անվանվել էր Երևանյան, ապա հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո՝ Վազգեն Սարգսյան։
Ամենայն հավանականությամբ, պաշտոնական Ստեփանակերտը կարծում է, թե երկու «Ռոսիա»-ների առկայությունն առանց Ղարաբաղի մասնակցությամբ բանակցային գործընթացում շրջադարձային նշանակություն կունենա։ Արցախի իշխանությունների ռուսասիրությունը Մոսկվային կհամոզի ղարաբաղանպաստ դիրքորոշում որդեգրել ու հասկանալ, որ Կովկասյան տարածաշրջանում «կովկասյան ազգության ներկայացուցիչներից» բացի ապրում է նաև մի այլ ազգություն՝ ղարաբաղցիներ...
hraparak.am
N 1 (26) (2011)
ՍՈՒԴԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԴԵՊ ԼԻՆԵԼ
Մեր զրուցակիցները, ովքեր հիմնականում շարքային քաղաքացիներ են, չեն հավատում, որ Հարավային Սուդանի անկախության ճանաչման գործընթացը կարող է նախադեպ հանդիսանալ Արցախի համար։
«Արցախյան շարժումից հետո տեսեք քանի երկրներ են անկախություն ստացել, ճանաչվել այս կամ այն պետության կամ մի քանի տասնյակ երկրների կողմից՝ Կոսովո, Հարավային Օսեթիա, Աբխազիա և այլն,- ասում է մասնագիտությամբ ինժեներ Արթուր Գրիգորյանը։- Բոլորն էլ կարող էին նախադեպ դառնալ, բայց չդարձան։ Հարավային Սուդանն էլ անկախություն կստանա, բայց մենք այդպես էլ չենք դառնալու հաջորդը, որովհետև դիվանագիտություն չունենք, մեր քաղաքական էլիտա կոչվածը խնդրի լուծման ոչ մի ծրագիր չունի»։
Թոշակառու ուսուցիչ Գ. Հարությունյանի կարծիքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը չի լուծվելու, քանի դեռ Արցախը գտնվում է «խաղից դուրս» վիճակում։ «Հայաստանի իշխանությունները հատկապես վերջին 10 տարում Ղարաբաղի տունը քանդեցին,- գտնում է նա։- Մեր երկիրը, մեր պետությունը, պատերազմի դաշտում ձեռք բերած մեր հաղթանակը ծառայեցրին իրենց կարիերային, դրանք զոհեցին իրենց աթոռին։ Վերցրին ու Ղարաբաղը դուրս շպրտեցին բանակցային գործընթացից, թե՝ մենք ինքներս ներկայացնում ենք և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանը»։
«Մենք ՀՀ-ում և այստեղ՝ Ստեփանակերտում ունենք արտգործնախարարություններ, բայց դրանք միասին ադրբեջանական ԱԳՆ-ի մի շարքային աշխատողի չափ գործ չեն կատարում,- ասում է նախկին պաշտոնյա Ա. Ս.-ն։- Վերջին դեպքը վերցնենք՝ Ադրբեջանում Լեհաստանի դեսպանատան կայքում լեհերն արգելում են իրենց քաղաքացիներին այցելել Արցախ։ Մերոնք ասում են, որ իբր դա պաշտոնական Լեհաստանի տեսակետը չէ։ Բայց փաստն այն է, որ ազերիները բոլոր ուղղություններում նպատակաուղղված քաղաքականություն են վարում, իրենց սուտն անց են կացնում միջազգային տարբեր կազմակերպություններում՝ սկսած ՄԱԿ-ից, իսկ մենք բավարվում ենք միայն խղճուկ հերքումներով ու մեկնաբանություններով, որոնք ավելի շուտ ներքին սպառման համար են։ Տեսած կա՞ս, որ պատերազմից հետո վերջին 15 տարում մեր դիվանագետները որևէ հարցում նախահարձակ լինեին, մի անգամ էլ իրենք մի համարձակ բան անեին, որպեսզի մի անգամ էլ մեր թշնամիները մտածեին դրա տակից դուրս գալու մասին»։
Նախկին ազատամարտիկ Արմեն Սարգսյանը գտնում է, որ հայ իշխանությունները ոնց-որ Լուսնից իջած լինեն։ «Էսպես որ նայում եմ սրանց գործողություններին, թվում է, թե սրանք իսկի կապ չունեն Ղարաբաղյան խնդրի, պատերազմի, մեր ազգային երազանքների հետ,- ասում է Արմենը։- Կարծիս Լուսնից են իջել և դարձել գլխներիս տերը։ Իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում։ Մի բերան այդ ԵԱՀԿ-ից ու Մադրիդյան սկզբունքներից են կառչել։ Մի հարցնող լինի դրանց՝ ձեր էդ Մադրիդյան սկզբունքներում գոնե մի կետ կա՞ մեր օգտին, կամ այդ ԵԱՀԿ-ն գոնե մի բան արե՞լ է, որ գոհացնի մեզ»։
Մեր զրուցակիցներից շատերին առանձնապես վրդովեցրել է ՀՀ նախագահի Աստանայում և մինչ այդ արած այն հայտարարությունը, ըստ որի՝ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, Հայաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նախ՝ շատերի կարծիքով, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը ոչ թե պիտի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այլ՝ միացումը Հայաստանին։ Բացի դրանից, արցախցիները գտնում են, որ Սերժ Սարգսյանը չպիտի այդպիսի հայտարարություն աներ։
«Ստալինը կամ որևէ այլ մի լուրջ ղեկավար երբեք նման հայտարարություն չէր անի,- ասում է թոշակառու Սերգեյ Ավանեսյանը։- Երևի պատմությունից հիշում եք, թե ինչպես իրեն պահեց Ստալինը, երբ առաջին անգամ լսեց, որ ԱՄՆ-ն ատոմային ռումբ ունի։ Իմ կարծիքով, եթե նրա տեղ լինեին մեր այս ղեկավարները, նրանց տեղը մի թաց տեղ էլ չէր մնա...»։
Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ ղեկավարն այդ հայտարարությամբ Ղարաբաղի ճանաչման հավանականությունը իջեցրել է զրոյի, իսկ նախկին պաշտոնյա Ա. Ս.-ն գտնում է, որ այդ քայլով ՀՀ ղեկավարը ժխտել է Արցախի ներկայիս անկախ գոյության փաստը։ «Այդ հայտարարությամբ Ս. Սարգսյանը մեր հիմնական հաղթաթուղթը տվել է հակառակորդին,- ասաց նա,- ասենք, եթե Ադրբեջանը առաջիկա 10 տարում չհարձակվի Ղարաբաղի վրա, նշանակում է այդ 10 տարում հայկական կողմից թաղված է մնալու ԼՂՀ ճանաչման հարցը»։
Մենք հիմնականում օգտագործել ենք մեր այն զրուցակիցների կարծիքը, ովքեր ընդհանուր առմամբ ծանոթ են արցախյան խնդրին առնչվող վերջին զարգացումներին և, խոստովանենք, ավելի սթափ ու կշռադատված են դատում, քան բոլոր նրանք, ովքեր ազատամարտիկ Արմենի ասելով՝ «դարձել են գլխներիս տերը»։
Ուրախալի է, որ օրերս Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Հարավային սուդանցիների անկախությունը։ Հնարավոր է, որ վաղը նույն անկեղծությամբ շնորհավորի նաև, ասենք, Հարավային Մոզամբիկի, Արևելյան Պոլինեզիայի կամ Արևմտյան Անտարկտիդայի անկախությունը։ Սակայն խնդիրն այն է, որ աշխարհի տարբեր ծագերում պետություններ են անկախանում, դառնում իրենց գլխի տերը, իսկ Արցախը, որ վերջին երկուսուկես տասնամյակում աշխարհում առաջիններից մեկն էր ազատության դրոշ պարզել, ազատագրական իր շարժմամբ խարխլել հսկա մի կայսրության հիմքերը, այսօր չոքած է մնում «կոտրած տաշտակի» առջև։
Տեսանելի ապագայում գրեթե ոչ մի առաջընթաց չի երևում։ Եվ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ միջազգային ճանաչման հասած բոլոր երկրները պայքարել ու հասել են իրենց բաղձալի նպատակին, իսկ Արցախի իշխանությունները նստել ու սպասում են, թե պաշտոնական Երևանի տերերը երբ են երկնքից «խնձոր վայր բերելու» Արցախի համար։ Ցավն այն է, սակայն, որ ՀՀ ղեկավարների համար եթե աշխարհում մի կարևոր հարց կա, դա միայն ու միայն սեփական աթոռի պահպանումն է։ Նրանց առնվազն մեկևկես տասնամյա գործունեությունը վկայում է, որ մնացյալ ամեն ինչի վրա, այդ թվում՝ երկրի ու ժողովրդի, նրանք թքած ունեն։
N 1 (26) (2011)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻՆ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԲԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Օրեր առաջ երևանցիները կարող էին նախանձել Ստեփանակերտի շարքային հեռուստադիտողներին։ Կատակ բան չէ, չճանաչված փոքրիկ այս երկրի մայրաքաղաքի բնակիչներն ավելի քան մեկևկես տասնամյակ շարունակ դիտում էին շուրջ 25 հեռուստաալիքներ, այդ թվում՝ հայաստանյան 4 հեռուստաալիք (Հ1, Հ2, «Շանթ», «Արմենիա», ռուսաստանյան OPT, HTB, «Ռոսիա1», THT, CTC, եվրոպական «Եվրոնյուս» և այլ հեռուստաալիքներ։ Պատերազմի գոտում գտնվող Արցախում դա շարքային բնակիչների միակ առավելությունն էր հայաստանաբնակ իրենց ազգակիցների նկատմամբ։ Մնացած բոլոր առումներով, հատկապես սոցիալական խնդիրների, առաջին անհրաժեշտության կամ տեխնիկական ու այլ սարքավորումների ապրանքագների, 1 կմ-ի հաշվով երթուղային տրանսպորտի արժեքի հարցում շարքային արցախցիները գտնվում են կրկնակի կամ եռակի վատ վիճակում։
Արցախում հայաստանյան, ռուսական և այլ հեռուստաալիքների (այդ թվում՝ արբանյակային) հեռարձակումը շուրջ 18 տարի հիմնականում ապահովում էր «Փեյս» մասնավոր ընկերությունը։ Ընդամենը մի քանի հեռուստաալիքի հեռարձակում էր ապահովում «Արցախկապը»։ Մեր տեղեկություններով, վերոհիշյալ կազմակերպության ղեկավարը հանդիպել է Արցախի նախագահին և խնդրել հեռուստաալիքների հեռարձակման մենաշնորհը հանձնել իրեն։ Վերջինս տվել է իր համաձայնությունը... և այսօր ստեփանակերտցիները նախկին մոտ 30-ի փոխարեն հազիվ10 հեռուստաալիք են դիտում։
«Հպարտանալու մի բան ունեինք, այն էլ ձեռքներիցս խլեցին»,- ասում են նրանք։ Բայց արցախցիները, հատկապես ստեփանակերտցիները հպարտանալու մի այլ բան էլ ունեն. այսօր Արցախի մայրաքաղաքում համատարած շինարարություն է գնում։ Ընդ որում, քանդում են խորհրդային տարիներին և ավելի վաղ կառուցված, մայրաքաղաքի դեմքը խորհրդանշող միանգամայն ամուր և կանգուն շինություններն ու տեղը էլիտար շենքեր կառուցում։ Թե ում համար են կառուցում, պարզ չէ։ Սակայն միանգամայն պարզ է, որ հաստատ դա շարքային քաղաքացիների համար չէ, որովհետև նրանք երազում անգամ չեն կարող այնքան փող ունենալ, որպեսզի կարողանան այդ շենքերում բնակարաններ գնել։
«Հրապարակ», Երևան
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ «Արցախկապի» միջոցով հեռարձակվող հեռուստաալիքները հատկապես ցերեկային ժամերին շատ վատ ու անորակ են։ Մինչև անգամ ալիքների ձայնային ազդանշաններն են տարբեր։ Ալիքներից մեկով երբեմն այնքան բարձր են խոսում, որ քիչ է մնում խլանաս, իսկ մի այլ հեռուստաալիքով ասես «նեմոյ» ֆիլմ են ցուցադրում։
Մենք պարզեցինք, որ «Արցախկապն» ունի թվային հեռարձակման բաժանորդներ և առաջին հերթին հենց նրանց համար է աշխատում։ Բաժանորդ դառնալու համար պիտի վճարել 3500 դրամ, այնուհետև յուրաքանչյուր ամիս՝ 2200 դրամ՝ 58 հեռուստաալիք դիտելու համար... Ինչպես ասում են՝ «Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը»։ Շուկայական հարաբերություններ են, նոր ժամանակներ, նոր բարքեր. մարդիկ ուզում են փող աշխատել։ Թեկուզ դա լինի արտաքին թշնամուն պատերազմում հաղթած, սակայն սեփական երկրում պարտված շարքային արցախցու գրպանի հաշվին։
N 1 (26) (2011)
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ԼԱՅՆՈՒԹՅԱՄԲ
ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կ. Պետրոսյանը վերջերս մամլո ասուլիսում հայտարարել է, որ շուտով Արցախը էներգիա ներկրողից կդառնա էներգիա արտահանող երկիր։ Նրա խոսքով՝ գործող հէկ-երին զուգահեռ կշահագործվեն 3 նոր հէկ-եր: Փոքր հէկ-եր կկառուցվեն նաև Իշխանագետի և Կարկառի վրա: Ասել է թե՝ մենք այնքան էլեկտրաէներգիա կունենանք, որ մի մասը կարող ենք վաճառել մեր հարևաններին։ Նա հայտնել է նաև, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի լինելու։
Նախ, կարծում եմ, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի շարքային քաղաքացին այսօր անհրաժեշտ հզորությամբ էլեկտրաէներգիա ստանա։ Վերջերս շատ են դժգոհում թույլ հոսանքից։ Վերջին ամսում, օրինակ, ցերեկայն ժամերին մեր բնակարանում հոսանքի լարումը մոտ 180 վոլտ էր, գիշերային ժամերին, գերծանրաբեռնվածության պատճառով՝ 145 վոլտ։ Դրանով ոչ միայն գրեթե ոչ մի սարքավորում չի աշխատում, այլև էլեկտրական շատ սարքավորումներ շարքից դուրս են գալիս։ Կարգավորելուց հետո գիշերային ժամերին լարումը դարձել է 180 վոլտ։ Դա, իհարկե, համեմատաբար լավ է, բայց եթե ժամանակին նախապես հաշվարկած լինեին, թե քաղաքացիները ձմռանը մոտավորապես որքան էներգիա են սպառելու, նման խնդիրներ չէին ծագի։
Երկրորդ՝ սակագնի բարձրացում չի՞ լինելու։ Փաստենք միայն, որ երրորդ տարին է Ստեփանակերտում բնակչության գերակշիռ մասը նախատեսվածից կրկնակի բարձր սակագին է վճարում սպառած էլեկտրաէներգիայի համար։ 1 կվտ հոսանքի համար բնակչության մեծ մասից 25 դրամ են վերցնում, մինչդեռ տարիներ առաջ խոստացել էին, որ ցերեկային ժամերի համար էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամ է լինելու, գիշերային ժամերի համար՝ 15 դրամ։ Պատճառաբանությունն այն է, որ դեռևս համապատասխան հաշվիչներ չեն տեղադրել։ Առողջ տրամաբանությունը, սակայն, հուշում է՝ հաշվիչ չե՞ք տեղադրել, ինչո՞ւ սակագինը 15 կամ, առավելագույնը, 20 դրամ չեք դարձնում։ Չէ՞ որ պարզից պարզ է, որ հատկապես ձմռան ամիսներին բնակչությունը գիշերային ժամերին է մեծ չափով հոսանք օգտագործում։
Երրորդ՝ էլեկտրաէներգիա արտահանելու մասին մտածելու փոխարեն լավ կլինի մտածեն դրա սակագինն իջեցնելու և գազաֆիկացման փոխարեն ավելի մեծացնելու էլեկտրաէներգիայի օգտագործման հնարավորությունը։ Այսօր գազը մեզ համար թանկ հաճույք է դարձել, մյուս կողմից, պարբերաբար բարձրացվում է միավոր գազի գինը։ Մասնագետներից լսել եմ, որ գազօջախների և գազով աշխատող ջեռուցիչների փոխարեն ավելի նպատակահարմար է օգտագործել էլեկրական սալօջախներ և այլ համապատասխան սարքեր։ Դա բազմիցս էժան է ու դրա հնարավորություններն ավելի մեծ են։ Օրինակ, Երևանի բազմաթիվ թաղամասերում այսօր էլեկտրական սալօջախներ են օգտագործում, և դա առնվազն կրկնակի էժան է նստում...
Այնպես որ՝ միայն էլեկտրաէներգիայի խնդրի հաշվարկված ու նպատակաուղղված լուծումով այսօր բազում խնդիրների ծանրության տակ կքած արցախցիներին կարելի է ազատել մի մեծ պրոբլեմից։ Ընդհանրապես, զարգացման երկու տեսակ կա՝ լայնությամբ և խորությամբ։ Պարզ է, որ նախընտրելին խորությամբ զարգանալն է։ Ասենք, 100 տոննա բերք ստանալու համար պետք է ոչ թե ցանքատարածություններն ընդլայնել, այլև այնպես անել, որ ունեցածիցդ ավելի շատ եկամուտ ստանաս։
Իսկ այս և մյուս բազում խնդիրները լուծելու համար մասնագետներ, կադրեր են պետք, կադրային ճիշտ քաղաքականություն է պետք։ Մինչդեռ մեզանում շարունակ միևնույն «կոտրած տաշտակներն» են աջ ու ձախ տեղափոխում։ Իսկ «գումարը չի փոխվում»...
N 2 (26) (2011)
Փետրվարի 28, 2011 թ.
Փետրվարի 28-ին հազարավոր արցախցիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ստեփանակերտի Հուշահամալիրում գտնվող սումգայիթյան ջարդերի նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ 23 տարի առաջ Խորհրդային Միության հանրապետություններից մեկում փետրվարի վերջերին երեք օր շարունակ սպանում, բռնաբարում, կենդանի այրում էին անմեղ մարդկանց՝ հայերի, որոնց «մեղքն» այն էր, որ հայ են, և նրանց հայրենակիցները Ղարաբաղում ուզում են ազատ ու անկախ ապրել։ Չդատապարտված և չպատժված այդ ոճրագործությունը շուտով ընդգրկեց Ադրբեջանի այն բնակավայրերը, որտեղ հայեր են ապրում։ Շուրջ կես միլիոն հայեր լքեցին իրենց տներն ու սփռվեցին աշխարհով մեկ... Այսօր այդ մարդկանց իրավունքների մասին գրեթե չի խոսվում։ Խոսվում է միայն ազերի փախստականների մասին։ Դա մեր դիվանագիտության անգործունեությունը վկայող բազում օրինակներից ու փաստերից մեկն է...
Իսկ Արցախյան շարժման ու պատերազմի ժամանակ նահատակված մեր հայրենակիցների հիշատակը հարգելու ամենակարևոր պայմանը մեր երկիրը հզորացնելն ու շենացնելն է, որպեսզի մի նոր «սումգայիթ» չկրկնվի։
N 2 (26) (2011)
ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ...
Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայկական, ռուսական և արևմտյան մամուլը լեցուն է պատերազմի վերսկսման հավանականության կամ անհավանականության վերաբերյալ նյութերով։ Ոմանք փորձում են ապացուցել, թե Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի՝ հայերի դեմ, վկայակոչում են այդ հանրապետության օրեցօր աճող ռազմական բյուջեն և Ադրբեջանի նախագահի ու ամենատարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարությունները՝ «օկուպացված տարածքները զենքի ուժով ազատագրելու» մասին, մյուսները ճգնում են համոզել, որ Ալիևը երբեք պատերազմ չի սկսի, Արևմուտքը դա թույլ չի տա և այլն։
Վաղը պատերազմ կսկսվի, թե ոչ՝ դա հստակ չեն կարող ասել ոչ մեր կամ արևմտյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, ոչ էլ աշխարհի լրատվամիջոցները։ Փաստն այն է միայն, որ Ալիև երկրորդն իր երկրում մեծ քանակությամբ զենք է կուտակում, և այդ երկրի ռազմական բյուջեն անընդհատ աճում է։ Հակառակորդն իրո՞ք պատերազմի է պատրաստվում, թե՞ պարզապես ժամանակակից զինտեխնիկայի հավաքածու է պահում ու պարապ-սարապ հոխորտում պատերազմ սկսելու մասին՝ դժվար է ասել։ Այդ հարցի պատասխանը գիտե միայն Ադրբեջանի ղեկավարը և թաքուն կամ օրը ցերեկով նրան սատարող հզոր երկրներից մեկը (կամ մի քանիսը)։ Սակայն հանրահայտ մի արտահայտություն կա՝ «Եթե պատից հրացան է կախված, ապա այն մի անգամ կրակելու է»։ Մի այլ հայտնի ճշմարտություն էլ կա՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։
Վաղն Ադրբեջանի ֆյուրերն իրո՞ք ռազմական արշավ է ձեռնարկելու Արցախի դեմ, թե՞ ոչ, դա, հնարավոր է, անձամբ չմտահոգի շարքային արցախցուն, եթե նա հստակ իմանա, որ իր երկիրը հնարավոր ու անհնարին ամեն ինչ արել ու անում է, որպեսզի պաշտպանված լինի հակառակորդի ամեն կարգի ոտնձգությունից։ Եթե մարդ նախապես պաշտպանված է ու պատրաստ է դիմագրավել ցանկացած հարձակում, ապա հնարավոր չէ նրան հաղթել։
Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից 17 տարի հետո արդյո՞ք իրեն հնարավորինս պաշտպանված են զգում Արցախի շարքային քաղաքացիները, ասենք, մեր հանրապետության ամենախոշոր բնակավայրում՝ Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Տարբեր քաղաքագետներ, ռազմագետներ ու այլ մասնագետներ հաճախ են ակնարկել, որ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու ու բազմիցս մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու։
Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն։ Մարդիկ են աշխատում այնտեղ, պարբերաբար աշխատավարձ են ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենաբազմահազարանոց քաղաքի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները։ Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից և օդից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, և որոնք աղբանոց են հիշեցնում ու առնետներն են տերուտնօրինություն անում այնտեղ։
Խորհրդային տարիներին մայրաքաղաքի որոշ հատվածներում ապաստարաններ կային, անգամ հակագազերի որոշ քանակություն էր պահվում այնտեղ։ Ո՞վ գիտե, թե հիմա այդ հատուկենտ ապաստարաններն ինչ վիճակում են։
Արցախի մայրաքաղաքում մեծ թիվ են կազմում, այսպես կոչված, «խրուշչովկաները», խորհրդային նախկին առաջնորդի ժամանակներում կառուցված շենքեր, որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաև, որ շուկայական հարաբերությունների հաստատման և օրինական անօրինության վերջին մեկևկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայր։
Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա և որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մասին պատասխանատու որևէ չինովնիկ մտածե՞լ է։ Այս մեկևկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը...
Ենթադրենք հակառակորդը կարողանում է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։ Տարրական ինքնապաշտպանական այս հարցերի մասին որևէ պաշտոնյա մտածե՞լ է երբևէ, որևէ խորհրդական այս մասին երբևէ հիշեցրե՞լ է իր տիրոջը։
Փոխարենը՝ արդեն ավանդույթ է դարձել շենքերին նոր մասնավոր շինություններ կցելը։ Խնդիրը միայն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է «ռեզոնանսի օրենքի» համաձայն հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները։ Նման ավերածության տեղիք կարող է տալ նաև շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը։
Մյուս կողմից, Ստեփանակերտում շարունակ էլիտար շենքեր են վեր խոյանում։ Կարծես Արցախի ողջ տարածքը յուրացրել-պրծել ենք, քաղաքի կենտրոնական մասերում գտնվող միանգամայն կանգուն և ամուր շենքերն են քանդում ու տեղը մի նոր «առևտրի կենտրոն» կամ նման այլ անհեթեթություն կառուցում։ Աղքատ կոչվող մեր երկրի մայրաքաղաքի կենտրոնն աջ ու ձախ պատում են մարմարե սալիկներով։ Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի։ Մարդիկ մինչև անգամ կատակում են՝ շուտով շենքերի տանիքներն էլ են սալիկապատելու...
Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու նենգ հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Թե՞ «մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է» կարգախոսը վահանի պես բռնած՝ հետ ենք անդրադարձնելու մեր ուղղությամբ արձակած բոլոր հրթիռները, ականներն ու ռումբերը... Բանակն ուժեղ և մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը։ Սա է ճշմարտությունը, մնացյալը դատարկ խոսքեր են, ինքնահանգստացման և ցանկալին ճշմարտության տեղ ընդունելու խաղեր։
Շարունակ մեր մտապատկերում «Ծովից ծով Հայաստանն» է։ Այն արդեն քրոնիկական հիվանդություն է դարձել։ Այն աստիճան, որ այսօր էլ ձայներ են հնչում Կարսն ու Մուշը, Վանն ու Սասունն ազատագրելու մասին։ Փոխանակ եղածը պահելու մասին մտածենք և խորհենք, թե ինչպես և ինչու Մեծ եղեռն եղավ։ Արդյո՞ք միայն թուրքն է ամենամեծ մեղավորը։
«Եթե վաղը պատերազմ լինի... Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում»,- մեզանում մոտավորապես այսպես են մտածում խոշորագույն չինովնիկից մինչև շարքային քաղաքացին։ 4-5 հազարամյակ շարունակ դասեր չենք քաղել մեր սխալներից։ Անցյալ դարի ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանը գրել է. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին, և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝ խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»։
Եվ, մի վերջին հարց էլ։ Արդյո՞ք և իրո՞ք սա մեր երկիրն է, թե ընդամենը մի ցատկահարթակ է, որտեղից պիտի թռնենք ռուսաստաններ ու ամերիկաներ և այնտեղից ողբանք մեր կորուսյալ Հայրենիքի համար ու աշխարհից պահանջենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ 1915 թվականից մինչև Սումգայիթ ու այսօր...
N 2 (26) (2011)
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ԶԱՆԳ ԿԱԽՈՂ ՉԿԱ
Օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է. «Եթե Ադրբեջանն իրացնի իր ռազմատենչ սպառնալիքները, այդ ամենի արդյունքում երրորդ հայկական պետությունը կստեղծվի»։ Եթե նա այս նախադասությունը արտաբերած լինի Մոսկվայում՝ ռուսական որևէ պարբերականի խմբագրությունում, գուցե դա ընկալելի լիներ։ Ասենք, որպես Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ուղղված պատասխան՝ արտաքին լսարանի համար։ Բայց ոչ, այդ խոսքերը նա հայտարարել է ՀՀ ԱԺ խորհրդարանի ամբիոնից, ասել է թե՝ հենց ներքին սպառման համար, հայկական քաղաքական դաշտում արդեն ավանդույթ դարձող, հակառակորդի հոխորտանքին հոխորտանքով պատասխանելու ոգով։
Երբ հակառակորդը պարբերաբար զենք է գնում, զենք է կուտակում և բղավում «օկուպացված տարածքները» պատերազմով ազատագրելու մասին, դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Բայց երբ հայ քաղաքական գործիչը խոսում է Ադրբեջանի տարածքում նոր հայկական պետություն ստեղծելու մասին, այն պատգամավորներից մեկը, որ ընդամենը կոճակ սեղմելու և ԼՂՀ անկախությունը ճանաչելու քաջություն չունեցավ, դա արդեն, մեղմ ասած, անբարո է։ ՀՀ Ազգային ժողովում ճառ ասողները կարծես թե շատացել են, բայց, ինչպես հանրահայտ «Մկների ժողովում», զանգ կախող չկա ու չկա։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, ի պատասխան այն դժգոհության, թե ազերիների կողմից հայ զինվորների սպանություններին հայկական կողմը պատասխանում է միայն հայտարարություններով, հայտնել է, թե «հակառակորդի որևէ սադրանք անպատիժ չի մնում: Մենք, որպես կանոն, պատժում ենք խստորեն, իսկ նրանց մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր գործը չէ»: Երևի պարոն խոսնակը նկատի ունի ազերիների այն կորուստները, որ արդյունք են նրանց բանակում կատարվող «ռազբորկաների», և որոնց մեղքը ադրբեջանական կողմը շարունակում է բարդել հայկական բանակի վրա։
Համաձայն եմ, որ հակառակորդի սպառնալիքներին պիտի պատասխանել սպառնալիքով։ Վերջին հաշվով, մի կողմից դա հակառակորդին ցույց կտա, թե թքած ունենք օրեցոր աճող իր ռազմական բյուջեի կամ զինուժի վրա, մյուս կողմից՝ կբարձրացնի հայ զինվորի, ժողովրդի ոգին։ Համենայն դեպս, դա ավելի լավ է, քան՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ»-ի ոգով արված հայտարարությունը։ Բայց խոսքը համարժեք սպառնալիքի մասին է, ոչ թե դատարկ հոխորտանքի, ոտքի տակ հող չունեցող սնապարծ հայտարարության։
Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի արդյունքում մենք ազատագրել ենք ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի սահմանները՝ 4,4 հազար կմ2-ն, այլև երբեմնի հայկական այն տարածքները, որոնք ամրագրել ենք ԼՂՀ Սահմանադրության մեջ և որոնք եղածի հետ կազմում են շուրջ 13 հազար կմ2։ Եվ այս ողջ տարածքում ընդամենը 140-143 հազար բնակչություն է ապրում (տեղեկացնենք, որ Եվրոպայում գտնվող 13,8 հազար կմ2 տարածք ունեցող Չեռնոգորիան 2010 թ. տվյալներով ունի 724 հազար, իսկ ընդամենը 2,6 կմ2 տարածք ունեցող Լյուքսեմբուրգը՝ 460 հազար բնակիչ)։
Այսօր հազարավոր հա վարելահող, հանածոներ և բնական այլ հարստություն ունեցող արցախցին ապրում է ողորմելի, աղքատ որբի պես, իսկ Հայաստանը դատարկվում է՝ «հզորացնելով» սփյուռքը։ Ադրբեջանում «երրորդ հայկական պետությունը» ստեղծելուց առաջ լավ կլինի նախ մտածենք եղածը պահելու մասին։
Դատարկ հոխորտանքը ամենից առաջ մեզ է վնասում։
N 3 (28) (2011)
Մանկություն...
Երեխաները մեր ապագան են, մեր երկրի ապագան են... Այնքա՜ն շատ ենք սիրում կրկնել այս խոսքերը՝ թե՛ հեռուստախցիկի առջև կեցվածք ընդունելիս, թե՛ խնջույքի սեղանների շուրջ՝ կենացներ հիշելիս։ Բայց որքա՜ն քիչ ենք մտածում նրանց՝ մեր ապագայի մասին։ Շենքի բակերը լցնում ենք ավտոտնակներով՝ փոքրիկների համար խաղալու տեղ չթողնելով, ավերել ենք նախկին կրթական համակարգը, գիրք կարդալու, մտածել-դատել սովորելու փոխարեն նրանց վարժեցնում ենք ինչ-որ անմիտ թեստերի, 10-ամյա կրթությունը դարձրել ենք 12-ամյա, որպեսզի «մեր ապագան» ավելի շատ տանջվի փորձադաշտ կամ «աբսուրդի թատրոն» հիշեցնող կրթական նոր համակարգի ձեռին...
Իսկ ի՜նչ երկիր ենք կառուցում նրանց համար։ Անգամ մեծահասակներս չենք դիմանում ծայրը չերևացող բյուր պրոբլեմներին ու խնդիրներին, օրինական անօրինություններին... Դա՞ ենք ժառանգություն թողնում մեր երեխաներին։
N 3 (28) (2011)
Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՄԵՆՔ ԱՅԼ ԵԼՔ ՉՈՒՆԵՆՔ
Հարցազրույց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական
գործիչ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
- Արցախի վիճակագրական ծառայության հաղորդած տեղեկության համաձայն, այսօր հանրապետությունում ապրում է 143,5 հազար մարդ։ Արդյո՞ք այսպես ենք շենացնում մեր երկիրը։
- 1989 թվականին, երբ ստեղծվել է Ազգային խորհուրդը, մենք բնակչության հաշվառում ենք կատարել և պարզել, որ Արցախում, առանց ազերի բնակչության, 198 հազար մարդ է ապրում։ Երբ Անուշավան Դանիելյանը Ղրիմից եկավ և մեզ մոտ վարչապետ դարձավ, խոստացավ բնակչության թիվը հասցնել 300 հազարի, բայց երբ նա գնաց, այստեղ խոստացածի նույնիսկ կեսն էլ չէր ապրում։ Դաշնակցությունը ժամանակ առ ժամանակ Արցախը վերաբնակեցնելու կոչեր է անում, փորձում նախաձեռնել այդ գործը, բայց արդյունք չկա։
1992-93 թվականներին երբ մեկնում էինք Հայաստան, նկատում էինք, որ այնտեղ շատ ավելի վատթար է վիճակը, քան Ղարաբաղում։ Հիմա Հայաստանը շատ թե քիչ զարգացել է, բայց Ղարաբաղը մնացել է այն վիճակում, ինչպես եղել է։ Կոլեկտիվ տնտեսությունները ավերեցինք և գյուղատնտեսության վիճակն ավելի ողբալի դարձրինք։
- Ստեղծված վիճակից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում։
- Այդ մասին ես շատ եմ խորհել։ Այդ առթիվ այսպիսի մի առաջարկություն ունեմ։ Ղարաբաղյան շարժումից ի վեր Արցախի անունով բազմաթիվ ղարաբաղցիներ մեծ հարստության տեր են դարձել, Երևանում բոլոր ղարաբաղցի ղեկավարները հարստացել են։ Նրանք՝ մեծ հարստություն կուտակած այդ մարդիկ, թող գոնե իրենց հարստության մի 15-20 տոկոսը, որպես փոխհատուցում, բերեն իրենց հայրենի Արցախում մի բան սարքեն, մեկական շրջան իրենց ձեռքը վերցնեն և զարգացնեն։ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, նրա եղբայրը, խանաբադցի Բարսեղը և մյուսները, որ Ղարաբաղի անունով հարստացել են, թող իրենց նյութական հարստության մի մասը ներդնեն հանուն Արցախի զարգացման։
Առաջարկում եմ մի խորհուրդ ստեղծել։ Ասենք, 3 հոգի ՀՀ նախագահը՝ Սերժ Սարգսյանն է առաջարկում իր շրջապատից, իր ցանկալի մարդկանցից, 3 հոգի Հայոց ազգային կոնգրեսն է տալիս, 3-ը՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարած ՀՀ հանրային խորհուրդը և, վերջապես, 3 ազնիվ, նվիրված մարդ էլ արցախցիներս ենք ընտրում։ Այդ ոչ պետական կառույցը ծննդով ղարաբաղցի մեծահարուստներին առաջարկում է որպես պարտք իրենց կարողության մի որոշ մասը 20-25 տարով ներդնել Արցախի զարգացման համար։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Արցախի բնակչության թիվը 2-3 անգամ ավելացնել, զարգացնել, շենացնել այս երկիրը, որի համար այնքա՜ն արյուն է թափվել։
- Իսկ նման ծրագիրն իրակա՞ն եք համարում։
- Իհարկե։ Ադրբեջանն այսօր ինչո՞ւ է այդքան հոխորտում, պատերազմով սպառնում մեզ։ Որովհետև վերջին 10-15 տարում իրոք ուժեղացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում, միայն շինարարությամբ ենք զբաղվել։ Նրանք տարեցտարի մեծացրել են իրենց ռազմական բյուջեն, ժամանակակից զենք են գնել և հզորացել։ Մենք էլ ենք, իհարկե, ավելացրել մեր զինապահեստը, բայց շատ ավելի համեստ չափերով, քան նրանք։
Ղարաբաղի խնդիրը լուծելու միակ պայմանն այն է, որ մենք ոչ թե հավասար, այլ ավելի ուժեղ լինենք հակառակորդից։ Իսկ այսօր եղած այդ հավասարակշռությունը խախտվում է, բայց՝ ոչ հօգուտ մեզ։ Շարունակ ցեղասպանությունից ենք խոսում, գումարներ ծախսում, լոբինգ անում, որ աշխարհի այս կամ այն պետությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ես դա չեմ ընդունում։ Ցեղասպանություն է եղել, և դա մեր մեղքն է։ Վաղն էլ է ցեղասպանություն լինելու, եթե մենք չսթափվենք, գործնական միջոցներ չձեռնարկենք այս խղճուկ վիճակից դուրս գալու համար։
- Պատերազմ կսկսվի՞, թե չի սկսվի՝ օտարազգի քաղաքագետները, մեր գործիչները, վերլուծաբանները շարունակ այս հարցի շուրջ են վիճաբանում։ Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին։
- Շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ն և աշխարհի մյուս հզոր տերությունները թույլ չտան, որ Ադրբեջանը պատերազմ վերսկսի։ Բայց նաև հնարավոր է, որ աշխարհում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերջիններս չկարողանան խանգարել հակառակորդին։ Այնպես որ՝ միակ ճիշտ ճանապարհն այն է, որ մենք հույսներս առաջին հերթին մեզ վրա դնենք և զարգացած, հզոր երկիր ստեղծենք, ժամանակակից ուժեղ բանակ ունենանք։ Եթե հակառակորդը պատերազմ սկսի, ինքն էլ է մեծ կորուստներ կրելու, բայց սկզբնական շրջանում մեր բնակչության շուրջ 30 տոկոսը կորցնելու ենք։ Ճիշտ է, հետո հաղթելու ենք, սակայն ո՞ւմ է պետք այն հաղթանակը, որ պիտի ձեռք բերվի մեր բնակչության մի մասի կյանքի գնով...
- Մեր թերթի նախորդ համարում և հայաստանյան մամուլում հոդված եմ տպագրել առ այն, որ Ստեփանակերտում ապաստարաններ չունենք։ Եթե վաղը ռմբակոծվի, հրետակոծվի քաղաքը, մարդիկ պատսպարվելու տեղ չեն ունենալու։
- Ճիշտ է։ Այդ ուղղությամբ ոչինչ չեն անում։ Հույսները դրել են նրա վրա, որ կարող է պատերազմ չլինի։ Դա, իհարկե, սխալ է... Ես գտնում եմ, որ այսօր այլ ելք չունենք։ Բոլոր այդ բանակցությունները, միջնորդները, նախագահների հանդիպումները դատարկ բան են։ Հարցի լուծումը միայն բնակչության կրկնապատկումը, եռապատկումը, բազմապատկումն է, երկրի հզորացումն է։ Կրկնում եմ, Ղարաբաղի անունով հարստացած մարդիկ պարտավոր են տեր կանգնել այս երկրին։ Օրինակ, ասում են, թե Ռ. Քոչարյանը 4,5 մլրդի հասնող կարողություն ունի։ Թող կես միլիարդը մեզ տա, 20-30 տարի հետո իրեն կվերադարձնենք։ Նույնը նաև այստեղ, Հայաստանում, Ռուսաստանում և այլուր ապրող ղարաբաղցի մյուս մեծահարուստները։
Լևոն Հայրապետյանը Վանքում տեսեք ինչ մեծ գործեր է կատարում։ Թող մյուսները, ուրիշներն էլ նույնը կատարեն իրենց ծննդավայրում կամ ցանկացած այլ բնակավայրում։ Թող ունեցածի 10-20 տոկոսը ժամանակավոր ներդնեն, ոտքի կանգնեցնեն մեր երկիրը։
- Իսկ ինչո՞ւ եք կարծում, թե ձեր առաջարկած խորհուրդը ազնիվ է լինելու։
- Հայաստանում ամենաարդար, ամենաազնիվ ընտրությունները 1990 թվականին են եղել։ Այդ ընտրություններում հաղթած ազնիվ պատգամավորներից կարելի է ստեղծել իմ առաջարկած խորհուրդը։ Այն մարդկանցից, ովքեր եղել և մնացել են իրենց հավատամքին, ինչպես ապրում էին, այսօր էլ այդկերպ են ապրում։
Իմ առաջարկության մյուս կետը հարկային ծառայության գործունեության ժամանակավոր դադարեցումն է մի 5 տարով։ Ավելի կոնկրետ, փոքր կամ միջին բիզնես ունեցողներին չպիտի հարկերով ծանրաբեռնել։ Պետությունը չպիտի միջամտի Խորհրդի, հանձնախմբի գործունեությանը։ Թող ինքը զարգացման ծրագիր մշակի և վերահսկի դրա իրականացումը։ Առաջներում, օրինակ, մի ազնիվ կոմունիստ էին ուղարկում որևէ տեղամաս, որևէ շրջան, և նա գնում ու աշխատում էր։ Այսօր հեղինակություն, փորձ ունեցող մարդկանց թող ուղարկեն որևէ շրջան։ Ասենք, թող ինձ մի երկու տարով ուղարկեն մի շրջան, գնամ օգնեմ վերականգնել տնտեսությունը։
- Իսկ ավելի մանրամասն։
- Մենք ունենք գյուղապետեր, որոնց պետք է առաջարկել սեփական համայնքում հաշվառում կատարել, պարզել, թե այս կամ այն գյուղացին որքան եկամուտ ունի և ինչի կարիք ունի։ Եթե նա հնարավորություն չունի, նրան պետք է մի կով, երկու ոչխար տանք՝ պայմանով, որ 1-2 տարի հետո եղածը կրկնապատկելու է։
Ասում ենք՝ մենք դեռ հողեր ունենք ազատագրելու, Արևմտյան Հայաստանից ենք խոսում... Բայց եկեք գոնե ունեցած հողերը, ազատագրած տարածքները, որ իրոք մեր պատմական հողերն են, պահենք, բնակեցնենք, մշակենք, շենացնենք, հետո միայն մնացյալի մասին մտածենք։ Ղարաբաղի հարցը մենք արդեն լուծել ենք, առաջին մեծ խնդիրը լուծել ենք։ Մնում է երկրորդը՝ պահենք, զարգացնենք ու հզորացնենք այն։ Ղարաբաղում յուրաքանչյուր ընտանիքի, գյուղաբնակ թե քաղաքաբնակ, պետք է 5 հա հող տալ, որ իր ուզած ձևով օգտագործի, մշակի, բայց այն վաճառելու իրավունք չունի։
- Իսկ եթե տվյալ մարդը տեխնիկա չունի, այն մշակելու հնարավորություն չունի՞...
- Իմ առաջարկած խորհուրդը, հիմնադրամը հենց նրա համար է, որ օգնի այդ մարդկանց... Ղարաբաղցին պիտի լավ ապրի։ Արժանի է դրան։ Նա վաստակել է այդ իրավունքը... Ավելի լավ հնարավորություն չենք ունենալու։ Մեր երկիրը պաշտպանել ենք, հողեր ենք ազատագրել, ուրեմն՝ պիտի ազգովի տեր կանգնենք։
- Բայց չէ՞ որ մենք շրջվարչակազմեր ունենք, մարդիկ են աշխատում, աշխատավարձ են ստանում, ինչո՞ւ նույնը նրանցից չենք պահանջում։
- Ֆինանսական բավարար միջոցներ չկան... Ես ծանոթ եմ իրավիճակին։ Ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում։ Հայաստան համահայկական հիմնադրամին այլևս չեմ հավատում ես։ Եվ ոչ միայն ես։ Դրա համար առաջարկում եմ իմ ասած ձևով հիշյալ Խորհուրդը ստեղծել և նրան լայն լիազորություններ տալ... Ամենակարևորը՝ որպեսզի ամեն ինչ ազնիվ ու թափանցիկ լինի, Խորհուրդը պարտավոր է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրությանը՝ կատարած աշխատանքի, օգտագործած ֆինանսական միջոցների մասին։
- Բայց որքանո՞վ եք համոզված, թե դա ձեռնտու է իշխանություններին։
- Սա նրանց անձնական հայեցողությունից չպիտի կախված լինի։ Սա ազգային, համազգային խնդիր է։ Ոսկու, պղնձի և այլ հանքեր ունենք, պետությունը թող դրանցով զբաղվի, շարունակի աշխատել այնպես, ինչպես աշխատել է։ Իսկ Խորհուրդը՝ իր տրամադրության տակ եղած հիմնադրամով հիմնականում պիտի աշխատի վերաբնակեցման, բնակչության թիվը բազմապատկելու ուղղությամբ։
- Ձեր կարծիքով, փողի, ֆինանսների պակա՞սն է միայն պատճառը, որ այսօր երկիրը ողբալի վիճակում է։
- Ես չեմ ուզում կառավարության աշխատանքի գնահատականը տալ։ Ես առաջարկում եմ ազգովի տեր կանգնել մեր երկրին։
- Ասում ենք՝ վերաբնակեցնենք երկիրը, բնակչության թիվը կրկնապատկենք և այլն։ Հասարակ մի օրինակ, լիբանանաբնակ Ժիրայր Սեֆիլյանը թողել իր բարեկեցիկ կյանքը, եկել կռվել է Արցախի ազատագրության համար։ Պատերազմից հետո տարիներ ի վեր ապրում է Երևանում։ Նույնը նախկին ֆրանսաբնակ Սարգիս Հացպանյանը, որ հետո ամուսնացել, ընտանիք է կազմել Երևանում, երեխաները դպրոց են հաճախում։ Ինչո՞ւ այդ մարդկանց քաղաքացիություն չեն տալիս։ Ընդհակառակը, բանտ են նստեցրել։ Ժիրայրին արդեն ազատ են արձակել, իսկ Սարգիսին դեռ շարունակում են պահել վանդակաճաղերի հետևում։ Այդպե՞ս ենք շենացնում, հզորացնում մեր երկիրը։
- Ես երկուսին էլ լավ եմ ճանաչում, լավ գիտեմ նրանց։ Նրանք լիովին արժանի են, որ քաղաքացիություն ստանան...
- Բայց ձեզ չի՞ թվում, որ իշխանություներին երկրի զարգացումը, երկրի ճակատագիրը, մեղմ ասած, շատ չի մտահոգում։
- Դրա համար էլ ես կոչ եմ անում նրանց, դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։ Իմ այս առաջարկությունը երկիրը փրկելու մի հնարավորություն է։ Եթե դա չօգտագործենք, հետո շատ ուշ է լինելու։ Ամեն ինչ վերջանալու է՝ և՛ երկիր, և՛ ազգ...
- Դուք էլ գիտեք, որ դժբախտաբար արտաքին թշնամուց բացի ունենք նաև ներքին թշնամի, որ ոչ պակաս նենգ ու վտանգավոր է։ Վերջին հաշվով, հայկական երկու պետություն ենք ստեծել, իշխանություններ ունենք, ի՞նչն է խանգարում, որ նրանք իրոք մտահոգվեն երկրի զարգացման, շենացման խնդրով։ Ասում եք՝ ազնիվ մարդկանցից նոր Խորհուրդ ստեղծենք, հիմնադրամ ստեղծենք։ Ձեզ չի՞ թվում, որ նույնը կրկնվելու է։ Երբ ՀՀ առաջին նախագահին ընտրեցին, որևէ մեկը կասկածո՞ւմ էր նրա ազնվությանը...
- Ինչ վերաբերում է ներքին թշնամուն, դրա համար պետք է այնպես անենք, որպեսզի ազնիվ, հայրենասեր մարդիկ մեզ ղեկավարեն։ Արցախյան շարժման առաջին շրջանում իրոք ազնիվ մարդիկ էին կանգնած շարժման գլուխ՝ Ա. Մանուչարով, Վ. Գրիգորյան և այլք։ Հետո Ադրբեջանը պատերազմ սկսեց, նոր մարդիկ եկան, որ միայն թալանով, հարստանալով էին զբաղվում... Այդ մարդիկ այսօր փողն ավելի շատ են սիրում, քան Հայրենիքը։ Դրա համար այնպիսի մարդիկ պիտի ղեկավարեն Հայաստանում ու Ղարաբաղում, որոնց համար փողը նշանակություն չունի, անձնական բարեկեցությունը չէ առաջնայինը։
- Ձեր առաջարկածն իրականացնելու ավելի հեշտ, ավելի կարճ ճանապարհ չկա՞։ Ավելի լավ չէ՞ նորմալ ղեկավարություն ընտրել, որպեսզի ձեր ասածն իրագործի։
- Դա հետագայի հարց է, մենք աստիճանաբար պիտի հասնենք դրան։
- Կրկին վերադառնանք ձեր առաջարկին։ Ուրեմն համոզված եք, որ նրանք, ավելի կոնկրետ ՀՀ ղեկավարությունը ընդունելու է այն։
- Նրանք այլ ելք չունեն։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե հիմա փորձ չարվի երկիրը փրկել, ժողովուրդը միշտ ըմբոստանալու է նրանց դեմ... Եվրոպան, Արևմուտքն ասում է, չէ՞՝ կարգին երկիր ստեղծեք, ժողովրդավարական պետություն կառուցեք... Ինձ թվում է, թե հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մեր ղեկավարներն էլ են ցանկանում, որպեսզի դուրս գանք այս դժվարին կացությունից։ Ուրիշ ելք չունենք։
Այս անկայուն վիճակը միայն Ռուսաստանին է ձեռնտու։ Ադրբեջանին միակողմանի զենք է վաճառում, բայց թույլ չի տալիս հարձակվել։ Ասում է՝ Հայաստանն իմ ռազմավարական դաշնակիցն է։ Սակայն, նորից եմ ասում, աշխարհում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն չկարողանան, հնարավորություն չունենան մեր տարածաշրջանում վերահսկել իրադրությունը։ Դրա համար միակ ելքը մեր երկրի հզորացումն է։
N 3 (28) (2011)
ԵՎ ԿՐԿԻՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին հայ զինվորներ են սպանվում։ Ասկերանի շրջանի կամ արևելյան պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մարտի 17-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորվել և զինվորական հոսպիտալում մահացել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1991 թ. ծնված Ահարոն Հայրապետյանը:
Այդ կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ ասվում է նաև, «որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հրադադարի պահպանման ռեժիմը, այլև միտումնավոր կերպով փորձում է շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաքելություն»։
Բայց մի՞թե տասնյակ կամ բազմաթիվ հայ զինվորներ պիտի զոհվեն ազերիների գնդակից, որպեսզի հայոց բանակում հասկանան, որ Ադրբեջանը թքած ունի Աստանայի, Սոչիի, նախորդ կամ գալիք բոլոր պայմանավորվածությունների, հրադադարի պահպանման ռեժիմի և «հակամարտության խաղաղ կարգավորմանը» միտված մնացյալ ամեն ինչի վրա։
Հակառակորդը պարբերաբար հայ զինվորներ է սպանում՝ լինի դա դիպուկահարների կրակոցից թե դիվերսիոն խմբերի կողմից։ Իսկ մենք, մեր բանակը շարունակում է հերթապահ հայտարարություններ անել առ այն, որ հակառակորդը, խախտելով հրադադարը, 125, 286 կամ 1200 անգամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Մենք շարունակ փորձում ենք, այսպես ասած, միջնորդներին կամ միջազգային հանրությանը համոզել, որ մենք պարտաճանաչ պահպանում ենք հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանը շարունակ խախտում է այն։ Այսպես կոչված միջազգային հանրությունն էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բերանով ընդհանուր հայտարարություններ է անում՝ հավասարության նշան դնելով մեղավորի ու անմեղի, զոհի ու դահճի միջև։
Երբ հակառակորդը միանգամից մի քանի հայ զինվոր է սպանում, ՊԲ հայտարարություններում երբեմն ակնարկում ու ազերիներին փորձում ենք ոճրագործությունից զերծ պահել «մեր կողմից համարժեք պատասխան ձեռնարկելու» սպառնալիքով։ Սակայն ազերիների գնդակից շարունակում են հայ զինվորների, հայ երիտասարդների մատաղ կյանքեր խլվել, իսկ մեր խոստացած «համարժեք պատասխանը» չկա ու չկա։ Եվ դա ավելի է ոգևորում հակառակորդին։ Մենք չենք պատժում նրանց, ԵԱՀԿ միջնորդ տղերքը «չեն նկատում», չեն դատապարտում նրանց։ Թշնամուն էլ դա է պետք... Անպատժելիությունն ավելի ազատ է արձակում եղեռնագործ ձեռքերը։
Արցախյան շարժման առաջին շրջանում գրեթե նույն վիճակն էր։ Ազերիները շարունակում էին ասպատակել հայկական գյուղերի վրա, Ստեփանակերտի ծայրում գտնվող Կրկժան թաղամասը շարունակ լարված էր պահում հայկական թաղամասերը, ազերիները օրը ցերեկով զինաթափում էին հայ միլիցիոներների, առևանգում նրանց, տանում խոշտանգում, իսկ մենք պարտաճանաչ նստել ու փորձում էինք Մոսկվային ապացուցել-համոզել, թե՝ տեսեք, մենք խաղաղասեր ու լավն ենք, իսկ ադրբեջանցիներն հանցագործ ու վատն են... Շատ հետո միայն հասկացանք, որ ուժին պիտի ուժով պատասխանել։ Եվ միայն դա հասկանալուց հետո մեզ հաջողվեց ազատագրել մեր հողերն ու հակառակորդին պարտադրել հրադադարի պայմանագիր ստորագրել մեզ հետ։
Իսկ այսօր դա մոռացել, կրկին փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ մենք համեստ, խաղաղասեր, քաղաքակիրթ ու լավն ենք, իսկ ազերիները...
Մինչդեռ երեկվա պատերազմի դառը փորձը ցույց է տալիս, որ եթե թշնամին իսկապես համարժեք պատասխան ստանար, ապա երևի թե չշարունակեր իր «սև գործը»։ Եթե մի հայ զինվորից խլված կյանքի համար հակառակորդը ստիպված լինի երկու, երեք կամ չորս ասկյարի դիակ ուղարկել ծնողներին, հաստատ առաջին գծից հետ կքաշեր իր դիպուկահարներին։
Սիրում ենք շարունակ կրկնել՝ «Մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում»։ Մերձավոր Արևելքում ամենամարտունակ բանակն ունեցող Իսրայելը նման դեպքերում այլ կերպ է վարվում։
N 3 (28) (2011)
ՆՈՐԱԳՅՈՒՂՑԻ «ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ»
Ասում են՝ երբ գիտնականները հնարել են «ստի դեդեկտորը» («Дедектор лжи»), այն հաջողությամբ գործարկել են աշխարհի տարբեր երկրներում։ Դրա արդյունավետությունը ստուգել են նաև Ռուսաստանում, ապա որոշել փորձարկել չճանաչված որևէ երկրում ևս։ Եվ ընտրությունը կանգ է առել Ղարաբաղի վրա։
Ճապոնացի, ամերիկացի և այլ երկրների նշանավոր գիտնականներն իրենց սարքավորումն առած, եկան Արցախ ու «դեդեկտորը» փորձարկեցին մի մի քանի ղարաբաղցիների վրա։ Այն ակնթարթորեն «բռնեցնում էր» սուտը։ Գիտնականները մնացին տարակուսած։ «Էս ի՞նչ ժողովուրդ եք, որ մի կարգին սուտասան չունեք,- ասացին,- դեռ ուզում եք, որ աշխարհը ճանաչի ձեր անկախությունը։ Ի՞նչ է, ձեզ մոտ խարդախ ու խաբեբա մեկը չկա՞, մեկը չկա՞, որ շարունակ ֆռռացնում է մարդկանց, իրավապահներին...»։
Պատվի հարց էր։ Ոտքի հանեցին նաև իրավապահ մարմիններին։ Վերջապես կարծես մեկին գտան։ Փորձարկման բերեցին ասկերանաբնակ նորագյուղցի Վալերի Պետրոսյանին։
Վերջինիս տարան նախատեսված սենյակ, նստեցրին հատուկ բազկաթոռի մեջ, և «դեդեկտորը» գործի գցեցին։ Դրսում հարյուրավոր արցախցիներ լուռ սպասում էին։ Անգամ իրավապահներն էին անհամբեր սպասում։ Երկրի հեղինակության ու ազգի պատվի խնդիրն էր որոշվում։
Անցավ մի ժամ, երկու, երեք ժամ անցավ։ Ներսից ուժեղ պայթյուն լսվեց, և քիչ հետո դռների մեջ գունատված հայտնվեց սարքավորման հեղինակը։
- Դեդեկտորը վառվել է,- ասաց նա։- Ձեր այս փորձարկվողին պիտի գրանցել Գիննեսի ռեկորդների գրքում։ Երեք ժամ խոսեցրել ենք, բայց բերանից ճշմարտանման բառ անգամ չի լսվել։ Մեր խեղճ սարքավորումը չի դիմացել, պայթել է։ Դուք արդեն բոլոր հնարավորություններն ունեք համալրելու ճանաչված երկրների ցուցակը...
* * *
Իրակա՞ն է այս պատմությունը, թե՞ անիրական։ Դա թող որոշի ընթերցողը։ Բայց մեր կողմից խոստանում ենք մեր թերթի առաջիկա համարներից մեկում ավելի մանրամասն պատմել մեր այս հերոսի արկածների մասին։
N 3 (28) (2011)
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. «ՏԱՇԱԾ ՔԱՐԵՐՆ» ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՆ
Վերջին 10-15 տարում կադրային քաղաքականությունն Արցախում գրեթե չի փոխվել։ «Կադր» հասկացությունը մեզանում լիովին ձերբազատվել է իր նախնական իմաստից և նոր ձև ու բովանդակություն ստացել։ «Կադր» ասելով այլևս չի հասկացվում այս կամ այն ոլորտի բանիմաց մասնագետ, իր գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով պատրաստ մարդ։
Վերջին տասնամյակում «կադր» ասելով հասկանում են որևէ չինովնիկի ծանոթ-բարեկամը, ազգականը, ընկերը, սիրուհին... Նոր ժամանակներում կադրը պաշտոնական շրջանակներին մոտ կանգնած համեստագույն կարողություններով սովորական մի անձնավորություն է, որն այսօր կարող է աշխատել, ասենք, գյուղատնտեսության ոլորտում, հաջորդ օրը բարձր պաշտոն ստանալ շինարարության կամ առողջապահության, մյուս օրը մշակույթի կամ արդյունաբերության ոլորտներում, իսկ գեղեցիկ մի օր էլ հայտնվել այլ գերատեսչությունում։ Նրա կրթությունը, ընդունակությունները բացարձակապես նշանակություն չունեն։ Նա «ունիվերսալ» է, որտեղ տնկում են, բուսնում է...
Եվ, ընդհակառակը, իրական կադրերը երբեք այնպիսի խեղճ ու ողբալի վիճակի մեջ չեն եղել, ինչպես վերջին 10-15 տարում։ Հանրահայտ ճշմարտությունն առ այն, թե՝ «տաշած քարը գետնին չի մնա», այլևս գրոշի արժեք չունի։ Կյանքը ցույց է տալիս, որ դրանք կարելի է չնկատել կամ, պարզապես, կոխկրտելով անցնել։
Մեկ անգամ չէ, որ գրվել է այն մասին, թե շատ ու շատ փորձառու մասնագետներ, իրենց գործի անկրկնելի վարպետներ թողել ու լքել են Արցախը։ Մեր լավագույն արվեստագետներից մեկը, վերջին երկտասնամյակի մեր ամենատաղանդավոր երգիչներից մեկը՝ Տիգրան Մկրտչյանը, երկու տարի առաջ տեղափոխվել է Երևան, դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Միաժամանակ ղեկավարում է իր իսկ ստեղծած «Վերնատուն» փոփ-ֆոլկ համույթը։
Անցյալ տարվա վերջերին Արցախը լքել է նաև մշակույթի ոլորտի մի այլ տաղանդավոր մասնագետ՝ պարուսույց Գենադի Բադալյանը։ Մասնագետ, որի նմաններն այսօր Երևանում էլ շատ չեն։ Արցախում երգի և պարի պետական համույթ ստեղծելու նրա բոլոր փորձերը ձախողվել են։ Այն, ինչ չի կարողացել ստեղծել այստեղ, կարճ ժամանակում ստեղծել է հեռավոր Սոչիում։ Նրա հետ մեկնել են նաև պարարվեստի մեր երիտասարդ կադրերից երկուսը։ Բադալյանն այնտեղ նյութապես ապահովված է, բնակվելու հարմար պայմաններ ունի։ Վերջերս կապվեցի նրա հետ, ասաց. «Ամեն ինչ նորմալ է, գործերս լավ են, բայց... մի տեսակ չեմ կարողանում հարմարվել...»։ Հայրենիքից, հայրենի եզերքից կտրված հայի դա՜ռն ճակատագիր։ Օտար ափերում հասկանում ու գնահատում են արվեստը, գիտեն արվեստագետի արժեքը, բայց օտար երկիրը հայրենիք չէ...
Վերջին 10-15 տարում որքա՜ն նման կադրեր են հեռացել Արցախից։ Մեկնել են ամենատարբեր պատճառներով՝ անգործ էին մնացել, նրանց աշխատանքը չեն գնահատել, հնարավորություն չեն տվել դրսևորելու իրենց տաղանդը... Պատճառները շատ են և տարբեր, բայց Արցախը լքելու ամենահիմնական պատճառն այն է, որ նրանք փոփոխության որևէ նշույլ, որևէ հույս այլևս չեն տեսել սեփական հայրենիքում, որտեղ որևէ հիմարի եթե հանում են պաշտոնից, ապա մի այլ փափուկ պաշտոնում են տեղավորում, և երկրորդ՝ նրա տեղը նշանակում են ավելի հիմարին։ Սա է, ահա, վերջին 10-15 տարվա մեր կադրային քաղաքականությունը։
N 4 (29) (2011)
ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ՄԱՍԻՆ
Մայիսի 9-ի՝ եռատոնի, ավելի կոնկրետ՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ ի՞նչ են մտածում Արցախում, մարդիկ այսօր ինչպե՞ս են արժևորում այդ օրը։ Տարբեր մասնագիտության և տարբեր տարիքի արցախցիներից փորձեցինք թեկուզև մոտավոր պատկերացում կազմել մայիսի 9-ի հանդեպ նրանց վերաբերմունքի մասին։
Արկադի Կարապետյան (Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, պահեստազորի գնդապետ) - Մայիսի 9-ը ինձ համար շատ մեծ տոն է, ավելի մեծ տոն, քան, ասենք, Նոր տարին։ Այդ օրը, անկախ ամեն ինչից, ես ուրախ եմ։ Այդ օրն իմ տրամադրության վրա չեն ազդում մեր այդ հաղթանակից հետո կատարված սխալներն ու թերացումները, որովհետև աշխարհում ոչինչ հեշտ չի տրվում։ Ուղղակի այդ օրը մեր խոշոր հաղթանակների սկիզբն է։ Ես նկատի ունեմ նաև մեր գալիք հաղթանակները։ Մինչ մայիսի 9-ը մենք այլ հաղթանակներ ևս ունեինք, բայց այդ օրը բոլոր մեր հաղթանակների և տոների լուսապսակն է։
Դավիթ Բաբայան (քաղաքագետ, Արցախի նախագահի տեղեկատվության վարչության ղեկավար) - Մայիսի 9-ը, ըստ իս, մեր ամենանվիրական, ամենակարևոր տոներից մեկն է։ Եռատոն է, որը բացառիկ նշանակություն ունի մեզ համար։ Այն երևույթ է, որով պահպանվում է ժամանակի և սերունդների կապը, միասնականությունը։ Երկրորդ աշխարհամարտում մայիսի 9-ը դարձավ մարդկության փրկության գրավականը, որին ներդրում ունեցան նաև մեր պապերը։ Այն նաև Շուշիի ազատագրության օրն է, որով, կարելի է ասել, փրկվեց հայությունը, հայ ժողովրդի հավատը սեփական ուժերի հանդեպ։ Միաժամանակ դա մեր երկրի պաշտպանության և ազատ ապրելու հիմնական գրավականի՝ արցախյան բանակի օրն է։ Մայիսի 9-ը ոչ միայն քաղաքական, պատմական, մշակութային տոն է, այլև հոգևոր, որը համերաշխության ու միասնության մեծ խորհուրդ ունի։
Դավիթ Գրիգորյան (նախկին ազատամարտիկ) - Իհարկե, դա մեր ամենամեծ տոնն է։ Ո՞վ կարող էր հավատալ, որ մենք փոքր կորուստների գնով կարողանալու ենք ազատագրել անառիկ ամրոցի պես բարձունքում տեղավորված այդ քաղաքը, մեր Շուշին, որտեղից թուրքերը ամեն օր հրետակոծում էին Ստեփանակերտն ու շրջակա հայկական բնակավայրերը, և այդ քաղաքը դարձրել էին մեր աչքի փուշը... Կոմանդոսի ցավը տանեմ, այդպիսի հրամանատար եթե այսօր էլ ունենանք, ոչ ոք չի կարող մեզ հաղթել։
Արմեն Հարությունյան (բանվոր) - 1945 թ. մայիսի 9-ի հաղթանակի օրվա մասին ես գիտեմ իմ պապերի և ծնողների պատմածներից։ Նրանց համար իսկապես դա տոն էր։ Ուրեմն նաև ինձ համար է տոն։ Բայց 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման, մեր այդ մեծ հաղթանակի անմիջական ականատես-մասնակիցն եմ ես։ Ճիշտ է, Շուշիի ազատագրմանն անձամբ չեմ մասնակցել, բայց այսօր էլ հիշում եմ երջանիկ այդ օրը, մեր մեծ հաղթանակի այդ անմոռանալի օրը... Մի բան ասեմ՝ եռատոն ենք ասում, բայց շարունակ մոռանում եմ, թե երրորդը որն է...
Կարինե Ավետիսյան (տնային տնտեսուհի) - Մայիսի 9-ը միշտ էլ մեզանում հաղթանակի օր է համարվել, իսկ Շուշիի ազատագրումից հետո կրկնակի մեծացել է այդ օրվա արժեքը... Հիմա ժամանակները փոխվել են, պատերազմից հետո նոր հերոսներ են երևան եկել, ովքեր այն ժամանակ նկուղներում էին կամ Ղարաբաղից դուրս, բայց, ինչ էլ լինի, այդ օրը մեզ համար իսկական տոն է։ Ինձ համար տոն է, որովհետև այդ հաղթանակների ձեռքբերման համար պապս իր կյանքն է տվել 1944-ին, իսկ ամուսինս ու երկու զավակներս մասնակցել են արցախյան պատերազմին։
Սերգեյ Սիմոնյան (թոշակառու) - Մայիսի 9... Հա՜, էդ օրը ես երկու անգամ ամենամեծ երջանկությունն եմ ապրել։ 1945 թվականի մայիսի 9-ին ընդամենը 11 տարեկան եմ եղել, բայց հիմա էլ լավ հիշում եմ, թե ուրախությունից ինչպես էին լալիս մայրս, ավագ քույրերս ու տատս... Ողջ գյուղն էր ուրախությունից լաց լինում և ծիծաղում... Դե, Շուշիի ազատագրությունը ինչպե՞ս կարող եմ մոռանալ։ Թոռներս կռվում էին մեր բանակում, իրենք էլ ներդրում ունեն մեր երկիրը թուրքերից մաքրելու ազատագրական կռվում... Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե լավ ենք ապրում, բայց այդ օրը մոռանում ենք մեր մնացած վշտերը, պրոբլեմները, որովհետև դա մեծ հաղթանակի օր է։
Գայանե Աբրահամյան (ուսանողուհի) - Դա առաջին հերթին իմ հայրիկի օրն է։ Նա մասնակցել է ազերիների դեմ ազատագրական պատերազմին։ Ծնողներիս պատմածներից գիտեմ, թե ինչպիսի երջանկություն էր տիրում Արցախում, երբ ազատագրվեց Շուշին։ Հայրենական պատերազմի մասին միայն գրքերից և մեր պապիկների ու տատիկների պատմածներից գիտենք, բայց եթե չլիներ Հայրենականի հաղթական մայիսը, ապա չէր լինի նաև Շուշիի հաղթանակը։
Արամ Սարգսյան (Արցախյան ազատամարտի մասնակից) - Այդ օրն իմ ամենասիրելի տոնն է։ Այսօր կոնֆետների պես աջ ու ձախ բաժանվող մեդալներից հետո մի տեսակ խունացրել, էժանացրել են այդ օրվա խորհուրդը, հատկապես երբ բազմաթիվ անարժաններ նույնիսկ հերոսի կոչում են հաջողացրել... Բայց ամեն դեպքում մայիսի 9-ը մնում է մայիսի 9-ը... Մեծ հայրենականի հաղթանակի օրն ու Շուշիի ազատագրության բերկրանքը երբեք հնարավոր չէ մոռանալ։ Մյուս կողմից, ինձ համար լրիվ անհասկանալի է Արցախի բանակի ստեղծումն այդ օրվա հետ կապելը, երբ իրականում մեր բանակը ստեղծվել է 1991թ. սեպտեմբերին։
N 4 (29) (2011)
ԵՐՋԱՊԵՍ «ՀԻՇԵՑԻՆ» ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ
Վերջերս վերակառուցման, շինարարական մտքի թռիչքի փայլուն օրինակ են ցույց տվել Ստեփանակերտի շինարարները։ Արցախի մայրաքաղաքի մարշալ Բաղրամյան փողոցի վրա գտնվող ղարաբաղցի մեծ զորավարի արձանի և նրա մերձակայքի խայտառակ վիճակի մասին մի քանի անգամ բարձրաձայնել ենք մեր թերթում։
Մեծ հայորդու՝ ԽՍՀՄ հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 100-ամյակին անգամ ավանդական «արձանի բացում» չեն կատարել։ Տարիներ առաջ էլ արձանի ետնամասում եռանդով սկսեցին ինչ-որ մետաղներ զոդել, բետոնե ինչ-որ խոյանք կցմցել դրա վրա, որ կարծես ի վերջո պիտի դառնար կամար, սակայն կարճ ժամանակ հետո այդ ամենը կիսատ են թողել... Իսկ թաղամասի բնակիչների կարծիքով՝ նախատեսված գումարները կերել են, աշխատանքը կիսատ թողել, գնացել...
Երկիրը հեղեղվել է չգիտես ինչ արժանիքների և որ ծառայության համար մեդալներ ու շքանշաններ ստացած «հերոսներով», Ստեփանակերտում ամեն քայլափոխում շինարարական աշխատանքներ են ընթանում, քարե սալիկներով զարդարում շենքերն ու գետինը, բայց, ահա, մոտ 10 տարուց ավելի է իրական ՀԵՐՈՍԻ ղարաբաղյան ամենաէժանագին քարից պատրաստված արձանն անուշադրության է մատնված...
Բաղրամյանի անունը կրող այս փողոցով, տաղանդավոր զորավարի կիսատ-պռատ կոթողի մոտով ամեն տարի առնվազն տասը անգամ հազարավոր արցախցիներ են շքերթով գնում դեպի Հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ հայրենականում զոհվածների, Արցախյան պատերազմի նահատակների շիրիմներին, իսկ մարշալ Բաղրամյանը դեռ սպասում է, որ երջանիկ մի օր իրեն էլ վերջապես կհիշեն...
Եվ հիշեցին։ Մի քանի շաբաթ առաջ շինարարներ հայտնվեցին մեծանուն հայորդու հուշակոթողի մոտ և եռանդով սկսեցին քանդել գետնին շարված քարե մաշված սալիկները։ Մարդիկ սկսեցին ենթադրություններ անել առ այն, որ քննադատությունը, ժողովրդի դժգոհությունը տեղ է հասել։ Անգամ սկսեցին քննարկել, թե ինչպիսին է լինելու մեծ զորավարի հիշատակին կառուցված ապագա հուշահամալիրը։
Վերջապես ողջ սալահատակը քանդեցին... Սակայն պարզվեց, որ շինարարները նույն այդ քարերի հողաթաթախ հակառակ երեսը մեկ առ մեկ խնամքով քերում-մաքրում են և հիմա էլ թարս շարում գետնին... «Մենք ի՞նչ անենք, մեզ այսպես են կարգադրել,- մարդկանց զարմանքին ի պատասխան ասացին շինարարները։- ասել են՝ առայժմ նույն այդ քարերը թարս շարեք, եկող տարի նորը կկառուցենք...»։
Որպեսզի ավելորդ գլխացավանք չլինի, շինարարները քանդել են ապագա կամարի համար նախատեսված բետոնե զույգ կառույցները, որպեսզի տեղը ծաղիկներ տնկեն...
Անկասկած այս ամենի համար գումարներ են դուրս գրել, կատարած աշխատանքի համար բանվորներին աշխատավարձ են տալու... Գուցե թե փաստաթղթերում քարե նոր սալիկների համար գումար են հատկացրել, կարող է՝ չեն հատկացրել։ Փաստն այն է, սակայն, որ այսօր մեծանուն զորավարի հիշատակն ահա այսպես են հարգում։
N 4 (29) (2011)
ԱՐՑԱԽԸ ՏԱՆՔ՝ ԵՐԵՎԱՆԸ ԾԱՂԿԵՑՆԵՆՔ
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է, թե «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առավել մոտ է եղել 1997-ին, քանի որ հնարավորություն կար լուծելու այն՝ որոշ տարածքներ հանձնելով Ադրբեջանին, կնքել հաշտություն, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետագայում որոշելու պայմանով»:
Այն հարցին, թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, Տեր-Պետրոսյանն ասել է. «Քանի որ ղարաբաղցիները կարծում էին, թե դա քիչ է: Մոտեցումը մաքսիմալիստական էր: Նրանք կարծում էին, որ կարելի է էլի ապրել և ստանալ ավելին: Այսինքն, ոչ միայն ղարաբաղցիները, այլև իմ շրջապատը, իմ թիմի որոշ անդամներ: Նրանք չգնացին այդ ծրագրին...», և այլն:
Արցախի հասարակական-քաղաքական շրջանակներում հիմնականում այսպես են մեկնաբանում նրա խոսքերը. «Լևոնն էլի հին երգն է երգում»։ Հետաքրքիրն այն է, որ Արցախում դեռ հիշում են Լ. Տեր-Պետրոսյանի հապշտապ այցը Ղարաբաղ, երբ վերջինս եկել էր տեղի ղեկավարության հետ համաձայնեցնելու Հայաստանի և Արցախի միջև գտնվող Քելբաջար-Քարվաճառի շրջանի հանձնումը։ Այնպես որ՝ ՀԱԿ-ի ղեկավարի ակնարկած «որոշ տարածքների հանձնումը» նշանակում էր բոլոր շրջանների վերադարձը հակառակորդին, որի դիմաց պարտված կողմի հետ, ինչպես Տեր-Պետրոսյանն է ակնարկում, պիտի «կնքվեր հաշտություն, ստեղծվեր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետագայում որոշելու պայմանով»:
Պարզ է, որ այսպիսի պայմանների Ադրբեջանը երկու ձեռքով համաձայն պիտի լիներ, և այսօր էլ ոչ ոք չի կասկածում, որ ՀՀ առաջին նախագահի խոսքերով ասած՝ «հակամարտության կարգավորումն առավել մոտ» պիտի լիներ։ Նույն այդ 1996-97 թվականներին Ստեփանակերտում Տեր-Պետրոսյանի այս «ծրագիրն» այսպես էին վերնագրել՝ «Արցախը տանք՝ Երևանը ծաղկի...»։ Բարեբախտաբար, ոչ միայն Արցախում, այլև ինչպես ՀԱԿ-ի ղեկավարն է խոստովանում՝ «իր շրջապատը, իր թիմի որոշ անդամներ չգնացին այդ ծրագրին...»:
Արցախի Գերագույն խորհրդի առաջին երկու գումարման պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանը գտնում է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված բոլոր գլխացավանքները հենց Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներից են գալիս, և հենց նա է սկիզբ դրել պարտվողական քաղաքականությանը Արցախի հարցում։
«Այսօր կրկին խոսել ազատագրված հողերը հանձնելու մասին, նշանակում է քամհարանքով վերաբերվել արցախցիների համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությանը, քանզի այդ հողերն ամրագրված են այդ սահմանդրությամբ,- ասում է Աշոտ Սարգսյանը։- Իմիջիայլոց, իմ տեղեկություններով այդ տարիներին համարյա թե պաշտպանական գիծ չէր կառուցվում, որովհետև ՀՀ ղեկավարը լիովին պատրաստ էր այդ հողերը հանձնել հակառակորդին։ Հողեր, որ իրականում հայկական պատմական տարածքներ են։ Ինձ հայտնի է, որ այդ տարիներին Արցախի ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի պատվերով պատրաստվում էր պաշտպանական գծի որոշ հատվածներ պարսպապատելու նախագիծը, որը սակայն չիրականացավ հենց Տեր-Պետրոսյանի ջանքերով»։
Արցախցի գործչի ասելով՝ այսօր այդ հատվածներն արդեն անհնար է պարսպապատել, որովհետև դրանք հակառակորդի դիպուկահարների նշանառության տակ են, և նույն այդ տեղամասերում առայսօր հայ զինվորներ են սպանվում։
ՀԱԿ-ի ղեկավարն հարցազրույցի վերջում հայտնել է, թե Հայաստանում իշխանության խնդիրը լուծելուց հետո «և՛ Ադրբեջանի հետ հարցերը, և՛ Թուրքիայի հետ հարցերը կլուծվեն: Եթե Հայաստանը հայտնվի աղետի առջև, դա կլինի բացառապես մեր մեղքը»։ Միանգամայն հասկանալի է, որ Ղարաբաղյան խնդիրը վերոհիշյալ ձևով լուծելուց հետո իրոք մեր հակառակորդների հետ հարցերը կլուծվեն։ Բայց մի որոշ ժամանակով։ Մինչև Ադրբեջանը վերջնականապես ամրագրի Ղարաբաղը, «իրեն հավաքի» և այս անգամ դնի Մեղրիի և ողջ Զանգեզուրի խնդիրը...
Մյուս կողմից, չեմ կարծում, թե Արցախում կամ Հայաստանում որևէ լրջմիտ գործիչ կարող է գտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում ՀՀ մյուս ղեկավարների օրոք որակական տեղաշարժ է գրանցվել։ Հայկական դիվանագիտությունն անշեղորեն շարունակում է պարտվողական նույն քաղաքականությունը։ Պարզապես հայ ժողովրդի պատմության դասերը դեռ չմոռացած հատվածը բացարձակապես չի ցանկանում, որ Երևանի գործարար որոշ շրջանակներ իրենց անձնական բարեկեցության հարցերը լուծեն Արցախի կործանման հաշվին։
N 4 (29) (2011)
ՉԻՆՈՎՆԻԿԸ
Միջահասակ, արտաքուստ ոչնչով աչքի չընկնող այս պաշտոնյան նման է աշխարհի բոլոր պաշտոնյաներին։ Բայց կարծես նաև նման չէ նրանց։ Ահա նա, անսահման բավականություն ճառագելով, շողոմադեմ ու ստորաքարշորեն ժպտում է իշխանավորներին, չորստակ ծալվում ու պարտաճանաչ աշակերտի պես կատարում վերևից իջեցված հրահանգները:
Վերջապես օրվա հացը վաստակված է, և նա դուրս է գալիս կառավարական շենքից: Իսկ շուրջբոլորը մարդիկ գնում-գալիս են, շտապում են, կամ իրենց հավեսին, հանգիստ զբոսնում են: Նրանք աղքատ են կամ հարուստ: Կամ շատ աղքատ են, կամ շատ հարուստ: Նրանցից ոմանք հարգում են իշխանություններին, ոմանք չեն հարգում, բայց վախենում են այդ մասին խոսել անգամ հարազատ կնոջ մոտ: Մյուսները ոչ հարգում են, ոչ էլ չեն հարգում. իրենց հոգս ու ցավերի մեջ խճճված, իրենց համար ապրում են՝ առանց իմանալու, որ երկրում նաև իշխանություններ կան: Նրանք նույնիսկ չգիտեն, թե դրանք, այդ իշխանություններն ընդհանրապես ինչի համար են: Իսկ ոմանք էլ ոչ միայն չեն սիրում իշխանություններին և դա չեն թաքցնում, այլև ուրախ կլինեին օր առաջ ազատվել նրանցից:
Ու ահա, Պաշտոնյան դուրս է եկել իշխանական պալատից, իսկ շուրջբոլորն այդ մարդիկ են՝ իրար շատ նման, միաժամանակ, իրարից շատ տարբեր՝ իրենց հոգսերով, տարբեր՝ իրենց գրպանների կամ գլխի պարունակությամբ ու կահավորմամբ, գլխարկով ու առանց գլխարկի, ակնոցով կամ առանց ակնոցի, ժանեկազարդ ու լիքը գրպաններով կամ չթե դատարկ ու ծակ գրպաններով և այլն։
Պաշտոնյան նրանց մեջ նկատում է շատ կոկիկ հագնված ծանոթներից մեկին, որ իշխանություններին շատ թունդ սիրում է, և այդ սերը փոխադարձ է. ղեկավար տղերքը երկրի գանձարանից հաճախ կլորիկ գումար են բաց թողնում սրա հասցեով:
- Իշխանությունների ցավը տանեմ,- ծանոթին սրտաբուխ խոստովանում է Պաշտոնյան,- ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեր ճարը, եթե նրա՛նք չլինեին մեր ղեկավարները:
- Այո՜ս,- ասում է ծանոթը, որ քաղաքում 4-5 կոոպերատիվ-մոոպերատիվ ունի,- իրոք աննման տղերք են: Ժողովրդի վիճակը հասկացող ու երկրի շարքային քաղաքացուն գնահատող մարդիկ են…
Պաշտոնյային քիչ հետո հանդիպում է երկրորդ ծանոթը, որ բացարձակապես գաղափար չունի իշխանությունների գոյության մասին:
- Չեմ հասկանում, մինչև ե՞րբ ենք այսպես անտեր ապրելու: Սա կյա՞նք է, սա ապրո՞ւստ է,- վրդոված ասում է Պաշտոնյան՝ զգուշության համար, համենայն դեպս, աչքի տակով շուրջը նայելով:
- Հա՜, էդպես է,- հաստատում է երկրորդ ծանոթը:
Երրորդը վաստակավոր լրագրողի կոչումով մի տիկին է, որին տարիներ առաջ խմբագրությունում գիշերը բռնեցրել էին իրենից ջահել կոլեգայի գրկում։
- Էս ի՞նչ մարդիկ են ապրում այս երկրում՝ բամբասասեր, քիթներն ուրիշների անձնականի մեջ խոթող։ Միայն իշխանություններն են մնացել ազնիվ ու անշահախնդիր,- իրար որպիսություն հարցնելուց հետո ասաց Պաշտոնյան, որովհետև գիտե, որ վերջինս սիրում է շողոքորթել իշխանություններին։
- Որքա՜ն ճիշտ եք նկատել,- ոգևորվեց տիկին լրագրողուհին։- Ձեր այդ ազնիվ կեցվածքի համար ես շատ եմ հարգում ձեզ...
Պաշտոնյան այդ խոսքերից շոյված առաջ շարժվեց ու քիչ անց կողքին զգաց չորրորդ ծանոթի շնչառությունը... Սատանան տանի, բայց սա որտեղի՞ց հայտնվեց, վիզը մի կողմի վրա ծռած, ամեն ինչից դժգոհ, խեղճուկրակ տեսքով այս ողորմելին։ Բայց սա պետությունից մեդալ է ստացել, որովհետև ժամանակ առ ժամանակ զրպարտություններ է մոգոնում իր բոսերի մատնանշած անձանց մասին, հաչում բոլոր նրանց վրա, որոնց վրա «քսի» է տալիս իր անմիջական տերը։ Պաշտոնյան թթված տեսքով սեղմեց սատանայի տարած այս լակեյի ձեռքը:
- Տեսքդ այսօր լավ է երևում,- մի բան ասելու համար հայտնեց Պաշտոնյան։
- Ինչո՞ւ ես այդպես ասում,- վիրավորվեց Լակեյը և ավելի ողորմելի տեսք ընդունեց։
- Ճիշտ որ։ Իսկապես երեսիդ գույն չկա,- իրեն ուղղեց Պաշտոնյան։
Այս բառերը լսելով Լակեյը պայծառացավ։ Նա սիրում է, որ իրեն խղճում են։ Սա այն տիպերից է, որին ամեն անգամ տեսնելիս ուզում ես ցավակցել։
- Սրանցից ե՞րբ ենք ազատվելու,- նախապես համոզվելով, որ իրենց ուրիշ լսող չկա, ասաց Լակեյը։- Իրենց համար սուպերմարկետներ են սարքում, միլիոններ վաստակում, մեծ-մեծ շքանշաններ ստանում, բայց աչքները մեր փոքրիկ խանութի, մեր մի կտոր հացի վրա է...
- Մի քիչ էլ համբերիր, շուտով սրանց վերջը կգա,- ասաց Պաշտոնյան և հապշտապ հրաժեշտ տվեց Լակեյին, որովհետև, ո՜վ սարսափ, մոտերքում, անցորդների մեջ մի այլ պաշտոնյա երևաց: Բարեբախտաբար, մյուս պաշտոնյան նույնպես խուսափում էր այդ հանդիպումից, և երկուսն էլ որոշեցին աննկատ շրջանցել իրար: Բայց, դժբախտաբար, մի քանի րոպե հետո, չար պատահմամբ, նրանք հայտնվեցին դեմ առ դեմ: Միայն վերջին պահին հասկացան, որ արդեն ուշ է, հանդիպումն անխուսափելի է։
- Քիչ առաջ այդ «Մաուգլիի» Շակալի հետ էիր զրուցո՞ւմ,- իրար ձեռք սեղմելուց հետո դժգոհ հարցրեց այս պաշտոնյան։
- Հա, ինչպես միշտ, դժգոհ է կյանքից, բոլորից,- պատասխանեց մեր Պաշտոնյան, ապա զրույցի թեման փոխեց.- Բայց ափսո՞ս չէ մեր այս երկիրը, ուր նայում ես՝ զվարթ ու անհոգ մարդիկ են։
- Բախտներս բերել է: Մեր այս չքնաղ լեռնաշխարհի պես մի այլ երկիր չկա,- ոգևորվեց մյուս պաշտոնյան, բայց մեր Պաշտոնյայի դեմքին դժգոհություն նկատելով, ավելացրեց,- սակայն սա կյանք չէ, որ մենք ապրում ենք:
- Դե, իհարկե, սա ի՞նչ կյանք է։
- Շան կյանք է,- ասաց զրուցակիցը,- ամեն դուրսպրծուկ գլխներիս ղեկավար են կարգել: Շան տղերքն էլ այնպես են լափում, ասես տարիներով սոված են եղել։
- Անտեր երկիր է, իսկ մեջտեղ մեզ նմաններն են տուժում,- Պաշտոնյան հուզված հանեց թաշկինակը:- Որ էսպես շարունակվի...
- Երկիրը դատարկվում է։ Բոլորը թողնում, գնում են ռուսաստաններ ու Ամերիկա... Այս պարազիտներից պետք է ազատվել...
Մեր Պաշտոնյայի մարմինը հանկարծ սառը քրտինք պատեց: Չափն արդեն անցան:
- Ես լիովին համամիտ եմ, որ սա երկիր չէ,- ասաց,- բայց մեր իշխանությունները մեղք չունեն, իշխանությունները լավն են:
- Իհարկե՛, իշխանությունները լավ են: Մեր ղեկավարության պես ազգընտիր ղեկավարություն չկա,- ակնածանքով ասաց երկրորդ պաշտոնյան։
- Միայն սրիկաները, երախտամոռները կարող են դժգոհել այսպիսի ղեկավարներից: Իշխանությունների ցավը տանեմ...
- Այո, մեր ղեկավարներն են երկիրը պահում,- ասաց մյուս պաշտոնյան։- Առանց նրանց մենք կորած ենք...
- Աստված չանի, եթե հանկարծ իշխանափոխություն լինի, եթե ինչ-որ ընդդիմություն իշխանության գա,- մեր Պաշտոնյան անկեղծորեն հուզվեց։- Այդ հարվածին մենք չենք դիմանա։
Հետո նրանք իրար հրաժեշտ են տալիս: Մեր Պաշտոնյան տուն է շտապում, որովհետև արևն արդեն մայրամուտ է թեքվում: Նա կարծես քթի տակ ժպտում է, ոնց-որ տրամադրությունը լավ է: Բայց ո՛չ, նա ամենևին չի ժպտում, տուն է շտապում՝ մռայլադեմ շուրջը նայելով: Նա տուն է շտապում, որովհետև օրն արդեն մթնում է: Նա մերթ մռայլ է, մերթ ժպտում է, բայց իրականում ոչ տխուր է, ոչ ուրախ: Նա երջանիկ չէ, նա նաև դժբախտ չէ: Նա հայ չինովնիկ է: Նոր ժամանակների հայ չինովնիկ։ Նա, մեծ հաշվով, թքած ունի թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության վրա, բայց վախենում է, որ վաղը հանկարծ իշխանության կգան ընդդիմադիրները և, կարծելով, թե ինքը ներկա ռեժիմի մարդն է, կզրկեն օրվա հացից։ Մինչդեռ իրականում նա հպատակորեն ծառայում է նրանց, ովքեր այսօր իշխանություն ունեն։ Եթե վաղը գահ բարձրանան ընդդիմադիրները, անարխիստները կամ կրկին իշխանությունը նվաճեն կոմունիստները, նա ստորաքարշորեն ծառայելու է նաև վերջիններիս։
N 4 (29) (2011)
ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ՈՐՈՇ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ - Նստելով պաշտոնական աթոռի, աշխատեք ուտելու համար ինչ-որ բան թողնել նաև նրանց համար, ովքեր ձեզնից հետո պիտի նստեն այդ աթոռին։
ՍԵՐԻԱԼԱՍԵՐՆԵՐԻՆ - Հարգելիներ, ախր մարդուն մի անգամ է կյանքը տրվում։ Փոխանակ հարյուրավոր ժամեր վատնեք ինչ-որ էժանագին ու տխմար ֆիլմերի ողորմելի հերոսների ընտանեկան դատարկ վեճերի, միջակ դերասանների ներկայացրած խղճուկ կերպարների անգո կյանքի վրա, ձեր սեփական խնդիրները լուծեք և վայելեք ձեր անձնական երջանկությունը։
ՈՐՈՇ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ - Արդյո՞ք համոզված եք, որ չեք սխալվել մասնագիտություն ընտրելու հարցում։
ԲԱԶՄԱԹԻՎ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ - Երբեմն տեր կանգնեք ոտնահարված ձեր իրավունքներին։ Դրանով դուք կբարձրանաք նաև ձեր աչքում։
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ - Թույլ և անհուսալի ապուշ թվացող աշակերտներին մի՛ կոպտեք և մի՛ վիրավորեք։ Տարիներ հետո նրանցից ոմանք կարող են բարձր պաշտոն ստանալ կամ խոշոր բիզնեսմեն դառնալ, իսկ դուք ամաչելու եք, որ դպրոցում նրանց «տխմար» կամ «դանդալոշ» եք անվանել։
ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ - Եթե արցախցի տատիկը տեղական հեռուստահաղորդումների ժամանակ էկրանին ձեզ տեսնելով ասում է՝ «Կաշառակեր գլուխդ թաղեմ», ապա նշանակում է, որ այդ խոսքերի համար նա հիմնավոր պատճառներ ունի, և պիտի գոհանաք, որ ձեզ ամբողջությամբ չի թաղում, այլ միայն գլուխը։
ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՈՐՈՇ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ - Կանգառներում երկար մի՛ ցցվեք, քանզի մարդիկ ավտոբուս են նստում ոչ միայն տեղ հասնելու համար, այլև՝ շուտ տեղ հասնելու համար։ Օրինակ վերցրեք երևանցի ձեր կոլեգաներից։
ՄԻ ԽՈՒՄԲ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ - Աշխատանքի ժամերին երբ ձանձրանում ու հոգնում եք պարապությունից, մնացյալ ժամանակն օգտագործեք «Մայրենի լեզուն» սովորելու համար։ Գրագիտությունը, համենայն դեպս, ձեզ չի վնասելու։
ԱՐՑԱԽԻ ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԻՆ - Այսօր «Եհովայի վկաներն» եք դարձել, վաղը շրջելու եք որպես Բուդդայի հրեշտակներ, մի օր էլ գուցե որոշեք ձեզ ներկայացնել որպես Մուհամեդի ուրվականներ... Մինչեռ ամեն ինչ շատ պարզ է. ընդամենը պիտի հասկանալ, որ մարդու գլուխը հնոտիների պահեստ չէ և ոչ էլ միջանցիկ քամիների ասպարեզ...
ՊԱՏՎԵՐՈՎ ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԻՆ - Մի վերջին անգամ մտածեք՝ արժե՞ արդյոք հանուն ձեր առաջ նետած մի կտոր ոսկորի այդպես մոլեռանդորեն կոկորդ պատռել մարդկանց վրա։ Խնայեք ձեր էներգիան, որպեսզի վաղը ձեր ուժը հերիքի նոր տիրոջ պատվերով քարկոծելու ոտքերը տնկած ձեր նախկին «խնամակալին»։
N 4 (29) (2011)
ՆԺԴԵՀԻՆ «ՄԱՏ» ԱՐԵՑԻՆ...
ԵԽԽՎ-ի ամբիոնից ելույթ ունենալուց հետո պատասխանելով պատգամավորների հարցերին, Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանը «այս քսան տարիների ընթացքում» ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին՝ պատերազմի։ Ապա ավելացրել. «Ադրբեջանը առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետև նրանք իրոք իրենց ժողովրդին պատրաստել են և պատրաստում են պատերազմի»։
Խնդիրը միայն այն չէ, թե ՀՀ ղեկավարները ինչպես և ինչու են մեր ժողովրդին խաղաղության պատրաստել, իմանալով, որ դա ի վնաս մեզ է։ Խնդիրը նաև այն չէ, որ Նժդեհի գաղափարները որդեգրած կուսակցության անդամը վերջինիս «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» հանրահայտ ձևակերպումը մի կողմ է նետել ու միանգամայն հակառակը պնդել. խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր խաղաղության։ Խնդիրն այն է, որ այս խայտառակ խոսքերը նա արտաբերել է ի լուր աշխարհի ու վերջում էլ նշել, որ պատերազմի դեպքում հակառակորդը առավելություն կստանա, որովհետև «նրանք իրենց ժողովրդին պատրաստել են պատերազմի։ Պատմությունից ես չեմ հիշում դեպք, որ որևէ երկրի ղեկավար, մեծ կամ փոքր զորահրամանատար հայտարարի, թե պատերազմի դեպքում հակառակորդը «առավելություն կունենա»։
Հարց է ծագում. իսկ որտե՞ղ մնաց «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը», որով դեռ երեկ պարծենում էինք։ Ուրեմն՝ 20 տարի մեզ խաբում ու դիտմամբ «խաղաղությա՞ն էին պատրաստում»...
Գո՞ւցե թե այդ խոսքերն արտաբերելիս ՀՀ նախագահը մտածել է, որ իր խաղաղասիրական ձոներգը լսելով, այսպես կոչված, միջազգային հանրության համակրանքն անմիջապես թռչելու է խաղաղասեր ու պաշտպանության կարոտ հայ ժողովրդի կողմը։ Բայց օտարն այդ ե՞րբ է թույլ Հայաստանին պաշտպանել, որ այսօր պաշտպանի։ Սուլթանհամիդյան ջարդերի ժամանա՞կ, 1915 թվականի՞ն, 1988-90 թթ. Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայկական ջարդերի օրերի՞ն...
Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում մենք հաղթել ենք, որովհետև մեր հույսը ոչ թե եվրոպաների, այլ մեզ վրա ենք դրել։ Շուրջ երկտասնամյակ է Արցախի երկինքը խաղաղ է, որովհետև մեր սահմանները մե՛ր բանակը, մե՛ր տղաներն են հսկում, այլ ոչ թե «երկնագույն» կամ աստված գիտե, թե ինչ գույնի սաղավարտավոր «խաղաղարար» կոչվածները։
Իր գերագույն հրամանատարի այս խոսքերը լսած հայ զինվորը վաղն ինչպե՞ս պիտի հայրենիք պաշտպանի։ Նա չի՞ ասելու՝ ինչո՞ւ ես ինձ խաղաղության պատրաստել, պատերազմի պատրաստեիր, որ կարողանամ թշնամուն հաղթել... Դղյակներ կառուցելով ու շենքերն ու փողոցները թանկարժեք մարմարով սալիկապատելով «խաղաղության պատրաստվելու» փոխարեն այդ գումարներով դու էլ ժամանակակից զենք գնեիր...
Բարեբախտաբար, իմ ծանոթներից, ընկեր-բարեկամներից ոչ ոք չի կիսում ՀՀ նախագահի այդ խոսքերը։ Թշնամին այսօր միայն հոխորտում է իր ուժի մասին՝ փորձելով հոգեբանական ճնշմամբ ազդել բանակցային գործընթացի վրա և, բարեբախտաբար, նա ևս գիտե, որ մեզնից ուժեղ չէ, այլապես անմիջապես կհարձակվեր՝ առանց մեզ զգուշացնելու։
Լսելով ՀՀ նախագահի վերոհիշյալ խոսքերը, որպես հայ, ես ինձ նվաստացած ու խայտառակված զգացի, բայց հոգով հանգիստ՝ որ այդ ամենը ՃԻՇՏ ՉԷ՛...
N 5 (29) (2011)
«ՄԵՐ 20-ԱՄՅԱ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄԱՎՈՐ ՉԵՆՔ ՏԱ»
Արցախում հասարակական-քաղաքական գործիչներին, ընդհանուր առմամբ, կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին խմբում Ղարաբաղյան խնդրով, մեր երկրամասի ճակատագրով մտահոգվող գործիչներն են, ովքեր անմիջապես արձագանքում են Արցախին վերաբերող գրեթե յուրաքանչյուր իրադարձության, զարգացումների, և որոնք շատ փոքր թիվ են կազմում։ Երկրորդ խումբը շատ ավելի ստվարաթիվ է և կազմված է այն գործիչներից, ովքեր սպասում են «վերևից» ուղորդող փայտիկի շարժումներին, արվող հրահանգներին, որպեսզի «կողմնորոշվեն» իրենց հետագա անելիքի խնդրում։
Առաջին խմբի գործիչներից են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, նախագահի տեղեկատվական ծառայության պետ Դավիթ Բաբայանը, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանը, նախկին փոխարտգործնախարար, Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդ ՀԿ-ի նախագահ Մասիս Մայիլյանը և այլք։ Շատ հաճախ նրանց տեսակետները չեն համընկնում, միանգամայն տարբեր դիքորոշում ունեն Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Բայց այդ մարդիկ իրոք մտահոգվում են մեր երկրի ու ժողովրդի ապագայով, փորձում իրենց ասելիքը, իրենց տեսակետը հասցնել հանրությանը։
Առաջին խմբի գործիչներից է նաև Արցախյան շարժման ակտիվիստ, պատերազմի մասնակից, ՀՀ ԳԽ առաջին գումարման պատգամավոր՝ Արցախից, պահեստի գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը։ Նրա կարծիքով, վաղուց գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հանդիպում, որին ղարաբաղյան կողմը չի մասնակցում, իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի համար։
«Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Ռուսաստանի նախագահը կամ մյուսներն իրոք անկեղծորեն ձգտում են, որ Ադրբեջանը վերջ տա տարածաշրջանի խաղաղությանը սպառնող իր արկածախնդրական պահվածքին, հիստերիկ դեմարշերին և լրջորեն մասնակցի բանակցային գործընթացին, ապա միջնորդները Ի. Ալիևի առջև պետք է նախապայման դնեն։ Այն է՝ եթե այս կամ այն հանդիպումը ոչ մի արդյունք չտա, ապա իրենք, միջազգային հանրությունը ճանաչելու է ԼՂ անկախությունը»,- ասում է Ռ. Պետրոսյանը։
Արցախցի գործիչի կարծիքով հայկական կողմի փոխզիզիջումների վերջին սահմանը պիտի լինի՝ Արցախի անկախ հանրապետություն՝ արևմուտքից Հայաստանի հետ ամբողջական սահմանով՝ հյուսիսից հարավ, Իրանի հետ պարտադիր սահման և արևելքից սահման Ադրբեջանի հետ։ «Ոչ մի մետր հող չպիտի զիջվի թշնամուն (հակառակորդ չեմ ասում, հակառակորդը երբեք խաղաղ բնակչություն, անգամ խաչքարեր չի ոչնչացնում), իսկ եթե ինչ-որ բան պիտի տանք, ապա միայն այն պայմանով, որ փոխարենն անմիջապես լուծվի ԼՂ կարգավիճակի հարցը,- գտնում է Ռազմիկ Պետրոսյանը։- Արդեն 20 տարի է, որ ես, իմ զավակները, թոռները, մի ողջ նոր սերունդ ապրում է ազատ ու անկախ իր հայրենիքում։ Ինչպե՞ս կարող ենք համաձայնվել, որ մեր այս 20-ամյա ազատությունը կամավոր տանք, ինչ-որ միջանկյալ կարգավիճակ ընդունենք, ինչ է թե՝ հետագայում, 10 կամ 20 տարի հետո մեր վերջնական կարգավիճակը նոր-նոր պիտի որոշեն։ Դա լինելու բան չէ։ Դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Արցախցի հասարակական-քաղաքական գործիչը գտնում է, որ Արցախի կորուստն ի վերջո կբերի ողջ Հայաստանի կորստին, որովհետև թուրքը երբեք ձեռքբերածով չի կշտանում։ «Նրանք վաղուց խոսում են նաև Զանգեզուրի, Մեղրիի, անգամ Սևանի ադրբեջանական տարածք լինելու մասին,- շարունակեց Ռ. Պետրոսյանը և հավելեց, որ ոչ միայն Արցախյան կողմը պիտի պարտադիր մասնակցի բանակցություններին, այլև մենք պիտի մեր ռազմական պոտենցիալը շարունակ համալրենք նորագույն զինատեսակներով՝ հակահրթիռային ՍԿԱԴ, «Պետրիոտ» համակարգերով, միջին և երկար հեռահարության հրթիռներով, ռազմական ուղղաթիռներով և այլն, որպեսզի ոչ ոք այլևս չմտածի մեզ պայմաններ թելադրելու մասին։ «Միայն այդ դեպքում Ադրբեջանը, նրա հոգեհայր Թուրքիան և նրանց գրգռող, երկակի խաղ խաղացող գերտերությունները ձեռ կքաշեն Արցախից»,- եզրափակեց Ռազմիկ Պետրոսյանը։
N 5 (29) (2011)
ԻՍԿ ԳՆԱՑՔԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է
«Ղարաբաղյան խնդիրը», սեփական երկրի, սեփական ժողովրդի գոյության, ապրելու իրավունքի խնդիրը ՀՀ ղեկավարների մեղքով և մեր լուռ համաձայնությամբ պաշտոնական Ստեփանակերտի «օրակարգից» դուրս է մնացել։ Արցախի ճակատագրի հարցով այլ մարդիկ են զբաղվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը, ԵԱՀԿ Մինսկի խումբը և այլք։
Այսօր չի զգացվում, թե Արցախը ձգտում է վերագրավել սեփական տեղը բանակցասեղանի շուրջ։ Խոսքը մերթընդմերթ արվող հերթապահ հայտարարությունների մասին չէ առ այն, թե «Առանց Ղարաբաղի մասնակցության բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել։ Խոսքն այն մասին է, որ իրոք անկախ երկրի տերերի պես ՀՀ ղեկավարներին պահանջեն վերջ տալ ղարաբաղցիների անունից վտանգավոր ներկայացումներ սարքելուն և սեփական դարդուցավով ու սեփական երկրում կուտակված վերջը չերևացող խնդիրներով զբաղվեն...
Իրոք, շատ հնարավոր է, որ մի օր ղարաբաղյան կողմը ևս տեղ գրավի բանակցասեղանի շուրջ, բայց, ինչպես զարգացումների ընթացքը ցույց է տալիս, դա լինելու է միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրած վերջնական փաստաթուղթը կյանքի կոչելու գործընթացը, ժամանակացույցը ճշտելու համար։
Առայժմ Արցախում կարծես շատ չեն մտահոգվում, թե ինչ է լինելու, եթե ՀՀ նախագահը ստորագրի մի փաստաթուղթ, որը կարող է դառնալ Արցախի վերջի սկիզբը։ Նախկին հեքիաթները, այն միֆը, որ իբր ՀՀ նախորդ կամ ներկա նախագահները ծննդով Ղարաբաղից են ու չեն կարող ոչ ղարաբաղանպաստ փաստաթուղթ ստորագրել, վաղուց պայթել է պղպջակի պես։ Եթե նրանց համար այսօր մի գերխնդիր կա, ապա դա միայն ու միայն սեփական աթոռը պահելն է։ Նրանց մասնակցությամբ ու համաձայնությամբ բանակցասեղանին հայտնված փաստաթղթերը, որ Արցախի հետագա գոյության համար ոչ մի լավ բան չեն պարունակում, դրա վառ ապացույցն են։
Արցախից մեկ անգամ չէ, որ դժգոհություններ են հնչել «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ, հանրությունը հասարակական կազմակերպությունների բերանով բազմիցս մերժել է այն։ Սակայն ՀՀ ղեկավարությունը Արցախի ապագան գծում է հենց այդ «սկզբունքներով», որը ենթադրում է հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ազատագրված հողերի վերադարձ հակառակորդին, ազերի փախստականների վերադարձ և այլն, ամենավերջում էլ՝ ինչ-որ անորոշ հանրաքվե՝ Արցախի կարգավիճակը որոշելու համար։
Իմ ծանոթներից մեկը կազանյան հանդիպումից հետո ափսոսանքով նկատեց, որ այդպես էլ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել... Որ հակառակորդը սպասում է նման փաստաթղթի ստորագրման, դա բնական է՝ ինչ էլ ստորագրվի, նրանք միայն շահելու են։ Չեմ հասկանում, թե մեզանում ինչի են սպասում, երբ մենք միայն կորցնողի դերում ենք լինելու, որի վկայությունը բանակցասեղանին գտնվող փաստաթղթերն են։
Օրերս Ի. Ալիևը Euronews-ով Ադրբեջանի կողմից արվելիք փոխզիջման վերաբերյալ թղթակցի հարցին ի պատասխան մոտավորապես ասաց. ի՞նչ զիջենք, երբ այդ բոլորը մեզ է պատկանում... Ահա բազմամյա բանակցություններում նրանց անփոփոխ դիրքորոշումը։ Իսկ մենք պարապ նստել, նայում ենք հեռացող գնացքի հետևից...
N 5 (29) (2011)
ԱՐԴՅՈ՞Ք «ՄԵՐՆ ՈՒՐԻՇ է», ԹԵ՞...
Վերջերս Ստեփանակերտում լրիվ վառվել էր «Դիզակ» հրատարակչության թանկարժեք սարքավորումներից մեկը։ Պատճառը՝ գիշերվա կեսին հոսանքի լարումը բարձրացել էր, որի արդունքում միլիոնների արժողությամբ սարքավորումից վառված-հալված մի զանգված է մնացել։ Քաղաքակիրթ երկրներում նման դեպքում մեղավորը, տվյալ դեպքում՝ էներգետիկ համակարգը, փոխհատուցում է պատճառած վնասը կամ տուժողը փոխհատուցում է ստանում ապահովագրական այն ընկերությունից, որտեղ ապահովագրել է իր գույքը։
Մեզ մոտ, սակայն, ամեն ինչ այլ է։ Մարդը տարիներ շարունակ աշխատել, ժամանակակից սարքավորումներով տպագրատուն է հիմնել, բազմաթիվ աշխատատեղ ստեղծել և, ահա, մի այլ անպատասխանատու կառույցի պատճառով հսկայական կորուստ է կրել... Իսկ ինչ վերաբերում է գույքի ապահովագրմանը, ապա վերջին ժամանակներս ապահովագրության հետ կապված միակ համազգային միջոցառումը «ավտոմեքենաների պարտադիր պահովագրում» օպերացիան էր, որ ձեռնարկել էին իշխանությունները։ Ասում են՝ դրա պատճառն էլ այն է, որ երկրի տերերին «սրոչնի փող» էր պետք։ Ի դեպ, Երևանում գործարկված այդ «միջոցառումը» հաջողությամբ կիրառել են նաև Արցախում...
Բարեկամս պատմում է, որ օրերս մինչև գիշերվա ժամը 10-ը մոտ մի շաբաթ շարունակ չեն կարողացել հեռուստացույց դիտել, օգտվել համակարգչից կամ աշխատացնել լվացքի մեքենան, դեռ ավելին՝ սառնարանն էլ շարքից դուրս է եկել, որովհետև այդ օրերին իրենց շենքում ինչ-որ մեկը բնակարանում ինչ-որ բան էր եռակցում-զոդում՝ հոսանքի լարումը կտրուկ իջեցնելով ու բարձրացնելով։ Բարեկամս պատմում է, որ դիմել է էլցանց, խնդրել ստուգել-գտնել օրինախախտին (օրենքով՝ ժամը 18.00-ից հետո ոչ ոք իրավունք չունի եռակցող սարքավորում աշխատացնել), սակայն ապարդյուն։ Մեղավորն այդպես էլ չի հայտնաբերվել (կամ՝ չեն ցանկացել հայտնաբերել)։
Մարդը սառնարանն է կորցրել, չհաշված նրա և նրա նման մի քանի տասնյակ բնակիչների, նրանց ընտանիքների մեկշաբաթյա նյարդային լարված մթնոլորտը։ Իսկ հակառակ, այսպես ասած, բևեռում ինչ-որ մեկն իր կամ իր ընտանիքի համար ինչ-որ բան էր սարքել և, երևի, ուրախացել։ Ինչպես մեզանում ասում են՝ հայի անձնական երջանկության ճանապարհը միշտ անցնում է իր նմանների դժբախտության միջով... Ահա այս օրինական անօրինության սահմաններում է ապրում մեր երկիրը։
Աշխարհի մի այլ երկրում ամենափոքր անարդարությունից ցուցապաստառներով մարդիկ լցվում են փողոցները, բողոքում, պահանջում... Մեզ մոտ քաղաքացիական արժանապատվություն կամ գոյություն չունի, կամ վաղուց հանված է օրակարգից։ Հայ իրականության մեջ եթե քննադատում, դժգոհում-բողոքում են, ապա միանգամայն այլ են դրդապատճառները։ Օրինակ, ընդդիմությունը ոչ այնքան իշխանությունների հետ է ուզում հաշիվներ պարզել, որքան՝ իր նմանների։ Ո՞վ է ըդդիմության վրա ավելի շատ քարեր նետում։ Իշխանություննե՞րը։ Ո՛չ։ Կամ՝ ոչ միայն նրանք։ Նույն այդ ընդդիմադիր ճամբարի մի այլ կողմից կտրիճ «նետաձիգները» պարբերաբար նշանառության տակ են պահում իրենց բախտակիցներին, ովքեր, ինչպես և իրենք, չեն կարողանում տանել օրվա իշխանություններին։ Նրանք սրանց են «կեղծ ընդդիմություն և ծախված» որակում, սրանք էլ՝ նրանց...
1937 թվականից, անձի պաշտամունքի մղձավանջից ենք հաճախ խոսում։ Աղասի Խանջյան, Չարենց, Բակունց, Թոթովենց... Հազարավոր տաղանդավոր հայորդիներ են հոշոտվել, անգերեզման մնացել, կամ տարիներ շարունակ տանջվել սիբիրներում ու քայքայված, ավերված հոգով մահապուրծ ետ վերադարձել... Ստալինը կամ Բերիա՞ն են մեկ առ մեկ կարդացել Չարենցի կամ Բակունցի հայատառ երկերն ու այնտեղ «սոցիալիստական հայրենիքի հիմքերը սասանող» տողեր որոնել... Ո՛չ, մերազգի տականքներն են իրենց ստորագիր կամ անստորագիր նամակներով, զրպարտագրերով հեղեղել ցեկա-ները, այդ նրանք են օրը ցերեկով, իրենց ճրագը վառած, նախանձ քինախնդրությամբ «ազգի թշնամիներ» հայտնաբերել իրենց գործընկերների, հարևանների ու բարեկամների մեջ...
Խորհրդային գրեթե բոլոր ազգերն էլ շնորհալի, տաղանդավոր կամ պարզապես անմեղ զոհեր են ունեցել այդ տարիներին։ Սակայն հայոց մեր արտի վրայով ասես մորեխի հսկա մի ամպ է անցել... Մեր սեփակա՛ն, հայրենի՛ մորեխի, որոնց ուղղակի կամ անուղղնկի հետնորդներն ու ժառանգներն այսօր էլ կենդանի են...
Ամեն անգամ լսելով «մերն ուրիշ է» արտահայտությունը, սրտխառնուք եմ զգում։ Ո՛չ, մերն ուրիշ չէ, ստում եք։ Մե՛նք ենք ուրիշ։ Այդ մե՛նք ենք, որ նման չենք աշխարհի մի այլ ժողովրդի։ Բոլորից ուզում ենք տարբերվել-զանազանվել մեր կիսաասիական մտածելակերպով ու կիսաեվրոպական գործելակերպով, օրինականն ու անօրինականն իրար խառնած քաղաքական վերնախավով և մշտապես օտար ափերում հայրենիք փնտրող ժողովրդով։
Մեզանում շոուն դարձել է ոչ միայն երաժշտական միջոցառում, այլև՝ քաղաքական ներկայացման անբաժանելի մաս։ Արդյունքում՝ այսօր մի «բում-բում» է մնացել, «չակա-չակա»-ն էլ՝ երկրի ու ազգի խորհրդանիշ։ Ռաբիսն այսօր ոչ միայն հեռուստաեթեր է նվաճել։ Քաղաքական մեր դաշտն է այսօր ռաբիս։ Մի ողջ ազգ այսօր ասում է՝ «իմ համար», «մեր համար։ «Ինձ համար»-ն ու «մեզ համար»-ը մնացել են անցյալի գրականության ու պատմության էջերում։ Աղաղակող այս անգրագիտությունը բավական է, որպեսզի կողմնակի մեկը տա մեր կրթական-գիտական-քաղաքական համակարգի գնահատականը։
N 5 (29) (2011)
«ԲԱՐԵՎ, ՀԱՅ». ԲԵՄՈՒՄ ԱՊԱԳԱ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ ԵՆ
Հունիսի 10-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է մայրաքաղաքի Վահրամ Փափազյանի անվան պետդրամթատրոնին կից գործող թատերական ստուդիայի «Բարև, հայ» ներկայացումը, որն, այսպես ասած, մեկ դերասանի թատրոն էր՝ մի խումբ դերասանների մասնակցությամբ։
Բեմադրության հեղինակն է թատերական ստուդիայի ղեկավար Վեներա Ավագիմյանը, որն իր սաների մասնակցությամբ հաճախ է թատերական ինքնատիպ ներկայացումներ հրամցնում Արցախի հանդիսատեսին։ Մեր տեղեկություններով՝ յուրատիպ ներկայացման գաղափարը ծնվել է ստուդիայի սաների մեջ, իսկ ապագա դերասանների շնորհաշատ ղեկավար Վ. Ավագիմյանը որոշել ու կյանքի է կոչել ոչ դյուրին այդ մտահղացումը։
Մեր թատերական կյանքում սա թերևս առաջին նախաձեռնությունն է՝ ներկայացում բեմադրել գեղարվեստական առանձին ինքնուրույն ու ամբողջական ստեղծագործությունների համադրմամբ։ Ռուսաստանում Եվգենի Պետրոսյանի գլխավորությամբ պարբերաբար ներկայացվող «Ծուռ հայելի» («Կրիվոյե զերկալո») կատակախաղը, որ իրենից ներկայացնում է երգիծանքի մի խումբ վարպետների առանձին համարներից կազմած-միավորած ամբողջական ներկայացում, վաղուց լայն մասսայականություն է վայելում Ռուսաստանում ու ԱՊՀ անդամ երկրներում։
«Բարև, հայ»-ը ինչ-որ տեղ մտահղացվել է նույնատիպ սցենարով, որտեղ առանձին գեղարվեստական ստեղծագործություններն իրար հետ կապող օղակի (հաղորդավարների և ոչ միայն) դերում հանդես են եկել նույն ստուդիայի սաներ Զարուհի Մկրտչյանն ու Էրիկ Ավագյանը։ Իրենց հերթին նրանք նույնպես ներկայացրել են երգիծական կամ միանգամայն լուրջ առանձին ստեղծագործություններ («Հայը», «Ծաղրածուն», «Իմ ընկերը», «Օգտակար խորհուրդներ» և այլն)։
Հանդիսատեսին մեծ բավականություն են պատճառել Քաջ Նազարը (Դերենիկ Դեմիրճյանի համանուն կատակերգությունից)՝ Վաչագան Ապրեսյանի և Անժելիկա Աղաջանյանի (Ուստիան) ներկայացմամբ, Մեծահոգին (Վազգեն Օվյանի համանուն երգիծական պատմվածքից)՝ Արթուր Հարությունյանի մարմնավորմամբ, «Ֆուտբոլասերը», «Հովանոցը» (Մարիաննա Գրիգորյան) և այլն։
Հիշեցնենք, որ «Բարև, հայ»-ի սցենարը կազմվել է Դերենիկ Դեմիրճյանի, Վազգեն Օվյանի մի շարք ստեղծագործությունների, Լեոնիդ Ենգիբարովի «Հովանոցը» քնարական մանրաքանդակի և Վարդգես Օվյանի նովելների հիման վրա։
«Հանդիսատեսը լավ է ընդունել ներկայացումը... Ես նկատի ունեմ շարքային հանդիսատեսին՝ երիտասարդ թե մեծահասակ, արվեստագետ թե ոչ արվեստագետ, այլ ոչ սակավաթիվ մի քանի անձանց, ովքեր ներկայացումը դեռ չտեսած արդեն կանխակալ կարծիք ունեին,- ասաց բեմադրության ռեժիսոր և թատերական ստուդիայի ղեկավար Վեներա Ավագիմյանը։- Չնայած մեր որոշ մտավախություններին, պարզվեց, որ հանդիսատեսի համար մատուցված նյութն իրոք հետաքրքիր էր։ Ստուդիայի սաներն իրենց անդրանիկ այդ «բեմել»-ից շատ են ոգևորվել և նրանց մոտ կրկին բեմ դուրս գալու մեծ ցանկություն է առաջացել։ Անկասկած ապագա դերասանի համար այսպիսի մի պրակտիկ ներկայացում-դասը շատ ավելին է, քան ամիսներով նրանց մատուցվող թեորիան... Անշուշտ կցանկանայի, որ այս նախաձեռնությունը շարունակական լիներ, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի թատերական ստուդիային։ Չէ՞ որ այս ստուդիայում մեր թատրոնի ապագան է ծնվում...։
Վերջում փաստենք, որ Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնի ավագ, տիտղոս-կոչումավոր դերասանական կազմը նպատակահարմար չի գտել ներկա գտնվել նույն թատրոնի ապագա դերասանների անդրանիկ ներկայացմանը։ Եվ, իզուր... Դա վկայում է, որ լուրջ վերանորոգման-առողջացման կարիք ունի ոչ միայն պետդրամթատրոնի շենքը...
N 5 (29) (2011)
ՍՈՒՊԵՐ ՍԱՔՈՆ ԵՎ ՆՐԱ ՍՈՒՊԵՐ ՆԿԱՐԸ
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում ինքնաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից։ «Տեղյակ լինելով հայկական «աստղերի» արժեհամակարգին՝ նման սադիստական մոտիվներով լուսանկարները որևէ զայրույթ չէին առաջացնի, եթե միայն դրանց ֆոնին պատկերված չլիներ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրը (X դար)»,- ասվում է հաղորդագրությունում։
«Իրենք իրենց մտավորական համարող հայկական «պոպսայի» ներկայացուցիչները, երկրի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու փոխարեն, զբաղված են առանց այդ էլ պետության և Մայր աթոռի կողմից մոռացության մատնած հնադարյա վանքերի պատերի տակ սատանիզմի մոտիվներով լի ֆոտոսեսիաներ կազմակերպելով և դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով»։
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է այս խայտառակությունը որպես հայ ժողովրդի պատմության, կրոնի և մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն»,- նշում են երիտասարդական նախաձեռնության անդամները՝ ավելացնելով, որ Հաղպատավանքում է մի քանի տարի ապրել Սայաթ-Նովան։
Չէ, այս անգամ խոսքը լոռեցի Սաքոյի մասին չէ, այլ ԱՄՆ-ում հայտնված հայ ռեփեր-աստղ Սուպեր Սաքոյի... Բայց գուցե սա Թումանյանի հայտնի հենց նույն լոռեցի Սաքոն է, որ չարքերի մասին տատի հեքիթները հիշել, վախից փախել է ծմակները... Գուցե նա այնտեղից էլ ուղևորվել է Ամերիկա ու երգիչ դարձել...
Հայ էստրադայում դա ընդունված է։ Մարդը, ասենք, կարող է քարտաշ, հովիվ, դռնապան դառնալ, կամ, ասենք, շուկայում զկեռ ծախել կամ մսագործ աշխատել, բայց հանկարծ գլխին փչում է էստրադային երգիչ դառնալ...
Դիտեք հայկական հեռուստաալիքները՝ հեռուստաեթերը ողողված է մեկը մյուսից ապաշնորհ, վոկալի ոչ մի նշույլ չունեցող արական ու իգական սեռի հայ «գերաստղերով։ Սուպեր Սաքոյի այս լուսանկարներից մեկում նրա ձեռքին մսագործի կացին է։ Միս է կտրում։ Հապա մի տեսեք որքան է դա սազում նրան։ Մարդը տարերքի մեջ է, դա նրա կոչումն է, բայց...
Բայց կացինը մի կողմ դրել, երգեր է կլկլացնում ու մերկ աղջիկների մազերից քաշքշում...
Իսկ Սուպեր Սաքոն այդ ամենի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում։ «Ես ռեփ երգիչ եմ, ոչ թե էստրադային, մոտեցումներն այլ են,- ասում է կարկառուն երգիչը։- Դրա մեջ վատ բան չկա, որ մարմնավաճառներին զաստավիտով տանում եմ եկեղեցի։ Երգերս դավաճան աղջկա մասին էին, ում չգիտեի՝ արտիստորեն ինչպես պատժել։ Փախած բաներ էի ուզում անել՝ սարսափ ֆիլմերի նման։ Չգիտեմ՝ ինչու են բոլորն իրար խառնվել... Ես քրիստոնյա հայ եմ։ ԱՄՆ-ում ապրելով, միևնույն է, շատ եմ սիրում իմ Հայաստանն ու իմ ժողովրդին... Ուղղակի վիրավորվում եմ, որ հատկապես երիտասարդությունն է նման բաներ մտածում։ Այս ամենը նրանից է, որ ես մասոն եմ։ Տղամարդկանց գաղտնի կազմակերպություն է, որի անդամ եմ։ Դա նույնն է, եթե լինես, օրինակ, Հանրապետական կուսակցության անդամ...» (տես՝ Լիլիթ Բաբայան.Bravo.am)։
Ինչպես ասում են՝ մեկնաբանության կարիք չկա։
N 5 (29) (2011)
ԷԺԱՆԱԳԻՆ ՍՆԱՊԱՐԾՈՒԹՅՈՒՆ
Արցախցու համար Երևանում ու երբեմն սփյուռքում հնչող «Ղարաբաղը ազատագրեցինք», նորաստեղծ երգերում հոլովվող «Ղարաբաղը ետ բերենք...» և նման արտահայտությունները ինչ-որ տեղ իրենց մեջ վիրավորանք են պարունակում։ Խնդիրն այն է, որ Արցախը երբեք Նախիջևան չի՛ եղել և չէ՛։ Եթե խորհրդային տարիներին Ադրբեջանի հետ սահման չունեցող Նախիջևանը Հայկական ԽՍՀ-ի քթի տակ մեկ-երկու տասնամյակում հայաթափվել է, ապա Արցախում հայ բնակչությունը մշտապես գերակշռություն է ունեցել։ Մինչխորհրդային տարիներին հայերը կազմում էին բնակչության 90-95 տոկոսը, իսկ արցախյան շարժման նախօրյակին՝ շուրջ 70 տոկոսը։
Խորհրդային տարիներին, համենայն դեպս, Արցախի մարզային ռադիոյով հնչում էին հայկական ժողովրդական, ազգագրական երգեր, անգամ Անդրանիկի մասին «Ինչպես արծիվ սավառնում ես...» հանրահայտ երգն էր հնչում, Ստեփանակերտի պետդրամթատրոնը պարբերաբար հայերեն ներկայացումներ էր բեմադրում և հյուրախաղեր ունենում Հայաստանում, Ադրբեջանի հայաբնակ շրջաններում, Վրաստանում և այլուր, Ստեփանակերտի 11 միջնակարգ դպրոցներից 8-ը հայկական էր, 2-ը՝ ռուսական և միայն մեկը՝ ադրբեջանական և այլն։
Ու այսօր հայտարերել, թե «Ղարաբաղը ազատագրել ենք», մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ։ Արցախը ոտքի է ելել Հայաստանին միանալու համար, որի համար Ադրբեջանը պատերազմ է սկսել՝ ղարաբաղցիներին «սումգայիթի», «բաքվի» օրինակով դաս տալու և Արցախը լրիվությամբ հայաթափելու համար, բայց արդյունքում՝ կորցրել է ազերաբնակ մի քանի բնակավայրերն ու 7 շրջանները, որոնք պատմականորեն հայկական հողեր են... Չմոռանանք նաև, որ Արցախը պատերազմում հաղթել է ոչ միայն իր զավակների, այլև հայաստանցի հազարավոր հայորդիների, սփյուռքի մեր հայրենակիցների կյանքի ու արյան գնով։
Այս խմբագրականը գրելու առիթը Երևանում Վահան Շիրխանյանի տված մամլո ասուլիսն է, որտեղ վերջինս խոսելով այն մասին, թե պետք է հասնենք նրան, որպեսզի Նախիջևանը այսուհետ Հայաստանի մաս հայտարարվի, հետո ասել է, որ այդ գաղափարը պետք չէ ավելորդ ուտոպիստական համարել։ «20 տարի առաջ մեզ համար ուտոպիա էր Ղարաբաղի ազատագրումը»,- եզրափակել էր նա։
Ես կիսում եմ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից ընկերոջս վրդովմունքը. «Դրանով մի կողմից մեզ են վիրավորում, որովհետև մենք երբեք Ադրբեջանին կուլ գնացած չենք եղել, միայն սովետական քարտեզով ենք Ադրբեջանին պատկանել, ապրել ենք մեր հայկական կյանքով։ Մյուս կողմից՝ նրանց ենք «ռևերանս անում»՝ հասկացնելով, որ իբր նրանցն ենք եղել... Դիվանագիտորեն ևս դա սխալ քայլ է՝ դրանով ազերիներին ու աշխարհին ասում ենք, որ Հայաստանը եկել ու մեզ ազատագրել է։ Հենց նման սխալ և անհիմն արտահայտությունների պատճառով է, որ Ադրբեջանի ջանքերով աշխարհը Հայաստանին համարում է «ագրեսոր», որը եկել, «օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը»։
Հաճախ ենք գերագնահատում թուրքական դիվանագիտությունը, մինչդեռ նրանց դիվանագիտությունը ոչ այնքան ուժեղ է, որքան մերն է թույլ, խղճուկ ու գետնաքարշ։ Եվ մեր այդ դիվանագիտության «մեծագույն ջանքերով է», որ այսօր Ղարաբաղյան խնդրում ունենալով պատերազմի դաշտում տարած հաղթանակ, պատմական, իրավական քաղաքական հաղթաթղթեր, խայտառակ պարտվում ենք դիվանագիտական դաշտում։ Սա է ցավալին ու սրանում է մեր բոլոր ձախորդությունների հիմնական պատճառը։
N 6 (31) (2011)
13-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻՆ ԳՈՒՑԵ ԿԱՐԵԼԻ Է ԽԱԲԵԼ, ԲԱՅՑ ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ՝ ՀԱԶԻՎ ԹԵ
Անկասկած ուրախալի է, որ ղարաբաղցի դպրոցական Ադելինա Ավագիմյանի նամակին՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, պատասխան է եկել Բաքվից։ Այն գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչներից մեկը՝ Էլնուր Ասլանով անվամբ։ Ցավալի է, սակայն, որ այս առիթն անգամ Ադրբեջանը բաց չի թողել խեղաթյուրելու իրողությունը՝ սկսած հին ժամանակներից մինչեւ ոչ վաղ անցյալը, երբ Խորհրդային Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ադրբեջան» անվամբ հանրապետությունը, ինչպես նաեւ մինչեւ մեր օրերը, որի կարեւոր անցուդարձերը, բարեբախտաբար թե դժբախտաբար, շատ թարմ են մեր հիշողության մեջ։
"Дорогая Аделина, Администрация Президента Азербайджанской Республики внимательно относится к обращениям каждого жителя Азербайджана на имя Президента Ильхама Алиева, и потому твое письмо не могло остаться без ответа",- այս տողերով է սկսվում պատասխան նամակը, եւ հենց նամակի առաջին իսկ տողում գլխիվայր շրջված է իրողությունը։ Ղարաբաղցի Ադելինան Ադրբեջանի քաղաքացի չէ։ Նա իր երկրի քաղաքացին է, որ կոչվում է Արցախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Եթե արցախցի այս դպրոցականը Ադրբեջանի քաղաքացի լիներ, պարոն Ալիեւը օր ու գիշեր իր երկրի ռազմական բյուջեն ուռճացնելու եւ երկրորդ անգամ Ղարաբաղի վրա հարձակվելու մասին հայտարարություններ չէր անի։
"Ты пишешь, что родилась и живешь в городе Степанакерт. В действительности этот город называется Ханкенди",- Ադրբեջանի նախագահի անունից հայտնում է նրա աշխատակազմի բաժնի վարիչը։ Կարծում եմ, 50-55 հազարանոց Ստեփանակերտի բնակչությանը պետք չէ 450-500 կմ հեռվից բացատրել, թե իրականում ինչպես է կոչվում իրենց քաղաքը։ Ապա պատասխան նամակի հեղինակը հայտնում է, որ 1805 թ. մայիսին "Карабахское ханство вступило в состав Российской империи" մի համաձայնագրով, որը ղարաբաղյան կողմից ստորագրել է Իբրահիմ խանը, իսկ այդ փաստաթղթում "нет и намека на какую-либо политическую роль армян в Карабахе. Хотя мы, безусловно, не отрицаем, что армяне жили в Нагорном Карабахе, но они составляли лишь меньшинство от общего числа населения".
Երեւի աշխատակազմի բաժնի վարիչին թվում է, թե փոքրիկ այդ փաստաթղթում պետք է արտացոլված լինեին Ռուսաստանի կողմից կռվող ղարաբաղցի հազարավոր հայ կամավորականների անունները, նաեւ այն մասին, թե ինչու հանկարծ նույն այդ խանը հանկարծ «մոռացել է» պարսկական իր ծագումը, կրոնական պատկանելությունը, ռուսների դեմ գործած նենգությունները եւ սիրով նստել ու համաձայնագիր ստորագրել Ղարաբաղը Ռուսաստանին միանալու մասին։
Աշխատակազմի «պատմաբանը» ստեփանակերտցի դպրոցականին բացատրում է նաեւ, որ հենց այդ տարիներին են հայերը բնակություն հաստատել Ղարաբաղում։ "Так, царская администрация преследуя собственные цели изменила в определенной степени этнический состав в Нагорном Карабахе",- գրում նա։ Երեւի նա ամաչել է ավելացնել նաեւ, որ միաժամանակ այդ տարիներին ցարական կառավարության հրամանով հարյուրավոր տարիներ առաջ պատրաստված խաչքարեր ու հայատառ ծանր գերեզմանաքարեր՝ իրենց մեջքին շալակած, բերել եւ տարածել են Ղարաբաղով մեկ, իսկ 12-13-րդ դարում կամ ավելի վաղ շինված Գանձասարի վանքը, Դադիվանքը, Ամարասը եւ հայկական բազմաթիվ մյուս վանքերն ու եկեղեցական համալիրները 18-րդ դարում Ռուսաստանի ցարի հրամանով Արցախ են բերել ճապոնական ժամանակակից տրակտորներով...
Իր պատասխանի շարադրանքից ոգեւորված, նախագահական աշխատակազմի բաժնի վարիչը ղարաբաղցի դպրոցականին բացատրում է, որ "американская поп-исполнительница армянского происхождения, Шер, настоящее имя которой Шерилин Саркисян, родилась в США. А известный французский актер и шансонье армянского присхождения Шарль Азнавур родился в Париже. Но это вовсе не означает, что США, или отдельно Калифорния, Франция, или отдельно Париж, являются древними провинциями Армении". Դրանով երեւի ցանկանում է հասկացնել, թե չնայած Լեռնային Ղարաբաղում հայերն անցյալ դարի սկզբներին 90-95 տոկոս են կազմել, իսկ ղարաբաղյան շարժման նախօրյակին՝ 1980-88 թվականներին՝ 70-75 տոկոս, միեւնույն է, Ղարաբաղը ադրբեջանական է, որովհետեւ Բաքվում այդպես են ցանկանում։
Էլնուր Ասլանովի բերած միամիտ այս օրինակի ոգով նրան անդրադարձնենք, որ ինչ վերաբերում է Արցախ-Ղարաբաղի կողմից Ռուսաստանին միանալու համաձայնագրի տակ Իբրահիմ խանի ստորագրությանը, ապա դրանից չի անհետանում Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը ու դրանից չի հետեւում, թե Ղարաբաղը պատկանում էր մի քանի տասնյակ քոչվոր մահմեդականի, ինչպես Իոսիֆ Ստալինի կողմից ավելի քան 30 տարի Մոսկվայում ստորագրած փաստաթղթերը չեն նշանակում, որ Ռուսաստանը վրացական հող է...
Ի պատասխան Ադելինայի նամակի հետեւյալ տողերի՝ «Իմ պապիկից եմ լսել, որ պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ երբ այստեղ ադրբեջանցիներ կային, երբ մահանում էին, նրանց Ղարաբաղից դուրս էին տանում եւ թաղում նրանց իսկական հայրենիքում, որովհետեւ գիտեին, որ սա իրենց երկիրը, իրենց հողը չէ։ Դրա համար այստեղ գրեթե ադրբեջանցիների գերեզմաններ չկան...», ադրբեջանցի պաշտոնյան հայտնում է, որ "сказанное тобой в действительности лишь подтверждает факт массового уничтожения азербайджанских, мусульманских кладбищ, храмов и мавзолеев в Нагорном Карабахе и прилегающих к нему районах".
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը երեւի նկատի ունի Նախիջեւանում հայկական հազարավոր խաչքարերի ջարդը՝ տրակտորներով, բահ ու քլունգներով, եւ այն, որ միջազգային UNESCO-ի աշխատակիցներին այդպես էլ արգելել են մուտք գործել Նախիջեւան ու սեփական աչքերով տեսնել «ինտերնացիոնալիստական» Ադրբեջանի կողմից 21-րդ դարի շեմին իրականացրած անմեղ խաչքարերի ջարդը։
Մերօրյա պատմությունը գլխիվայր շրջելով, նա հայտնում է, թե ոչ թե Ադրբեջանն է պատերազմ սկսել, այլ՝ հայերը. "не азербайджанцы развязали конфликт, в результате которого армянами были атакованы азербайджанские села, деревни и города, осуществлены этнические чистки, направленные против мирного азербайджанского населения Нагорного Карабаха"...
Երեւի իմաստ չունի կետ առ կետ քննարկել Արցախցի 13-ամյա դպրոցականի 1,5 էջանոց նամակին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչի կողմից որպես պատասխան գրված 10 էջանոց սուրոգաթը։ Հատկապես երբ չեն պատասխանել փոքրիկի նամակի ամենահիմնական հարցերին.
«Դուք ամբողջ ժամանակը միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին եք խոսում։ Ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում։ Կարծես ուրիշ պրոբլեմներ եւ խնդիրներ չունեք։ Ուրիշ ոչ մի հարց կարծես Ձեզ չի հուզում... Եթե մեր երկիրը նվաճելու համար պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը պաշտպանելու»,- գրել էր փոքրիկը եւ հարցրել՝ եթե պատերազմ սկսեք, արդյո՞ք Դուք, Ձեր երեխաները, Ձեր բարեկամներն ու ընկերները մասնակցելու եք այդ պատերազմին, թե՞ շարքային ադրբեջանցի երիտասարդներին եք ուղարկելու մեր երկրի վրա։
«Եթե այդքան շատ փող ունեք, ինչո՞ւ եք շարունակ զենք գնում, դրանով Դուք կարող եք այնպիսի կյանք կառուցել Ձեր երկրում, որ Ձեր ժողովուրդը (հատկապես նրանք, ովքեր Ձեր հայրիկի կողմից սկսած պատերազմի պատճառով փախստական են դարձել) երջանիկ ապրի եւ ոչ մի պրոբլեմ չունենա։ Դա՞ է լավ, թե՞ նրանց պատերազմի դաշտ ուղարկելը...»,- փոքրիկի այս գլխավոր հարցը եւս մնացել է անպատասխան։
Փոխարենը նրան հեքիաթ են պատմում այն մասին, որ "В Азербайджане счастливо проживают представители десятков различных национальностей, в том числе и армяне, которых твои ровесники могут тут видеть... Приглашаю тебя, Аделина, посетить Баку, Гянджу, Сумгаит, побывать в районах Азербайджана, увидеть их развитие и новый облик. Приезжай с родителями, с папой, мамой, бабушкой и дедушкой, им не понаслышке должно быть знакомо азербайджанское гостеприимство и созидательный характер моего народа".
Փոքրիկ Ադելինայի համերկրացիներն ու բարեկամներն այդ «ինտերնացիոնալիստական» ձայնի կանչով արդեն մի անգամ մեկնել են վերոհիշյալ քաղաքներ ու համատեղ ուժերով Սումգայիթ կառուցել, շենացրել ու գեղեցկացրել Բաքուն։ Արդյունքում, թե ինչ են ստացել, արդեն հայտնի է՝ ի պատասխան ղարաբաղցիների Հայաստանին միանալու պահանջով խաղաղ ցույցերի, այդ մարդկանցից շատերը մորթվել են նույն այդ Սումգայիթի, Բաքվի իրենց տներում, իսկ Ադրբեջանի այդ եւ այլ բնակավայրերում ապրող շուրջ կես միլիոն հայեր մահից մի կերպ փրկվելով, եկել են Արցախ, մեկնել Հայաստան, Ռուսաստան եւ այլուր։ Հազիվ թե փոքրիկ Ադելինայի այդ ամենի ականատես ծնողները, տատն ու պապը ցանկանան կրկին ճաշակել «ադրբեջանական հյուրասիրության» համը։
Իսկ "cозидательный характер моего народа" ասելով, Է. Ասլանովը երեւի նկատի է ունեցել 21-րդ դարի շեմին Եվրոպայի կենտրոնում ադրբեջանցի զինվորականի կողմից Ղարաբաղի ու ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի հետ առնչություն չունեցող քնած երիտասարդ հայ սպային կացնահարելը։ Քարե դարե գործիքներին լավ տիրապետելը մի՞թե բավարար փաստարկ է, որպեսզի ընդամենը 90 տարի առաջ խորհրդային ղեկավարների կողմից առաջին անգամ «հանրապետության» կարգավիճակ ստացած ժողովուրդը փորձի աշխարհին համոզել իր «հնագույն» ծագումը, Արցախ-Ղարաբաղն էլ հայտարարելով «ադրբեջանական պատմական հող»։
Ըստ երեւույթին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը, որին բախտ է վիճակվել գրելու իր երկրի ղեկավարին ուղղված նամակի պատասխանը, դրանից այնքան է ոգեւորվել, որ պատմական փաստերը վերաշարադրելիս, սրբագրելիս ու գլխիվայր շրջելիս, անգամ ոչ վաղ անցյալի հայտնի իրադարձությունները խեղաթյուրելիս մոռացել է, որ այդ ամենը գրում է իր երկրի նախագահի, այլ ոչ միայն սեփական համեստ անձի անունից։ Այլապես իր գրած պատասխանում երբեմն կմտածեր ստի ու կեղծիքի չափաբաժինը նվազեցնելու մասին։ Ինքը թերեւս կարող է ստել՝ որքան սիրտն ուզում է, բայց երկրի նախագահի համար այնքան էլ պատվաբեր չէ, երբ նրա կողմից պատասխանում են սուտ ու կեղծիքով։
Ադրբեջանի նախագահի դպիրը չի հասկանում, որ հնարավոր չէ պատերազմում հաղթել ու անկախ պետություն կերտել շնորհիվ ինչ-որ "полевых командиров и полоумных экстремистов"-ի, եւ որ վաղուց պատմության լուսանցքներում են մնացել տարիներ առաջ Մոսկվային մոլորեցնելու համար հնարած այդ տերմինները։ Այստեղ նման բաներ չկան։ Փոխարենը ԼՂՀ սահմանները վերահսկում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, որտեղ ծառայում են մեր զավակները։
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ պատասխան նամակում կան նաեւ ճշմարիտ տողեր՝ թեկուզ այլ ենթատեքստով։ Ղարաբաղյան շարժումից ու պատերազմից հետո իրոք մեզանում ոմանք շատ մեծ հարստության տեր են դարձել (ինչպես եւ Ադրբեջանում է), իրոք "Им самим живется очень хорошо, а вот армянской общине (հեղինակը «մոռացել» է ժողովուրդ բառը - Վ.Օ.) Нагорного Карабаха - плохо", բայց, այդուհանդերձ, նույն այդ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով եւ խորհրդարանական ու այլ ընտրություններով բազմիցս արդեն պատասխանել է այդ հարցին։
Ադրբեջանում եւս հազարավոր մարդիկ վատ են ապրում։ Թեկուզ փախստական այն «միլիոնը», որոնց դիտմամբ շուրջ 20 տարի պահում են վրաններում, որպեսզի միջազգային հանրությունից անհրաժեշտ դիվիդենտներ քաղեն։ Սակայն ինչ վերաբերում է ղարաբաղցիներին, հազիվ թե գտնվի մեկը, որ մորթվելը գերադասի վատ ապրելուց։
Գուցե թե հնարավոր է 13-ամյա Ադելինային կամ մի այլ երեխայի խաբել, բայց մի ողջ ժողովրդի հազիվ թե հնարավոր լինի խաբել։ Հատկապես երբ դա վերաբերում է նրա կյանքը, ազատությունը եւ երկիրը խլելուն։
Այստեղ խնդիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից նրա աշխատակազմի բաժնի վարիչի կողմից գրած պատասխան նամակը չէ 13-ամյա արցախցուն, այլ այն, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավը չի ուզում հասկանալ եւ համակերպվել այն մտքին, որ աշխարհի բոլոր կայսրություններն ու գաղութատիրությունները մի օր փլուզվել եւ փլուզվում են, որի արդյունքում բազմաթիվ ազգեր անկախություն են ստացել, ոմանք նաեւ առաջին անգամ պետականություն են ստեղծում։ Փլուզվել է հինավուրց Բյուզանդական կայսրությունը, փլուզվել է անգամ հսկա ԽՍՀՄ-ը։ Խորհրդային կայսրության ջանքերով ստեղծված Ադրբեջանի 70-ամյա գաղութային գերությունից ազատագրվել է նաեւ Արցախ-Ղարաբաղը, եւ արդեն 20 տարի է ունի անկախ իր պետականությունը, ինչպես նույն Ադրբեջանը։
Պատմության անիվը երբեք ետ չի գլորվում։ Գաղութատիրության գնացքը մեր կայարանից մեկնել է 20 տարի առաջ։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ
----------------------------------------------------
Հոդվածը տպագրվել է hetq.am, Armenia today, hraparak.am
և հայկական ու ռուսական տասնյակ այլ ԶԼՄ-ներում
Մեր թերթի սույն համարը տպագրվելուց հետո մեր աշխատակիցները հանդիպել են Ադելինային և զրուցել նրա հետ։ Նրանց պատրաստած նյութը մի քանի ժամում արդեն տպվել էր հայաստանյան, ռուսաստանյան և այլ երկրների լրատվամիջոցներում՝ News.am, Armenia today, Panorama. am, Yerkramas.org, «Кавказский узел», diaspora-world.info, 100storon.ru, «Acher.Ru», JanArmenian.ru, «ԱԶԳ», «Մունետիկ», «Analitika», Mediagid.am, 24news.ru, Miacum.ru և այլ լրատվամիջոցներում։
Ստորև ներկայացնում ենք այդ նյութը։
Արցախցի դպրոցական. «Ես համոզվել եմ, թե նրանք որքան օտար են մեզ համար, չեմ հավատում նրանց»
Ստեփանակերտցի դպրոցական Ադելինա Ավագիմյանի կողմից Ադրբեջանի նախագահին գրված նամակին, ինչպես հայտնի է, պատասխաննել են Իլհամ Ալիեւի աշխատակազմից։ «Նոր էջ» անկախ թերթի աշխատակիցները հանդիպել են արցախցի դպրոցականին եւ փորձել պարզել, թե այն որքանով է բավարում իրեն։
Ադելինան լրագրողներին ասաց, որ դա պատասխան չէ, Ադրբեջանի նախագահի մոտ աշխատող Ասլանով ազգանունով մի մարդ իր նամակից քսան անգամ մեծ նամակ է գրել, բայց իր հարցերից ոչ մեկին չի պատասխանել։
«Ես գրել եմ, որ նա շարունակ միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին է խոսում, ուրիշ բանի մասին չի մտածում, կարծես էլ պրոբլեմներ, խնդիրներ չունի, էլ ուրիշ ոչ մի հարց իրեն չի հուզում... Հետո գրել եմ, որ ես իր մասին, իր երկրի՝ Ադրբեջանի մասին չեմ մտածում, իմ ծնողները նույնպես նրա եւ նրա երկրի մասին չեն մտածում, եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչ է ուզում մեր երկրից... Հարցրել եմ, թե ինչո՞ւ է ամբողջ ժամանակ մտածում մեր երկիրը զավթելու մասին, իրենց ինչի՞ն է պետք Ղարաբաղը, որը իրենց չի պատկանում։
Գրել եմ, որ եթե ինքը պատերազմ սկսի մեր դեմ՝ մեր երկիրը նվաճելու համար, ողջ հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, որ մեր հողը պաշտպանի։ Հարցրել եմ՝ իսկ ինքը, իր երեխաները կամ բարեկամները մասնակցելո՞ւ են այդ պատերազմին, թե՞ ուրիշ ադրբեջանցի երիտասարդների է ուղարկելու մեր երկրի վրա։ Ինչո՞ւ շարունակ զենք է գնում, ավելի լավ չէ՞ այդ փողերով այնպիսի կյանք կառուցի իր երկրում, որ բոլորը լավ ապրեն... Ավելի լավ չէ՞ այդպես անի, քան մարդկանց կռիվ ուղարկի...
Եթե իմանայի, որ այդպես են պատասխանելու, չէի գրի։ Իմ հարցերին պատասխանելու փոխարեն սկսել են հեքիաթներ պատմել։ Նրանք կարծում են, թե ես պատմություն չգիտեմ եւ ինձ փորձում են խաբել իրենց սուտ պատմություններով։
Ավելի շատ ինձ դուր չի եկել, որ ինձ պատասխանել են իբրեւ Ադրբեջանի քաղաքացու, իսկ Ստեփանակերտն էլ Խանքենդի են անվանել։ Կարծես այդ օտար մարդիկ պիտի որոշեն մեր քաղաքի անունը»,- լրագրողներին ասաց Ադելինա Ավագիմյանը։
Լրագրողների հարցին՝ Ադրբեջան այցելելու հրավերի մասին, Ադելինան պատասխանեց. «Ինչպե՞ս են ինձ Ադրբեջան հրավիրում, երբ իմ նամակից հետո ադրբեջանցիներն իրենց ինտերնետային կայքերը լցրել են բոլոր հայերին ոչնչացնելու մասին սպառնալիքներով, իմ եւ իմ հայրենակիցների մասին կեղտոտ, զզվելի բաներ են գրել... Կարծում են, թե տեղյակ չեմ, չգիտեմ, թե ինչպես են Ադրբեջանում ապրող հազարավոր հայերի սպանել կամ վտարել սեփական բնակարաններից... Արդեն լրիվ համոզվել եմ, թե նրանք որքան օտար են մեզ համար... Չեմ հավատում նրանց։ Նրանց նամակը կարդալիս ինձ թվացել է, թե օտար մոլորակներից եմ ստացել այդ պատասխանը։ Ինձ հրավիրելու փոխարեն թող իրենք գան եւ իրենց աչքերով կարդան Գանձասարի, Ամարասի եւ Արցախի մյուս հին վանքերի քարերին գրած հայերեն գրությունները»։
Ստեփանակերտ
17.08.11
«Я убедилась, насколько они мне чужие. Я им не верю», – карабахская школьница
После того, как на письмо карабахской школьницы Аделины Авагимян на имя президента Азербайджана Ильхама Алиева последовал ответ из Баку, сотрудники независимой газеты «Нор эдж» решили найти девочку и узнать, насколько она удовлетворена ответом.
Аделина сказала журналистам, что «нельзя назвать это ответом, потому что работник президента Азербайджана по фамилии Асланов не ответил конкретно ни на один мой вопрос, хотя его письмо было в двадцать раз больше моего».
«Я писала, что президент Алиев всё время говорит лишь о Карабахе и войне, словно ни о чём другом не думает и иные вопросы его не волнуют. Я спросила, почему он всё время думает о захвате нашей страны? Зачем ему Карабах, который не принадлежит им? Своих земель ему не хватает?
Я также написала, что если он начнёт войну, чтобы захватить нашу страну, то весь армянский народ встанет на защиту нашей земли, а он, его дети, родственники и друзья вряд ли будут участвовать в этой войне – на фронт будет отправлена простая азербайджанская молодежь. Я спросила президента Азербайджана, почему он всё время покупает оружие, когда на эти деньги могли бы построить такую жизнь в своей стране, что народ был бы счастлив и не имел бы никаких проблем? Не лучше ли это того, чем посылать людей на фронт?..
Если бы я знала, что мне так ответят, не стала бы писать это письмо. Вместо ответа на вопросы мне стали рассказывать «сказки». Им кажется, что я не знаю истории своей страны и пытаются обвести меня вокруг пальца. Больше всего не понравилось, что мне ответили как гражданке Азербайджана, а Степанакерт назвали Ханкенди. Словно они, эти чужие люди, должны решать, как называется мой родной город»,– сказала она журналистам.
Отвечая на вопрос о приглашении посетить Азербайджан, Аделина сказала: «Как можно приглашать меня в Азербайджан, когда в ответ на мое письмо азербайджанцы заполнили интернет угрозами об уничтожении всех армян, стали обзывать меня и моих соотечественников всякими грязными словами. Думают, что я не знаю, как они убили и изгнали из собственных домов тысячи армян, проживавших в Азербайджане? Я убедилась, насколько они мне чужие. Я им не верю. Раз уж на то пошло, то пусть лучше сами приезжают и своими глазами видят, что на камнях монастырей Ганзасар, Амарас и других древних храмов Арцаха – армянские письмена».
N 6 (31) (2011)
«ՕՐՎԱ ՀԱՑ»
Մեզանում շարքային քաղաքացիների ու շարքային ավտովարորդների վերաբերմունքը ավտոտեսչության նկատմամբ միանշանակ բացասական է։ Այդպես է եղել խորհրդային ժամանակներում, այդպես է նաև այսօր։ Դա գիտեն թե՛ առաջինները, թե՛ ավտոտեսուչները, և այսօր հույսի նշույլ չի երևում, թե վաղը կարող է ինչ-որ բան փոխվել՝ հօգուտ ավտոտեսուչների։
Ստեփանակերտում օրվա ընթացքում երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումներ կարելի է նկատել, սակայն գրեթե չեմ հիշում դեպք, որ դրա համար մեղավորները զգուշացվեն կամ տուգանվեն։ Փորձում ես փողոցը հատել, սպասում ես լուսաֆորի կանաչ լույսը վառվելուն, բայց հանկարծ հետիոտների անցման համար նախատեսված շերտավոր գծերի (մեզանում այն «զեբր» են անվանում) վրա հայտնվում է ղեկի մոտ նստած ինքնագոհ մի ապուշ, ու հետիոտները մնում են տարակուսած՝ կամ դիմացը ցցված ավտոմեքենայի գլխի վրայով պիտի հատեն փողոցը, կամ դիմացից շրջանցեն մեքենան՝ իրենց ենթարկելով խաչմերուկի մյուս հատվածներով շարժվող ավտոմեքենաների հետ «ընդհարվելու» վտանգին... Այս սցենարը կրկնվում է գրեթե յուրաքանչյուր խաչմերուկում, սակայն դեռ չեմ տեսել, որ դրա համար մեղավորներին պատժեն։
Փողոցների տարբեր հատվածներում հետիոտների համար նախատեսված նույն այդ շերտավոր հատվածը անցնելիս, հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես մանկան ձեռքը բռնած քաղաքացին շերտավոր գծերի մեջտեղը կանգնած, սպասում է, որ դիմացից սուրացող ջիպ ու մերսեդեսներն անցնեն։ Դարձյալ չեմ հիշում դեպք, որ վերոնշյալ օրինազանց ավտովարորդներին պատասխանատվության ենթարկեն։
Սակայն, փոխարենը, հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես են ավտոտեսուչները տուգանում երթևեկության կանոն չխախտած շարքային քաղաքացուն։
Հուլիսի 14-ին Ստեփանակերտին մերձակա գյուղերից մեկի մոտ, ճանապարհի եզրին կանգնած, ավտոմեքենայի էինք սպասում՝ մայրաքաղաք գալու համար։ Մեզնից 140-150 մետր առաջ ճանապարհային ոստիկանության մեքենա էր կանգնած։ Քիչ հետո տաքսի կանգնեցրի։ Այն դանդաղ կանգնեց ճանապարհի եզրին՝ մեր դիմաց։ Անկասկած ավտովարորդը դեռևս մինչև կանգնելն էր նկատել ոստիկաններին ու, հասկանալի է, որ չէր կարող իրեն թույլ տալ որևէ օրինազանցություն։ Մեքենան նստեցինք ու առաջ շարժվեցինք, սակայն ավտոտեսուչների մոտով անցնելիս, վերջիններս կանգնեցրին մեքենան, ավտովարորդին իրենց մոտ հրավիրեցին ու սկսեցին «արձանագրություն» կազմել...
Նրանցից մեկը, ավտովարորդին փորձում էր բացատրել, որ վերջինս մեքենան կանգնեցրել էր ճանապարհի կենտրոնում։ Ասաց նաև, որ դրա համար օրենքով 10 հազար դրամ տուգանք է հասնում, բայց իրենք 3 հազարն են գրում։ Ասաց, որ կարող էին 10 հազար տուգանել ու ավելի շատ «վաստակել»։ Փորձեցի միջամտել, բացատրելով, որ «տաքսին» կանգնել էր հենց ճանապարհի եզրին, որտեղ խոտերի վրա մենք էինք կանգնած։ Սակայն՝ ապարդյուն։ Ավտոտեսուչ Արթուր Օհանյանի աչքը 150 մետրից ավելի լավ էր «նկատել» երթևեկության կանոնի խախտումը, քան մենք՝ ավտովարորդը և տաքսիի մոտ կանգնած ես ու քույրս... Ի՞նչ խոսք, մարդիկ վաստակել են օրվա հացը՝ մի համեստ կտոր կտրելով ուրիշի հացից...
N 6 (31) (2011)
ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՐԿԻՆ «ՈՍԿԵ ՁՈՒ» ԵՆ ԱԾԵԼ
90-ական թթ. սկզբներին Արցախի քաղաքական գործիչներից մեկը մեկնել էր Ուրուգվայ։ Հարավամերիկյան այդ երկրից վերադառնալուն պես սկսեց աջ ու ձախ հայտարարություններ անել և հարցազրույցներ տալ, թե՝ մոտակա օրերին Ուրուգվայը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը։ Այդ հայտարարությունն աշխարհով մեկ տարածվելուց հետո դժվար չէր կռահել, որ նման բան չի լինելու։ Առաջին հերթին թեկուզ այն պատճառով, որ այդ լուրը լսելուն պես Ադրբեջանի իշխանությունները, նրանց դիվանագետներն անմիջապես հակաքայլեր են ձեռնարկելու...
Հայ քաղաքական գործի՞չն էր ցանկալին իրականության տեղ ընդունել, թե՞ հակառակորդն էր իրոք խափանել Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությունը, փաստն այն է, որ այդ հայտարարությունից շուրջ 20 տարի է անցել, սակայն Արցախը շարունակում է մնալ չճանաչված, այն դեպքում, երբ Ղարաբաղյան շարժումից տարիներ հետո անկախության դրոշ պարզած մի շարք երկրներ արդեն ճանաչվել են այլ պետությունների, այդ թվում՝ գերտերությունների կողմից։
Վերջին ժամանակներս հայկական մամուլում կրկին լուրեր էին շրջանառվում առ այն, որ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն ասել է, թե «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ և ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»։ Հետո էլ ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, և իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու և ճանաչման հարցը»։
Ձնագնդի պես գլորվելով մեծացող ու տարածվող այս լրատվությունը կարդալով, անմիջապես հիշեցի 90-ական թվականների սկզբի հայ «դիվանագետին» ու հասկացա, որ պատմությունը կրկնվում է։ Դրանում հատկապես համոզվեցի, երբ տեսա, թե ինչպես են հայ քաղաքական գործիչներն, իրար հերթ չտալով, աջ ու ձախ մեկնաբանություններ անում այդ կապակցությամբ։ Այն էլ՝ որպես կատարված, ավարտված իրողության մասին։ Անգամ կարծիքներ հնչեցին, թե Ուրուգվային, ամենայն հավանականությամբ, հետևելու են այլ պետություններ...
Ընդհանրապես մեր դիվանագետները յուրօրինակ արարածներ են. երբ պետք է խոսել, լեզուները պինդ կծում, հավի պես տապռ են անում, իսկ երբ ոչ թե խոսել, այլ գործ անել է պետք, իրար հերթ չտալով, սկսում են սոխակի պես դայլայլել... Եվ Ուրուգվայի կողմից Արցախի պետականությունը «ճանաչելուց» 2 օր հետո Regnum-ում նյութ տպագրվեց, որտեղ ասվում էր, թե Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը կապվել է Ուրուգվայի ԱԳՆ-ի հետ և, ինչպես հաղորդում է aze.az-ը, Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ռ. Կարրերասը հերքել է դա, «միանշանակ հաստատելով, որ իր երկիրը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով»։
Գուցե թե հնարավոր է, որ Ուրուգվայն իրոք ճանաչի Արցախի պետականությունը (չնայած դրանում շատ լուրջ կասկածում եմ), սակայն խնդիրն այլ է։ Այս ամենը կարծես թե հիշեցնում է ոսկե ձու ածող հավի պատմությունը։ Դեռ «ձու չածած», մեր դիվանագետները սիրում են աշխարհով մեկ տարածել, թե՝ ահա-ահա մի չտեսնված-չլսված ոսկե ձու ենք լույս աշխարհ բերելու... Մինչդեռ ժողովրդական հայտնի խոսքն այլ բան է հուշում. «Գետը չհասած, փողքերը վեր չեն քաշի»... Թե՞ մեր դիվանագիտությունը շարունակում է ապացուցել, որ գետնաքարշ եղել է, գետնաքարշ էլ մնացել է, և դեռ բոլորիս ջգրու՝ այդպես էլ մնալու է...
N 7 (32) (2011)
ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՆԱԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Ցանկացած լրատվամիջոցի և լրագրողի հիմնական խնդիրը ստացած, ձեռք բերած տեղեկատվությունը հնարավորինս շուտ ընթերցողին, հեռուստադիտողին կամ, ինչպես այսօր ասում են, սպառողին հասցնելն է։ Այս հարցում հայ լրագրողները թերևս չեն զիջում այլազգի իրենց գործընկերներին։ Այս խնդրում միանշանակ պարտաճանաչ են, քաղաքականություն խաղալ չեն սիրում՝ ձեռքբերած յուրաքանչյուր լրատվություն անմիջապես սփռվում է։
Ցանկանում են, թե չեն ցանկանում, հայ լրագրողները հակամարտող երկրներում աշխատող շատ լրագրողների պես մասնակցում են մի պատերազմի, որ կոչվում է տեղեկատվական։ Սա ևս քաղաքականության պես մի բան է, որտեղ լրագրողն այլընտրանք չունի։ Հիշում եք, չէ՞, հայտնի արտահայտությունը, որ մոտավորապես այսպես է՝ եթե դու քաղաքականությամբ չզբաղվես անգամ, միևնույն է, քաղաքականությունը զբաղվելու է քեզանով։ Այդպես էլ այս տեղեկատվական պատերազմն է, որից գրեթե հնարավոր չէ խուսափել։
Ճիշտն ասած, երբեմն մտածում եմ, թե բախտներս բերել է, որ մեր հակառակորդը թուրք-ադրբեջանցիներն են։ Չնայած, միաժամանակ մեր ամենամեծ ողբերգությունն այն է, որ աշխարհի հարյուրավոր ազգ ու ցեղերից սրանք են մեզ բաժին ընկել։ Բախտներս բերել է՝ մակարդակի առումով։ Որովհետև այնքան թույլ ու հիմար են, որ, կարծես, այնքան էլ դժվար չէ սրանց հաղթել։ Սրանց հետ գործ ունենալը նաև դժբախտություն է մեզ համար՝ դարձյալ մակարդակի առումով։ Երբեմն մենք էլ չենք նկատում, թե ինչպես ենք իջնում, հավասարվում նրանց մակարդակին։ Բայց սա մեր ամենամեծ դժբախտությունը չէ։ Ցավն այն է, որ թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական պատերազմներում հաղթողը նրանք են։
Հստակ չեմ հիշում, թե ղարաբաղյան շարժումից առաջ Ադրբեջանում տառաճանաչությունը քանի տոկոս էր կազմում, ձեռքիս այդ տվյալները չունեմ։ Սակայն չեմ կարող չնկատել, որ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո սրանց մոտ լրագրությունը յուրօրինակ «բում» է ապրում։ Աջ ու ձախ գրում են, ու հիմնական թեման էլ Ղարաբաղն է։ Այս «Գարաբաղն» ուղղակի խելագարության աստիճանի մթագնել է նրանց ուղեղները։ Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Ղարաբաղն իրոք նրանցը լիներ։ Զսպաշապիկն անգամ նրանց չէր օգնի։
Մարդիկ, որ նոր-նոր են սովորել իրենց նորաստեղծ այբուբենը, մոլեռանդորեն փորփրում են ձեռքներն ընկած ամեն ինչ, գիրք թե ինտերնետ, պահածոյատուփ թե գետնին ընկած քարի մի կտոր ու մեջները «Ղարաբաղ» որոնում... Եվ գտնում են։ Մեկ էլ տեսար՝ նրանց լրատվամիջոցները «ջիհադ» հայտարարեցին աշխարհի ինչ-որ կազմակերպության կամ ընկերության, ինչ է թե՝ նրանց կայքում Ղարաբաղը ներառել են Հայաստանի կազմում։
Վերջերս ադրբեջանցիները հանկարծ նկատել են, որ ամերիկյան ինտերնետ-հեռախոսակապի Magic Jack ընկերությունը, որը հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով շփվելու աշխարհի բոլոր երկրների հետ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է նույն բաժնում: Եվ ինչպիսի՜ փոթորիկ ազերական ԶԼՄ-ներում։ Դրանից առաջ էլ մեր հարևաններին կատաղեցրել էր Google-ը, որ իր Google Voice ծառայության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացրել էր որպես Հայաստանի մաս:
Փորձեցի ստուգել, թե ինչով է ավարտվել Ադրբեջանի պատերազմն այդ ընկերությունների դեմ։ Google Voice-ը դեռ տեղի չէր տվել, «Հայաստան-Ղարաբաղը» անփոփոխ էր մնացել, իսկ ահա Magic Jack-ը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» հանել էր Հայաստանի բաժնից և մտցրել սուվերեն Ադրբեջանի բաժնի մեջ, անվանումը թողնելով անփոփոխ՝ NAGORNO-KARABAKH REPUBLIC...
Կասկած չունեմ, որ վաղը կամ մյուս օրը Google Voice-ը ևս տեղի է տալու ազերիների գրոհներին։ Ի դեպ, ասեմ, որ Googl-ի blogspot.com-ում բլոգներ ունեցող արցախցիները բլոգ այցելողների բաժինը ստուգելիս վերջերս նկատել են, որ Արցախից բլոգ մտնողները նշված են «Ադրբեջան» պետության կազմում։ Ինչպես հանրահայտ Google Earth-ում (Երկիր մոլորակ) արդեն ազերական անուններով է կնքված Արցախի բնակավայրերի մեծ մասը...
Վերջերս Facebook-ում նոր նախաձեռնություն է ստեղծվել՝ ի պաշտպանություն Google Earth-ում Արցախի մայրաքաղաքի ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ անվանման։
Արդեն նկատել եմ, որ Արցախի «պատկանելության» հետ կապված այս յուրօրինակ պատերազմում հակառակորդին որոշ աջակցություն են ցույց տալիս նաև հայկական լրատվամիջոցները։ Բավական է ինչ-որ մի կայքում կամ թեկուզ ոչ էական մի փաստաթղթում նկատենք, որ Արցախը ներառած է Հայաստանի կազմում կամ որպես անկախ պետություն, անմիջապես լույս աշխարհ ենք հանում դա, կարծես ազերիներին «քսի տալու» համար, իսկ սրանք պաշտոնական ու ոչ պաշտոնական իրենց խողովակներով մի քանի օր հետո «շտկում են սխալը»։ Սա նկատի ունեմ, երբ վերևում ակնարկել եմ, որ հայերս պարտաճանաչ կատարում ենք մեր մասնագիտական պարտքը, քաղաքականություն խաղալ չենք սիրում՝ ձեռքբերած յուրաքանչյուր լրատվություն անմիջապես տարածում ենք... Չնայած դրանից ավելի շատ սնապարծության հոտ է գալիս՝ տեսե՛ք, այսինչ ընկերությունը «ճանաչել է Ղարաբաղի անկախությունը»...
N 7 (32) (2011)
ՔԱՆԴԵՆՔ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՈՐ ՇԻՆԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ...
Լուսանկարում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցն է։ Շատ հնարավոր է, որ շատերն անմիջապես չճանաչեցին այն, քանի որ մենք բոլորս՝ ծեր թե ջահել, ծնված օրից մի ուրիշ, միանգամայն տարբեր տեսքով գիտենք հիվանդանոցի շենքը։ Հիվանդանոցի առջև ծառեր կային, որ մի առանձին շուք էին հաղորդում շենքին։
Այսօր հանրապետական հիվանդանոցի դիմացն ահա այսպես լերկ ու մերկ է՝ անապատի պես։ Վերջերս դիմացի բոլոր 60-70 ծառերը հատեցին, ապա էքսկավատոր ու բուլդոզերով հիվանդանոցի ձախ մասի ողջ երկայնքով շուրջ 5-6 մետր խորությամբ հսկա մի փոս փորեցին... Պարզվեց, որ այս անգամ ոչ թե «էլիտար» նոր շենք են կառուցելու, այլ խոշոր ջրավազան՝ հիվանդանոցից ներքև գտնվող, այսպես կոչված, «Ստեփգէս» և հարակից թաղամասերին ջուր մատակարարելու համար։ Մի քանի օր հետո հիվանդանոցի առջև նորից բուլդոզեր, բեռնատարներ ու այլ տեխնիկա հայտնվեց... Այս անգամ, սակայն ոչ թե քանդում, այլ, ընդհակառակը, բեռնատարներով հող էին բերում, փոսը լցնում ու քանդածը կրկին հարթեցնում...
Պարզվեց՝ մի «փոքր» թյուրիմացություն է կատարվել. ջրավազանը ոչ թե հիվանդանոցի առջև, այլ մի 150-200 մետր հեռու՝ Հուշահամալիրի և օդերևութաբանական ծառայության միջև գտնվող հատվածում պիտի սարքեին...
Հետաքրքիր է. որևէ մեկը պատասխա՞ն է տալու բազմաթիվ այդ գլխատված ծառերի ու աննպատակ կատարված աշխատանքների համար... Հազիվ թե։
Գոնե լավ է, որ «շուտ» հասկացան։ Պատկերացրեք՝ ջրավազանը կառուցեին, խողովակները քաշեին և դրանից հետո միայն գլխի ընկնեին թյուրիմացությունը։ Լավ ենք պրծել...
Վերջերս մեզ մոտ շինարարական նոր ավանդույթ է ձևավորվել։ Եղածը հիմնահատակ քանդում ենք, տեղը նորը կառուցում... Մի այլ ավանդույթ էլ է կյանքի կոչվել՝ ծառահատումը։ Ստեփանակերտում հարյուրավոր, ավելի ճիշտ՝ հազարավոր ծառեր են հատվել... Կեցցե՛ «գազոնը»։ Այսօր մեր կյանքի չափանիշը գազոնն է... Խոսքը նաև քայլող, երկոտանի «գազոնների» մասին է։
N 7 (32) (2011)
ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Ֆրանսիայի Սենատում այդ երկրում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած «Հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. մոռացված հակամարտություն» և «ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը» թեմաներով կլոր սեղանի ընթացքում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ելույթ է ունեցել և, «Ազերիպրես» գործակալության եվրոպական բյուրոյի հաղորդման համաձայն, հայտարարել. «Իհարկե, ես հրաշալի հասկանում եմ Ադրբեջանի ցավը, այդ երկրի տարածքներն օկուպացված են...»։
Եթե բանակցասեղանին գտնվող հիմնական խեղկատակությունը՝ «Մադրիդյան սկզբունքներ» անվամբ (որտեղ տող անգամ չկա Արցախի, հայկական կողմի օգտին), մի կողմ դնենք, ապա երեք համանախագահներից մեկի այս հայտարարությունը ևս բավական է, որ հայ քաղաքագետ-դիվանագետների հետպատերազմյան ողջ գործունեությունը գնահատվի «անբավարար»։ Հետաքրքիր է, շուրջ երկու տասնամյակ հայ ղեկավարներն ինչի՞ մասին էին խոսում ԵԱՀԿ ՄԽ բազմասերիանոց հանդիպումներում, երբ այդ նույն կառույցի համանախագահներից մեկը «հրաշալի հասկանում է Ադրբեջանի ցավը», որովհետև «այդ երկրի տարածքներն օկուպացված են...»։
Ես ամենևին չեմ մեղադրում ծերուկ Բեռնարին։ Հակամարտող կողմերից մեկը նրան այդպես է բացատրել խնդրի էությունը։ Իսկ մյուս՝ հայկական կողմը, «այդ դասին ներկա չի եղել» կամ ցանկություն չի ունեցել այդպիսի մանր-մունր խնդիրների շուրջ ծավալվելու։
Վատ դարպասապահի վրա ֆուտբոլասերները բղավում են. «Արա՛, տեղդ մի քար դիր, դո՛ւրս եկ...»։ Շուրջ երկտասնամյակ է՝ «բանակցություն» խաղացող հայ ղեկավարները չեն կարողանում հասկանալ, որ վաղուց ժամանակն է բանակցասենյակի դուռն իրենց հետևից փակեն ու գնան իրենց դարդ ու ցավին...
Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ պատերազմում հաղթող կողմի դիվանագիտությունն այնքան խեղճ, գետնաքարշ ու ողորմելի է, որ ձեռքում ունենալով իրավական-պատմական-քաղաքական հաղթաթղթեր, հայտնվել է մեղավորի, «օկուպանտի», պարտվողի դերում։ Կարծես մեր ժողովուրդը բաժանված է եղել երկու մասի։ Մի մասը կռվել, հաղթել, զոհվել, սպառվել-պրծել է, մյուս մասը եկել՝ վայելում է հաղթանակի պտուղներն ու անհոգ քամուն տալիս նրա ստեղծածը, նրա հոգևոր ու նյութական ժառանգությունը։
Հաճախ է խոսվում այն մասին, որ վերջին 20 տարում շուրջ 1.5 միլիոն մարդ լքել է Հայաստանը։ Հաղթող ժողովուրդն ինչո՞ւ է լքում իր երկիրը, իր սեփական հողը։ Եվ այդ ովքե՞ր և ինչո՞ւ են ստիպում նրան լքել հայրենի տունը... Ինչո՞ւ երբեմնի քաջ ու հպարտ ժողովուրդն այնքան խեղճացավ, որ միակ ելքը համարում է արտագաղթը։
Երկու օր առաջ նշեցինք Հանրաքվեի և մեր Սահմանադրության օրը։ Դա մեր երկրի Մայր օրենքն է, որտեղ ամենավերջում, մի ինչ-որ 142-րդ հոդվածում խոսվում է ազատագրված հողերի, այսպես ասած, ամրագրման մասին։ Խոսվում է անհամարձակ, մի քիչ երկիմաստ. ասես մենք ինքներս այնքան էլ վստահ չենք, որ դա ՄԵՐՆ է։
Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը News.am-ին տված ճեպազրույցում հայտնել է, որ ԼՂՀ Սահմանդրությունը անհրաժեշտ է փոփոխել, ու նրա մեջ պետք է ամրագրել ԼՂՀ ներկայիս փաստացի սահմանները, և «դա պետք է ամրագրվի ոչ թե վերջին, այլ երրորդ-չորրորդ կետերում: Այդ հոդվածը պետք է չփոփոխվող դրույթի կարգավիճակ ունենա»։
Ճիշտը դա է։ Տեր կանգնենք մեր հաղթանակին, մեր երկրին, պարոնայք։
N 8 (33) (2011)
ԴՈՒՔ ՄԵԶ՝ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԵՆՔ ՁԵԶ՝ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ
Արդեն հայտարարել են, որ այս ուսումնական տարում Ստեփանակերտ և Շուշի քաղաքների դպրոցներում կիրագործվի «Նուռ» ծրագիրը, որի շրջանակներում համակարգիչներ՝ լափթոփներ կտրամադրեն հանրակրթական դպրոցների 1-4 դասարանների աշակերտներին։ Ծրագիրը մշակվել է որպես շարունակություն «համակարգիչ՝ յուրաքանչյուր երեխայի» գաղափարի: Մամուլի հրապարակումներից գիտենք, որ ծրագրի նպատակն է զարգացած երկրների կրթական փորձի կիրառումը. դպրոց-ընտանիք-աշակերտ կապի ամրապնդումը՝ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով, աշակերտների համար ուսուցման հավասար պայմանների ստեղծումը, սեփական համակարգիչ ունենալու միջոցով տեղեկատվության հասանելի դարձնելը և այլն:
Չնայած համակարգիչները դեռ չեն բաժանել երեխաներին, բայց վերջերս տարրական դասարանների աշակերտների ծնողներին տրամադրեցին հարցաշարեր, որի նպատակը այդ հարցաշարում այսպես է ձևակերպված. «Սիվիլիթաս հիմնադրամը խնդրում է լրացնել հարցաշար, որը կազմում է ՆՈՒՌ ծրագրի մոնիտորինգի և գնահատման փուլի մասը... Հիմնվելով Ձեր պատասխանների վրա՝ մենք հնարավորություն կունենանք օբյեկտիվորեն գնահատել «Մեկ լափթոփ մեկ երեխայի համար» ծրագրի և XO համակարգիչների տրամադրման ազդեցությունը»։
Եվ դեռևս համակարգչի երես չտեսած երեխաների ծնողներին առաջադրել են 77 հարց, որպեսզի պարզեն այդ «ծրագրի և XO համակարգիչների տրամադրման ազդեցությունը»։
Հետաքրքիրն այն է, որ «համակարգիչների տրամադրման ազդեցությունը» որոշելու համար շատ տարօրինակ հարցեր են առաջադրել։ Կարծես համակարգիչների «տրամադրման ազդեցությունը» կապված է, թե արցախցիների ընտանիքներում ովքեր են ապրում և երբ են ծնվել, քանի գունավոր կամ ոչ գունավոր հեռուստացույց, լվացքի մեքենա, ավտոմեքենա ունեն և դրանք երբ են գնել։ Արցախցիները հետաքրքրվո՞ւմ են, արդյոք, երկրի ներքին քաղաքականությամբ, որքանո՞վ են բավարարված իրենց կյանքով, ընտրության ազատություն ունե՞ն և կարո՞ղ են կյանքը վտանգել իրենց երկրի համար, արդարության, ազատության, խաղաղության համար...
Ըստ երևույթին, արտասահմանցի «բարեկամներին» չափից դուրս շատ հարցեր են հետաքրքրում Արցախի մասին, որի դիմաց նրանք մեր երեխաներին համակարգիչներ պիտի տան...
Անձամբ ես դեմ չեմ երեխաներին տրվելիք համակարգիչներին։ Բայց իմ համերկրացիներին խորհուրդ կտայի այսուհետ նման հարցաշարերի պատասխանելիս միամտորեն «դուրս չթափել» իրենց ընտանիքի և երկրի բոլոր գաղտնիքները։
N 8 (33) (2011)
ՄԻ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՄՅՈՒՍԸ
Լուրջ ազգ չենք։ Ծայրահեղությունների մի յուրօրինակ կծիկ ենք։ Ամեն ինչում և ամեն հարցում։ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու մասին Ֆրանսիայի Սենատի վերջին որոշման վերաբերյալ մեր արձագանքը դրա վառ ապացույցներից մեկն է։ Մի կողմից՝ անսահման, չափի մեջ չտեղավորվող հրճվանք, մյուս կողմից՝ արհամարհանք առ այդ որոշումը։ Վերջինները՝ արհամարհողները, գտնում են, որ ոգևորվելու պատճառ չեն տեսնում, Ֆրանսիան դա արել է իր շահերից ելնելով...
Հարգելիներս, աշխարհի քարտեզի վրա ցույց տվեք մի այլ երկիր, որ իր պետական-ազգային շահերը մի կողմ դրած, բարեգործություններ է շաղ տալիս շուրջբոլոր։ Մեր հյուսիսային եղբայր կոչվածը, որ իր «ավանդն» ունի մեր ժողովրդի վերջին երկհարյուրամյակի ողբերգությունների մեջ, Հայաստանը ծառայեցնում է բացառապես իր շահերին։ Նրա համար հայերը, վրացիները, ազերիները, չեչեն-ինգուշները, լեզգիները, կաբարդինները և այլք ընդամենը «կովկասյան ազգության ներկայացուցիչներ են»...
Այդ մենք ենք, որ կուրորեն բարեկամներ ենք փնտրում աշխարհով մեկ։ Մեզ հետ հարաբերվելիս յուրաքանչյուրն առաջնորդվում է միայն իր շահերից ելնելով... Պարզապես մենք պիտի կարողանանք բաց չթողնել առիթը՝ ինքներս էլ մեր ազգային խնդիրները լուծելու։ Ուրիշ ձև չկա, ու աշխարհը միայն սև և սպիտակ գույներից չի կազմված...
Մեր բոլոր դժբախտությունների պատճառներից մեկը հենց դա է։ Մենք առաջնորդվում ենք միայն այսրոպեական զգացմունքայնությամբ։ Մինչդեռ մարդուն ի վերուստ տրված է նաև սառը դատելու ունակությունը։ Աշխարհը պիտի ճանաչենք այնպես, ինչպես այն կա, այլ ոչ թե այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում կամ ինչպես մենք ենք ցանկանում...
Իրոք գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ն, շարունակ խաղարկում են ցեղասպանության հարցը... Շատ հնարավոր է, որ Ֆրանսիայի այս քայլը ամենից առաջ իրեն է պետք։ Բայց այն նաև մե՛զ է ձեռնտու։ Իրենք թող իրենց ուզած ձևով օգտվեն դրանից, մենք՝ մեր ուզած ձևով։ Քաղաքականությունը հենց դա է, այլ ոչ թե այն, որ ազերիները «փոխզիջում» բառը դեռ չեն արտաբերել, իսկ մեր վայ-դիվանագետներն արդեն ծայրից-ծայր բանակցասեղանին են դրել այն բոլորը, որ կարող ենք «փոխզիջել», հանձնել թշնամուն...
Որ մենք այսօր գործոն չենք, սուբյեկտ չենք, դրանում ամենաառաջին և ամենամեծ մեղավորը մենք ինքներս ենք։ Երբ ինքներս մեզ չենք հարգում, լուրջ չենք ընդունում (խոսքը դատարկ սնապարծության մասին չէ - դա մեր մի այլ ծայրահեղություններից է), ինչպե՞ս կարող է ուրիշը, աշխարհը մեզ հարգել և լուրջ ընդունել։
Ամենաթարմ օրինակը։ Ընդամենը մեկևկես տասնամյակ առաջ Արցախը սուբյեկտ էր, հաշվի էին նստում հետը, անգամ թշնամին ստիպված էր նույն բանակցասեղանի շուրջ նստել Արցախի ներկայացուցչի հետ... Այսօր այդ նույն Արցախը մեր իսկ մեղքով, մեր, այսպես կոչված, ՀՀ ղեկավարների, դիվանագետների մեղքով դարձել է ողորմելի մի ՕԲՅԵԿՏ, որի գլխի վրա վարսավիրություն են սովորում ամեն տրամաչափի հայ և այլազգի բախտախնդիրներ...
Մեր պատմության ոչ մի սխալից այդպես էլ դասեր չքաղեցինք, և մեր պարագայում պատմությունն անընդհատ կրկնվում է, և անընդհատ կորցնում ենք, կորցնում հող, երկիր, արժանապատվություն... Բայց մի օր պետք է կանգնեցվի այս նահանջը։ Մեծ հայրենականում ասում էին՝ ետևում Մոսկվան է...
N 1 (34) (2012)
ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ
Նոր տարվա երկրորդ օրը կյանքից հեռացավ Արցախի լավագույն զավակներից մեկը՝ ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Մարդ, որի հետ 25 տարի առաջ հաշվի էին նստում, փորձում տեղ գրավել նրա շրջապատում, անգամ քծնում, շողոքորթում էին նրան, որպեսզի ստանան նրա բարեհաճությունը։ Բարձր պաշտոններ է զբաղեցրել խորհրդային տարիներին։ Եղել է մարզկոմի 3-րդ քարտուղար, աշխատել ԼՂ ռադիոհաղորդումների խմբագրության նախագահի, ապա՝ «Սովետական Ղարաբաղ» («Խորհրդային Ղարաբաղ») թերթի գլխավոր խմբագրի պաշտոններում...
Հետո նոր ժամանակներ եկան. Արցախյան շարժում, պատերազմ... ԼՂՀ կազմավորման առաջին տարիներին «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակիցն էր Արցախում։ Բազմաթիվ հոդվածներ է տպագրել ոչ միայն այդ և հայաստանյան այլ թերթերում, այլև ռուսական մամուլում։
Այսօր, երբ շատերն իրենց և իրենց «կենսագիրների» թեթև գրչով շարունակում են սրբագրել-խմբագրել սեփական անցյալն ու փորձում ժողովրդին ներկայանալ հրեշտակի կերպարանքով, Եղիշե Սարգսյանի խորհրդային տարիների գործունեության մեջ ձգտում են տեսնել միայն այն, որ ավելի շատ բնորոշ է իրենց կենսակերպին...
Բայց Այդ մարդկանց և Այն ժամանակների մասին չէ խոսքը, այլ Նոր դժվարին ու գուցե թե ավելի ծանր մեր ժամանակներում Մտավորականի պահվածքի մասին։ Այն ամենը, ինչ զանազան պատճառներով Եղիշե Սարգսյանը չկարողացավ կատարել ոչ հեռավոր անցյալում, փորձում էր կատարել Նոր ժամանակներում։ Դեռևս Ա. Ղուկասյանի գահակալության վերջին շրջանում նա սուր քննադատական հոդվածներ տպագրեց վերջինիս գործունեության մասին։
«Նոր էջ» թերթի ստեղծման առաջին իսկ օրվանից Եղիշե Սարգսյանը դարձավ մեր թերթի ամենաակտիվ թղթակիցը և «Նոր էջի» մասին ասում էր՝ ՄԵՐ ԹԵՐԹԸ։ Իր այդ «մեր թերթ»-ում տպագրած հոդվածներում ոչ միայն քննադատորեն էր վերաբերվում այսօրվա մեր աններելի սխալներին՝ սկսած հողի սեփականաշնորհումից, այլև փորձում կատարած սխալները հաղթահարելու ուղիներ գտնել։ Նա բացեիբաց խոսում էր այն ամենի մասին, ինչի մասին նրա նախկին գործընկերները, ժամանակակիցները վախենում են խոսել...
Անընդհատ մտահոգված էր մեր երկրի ու ժողովրդի ճակատագրով և, չնայած պատկառելի տարիքին, աշխատում էր երիտասարդական եռանդով. անգամ գրքեր էր խմբագրում, մեզ պատմում, թե դեռ որքա՜ն ծրագրեր ունի... Իր ոգևորությամբ մեզ էլ էր վարակում և մի պահ մեզ էլ էր հնարավոր թվում այդ ամենը... Բայց...
2012-ի հունվարի 2-ին մի Մարդ ևս հեռացավ կյանքից...
«ՆՈՐ ԷՋ»-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
N 1 (34) (2012)
13 ՓԵՏՐՎԱՐԻ 1988 Թ.
ՓԵտրվարի 13-ի՝ Ազգային զարթոնք խորհրդանշող այդ օրվա վերաբերյալ գրել էի ուղիղ 4 տարի առաջ։ Այսօր այդ օրը կարծես մոռացվում է, փոխարենը՝ ուռճացվում փետրվարի 20-ի դերն ու նշանակությունը։
Նոր սերնդին կարող է թվալ, թե փետրվարի 20-ին խորհրդային մեր պատգամավորները գրչի մի հարվածով, քվեարկության համար վեր պարզած ձեռքերով նախանշել են Արցախի նորագույն պատմության սկիզբը։ Այո, ամեն ինչ իրոք սկսվել է 1988-ի փետրվարից։ Բայց ոչ թե 20-ից, այլ փետրվարի 13-ից, երբ արցախցի ուսանողներից կազմված փոքրիկ մի խումբ ցուցապաստառներով, Լենինի և Գորբաչովի լուսանկարներով շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ և սկսել վանկարկել՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»... Ուսանողներին են միացել մի քանի տասնյակ անցորդներ, մարզկոմի շենքի հարևանությամբ գտնվող «Խորհրդային Ղարաբաղ» թերթի երիտասարդ լրագրողներ ու աշխատակիցներ...
Փետրվարի 13-ը ազդարարել է Արցախի ազատագրական պայքարի սկիզբը։ Այդ օրը, Հայաստանի հետ վերամիավորման մասին ցուցապաստառներով թե առանց ցուցապաստառների, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ են մտել ամենաքաջերն ու հայրենասերները։ Այդ օրը կենտրոնական հրապարակում հավաքվածներին հարևան մայթերից նայող մարդկանց մեծ մասը տագնապած ու շոկի մեջ էր։ Այդ օրը ղարաբաղցին, հայը մարտահրավեր նետեց իր մեջ նստած ստրուկին...
Եվ սկսվե՜ց... Մի քանի տասնյակները դարձան հարյուրավորներ, հազարավորներ... Համազգային Զանգի ղողանջներն արձագանքվեցին Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, Սփյուռքի հայկական օջախներում։ Իսկ այն, ինչ կատարվեց փետրվարի 20-ին, դա 13-ի տրամաբանական շարունակությունն էր։
Փետրվարի 20-ին պատգամավոր-չինովնիկներից շատերին մի կերպ բռնել (ոմանք վախից թաքնվել էին), զոռով բերել էին նիստի... Այդ մարդկանց գերակշիռ մասը փետրվարի 13-ին բարիկադի հակառակ կողմում էր կանգնած, երբեք ժողովրդի հետ չի եղել։ Մարզգործկոմի շենքը շրջափակած 60-70 հազար մարդ պահանջում էր Այդ որոշումը։ Նրանց ելույթները լսում էին դրսում՝ 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Մի-ա-ցո՛ւմ», «Հա-յաս-տա՛ն» վանկարկելով։ Պատգամավորներն այլ ելք չունեին. նրանք պետք է թղթի վրա վավերացնեին այն որոշումը, որ արդեն կայացրել էր ժողովուրդը։
Եթե փետրվարի 13-ին ղարաբաղցին, հայը մարտահրավեր է նետել իր մեջ նստած ստրուկին ու սպանել նրան, վերոհիշյալների մեջ ստրուկը միշտ էլ մնացել է ու կա... Հենց սրանց և սրանց նմանների գործուն մասնակցությամբ է ՄԻԱՑՄԱՆ գաղափարը խեղաթյուրվել... Տարիներ հետո սրանք արդեն իրենց հերոսի լուսապսակով են սկսել ներկայացնել, նաև բարձր պարգևներ ստացել...
Ի դեպ, Արցախի 1-ին գումարման Գերագույն խորհուրդը փետրվարի 13-ը ընդունել էր որպես Վերածննդի օր։ 2-րդ գումարման ԳԽ-ն, որտեղ որոշ տոկոս էին կազմում փետրվարի 20-ի նիստին մասնակցած չինովնիկները, այն փոխել, դարձրել է փետրվարի 20...
Ահա թե որն է փետրվարի 20-ի և ՓԵՏՐՎԱՐԻ 13-ի տարբերությունը։ Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր 1988-ի փետրվարի 13-ի սովորական այդ օրը Ազատ ապրելու մարտահրավեր նետեցին Խորհրդային կայսրությանը և Արցախի ազատագրական պայքարի սկիզբը դրեցին։
Շատերի անունները, ովքեր ազատագրական պայքարի առաջին իսկ օրից Ազատամարտի զոհասեղանին են դրել իրենց կյանքը, ցավոք, աստիճանաբար մոռացվում են... Փետրվարի 13-ը անգամ կարծես մոռացվում է արդեն։
N 2 (35) (2012)
«ԱՆՏԵՐ» ՏԱՐԱԾՔՆԵՐ
Ավստրիական մի թերթի տված հարցազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Տարածքների վերադարձման մասին կետը Մադրիդյան սկզբունքների կետերից մեկն է, սակայն Ադրբեջանը պետք է հասկանա, որ Մադրիդյան սկզբունքները մի ամբողջություն են»։ ՀՀ արտգործնախարարը ազատագրված տարածքներն անվանել է, ոչ ավել, ոչ պակաս՝ «բուֆերային տարածքներ»...
Ազատագրված տարածքները հանձնելը վաղուց դարձել է հայաստանյան իշխանությունների սիրած թեման։ Դեռ ժամանակին Վարդան Օսկանյանն այդ հողերն անվանել է «օկուպացված տարածքներ», ապա սկսել այդ կապակցությամբ վրդոված հանրությանը երկար-բարակ բացատրել, որ իբր «օկուպացիա» բառն անգլերենում այլ իմաստ ունի։ Իսկ մինչ այդ հիշյալ տարածքները հանձնելու ծրագիր էր ուզում իրականացնել Լ. Տեր-Պետրոսյանը, և հենց Արցախի հարցում որդեգրած պարտվողական-դավաճանական գործելակերպի համար ստիպված եղավ հրաժարական տալ։
Ցավոք, ԼՏՊ-ի ցանած սերմն արդեն արմատներ էր ձգել հայ քաղաքական գործիչների գլխում։ Նրանից հետո հայաստանյան իշխանությունները շարունակեցին «զարգացնել» ազատագրված հողերը հանձնելու ծրագիրը՝ արդեն բանակցային գործընթացի տեսքով, որպես մարտավարություն ընդունելով այսօրինակ հեղհեղուկ մի սկզբունք. այն, ինչ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, հայկական կողմը (տվյալ դեպքում՝ Հայաստանը) պետք է անհապաղ ընդունի... Եվ «ընդունեցին» Մադրիդյան սկզբունքները, դրա «նորացված-թարմացված» տարբերակները և այլն, որ միանշանակ տանում են դեպի Արցախի հայաթափում։ Անգամ հպարտ տեսքով հայտարարեցին, որ «այդ տարածքները» չեն բնակեցվում։ Գոնե նրանք հիշեն 1988-ը։ Ազերիներն ինչպիսի՜ եռանդով էին փորձում Խոջալուն ու ազերաբնակ մյուս բնակավայրերը կարճ ժամկետում քաղաք դարձնել...
ՀՀ քաղաքական առաջին դեմքերը փոխվեցին, սակայն Արցախի հարցում պարտվողական քաղաքականությունը երբեք չփոխվեց, մնաց նույնը, և այսօր էլ եթե ՀՀ քաղգործիչները խոսում են հակամարտության կարգավորման մասին, ապա անմիջապես հավելում են, որ այն պիտի լուծվի միմիայն «փոխզիջման» սկզբունքով։ Միայն հայտնի չէ, թե ինչ է փոխզիջելու Ադրբեջանը, որը հավելյալ լիցք ստանալով հայ դիվանագետների երկչոտ պահվածքից, օրեցօր ավելի կարծր դիրքորոշում է որդեգրում՝ պահանջելով ԱՄԵՆ ԻՆՉ...
Բոլոր այն քաղաքական գործիչ կոչեցյալները, ովքեր շարունակում են հայտարարություններ անել ազատագրված տարածքները թշնամուն զիջելու մասին, տարածքներ, որ ամրագրված են Արցախի Սահմանադրությամբ, նմանվում են հնագույն մասնագիտությամբ այն կնոջը, որն օրուգիշեր մտածում է միայն տրվելու մասին...
Պարոնայք, դուք կարող եք թշնամուն «փոխզիջել» միայն այն, ինչ ձեզ է պատկանում. ձեր բնակարանը, ավտոմեքենան, կինը, սեփական կոստյումը... Այդ տարածքները դուք չեք ազատագրել, որ ձեռին «կրակն եք ընկել»...
N 3 (36) (2012)
ԾԱՌ ԵՎ ՎԱՌԵԼԱՓԱՅՏ
Կարելի է նաև մի լավ խորոված անել... Հատկապես երբ արդեն Վերածննդի հրապարակում խարույկ վառելու ավանդույթ է ձևավորվել...
Ս. թ. մարտի 27-ին ծառերի ջարդ եղավ նաև Վազգեն Սարգսյան փողոցում՝ «ռոզովիյ շենքի» դիմաց...
«Մարտադաշտ»... Տապալված, գետնին փռված ծառերն արդեն ընդամենը վառելափայտ են... Հետաքրքիր է, ընկնելուց առաջ ի՞նչ էին մտածում մարդկանց մասին...
N 3 (36) (2012)
ԿԱՆ ՄԱՐԴԻԿ...
Կան մարդիկ, որոնց թվում է, թե Երկրագունդը պտտվում է միայն իրենց համար։
* * *
Կան մարդիկ, որոնց հետ սկզբում հետաքրքիր ու հաճելի է լինում, հետո՝ ձանձրալի, վերջում՝ զզվելի։
* * *
Մարդու մի տեսակ կա, որ ինչի մասին խոսում է, միշտ իր մասին է դուրս գալիս։
* * *
Երբեք չի կարելի հույս դնել այն տղամարդկանց վրա, ովքեր «շրջազգեստ» տեսնելիս իսկույն մոռանում են իրենց ընկերներին։
* * *
Կան մարդիկ, ովքեր քո աշխատանքի դիմաց երբ վճարում են քեզ, կարծում են, թե լավություն ու բարեգործություն են անում քեզ համար...
* * *
Կան փոքրիկ, նախանձ ու չնչին մարդուկներ, ովքեր հենց որ պաշտոն են ստանում, անմիջապես «մեծանում» են։
* * *
Կան մարդիկ, որոնց ընդդիմություն դառնալու միակ պատճառը պետական կերակրամանից զրկվելն է։ Նրանց «չեզոքացնելու» ամենահեշտ ձևը կրկին կերակրամանի մոտ նստեցնելն է։
* * *
Կան չափազանց «խելոք ու քաղաքակիրթ» մարդիկ, որոնց երբ անվանում ես հիմար, միայն հաջորդ օրն են գալիս, թե՝ պատիվ եմ պահանջում։
* * *
Կան մարդիկ, ովքեր փողոցում հանդիպելով մի քանի օր առաջ իրենց բնակարանն անվճար վերանորոգած բարեկամին, ասում են. «Անցյալ օրը լուցկիս կորել է, հո դուք չե՞ք վերցրել...»։
* * *
Կան մարդիկ, որոնց խիղճը միշտ հանգիստ է, որովհետև շարունակ քնած է լինում։
* * *
Կան տղամարդիկ, ովքեր ոչ թե իրենք են կին առնում, այլ կանայք են նրանց առնում։
* * *
Կան տղամարդիկ, ովքեր իրենց հավատարմությունը վերադասին ցույց տալու համար գիշերներն անգամ «չեստ տված» են քնում։
* * *
Ինքնասիրահարված մարդիկ միասեր են. երբեք իրենց «սիրուն» չեն դավաճանում։
* * *
Կան տղամարդիկ, ովքեր լողանալիս էլ են փողկապ կապում։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
N 3 (36) (2012)
«ՓՈԽԶԻՋՈՒՄ»...
Հետաքրքիր է, Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկացած համախոհ, գաղափարակից, առիթ թե անառիթ, իր սուրբ պարտքն է համարում անպայման խոսել Արցախյան հարցի կարգավորման «փոխզիջումային տարբերակի» մասին... Բայց առայսօր ես չեմ լսել, որ Ալիևի համախոհ, նրան պաշտող-աստվածացնող կամ, ընդհակառակը՝ նրան ատող, նրան անիծող, նրա վարչախմբին ընդդիմադիր մի թուրք-ազերի երբևէ արտաբերի ՓՈԽԶԻՋՈՒՄ բառը...
Պարոնայք, ի՞նչ եք հասկանում «փոխզիջում» ասելով։ Լավ, ենթադրենք թշնամուն հանձնեցիք ազատագրված հողերը (որ կնշանակի Արցախի վերջի սկիզբը), ազերին ի՞նչ պիտի «փոխզիջի» մեզ՝ մեր անկախությո՞ւնը՝ որ արդեն ունենք, ազատությո՞ւնը՝ որ արդեն ունենք...
Հաղթանակից սկսած 20 տարի շարունակ մեր, այսպես կոչված, դիվանագիտության բանուգործը կարծես միայն այն է եղել, որ հող նախապատրաստի այդ Հաղթանակը հակառակորդին հանձնելու համար։ Դա արդեն ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վերջը կլինի...
Մեծ հաշվով, հայ դիվանագիտությունը միշտ էլ գետնաքարշ է եղել։ Բայց երևանաբնակ հասարակ, շարքային մարդիկ ինչո՞ւ են ստրկահաճորեն կառչել «մեր ունեցածի մի մասը տանք, որպեսզի լավ ապրենք» տխմար գաղափարից։ Արդեն մի ողջ Հայրենիք՝ Մեծ Հայք, Արևմտյան Հայաստան ենք տվել թշնամուն, մնացած մի բուռ հողից մի մեծ կտոր Վրաստանին ենք նվիրել (Ջավախքը), ազերիներին հանձնված Նախիջևանում վաղուց հայ չկա, «խաչքարերի ջարդ» օպերացիան էլ շուտով կավարտվի...
Մա՛րդ Աստծո, այդքանը տվել, պատսպարվել ես հազիվ 29 հազար քառ կմ. քարաբեկորի վրա, անունը դրել՝ ՀՀ, դրանից կյանքդ լավացա՞վ, երջանկության բանալին գտա՞ր... Թե՞ Արցախը, այնուհետև Մեղրին, Զանգեզուրն էլ պիտի տաս, Երևանը քաղաք-պետություն դարձնես, որ 5-6 հազարամյա «էրված սիրտդ» վերջապես հովանա...
Ազատագրված հողերը թշնամուն հանձնելու կողմնակիցները պատճառաբանում են, թե «հրադադարի 18 տարիներն աշխատել են ի վնաս հայկական կողմի: Այդ տարիներին մենք չենք բնակեցրել ազատագրված տարածքները, Հայաստանի բնակչությունը նվազել է, Ադրբեջանի տնտեսությունն ու բանակի հագեցվածությունը ավելի մեծ տեմպերով են աճել...» և այլն, մոռանալով, որ արտագաղթի մեկնարկը տրվել է հենց Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ, ազատագրված տարածքները չբնակեցնելու առաջին «կազմակերպիչն» էլ հենց նա է եղել։
Երևանի իրենց փափուկ սենյակներում նստած, աշխարհին 9-րդ կամ 19-րդ հարկի իրենց նեղ պատուհաններից նայող այս մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ «ՓՈԽԶԻՋՈՒՄ» օպերացիա, որպես այդպիսին՝ չկա, գոյություն չունի։ Դա, այսպես կոչված, միջազգային հանրության (ԱՄՆ, ԵԱՀԿ և այլն) մեզ նետած խայծն է, որ մեր դիվանագետ տղերքը հաճույքով կտցել են...
Թուրքի համար «ՓՈԽԶԻՋՈՒՄ» օպերացիան ընդամենը քող է, շղարշ է, իրականությունն անիրականից ծածկող վարագույր է։ Թուրքը ուզում է ԲՈԼՈՐԸ։ Այն էլ՝ միանգամից։ «Փոխզիջման» նրա պատկերացրած տարբերակը միայն այս կարող է լինել՝ այսօր 7 շրջանները ստանալ, վաղը՝ մնացածը։ Նա ուզում է, որքան հնարավոր է, մոտեցնել այդ «այսօր»-ն ու «վաղ»-ը բաժանող բաժանարար գիծը... Ահա նրա ողջ դիվանագիտությունը...
Մենք կամ մաս-մաս պիտի տանք, կամ՝ ամբողջը միասին։ Կամ՝ ոչինչ չտանք։ Այդ հարցը «սառեցնենք» և զբաղվենք մեր կենսական հիմնական խնդրով՝ Ազատ, Անկախ, Ժողովրդավարական և Հզոր երկիր կառուցենք՝ հընթացս վերաբնակեցնելով թե՛ ազատագրված, թե՛ լքված մեր բնակավայրերը...
N 4 (37) (2012)
ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ-ՎԵՐԱՓՈԽՎԵԼ է,
ԻՍԿ «ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՆԻՎԸ» ԴԱՐՁՅԱԼ ՄՆԱՑԵԼ Է
Ստեփանակերտի Հուշահամալիրում վերջին երկու ամսում վերանորոգման-վերակառուցման մեծ աշխատանքներ են տարվել։ Նախկին քարուքանդ սալահատակը փոխարինվել է նոր, գեղեցիկ, հղկված քարերից պատրաստված սալարկով։ Հուշահամալիրում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի նահատակների հիշատակին կանգնեցվել են նոր հուշակոթողներ, հուշաքանդակներ և պատերազմում մեր Հաղթանակը խորհրդանշող այլ քանդակներ...
Ամեն ինչ որակապես բարեփոխվել է, գեղեցիկ ու գրավիչ տեսք ստացել։ Ընդհանուր այս գեղեցկության ֆոնին ուղղակի անտրամաբանական է Հավերժական կրակի վերևի կանաչ մարմարե սալիկի վրա պառկեցրած, այսպես կոչված, ծաղկեպսակի ներկայությունը։ Ծաղկեպսակ ներկայացնող պղնձասև մի անհեթեթություն, որին ստեփանակերտցիները կնքել են՝ «Բելառուսի պակրիշկա» անունը։
«Երկտասնամյակ շարունակ ԼՂՀ ղեկավարները, շարքային քաղաքացիներն ու հյուրերը պարբերաբար ծաղիկներ են դնում կլոր այդ անհեթեթության վրա: Մի՞թե այս 20 տարում հնարավոր չէր դրա տեղը գեղեցիկ մի հուշակոթող կանգնեցնել՝ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին: Մինչև ե՞րբ պիտի ծաղիկներ դնենք անշնորհք «պակրիշկայի» վրա»,- երկու տարի առաջ տպագրվել էր մեր թերթում։ Ոչինչ չունենք ավելացնելու ասվածին...
«ՆՈՐ ԷՋ»-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
N 4 (37) (2012)
ԻՍԿ ԵԹԵ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ՞...
Հնարավոր պատերազմի դեպքում Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության խնդրի մասին «Եթե վաղը պատերազմ լինի» վերնագրով «Նոր էջ»-ում հոդված է տպագրվել անցյալ տարվա փետրվարյան համարում։ Այն տպագրվել էր նաև հայաստանյան պարբերականներում։ Եվ՝ ոչ մի արձագանք իրավասու մարմինների, հատկապես նրանց կողմից (քաղաքացիական պաշտպանության և այլն), ովքեր թեկուզ իրենց «մունդիրի պատիվը» պաշտպանելու համար պարտավոր էին ձայն հանել, փորձել ինչ-որ կերպ արդարացնել իրենց անգործունեությունը, որի պատճառով վաղը կարող ենք անդառնալի խոշոր կուրուստներ ունենալ բնակչության շրջանում։
Առայսօր ոչ ոք չի ժխտում պատերազմի վերսկսման հնարավորությունը։ Իսկ Ադրբեջանն օրուգիշեր հոխորտում է օրեցօր աճող իր ռազմական բյուջեի և «օկուպացված տարածքները զենքի ուժով ազատագրելու» մասին։ Դա նաև Հայաստանի և հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող միջնորդ երկրների վրա ճնշում գործադրելու ձև է նաև։ Բայց ոչ ոք չի կարող ժխտել, որ թշնամին երբ զգա իր ռազմական գերազանցությունը, անպայման կփորձի զենքի ուժով հարցու լուծել հօգուտ իրեն։
Կրկին հիշեցնենք հայտնի արտահայտությունը. «Եթե պատից հրացան է կախված, ապա այն մի անգամ կրակելու է»։ Առիթ թե անառիթ, թշնամին պարբերաբար «պատից կախ իր հրացաններից» է խոսում։ Մի այլ հայտնի ճշմարտություն էլ կա՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։
Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից շուրջ երկու տասնամյակ հետո արդյո՞ք իրեն հնարավորինս պաշտպանված է զգում Արցախի շարքային քաղաքացին։ Արդյո՞ք իրենց պաշտպանված են զգումԱրցախի ամենախոշոր բնակավայրում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Հատկապես երբ գաղտնիք չէ, և այդ մասին ակնարկում են նաև քաղաքագետները, ռազմագետներն ու այլ մասնագետներ՝ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու ու բազմիցս մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու։
Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն, որտեղ մարդիկ են աշխատում, պարբերաբար աշխատավարձ, ստանում։ Հետո «վաստակած հանգստի» են անցնում և բարձր թոշակ ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենախոշոր քաղաքի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները։ Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից և օդից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, և որոնք աղբանոց են հիշեցնում ու առնետներն են տերուտնօրինություն անում այնտեղ։ Որոշ նկուղներ ամիսներով «ողողված» են լինում ջրով, անգամ՝ կոյուղու խարխուլ խողովակներից թափված։ Լրիվ զուրկ են էլեկտրական գծերից...
Նկուղների մաքրման աշխատանքներն իրականացնում է բնակարանային շահագործման տնտեսությունը, որը քաղաքապետարանի կողմից նախապես ստանում է մաքրման ենթակա շենքերի ցուցակը: Մեր տեղեկություններով՝ դրանց մաքրման համար քաղաքային բյուջեն 2011թ-ին հատկացրել է ընդամենը 767 հազար դրամ, և մաքրվել է 16 շենքի նկուղ։

Ստեփանակերտում բազմաթիվ, այսպես կոչված, «խրուշչովկաներ» կան՝ խորհրդային նախկին առաջնորդի ժամանակներում կառուցված շենքեր, որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաև, որ շուկայական հարաբերությունների հաստատման և օրինական անօրինության վերջին մեկևկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայրեր։ Նկուղների վարձակալությունը տրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից. 1 քառ. մետրի համար սահմանված է տարեկան 3600 դրամ: Վարձակալող կողմը կնքում է պայմանագիր, ըստ որի պատերազմի վերսկսման ժամանակ պարտավորվում է 6 ժամում ազատել նկուղը:
Հետաքրքիր է, անսպասելի օդային հարձակման ենթարկված Ստեփանակերտի բնակիչներին պետք է խնդրել՝ 6 ժամ սպասե՞լ, որպեսզի գետնահարկ օբյեկտի տերը «կարգավորի» այն ու տրամադրի քաղաքացիներին։ Իսկ եթե այդ պահին նա այլ թաղամասում գտնվող իրենց շենքում է և զբաղված է իր հարազատների տեղավորման խնդրո՞վ։ Այդ դեպքում ինչպե՞ս պիտի վարվել։ Թշնամուն խնդրել սպասե՞լ... 6 անորոշ ժամ՝ այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր վայրկյանը կարող է տասնյակ, հարյուրավոր մարդու կյանք արժենալ...
Իսկ մնացած հազարավոր քաղաքացիները, ովքեր նկուղ չունեն, որոնց նկուղներն աղբանոց են հիշեցնում, ի՞նչ պիտի անեն։ Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա և որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մասին պատասխանատու որևէ չինովնիկ մտածե՞լ է։ Այս մեկևկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը...
Դպրոցներում երբեմն «օդային տագնապ» են հայտարարում։ Աշակերտները շտապ լքում են դպրոցի շենքն ու վազում դուրս... Հնարավոր պատերազմի և օդային հարձակման դեպքում էլ պիտի՞ նրանք իրենց «անվտանգությունը» գտնեն բաց երկնքի տակ...
Հակառակորդը վաղը կարող է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։ Տարրական ինքնապաշտպանական այս հարցերի մասին Քաղաքացիական պաշտպանության և այլ ծառայության ղեկավարները, երկրի անվտանգության խնդիրներով զբաղվող պաշտոնյաները երբևէ մտածե՞լ են...
Ստեփանակերտում գրեթե շենք չի մնացել, որին վերջին 10-15 տարում կցված չլինի մի նոր մասնավոր շինություն։ Խնդիրն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է «ռեզոնանսի օրենքի» համաձայն հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները՝ իրենց բնակիչներով։ Նման ավերածության տեղիք կարող է տալ նաև շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը...
Ստեփանակերտում շարունակ էլիտար շենքեր են վեր խոյանում։ Կարծես Արցախի ողջ տարածքը յուրացրել-պրծել ենք, քաղաքի կենտրոնական մասերում գտնվող միանգամայն կանգուն և ամուր շենքերն են քանդում ու տեղը մի նոր «առևտրի կենտրոն» կամ նման այլ անհեթեթություն կառուցում։ Մայրաքաղաքի կենտրոնն աջ ու ձախ պատում են մարմարե սալիկներով։ Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի... Արդյո՞ք դա այսօր թիվ 1 անհրաժեշտությունը ռազմական դրության մեջ գտնվող մեր երկրի համար, որ սոցիալական խնդիրների ծայրը չի երևում։
Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու նենգ հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Բանակն ուժեղ և մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը։
Ի պատասխան «եթե վաղը պատերազմ լինի...» հարցի, շարունակ հակադարձում ենք՝ «Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում...», կարծես պատերազմի լինել-չլինելու հավանականությունը պայմանավորված է միայն մեր պատերազմ չուզելու և խաղաղություն ուզելու ցանկությամբ։ Եվ ոչ թե հնարավոր պատերազմը կանխելու մեր նպատակաուղղված գւրծողություններով և արդեն անխուսափելի պատերազմը հնարավորինս քիչ կորուստներով դիմագրավելուն միտված կոնկրետ գործողություններով։
Վերջում կրկին հիշեցնենք Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանի խոսքերը. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին, և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝ խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»։
N 4 (37) (2012)
ԱՆԴԱՐՁ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ...
Այս համարի վերջին էջում հետաքրքիր, այսօր մեզ համար նաև տարօրինակ մի լուսանկար կա։ Նախապես նախագծել, մայրուղի են կառուցել, որ անցնում է տափաստանով։ Ճանապարհը կառուցելիս նկատել են, որ անցնելիք մայրուղու տեղը ծառ կա։ Եվ անմիջապես ելքը գտել են՝ պարզապես շրջանցելով ծառը։ Արդյունքում՝ շահել է բնությունը, շահել է նաև մարդը՝ փրկելով իրեն արարող, սնուցող բնության թեկուզ աննշան մի մասնիկը, սովորական մի ծառ։
Այսօր վերոհիշյալ լուսանկարը հաստատ մեզանում տարակուսանք կարող է առաջացնել որոշ խավի մարդկանց մեջ։ Նրանք հաստատ այլ կերպ կվարվեին. տեղնուտեղը արմատահան կանեին ծառը, գիշերը մի հսկա խարույկ կվառեին՝ մի քանի շամփուր միս խորովելու համար, ապա կշարունակեին ճանապարհաշինական իրենց գործը։
Այդ լուսանկարն ինձ մտքերի մեջ գցեց. հետաքրքիր է, վերջին 10-15 տարում թեկուզ միայն Ստեփանակերտում քանի՞ հարյուր կամ քանի հազար ծառ է գլխատվել։ Եվ այդ ծառահատման հրամանատարներն իրենց կյանքում քանի՞ հատիկ ծառ են տնկել սեփական ձեռքով։
Տասնամյակներ առաջ դեռ դպրոցական նստարանից թե՛ մեր ծնողները, թե՛ ուսուցիչները մեզ սովորեցնում էին սիրել կենդանի բնությունը, խնամքով վերաբերվել ցանկացած ծառի՝ անկախ նրանից՝ բերքատո՞ւ է այն, թե՞ ոչ։ Այսօր ինչպե՞ս պիտի սովորեցնենք մերօրյա դպրոցականին ու մեր երեխաներին՝ սիրել ու հարգել բնությունը, ինչպե՞ս նրան բացատրենք սեփական ձեռքերով ծառ տնկելու հաճույքը, տարիներ հետո քո տնկած ծառին արդեն ներքևից նայելու և զմայլվելու բերկրանքը, երբ գրեթե յուրաքանչյուր օր նրանց աչքի առաջ ծառեր են գետնին տապալում ու էլեկտրական սղոցներով հարձակվում վերջին «ջարդը տալու»...
Մեզ սովորեցնում էին կառուցել, հպարտությամբ մեզ բացատրում էին, որ հայը շինարար ժողովուրդ է, դարեր ի վեր կառուցել է՝ տուն, բերդ, քաղաք, երկիր... Վերջին մեկևկես տասնամյակում նույն այդ հայը միայն մայրաքաղաք Ստեփանակերտում քանի՞ տուն կամ շենք է քանդել, հողին հավասարեցրել՝ տեղը դղյակ, սուպերմարկետ, բանկ կամ որևէ մի զվարճատեղի կառուցելու համար։
Մեզանում վերջին տասնամյակում կառուցողի, շինարարի մեր կերտվածքի կողքին հայտնվել է սեփական արտադրության մի այլ տիպ՝ ջարդողի, քանդողի, սպառողի տիպը։ Ի՞նչ փույթ, որ նա քանդածի տեղը հետո նորն է կառուցում։ Միևնույն է, նա արդեն տուն է քանդել, նա արդեն ծառ է գլխատել։ Իր ուզածին հասնելու համար նա ավերել է ուրիշինը, ժողովրդինը, հանրայինը։
Մեր երկրի տարածքի չափ հող ենք ազատագրել, որտեղ ամայություն է տիրում այսօր։ Արցախյան շատ գյուղեր դատարկվում են։ Գնացեք այնտե՛ղ կառուցեք, պարոնայք «կառուցողներ» ու «շինարարներ»։
Այսօր օր-օրի Ստեփանակերտը փոխվում է։ Նորանոր բարձրահարկեր, նոր տիպի շինություններ են վեր խոյանում հատկապես քաղաքի կենտրոնում։ Մայթեզրերին երբեմնի հպարտ վեր խոյացող ծառերի փոխարեն այսօր սրբատաշ քարերով «բորդյուրներն» են միայն արևի տակ կուրացնելու չափ «աչք շոյում»։ Գեղեցկանո՜ւմ է մեր մայրաքաղաքը։ Բայց միայն քաղքենու, չտեսի, այսօր մայրաքաղաքը հեղեղած գեղցի տիպի համար, որ թանկարժեք ջիպ-մերսեդեսով է հյուր գնում հարևան շենքի իր բարեկամին...
Անդառնալիորեն կորցնում ենք մեր Ստեփանակերտը՝ կանաչազարդ ու գողտրիկ մեր քաղաքը, բայց դա ամենամեծ ցավը չէ։ Անդարձ կորցնում ենք բարոյական մեր կերպարը, արարող, շինարար հայի, ամենահաս ու բարեհոգի արցախցու մեր տեսակը...
N 5 (38) (2012)
«ՈՂՋԱՄԻՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
Ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»...
«Ողջամիտ փոխզիջումներ» ասելով՝ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային սեղանին դրված, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքները», խայտառակ մի փաստաթուղթ, որի յուրաքանչյուր կետի իրագործում նշանակում է Արցախի վերջի սկիզբ:
Չեմ հասկանում, Արցախը ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է ՀՀ այս կամ այն նախագահին իրավունք տվել հայտարարություններ անելու իր՝ Արցախի անունից և որոշելու Արցախի ժողովրդի ճակատագիրը։ «Ֆուտբոլային դիվանագիտություն» խայտառակության վնասը կարծես քիչ էր, հիմա էլ «ողջամիտ փոխզիջումների դիվանագիտություն» է սկսվում... Կարծես մինչ այդ մենք փորձում էինք անողջամիտ փոխզիջումների գնալ, հիմա էլ «ողջամիտն» են հրապարակ նետել՝ այդպես էլ շարունակ մոռանալով մեզ բացատրել, թե հակառակորդն ի՞նչ է զիջելու մեզ...
Դժվար չէ կռահել, թե ինչ «ողջամիտ զիջումներ» են ակնկալում մեզնից։ Վերոհիշյալ հայտարարությունից մի քանի օր հետո Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Երևանում հայտարարել է, որ «Հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ բանակությունների միջոցով։ Դա թույլ կտա փոխել ստատուս-քվոն, և այն ժամանակ տարածաշրջանում կհաղթանակի խաղաղությունն ու կայունությունը»: Ապա հավելել է՝ «Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական գործիչների, այլև հասարակության կամքը...»։
Հետաքրքիր է, պարզվում է մենք պետք է ինչ-որ ողջամիտ զիջումներով խախտենք ստատուս-քվոն, մեղմ ասած, մեր ունեցածից՝ տարածքից, ազատությունից բաժին տանք թշնամուն, որպեսզի «տարածաշրջանում հաղթանակի խաղաղությունն ու կայունությունը»:
Համենայն դեպս, Ադրբեջանը շատ բան կարող է ուզել։ Միջազգային հանրություն կոչվածը նույնպես չի թաքցնում իր ակնկալիքները։ Զարմանալին Արցախի և նրա ժողովրդի ճակատագիրն առանց Արցախի ու նրա ժողովրդի՝ պաշտոնական Երևանի կողմից ինքնակամ որոշելու նպատակաուղղված քաղաքականությունն է։ Տարօրինակն այն է նաև, որ մեր դեպքում պատմությունը շարունակ կրկնվում է, և այդ պատմության սխալներից մենք երբեք դասեր չենք քաղում։ Կարծես խոսքը ոչ թե մեզ, այլ հարևան կամ հեռավոր մի ինչ-որ երկրի է վերաբերում։
Հայ քաղաքական այրերը ե՞րբ են վերջապես հասկանալու, որ մեղավորի, վախկոտի իրենց պահվածքով ավելի լկտի են դարձնում թշնամուն և ավելի մեծացնում պատերազմի վերսկսման վտանգը, իսկ միջազգային հանրությանը հնարավորություն տալիս ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել հայկական կողմի նկատմամբ։
Յուրաքանչյուր ներկայացում ի վերջո ավարտվում է։ Մի օր այս բանակցային շոուն էլ կավարտվի։ Ցավն այն է, վերջում կարող է պարզվել, որ մինչ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սեփական երկրի խնդիրները թողած, զբաղված էր վերոհիշյալ շոուով ու սեփական գահի խնդրով, օլիգարխներից ու բազում պրոբլեմներից հոգնած Հայոց լեռնաշխարհի մի բուռ բնակչությունը լույսը մարել, մեկնել է։ Իսկ սա ամենևին ողջամիտ չէ։
N 6 (39) (2012)
ՀՈՒԼԻՍԻ 19-Ը ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐՆ Է
Հարգելի արցախցիներ, հուլիսի 19-ին Արցախում նախագահական ընտրությունների օր է։ Շատերդ մեկ անգամ չէ, որ մասնակցել եք նման ընտրությունների, ոմանք էլ առաջին անգամ են մասնակցելու...
Մենք ձեռնպահ ենք մնում խորհուրդներ տալուց։ Այս աշխարհում խորհուրդներ տվողներն այնքան շատ են, որ ամբիոնները չեն հերիքում։
Հայրենակիցներ, ընդամենը խնդրում ենք ձեզ. եթե սիրում եք ձեր Հայրենիքը, եթե հարգում եք ինքներդ ձեզ և ձեր երկիրը, եթե չեք ուզում, որ ուրիշները տնօրինեն ձեր երկրի, ձեր և ձեր երեխաների ճակատագիրը, եթե չեք ուզում, որ մեր այս հողի վրա ձեր ապրելու իրավունքը որոշեն միայն երևաններում, մոսկվաներում, եվրոպա-ամերիկաներում, եթե ուզում եք տեր կանգնել ձեր երկրին ու ձեր իրավունքներին, ԽՆԴՐՈՒՄ ենք մասնակցել ընտրություններին։ Ձեր մասնակցությամբ կապացուցեք, որ անկախ նրանից, աշխարհը ճանաչո՞ւմ է մեր երկիրը, թե՞ ոչ, մենք ազատ ու անկախ ժողովուրդ ենք, ունենք երկիր, սեփական սահմանադրություն, ունենք նախագահ և շարունակելու ենք ապրել ու արարել մեր երկրում...
N 6 (39) (2012)
«ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ». ՇԱՀԵՑ ՆԱԵՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ
Անցած ամիս Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնը հանդիսատեսին ներկայացրեց ֆրանսիացի Լուի Վերինի «Խոշոր շահում» պիեսը։ Թեթև ժանրի մի ներկայացում, որի պահանջը թերևս առավել շատ էին զգում հայկական էժանագին ու այլանդակ հեռուստասերիալներից հոգնած-ձանձրացած մեր երիտասարդները։
Բեմադրության հեղինակն է երիտասարդ դերասանների մասնակցությամբ մի քանի այլ բեմադրություններով Արցախի հանդիսատեսին արդեն քաջածանոթ, պետթատրոնի նախկին դերասանուհի, այժմ ռեժիսոր շնորհալի երիտասարդ արվեստագետ Վեներա Ավագիմյանը։ Երաժշտական ձևավորման հեղինակը Ալբերտ Սաֆարյանն է, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի։
Սովորական ու առօրեական է պիեսի սյուժեն. երիտասարդ ամուսինների՝ շարքային ծառայող Ժակի և Լաուրայի ընտանեկան հարաբերություններն այնքան էլ նախանձելի չեն։ Ամուսինը պարբերաբար գործուղումների է մեկնում, մենությունից ձանձրացած, ամուսնու անտարբերությունից վիրավորված կնոջ շուրջ սկսում է պտտվել ու սիրահետել երիտասարդ, նույնպես սովորական մի ծառայող՝ Ալենը։
Այդ օրը Լաուրան անհամբեր սպասում էր ամուսնուն՝ միասին նշելու ամուսնության տարելիցը։ Ժակը եկավ դարձյալ հոգնած ու մռայլ՝ վերջնականապես փչացնելով կնոջ տրամադրությունը... Իսկ հաջորդ օրը, երբ ժակը դարձյալ գործուղման մեկնեց, հայտնվեց երջանկությունից շողացող Ալենը՝ 6 միլիոն շահած վիճակախաղի տոմսը ձեռքին։ Տոմս, որ Լաուրայի հետ էր գնել, և այն ընտրել էր վերջինս...
Երջանիկ սիրահարները սկսում են ապագայի ծրագրեր կազմել, ապագա, որ երիտասարդներին պատկերանում է հեքիաթային գույներով... Հետո հայտնվում է ժակը, որ դեռ չէր մեկնել։ Ժակի անսպասելի վերադարձը սառը ջրի ազդեցություն է թողնում. Ալենը դուրս է պրծնում սիրուհու տնից՝ սեղանին թողնելով խոշոր գումար շահած տոմսը։ Ժակը, որ վիճակախաղի ավելի մոլի երկրպագու էր ու ինքն էլ էր տոմսեր գնել, սեղանի վրա նկատելով տոմսը, կարծում է, թե 6 միլիոն շահած այդ տոմսն իրենն է...
Դերերը փոխվում են։ Հոգնած-մռայլ Ժակը անսպասելի երջանկությունից պայծառանում է ու հիմա էլ ինքը սկսում կնոջ հետ ապագայի ծրագրեր կազմել, իսկ անփութության պատճառով «կարողությունը» կորցրած Ալենը դառնում է կոպիտ ու անտանելի՝ ամեն ինչում մեղադրելով Լաուրային... Ապա ծրագիր է կազմում, վերջինիս աջակցությամբ գողանալու սեփական միլիոնները...
Լաուրայի կանացի խորաթափանցության թե խորամանկության շնորհիվ 6 միլիոնը մնում է երիտասարդ ամուսիններին։ Արկածային երանգներով փոքրիկ պատմություն։ Սակայն ռեժիսորական տքնաջան աշխատանքի ու սովորական այս պատմությանը ռոմանտիկ-իրական կերպավորում հաղորդելու, երիտասարդ դերասանների գրագետ դերակատարման շնորհիվ հանդիսատեսը մինչև ներկայացման վերջ լարված սպասում է հանգուցալուծմանը, կարծես ինքն էլ դառնալով դրամատիկ այդ պատմության ականատեսն ու մասնակիցը։
Ժակի դերակատար Դավիթ Ղահրամանյանը մի քանի տարի առաջ է ավարտել պետդրամթատրոնին կից դերասանական ստուդիան։ Մինչ այդ արդեն հասցրել է հանդես գալ Վեներա Ավագիմյանի բեմադրած տարաբնույթ դրամատիկական ստեղծագործություններում։ Սակայն, Ժակի կերպարը երևի թե կարելի է համարել Դավիթի դերասանական կարիերայի փորձաքարը։ Եվ նա, կարելի է ասել, պատվով դուրս եկավ այդ փորձությունից՝ մարմնավորելով մարդու կերպար, որ կարծես կորցնում է ամեն ինչ՝ կին, ընտանիք, աշխատանք, բայց իր և սիրած մարդու՝ Լաուրայի ջանքերով տեր է դառնում իր երջանկությանը։ Ներկայացման ողջ ընթացքում Դավիթն ասես չէր տեսնում, չէր զգում դահլիճի ներկայությունը։ Ինքն էր ու ընտանեկան իր դրաման։ Մնացյալ ու կողմնակի ամեն բան նրան չէր հետաքրքրում, նրա համար գոյություն չուներ։
Ինչ-որ տեղ ավելի ծանր ու դժվար էր դերասանական ստուդիայի նորավարտ Զարուհի Մկրտչյանի՝ Լաուրայի դերակատարի համար։ Ներկայացման սկզբից մինչև վերջ նա բեմում է։ Ամեն ինչ պտտվում է նրա շուրջ։ Երկու հերոսներն իրենց անձնական երջանկությունը փորձում են հյուսել նրա շուրջ։ Ամուսնուն անսահման սիրող կին, ու հանկարծ վերափոխվում է սիրուհու, բայց սրտի խորքում շարունակում է իր հաստատուն տեղն ունենալ ամուսինը։ Ապա կարծես պետք է կորցներ ամեն ինչ՝ ամուսին, ընտանիք, 6 միլիոնի կորստից դեռ ուշքի չեկած սիրեկան... Եվ, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ սայթաքելով, հուսահատվելով, բայց նվիրվածության ու համառության շնորհիվ նա փրկում է իր համար ամենաթանկը՝ ընտանիքը, վերագտնում Սերը...
Իր դերում համոզիչ էր նաև Աշոտ Սարգսյանը՝ Ալենի դերակատարը։ Երիտասարդ, որ ինչպես մի ակնթարթում դարձել էր «աշխարհի տերը»՝ վիճակախաղի 6 միլիոնի հետ ձեռք բերելով սիրած կին, հանկարծ մի ակնթարթում կորցնում ամեն ինչ։ Կարծում եմ, շնորհալի այս երիտասարդին բեմում տեսնելու առիթներ հանդիսատեսը դեռ շատ կունենա...
Հերոսները խոշոր գումար շահեցին, իսկ ամենամեծ «շահումը» երևի թե վերագտած Սերն է։ Երիտասարդ դերասաններն իրենց բաժինը «շահեցին»՝ ինքնահաստատվելու, ինքնաբացահայտվելու հնարավորություն ստացան և «խաղը» շահեցին։ Ուզում եմ հավատալ, որ այս սովորական-առօրեական ներկայացումից շահեց նաև հանդիսատեսը։ Թատրոնի ճանապարհը վաղուց մոռացած հանդիսատեսը կրկին հնարավորություն ստացավ մտնել Արցախի մայր թատրոն ու համոզվել, որ ամեն ինչ դեռ կորսված չէ։ Խոնավություն ու նեխահոտ փչող կիսավեր այս շենքում դեռ կան մարդիկ, ովքեր հանդիսատեսի հետ միասին փորձում են գտնել դեպ Տաճար տանող ճանապարհը։ Ու ամենակարևորը՝ նրանք երիտասարդ, կարող ուժեր են։ Նրանց հետ կարելի է հույսեր կապել...
Վեներա Ավագիմյան. երիտասարդ այս արվեստագետի անվան հետ է կապված Մայր թատրոնին կից գործող դերասանական ստուդիայի վերջին առնվազն տասամյա գործունեությունը։ Այսօր մեր թատրոնի ապագան կապում ենք նրա սաների հետ։ Չեմ հիշում դեպք, որ հանդիսատեսը, արվեստագետները երբևէ դժգոհ մնային նրա բեմադրություննեից։ Ընդհակառակը, նրա բեմադրությունները մշտապես աչքի են ընկել ռեժիսորական հետաքրքիր լուծումներով և արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Չնայած, մի հետաքրքիր զուգադիպությամբ, նա մշտապես ընտրել է առավել դժվարամատչ ու բեմի համար «անհարմար» ստեղծագործություններ, որ ամենավառ երևակայության դեպքում հազիվ թե պիես անվանես... Ինչպես, օրինակ, դերասանական ստուդիայի սաների «դիպլոմային աշխատանքը» կամ վերջերս բեմադրած «Բարև, հայ» գեղարվեստական-հրապարակախոսական տարբեր կտորներից կազմված ներկայացումը և այլն։
Արդեն քանի՜ տարի է թատրոնը որոնումների մեջ է։ Մի տնօրենին, մի գեղարվեստական ղեկավարին փոխարինում մի ուրիշը։ Արդյունքում՝ այսօր նեխահոտ է փչում ոչ միայն թատրոնի քայքայված, վերանորոգման կարոտ պատերից... Դրությունը չեն փրկում նաև Հայաստանից երբեմն հրավիրվող ռեժիսորները, ովքեր մեկ-երկու պիես են բեմադրում և մեկնում։ Թատրոնին իսկական Տեր, արվեստի նվիրյալ մարդ է պետք։ Եվ պետք չէ երևանները մեկնել՝ նրանց որոնելու համար։ Միևնույն է, եկողների համար այնքան էլ դյուրին չէ ձերբազատվել «գաստրոլյորի» հոգեբանությունից։ Գալիս ու գնում են, իսկ «կոտրած տաշտակը» մնում է։
Կարծում եմ, պետք չէ սար ու ձոր ընկնել։ Այդ արվեստագետին այստե՛ղ, մե՛ր մեջ փետք է փնտրել։ Եվ անպայման կգտնվի...
N 6 (39) (2012)
ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ
Կադրային քաղաքականությունը եղել և մնում է հայկական իշխանությունների «ամենաթույլ օղակը»։ Վերջին 20 տարում այդպես է թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո դեն նետեցինք ամեն ինչ։ Այդ թվում՝ գյուղական կոլեկտիվ տնտեսություններ, կրթական համակարգ, անգամ քարուքանդ արվեցին նախկին ձեռնարկությունները՝ փոխարենը կա՛մ դրսից ներմուծեցինք ինչ-որ տխմարություններ (հատկապես կրթական խայտառակ համակարգ), կա՛մ ոչինչ չստեղծեցինք։
Դեն նետեցինք նաև խորհրդային հայտնի կարգախոսը՝ «Կադրերն են որոշում ամեն ինչ»։ Մինչդեռ վերջին այս 20 տարում որքա՜ն լավ կլիներ շարունակ հիշեինք այդ հայտնի ճշմարտությունը։ Մեր օրերում «կադր» և «դատարկ պահածոյատուփ» հասկացություններն ինչ-որ տեղ նույնացվել են։ Դատարկ պահածոյատուփը կարելի է գցել աղբարկղ, կարելի է դնել, ասենք, սեղանի տակ, կարելի է դնել նաև սեղանի վրա կամ պարզապես նետել գրողի ծոցը։ Բայց որտեղ էլ որ լինի այն, մնում է նույն դատարկ պահածոյատուփը։
Մերօրյա կադրերը կարծես թե ներառել են նույն այդ ֆունկցիաները. նրանց կարելի է դնել (չեմ ասում՝ նշանակել, դա նրանց համար շատ վեհ է հնչում) ցանկացած պաշտոնում, անգամ եթե այդ ոլորտներն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Եվ այս 20 տարում հայկական իշխանություններն այդպես էլ վարվում են այդ «կադրերի» հետ՝ ուր (որտեղ) ասես դնում են։ Եվ նրանք նույն հաջողությամբ բոլոր ոլորտներում էլ «աշխատում են», աշխատավարձ են ստանում (հաճախ՝ շա՜տ բարձր)։ Բայց ես չեմ հիշում դեպք, որ այդ կադրերից գոնե մեկը ներողություն խնդրի ու ասի. «Կներեք, ախր դա իմ տեղը չէ, Մարկ Տվենի ասած՝ այդ ոլորտից ես այնքան եմ հասկանում, որքան կովը»...
ԼՂՀ նախագահական ընտրություններում վերընտրված նախագահ Բակո Սահակյանը շուրջ 20 տոկոս պակաս ձայն է ստացել, քան նախորդ՝ 2007 թ. ընտրություններում։ Այդ կապակցությամբ շրջանառվող ամենատարածված կարծիքն այն է, որ դրա հիմնական պատճառը կադրային քաղաքականությունն է։ Ակնհայտ է, որ Բ. Սահակյանը շատ ավելի ձայն կստանար, եթե նրա շրջապատում, անգամ վստահված անձանց մեջ չլինեին այնպիսի մարդիկ, ովքեր Արցախում, մեղմ ասած, բացարձակապես հեղինակություն չունեն։ Եթե ավելին չասենք։
Ու այդ մարդիկ վերջին 5 տարում միայնումիայն իրենց և իրենց մերձավորների անձնական խնդիրներն են լուծել, լիաբուռն օգտվել պետական միջոցներից ու հանգիստ խղճով բարձր աշխատավարձ ստացել։ Նկատի ունեմ մարդկանց, ովքեր ամենուր շահարկում են նախագահի անունն ու հայտարարում՝ «Թուրս աջ էլ է կտրում, ձախ էլ...»։ Այսպիսի սուբյեկտների համար նշանակություն չունի, որ իրենք իրենց այլանդակ, անօրինական գործողություններով ստվեր են գցում նախագահի անվան վրա։ Այսպիսիներին միայն մի հարց է հուզում՝ սեփական խնդիրների լուծումը։ Հիմնականում ահա այս կարգի «կադրերն» են ոչ միայն նախագահական ընտրություններում ձայների 20 տոկոս կորստի, այլև նախորդ տարիների բոլոր մեր թերացումների, չիրագործված ծրագրերի, խաթարված նախագծերի պատճառը...
Պարոնայք, իրոք փոխվել են ժամանակները, այլ բարքեր ու ավանդույթ դարձող այլանդակություններ են խուժել մեր կյանքն ու կենցաղը, բայց եկեք երբեմն ետ նայենք և հիշենք բաներ, որ այսօր այնքա՜ն պետք են մեզ։ Թեկուզ դաժանորեն մոռացված այս ճշմարտությունը. «Կադրերն են որոշում ամեն ինչ»...
N 7 (40) (2012)
ԵՎՐՈՊԱ. ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՐՈՆՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ...
ԻՆՉՊԻՍԻ՜ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ. ՍՐԱՆՑ ՊԵՏԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂ ՉԿԱ՞...
Լուսանկարներում՝ բարձրաստիճան եվրոպացիները աշխատանքի են գնում հեծանիվներով։ Առաջին լուսանկարում Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, երկրորդում՝ Հոլանդիայի շատ բարձրաստիճան մի այլ պաշտոնյա։ Սկանդինավյան և եվրոպական այլ երկրներում բարձրաստիճան անձիք առիթից առիթ են օգտվում ծառայողական ավտոմեքենաներից։ Հիմնականում աշխատանքի են մեկնում շարքային քաղաքացիների պես՝ ավտոբուսով, մետրոյով կամ տաքսիով...
Հետաքրքիր է, զարգացած կոչվող այդ երկրների նախարարները, նահանգապետերը, քաղաքագլուխները և մյուս բոլոր մեծ գլուխները մի կարգին խորհրդական չունե՞ն սրանց հասկացնեն, որ նախարարը, քաղաքագլուխը, նահանգապետը և մյուս ավելի բարձր պետերը ղեկավար մարմին են, իշխանություն են, երկրի տեր ու տիրակալ են, իրավունք չունեն ինչ-որ շարքային քաղաքացիների պես հեծանվով, մետրոյով կամ քաղաքային այլ տրանսպորտով թռվռալու։ Բա ամոթ չէ՞, շարքային մարդիկ ի՞նչ կարծիք պիտի կազմեն նրանց մասին։ Էլ ո՞ր օրվա իշխանություն են, ո՞ր օրվա էլիտա են, որ շարքային մահկանացուների պես են իրենց պահում։ Գուցե սովորական քաղաքացիների պես ջրի, գազի, էլեկտրաէներգիայի, բնակտարածքի և բազում այլ վարձ ու հարկեր էլ մուծեն... Կամ գուցե շարքային ստեփանակերտցիներիս պես գետի անձրևախառը պղտոր խառնուրդ խմեն և այդ անպետքության դիմաց եռակի, քառակի բարձր «ջրավարձ» մուծեն...
Ու դեռ զարմանում են, որ իրենց երկրներում արտագաղթ չկա, «հացի խնդիր» չկա, կաշառակերության, գողության և զանազան այլ օրինազանցությունների համար ոչ թե ջիփ ու մերսեդես, այլ բանտ են նստում...
Է՜հ, աստված դրանց հետ։ Եվ դեռ ուզում ենք նմանվել քաղաքակիրթ կոչվող այդ հետամնաց ու աննամուս Եվրոպային։ Ու Աստված էլ դրանց հարստություն ու բարեկեցություն է տվել, իսկ մեզ՝ ընդամենը խելք...
ՈՒՍՏԱ ԿԱՐՈՅԻ «Օրագրից»
N 7 (40) (2012)
ԱՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Արցախյան շարժման այն ժամանակաշրջանն էր, երբ «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» տերուտնօրինություն էին անում սաֆոնովյան «խաղաղարարներն» ու Պոլյանիչկոյի կազմկոմիտեն: Ստեփանակերտի գլխավոր հրապարակն ու կառավարական շենքերի մերձակայքը շրջապատված էր խորհրդային ԲՏՐ-ներով և զինվորներով: Գրեթե ամեն օր ձերբակալում էին «հայ էքստրեմիստների», քրեական գործեր հարուցում անմեղ մարդկանց դեմ:
«Խորհրդային Ղարաբաղ» օրաթերթի նախկին շենքը, որ գտնվում էր մարզկոմի շենքի մոտ, նույնպես խորհրդային «կտրիճների» վերահսկողության տակ էր: Խմբագրության աշխատողներիս բաց էին թողնում միայն զինվորական պարետ գեներալ Սաֆոնովի ստորագրությամբ վավերացված հատուկ անցագրերով:
Մի օր կազմկոմիտեին սպասարարկող միկրոավտոբուսը, ասես դիտմամբ, աչքի փուշի պես ցցվեց հենց խմբագրության շենքի դիմաց: Պոլյանիչկոյի թուրք և ռուս կազմկոմիտեականները դուրս եկան մեքենայից ու զինվորների ուղեկցությամբ շարժվեցին մարզկոմի շենքի ուղղությամբ:
15-20 րոպե հետո խմբագրության մի քանի աշխատողներով դուրս եկանք բակ: Մեր դիմաց կանգնած էր Ղարաբաղի դահիճներին սպասարկող ավտոմեքենան: Հանկարծ մեր մեջ հանդուգն մի միտք ծագեց, և հաշված վայրկյաններում երեք լրագրողներս՝ Գեղամ Բաղդասարյանը, Արամայիս Գարաքյանը և ես, հյուրանոցում աշխատող երկու թե երեք երիտասարդների հետ, ԲՏՐ-ների շուրջ կանգնած տասնյակ զինվորների, մարզկոմի շենքի պատուհաններից ցցված մի քանի ատելի գլուխների աչքի առաջ, շուռ տվեցինք մեքենան: Լսվեց ծանր մետաղազանգվածի խուլ դրխկոցը, որն ուղեկցվեց ապակիների ջարդուփշուր լինելու ձայնով: Բենզաբաքից թափվող վառելիքը առվակի պես սկսեց հոսել փողոցն ի վար: Շտապեցինք մեր աշխատատեղերը...
Անցավ մի ժամ, երկու ժամ: Սաֆոնովի 15-20 զինվորներ եկան, ոտքի կանգնեցրին մեքենան և, մի ԲՏՐ-ի հետևից կապած, տարան: Անցավ մի քանի ժամ ևս: Աշխատանքային օրն ավարտվեց:
Անցավ մի օր, երկու օր, մի շաբաթ, մի ամիս... Ու զարմանալի բան. Պոլյանիչկո-Սաֆոնովի խամաճիկները, որ շարունակ առիթ էին փնտրում հայ «էքստրեմիստների» դեմ գործ սարքելու, ոչինչ չձեռնարկեցին իրենց քթի տակ, մեկ-երկու տասնյակ յուրայինների աչքի առաջ կատարված «դիվերսիայի» մասնակիցներին պատժելու համար: Այդ դեպքի օրերերին և դրանից հետո դեռ շատ ժամանակ սաֆոնովականների կողմից Արցախում շարունակվում էր անմեղ մարդկանց որսը:
N 7 (40) (2012)
ԱՅՍ «ՀԱՂԹԱԹՈՒՂԹՆ» ԷԼ ՀԵՉ
Հայոց քաղաքական բուրգը, ցավոք, մի անգամ ևս վերահաստատեց, որ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»-ը մնացել է անցյալում, իսկ ազգային արժանապատվությունը, հպարտությունը քշվել են Հայոց լեռներից այնկողմ։ Ճիշտն ասած, մեր, այսպես կոչված, դիվանագետների բախտը բերել է, որ մեր արտաքին թշնամին ազերի-թուրքն է։ Վերջին 20 տարում մեր քաղաքական վերնախավին նրանք բազմիցս առիթ ու հնարավորություն են տվել համարձակ ու ճիշտ քայլեր ձեռնարկելու Արցախի հարցում, սակայն մեր վայ-քաղաքագետները վիզները ծուռ, հանգիստ նստել, սպասում են, թե ռուսիա-ամերիկա-եվրոպաներից ինչ հրահանգներ են տրվելու։
Ազերիները հերթական առիթը տվեցին՝ կապված ոճրագործ Ռ. Սաֆարովին ներում շնորհելու, նրան 8 տարվա աշխատավարձ, բնակարան ու մայորի կոչում շնորհելու հետ։ Փոխանակ Հունգարիայի հետ պետական հարաբերությունները խզելու կամ հունգարական դրոշ այրելու, անհրաժեշտ էր վերջապես գետնից բարձրացնել ոտնատակ ընկած ազգային արժանապատվությունը և կոնկրետ որոշումներ կայացնել։
1. Ամենահարմար պահն էր, որ ՀՀ վերնախավը հայտարարեր, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից, քանզի այլևս չի կարող բանակցել մի երկրի հետ, որը պետականորեն խրախուսում է հայերի սպանությունը, հրապարակավ հերոսացնում հայասպան մարդասպանին, ոճրագործին։
2. Ճանաչեր Արցախի անկախությունը (իհարկե, ցանկալի է, որ տեր կանգներ 1989 թ. միացման որոշմանը, բայց դրա համար ՀՀ քաղաքական վերնախավի քաջությունը հազիվ թե հերիքեր)։
Բայց, ցավոք, ստիպված եղանք փաստել, որ ազերի-թուրքերի բախտը ևս բերել է, որ նրանց հակառակորդը գետնաքարշ հայ դիվանագիտությունն է... Իշխանության ներկայացուցիչ Էդ. Նալբանդյանը շտապեց անմիջապես հայտնել, որ «Պաշտոնական Երևանը բանակցությունները դադարեցնելու մտադրություն չունի»։ Իսկ ԼՏՊ-ՀԱԿ-ական Լ. Զուրաբյանը ՀՀ ԱԺ ամբիոնից հայտնեց, որ Արցախի ճանաչումն «այս պահին այն քայլերից է, որն անմիջապես կպայթեցնի բանակցային գործընթացը, որովհետև, եթե Հայաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը, ուրեմն այլևս բանակցելու որևէ խնդիր չի մնում... Դա կնշանակի, որ Հայաստանն իր ձեռքով կտապալի բանակցային գործընթացը»։
Նա և նրա կուսակիցներն, իհարկե, շատ լավ գիտեն, թե ինչ կա բանակցասեղանին։ Նրանք լավ գիտեն, որ բոլոր այդ փաստաթղթերը վերաբերում են հայկական կողմից միակողմանի զիջումներին ու նշանակում են Արցախի վերջ։ Ու հենց դրա համար էլ նա և նրա նմանները գտնում են, որ պետք է շարունակել բանակցությունները... Հետո դա կօգտագործեն ներկա իշխանություններից ազատվելու համար, ապա երբ իշխանության գան իրենք, այլևս «Արցախյան գլխացավանք» չի լինի...
Եվ ՀՀ ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որտեղ 3-րդ կետում ասվում է. «Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։
Այսինքն՝ եթե Սաֆարովին չհանձնեին Ադրբեջանին ու չհերոսացնեին, Արցախը կարող էր լինել Ադրբեջանի կազմո՞ւմ։ Այսպե՞ս ենք օգտագործում Ադրբեջանի հիմար քայլով մեր ձեռքը տրված «հաղթաթուղթը», որի մասին հայկական մամուլը օրեր շարունակ շեփորում էր։
Խե՜ղճ Արցախ։ Ե՛վ ձախից, և՛ աջից, և՛ վերևից ու ներքևից են խփում, դրան հավելած՝ մի լավ էլ թիկունքից... Ու դեռ ապրում է...
N 8 (41) (2012)
ԿՐԿԻՆ ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Փոքրիկ այս նյութը հրապարակվել է հայաստանյան blognews.am-ում և լայն քնարկման առարկա դարձել
Սկսվել է նոր ուսումնական տարին...
Հիշում եմ. երբ սովորում էի 9-րդ թե 10-րդ դասարանում, մտերիմ ընկերներով հաճախ էինք քննարկում, թե ո՞ւմ է պետք 10-ամյա ուսուցումը, երբ այդ 10 տարվա ընթացքում ստացած գիտելիքները կարելի է ձեռք բերել նաև 7-8 տարում։ Ինչո՞ւ ենք վատնում մեզ տրված թանկագին տարիները, ժամանակը...
Հիմա մեր երեխաները դպրոց են հաճախում 6 տարեկանից և 12 տարի շարունակ «գիտելիքներ են սերտում»՝ թեսթային համակարգով քննություն հանձնելու համար։ Նրանց գերակշիռ մասը Թումանյանի կամ Չարենցի մասին գիտե թեսթային հարցաշարերից, շատերը մազաչափ պատկերացում չունեն նրանց ստեղծագործությունների մասին... Այսօր նրանք դպրոցում գրեթե գիտելիք չեն ստանում, փոխարենը արտաժամյա վճարովի «դասընթացներ» են անցկացնում իրենց այդ նույն ուսուցիչների մոտ...
Նրանց կյանքից թանկագին 12 տարի ենք խլում, որպեսզի ապացուցենք, որ մենք էլ ենք «քաղաքակիրթ Եվրոպա»։ Ես չգիտեմ, թե եվրոպացի այդ ո՞ր շանորդին է հնարել 12-ամյա կրթական համակարգը։ Բայց հստակ համոզված եմ, որ նա ժամանակին անընդունակ, ապաշնորհ ու բթամիտ սան է եղել, 2-3 օրում սովորելիքը հազիվ մի շաբթում էր յուրացնում... Ու ահա, այդ ողորմելին դպրոցն ավարտելուց տասնամյակներ հետո հնարել է 12-ամյա այս անհեթեթությունը...
Հնարավոր է, որ մի քիչ այլ կերպ է եղել։ Հնարավոր է, մի քիչ գույները խտացրել եմ, բայց էականը դա չէ...
Ես ուզում եմ հարցնել, Հայոց կրթական համակարգի մեծ գլուխներին. «Բարոյական ի՞նչ իրավունքով եք խլում մեր երեխաների կյանքի թանկագին տարիները՝ փոխարենը գրեթե ոչինչ չտալով։ Այդ տխմարությունը կապկելուց առաջ դուք հարցրե՞լ եք ծնողների, մարդկանց կարծիքը»։
Սկսվել է նոր ուսումնական տարին։ Ես խորապես ցավում եմ մեր երեխաների կորսված տարիների համար։ Իսկ ավելի շատ ցավում եմ, որ հանգիստ թույլ ենք տալիս երևաններում բարձր պաշտոններ զավթած ինչ-որ տգետներ հիմարացնեն մեզ...
N 8 (41) (2012)
ՆՈՒՅՆ ՃԱՄՓԱԲԱԺՆՈՒՄ
Վերջերս մի զրույցի ժամանակ երիտասարդ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե Արցախյան շարժման սկզբներին ինչն է առավել շատ տպավորվել հիշողությանս մեջ։ Այդ մասին երբեք չէի մտածել։ Բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են եղել, որ առայսօր ամենայն մանրամասնությամբ հիշում եմ։ Բայց երբ մտքում փորձում եմ առանձնացնել Շարժման առաջին ամիսները, անմիջապես հիշում եմ 1988-ի փետրվարի 20-ի մարզխորհրդի նստաշրջանի հանրահայտ որոշումը։ Ավելի շուտ՝ այն փաստաթուղթը, որի վրա վավերացվել էր արցախցիների 70-ամյա երազանքը՝ հայկական մեր երկրամասի վերամիավորումը Մայր Հայաստանին...
Այդ օրերին մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթում էի աշխատում։ Թերթ, որի տպաքանակը ամիսներ հետո հասավ 80 հազարի։ Երեկոյան ժամը 7-8-ը կլիներ։ Թերթի գլխավոր խմբագիր Եղիշե Սարգսյանի առանձնասենյակում խմբագրական խորհուրդն ու մի քանի լրագրողներս սպասում էինք պատմական այդ փաստաթուղթը տպագրելու որոշմանը (Բորիս Կևորկովը դեռևս շարունակում էր մնալ Ղարաբաղի փաստացի ղեկավարը, և մարզկոմից դեռևս լուրջ ճնշում կար թերթի վրա)։
Երբ հավաքվածներս միահամուռ հայտնեցինք, որ մարզխորհրդի որոշումը պիտի անպայման տպագրվի «Սովետական Ղարաբաղի» վաղվա համարում, Եղիշե Գրիգորիչն ասաց, որ դեմ չէ, միայն պետք է ձեռքի տակ ունենանք այդ որոշումը, որը դեռևս չէինք ստացել։
Խմբագրությունից զանգեցին պատմական նիստը նախագահող Վիգեն Հայրապետյանին և ասացին, որ լրագրողներից մեկին ուղարկում են իր մոտ՝ որոշումը ստանալու։ Այդ լրագրողը ես էի։
Մարզխորհրդի շենքից ներս մտա և բարձրացա Վիգեն Հայրապետյանի մոտ։ Նա խնդրեց մի քանի րոպե սպասել... Այդ «մի քանի րոպեն» զարմանալիորեն դանդաղ էր անցնում։ Առնվազն 20-25 րոպե սպասեցի։ Հետո հասկացա, որ կնիքի բացակայության պատճառով (մարզգործկոմի նախագահ ոմն Օսիպով այն վերցրել ու անհետացել էր։ Հետո անեկդոտ էին պատմում առ այն, որ իբր Օսիպովն ասել է՝ կնիկս կտամ, բայց կնիքը չեմ տա...) մարզխորհրդի պատգամավորների մի ինչ-որ մասը պետք է ստորագրի որոշման տակ, որպեսզի այն իրավական ուժ ունենա։
Վերջապես պատմական որոշումը ձեռքիս դուրս եկա մարզխորհրդի շենքից և շարժվեցի դեպի խմբագրություն։ Այդ պահին մտածում էի, որ Արցախի համար ճակատագրական նշանակություն ունեցող ամենաթանկ փաստաթուղթն է իմ ձեռքին... Լույսը դեռ նոր բացված, այդ որոշմամբ «Սովետական Ղարաբաղի» համարները ձեռքից ձեռք էին անցնում։ Իսկ մինչ այդ, տպարանում տնօրեն Յուրի Ներսիսյանի, մարզային ռադիոյի գլխավոր խմբագիր, գրող Մաքսիմ Հովհաննիսյանի հետ 7-8 հոգով բաժակ էինք խփել՝ հանուն մեր Հաղթանակի...
Այս ամենն ինչո՞ւ հիշեցի։ Փետրվարյան այդ երջանիկ օրից ավելի քան 24 տարի է անցել։ Հետո Սումգայիթ է եղել, Կիրովաբադ, Բաքու, 1988-ի դեկտեմբերյան սարսափելի երկրաշարժ է եղել, ապա՝ պատերազմ, հազարավոր անմեղ զոհեր ու, վերջապես, Հաղթանակ է եղել... Եվ այսօր մենք շարունակում ենք մնալ նույն ճամփաբաժնում, ինչպես 24 տարի առաջ։ Մայր Հայաստանին միանալու մեր 70-ամյա երազանքը դե-ֆակտո մնացել է թղթի վրա... Ինչ-որ գերիմաստուն մարդիկ մեզ բացատրել են, որ Հայաստանին վերամիավորվելու ամենակարճ ճանապարհն Արցախի անկախության հռչակումն է։ Եվ մենք հավատացել ենք...
N 9-10 (42-43) (2012)
«Կույր աղիք» կամ՝ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»...
Այս յուրօրինակ «կույր աղիքը» գտնվում է Ստեփանակերտում՝ նախկին «Մայակ» խանութի տեղում (Գրիգոր Լուսավորիչ փողոց)։ Ըստ երևույթին, մայթի այս հատվածը սեփականաշնորհել են։ Իրենց «օբյեկտի» դիմաց՝ մայթի վրա աստիճաններ են սարքել՝ թքած ունենալով, որ այդտեղով մարդիկ են անցնում՝ երեխաներ ու կանայք, ծերեր ու հաշմանդամներ... Չհաշված՝ որ նաև այլանդակել, խեղել են այս հատվածի ճարտարապետական դեմքը...
Մեզ մի այլ հարց է հետաքրքրում։ Իսկ որտե՞ղ են քաղաքի իշխանությունները, մասնավորապես ո՞ւր է նայում քաղաքի գլխավոր ճարտարապետը։
Ի դեպ, վերջերս Cicurina venii անունով սարդերի հազվագյուտ տեսակը ստիպել է ԱՄՆ Տեխասի նահանգի Սան-Անտոնիո քաղաքի իշխանություններին դադարեցնել 15 միլիոն դոլար արժողությամբ շինարարական ծրագիրը: Սարդը հայտնաբերվել է լայնացվող ճանապարհի շինհրապարակում և աշխատանքները դադարեցվել են: Ըստ մասնագետների, նման սարդ հայտաբերվել էր 32 տարի առաջ՝ 1980 թվականին: Հիմա նահանգի իշխանությունները մտածում են ճանապարհաշինական նախագիծը փոփոխելու մասին:
Իսկ հայտնագործությամբ ոգևորված գիտնականները հույս ունեն նույն տեղում նման այլ սարդ գտնել և ուսումնասիություններ կազմակերպել նրանց մասին ավելի շատ բան իմանալու համար:
Օվկիանոսից այնկողմ մտածում են անգամ սարդերի մասին։ Իսկ մեզ մոտ քաղաքացին, մարդը կարծես թե սարդի արժեք էլ չունի։ Կարելի է պարզապես փակել նրա ճանապարհը՝ «Սա իմն է, էն մի մայթով գնա...»։
N 9-10 (42-43) (2012)
ՏՈՆ, ՈՐ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ...
Հոկտեմբերի 13-ին, շաբաթ օրը նշվել է Ստեփանակերտի տոնը։ Տոնավաճառ են կազմակերպել։ Ճիշտ է, գյուղմթերքները վաճառվել են նույն շուկայական գներով, որ գերազանցում է նույն մթերքների երևանյան գներին, բայց դա էական չէ։ Կարևորն այն է, որ մարդիկ այդ օրը շնորհավորել են իրար՝ մայրաքաղաքի տոնի կապակցությամբ։
Հաջորդ օրը երևանցիներն են տոնել իրենց քաղաքի օրը։ Պարզվում է, 3 հազարամյա Երևանն ու Ստեփանակերտը գրեթե նույն օրն են ծնվել։ Ձեռքի տակ եղած գրքերս որքան փորփրեցի, չկարողացա հոկտեմբերի 13-ն ու Ստեփանակերտն իրար կապող ընդհանուր մի բան գտնել։ Ընդհակառակը, պարզեցի, որ նախկին Խանքենդին Ստեփանակերտ է վերանվանվել 1923-ի սեպտեմբերի 20-ին՝ ի պատիվ 26 կոմիսարների ղեկավար Ստեփան Շահումյանի, որ գաղափարակիցների հետ գնդակահարվել էր 1918-ի այդ օրը։ Եթե Ստեփանակերտի ծնունդը հաշվում ենք Ստեփանակերտ անվանվելու օրից, ապա ո՞վ և որտեղից է հայտնաբերել հոկտեմբերի 13-ը...
Մի հետաքրքիր նորություն էլ։ Վերևի լուսանկարում երևացող պաստառից պարզվում է, որ Ստեփանակերտը նաև զինանշան ունի. այն չորս մասի բաժանված մի ինչ-որ անհեթեթություն է, որտեղ չորս նկարներից ոչ մեկն առնչություն չունի Ստեփանակերտի հետ։ Նկարի վերևի ձախ մասում մի ինչ-որ ձիավոր արքա է, որ հաստատ Ստեփան Շահումյանը չէ։ Եթե ենթադրենք, որ նա Վաչագան Բարեպաշտն է, ապա հարց է ծագում. ի՞նչ գործ ունի նա մի քաղաքի «զինանշանի» վրա, որի 90-ամյակը պատրաստվում են տոնել հաջորդ տարի։ Ի դեպ, այնտեղ նկարված է նաև հանրահայտ «Մենք ենք, մեր լեռները» («Տատիկ-պապիկ»), որը ոչ թե Ստեփանակերտի, այլ Արցախի խորհրդանիշն է։ Վերոհիշյալ «զինանշանի» վրա նաև ինչ-որ բանալի էլ կա նկարված։ Երևի Ստեփանակերտի «բերդի» բանալին է։ Ուղղակի անհայտ է, թե այդ բանալին հիմա ում մոտ է գտնվում՝ քաղաքային իշխանությունների՞, թե՞ վերոհիշյալ նկարի հեղինակի...
Կարող է թվալ, թե ծիծաղում եմ այս ամենի վրա։ Իհարկե, նաև ծիծաղում եմ։ Բայց առավել շատ տխուր եմ, որ Հայոց աշխարհում ամեն ինչ սիրողական-դիլետանտիզմի մակարդակով է արվում։ Ասես մեր ողջ երկիրը մի ինչ-որ կիսակայարանում մնացած-մոռացված սովորական որբի գլուխ լինի։
N 9-10 (42-43) (2012)
ՁՄԵՌԱՄՈՒՏ ԿԱՄ՝ ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԵՐԳԸ
(Հովհաննես Շիրազի մոտիվներով)
Մերսեդեսներ ոտքերիս ու եվրոներ ձեռքերիս,
Ու դոլարներ այտերիս, ու մի ողջ բանկ կրծքիս տակ,
«Պապլավոկը» սրտիս մեջ, սև ակնոցներ աչքերիս,
Մաուզերը կողքից կախ, կազինոները՝ գրկիս,
«Տիրումերը» լեզվիս՝ ծառից իջա ես քաղաք,-
Արշավեցի՝ կոխ տալով ու շաղ տալով մայթերին
Կյանքեր, մարդիկ ու նաև՝ երազանքներ ճմրթված...
Քաղաքացիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, դժոխք տեսան հնաբույր,
- Ի՜նչ տականքն է,- ասացին,- ի՜նչ շանորդին,- ու փակին
Իրենց դռներն իմ առջև, ու ես «նագանն» իմ հանել՝
Անցնում էի գազազած, թալանելով իմ ճամփին
Ունեցվացքները նրանց ու գանձերը իմ երկրի...
Ու երկիրը Հայաստան մի բուռ ստրուկ էր դարձել,
Ծնկի իջել իմ առջև՝ գրպաններն էր թափ տալիս
Ու ծափ տալիս վերացած, հիմարի պես հիացած՝
Գորգեր փռում ոտքիս տակ, պսակ դնում սեգ գլխիս...
Ու ես թալանն իմ ուսերին, օրենքները՝ ոտքիս տակ,
Արշավում եմ աջ ու ձախ... Տո՛, ձեր հերն էլ անիծա՛ծ...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
N 9-10 (42-43) (2012)
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լինում է, չի լինում, մի պետություն է լինում: Ինչպես բոլոր պետություններում, այնտեղ նույնպես ժողովուրդ էր ապրում, և ինչպես բոլոր ժողովուրդները, ուներ թագավոր, որին մերթ արքա էին անվանում, մերթ պրեզիդենտ կամ նախագահ, մերթ տիրակալ կամ գերագույն իշխան:
Բոլոր արքաները, թագավոր-նախագահներն ու մյուս տիրակալները գալիս-գնում էին, սակայն ժողովուրդը մնում էր: Յուրաքանչյուր տիրակալի թեկնածու ժողովրդին սկզբում մեծամեծ խոստումներ էր տալիս ու, ժողովրդի գլուխն անցած, գրողի ծոցն ուղարկում իր նախորդին: Հետո նա մոռանում էր իր խոստումներն ու ժողովրդին հիշում էր միայն ընտրությունների ժամանակ և այն պահերին, երբ սկսում էր ճոճվել իր աթոռը:
Երբ ճոճվել սկսեց հերթական թագավորի գահը, նա ծանր գլուխը թափահարեց ու հեռուստաէկրանից գոչեց.
- Ժողովուրդ, մեզ հասած վերջին տեղեկությունների համաձայն, դուք վատ եք ապրում, դեռ ավելին՝ շատ վատ, իսկ մի խումբ արկածախնդիրներ փորձում են խարխլել փառահեղ մեր պետության հիմքերը և ձեզ կրկին տանել հետամնաց անցյալի գիրկը: Բայց ես համոզված եմ, որ դուք՝ ժողովուրդը, եղել և մնում է մեզ հետ, իսկ նրանց՝ իշխանատենչ թափթփուկներին, դուք՝ ժողովուրդը չի ների...
Մի օր էլ «արկածախնդիրների խումբը» ժողովրդի գլուխն անցած, գահընկեց արեց այդ թագավորին, և գահին բազմեց Արքա 6-րդը: Սա ևս ժողովրդին հարստության սարեր խոստացավ ու երջանկության հորիզոններ գծեց վարդագույն երկնակամարում, և երբ մի քանի օր հետո նրան զեկուցեցին, որ ժողովուրդը աղքատության եզրին է ու բողոքում է, զարմացավ.
- Ժողովո՞ւրդ, դա ո՞վ է, իմ տիրությունում էդպիսի մարդիկ էլ կա՞ն: Դրանց, այդ ժողովրդին ո՞վ է իրավունք տվել բողոքելու...
Հետո դարձյալ քամիներ ու հողմեր անցան այդ երկրի վրայով ու ժողովրդի գլուխներով։ Ճոճվել սկսեց նաև Արքա 6-րդի գահաթոռը, ու նա բարձր ամբիոնից սկսեց մատ թափահարել իր ախոյանների վրա.
- Այդ ի՞նչ եք անում, արկածախնդիրներ ու քաղաքական էժանագին ծաղրածուներ, այդ ո՞ւր եք ուզում տանել ժողովրդին...
Եվ արտահերթ ընտրություններ եղան, և գահին բազմեց հերթական տիրակալը, որ մինչ այդ իր նախորդների պես «արկածախնդիր» էր որակվել կամ «ծաղրածու»:
- Ձեր ցավը տանեմ, ժողովուրդ,- արքայական ժամանակակից իր ճոճաթոռին նստած, սիրուհուն ծնկներին նստեցրած, հավատարմության երդում տվեց Նախագահ 3-րդը,- վերջապես դուք տերը կդառնաք ձեր իրավունքների ու ձեր օջախների: Այսօրվանից ձեր առջև բաց են գիտության ու լուսավորության տաճարները, լուսավառ ու երջանիկ ներկայի և արևավառ ապագայի երկրային ու երկնային արքայության դռները...
Իսկ նրանք, այն պալատականները, ովքեր մինչ այդ հավատարմության երդում էին տվել ու ստրկամտորեն ծառայում էին նախորդ արքային, անմիջապես «վերափոխվեցին» և հիմա էլ սկսեցին ծառայել նոր արքային:
Կրկին անցան օրեր, ամիսներ ու տարիներ, իսկ ժողովուրդը դարձյալ վատ էր ապրում, դեռ ավելին՝ բուռն ծաղկում էր մուրացկանությունը, թշվառությունն աներես հյուրի պես մտել էր մարդկանց օջախներն ու այնտեղից դուրս գալու ոչ մի ցանկություն չուներ...
- Տիրակալ, ժողովուրդն էլի բողոքում է,- Նախագահ 3-րդի ականջին փսփսաց շշնջոցների գծով արքայի գլխավոր խորհրդականի երկրորդ տեղակալը:
- Ի՞նչ է ուզում:
- Հեչ, ինչ-որ հաց է ուզում և վերացական ինչ-որ բաներ:
- Ի՞նչ բաներ:
- Դեմոկրատիա, ժողովրդավարություն և այլն:
- Պահո՜, ի՜նչ աներես մարդիկ են այդ ժողովուրդ կոչվածը: Դրանց համար հզոր ու երջանիկ երկիր եմ կառուցել, իսկ իրենք, խոսքները մեկ արած, անընդհատ դժգոհում են՝ աղքատ ենք, հաց ենք ուզում, դեմոկրատիա-մեմոկրատիա ենք ուզում... Ի՞նչ է, որ մենք հաց չենք ուտում, միայն սև իկրա, լուլաքաբաբ-խորոված, վետչինա ու խաշլամա ենք ուտում, բրազիլական սուրճ ու մանգոյի կամ կոկոսի հյութ ենք խմում, պակա՞ս տղերք ենք...
Նախագահ 3-րդը արտակարգ խորհուրդ գումարեց, ճառեր ասացին, ճառեր լսեցին, և վերջում խոսքը տրվեց Նախագահ 3-րդին:
- Գիշերը անկողնում իմ տիկնոջ հետ երկար-բարակ շատ եմ մտածել այդ մասին ու միասին եկել ենք այն եզրակացության, որ ամեն ինչի մեղավորը ժողովուրդն է,- ասաց նա:- Այդ ժողովուրդը ոչ մի կերպ չի բռնում հզոր ու պայծառ մեր երկրի ֆոնին: Դրանց ներկայությամբ երկրի գիտության կաճառներն ու արվեստի կոթողները այնքան թշվառ ու անհեթեթ են երևում, որ ամաչում ենք ցույց տալ արտասահմանյան բարձրաստիճան հյուրերին: Ուրեմն...
- Ուրեմն՝ կորչի՛ ժողովուրդը,- միաձայն գոչեցին պալատականները:
Հաջորդ օրը արքայից-արքան հրամանագիր արձակեց. «Մենք՝ Նախագահ 3-րդս, գտնում ենք, որ մեր երկրի բոլոր չարիքների պատճառը ժողովուրդն է: Հաշվի առնելով նաև, որ հզոր ու պայծառ մեր պետությունն այլևս չի կարող պահել դրանց՝ այդ ձրիակերներին, որ ժողովուրդ է կոչվում.
ա) այսօրվանից ժողովուրդը ցրում եմ,
բ) սույն հրամանագիրը ստորագրվելու պահից ժողովուրդը լուծարվում է:
Ստորագրություն՝ Մենք՝ Նախագահ 3-րդ»:
* * *
Լինում է, չի լինում, մի պետություն է լինում: Ինչպես բոլոր պետություններում, այդ երկրում նույնպես ժողովուրդ կար, բայց արդեն չկար...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
12 տարի առաջ տպագրվել է «10-րդ նահանգ» թերթում
N 9-10 (42-43) (2012)
ՄԻ՛ ՈՏՆԱՀԱՐԵՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Օրերս իմ բջջային հեռախոսով այսպիսի հաղորդագրություն ստացա. «Հարգելի բաժանորդ, Ստեփ. քաղաքապետարանը առաջարկում է Ձեզ վճարել գույքի, հողի հարկը և կումունալ վճարները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար»։ Հետո պարզեցի, որ նման sms-ներ են ստացել նաև իմ բարեկամներն ու ընկերները։ Հետաքրքիրն այն է, որ ես «գույքի, հողի հարկ և կումունալ վճարներ» կատարելու անհրաժեշտություն չունեմ (Ստեփանակերտում անձնական հողամաս չունեմ, ինչպես նաև իմ անունով կոմունալ որևէ ծառայության հետ կնքված պայմանագիր չկա)։
Նույն տարակուսանքն են հայտնել նաև իմ ընկեր-բարեկամները։ Կարելի է միայն ենթադրել, որ քաղաքապետարանն իր գործը դյուրացնելու համար դիմել է ՂՏ-ի ստեփանակերտաբնակ բոլոր բաժանորդներին՝ իրար խառնելով թացն ու չորը։ Հարց՝ որքանո՞վ է այս քայլը բարոյական և օրինական։ Արդեն ասացի, որ ես և ինձ նման շատերը նման վճարումներ կատարելու իրավական հիմք չունենք։ Բայց հաստատ կան հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր պարտաճանաչ կատարել են այդ վճարումները։ Որքանո՞վ է օրինական այդ մարդկանց այսպիսի տխմար հաղորդագրությամբ անհանգստացնելը (կասեի՝ անտեղի վիրավորելը)։ Այս տխմարության նախադեպն աչքի առաջ ունենալով, ՂՏ-ի բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է սեղմել քաղաքապետարանի ողջ անձնակազմի բնակարանի մուտքի զանգի կոճակը ու հարցնել. «Դրամապանակս գողացել են։ Կարո՞ղ է դուք եք թռցրել...» կամ նման մի բան։
Նույն կերպ «Ղարաբաղ Տելեկոմը» պարբերաբար այս տիպի sms-ներ է ուղարկում իր բաժանորդներին. «Մինչև հունվարի 13-ը կատարեք գնում ՂՏ մասնագիտացված խանութներից և շահեք Netbook+3Mb/s internet /Smartphone+Voske/artsate համար»... Եվ բազմիցս sms-ներ ստանալով, մտածելով, որ մեր բարեկամներից կամ ընկերներից շատ կարևոր հաղորդագրություն է եկել, գործից կտրվելով, բջջայինը բացում ու կարդում ենք նմանօրինակ անհեթեթություններ...
Մի անգամ զանգեցի ՂՏ-ի օպերատորի համարով և խնդրեցի իրենց մոտ նշել, որ այլևս նման աղտեղություններ չուղարկեն ինձ, որովհետև ես ոչ ոսկե կամ արծաթե և ոչ էլ ադամանդե կամ սուտակե համարի կարիք չունեմ, նման հիմարություններով չեմ հետաքրքրվում... Օպերատորը փորձեց ինձ բացատրել, որ դա հնարավոր չէ, ես ՂՏ-ի բաժանորդն եմ, նման գրություններ ուղարկում են իրենց բոլոր բաժանորդներին... Հասկանալի է, որ դա օպերատորի մակարդակով լուծելի խնդիր չէ։ Պարզապես ՂՏ-ի բազազարտեմյան «էստի համեցեք»-ի ավանդույթներով աշխատող ղեկավարները պետք է հասկանան, որ ՂՏ-ի բաժանորդ լինելը դեռևս չի նշանակում լինել ՂՏ-ի սեփականությունը, որի հետ կարելի է վարվել ուզածի պես։
Ըստ երևույթին, այսօրինակ խեղկատակությունների հիմնական մեղավորը երևի թե մեր ժողովուրդն է, որ հանգիստ հանդուրժում է նման անօրինությունները։ Ցավոք, բազմիցս համոզվել եմ, որ օրինապաշտ իմ հայրենակիցները գիտեն միայն իրենց պարտականությունները։ Նրանք չգիտեն, որ ունեն նաև ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, որոնք ամրագրված են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», և այդ իրավունքները պարտադիր են աշխարհի ցանկացած երկիր-անկյունում ապրող մարդկանց համար՝ առանց որևէ խտրականության...
Խոստանում եմ առաջիկա համարում իմ հայրենակիցներին ներկայացնել այդ «Հռչակագիրը»։
N 11-12 (43-44) (2012)
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Հաշված օրեր հետո պատմություն կդառնա նաև 2012-ը։ Մի տարի էլ կգումարվի մեզնից յուրաքանչյուրի և մեր պետության կենսագրությանը։ Մեզնից ոմանք երևի թե ավելի շատ շահել են, քան կորցրել այդ տարում։ Շատերը գուցե թե ավելի շատ կորցրել են։ Երրորդներն էլ շահածի ու կորցրածի նժարների վերուվարումներից փորձում են պարզել, թե դրանցից այնուամենայնիվ որն է ավելի ծանր...
Երևի թե շատ ավելի դժվար է երկրի, պետության շահածի ու կորցրածի ծանրության չափը որոշելը։ Դժվար՝ այն առումով, որ այդտեղ հազիվ թե միասնական կարծիք լինի։ Յուրաքանչյուրը հարցին մոտենալու է իր անձնական, սուբյեկտիվ տեսանկյունից... Սակայն, ամեն դեպքում, 2012-ը մեր պատմությունն է, մեր անցյալը՝ ուրախ թե տխուր, կամ՝ ուրախ և տխուր։ Եվ մենք պարզապես արժանապատվորեն պետք է հրաժեշտ տանք նրան՝ անկախ մեզնից յուրաքանչյուրի հանդեպ նրա բարեհաճությունից. «Մնաս բարով 2012 թիվ»... Ու ասենք հույսով ու լավատեսորեն. «Բարի գալուստ, 2013 թիվ։ Շնորհավոր Նոր տարի»...
N 11-12 (43-44) (2012)
«ՋՈՒՐ ԵՆՔ ԼՑՆՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ՋՐԱՂԱՑԻՆ»...
Ջրի մասին, ջրի պրոբլեմի մասին շատ է գրվել, այդ թվում՝ «Նոր էջ» թերթում։ Այդուհանդերձ, կրկին ուզում եմ անդրադառնալ այդ խնդրին։
Արցախում, հատկապես Ստեփանակերտում առավելապես օգտագործում են գետի ջուրը։ Այդ թվում՝ խմելու համար։ Ստեփանակերտում և տարբեր բնակավայրերում տեղադրված են ջրաչափեր, և մարդիկ օգտագործած ջրի համար վճարում են դրանցում գրանցված ցուցմունքներին համապատասխան։ Այսինքն՝ լեռնային մեր երկիրը լեցուն գետերի ջուրն օգտագործում ենք ջրաչափով... Բնականաբար, մարդիկ ձգտում են հնարավորինս քիչ ջուր օգտագործել, որպեսզի քիչ գումար քամուն տան...
Քանի որ լեռնային երկրամասում գոյացող ջրերն ի վերջո հոսում են ցածրադիր, դաշտային վայրեր, ուզենք թե չուզենք, մեր գետերի ջրերը հոսում, հայտնվում են Ադրբեջանում։ Արցախի գրեթե բոլոր այդ ջրերը՝ աղբյուրները, գետերը խախտելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, մտնում են հակառակորդի, թշնամու տարածք։ Ստացվում է, որ մենք խնայում ենք մեր լեռներում ծնված-գոյացած ջրերը, որպեսզի դրանք առատորեն հոսեն Ադրբեջան, նրանք էլ առատորեն ոռոգեն իրենց հողերը...
Այսօր կարծես թե որոշ չափով ֆիլտրված-մաքրված ջուր ենք ստանում։ Սակայն տարիներ շարունակ քաղաքացիները հիմնականում ստանում էին անմշակ՝ գրեթե չֆիլտրված-չմաքրված ջուր։ Իսկ անձրևներից հետո առավելապես մի ինչ-որ պղտոր հեղուկ էին օգտագործում (այդ թվում՝ խմելու համար), որը նույնիսկ հեռավոր նմանություն չունի խմելու ջրի հետ։ Ու այդ ջրի համար կանոնավոր մեծ գումար էին վճարում, այսօրվա նրա վաստակած եկամտի համեմատ իրոք շատ մեծ գումար...
Այսօր էլ նույնն է, ինչպես արդեն նշեցինք, այն տարբերությամբ, որ նախկին ցեխաջրի փոխարեն համեմատաբար մաքուր ջուր ենք ստանում։
Սակայն, խնդիրն այն չէ, թե քաղաքացու ստացած ջուրը մաքո՞ւր է, թե՞ պղտոր։ Խնդիրն այն է, որ ջուրը մեր լեռնային երկրամասի մեծագույն հարստություններից մեկն է, կարելի է ասել՝ ազգային հարստությունը, որը պատկանում է բոլորին՝ շարքային քաղաքացի լինի թե նախարար։
Ժողովրդական հին խոսք կա՝ «Ջրի գին»։ Ասում են՝ այսինչ բանը ջրի գին ունի, ջրի գնով այսպիսի մի թանկ բան եմ գնել... Այսինքն՝ մեզանում դարեր ի վեր ջուրը երբեք, այսպես ասած, թանկ հաճույք չի եղել։
Մյուս կողմից, այսօր շարքային արցախցիները բացարձակապես չեն օգտվում սեփական ազգային հարստություններից։ Ամեն ինչի համար կրկնակի, բազմակի թանկ են վճարում։ Որքան գիտեմ, օրինակ, գազ և նման այլ հարստություն ունեցող երկրներում վերոհիշյալի սակագինը շատ չնչին է։ Միջինասիական հանրապետություններից մեկում՝ Թուրքմենիայում, գազի համար քաղաքացիները չեն վճարում։ Փոխարենը՝ այն թանկ վաճառում են հարևան և այլ երկրների։ Նիյազովն այսպիսի մի միտք է հայտել այդ կապակցությամբ. «Այն ամենը, ինչ Աստված ձրի մեզ է տվել, այն պիտի ձրի հասնի ժողովրդին...»։
Մեզանում կարծիք է հնչել, որ կարող ենք ջուր արտահանել, ջուր վաճառել Չինաստանին։ Այսինքն՝ ջուրն այն հարստությունն է, որի պակասն Արցախում չի զգացվում։ Ավելի ճիշտ՝ չպիտի զգացվի։
Այսօր երկիր պահելու ամենակարևոր և ցավոտ հարցը փոխկապակցված է գյուղը պահելու հետ։ Աստիճանաբար քայքայվող, քանդվող, դատարկվող գյուղը ի վերջո հանգեցնելու է մեր երկրի ամայացմանը, կործանմանը։
Թե որքան վնաս է հասցնում մեր գյուղերին 12-ամյա կրթական համակարգը իր «ավագ դպրոցով» (երբ այսպես կոչված, հիմնական դպրոց ավարտածները պիտի մեկնեն շրջկենտրոն կամ այլուր՝ ավագ դպրոցում ուսանելու), դա այլ թեմա է ու քննարկման ենթակա։
Մյուս և կարևորագույն խնդիրը գյուղացու համար ջրի խնդիրն է։ Եթե գյուղացին հնարավորություն չունի իր մշակած հողը ոռոգելու, եթե նրա բակում ջրաչափեր են տնկում՝ օգտագործած յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց գումար կորզելու համար, ապա դրանով գյուղացուն ստիպում ենք մտածել հայրենի գյուղը լքելու, մայրաքաղաքում շատերի պես առևտրի կետեր հիմնելու կամ պարզապես օտար ափեր մեկնելու մասին։
Արցախցի շինականը դարեր ի վեր օգտագործել է հայրենի ջուրը՝ աղբյուրներ է կառուցել գյուղի շրջակայքում, մի քանի կամ տասնյակ կիլոմետրեր հաղթահարելով՝ ջուր է անցկացրել հարազատ գյուղ։ Ու այսօր նրա կառուցած ջրագծերի, ջրախողովակների վրա ջրաչափեր են դնում, պահանջում կանոնավոր վճարել իրենց պատկանող «ազգային հարստության» համար... Իսկ այդ ջուրն, իրոք, խառնվելով մեր լեռնաշխարհի այլ աղբյուրների, առուների, գետերի, ի վերջո հոսում է հակառակորդի, թշնամու տարածք՝ ոռոգելու նրանց դաշտերն ու այգիները։
Ասում են, իբր ջուրը սպառողին հասցնելու համար խողովակաշարեր են անցկացնում, ջրմուղ պոմպեր աշխատեցնում, որոնց համար պետք է վճարել։ Չեմ ուզում ավելորդ հաշվարկով ապացուցել, որ դրանք չնչին ծախսեր են՝ ջրի համար քաղաքացիների վճարումների համեմատ։
Կարելի է համաձայնել, որ օգտագործած ջրի համար քաղաքացին պետք է ինչ-որ բան վճարի։ Բայց ոչ երբեք այնպես և այն ձևով, ինչպես հիմա՝ տասնապատիկ թանկ... Իսկ գյուղացուն պետք է ոչ միայն ազատել նման անհեթեթ վճարումներից, այլև պետական այնպիսի ծրագրեր մշակել ու քաղաքականություն իրականացնել, որպեսզի չդատարկվեն, չկործանվեն հայրենի գյուղերը, որոնց կործանումը նշանակում է հայրենի երկրի՝ Արցախի վերջ։
Կարծում եմ, գոնե ջրի հարցում կարելի է ինչ-որ զիջումների գնալ՝ հօգուտ սեփական քաղաքացիների։ Այսօր շուրջ 12 հազար քառ կմ. տարածք ունեցող և ընդամենը 140 հազար բնակիչ ու... արտագաղթ ունեցող երկրում պետք է որ մի քիչ խորը մտածեն բազմաթիվ պրոբլեմների մեջ կքած և պատերազմի գոտում ապրող մարդկանց մասին։
N 11-12 (43-44) (2012)
ՀԱՏՎԱԾՆԵՐ ԿԱՐԹԱԿՈՒՐԹԵՆԱՅԻ ԱՐՔԱՅԻ ՕՐԱԳՐԻՑ
Ես՝ Ադիբադ Գադիբու արքաս, Գրինվիչի ժամանակով 2701 թվի 5-րդ ամսում ժառանգեցի գահը եդեմական Կարթակուրթենա երկրի։ Ասեմ, որ ինձնից առաջ գահակալ իմ նախորդը շատ չար ու դաժան մարդ էր, և նրա տիրակալության ժամանակ ժողովուրդը սաստիկ վատ էր ապրում ու միաժամանակ թունդ վախեցած էր։ Իմ հրամանով այդ բռնակալն անմիջապես կախաղան հանվեց, որպեսզի իմ տիրապետության տակ ապրող մրջյուններն անգամ հասկանան, որ միապետությունը հիմնովին արմատախիլ է արված...
Ասեմ նաև, որ Կարթակուրթենա մեր երկիրը բնակեցված է անհուսալի հպատակներով, որոնց չի կարելի վստահել։ Եվ ես առաջին իսկ օրվանից որոշեցի երկրումս տիրող ամենափոքր անցուդարձերին տեղյակ լինել ու անձամբ նշանակել բոլոր պաշտոնյաներին՝ մեծաց թե փոքրաց։
Աջ նազիրին նշանակեցի ձախ վեզիրի տեղը, ձախ վեզիրի պաշտոնը տվեցի աջ նազիրին։ Ներքինապետին նշանակեցի սենեկապետի տեղը, սենեկապետին, համապատասխան վիրահատությունից հետո, կարգեցի ներքինապետ։ Ժողովուրդը ոգևորվեց և բոլոր շենքերի ճակատներից կախեց «Կադրերն են որոշում ամեն ինչ» կարգախոսը։
Իմ հաջորդ հրամանագրով վավերացրի երկրիս բոլոր տնօրեններին ու փոխտնօրեններին, նախարար-սենեկապետներին ու սեղանապետներին, ջորեպաններին ու դռնապաններին իմ կողմից նշանակելու իրավունքը...
Հետո ես մտածեցի. իսկ ինչո՞ւ ինչ-որ մի դուրսպրծուկ խնդրի ազնվազարմ մի օրիորդի ձեռք կամ ինչո՞ւ ծույլ ու անբան, մեծբերան մի կին ամուսնանա իմ գլխավոր խորհրդականի կամ ավագ կառապանի հետ։ Եվ մի ուրիշ հրամանագրով ես իմ ձեռքը վերցրի պետությանս մեջ ապրող բոլոր ժողովրդիս ամուսնացնելու սուրբ գործը։ Արդեն ես էի որոշում, թե ով ում հետ պսակվի։ Հարգարժան իմ պալատականներիցս լույս աշխարհ եկած արական և իգական սեռի փոքրիկների համար անձամբ հաշիվներ էի բացում Մեծ գանձարանում, իսկ ժողովուրդ կոչվող մնացած տհաճ մասսաների զավակների համար նախապես պատվիրում էի գործ բացել դահճարանում...
...Հետո Երկիրս սկսեց ծաղկել ու բարգավաճել։ Այդ առթիվ պատվիրեցի քառասունութ մետրանոց իմ բրոնզաձույլ արձանը կանգնեցնել արքայանիստիս գլխավերևում։ Ամեն օր ես սև իկրա, խորոված-լուլաքյաբաբ, դիչ ու վիտչինա, սերվելադ ու մարմելադ էի ուտում, վրան քաղցրահամ հյութեր անուշ անում և համոզվում, որ երկիրս լավ է ապրում...
Սակայն, այդ երախտամոռ ժողովուրդը, պարզվում է, սկսեց դժգոհել իմ երկրից։ Նազիր-վեզիրներս հայտնեցին, որ այդ ժողովուրդ կոչվածի մի մասը թողնում-հեռանում է երկրից, իսկ մյուսները, որ չեն կարողանում հեռանալ, ոչ միայն ծուլանում են մարդավարի ապրել, այլև սկսել են կոտորվել...
«Դե, եթե չեք ուզում արժանապատիվ ապրել, ուրեմն արժանի եք կոտորվելու»,- հեռուստատեսությամբ հայտարարեցի ես, բայց երկրում իմ արքայական այլևս լսող չէր մնացել...
Այդ մասին իմացա երկու շաբաթ հետո միայն, երբ ճաշս կես ժամ ուշացրին՝ ասելով, որ թագավորությունումս այլևս ուտելու բան չի մնացել։ Բայց, այնուամենայնիվ, մի ամիս շարունակ նախաճաշս ժամանակին բերում էին, և երբ մի օր մսապուրիս մեջ մազ գտա, զայրացած հրամայեցի կանչել ավագ վարսավիրին ու շեֆ-խոհարարին՝ պարզելու, թե այդ ի՞նչ մազ է ամանիս մեջ։
Աջ վեզիրս հարգանքով խոնարհվեց ու ասաց, որ ավագ վարսավիրը, աստված հոգին լուսավորի, ութ օր առաջ է լուլաքյաբաբ դարձել, իսկ շեֆ-խոհարարից սարքված խաշլաման իմ առջևն է...
Հետո մի երկու օր էլ անցավ։ Հետո մի ամբողջ օր ինձ ոչինչ չտվեցին։ Լիալուսնի այդ գիշեր առաջին անգամ, երբ պատրաստվում էի սոված քնել, հանկարծ...
Այստեղ Ադիբադ Գադիբուի
ձեռագիրն ընդհատվում է։
Պատմաբանները հակված են կարծելու, որ սոված պալատականները խուժել են արքայից-արքայի ննջարան և կերել
իրենց տիրակալին։
Կարթակուրթերենից
թարգմանեց Վ. ՕՎՅԱՆԸ, 2001 թ.
N 11-12 (43-44) (2012)
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՈՒՄՈՐ
Շախմատիստը՝ հակառակորդին.
- Ձիդ վերցրի, սիրելիս։
- Սխալվում ես, ընկեր ջան, դա ջորի է։
* * *
- Կոլեգա, շա՛խ։
Հակառակորդն ուշադրություն չի դարձնում, այլ մի ուրիշ քայլ է անում։
- Ախր շախ է։
- Էհ, հետո՞...
- Թագավորդ կվերցնեմ։
- Վերցրու, այն ինձ պետք չէ, որովհետև այդ անպետքի պարտականությունները թագուհին է կատարում։
* * *
Չկարողանալով ձին արդյունավետ խաղացնել, երիտասարդ շախմատիստը վրդովված բացականչեց.
- Այս ձին ուղղակի անպետքի մեկն է։
- Ոչ թե ձին, այլ ձիավորը - ուղղեց հակառակորդը։
* * *
Հակառակորդները փորձում են շախմատ խաղալ, բայց փոխադարձաբար թույլ լինելով, ասում են.
- Ավելի լավ է շախմատի խաղաքարերով շաշկի խաղանք։
Մոտեցավ ճանապարհորդն ու ասաց.
- Իմ կարծիքով, ավելի լավ կլինի շաշկու խաղաքարերով շախմատ խաղաք։
* * *
Շախմատիստն ընկերների մոտ պատմում է, թե իր բռնցքամարտիկ եղբայրն ինչպես է հաղթել մրցակցին.
- Սկզբում երկուսն էլ ցատկոտում էին խաղատախտակի վրա, հետո հակառակորդը սկսեց իր անիմաստ շախերով անհանգստացնել եղբորս, բայց երբայրս ամրապնդեց իր պաշտպանությունն ու հրաշալի կոմբինացիայով մատ արեց հակառակորդին։
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Դասախոսը՝ ուսանողին.
- Ո՞վ է գրել Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»։
Հասկանալով, որ իրեն ձեռ են առնում, ուսանողը խորամանկում է.
- Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» գրել է Հովհաննես Թումանյանը...
* * *
Գյումրեցին հոխորտում է հոր մոտ.
- Տասը տարի սովորել եմ միջնակարգում, հինգ տարի՝ ինստիտուտում, չորս տարի՝ համալսարանում, երկու տարի՝ ասպիրանտուրայում...
- Ծո, հըբը ե՞րբ պիտի մարդ դառնաս,- զարմացած հարցնում է հայրը։
* * *
Դասախոսն իր միամյա որդուն դնում է արկղի մեջ, որպեսզի փոքրիկը չարություններ չանի։ Քիչ հետո, երբ փոքրիկը մի քիչ ուրախ բլբլացնում էր, նրա չորսամյա եղբարյն ուրախ բացականչեց.
- Հայրի՛կ, նայի՛ր, Արմենը դասախոսում է ամբիոնից...
* * *
- Եթե մի տասը տարով երիտասարդ լինեիր, ես կհամաձայնեի քո կինը լինել,- ասաց աղջիկն իրենից քսան տարով մեծ տղամարդուն։
- Հիմարիկ, եթե տասը տարով երիտասարդ լինեի, քո ձեռքը չէի խնդրի,- պատասխանեց տղամարդը։
Գրի առավ Վ. ՕՎՅԱՆԸ

Комментариев нет:
Отправить комментарий